Գլխավոր տեղեկություն
Номер
N 51-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.10.2014-24.05.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2014.09.01/21(500).1 Հոդ.252.14
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
18.07.2014
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
18.07.2014
Дата вступления в силу
01.10.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.05.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014377

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հուլիսի 2014 թ.

ք. Երևան

N 51-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍԻԳԱՐԵՏՆԵՐԻՆ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՀՈՒՄՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.008-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12 կետի «դ» ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Սիգարետներին և ծխախոտահումքին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.2.7.008-14 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանը հաջորդող 30-րդ օրը:

 

Նախարար`

Ա. Մուրադյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2014 թվականի հուլիսի 18-ի

N 51-Ն հրամանի

 

«ՍԻԳԱՐԵՏՆԵՐԻՆ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՀՈՒՄՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ»

 

N 2.1.7.008-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

ԳԼՈՒԽ I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սիգարետներին և ծխախոտահումքին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանում են այն ընդհանուր սկզբունքներն ու մոտեցումները, որոնցով ապահովվում է ծխախոտի արտադրանքի և ծխախոտահումքի անվտանգությունը, հետևյալ արտադրանքի համար` Մաքսային Միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի (այսուհետ` ՄՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագրեր` ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրեր «Խումբ 24` Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ» 2401` ծխախոտահումք, 2402-ից` սիգարետներ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, 2403` այլ արդյունաբերական պատրաստման ծխախոտներ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ. ծխախոտ` «հոմոգենացված» կամ «վերականգնված». ծխախոտի լուծամզուկներ և էսենցիաներ։

2. Տերմիններ և սահմանումներ

1) Ծխախոտ` մորմազգիների ընտանիքի Նիկոտիանա ցեղի Նիկոտիանա Տոբակում, Ռուստիկա տեսակների բույսը, որը մշակվում է հումք ստանալու նպատակով` ծխախոտային արտադրատեսակների արտադրության համար,

2) ծխախոտային արտադրատեսակների արտադրության համար հումք` ծխախոտը` հետբերքահավաքային և (կամ) արդյունաբերական այլ մշակում անցած,

3) ծխախոտային արտադրատեսակներ` արտադրանք` որն ամբողջությամբ կամ մասամբ արտադրված է ծխախոտային արտադրատեսակի համար հումք համարվող տերևից` ծխելու, ծամելու կամ հոտ քաշելու համար,

4) ծխախոտային արտադրատեսակի տեսակ` ծխելու և չծխելու ծխախոտային արտադրատեսակների ամբողջությունը, որոնք նման են սպառողական հատկություններով և օգտագործման եղանակով։ Դրանց թվին են դասվում սիգարետները, սիգարները, սիգարիլլաները (սիգարիտաները), ծխագլանակները, ծխախոտը` նարգիլեի համար, ծխախոտը` ծխելու մանր կտրատած, ծխախոտը` ծխամորճի, բիդին, կրետեկը, ծամախոտը, քթախոտը և ծխախոտային այլ արտադրատեսակները,

5) ծխախոտի արտադրանք` սպառողական տարայում փաթեթավորված ծխախոտային արտադրատեսակը,

6) ծխելու ծխախոտային արտադրատեսակներ` ծխելու համար նախատեսված ծխախոտային արտադրատեսակները,

7) սիգարետ` ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակը` կազմված ծխախոտային արտադրատեսակների արտադրության համար նախատեսված կտրատած հումքից, գլանափաթեթված սիգարետի թղթով,

8) սիգարետ ֆիլտրով` ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակը` կազմված ծխախոտային արտադրատեսակների արտադրության համար նախատեսված կտրատած հումքից, գլանափաթեթված սիգարետի թղթով (ծխելու հատվածը), և ֆիլտրից,

9) սիգարետ առանց ֆիլտրի` ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակը` կազմված ծխախոտային արտադրատեսակների արտադրության համար նախատեսված կտրատած հումքից, գլանափաթեթված սիգարետի թղթով (ծխելու հատվածը),

10) սիգար` ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ ծխախոտային արտադրատեսակների արտադրության համար նախատեսված սիգարի և այլ հումքից պատրաստված և երեք շերտից կազմված. ծխախոտային արտադրատեսակների արտադրության համար նախատեսված ամբողջական, ճզմած կամ կտրատած սիգարի և այլ հումքից կազմված լցոնից, ծխախոտային արտադրատեսակների արտադրության համար նախատեսված սիգարի և (կամ) այլ հումքից պատրաստված ենթափաթեթից և սիգարի ծխախոտի տերևից կազմված փաթաթվածքից։ Սիգարի հաստությունը դրա երկարության մեկ երրորդի (կամ ավելի) երկայնքով պետք է լինի 15 միլիմետրից (մմ) ոչ պակաս,

11) սիգարիլլա (սիգարիտա)` ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակը` ծխախոտային արտադրատեսակների արտադրության համար նախատեսված սիգարի և այլ հումքից պատրաստված, և բազմաթիվ շերտերից կազմված. ծխախոտային արտադրատեսակների արտադրության համար նախատեսված կտրատած կամ ջարդած սիգարի և այլ հումքից կազմված լցոնից, ծխախոտային արտադրատեսակների արտադրության համար նախատեսված սիգարի և (կամ) այլ հումքից պատրաստված ենթափաթեթից և սիգարի ծխախոտի տերևից, վերականգնված ծխախոտից կամ ցելյուլոզայի և ծխախոտի հիմքով պատրաստված հատուկ թղթից կազմված փաթաթվածքից։ Սիգարիլլան կարող է չունենալ ենթափաթեթ։ Սիգարիլլան կարող է ունենալ ֆիլտր։ Երեք շերտ ունեցող սիգարիլլայի առավելագույն հաստությունը չպետք է գերազանցի 15 մմ-ը,

12) ծխագլանակ` ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակը` ծխախոտային արտադրատեսակների արտադրության համար նախատեսված կտրատած հումքից և ծխափողի թղթի փաթեթի տեսք ունեցող ծխափողից` ծխագլանակի (սիգարետի) թղթով գլանափաթեթված, առանց սոսնձի ատամնավոր կարով միացված։ Ծխագլանակի ծխափողի մեջ կարող է դրվել զտող նյութ,

13) ծխախոտ` նարգիլեի համար` ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակը նախատեսված ծխելու համար` նարգիլեի օգտագործմամբ, որը ծխախոտային արտադրատեսակների արտադրության համար նախատեսված կտրատած կամ ջարդած հումքի խառնուրդ է` ոչ ծխախոտային հումքի և այլ բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրա,

14) ծխախոտ` ծխելու` բարակ կտրատած` ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ, որը նախատեսված է սիգարետներ կամ ծխագլանակներ ձեռքով պատրաստելու համար և կազմված է կտրատած, ջարդած, փաթաթված կամ մամլած ծխախոտից` ոչ ծխախոտային հումքի, սոուսների և բուրավետիչների ավելացմամբ կամ առանց դրա, որի մեջ արտադրանքի զտաքաշի 25 տոկոսից ոչ պակաս մասը կազմում են 1 մմ կամ պակաս լայնությամբ մանրաթելերը,

15) ծխախոտ` ծխամորճի` ծխելու ծխախոտային արտադրանքի տեսակ, որը նախատեսված է ծխամորճի օգտագործմամբ ծխելու համար և կազմված է կտրատած, ջարդած, փաթաթված կամ մամլած ծխախոտից` ոչ ծխախոտային հումքի, սոուսների և բուրավետիչների ավելացմամբ կամ առանց դրանց, որի մեջ արտադրանքի զտաքաշի 75 տոկոսից ավելին կազմում են 1 մմ-ից ավելի լայնությամբ մանրաթելերը,

16) բիդի` ծխելու ծխախոտային արտադրանքի տեսակ` կազմված ծխախոտի մանրացված տերևների, ծխախոտի ջղերի և ցողունների խառնուրդից, տենդուի չորացրած տերևով փաթաթած և քուղակապված,

17) կրետեկ` ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ` կազմված մանրացված մեխակի և ծխախոտային արտադրատեսակների արտադրության համար նախատեսված կտրատած հումքի սոուսացված և բուրավետացված խառնուրդից, սիգարետի թղթով կամ եգիպտացորենի կողրի չորացրած տերևով փաթաթած, ֆիլտրով կամ առանց ֆիլտրի,

18) չծխելու ծխախոտային արտադրատեսակներ` ծծելու, ծամելու կամ քթով ներշնչելու համար նախատեսված ծխախոտային արտադրատեսակները,

19) ծխախոտ` ծծելու (սնյուս)` չծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակը` ծծելու համար նախատեսված և մաքրված ծխախոտի փոշուց և (կամ) կտրատած ծխախոտի մանր թորամասերից ամբողջովին կամ մասամբ պատրաստված` ոչ ծխախոտային հումքի և այլ բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրա,

20) ծամախոտ` չծխելու ծխախոտային արտադրանքի տեսակ` ծամելու համար նախատեսված և ծխախոտի տերևների մամլած կտորներից պատրաստված` ոչ ծխախոտային հումքի և այլ բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրա,

21) քթախոտ` չծխելու ծխախոտային արտադրատնքի տեսակ` քթով ներշնչելու համար նախատեսված և շատ մանրացված ծխախոտից պատրաստված` ոչ ծխախոտային հումքի և այլ բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրա,

22) ծխախոտի արտադրանքի անվանում` արտադրողի կողմից տրված ծխախոտի արտադրանքի սահմանումը,

23) բաղադրիչ` նյութ (բացառությամբ ծխախոտի տերևի և ծխախոտի այլ մասերի)` ծխախոտային արտադրատեսակի արտադրության ժամանակ օգտագործված և պատրաստի ծխախոտային արտադրատեսակի մեջ, այդ թվում` և փոփոխված ձևով, գոյություն ունեցող,

24) ոչ ծխախոտային նյութեր` ծխախոտային արտադրատեսակի բաղադրության մեջ մտնող (բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների արտադրության համար նախատեսված հումքի) և դրան արտադրողի կողմից սահմանված բնութագրերը, առանձնահատկությունները և ձևը հաղորդող նյութերը: Ոչ ծխախոտային նյութերը բաժանվում են հետևյալ կատեգորիաների. ծխագլանակային, ծխախոտային , եզրաշերտային և ծխափողի թուղթ, ֆիլտրերի համար փաթաթվածքի թուղթ (ֆիցելլա), ֆիլտրող նյութ, սոսինձներ, թանաք, ծծելու ծխախոտի (սնյուսի) չափաբաժնի համար փաթաթվածքի նյութ, փաթեթավորման նյութ,

25) սպառողական տարա` ծխախոտային արտադրատեսակների փաթեթվածքի նվազագույն միավորը, որի մեջ ծխախոտային արտադրատեսակները ձեռք են բերվում սպառողի կողմից,

26) խեժ` ծխախոտի ծխի ջրազրկված կոնդենսատը (խտարարը)` նիկոտին չպարունակող,

27) ֆիլտր` արտադրության գործընթացում ծխելու արտադրատեսակի վերջնամասին միացված հարմարանք` նախատեսված ծխախոտի ծխի մասը պահելու համար:

 

ԳԼՈՒԽ II. ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3. Ծխախոտի արտադրանքի արտադրության ժամանակ` որպես բաղադրիչներ, չի թույլատրվում օգտագործել հետևյալ նյութերը.

1) ագարինաթթու (Acidum agarricinicum-ացիդում ագարիցինիկում), կեչու ձյութայուղ (Oleum Betulae empyreumaticum-օլեում բետուլե էմպիրեումատիկում), դառը նուշի յուղ (Oleum Amygdalarum amarum-օլեում ամիգդալարում ամարում)` ազատ կամ կապված սինիլաթթվի պարունակությամբ, սասաֆրակաի յուղ (Oleum Sassafratis-օլեում սասսաֆատիս), գիհու ձյութայուղ (Oleum Juniperi empyreumaticum-օլեում ջունիպերի էմֆիռևմատիկում), կամֆորայի յուղ (Oleum camphoratum-օլեում կամֆորատում), կամֆորա (Camphora-կամֆորա), կումարին, կանճրակ (Carthamus-սարտամուս), կենսածառ (Thuja թույա),

2) նյութեր, որոնց շրջանառությունն արգելված է Մաքսային միության անդամ պետությունների ունեցած միջազգային պայմանագրերի համաձայն,

3) Բուրավետիչ և համային նյութեր` պատրաստված կամֆորայի ծառից (Camphorae), բազմոտիկ սովորականի կոճղարմատ (Poiypodii-պոյպոդիի), ձարխոտի կողճարմատից (Rhizoma Filicis dulcis-ռիզոմա ֆիլիցիս դուլցիս), կվասիեայից (Lignum Quassiae-լիգնում կվասիե), օճառածառի կեղև (Cortex Quillaja-կորտեքս քվիլայա), մեղվամուշկի խոտ (Herba Tanaceti-հերբա տանացետի), փեգենայի խոտ (Herba Rutae-հերբա ռուտե), սասաֆրասի ցողունները, տերևները, կեղևը (Stipes, Folium, Cortex Sassafratis-ստայպս, ֆոլիում, կորտեքս սասսաֆրատիս), իշառվույտ դեղատու (Millilotus offcinalis-մինիլոտուս օֆֆիցինալիս), տոնկա հատիկներ (Semen Toncae-սեմեն տոնկե), վանիլի արմատ (Radix Liatridis odoratissima-ռադիքս լիատրիդիս օդորատիսիմա), գետնաստղ (Asperula odorata-ասպերգուլա օդորատա), ինչպես նաև` նյութեր, որոնց շրջանառությունն արգելված է Մաքսային միության անդամ պետությունների ունեցած միջազգային պայմանագրերի համաձայն:

4) Խեժի և նիկոտինի պարունակությունը միլիգրամներով` մեկ սիգարետի համար (մգ/սիգ.) չպետք է գերազանցի. ֆիլտրով մեկ սիգարետի ծխում` 14 մգ/սիգ. և 1.2 մգ/սիգ. համապատասխանաբար, առանց ֆիլտրի մեկ սիգարետի ծխում` 16 մգ/սիգ. և 1.3 մգ/սիգ. համապատասխանաբար:

4. Այն դեպքում, եթե արտադրողը և (կամ) ներմուծողն անց է կացրել բաղադրիչների թունաբանական հետազոտություններ, կամ նման հետազոտություններ անց են կացվել նրանց պատվերով, ապա արտադրողը և (կամ) ներմուծողը պարտավոր է տեղեկացնել թունաբանական հետազոտությունների անցկացման փաստի մասին և ներկայացնել արդյունքները` սանիտարահամաճարակաբանական գնահատումն իրականացնող պաշտոնատար անձի հարցման հիման վրա:

5. Ծծելու ծխախոտի (սնյուսի), ծամախոտի համար` որպես բաղադրիչներ, չի թույլատրվում օգտագործել այլ նյութեր, բացի սննդամթերքի մեջ օգտագործման համար թույլատրված սննդամթերքից, սննդային հավելումներից և բուրավետիչներից:

6. Ծծելու ծխախոտի (սնյուսի), ծամախոտի համար` որպես բուրավետիչներ, սոուսներ, լուծամզուկներ օգտագործվող բաղադրիչներ` ծանր մետաղների և թունաքիմիկատների (պեստիցիդների) պարունակությամբ պետք է համապատասխանեն ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի մարտի 10-ի N 06-Ն հրամանով հաստատված «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.9-01-2010 հիգիենիկ նորմատիվներին: Ծխախոտահումքի մեջ թունաքիմիկատների պարունակության սահմանային թույլատրելի մակարդակները սահմանված են «ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի մարտի 12-ի N 08-Ն հրամանով հաստատված «Պեստիցիդներին և ագրոքիմիկատներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.005-14 սանիտարական կանոններով և նորմերով:

7. Ներմուծվող ծխախոտային արտադրատեսակների ծխախոտահումքի և ծխախոտային մասի համար պարտադիր են ծխախոտի մշակման ժամանակ թունաքիմիկատներ օգտագործելու (կամ չօգտագործելու) մասին տեղեկությունները:

8. Մշակման ժամանակ թունաքիմիկատներ կիրառելու (կամ չկիրառելու) մասին տեղեկություններ չունեցող ներմուծվող ծխախոտային արտադրատեսակների ծխախոտահումքի և ծխախոտային մասի ներմուծումն ու շրջանառությունը չի թույլատրվում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.05.2022, N 31-Ն 24.05.2022, N 51-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան