Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Тип
Исходный акт (17.12.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Дата принятия
19.06.1947
Дата подписания
19.06.1947
Дата вступления в силу
17.12.2005

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,

գումարված Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհրդի կողմից և հավաքված Ժնևում 1947թ. հունիսի 19-ին` իր երեսուներորդ նստաշրջանին,

որոշում կայացնելով արդյունաբերության և առևտրում աշխատանքի տեսչության մասին որոշ առաջարկություններ ընդունելու վերաբերյալ, որը նստաշրջանի օրակարգի չորրորդ կետն է,

որոշելով, որ այդ առաջարկությունները պետք է ունենան միջազգային կոնվենցիայի ձև,

հազար ինը հարյուր քառասունյոթ թվականի հուլիսի տասնմեկին ընդունում է սույն Կոնվենցիան, որը կարող է անվանվել «Աշխատանքի տեսչության մասին» 1947 թվականի Կոնվենցիա:

 

Բաժին I

 ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ  ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Հոդված 1

 

Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պետք է աշխատանքի տեսչության համակարգ ունենա արդյունաբերական ձեռնարկություններում:

 

Հոդված 2

 

1. Արդյունաբերական ձեռնարկություններում աշխատանքի տեսչության համակարգը տարածվում է այն ձեռնարկությունների վրա, որոնցում աշխատանքի տեսուչները լիազորված են ապահովելու աշխատանքի ընթացքում աշխատողների աշխատանքային պայմաններին և պաշտպանությանը վերաբերող իրավական դրույթների կիրառումը:

2. Ազգային օրենսդրությամբ կարող են սույն Կոնվենցիայի կիրառման շրջանակներից հանվել հանքարդյունաբերական և տրանսպորտային ձեռնարկությունները կամ դրանց մի մասը:

 

Հոդված 3

 

1. Աշխատանքի տեսչության համակարգի գործառույթներն են.

ա) ապահովել աշխատանքի ընթացքում աշխատողների աշխատանքի պայմանների և պաշտպանության հետ կապված իրավական դրույթների կատարումը, ինչպիսիք են աշխատանքային օրվա տևողության, աշխատավարձի, անվտանգության, առողջապահության և բարեկեցության դրույթները, երեխաների և երիտասարդների աշխատանքին առնչվող դրույթները և նմանատիպ այլ հարցերը՝ այնքանով, որքանով դրանց կատարումն ապահովելու համար լիազորված են աշխատանքի տեսուչները,

բ) այդ դրույթների պահպանման առավել արդյունավետ միջոցների մասին գործատուներին և աշխատողներին տեխնիկական տեղեկատվություն և խորհուրդներ տրամադրելը,

գ) գործող իրավական դրույթներով հատուկ չկարգավորված թերությունների և չարաշահումների մասին իրավասու մարմնին տեղեկացնելը:

2. Եթե աշխատանքի տեսուչներին հանձնարարվում են այլ պարտականություններ, ապա վերջիններս չպետք է խոչընդոտեն նրանց հիմնական գործառույթների իրականացմանը կամ որևէ ձևով վնաս հասցնեն նրանց հեղինակությանը կամ անաչառությանը, որոնք անհրաժեշտ են տեսուչներին գործատուների և աշխատողների հետ իրենց հարաբերություններում:

 

Հոդված 4

 

1. Աշխատանքի տեսչությունը գտնվում է կենտրոնական իշխանության հսկողության և վերահսկողության ներքո այնքանով, որքանով դա համատեղելի է Կազմակերպության անդամի վարչական գործելակերպի հետ:

2. Դաշնային պետության դեպքում «կենտրոնական մարմին» արտահայտությունը կարող է նշանակել կամ դաշնության կենտրոնական մարմին, կամ դաշնության միավորներից մեկի կենտրոնական մարմին:

 

Հոդված 5

 

Իրավասու մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցներ, որպեսզի խրախուսի.

ա) արդյունավետ համագործակցությունը տեսչության ծառայությունների և համանման գործունեություն իրականացնող կառավարական այլ ծառայությունների, ինչպես նաև պետական կամ մասնավոր հաստատությունների միջև, և

բ) համագործակցությունը աշխատանքի տեսչության ծառայողների և գործատուների ու աշխատողների կամ նրանց կազմակերպությունների միջև:

 

Հոդված 6

 

Տեսչության անձնակազմը բաղկացած է պետական ծառայողներից, որոնց կարգավիճակը և ծառայության պայմաններն այնպիսին են, որ երաշխավորում են նրանց զբաղեցրած պաշտոնների կայունությունը և անկախությունը կառավարության փոփոխության դեպքում կամ ոչ պատշաճ արտաքին ազդեցությունից:

 

Հոդված 7

 

1. Աշխատանքի տեսուչները հավաքագրվում են բացառապես իրենց վրա դրված պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ որակավորման հիման վրա՝ ազգային օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության հավաքագրման համար անհրաժեշտ պայմանների պահպանմամբ:

2. Այդպիսի որակավորումը ստուգելու միջոցները սահմանվում են իրավասու մարմնի կողմից:

3. Աշխատանքի տեսուչները պետք է համապատասխան կերպով պատրաստվեն իրենց պարտականությունների կատարման համար:

 

Հոդված 8

 

Տեսչության անձնակազմում կարող են նշանակվել ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք. անհրաժեշտության դեպքում տղամարդ տեսուչների և կին տեսուչների վրա, համապատասխանաբար, կարող են դրվել հատուկ պարտականություններ:

 

Հոդված 9

 

Յուրաքանչյուր անդամ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի պատշաճ որակավորում ունեցող տեխնիկական փորձագետները և մասնագետները, այդ թվում՝ բժշկության, մեխանիկայի, էլեկտրականության և քիմիայի ոլորտի մասնագետները, ազգային պայմաններին առավել համապատասխանող եղանակներով ներգրավվեն տեսչության աշխատանքներում՝ նպատակ ունենալով ապահովել աշխատանքի ժամանակ աշխատողների առողջության և անվտանգության պաշտպանությանը վերաբերող իրավական դրույթների կիրառումը, ինչպես նաև նպատակ ունենալով քննել աշխատանքի գործընթացների, մեթոդների և  նյութերի ազդեցությունը աշխատողների առողջության և անվտանգության վրա:

 

Հոդված 10

 

Աշխատանքի տեսուչների թիվը պետք է լինի բավարար տեսչական ծառայության պարտականությունների արդյունավետ իրականացման համար և սահմանվի՝ հաշվի առնվելով.

ա) այն պարտականությունների կարևորությունը, որոնք պետք է կատարեն տեսուչները և, մասնավորապես.

i) տեսուչների հսկողության տակ գտնվող ձեռնարկությունների թիվը, բնույթը, չափը և տեղը,

ii) այդ ձեռնարկություններում զբաղված աշխատողների թվաքանակը և կատեգորիաները,

iii) այն իրավական դրույթների ծավալը և բարդությունը, որոնց կիրառումը պետք է ապահովի,

բ)  տեսուչների տրամադրության տակ գտնվող նյութական միջոցները,

գ) տեսչական այցելությունները արդյունավետ իրականացնելու համար գործնական պայմանները:

 

Հոդված 11

 

1. Իրավասու մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի աշխատանքի տեսուչներին տրամադրվեն.

ա) տեսչական ծառայությունների կարիքներին համապատասխան սարքավորված և բոլոր շահագրգիռ անձանց համար հասանելի տեղական գրասենյակներ,

բ) տրանսպորտի միջոցներ, որոնք անհրաժեշտ են նրանց պարտականությունների կատարման համար, եթե չկան համապատասխան հասարակական տրանսպորտի միջոցներ:

2. Իրավասու մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ աշխատանքի տեսուչների պարտականությունների կատարման նպատակով ուղևորության և լրացուցիչ ծախսերը փոխհատուցելու համար:

 

Հոդված 12

 

1. Իրենց լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթեր ունեցող աշխատանքի տեսուչներն իրավունք ունեն.

ա) առանց նախօրոք տեղեկացնելու` ցերեկվա և գիշերվա ցանկացած ժամի անարգել մուտք գործել տեսչական ստուգման ենթակա ցանկացած ձեռնարկություն,

բ) ցերեկային ժամերին մտնել բոլոր այն շինությունները, երբ բավարար հիմք կա դրանք տեսչական ստուգման ենթակա համարելու,

գ) իրականացնել ցանկացած ստուգում, հսկողություն կամ քննություն, որոնք կարող են անհրաժեշտ համարվել, որ տեսուչները հավաստիանան, որ իրավական դրույթները պահպանվում են, մասնավորապես.

i) առանձին կամ վկաների ներկայությամբ գործատուներին կամ ձեռնարկության անձնակազմին հարցաքննել բոլոր այն հարցերի մասին, որոնք վերաբերում են իրավական դրույթների կիրառմանը,

ii) պահանջել, որ տրամադրվեն ամեն տեսակի գրքեր, գրանցամատյաններ կամ փաստաթղթեր, որոնց վարումը պահանջվում է ազգային օրենսդրությամբ, իրավական դրույթներին դրանց համապատասխանությունը ստուգելու, դրանցից պատճենահանումներ կամ քաղվածքներ կատարելու նպատակով,

iii) պահանջել իրավական դրույթներով նախատեսված հայտարարությունների տեղադրում,

iv) վերլուծության համար վերցնել կամ դուրս բերել օգտագործվող կամ մշակվող նյութերի նմուշներ՝ այն պայմանով, որ գործատուին կամ նրա ներկայացուցչին տեղյակ պահվի, որ նյութերը վերցվել կամ դուրս են բերվել այդ նպատակով:

2. Տեսչական այցելության դեպքում տեսուչները գործատուին կամ նրա ներկայացուցչին տեղյակ են պահում իրենց ներկայության մասին` բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք գտնում են, որ նման ծանուցումը կվնասի իրենց պարտականությունների կատարմանը:

 

Հոդված 13

 

1. Աշխատանքի տեսուչները լիազորված են միջոցներ ձեռնարկելու` որևէ շինությունում, սարքավորման մեջ կամ աշխատանքային մեթոդում թերությունները վերացնելու նպատակով, որոնք, ըստ տեսուչների հիմնավորված կարծիքի, կարող են սպառնալ աշխատողների առողջությանը կամ անվտանգությանը:

2. Որպեսզի աշխատանքի տեսուչները հնարավորություն ունենան ձեռնարկելու այդ միջոցները, դատական կամ վարչական մարմիններ բողոքարկելու պայմանով` օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում, նրանք իրավունք ունեն կարգադրելու կամ պահանջելու, որ տրվեն կարգադրություններ.

ա) շինություններում որոշակի ժամկետում այնպիսի փոփոխություններ կատարելու համար, որոնք անհրաժեշտ են աշխատողների առողջության և անվտանգության պաշտպանության վերաբերյալ իրավական դրույթներին խիստ համապատասխանությունն ապահովելու համար, կամ

բ) աշխատողների առողջությանը և անվտանգությանը անմիջական սպառնալիքի դեպքում անհապաղ կատարման ենթակա միջոցներ ձեռնարկելու համար:

3. Եթե 2-րդ կետում հաստատված ընթացակարգը անհամատեղելի է Կազմակերպության անդամի վարչական կամ դատական պրակտիկայի հետ, տեսուչները իրավունք ունեն դիմելու իրավասու մարմին՝ կարգադրություններ տալու կամ անհապաղ կատարման ենթակա միջոցներ ձեռնարկելու համար:

 

Հոդված 14

 

Աշխատանքի տեսչությանը ծանուցվում է արտադրական պատահարների և մասնագիտական հիվանդությունների դեպքերի մասին ազգային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և ձևով:

 

Հոդված 15

 

Ազգային օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում, բացառությունների պահպանման պայմանով, աշխատանքի տեսուչներին.

ա) արգելվում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնաբաժին ունենալ իրենց վերահսկողության ներքո գտնվող ձեռնարկությունում,

բ) պարտավոր են, համապատասխան քրեական պատժի կամ կարգապահական միջոցների կիրառման սպառնալիքի տակ, նույնիսկ պաշտոնաթողությունից հետո չհրապարակել արտադրական կամ առևտրային որևէ գաղտնիք կամ արտադրական (տեխնոլոգիական) գործընթաց, որոնց նրանք կարող էին ծանոթանալ իրենց պարտականությունների կատարման ժամանակ,

գ) բացարձակորեն գաղտնի պահել բոլոր տեսակի թերությունների կամ իրավական դրույթների խախտումների վերաբերյալ բողոքների աղբյուրը և գործատուին կամ նրա ներկայացուցչին չհաղորդել այն մասին, որ տեսչական այցելությունը կատարվել է այդպիսի բողոքի հիման վրա:

 

Հոդված 16

 

Ձեռնարկությունները տեսչական ստուգման են ենթարկվում այնպիսի հաճախականությամբ և այնպիսի մանրակրկիտությամբ, որքանով դա անհրաժեշտ է համապատասխան իրավական դրույթների արդյունավետ կիրառումը ապահովելու համար:

 

Հոդված 17

 

1. Այն անձինք, որոնք խախտում են կամ խուսափում են պահպանել այն իրավական դրույթները, որոնց կատարման նկատմամբ հսկողությունը դրված է աշխատանքի տեսուչների վրա, առանց նախնական զգուշացման` ենթակա են անհապաղ դատական հետապնդման. այնուամենայնիվ, ազգային օրենսդրությունը կարող է նախատեսել բացառություններ այն դեպքերի կապակցությամբ, երբ նախնական զգուշացում պետք է տրվի իրավիճակը շտկելու կամ նախազգուշական միջոցներ ձեռնարկելու համար:

2. Դատական հետապնդում հարուցելու կամ այն հարուցելու առաջարկություն ներկայացնելու փոխարեն աշխատանքի տեսուչները կարող են որոշել նախազգուշացնել կամ խորհուրդ տալ:

 

Հոդված 18

 

Ազգային օրենսդրությամբ նախատեսվում և արդյունավետորեն կիրառվում են համապատասխան պատժամիջոցներ այն իրավական դրույթների խախտման համար, որոնց կատարումը աշխատանքի տեսուչների հսկողության ներքո է, ինչպես նաև իրենց պարտականությունները կատարելիս աշխատանքի տեսուչներին հակադրվելու համար:

 

Հոդված 19

 

1. Աշխատանքի տեսուչները կամ տեղական տեսչական գրասենյակները, ըստ անհրաժեշտության, պարբերական զեկույցներ են ներկայացնում տեսչական ծառայության կենտրոնական մարմնին իրենց գործունեության արդյունքների մասին:

2. Այդ զեկույցները կազմվում են այն կարգով և շոշափում են այնպիսի հարցեր, որոնք ժամանակ առ ժամանակ կսահմանի կենտրոնական մարմինը. դրանք ներկայացվում են կենտրոնական մարմնի սահմանած հաճախականությամբ, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

 

Հոդված 20

 

1. Տեսչության կենտրոնական մարմինը հրապարակում է տարեկան ընդհանուր զեկույց իրեն ենթակա տեսչական ծառայությունների գործունեության վերաբերյալ:

2. Այդ զեկույցները հրապարակվում են ողջամիտ ժամկետներում՝ ամեն դեպքում ոչ ուշ, քան հաշվետու տարվա ավարտից հետո 12 ամսվա ընթացքում:

3. Տարեկան զեկույցների օրինակները հրապարակումից հետո` ողջամիտ ժամկետներում և ամեն դեպքում 3 ամսից ոչ ուշ, ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:

 

Հոդված 21

 

Տեսչության կենտրոնական մարմնի կողմից հրապարակվող ամենամյա զեկույցներում ընդգրկվում են հետևյալ և գործին վերաբերող մյուս բոլոր հարցերը՝ այնքանով, որքանով դրանք գտնվում են տվյալ կենտրոնական մարմնի հսկողության տակ.

ա) աշխատանքի տեսչության գործունեությանը վերաբերող օրենքները և կանոնակարգերը,

բ) աշխատանքի տեսչության անձնակազմը,

գ) վիճակագրական տվյալները տեսչության հսկողությանը ենթակա ձեռնարկությունների և դրանցում զբաղված աշխատողների թվաքանակի մասին,

դ) վիճակագրական տվյալներ տեսչական այցելությունների մասին,

ե) վիճակագրական տվյալներ կատարված խախտումների և կիրառված պատժամիջոցների մասին,

զ) վիճակագրական տվյալներ արտադրական պատահարների մասին,

է) վիճակագրական տվյալներ մասնագիտական հիվանդությունների մասին:

 

Բաժին II

ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ  ԱՌԵՎՏՐԻ ՄԵՋ

 

Հոդված 22

 

Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որի համար ուժի մեջ է սույն Կոնվենցիայի այս բաժինը, պետք է աշխատանքի տեսչության համակարգ ունենա առևտրի ձեռնարկություններում:

 

Հոդված 23

 

Առևտրի ձեռնարկություններում աշխատանքի տեսչության համակարգը տարածվում է այն ձեռնարկությունների վրա, որոնցում աշխատանքի տեսուչները լիազորված են ապահովելու աշխատանքի ընթացքում աշխատողների աշխատանքային պայմաններին և պաշտպանությանը վերաբերող իրավական դրույթների կիրառումը:

 

Հոդված 24

 

Աշխատանքի տեսչության համակարգը առևտրի ձեռնարկություններում պետք է համապատասխանի սույն Կոնվենցիայի 3-21-րդ հոդվածների պահանջներին՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են:

 

Բաժին III

  ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 25

 

1. Սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության ցանկացած անդամ կարող է վավերագրին կից հայտարարությամբ նշել, որ սույն Կոնվենցիայի II բաժնով պարտավորություններ չի ստանձնում:

2. Այդպիսի հայտարարություն կատարած Կազմակերպության ցանկացած անդամ կարող է վերացնել այն ցանկացած ժամանակ` հետագա հայտարարությամբ:

3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որի համար սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան արված հայտարարությունն ուժ մեջ է, սույն Կոնվենցիայի կիրառման մասին իր տարեկան զեկույցներում տեղեկացնում է սույն Կոնվենցիայի II բաժնի դրույթների վերաբերյալ օրենսդրության և պրակտիկայի վիճակի մասին և նշում է, թե ինչ չափով են նշված դրույթները իրականացված կամ ինչ չափով է ենթադրվում դրանք իրականացնել:

 

Հոդված 26

 

Որևիցե ձեռնարկության, նրա մասի կամ ծառայության` սույն Կոնվենցիայի կարգավորման ոլորտում լինելու հարցում կասկածի դեպքում հարցը լուծվում է իրավասու մարմնի կողմից:

 

Հոդված 27

 

Սույն Կոնվենցիայում «իրավական դրույթներ» եզրույթը, բացի օրենքներից և կանոնակարգերից, ներառում է օրենքի ուժ ունեցող` միջնորդ դատարանների որոշումները և կոլեկտիվ պայմանագրերը, որոնց կիրառումը պետք է ապահովեն աշխատանքի տեսուչները:

 

Հոդված 28

 

Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22-րդ հոդվածին համապատասխան ներկայացվող տարեկան զեկույցում ամբողջական տեղեկություններ են բերվում սույն Կոնվենցիայի դրույթների կատարմանն ուղղված բոլոր օրենքների և կանոնակարգերի մասին:

 

Հոդված 29

 

1. Եթե Կազմակերպության անդամի տարածքում գոյություն ունեն մեծ շրջաններ, որտեղ բնակչության ցրվածության և զարգացման մակարդակի հետևանքով իրավասու մարմինը անիրագործելի է համարում սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումը, այդ մարմինը հանում է այդպիսի շրջանները սույն Կոնվենցիայի կիրառման շրջանակներից կամ ամբողջությամբ, կամ բացառությամբ որոշ ձեռնարկությունների կամ այն մասնագիտությունների, որոնք ինքը նպատակահարմար է համարում:

2. Յուրաքանչյուր անդամ սույն Կոնվենցիայի կիրառման մասին Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22-րդ հոդվածին համապատասխան ներկայացված իր տարեկան առաջին զեկույցում նշում է բոլոր այն շրջանները, որոնց առնչությամբ ինքը պատրաստվում է օգտվելու սույն հոդվածի դրույթներից, ինչպես նաև այն պատճառները, որոնց համար ինքը նպատակ ունի օգտվելու այդ դրույթներից: Իր առաջին տարեկան զեկույցից հետո Կազմակերպության ոչ մի անդամ չի կարող օգտվել սույն հոդվածի դրույթներից` բացառությամբ նշված շրջանների առնչությամբ:

3. Սույն հոդվածի դրույթներով նախատեսված իրավունքից օգտվող յուրաքանչյուր անդամ իր հետագա տարեկան զեկույցներում նշում է այն շրջանները, որոնց առնչությամբ ինքը հրաժարվում է օգտվել սույն հոդվածի դրույթներով նշված իրավունքներից:

 

Հոդված 30

 

1. Սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ Աշխատանքի միջազգային կազմակերպության 1946 թվականի Փոփոխման ակտով փոփոխված կանոնադրության 35-րդ հոդվածում նշված տարածքներից և սույն հոդվածի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշվածներից այլ տարածքների կապակցությամբ վավերացումից հետո` հնարավորինս սեղմ ժամկետներում, Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղարկում է հայտարարություն, ուր նշում է.

ա) այն տարածքները, որոնց նկատմամբ ինքը պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները առանց փոփոխությունների,

բ) այն տարածքները, որոնց նկատմամբ ինքը պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները փոփոխություններով, և` այդ փոփոխությունների մանրամասները,

գ) այն տարածքները, որոնց նկատմամբ Կոնվենցիան չի կիրառվի, և, նման դեպքերում, չկիրառելու հիմքերը,

դ) այն տարածքները, որոնց նկատմամբ ինքը իրեն իրավունք է վերապահում որոշում ընդունելու:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում հիշատակված պարտավորությունները համարվում են վավերագրի անբաժանելի մասը և ունեն վավերացմանը հավասար ուժ:

3. Ցանկացած անդամ կարող է նոր հայտարարության միջոցով վերացնել սույն հոդվածի առաջին կետի «բ», «գ» կամ «դ» ենթակետերի հիման վրա իր նախորդ հայտարարություններում պարունակվող բոլոր վերապահումները կամ դրանց մի մասը:

4. Ցանկացած անդամ այն ժամկետներում, որոնց ընթացքում սույն Կոնվենցիան կարող է չեղյալ հայտարարվել՝ 34-րդ  հոդվածի  դրույթներին համապատասխան, կարող է Գլխավոր տնօրենին ուղարկել նոր հայտարարություն, որը ցանկացած այլ առումով կփոփոխի ցանկացած նախորդ հայտարարության պայմանները և կհայտնի այդ անդամի սահմանած տարածքների ներկա դրության մասին:

 

Հոդված 31

 

1. Երբ սույն Կոնվենցիայում շոշափվող հարցերը մտնում են մետրոպոլիայից դուրս գտնվող տարածքի իշխանությունների իրավասության մեջ, Կազմակերպության այն անդամը, որը պատասխանատու է այդ տարածքի միջազգային հարաբերությունների համար, կարող է, այդ տարածքի կառավարության հետ համաձայնեցնելով, Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ներկայացնել տվյալ տարածքի անունից հայտարարություն սույն Կոնվենցիայից բխող պարտավորությունների ընդունման մասին:

2. Սույն Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին հայտարարություն կարող է ներկայացվել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին՝

ա) Կազմակերպության երկու կամ ավելի անդամների կողմից՝ իրենց համատեղ կառավարման տակ գտնվող տարածքի վերաբերյալ, կամ

բ) ցանկացած միջազգային մարմնի կողմից, որը պատասխանատու է որևէ տարածքի կառավարման համար Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա կամ այլ կերպ:

3. Այն հայտարարություններում, որոնք ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին սույն հոդվածի նախորդ կետերին համապատասխան, նշվում են` սույն Կոնվենցիայի դրույթները նման տարածքում կիրառվելու են փոփոխություններո՞վ, թե առանց փոփոխությունների: Եթե հայտարարությունում նշվում է, որ Կոնվենցիայի դրույթները կիրառվելու են փոփոխություններով, նրանում ճշտվում է նշված փոփոխությունների բովանդակությունը:

4. Կազմակերպության շահագրգիռ անդամը կամ անդամները կամ շահագրգիռ միջազգային մարմինը կարող են հետագայում հայտարարության միջոցով լիովին կամ մասնակիորեն հրաժարվել նախորդ որևէ հայտարարությունում նշված որևէ փոփոխությունից օգտվելու իրավունքից:

5. Կազմակերպության շահագրգիռ անդամը կամ անդամները կամ միջազգային մարմինը այն ժամկետներում, երբ սույն Կոնվենցիան կարող է չեղյալ հայտարարվել` 34-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, կարող են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղարկել նոր հայտարարություն, որը ցանկացած այլ առումով կփոփոխի ցանկացած նախորդ հայտարարության պայմանները և կհայտնի Կոնվենցիայի կիրառման գոյություն ունեցող վիճակի մասին:

 

Բաժին IV

  ԵԶՐԱՓԱԿԻՉ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 32

 

Սույն Կոնվենցիայի վավերագրերը գրանցման նպատակով ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:

 

Հոդված 33

 

1. Սույն Կոնվենցիան պարտադիր է Աշխատանքի միջազգային կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Գլխավոր տնօրենի կողմից:

2. Այն ուժի մեջ է մտնում Կազմակերպության երկու անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի կողմից գրանցվելու օրվանից տասներկու ամիս հետո:

3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամի նկատմամբ հետագայում սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից տասներկու ամիս անց:

 

Հոդված 34

 

1.  Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ կարող է նրա ուժի մեջ մտնելու օրվանից տասնամյա ժամկետը լրանալուց հետո այն չեղյալ հայտարարել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով չեղյալ հայտարարման մասին ակտ ներկայացնելու միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտի գրանցումից մեկ տարի հետո:

2. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, և որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածը լրանալուց հետո մեկամյա ժամկետում չի օգտվի սույն հոդվածում նախատեսված չեղյալ հայտարարելու իր իրավունքից, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամկետում և այնուհետև սույն հոդվածով սահմանված կարգով կկարողանա սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալուց հետո:

 

Հոդված 35

 

1. Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին ծանուցում է Կազմակերպության անդամներից իր ստացած վավերագրերի, հայտարարությունների և չեղյալ հայտարարելու վերաբերյալ բոլոր ակտերի գրանցման մասին:

2. Կազմակերպության անդամներին ծանուցելով իր ստացած 2-րդ վավերագրի գրանցման մասին՝ Գլխավոր տնօրենը նրանց ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա վրա:

 

Հոդված 36

 

Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, գրանցման համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկում է ամբողջական տեղեկություններ բոլոր վավերագրերի, հայտարարությունների և չեղյալ հայտարարման վերաբերյալ ակտերի մասին, որոնք իր կողմից գրանցվել են նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան:

 

Հոդված 37

 

Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհուրդը ամեն անգամ, երբ անհրաժեշտ է համարում, Գլխավոր խորհրդաժողովին զեկույց է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման մասին և քննարկում է խորհրդաժողովի օրակարգում դրա լրիվ կամ մասնակի վերանայման հարցի ընդգրկման նպատակահարմարությունը:

 

Հոդված 38

 

1. Այն դեպքում, երբ խորհրդաժողովը կընդունի նոր կոնվենցիա, որն ամբողջովին կամ մասնակիորեն կվերանայի սույն Կոնվենցիան, և եթե կոնվենցիայում նախատեսված չլինի հակառակը, ապա.

ա) Կազմակերպության որևէ անդամի կողմից նոր, վերանայող կոնվենցիայի վավերացումը ipso jure, անկախ 34-րդ հոդվածի դրույթներից, առաջ է բերում սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարում՝ այն պայմանով, որ նոր, վերանայող կոնվենցիան ուժի մեջ մտած լինի,

բ) նոր, վերանայող կոնվենցիայի ուժի մեջ մտնելու թվականից սկսած՝ սույն Կոնվենցիան փակ է Կազմակերպության անդամների կողմից վավերացվելու համար:

2. Սույն Կոնվենցիան բոլոր դեպքերում ըստ ձևի և բովանդակության մնում է ուժի մեջ Կազմակերպության այն անդամների նկատմամբ, որոնք այն վավերացրել են, բայց վերանայող կոնվենցիան չեն վավերացրել:

 

Հոդված 39

 

Սույն  Կոնվենցիայի  անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր  են:

 

Ուժի մեջ է մտել 2005թ. դեկտեմբերի 17-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան