«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 նոյեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11010425
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 հոկտեմբերի 2010 թ. |
N 1507-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
Դրսեկության ձեՎով (էքստեռն) փոխադրական եՎ ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու եՎ ՀՀ կրթության եՎ գիտության նախարարության 1998 թվականի մարտի 25-ի N 78-Մ եՎ ՀՀ կրթության եՎ գիտության նախարարի 2006 թվականի հունվարի 10-ի N 04-Ն եՎ 2007 թվականի հունվարի 29-ի N 39-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին
(ՎԵՐՆԱԳԻՐԸ խմբ. 10.09.12 N 833-Ն)
Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի դրույթները և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով
Հրամայում եմ՝
1. Հաստատել «Էքստեռն (դրսեկություն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու» կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության 1998 թվականի մարտի 25-ի «Էքստեռն ավարտական քննություններ անցկացնելու համար» N 78-Մ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հունվարի 10-ի «Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանցիներին էքստեռն փոխադրական քննություններին թույլատրելու համար կազմակերպվող հարցազրույցի չափորոշիչները հաստատելու և ՀՀ ԿԳ նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 21-ի N 556-Մ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 04-Ն և 2007 թվականի հունվարի 29-ի «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու մասին» N 39-Ն հրամանները:
(2-րդ կետը խմբ. 10.09.12 N 833-Ն)
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
|
Ա. Աշոտյան |
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թ. հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԴՐՍԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ (ԷՔՍՏԵՌՆ) ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցի` անկախ ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից (այսուհետ` դպրոց) սովորողի համար դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական քննություններ, ինչպես նաև հիմնական և միջնակարգ կրթական ծրագրերին համապատասխան` դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ (այսուհետ` էքստեռն) կազմակերպելու հետ կապված իրավահարաբերությունները:
II. ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
2. Դպրոցի սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ (հանրակրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետների փոփոխություն) կազմակերպվում են` ելնելով սովորողի կողմից հանրակրթական ծրագրերի յուրացման մակարդակից:
3. Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են դպրոցների 1-ից 8-րդ դասարանների բացառապես այն սովորողների համար, ովքեր նախորդ (բացառությամբ 1-ին դասարանի) դասարանի տարեկան, տվյալ դասարանի ընթացիկ և առաջին կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից ունեցել են գերազանց առաջադիմություն (տարեկանում` 9 կամ 10 միավոր, քննական` 10 բալային համակարգում 9 կամ 10 միավոր, իսկ 20 բալային համակարգում` 18, 19 կամ 20 միավոր), հիմնական կրթության գերազանցության վկայական, ինչպես նաև՝ 10-րդ դասարանների փոխադրական քննություններից գնահատվել են 9 կամ 10 միավոր` պահպանելով սույն կարգի 7-րդ կետի պահանջները:
4. «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելը չի կարող արգելք հանդիսանալ էքստեռն կարգով քննություններ հանձնելուն:
5. Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում դպրոցի սովորողը դասարանից դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:
6. Առաջին և երկրորդ աստիճանի կրթական ծրագրեր իրականացնող դպրոցի ավարտական դասարանների սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ չեն կազմակերպվում:
7. Միջազգային օլիմպիադաներում (առարկայական, սպորտային), մրցաշարերում, առաջնություններում, փառատոներում մասնակցություն ունենալու դեպքում երրորդ աստիճանի կրթական ծրագրեր իրականացնող հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի սովորողների համար, նրանց ցանկության դեպքում, կազմակերպվում են էքստեռն փոխադրական քննություններ` պահպանելով սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերի պահանջները:
8. Սովորողի համար էքստեռն փոխադրական քննությունները կազմակերպվում են հետևյալ ընթացակարգով.
1) մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 10-ը սովորողի ծնողը, դասղեկը և առնվազն 3 դասավանդող ուսուցիչ համատեղ գրավոր դիմում են ներկայացնում դպրոցի տնօրենին՝ սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու առաջարկով, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկվում է դպրոցի մանկավարժական խորհրդի նիստում,
2) սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերի պահանջների ապահովման դեպքում մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում՝ թույլատրել սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման քննություններին մասնակցելու մասին,
3) դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի որոշումը և սովորողի առաջադիմության վերաբերյալ փաստաթղթերը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` Նախարարություն):
9. Մանկավարժական խորհրդի կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված սովորողը` անկախ դպրոցի ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից, Երևան քաղաքում կենտրոնացված կարգով հանձնում է փոխադրական քննություններ.
1) 1-6-րդ դասարաններում` «Մայրենի» և «Մաթեմատիկա», 7-8-րդ դասարաններւմ` «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» (հանրահաշիվ, երկրաչափություն), իսկ 10-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» (Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր, Երկրաչափություն), «Հայոց պատմություն» առարկաներից:
2) Քննություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը նախագահում է Նախարարը կամ Նախարարի տեղակալը:
3) Փոխադրական քննություններն (գիտելիքների ստուգումը) անցկացվում են տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի և հաջորդ դասարանի 1-ին կիսամյակի ուսումնական պլաններով նախատեսված բոլոր առարկաների ծրագրային նյութի շրջանակներում:
4) Քննությունների թեստերը կազմվում են՝ հիմնական դպրոցի սովորողների համար Նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի (այսուհետ` ԿԱԻ), ավագ դպրոցի սովորողների համար՝ ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ` ԳԹԿ) կողմից:
Թեստերը փակ ծրարով ներկայացվում են Նախարարություն՝ առնվազն 15-ական առաջադրանք` սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված առարկաներից՝ ըստ քննություններին ներկայացված հայտերի քանակի:
10. Քննություններն անցկացվում են Նախարարության կողմից ընտրված դպրոցում, Նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով` հունվարի 20-26-ը ընկած ժամանակահատվածում:
11. Կենտրոնացված փոխադրական քննություններն անցկացնող հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում սովորողն իրավունք է ստանում հանձնել տվյալ դասարանի ուսումնական պլանով նախատեսված մնացած առարկաների քննությունները, որոնք անցկացվում են սովորողին երաշխավորած դպրոցում` դպրոցի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից:
12. Սույն կարգի 11-րդ կետում նշված քննությունները կազմակերպվում են հունվարի 27-ից փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում` առարկայական մեթոդական միավորումների կողմից կազմած քննական առաջադրանքներով:
13. Սույն կարգի 12-րդ կետում նշված ժամանակահատվածում հանձնվող քննությունների ժամանակացույցը ներկայացվում է լիազոր մարմնին և Նախարարություն:
1) «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», բնագիտական առարկաներից և օտար լեզուներից քննություններն անցկացվում են գրավոր, իսկ մնացած առարկաների քննությունները՝ ըստ մանկավարժական խորհրդի որոշման:
2) Փոխադրական բոլոր քննություններից 10 բալային համակարգում 9-10 միավոր գնահատվելու դեպքում դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու մասին:
14. Դպրոցում կազմակերպվող փոխադրական քննություններին կարող են մասնակցել Նախարարի լիազոր ներկայացուցիչը, ՀՀ մարզերում` տարածքային կառավարման մարմնի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի կրթության վարչությունների ներկայացուցիչները:
15. Դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա սովորողին հրամանով փոխադրում է հաջորդ դասարան և հնգօրյա ժամկետում տեղեկացնում Նախարարությանը և Լիազոր մարմնին:
16. Դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրված սովորողների քննական գնահատականները համարվում են կիսամյակային և տարեկան գնահատականներ:
III. ԷՔՍՏԵՌՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
17. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են կրթական 2-րդ և 3-րդ աստիճանների հանրակրթական հիմնական, ընդհանուր ծրագրերին համապատասխան:
18. Էքստեռն կարգով հիմնական կրթության վկայական ստանալու համար կարող է դիմել մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 16 տարին լրացած (լրացող) անձը (այսուհետ՝ դրսեկ):
19. Էքստեռն կարգով միջնակարգ կրթության ատեստատ կարող է ստանալ.
1) էքստեռն կարգով հիմնական կրթության վկայական ստացած և 18 տարին լրացած դրսեկը` էքստեռն կարգով հիմնական կրթության վկայական ստանալու տարվա` սույն կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված 3-րդ քննաշրջանից սկսած,
2) հիմնական կրթության վկայական ունեցող անձը, եթե վկայական ստանալու տարվանից անցել է 4 և ավելի տարի (տարիների հաշվարկը կատարվում է ուսումնական պարապմունքների ավարտման օրվանից)` 23-րդ կետով սահմանված առաջին, երկրորդ և երրորդ քննաշրջաններում:
20. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են Երևան քաղաքում` Նախարարության կողմից էքստեռն ավարտական քննություններ կազմակերպելու իրավունք ստացած ավագ դպրոց(ներ)ում:
21. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դրսեկների համար էքստեռն ավարտական քննություններ կազմակերպվում են Նախարարության կողմից ընտրված դպրոց(ներ)ում:
22. Ինքնակրթությամբ զբաղված անձը, ցանկության դեպքում, կարող է գրավոր դիմել որևէ ավագ դպրոց` քննական առարկաներից վճարովի հիմունքներով լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու խնդրանքով:
23. Հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են 3 քննաշրջաններով.
1) 1-ին քննաշրջան` փետրվարի 15-ից մարտի 15-ը ներառյալ` ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:
2) 2-րդ քննաշրջան` ավարտական և պետական ավարտական քննությունները՝ ըստ ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակացույցի, մյուս առարկաները՝ ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:
3) 3-րդ քննաշրջան` հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ` ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:
24. Ավարտական փաստաթուղթ ստանալու համար դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է ներկայացնում սույն կարգի 20-րդ կետում նշված ավագ դպրոցի տնօրենին` յուրաքանչյուր քննաշրջանից 30 աշխատանքային օր առաջ:
25. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) հիմնական կրթության վկայական ստանալու համար`
ա. անձը հաստատող փաստաթուղթ,
բ. տեղեկանք նախնական կրթության մասին` առկայության դեպքում,
գ. սույն կարգի 35-րդ կետով նախատեսված տեղեկանքը՝ առկայության դեպքում.
2) միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար`
ա. անձը հաստատող փաստաթուղթ,
բ. հիմնական կրթության վկայական (բնօրինակը),
գ. սույն կարգի 35-րդ կետով նախատեսված տեղեկանքը՝ առկայության դեպքում:
26. Էքստեռն ավարտական քննություններ հանձնող դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմումում նշում է, թե տվյալ քննաշրջանում քանի՞ քննություն է ցանկանում հանձնել և ո՞ր առարկաներից (պահպանելով սույն կարգի 20-րդ կետի պահանջները):
27. Փաստաթղթերը ներկայացվում են մեկ անգամ` բոլոր քննաշրջանների համար:
28. Փաստաթղթերի ընդունումն ավարտվում է քննաշրջանը սկսվելուց 10 աշխատանքային օր առաջ:
29. Էքստեռն քննություններ կազմակերպող ավագ դպրոցը փոխվելու դեպքում փաստաթղթերի պատճենները փոխանցվում են նոր դպրոցի տնօրենին:
30. Փաստաթղթերի պատճենները փոխանցող ավագ դպրոցի տնօրենը պատշաճ կերպով տեղեկացնում է այդ մասին դրսեկին կամ նրա օրինական ներկայացուցչին:
31. Սույն կարգի պահանջներին համապատասխանող Էքստեռն քննություններ հանձնել ցանկացողների փաստաթղթերը դպրոցի տնօրենը քննաշրջանը սկսվելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ ներկայացնում է Նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչություն` փաստաթղթերի ուսումնասիրության և սահմանված կարգին համապատասխան քննություններին թույլատրելու համար:
32. Գրավոր քննությունների թեստերը կազմվում են ԳԹԿ-ի կողմից և տրամադրվում են Նախարարությանը, բանավոր քննությունների առաջադրանքները` դպրոցի համապատասխան առարկայական մեթոդական միավորումների կողմից:
33. Էքստեռն քննություններ հանձնող դրսեկները քննական անբավարար գնահատականներ ստանալու դեպքում առաջադրանքներ չեն ստանում:
34. Սույն կարգի 23-րդ կետով սահմանված 2-րդ քննաշրջանի ընթացքում որևէ պատճառով քննություններին չներկայացած դրսեկը ավարտական և պետական ավարտական քննությունները հանձնում է ԳԹԿ-ի սահմանած օրերին:
1) 1-ին, 2-րդ կամ 3-րդ քննաշրջաններում որևէ պատճառով որևէ քննության չմասնակցած դրսեկը տվյալ քննությունը հանձնում է հաջորդ տարիներին` երեք քննաշրջանների ընթացքում:
35. Էքստեռն ավարտական քննություններ հանձնած դրսեկին սույն կարգի 20-րդ կետում նշված դպրոցի տնօրենը տրամադրում է տեղեկանք՝ գնահատման 10 միավորային համակարգում՝ 4-10, 20 միավորային համակարգում՝ 8-20 միավոր ստանալու վերաբերյալ:
36. Դրսեկի ստացած գնահատականները ուժի մեջ են մինչև հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալը:
37. Դրսեկը հաջորդ քննաշրջաններին քննություն է հանձնում միայն այն առարկաներից, որոնցից քննություն չի հանձնել կամ գնահատման 20 բալային համակարգում ստացել է 1-7, 10 միավորային համակարգում` 1-3 միավորներ:
38. Քննությունների հանձնաժողովները կազմում է (են) էքստեռն քննություններ անցկացնելու իրավունք ստացած դպրոց(ներ)ի տնօրեն(ներ)ը.
1) 9-րդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի երկու անդամ,
2) 12-րդ դասարանի համար՝ նախագահ և հանձնաժողովի երեք անդամ:
39. Էքստեռն կարգով քննությունների վերահսկողությունն իրականացնում է Նախարարությունը:
40. Բոլոր քննություններից գնահատման 10 միավորային համակարգում՝ 4-10, 20 միավորային համակարգում՝ 8-20 միավոր ստացած դրսեկներին սահմանված կարգով տրվում է հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ՝ «Էքստեռն» նշումով: Նշումը կատարում է Նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը:
41. Էքստեռն ավարտողները գովասանագրով կամ մեդալով չեն պարգևատրվում:
42. Էքստեռն ավարտողներին տրված հիմնական կրթության վկայականը կամ միջնակարգ կրթության ատեստատը գրանցվում է դպրոց(ներ)ի հիմնական կրթության վկայականների կամ միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյաններում: Դպրոցի հիմնական շրջանավարտների մասին տվյալները լրացնելուց հետո, հաջորդ տողի կենտրոնում գրվում է «Էքստեռն» բառը և համարակալումը շարունակելով` լրացվում են սույն կարգով ավարտական վկայական ստացած դրսեկների մասին տվյալները:
43. Էքստեռն ավարտական քննությունների ամփոփագրերը և քննական գրավոր աշխատանքները պահվում են քննությունները կազմակերպող դպրոց(ներ)ում` դրսեկի` հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալուց հետո` 1 տարի:
(հավելվածը խմբ. 10.09.12 N 833-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.01.2024, N 06-Ն | 31.01.2024, N 1507-Ն | |
25.01.2021, N 18-Ն | 30.01.2021, N 1507-Ն | |
15.01.2020, N 01-Ն | 11.02.2020, N 1507-Ն | |
10.09.2012, N 833-Ն | 25.10.2012, N 1507-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|