Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (19.04.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2012.12.28/14(22)
Дата принятия
26.04.2010
Дата подписания
26.04.2010
Дата вступления в силу
19.04.2011

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ձգտելով ամրապնդել Կողմերի պետությունների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները,

առաջնորդվելով կրթության և գիտության բնագավառում հավասարության և փոխշահավետության սկզբունքներով համագործակցություն հաստատելու և զարգացնելու ցանկությամբ,

ելնելով Կողմերի պետությունների ազգային օրենսդրությունների նորմերից,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերն իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու պետությունների միջև զարգացնում և ամրապնդում են համագործակցությունը կրթության և գիտության բնագավառում` Կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան։

 

Հոդված 2

 

Կողմերն աջակցում են.

գիտական և տեխնիկական փաստաթղթերի,

կրթության և գիտության համակարգի բարեփոխման փորձի ուսումնասիրման, ինչպես նաև գիտության ոլորտում հետազոտություններին աջակցելու նպատակով փորձագետների,

գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստմանը վերաբերող տեղեկատվության,

կրթության և գիտության համակարգի բարեփոխման փորձի ուսումնասիրման նպատակով փորձագետների,

ուսանողների,

կրթական ծրագրերի համար հիմք հանդիսացող դասագրքերի, փաստաթղթերի, հետազոտությունների և ուսումնական պլանների նմուշների,

կրթական կազմակերպությունների ատեստավորման և/կամ հավատարմագրման ընթացակարգերի և երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտական աստիճանների մասին տեղեկատվության,

կրթության և գիտության բնագավառում վերապատրաստման դասընթացների, կոնֆերանսների և սեմինարների անցկացման մասին տեղեկատվության

երկկողմ փոխանակումներին:

 

Հոդված 3

 

Կողմերը նպաստում են կրթական և գիտական կազմակերպությունների միջև գործընկերային կապերի հաստատմանը` իրենց պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան։

 

Հոդված 4

 

Կողմերը հնարավորություն են տալիս Կողմերի պետությունների քաղաքացիներին վճարովի հիմունքով կրթություն ստանալ Կողմերի պետությունների կրթական կազմակերպություններում քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, հովանավորների միջոցների հաշվին` Կողմերի պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան։

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագրով նախատեսված դրույթների կատարումը իրականացվում է Կողմերի պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան` Կողմերի պետությունների շահագրգիռ կազմակերպությունների միջև պայմանագրերի կնքման հիման վրա, որոնցում պետք է սահմանվեն նրանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը։

 

Հոդված 6

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են նրանց պետությունները։

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերի լիազորված մարմիններն են.

Հայաստանի Հանրապետության կողմից` կրթության և գիտության նախարարությունը,

Ղազախստանի Հանրապետության կողմից` կրթության և գիտության նախարարությունը:

Կողմերի լիազորված մարմինների անվանումների կամ գործառույթների փոփոխման դեպքում վերջիններս դիվանագիտական ուղիներով անհապաղ տեղեկացնում են միմյանց:

 

Հոդված 8

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով։

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված բոլոր վեճերը կլուծվեն Կողմերի լիազորված մարմինների միջև` բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով։

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու հետ կապված համապատասխան ներպետական ընթացակարգերը Կողմերի կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանների համար, եթե Կողմերից ոչ մեկը ընթացիկ ժամանակաշրջանի ավարտից վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր ծանուցում չի ուղարկում դրա գործողությունը չերկարաձգելու իր մտադրության մասին։

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի տարածվում գործող ծրագրերի և նախագծերի վրա, եթե Կողմերը երկկողմ համաձայնության չեն եկել դրանց դադարեցման մասին։

 

Կատարված է Աստանա քաղաքում 2010թ. ապրիլի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են։

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ ծագելու դեպքում Կողմերը կհիմնվեն ռուսերեն տեքստի վրա։

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011 թ. ապրիլի 19-ին