Գլխավոր տեղեկություն
Номер
N 4-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.12.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.12.03/29(442) Հոդ.300
Принят
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Дата принятия
09.11.2012
Подписан
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Дата подписания
09.11.2012
Дата вступления в силу
13.12.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 նոյեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10112416

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

 

9 նոյեմբերի 2012 թ.

ք. Երևան

N 4-Ն

  

Հ Ր Ա Մ Ա Ն

  

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 12 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասը և 27-րդ հոդվածի 4-րդ մասը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 433-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 11-րդ կետի «է» ենթակետով`

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել.

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ծառայողական քննություն նշանակելու իրավունք ունեցող հրամանատարների (պետերի) անվանացանկը` համաձայն հավելված 1-ի,

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ծառայողական քննության անցկացման կարգը` համաձայն հավելված 2-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ազգային անվտանգության նախարարի 2001 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայողական պարզաբանում կատարելու մասին» հրահանգը հաստատելու և գործողության մեջ դնելու մասին» N 12 հրամանը:

3. Հրամանը ծանոթացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սպայական և ենթասպայական կազմերին:

 

Գեներալ-գնդապետ՝

Գ. Հակոբյան

 

 

Հավելված 1

ՀՀ ԱԱԾ տնօրենի

2012 թ. նոյեմբերի 9-ի

N 4-Ն հրամանի

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ)

 

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում (այսուհետ` ՀՀ ԱԱԾ) ծառայողական քննություն նշանակելու իրավունք ունեն.

1) ՀՀ ԱԱԾ տնօրենը` համակարգի յուրաքանչյուր զինծառայողի նկատմամբ,

2) ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները` իրենց իրավասության սահմաններում ենթակա անձնակազմի նկատմամբ,

3) կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների պետերը՝ իրենց իրավասության սահմաններում ենթակա անձնակազմի նկատմամբ:

2. ՀՀ ԱԱԾ կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների պետերի ու նրանց տեղակալների նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու իրավունք ունի բացառապես ՀՀ ԱԱԾ տնօրենը:

 

 

Հավելված 2

ՀՀ ԱԱԾ տնօրենի

2012 թ. նոյեմբերի 9-ի

N 4-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում (այսուհետ նաև՝ ՀՀ ԱԱԾ) ծառայողական քննության, նշանակման հիմքերը, կազմակերպումը, ավարտը, դրան ներգրավված անձանց իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև ծառայողական քննության նյութերի հաշվառման և պահպանման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ծառայողական քննություն կատարվում է համակարգում տեղի ունեցած պատահարների, միջադեպերի, աշխատակիցների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված (մեղսագրվող) զանցանքների, հասարակական կարգի և համակեցության կանոնների, վարքի և բարոյականության նորմերի, ծառայողական և կանոնադրական կարգապահության և օրինականության խախտումների կապակցությամբ:

3. Ծառայողական քննությունը կոչված է նպաստելու ծառայողական և կանոնադրական կարգապահությունն ամրապնդելու, խախտումները կանխարգելելու, դրանց շուրջն անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու, հանձնարարված գործի համար անձնակազմի պատասխանատվությունը բարձրացնելու, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը և հայրենիքին անձնվիրաբար ծառայելու ոգով դաստիարակելու գործին:

4. Ծառայողական քննության նպատակն է պարզել կարգապահական խախտման բնույթը, դրա կատարման հանգամանքները, հետևանքները, բացահայտել զինծառայողների մեղքի աստիճանը, նպաստող պատճառները, պայմանները և որոշել կարգապահական տույժի տեսակը:

5. Ծառայողական քննություն կատարող պաշտոնատար անձինք ղեկավարվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքների, իրավական այլ ակտերի և սույն կարգի պահանջներով:

6. Ծառայողական քննությունը կատարվում է օրինականության, խախտումների հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման, դրանց վերաբերյալ աշխատակցի բացատրությունների և առարկությունների մանրակրկիտ ստուգման, քննության արդյունքների օբյեկտիվ գնահատման սկզբունքների հիման վրա:

7. Ծառայողական քննության խնդիրներն են.

1) պատահարի, միջադեպի, զանցանքի կամ իրավախախտման հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ պարզաբանումը,

2) ծառայողական քննության նյութերի հիման վրա օրինական և հիմնավորված որոշումների ընդունումը և կատարումը,

3) պատահարների, միջադեպերի, զանցանքի և իրավախախտումների կատարմանը նպաստող հանգամանքների վերացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը:

8. ՀՀ ԱԱԾ զինծառայողի կողմից կատարված քրեորեն պատժելի արարքի (հանցագործության) առթիվ քրեական գործի հարուցման դեպքում, որպես կանոն, ծառայողական քննություն չի կատարվում: Բացառիկ դեպքերում, հանցագործության հանգամանքները պարզաբանելու նպատակով, նախաքննության մարմնի հանձնարարությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ միջնորդությամբ և նախաքննության մարմնի համաձայնությամբ, մինչև քրեական գործ հարուցելը կամ նախաքննությանը զուգընթաց ծառայողական քննության շրջանակներում կարող են կատարվել անհրաժեշտ ստուգողական գործողություններ՝ արդյունքները ներկայացնելով նախաքննության մարմնի քննարկմանը: Այդպիսի դեպքերում ՀՀ ԱԱԾ զինծառայողի նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կարող են կիրառվել նախաքննության մարմնի միջնորդագրի հիման վրա կամ ՀՀ ԱԱԾ տնօրենի ցուցումով:

9. Ծառայողական քննությունը կատարվում է բացատրություններ վերցնելու, հարցումներ անելու, տեղեկանքներ, բնութագրեր պահանջելու, փաստաթղթեր ստուգելու և ուսումնասիրելու, համապատասխան այլ գործողություններ կատարելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ճանապարհով:

10. Ծառայողական քննություն չեն կարող կատարել.

1) պատահարի, միջադեպի, զանցանքի, իրավախախտման ականատեսները,

2) այն անձի հետ ազգակցական հարաբերությունների մեջ գտնվողները, ում նկատմամբ նշանակված է ծառայողական քննություն,

3) այն անձի ենթակաները, ում նկատմամբ ծառայողական քննություն է նշանակված,

4) այլ անձինք, որոնց նկատմամբ ծառայողական քննության օբյեկտիվության ապահովման իմաստով առկա են կասկած առաջացնող հանգամանքներ:

11. Ծառայողական քննության ընթացքում օրինականության, ՀՀ սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և ՀՀ ԱԱԾ գերատեսչական իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնում է ՀՀ ԱԱԾ պայմանագրային-իրավական վարչությունը (այսուհետ նաև՝ ՀՀ ԱԱԾ ՊԻՎ)` սույն կարգի պահանջներին համապատասխան:

 

2. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

12. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ծառայողական քննություն կատարելու իրավունք ունեն`

1) ՀՀ ԱԱԾ տեսչական վարչությունը (այսուհետ նաև՝ ՀՀ ԱԱԾ ՏՎ) և ՀՀ ԱԱԾ ներքին անվտանգության վարչությունը (այսուհետ նաև՝ ՀՀ ԱԱԾ ՆԱՎ)՝ համակարգի բոլոր աշխատակիցների նկատմամբ` ՀՀ ԱԱԾ տնօրենի ցուցումով,

2) ՀՀ ԱԱԾ տնօրենի, նրա տեղակալների, կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների պետերի կողմից լիազորված անձինք` ենթակա անձնակազմի նկատմամբ,

3) ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետը կամ նրա տեղակալը` ՀՀ ԱԱԾ քննչական վարչության աշխատակիցների կողմից թույլ տրված քրեադատավարական նորմերի խախտումների կապակցությամբ:

13. ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից նշանակված ծառայողական քննությունը, որպես կանոն, կատարվում է ՀՀ ԱԱԾ ՏՎ կամ ՀՀ ԱԱԾ ՆԱՎ կողմից և այդ մասին տեղյակ է պահվում ՀՀ ԱԱԾ համապատասխան մարմնի պետը: Բացառիկ դեպքերում, ելնելով ծառայողական քննության շահերից, թույլատրվում է ծառայողական քննությունը կատարել առանց այդ մասին ՀՀ ԱԱԾ համապատասխան մարմնի պետին տեղեկացնելու:

14. ՀՀ ԱԱԾ կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների պետերի կողմից ծառայողական քննություն կարող է նշանակվել ենթակա զինծառայողների կողմից թույլ տրված հասարակական կարգի և համակեցության կանոնների, բարոյականության նորմերի, ինչպես նաև ծառայողական և կատարողական կարգապահության և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի պահանջների խախտումների կապակցությամբ: Այլ կարգի խախտումների դեպքում, մասնավորապես զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների, լուրջ զանցանքների, համակարգի զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը, սպայի բարձր կոչումն արատավորելու, օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում թերացումների, բացասական հետևանքներով հղի գործողությունների, օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող ՀՀ ԱԱԾ գերատեսչական իրավական ակտերի պահանջների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, օրինականության խախտումների կապակցությամբ հիշյալ մարմինների ղեկավարները զեկուցագիր են ներկայացնում ՀՀ ԱԱԾ տնօրենին` ծառայողական քննություն նշանակելու հարցը լուծելու համար:

15. Ծառայողական քննություն նշանակելու հիմքերն են.

1) պատահարների, միջադեպերի, հանցագործությունների, իրավախախտումների և զանցանքների մասին քաղաքացիների և իրավաբանական անձանց հայտարարությունները, դիմումներն ու բողոքները, զանգվածային լրատվության միջոցների հաղորդումները,

2) ծառայողական գործունեության ընթացքում ՀՀ ԱԱԾ զինծառայողների կողմից կարգապահական խախտումները կամ դրա վերաբերյալ ստացված տեղեկատվությունը,

3) զանցանքներ և խախտումներ կատարած աշխատակիցների զեկուցագրերը,

4) ՀՀ ԱԱԾ ստուգումներ իրականացնող հանձնաժողովների կամ պաշտոնատար անձանց զեկուցագրերը, եզրակացությունները:

16. Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում, նյութերն անհապաղ զեկուցվում են ՀՀ ԱԱԾ տնօրենին՝ դրանք նախաքննության մարմիններին ուղարկելու հարցը լուծելու համար:

 

3. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

17. Կարգապահական խախտման մասին հայտարարություններն ու հաղորդումները քննարկվում են անհապաղ: Կարգապահական խախտման յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը.

1) նշանակվում է ծառայողական քննություն,

2) խախտումը բացառող հիմքերի առկայության դեպքում նյութերը թողնվում են անհետևանք,

3) հաղորդումը (նյութերը) ուղարկվում է նախաքննության մարմնին քրեական գործ հարուցելու հարցը լուծելու համար:

18. Ծառայողական քննության նշանակման սկիզբը համարվում է այդ մասին պաշտոնատար անձի կողմից որոշում ընդունելու (գրավոր կամ բանավոր) ամսաթիվը:

19. Ծառայողական քննություն նշանակելու մասին գրավոր որոշում ընդունելու դեպքում նշվում է նշանակման հիմքը, քննություն անցկացնող անձը (անձինք), ինչպես նաև քննության անցկացման ժամկետը:

20. Զինծառայողին կարգապահական իրավախախտման համար կարգապահական տույժ չի կարող տրվել, եթե կարգապահական իրավախախտումը կատարելու օրվանից անցել է 6 ամիս: Նշված ժամկետի ընթացքում ծառայողական քննություն կատարվում և կարգապահական տույժ տրվում է կարգապահական իրավախախտման մասին համապատասխան հրամանատարին (պետին) հայտնի դառնալու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: Նշված ժամկետի խախտման համար պատասխանատվություն է կրում ծառայողական քննություն կատարող մարմնի պետը:

21. Հաշվի առնելով խախտման բնույթը, բարդությունը, կատարվելիք աշխատանքի ծավալը, մասնավորապես ծառայողական քննությանը զուգընթաց օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտությունը, ծառայողական քննությունը կարող է իրականացվել ՀՀ ԱԱԾ մի քանի զինծառայողների կամ հանձնաժողովի կողմից:

 22. Ծառայողական քննություն անցկացնելիս պարտադիր պարզաբանման ենթակա են.

1) զանցանքի կամ պատահարի բնույթը, կատարման ժամանակը, տեղը և դրան առնչվող այլ հանգամանքները,

2) իրավախախտում, զանցանք կատարած անձը (անձինք) և նրա (նրանց) մեղքի առկայությունը,

3) զանցանքի կամ պատահարի հետևանքները և պատճառված վնասի չափը,

4) մեղավոր անձի (անձանց) պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները,

5) զանցանքի կամ պատահարի կատարմանը նպաստող հանգամանքները:

23. Խախտման հանգամանքների մասին ՀՀ ԱԱԾ զինծառայողներից, ինչպես նաև դրա հետևանքով տուժած, դրան ականատես կամ այդ մասին տեղեկություններ ունեցող այլ անձանցից վերցվում են բացատրություններ՝ որպես կանոն ծառայողական քննություն կատարելու վայրում, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրանց գտնվելու վայրում: Ընդ որում՝ ՀՀ ԱԱԾ զինծառայող չհանդիսացող անձանցից բացատրություններ կարող են վերցվել միայն նրանց համաձայնությամբ:

24. Բացատրություն վերցնելուց առաջ հրավիրված անձը տեղեկացվում է, թե ինչ նպատակով է հրավիրվել, պարզվում են նրա փոխհարաբերությունները խախտում թույլ տված զինծառայողի հետ, որից հետո նրան առաջարկվում է պատմել խախտման հանգամանքների մասին: Դրանից հետո նրան կարող են հարցեր առաջադրվել:

25. Բացատրության մեջ նշվում է այն կազմելու տեղը, ժամանակը, ծառայողական քննություն կատարողի պաշտոնը, զինվորական կոչումը, անունը, ազգանունը և բացատրություն տվող անձի անունը, ազգանունը, աշխատանքի վայրը, հասցեն:

26. Բացատրությունները և հարցերի պատասխանները գրի են առնվում առաջին դեմքով և հնարավորինս՝ բառացիորեն: Բացատրություն տվողի ցանկությամբ նրան հնարավորություն է տրվում բացատրությունը գրել իր ձեռքով, որի մասին բացատրության մեջ համապատասխան նշում է կատարվում: Բացատրությունն ավարտելուց հետո նրա բովանդակության հետ ծանոթացվում է բացատրություն տվողը, ով իրավունք ունի միջնորդել նրանում լրացումներ և ուղղումներ կատարելու մասին:

27. ՀՀ ԱԱԾ զինծառայողները բացատրությունները գրում են անձամբ: Արգելվում է բացատրությունը ձևակերպել որպես վկայի հարցաքննություն, ինչպես նաև նախազգուշացնել ցուցմունք տալուց հրաժարվելու և սուտ ցուցմունք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության մասին: Արգելվում է նաև բացատրություններ վերցնել անսթափ վիճակում գտնվող, ինչպես նաև հոգեկան և այլ ծանր հիվանդություններով տառապող անձանցից:

28. Ծառայողական քննության ընթացքում կարող են ուսումնասիրվել ՀՀ ԱԱԾ զինծառայողների անձնական գործեր, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին տեղեկանքներ, զեկուցագրեր, աշխատանքային պլաններ և օպերատիվ այլ փաստաթղթեր ու գործեր, դրանց վերաբերյալ կազմվել տեղեկանքներ, զննության արձանագրություններ, ստացվել փաստաթղթերի պատճեններ, նյութեր, առանձին փաստաթղթեր, իրեր ու առարկաներ, որոնք անմիջականորեն առնչվում են ծառայողական քննության առարկայի հետ: Ծառայողական քննության նյութերում կենտրոնացվում են դրան զուգընթաց ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ հաղորդագրությունները, զեկուցագրերը և այլն:

29. Պատահարի, իրավախախտման, ինչպես նաև նշանակություն ունեցող այլ հանգամանքները պարզելու նպատակով ծառայողական քննություն կատարող պաշտոնատար անձն անհրաժեշտության դեպքում կատարում է դեպքի վայրի, շենքերի, առարկաների, իրերի և փաստաթղթերի զննություն: Նշված գործողությունների ընթացքում ձեռք բերված տվյալների ամրագրման համար կազմվում են արձանագրություններ:

30. Ծառայողական քննություն կատարող պաշտոնատար անձն իրավունք ունի զննությանը ներգրավել զանցանք կատարողին, ինչպես նաև համաձայնությամբ` տուժողին, ականատեսներին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև գործի ելքով չշահագրգռված համապատասխան մասնագետների: Մասնագետն իրավունք ունի ծանոթանալ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված նյութերին, հարցեր տալ զանցանք կատարողին, տուժողին ու ականատեսներին: Մասնագետն իր կողմից կատարված գործողությունների վերաբերյալ ներկայացնում է համապատասխան տեղեկանք:

31. Ծառայողական քննության ընթացքում արգելվում է կատարել խուզարկություն, առգրավում, ինչպես նաև ձերբակալել կամ այլ ձևով սահմանափակել ՀՀ ԱԱԾ զինծառայողների և այլ անձանց իրավունքներն ու ազատությունները:

32. Ծառայողական քննության ընթացքում արգելվում է ՀՀ ԱԱԾ զինծառայողին, որի նկատմամբ ծառայողական քննություն է կատարվում, արձակուրդ տրամադրել կամ գործուղման ուղարկել: Բացառիկ դեպքերում, ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի միջնորդությամբ և ՀՀ ԱԱԾ տնօրենի թույլտվությամբ, աշխատակիցը կարող է ժամանակավորապես ազատվել իր պաշտոնական պարտականությունների կատարումից, բայց ոչ ավելի, քան ծառայողական քննությունն ընդգրկող ժամանակաշրջանի ընթացքում:

 

4. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ

 

33. Ծառայողական քննության արդյունքները նախապես քննարկվում են ծառայողական քննությունը նշանակած պաշտնատար անձի մոտ, և նյութերի մանրակրկիտ վերլուծության հիման վրա որոշում է ընդունվում դրանց վերջնական ընթացքի և համապատասխան հիմքերի առկայության դեպքում ՀՀ ԱԱԾ զինծառայողի նկատմամբ կարգապահական ներգործության միջոցի կիրառման մասին:

34. Ծառայողական քննության արդյունքներով կազմվում է խախտում կատարած ՀՀ ԱԱԾ զինծառայողին կարգապահական տույժի ենթարկելու, նյութերը նախաքննության մարմին ուղարկելու կամ նյութերն անհետևանք թողնելու մասին համապատասխան եզրակացություն, որի մասին հայտնվում է ՀՀ ԱԱԾ զինծառայողին և միաժամանակ տեղյակ է պահվում ծառայողական քննության նյութերին ու եզրակացությանը նրա ծանոթանալու իրավունքի մասին:

35. Ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությունը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից.

1) ներածական մասում նշվում է, թե ով (ովքեր), ինչ հիմքով, որտեղ և երբ է անցկացրել ծառայողական քննությունը, ինչպես նաև կարգապահական խախտման բնույթը,

2) նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են կարգապահական խախտման (պատահարի, միջադեպի) փաստը, կատարման վայրը, ժամը, հանգամանքները, նպատակը, շարժառիթները, դիտավորությունը, հետևանքները, մեղավոր անձը (անձինք) և նրանց բնութագիրը, պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները, կարգապահական խախտումը հաստատող ապացույցները, աշխատակցի կողմից բերված փաստարկները և դրանց ստուգման արդյունքները, կարգապահական խախտման կատարմանը նպաստող հանգամանքները: Եթե կարգապահական խախտումը կատարվել է մի քանի անձանց կողմից, ապա թվարկված հանգամանքները նշվում են նրանցից յուրաքանչյուրի համար առանձին,

3) եզրափակիչ մասում հանրագումարի են բերվում ծառայողական քննության արդյունքները, թվարկվում են այն օրենքները և իրավական այլ ակտերը, որոնց պահանջները խախտվել են, պատճառված և հատուցման ենթակա նյութական վնասի չափը, ինչպես նաև նշում է կատարվում նյութերի պատմական արժեք ներկայացնելու մասին, եթե դրանք գնահատվում են որպես այդպիսին: Եզրակացությունն ավարտվում է ՀՀ ԱԱԾ զինծառայողին կարգապահական տույժի ենթարկելու, աշխատակցի գործողություններն օրինաչափ համարելու կամ նյութերը նախաքննության մարմիններին ուղարկելու (եթե ՀՀ ԱԱԾ զինծառայողի գործողություններում հանցագործության հատկանիշներ են հայտնաբերվել) մասին առաջարկությամբ: Եզրակացությունը ստորագրվում է ծառայողական քննություն կատարած անձի (անձանց) և հաստատվում ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձի կողմից: Ծառայողական քննությունը ՀՀ ԱԱԾ ՏՎ կամ ՀՀ ԱԱԾ ՆԱՎ կողմից կատարելու դեպքում եզրակացությունը ստորագրվում է նաև նշված մարմինների պետերի կողմից:

36. Ծառայողական քննությունն ավարտվելուց հետո նյութերը` եզրակացության նախագծի հետ միասին, ներկայացվում են ՀՀ ԱԱԾ ՊԻՎ՝ իրավական փորձաքննություն կատարելու համար: ՀՀ ԱԱԾ ՊԻՎ կիրառվելիք կարգապահական տույժի տեսակը կամ խստությունը վիճարկելու և դրանք գնահատելու իրավունք չունի: Նրա կողմից ներկայացված նկատառումները կարող են խորհրդատվական նշանակություն ունենալ: Ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ եզրակացության օրինականության համար պատասխանատվություն է կրում այն հաստատող պաշտոնատար անձը:

37. ՀՀ ԱԱԾ տնօրենի իրավասությամբ ընթացք տրվող նյութերը` եզրակացության հետ միասին ՀՀ ԱԱԾ ՊԻՎ ներկայացվում են նախապես և եզրակացությունը ՀՀ ԱԱԾ տնօրենի հաստատմանն է ներկայացվում ՀՀ ԱԱԾ ՊԻՎ փորձաքննության նյութերի հետ միասին:

38. Ծառայողական քննության նյութերը և եզրակացությունը ՀՀ ԱԱԾ զինծառայողին ստորագրությամբ ծանոթացվում են կարված, համարակալված էջերով և փաստաթղթերի ցանկով: Ծառայողական պարզաբանմանը զուգընթաց իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների վերաբերյալ նյութերը պահվում են առանձին` հավելվածի տեսքով և, որպես կանոն, ՀՀ ԱԱԾ զինծառայողին չեն ծանոթացվում: Բացառիկ դեպքերում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ նյութերը ՀՀ ԱԱԾ զինծառայողին կարող են ծանոթացվել ՀՀ ԱԱԾ տնօրենի թույլտվությամբ` ծառայողական քննություն կատարող մարմնի ղեկավարի հիմնավորված զեկուցագրի հիման վրա:

39. Ծառայողական քննության ընթացքում ներկայացված միջնորդությունները (գրավոր կամ բանավոր), դիմումներն ու բողոքները զեկուցվում են ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին, քննարկվում են ներկայացված փաստարկները և անհրաժեշտության դեպքում միջոցներ են ձեռնարկվում դրանց կապակցությամբ լրացուցիչ ստուգողական գործողություններ կատարելու ուղղությամբ: Ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձի կողմից միջնորդությունը (դիմումը, բողոքը) անհիմն ճանաչվելու դեպքում կազմվում է հիմնավորված տեղեկանք և ստորագրությամբ ծանոթացվում ՀՀ ԱԱԾ զինծառայողին: Միջնորդության կապակցությամբ կատարված լրացուցիչ գործողությունների վերաբերյալ նյութերը նույնպես ստորագրությամբ ծանոթացվում են ՀՀ ԱԱԾ զինծառայողին:

40. Այն զինծառայողը, որի նկատմամբ ծառայողական քննություն է անցկացվել, իրավունք ունի ներկայացնել իր նկատառումները (գրավոր կամ բանավոր) ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացության կապակցությամբ, որոնք քննարկվում են ծառայողական քննությունը կատարած մարմնի ղեկավարի կողմից: Ընդունված որոշման մասին տեղյակ է պահվում նկատառումներ ներկայացրած զինծառայողին:

41. Ծառայողական քննության արդյունքները ՀՀ ԱԱԾ զինծառայողի կողմից կարող են բողոքարկվել դրանց հետ ծանոթանալուց հետո ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում նախ` ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին, իսկ վերջինիս կողմից միջնորդությունը մերժելու դեպքում՝ ՀՀ ԱԱԾ տնօրենին, որի կողմից ընդունված որոշումը վերջնական է: Առանձին դեպքում, ՀՀ ԱԱԾ զինծառայողի բողոքի հիման վրա, ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից կարող է նշանակվել նոր ծառայողական քննություն, որը կատարվում է բացառապես այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից:

42. ՀՀ ԱԱԾ զինծառայողին պատասխանատվության ենթարկելու հարցը որոշվում է ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձի կողմից «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունների սահմաններում:

43. Ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձը, ստանալով ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունը, ղեկավարվելով սույն կարգի 42-րդ կետի պահանջներով, հաստատում է եզրակացությունը: Եզրակացությունը չհաստատելու դեպքում ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձը գրավոր ցուցում է տալիս թերի կամ ոչ լրիվ պարզաբանված հանգամանքների կապակցությամբ լրացուցիչ ստուգողական գործողություններ կատարելու կամ համապատասխան հիմքերի առկայության դեպքում ծառայողական քննությունը դադարեցնելու մասին:

44. ՀՀ ԱԱԾ զինծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը ձևակերպվում է համապատասխան պաշտոնատար անձի հրամանով, որը եզրակացության պատճենի հետ միասին ուղարկվում է ՀՀ ԱԱԾ կադրերի վարչություն (այսուհետ նաև՝ ՀՀ ԱԱԾ ԿՎ): ՀՀ ԱԱԾ տեսչական և ՀՀ ԱԱԾ ներքին անվտանգության վարչությունները ՀՀ ԱԱԾ ԿՎ ներկայացնում են զինծառայողի նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու մասին եզրակացությունը: Պատճառված նյութական վնասի հատուցումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

45. Ծառայողական քննության արդյունքում ընդունված որոշումը կարող է շահագրգիռ անձանց կողմից բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

 

5. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

46. Կարգապահական խախտման (զանցանքի) մեջ մեղադրվող ՀՀ ԱԱԾ զինծառայողն իրավունք ունի.

1) իմանալ՝ ինչում է մեղադրվում,

2) ներկայացնել միջնորդություններ,

3) հայտարարել իր մեղավորության կամ անմեղության մասին,

4) հետազոտման նպատակով ներկայացնել նյութեր,

5) ծանոթանալ ծառայողական քննության արդյունքներին,

6) բողոքարկել վերջնական որոշումը,

7) հետ վերցնել բողոքը կամ միջնորդությունը:

47. Կարգապահական խախտման (զանցանքի) մեջ մեղադրվող ՀՀ ԱԱԾ զինծառայողը պարտավոր է.

1) ներկայանալ ծառայողական քննություն կատարող պաշտոնատար անձի պահանջով,

2) ենթարկվել ծառայողական քննությունը կատարող պաշտոնատար անձի օրինական պահանջներին,

3) տալ բացատրություններ, պատասխանել առաջադրված հարցերին,

4) հատուցել պատճառված նյութական վնասը:

48. Ծառայողական քննություն կատարող պաշտոնատար անձն իրավունք ունի.

1) իր մոտ հրավիրել ծառայողական քննության նյութերով անցնող անձանց,

2) բացատրություններ վերցնել համապատասխան անձանցից և հարցեր առաջադրել նրանց,

3) կատարել տեղանքի, շենքերի, փաստաթղթերի, իրերի և առարկաների զննություններ,

4) ուսումնասիրություններ կատարելու նպատակով, համապատասխան արձանագրությամբ, ժամանակավորապես վերցնել փաստաթղթեր, իրեր և առարկաներ,

5) միջնորդություններ ներկայացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին,

6) անհրաժեշտության դեպքում՝ ծառայողական քննությանը ներգրավել մասնագետների:

49. Ծառայողական քննություն կատարող պաշտոնատար անձը պարտավոր է.

1) պահպանել օրինականությունը,

2) դրսևորել անաչառություն և սկզբունքայնություն,

3) ապահովել ծառայողական քննության լրիվությունն ու բազմակողմանիությունը,

4) մանրակրկիտ ստուգել միջնորդությունները, դիմումներն ու բողոքները,

5) պահպանել անձի իրավունքներն ու ազատությունները,

6) եզրահանգումները հիմնավորել ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստերով,

7) պահպանել ծառայողական քննության անցկացման համար սահմանված կարգն ու ժամկետները:

50. ՀՀ ԱԱԾ այն զինծառայողների անմիջական պետերը, որոնց նկատմամբ ծառայողական քննություն է կատարվում, պարտավոր են համապատասխան պայմաններ ստեղծել ծառայողական քննությունն իրականացնող անձանց (հանձնաժողովի) համար՝ քննությունը ժամանակին և լիարժեք կատարելու նպատակով:

 

6. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

51. Ծառայողական քննության նյութերով վերջնական որոշում կայացվելուց և բողոքարկման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո, համապատասխան մարմնի կողմից նյութերը կարվում և համարակալվում են ու մեկամսյա ժամկետում ուղարկվում են ՀՀ ԱԱԾ հաշվառման և արխիվային ֆոնդերի վարչություն (այսուհետ նաև՝ ՀՀ ԱԱԾ ՀԱՖՎ):

52. Ծառայողական քննությունը կատարած ՀՀ ԱԱԾ մարմնում պահվում են եզրակացության և հրամանի պատճենները (եթե հրամանը տրվել է տվյալ մարմնի կողմից):

53. ՀՀ ԱԱԾ ՀԱՖՎ ծառայողական քննության նյութերի պահպանման կարգը և ժամկետները որոշվում են ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ ԱԱԾ գերատեսչական իրավական ակտերով սահմանված կարգով:

54. ՀՀ ԱԱԾ զինծառայողների նկատմամբ նախկինում կատարված ծառայողական քննության մասին տեղեկատվություն ներկայացնում է ՀՀ ԱԱԾ ՀԱՖՎ` ՀՀ ԱԱԾ տնօրենի թույլտվությամբ: