Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Тип
Исходный акт (20.09.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Дата принятия
01.03.1991
Дата подписания
01.03.1991
Дата вступления в силу
20.09.2005

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

ՊԼԱՍՏԻԿ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՇՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,

գիտակցելով ահաբեկչական ակտերի հետևանքները միջազգային անվտանգության համար,

արտահայտելով խոր անհանգստություն օդանավերի, այլ տրանսպորտային միջոցների և ուրիշ թիրախների ոչնչացմանն ուղղված ահաբեկչական ակտերի կապակցությամբ,

մտահոգված լինելով, որ այդպիսի ահաբեկչական ակտերի իրականացման ժամանակ օգտագործվել են պլաստիկ պայթուցիկ նյութեր,

նշելով, որ այդպիսի պայթուցիկ նյութերի դրոշմադրումը դրանց հայտնաբերման նպատակով զգալի չափով կնպաստի այդպիսի անօրինական ակտերի կանխմանը,

ընդունելով, որ այդպիսի անօրինական ակտերի կանխման նպատակով միջազգային փաստաթուղթ ընդունելու հրատապ անհրաժեշտություն կա, որը կպարտավորեցնի պետություններին ձեռնարկել համապատասխան միջոցներ պլաստիկ պայթուցիկ նյութերի պատշաճ կերպով դրոշմադրման ուղղությամբ,

նկատի ունենալով Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1989 թվականի հունիսի 14-ի 635 բանաձևը և Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1989 թվականի դեկտեմբերի 4-ի 44/29 բանաձևը, որոնք Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը համառորեն կոչ են անում ակտիվացնել պլաստիկ կամ շերտավոր պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմադրման միջազգային ռեժիմի ստեղծման ուղղությամբ աշխատանքները,

հաշվի առնելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ասամբլեայի 27-րդ նստաշրջանի կողմից միաձայն ընդունված Ա27-8 բանաձևը, որում Ասամբլեան արտահայտվել է պլաստիկ կամ շերտավոր պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմադրմանն առնչվող միջազգային նոր փաստաթղթի առաջնահերթ կարգով անհետաձգելի պատրաստման օգտին,

գոհունակությամբ նշելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Խորհրդի դերը Կոնվենցիայի պատրաստման մեջ, ինչպես նաև, դրա իրականացման հետ կապված, իր վրա գործառություններ վերցնելու նրա պատրաստակամությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար.

1. «Պայթուցիկ նյութեր» նշանակում է` պայթուցիկ նյութեր` հայտնի որպես «պլաստիկ պայթուցիկ նյութեր», այդ թվում` առաձգական կամ էլաստիկ շերտավոր տեսքով պայթուցիկ նյութեր, ինչպես դրանք սահմանված են սույն Կոնվենցիային կից տեխնիկական հավելվածում:

2. «Դրոշմադրող նյութ» նշանակում է` սույն Կոնվենցիային կից տեխնիկական հավելվածում նկարագրված նյութ, որն ընդգրկվում է պայթուցիկ նյութում այն հայտնաբերման ենթակա դարձնելու նպատակով:

3. «Դրոշմադրում» նշանակում է` դրոշմադրող նյութի ընդգրկում պայթուցիկ նյութի մեջ` սույն Կոնվենցիային կից տեխնիկական հավելվածին համապատասխան:

4. «Արտադրում» նշանակում է` ցանկացած գործընթաց, ներառյալ վերամշակումը, որի արդյունքում արտադրվում են պայթուցիկ նյութեր:

5. «Պատշաճ կերպով թույլատրված ռազմական սարքավորումներ»-ը ներառում է, մասնավորապես, պարկուճները, ավիացիոն ռումբերը, արկերը, ականները, հրթիռային արկերը, հրթիռները, պատրաստման ժամանակ գոյացած լիցքերը, նռնակները և հորատիչները՝ արտադրված բացառապես ռազմական և ոստիկանական նպատակների համար` համապատասխան մասնակից պետության օրենքներին և կանոններին համաձայն:

6. «Արտադրող պետություն» նշանակում է` ցանկացած պետություն, որի տարածքում արտադրվում են պայթուցիկ նյութերը:

 

Հոդված 2

 

Յուրաքանչյուր մասնակից պետություն անհրաժեշտ և արդյունավետ միջոցներ է ձեռնարկում իր տարածքում չդրոշմադրված պայթուցիկ նյութերի արտադրումն արգելելու և կանխելու համար:

 

Հոդված 3

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն անհրաժեշտ և արդյունավետ միջոցներ է ձեռնարկում չդրոշմադրված պայթուցիկ նյութերի` իր տարածք ներմուծելը և իր տարածքից արտահանելն արգելելու և կանխելու համար:

2. Նախորդող կետի դրույթները, 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, չեն կիրառվում տվյալ մասնակից պետության հսկողության տակ գտնվող և մասնակից պետության ռազմական կամ ոստիկանական գործառույթներ իրականացնող լիազոր մարմինների կողմից չդրոշմադրված պայթուցիկ նյութերի ներմուծման և արտահանման նկատմամբ, որոնք չեն հակասում սույն Կոնվենցիայի նպատակներին:

 

Հոդված 4

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում խիստ և արդյունավետ հսկողություն իրականացնելու համար չդրոշմադրված այն պայթուցիկ նյութերի տնօրինության ու տնօրինության փոխանցման նկատմամբ, որոնք պատրաստված են եղել իր տարածքում կամ իր տարածք են ներմուծվել մինչև տվյալ պետության նկատմամբ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը` այն բանի համար, որպեսզի խոչընդոտվի դրանց այնպիսի կիրառումը կամ օգտագործումը, որը համատեղելի չէ սույն Կոնվենցիայի նպատակների հետ:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում այն բանի ապահովման համար, որ իր լիազոր մարմինների տնօրինության տակ չգտնվող` նշված հոդվածի 1-ին կետում հիշատակված պայթուցիկ նյութերի բոլոր պաշարները ոչնչացվեն կամ օգտագործվեն այնպիսի եղանակով, որ դա չհակասի սույն Կոնվենցիայի նպատակներին, կամ տվյալ պետության նկատմամբ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում դրանք դրոշմադրվեն կամ զրկվեն պայթուցիկ հատկություններից:

3. Յուրաքանչյուր մասնակից պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում այն բանի ապահովման համար, որ իր զինվորական կամ ոստիկանական լիազոր մարմինների տնօրինության տակ գտնվող ամբողջը՝ սույն հոդվածի 1-ին կետում հիշատակվող պայթուցիկ նյութերի պաշարները, որոնք որպես բաղկացուցիչ մաս ներառված չեն պատշաճ կերպով թույլատրված ռազմական սարքավորումների մեջ, ոչնչացվեն կամ օգտագործվեն այնպիսի եղանակով, որ դա չհակասի սույն Կոնվենցիայի նպատակներին, կամ դրոշմադրվեն կամ զրկվեն պայթուցիկ նյութերից տվյալ պետության նկատմամբ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգ տարվա ընթացքում:

4. Յուրաքանչյուր մասնակից պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իր տարածքում չդրոշմադրված այն պայթուցիկ նյութերի հնարավոր շուտափույթ ոչնչացման համար, որոնք կարող են հայտնաբերվել այդ տարածքում և չեն հիշատակվում սույն հոդվածի նախորդ կետերում, բացառությամբ չդրոշմադրված այն պայթուցիկ նյութերի պաշարների, որոնք գտնվում են իր զինվորական կամ ոստիկանական գործառույթներ իրականացնող լիազոր մարմինների տնօրինության տակ և որպես բաղկացուցիչ մաս ներառված են պատշաճ կերպով թույլատրված ռազմական սարքավորումների մեջ, տվյալ պետության նկատմամբ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից:

5. Յուրաքանչյուր մասնակից պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում սույն Կոնվենցիայի տեխնիկական հավելվածի 1-ին մասի 2-րդ կետում հիշատակված պայթուցիկ նյութերի տնօրինության և տնօրինության փոխանցման ուղղությամբ խիստ և արդյունավետ հսկողություն իրականացնելու համար՝ սույն Կոնվենցիայի նպատակներին հակասող դրանց կիրառումը կամ օգտագործումն արգելելու նպատակով:

6. Յուրաքանչյուր մասնակից պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իր տարածքում չդրոշմադրված այն պայթուցիկ նյութերի հնարավոր շուտափույթ ոչնչացման համար, որոնք արտադրվել են տվյալ պետության նկատմամբ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո և սույն Կոնվենցիայի տեխնիկական հավելվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետում նախատեսված կարգով ներառված չեն ռազմական սարքավորումներում, և այն չդրոշմադրված պայթուցիկ նյութերի, որոնց վրա առավել չեն տարածվում նշված 2-րդ կետի ցանկացած այլ ենթակետի գործողությունները:

 

Հոդված 5

 

1. Սույն Կոնվենցիայով հիմնադրվում է պայթուցիկ նյութերի գծով Միջազգային տեխնիկական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ բաղկացած տասնհինգից ոչ պակաս և տասնիննից ոչ ավելի անդամներից, որոնք նշանակվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կողմից՝ այն անձանց թվից, որոնց թեկնածությունները ներկայացնում են սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները:

2. Հանձնաժողովի անդամները հանդիսանում են փորձագետներ, որոնք տիրապետում են անմիջական և նշանակալի փորձի պայթուցիկ նյութերի արտադրմանը, հայտնաբերմանը կամ համապատասխան փորձարարական մշակումների իրականացմանը վերաբերող հարցերին:

3. Հանձնաժողովի անդամները այնտեղ աշխատում են երեք տարի և կարող են կրկին նշանակվել:

4. Հանձնաժողովի նստաշրջանները հրավիրվում են տարին առնվազն մեկ անգամ` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում կամ Խորհրդի կողմից նշված կամ հաստատված վայրերում և ժամանակ:

5. Հանձնաժողովն ընդունում է իր աշխատանքի ընթացակարգի կանոնները, որոնք ենթակա են Խորհրդի հաստատմանը:

 

Հոդված 6

 

1. Հանձնաժողովը կգնահատի պայթուցիկ նյութերի արտադրման, դրոշմադրման և հայտնաբերման ոլորտներում տեխնիկական առաջընթացը:

2. Հանձնաժողովը Խորհրդի միջոցով կզեկուցի իր աշխատանքի արդյունքների մասին մասնակից պետություններին և շահագրգիռ միջազգային կազմակերպություններին:

3. Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը սույն Կոնվենցիայի տեխնիկական հավելվածի ուղղումներին վերաբերող հանձնարարականներ է տալիս Խորհրդին: Հանձնաժողովը այդ հանձնարարականների ուղղությամբ իր որոշումները ձգտում է ընդունել կոնսենսուսով: Կոնսենսուսի բացակայության դեպքում Հանձնաժողովն այդպիսի որոշումներն ընդունում է մեծամասնությամբ՝ իր անդամների ձայների երկու երրորդով:

4. Խորհուրդը կարող է Հանձնաժողովի հանձնարարականով մասնակից պետություններին առաջարկել սույն Կոնվենցիային կից տեխնիկական հավելվածի ուղղումներ:

 

Հոդված 7

 

1. Ցանկացած մասնակից պետություն սույն Կոնվենցիային կից տեխնիկական հավելվածի առաջարկվող ուղղման մասին ծանուցման օրվանից 90 օրվա ընթացքում կարող է Խորհուրդ ուղարկել իր դիտողությունները: Խորհուրդն ուսումնասիրման համար այդ դիտողություններն անհապաղ փոխանցում է Հանձնաժողովին: Խորհուրդն առաջարկվող ուղղմանը վերաբերող դիտողություններ և առարկություններ ներկայացրած ցանկացած մասնակից պետությանն առաջարկում է Հանձնաժողովի հետ անցկացնել խորհրդակցություններ:

2. Հանձնաժողովը, նախորդ կետի դրույթներին համապատասխան, ուսումնասիրում է մասնակից պետության արտահայտած կարծիքը և զեկուցում է Խորհրդին: Խորհուրդը Հանձնաժողովի զեկույցն ուսումնասիրելուց և մասնակից պետության, ներառյալ պատրաստող պետությունների, ուղղումների և դիտողությունների բնույթը հաշվի առնելուց հետո կարող է ընդունման համար ուղղումը առաջարկել բոլոր մասնակից պետություններին:

3. Եթե հինգ կամ ավելի մասնակից պետությունների կողմից առաջարկվող ուղղումն առարկության չի հանդիպել, որի մասին գրավոր տեղեկացվել է Խորհրդին նշված ուղղման մասին Խորհրդի ծանուցման օրվանից իննսուն օրվա ընթացքում, այն համարվում է ընդունված և ուժի մեջ է մտնում հարյուր ութսուն օր կամ ուրիշ այլ ժամանակահատված լրանալուց հետո, որը նշված է առաջարկվող ուղղման մեջ՝ դրա դեմ առարկությունների մասին ուղղակիորեն չհայտնած մասնակից պետության համար:

4. Այն մասնակից պետությունները, որոնք ուղղակիորեն հայտնել են առաջարկվող ուղղման դեմ առարկությունների մասին, կարող են ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթի հանձնման միջոցով ի պահ տալու արդյունքում արտահայտել իրենց համաձայնությունը նշված ուղղման դրույթների` իրենց համար պարտադիր լինելու վերաբերյալ:

5. Եթե հինգ կամ ավելի մասնակից պետություններ դեմ են առաջարկվող փոփոխությանը, Խորհուրդը դա փոխանցում է Հանձնաժողովին հետագա ուսումնասիրման համար:

6. Եթե առաջարկվող փոփոխությունը չի ընդունվել սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, Խորհուրդը կարող է հրավիրել բոլոր մասնակից պետությունների կոնֆերանս:

 

Հոդված 8

 

1. Մասնակից պետությունները հնարավորության դեպքում Խորհրդին տեղեկատվություն են փոխանցում, որը Հանձնաժողովին կօգնի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան իր գործառույթների իրականացման համար:

2. Մասնակից պետությունները տեղեկացնում են Խորհրդին սույն Կոնվենցիայի դրույթների իրականացման ուղղությամբ իրենց ձեռնարկած միջոցների մասին: Խորհուրդն այդպիսի տեղեկատվությունը հասցնում է բոլոր մասնակից պետություններին և շահագրգիռ միջազգային կազմակերպություններին:

 

Հոդված 9

 

Խորհուրդը, համագործակցելով մասնակից պետությունների և շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ, սույն Կոնվենցիայի իրականացմանը նպաստող համապատասխան միջոցներ է ձեռնարկում. ներառյալ պայթուցիկ նյութերի դրոշմադրման և հայտնաբերման ոլորտում տեխնիկական առաջընթացին առնչվող տեխնիկական օգնության և տեղեկատվության փոխանակման ուղղությամբ միջոցների տրամադրումը:

 

Հոդված 10

 

Սույն Կոնվենցիային կից տեխնիկական հավելվածը սույն Կոնվենցիայի անբաժանելի մասն է:

 

Հոդված 11

 

1. Երկու կամ ավելի մասնակից պետությունների միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող ցանկացած վեճ, որը չի կարող կարգավորվել բանակցությունների միջոցով, նրանցից մեկի խնդրանքով փոխանցվում է արբիտրաժ: Եթե արբիտրաժի վերաբերյալ խնդրանքի օրվանից վեց ամսվա ընթացքում Կողմերն ի վիճակի չեն համաձայնության գալ արբիտրաժի կազմակերպման հարցի վերաբերյալ, ապա, այդ Կողմերից ցանկացածի խնդրանքով, վեճը կարող է փոխանցվել Միջազգային դատարան՝ դատարանի կանոնադրության համապատասխան:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն սույն Կոնվենցիայի ստորագրման, ընդունման կամ վավերացման կամ դրան միանալու դեպքում կարող է հայտարարել, որ իր վրա չեն տարածվում վերոնշյալ կետի դրույթները: Այլ մասնակից պետությունները նման վերապահում կատարած ցանկացած մասնակից պետության հետ հարաբերությունների ժամանակ պարտավորված չեն վերոնշյալ կետի դրույթներով:

3. Վերոնշյալ կետին համապատասխան վերապահում կատարած յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է ցանկացած ժամանակ հանել այդ վերապահումը ավանդապահին տեղեկացնելու միջոցով:

 

Հոդված 12

 

Սույն Կոնվենցիայի վերաբերյալ վերապահումներ չեն կարող կատարվել` բացառությամբ 11-րդ հոդվածում նախատեսվածի:

 

Հոդված 13

 

1. Սույն Կոնվենցիան 1991 թվականի մարտի 1-ից Մոնրեալում բաց է 1991 թվականի փետրվարի 12-ից մարտի 1-ը Մոնրեալում կայացած օդային իրավունքի միջազգային կոնֆերանսին մասնակցած պետությունների ստորագրման համար: 1991 թվականի մարտի 1-ից հետո` մինչև սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան նրա ուժի մեջ մտնելը,Կոնվենցիան բաց է բոլոր պետությունների ստորագրման համար Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության` Մոնրեալի կենտրոնակայանում: Սույն Կոնվենցիան չստորագրած ցանկացած պետություն կարող է ցանկացած ժամանակ միանալ դրան:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման, հաստատման և բաց է միանալու համար: Վավերագրերը և ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերը ի պահ են հանձնվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը, որը սույնով նշանակվում է ավանդապահ: Վավերագրերը, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելիս յուրաքանչյուր պետություն հայտարարում է, թե արդյոք ինքը արտադրող պետություն է:

3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երեսունհինգերորդ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու ամսաթվից հետո վաթսուներորդ օրը` այն պայմանով, որ հինգից ոչ պակաս այդպիսի պետություններ, սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, հայտարարել են, որ իրենք արտադրող պետություններ են: Եթե երեսունհինգ այդպիսի փաստաթղթեր ի պահ են հանձնվել մինչև արտադրող պետությունների հինգ փաստաթղթերի ստանալը, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հինգերորդ արտադրող պետության կողմից վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնվելու ամսաթվից հետո վաթսուներորդ օրը:

4. Այլ պետությունների համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրանց վավերագրերը, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերն ի պահ հանձնելու օրվանից վաթսուն օր անց:

5. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո այն ավանդապահի կողմից գրանցվում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածին և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի (Չիկագո, 1944 թվական) 83-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 14

 

Ավանդապահն անհապաղ կտեղեկացնի Սույն Կոնվենցիան ստորագրած և բոլոր մասնակից պետություններին՝

1. սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր ստորագրման և այդ ստորագրման ամսաթվի մասին,

2. յուրաքանչյուր վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերն ի պահ հանձնելու և այդ հանձնման ամսաթվի մասին` հատուկ նշելով` համապատասխան պետությունը հայտարարե՞լ է այն մասին, որ ինքը արտադրող պետություն է,

3. սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,

4. սույն Կոնվենցիային և դրան կից տեխնիկական հավելվածին վերաբերող ցանկացած ուղղման ուժի մեջ մտնելու մասին,

5. 15-րդ հոդվածին համապատասխան ցանկացած չեղյալ հայտարարելու մասին, և

6. 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան արված ցանկացած հայտարարության մասին:

 

Հոդված 15

 

1. Ցանկացած մասնակից պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով:

2. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումը ավանդապահի ստանալու ամսաթվից հարյուր ութսուն օր անց:

 

Ի հավաստումն որի` իրենց կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալ ներկայացուցիչները ստորագրել են սույն Կոնվենցիան:

 

Կատարված է Մոնրեալում հազար ինը հարյուր իննսունմեկ թվականի մարտի 1-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և արաբերեն. ընդ որում` բոլոր հինգ տեքստերը հավասարազոր են:

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ

 

Մաս 1. Պայթուցիկ նյութերի նկարագրությունը

 

1. Սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին կետում հիշատակված պայթուցիկ նյութեր են համարվում այն նյութերը, որոնք.

ա) ներկայացնում են մեկ կամ մի քանի հզոր պայթուցիկ նյութերի խառնուրդ, որոնք մաքուր վիճակում 25OC ջերմաստիճանի դեպքում ունեն 10-4 Պա գոլորշու ճնշում,

բ) ներկայացնում են կապակցող նյութերով խառնուրդ, և

գ) նորմալ սենյակային ջերմաստիճանում որպես խառնուրդ համարվում են փափուկ կամ էլաստիկ:

1. Հետևյալ նյութերը, չնայած այն բանին, որ ընկնում են սույն մասի 1-ին կետի պայթուցիկ նյութերի նկարագրման տակ, չեն դիտվում որպես պայթուցիկ նյութեր այնքան ժամանակ, քանի դեռ նրանք շարունակում են պահվել կամ օգտագործվել ներքոնշյալ նպատակներով կամ մնում են ռազմական սարքավորումներում ներառված, ինչպես դա նախատեսված է ստորև, և հատկապես այն պայթուցիկ նյութերը, որոնք.

ա) արտադրվում կամ պահվում են սահմանափակ քանակությամբ՝ բացառապես պատշաճ կերպով թույլատրված գիտական հետազոտություններում, մշակումներում կամ նոր կամ վերափոխված պայթուցիկ նյութերի փորձարկումներում օգտագործելու նպատակով,

բ) արտադրվում կամ պահվում են սահմանափակ քանակությամբ՝ բացառապես պայթուցիկ նյութերի հայտնաբերման ուղղությամբ պատշաճ կերպով թույլատրված ուսուցման և/կամ պայթուցիկ նյութերի հայտնաբերման համար սարքավորումների մշակումների կամ փորձարկումների նպատակով,

գ) արտադրվում կամ պահվում են սահմանափակ քանակությամբ` բացառապես պատշաճ կերպով թույլատրված դատագիտական նպատակներով օգտագործման համար, կամ

դ) նախատեսված են ներառման համար կամ ներառվում են որպես անբաժանելի բաղկացուցիչ տարր արտադրող պետության տարածքում պատշաճ կերպով թույլատրված ռազմական սարքավորումներում` այդ պետության նկատմամբ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում: Նշված երեք տարվա ընթացքում ստեղծված այդպիսի սարքավորումները համարվում են սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ կետի գործողության տակ գտնվող` պատշաճ կերպով թույլատրված ռազմական սարքավորումներ:

2. Սույն մասում`

2-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում «պատշաճ կերպով թույլատրված» նշանակում է` համապատասխան մասնակից պետության օրենքներին և կանոններին համապատասխան թույլատրված, և

«հզոր պայթուցիկ նյութեր»-ը ներառում են, մասնավորապես, ցիկլոտետրամեթիլենտետրանիտրամին (HMX, օկտոգեն), պենտազրիտրատի տետրանիտրատ (PETN, պենտրիտ) և ցիկլոտրիմեթիլենտրինիտրամին (RDX, հեքսոգեն):

 

Մաս 2. Դրոշմադրող նյութեր

 

Դրոշմադրող նյութ համարվում է ստորև ներկայացված աղյուսակում նշված նյութերից ցանկացածը: Այդ աղյուսակում նկարագրված դրոշմադրող նյութերը նախատեսվում են նյութերի գոլորշիների հայտնաբերման միջոցների օգնությամբ պայթուցիկ նյութերի հայտնաբերումը բարելավելու նպատակով օգտագործելու համար: Յուրաքանչյուր դեպքում դրոշմադրող նյութը ներառվում է պայթուցիկ նյութում այնպես, որ այն հավասարաչափ բաշխված լինի պատրաստի արտադրանքում: Արտադրելուց հետո պատրաստի արտադրանքում դրոշմադրող նյութի նվազագույն խտությունը համապատասխանում է վերոհիշյալ աղյուսակում նշվածին:

 

ԱՂՅՈՒՍԱԿ

 

Դրոշմադրող նյութի անվանումը

Մոլեկուլային ֆորմուլան

Մոլեկուլային կշիռը

Նվազագույն խտությունը

Էթիլենգլիկոլդինիտրատ (EGDN)

C2H4 (NO3)2

152

0,2% ըստ կշռի

2,3 -դիմեթիլ-2,3-դինիտրոբութան
(DMNB)

C6H12 (NO2)2

176

0,1% ըստ կշռի

պարա-մոնոնիտրոտոլուոլ
(p-MNT)

C7H7 NO2

137

0,5% ըստ կշռի

օրտո- մոնոնիտրոտոլուոլ (o-MNT)

C7H7NO2

137

0,5% ըստ կշռի

 

Ցանկացած պայթուցիկ նյութ, որը սովորական արտադրման արդյունքում պարունակում է խտության պահանջվող նվազագույն մակարդակով կամ այդ մակարդակի գերազանցմամբ` նշված դրոշմադրող նյութերից ցանկացածը, դիտվում է որպես դրոշմադրված:

 

Ուժի մեջ է մտել 20.09.2005թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան