Գլխավոր տեղեկություն
Номер
N 416-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.03.2015-04.04.2024)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2011.05.23/11(394).1 Հոդ.209.6
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
26.04.2011
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
26.04.2011
Дата вступления в силу
02.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.04.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մայիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011221

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 26 ապրիլի 2011 թ.

N 416-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՏԱՐԻՖԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ժ) ենթակետի պահանջներով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը` համաձայն հավելվածի.

2) ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչությանը (պետ` Ն. Հովհաննիսյան), ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան) սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

2. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 Ա. Աշոտյան

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

26 ապրիլի 2011 թ. N 416-Ն հրամանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՏԱՐԻՖԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ` ԸՍՏ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն

 

Մեթոդիստ` նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ

 

Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակ

 

Նախադպրոցական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժ` լոգոպեդ, սուրդոմանկավարժ

 

Նախադպրոցական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժ

 

Նախադպրոցական ուսումնական հաստատության հոգեբան

 

Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակ (երաժշտական ղեկավար)

 

Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆիզկուլտուրայի հրահանգիչ

 

Նախադպրոցական ուսումնական հաստատության պարուսույց` պարի ղեկավար

 

Լրացուցիչ կրթական ծառայությունների մանկավարժ (ուսուցիչ, խմբավար)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի (այսուհետ` ղեկավար և մանկավարժական աշխատողների) տարիֆաորակավորման բնութագրերի նկարագրերը ըստ պաշտոնների հիմք են ծառայում`

1) սահմանելու նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների (այսուհետ` ղեկավար և մանկավարժական աշխատողներ) պաշտոնային իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը.

2) որակավորման և մասնագիտական հատկանիշների համաձայն` իրականացնել կադրային քաղաքականություն.

3) ղեկավար և մանկավարժական աշխատողներին ատեստավորելու համար:

2. Ղեկավար և մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանումները պետք է համապատասխանեն այդ պաշտոնների նկարագրերով սահմանվածին:

3. Պաշտոնների բնութագրերի նկարագրերը (այսուհետ` նկարագրերը) նախատեսված են մանկավարժական և ղեկավար յուրաքանչյուր պաշտոնի համար և հաշվի են առնվում որակավորման տարակարգերը սահմանելու ժամանակ:

4. Յուրաքանչյուր պաշտոնի նկարագիրը բաղկացած է 3 բաժնից`

«Պաշտոնային պարտականություններ».

«Տվյալ պաշտոնը զբաղեցնողի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջներ».

«Որակավորման պահանջներ»:

1) «Պաշտոնային պարտականություններ» բաժնում թվարկվում են աշխատողին ներկայացվող պարտադիր մասնագիտական գործառույթները, որոնք հիմք են ծառայում յուրաքանչյուր ուսումնական հաստատության համար` իր կանոնադրության շրջանակներում մշակելու և հաստատելու պաշտոնային պարտականությունների կոնկրետ ցանկ:

2) «Տվյալ պաշտոնը զբաղեցնողի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջներ» բաժինը պարունակում է այն հիմնական պահանջները, որոնք ներկայացվում են աշխատողին մասնագիտական գիտելիքների, օրենսդրական, նորմատիվ իրավական ակտերի, հրահանգների և այլ փաստաթղթերի վերաբերյալ, ինչպես նաև մեթոդներն ու միջոցները, որոնք պետք է աշխատողը կարողանա կիրառել պաշտոնային պարտականությունները կատարելիս:

3) «Որակավորման պահանջներ» բաժնում սահմանվում են հետևյալ պահանջները.

ա. կրթությունը` միջին մասնագիտական, բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական որակավորումը,

բ. մանկավարժական և տվյալ պաշտոնում աշխատանքի ստաժը,

գ. որակավորման և մասնագիտական այլ ցուցանիշներ:

5. Հավելվածում բերված պաշտոնների բնութագրերի նկարագրերը տարածվում են նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների վրա` անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:

 

II. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԸ

 

1. Պաշտոնային պարտականությունները`

1) իրականացնում է հաստատության ընթացիկ կառավարումը և ղեկավարումը, կրթադաստիարակչական, վարչատնտեսական աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրության, հաստատության կանոնադրության և այլ իրավական ակտերին համապատասխան.

2) ապահովում և կրում է պատասխանատվություն կրթական ծրագրերի իրականացման, կրթական գործընթացի կազմակերպման համապատասխան հաստատության ուսումնադաստիարակչական և վարչատնտեսական աշխատանքների համակարգումը.

3) որոշում է հաստատության գործունեության ռազմավարությունը, զարգացման նպատակներն ու խնդիրները, ընդունում որոշումներ այդ աշխատանքների ծրագրային պլանավորման համար.

4) իրականացնում է հաստատության զարգացման ծրագրի, ուսումնական պլանների, տարեկան ուսումնական ժամանակացույցի, կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների և աշխատակարգի կանոնների մշակումը և ներդրումը.

5) լուծում է ուսումնամեթոդական, վարչական, ֆինանսական, տնտեսական և այլ հարցեր: Պլանավորում, համակարգում և վերահսկում է հաստատության կառուցվածքային ստորաբաժանումների մանկավարժական և այլ աշխատողների աշխատանքը.

6) իրականացնում է մանկավարժական կադրերի ընտրությունը, ընդունելությունը և տեղաբաշխումը: Որոշում է աշխատողների պաշտոնային պարտականությունները, ստեղծում պայմաններ նրանց մասնագիտական վարպետության, որակավորման բարձրացման համար.

7) խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը, աջակցում կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորմանը.

8) ձևավորում է երեխաների համակազմը, ապահովում նրանց սոցիալական պաշտպանվածությունը.

9) պաշտպանում է որբ, ծնողազուրկ երեխաների օրինական իրավունքները և հետաքրքրությունները: Ձեռնարկում է միջոցներ նրանց ազգակցական կապերի ամրապնդման համար.

10) ապահովում է արդյունավետ համագործակցություն, կազմակերպությունների, հասարակայնության, ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների) հետ.

11) համագործակցում է օրենսդրությամբ թույլատրված տարբեր կազմակերպությունների, միավորումների հետ.

12) կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված հասարակական կազմակերպությունների գործը հաստատությունում.

13) ապահովում է հիմնադրի բյուջետային հատկացումների, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը.

14) ներկայացնում է հաստատությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, այլ կազմակերպություններում. ապահովում է ուսումնանյութական բազայի պահպանման, համալրման հաշվառումը, սանիտարահիգիենիկ ռեժիմի, աշխատանքի պաշտպանության փաստաթղթերի պահպանությունը.

15) կրում է պատասխանատվություն` համապատասխան կրթական ծրագրերի իրացման, կրթական գործընթացի, կրթական որակի և բովանդակության, երեխաների կյանքի և առողջության պահպանման, կրթական գործընթացում, երեխաների, աշխատողների իրավունքների և ազատության պահպանման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

16) ապահովում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, հիմնադրի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.

17) առանց լիազորագրի հանդես է գալիս հաստատության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում է գործարքներ.

18) սահմանում է հաստատության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

19) նախագահում է հաստատության մանկավարժական խորհրդի նիստերը.

20) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համայնքի ղեկավարի և ավագանու, (հիմնադրի) որոշումներով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

21) տալիս է հաստատության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

22) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է հաստատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

23) բանկերում բացում է հաշվարկային հաշիվ.

24) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

25) օրենքով և կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

26) իրականացնում է մանկավարժական կադրերի և սպասարկող անձնակազմի ճիշտ ընտրություն և անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար.

27) վերահսկողություն է իրականացնում հաստատության աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.

28) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.

29) կազմում է հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնում կառավարման մարմնի (մարմինների) հաստատմանը.

30) կազմավորում է երեխաների տարիքային խմբերի համակազմը նախադպրոցական հաստատության կանոնադրության և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան.

31) ապահովում է պայմաններ` հաստատությունում ճիշտ գործավարության իրականացման, դիդակտիկ նյութերի ռացիոնալ օգտագործման, սարքավորումների պահպանման, տեխնիկայի անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի ու կանոնների պահպանման համար.

32) կազմակերպում է կրթական գործընթացի մեթոդական, նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը` սահմանված նորմատիվների պահանջներին համապատասխան.

33) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և հաստատության կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ։

2. Տնօրենի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) տնօրենի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.

ա. ՀՀ Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին», «Կրթության պետական տեսչության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Լեզվի մասին» ՀՀ օրենքները, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, կրթության ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները,

բ. մանկավարժության, հոգեբանամանկավարժական գիտության և պրակտիկայի արդի նվաճումները, անձի հոգեբանությունը, դիֆերենցված հոգեբանությունը, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները, կրթական համակարգերի կառավարումը և մեթոդները, տնտեսական հիմունքները, ֆինանսական, տնտեսական գործունեության կազմակերպումը, վարչական, աշխատանքային և տնտեսական օրենսդրությունը,

գ. աշխատանքի պաշտպանության, տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության նորմերն ու կանոնները:

3. Որակավորման պահանջները`

1) նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

(3-րդ կետը փոփ. 02.02.15 N 56-Ն)

 

III. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻՍՏԸ` ՏՆՕՐԵՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԸ

 

1. Պաշտոնային պարտականությունները`

1) կազմակերպում է ուսումնական հաստատության մեթոդական աշխատանքը, վերլուծում ուսումնական հաստատության ուսումնամեթոդական և դաստիարակչական աշխատանքը.

2) առաջարկություններ է ներկայացնում կրթական գործընթացի և մեթոդական աշխատանքի արդյունավետության բարձրացման համար: Համակարգում է մեթոդական նյութերը և կազմում տեղեկատվական նյութեր.

3) կատարում է մասնագետներ վերապատրաստելու համար կանխատեսման և պլանավորման աշխատանքներ.

4) կազմակերպում է ուսումնամեթոդական փաստաթղթերի, ձեռնարկների, ուսումնական առարկաների, սարքավորումների և դիդակտիկ նյութերի տիպային ցանկից բխող նյութերի համակարգման աշխատանքները: Վերլուծում և ընդհանրացնում է ուսումնական հաստատության փորձնական աշխատանքի արդյունքները.

5) ընդհանրացնում և միջոցներ է ձեռնարկում ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների արդյունավետ փորձը տարածելու համար.

6) կազմակերպում և կոնկրետացնում է մեթոդմիավորումների աշխատանքը.

7) մշակում է մրցույթներ, ցուցահանդեսներ, հավաքներ, ստուգատեսներ անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր.

8) ուսումնական հաստատությունների, ստորաբաժանումների, ուսումնամեթոդական, մեթոդական կաբինետների, կենտրոնների ղեկավարներին և մանկավարժական աշխատողներին խորհրդատվական և գործնական օգնություն է ցույց տալիս ուսումնական, մեթոդական և դաստիարակչական աշխատանքներ կազմակերպելու համար.

9) մասնակցություն է ունենում ուսումնական ձեռնարկների հեռանկարային պլանների քննարկման մշակման գործընթացին.

10) հաղորդում է ուսուցման և դաստիարակության առաջավոր տեխնոլոգիաները։ Ուսումնասիրում է ուսումնական հաստատությունների տեսալսողական միջոցների պահանջարկը և գործող ֆոնդի վիճակը.

11) հաստատության տնօրենի հետ համատեղ մասնակցում է՝

ա. դաստիարակների, մասնագետների, դաստիարակների օգնականների թեկնածությունների ընտրությանը, կոլեկտիվում բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծման, աշխատակիցների բարոյական և նյութական խրախուսման գործընթացին.

բ. հաստատության աշխատանքային պլանի, զարգացման ծրագրերի մշակմանը, ռազմավարության պլանավորմանն ու ներդրմանը.

գ. բնակչության, ծնողական համայնքի շրջանում հաստատության վարկի և հեղինակության ստեղծմանը, կրթական ծրագրերի ընտրությանը.

դ. երեխաների հետ տարվող դաստիարակչական, կրթական աշխատանքների կազմակերպմանը.

ե. հաստատությունում փորձարարական, հետազոտական աշխատանքների կազմակերպմանը.

զ. դաստիարակների ինտելեկտուալ ներուժի ներդրման զարգացման գործում համագործակցությանը այլ կազմակերպությունների հետ.

12) պլանավորում է ուսումնադաստիարակչական, մեթոդական աշխատանքները հաստատությունում՝ հաշվի առնելով մանկավարժական կադրերի կարողությունները, փորձը. այդ թվում՝

ա. դաստիարակների մասնագիտական որակավորման բարձրացումը.

բ. դաստիարակների ինքնակրթության հարցում աջակցությունը.

գ. պարապմունքների բաշխման գրաֆիկը՝ ըստ տարիքային խմբերի.

դ. դաստիարակներին մեթոդական օգնության կազմակերպումը՝ պարապմունքների նախապատրաստման և անցկացման գործում.

ե. հաստատությունում աշխատանքի փորձի փոխանակումը.

զ. իրազեկումը՝ նախադպրոցական մանկավարժության տեսության և պրակտիկայի նորույթներին.

է. ծնողների հետ տարվող աշխատանքը.

ը. մանկապարտեզի և դպրոցի կապը, հաջորդականությունը.

թ. մանկավարժական կադրերի ատեստացիան.

ժ. խմբերի համալրումը ուսումնական պարագաներով, խաղերով, խաղալիքներով.

ի. մեթոդական աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով ուսումնամեթոդական և կրթադաստիարակչական աշխատանքի վերլուծություն և դրա հիման վրա կոնկրետ միջոցառումների ընդունում.

13) կազմակերպում է ուսումնադաստիարակչական, մեթոդական աշխատանքները.

14) նախապատրաստում և պարբերաբար անցկացնում է մանկավարժական խորհրդի նիստեր.

15) դաստիարակների համար անցկացնում է բաց պարապմունքներ, սեմինարներ, անհատական և խմբային խորհրդատվություններ (կոնսուլտացիաներ), ստուգատեսներ, ցուցահանդեսներ.

16) կազմակերպում է ստեղծագործական խմբի աշխատանքը.

17) կազմակերպում է դաստիարակների հետ ուսումնադիտողական պարագաների, դիդակտիկ նյութերի պատրաստման աշխատանքները.

18) կազմակերպում է դպրոցի հետ համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները.

19) պատրաստում է ծնողների հետ տարվող աշխատանքների համար վահանակներ, շարժական թղթապանակներ ընտանեկան դաստիարակության փորձի վերաբերյալ.

20) ժամանակին ձևակերպում է մանկավարժական փաստաթղթերը.

21) ձևավորում և ընդհանրացնում է մանկավարժական լավագույն փորձը տարբեր ուղղություններով.

22) իրականացնում է դաստիարակների աշխատանքի նկատմամբ վերահսկողություն. սիստեմատիկ ստուգում է՝

ա. ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանները.

բ. մեթոդական աշխատանքը մանկապարտեզում, մանկավարժների ինքնակրթությունը.

գ. մեթոդական աշխատանքի բովանդակությունը. նախապատրաստումը, ծրագրավորումը, պլանավորումը, կազմակերպումն ու կարգավորումը, խթանումը, վերլուծությունը:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի` տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնողի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները.

1) նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստը` տնօրենի ուսումնական գծով տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Հանրակրթության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Լիցենզավորման մասին», «Կրթության պետական տեսչության մասին», «Լեզվի մասին» ՀՀ օրենքները, «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն` ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը», նախադպրոցական կրթության նորմատիվային փաստաթղթեր.

բ. դիդակտիկայի սկզբունքները, մանկավարժության և տարիքային հոգեբանության հիմունքները, կրթական հաստատության ուսուցման գործընթացի կազմակերպման, հաստատության գործունեության ֆինանսատնտեսական ղեկավարման համակարգը, ուսումնածրագրային փաստաթղթերի, ուսումնական պլանների, կրթական ծրագրերի, սարքավորումների օրինակելի ցանկերի և այլ ուսումնամեթոդական փաստաթղթերի մշակման սկզբունքները.

գ. ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատանքի արդյունավետ ձևերի և մեթոդների հայտնաբերման, ընդհանրացման և տարածման մեթոդիկան, սկզբունքները.

դ. ՀՀ աշխատանքային օրենսդրությունը, աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի, առողջության պաշտպանության կանոնները և նորմերը:

3. Որակավորման պահանջները`

1) նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն և վերջին յոթ տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ:

(3-րդ կետը փոփ. 02.02.15 N 56-Ն)

 

IV. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԸ

 

1. Պաշտոնային պարտականությունները`

1) պլանավորում և իրականացնում է սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը, նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան.

2) կատարում է ամենօրյա աշխատանք նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնման և հարմարունակության (ադապտացիայի) համար.

3) սաների անհատական առանձնահատկությունների ուսումնասիրման և հոգեբանի հանձնարարականի վրա պլանավորում և անցկացնում է նրանց հետ շտկողական, զարգացման աշխատանք.

4) բժշկական աշխատողների հետ համատեղ ապահովում է սաների առողջության պահպանումը և ամրապնդումը, անցկացնում նրանց հոգեբանաֆիզիկական զարգացումը խթանող միջոցներ, պատասխանատու է նրանց կյանքի և առողջության համար.

5) կազմակերպում է սաների օրվա ռեժիմը, օգնում է գեղագիտական, մարզական տարաբնույթ սեկցիաներում ուսուցման, ժամանցի կազմակերպմանը և լրացուցիչ կրթություն ստանալուն.

6) սաների տարիքից ելնելով` կազմակերպում է ինքնասպասարկման աշխատանք, ապահովում է աշխատանքի պաշտպանության պահանջների պահպանումը.

7) նպաստում է երեխաների մոտ որոշակի գործունեության հանդեպ հետաքրքրասիրության բացահայտմանը.

8) աշխատանք է տանում երեխաների վարքի շեղման, վնասակար սովորությունների վերացման համար.

9) ուսումնասիրում է երեխաների անհատական ունակությունները, հետաքրքրությունները և հակումները, նրանց ընտանեկան և կենցաղային պայմանները.

10) համագործակցում է սաների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ.

11) երեխաների կյանքի և առողջության պահպանման հրահանգի պահանջներին համապատասխան՝ իրականացնում է հոգածություն և մանրազնին հսկողություն՝ իրեն վստահված երեխաների նկատմամբ, հաստատությունում և զբոսանքային վայրերում երեխաների կյանքի և առողջության պահպանման հրահանգի պահանջներին համապատասխան.

12) կրում է անձնական պատասխանատվություն՝ հաստատությունում եղած ժամանակ երեխաների կյանքի և առողջության համար.

13) բուժանձնակազմի հետ համատեղ կանոնավոր ձևով իրականացնում է համալիր միջոցառումներ՝ ուղղված երեխաների առողջության ամրապնդմանը, հոգեբանական զարգացմանը.

14) համաձայն կրթական ծրագրի՝ նախադպրոցական հաստատության այլ մասնագետների հետ սերտ համագործակցությամբ պլանավորում և իրականացնում է կրթադաստիարակչական աշխատանքները.

15) մանրազնին նախապատրաստվում է պարապմունքներին.

16) ուսումնասիրում է երեխաների անհատական առանձնահատկությունները, հետաքրքրությունները.

17) մանկավարժական գործունեության մեջ իր ուսումնասիրության արդյունքները հմտորեն օգտագործում է յուրաքանչյուր երեխայի անձնային զարգացման համար.

18) խնամքով և հոգածությամբ է վերաբերվում խմբի յուրաքանչյուր երեխային, երեխաների հետ շփման ժամանակ ցուցաբերում է զսպվածություն, մանկավարժական տակտ.

19) խմբում ստեղծում է անհրաժեշտ պայմաններ առօրյան, կրթադաստիարակչական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար.

20) ակտիվորեն կիրառում է հաստատության մեթոդկաբինետի համապատասխան նյութերը.

21) երաժշտության դաստիարակի, այլ դաստիարակների հետ նախապատրաստում է տոները, ժամանցային, մարզական պարապմունքները.

22) ժամանակին տնօրինությանը, բուժքրոջը, ծնողներին տեղեկացնում է երեխաների առողջական վիճակի փոփոխությունների մասին.

23) վարում է երեխաների հաճախումների մատյանը.

24) առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում հիվանդությունից հետո հաստատություն հաճախող երեխաներին.

25) օգնում է մանկապարտեզ նոր ընդունվող երեխաների հարմարունակությանը մանկապարտեզի պայմաններին.

26) մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդատվություններին, սեմինարներին: Երեխաների հետ տարվող աշխատանքներում ներդնում է առաջավոր փորձը.

27) ծնողների հետ տանում է աշխատանք՝ ընտանիքում երեխաների դաստիարակության հարցերի ուղղությամբ, ներգրավում է և խթանում նրանց հաստատության հետ ակտիվ համագործակցությանը.

28) մշտապես բարձրացնում է իր որակավորումը, զբաղվում է ինքնակրթությամբ.

29) խնամքով է վերաբերվում խմբին հատկացված գույքին, սարքավորումներին, պիտույքներին.

30) վարում է գույքի, խաղալիքների հաշվառումը.

31) ղեկավարում է դաստիարակի օգնականի աշխատանքը.

32) ըստ ժամանակացույցի՝ սահմանված կարգով անցնում է բժշկական զննություն.

33) իրավասու է՝

ա. ընտրել և կիրառել նախադպրոցական դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.

բ. բարձրացնել մասնագիտական որակավորումը.

գ. մասնակցել հաստատության կառավարման գործընթացին.

դ. պատասխանատու է կրթական ծրագրի իրականացման, ինչպես նաև կրթական գործընթացի ընթացքում երեխաների կյանքի և առողջության պահպանման համար։

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.

ա. «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքները, «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը»,

բ. դաստիարակչական հարցերը, ըստ ոլորտի` կրթության պետական չափորոշիչները, նորմատիվ փաստաթղթերը և մեթոդական հանձնարարականները, մանկավարժության, հոգեբանության, տարիքային ֆիզիոլոգիայի և հիգիենայի, մինչբժշկական օգնության հիմունքները, դաստիարակչական աշխատանքի տեսության և մեթոդիկայի հիմունքները,

գ. ՀՀ աշխատանքային օրենսդրության հիմունքները, աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոնները:

3. Որակավորման պահանջները`

1) նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակը պետք է ունենա` միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ:

(3-րդ կետը փոփ. 02.02.15 N 56-Ն)

 

V. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ (ԼՈԳՈՊԵԴԸ, ՍՈՒՐԴՈՄԱՆԿԱՎԱՐԺԸ)

 

1. Պաշտոնային պարտականությունները`

1) կազմակերպում է, իրականացնում ուսումնաշտկողական աշխատանքներ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների հետ.

2) հետազոտում և գնահատում է երեխաների ֆիզիկական և մտավոր խնդիրների արտահայտված աստիճանը.

3) պարապմունքների համար խմբերը կազմավորում է` հաշվի առնելով երեխաների հոգեֆիզիկական վիճակը.

4) խմբակային ու անհատական պարապմունքները անցկացնում է` նպատակ ունենալով ուղղել շեղումները, վերականգնել կանխարգելված գործողությունները.

5) սերտորեն համագործակցում է այլ մասնագետների հետ: Դաստիարակների հետ անցկացնում է պարապմունքների լսումներ և մասնակցում պարապմունքների.

6) զարգացման շեղումներ ունեցող երեխաների հետ հատուկ մեթոդներով և եղանակներով աշխատանքներ կազմակերպելու նպատակով մասնագիտական խորհուրդներ է տալիս մանկավարժներին, ծնողներին, նրանց փոխարինողներին (օրինական ներկայացուցիչներին).

7) իր աշխատանքում հիմնվում է համապատասխան մասնագետների հետազոտական տվյալների վրա: Մշտական կապ ունի ուսումնական հաստատության բուժաշխատողների հետ.

8) ակտիվ մասնակցում է կրթական գործընթացին` ուղղված սաների շեղումների կանխարգելմանը, շտկմանը: Պետք է ունենա համապատասխան քննական, ուսումնասիրման պարագաներ, ձեռնարկներ և նյութեր հետազոտություններ կազմակերպելու համար.

9) ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշիչների և չափորոշիչների պահանջներին համապատասխան` երեխաների նախապատրաստման մակարդակը և կրում է պատասխանատվություն կրթական ծրագրի ողջ ծավալի իրացման համար.

10) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական զարգացման ծրագրերի մշակման` հաշվի առնելով երեխաների զարգացման առանձնահատկությունները, բացահայտում է հուզական, մտավոր զարգացման, վարքային, շփման դժվարություններ ունեցող երեխաներին, նրանց հետ տանում շտկողական, զարգացնող աշխատանքներ.

11) իրականացնում է տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության նորմերն ու կանոնները.

12) կրթական գործընթացի ընթացքում ապահովում է երեխաների կյանքի և առողջության պահպանումը.

13) իրականացնում է երեխաների զարգացման շեղումներին ուղղված շտկողական աշխատանքներ.

14) հետազոտում է սաներին, որոշում է նրանց արատի արտահայտված աստիճանը և կառուցվածքը.

15) համալրում է պարապմունքների համար խմբերը՝ սաների հոգեֆիզիոլոգիական վիճակը հաշվի առնելով.

16) անցկացնում է խմբային և անհատական պարապմունքներ՝ ուղղված երեխաների զարգացման շեղումների շտկմանը, վերականգնողական ֆունկցիաներին.

17) աշխատում է դաստիարակների հետ սերտ համագործակցությամբ, այցելում է նրանց պարապմունքներին: Խորհրդատվություն է անցկացնում մանկավարժների և ծնողների հետ՝ զարգացման շեղումներ ունեցող երեխաների հետ հատուկ մեթոդների և հնարների կիրառման ուղղությամբ.

18) ուսուցման ընթացքում կիրառում է տարաբնույթ ձևեր, մեթոդներ ու հնարներ պետական կրթական չափորոշիչների շրջանակներում: Սահմանված կարգով վարում է անհրաժեշտ փաստաթղթերը.

19) սիստեմատիկաբար բարձրացնում է իր մասնագիտական որակավորումը.

20) մասնակցում է մեթոդական աշխատանքի տարբեր ձևերի գործունեությանը։

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.

1) «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքները,

2) հատուկ մանկավարժություն, հոգեբանություն, արատաբանության, անատոմիաֆիզիոլոգիական և կլինիկական հիմունքներ, երեխայի զարգացման շեղումների ուղղման, կանխարգելման մեթոդները, ձևերը, մասնագիտական և պրակտիկ գործունեության վերաբերյալ նորմատիվային ու մեթոդական փաստաթղթերը, ծրագրամեթոդական գրականությունը, արատաբանության նորագույն նվաճումները,

3) աշխատանքի պաշտպանության, տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության նորմերն ու կանոնները:

3. Որակավորման պահանջները`

Նախադպրոցական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա`

1) բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան մանկավարժության որակավորմամբ:

 

VI. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ՀՈԳԵԲԱՆԸ

 

1. Պաշտոնային պարտականությունները`

1) ուսումնական հաստատությունում աշխատանքներ է տանում երեխաների հոգեկան առողջության և անձի զարգացման ապահովման ուղղությամբ.

2) հայտնաբերում է երեխայի անձի կայացումը դժվարացնող պայմանները և հոգեկանխորոշման, հոգեախտորոշման, հոգեշտկման, խորհրդատվության և վերականգնողական միջոցներով օգնում է երեխաներին, մանկավարժներին, ծնողներին, կամ նրանց օրինական ներկայացուցիչներին` անձնային, մասնագիտական և այլ կոնկրետ պրոբլեմների լուծման գործում.

3) երեխաների մի տարիքային խմբից մյուսին անցնելիս անցկացնում է սովորելու պատրաստականության հոգեբանամանկավարժական գնահատում, ընտրում կամ առաջարկում` անձի զարգացման աստիճանին համապատասխան ուսումնական ծրագրեր.

4) մասնակցում է օժտված երեխաների որոշման, ընտրության և ստեղծագործական զարգացման գործին.

5) բացահայտում է հուզական և մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին: Հետազոտում և սոցիալ-հոգեբանական օգնություն է ցույց տալիս մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներին.

6) մասնակցում է հոգեբանամանկավարժական հանձնաժողովի աշխատանքներին, երեխաների սոցիալ-իրավական պաշտպանության հանձնաժողովների աշխատանքին, աջակցում է զբաղվածության տարածքային ծառայություններին.

7) մասնակցում է երեխաների, ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հոգեբանական կուլտուրայի, այդ թվում` սեռային դաստիարակության կուլտուրայի ձևավորմանը.

8) ուսումնական հաստատությունների ղեկավարներին և աշխատակիցներին խորհուրդներ է տալիս այդ հաստատության զարգացման, երեխաների մանկավարժների, ծնողների, սոցիալ-հոգեբանական իրազեկության բարձրացման և հոգեբանության գործնական կիրառման ուղղությամբ.

9) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական զարգացման ծրագրերի մշակմանը` հաշվի առնելով երեխաների զարգացման առանձնահատկությունները, բացահայտում հուզական, մտավոր զարգացման, վարքային, շփման դժվարություններ ունեցող երեխաներին, նրանց հետ տանում շտկողական, զարգացնող աշխատանքներ. իրականացնում է սաների հոգեկան, մարմնական (սոմատիկ), սոցիալական բարենպաստության ապահովմանն ուղղված մասնագիտական գործունեություն.

10) համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանության հարցերով իրավասու մարմինների հետ.

11) որոշում է երեխաների զարգացման գործին խոչընդոտող գործոնները և ձեռնարկում է տարբեր տեսակի միջոցներ՝ հոգեբանական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ.

12) ցուցաբերում է երեխաներին, ծնողներին, մանկավարժական կոլեկտիվին օգնություն՝ կոնկրետ պրոբլեմների լուծման ուղղությամբ: Անցկացնում է տարբեր նշանակության և ուղղվածության հոգեբանական դիտարկում, հետազոտություն, մանկավարժական գնահատում.

13) սաների անհատական և սոցիալական զարգացման ուղղությամբ հետազոտական աշխատանքների նյութերի հիման վրա կազմում է հոգեբանամանկավարժական եզրակացություն՝ մանկավարժական կոլեկտիվի, ծնողների կողմնորոշման նպատակով.

14) սահմանված կարգով վարում է փաստաթղթերը և կիրառում ըստ նշանակության.

15) մասնակցում է երեխաների հետ տարվող կրթադաստիարակչական գործունեության, շտկողական և զարգացման ծրագրերի մշակմանը, նրանց անհատական, սեռատարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով.

16) իրականացնում է հոգեբանական աջակցություն՝ օժտված սաների զարգացման ուղղությամբ.

17) որոշում է սաների (մտավոր, ֆիզիկական, հուզական ) զարգացման շեղման աստիճանը, ինչպես նաև սոցիալական զարգացման տարբեր բնույթի խանգարումները և անցկացնում է հոգեբանամանկավարժական շտկողական աշխատանքներ.

18) ձևավորում է երեխաների, մանկավարժական աշխատողների, ծնողների հոգեբանական մշակույթը, այդ թվում՝ սեռային դաստիարակությունը.

19) խորհրդատվություն է իրականացնում մանկավարժներին՝ գործնական հոգեբանության կիրառման ուղղությամբ, նպաստում է մանկավարժների, ծնողների սոցիալ-հոգեբանական իրավասությունների մակարդակի բարձրացմանը.

 20) իրավասու է՝

 ա. ընտրել և կիրառել նախադպրոցական դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.

բ. բարձրացնել մասնագիտական որակավորումը.

գ. մասնակցել հաստատության կառավարման գործընթացին.

դ. պատասխանատու է կրթական ծրագրի իրականացման, ինչպես նաև կրթական գործընթացի ընթացքում երեխաների կյանքի և առողջության պահպանման համար։

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժի, հոգեբանի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.

1) «Կրթության մասին» ՀՀ օրենքը, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքը, «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքները.

2) երեխաների ուսուցման և դաստիարակության մասին նորմատիվ փաստաթղթերը, օրենսդրության հիմունքները, «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության» օրինակելի կանոնադրությունը, նախադպրոցական կրթական չափորոշիչները և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող նախարարության նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր.

3) ուսուցման և դաստիարակության մասին նորմատիվ փաստաթղթերը, օրենսդրության հիմունքները, աշխատանքի պաշտպանության, առողջապահության, բնակչության զբաղվածության և նրա սոցիալական պաշտպանության բնագավառներում, ընդհանուր և մանկավարժական հոգեբանություն, ընդհանուր մանկավարժություն, անձի և դիֆերենցիալ հոգեբանություն, տարիքային և մանկան հոգեբանություն, սոցիալական հոգեբանություն, բժշկական հոգեբանություն (մանկան նյարդահոգեբանություն, պաթոհոգեբանություն, պսիխոմատիկա), արատաբանություն, հոգեթերապիա, աշխատանքի հոգեբանություն, հոգեախտորոշման, հոգեբանական և մասնագիտական խորհրդատվության, հոգեպրոֆիլակտիկայի հիմունքները, ակտիվ ուսուցման, շփման, սոցիալ-հոգեբանական, երեխայի բնական և ոչ բնական զարգացման կանխորոշման մեթոդները:

3. Որակավորման պահանջները`

նախադպրոցական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժի, հոգեբանի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա`

1) բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն (սոցիալական մանկավարժություն, սոցիալական աշխատանք մասնագիտությունների և կամ հոգեբանի որակավորմամբ):

 

VII. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԸ (ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ)

 

1. Պաշտոնային պարտականությունները`

1) նպաստում է երեխայի երաժշտական ընդունակությունների և զգացմունքների, հուզական ներաշխարհի զարգացմանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, դրա համար օգտագործելով երաժշտական գործունեության կազմակերպման բոլոր ձևերը և տեսակները.

2) խթանում է նախադպրոցական տարիքի երեխաների ստեղծագործական գործունեության զարգացումը.

3) ապահովում է այդ հարցերում նախադպրոցական հաստատության մասնագետների և ծնողների (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) համագործակցությունը.

4) որոշում է մանկավարժական գործունեության ուղղվածությունը` ըստ երեխաների անհատական և տարիքային առանձնահատկությունների, ինչպես նաև ըստ նրանց ստեղծագործական ընդունակությունների, այդ նպատակի համար օգտագործելով երեխայի զարգացման բոլոր հնարավորությունները.

5) երաժշտության դաստիարակը (երաժշտական ղեկավարը) կրթական ծրագրին համապատասխան, դաստիարակների հետ համատեղ իրականացնում է երեխաների երաժշտական դաստիարակությունը` կիրառելով երաժշտական գործունեության կազմակերպման տարբեր տեսակներ և ձևեր.

6) խթանում է երեխաների գեղագիտական ճաշակի, ստեղծագործական գործունեության զարգացումը.

7) համակարգում է նախադպրոցական ուսումնական հաստատության մասնագետների աշխատանքը երաժշտական դաստիարակության հարցերի ուղղությամբ.

8) մասնակցում է հաստատության մանկավարժական խորհրդի գործունեությանը.

9) ծնողների շրջանում խորհրդատվություն է կազմակերպում երեխաների երաժշտական, գեղագիտական դաստիարակության հարցերի շուրջ.

10) իրավասու է՝

ա. ընտրել և կիրառել երաժշտական դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.

բ. բարձրացնել մասնագիտական որակավորումը.

գ. մասնակցել հաստատության կառավարման գործընթացին.

դ. պատասխանատու է կրթական ծրագրի իրականացման, ինչպես նաև կրթական գործընթացի ընթացքում երեխաների կյանքի և առողջության պահպանման համար.

11) հաշվետու է հաստատության ղեկավարին և մանկավարժական խորհրդին։

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.

ա. «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները, «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության» օրինակելի կանոնադրությունը, նախադպրոցական կրթական չափորոշիչները և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող նախարարության նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր.

բ. նախադպրոցական տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության և ուսուցման մեթոդիկան, ունենա հոգեբանամանկավարժական տարրական պատրաստվածություն, իմանա երեխայի անձի տարիքային և անհատական զարգացման, ինչպես նաև տարբեր տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության, զգայական ընկալումների և երաժշտական կարողությունների առանձնահատկությունները, մանկական երաժշտական ստեղծագործությունները, մասնագիտորեն տիրապետի երաժշտական գործիքի կատարման տեխնիկային.

գ. աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոնները:

3. Որակավորման պահանջները`

նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա`

1) միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ:

 

VII. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՐԱՀԱՆԳԻՉԸ (ՄԱՐԶԻՉ, ՄԱՆԿԱՎԱՐԺ)

 

1. Պաշտոնային պարտականությունները`

1) նախադպրոցական կրթական ծրագրերին համապատասխան` երեխաների հետ տանում է ֆիզիկական դաստիարակության աշխատանքներ.

2) որոշում է պարապմունքների խնդիրները և բովանդակությունը` հաշվի առնելով երեխաների տարիքը, պատրաստվածությունը, անհատական և հոգեբանական առանձնահատկությունները.

3) երեխաներին ուսուցանում է տիրապետել վարժությունների կատարման տեխնիկային և հմտություններին, ձևավորում է նրանց բարոյակամային որակները: Ապահովում է երեխաների անվտանգությունը ֆիզիկական կուլտուրայի պարապմունքների ժամանակ.

4) ցույց է տալիս առաջին մինչբժշկական օգնություն: Մշտապես հետևում է պարապմունքների վայրի սանիտարահիգիենիկ վիճակին և նորմաների պահպանմանը.

5) բուժաշխատողների հետ համատեղ հսկում է երեխաների առողջության վիճակը, կարգավորում նրանց ֆիզիկական անբավարարությունը: Պատասխանատու է երեխաների կյանքի, առողջության համար.

6) կազմում է յուրաքանչյուր խմբի համար ֆիզկուլտուրայի պարապմունքների բաշխման ժամանակացույցը (գրաֆիկը)՝ համաձայնեցնելով նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի և մեթոդիստի հետ.

7) ըստ ծրագրի՝ անցկացնում է ֆիզիկական դաստիարակության գծով ուսումնական պարապմունքները՝ խմբի տարիքային կազմի առանձնահատկությունները հաշվի առնելով.

8) վարում է մատյանը, որտեղ ամրագրվում է պարապմունքների բովանդակությունը, երեխաների հաճախումները.

9) վերահսկում է օրվա ընթացքում երեխաների շարժողական ակտիվությունը: Անցկացնում է զրույցներ խմբերի դաստիարակների և սպասարկող անձնակազմի հետ ֆիզիկական դաստիարակության ուղղությամբ.

10) կազմակերպում է ծնողների հետ բացատրական աշխատանք՝ պարապմունքներին երեխաների նախապատրաստման ուղղությամբ.

11) պարապմունքների ժամանակ հաշվի է առնում յուրաքանչյուր երեխայի անհատական հնարավորությունները.

12) ուսումնասիրում է պարապմունքի անցկացման հիգիենիկ պայմանները.

13) տարվա ընթացքում երկու անգամ ձևավորում է յուրաքանչյուր երեխայի ֆիզիկական զարգացման գնահատականը (կիրառելով ընտրանքային կարգով գնահատման (դիագնոստիկայի) մեթոդիկան).

14) մշտապես կատարելագործում է իր մասնագիտական վարպետությունը, երեխաների հետ տարվող մեթոդական աշխատանքի հնարները.

15) կազմակերպում է ֆիզիկական կուլտուրայի գծով քարոզչական աշխատանք նախադպրոցական հաստատության աշխատակիցների և ծնողների շրջանում։

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆիզկուլտուրայի հրահանգչի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) նախադպրոցական ուսումնական հաստատության ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.

ա. «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքները, «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը», նախադպրոցական կրթական չափորոշիչները և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող նախարարության նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր.

բ. նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության, տարիքային ֆիզիոլոգիայի, անատոմիայի, սանիտարական գործի, հիգիենայի, մարզագործիքների վրա ուսուցման մեթոդիկան, լողի ուսուցման մեթոդիկան` ըստ տարիքային խմբերի, ջրում մնալու կանոնները.

գ. անվտանգության տեխնիկայի պահանջները, ֆիզկուլտ-առողջարարական միջոցառումների անցկացման ժամանակ, ֆիզիկական զարգացման շեղում ունեցող երեխաների հետ աշխատելիս` արատաբանության հիմունքները և համապատասխան մեթոդիկան:

3. Որակավորման պահանջները՝

նախադպրոցական ուսումնական հաստատության ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա`

1) միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ:

(3-րդ կետը փոփ. 02.02.15 N 56-Ն)

 

VIII. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԸ (ՊԱՐԻ ԽՄԲԱՎԱՐԸ)

 

1. Պաշտոնային պարտականությունները`

1) նպաստում է երեխայի երաժշտական ընդունակությունների, պարարվեստային կարողությունների, հմտությունների, հուզական ներաշխարհի զարգացմանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, դրա համար օգտագործելով մանկական պարարվեստի գործունեության կազմակերպման բոլոր ձևերը և տեսակները.

2) խթանում է նախադպրոցական տարիքի երեխաների ստեղծագործական գործունեության զարգացումը.

3) ապահովում է այդ հարցերում նախադպրոցական հաստատության մասնագետների և ծնողների (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) համագործակցությունը.

4) որոշում է պարարվեստի, պարային շարժումների պլաստիկայի մանկավարժական ուղղվածությունը` ըստ երեխաների անհատական և տարիքային առանձնահատկությունների, ինչպես նաև ըստ նրանց ստեղծագործական ընդունակությունների, այդ նպատակի համար օգտագործելով երեխայի զարգացման բոլոր հնարավորությունները.

5) պարուսույցը (պարի խմբավարը)՝ կրթական ծրագրին համապատասխան, երաժշտության դաստիարակի, դաստիարակների հետ համատեղ իրականացնում է երեխաների շարժումների երաժշտական ընկալման, պարարվեստային դաստիարակությունը` կիրառելով պարարվեստի և երաժշտական գործունեության կազմակերպման տարբեր տեսակներ և ձևեր.

6) խթանում է երեխաների գեղագիտական ճաշակի, ստեղծագործական գործունեության զարգացումը.

7) համակարգում է նախադպրոցական ուսումնական հաստատության մասնագետների աշխատանքը պարարվեստի, գեղագիտական դաստիարակության հարցերի ուղղությամբ.

8) մասնակցում է հաստատության մանկավարժական խորհրդի գործունեությանը.

9) ծնողների շրջանում խորհրդատվություն է կազմակերպում երեխաների երաժշտական, գեղագիտական, պարարվեստի դաստիարակության հարցերի շուրջ.

10) իրավասու է՝

ա. ընտրել և կիրառել պարարվեստի դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.

բ. բարձրացնել մասնագիտական որակավորումը.

գ. մասնակցել հաստատության կառավարման գործընթացին.

դ. պատասխանատու է կրթական ծրագրի իրականացման, ինչպես նաև կրթական գործընթացի ընթացքում երեխաների կյանքի և առողջության պահպանման համար.

ե. հաշվետու է հաստատության ղեկավարին և մանկավարժական խորհրդին։

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության պարուսույցի (պարի խմբավարի) գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) նախադպրոցական ուսումնական հաստատության պարուսույցը դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.

ա. «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», ՀՀ օրենքները, «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության» օրինակելի կանոնադրությունը, նախադպրոցական կրթական չափորոշիչները և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող նախարարության նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր.

բ. նախադպրոցական տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության, պարարվեստի ուսուցման մեթոդիկան, ունենա հոգեբանամանկավարժական տարրական պատրաստվածություն, իմանա երեխայի անձի տարիքային և անհատական զարգացման, ինչպես նաև տարբեր տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության, հուզական, զգայական ընկալումների և պարային ընդունակությունների, կարողությունների առանձնահատկությունները, մանկական երաժշտական ստեղծագործությունները, մասնագիտորեն տիրապետի երաժշտական գործիքի կատարման տեխնիկային.

գ. աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոնները:

3. Որակավորման պահանջները`

նախադպրոցական ուսումնական հաստատության պարուսույցը (պարի խմբավարը) պետք է ունենա`

1) միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ:

 

VIII. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ (ՈՒՍՈՒՑԻՉ, ԽՄԲԱՎԱՐ)

 

1. Պաշտոնային պարտականությունները`

1) իրականացնում է երեխաների լրացուցիչ կրթությունը, զարգացնում նրանց տարաբնույթ ստեղծագործական գործունեությունը.

2) սաներից կազմավորում է սեկցիայի, համույթի, մանկական տարբեր միավորումների խմբակների կազմը, ձեռնարկում է միջոցներ` ուսուցման տևողության ժամկետը, նրանց կազմը պահպանելու համար.

3) ապահովում է ուսուցման ընթացքում աշխատանքի մեթոդների ձևերի, միջոցների ընտրության մանկավարժական հիմնավորումը.

4) ապահովում է երեխաների իրավունքների և ազատության պաշտպանությունը.

5) մասնակցում է կրթական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, կրում է պատասխանատվություն` ըստ ուղղվածության` դրանց կատարման որակի, երեխաների կյանքի և առողջության պահպանման համար.

6) բացահայտում է ըստ ուղղվածության` երեխաների ստեղծագործական ընդունակությունները, նպաստում դրանց զարգացմանը, նախասիրությունների և հակումների, սոցիալական հաղորդակցական և տարրական հմտությունների ձևավորմանը, զարգացնում նրանց տարաբնույթ ստեղծագործական, գեղագիտական, մտավոր, ֆիզիկական-առողջարարական գործունեությունը, կապակցված խոսքը.

7) աջակցում է օժտված և տաղանդավոր երեխաների, ինչպես նաև հատուկ կարիքներով երեխաների զարգացմանը, առողջարարական աշխատանքներին. կազմակերպում է խորհրդատվական օգնություն ծնողներին (նրանց օրինական ներկայացուցիչներին), ինչպես նաև մանկավարժական աշխատողներին իր իրավասության սահմաններում.

8) պարապմունքների ընթացքում ապահովում է աշխատանքի պաշտպանության, տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության նորմերը, կանոնները, մասնակցում է մեթոդական միավորումների աշխատանքներին, բարձրացնում է իր մասնագիտական որակավորումը.

9) դաստիարակների հետ համատեղ ուսումնասիրում է երեխաների անհատական առանձնահատկությունները: Պարապմունքների ընթացքում պլանավորում է տարբեր բարդության և մակարդակների հանձնարարություններ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի զարգացումը.

10) իրականացնում է անհատական աշխատանք երեխաների հետ: Նպաստում է երեխաների մեջ ըստ նախասիրության` հետաքրքրությունների ձևավորմանը.

11) մասնակցում է մանկավարժական խորհրդի աշխատանքներին: Տարվա ընթացքում երկու անգամ հաշվետվություն է ներկայացնում իր աշխատանքի, նախադպրոցականների ստեղծագործական ընդունակությունների, նրանց զարգացման գնահատման (դիագնոստիկայի) վերաբերյալ.

12) անցկացնում է դաստիարակների և ծնողների համար բաց պարապմունքներ, կազմակերպում ցուցահանդեսներ.

13) պատասխանատու է ըստ ուղղվածության` կրթական ծրագրի իրականացման, ինչպես նաև կրթական գործընթացի ընթացքում երեխաների կյանքի և առողջության պահպանման համար.

14) հաշվետու է հաստատության ղեկավարին և մանկավարժական խորհրդին.

15) իրավասու է՝

ա. ընտրել և կիրառել ըստ կրթական ծառայության ուղղվածության` դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.

բ. բարձրացնել մասնագիտական որակավորումը.

գ. մասնակցել հաստատության կառավարման գործընթացին:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության լրացուցիչ կրթության մանկավարժի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) նախադպրոցական ուսումնական հաստատության լրացուցիչ կրթության մանկավարժի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված այն դրույթները, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքները, «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը», կրթության ոլորտի օրենսդրությունը,

բ. տարիքային և հատուկ մանկավարժության, հոգեբանության հիմունքները, հիգիենայի, երեխաների հետաքրքրությունների և պահանջմունքների զարգացման առանձնահատկությունը, ըստ ուղղվածության` գեղագիտական, մտավոր բնապահպանական, առողջարարական-շտկողական, մարզական, ժամանցային խմբակների գործունեության մեթոդաբանությունը, կազմակերպումը,

գ. աշխատանքի պաշտպանության, տեխնիկայի անվտանգության հակահրդեհային պաշտպանության նորմերը և կանոնները, երեխաների կյանքի և առողջության պահպանման հիմնական կանոնները:

3. Որակավորման պահանջները`

1) նախադպրոցական ուսումնական հաստատության լրացուցիչ կրթության մանկավարժը պետք է ունենա`

միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` մանկավարժական որակավորմամբ:

(հավելվածը փոփ. 02.02.15 N 56-Ն)