Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Тип
Исходный акт (29.04.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Дата принятия
25.06.1985
Дата подписания
25.06.1985
Дата вступления в силу
29.04.2006

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,

գումարված Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհրդի կողմից և հավաքված Ժնևում 1985 թ. հունիսի 7-ին` իր յոթանասունմեկերորդ նստաշրջանին,

որոշում կայացնելով Աշխատավարձի և աշխատաժամանակի վիճակագրության մասին (63) 1938թ. Կոնվենցիայի վերանայման կապակցությամբ մի շարք առաջարկություններ ընդունելու վերաբերյալ, որը նստաշրջանի օրակարգի հինգերորդ կետն է, և
       որոշելով, որ այդ առաջարկությունները պետք է ունենան միջազգային կոնվենցիայի ձև,

հազար ինը հարյուր ութսունհինգ թվականի հունիսի քսանհինգին ընդունում է ներքոհիշյալ կոնվենցիան, որը կանվանվի Աշխատանքի վիճակագրության մասին 1985թ. Կոնվենցիա:

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Հոդված 1

 

Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, պարտավորվում է կանոնավոր կերպով հավաքել, մշակել և հրապարակել աշխատանքի մասին հիմնական վիճակագրական տվյալները, որոնք, իր հնարավորություններին համապատասխան, աստիճանաբար կընդլայնվեն, որպեսզի ընդգրկեն հետևյալ ոլորտները.

ա) տնտեսապես ակտիվ բնակչությունը, զբաղվածությունը, գործազրկությունը, որտեղ այդպիսին գոյություն ունի, և, հնարավորության սահմաններում, տեսանելի թերզբաղվածությունը,

բ) տնտեսապես ակտիվ բնակչության կառուցվածքը և բաշխումը՝ մանրամասն վերլուծության և որպես ելակետային տվյալներ օգտագործելու համար,

գ) միջին վաստակները և աշխատաժամանակի (փաստացի աշխատած կամ վճարված աշխատաժամանակի) միջին տևողությունը և, երբ դա նպատակահարմար է, ժամավճարային դրույքները և աշխատաժամանակի նորմալ տևողությունը,

դ) աշխատավարձի կառուցվածքը և բաշխումը,

ե) աշխատուժի արժեքը,

զ) սպառողական ապրանքների գների ցուցիչները,

է) տնային տնտեսությունների վարման ծախսերը կամ, եթե անհրաժեշտ է, ընտանիքների ծախսերը և, հնարավորության սահմաններում, տնային տնտեսությունների եկամուտները կամ, եթե անհրաժեշտ է, ընտանիքների եկամուտները,

ը) մասնագիտական խեղումը և, հնարավորության սահմաններում, մասնագիտական հիվանդությունները,

թ) աշխատանքային վեճերը:

 

Հոդված 2

 

Սույն Կոնվենցիայով նախատեսված վիճակագրական տվյալներ հավաքելիս, մշակելիս և հրապարակելիս օգտագործվող հասկացությունների, սահմանումների և մեթոդաբանության մշակման կամ վերանայման ժամանակ անդամները հաշվի են առնում Աշխատանքի միջազգային կազմակերպության ներքո սահմանված ամենավերջին նորմերը և ղեկավար սկզբունքները:

 

Հոդված 3

 

Սույն Կոնվենցիայով նախատեսված վիճակագրական տվյալներ հավաքելիս, մշակելիս և հրապարակելիս օգտագործվող հասկացությունների, սահմանումների և մեթոդաբանության մշակման կամ վերանայման ժամանակ գործատուների և աշխատողների ներկայացուցչական կազմակերպությունների հետ, որտեղ այդպիսիք գոյություն ունեն, անցկացվում են խորհրդակցություններ՝ նրանց պահանջմունքները հաշվի առնելու և համագործակցությունը ապահովելու նպատակներով:

 

Հոդված 4

 

Սույն Կոնվենցիայում ոչ մի բան չի պարտադրում հրապարակել կամ բացահայտել տվյալներ, որոնք կարող են հանգեցնել ցանկացած կերպով այնպիսի առանձին վիճակագրական միավորներին վերաբերող տեղեկատվության բացահայտման, ինչպիսիք են անձը, տնային տնտեսությունը, հիմնարկը կամ ձեռնարկությունը:

 

Հոդված 5

 

Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, պարտավորվում է առաջին իսկ հնարավորության դեպքում Աշխատանքի միջազգային բյուրո ուղարկել հրապարակված վիճակագրական տվյալներ, որոնք նախապատրաստվել են ի կատարումն սույն Կոնվենցիայի, և նրանց հրապարակմանը վերաբերող տեղեկություն, մասնավորապես.

ա) տարածման միջոցների օգտագործման մասին տեղեկատու (տպագիր հրապարակումների անվանումները և տեղեկատու համարներն ու համարժեք նկարագրությունները` այն դեպքում, եթե տվյալները տարածվել են այլ ձևերով),

բ) տարբեր տիպի վիճակագրական տվյալների վերաբերյալ ամենավերջին ամսաթվերը կամ ժամանակաշրջանները, ինչպես նաև դրանց հրապարակման կամ լույսընծայման ամսաթվերը:

 

Հոդված 6

 

Վիճակագրական տվյալների հավաքման և մշակման ժամանակ օգտագործվող աղբյուրների, հասկացությունների, սահմանումների և մեթոդաբանության մանրամասն նկարագրությունները, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայով`

ա) ներկայացվում և թարմացվում են, որպեսզի արտահայտեն նշանակալից փոփոխությունները,

բ) առաջին իսկ հնարավորության դեպքում ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրո,

գ) հրապարակվում են ազգային իրավասու մարմնի կողմից:

 

2. Աշխատանքի վիճակագրության հիմնական բաժինները

 

Հոդված 7

 

Տնտեսապես ակտիվ բնակչության, զբաղվածության, գործազրկության, որտեղ այդպիսին գոյություն ունի, և, հնարավորության դեպքում, տեսանելի թերզբաղվածության ընթացիկ վիճակագրությունը մշակվում է այնպես, որ այն բնութագրի երկիրն ամբողջությամբ:

 

Հոդված 8

 

Տնտեսապես ակտիվ բնակչության կառուցվածքի և բաշխման վիճակագրությունը մշակվում է այնպես, որ այն բնութագրի երկիրն ամբողջությամբ` մանրամասն վերլուծության և որպես ելակետային տվյալներ օգտագործելու համար:

 

Հոդված 9

 

1. Միջին վաստակների և աշխատաժամանակի (փաստացի աշխատած կամ վճարված ժամանակի) միջին տևողության ընթացիկ վիճակագրությունը մշակվում է ըստ աշխատողների բոլոր հիմնական կատեգորիաների և տնտեսական գործունեության բոլոր հիմնական ճյուղերի` այնպես, որ այն բնութագրի երկիրն ամբողջությամբ:

2. Անհրաժեշտության դեպքում աշխատանքի վարձատրության ժամավճարային դրույքների և աշխատաժամանակի նորմալ տևողության մասին վիճակագրությունը մշակվում է ըստ տնտեսական գործունեության հիմնական ճյուղերի առանձին մասնագիտությունների կամ մասնագիտությունների խմբերի` այնպես, որ այն բնութագրի երկիրն ամբողջությամբ:

 

Հոդված 10

 

Աշխատավարձի կառուցվածքի և բաշխման մասին վիճակագրությունը մշակվում է տնտեսական գործունեության հիմնական ճյուղերում աշխատողներին ընդգրկելով:

 

Հոդված 11

 

Աշխատուժի արժեքի մասին վիճակագրությունը մշակվում է ըստ տնտեսական գործունեության հիմնական ճյուղերի: Հնարավորության սահմաններում այդպիսի վիճակագրական տվյալները պետք է համատեղելի լինեն զբաղվածության և աշխատաժամանակի (փաստացի աշխատած կամ վճարված ժամանակի) տևողության վերաբերյալ համանման ընդգրկման հետ:

 

Հոդված 12

 

Սպառողական ապրանքների գների ցուցիչները հաշվարկվում են ներկայացուցչական ապրանքների գների դինամիկան չափելու համար, որը կիրառելի է բնակչության հիմնական խմբերի կամ ամբողջ բնակչության սպառման կառուցվածքի նկատմամբ:

 

Հոդված 13

 

Տնային տնտեսությունների կամ, եթե անհրաժեշտ է, ընտանիքների ծախսերի և, հնարավորության սահմաններում, տնային տնտեսությունների կամ, եթե անհրաժեշտ է, ընտանիքների եկամուտների վիճակագրությունը մշակվում է ըստ մասնավոր տնային տնտեսությունների կամ ընտանիքների տեսակների և չափերի` այնպես, որ այն բնութագրի երկիրն ամբողջությամբ:

 

Հոդված 14

 

1. Մասնագիտական խեղման վիճակագրությունը մշակվում է այնպես, որ այն բնութագրի երկիրն ամբողջությամբ, հնարավորության սահմաններում, ըստ տնտեսական գործունեության բոլոր ճյուղերի:

2. Հնարավորության սահմաններում մասնագիտական հիվանդությունների վիճակագրությունը մշակվում է ըստ տնտեսական գործունեության բոլոր ճյուղերի և այնպես, որ այն բնութագրի երկիրն ամբողջությամբ:

 

Հոդված 15

 

Աշխատանքային վեճերի վիճակագրությունը մշակվում է, հնարավորության սահմաններում, ըստ տնտեսական գործունեության բոլոր ճյուղերի և այնպես, որ այն բնութագրի երկիրն ամբողջությամբ:

 

3. Պարտավորությունների ստանձնում

 

Հոդված 16

 

1. Սույն Կոնվենցիան վավերացնող Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, 1-ին բաժնում նշված ընդհանուր պարտավորություններին համապատասխան, պարտավորություններ է ստանձնում Կոնվենցիայի 2-րդ բաժնում ընդգրկված մեկ կամ ավելի հոդվածներով:

2. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ իր վավերագրում նշում է սույն Կոնվենցիայի 2-րդ բաժնի այն հոդվածը կամ հոդվածները, որոնցով ինքը պարտավորություններ է ստանձնում:

3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին հետագայում կարող է ծանուցել այն մասին, որ ինքը պարտավորություններ է ստանձնում սույն Կոնվենցիայի 2-րդ բաժնի մեկ կամ ավելի հոդվածներով, որոնք նշված չեն վավերագրում: Այդ ծանուցագրերը, սկսած նրանց փոխանցման օրվանից, կունենան վավերացման ուժ:

4. Յուրաքանչյուր անդամ սույն Կոնվենցիայի կիրառման մասին Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22-րդ հոդվածին համապատասխան ներկայացված իր զեկույցում նշում է օրենսդրության և սույն Կոնվենցիայի 2-րդ բաժնի հոդվածներում ընդգրկված դրույթների և գործելակերպի վերաբերյալ, որոնցով ինքը չի ստանձնել պարտավորություններ, և այն մասին, թե ինչպիսի միջոցներ են ձեռնարկվել կամ նախատեսվում են ծրագրել Կոնվենցիայի այդպիսի դրույթների կատարման համար:

 

Հոդված 17

 

1. Կազմակերպության անդամը կարող է սկզբնապես սահմանափակել սույն Կոնվենցիայի 2-րդ բաժնի հոդվածում կամ հոդվածներում նշված աշխատողների կոնկրետ կատեգորիաների, տնտեսության հատվածների, տնտեսական գործունեության ճյուղերի կամ աշխարհագրական շրջանների վերաբերյալ վիճակագրության ընդունումը, որոնցով ինքը ստանձնել է պարտավորություններ:

2. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, սահմանափակում է վիճակագրության ոլորտը, Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22-րդ հոդվածի համաձայն ներկայացված՝ սույն Կոնվենցիայի կիրառման մասին իր առաջին զեկույցում նշում է 2-րդ բաժնի այն հոդվածը կամ հոդվածները, որոնց վրա տարածվում է այդ սահմանափակումը, նշելով դրա պատճառները և բնույթը, ու հետագա զեկույցներում տեղեկացնում է աշխատողների այլ կատեգորիաներ, տնտեսության հատվածներ, տնտեսական գործունեության ճյուղեր կամ աշխարհագրական շրջաններ կիրառման ոլորտ ընդգրկելու կամ հնարավոր ընդգրկման մասին:

3. Գործատուների և աշխատողների շահագրգիռ ներկայացուցչական կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո Կազմակերպության անդամը կարող է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր տարին լրանալուց մեկ ամսվա ընթացքում Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղղված հայտարարությամբ Կոնվենցիայի 2-րդ բաժնի հոդվածում կամ հոդվածներում մտցնել նշված վիճակագրության տեխնիկական ոլորտի հետագա սահմանափակումներ, որոնցով ինքը ստանձնել է պարտավորություններ:

Այդ հայտարարություններն ուժի մեջ են մտնում դրանց գրանցման օրվանից մեկ տարի հետո: Նման սահմանափակումներ նախատեսող յուրաքանչյուր անդամ, Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22-րդ հոդվածին համապատասխան, Կոնվենցիայի կիրառման մասին իր զեկույցում նշում է սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված մանրամասները:

 

Հոդված 18

 

Սույն Կոնվենցիան վերանայում է Աշխատավարձի և աշխատաժամանակի վիճակագրության մասին 1938թ. Կոնվենցիան:

 

4. Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 19

 

Սույն Կոնվենցիայի վավերագրերը գրանցման նպատակով ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:

 

Հոդված 20

 

1. Սույն Կոնվենցիան պարտադիր է Աշխատանքի միջազգային կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Գլխավոր տնօրենի կողմից:

2. Այն ուժի մեջ է մտնում Կազմակերպության երկու անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի կողմից գրանցվելու օրվանից տասներկու ամիս հետո:

3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամի նկատմամբ հետագայում սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից տասներկու ամիս անց:

 

Հոդված 21

 

1. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ կարող է նրա ուժի մեջ մտնելու օրվանից տասնամյա ժամկետը լրանալուց հետո այն չեղյալ հայտարարել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով չեղյալ հայտարարելու մասին ակտ ներկայացնելու միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու մասին ակտի գրանցումից մեկ տարի հետո:

2. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, և որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածը լրանալուց հետո մեկամյա ժամկետում չի օգտվի սույն հոդվածում նախատեսված չեղյալ հայտարարելու իր իրավունքից, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամկետում, և այնուհետև սույն հոդվածով սահմանված կարգով կկարողանա սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալուց հետո:

3. Սույն Կոնվենցիան վավերացրած անդամը գործատուների և աշխատողների շահագրգիռ ներկայացուցչական կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո կարող է Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հինգ տարին լրանալուց հետո Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ներկայացվող հայտարարությամբ հրաժարվել սույն Կոնվենցիայի 2-րդ բաժնի մեկ կամ մի քանի հոդվածներով ստանձնած պարտավորություններից` պայմանով, որ նա կշարունակի կատարել այդ հոդվածներից առնվազն մեկով ստանձնած պարտավորությունները: Այդպիսի հրաժարվելն ուժի մեջ է մտնում միայն դրա գրանցման օրվանից մեկ տարի հետո:

4. Սույն Կոնվենցիան վավերացրած Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը սույն հոդվածի 3-րդ կետում նշված հինգ տարին լրանալուց հետո մեկամյա ժամկետում չի օգտվի նախատեսված հրաժարվելու իրավունքից, ևս հինգ տարի ժամկետով մնում է պարտավորված սույն Կոնվենցիայի 2-րդ բաժնով ստանձնած պարտավորություններով. հետագայում նա կարող է հինգ տարին լրանալուց հետո հրաժարվել ստանձնած պարտավորություններից սույն հոդվածի դրույթներին համապատասխան:

 

Հոդված 22

 

1. Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին ծանուցում է Կազմակերպության անդամներից իր ստացած վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ բոլոր ակտերի գրանցման մասին:

2. Կազմակերպության անդամներին ծանուցելով իր ստացած 2-րդ վավերագրի գրանցման մասին՝ Գլխավոր տնօրենը նրանց ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա վրա:

 

Հոդված 23

 

Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, գրանցման համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկում է ամբողջական տեղեկություններ բոլոր վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտերի մասին, որոնք իր կողմից գրանցվել են նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան:

 

Հոդված 24

 

Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհուրդը ամեն անգամ, երբ անհրաժեշտ է համարում, Գլխավոր խորհրդաժողովին զեկույց է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման մասին և քննարկում է խորհրդաժողովի օրակարգում դրա լրիվ կամ մասնակի վերանայման հարցի ընդգրկման նպատակահարմարությունը:

 

Հոդված 25

 

1. Այն դեպքում, երբ խորհրդաժողովը կընդունի նոր կոնվենցիա, որն ամբողջովին կամ մասնակիորեն կվերանայի սույն Կոնվենցիան, և եթե այդ կոնվենցիայում նախատեսված չլինի հակառակը, ապա՝

ա) Կազմակերպության որևէ անդամի կողմից նոր, վերանայող կոնվենցիայի վավերացումը ipso jure, անկախ 21-րդ հոդվածի դրույթներից, առաջ է բերում սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարում՝ այն պայմանով, որ նոր, վերանայող կոնվենցիան ուժի մեջ մտած լինի,

բ) նոր, վերանայող կոնվենցիայի ուժի մեջ մտնելու թվականից սկսած՝ սույն Կոնվենցիան փակ է Կազմակերպության անդամների կողմից վավերացվելու համար:

2. Սույն Կոնվենցիան բոլոր դեպքերում ըստ ձևի և բովանդակության մնում է ուժի մեջ Կազմակերպության այն անդամների նկատմամբ, որոնք այն վավերացրել են, բայց վերանայող կոնվենցիան չեն վավերացրել:

 

Հոդված 26

 

Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:

 

Ուժի մեջ կմտնի 2006թ. ապրիլի 29-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան