«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 օգոստոսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
16 հուլիսի 2013 թ. ք. Երևան |
N 416-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍԻԲԻՐԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել գյուղատնտեսական կենդանիների սիբիրախտ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը՝ համաձայն հավելվածի:
Ա. Բախչագուլյան |
Հավելված ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի հուլիսի 16-ի N 416-Ն հրամանի |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍԻԲԻՐԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սիբիրախտը բոլոր տեսակի գյուղատնտեսական և վայրի կենդանիների, ինչպես նաև մարդու սուր ընթացքով ինֆեկցիոն հիվանդություն է, որը բնորոշ է սեպտիցեմիայով, օրգանիզմի թունավորումով և մարմնի տարբեր հատվածներում կարբունկուլների (այտուցների) առաջացումով:
2. Սիբիրախտի նկատմամբ առավել զգայունակ են եղջերուները, այնուհետև ըստ զգայունակության աստիճանի հետևյալ կենդանիները՝ ոչխարները, այծերը, խոշոր եղջերավոր անասունները, ձիերը, բիզոնները, այծեղջյուրները, գոմեշները, խոզերը, ուղտերը: Գիշատիչ կենդանիներից հատկապես զգայունակ են սամույրները, ջրաքիսները, ջրարջերը, համեմատաբար թույլ զգայունակությամբ են օժտված կատուները, շները, գայլերը, աղվեսները, բևեռաղվեսները: Սիբիրախտի նկատմամբ զգայունակ են նաև մարդիկ:
3. Հիվանդության հարուցիչը Բացիլուս անտրացիս (Bac. Anthracis) աերոբ, գրամդրական, սպոր և պատիճ առաջացնող, անշարժ ցուպիկ է, որն ընդունակ է որոշակի պայմաններում բազմանալ հողի մեջ, տասնյակ տարիներ պահպանել իր կենսագործունեությունը ու վիրուլենտ հատկությունները: Սպորներով ախտահարված հողատարածքները երկար ժամանակ մնում են ինֆեկցիայի հարուցիչների փոխանցման գործոն:
4. Սիբիրախտի կանխարգելման և պայքարի միջոցառումները կազմակերպելիս հարկավոր է տարբերել սիբիրախտի նկատմամբ անապահով կետը և սպառնալիքի տարածքը կամ գոտին:
5. Սիբիրախտով անապահով կետ են համարում այն բնակավայրերը, համայնքները, մարզերը, տնտեսությունը, անասնապահական ֆերմաները` շենքերով և նրանց հարակից արոտատեղերով, արոտավայրերով, ջրամբարներով, ինչպես նաև առանձին նրանց հողահատվածները, հանդամասերը և այլ օբյեկտները, որտեղ անկախ ժամանակի վաղեմությունից երբևէ տեղի են ունեցել սիբիրախտով կենդանիների հիվանդանալու դեպքեր:
6. Սիբիրախտի նկատմամբ սպառնալիքի տարածք է համարվում վայրը, համայնքի տարածքը կամ համայնքը կամ մարզը, որտեղ ստույգ գրանցվել են սիբիրախտով անապահով կետերը և առկա է կենդանիների հիվանդության առաջացման սպառնալիք:
7. Սիբիրախտի նկատմամբ անապահով կետի և սպառնալիքի տարածքի սահմանները որոշում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ հաշվի առնելով անասնատերերի, ֆերմաների, բնակավայրերի, համայնքների, մարզերի մթերող և վերամշակող կազմակերպությունների, կենդանիների, գյուղատնտեսական արտադրանքի շուկաների առկայությունը և գործունեությունը, կենդանիների պահվածքի տիպը, հեռագնաց արոտավայրերի առկայությունը և օգտագործումը, հողաաշխարհագրական և բնակլիմայական պայմանները և այլ հանգամանքներ:
8. Սիբիրախտի դեմ համալիր միջոցառումները ընդգրկում են այդ հիվանդության նկատմամբ անապահով տարածքներում ամբողջ զգայունակ անասնագլխաքանակի կանխարգելիչ իմունացումը և կենդանիներին վարակումից պահպանելը:
9. Հիվանդությունը ծագելու դեպքում կարևոր է նրա ժամանակին ախտորոշումը և համաճարակային օջախի վնասազերծումը, հիվանդ կենդանիների դիակների և սիբիրախտի հարուցչով ախտահարված մթերքների ոչնչացումը, շենքերի, սարքավորումների և վարակված տարածքների առողջացումը:
10. Սիբիրախտ գրանցված տնտեսությունները, տարածքները, համայնքները, մարզերը պարտադիր կարգով հաշվառվում և գրանցվում են համաճարակային քարտեզներում և հաշվառման մատյաններում, որոնք կազմում և վարում են տնտեսությունը կամ համայնքը սպասարկող անասնաբույժները և համայնքի ղեկավարը, տարածքի՝ համայնքի կամ մարզի համաճարակային քարտեզի վրա նշելով ամսաթիվը, կենդանիների հիվանդացության և անկման դեպքերի քանակը, վարակի օջախի ստույգ տեղը:
11. Համաճարակային քարտեզի հետ պարտադիր պահում են անապահով տնտեսությունների տարածքների հողօգտագործման քարտեզի պատճենները, որի վրա պայմանական նշաններով գծանշվում են սիբիրախտից անկած կենդանիների կամ սպանդի ենթարկված դիակների թաղման տեղերը:
12. Համաճարակային հաշվառման մատյանների տվյալները հաշվի են առնվում հակասիբիրախտային միջոցառումների տարեկան պլանները կազմելիս:
13. Սիբիրախտի նկատմամբ անապահով և սպառնալիքի ենթակա վայրերում հիվանդության տարածման կանխարգելման նպատակով օգտագործել մամուլը, ռադիոն և զանգվածային լրատվության այլ միջոցները բնակչության և անասնապահների շրջանում կանոնավոր բացատրական աշխատանք տանելու, հիվանդության, վարակման և տարածման ուղիների վերաբերյալ:
II. ՍԻԲԻՐԱԽՏԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
14. Սիբիրախտի նկատմամբ անապահով կետերում և սպառնալիքի ենթակա տարածքներում կատարվում են կենդանիների իմունականխարգելում և անասնաբուժասանիտարական միջոցառումներ:
15. Անասնաբուժասանիտարական միջոցառումներն ընդգրկում են՝
1) անասնագերեզմանոցների, սիբիրախտից անկած կենդանիների դիակների կամ կենդանական ծագման մթերքի և հումքի թաղման վայրերի, բիոթերմիկ հորերի ցանկապատումը և պատշաճ սանիտարական վիճակում պահպանելու աշխատանքների անցկացումը.
2) սիբիրախտի նկատմամբ անապահով, վարակված, կենդանիների անկած վայրի կամ տարածքի կամ տնտեսության ախտահանությունը, որի ստույգ հաստատված սահմաններում արձանագրվել են վարակման կամ անկման դեպքեր.
3) կենդանիների կուտակման, կենդանական ծագման մթերքների և հումքի մթերման, պահպանության և վերամշակման վայրերի անասնաբուժասանիտարական և համաճարակային վիճակի մշտական հսկողության կազմակերպումը և իրականացումը.
4) սիբիրախտով վարակվածության կամ կասկածի դեպքում տնտեսությունը կամ տարածքը սպասարկող անասնաբույժին պարտադիր տեղեկացնելը, առանց անասնաբույժի գիտության և թույլտվության, անասնաբուժական զննման չենթարկված կենդանու սպանդի կամ մորթի բացառումը, մանրէաբանական հետազոտության արդյունքում սիբիրախտը բացառող պայմաններում և օգտագործման համար պիտանի ճանաչված կենդանական ծագման մթերքի և հումքի իրացումը.
5) սիբիրախտի նկատմամբ անապահով վայրերում և հարակից տարածքներում ագրոհիդրոմելիորատիվ և շինարարական այլ աշխատանքների կատարման համար լիազոր մարմնին տեղեկացնելը և լիազոր մարմնի թույլտվությամբ հողաթափման և հողահանման աշխատանքներ իրականացնելը:
16. Սիբիրախտի նկատմամբ զգայունակ կենդանիների յուրահատուկ իմունականխարգելումը կատարվում է սիբիրախտի նկատմամբ անապահով և սպառնալիքի ենթակա տարածքների անասնապահական բոլոր տնտեսություններում համապատասխան պատվաստանյութով` ըստ օգտագործման հրահանգի և հակասիբիրախտային պատվաստումների ժամանակացույցի:
17. Հակասիբիրախտային կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են՝
1) հասակավոր խոշոր եղջերավոր կենդանիներին, ոչխարներին, այծերին, ձիերին` տարեկան երկու անգամ, վեց ամիս ընդմիջումով, գարնանը՝ արոտավայրեր քշելուց առաջ և աշնանը՝ մսուրային պահվածքին անցնելու ժամանակ.
2) խոշոր եղջերավոր կենդանիների մատղաշին` երեք ամսական հասակում, իսկ այնուհետև վերապատվաստել 6 ամիս հետո.
3) գառներին՝ առաջին անգամ երեք ամսական հասակում, իսկ այնուհետև վերապատվաստել 3 ամիս հետո.
4) եղջերուներին և ուղտերին` տարին մեկ անգամ.
5) խոզերին` տարին մեկ անգամ և այն էլ միայն ազատ արոտային կամ ճամբարային պահվածքի դեպքում:
18. Հակասիբիրախտային կանխարգելիչ պարտադիր պատվաստման ենթակա են սիբիրախտի նկատմամբ սպառնալիքի ենթակա տնտեսություններ և տարածքներ բերված բոլոր նոր կենդանիները, որոնց խառնումը ընդհանուր հոտերին թույլատրվում է սահմանված կարգով հաշվառումից և պատվաստումից 14 օր հետո:
19. Հակասիբիրախտային կանխարգելիչ պատվաստումների կատարումը արձանագրվում և փաստաթղթավորվում է՝ նշելով պատվաստված կենդանիների գլխաքանակը ըստ /տեսակների/ օգտագործված պատվաստանյութի և այն արտադրողի անվանումը, սերիայի և պետհսկիչի համարները, արտադրման ժամկետը, ծախսված պատվաստանյութի քանակը, ինչպես նաև կենդանիներին պատվաստողի և կենդանիների հետպատվաստային վիճակին ու խնամքին հետևողի անունը, ազգանունը: Պատվաստումների կատարման ակտին կցում են կենդանիների սեփականատերերի, նրանց պատկանող կենդանիների ցուցակը՝ նշելով անասնատիրոջ ազգանունը և նրան պատկանող կենդանիների տեսակը, քանակը, հասակը: Եթե սուր հիվանդություն, ցածր բտվածություն, խոր հղիություն կամ այլ թույլատրելի պատճառով կենդանուն հնարավոր չի եղել պատվաստել, ապա նրան գրանցում են առանձին ցուցակում՝ նշելով կենդանու սեփականատերը, չպատվաստելու պատճառները և պատվաստման հնարավոր ժամկետը: Ակտերը և ցուցակները ենթակա են պահպանման առնվազն 3 տարի:
20. Սիբիրախտի դեմ պատվաստված կենդանիների սպանդը մսի համար թույլատրվում է պատվաստումից հետո 14 օրից ոչ շուտ:
21. Պատվաստված կենդանիների սպանդը սույն հրահանգի 20-րդ կետում սահմանված ժամկետից շուտ թույլատրվում է տնտեսությունը կամ տարածքը սպասարկող անասնաբույժի գրավոր թույլտվությամբ, եթե կենդանու մարմնի ջերմաչափման արդյունքում մարմնի ջերմությունը նորմայի սահմաններում է և բացակայում են հետպատվաստային բարդությունները՝ պահպանելով սպանդի ենթակա կենդանիների անասնաբուժական զննման, սպանդից ստացված մսի և սպանդային մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության և օգտագործման համար պիտանի ճանաչված մսի իրացման պահանջները:
22. Հակասիբիրախտային պատվաստումներից հետո, մինչև 14 օրը լրանալը կամ անկած կենդանիների կաշվի հանելը թույլատրվում է այդ կենդանիների արյան քսուքների սիբիրախտի նկատմամբ մանրադիտակային հետազոտության և կաշվի պրեցիպիտացիայի ռեակցիայով բացասական արդյունք ստանալուց հետո: Մինչև կաշվե նմուշների պրեցիպիտացիայի ռեակցիայով հետազոտման արդյունքների ստանալը, անկած և հարկադիր մորթի ենթարկված կենդանիներից հանված կաշին կամ մորթիները պահում են առանձին հատկացված փակ շենքում:
23. Ֆիզիկական և իրավաբանական անձինք օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում սիբիրախտի դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իրականացման համար, ընդգրկելով անասնագերեզմանոցների, բիոթերմիկ հորերի և կենդանիների դիակների թաղման այլ տեղերի կահավորման և սանիտարական վիճակում պահպանման միջոցառումները, ինչպես նաև կենդանիների սպանդի, մսի, մսամթերքների և կաշվեհումքի պահպանման համար պատշաճ պայմանների ստեղծումը:
III. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍԻԲԻՐԱԽՏԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
24. Կենդանիների սեփականատերերը կամ տնտեսությունները և համայնքները սպասարկող անասնաբույժները, համայնքի ղեկավարները պարտավոր են լիազոր մարմնին անհապաղ տեղեկացնել ֆերմայի կենդանիների հանկարծակի, առանց ակնհայտ պատճառների անկման, կամ հիվանդանալու դեպքերի մասին, հատկապես երբ այն ուղեկցվում է կենդանու մարմնի վրա արագ գոյացող տաք, մեծացող ուռուցքներ առաջանալով, պարանոցի, կրծքատակի, փորի այտուցներով, ինչպես նաև արյունոտ կղանքների և ուժեղ կոլիկների ի հայտ գալով:
25. Սույն հրահանգի 24-րդ կետում նշված նշաններով կենդանիների հիվանդության, անկման կամ հարկադիր մորթի մասին տեղեկություն ստանալով՝ տնտեսությունը կամ համայնքը սպասարկող անասնաբույժը դեպքի վայրում ձեռնարկում է համապատասխան միջոցներ.
1) ջերմաչափում է ֆերմայի, հոտի, նախիրի, անասնաբակի ամբողջ անասնագլխաքանակը.
2) առանձին խմբերով առանձնացնում է սիբիրախտով հիվանդ և հիվանդության մեջ կասկածելի կենդանիներին.
3) ապահովում դրանց մեկուսացումը և առանձին պահվածքը.
4) անկած կամ հարկադիր մորթի ենթարկված կենդանուց վերցնում է ախտաբանական նյութ և պահպանելով անվտանգության բոլոր միջոցները` ախտորոշման նպատակով ուղարկում է լաբորատորիա.
5) դեպքի մասին հայտնում է լիազոր մարմնին, համայնքի ղեկավարին և ՀՀ առողջապահության նախարարությանը:
26. Լաբորատոր հետազոտության ուղարկում են անկած կենդանու ականջը` կտրված այն կողմից, որ կողմի վրա ընկած է դիակը: Նախօրոք ականջը, արմատի մոտ երկու տեղ կապում են պարանով կամ մետաքսաթելով, ապա կապած տեղերի միջև ականջը կտրում, կտրվածքի տեղը խարում են շիկացած մետաղով: Կտրված ականջը փաթաթում են կարբոլաթթվի 3 %-անոց լուծույթով ներծծված մառլյայի մեջ և տեղավորում են ոչ խոնավաթափանց տարայի մեջ:
27. Սիբիրախտ կասկածելու դեպքում անկած կենդանու դիակի դիահերձումն արգելվում է:
28. Եթե սիբիրախտի նկատմամբ կասկածը առաջացել է դիահերձման կամ մսեղիքի մասնատման ընթացքում, ապա աշխատանքը անհապաղ դադարեցնում են և լաբորատոր հետազոտության համար որպես ախտաբանական նյութ ուղարկում են փայծաղի մասը և ավշային հանգույցներ: Լաբորատոր հետազոտության համար խոզերի դիակներից վերցնում են այտուցված հյուսվածքների հատվածները, հետըմպանային, ենթածնոտային կամ միջընդերքային ավշային հանգույցները: Մուշտակամորթ գազանների դիակները ուղարկում են ամբողջությամբ:
29. Ախտաբանական նյութը հերմետիկ փակվում է, պիտակավորվում, որի վրա նշվում է կենդանու տեսակը, ախտաբանական նյութի անունը և քանակը, պահածոյացնող նյութը, վերցման ժամկետը և ուղարկողի հասցեն: Տեղադրվում է սառույցով կամ սառեցուցիչով հատուկ տուփերի մեջ և տեղափոխվում լիազոր մարմին:
30. Լաբորատոր հետազոտություն կատարելու համար ուղարկվող ախտաբանական նյութերը պետք է պարտադիր ունենան ուղեկցող փաստաթղթեր, որտեղ նշվում է այդ հիվանդությունների նկատմամբ զգայունակ կենդանիների ընդհանուր գլխաքանակը, առաջին նշաններ երևալու ժամանակը, վերջին պատվաստման ժամկետը, օգտագործված պատվաստանյութի խմբաքանակը, հիվանդացած և անկած կենդանիների քանակը, ախտաբանական նյութի վերցման ժամանակը և որոշակի տվյալներ հիվանդության կլինիկական արտահայտման և ընթացքի մասին:
31. Ազգային հետազոտական լաբորատորիայում ախտաբանական նյութի (հարկադիր մորթի ենթարկված կենդանիների մսի) բակտերիոլոգիական հետազոտության ժամկետը չի գերազանցում 3 օրը, իսկ կենդանաբանական փորձ դնելու դեպքում՝ 10 օրը:
32. Սիբիրախտի նկատմամբ ախտաբանական նյութի մանրադիտակային հետազոտությունից դրական արդյունք ստանալու դեպքում, ազգային հետազոտական լաբորատորիան անհապաղ տեղեկացնում է լիազոր մարմնին, որը դեպքի վայրում կատարում է համաճարակաբանական ուսումնասիրություն:
33. Անասնաբուժության բնագավառում քաղաքականություն մշակող և իրականացնող պետական մարմինը և լիազոր մարմինը սիբիրախտի ախտորոշման հաստատումից հետո կազմակերպում և իրականացնում են՝
1) դեպքի վայրում և հարակից տարածքներում, այդ թվում՝ համայնքներում համաճարակաբանական հետազոտություն և վերլուծություն.
2) համաճարակային իրավիճակը, հիվանդության հնարավոր տարածման ուղիները և սահմանները պարզելուց հետո սահմանում է անապահով կետի վարակի օջախի, վարակի նկատմամբ սպառնալիքի գոտու սահմանները.
3) վարակի մեջ կասկածվող կենդանիների կլինիկական զննում և ջերմաչափում` հատուկ ուշադրություն դարձնելով կլինիկական նշանների և հիվանդության ընթացքի վրա.
4) կաթի, կաթնամթերքի, մսի, մսամթերքի, կենդանական ծագման հումքի և բոլոր տեսակի կերերի օգտագործման, տեղափոխման և իրացման նկատմամբ սահմանափակումներ:
34. Սիբիրախտի նախնական ախտորոշման հաստատումից հետո տվյալ տարածքը, համայնքը կամ տարածաշրջանը կամ մարզը լիազոր մարմնի կողմից հայտարարվում է սիբիրախտի նկատմամբ անապահով, որոշվում են սահմանները և այդ տարածքում սահմանվում է կարանտին, տեղադրվում են շուրջօրյա կարանտինային պահակակետեր:
35. Սիբիրախտի ախտորոշման հաստատումից հետո սահմանվում է կարանատին «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
36. Սիբիրախտի կարանտին հայտարարված տարածքում կիրառվում են արգելքներ ու սահմանափակումներ.
1) անապահով տարածքում չի թույլատրվում իրականացնել կենդանիների, կենդանական ծագման մթերքների, հումքի և կերերի զանգվածային վաճառք, ինչպես նաև կազմակերպել միջոցառումներ, որոնք կարող են առաջացնել կենդանիների, մարդկանց և տրանսպորտային միջոցների մեծաքանակ կուտակումներ.
2) արգելվում է՝
ա. անապահով կետից բոլոր տեսակի կենդանիների, այդ թվում նաև թռչունների դուրսբերումը, տեղափոխումը և իրացումը.
բ. բոլոր տեսակի կենդանական և բուսական ծագման մթերքների, հումքի, կերերի արտահանումը, ինչպես նաև հարուցիչներով ախտահարված գույքի, խնամքի առարկաների, տեխնիկական և տրանսպորտային միջոցների դուրսբերումը կարանտինային գոտու սահմաններից.
գ. բոլոր տեսակի կենդանիների վերախմբավորումները անասնապահական տնտեսության ներսում և տնտեսությունից դուրս՝ առանց անասնաբույժի թույլտվության.
դ. կողմնակի անձանց մուտքն անասնաշենքեր և կենդանիներ պահելու համար նախատեսված այլ շինություններ և տարածքներ՝ բացառությամբ խնամող անձնակազմի.
ե. սիբիրախտից անկած կենդանիներ թաղել կամ անասնագերեզմաններ ստեղծել այն վայրերում, որտեղ բարձր է ստորգետնյա ջրերի մակարդակը.
զ. անկած կենդանիների դիակները թաղելը կամ հորելը այդ նպատակի համար չնախատեսված վայրերում.
է. հիվանդ կենդանիների կաթի օգտագործումը.
ը. հիվանդ կամ հիվանդության նկատմամբ կասկածվող կենդանիների սպանդը: Չիմացության կամ միտումնավոր կատարված հարկադիր մորթի արդյունքում սիբիրախտով հիվանդ կենդանիներից ստացված միսը, ենթամթերքը և հումքը կամ դրանց հետ շփված մսեղիքը, սպանդային ենթամթերքը ենթակա են ոչնչացման.
թ. դիակների հերձումը և անկած կենդանիների կաշիները հանելը, դիերի հերձումը թույլատրվում է միայն նյութատեխնիկական հագեցվածություն ունեցող վայրում՝ ախտորոշման նպատակով.
ժ. վիրաբուժական վիրահատություններ կատարելը, բացի անհետաձգելիներից.
ժա. արհեստական սերմնավորման նպատակով սերմնահեղուկի ստացումն ու արտահանումը.
ժբ. բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն անապահով տարածքով, այս դեպքում երթևեկությունն իրականացվում է շրջանցող ճանապարհներով և ցուցանակներով նշված երթուղիներով.
3) հիվանդ և հիվանդության նկատմամբ կասկածելի կովերի կաթը ենթակա է ոչնչացման վարակազերծումից հետո, որը կատարվում է կաթի մեջ 25%-ից ոչ պակաս ակտիվ քլոր պարունակող կիր ավելացնելու եղանակով՝ 20լ կաթին 1 կգ-ի հաշվարկով: Կաթը համարվում է վարակազերծված 6 ժամ հետո.
4) սպառնալիքի ենթակա տնտեսության կամ տարածքի բոլոր զգայունակ կենդանիները ենթարկվում են կանխարգելիչ պատվաստման, իսկ պատվաստումից հետո սահմանվում է հետպատվաստային 14-օրյա հսկողություն՝ կենդանիների ամենօրյա զննումով և ջերմաչափումով.
5) անապահով տարածք թույլատրվում է միայն հատուկ նշանակության ավտոմեքենաների մուտքն ու ելքը համայնքային հանձնաժողովի կողմից տրված գրավոր թույլտվությամբ, այն պայմանով, որ դուրս գալուց առաջ ավտոմեքենան, ուղևորների արտահագուստն ու կոշիկները պարտադիր ենթարկվեն ախտահանության: Այդ նպատակով կարանտինային հսկիչ կետերից մեկում տեղադրված է ախտահանիչ խցիկ, որտեղ անհրաժեշտ նյութեր և պարագաներ են` արտահագուստի և կոշիկների, ինչպես նաև սարքավորումների, տրանսպորտային միջոցների ախտահանության համար.
6) ապահով ցանքատարածություններից, արոտավայրերից, խոտհարքի հանդավայրերից մթերված հացահատիկը, կոպիտ և հյութալի կերերը, որոնք չեն շփվել սիբիրախտով հիվանդ կենդանիների հետ և չեն աղտոտվել նրանց արտաթորանքներով, թույլատրում են արտահանելու միայն կարանտինը հանելուց հետո.
7) այն հողամասերից, որոնց վրա անմիջապես գտնվել են սիբիրախտով անկած կենդանիները, ստացված հացահատիկը, կոպիտ և հյութալի կերերը, տնտեսությունից արտահանման ենթակա չեն, նրանցով տեղում կերակրում են սիբիրախտի դեմ պատվաստված կենդանիներին:
37. Անապահով տարածքում տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը կազմակերպում և ապահովում է հետևյալ միջոցառումները`
1) սիբիրախտից անկած կենդանիների դիակների այրումը.
2) փակել անապահով կետից տանող բոլոր ճանապարհները, նշանակել անհրաժեշտ քանակության կարանտինային շուրջօրյա պահակակետեր, տեղադրել համապատասխան նախազգուշական ցուցանակներ.
3) կարանտինային պահակակետերը ապահովել անհրաժեշտ քանակությամբ հերթապահ մասնագետներով, բացի այդ կահավորեն արգելաձողերով, ախտահանիչ ավազանով և անհրաժեշտ այլ միջոցներով.
4) անապահով տարածքի բոլոր կենդանիներին տեղափոխել մսուրային պահվածքի կամ արածեցման համար հատկացնել առանձին արոտավայրեր.
5) սիբիրախտի նկատմամբ զգայունակ բոլոր տեսակի կենդանիներին հաշվառել.
6) սիբիրախտի նկատմամբ անապահով տնտեսության և համայնքին պատկանող տեխնիկա և կենդանիների պատվաստումների, պահակակարանտինային միջոցառումների, ախտահանության աշխատանքների կատարման համար տրամադրել անհրաժեշտ թվով մարդկանց, արտաքին միջավայրում սիբիրախտի հարուցչի ոչնչացման նպատակով.
7) հիվանդ և հիվանդ լինելու մեջ կասկածելի կենդանիների խնամքի համար, բժշկական ծառայության հետ համաձայնեցնելուց հետո, առանձնացնել հատուկ սպասարկող անձնակազմ և նրան ապահովել արտահագուստով (խալաթներ, գոգնոցներ, ռետինե ձեռնոցներ, կոշիկներ և այլն).
8) աշխատողներին, որոնց ձեռքերի երեսի և մարմնի այլ բաց տեղերում ունեն քերծվածքներ, ճանկռվածքներ և մաշկի վնասվածքներ, չթույլատրել հիվանդ կենդանիների խնամքի, դիակների հավաքման, վարակված շենքերի և այլ օբյեկտների մաքրման և ախտահանության աշխատանքին:
38. Կարանտինի տարածքում տնտեսությունը կամ համայնքը սպասարկող անասնաբույժը անապահով կետում բոլոր կենդանիներին զննելուց հետո նրանց բաժանում է երկու խմբի`
1) առաջին խումբ` սիբիրախտով հիվանդ և հիվանդացած լինելու կասկածով կենդանիներ, որոնց պատկանում են հիվանդության կլինիկական նշաններ` մարմնի բարձր ջերմություն, փքանք, ծակոցներ, աղեփքանքներ, կարբունկուլներ, ինֆիլտրատներ ունեցող կենդանիները.
2) երկրորդ խումբ` սիբիրախտով վարակվածության մեջ կասկածվող կենդանիներ, որոնց պատկանում են մնացած զգայունակ կենդանիները, որոնք չեն ունեցել հիվանդության կլինիկական նշաններ, բայց գտնվել են այն հոտում, նախրում, անասնաբակում, որտեղ ախտորոշվել է սիբիրախտ:
39. Սույն հրահանգի 36-րդ կետի 1-ին ենթակետում նշված կենդանիներին բուժման են ենթարկում հակասիբիրախտային շիճուկով, գամմա-գլոբուլիններով և հակաբիոտիկներով: Կլինիկապես առողջանալուց 14 օր անց նրանց պատվաստում են հակասիբիրախտային պատվաստանյութով՝ ըստ պատվաստանյութի օգտագործման հրահանգի:
40. Սույն հրահանգի 36-րդ կետի 2-րդ ենթակետում նշված կենդանիներին պատվաստում են հակասիբիրախտային պատվաստանյութով՝ ըստ պատվաստանյութի օգտագործման հրահանգի:
41. Հիվանդ կենդանիների արտաթորանքով կեղտոտված գոմաղբը, ցամքարը և կերի մնացորդները հեռացնելուց առաջ խոնավացնում են կծու նատրիումի 10%-անոց տաք լուծույթով, իսկ հետո հնարավորության սահմանում այրում են տեղում` պահպանելով հակահրդեհային անվտանգության կանոնները:
42. Կոյուղաջրին կոյամբարում խառնում են 25%-ից ոչ պակաս ակտիվ քլոր պարունակող չոր քլորակիր, յուրաքանչյուր 20 լ կոյուղաջրին 1 կգ քլորակիր հաշվով:
43. Անասնաշենքերում, որտեղ սիբիրախտով հիվանդ կենդանին սատկել է, ախտահանում են կծու նատրիումի 10%-անոց տաք լուծույթով, իսկ փայտե հատակը և միջնորմները՝ այրում:
44. Սիբիրախտի հարուցչով կեղտոտված մակերեսների ախտահանության համար օգտագործում են կծու նատրիումի 10%-անոց տաք լուծույթ կամ ֆորմալդեհիդի 4%-անոց լուծույթ կամ քլորակրի պատրաստուկների լուծույթները՝ քլորակիր, կալցիում հիպոքլորիդի երկուերրորդ մասով հիմնային աղը, չեզոք կալցիումի հիպոքլորիդ, տեկստանիտ, որոնցում ակտիվ քլորի պարունակությունը 5%, կամ 10%-անոց ակտիվ քլոր պարունակող դիքլորիզոցիանուրային թթվի նատրիումական աղի լուծույթ է կամ 10%-անոց միաքլորային յոդ՝ միայն փայտե մակերեսների ախտահանման համար, կամ ջրածնի պերօքսիդի 7%-անոց լուծույթ կամ գլուտարային ալդեհիդի 2%-անոց լուծույթ:
45. Սույն հրահանգի 42-րդ կետում նշված ախտահանիչ միջոցներով ախտահանությունը, բացի միաքլոր յոդից, ջրածնի պերօքսիդից և գլուտարային ալդեհիդից, կատարում են երեք անգամ 1 ժամ ընդմիջումով, տիպային շենքերում 1 լ լուծույթը 1 մ2 մակերեսի հաշվարկով և կենդանիներին պահելու հարմարեցված շենքերում՝ 2 լ լուծույթը 1 մ2 մակերեսի հաշվարկով:
46. Միաքլոր յոդը օգտագործելիս մակերեսը մշակում են կրկնակի` 15-30 րոպե ընդմիջումով, լուծույթի 1 լիտրը 1 մ2 մակերեսի հաշվարկով, իսկ ջրածնի պերօքսիդ և գլուտարային ալդեհիդ օգտագործելիս հիմք է ընդունվում նույն հաշվարկը, սակայն մակերեսները 1 ժամ ընդմիջումով մշակելով:
47. Վերջին անգամ ախտահանիչ լուծույթի օգտագործումից հետո անասնաշենքը 3 ժամ փակում են, այնուհետև օդափոխում, իսկ անասնաշենքի կերամանները և ջրախմոցները լվանում են ջրով:
48. Օդի ցածր՝ բացասական ջերմաստիճանի դեպքում մակերեսների ախտահանության համար օգտագործում են կալցիումի հիպոքլորիդի երկուերրորդ հիմնային աղի կամ չեզոք կալցիումի հիպոքլորիդի 8%-անոց կամ դիքլորիզոցիանուրային թթվի նատրիումական աղի 12%-անոց լուծույթները: Այդ ախտահանիչների լուծույթները պատրաստում են կերակրի աղի տաք՝ 500-600C լուծույթով, 00-150C ջերմաստիճանի դեպքում օգտագործում են կերակրի աղի 15%-անոց լուծույթ, իսկ -150-300C պայմաններում` 20%-անոց լուծույթ: Փայտե մակերեսների վարակազերծման համար օգտագործում են միաքլորային յոդի 10%-անոց լուծույթը՝ 1 լիտր լուծույթը 1 մ2 մակերեսի հաշվարկով եռանվագ, յուրաքանչյուր անգամ 0.3-ական լիտր ախտահանիչ լուծույթով մակերեսը ջրելուց առաջ այն թրջում են կերակրի աղի հագեցած տաք լուծույթով 0.5 լիտր լուծույթը 1 մ2 մակերեսի հաշվարկով:
49. Հողը վարակազերծում են չոր քլորակրով: Հողի մակերեսը ախտահանում են կծու նատրիումի 10%-անոց տաք լուծույթով՝ 10 լիտր լուծույթը 1 մ2 մակերեսի հաշվարկով կամ ֆենոսմոլինի 18%-անոց էմուլսիայով՝ 18 լիտր լուծույթը 1 մ2 մակերեսի հաշվարկով կամ ֆորմալդեհիդի 4%-անոց լուծույթով՝ 5 լիտր լուծույթը 1 մ2 մակերեսի հաշվարկով կամ քլորակրի պարզեցված 5%-անոց լուծույթով՝ 10 լիտր լուծույթը 1 մ2 մակերեսի հաշվարկով կամ չեզոք կալցիումի հիպոքլորիդի 10%-անոց լուծույթով՝ 10 լիտր լուծույթը 1 մ2 մակերեսի հաշվարկով կամ կալցիումի հիպոքլորիդի երկուերրորդով հիմնային աղի կամ դիքլորիզոցիանուրային թթվի նատրիումական աղի 15%-անոց լուծույթներով՝ 10 լիտր լուծույթը 1 մ2 մակերեսի հաշվարկով: Զրոյից ցածր ջերմաստիճանի ժամանակ օգտագործում են չեզոք կալցիումի հիպոքլորիդի 15% ակտիվ քլոր պարունակող տաք՝ 500-600C լուծույթը, որը պատրաստված է 15-20%-անոց աղային լուծույթով, 10 լիտր լուծույթը 1 մ2 մակերեսի հաշվարկով:
50. Սիբիրախտից անկած կենդանու, հարկադիր մորթված կամ սիբիրախտավոր դիակի դիահերձման տեղում հողը այրում են, այնուհետև խոնավացնում 5%-անոց ակտիվ քլոր պարունակող քլորակրի լուծույթով՝ 10 լիտր լուծույթը 1 մ2 մակերեսի հաշվարկով: Դրանից հետո հողը 25 սմ-ից ոչ պակաս խորությամբ փորում են, շուռ տալիս, ապա խառնում 25%-ից ոչ պակաս ակտիվ քլոր պարունակող չոր քլորակրի հետ՝ 3 մաս հող և 1 մաս քլորակիր հաշվարկով, որից հետո հողը խոնավացնում են ջրով: Սիբիրախտից սատկած կենդանու դիակի ընկած տեղի, հին անասնագերեզմանոցների հողի վնասազերծումը կարելի է կատարել նաև «ՕԿԷԲ» կամ բրոմային մեթիլ գազերով՝ ըստ գազի օգտագործման հրահանգի:
51. Արտահագուստը, խոզանակները, քերիչները, դույլերը և այլ մանր գույքը վարակազերծում են՝ ընկղմելով քլորամինի 1%-անոց ակտիվացված լուծույթի կամ ֆորմալդեհիդի 4%-անոց լուծույթի մեջ 4 ժամ տևողությամբ կամ եռացնում են կալցինացված սոդայի 2%-անոց լուծույթի մեջ 90 րոպեից ոչ պակաս տևողությամբ: Մուշտակավոր գործվածքները, կաշվե, ռետինե ոտնամանները և փչացող այլ ապրանքները վարակազերծում են ախտահանության եղանակով՝ պարաֆորմալինային խցերում ֆորմալդեհիդի գոլորշով 58-590C ջերմաստիճանի տակ` 3 ժամ տևողությամբ, խցի 1 մ3 ծավալին 250մլ ֆորմալինի ծախսի հաշվարկով:
52. Միս արտադրող և վերամշակող կազմակերպություններում կենդանիների մոտ սիբիրախտի նշաններ կամ սիբիրախտ կամ սիբիրախտով վարակված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում՝
1) խոշոր եղջերավոր կենդանիների մոտ մսեղիքների մասնատման ժամանակ ենթամաշկային ցանցաշերտում դոնդողանման ներսափռանքներ, իսկ խոզերի մոտ պարանոցի և կրծքի հատվածներում ենթամաշկային այտուցներ հայտնաբերելիս, աշխատողը պարտավոր է անհապաղ դադարեցնել աշխատանքը և անմիջապես այդ մասին հայտնել սպասարկող անասնաբույժին.
2) արտադրությունում սիբիրախտ կասկածելու կամ հայտնաբերելու դեպքում անհապաղ դադարեցվում է առաջնային մշակման արտադրամասի աշխատանքը, իսկ այնուհետև կատարվում են հիվանդության տարածման և վերացման սույն հրահանգով նախատեսված միջոցառումները.
3) սիբիրախտ ախտորոշվելուց հետո հիվանդության դեմ պայքարի աշխատանքների ընթացքում կենդանիների սպանդը և գործունեությունը դադարեցվում է.
4) սիբիրախտի նկատմամբ խոզերի մսեղիքի առաջնային անասնաբուժական զննումը կատարվում է արյունազրկումից անմիջապես հետո՝ մինչև հետագա մասնատման համար մսեղիքի փոխանցելը: Խոզերի գլուխները ամբողջությամբ չեն առանձնացվում մսեղիքներից, այլ թողնել պարանոցի մակերեսային հյուսվածքներից կախված վիճակում.
5) խոզերի փորոտիքի հանումը կատարել անասնաբույժի կողմից ենթածնոտային, պարանոցային, հարականջային, ըմպանի, նշագեղձերի և կոկորդի ավշահանգույցները զննելուց հետո.
6) սպանդի տարածքում կամ արտադրամասերում հատակին շաղ են տալիս 25%-ից ոչ պակաս ակտիվ քլոր պարունակող չոր քլորակիր՝ 2 կգ/1 մ2 մակերեսի հաշվարկով և այնուհետև խոնավացնում են ջրով` 5լ/1 մ2 մակերեսի հաշվարկով, 1 ժամ ախտահանության տևողությամբ.
7) բոլոր սարքավորումների և շենքերի մակերեսները, պատերը հատակից 2մ բարձրության վրա մանրակրկիտ լվացել կալցինացված սոդայի 5%-անոց տաք 700 -ից ոչ պակաս լուծույթով և ախտահանություն կատարում սույն հրահանգով սահմանված ախտահանիչներից մեկով.
8) գործիքները՝ դանակները, մկրատները, սրաքարերը և այլն, ախտահանել կալցինացված սոդայի 0.5%-անոց լուծույթի մեջ 90 րոպե տևողությամբ եռացնելով կամ 2 ժամվա ընթացքում ավտոկլավում 1.5 մթնոլորտային ճնշման պայմաններում: Պակաս արժեքավոր գործիքները և այլ մետաղե իրերը ենթակա են բոցակիզման.
9) արտահագուստը վարակազերծում են ավտոկլավում կամ ջրի մեջ եռացնում 90 րոպե տևողությամբ.
10) կենդանիների հավաքատեղի և հարակից տարածքների գոմաղբը, որտեղ հայտնաբերվել է դիակ կամ սիբիրախտով հիվանդ կենդանի, ենթակա է այրման.
11) բոլոր աշխատողները, որոնք շփվել են սիբիրախտով հիվանդ կենդանիների կամ նրանից ստացված մթերքների հետ, ծանոթացվում են սիբիրախտի դեպքում անհրաժեշտ կանխարգելիչ միջոցների հետ և պարտադիր կարգով ենթարկվում են սանիտարական մշակման.
12) կազմակերպության գործունեությունը թույլատրվում է միայն հիվանդության հարուցիչների վերացումը երաշխավորող բոլոր միջոցառումները անցկացնելուց հետո.
13) կազմակերպությունում կատարված բոլոր միջոցառումները արձանագրվում են՝ փաստաթղթավորված հավաստման համար:
53. Սիբիրախտի նկատմամբ կարանտինը հանվում՝ չեղյալ է հայտարարվում լիազոր մարմնի ներկայացմամբ՝ սիբիրախտով հիվանդ կենդանու անկման կամ առողջացման վերջին և կենդանիների հակասիբիրախտային պատվաստումների հատպատվաստային բարդացումների բացակայության դեպքից 15 օր անց:
54. Կարանտինը չեղյալ հայտարարելուց առաջ լիազոր մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների կողմից կազմվում է ակտ, նշելով հիվանդության ընթացքը մինչև պատվաստումները, ըստ կենդանատեսակների անկումների քանակը և անկման ամսաթիվը, պատվաստված կենդանիների քանակը, օգտագործված պատվաստանյութի անվանումը, դոզան, սերիան և պետհսկիչի համարները, պատվաստման ժամկետը, պատվաստանյութն արտադրողը, պատվաստումներից հետո տեղի ունեցած բարդությունների, անցկացված անասնաբուժասանիտարական միջոցառումների, վարակված գոմաղբի պահեստավորման տեղերի և այլնի մասին: Ակտը կազմում են երկու օրինակից, որից մեկը տրվում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին, մյուսը ուղարկվում է լիազոր մարմին:
55. Սույն հրահանգի կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը: