Գլխավոր տեղեկություն
Номер
N 212-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.06.2014-25.06.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2012.12.28/65(939).1 Հոդ.333.13
Принят
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Дата принятия
19.11.2012
Подписан
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Дата подписания
19.11.2012
Дата вступления в силу
06.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.07.2023

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 32012462

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

19 նոյեմբերի 2012 թ.

N 212-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 25.04.14 N 125-Ն)

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 11-րդ հոդվածի 5-րդ մասով, 30-րդ հոդվածի 2-րդ մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի օդանավի անձնակազմին, ինչպես նաև օդային երթևեկության կառավարման կարգավարներին վկայականների տրման կարգ»-ը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 1999 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիոն մասնագետներին վկայականներ տալու մասին կանոնակարգը» հաստատելու և գործողության մեջ դնելու մասին» թիվ 5 հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2012 թվականի նոյեմբերի 19-ի

N 212-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրման կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի օդանավի անձնակազմին, ինժեներատեխնիկական անձնակազմին (այսուհետ` օդանավերի տեխսպասարկման մասնագետներ), ինչպես նաև օդային երթևեկության կառավարման կարգավարներին, օդային երթևեկության կառավարման ուսանող կարգավարներին (այսուհետ` ՕԵԿ կարգավարներ) վկայականներ տալու հետ կապված հարաբերությունները: Կարգի իմաստով քաղաքացիական ավիացիայի մասնագետներ են հանդիսանում թռիչքային անձնակազմի անդամ հանդիսացող, օդային երթևեկության կառավարման մեջ ներառված, օդանավերի տեխնիկական սպասարկում իրականացնող այն ֆիզիկական անձինք, որոնք իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելու համար պետք է ունենան հատուկ և/կամ մասնագիտական պատրաստվածություն (այսուհետ` ավիացիոն մասնագետներ):

2. Կարգը մշակվել է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) Հավելված 1-ի (Ավիացիոն մասնագետների վկայագրում), ԻԿԱՕ ԴՈԿ 9379-AN/916-ի, Եվրոկոնտրոլ կազմակերպության ԵՍԱՌՌ-5 (ESARR-5) և Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) ՓԱՐՏ ՖՍԼ, ՓԱՐՏ ԱՌԱ (PART FCL, PART ARA) և ՓԱՐՏ 66-ի (PART 66) դրույթների հիման վրա:

3. Ավիացիոն մասնագետի վկայականը (այսուհետ` վկայական) փաստաթուղթ է, որը իրավունք է տալիս վկայական կրողին դրա մեջ նշված որակավորման նիշերին համապատասխան իրականացնել մասնագիտական գործառույթներ:

4. Ավիացիոն մասնագետի մոտ վկայականի առկայությունը պարտադիր է մասնագիտական գործառույթներ իրականացնելիս` բացառությամբ օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի, որը պահանջի դեպքում պետք է ներկայացնի վկայականը 24 ժամվա ընթացքում:

5. Վկայականները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության և օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչությունների կողմից: Տրված վկայականների վերաբերյալ յուրաքանչյուր վարչությունում վարվում է վկայականների գրանցամատյան, որը ներառում է վկայականների վերաբերյալ տեղեկատվություն:

6. Վկայականները տրվում են հետևյալ ավիացիոն մասնագետներին.

1) Օդաչու (ինքնաթիռ, ուղղաթիռ, սավառնակ, ազատ օդապարիկ),

2) Շտուրման,

3) Բորտինժեներ,

4) Բորտռադիստ,

5) Բորտուղեկցորդ,

6) Բորտօպերատոր,

7) ՕԵԿ կարգավար,

8) Օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետ:

7. Ավիացիոն մասնագետների վկայականները լինում են հետևյալ տիպերի.

1) Թռիչքային անձնակազմի (օդաչու, շտուրման, բորտինժեներ և բորտռադիստ) վկայական (Հավելված 1),

2) Թռիչքային (սրահի) անձնակազմի (բորտօպերատոր և բորտուղեկցորդ) վկայական (Հավելված 2),

3) Օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայական (Հավելված 3),

4) Օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայական (Հավելված 4):

8. Օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայականը տրվում է Գլխավոր վարչության պետի 2006 թվականի մարտի 13-ի N 41-Ն հրամանով հաստատված «Օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման կարգ»-ին համապատասխան:

 

II. ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

9. Վկայականը կազմվում է հատուկ պաշտպանվածություն ունեցող սպիտակ գույնի թղթից և բաղկացած է 8 էջից, յուրաքանչյուրը Ա 7 (105x74 մմ - ISO 216 միջազգային ստանդարտ) չափի թղթից, որի առաջին էջը հանդիսանում է տիտղոսաթերթ, իսկ մնացած 7-ը լրացման համար են: 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ էջերի ներքևի ձախ անկյունում դրվում է վկայականի համարը, իսկ աջ անկյունում` էջի հերթական համարը: Վկայականի տիտղոսաթերթը լրացվում է հայերեն և անգլերեն լեզուներով, իսկ 2-րդից 8-րդ էջերը լրացվում են անգլերեն լեզվով:

 

III. ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10. Ավիացիոն մասնագետը վկայական ստանալու, դրա գործողության ժամկետը երկարաձգելու, վկայականի վերականգնման, կրկնօրինակ ստանալու, դրա մեջ համապատասխան որակավորման վերաբերյալ նշումներ կատարելու և վկայականի փոխարինման համար Գլխավոր վարչության պետի 2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 257-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ներքին գործավարության կարգ»-ին համապատասխան հայտ է ներկայացնում` թռիչքային անձնակազմի համար` օդաչու, շտուրման, բորտինժեներ և բորտռադիստ` համաձայն Հավելված 5-ի, իսկ թռիչքային (սրահի) անձնակազմի բորտօպերատոր և բորտուղեկցորդ` համաձայն Հավելված 6-ի` Գլխավոր վարչության թռիչքային գործունեության վարչություն, ՕԵԿ կարգավարի համար` համաձայն Հավելված 7-ի` Գլխավոր վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն, օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետի համար` համաձայն Հավելված 8-ի` Գլխավոր վարչության թռիչքային պիտանիության վարչություն:

11. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) դիմողի անձնագրի պատճենը,

2) համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող ուսումնական հաստատության կողմից տրված ավարտական փաստաթղթի պատճենը` վկայականը առաջին անգամ ստանալու դեպքում,

3) համապատասխան վերապատրաստումը, որակավորումը և գործնական ուսուցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

4) թռիչքային գրքույկը (օդաչուներ),

5) համապատասխան դասի բժշկական սերտիֆիկատ (թռիչքային անձնակազմ և ՕԵԿ կարգավար):

12. Հայտը և կից փաստաթղթերը Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանում մուտք լինելուց հետո ուսումնասիրվում են և հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է մասնագիտական համապատասխանության գործընթացի ժամկետների մասին: Եթե հայտի և կից փաստաթղթերի մեջ առկա են թերություններ, ապա այդ դեպքում դրա մասին գրավոր տեղեկացվում է հայտատուին, որը համապատասխան տեղեկացումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները և կրկին ներկայացնի Գլխավոր վարչություն: Նշված ժամկետում թերությունները չվերացնելու կամ չշտկելու դեպքում հայտը Գլխավոր վարչության կողմից թողնվում է անհետևանք:

13. Հայտ ներկայացրած ավիացիոն մասնագետը մասնագիտական համապատասխանության գործընթացը (փաստաթղթերի ուսումնասիրություն, թեստավորում, աշխատանքների կատարման գործնական ստուգում) անցնում է Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված ընթացակարգերով:

14. Վկայականը ստորագրվում և տրվում է կարգի 10-րդ կետում նշված Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից, իսկ նրա բացակայության դեպքում նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից` կարգի 13-րդ կետում նշված մասնագիտական համապատասխանության գործընթացի դրական արդյունքում` հինգ տարի ժամկետով: Մասնագիտական համապատասխանության գործընթացի բացասական արդյունքի դեպքում հայտատուին վկայական չի տրվում և համապատասխան գործընթացի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին գրավոր տեղեկացվում է հայտը մերժելու մասին: Բացասական արդյունք ստացած հայտատուն վկայական ստանալու համար կրկին կարող է հայտ ներկայացնել հայտը մերժելու գրությունը ստանալու օրվանից ոչ շուտ, քան 90 օր հետո:

15. Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման պետի, իսկ նրա բացակայության դեպքում նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից վկայականի կրկնօրինակը տրվում է վկայականի կորստի, վնասվելու կամ վկայականի տիրոջ անունը և/կամ ազգանունը օրենքով սահմանված կարգով փոխելու դեպքում: Վկայականի կրկնօրինակը լրացնելիս տիտղոսաթերթի վրա տպվում է «կրկնօրինակ» գրառումը և տրվում նախկին վկայականի համարը:

16. Վկայականի մեջ համապատասխան որակավորման վերաբերյալ նշումները կատարվում են կարգի 10-րդ կետում նշված Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման պետի, իսկ նրա բացակայության դեպքում նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից:

17. Վկայականի գործողության ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կամ փոխարինվել կարգի 10-րդ, 11-րդ, 12-րդ 13-րդ և 14-րդ կետերով սահմանված ընթացակարգերով:

18. Այն դեպքում, երբ վկայականում անհրաժեշտ է կատարել նշումներ, սակայն նշումների համար հատկացված բաժինները ամբողջական լրացված են, վկայականը փոխարինվում է նորով և դրա մեջ գրառվում են տրման օրվա դրությամբ գործող նշումները:

19. Վկայականներում օգտագործվում են հապավումներ` համաձայն Հավելված 9-ի:

 

IV. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

20. Թռիչքային անձնակազմի (օդաչու, շտուրման, բորտինժեներ, բորտռադիստ) վկայականները (հավելված 1) լրացվում են հետևյալ կերպ.

1) 1-ին էջ - տիտղոսաթերթ, որի վրա ըստ հաջորդականության հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում է «Հայաստանի Հանրապետություն» բառերը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, վկայական տվող լիազորված մարմնի անվանումը, «ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը և այն միջազգային կազմակերպությունների և չափորոշիչ փաստաթղթերի անվանումը, որոնց համաձայն տրված է վկայականը.

2) 2-րդ էջ.

ա. I կետում - վկայական տվող պետության անվանումը,

բ. III կետում - վկայականի համարը հետևյալ ֆորմատով.

2 նիշ - վկայականի տրման պետության պետական դասիչը` տրված Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ)-ի կողմից (AM - Հայաստանի Հանրապետություն), 4 նիշ - արաբական թվերով հերթական համարը, Օրինակ` AM 0001),

գ. IV կետում - վկայականի տիրոջ ազգանունը և անունը,

դ. IVa կետում - վկայականի տիրոջ ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

ե. XIV կետում - վկայականի տիրոջ ծննդյան վայրը,

զ. V կետում - վկայական տալու պահին վկայականի տիրոջ բնակության վայրը (պետություն, քաղաք, փոստային դասիչ),

է. VI կետում - վկայականի տիրոջ քաղաքացիությունը,

ը. VII կետում - վկայականի տիրոջ ստորագրությունը,

թ. VIII կետում - վկայական տվող մարմնի անվանումը,

ժ. X կետում - վկայական տվող պաշտոնատար անձի ստորագրությունը և հանձնման օրը, ամիսը, տարեթիվը,

ժա. XI կետում - վկայական տվող մարմնի կնիքը.

3) 3-րդ էջ.

ա. II կետում - վկայականի անվանումը հապավումներով, որոնց հասկացությունը նշված է վկայականի 5-րդ էջում, առաջին անգամ վկայականի տրման օրը, ամիսը, տարեթիվը, վկայականի տրման պետության պետական դասիչը տրված ՄԱԿ-ի կողմից (AM - Հայաստանի Հանրապետություն),

բ. IX կետում - վկայականի գործողության ժամկետը (օր, ամիս, տարեթիվ).

(Սույն կետում նշվում է նաև, որ տվյալ վկայականը գործում է միայն բժշկական համապատասխան կարգի սերտիֆիկատի և անձը հաստատող լուսանկարով փաստաթղթի առկայության դեպքում),

գ. XII կետում - որակավորման նշումները, ռադիոհաղորդակցման իրավասությունն օդանավում և որ լեզվով է այն իրականացվելու (լրացվում է օդաչուների, շտուրմանների և բորտռադիստների համար),

 դ. XIII կետում - հատուկ նշումներ` անգլերեն լեզվի իմացության մակարդակի վերաբերյալ.

4) 4-րդ էջ.

ա. XII կետ - վերահաստատված հերթական որակավորման նիշերը (սարքավորումներով թռիչքներ կատարելու որակավորում` միայն օդաչուների համար, օդանավի տեսակ, դաս և տիպ) և դրանց գործողության ժամկետները, հրահանգչական և քննողական որակավորման նիշերը ու դրանց գործողության ժամկետները, հատուկ նշումներ վկայականի տիրոջը վերաբերող սահմանափակումների վերաբերյալ (օրինակ` ըստ բժշկական սերտիֆիկատի և այլն).

5) 5-րդ էջ.

ա. Վկայականում օգտագործվող հապավումներ.

6) 6-րդ, 7-րդ և 8-րդ էջեր.

ա. XII և XIII կետերում - վերահաստատված հերթական որակավորման նիշը, վերահաստատման հերթական թեստավորման տարեթիվը, վերահաստատված հերթական որակավորման նիշի գործողության ժամկետը և Գլխավոր վարչության թռիչքային գործունեության վարչություն պետի ստորագրությունը:

21. Թռիչքային (սրահի) անձնակազմի (բորտօպերատորի և բորտուղեկցորդի) վկայականները (հավելված 2) լրացվում են հետևյալ կերպ.

1) 1-ին էջ - տիտղոսաթերթ, որի վրա ըստ հաջորդականության հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում է «Հայաստանի Հանրապետություն» բառերը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, վկայական տվող լիազորված մարմնի անվանումը, «ԹՌԻՉՔԱՅԻՆ (ՍՐԱՀԻ) ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՎԿԱՅԱԿԱՆ (ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ)» բառերը, այն միջազգային կազմակերպությունների և չափորոշիչ փաստաթղթերի անվանումը, որոնց համաձայն տրված է վկայականը.

2) 2-րդ էջ.

ա. I կետում - վկայական տվող պետության անվանումը,

բ. III կետում - վկայականի համարը հետևյալ ֆորմատով.

2 նիշ - վկայականի տրման պետության պետական դասիչը` տրված Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ)-ի կողմից (AM - Հայաստանի Հանրապետություն), 4 նիշ - արաբական թվերով հերթական համարը, օրինակ` (AM 0001),

գ. IV կետում - վկայականի տիրոջ ազգանունը և անունը,

դ. IVa կետում - վկայականի տիրոջ ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

ե. XIV կետում - վկայականի տիրոջ ծննդյան վայրը,

զ. V կետում - վկայական տալու պահին վկայականի տիրոջ բնակության վայրը (պետություն, քաղաք, փոստային դասիչ),

է. VI կետում - վկայականի տիրոջ քաղաքացիությունը,

ը. VII կետում - վկայականի տիրոջ ստորագրությունը,

թ. VIII կետում - վկայական տվող մարմնի անվանումը,

ժ. X կետում - վկայական տվող պաշտոնատար անձի ստորագրությունը և հանձնման օրը, ամիսը, տարեթիվը,

ժա. XI կետում - վկայական տվող մարմնի կնիքը.

3) 3-րդ էջ.

ա. II կետում - վկայականի անվանումը հապավումներով, որոնց հասկացությունը նշվում է վկայականի 5-րդ էջում, առաջին անգամ վկայականի տրման օրը, ամիսը, տարեթիվը, վկայականի տրման պետության պետական դասիչը` տրված ՄԱԿ-ի կողմից (AM - Հայաստանի Հանրապետություն),

բ. IX կետում - վկայականի գործողության ժամկետը (օր, ամիս, տարեթիվ)։

(Սույն կետում նշվում է նաև, որ տվյալ վկայականը գործում է միայն բժշկական համապատասխան կարգի սերտիֆիկատի և անձը հաստատող լուսանկարով փաստաթղթի առկայության դեպքում),

գ. XII կետում - նշվում է, որ վկայական կրողը ՓԱՐՏ ԱՌԱ պահանջների համապատասխանության (նշվում է օդանավի տեսակը) և դրա վրա շարունակական համապատասխանության դեպքում կարող է կատարել սրահի անձնակազմի անդամի պարտականությունները միայն այն օդանավում, որը իրականացնում է առևտրային գործունեություն,

դ. XIII կետում - հատուկ նշումներ` կապված պաշտոնական պարտականությունների կատարման թույլտվության պայմանների հետ.

4) 4-րդ էջ.

ա. XII կետ - վերահաստատված հերթական որակավորման նիշերը և դրանց գործողության ժամկետները, հրահանգչական որակավորման նիշերը ու դրանց գործողության ժամկետները, հատուկ նշումներ` կապված վկայականի տիրոջը վերաբերող սահմանափակումների վերաբերյալ (օրինակ` ըստ բժշկական սերտիֆիկատի և այլն).

5) 5-րդ էջ.

ա. Վկայականում օգտագործվող հապավումներ.

6) 6-րդ, 7-րդ և 8-րդ էջեր.

ա. XII կետում - վերահաստատված հերթական որակավորման նիշը, վերահաստատման հերթական թեստավորման տարեթիվը, վերահաստատված հերթական որակավորման նիշի գործողության ժամկետը և Գլխավոր վարչության թռիչքային գործունեության վարչության պետի ստորագրությունը:

22. ՕԵԿ կարգավարների վկայականները (հավելված 3) լրացվում են հետևյալ կերպ.

1) 1-ին էջ տիտղոսաթերթ, որի վրա ըստ հաջորդականության հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում է «Հայաստանի Հանրապետություն» բառերը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, վկայական տվող լիազորված մարմնի անվանումը, «ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը (Օդային երթևեկության կառավարման ուսանող կարգավարի դեպքում տպագրվում է «ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՍԱՆՈՂ ԿԱՐԳԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ»), և այն միջազգային կազմակերպությունների և չափորոշիչ փաստաթղթերի անվանումը, որոնց ստանդարտների համաձայն տրված է վկայականը.

2) 2-րդ էջ.

ա. I կետում - վկայական տվող պետության անվանումը,

բ. III կետում - վկայականի համարը հետևյալ ֆորմատով.

2 նիշ - վկայականի տրման պետության պետական դասիչ` տրված Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ)-ի կողմից (AM - Հայաստանի Հանրապետություն), 5 նիշ - արաբական թվերով հերթական համարը, օրինակ (AM 00001),

գ. IV կետում - վկայականի տիրոջ ազգանունը և անունը,

դ. IVa կետում - վկայականի տիրոջ ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և վայրը,

ե. V - վկայականի տիրոջ բնակության վայրը (փողոց, քաղաք, վարչական տարածք և փոստային դասիչը),

զ. VI կետում - վկայականի տիրոջ քաղաքացիությունը,

է. VII կետում - վկայականի տիրոջ ստորագրությունը,

ը. VIII կետում - վկայական տվող մարմնի անվանումը,

թ. X կետում - վկայական տվող պաշտոնատար անձի ստորագրությունը և հանձնման օրը, ամիսը, տարեթիվը,

ժ. XI կետում - վկայական տվող մարմնի կնիքը.

3) 3-րդ էջ.

ա. II կետում - վկայականի անվանումը հապավումներով, որոնց հասկացությունը նշվում է վկայականի 5-րդ էջում, առաջին անգամ վկայականի տրման տարեթիվը, վկայականի տրման պետության պետական դասիչը` տրված ՄԱԿ-ի կողմից (AM - Հայաստանի Հանրապետություն),

բ. IX կետում - վկայականի գործողության ժամկետը (օր, ամիս, տարեթիվ)։

Սույն կետում նշվում է նաև, որ տվյալ վկայականը գործում է միայն բժշկական համապատասխան կարգի սերտիֆիկատի և անձը հաստատող լուսանկարով փաստաթղթի առկայության դեպքում,

գ. XII կետում - որակավորման նշումները, ռադիոհաղորդակցման իրավասությունն օդային երթևեկության կառավարման կարգավարական կետում և ինչ լեզվով է այն իրականացվելու,

դ. XIII կետում - հատուկ նշումներ` անգլերեն լեզվի իմացության մակարդակի վերաբերյալ.

4) 4-րդ էջ.

ա. XII կետում - վերահաստատված հերթական որակավորման նիշերը, որակավորման հատուկ նիշերը, հրահանգչական և քննողական որակավորման նիշերը և տրման օրը, ամիսը, տարեթիվը.

5) 5-րդ էջ.

ա. XIV կետում - վկայականում օգտագործվող հապավումներ և թռիչքային տեղեկատվական շրջանի դասիչը, տրված ԻԿԱՕ-ի կողմից, որպես աշխատավայր (Հավելված 9).

6) 6-րդ, 7-րդ և 8-րդ էջեր (ուսանող կարգավարի դեպքում չի լրացվում).

XII կետում - վերահաստատված որակավորման նիշը, վերահաստատված որակավորման հատուկ նիշը և վերահաստատված որակավորման նիշի գործողության ժամկետը (օր, ամիս, տարեթիվ) և քննողի ազգանունը, ստորագրությունը:

23. Օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետների վկայականները (հավելված 4) լրացվում են հետևյալ կերպ.

1) 1-ին էջ - տիտղոսաթերթ, որի վրա ըստ հաջորդականության հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում է «Հայաստանի Հանրապետություն» բառերը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, վկայական տվող լիազորված մարմնի անվանումը, «ՓԱՐՏ-66» բառերը, «ՕԴԱՆԱՎԻ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը «Licence N: AM 66 XXX/YY» (որտեղ XXX-ը` հերթական համարն է, YY-ը` տրման տարեթվի վերջին երկու թվերն են), ներքևի ձախ անկյունում «ՁԵՎ 26» բառերը.

2) 2-րդ էջ.

ա. IVa կետում - վկայականի տիրոջ անունը և ազգանունը,

բ. IVb կետում - վկայականի տիրոջ ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և վայրը,

գ. V կետում - վկայական տալու պահին վկայականի տիրոջ բնակության վայրը (փողոց, քաղաք, վարչական տարածք և փոստային դասիչը),

դ. VI կետում - վկայականի տիրոջ քաղաքացիությունը,

ե. VII կետում - վկայականի տիրոջ ստորագրությունը.

3) 3-րդ էջ.

ա. IX կետում - ՓԱՐՏ-66 թույլտվությունների տեսակները`

թույլտվության ժամկետը,

Ա, Բ1, Բ2, Բ3, Ց
թույլտվությունների տեսակ`  
կիրառելիությունը`   
Տուրբինային ինքնաթիռ` Ա1, Բ1.1
Մխոցային ինքնաթիռ` Ա2, Բ1.2
Տուրբինային ուղղաթիռ` Ա3, Բ1.3
Մխոցային ուղղաթիռ` Ա4, Բ1.4
Ավիոնիկա`

   Բ2

Մխոցային շարժիչով չճնշարկվող օդանավ 2000 կգ և ցածր վերթիռային զանգվածով օդանավ` Բ3

Մեծ օդանավ` Ց
Մեծ չհանդիսացող օդանավ` Ց
բ. X կետում - վկայական տվող պաշտոնատար անձի ստորագրությունը և հանձնման օրը, ամիսը, տարեթիվը,

գ. XI կետում - վկայական տվող մարմնի կնիքը.

4) 4-րդ էջ.

ա. XII կետում - ՓԱՐՏ-66-ով սահմանված օդանավի տիպի որակավորման նիշերը:

Տվյալ կետում նշվում է օդանավի տեսակը կամ խումբը, կատեգորիան և հաստատվում է կնիքով և նշվում օրը, ամիսը, տարեթիվը.

5) 5-րդ էջ.

ա. XIII կետում - ՓԱՐՏ-66-ում նկարագրված սահմանափակումները և գործողության ժամկետը տարեթվով (օրը, ամիսը, տարեթիվը).

6) 6-րդ էջ.

ա. VIII կետում - նշվում է վկայականի տրամադրման հետևյալ պայմանները.

Տվյալ վկայականը գործում է անձը հաստատող լուսանկարով փաստաթղթի առկայության դեպքում:

Տվյալ վկայականի 3-րդ էջի IX կետում նշված որակավորման նիշերը թույլ չեն տալիս վկայականի տիրոջը ձևակերպելու օդանավի հետագա շահագործման թույլտվությունը:

Տվյալ վկայականը օդանավի տիպի տվյալներով հաստատվելու դեպքում պետք է համապատասխանի ԻԿԱՕ-ի հավելված 1-ին:

Տվյալ վկայականի տիրոջ իրավունքները սահմանված են ՓԱՐՏ-66-ով:

Տվյալ վկայականն ուժի մեջ է մինչև սահմանափակումների էջում նշված օրը, ամիսը, տարեթիվը, եթե նախապես այն չի կասեցված կամ դադարեցված:

Տվյալ վկայականով տրված արտոնությունները չեն գործում, եթե դրա կրողը նախորդ երկու տարվա ընթացքում առնվազն վեց ամիս չի զբաղվել տեխսպասարկման աշխատանքներով` համաձայն վկայականում շնորհված իրավունքների, կամ չունի նախապատրաստվածություն համապատասխան իրավունքներ իրականացնելու համար.

7) 7-րդ էջ.

ա. XIV կետում - ազգային արտոնություններ ՓԱՐՏ-66-ի շրջանակներից դուրս, համաձայն նորմատիվ իրավական ակտերի (կիրառելի է միայն Հայաստանի Հանրապետությունում), վկայական տվող մարմնի կնիքը և օրը, ամիսը, տարեթիվը.

8) 8-րդ էջը չի լրացվում

(հավելվածը խմբ., փոփ. 02.07.13 N 113-Ն, խմբ. 25.04.14 N 125-Ն)

 

Հավելված 1

 

Հավելված 2

 

Հավելված 3

 

Հավելված 4

 

Հավելված 5

 

Հավելված 6

 

Հավելված 7

 

Հավելված 8

 

Հավելված 9