«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հոկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11312384
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 սեպտեմբերի 2012 թ. |
N 992-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՊԱՅԻ ՊԱՏՎԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայի պատվի կանոնները` համաձայն հավելվածի:
ՀՀ պաշտպանության նախարար |
Ս. Օհանյան |
Հավելված |
ԿԱՆՈՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՊԱՅԻ ՊԱՏՎԻ
1. Սույնով սահմանվում են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայի (այսուհետ` սպա) պատվի կանոնները:
2. Սպայի պատվի կանոնները սպայի վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են, որոնց խախտումը համարվում է կարգապահական խախտում:
3. Սպան պարտավոր է պահպանել սպայի պատվի հետևյալ կանոնները.
1) հավատարիմ մնալ զինվորական երդմանը և խստիվ ու ճշգրիտ կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները.
2) հարգել Հայաստանի Հանրապետության պետական և զինվորական խորհրդանիշները, պաշտոնական լեզուն.
3) հավատարիմ մնալ ազգային ավանդույթներին և սովորույթներին, հարգել այլ ժողովուրդների ու ազգերի էթնիկական առանձնահատկությունները, ավանդույթները, սովորույթները.
4) դրսևորել դժվարությունները հաղթահարելու վճռականություն, անձնական օրինակով ծառայակիցներին քաջալերելու հաստատակամություն, իսկ պատերազմի կամ մարտական գործողությունների ժամանակ` ցուցաբերել խիզախություն և համարձակություն.
5) բարձր պահել սպայի զինվորական կոչումը և ցուցաբերել հարգալից վերաբերմունք ու պահանջել նման վերաբերմունք զինվորական համազգեստի նկատմամբ.
6) արժևորել սեփական խոսքը, խուսափել անհարկի խոստումներից, պահպանել տված խոստումը` միաժամանակ գիտակցելով տրված խոստման հնարավոր բացասական հետևանքները.
7) զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել զինվորական ծառայության շահերին.
8) հարգել պետի (հրամանատարի) և ենթակայի (ստորադասի) պատիվն ու արժանապատվությունը.
9) ղեկավարվել մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքներով.
10) լինել անաչառ, անկողմնակալ, զուսպ, քաղաքավարի և օրինակելի.
11) կարևորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը.
12) իր վարքով նպաստել հասարակության այն համոզմունքի ձևավորմանը և պահպանմանը, որ զինվորական ծառայության համակարգը հիմնված է ազնվության, արդարության ու Հայրենիքի պաշտպանության գաղափարի վրա: