Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (21.11.1994-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Подписан
Հայաստանի Հանրապետություն
Дата подписания
24.09.1993
Дата вступления в силу
21.11.1994

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Փախստականներին և հարկադիր վերաբնակիչներին օգնության մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, այսուհետ՝ Կողմեր,

հիմնվելով միջազգային իրավունքի և մարդասիրության հանրաճանաչ սկզբունքների վրա,

հաստատելով մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային համաձայնագրերով ստանձնած իրենց պարտավորությունները,

նկատի ունենալով ճգնաժամային իրավիճակը, որը ձևավորվել է նախկին ԽՍՀ Միության տարածքում վերաբնակիչների և փախստականների թվի աճի հետ կապված,

գիտակցելով իրենց պատասխանատվությունը դժվարություններ և տառապանքներ կրող մարդկանց ճակատագրերի նկատմամբ,

ընդունելով փախստականներին ու հարկադիր վերաբնակիչներին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար փախստական է ճանաչվում այն անձը, որը չհանդիսանալով ապաստան տրամադրած Կողմի քաղաքացի, ստիպված լքել է մյուս Կողմի տարածքում իր մշտական բնակության վայրը, նրա կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկի նկատմամբ կատարված բռնության, կամ որևէ այլ ձևով հետապնդման, կամ ռասայական, կամ ազգային պատկանելության, դավանանքի, լեզվի, քաղաքական համոզմունքների, ինչպես նաև որոշակի սոցիալական խմբին պատկանելու հետևանքով, կապված զինված և միջազգային հակամարտությունների հետ:

Փախստական չի ճանաչվում այն անձը, որը կատարել է խաղաղության, մարդկության կամ այլ կանխամտածված քրեական հանցագործություն:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար հարկադիր վերաբնակիչ է ճանաչվում այն անձը, որը չհանդիսանալով ապաստան տրամադրած Կողմի քաղաքացի, ստիպված լքել է մյուս Կողմի տարածքում իր մշտական բնակության վայրը, նրա կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկի նկատմամբ կատարված բռնության, կամ որևէ այլ ձևով հետապնդման, կամ ռասայական, կամ ազգային պատկանելության, դավանանքի, լեզվի, քաղաքական համոզմունքների, ինչպես նաև որոշակի սոցիալական խմբին պատկանելու հետևանքով, կապված զինված և միջազգային հակամարտությունների հետ:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Փախստականի և հարկադիր վերաբնակչի կարգավիճակը որոշվում է սույն Համաձայնագրին, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին և ապաստան տրամադրած Կողմի օրենսդրությանը համապատասխան և հաստատվում է համապատասխան փաստաթղթի առկայությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Մեկնման պետությունը շահագրգիռ Կողմերի օժանդակությամբ.

իրականացնում է բնակչության էվակուացիան զինված և միջազգային հակամարտությունների շրջաններից, հնարավորություն տրամադրելով բնակչության անարգել կամավոր մեկնումը Կողմերից որևէ մեկի տարածք՝ սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված հիմքերով,

ապահովում է էվակուացվողների անձնական և գույքային անվտանգությունը՝ զինադադար կնքելով, պահպանելով էվակուացիայի ժամանակ հասարակական կարգը,

էվակուացվողների ֆինանսական, նյութատեխնիկական, պարենամթերային, բժշկական և տրանսպորտային ապահովման հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Ապաստան տրամադրած Կողմը ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

փախստականների և հարկադիր վերաբնակիչների համար նրանց ժամանակավոր տեղավորման վայրերում ապահովում է անհրաժեշտ սոցիալ-կենցաղային պայմաններ,

փախստականներին և հարկադիր վերաբնակիչներին աջակցություն ցուցաբերել աշխատանքի տեղավորելու գործում՝ բնակչության զբաղվածության մասին Կողմերի օրենսդրությանը համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Կողմերը ստանձնում են հետևյալ պարտավորությունները.

աջակցել փախստականների և հարկադիր վերաբնակիչների քաղաքացիության հետ կապված հարցերի լուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջին և հանձնմանը,

աջակցել փախստականներին և հարկադիր վերաբնակիչներին բնակության նախկին վայրով ամուսնության, ծննդյան վկայականների, աշխատանքային գրքույկների և կենսաթոշակային ապահովման հարցերի լուծման, աշխատանքային ստաժի, արտասահման մեկնելու և այլնի հաստատման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի ստացման գործում,

աջակցություն ցուցաբերել փախստականի կամ հարկադիր վերաբնակչի կողմից լքած պետության տարածքում բնակվող բարեկամների, ինչպես նաև նրա կողմից այնտեղ թողնված գույքի մասին տեղեկությունների ստացմանը:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Մեկնման պետությունը փախստականներին և հարկադիր վերաբնակիչներին փոխհատուցում է իր տարածքում լքած կամ կորցրած բնակելի տարածքի և այլ գույքի արժեքը, փոխհատուցում է առողջությանը հասցված վնասը և աշխատավարձի կորուստը: Նյութական փոխհատուցման չափերը որոշվում են մեկնման պետության գներով:

Փախստականներին և հարկադիր վերաբնակիչներին պատկանող կորցրած շարժական և անշարժ գույքի հաշվառման կարգը, նյութական վնասի գնահատումը և փոխհատուցման վճարումը շահագրգիռ Կողմերը որոշում են համատեղ:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Կողմերը կստեղծեն Փախստականների և հարկադիր վերաբնակիչների օգնության միջպետական հիմնադրամ:

Հիմնադրամի ձևավորման պայմանները, կարգը և միջոցների օգտագործումը կորոշվեն Կանոնակարգով, որը կդառնա սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության Խորհրդակցական խորհուրդը պրակտիկ օժանդակություն կցուցաբերի սույն Համաձայնագրի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործմանը:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Յուրաքանչյուր փախստական կամ հարկադիր վերաբնակիչ իրավունք ունի ազատ կերպով դիմել Կողմերի տարածքներում գտնվող դատարաններ:

Հ ո դ վ ա ծ  11

 

Կողմերը միջոցներ կձեռնարկեն փախստականների և հարկադիր վերաբնակիչների հիմնախնդիրներին նվիրված միջազգային պայմանագրերում իրենց մասնակցությունն ապահովելու համար:

Կողմերը իրենց ազգային օրենսդրությունները կհամապատասխանեցնեն այդ բնագավառում գործող միջազգային իրավական նորմերին:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահին երրորդ վավերագիրը ի պահ հանձնելուց հետո: Համաձայնագիրը ավելի ուշ վավերացրած Կողմերի համար, այն ուժի մեջ է մտնում նրանց կողմից իրենց վավերագրերը ի պահ տալու օրը:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է չեղյալ հայտարարել սույն Համաձայնագիրը՝ ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Այդ Կողմի համար Համաձայնագրի գործողությունը դադարում է ավանդապահի կողմից նման ծանուցումը ստանալու օրվանից վեց ամիս հետո:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Սույն Համաձայնագիրը, բոլոր Կողմերի համաձայնությամբ, բաց է նրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար՝ նման միանալու մասին փաստաթուղթը ավանդապահին ի պահ տալու միջոցով: Միացումը համարվում է ուժի մեջ մտած ավանդապահի կողմից նման միանալու համաձայնության մասին վերջին հաղորդագրությունը ստանալու օրվանից:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1993 թվականի սեպտեմբերի 24-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի նոյեմբերի 21-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան