«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հուլիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11512303
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հուլիսի 2012 թ. |
N 66-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ N 1 ՑՈՒՑԱԿԸ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ N 2 ՑՈՒՑԱԿԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 153-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի «բ» ենթակետով, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թ. հունվարի 12-ի N 12-Ն որոշման 2‑րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 1 ցուցակը և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 2 ցուցակը կիրառելու կանոնները` համաձայն N 1 հավելվածի.
2) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 1 ցուցակի և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 2 ցուցակի կիրառման կանոնները հաստատելու մասին» N 153‑Ն հրամանը:
|
Ա. Ասատրյան |
Հավելված N 1 |
ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ N 1 ՑՈՒՑԱԿԸ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ N 2 ՑՈՒՑԱԿԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 1 ցուցակը (այսուհետ` թիվ 1 ցուցակ) և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 2 ցուցակը (այսուհետ` թիվ 2 ցուցակ) հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թ. հունվարի 12-ի թիվ 12-Ն որոշմամբ:
2. Սույնով սահմանվում են թիվ 1 և թիվ 2 ցուցակները կիրառելու կանոնները` հաշվի առնելով դրանցում նշված արտադրությունների արտադրական առանձնահատկությունները, այդ ցուցակները կիրառելու յուրահատկությունները, ինչպես նաև արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժը համապատասխան փաստաթղթերով հաստատելու կարգը:
3. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս անհրաժեշտ է.
1) ճշտել, թե որ արտադրությունում է կատարվել տվյալ աշխատանքը,
2) հիմնավորել, որ անձն աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքների ստորաբաժանումում կամ արտադրությունում (արտադրամասում, տեղամասում, բաժանմունքում),
3) ճշտել թիվ 1 ցուցակում և թիվ 2 ցուցակում տվյալ մասնագիտության և պաշտոնի առկայությունը (բաժին, ենթաբաժին, ծածկագիր),
4) ճշտող տեղեկանքներով հիմնավորել, որ անձը լրիվ աշխատանքային օրվա ընթացքում կատարել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներ (հատուկ նյութերով, որոշակի սարքավորումներով և այլն), ինչպես նաև այդ աշխատանքների պայմանները և բնույթը:
2. ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Թիվ 1 և թիվ 2 ցուցակները կազմված են ըստ արտադրական հատկանիշների: Յուրաքանչյուր բաժնում և ենթաբաժնում նշված են արտադրության որոշակի տեսակներ:
5. Այս առումով նախ պետք է որոշել, թե որ ցուցակի որ բաժինը կամ ենթաբաժինը պետք է կիրառել, այն է` որոշել, թե որ արտադրությունում է ընթանում այն տեխնոլոգիական գործընթացը, որին ներգրավված է աշխատողը:
6. Այս հարցը դժվարություններ չի հարուցում, եթե կազմակերպության կամ նրա կառուցվածքային ստորաբաժանման անվանումն արդեն իսկ վկայում է այս կամ այն արտադրության առկայությունը (կոշիկի ֆաբրիկա, ձուլող գործարան, արտադրամասի ձուլման տեղամաս, դարբնոցային տեղամաս և այլն):
7. Որևէ աշխատանք ցուցակներում նշված այս կամ այն արտադրությանը պատկանելու հիմք կարող են լինել տեխնոլոգիական կարգավորումը, հաստատված նախագծային հանձնարարականները, պլանային և արտադրական բաժինների փաստաթղթերը: Օրինակ` մետաղագործական գործարանում կա ձուլման արտադրամաս, որն ունի պողպատաձուլման տեղամաս: Հաշվի առնելով, որ մետաղագործական գործարանի արտադրանքը մետաղն է, իսկ ձուլման արտադրամասինը` մեքենաների և սարքերի մանրամասեր (դետալներ) պատրաստելու համար օգտագործվող ձուլվածքը` այդ տեղամասի բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 և թիվ 2 ցուցակների «Մետաղամշակում» բաժինների «Ձուլման արտադրություն» ենթաբաժիններով:
8. Թիվ 1 և թիվ 2 ցուցակները կիրառվում են բոլոր կազմակերպություններում` անկախ սեփականության ձևից և գերատեսչական պատկանելությունից (բացառությամբ որոշ բաժինների, օրինակ` «Քիմիական արտադրություն» բաժնի): Այսպես, պլաստմասսե իրերի թողարկման արտադրություն կարող է կազմակերպվել պետական կամ մասնավոր կազմակերպությունում: Ցուցակներում նշված մասնագիտություններով աշխատած և պաշտոններ զբաղեցրած աշխատողները երկու դեպքում էլ օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:
9. Քիմիական արտադրանք պատրաստող աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ թիվ 1 և թիվ 2 ցուցակների «Քիմիական արտադրություն» բաժինների «Ա» ենթաբաժինները տարածվում են միայն քիմիական արդյունաբերության ճյուղի կազմակերպությունների աշխատողների վրա, իսկ «Բ» ենթաբաժինները` տնտեսության մյուս ճյուղերի կազմակերպությունների աշխատողների վրա, ովքեր աշխատում են առանձին արտադրամասերում և տեղամասերում:
10. Որպեսզի որոշվի, թե քիմիական արտադրանք թողարկող աշխատողներին տվյալ բաժնի որ ենթաբաժնով պետք է կենսաթոշակային արտոնություն տրվի, անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք տվյալ կազմակերպությունը քիմիական արդյունաբերության ճյուղին է պատկանում: Օրինակ` եթե քիմիական արտադրանքը կազմակերպության հիմնական արտադրանքն է, ապա այդ կազմակերպությունը, պետք է դասվի քիմիական արդյունաբերության կազմակերպությունների շարքը` անկախ գերատեսչական պատկանելությունից:
11. Եթե քիմիական արդյունաբերության ճյուղին չպատկանող կազմակերպությունում կա առանձին արտադրամաս (տեղամաս, բաժանմունք), որի աշխատողները կատարում են արծնի (էմալի) արտադրության աշխատանքներ, ապա նրանք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 և թիվ 2 ցուցակների «Քիմիական արտադրություն» բաժինների «Բ» ենթաբաժիններով:
12. Գիտահետազոտական ինստիտուտների, նախագծային բյուրոների բանվորները, ղեկավարները և մասնագետներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն (ըստ ցուցակներում նշված մասնագիտությունների և պաշտոնների), եթե աշխատում են փորձարարական արտադրություններում (գործարաններում, արտադրամասերում, տեղամասերում): Սա բացատրվում է նրանով, որ գիտահետազոտական ինստիտուտների, նախագծային բյուրոների ստորաբաժանումները կառուցվածքայնորեն առանձնացված են և կարող են ունենալ ինքնուրույն հաշվեկշիռ: Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ արտադրությունները կրեն «փորձարարական» անվանումը (փորձարարական գործարան, փորձարարական արտադրամաս և այլն): Կարևորն այն է, որ դրանք իրենց գործունեության բնույթով լինեն փորձարարական, իսկ անվանումները կարող են լինել տարբեր: Ըստ էության, այդ արտադրությունների աշխատողների աշխատանքի բնույթը և պայմանները, չեն տարբերվում արդյունաբերական կազմակերպությունների աշխատողների աշխատանքի բնույթից և պայմաններից:
13. Նախագծային բյուրոների, փորձնական-փորձարարական գործարանների բաժինների և լաբորատորիաների աշխատողները կարող են օգտվել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից, եթե ուղղակիորեն նշված են թիվ 1 կամ թիվ 2 ցուցակում: Օրինակ` թիվ 1 ցուցակի XIX և թիվ 2 ցուցակի XXIX բաժիններում նշված են գիտահետազոտական ինստիտուտների, նախագծային բյուրոների, լաբորատորիաների աշխատողները, ովքեր աշխատում են որոշակի ակտիվության ճառագայթաակտիվ նյութերով: Կազմակերպությունների լաբորատորիաների աշխատողները նույնպես օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից, եթե նրանց աշխատանքն ուղղակիորեն նշված է թիվ 1 կամ թիվ 2 ցուցակում, օրինակ` քիմիական արդյունաբերության կազմակերպությունների արտադրամասերի լաբորատորիաների աշխատողները:
3. ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
14. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս ճշտվում է, թե ցուցակների որ բաժնում կամ ենթաբաժնում է նշված այն արտադրությունը, որտեղ կատարվել է աշխատանքը, պարզվում է` արդյո՞ք այդ արտադրության բոլոր աշխատողներն են օգտվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից, քանի որ, առանձին դեպքերում, այդպիսի կենսաթոշակ նշանակելը պայմանավորված է նրանով, թե որ կառուցվածքային ստորաբաժանումում է կատարվում աշխատանքը: Այսինքն` եթե ցուցակներում նշված են ոչ միայն արտադրություններ, այլ նաև որոշակի արտադրամասեր կամ տեղամասեր, ապա աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում, եթե կազմակերպությունում կան այդպիսի կառուցվածքային ստորաբաժանումներ: Օրինակ` թիվ 1 ցուցակում (բաժին XIII) նշված են որոշակի արտադրամասերում, տեղամասերում (քիմիական, շտապելի և այլն) աշխատող բանվորները, ղեկավարները և մասնագետները: Արհեստական և սինթետիկ թելի կազմակերպությունների աշխատողները, ովքեր աշխատում են կառուցվածքային այլ ստորաբաժանումներում, թիվ 1 ցուցակում նշված չեն և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Կամ` ձուլման արտադրությունում (թիվ 1 ցուցակ, բաժին VIII) նշված են ձուլման, լցման և այլ տեղամասերի վարպետները և ավագ վարպետները: Այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ղեկավարող վարպետներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակով, օրինակ` հողապատրաստման տեղամասի վարպետները:
15. Այսպիսով, եթե աշխատողին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելը պայմանավորված է նրանով, թե որ կառուցվածքային ստարաբաժանումում է նա աշխատում, ապա պետք է ճշտվի կազմակերպության ստորաբաժանման անվանումը, որտեղ կատարած աշխատանքն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տալիս, ինչպես նաև այն, որ աշխատողը մշտապես աշխատել է այդ ստորաբաժանումում:
16. Ցուցակներում նշված մասնագիտություններով աշխատողներից շատերն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են, եթե աշխատում են տաք տեղամասերում: Օրինակ` թիվ 1 ցուցակի VIII բաժնի 5-րդ ենթաբաժնում նշված են առասանողները, ովքեր աշխատում են աշխատանքային տաք պայմաններում: Այս դեպքում նկատի է առնվում ոչ թե կառուցվածքային առանձնացված տեղամասը, այլ աշխատանքի այն տեղամասը, որի տարածքում կամ գոտում զբաղված է աշխատողը: Այս դեպքում անհրաժեշտ է, որ աշխատատեղը, ջերմաստիճանի չափումների արդյունքներով, համարվի տաք աշխատատեղ:
4. ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ
17. Աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս առանձին դեպքերում բավարար են լինում նրանց աշխատանքային գրքույկներում նշված մասնագիտությունները կամ պաշտոնները: Օրինակ` այդ տվյալները բավարար են կավե աղյուսի և կերամիկական բլոկների արտադրության աշխատողների համար, և նրանց աշխատանքի բնույթի կամ աշխատանքային պայմանների մասին լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Ընդսմին, երբ կենսաթոշակ նշանակող մարմինների կատարած ստուգումներով հիմնավորվում է, որ այդ աշխատողները կատարում են իրենց մասնագիտությանը չհամապատասխանող աշխատանքներ կամ աշխատում են համատեղությամբ, ապա նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ չի նշանակվում:
18. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու հիմնական պայմանը ցուցակներում նշված աշխատանքներով, մասնագիտություններով և պաշտոններում լրիվ աշխատանքային օրվա ընթացքում մշտապես աշխատելն է, այսինքն` ցուցակներում նշված աշխատանքներով զբաղվածությունը պետք է պակաս չլինի աշխատաժամանակի 80%-ից: Ընդ որում, նշված ժամանակի մեջ հաշվառվում են նաև նախապատրաստական և օժանդակ աշխատանքները, իսկ մեքենաներով և սարքավորումներով աշխատողների համար` նաև դրանց ընթացիկ նորոգման և տեխնիկական շահագործման ժամանակահատվածները:
19. Թիվ 1 և թիվ 2 ցուցակներում նշված աշխատանքները, մասնագիտությունները և պաշտոնները համատեղելու դեպքում փոխվում են աշխատանքի բնույթը և աշխատանքային պայմանները, հետևաբար` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հիմքերը: Այս դեպքում կենսաթոշակը նշանակվում է`
1) թիվ 1 ցուցակով, եթե համատեղությամբ կատարվող աշխատանքներից մեկը նշված է թիվ 1 ցուցակում, և այն կատարելու համար ծախսվում է աշխատաժամանակի առնվազն 80%-ը:
2) թիվ 2 ցուցակով, եթե համատեղությամբ կատարվող աշխատանքներից մեկը նշված է թիվ 2 ցուցակում, և այն կատարելու համար ծախսվում է աշխատաժամանակի 20%-ից ավելի ժամանակահատված:
20. Այն դեպքում, երբ ցուցակներում նշված են արտադրություններ և աշխատանքներ` առանց մասնագիտությունները և պաշտոնները նշելու, ապա արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են բոլոր աշխատողները` անկախ մասնագիտության և պաշտոնի անվանումից: Այս դեպքում այդ իրավունքից օգտվում են նաև աշակերտները: Այսպես, թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են բոլոր այն բանվորները, որոնք լրիվ աշխատանքային օրվա ընթացքում կատարում են ստորգետնյա պայմաններում օգտակար հանածոներ արդյունահանելու աշխատանքներ, ինչպես նաև քիմիական կազմակերպությունների բանվորները, ղեկավարները և մասնագետները, ովքեր աշխատում են քիմիական արտադրանք թողարկող արտադրություններում` անկախ մասնագիտության և պաշտոնի անվանումից:
21. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներում մասնագիտությունները նշված են ընդհանուր անվանումներով, օրինակ` «ձուլող» «կաղապարող» «եռակցող» և այլն: Այդուհանդերձ, բանվորների համար կարող է սահմանվել մասնագիտության ածանցյալ (լրացուցիչ) անվանում, որի դեպքում աշխատանքի բնույթը չի փոխվում: Այն բանվորները նույնպես, որոնց մասնագիտությանը տրվել է ածանցյալ անվանում, կարող են օգտվել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից: Օրինակ` թիվ 2 ցուցակի I բաժնում նշված են ամբարձիչների մեքենավարները: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից այս դեպքում օգտվում են նաև ավագ մեքենավարները և նրանց օգնականները:
22. Թիվ 2 ցուցակի II բաժնում նշված են հիմնական արտադրության տեղամասերի բրիգադավարները, ովքեր աշխատում են այնպիսի արտադրություններում, որոնց բոլոր բանվորներն օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:
23. Երբ ցուցակներում նշված են արտադրությունների բոլոր աշխատողները` անկախ մասնագիտության և պաշտոնի անվանումից, ապա այդ արտադրությունների բրիգադավարները նույնպես օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից` անկախ նրանից` ազատվա՞ծ են բանվորական պարտականությունները կատարելուց, թե՞ աշխատում են բանվորի մասնագիտությամբ և միաժամանակ ղեկավարում են բանվորներին: Ազատված (բանվորական աշխատանքներ չկատարող) բրիգադավարները մյուս բոլոր դեպքերում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
24. Ցուցակների որոշ բաժիններում նշված են արտադրամասերի պետերը և նրանց տեղակալները, օրինակ` թիվ 2 ցուցակի XI բաժնի 7-րդ ենթաբաժնում` ձուլման արտադրամասերի պետերը: Այս աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը որոշելը դժվարություն չի հարուցում, քանի որ այստեղ ուղղակիորեն նշված են այն արտադրամասերը, որոնք նրանք ղեկավարում են:
25. Այլ կերպ է լուծվում այն արտադրությունների ղեկավարների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը, որոնց ստորաբաժանումների պետերի աշխատանքը նշված է ցուցակներում, բայց արտադրամասերը, որոնք նրանք ղեկավարում են, նշված չեն: Այս դեպքում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը որոշելիս խոսք կարող է լինել միայն տեխնոլոգիական արտադրամասերի պետերի մասին, այսինքն` կազմակերպությունների այն ստորաբաժանումների, որտեղ ընթանում է արտադրանքի թողարկման տեխնոլոգիական գործընթացը: Օրինակ` «Ձուլման արտադրություն» (թիվ 2 ցուցակ, XI բաժին, 1-ին ենթաբաժին), «Ասբեստի արտադրություն» ենթաբաժիններում (թիվ 2 ցուցակ, XIV բաժին, 3-րդ ենթաբաժին) նշված են արտադրամասերի պետերը և նրանց տեղակալները: Նրանցից արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն պետերը և նրանց տեղակալները, որոնք ղեկավարում են հիմնական տեխնոլոգիական արտադրամասերը, օրինակ, ձուլման արտադրությունում` կաղապարելու, լցնելու և հատելու արտադրամասերը: Շինվերանորոգման, երկաթուղային, հսկիչ-չափիչ սարքերի, ավտոմատիկայի և այլ արտադրամասերի պետերը և նրանց տեղակալները, ովքեր կատարում են արտադրամասերի սպասարկման աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում, քանի որ այդ արտադրամասերը չեն համարվում հիմնական տեխնոլոգիական ստորաբաժանումներ:
26. Պայմանավորված արտադրանքի ծավալով և արտադրության բնույթով` արտադրամասերի պետերը կարող են ունենալ տարբեր պարտականություններ ունեցող մի քանի տեղակալ (արտադրության գծով տեղակալ, շինարարության գծով տեղակալ և այլն): Եթե արտադրամասերի պետերի տեղակալների պաշտոնները նշված են ցուցակներում, բայց նրանց պարտականությունները ճշտված չեն, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են միայն այն տեղակալները, որոնք մասնակցում են արտադրության տեխնոլոգիական գործընթացին (տեխնոլոգիայի գծով տեղակալները) կամ էլ կատարում են սարքավորումներ նորոգելու և սպասարկելու աշխատանքներ (սարքավորումների նորոգման գծով տեղակալներ):
27. Որոշ կազմակերպություններ, նորոգելու աշխատանքների որակը բարձրացնելու նպատակով, արտադրությունների և արտադրամասերի կազմերից դուրս են բերում նորոգելու աշխատանքներ կատարող բանվորներին` կենտրոնացնելով նորոգելու ծառայությունը: Հաշվի առնելով, որ աշխատողների աշխատանքի բնույթը և աշխատանքային պայմաններն այս դեպքում չեն փոխվում, այլ միայն կատարվում է կազմակերպական փոփոխություն, նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը պահպանվում է:
28. Այն աշխատողներին, ովքեր, ըստ ցուցակներում նշված մասնագիտությունների և պաշտոնների, տեխնոլոգիական սարքավորումներ նորոգելու և սպասարկելու աշխատանքներ են կատարում անմիջականորեն արտադրամասերում, տեղամասերում և բաժանմունքներում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 և թիվ 2 ցուցակների համապատասխան բաժիններով` անկախ նրանից` գտնվում են արտադրական արտադրամասերի՞, թե՞ մասնագիտացված նորոգման կազմակերպություների հաստիքում: Օրինակ` փականագործ նորոգողները, էլեկտրամոնտյորներն օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից` անկախ նրանից` համարվում են մետաղագործական կազմակերպությունների՞, թե՞ մասնագիտացված կազմակերպության աշխատողներ, քանի որ այս մասնագիտություններն ուղղակիորեն նշված են թիվ 1 և թիվ 2 ցուցակների համապատասխան բաժիններում: Եթե ասբեստի արտադրության (թիվ 1 ցուցակ, բաժին XI) փականագործ նորոգողների պարագայում հարկ չկա հիմնավորել, որ նրանք աշխատել են նշված արտադրամասերում, ապա մասնագիտացված կազմակերպությունների` նորոգման և սպասարկման աշխատանքներ կատարող աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս անհրաժեշտ է փաստաթղթերով հիմնավորել, որ նրանք լրիվ աշխատանքային օրվա ընթացքում մշտապես կատարել են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներ:
29. Բացի կենսաթոշակային արտոնություններից, տրվում են նաև մի շարք այլ արտոնություններ (լրացուցիչ արձակուրդ, հատուկ սնունդ, կրճատ աշխատանքային օր և այլն), սակայն դրանք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հիմք լինել չեն կարող:
5. ԼԵՌՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
(ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ I ԵՎ ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ I)
30. Լեռնային աշխատանքները կարող են կատարվել ինչպես ստորգետնյա պայմաններում, այնպես էլ հողի մակերևույթին: Ելնելով օգտակար հանածոներ արդյունահանելու եղանակից` աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 կամ թիվ 2 ցուցակով: Այսպես, թիվ 1 ցուցակի I բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն հանքերի, հանքարանների բոլոր բանվորները` անկախ մասնագիտության անվանումից, ովքեր լրիվ աշխատանքային օրվա ընթացքում կատարում են օգտակար հանածոներ արդյունահանելու ստորգետնյա աշխատանքներ: Այդ իրավունքից օգտվում են նաև երկրաբանահետախուզական կազմակերպությունների, հանքերի, հանքարանների շինարարության աշխատողները, եթե աշխատում են ստորգետնյա պայմաններում: Նշված աշխատանքներն ստորգետնյա տեղամասերում կատարող ղեկավարներին և մասնագետներին նույնպես, անկախ պաշտոնի անվանումից, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակով:
31. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են նաև բոլոր այն աշխատողները, անկախ մասնագիտության կամ պաշտոնի անվանումից, որոնք լրիվ աշխատանքային օրվա ընթացքում սպասարկում են բանվորներին և ծառայողներին: Դրանք են` ստորգետնյա բուժկետի բժշկական անձնակազմի անդամներ, ստորգետնյա հեռախոսակապի աշխատողներ, ստորգետնյա տրանսպորտի աշխատողներ և այլն: Ստորգետնյա պայմաններում կարող են գտնվել պահեստներ, պահեստարաններ, արհեստանոցներ և այլն, որոնց աշխատողները չեն առնչվում օգտակար հանածոների արդյունահանմանը և թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չունեն: Նրանց այդ իրավունքը կարող է տրվել թիվ 1 և թիվ 2 ցուցակների այլ բաժիններով: Օրինակ` ստորգետնյա հիվանդանոցում (օգտագործված աղի հանքում) հիվանդներին սպասարկող բուժանձնակազմի անդամներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով (XXI բաժին):
32. Այն աշխատողներին, որոնք, պայմանավորված իրենց աշխատանքի բնույթով, չեն կարող լրիվ օրվա ընթացքում կատարել ստորգետնյա աշխատանքներ, թիվ 1 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնի «գ» և «դ» կետերով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք տարեկան (հաշվարկային ժամանակահատվածի) աշխատաժամանակի առնվազն 50%-ի տևողությամբ աշխատում են ստորգետնյա պայմաններում: Այն աշխատողներին, որոնց մասնագիտությունները և պաշտոնները նշված են այդ կետերում, ստորգետնյա պայմաններում աշխատաժամանակի 50%-ից պակաս տևողությամբ աշխատելու դեպքում արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով:
33. Ստորգետնյա պայմաններում աշխատաժամանակի լրիվ տևողությամբ աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը որոշելիս նրանց մասնագիտությունների և պաշտոնների անվանումները նշանակություն չունեն: Թիվ 1 ցուցակով նրանց կենսաթոշակ նշանակելու հիմնական պայմանն այն է, որ փաստաթղթերով հիմնավորվի, որ նրանք աշխատաժամանակի լրիվ տևողությամբ կատարում են ստորգետնյա պայմաններում օգտակար հանածոներ արդյունահանելու աշխատանքներ: Օրվա լրիվ աշխատաժամանակի տևողությամբ ստորգետնյա պայմաններում աշխատելը կարող է հիմնավորվել այդ փաստը հաստատող ցանկացած փաստաթղթով: Այդ փաստաթղթերից են աշխատանքային գրքույկը, հանք իջնելու և բարձրանալու գրանցամատյանը, հրամանները, կարգադրությունները և այլն: Նշված տվյալների բացակայության դեպքում կարող են օգտագործվել կազմակերպության արխիվում պահպանվող այլ փաստաթղթեր, որոնք տվյալներ կպարունակեն երկարամյա աշխատանքի համար միանվագ պարգևատրում վճարելու, լրացուցիչ արձակուրդ տրամադրելու կամ հատուկ հագուստ հատկացնելու մասին և այլն: Այս փաստաթղթերը միայն մասնակիորեն են հաստատում ստորգետնյա պայմաններում աշխատելու հանգամանքը, բայց կարող են անհրաժեշտ ապացույց լինել թիվ 1 ցուցակի I բաժնով կենսաթոշակ նշանակելու համար:
34. Ստորգետնյա պայմաններում մշտական զբաղվածությունը հաստատելը կազմակերպության վարչակազմի պարտականությունն է: Նախարարությունների և գերատեսչությունների որոշումները, որոնք հիմնավորված չեն արխիվային փաստաթղթերով, չեն կարող ստորգետնյա պայմաններում աշխատելու ապացույց լինել և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու հիմք ծառայել:
35. Մարկշեյդերական աշխատանքը աշխատաժամանակի լրիվ տևողությամբ ստորգետնյա պայմաններում աշխատել չի պահանջում, այդ իսկ պատճառով երկրաբանական և մարկշեյդերական աշխատանքներ կատարող բանվորներն ընդգրկված են թիվ 1 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնի «դ» կետում: Նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք տարեկան աշխատաժամանակի առնվազն 50%-ի տևողությամբ աշխատում են ստորգետնյա պայմաններում: Այդ իրավունքից օգտվում են նաև գլխավոր մարկշեյդերները, նրանց տեղակալները, հանքի տեղամասի մարկշեյդերները: Այլ կազմակերպությունների մարկշեյդերները, գլխավոր մարկշեյդերները և նրանց տեղակալները թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն, եթե աշխատաժամանակի առնվազն 50%-ի տևողությամբ աշխատում են ստորգետնյա պայմաններում:
36. Շինարարական կազմակերպությունների աշխատողներին թիվ 1 ցուցակի I բաժնի 1 ին ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք կատարում են հանքի, հանքահորի և հանքարանի շինարարական աշխատանքներ:
37. Եթե կազմակերպությունը (հանքը, հանքարանը) օգտակար հանածոները արդյունահանում է բացառապես ստորգետնյա եղանակով, ապա ստորգետնյա տեղամասերի պետերին, նրանց տեղակալներին և մեքենագետներին, հանածոների և նախապատրաստական (լեռնակապիտալ) տեղամասերի լեռնային վարպետներին, ինչպես նաև գլխավոր ճարտարագետներին, գլխավոր մեքենագետներին, գլխավոր էներգագետներին և այդ կազմակերպությունների պետերին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս հարկ չկա պահանջել հիմնավորող փաստաթուղթ այն մասին, որ նրանք լրիվ աշխատանքային օրվա ընթացքում մշտապես աշխատել են ստորգետնյա պայմաններում: Նշված աշխատողներին այդպիսի կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնի «բ» և «գ» կետերով: Այս դեպքում բավարար են աշխատաքային գրքույկի գրառումները:
38. Հանքաշինարարական և դրան հավասարեցված վարչությունների գլխավոր ճարտարագետներին, գլխավոր մեքենագետներին, գլխավոր էներգագետներին և նրանց տեղակալներին թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե փաստաթղթերով հիմնավորվում է, որ նրանք տարեկան աշխատաժամանակի առնվազն 50%-ի տևողությամբ աշխատել են ստորգետնյա պայմաններում:
39. Հանքաշինական և հանքահորատման վարչությունների լեռնային արտադրամասերի պետերը մտնում են ստորգետնյա գծային անձնակազմի մեջ` որպես հորատման պետեր և տեղամասի պետեր: Նրանք հանքում ղեկավարում են լեռնակապիտալ աշխատանքները, ապահովում են աշխատանքների անվտանգությունը, կարգավորում են ստորգետնյա կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը: Այդ աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնի «գ» կետով:
40. Գունավոր մետաղագործության համակարգի լեռնապատրաստման, ամրացման, մաքրման և այլ ստորգետնյա տեղամասերի մեքենագետները և էլեկտրամեքենագետներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնով` առանց որևէ լրացուցիչ փաստաթղթի, եթե ստորգետնյա եղանակով հանածոներ արդյունահանելու ժամանակ, իրենց աշխատանքի բնույթի բերումով, լրիվ աշխատանքային օրվա ընթացքում աշխատում են ստորգետնյա պայմաններում:
41. Ղեկավարները և մասնագետները (հանքի, հանքարանի, հանքավարչության երկրաբաններ, գլխավոր երկրաբաններ, տեղամասի երկրաբաններ և այլն) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնի «դ» կետով: Այդ իրավունքից կարող են օգտվել նաև հանքի երկրաբանական խմբի երկրաբանները, ովքեր երկրաբանահետախուզական արշավախմբի, ջոկատի անդամներ են: Այս դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկանք այն մասին, որ նրանք կատարել են վերը նշված աշխատանքները:
42. Թիվ 1 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնի «դ» կետում նշված են գլխավոր մեքենագետները, նրանց տեղակալները և օգնականները: Բացի նրանցից, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն նաև ավագ մեքենագետները, որոնք կատարում են թիվ 1 ցուցակում նշված աշխատանքները:
43. Հանքաշինարարական և հանքահորատանցման կազմակերպություններից են այն կազմակերպությունները, որոնք հանք, հանքարան, մետրոպոլիտեն, թունել կառուցելու համար կատարում են որոշակի ծավալի շինմոնտաժային աշխատանքներ:
44. Շինմոնտաժային աշխատանքների մեջ մտնում են լեռնային, ստորգետնյա աշխատանքները, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտի շինարարական և մոնտաժային աշխատանքները:
45. Հանքաշինարարական և հանքահորատանցման վարչությունների ղեկավարները և մասնագետները, ովքեր լրիվ աշխատանքային օրվա ընթացքում ստորգետնյա պայմաններում կատարում են հանքի, հանքարանի շինարարության աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնով:
46. Հանքաշինարարական և հանքահորատանցման կազմակերպությունների այն ղեկավարները և մասնագետները, որոնք հանքաշինարարական և հորատանցման աշխատանքների ընթացքում առնչվում են ստորգետնյա աշխատանքներին, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակով (բաժին I, 1-ին ենթաբաժին, «բ» կետ): Հանքաշինարարական վարչությունների պետերը, արտադրության գծով ճարտարագետները և նրանց օգնականները, ովքեր առնչվում են ստորգետնյա աշխատանքներին, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այնպես, ինչպես հանքերի շինարարության պետերը, նրանց տեղակալները և օգնականները, այն է` նրանց կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի I բաժնի 1‑ին ենթաբաժնով: Այդ իրավունքից օգտվում են նաև հանքահորատանցման վարչությունների` նշված պաշտոններում աշխատողները:
47. Թիվ 1 ցուցակի I բաժնի 2-րդ ենթաբաժնում նշված են այն բանվորները, մասնագետները և ծառայողները, որոնք կատարում են ոչ միայն ստորգետնյա շինարարական աշխատանքներ, այլ նաև մետրոպոլիտենի, ստորգետնյա ջրատարի և ստորգետնյա այլ կառույցների վերակառուցման, տեխնիկական վերազինման և հիմնական (կապիտալ) նորոգման աշխատանքներ: Ի տարբերություն ստորգետնյա պայմաններում մշտապես օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև հանքի և հանքարանի շինարարական աշխատանքներ կատարողների` վերը նշված աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում ըստ թիվ 1 ցուցակի I բաժնի 2-րդ ենթաբաժնի «ա» և «բ» կետերում թվարկված մասնագիտությունների և պաշտոնների: Ընդ որում` ղեկավարներին և մասնագետներին այդպիսի կենսաթոշակ նշանակվում է, եթե նրանք տարեկան աշխատաժամանակի առնվազն 50%-ի տևողությամբ աշխատել են ստորգետնյա պայմաններում, ինչը պետք է հիմնավորվի փաստաթղթերով: Իսկ եթե նրանք տարեկան աշխատաժամանակի 50%-ից պակաս տևողությամբ են աշխատել ստորգետնյա պայմաններում, ապա նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի I բաժնով:
48. Թիվ 1 ցուցակի I բաժնի 2-րդ ենթաբաժնում նշված են հանքափորվածքի, մետրոպոլիտենի, ստորգետնյա ջրանցքի, թունելի և ստորգետնյա այլ կառույցների շինարարության, վերակառուցման, տեխնիկական վերազինման և հիմնական նորոգման ստորգետնյա աշխատանքներ կատարող բանվորները, ղեկավարները, մասնագետները և ծառայողները:
49. Անհրաժեշտ չէ կազմակերպության (հանքի, հանքարանի) վարչակազմից միշտ տեղեկանք պահանջել այն մասին, որ աշխատողը լրիվ աշխատանքային օրվա ընթացքում աշխատել է ստորգետնյա պայմաններում: Օրինակ` եթե աշխատանքային գրքույկում գրանցված են «հորանայինե, «հորատանցող» («հորատող») մասնագիտությունները, ապա այս դեպքում անհրաժեշտություն չկա պահանջել ճշտող տեղեկանք այն մասին, որ աշխատողը մշտապես կատարել է ստորգետնյա աշխատանքներ, քանի որ այդ բնույթի աշխատանք կատարողները չեն կարող աշխատել վերգետնյա պայմաններում: Այդուհանդերձ, նույն մասնագիտությունն ունեցող բանվորները հանքում, հանքահորում և հանքարանում կարող են կատարել ինչպես ստորգետնյա, այնպես էլ վերգետնյա աշխատանքներ, օրինակ` պայթանցք հորատողները, հորատման սարքի մեքենավարները, կեռաշերեփի (սկրեպերի) մեքենավարները: Այս աշխատողների պարագայում անհրաժեշտ է հիմնավորել, որ նրանք լրիվ աշխատանքային օրվա ընթացքում մշտապես կատարել են ստորգետնյա աշխատանքներ:
50. Մետրոպոլիտենի ստորգետնյա շինարարության աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակի I բաժնի 2-րդ ենթաբաժնով, եթե կատարում են ստորգետնյա եղանակով մեծ խորությամբ մետրոպոլիտենի շինարարական աշխատանքներ: Մետրոպոլիտենի շինարարության աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը որոշելու ժամանակ անհրաժեշտ է առաջնորդվել թիվ 1 ցուցակի I բաժնի 2-րդ ենթաբաժնում և թիվ 2 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնի «բ» կետում թվարկված մասնագիտություններով և պաշտոններով:
51. Ստորգետնյա հորատանցման սարքավորումների էլեկտրափականագործ-մոնտաժողները, ովքեր կատարում են մետրոպոլիտենի ստորգետնյա շինարարության աշխատանքներ, նշված են թիվ 1 ցուցակի I բաժնի 2-րդ ենթաբաժնում: Նախկինում այդ մասնագիտությունն անվանվել է «փականագործ-մոնտաժող»: Հաշվի առնելով, որ «փականագործ-մոնտաժող» և «ստորգետնյա հորատանցումների սարքավորումների էլեկտրափականագործ-մոնտաժող» մասնագիտությունները նույն մասնագիտության տարբեր անվանումներ են և աշխատանքի բնույթով իրարից չեն տարբերվում` ստորգետնյա այն փականագործ-մոնտաժողները, որոնք կատարում են վերը նշված աշխատանքները, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի I բաժնի 2-րդ ենթաբաժնով:
52. Թիվ 1 ցուցակի I բաժնի 2-րդ ենթաբաժնի «բ» կետում նշված են այն ղեկավարների, մասնագետների և ծառայողների պաշտոնները, որոնք կատարում են հանքի և մետրոպոլիտենի ստորգետնյա շինարարական աշխատանքներ: Այդ իրավունքից օգտվում են նաև համանման պաշտոններ զբաղեցնող այն աշխատողները, որոնք կատարում են ստորգետնյա ջրանցքի, թունելի և ստորգետնյա այլ կառույցների` հանածոների արդյունահանմանը չառնչվող շինարարական աշխատանքներ:
53. Հաղորդակցման ուղիների համար թունել հորատանցելու աշխատանքներ կատարող վարչությունների պետերը, գլխավոր ճարտարագետները և նրանց տեղակալներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
54. Թիվ 1 ցուցակի I բաժնի 4-րդ ենթաբաժնում («Հանքափրկարարական մասեր (կայաններ)») նշված են նմուշ հավաքողները, շնչադիմակավորները, ինչպես նաև ղեկավարները և մասնագետները (հրամանատարական կազմը): Թեև նրանք մշտապես չեն աշխատում ստորգետնյա պայմաններում, այդուհանդերձ նրանց աշխատանքի հատուկ պայմանները թույլ են տալիս արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս նրանցից լրացուցիչ փաստաթղթեր չպահանջել:
55. Թիվ 2 ցուցակի I բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այդ բաժնում նշված հետևյալ օգտակար հանածոները արդյունահանողները` հանքաքար, թերթաքար, օզոկերիտ, տալկ, կաոլին, գրաֆիտ, դոլոմիտ, քվարցիտ, կիր, մերգել, մագնեզիտ, դաշտային և ֆլորական շպատ, գիպս, բորատ, պիեզաքվարց, ագաթ, բորիտ, ֆոսֆորիտ, ապատիտ, ծծումբ, ալմաստ, մարմար, գրանիտ, անդեզիտ, կավիճ, ավազից կորզվող թանկարժեք և գունավոր մետաղ, դիաբազ, գրանոդիորիտ, բազալտ, ավազաքար, սաթ, փայլար, ասբեստ, աղ և այլ ոչ մետաղական հանածոներ, որոնք պարունակում են վտանգավորության 1-2-րդ դասերի, ինչպես նաև 3-րդ դասի վնասակար նյութեր:
56. Բացի օգտակար հանածոներ արդյունահանելու աշխատանքներից, թիվ 2 ցուցակի I բաժնում նշված են նաև հանքի, հանքարանի, բաց հանքարանի, մետրոպոլիտենի, թունելի մակերևույթին կատարվող այլ աշխատանքներ, որոնք կատարողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակի I բաժնով:
57. Լեռնային աշխատանքների վերջնական նպատակն օգտակար հանածոներ արդյունահանելն է, այդ իսկ պատճառով թիվ 2 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է սահմանված այն աշխատողների համար, որոնք կատարում են օգտակար հանածոներ արդյունահանելու աշխատանքներ:
58. Օգտակար հանածոներ արդյունահանելու համար կարող են կատարվել ինչպես պայթեցման հիմնական աշխատանքներ, այնպես էլ հանածոներ արդյունահանելուն առնչվող նախապատրաստական աշխատանքներ, ինչը աշխատողներին չի զրկում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:
59. Օգտակար հանածոներ արդյունահանելուն չառնչվող` ստորգետնյա ջրանցքի, թունելի և այլ ստորգետնյա կառույցների շինարարության ղեկավարներին և մասնագետներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի I բաժնի 2-րդ ենթաբաժնով` որպես ստորգետնյա մետրոպոլիտենի շինարարական աշխատանքներ կատարողների: Նրանց այդպիսի կենսաթոշակ նշանակելու ժամանակ լրացուցիչ տեղեկանք պահանջելու անհրաժեշտություն չկա:
60. Շինարարական նյութեր արտադրող կազմակերպություններում, որպես կառուցվածքային միավոր, կարող են լինել լեռնային արտադրամասեր: Թիվ 2 ցուցակում թվարկված օգտակար հանածոներ արդյունահանող այդ արտադրամասերի աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն ըստ թիվ 2 ցուցակի I բաժնում նշված մասնագիտությունների և պաշտոնների` անկախ այն բանից, թե արդյունաբերական որ ճյուղի կազմակերպությունն է օգտակար հանածոներ արդյունահանում:
61. Հանքարանի (հանքահորի) սահմանը որոշվում է հատկացված լեռնային տարածքով, որը կազմակերպությանը տրվում է օգտակար հանածոներ արդյունահանելու համար: Երբեմն, սխալմամբ, հանքարանի (հանքահորի) սահման են համարում հատկացված հողատարածքը: Մինչդեռ հողատարածքն ավելի մեծ հողային մակերես է, քան լեռնային տարածքը: Հողային տարածք հատկացվում է ոչ միայն հանքարանի, այլև կազմակերպության բոլոր արտադրական և ծառայողական այլ շինությունների համար: Եթե ջարդող-տեսակավորող ֆաբրիկան (արտադրամասը) գտնվում է հանքարանի սահմաններից դուրս, բայց հատկացված հողատարածքի սահմանում, ապա այդ ֆաբրիկայի (արտադրամասերի) աշխատողները թիվ 2 ցուցակի I բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Այդ իրավունքից չեն օգտվում նաև ջարդող-տեսակավորող կազմակերպությունների աշխատողները (հիմնականում` ջարդողները), ովքեր խճաքար ստանալու համար կատարում են լեռնահանքային հումքը ջարդելու աշխատանքներ, ինչը լեռնահանքային աշխատանքների շարունակություն չէ:
62. Ինչպես ստորգետնյա, այնպես էլ բաց եղանակով օգտակար հանածոներ արդյունահանող կազմակերպություններից են նաև ոսկեխուզական կազմակերպությունները: Այդ կազմակերպությունների այն աշխատողները, որոնք մշտապես կատարում են ստորգետնյա պայմաններում օգտակար հանածոներ արդյունահանելու աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի I բաժնով` որպես հանքերի, հանքարանների աշխատողներ:
63. Թիվ 2 ցուցակի I բաժնով, ըստ դրանում նշված մասնագիտությունների և պաշտոնների, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում ոսկեխուզական կազմակերպությունների այն աշխատողներին, որոնք կատարում են բաց եղանակով օգտակար հանածոներ արդյունահանելու աշխատանքներ:
64. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են բաց հանքի, հանքարանի երկրաբանները և տեղամասի երկրաբանները, ովքեր բաց եղանակով օգտակար հանածոներ արդյունահանելու աշխատանքներ են կատարում հանքերի մակերևույթին: Եթե երկրաբանի աշխատատեղը գտնվում է նշված կազմակերպությանների տարածքից դուրս (օրինակ` բաժնում, որտեղ նա ստուգում է հանքերից, բաց հանքերից, հանքարաններից բերված օգտակար հանածոների որակը), ապա այդ երկրաբանն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չի օգտվում:
65. Հանքային վարչությունների կազմում լինում են ջարդող-տեսակավորող առանձնացված ֆաբրիկաներ, որտեղ կատարվում են թիվ 2 ցուցակում նշված օգտակար հանածոներ ջարդելու աշխատանքներ: Եթե այդ աշխատանքները լեռնային աշխատանքների տեխնոլոգիական գործընթացի շարունակություն են, ապա այդ ֆաբրիկաների աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի I բաժնով: Նույն կերպ է լուծվում նաև տնտեսության որոշ ճյուղերի խճաքարի գործարանի աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը, ովքեր քար են արդյունահանում իրենց կառուցվածքում այնպիսի արտադրամասեր ունեցող քարհանքերում, որտեղ կատարվում են քար ջարդելու աշխատանքներ: Այս գործընթացը համարվում է օգտակար հանածոներ արդյունահանելու տեխնոլոգիական գործընթացի շարունակություն, և այդ գործարանների աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:
66. Արտադրական, արտադրատեխնիկական, հիմնական շինարարության բաժինների պետերն ու նրանց տեղակալները կարող են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվել թիվ 2 ցուցակով, եթե նրանց աշխատանքն առնչվում է ստորգետնյա պայմաններում կատարվող աշխատանքներին:
67. Ստորգետնյա արդյունահանում կատարող հանքերի մակերևույթին աշխատող բեռնակիրներն օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից` անկախ բեռնման աշխատանքների տեսակից (խցիկի, երկաթուղային վագոնի, ավտոմեքենայի բեռնում և այլն):
68. Լեռնարդյունահանման կազմակերպություններում լեռնային զանգված դուրս կրելու աշխատանքներ են կատարում ավտոմեքենայի վարորդները, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակով:
69. Մետրոպոլիտենի շինարարության այն աշխատողները, որոնք կատարում են փոքր խորությամբ մետրոպոլիտենի գծեր կառուցելու աշխատանքներ, որոնց վրա կայարանները կառուցվում են բաց եղանակով, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով (բաժին I, 1-ին ենթաբաժին): Այն աշխատողները, որոնք կատարում են մետրոպոլիտենի վերգետնյա մասերի շինարարական աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
70. Այս կամ այն եղանակով մետրոպոլիտենի շինարարության աշխատանքներ կատարելը հաստատող հիմնական փաստաթուղթը մետրոպոլիտենի շինարարության տեխնիկական նախագիծն է, որը հաստատում է համապատասխան կազմակերպությունը:
71. Թիվ 2 ցուցակով (բաժին I, 1-ին ենթաբաժին) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են նաև այն աշխատողները, որոնք կատարում են ստորգետնյա կառույցի (կայարան, թունել, նվազեցնող ենթակայան և այլն) շինարարական աշխատանքներ, որոնք նախատեսված են մետրոպոլիտենի շինարարության տեխնիկական նախագծով: Փոքր խորությամբ մետրոպոլիտեն կառուցելը նախատեսում է նաև հողահանման, հատուկ վահանակների կառուցման, ստորգետնյա կառույցների (կայարաններ, թունելներ և այլն) շինարարության աշխատանքներ:
72. Ուժակուտակչային (ակումուլյատորային) լամպեր և բանվորական համարներ հանձնելու և ընդունելու, հանք իջնելու և բարձրանալու հաշվառման աշխատանքները միշտ նախատեսված են եղել լամպագործի աշխատանքների մեջ: Նրանք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնի «ա» կետով:
73. Հաշվառողի պաշտոնային պարտականությունների մեջ են մտնում աշխատատեղերում բանվորներին հաշվառելը, սահմանված կարգով հաշվետախտակներ կազմելը և ներկայացնելը, աշխատանքային կարգապահության խախտումները հաշվառելը և այլն: Այս աշխատանքներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չեն տալիս: Ուստի եթե դրանք կատարում է լամպագործը, ապա նա զրկվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:
74. «Ուղեշարժիչի մեքենավարը» և «ուղեփոխիչի մեքենավարը» նույն մասնագիտության տարբեր անվանումներ են, սակայն, ըստ էության, աշխատանքները կատարվում են նույն ագրեգատով: Ուղեփոխիչի մեքենավարների աշխատանքի բնույթը և պայմանները նույնն են, ինչ ուղեշարժիչի մեքենավարներինը, ուստի ուղեփոխիչի մեքենավարները նույնպես արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակի I բաժնի 1 ին ենթաբաժնի «ա» կետով:
75. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն հանքի մակերևույթին հանքաքար տեսակավորողները: Այդ իրավունքից օգտվում են նաև թերթաքար տեսակավորողները:
76. Թիվ 2 ցուցակով (բաժին I) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է սահմանված լեռնային աշխատանքների արտադրությունում սարքավորում մոնտաժողների և ապամոնտաժողների, սարքավորում նորոգող փականագործների համար: Այդ իրավունքից օգտվում են նաև մետաղագործական գործարանների սարքավորումների փականագործ-մոնտաժողները, ովքեր ապամոնտաժում, մոնտաժում և նորոգում են բացահանքերի սարքավորումները, և այն վարպետները (որպես արտադրական տեղամասերի վարպետներ), որոնք ղեկավարում են վերը նշված փականագործներին:
77. Թիվ 2 ցուցակի I բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թերթաքարի հանքից և բացահանքից հանքաքար և խտանյութ (կոնցենտրատ) տեղափոխող բեռնատար մեքենայի վարորդները: Թիվ 2 ցուցակի I բաժնում թվարկված հանածոների արդյունահանման հանքում, բաց հանքարանում, բացահանքում սարքավորում նորոգող էլեկտրամոնտյորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնով:
78. Հանքերի հիմնանցքի բաժնաչափիչ սարքերի էլեկտրափականագործներն աշխատում են ստորգետնյա պայմաններում: Այդ պատճառով նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի I բաժնով:
79. Հիմնանցքերի և վերելակների էլեկտրափականագործներն աշխատում են ինչպես ստորգետնյա պայմաններում, այնպես էլ հանքի մակերևույթին, հետևաբար նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի I բաժնով:
80. Հիմնանցքի և հետախուզահորի էլեկտրափականագործներն աշխատում են ստորգետնյա պայմաններում, ուստի նրանց կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի I բաժնով:
81. Եթե էլեկտրափականագործները կատարում են ինչպես ստորգետնյա, այնպես էլ վերգետնյա աշխատանքներ, ապա կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում թիվ 2 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնով:
82. Թիվ 2 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն հանքի և բացահանքի մակերևույթի տեղամասերում և հանքի ու բացահանքի շինարարության արդյունաբերական հրապարակներում աշխատող մեքենագետները, վարպետները: Ընդ որում` պարտադիր չէ, որ նրանք առնչվեն ստորգետնյա աշխատանքներին:
83. Թիվ 2 ցուցակի I բաժնի 1 ին ենթաբաժնի «բ» կետում նշված են այն մեքենագետները, ավագ մեքենագետները, գլխավոր մեքենագետները և նրանց տեղակալները (օգնականները), որոնք կատարում են որոշակի հանածոներ արդյունահանելու աշխատանքներ: Պաշտոնի «գլխավոր մեքենագետի օգնական» անվանումը «ավագ մեքենագետ» անվանմամբ փոխարինելը նրանց չի զրկում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:
84. Թիվ 2 ցուցակի I բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են նաև երկրաբանական, ջրաերկրաբանական, երկրաֆիզիկական և կարոտաժային ջոկատներում, արշավախմբերում, դաշտային բազաներում, խմբերում, ջրաերկրաբանական կայաններում, կարոտաժային, ռադիոկարոտաժային, ինելիոմետրական, պերֆերատորային և գազակարոտաժային ջոկատների խմբերի աշխատողները, ովքեր կատարում են երկրաֆիզիկական հետազոտություններ: Վերը նշված աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս նախ պետք է որոշել, թե կատարված աշխատանքները համարվու՞մ են երկրաբանական-հետախուզական աշխատանքներ: Այդ աշխատանքները ներառում են երկրաբանական նկարահանումները (հողի վերին շերտի կեղևի երկրաբանական կառուցվածքը ուսումնասիրելը և հանքահումքային պաշարները բացահայտելը), որոնողական աշխատանքները (հանածոները հայտնաբերելը) և հետախուզական աշխատանքները (օգտակար հանածոների քանակը և որակը որոշելը): Այսպիսով, երկրաբանական-հետախուզական աշխատանքները համալիր հետազոտություններ են` երկրաբանական քարտեզ կազմելուց մինչև հանքանյութի կառուցվածքը ճշտելը, ինչը հնարավորություն է տալիս ճիշտ պլանավորել հետագա նախապատրաստական և շահագործման աշխատանքները:
85. Հետախուզական աշխատանքներ (բոլոր պայմանների նախնական հետազոտում, որոնց առկայությամբ պետք է կառուցվի և շահագործվի որևէ օբյեկտ) կատարողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Հետախուզական աշխատանքներից են երկաթուղային, շինարարական, ջրատեխնիկական, ճանապարհային, ջրատնտեսական աշխատանքները և այլն: Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն երկրաբանական-հետախուզական աշխատանքներ կատարող հորատողները: Ինքնաշարժ հորատման սարքը նոր շինհրապարակ փոխադրելու ժամանակ, աշխատանքային ռեսուրսները տնտեսելու նպատակով, մեքենան վարում է հորատման բրիգադի որևէ հորատող: Հորատման սարքը նոր շինհրապարակ փոխադրելը նախատեսված է երկրաբահետախուզական աշխատանքներ կատարելու տեխնոլոգիայով, հետևաբար այդ հանգամանքը չի կարող հորատողին զրկել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:
86. Լվացող սարքերում նմուշ լվանալը հարստացման գործընթաց է, ինչի շնորհիվ նմուշի ամբողջ զանգվածից կորզվում են օգտակար հանածոները: Նմուշ լվացողները, ելնելով նրանց կատարած աշխատանքի բնույթից և պայմաններից, կարող են դասվել հարստացման աշխատանքներ կատարող բանվորների շարքը: Այս դեպքում անհրաժեշտ են հարստացման աշխատանքներին մասնակցելու մասին լրացուցիչ փաստաթղթեր (արտադրության տեխնոլոգիա, հրամաններ, կարգադրություններ, հաստիքացուցակներ, աշխատած ժամանակի հաշվառման մատյաններ և այդ հանգամանքը ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաստատող այլ փաստաթղթեր):
87. Լաբորատոր աշխատանքները երկրաբանահետախուզական աշխատանքների մի մասն են: Եթե լաբորատոր աշխատանքները կատարվում են դաշտային պայմաններում (երկրաբանական-հետախուզական աշխատանքներ կատարելու վայրում), ապա այդ աշխատանքները կատարելու ժամանակահատվածը կարող է հաշվարկվել թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժում: Ոչ դաշտային պայմաններում լաբորատոր աշխատանքներ կատարողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Վերահսկիչ-մեթոդական խմբերի և լաբորատորիաների ղեկավարները և մասնագետները երկրաբանահետախուզական աշխատանքներին չեն առնչվում և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Այն ղեկավարները և մասնագետները, որոնց աշխատանքի բնույթն այնպիսին է, որ նրանք մշտապես և անմիջականորեն չեն կատարում վերը նշված աշխատանքները, այլ միայն միջամտում են դրանց կատարմանը, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չունեն:
88. Երկրաֆիզիկական աշխատանքները երկրաբանահետախուզական աշխատանքների մի մասն են և նշված են թիվ 2 ցուցակի I բաժնում: Երկրաֆիզիկական աշխատանքները կատարվում են սեյսմիկ, էլեկտրոնային, մագնիսական, գրավիմետրական և այլ եղանակով: Այդ պատճառով, անկախ երկրաֆիզիկական աշխատանքների եղանակից, ղեկավարները և մասնագետներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն:
89. Սեյսմիկ հետախուզությունում երկրաֆիզիկական աշխատանքներ կատարող ղեկավարներից և մասնագետներից են ջոկատի պետերը, ավագ երկրաֆիզիկոսը, ավագ երկրաբանը, երկրաֆիզիկոսը, ինտերպրետատորը, տեխնիկը, խմբի պետը, ավագ տեխնիկը, օպերատորը, տեխնիկ-պայթեցնողը:
90. Հանքավայր որոնելու և դաշտային պայմաններում հետախուզական աշխատանքներ կատարելու ընթացքում լայնորեն կիրառվում են երկրաբաշխական ձևեր: Այդ աշխատանքների զգալի ծավալը կազմում են տեղագրական և երկրաբաշխական աշխատանքները: Դրանք կատարում են տեղագրական ջոկատները, որոնց կազմում ընդգրկված են ջոկատի պետը, ավագ տեղագիրը և 2-ից 4 տեղագիր:
91. Թիվ 2 ցուցակի I բաժնի 5-րդ ենթաբաժնում նշված են արշավախմբերի, ջոկատների, խմբերի, տեղամասերի և դաշտային բազաների այն ղեկավարները և մասնագետները, որոնք կատարում են երկրաբանական-հետախուզական և որոնողական աշխատանքներ: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժի մեջ հաշվարկվում է նաև երկրաբանական-հետախուզական և որոնողական աշխատանքների վայրում լաբորատոր աշխատանքներ կատարելու ժամանակահատվածը:
92. Արշավախմբերի կազմում գտնվող տեղագրական խմբերի այն տեղեկագիրները և պետերը, որոնք կատարում են երկրաբանական-հետախուզական և որոնողական աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակի I բաժնի 5-րդ ենթաբաժնի «բ» կետով:
6. ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ, ՀԱՐՍՏԱՑՈՒՄ, ԿՈՏՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ (ԲԵԿՈՐԱՇԵՂՋՈՒՄ (ԱԳԼՈՄԵՐԱՑՈՒՄ), ԲՐԻԿԵՏԱՎՈՐՈՒՄ, ԿՈՇՏԱՎՈՐՈՒՄ), ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ԵՎ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԹՐԾՈՒՄ
(ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ II ԵՎ ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ II)
93. Հանքաքարը լինում է մետաղական (երկաթի, պղնձի, կապարի, ցինկի և այլն) և ոչ մետաղական (զառիկի, բարիտի, ասբեստի և այլն): Հանքաքար հարստացվում է նախնական մշակման միջոցով, որի ժամանակ հեռացվում են դատարկ հանքաքարերը, իսկ հանքաքարերում պարունակվող օգտակար հանածոները բաժանվում են ըստ նրանց խտության (գրավիտացիոն հարստացում), մակերեսի ֆիզիկաքիմիական հատկանիշների (ֆլոտացիա), մագնիսական ընկալունակության (մագնիսական հարստացում) և այլն, ինչի հետևանքով ստացվում է օգտակար բաղադրիչներ պարունակող խտանյութ, որն ուղարկվում է մշակման: Հանքաքար հարստացնելու ընթացքում կարող է ստացվել նաև միջանկյալ նյութ, որը պարունակում է ինչպես հանքային, այնպես էլ ոչ հանքային բաղադրիչներ:
94. Օգտակար հանածոներ հարստացնելու տեխնոլոգիան բաղկացած է առանձին գործընթացներից (գործառնություններից)` նախապատրաստական, հիմնական և օժանդակ.
1) նախապատրաստական գործընթացների ժամանակ օգտակար հանածոները ջարդվում են, մանրացվում, մաղվում, կատարվում է դրանց ջրաբաշխական դասակարգում և մագնիսացնող թրծում.
2) հիմնական գործընթացների ժամանակ օգտակար հանածոները հարստացվում են` հանքաքարը ջոկվում է, տեսակավորվում, լվացվում, կատարվում է դրանց գրավիտացիոն հարստացում, մագնիսացում և ֆլոտացիա.
3) հանքապատրաստման գործընթացների ժամանակ հանքաքարը ջարդվում, մանրացվում, մաղվում և աղացվում է հարստացնելուց անմիջապես առաջ, իսկ որոշ դեպքերում (պայմանավորված հանքաքարում պարունակվող օգտակար հանածոյի քանակով և որակով)` այն պատրաստելուց հետո` շրջանցելով հարստացնելը և կոտորակավորելը:
95. Հանքաքարը նախապատրաստելուց հետո ստացված փոշեձև մանր հանքային նյութերը կոտորակավորելու գործընթացում հատուկ եղանակներով խոշորացվում են և նախապատրաստվում ձուլման: Օգտագործվում են կոտորակավորելու հետևյալ ձևերը` բեկորաշեղջել (ագլոմերացնել), բրիկետավորել և կոշտավորել.
1) բեկորաշեղջելու գործընթացում հանքաքարի մանր նյութերը ջերմային եղանակով խոշորացվում են, ինչով բարելավվում են դրանց մետաղագործական հատկությունները: Դա կատարվում է բեկորաշեղջող մեքենայով հանքաքարն այրելու միջոցով, որից հետո ստացվում է բեկորաշեղջ (ագլոմերատ), որը մետաղագործական արդյունաբերության հիմնական հումքն է.
2) բրիկետավորելու գործընթացում հանքային նյութը ժապավենային, գրտնակային, դրոշմային և օղակային մամլիչներով մամլելու եղանակով վերածվում է բրիկետների (մամլած աղյուսների).
3) կոշտավորելու գործընթացում` պտտվող թմբուկներում կամ ափսեներում ստացվում է մանրացված հանքային նյութ (փոքր կոշտ), որը անվանվում է գնդիկ (օկատիշ):
96. Վերադարձի գործընթացում` ձևախեղված (դեֆորմացված) մետաղները և ձուլվածքները բյուրեղացման ջերմաստիճանից ցածր ջերմաստիճանում տաքացնելու շնորհիվ դրանց կառուցվածքային հատկությունները մասնակիորեն վերականգնվում են:
97. Օգտակար հանածոները հարստացնելուց հետո ստացված պոչուկները (թափոնները) պահվում են պահեստում:
98. Քարածուխը կամ հանքաքարը թաց եղանակով հարստացնելու ընթացքում գոյանում է տղմային նստվածք` խարամ:
99. Հանքաքարը մանրացնելու, ջրարդյունահանելու ժամանակ և այլ դեպքերում գոյանում է մանրացված օգտակար հանածոյի և ջրի խառնուրդ` խյուս (ապարախյուս):
100. Մետաղական և ոչ մետաղական հանքաքարը նախապատրաստելը, հարստացնելը, կոշտավորելը և թրծելը միջանկյալ գործառնություններ են, որոնց նպատակն է` օգտակար հանածոները նախապատրաստել մետաղագործական արդյունաբերությունում օգտագործելու համար: Այդ աշխատանքները կատարվում են ջարդող-տեսակավորող, ջարդող-հարստացնող (հարստացուցիչ) և բեկորաշեղջող կազմակերպություններում (ֆաբրիկաներում, կոմբինատներում), արտադրամասերում, տեղամասերում, բաժանմունքներում: Հիշյալ կազմակերպությունների աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս որոշակի դժվարություններ են ծագում, քանզի նույն անվանումներով մասնագիտություններ են նշված ինչպես թիվ 1, այնպես էլ թիվ 2 ցուցակում: Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են սիլիկոզավտանգ փոշու ազդեցության պայմաններում աշխատողները (ջարդողներ, խառնող մեքենայի մեքենավարներ, աղացի մեքենավարներ և այլն) և սպասարկվող սարքավորումներից առաջացած բարձր ջերմությունների մթնոլորտում աշխատողները (բեկորաշեղջողներ, թրծողներ և այլն): Այլ պայմաններում աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:
101. Հանքապատրաստումը ինքնուրույն տեխնոլոգիական գործընթաց է, որը կարող է կատարվել ինչպես ջարդող-տեսակավորող, այնպես էլ ջարդող-հարստացնող կազմակերպություններում: Առաջին դեպքում հանքաքարը կարող է մետաղագործական կազմակերպություն ուղարկվել ջարդելուց, մանրացնելուց և տեսակավորելուց անմիջապես հետո, իսկ երկրորդ դեպքում այն հարստացվում է: Երկու դեպքում էլ այն աշխատողները, որոնց մասնագիտությունները և պաշտոններն ուղղակիորեն նշված են թիվ 1 և թիվ 2 ցուցակների II բաժիններում, օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:
102. Խճաքարի գործարանում նույնպես կարող են կատարվել օգտակար հանածոներ ջարդելու աշխատանքներ, որոնք այդ գործընթացից հետո ուղարկվում են սպառողներին: Այդ գործարանի աշխատողները (հիմնականում` ջարդողները) թիվ 1 և թիվ 2 ցուցակների II բաժիններով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չունեն, քանի որ նրանց կատարած աշխատանքները հանքապատրաստման և հարստացման աշխատանքներ չեն:
103. Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն բանվորները, որոնց մասնագիտությունները նշված է թիվ 1 ցուցակի II բաժնում: Այդ իրավունքը նրանց տրվում է, որովհետև մետաղները, ոչ մետաղական հանքաքարերը և հանքաքիմիական հումքը ջարդելու, մանրացնելու, աղալու, տեսակավորելու և հարստացնելու ժամանակ առաջանում է փոշի, որը պարունակում է 2 և ավելի տոկոս կայծքարի երկօքսիդ: Բացի դրանից, գոյանում է նաև սիլիկոզավտանգ փոշի, որը կարող է առաջացնել սիլիկոզ հիվանդությունը: Նշված աշխատանքները մշտապես կատարելը հիմնավորվում է տեխնոլոգիական հրահանգով, որտեղ արտացոլվում են հարստացման տեխնոլոգիական գործընթացների հերթականությունը, ստացվող արտադրանքի քանակը, դրանցում բաղադրամասերի պարունակությունը (այդ թվում` կայծքարի երկօքսիդի): Այդ աշխատանքները կատարում են խցիկագործները, մաղողները, բաժնաչափողները, ջարդողները, փոխակրիչի մեքենավարները, աղացի մեքենավարները:
104. Այլ հանքային և ոչ հանքային նյութերով այդօրինակ գործառնություններ կատարող բանվորներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի II բաժնով:
105. Թիվ 1 ցուցակի II բաժնի 1-ին ենթաբաժնում նշված են այն բանվորները (տեխնոլոգիական և նորոգման անձնակազմ), որոնք աշխատանքի ժամանակ օգտագործում են ցիանական լուծույթ: Ցիանական լուծույթներն օգտագործվում են ոսկի կորզող կազմակերպություններում` ցիանական հարստացման գործընթացներում, որի միջոցով կորզվում են թանկարժեք մետաղներ, այդ թվում` ոսկի: Այդ աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը քննության առնելիս պետք է խստորեն առաջնորդվել թիվ 1 ցուցակի II բաժնի 1-ին ենթաբաժնում թվարկված մասնագիտությունների ցանկով:
106. Ըստ տեխնոլոգիական գործընթացի` հանքապատրաստմանը հաջորդում է հարստացնելը (գրավիտացիոն, մագնիսական հարստացում և ֆլոտացիա): Հարստացնելը կարող է կատարվել չոր կամ թաց եղանակով: Թիվ 1 ցուցակի II բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրված չոր եղանակով հարստացնելու աշխատանքներ կատարող բանվորներին (զատիչով (սեպարատորով) աշխատող բանվորներին, սնիչի մեքենավարներին և այլն):
107. Մետաղական և ոչ մետաղական հանքաքարերը թաց եղանակով հարստացնող բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով: Հարստացնելու աշխատանքներ կատարող ֆլոտատորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով, քանի որ նրանք կատարում են թաց եղանակով հարստացնելու աշխատանքներ:
108. Կրաքարը հարստացվում է ջարդող-հարստացնող կազմակերպություններում: Կրաքարը պարունակում է կայծքարի երկօքսիդ, հետևաբար կրաքար հարստացնող բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի II բաժնով:
109. Թիվ 1 ցուցակի II բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են ջարդողները, աղացողները, փոխակրիչի մեքենավարները, ջարդող սարք և աղաց նորոգող և սպասարկող բանվորները:
110. Գունավոր մետաղ հարստացնելու աշխատանքները նշված են թիվ 1 և թիվ 2 ցուցակների II բաժինների «Հանքաքարի և ավազի հարստացում գունավոր, թանկարժեք մետաղ և ալմաստ կորզելու ժամանակ» ենթաբաժիններում: Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն բանվորները, որոնք կատարում են որոշակի աշխատանքներ` անկախ մասնագիտությունների անվանումներից: Դրանք այն բանվորներն են (տեխնոլոգիական և նորոգման անձնակազմ), որոնք աշխատանքի ժամանակ օգտագործում են ցիանական լուծույթներ: Այդօրինակ աշխատանքներ կատարելը հիմնավորվում է համապատասխան փաստաթղթերով:
111. Թիվ 2 ցուցակի II բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են սարքերի, սարքավերլուծական լաբորատորիաների աշխատողները, ովքեր աշխատանքի ընթացքում օգտագործում են ցիանիդներ, ինչպես նաև ոսկի արդյունահանող և ոսկի կորզող կազմակերպությունների աշխատողները: Նշված լաբորատորիաների և ոսկի արդյունահանող ու ոսկի կորզող կազմակերպությունների աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս աշխատանքի ընթացքում ցիանիդներ օգտագործելու մասին լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու անհրաժեշտություն չկա: Դա անհրաժեշտ է սարքերի և սարքավերլուծական լաբորատորիաների աշխատողների համար, ովքեր այլ թանկարժեք մետաղներ և ալմաստ կորզելու նպատակով կատարում են հանածոներ հարստացնելու աշխատանքներ:
112. Օգտակար հանածոներ հարստացնելու աշխատանքներ կատարող ղեկավարները և մասնագետներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են ըստ թիվ 2 ցուցակում թվարկված պաշտոնների: Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է վերապահված միայն այն վարպետներին և ավագ վարպետներին, որոնք աշխատում են տաք աշխատանքային տեղամասերում, ինչպես նաև կատարում են 2 և ավելի տոկոս կայծքարի բյուրեղացված (ազատ) երկօքսիդ պարունակող մետաղական և ոչ մետաղական հանքային հանածո ջարդելու, մանրացնելու, աղալու և բովախառնելու աշխատանքներ: Գունավոր և թանկարժեք մետաղներ կորզելու նպատակով հանքաքար և ավազ հարստացնելու աշխատանքներ կատարող արտադրական վարպետները թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են առանց որևէ պայմանի:
113. Նորոգող վարպետները թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում, եթե աշխատում են այն տեղամասերում, որտեղ օգտագործվում են ցիանական լուծույթներ:
114. Թիվ 1 ցուցակում նշված են այն բանվորները, որոնք բովախառնում են 2 և ավելի տոկոս կայծքարի բյուրեղացված (ազատ) երկօքսիդ պարունակող մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոներ: Բովախառնելն սկսվում է հումքը և նյութերը բեռնաթափելուց և որոշակի հերթականությամբ շարունակվում մինչև որակյալ և միաձույլ բովախառնուրդ ստանալը: Բովախառնելու գործընթացներից են հանքաքարեր (երկաթի տարբեր պարունակություն ունեցող) միացնելը, դրանք ջարդելը, մանրացնելը, բովախառնուրդը բաժնաչափելը և խառնելը: Այս գործառնությունները կատարող բանվորների ցանկը նշված է թիվ 1 ցուցակի II բաժնի «ա» ենթաբաժնում:
115. Քանի որ բեկորաշեղջի արտադրությունը տաք գործընթաց է, ապա, ի թիվս այդ արտադրության հիմնական տեխնոլոգիական աշխատողների (հալոցապաններ, բեկորաշեղջողներ, հնոցաբանվորներ և այլն), արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են նաև փոխակրիչի մեքենավարները, ամբարձիչի մեքենավարները, տեղափոխողները, եթե զբաղված են տաք բեկորաշեղջի օգտագործմամբ կատարվող աշխատանքներով:
116. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու ժամանակ որոշ դեպքերում դժվարություններ են առաջանում բեռնակիրների հարցով: Այսպես, թիվ 2 ցուցակում նշված են աշխատանքի ընթացքում ավազ, վառելիք, ազդանյութերի (ռեագենտների) և գունավոր մետաղների խտանյութեր օգտագործող բանվորները: Բեկորաշեղջ բեռնելու աշխատանքներ կատարող բեռնակիրներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
7. ԴԻՆԱՍԱՅԻՆ ԻՐԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ IV), ՀՐԱԿԱՅՈՒՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ III)
117. Դինասը հրակայուն նյութ է, որը պարունակում է կայծքար (առնվազն 90%) և հող: Պատրաստվում է քվարցի հանքատեսակներից` կրաքարը կամ այլ նյութեր բարձր ջերմաստիճանում թրծելու միջոցով:
118. Շամոտը թրծված հրակայուն կավ է կամ սպիտակ ճենակավ (կաոլին): Օգտագործվում է հրակայուն նյութեր պատրաստելու ժամանակ` դրանց ճկունությունը նվազեցնելու և ամրությունը մեծացնելու համար: Հրակայուն նյութեր շարելու ժամանակ շամոտն օգտագործվում է նաև որպես շաղախ:
119. Հրակայուն նյութերի արտադրությունը ներառում է դինասային իրերի արտադրությունը, շամոտի արտադրությունը, մագնեզիտի փոշու արտադրությունը, քրոմամագնեզիտային, մագնեզիտաքրոմային, մագնեզիտային և կարբորունդային իրերի արտադրությունը:
120. Հրակայուն նյութերի հիմնական սպառողները մետաղագործական կազմակերպություններն են: Այդ նյութերն օգտագործվում են մետաղագործական վառարանները, կոնվերտերները, լցաբաշխ և չուգունատար շերեփները աղյուսապատելու, գեներատորները, վերաօգտագործիչ սարքերը (ռեկուպերատորները) և ծխնելույզները երեսպատելու համար:
121. Թիվ 1 ցուցակում նշված է միայն դինասային իրերի արտադրությունը: Այդ ցուցակով կենսաթոշակային արտոնություններ են տրված այն բանվորներին, որոնք կատարում են փոշու մեջ կայծքարի 2 և ավելի տոկոս բյուրեղային (ազատ) երկօքսիդ պարունակող ոչ մետաղական հանածոներ ջարդելու, մանրացնելու և աղալու աշխատանքներ:
122. Հրակայուն նյութերի արտադրության մյուս աշխատանքները նշված են թիվ 2 ցուցակում: Ընդսմին, պետք է նկատի ունենալ, որ կավե և սիլիկատային աղյուսի արտադրությունը հրակայուն նյութերի արտադրություն չէ: Այս տեսակի աղյուսների արտադրությունը նշված է թիվ 2 ցուցակի XIV բաժնում («Շինարարական նյութերի արտադրություն»):
123. Շամոտի, մագնեզիտային փոշու և այլ հրակայուն նյութերի արտադրություն կարող է կազմակերպվել ոչ միայն մետաղագործական, այլև տնտեսության այլ ճյուղերի կազմակերպություններում: Այդ կազմակերպություններում շամոտի և այլ հրակայուն նյութերի արտադրության առկայությունը պետք է հիմնավորվի փաստաթղթերով:
124. Հրակայուն նյութերի արտադրության բանվորների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը որոշելիս մեծ նշանակություն ունի այն, թե նրանք ինչ սարքավորում են սպասարկում: Օրինակ` թիվ 2 ցուցակում նշված են չորացնող և թրծող ագրեգատներով աշխատող գազագործները, հումք և կիսաֆաբրիկատ բեռնողները և այլն: Այդ աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս անհրաժեշտ են լրացուցիչ (ճշտող) տեղեկանքներ:
125. Բեռնակիրները թիվ 2 ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն, եթե աշխատում են ջարդելու և աղալու տեղամասերում: Ղեկավարները և մասնագետները արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն միայն ըստ թիվ 2 ցուցակում թվարկված պաշտոնների, եթե կատարում են ջարդելու, աղալու և թրծելու աշխատանքներ:
126. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում էլեկտրասարքավորում նորոգող և սպասարկող փականագործ-նորոգողներին, էլեկտրամոնտյորներին, ինչպես նաև հերթապահ և սարքավորում նորոգող էլեկտրափականագործներին (փականագործներին), եթե նրանք աշխատում են տաք աշխատատեղերում:
8. ԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ԳԱԶԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱԶԻ
ՍՏԱՑՈՒՄ ՄԵՏԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
(ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ III ԵՎ ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ V)
127. Գեներատորային գազը հատուկ տեխնոլոգիական գործընթացում ստացվում է կոշտ և հեղուկ վառելիքից: Գեներատորային գազն օգտագործվում է արդյունաբերական վառարանում, իսկ որոշ դեպքերում` քիմիական նյութ ստանալու համար:
128. Մետաղագործական կազմակերպությունները, բացի գեներատորային գազից, օգտագործում են նաև կոքսային և դոմնային գազեր: Կոքսային գազը, որպես երկրորդական նյութ, գոյանում է կոքսի արտադրությունում և մաքրվում ծծմբամաքրման և կոքսաքիմիական արտադրամասերում: Դոմնային գազն առաջանում է դոմնային վառարաններում չուգուն ձուլելու ժամանակ կոքսը այրելու միջոցով և պարունակում է մեծ քանակությամբ փոշի:
129. Թիվ 1 և թիվ 2 ցուցակների նշված բաժիններով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն աշխատողները, որոնք կատարում են գեներատորային գազ և մետաղագործական արտադրությունում ստացվող գազ արտադրելու աշխատանքներ: Այլ գազեր (ջրածին, թթվածին, արգոն, ացետիլեն և այլն) ստանալու աշխատանքներ կատարողները, ինչպես նաև բնական գազ բաշխող բանվորները նշված բաժիններով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
130. Գեներատորային գազի արտադրության գազագործները և գազագեներատորագործներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով: Գազագեներատորային սարքերն օգտագործվում են քիմիական արդյունաբերությունում, սակայն դրանք սպասարկող բանվորները արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով (բաժին VIII):
131. «Գազագեներատորագործ» և «գազագեներատորային կայանի մեքենավար» մասնագիտությունները տարբեր մասնագիտություններ են: Եթե առաջին մասնագիտությունը նշված է թիվ 1 ցուցակում, ապա երկրորդ մասնագիտությունն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տալիս թիվ 2 ցուցակով (բաժին V): Այդ իրավունքից օգտվում են նաև գազամղիչ մեքենայի մեքենավարները, ովքեր աշխատում են գազափոխիչ կայանում:
9. ՄԵՏԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ (ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐ)
(ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ V ԵՎ ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ VI)
132. Հումքի և բովախառնուրդի նախապատրաստում, բրիկետավորում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 1-ին ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 1-ին ենթաբաժին): Գունավոր մետաղների արտադրության հիմնական հումքը հանքաքարն է: Հանքաքարը պարունակում է մի շարք գունավոր մետաղներ և մինչև ձուլման տեղամաս տեղափոխելը ենթարկվում է համալիր մշակման (ջարդվում, մանրացվում, չորացվում է և այլն ):
133. Հումքի նախապատրաստման աշխատանքները հիմնականում կատարվում են բաժանմունքներում, որոնք կարող են լինել ինքնուրույն կամ գտնվել որևէ արտադրամասում, օրինակ` ձուլման: Եթե արտադրության տեխնոլոգիայով հիմնավորվում է, որ բանվորները կատարում են հումք և բովախառնուրդ նախապատրաստելու գործառնություններ, ապա նրանք օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից` անկախ նրանից, թե որ արտադրամասում է գտնվում տվյալ բաժանմունքը:
134. Որոշ կազմակերպություններում տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքները կենտրոնացվում են, ինչի կապակցությամբ որոշ աշխատողներ, օրինակ` էքսկավատորի մեքենավարները, ամբարձիչի մեքենավարները և այլն, ընդգրկվում են երկաթուղային, մեքենայացման, բեռնման-բեռնաթափման աշխատանքների, տրանսպորտապահեստային և այլ արտադրամասերի հաստիքում: Այս աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս պետք է փաստաթղթերով հիմնավորել, որ նրանք կատարել են սույն ենթաբաժնում նշված աշխատանքները: Ամբարձիչի և էքսկավատորի մեքենավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են, եթե մասնակցում են բովախառնուրդ նախապատրաստելու աշխատանքներին: Իսկ եթե նրանք միայն զանազան նյութեր են բեռնում այլ կազմակերպությաններ ուղարկելու համար, ապա այդ իրավունքից չեն օգտվում:
135. Թիվ 1 ցուցակի V բաժնի 1-ին ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն հումք բեռնաթափող բեռնակիրները: Պղնձածծմբային գործարանի և ֆաբրիկայի այն բեռնակիրները, որոնք կատարում են բեռնման աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Թիվ 2 ցուցակի VI բաժնի 1-ին ենթաբաժնում նշված են գունավոր մետաղագործական արտադրանքի հսկիչները, ովքեր աշխատում են տաք և վնասակար պայմաններ ունեցող տեղամասերում:
136. Թիվ 1 ցուցակի V բաժնի 1-ին ենթաբաժնում նշված է բանվորական երկու մասնագիտություն` «ջարդողներ» և «բովախառնուրդ բեռնողներ»: Հարկ է նկատի ունենալ, որ «բեռնողը» մասնագիտություն է, և այն չի կարելի տարածել բեռնող բոլոր բանվորների վրա: Օրինակ` այն կազմակերպությունների մեքենավարները, որտեղ բեռնումը կատարվում է մղանով, թիվ 1 ցուցակով կենսաթոշակի իրավունք չունեն:
137. Թիվ 2 ցուցակում նշված են որոշակի մեքենաների և սարքերի (աղաց, բեռնիչ, մամլիչ, էքսկավատոր և այլն) մեքենավարները: Ցուցակում չնշված մեքենաների մեքենավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
138. Պղնձածծմբային գործարանի և ֆաբրիկայի փականագործ-նորոգողները և էլեկտրամոնտյորները, ովքեր աշխատում են հումքի և բովախառնուրդի նախապատրաստման արտադրություններում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն միայն թիվ 2 ցուցակով:
139. Վերանորոգման ծառայության այն աշխատողները, որոնք նորոգում են թիվ 1 ցուցակի V բաժնի 2-6-րդ, 10-12-րդ, 14-17-րդ ենթաբաժիններում նշված արտադրությունների սարքավորումները, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն միայն թիվ 2 ցուցակով: Դրանք են` փականագործ նորոգողներ, էլեկտրագազաեռակցողներ, ձեռքով էլեկտրաեռակցողներ, սարքավորում նորոգող և սպասարկող էլեկտրամոնտյորներ:
140. Թրծում, վելցամշակում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 2-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 3-րդ ենթաբաժին): Հանքաքարի թրծումը և հետագա վելցամշակումը նախապատրաստական գործառնություններ են և կատարվում են զանազան խառնուրդներ (օրինակ` ծծումբ) հեռացնելու համար: Այդ գործընթացը կատարվում է թրծող վառարանում, որը, ըստ իր կառուցվածքի, լինում է հանքահորային, խողովակաձև և պտուտակաձև:
141. Հանքաքար թրծելը տաք գործընթաց է, հետևաբար այդ գործառնությունը կատարող բանվորներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով, օրինակ` թրծող վառարան բեռնող-բեռնաթափողները, բովախառնուրդ բեռնողները, կաթսայատան մեքենավարները (հնոցապանները) և այլն:
142. Տաք բեկորաշեղջ տեղափոխողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով` անկախ աշխատանքի բնույթից և պայմաններից: Այդուհանդերձ, տաք բեկորաշեղջ փոխադրողներին այդպիսի կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք մշտապես աշխատում են տաք աշխատատեղերում, ինչը պետք է հիմնավորվի փաստաթղթերով:
143. Բովախառնուրդի եռակալում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 3-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 4-րդ ենթաբաժին): Բնության մեջ լինում են բարձր խոնավություն ունեցող հանքաքարեր: Այս դեպքում դրանք պետք է ձուլելուց առաջ կոշտավորվեն բրիկետավորելու կամ բեկորաշեղջելու միջոցով: Բեկորաշեղջելու համար բովախառնուրդը մանրացնում են և եռակալող մեքենայով եռակալում: Վերը նշված ենթաբաժիններով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում միայն մետաղագործական կազմակերպության եռակալման արտադրամասի, տեղամասի և բաժանմունքի աշխատողներին: Այն դեպքում, երբ բովախառնուրդը եռակալվում է բեկորաշեղջող ֆաբրիկայում, կենսաթոշակը նշանակվում է թիվ 1 և թիվ 2 ցուցակների II բաժինների համապատասխան ենթաբաժիններով:
144. Թիվ 1 ցուցակում նշված են «տեղափոխողներըե, ովքեր կատարում են տաք բեկորաշեղջ վերադարձնելու աշխատանքներ` դրանք փոխադրիչի (տրանսպորտյորի) միջոցով բեռնելով, տեղափոխելով և բեռնաթափելով: Որոշ կազմակերպություններում բեկորաշեղջը փոխադրվում է էլեկտրաքարշով կամ այլ մեքենայով: Այդ մեքենաները վարողները չեն օգտվում փոխադրիչով տեղափոխողներին վերապահված կենսաթոշակային արտոնություններից, քանի որ նրանց աշխատանքային պայմանները միանգամայն այլ են:
145. Ամբարձիչի մեքենավարները, ովքեր աշխատում են տաք աշխատատեղերում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով, իսկ էլեկտրական բազմաճախարակի մեքենավարները` թիվ 2 ցուցակով:
146. Ղեկավարներից և մասնագետներից թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն միայն վարպետները և ավագ վարպետները: Սարքավորում նորոգող վարպետներին (ավագ վարպետներին), ինչպես նաև հսկիչ վարպետներին և ավագ վարպետներին, եթե նրանք աշխատում են տաք աշխատատեղերում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով:
147. Բովախառնուրդի չորացում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 4-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 2-րդ ենթաբաժին): Չորացումը զանազան չորացնող ագրեգատներում կատարվում է մետաղի հանքաքարը և խտանյութը չորացնելու, ինչպես նաև մետաղատաշեղների մակերեսի հնարավոր քսանյութերն այրելու համար: Այդ պատճառով թիվ 1 ցուցակի V բաժնի 4-րդ ենթաբաժինը տարածվում է ոչ միայն հիմնական մետաղագործական կազմակերպությունների աշխատողների, այլև երկրորդական գունավոր մետաղ արտադրող, ինչպես նաև գունավոր մետաղ մշակող և վերամշակող կազմակերպությունների աշխատողների վրա: Փաստորեն, թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն աշխատողները, որոնք ներգրավված են հանքաքարերը չորացնելու տեխնոլոգիական գործընթացին: Դրանք են` բունկերավարներ, բեռնողներ, չորացնողներ, տեղափոխողներ, նորոգման և սպասարկման ծառայությունների բանվորներ, տեխնոլոգիական վառարանի հնոցապաններ: Ղեկավարներից և մասնագետներից այդ իրավունքից օգտվում են վարպետները և ավագ վարպետները, եթե ղեկավարում են այդ ենթաբաժնում թվարկված բանվորներին: Մյուս բոլոր վարպետներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում է թիվ 2 ցուցակով:
148. Հալման և էլեկտրաջերմային արտադրություններ (թիվ 1 ցուցակ, բաժին V, 5-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 5-րդ ենթաբաժին): Հալելը բովախառնուրդի լրիվ ձուլումն է զանազան վառարաններում, որի ընթացքում ձուլված բովախառնուրդը բաժանվում է երկու շերտի` մետաղի և թափոնի: Այս տեխնոլոգիայով ստանում են պղինձ, նիկել և այլ գունավոր մետաղներ: Այս գործընթացները կատարվում են ձուլման և էլեկտրաջերմային վառարաններում: Սակայն դա չի նշանակում, որ եթե ձուլման աշխատանքները կատարվում են մետաղագործական գործարանների տեղամասերում, ապա աշխատողները զրկվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից: Օրինակ` գունավոր մետաղագործական կազմակերպության այն աշխատողները, որոնք կատարում են էլեկտրաջերմային եղանակով կայծքար ստանալու աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով:
149. Թիվ 1 ցուցակի V բաժնի 5-րդ ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այդ ենթաբաժնում նշված բոլոր բանվորները, իսկ ղեկավարներից և մասնագետներից` վարպետները և ավագ վարպետները:
150. Թիվ 2 ցուցակի VI բաժնի 5-րդ ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այդ ենթաբաժնում նշված բոլոր բանվորները, իսկ ղեկավարներից և մասնագետներից` հսկիչ վարպետները, սարքավորում նորոգող վարպետները, տեղամասի մեքենագետները, տեղամասի պետերը, արտադրամասի պետերը, տեղամասի էներգագետները:
151. Մետաղների զտում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 6-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 6-րդ ենթաբաժին): Զտումը ձուլված մետաղը խառնուրդներից մաքրելն է, որը կատարվում է վառարանում և կաթսայում: Այդ գործընթացը վարող բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում ըստ թիվ 1 և թիվ 2 ցուցակների համապատասխան բաժինների 6-րդ ենթաբաժիններում նշված մասնագիտությունների և պաշտոնների:
152. Թիվ 1 ցուցակով կենսաթոշակային արտոնություններ են տրվում մետաղ զտելու տեխնոլոգիական գործընթացին մասնակցող բանվորներին (բունկերավարներ, բովախառնուրդ բեռնողներ, թրծողներ, ամբարձիչի մեքենավարներ և այլն):
153. Ամբարձիչի մեքենավարներին թիվ 1 ցուցակով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք մշտապես աշխատում են տաք աշխատատեղերում, ինչը պետք է հաստատվի փաստաթղթերով:
154. Զտման արտադրամասերում, տեղամասերում և բաժանմունքներում կարող են աշխատել բանվորներ (գունավոր մետաղագործական արտադրանքի հսկիչները, նմուշ վերցնողները), որոնց արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում թիվ 2 ցուցակով:
155. Ջրամետաղագործություն, լուծազատում, կադմիումի և արջասպի ստացում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 7-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 7-րդ ենթաբաժին): Ջրամետաղագործությունը և լուծազատումը գունավոր մետաղ ստանալու եղանակներ են: Այս գործընթացն ընթանում է այսպես` նախ մետաղը վերածվում է լուծույթի (լուծազատման գործընթաց), ապա մետաղ պարունակող լուծույթն անջատվում է այլ մնացորդներից, որից հետո այդ լուծույթից առանձնացվում են պիտանի բաղադրիչները:
156. Կադմիում պարունակում է ցինկի հանքաքարը, այդ իսկ պատճառով կադմիումը սովորաբար ստացվում է ցինկ արտադրող կազմակերպությունում: Ջրամետաղագործության մեջ արջասպ ստանալն ուղեկցող գործընթաց է, որին ներգրավված են այն նույն մասնագիտության բանվորները, որոնք ներգրավված են ջրամետաղագործության և լուծազատման գործընթացներին:
157. Ապարատավար-ջրամետաղագործներն ունեն կենսաթոշակային տարբեր արտոնություններ: Դա պայմանավորված է նրանով, թե ինչպիսի սարքավորումներով են նրանք աշխատում և ինչպիսի գործընթացների են ներգրավված: Թիվ 1 ցուցակով կենսաթոշակ է նշանակվում ապարատավար-ջրամետաղագործներին, իսկ թիվ 2 ցուցակով` նրանց, ովքեր աշխատում են ագիտատորներում և պոչուկներում: Տեղափոխողները թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն, եթե տեղափոխում են թթու, մոխրաջուր և աղ: Պատրաստի արտադրանք տեղափոխող բանվորներն այդ իրավունքից չեն օգտվում:
158. Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ էլեկտրասարք նորոգող ու սպասարկող փականագործ-նորոգողները և էլեկտրամոնտյորներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակով` անկախ նրանից, թե որ տեղամասում և ինչպիսի աշխատատեղում են աշխատում:
159. Արտադրության վարպետները և ավագ վարպետներն այդ իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով, իսկ էլեկտրոդները մեխանիկական մշակման ենթարկող վարպետները և ավագ վարպետները` թիվ 2 ցուցակով:
160. Ածխածնային նյութերի, զանգվածների և դրանցից պատրաստվող իրերի արտադրություն (թիվ 1 ցուցակ, բաժին V, 8-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 8-րդ ենթաբաժին): Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն ամբարձիչի մեքենավարները:
161. Այն բեռնակիրները, որոնք ածխածնային նյութերի, զանգվածների և դրանցից պատրաստվող իրերի արտադրությունում բեռնում են հումք և պատրաստի արտադրանք, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով: Այդ բեռնակիրներից պետք է տարբերել թրծող և գրաֆիտապատող վառարաններ սպասարկող բանվորներին: Ի տարբերություն բեռնակիրների` այս աշխատողները համարվում են տեխնոլոգիական անձնակազմի անդամներ, նրանց մասնագիտությունը կոչվում է «թրծող և գրաֆիտապատող վառարան բեռնավորող‑բեռնաթափողե, և նրանք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով: Այդ կատեգորիայի մյուս բանվորներն այդօրինակ իրավունք ունեն թիվ 2 ցուցակով:
162. Էլեկտրական բազմաճախարակի մեքենավարները և առասանողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով, եթե կատարում են թրծելու, շիկացնելու և գրաֆիտապատելու աշխատանքներ, իսկ ամբարձիչավարները` թիվ 2 ցուցակով:
163. Գունավոր մետաղագործական արտադրության հսկիչները, վարպետները և ավագ վարպետները (հսկողության գծով) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով, եթե կատարում են տաք և վնասակար աշխատանքներ:
164. Հարկ է նկատի ունենալ, որ թիվ 1 ցուցակի V բաժնում և թիվ 2 ցուցակի VI բաժնում նշված աշխատողները, ովքեր աշխատում են փոշի և գազ կորզող սարքերով, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 և թիվ 2 ցուցակների 15-րդ ենթաբաժիններով: Ընդ որում` կավահողային արտադրությունում փոշի և գազ կորզող սարքերի օպերատորներն այդ իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի VI բաժնի 9-րդ ենթաբաժնով:
165. Վարպետները և ավագ վարպետները (բացի էլեկտրոդները մեխանիկական մշակման ենթարկողներից) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով:
166. Կավահողային արտադրություն (թիվ 1 ցուցակ, բաժին V, 9-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 9-րդ ենթաբաժին): Կավահողը զանազան եղանակներով ստանում են ալյումինի հանքաքարից: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են միայն այն արտադրամասի, բաժանմունքի և տեղամասի աշխատողները, որտեղ կա կավահող ստանալու գործընթաց: Այս առումով նշանակություն չունի, թե աշխատողները որ կառուցվածքային ստորաբաժանման աշխատոոներ են: Օրինակ` կավահողային կազմակերպությունում (կոմբինատում) կա ջրաքիմիական արտադրամաս, որի կազմում կա կարբոնացման բաժանմունք: Այդ բաժանմունքի աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 և թիվ 2 ցուցակների` վերը նշված ենթաբաժիններով, քանի որ այդ բաժանմունքում շարունակվում է կավահող ստանալու տեխնոլոգիական գործընթացը:
167. Կավահողի արտադրությունում օգտագործվում են տարբեր սարքեր, որոնք սպասարկում են տարբեր մասնագիտություններ ունեցող բանվորներ, օրինակ` «ապարատավար-ջրամետաղագործ», «կարբոնացնող ապարատավար», «ջերմակրիչի տաքացման ապարատավար» և այլն: Այս աշխատողներին կենսաթոշակային արտոնություններ են տրվում` ելնելով նրանից, թե ինչ սարքերով են նրանք աշխատում: Այսպես, թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն ապարատավար-ջրամետաղագործները, ովքեր աշխատում են դիֆուզորով, իսկ եթե նրանք աշխատում են ավտոկլավով և ագիտատորով, դասակարգիչով, բաղադրազատիչով, ապա այդ իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:
168. Թիվ 1 ցուցակում (բաժին V, ենթաբաժին 9) նշված են կարբոնացնող ապարատավարները: Կարբոնացման արտադրամասում, բաժանմունքում և տեղամասում աշխատում են ապարատավար-ջրամետաղագործներ: Նրանց թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք կարբոնացնում են ալյումինատի լուծույթը: Կարբոնացման մյուս ապարատավար‑ջրամետաղագործներին այդպիսի կենսաթոշակ չի նշանակվում:
169. Կավահողի արտադրությունում բեռնման-բեռնաթափման աշխատանքներ են կատարում երեք մասնագիտության բանվորներ` բեռնակիրները, բովախառնուրդ բեռնողները և տաք բեկորաշեղջ բեռնաթափողները: Տաք բեկորաշեղջ բեռնաթափողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակով, իսկ բովախառնուրդ բեռնողներին և ցեմենտ, սոդա, կավահող բեռնող բեռնակիրներին` թիվ 2 ցուցակով:
170. Նմուշ վերցնողները թիվ 2 ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն, եթե աշխատում են տաք և վնասակար պայմաններում:
171. Էլեկտրալուծական եղանակով մետաղի ստացում մետաղի հալույթում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 10-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 10-րդ ենթաբաժին): Էլեկտրալուծական եղանակով մետաղի հալույթում ստանում են ալյումին, տիտան, մագնեզիում և հազվագյուտ մետաղներ (վանանդ, վոլֆրամ, մոլիբդեն և այլն): Այդ գործընթացը կատարվում է հալած կրիոլիտի մեջ լուծված կավահողի էլեկտրատարրալուծման միջոցով, որը կատարվում է էլեկտրատարրալուծող սարքում: Այլ գունավոր մետաղներ էլեկտրատարրալուծողները թիվ 1 և թիվ 2 ցուցակների համապատասխան բաժիններով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Այդ մետաղներից են պղինձը, նիկելը և կապարը:
172. Բեռնիչի, էլեկտրական սայլակի և ավտոսայլակի վարորդների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի հարցը քննարկելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նրանք կարող են լինել տրանսպորտային արտադրամասի աշխատողներ: Եթե փաստաթղթերով հաստատվի, որ այդ բանվորները հումքի բեռնման-բեռնաթափման աշխատանքներ են կատարում այն արտադրամասում, որտեղ մետաղն ստացվում է էլեկտրալուծական եղանակով, ապա նրանց կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակով:
173. Ճնշակային (կոմպրեսորային) կայանքի մեքենավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով, եթե կատարում են քլոր վերամղելու աշխատանքներ, իսկ ամբարձիչի մեքենավարները` եթե աշխատում են տաք արտադրամասում: Թիվ 2 ցուցակում (բաժին VI, 10-րդ ենթաբաժին) նշված են աղացի մեքենավարները, նրանց հավասարեցված են նաև աղացողները:
174. Ղեկավարներից և մասնագետներից թիվ 1 ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն վարպետները, ավագ վարպետները և սարքավորում նորոգող վարպետները, իսկ թիվ 2 ցուցակով` սարքավորում նորոգող վարպետները, ավագ վարպետները, արտադրամասի, տեղամասի մեքենագետները, տեղամասի պետերը և արտադրամասի, տեղամասի էներգագետները:
175. Ֆթորական թթվի և դրա աղերի արտադրություն (թիվ 1 ցուցակ, բաժին V, 11-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 11-րդ ենթաբաժին): Թիվ 1 և թիվ 2 ցուցակների տվյալ ենթաբաժինների կիրառման առանձնահատկությունն այն է, որ դրանցում նշված մասնագիտություններից շատերը նշված են նաև թիվ 1 և թիվ 2 ցուցակների «Ընդհանուր մասնագիտություններ» ենթաբաժիններում և տարածվում են տնտեսության բոլոր ճյուղերի կազմակերպությունների վրա: Այդ հանգամանքը նույն մասնագիտությունն ունեցող բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս որոշակի դժվարություններ է հարուցում: Օրինակ` թիվ 1 ցուցակի V բաժնի 11-րդ ենթաբաժնում նշված «գազագեներատորագործ» մասնագիտությունը նշված է նաև թիվ 2 ցուցակի XXX բաժնում («Ընդհանուր մասնագիտություններ»): Այս պարագայում թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե գազագեներատորագործն աշխատում է ացետիլենային կայանում:
176. Թիվ 1 ցուցակի V բաժնի 11-րդ ենթաբաժնում նշված են կաթսայատան մեքենավարները (հնոցապանները)` առանց որևէ լրացուցիչ պայմանի: Միևնույն ժամանակ, թիվ 2 ցուցակի XXX բաժնում նշված են ածխով և թերթաքարով աշխատող կաթսայատան մեքենավարները (հնոցապանները): Այս դեպքում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի հարցը ճիշտ լուծելու համար անհրաժեշտ է նկատի ունենալ, որ թիվ 1 ցուցակով այդպիսի կենսաթոշակ է նշանակվում միայն այն բանվորներին, ովքեր աշխատում են ֆթորական թթվի և դրա աղերի արտադրությունում:
177. Թիվ 1 ցուցակի V բաժնի 11-րդ ենթաբաժնում նշված են թթու և ֆթորական աղեր դարսող-փաթեթավորողները: Տվյալ դեպքում պետք է նկատի ունենալ, որ փաթեթավորման աշխատանքներն անմիջականորեն կատարվում են ֆթորական թթվի և դրա աղերի արտադրությունում: Եթե նշված աշխատանքները կատարվում են արտադրությունից դուրս (օրինակ` պատրաստի արտադրանքի պահեստում), ապա այդ մասնագիտության բանվորներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
178. Ֆթորական թթվի և դրա աղերի արտադրության բեռնող-բեռնաթափողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով` անկախ նրանից, թե տվյալ արտադրության որ տեղամասում են աշխատում:
179. Թիվ 2 ցուցակում նշված են տեսակավորողները: Եթե նրանք աշխատում են պատրաստի արտադրանքի պահեստում, ապա արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Այդ իրավունքից չեն օգտվում նաև տեխնիկական վերահսկողության բաժնի վարպետները: Ղեկավարներից և մասնագետներից թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն վարպետները և ավագ վարպետները, իսկ թիվ 2 ցուցակով` սարքավորում նորոգող վարպետները, ավագ վարպետները, տեղամասի, արտադրամասի մեքենագետները, արտադրամասի պետերը, արտադրության գծով նրանց տեղակալները, էներգագետները:
180. Էլեկտրալուծական եղանակով մետաղի ստացում աղերի և ալկալիների լուծույթներում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 12-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 12-րդ ենթաբաժին): Այս արտադրությունում էլեկտրալուծույթից (էլեկտրալիտից) էլեկտրալուծույթի (էլեկտրալիտային) գուռերում նստվածքային եղանակով ստացվում է մաքուր մետաղ:
181. Թիվ 1 ցուցակում նշված են ջրային լուծույթի էլեկտրալուծավարները: Այս ցուցակով կենսաթոշակ է նշանակվում այդ արտադրության բոլոր բանվորներին, բացի էլեկտրալուծական նրբաթիթեղի արտադրության էլեկտրալուծավարներից, որոնց կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով:
182. Ամբարձիչի մեքենավարները և առասանողները, կատարելով նույնանման կամ նույնատեսակ աշխատանքներ, օգտվում են կենսաթոշակային տարբեր արտոնություններից: Այսպես, ամբարձիչի մեքենավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով` առանց լրացուցիչ հիմնավորումների, իսկ առասանողներն այդ իրավունքից օգտվում են, եթե աշխատում են աշխատանքների տաք տեղամասերում: Այդ նույն պայմանով, բայց թիվ 2 ցուցակով, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում էլեկտրական բազմաճախարակի մեքենավարներին:
183. Տեղափոխողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով, սակայն նրանք այդ իրավունքից կարող են օգտվել նաև թիվ 1 ցուցակով, եթե կատարում են կաթոդային և անոդային մետաղով, հումքով և կուպրով լցված վագոնիկներ տեղափոխելու աշխատանքներ: Ղեկավարներից և մասնագետներից թիվ 1 ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն վարպետները և ավագ վարպետները (բացի էլեկտրալուծական փայլաթիթեղ արտադրողներից), իսկ թիվ 2 ցուցակով` ըստ 12-րդ ենթաբաժնում նշված պաշտոնների:
184. Գունավոր մետաղների փոշիների արտադրություն (թիվ 1 ցուցակ, բաժին V, 13-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 13-րդ ենթաբաժին): Մետաղագործական կազմակերպություններում էլեկտրալուծական եղանակով ստանում են պղնձի, նիկելի, կոբալտի և այլ մետաղների փոշիներ:
185. Որոշակի կատեգորիայի աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը որոշվում է ելնելով նրանից, թե որ փոշու արտադրությունում են նրանք աշխատում: Օրինակ` գազագեներատորագործներին թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք աշխատում են ցինկափոշու արտադրությունում:
186. Կենսաթոշակային տարբեր արտոնություններ ունեն ցինկափոշու արտադրության դարսող-փաթեթավորողները: Մետաղագործական եղանակով ստացված փոշի փաթեթավորողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակով, իսկ փոշե արտադրանք փաթեթավորողներին` թիվ 2 ցուցակով: Ղեկավարներից և մասնագետներից թիվ 1 ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն վարպետները և ավագ վարպետները, իսկ թիվ 2 ցուցակով` ըստ VI բաժնի 13-րդ ենթաբաժնում նշված պաշտոնների ցանկի:
187. Անոդների և պղնձակոճղերի (վայերբարսների) ստացում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 14-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 14-րդ ենթաբաժին): Անոդը կաղապարվում է անոդի արտադրամասում (բաժանմունքում, տեղամասում)` սև մետաղից, լցնող մեքենաներով: Այնուհետև անոդից էլեկտրալուծական եղանակով ստանում են մաքուր մետաղ: Պղնձի արտադրության ընթացքում առաջացած թափոնների մեջ կան բազմաթիվ մետաղներ, որոնք հավաքվում և տեսակավորվում են ձեռքով: Այդ գործառնությունները կատարում են պղինձ և խարամ տեսակավորողները, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով: Այդ իրավունքից օգտվում են նաև գունավոր մետաղ և համահալվածք լցնողները, բովախառնուրդ բեռնողները, գունավոր մետաղ ձուլողները: Ղեկավարներից և մասնագետներից թիվ 1 ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն վարպետները և ավագ վարպետները, իսկ թիվ 2 ցուցակով` հսկիչ վարպետները, սարքավորում նորոգող վարպետները և ավագ վարպետները:
188. Փոշեկորզում և գազազտում (գազամաքրում) (թիվ 1 ցուցակ, բաժին V, 15‑րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 15-րդ ենթաբաժին): Մետաղագործական զանազան գործընթացներում նախատեսվում են փոշեկորզում և գազամաքրում: Այդ գործառնությունները կատարվում են հատուկ սարքերի միջոցով, որոնք կարող են տեղադրված լինել տեխնոլոգիական արտադրամասերում (բաժանմունքներում, տեղամասերում):
189. Փոշեկորզման և գազամաքրման սարքերով աշխատող բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում ցուցակների համապատասխան բաժիններով: Օրինակ` կավահողի արտադրության աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով (բաժին VI, ենթաբաժին 9), իսկ ֆտորական թթվի և դրա աղերի արտադրությունում աշխատողներին` թիվ 1 ցուցակով (բաժին V, ենթաբաժին 11):
190. Գունավոր մետաղագործության շատ կազմակերպություններում գոյություն ունեն փոշեկորզման և գազամաքրման առանձին ստորաբաժանումներ: Այդ ստորաբաժանումների աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի V և թիվ 2 ցուցակի VI բաժինների 15-րդ ենթաբաժիններին համապատասխան:
191. Թիվ 1 ցուցակով կենսաթոշակ է նշանակվում օդածծիչի մեքենավարներին, փոշեգազակորզիչ կայանք սպասարկող օպերատորներին, վարպետներին և ավագ վարպետներին:
192. Գունավոր մետաղագործության արտադրանքի հսկիչներին, օդափոխիչ և արտածծող կայանքների մեքենավարներին, նմուշ վերցնողներին, ովքեր աշխատում են տաք և վնասակար պայմաններում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում ըստ թիվ 2 ցուցակի VI բաժնի 15-րդ ենթաբաժնում նշված պաշտոնների:
193. Ապարատավար-ջրամետաղագործները կատարում են մի շարք գործառնություններ` լուծում, գոլորշիացում և այլն: Սակայն նրանք թիվ 1 ցուցակով կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում, եթե կատարում են պիտանի նյութերը խարամից կորզելու աշխատանքներ: Այդ իրավունքից օգտվում են կորզող սարքի ապարատավարները:
194. Ապարախյուսի (շլամի) վերամշակում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 16-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 16-րդ ենթաբաժին): Հանքաքարերից ձուլված մետաղն անհրաժեշտ է լինում մաքրել: Օրինակ` էլեկտրատարրալուծման գործընթացում մաքրման ժամանակ պղինձը մշտական հոսանքի ազդեցությամբ լուծվում է, դառնում էլեկտրալուծույթ: Այնուհետև կաթոդի վրա հավաքվում է մաքուր պղինձ, իսկ էլեկտրալուծույթի մեջ պարունակվող բոլոր խառնուրդները գոյացնում են ապարախյուս, որը նստվածքի տեսքով հավաքվում է գուռի հատակին: Ազնիվ մետաղ կորզելու համար ապարախյուսը լվանում, չորացնում են և զանազան լրացումների հետ ձուլում: Այդ աշխատանքները կատարում են տիտանի և հազվագյուտ մետաղների արտադրության ապարատավարները, ովքեր կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով, իսկ լուծազատում կատարող ապարատավար‑ջրամետաղագործները` թիվ 2 ցուցակով: Տեխնիկական վերահսկողության բաժնի աշխատողներն այս բաժիններում նշված չեն և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չունեն:
195. Ածխափոշու պատրաստում (թիվ 2 ցուցակ, բաժին VI, 17-րդ ենթաբաժին): Ածխափոշի պատրաստելու հիմնական նպատակը մետաղագործական արտադրությունը վառելիքով ապահովելն է: Ածխափոշի պատրաստող աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակով: Դրանք են` ջարդողներ, աղացի մեքենավարներ, սնիչի մեքենավարներ, փոշեգազակորզիչ կայանք սպասարկող օպերատորներ, վարպետներ, ավագ վարպետներ, սարքավորում նորոգող վարպետներ, տեղամասի մեքենավարներ և այլն:
196. Հազվագյուտ մետաղների, կալցիումի, մագնեզիումի և տիտանի ստացում մետաղագործական և քիմիամետաղագործական եղանակներով (թիվ 1 ցուցակ, բաժին V, 17-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 18-րդ ենթաբաժին): Այս արտադրությունում (թիվ 2 ցուցակ) նախատեսված են մի շարք ապարատավարներ` ապարատավար-ջրամետաղագործները, որոնք զբաղված են կաուստացմամբ, չեզոքացմամբ, աշխատում են թանձրիչներով, ինչպես նաև կեղտաջուր մաքրող, կաուստացնող, չեզոքացնող, թանձրիչի, զտիչի ապարատավարները: Բացի էպիտակսիլային կառուցվածքների արտադրությունում աշխատող ապարատավարներից` մյուս բոլոր ապարատավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի V բաժնի 17-րդ ենթաբաժնով:
197. Ռեակցիոն ապարատ մոնտաժողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում ինչպես թիվ 1, այնպես էլ թիվ 2 ցուցակով` ելնելով նրանից, թե ինչպիսի աշխատանքներ են նրանք կատարում: Այն մոնտաժողները, որոնք նորոգման բրիգադի կազմում նորոգում կամ վերականգնում են ռեակցիոն սարքեր, և դա հիմնավորվում է փաստաթղթերով, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով: Մյուս մոնտաժողներն այդ իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:
198. Զտողներին թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք աշխատում են կալցիումի արտադրությունում: Այն բանվորներին, ղեկավարներին և մասնագետներին, որոնք կատարում են քիմիամետաղագործական եղանակով կայծքար ստանալու աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում ըստ թիվ 1 ցուցակի V բաժնում նշված մասնագիտությունների և պաշտոնների:
199. Գունավոր և թանկարժեք մետաղների մշակում և վերամշակում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 18-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 19-րդ ենթաբաժին): Գունավոր մետաղ մշակող գործարաններում մետաղների օգտագործմամբ կատարվող աշխատանքը բազմաբնույթ է և ներառում է գունավոր մետաղ մշակելու և վերամշակելու մի ամբողջ տեխնոլոգիական պարբերաշրջան (ցիկլ):
200. Հալման արտադրություն: Մետաղագործական գործարաններում ստացված մետաղը հալլման արտադրությունում բովախառնում են լրացուցիչ այլ նյութերի հետ և վերաձուլում: Ապա այն լցնում են հատուկ կաղապարների մեջ, կտրտում և մշակման համար տեղափոխում գլոցման, խողովակամամլման և կորզման արտադրամասեր: Թիվ 1 ցուցակում նշված են վառարանի մոտ աշխատող բովախառնողները: Նրանց շարքն են դասվում նաև հալման արտադրամասում անմիջականորեն վառարանի մոտ բովախառնման աշխատանքներ կատարողները:
201. Այն դեպքում, երբ գլոցման, խողովակամամլման և կորզման արտադրամասերի կառուցվածքում կա բովախառնման բաժանմունք կամ տեղամաս, որտեղ կատարվում են բովախառնուրդ կազմելու աշխատանքներ, ապա այդ բաժանմունքներում կամ տեղամասերում աշխատող բովախառնողներին թիվ 1 ցուցակով կենսաթոշակի իրավունք չի տրվում: Նրանց կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով:
202. Թիվ 2 ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն հալման արտադրամասի ֆրեզերագործները, եթե մշակում են տաք սալիկներ: Նույն ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն քվարցի և մագնեզիտի աղացների մեքենավարները: Այս դեպքում անհրաժեշտ են այդօրինակ աշխատանքներ կատարելը հավաստող փաստաթղթեր:
203. Հալման արտադրությունում երկրորդական հումքի օգտագործման սկզբնական գործառնությունը բովախառնուրդ կազմելն է: Այդ գործառնությունը կատարող բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի XI բաժնի 1-ին ենթաբաժնով` որպես բովախառնուրդի բակի բանվորների: Աղացի մեքենավարները թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում, եթե մշտապես կատարում են քվարց և մագնեզիտ աղալու աշխատանքներ, ինչը պետք է հիմնավորվի փաստաթղթերով:
204. Գլոցման արտադրություն: Գլոցման արտադրությունը նշված է ինչպես թիվ 1, այնպես էլ թիվ 2 ցուցակում: Թիվ 1 ցուցակով կենսաթոշակային արտոնություններ են տրվում այն բանվորներին, ովքեր մշակում են տաք մետաղ կամ կապար: Նրանց շարքն են դասվում տաք մետաղ գլոցողները (ովքեր գլոցում են կապար), տաք մետաղ կտրողները և այլն: Գլոցման արտադրության արտադրանք մաքրողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով, եթե մետաղը մաքրում են մետաղյա խոզանակով: Արտադրության վարպետները թիվ 1 ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն, եթե ղեկավարում են այդ ցուցակում նշված բանվորների:
205. Խողովակամամլման, մամլման և կորզման արտադրություններ: Այս արտադրությունների աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում ինչպես թիվ 1, այնպես էլ թիվ 2 ցուցակով` անկախ նրանից, թե որ կառուցվածքային ստորաբաժանումում (արտադրամասում, բաժանմունքում, տեղամասում) են գտնվում այդ արտադրությունները:
206. Թիվ 1 ցուցակում նշված են տաք գունավոր մետաղ կորզողները: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն նաև այն գրտնակողները, որոնք լայնակոկում են տաք խողովակ: Սառը մետաղ կորզողները և սառը խողովակ լայնակոկողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակով:
207. Ամբարձիչի մեքենավարները թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն` անկախ նրանից, թե խողովակամամլման, մամլման և կորզման արտադրությունների որ տեղամասում են աշխատում: Վարպետները թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն, եթե ղեկավարում են այդ ցուցակում նշված բանվորների:
208. Ցինկի փոշու և ցինկի օքսիդի ստացում: Ցինկի արտադրությունում առաջացած գազեր օգտահանելու գործընթացում կորզվում են ցինկ և ցինկի փոշի: Այդ արտադրության բանվորները (մաղող սարքի մեքենավարներ, ցինկ և ցինկի օքսիդ փաթեթավորողներ) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով: Այդ աշխատողներին ղեկավարող վարպետները և ավագ վարպետները նույնպես այդ իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով: Ցինկաողորկման աշխատանքները նշված են միայն թիվ 2 ցուցակում (19-րդ ենթաբաժին, կետ 6): Ըստ այս ցանկի` արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիթեղ և ժապավեն փայլեցնողներին, ցինկ ռանդողներին, դարսող‑փաթեթավորողներին և հարթեցնողներին:
209. Կարծր (պինդ) համահալվածքների և դժվարահալ մետաղների արտադրություն (թիվ 1 ցուցակ, բաժին V, 19-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 20-րդ ենթաբաժին: Կարծր համահալվածքների և դժվարահալ մետաղների արտադրությունն ավելի ամբողջական և բարդ քիմիամետաղագործական գործընթաց է, քան մետաղագործական իրերի արտադրությունը: Այս արտադրությունում ստացվում են մետաղի փոշիներ, քիմիապես մաքուր աղեր, թթուներ և դժվարահալ մետաղների օքսիդներ, որոնք օգտագործվում են կարծր համահաւլվածքներ արտադրելու համար: Այդպիսի գործընթացներ չկան մետաղի փոշուց իրեր պատրաստելու արտադրություններում:
210. Կարծր համահալվածքների և դժվարահալ մետաղների արտադրության գործընթացները մեծ մասամբ վարում են բանվոր ապարատավարները` քիմիական սարքերում: Դրանք մետաղափոշու արտադրության ապարատավարներն են, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով: Դժվարահալ մետաղների արտադրության ապարատավարները նույնպես այդ իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով, եթե աշխատում են վոլֆրամի աղերի, կոբալտի, քրոմի, մոլիբդենի արտադրություններում:
211. Կարծր համահալվածքների և դժվարահալ մետաղների արտադրությունում միևնույն մասնագիտությամբ աշխատող բանվորներն ունեն կենսաթոշակային տարբեր արտոնություններ: Օրինակ` կարծր համահալվածքներ մամլողները նշված են թիվ 2 ցուցակում, բայց եթե նրանք կատարում են տաք եղանակով մամլելու աշխատանքներ, ապա նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակով: Փոշի և խառնուրդ չորացնողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով, իսկ պատրաստի արտադրանք չորացնողները` թիվ 2 ցուցակով: Նորոգման ծառայության աշխատողները, ղեկավարները և մասնագետները արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն ըստ թիվ 2 ցուցակում թվարկված մասնագիտությունների և պաշտոնների:
212. Սնդիկի, տարրական ծծմբի, քսանթագենատի, արսենի, քրոմային աղերի, ծծմբային նատրիումի, ամոնիումի մոլիբդատի, ստալինիտի և դրանց միացությունների արտադրություն: Ոսկու, արծաթի, պլատինի, պլատինի խմբի մետաղների զտում (աֆինաժ) (թիվ 1 ցուցակ, բաժին V, 20-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 21‑րդ ենթաբաժին): Նշված արտադրության բանվորները, անկախ մասնագիտությունից, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով: Այդ իրավունքից օգտվում են նաև հիշյալ արտադրություններն սպասարկող որոշ բանվորներ` գունավոր մետաղագործության արտադրանքի հսկիչները, օժանդակ բանվորները: Այդ արտադրություններն սպասարկող մյուս բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով:
213. Փականագործները, էլեկտրագետները, փականագործների և էլեկտրագետների բրիգադավարները, ովքեր մետաղագործական արտադրամասերում, տեղամասերում, բաժանմունքներում մշտապես նորոգում են մետաղագործական սարքավորումներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակի VI բաժնով, անկախ նրանից` մետաղագործական արտադրամասերի՞, բաժանմունքների և տեղամասերի՞, թե՞ մասնագիտացված արտադրամասերի հաստիքային աշխատողներ են:
214. Մասնագիտացված կազմակերպությունների այն փականագործ մոնտաժողները, ովքեր մետաղագործական սարքավորում են նորոգում թիվ 2 ցուցակի VI բաժնում նշված արտադրամասերում և արտադրություններում, կոչվում են գուռ նորոգող փականագործներ և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով, եթե այդ իրավունքը տվող աշխատանք կատարելը հիմնավորվում է փաստաթղթերով:
215. Գունավոր մետաղագործական կազմակերպությունների արտադրամասերի պետերի` արտադրության գծով տեղակալները և օգնականներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:
216. Էլեկտրալուծման (էլեկտրալիզի) արտադրամասերում (թիվ 1 ցուցակ, բաժին V, ենթաբաժին 12) վառարաններ և ծխնելույզներ մաքրողներին թիվ 1 ցուցակով կենսաթոշակ է նշանակվում այնպես, ինչպես ծխնելույզ մաքրողներին: Փորձարարական ծառայությունների էլեկտրալուծավարների և անոդագործների աշխատանքի բնույթը նույն է, ինչ ալյումինի գործարանների ալյումինի, մագնեզիումի, տիտանի և հազվագույտ մետաղների էլեկտրալուծման արտադրություններում համանման մասնագիտությամբ աշխատող բանվորներինը, որոնց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակով: Այդ պատճառով ալյումինի գործարանների փորձարարական ծառայությունների էլեկտրալուծավարներին և անոդագործներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակով:
217. Հիմնական նորոգման արտադրամասում էլեկտրալուծական գուռ նորոգողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում այնպես, ինչպես ալյումինի էլեկտրալուծման արտադրամասերում այդ մետաղագործական սարքավորումը նորոգողներին:
218. Տեխնիկական վերահսկողության բաժինների աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են, եթե աշխատում են տաք աշխատատեղերում և աշխատանքի վնասակար պայմաններում: Վնասակար պայմաններում աշխատելու հանգամանքը պետք է հիմնավորվի որոշակի գործոններով` օդի միջավայրի վերլուծության (անալիզի) տվյալներ, արտադրության հետևանքով առաջացած հիվանդություններ և այլն: Նշված գործոնների բացակայության դեպքում տեխնիկական վերահսկողության բաժնի հսկիչներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ չի նշանակվում:
219. Գունավոր և թանկարժեք մետաղներ մշակող և վերամշակող կազմակերպությունների աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի V բաժնի 18-րդ ենթաբաժնով և թիվ 2 ցուցակի VI բաժնի 19-րդ ենթաբաժնով: Բովախառնուրդ պատրաստող բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով` որպես բովախառնուրդի բակի բանվորների: Չորացնող և թրծող վառարանով չորացնելու աշխատանքներ կատարող բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի V և թիվ 2 ցուցակի VI բաժիններով:
220. Գունավոր մետաղների գործարանի զտման (աֆինաժի) արտադրամասի պետերի` արտադրության գծով տեղակալները նախկինում անվանվել են գլխավոր ճարտարագետներ (ինժեներներ): Գլխավոր ճարտարագետների աշխատանքի բնույթը և աշխատանքային պայմանները նույն են, ինչ զտման արտադրամասի պետերի` արտադրության գծով տեղակալներինը, ինչը իրավունք է տալիս զտման արտադրամասերի գլխավոր ճարտարագետներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակել թիվ 2 ցուցակի VI բաժնի 21-րդ ենթաբաժնով: Գունավոր մետաղների գործարանի զտման արտադրամասի ղեկավարներին և մասնագետներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի VI բաժնի 21-րդ ենթաբաժնով` ինչպես զտման արտադրամասերի պետերի` արտադրության գծով տեղակալներին:
10. ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ VI ԵՎ ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ VIII)
221. Սույն բաժինները կիրառվում են ոչ միայն քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության, այլև տնտեսության մյուս ճյուղերի կազմակերպությունների աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը քննարկելիս:
222. Քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության մասնագիտացված կազմակերպությունների աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի VI բաժնի «Ա» ենթաբաժնով և թիվ 2 ցուցակի VIII բաժնի «Ա» ենթաբաժնով: Այդ ենթաբաժիններով այդպիսի կենսաթոշակ է նշանակվում քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության ճյուղերի կազմակերպությունների բանվորներին, ղեկավարներին և մասնագետներին` անկախ մասնագիտությունների և պաշտոնների անվանումներից: Այդ աշխատողները բաժանվում են երկու խմբի.
1) անմիջականորեն արտադրությունում աշխատողներ (ինչպես տեխնոլոգիական գործընթացը վարող, այնպես էլ դրա ընթացքն ապահովող),
2) անմիջականորեն արտադրությունում չաշխատող, բայց այդ կազմակերպությունում որոշակի աշխատանքներ կատարողներ:
223. Արտադրություն անվան տակ հասկացվում է արդյունաբերական արտադրանք (իր) թողարկելը` սկսած հումքը բաց թողնելուց, վերջացրած արտադրանքի տեխնոլոգիական փաստաթղթերը պատրաստելով, այն է` արտադրանքի վերջնական թողարկումով: Արտադրությունը կարող է լինել սերիական, զանգվածային և միանգամյա:
224. Քիմիական արտադրության աշխատողներ են համարվում նրանք, ովքեր վարում են տեխնոլոգիական գործընթացը, օրինակ` ապարատավարը, օպերատորը, մեքենավարը, արտադրության վարպետը և այլն: Արտադրանքի թողարկման արտադրությունում աշխատող, բայց տեխնոլոգիական անձնակազմի անդամ չհանդիսացող աշխատողներից են նորոգող անձնակազմի անդամները, տեխնիկական վերահսկողության բաժնի, ռազմականացված և գազափրկիչ ստորաբաժանումների, արտադրամասի լաբորատորիայի աշխատողները և այլն:
225. Որոշ դեպքերում «արտադրություն» և «տեխնոլոգիական գործընթաց» հասկացությունները նույնացվում են, ինչը ճիշտ չէ: Տեխնոլոգիական գործընթացը արտադրական գործընթացի (արտադրության) մի մասն է, որը ժամանակի և տարածության մեջ պլանաչափորեն կատարվող տեխնոլոգիական գործառնությունների ամբողջություն է և արտացոլվում է տեխնոլոգիական փաստաթղթերում (երթուղային քարտերում և այլն): Այս հանգամանքը կարևոր է իմանալ, երբ խոսքը քիմիական ճյուղին չպատկանող արդյունաբերական կազմակերպությունների աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի մասին է: Նրանք այդ իրավունքից օգտվում են թիվ 1 և թիվ 2 ցուցակների «Բ» ենթաբաժիններով, եթե մշտապես աշխատում են քիմիական արտադրանք պատրաստելու տեխնոլոգիական գործընթացում: Մյուս աշխատողներից այդպիսի կենսաթոշակի իրավունք ունեն միայն նրանք, ովքեր կատարում են նորոգելու և սպասարկելու աշխատանքներ:
226. Ճշտելու համար, թե թիվ 1 և թիվ 2 ցուցակների վերը նշված բաժինների որ ենթաբաժիններով («Ա» կամ «Բ») պետք է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տրվի, անհրաժեշտ է պարզել, թե որտեղ է թողարկվում քիմիական արտադրանքը, և արդյունաբերության որ ճյուղին է պատկանում կազմակերպությունը: Օրինակ` եթե կազմակերպության հիմնական արտադրանքը պլաստիկ զանգվածը (պլաստմասսան) է, ապա այդ կազմակերպության (անկախ գերատեսչական պատկանելությունից) աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 և թիվ 2 ցուցակների նշված բաժինների «Ա» ենթաբաժիններով: Եթե արդյունաբերության քիմիական և նավթաքիմիական ճյուղին չպատկանող կազմակերպությունում կա պլաստմասսայի արտադրամաս (տեղամաս, բաժանմունք), ապա այդ արտադրամասի (տեղամասի, բաժանմունքի) աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 և թիվ 2 ցուցակների «Բ» ենթաբաժիններով: Տաք եղանակով պլաստմասսե իր արտադրող բանվորները, այդ թվում` փականագործները, կարգավորողները և այլն, այդ իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի VIII բաժնով: Այդ արտոնությունը տարածվում է նաև տաք եղանակով կապրոնե իր արտադրող բանվորների վրա: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում պլաստմասսե իր մշակող բանվորները (խառատներ, ֆրեզերագործներ և այլն):
227. Թիվ 1 ցուցակի VI և թիվ 2 ցուցակի VIII բաժինների «Ա» ենթաբաժիններն ընդգրկում են քիմիական արտադրանքի տեսակների մանրամասն ցանկը: Նշված բաժինների «Բ» ենթաբաժիններում դրանք ներկայացված են խմբավորված տեսքով, այսինքն` նշված են միայն այն դասերը, որոնց պատկանում են քիմիական արտադրանքի առանձին տեսակներ:
228. Քիմիական արդյունաբերության ճյուղին չպատկանող կազմակերպությունների աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս անհրաժեշտ է ղեկավարվել թիվ 1 և թիվ 2 ցուցակների նշված բաժինների «Ա» ենթաբաժիններում թվարկված քիմիական արտադրություններով և քիմիական արտադրանքի տեսակներով: Օրինակ` մեքենաշինական կազմակերպությունում կա արտադրամաս (տեղամաս), որտեղ թողարկվում է կաղապարված պոլիուրեթան: Թիվ 2 ցուցակի VIII բաժնի «Բ» ենթաբաժնում այդ նյութի արտադրությունը նշված չէ, սակայն նշված է պլաստմասսայի արտադրությունը: Պոլիուրեթանը պլաստմասսայի դասի նյութ է, որի արտադրությունը նշված է թիվ 1 ցուցակի VI բաժնի «Ա» ենթաբաժնում: Հետևաբար, մեքենաշինական կազմակերպության այն բանվորներին և վարպետներին, ովքեր թողարկում են կաղապարված պոլիուրեթան, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակով, եթե աշխատանքի գոտու օդում առկա են վտանգավորության 1-ին կամ 2 րդ դասի վնասակար նյութեր կամ քաղցկեղածին նյութեր:
229. Քիմիական արդյունաբերության` թիվ 1 և թիվ 2 ցուցակներում նշված արտադրություններում աշխատող բանվորներին, ղեկավարներին և մասնագետներին, անկախ մասնագիտությունների և պաշտոնների անվանումներից, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում հիշյալ բաժինների «Ա» ենթաբաժիններով, իսկ «Բ» ենթաբաժիններով այդպիսի կենսաթոշակ է նշանակվում, դարձյալ անկախ մասնագիտություններից և պաշտոններից, միայն բանվորներին և վարպետներին: Կենսաթոշակը նշանակվում է թիվ 1 ցուցակով, եթե աշխատանքի գոտու օդում առկա են վտանգավորության 1-ին կամ 2-րդ դասի վնասակար նյութեր կամ քաղցկեղածին նյութեր: Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն նրանք, ովքեր աշխատում են առանձին արտադրամասում, տեղամասում, բաժանմունքում, ուր աշխատանքի գոտու օդում առկա են վտանգավորության 3-րդ դասի վնասակար նյութեր: Այս դեպքում չի պահանջվում հաստատել քաղցկեղածին նյութերի առկայությունը:
230. Քիմիական արդյունաբերության` աշխատողներին թիվ 1 ցուցակի VI և թիվ 2 ցուցակի VIII բաժինների «Ա» և «Բ» ենթաբաժիններով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում` անկախ մասնագիտությունների և պաշտոնների անվանումներից: Այդ աշխատողներից են արտադրանք պատրաստելու տեխնոլոգիական գործընթացին անմիջականորեն մասնակցող տեխնոլոգիական անձնակազմի անդամները, այդ թվում` օժանդակ և տրանսպորտային բանվորները: Կենցաղային շինության հավաքարարները, հատուկ հագուստներ պահպանող պահեստապետները և պահակները տեխնոլոգիական գործընթացին չեն մասնակցում և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Տեխնոլոգիական գործընթացին չեն մասնակցում նաև տնտեսական և արտադրության պլանավորման հարցերով զբաղված աշխատողները, արտադրամասերի կադրերի բաժինների պետերի տեղակալները, տնտեսական մասի աշխատողները:
231. Քիմիական արտադրանքի արտադրություն նշված է նաև թիվ 1 և թիվ 2 ցուցակների այլ բաժիններում: Օրինակ` ֆորմալինի, մեթանոլի, քափուրի (կամֆորայի) արտադրությունները նշված են թիվ 2 ցուցակի XVIII բաժնում: Ֆթորական թթվի և դրա աղերի, ծծմբային նատրիումի արտադրությունը նշված է թիվ 1 ցուցակի V բաժնում` «Մետաղագործական արտադրություն (գունավոր մետաղներ)»: Հարկ է նկատի ունենալ, որ տնտեսության այլ ճյուղերի կազմակերպությունների աշխատողները նույնպես արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 և թիվ 2 ցուցակների «Քիմիական արտադրություն» բաժիններով: Այդ նույն կարգով պետք է քննության առնվի նաև ապակե թելի և դրանից պատրաստվող իրերի արտադրության աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը:
232. Թիվ 1 ցուցակի VI բաժնի «Ա» ենթաբաժնի 1-ին կետում նշված է շտապելային ապակե թելի և դրանից ստացվող իրերի արտադրությունը (բացառությամբ ջերմամեկուսիչ ապակեթելերի): Ապակե թելի և դրանից պատրաստվող իրերի արտադրությունը նշված է նաև թիվ 1 ցուցակի XII բաժնի 2-րդ ենթաբաժնում («Ապակու, ճենապակու և հախճապակու արտադրություններե): Թիվ 1 ցուցակի VI բաժնի «Ա» ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է վերապահված շտապելային ապակե թել և դրանից իրեր պատրաստող բանվորներին, ղեկավարներին և մասնագետներին` անկախ մասնագիտությունների և պաշտոնների անվանումներից:
233. Բազալտե թելը, ի տարբերություն ապակե թելի, արտադրվում է բազալտ քարից և օգտագործվում է որպես ջերմամեկուսիչ: Բազալտե թելի արտադրության աշխատողները թիվ 1 ցուցակի VI բաժնի «Ա» ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Բազալտե թելի արտադրությունը նշված է թիվ 1 ցուցակի XII բաժնի 2-րդ ենթաբաժնում («Ապակու և ճենապակու-հախճապակու արտադրություններ»), և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն աշխատողները, որոնք աշխատում են գերնուրբ բազալտե թելի արտադրությունում:
234. Գեղարվեստական (գեղանկարչական), էմուլսային և չոր ներկերի արտադրության աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն միայն թիվ 2 ցուցակով` անկախ նրանից, թե ներկեր պատրաստելու ժամանակ ինչպիսի օլիֆ է օգտագործվում: Ջրաէմուլսային ներկերը էմուլսային ներկերի տարատեսակներ են, ուստի նշված ներկերի արտադրության աշխատողներն այդ իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի VIII բաժնով:
235. Բնական օլիֆից զարդարական (դեկորատիվ) և տրորված ներկերի արտադրության աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի VIII բաժնով, իսկ օրգանական լուծույթներից (այդ թվում` արհեստական օլիֆից) տրորված ներկերի արտադրության աշխատողները` թիվ 1 ցուցակի VI բաժնով` որպես օրգանական լուծույթների հիման վրա լաքաներկման արտադրության աշխատողներ:
236. Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են անվադողերի, ռետինի և ռետինատեխնիկական իրերի արտադրությունների այն բանվորները, ղեկավարները և մասնագետները, որոնք աշխատում են նախապատրաստական, հումք պատրաստելու, վուլկանացնելու, ռետինի համար սոսինձներ պատրաստելու արտադրամասերում կամ տեղամասերում: Նշված արտադրությունների հավաքման, տրանսպորտային ժապավենների և այլ արտադրամասերի (տեղամասերի) աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի VIII բաժնով: Այդ իրավունքից օգտվում են նաև կաղապարային և ոչ կաղապարային արտադրամասերի (տեղամասերի) աշխատողները (բացի ռետինե կաղապարային և ոչ կաղապարային մանրամասեր մշակողներից): Այդ արտադրության հսկիչներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն նշված տեղամասերի աշխատողներին հավասար: Կաղապարային տեխնիկայի արտադրամասի տեխնիկական վերահսկողության բաժնի հսկիչները, ովքեր պատրաստի արտադրանքի որակը վերահսկում են ռետինե մանրամասերը մշակելուց հետո, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չունեն, որովհետև արտադրության տեխնոլոգիական գործընթացին չեն մասնակցում: Կաղապարային և ոչ կաղապարային իրեր փորձարկողները և իրերը հսկողական ստուգումից հետո փորձարկողները նույնպես այդ իրավունքից չեն օգտվում:
237. Ռետինե արտադրանք մշակելը (հարդարելը) ռետինե իրերի արտադրության տեխնոլոգիական գործընթացի շարունակություն է: Ուստի ռետինե իրերի արտադրությունում մշակելու (հարդարելու) գործընթացի առկայությունը կաղապարային և ոչ կաղապարային տեխնիկայի արտադրամասերում և տեղամասերում աշխատող բանվորներին, ղեկավարներին և մասնագետներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տալիս:
238. Թիվ 2 ցուցակի VIII բաժնի «Ա» ենթաբաժնով արտոնյալ պայամաններով կենսաթոշակի իրավունք ունեն փայլարդիչային, հավաքման, ճկափողային, տրանսպորտային ժապավենների, փոկերի, ավտոխցային, կաղապարային և ոչ կաղապարային տեխնիկայի, ռետինե կոշիկների և այդ ենթաբաժնում նշված այլ արտադրամասերում (տեղամասերում) մշտապես աշխատող բանվորները, ղեկավարները և մասնագետները, ովքեր միաժամանակ նախապատրաստական արտադրամասերում սպասարկում են կալանդրային տեղամասերի սարքերը:
239. Լատեքսի հիման վրա գորգերի արտադրության աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի VIII բաժնով, քանի որ այդ արտադրությունը համարվում է ոչ կաղապարային ռետինատեխնիկական արտադրություն: Ինչպես քիմիական կազմակերպություններում, այնպես էլ տնտեսության այլ ճյուղերի կազմակերպություններում մակերևութային ակտիվ նյութերի հիման վրա արտադրվում են լվացող սինթետիկ նյութեր: Թիվ 1 ցուցակի VI բաժնի «Ա» ենթաբաժնում նշված է դետերգենտների արտադրությունը, որոնցից են մակերևութային ակտիվ նյութերը, հետևաբար այդ նյութերի արտադրության աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակի VI բաժնով: Այդ իրավունքից օգտվում են նաև այդ նյութերը տարավորողները, փաթեթավորողները, տեսակավորողները և լցնողները, ովքեր լրիվ աշխատանքային օրվա ընթացքում անմիջականորեն աշխատում են մակերևութային ակտիվ նյութերի արտադրությունում: Լվացող սինթետիկ միջոցներ (փոշու և մածուկի տեսքով) պատրաստելու գործընթացը համապատասխան ապարատներում մակերևութային ակտիվ նյութերը տարբեր լրացումների հետ խառնելն է և ապա դրանք տարավորելն ու փաթեթավորելը: Այդ աշխատանքներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք են տալիս թիվ 2 ցուցակի VIII բաժնով: Այլ տեսակի մաքրող միջոցների արտադրության աշխատողները թիվ 1 և թիվ 2 ցուցակներով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չունեն:
240. Թիվ 1 ցուցակում նշված են աշխատողներ, ովքեր մասնագիտացված արտադրություններում և լաբորատորիաներում աշխատում են քիմիական հատուկ նյութերով: Այս արտադրությունում նորոգելու աշխատանքներ կատարողներից թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն միայն նրանք, ովքեր նորոգում և մշակում են թունավոր նյութեր պարունակող ապրանքամաններ (տարաներ): Այլ վնասակար քիմիական նյութեր պարունակող ապրանքամաններ նորոգողներն ու մշակողներն այդ իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի VIII բաժնով:
241. Ձեռնարկությունների լաբորատորիաների, բաժանմունքների, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտների աշխատողները, ովքեր լրիվ աշխատանքային օրվա ընթացքում կատարում են տրիբութիլաքլորիդի տեխնոլոգիական համադրման (սինթեզի) և մշակման աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի VI բաժնով: Թիվ 1 ցուցակով այդ իրավունքից օգտվում են քլորի արտադրության աշխատողները, ինչպես նաև գլանանոթների (բալոնների) և բեռնարկղերի (կոնտեյներների) մեջ քլոր լցնող բանվորները:
242. Թաղանթանյութի և թղթի արդյունաբերական կազմակերպություններում քլորի արտադրության ժամանակ զուգահեռաբար ստանում են նաև բաղադրիչներ: Քանի որ դա միասնական տեխնոլոգիական գործընթաց է, ապա թիվ 1 ցուցակի VI բաժնով և թիվ 2 ցուցակի VIII բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն նաև քլորի բաղադրիչների` քլորատի, նատրիումի, քլորի երկօքսիդի, նատրիումի հիդրոքլորիդի և աղաթթվի արտադրության բանվորները, ղեկավարները և մասնագետները:
243. Թիվ 1 ցուցակում («Ա» ենթաբաժին, 1-ին կետ) նշված են հակակոռոզիոն բաղադրությունների և ծածկույթների (պատվածքների) արտադրամասերի, բաժանմունքների, տեղամասերի աշխատողները: Այս բաժնով նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք հակակոռոզիոն աշխատանքներն անմիջականորեն կատարում են արտադրամասերում, բաժանմունքներում և տեղամասերում, որոնցում արտադրվող նյութերի տեսակները բերված են թիվ 1 ցուցակի VI բաժնի «Ա» ենթաբաժնում: Հակակոռոզիոն բաղադրությունների և ծածկույթների (պատվածքների) արտադրամասերի, բաժանմունքների, տեղամասերի աշխատողները, ովքեր հակակոռոզիոն աշխատանքներն անմիջականորեն կատարում են թիվ 2 ցուցակում թվարկված արտադրություններում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակի VIII բաժնի «Ա» ենթաբաժնով:
244. Մի շարք կազմակերպությունների` անվադողերի ռետինացման արտադրամասերում գույություն ունեն տեղամասեր, որտեղ երկաթե կոտորակներով կամ երկաթե ավազով մաքրվում են երկաթե կալանդրները: Այդ տեղամասերում «մետաղ, ձուլվածք, իր և մանրամաս մաքրող» մասնագիտությամբ աշխատող բանվորներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XI բաժնի 11-րդ ենթաբաժնով («Մետաղամշակման այլ մասնագիտություններ»):
245. Թիվ 2 ցուցակի VIII բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն բանվորները, ղեկավարները և մասնագետները, որոնք անմիջականորեն աշխատում են ռեգեներատ (վերականգնվածք) ստանալու արտադրամասերում (տեղամասերում), այն է` վերամշակում են օգտագործված անվադողեր և ռետինե այլ իրեր: Ընդ որում, հին ռետինի տեղամասի և նախապատրաստական արտադրամասի աշխատողներն այդ իրավունքից չեն օգտվում: Վերականգնման արտադրության նախապատրաստական արտադրամասում ռետինը բաժանվում է փոքր կտորների (մանրացվում, աղացվում, մաղվում է) և խառնվում: Այս արտադրամասը պետք է չհամեմատել ռետինի արտադրության նախապատրաստական արտադրամասի հետ, որտեղ ստանում են ռետինե խառնուրդ (կաուչուկի և նիգրեդինտների խառնուրդ):
246. Թիվ 2 ցուցակի VIII բաժնի «Ա» ենթաբաժնի 2-րդ կետով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում այն աշխատողներին, որոնք կատարում են արդյունաբերական հոսող ջուր չեզոքացնելու և մաքրելու, վնասակար գոլորշի և գազ վնասազերծելու և այդ կետում նշված այլ աշխատանքներ:
247. Քիմիալուսանկարչական արդյունաբերության կազմակերպություններում կան թաղանթանյութի և ֆերոմագնիսային փոշու պարզ և բարդ եթերների արտադրություն, որտեղ թողարկվում է մագնիսական ժապավեն: Այդ արտադրության աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի «Քիմիական արտադրություն» բաժնով: Այս արտադրությունում, ինչպես նաև կինոֆոտոժապավենի արտադրությունում, օգտագործվում են օրգանական լուծույթներ` ացետոն, բութանոլ, երկէթիլային եթեր, ցիկլոհեքսանոն, տոլուոլ, բենզոլ և այլն, որոնց արտադրությունը նույնպես նշված է թիվ 1 ցուցակում: Նշված լուծույթները արտադրությունում օգտագործելուց հետո աղտոտվում են և ուղարկվում հատուկ արտադրամաս` մաքրելու և օգտահանելու (ուտիլացնելու): Այդ աշխատանքների բնույթը և պայմանները նույն են, ինչ թիվ 1 ցուցակում նշված` հեղուկ թափոն վերականգնելու և օգտահանելու աշխատանքների բնույթը և պայմանները, ուստի այդ արտադրության բանվորներին, վարպետներին, ավագ վարպետներին, հերթափոխի պետերին և մյուս աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի VIII բաժնի «Ա» ենթաբաժնի 6-րդ կետով:
248. Թիվ 1 ցուցակում նշված քիմիական նյութերը աղող, չորացնող, խառնող, լուծող, նախապատրաստող, լցնող, տարավորող, բեռնող, բեռնաթափող, փաթեթավորող (թղթե կամ պոլիէթիլենային պարկերում) աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը քննարկելիս պետք է նկատի ունենալ, որ նշված աշխատանքները քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության ճյուղերի կազմակերպությունում կատարվում են անմիջականորեն արտադրանք թողարկելու արտադրամասում և դրանով իսկ համարվում են արտադրանք ստանալու տեխնոլոգիական գործընթացի անբաժանելի մաս: Այդ աշխատանքները կատարվում են նույնպիսի աշխատանքային պայմաններում, ինչպիսի պայմաններում ընթանում է արտադրության ապարատային գործընթացը, ուստի վերը նշված աշխատանքները կատարողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով:
249. Եթե թիվ 1 ցուցակում թվարկված քիմիական նյութերն աղացվում, չորացվում, խառնվում, լուծվում, նախապատրաստվում, լցվում, տարավորվում, բեռնվում, բեռնաթափվում, փաթեթավորվում են (թղթե կամ պոլիէթիլենային պարկերում) հիմնական արտադրությունից դուրս գտնվող կառուցվածքային ստորաբաժանումներում կամ քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության ճյուղերի մասնագիտացված կազմակերպություններում, ապա այդ աշխատանքները կատարողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով, քանի որ դրանք չեն մտնում քիմիական արտադրանք թողարկելու տեխնոլոգիական գործընթացի մեջ:
250. Քիմիական հումք և նյութեր ընդունող և բաց թողնող պահեստների աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
251. Քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության ճյուղերի կազմակերպություններում կարող է լինել ջրածնի արտադրություն: Ջրածին ստանալու աշխատանքներ կատարողներն ուղղակիորեն նշված են թիվ 2 ցուցակի VIII բաժնի «Ա» ենթաբաժնի 3-րդ կետում: Եթե ջրածին ստանալը քիմիական արտադրանք (օրինակ` ամիակ) ստանալու տեխնոլոգիական գործընթացի մի մասն է, և ջրածինն այս դեպքում օգտագործվում է որպես գազային հումք, ապա նշված կազմակերպությունների այն աշխատողները, որոնք կատարում են ջրածին ստանալու աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով:
252. Ջրախողովակային տնտեսությունների այն աշխատողներին, որոնք աշխատում են օզոնատարային կայաններում, թիվ 2 ցուցակի VIII բաժնով («Քիմիական արտադրություն») արտոնյալ պայմաններով կենսաթոշակ չի նշանակվում, քանի որ նրանք չեն համարվում ջրածին ստանալու աշխատանքներ կատարողներ: Ջրախողովակային տնտեսությունների օզոնատարային կայանների աշխատողները կատարում են ջուր և օդ մաքրելու աշխատանքներ, ինչը նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չի տալիս:
253. Արտադրամասերի այն բանվորները, վարպետները, մեքենագետները և էներգագետները, որոնք նորոգում են տեխնոլոգիական սարքեր և էլեկտրասարքավորումներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են ինչպես թիվ 1, այնպես էլ թիվ 2 ցուցակով: Այդ խմբի այն աշխատողները, որոնք նորոգում և սպասարկում են հսկի-չափիչ սարքեր և օդափոխիչներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով` անկախ նրանից, թե որ արտադրությունում են աշխատում:
254. Հերբիցիդները և պեստիցիդները դասվում են բույսերի պաշտպանության քիմիական միջոցների շարքը, որոնք նշված են թիվ 1 ցուցակի VI բաժնի «Ա» ենթաբաժնում, ուստի հերբիցիդի և պեստիցիդի արտադրության բանվորները, ղեկավարները և մասնագետներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով:
255. Ասբեստե տեխնիկական իրերի արտադրության աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են, եթե աշխատում են նախապատրաստական, գործվածքային, մանվածքի, ապարատային, ավտոտրակտորների մանրամասերի, ստվարաթղթի, զտիչների, փորձարարական և արդյունաբերական տեխնիկայի արտադարմասերում, բաժանմունքներում և տեղամասերում: Թիվ 1 ցուցակի VI բաժնի 2-րդ ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում նշված արտադրությունների բոլոր աշխատողներին, այդ թվում` նաև նրանց, ովքեր կատարում են սարքավորումներ (բացի հսկիչ-չափիչ և օդափոխիչ սարքերից) սպասարկելու և կանխարգելիչ աշխատանքներ: Այդ իրավունքից (թիվ 1 ցուցակով) օգտվում են նաև տեխնիկական վերահսկողության բաժնի աշխատողները, ովքեր աշխատում են նշված արտադրամասերում:
256. Թիվ 2 ցուցակի VIII բաժնի «Ա» ենթաբաժնի 4-րդ կետով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն հսկիչները, եթե աշխատում են տեխնիկական վերահսկողության բաժնում, ինչպես նաև հսկիչ-չափիչ սարքեր և հաղորդակցման ուղիներ նորոգող և սպասարկող բանվորները և վարպետները, ովքեր աշխատում են վերը նշված արտադրամասերում, բաժանմունքներում և տեղամասերում: Այս արտոնությունից օգտվում են նաև այդ արտադրամասերում աշխատող` տեխնիկական վերահսկողության բաժնի ղեկավարները և մասնագետները:
257. Թիվ 2 ցուցակի VIII բաժնի «Ա» ենթաբաժնի 3-րդ կետով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն միջավայրի օդը վերահսկողները, ովքեր աշխատում են ինչպես թիվ 1, այնպես էլ թիվ 2 ցուցակում նշված արտադրություններում: Այս դեպքում նշանակություն չունի, թե նրանք կազմակերպության կառուցվածքային որ ստորաբաժանման աշխատողներ են: Օդի լաբորատորիաների աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում, եթե մշտապես աշխատում են քիմիական կազմակերպությունների` քիմիական արտադրանք թողարկող արտադրամասերում, բաժանմունքներում, տեղամասերում և կատարում են միջավայրի օդը վերահսկելու աշխատանքներ: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում օդի լաբորատորիայի այն աշխատողները, որոնք օդի փորձանմուշները տարրալուծում են լաբորատոր պայմաններում:
258. Քիմիական արտադրությունների տեխնոլոգիական արտադրամասերում լրիվ աշխատանքային օրվա ընթացքում մշտապես աշխատող բեռնակիրներն օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից: Քիմիական կազմակերպությունների տրանսպորտային, երկաթուղային և տեխնոլոգիական արտադրամասերի այն բեռնակիրները, որոնք կատարում են քիմիական նյութեր բեռնելու և բեռնաթափելու աշխատանքներ (այդ թվում` տեխնոլոգիական արտադրությունից դուրս երկաթուղային վագոններ բեռնելու և բեռնաթափելու աշխատանքներ), արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
259. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են մասնագիտացված քիմիական կազմակերպությունների այն բանվորները, որոնք աշխատում են պոլիէթիլենային իրերի, այդ թվում` պոլիէթիլենային թաղանթի արտադրությունում: Պոլիէթիլենային թաղանթից տարբեր իրեր պատրաստելու աշխատանքներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չեն տալիս: Այդ պատճառով` պոլիէթիլենային իրերի կցակար եռակցող (անկախ կատարելու եղանակից) բանվորներն այդ իրավունքը չունեն:
260. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից (թիվ 1 ցուցակ, բաժին VI) օգտվում են այն բանվորները, վարպետները, ավագ վարպետները, որոնք դեղին ծծմբի արտադրության արտադրամասերում նորոգում և սպասարկում են տեխնոլոգիական սարքավորումները: Այդ արտադրության հիմնական տեխնոլոգիական սարքավորումները էլեկտրաջերմային վառարաններն են, որոնք սպասարկում և նորոգում են էլեկտրամոնտյորները և փականակագործ էլեկտրագետները: Նրանք այդ աշխատանքները կատարում են լրիվ աշխատանքային օրվա ընթացքում, ուստի արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակի VI բաժնով` որպես տեխնոլոգիական սարքավորումներ նորոգելու և սպասարկելու աշխատանքներ կատարողներ:
11. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐ, ԷՆԵՐԳԱԳՆԱՑՔՆԵՐ, ՇՈԳԵՈՒԺԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
(ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ X)
261. Էլեկտրակայանը էլեկտրական էներգիա արտադրելու համար օգտագործվող սարքերի և սարքավորումների, ինչպես նաև անհրաժեշտ շենքերի և շինությունների ամբողջություն է: Ըստ էներգիայի աղբյուրի` էլեկտրակայանները լինում են մի քանի տեսակի` ջերմային էլեկտրակայաններ, ջրաէլեկտրակայաններ (հիդրոէլեկտրակայաններ), քամու էլեկտրակայաններ (հողմակայաններ), մագնիսաջրուժաբանական (մագնիսահիդրոդինամիկ) գեներատորներ, ատոմային էլեկտրակայաններ:
262. Էներգագնացքը երկաթուղային վագոնում մոնտաժված շարժական էլեկտրակայան է, որը բավարարում է էներգահամակարգից հեռու գտնվող սպառողների կարիքները: Էներգագնացքը կարող է լինել զգալի հզորությամբ և ունենալ մի քանի արտադրամաս:
263. Շոգեուժային տնտեսությունը սարքերի և սարքավորումների ամբողջություն է (շոգեկաթսաներ, շոգեշարժիչներ, շոգեգեներատորներ և այլն), որոնք օգտագործվում են գլխավորապես գոլորշի և տաք ջուր ստանալու համար: Գոլորշին (շոգին) անհրաժեշտ է տարբեր տեխնոլոգիական և էներգետիկ գործընթացներում հումք կամ արտադրանք տաքացնելու, մուրճ, մամլիչ, օդափոխիչ և այլ սարքավորումներ աշխատեցնելու, բնակավայրեր, բնակելի շենքեր և այլ ոչ արտադրական շենքեր ու շինություններ ջեռուցելու և ջուր մատակարարելու համար:
264. Ջերմային էլեկտրակայաններն էներգետիկ նշանակությամբ տարբերվում են: Կա ջերմային էլեկտրակայան, որն արտադրում է միայն էլեկտրաէներգիա: Այն ջերմային էլեկտրակայանը, որը թողարկում է էլեկտրական էներգիա և ջերմային էներգիա, կոչվում է ջերմաէլեկտրակենտրոն (ջէկ): Արդյունաբերական ջէկերն ընդհանրապես ունեն տեղական նշանակություն և մտնում են արդյունաբերական կազմակերպությունների կառուցվածքի մեջ: Ջերմային էլեկտրակայանները, որոնք օգտագործվում են բնակավայրերի բնակելի տներ և կենցաղային հիմնարկներ ջեռուցելու և ջուր մատակարարելու համար, կոչվում են կենցաղային: Լինում են նաև արդյունաբերական ջեռուցման ջէկեր, որոնք էներգիայով ապահովում են ինչպես արդյունաբերությունը, այնպես էլ բնակչությանը: Ինչպես արդյունաբերական, այնպես էլ ջեռուցման ջերմակենտրոնները բնակավայրի էներգետիկ համակարգի բաղկացուցիչ մասն են:
265. Էլեկտրակայանների աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը սահմանելիս նշանակություն չունի էլեկտրակայանի տեսակը, հզորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, թե էլեկտրակայանը մտնում է համապատասխան տարածքի էներգետիկ համակարգի՞ մեջ, թե՞ արդյունաբերական կազմակերպության ստորաբաժանում է:
266. Արդյունաբերական կազմակերպությունների մեծ մասն ունի էներգետիկ տնտեսություններ: Մի դեպքում դա խոշոր շոգեուժային տնտեսություն է` բաղկացած մի քանի արտադրամասից, տեղամասից և բաժանմունքից, մյուս դեպքում` առանձին արտադրամաս (կաթսայագործական, էներգետիկ և այլն): Ոչ մեծ քանակությամբ ջերմություն օգտագործելու դեպքում արդյունաբերական կազմակերպություններում օգտագործվում են ոչ մեծ թվով կաթսաներ ունեցող արդյունաբերական կաթսայատներ: Այդ կաթսաների աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այնպես, ինչպես շոգեուժային տնտեսությունների աշխատողները` ըստ թիվ 2 ցուցակի X բաժնում նշված մասնագիտությունների և պաշտոնների: Այն բանվորները, որոնց մասնագիտությունները նշված են այս բաժնում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են` անկախ էլեկտրակայանների, էներգագնացքների և շոգեուժային տնտեսությունների կառուցվածքային ստորաբաժանումներից: Կառուցվածքային սահմանափակումը վերաբերում է միայն որոշ կատեգորիայի ղեկավարներին և մասնագետներին: Օրինակ` արտադրական տեղամասերի վարպետները և ավագ վարպետներն այդ իրավունքից օգտվում են, եթե աշխատում են կաթսայական, տուրբինային (գազատուրբինային), փոշեպատրաստման և վառելիքասնուցման արտադրամասերում, որտեղ օգտագործվում է կոշտ վառելիք:
267. Թիվ 2 ցուցակի X բաժնի «ա» ենթաբաժնում նշված են հակակոռոզիագործները: Նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե տարողություններում կատարում են ծածկապատելու և մաքրելու աշխատանքներ: Երբեմն սխալ է ընկալվում, որ այս աշխատողները պետք է ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում մշտապես կատարեն նշված աշխատանքները: Տարողությունների մակերեսը մաքրելու և ծածկապատելու աշխատանքները տվյալ մասնագիտության գործառույթներից են, ուստի, ելնելով արտադրության առանձնահատկություններից, այդ աշխատանքները կարող են կատարել «հակակոռոզիագործ» մասնագիտության տարբեր բանվորներ: Այդ պատճառով` այդ մասնագիտությամբ աշխատող բանվորներից արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում նրանց, ովքեր կատարում են կամ միայն մաքրման, կամ միայն ծածկապատման աշխատանքներ, ինչը պետք է հիմնավորվի փաստաթղթերով:
268. Էլեկտրակայաններում կարող են օգտագործվել ածուխ և թերթաքար, որոնք պարունակում են տարբեր տոկոսաչափերի կայծքարի ազատ երկօքսիդ: Եթե էլեկտրակայանների աշխատողների հիմնական մասին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու ժամանակ նշանակություն չունի օգտագործվող կոշտ վառելիքի բաղադրությունը, ապա մյուս բանվորներին (հիմնականում` բեռնաթափման աշխատանքներ կատարողներին) այդպիսի կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք բեռնաթափում են 5 և ավելի տոկոս կայծքարի ազատ երկօքսիդ պարունակող ածուխ կամ թերթաքար: Այդ բանվորներից են բեռնակիրները, վագոնաշրջիչները, էքսկավատորների մեքենավարները և այլն: Այդ բանվորների մասնագիտությունների լրիվ ցանկը բերված է թիվ 2 ցուցակի X բաժնում:
269. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն պոմպակայանքների այն մեքենավարները, ովքեր սպասարկում են սնուցող պոմպերը, որոնք տեղադրված են կաթսայատուրբինային արտադրամասերում և անմիջականորեն սնուցում են այդ արտադրամասերի սարքավորումները: Պոմպային սարքերի մեքենավարները, ովքեր սպասարկում են էլեկտրակայանների տարբեր արտադրամասերում տեղադրված մյուս բոլոր պոմպային սարքերը, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
270. «Օդափոխիչ և արտածծիչ կայանքների մեքենավար» մասնագիտությամբ աշխատողների գործառույթների մեջ, բացի օդափոխիչներ, արտածծիչներ, զտիչներ սպասարկելու աշխատանքներից, մտնում են նաև ծխնելույզներ սպասարկելու աշխատանքները: Նշված աշխատանքները (այդ թվում` կաթսայատնային արտադրամասերում և տեղամասերում ծխնելույզներ սպասարկելը) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք են տալիս` անկախ նրանից, թե էլեկտրակայանի կամ շոգեուժային տնտեսության որ ստորաբաժանումում է կատարվում աշխատանքը:
271. Վառելիքասնուցման համակարգ է նախատեսված այն էլեկտրակայանների կամ շոգեուժային տնտեսությունների կառուցվածքում, որոնք աշխատում են կոշտ վառելիքով (ածուխ, տորֆ, թերթաքար): Այդ տնտեսությունների վառելիքասնուցման մեքենավարներն սպասարկում են սնուցիչ, փոխակրիչ (կոնվեյեր), էլևատոր, ավազաշիթային սարք, կեռաշերեփ (սկրեպեր) և այլ սարքավորումներ: Այդ մեքենավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են միայն այն դեպքում, երբ օգտագործվում է կոշտ վառելիք (ածուխ, տորֆ, թերթաքար):
272. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն նորոգող անձնակազմի անդամ այն բանվորները միայն, որոնք կատարում են կաթսայական, տուրբինային, վառելանյութի մատուցման, փոշեպատրաստման սարքավորումներ նորոգելու և սպասարկելու աշխատանքներ: Այդ բանվորներից են բոլոր անվանումների փականագործները, էլեկտրամոնտյորները և էլեկտրափականագործները, որոնց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում` անկախ նրանից, թե նրանք էլեկտրակայանի, էներգագնացքի և շոգեուժային տնտեսության որ ստորաբաժանումում (արտադրամասում, տեղամասում և բաժանմունքում) են աշխատում: Այդ բանվորներին այդպիսի կենսաթոշակ նշանակվում է, եթե նրանք նորոգում և սպասարկում են թիվ 2 ցուցակում նշված սարքավորումները: Փականագործներից, էլեկտրամոնտյորներից և էլեկտրափականագործներից բացի` նորոգման աշխատանքներ կարող են կատարել նաև ամբարձիչների մեքենավարները (ամբարձիչավարները): Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից կարող են օգտվել միայն այն մեքենավարները, որոնք նորոգում են տուրբինային (գազատուրբինային) և կաթսայական սարքավորումներ:
273. Վառելանյութի մատուցման (վառելիքասնուցման) մեքենավարները, ինչպես նաև փականագործները, էլեկտրամոնտյորները և էլեկտրափականագործները, ովքեր կատարում են հեղուկ կամ գազային վառելիքով աշխատող` վառելանյութ մատուցող սարքավորումներ նորոգելու և սպասարկելու աշխատանքներ, թիվ 2 ցուցակի X բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
274. Չափումները կատարվում են հսկիչ-չափիչ սարքերով: Գոյություն ունեն ցուցադրող, գրանցող, ինքնագրող և այլ հսկիչ-չափիչ սարքեր` մոնոմետր, ցուցիչ, տախոմետր, զանազան վերափոխիչներ և այլն: Հսկիչ-չափիչ սարքեր նորոգելու և սպասարկելու աշխատանքները մտնում են էլեկտրակայանների ավտոմատիկա և չափման միջոցներ նորոգող և սպասարկող «էլեկտրափականագործ» մասնագիտությամբ աշխատողների գործառույթների մեջ: Այս մասնագիտության այն բանվորները, որոնք նորոգում և սպասարկում են հսկիչ-չափիչ սարքերը և ապահովում են կաթսայական, տուրբինային (գազատուրբինային) սարքավորումների և վառելիքասնուցման (կոշտ վառելիքով) ու փոշեպատրաստման սարքավորումների անխափան աշխատանքը, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի X բաժնով:
275. Այնտեղ, որտեղ օգտագործվում է հեղուկ կամ գազային վառելիք, այդ վառելիքը մղվում է պոմպերով, որոնք սպասարկում են պոմպակայանքների մեքենավարները: Նրանք կարգավորում են տարբեր տարողություններից (գլանատակառ, ամբար) մազութ, նավթ և այլ հեղուկ վառելիք մղելու գործընթացը: Պոմպակայանքների մեքենավարների աշխատատեղը գտնվում է մազութապոմպային կայանում (տնտեսությունում): Անմիջականորեն արտադրամասերում (կաթսայական, տուրբինային և այլն) գտնվող պոմպերն սպասարկում են կաթսաների և շոգեուժային տուրբինների մեքենավարները: Էլեկտրակայանների և շոգեուժային տնտեսությունների մեքենավարները սույն բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում (բացի սնուցող պոմպերի աշխատողներից):
276. «էներգաբլոկի մեքենավար» մասնագիտությամբ աշխատող բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի X բաժնով:
277. Բնակավայրերը էլեկտրաէներգիայով, տաք ջրով ու գոլորշով ապահովելու նպատակով օգտագործվում են շարժական էլեկտրակայաններ և շարժական կաթսայատներ: Շարժական կաթսայատները լրակազմվում (կոմպլեկտավորվում) են վագոնակաթսաներով և օժանդակ սարքավորումների վագոններով: Այդ կաթսայատները կարող են աշխատել ինչպես կոշտ, այնպես էլ հեղուկ կամ գազային վառելիքով: Կաթսայատների մեքենավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի X բաժնով` անկախ այն բանից, թե ինչ վառելիքով են աշխատում նրանց սպասարկած կաթսայատները: Եթե շարժական կաթսայատների կաթսաներ սպասարկող բանվորների մասնագիտությանը, ելնելով նրանց աշխատանքի բնույթից, տրվել է «կաթսայի օպերատոր» անվանումը, ապա այդ մասնագիտությամբ աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
278. Ածխով և թերթաքարով աշխատող շարժական կաթսայատների կաթսաներ սպասարկող մեքենավարները (հնոցապանները) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի X բաժնով:
279. Էլեկտրակայանների ածխային խցիկների բանվորների կատարած աշխատանքը կարող է թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տալ այն դեպքում, երբ այդ խցիկներում բեռնաթափվում է թերթաքար: Դրանք այն բանվորներն են, որոնք անմիջականորեն սպասարկում են այդ խցիկները` բեռնաթափում են ներմուծվող վառելիքը, այն բաժանում են ըստ խցիկների, բացում և փակում են խցիկների փականները, ապահովում են խցիկների մաքրությունը և անխափան աշխատանքը:
280. Անմիջականորեն փոշեածխային ջարդիչներով, աղացներով և այլ սարքերով աշխատելու հանգամանքը կարող են հիմնավորել ճշտող տեղեկանքները` հրամանները և կարգադրությունները, աշխատանքի ընդունելու կամ աշխատանքից ազատելու մասին գրությունները, անձնական քարտերը, եթե այդ փաստաթղթերում կան տեղեկություններ այն մասին, որ բանվորները կատարել են վերը նշված աշխատանքները:
281. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն փականագործները, որոնք կաթսայական մեքենաների (ջերմաուժային), փոշեպատրաստման և վառելիքասնուցման արտադրամասերում նորոգում և սպասարկում են սարքավորումներ և ավտոմատիկա: Այդ իրավունքը վերապահված է նաև էլեկտրակայանների տուրբինային արտադրամասերի աշխատողներին, ում արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում ըստ թիվ 2 ցուցակի X բաժնում թվարկված մասնագիտությունների և պաշտոնների:
282. Թիվ 2 ցուցակի X բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են կաթսայատուրբինային արտադրամասերի հերթապահ փականագործները և էլեկտրամոնտյորները, սարքավորումներ և ավտոմատիկա նորոգող փականագործները և էլեկտրամոնտյորները, վարպետները, ավագ վարպետները և հերթափոխի պետերը:
283. Վառելիքատրանսպորտային արտադրամասերի հերթապահ փականագործները և էլեկտրամոնտյորները, սարքավորումներ և ավտոմատիկա նորոգող փականագործները և էլեկտրամոնտյորներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից կարող են օգտվել, եթե շարունակում են աշխատել այն սարքավորումներով, որոնք եղել են մինչև արտադրամասերը միավորելը, և նրանց աշխատանքի բնույթը և պայմանները մնացել են անփոփոխ: Եթե արտադրամասերը միավորելուց հետո նրանք կատարում են նաև այլ աշխատանքներ, որոնք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չեն տալիս, ապա այդ աշխատողներին այդպիսի կենսաթոշակ չի նշանակվում:
284. Արդյունաբերական կազմակերպությունների փականագործները և կաթսայագործները, հերթապահ փականագործները և հերթապահ կաթսայագործները, փականագործ ջրախողովակագործները, ովքեր նորոգում և սպասարկում են կաթսայատներ և էներգետիկ այլ սարքավորումներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Այդ իրավունքից չեն օգտվում նաև շոգեուժային տնտեսության և շոգեուժային արտադրամասերի փականագործները և էլեկտրամոնտյորները, կաթսայական այլ արտադրամասերի փականագործները և էլեկտրամոնտյորները, ջերմային էլեկտրակայանների հերթափոխի պետերը, կաթսայատների վարիչները, կաթսայատների (այլ ոչ թե կաթսայատնային արտադրամասերի) վարպետները, շոգեուժային տնտեսության կամ արտադրամասի վարպետները և այլն:
285. Շոգեուժային տուրբիններ սպասարկող տուրբինագործների և նրանց օգնականների աշխատանքի բնույթը և պայմանները նույնն են, ինչ տուրբինների մեքենավարներինը և նրանց օգնականներինը, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի X բաժնով, ուստի տուրբինագործները ևս այդ իրավունքից կարող են օգտվել հիշյալ բաժնով:
286. Վառելիք խառնողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակի X բաժնով` անկախ նրանից, թե ինչ վառելիք են խառնում` ածուխ, տորֆ, փայտ և այլն:
287. Թիվ 2 ցուցակի X բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն ջերմատեխնիկական վերահսկման սարքեր և ջերմային գործընթացի ավտոմատիկա նորոգող էլեկտրափականագործները, եթե նրանք կատարում են միայն նշված բաժնում թվարկված աշխատանքները:
288. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն միայն կաթսայական արտադրամասերի պետերը և նրանց տեղակալները: Թիվ 2 ցուցակի X բաժնում նշված են միայն արտադրական վարպետները, ուստի սարքավորումներ նորոգող վարպետներն այդ իրավունքից չեն օգտվում:
289. Էլեկտրակայանների մեքենաների (տուրբինային և շոգեուժային) արտադրամասերի օդամղիչ կայանների վարպետները նույնպես արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
290. Թիվ 2 ցուցակի X բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն միայն այն վարպետները և ավագ վարպետները, ովքեր նորոգում են ստորգետնյա ջերմային էլեկտրակայանների սարքավորումները, ավտոմատիկան և հսկիչ-չափիչ սարքերը:
12. ՄԵՏԱՂԱՄՇԱԿՈՒՄ
(ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ VIII ԵՎ ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XI)
291. Ձուլման արտադրություն (1-ին ենթաբաժին): Ձուլելը տարբեր նյութերից (մասնավորապես` մետաղից) իրեր (ձուլվածքներ) ստանալու գործընթաց է: Ձուլման արտադրության հիմնական գործընթացներն են ձուլելու համար նյութեր նախապատրաստելը և դրանք վառարաններ բեռնելը, ձուլված (հեղուկ) մետաղը կաղապարների մեջ լցնելը, կաղապարման համար հող պատրաստելը, կաղապարներից ձուլվածք հանելը, ձուլվածք հատելը և մաքրելը:
292. Ձուլվածք ստանալու ամենատարածված եղանակներից մեկն ավազե կաղապարներով ձուլվածք ստանալն է: Գոյություն ունեն նաև ձուլվածք ստանալու մի շարք այլ եղանակներ` մետաղյա կաղապարում ձուլվածք ստանալը, թաղանթային կաղապարում ձուլվածք ստանալը, պատրաստի մոդելներով (ձևերով) ձուլվածք ստանալը և այլն: Նյութերը ճնշման տակ ձուլվում են ձուլող մեքենաներով, որոնք ունեն սառը և տաք մամլման խցիկներ. հալած մետաղը լցվում է մամլման խցիկի մեջ, մխոցի ճնշման տակ սառչում և ստանում ձուլվածքի տեսք:
293. Արդյունաբերության մեջ լայնորեն կիրառվում է կենտրոնախույս եղանակով ձուլվածք ստանալու եղանակը, երբ հալած մետաղը լցվում է երկաթե կաղապարի մեջ և կենտրոնախույս ուժերի ազդեցությամբ նետվում կաղապարի պատերին, կոշտանում և վերածվում ձուլվածքի:
294. Մետաղը վակուումային և կենտրոնախույս-վակուումային ձուլման մեքենաներով ձուլողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XI բաժնով: Իսկ եթե նրանք մետաղը ձուլում են կենտրոնախույս ձուլման մեքենաներով, ապա այդ իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի VIII բաժնով:
295. Ձուլվածքը հատելու և սղոցելու գործառնություններ կատարող բանվորների կենսաթոշակային արտոնությունները պայմանավորված են նրանով, թե ինչ եղանակով է մշակվում ձուլվածքը, և մշակելու ժամանակ ինչ գործիքներ են օգտագործվում: Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի ունեն այն հատողները, որոնք ձուլվածքը մշակում են զմռնիտով և ձեռքով: Ձուլվածքը ձեռքով հատվում է հատիչներով, մուրճերով և օդամղիչ գործիքով: Ձևավոր ձուլվածք սղոցողների աշխատանքների մեջ վերը նշված աշխատանքները չեն մտնում, այդ պատճառով նրանք թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից կարող են օգտվել միայն այն դեպքում, երբ ձուլվածքը սղոցում են խարտոցներով: Այդ իրավունքն ունեն նաև «խարտոցող» մասնագիտության բանվորները: Ձուլման արտադրամասում գունավոր ձուլվածք սղոցող մյուս աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XI բաժնով:
296. Ձուլվածքը մամլիչներով մշակող բանվորներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
297. Որոշ կազմակերպություններում ձուլվածքը խարտոցներով և ձեռքով մշակելուց առաջ ուղղահայաց ժապավենային սղոցներով կտրում են դրա ձուլանցքերը և ձուլակաղապարի սղանցքերը: Քանի որ այդ աշխատանքները ձուլվածք հատելու սկզբնական փուլերն են, ապա դրանք կատարողները չեն զրկվում թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից: Այս դեպքում հեռացվում են լցաբերանները և ավելցուկները: Այդ աշխատանքների ընթացքում, հողն այրվելու հետևանքով, առաջանում է մեծ քանակությամբ փոշի (սիլիկոզավտանգ փոշի): Ձուլվածքը մաքրում են «մետաղ, ձուլված իր և մանրամաս մաքրող» մասնագիտության բանվորները: Նրանք, ինչպես հատողները և սղոցողները, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի VIII բաժնով, եթե ձուլվածքը մշակում են ձեռքով, խցիկներում և հակագազերով: Այս դեպքում նշանակություն չունի` օգտագործվում են մետաղե կոտորակնե՞ր, թե՞ քվարցի ավազ:
298. Այլ եղանակներով (կոտորականետ խցիկներում, մաքրման թմբուկներում, կոտորակահոս ապարատներով) ձուլվածք մաքրելու ժամանակ սիլիկոզավտանգ փոշու ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա զգալիորեն նվազում է, ուստի նշված եղանակներով ձուլվածք մաքրողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XI բաժնով:
299. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն ձուլման արտադրության ձուլման արտադրամասերի հավաքարարները: Դա չի նշանակում, որ նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում այն պայմանով, որ նրանք աշխատեն ձուլման արտադրամասերում: «Ձուլման արտադրամասի հավաքարար»` սա այն բանվորների հողը, լցաբերանները, մետաղի ավելցուկներն ու ձուլման արտադրության այլ թափոններ մասնագիտության լրիվ անվանումն է, որոնք արտադրամասերից հավաքում են այրված և դրանք տեղափոխում դրանց համար առանձնացված հատուկ տեղեր:
300. Ձուլման արտադրությունը կարող է կազմակերպվել արտադրամասի, տեղամասի, բաժանմունքի և բաժանարարի տեսքով, այդ պատճառով ձուլման արտադրամասի հավաքարարները, ովքեր աշխատում են այդ ստորաբաժանումներում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XI բաժնով:
301. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է վերապահված ձուլման արտադրության ամբարձիչավարներին, բովախառնողներին և այլոց: Բովախառնուրդի բակը աշխատատեղ է, որտեղ պատրաստվում է բովախառնուրդը (վագոններից չուգունի, մետաղի ջարդոնի բեռնաթափում, բեռնում և այլն): Այդ աշխատատեղը կարող է կոչվել «բովախառնուրդի բակ», «բովախառնուրդի բաժանմունք», «բովախառնուրդի տեղամաս» և այլն: Ընդ որում, այդ տեղերում աշխատող բանվորների աշխատանքի բնույթը և պայմանները նույնն են: Այն բանվորները, որոնք աշխատում են ինչպես բովախառնուրդի բակում, այնպես էլ բովախառնուրդի արտադրամասում, տեղամասում կամ բաժանմունքում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են ըստ թիվ 2 ցուցակի XI բաժնի 1‑ին ենթաբաժնում նշված մասնագիտությունների:
302. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն բովախառնուրդի բակերի բանվորները և բովախառնուրդի կշռավարները: Ձուլման տեղամասերի բովախառնուրդի կշռավարների աշխատանքի բնույթը և պայմանները նույն են, ինչ ձուլման արտադրամասերի բովախառնուրդի բակի բովախառնուրդի կշռավարներինը, ուստի ձուլման տեղամասերի բովախառնուրդի կշռավարներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի XI բաժնի 1-ին ենթաբաժնով: Ձուլման արտադրության արտադրական արհեստանոցների աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են ինչպես թիվ 1, այնպես էլ թիվ 2 ցուցակով: Թիվ 1 ցուցակով այդ իրավունքից օգտվում են այն վարպետները և ավագ վարպետները, որոնք ղեկավարում են ձուլելու, լցնելու, ձուլվածքը ջերմամշակելու և հատելու տեղամասերի, բաժանմունքների և բաժանարարների բանվորներին:
303. Առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումներ անվան տակ հասկացվում են տեղամասերը, բաժանմունքները և բաժանարարները: Եթե ձուլման արտադրությունը չունի տեղամասի, բաժանմունքի և բաժանարարի տեսքով կառուցվածքային ստորաբաժանում, ապա այդ արտադրության վարպետները և ավագ վարպետները թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չունեն: Նրանց այդպիսի կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի XI բաժնի 1-ին ենթաբաժնով:
304. Լցնելու տեղամասերի, բաժանմունքների ու բաժանարարների և´ վարպետները, և´ ավագ վարպետներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով: Եթե ձուլելու արտադրամասերում կան ճնշման եղանակով ձուլելու տեղամասեր, ապա այդ տեղամասերի վարպետները և ավագ վարպետներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով` որպես ձուլելու և լցնելու տեղամասերի վարպետներ:
305. Մետաղյա իրեր մշակող ոսկերչական արդյունաբերության կազմակերպությունների բանվորները, ղեկավարները և մասնագետներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն ըստ թիվ 1 ցուցակի VIII և թիվ 2 ցուցակի XI բաժիններում թվարկված պաշտոնների և մասնագիտությունների:
306. Ձուլման արտադրությունում ալյումին ձուլելու ժամանակ հալանյութ պատրաստող բանվորներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակով` որպես ֆտորային հավելանյութեր կազմողներ:
307. Ձուլման արտադրության տեղամասերի և բաժանմունքների վարպետները թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն միայն այն դեպքում, երբ ձուլվածքը հատվում է զմռնիտով և ձեռքով:
308. Ձուլման արտադրության հատման տեղամասերի վարպետները թիվ 1 ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն, եթե ղեկավարում են թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունցող բանվորներին (հատողներ, կտրողներ, ձևավոր ձուլվածքը զմռնիտով և ձեռքով սղոցողներ): Եթե հատման տեղամասերում ձուլվածքը մշակվում է խարտոցով և զմռնիտի թղթով, ապա այդ տեղամասերի վարպետներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակով: Եթե տեղամասերում ձուլվածքը հատվում է միայն մեխանիկական մամլիչներով և մաքրվում է քերաններով (շաբերներով), ապա այդ տեղամասերի բանվորները և վարպետներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
309. Դարբնոցամամլման արտադրություն (2-րդ ենթաբաժին): Դարբնոցամամլման արտադրությունում մետաղի ձուլակտորներից տաք մշակման եղանակով ստանում են տարբեր իրեր: Այդ արտադրությունն ունի երկու հիմնական գործընթաց. նախ` մետաղի ձուլվածքը տաքացվում է բոցավառ կամ էլեկտրական վառարաններում, ապա` մշակվում կռելու (ինչպես ձեռքով, այնպես էլ մուրճերով), դրոշմելու, մամլելու, սեղմելու եղանակներով:
310. Դարբնոցամամլման արտադրություն անվան տակ հասկացվում են ոչ միայն այն արտադրությունները, որտեղ դարբնոցային և մամլման աշխատանքները միավորված են, այլև այն արտադրությունները, որտեղ աշխատանքները կատարվում են առանձին (կամ միայն դարբնոցային աշխատանքներ, կամ միայն տաք մամլման աշխատանքներ): Դարբնոցային արտադրություններից են նաև դարբնոցադրոշմման, դարբնոցակաթսայագործական արտադրությունները և այլն:
311. Դարբնոցային արտադրամասերում կան նախապատրաստական տեղամասեր, որտեղ աշխատանքների ժամանակ օգտագործվում է սառը մետաղ: Այդ ստորաբաժանումների աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
312. Կռելը մետաղ մշակելու եղանակներից մեկն է: Այն կատարվում է դարբնոցային գործիքով, որը բազմաթիվ ազդեցություններ է գործում տաքացած մետաղի վրա, ինչի հետևանքով մետաղը ձևափոխվում է և ընդունում նախատեսված ձևը և չափը: Այս աշխատանքները հիմնականում կատարում են ձեռքով կռող դարբինները և մուրճերով ու մամլիչներով աշխատող դարբինները, որոնք նշված են թիվ 1 ցուցակի VIII բաժնի 2‑րդ ենթաբաժնում:
313. Դարբին-դրոշմողները և ռոտացիոն մեքենաներով աշխատող դարբին դրոշմողները վարում են տաք դրոշմման գործընթացը, որի ժամանակ մետաղը ճնշման տակ մշակվում է դրոշմների մեջ` գեղակերպ (պլաստիկ) ձևափոխության միջոցով: Դարբին-դրոշմողները որոշ դեպքերում կատարում են սառը մետաղ հարդարելու որոշակի աշխատանքներ, ինչի համար ծախսվում է աննշան աշխատաժամանակ, ուստի այդ հանգամանքը բանվորներին չի կարող զրկել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:
314. Մուրճահարի և օժանդակ բանվորի աշխատանքը կատարում է ձեռքով կռող դարբինը, ուստի այդ աշխատանքները դարբնին չեն զրկում թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:
315. Դարբնոցամամլման արտադրությունում մետաղ տաքացնելու և ջերմային մյուս գործառնությունները կատարվում են ջերմային վառարաններում, ցիանական և աղային գուռերում, ինչպես նաև բարձր հաճախականության հոսանքի սարքերով: Այդ սարքավորումը կարգավորում են «կարգաբերող» մասնագիտության բանվորները, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի VIII բաժնի 2-րդ ենթաբաժնով, եթե աշխատում են ջերմային վառարաններով: Տվյալ արտադրությունում ջերմային գուռեր և բարձր հաճախականության հոսանքի սարքավորումներ կարգավորող բանվորներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
316. Մետաղ տաքացնողները (եռակցողները) նույնպես արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով: Եթե այդ բանվորները մետաղը տաքացնում են բարձր հաճախականության հոսանքի սարքերով, ապա թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Մետաղ տաքացնելու գործընթացում կատարվում է դարբնոցային եռակցում, որը շատ դեպքում շփոթում են էլեկտրագազաեռակցման հետ:
317. Դարբնոցամամլման արտադրության արտադրամասերում, բաժանմունքներում աշխատող էլեկտրագազաեռակցողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 և թիվ 2 ցուցակների «Ընդահանուր մասնագիտություններ» բաժիններով:
318. Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են դարբնոցամամլման արտադրության մրճային (դարբնոցային), մամլման և ջերմային տեղամասերի, բաժանմունքների վարպետները և ավագ վարպետները: Այդ իրավունքից օգտվում են նաև զսպանների (ռեսորների) արտադրության վարպետները և ավագ վարպետները: Դարբնոցամամլման արտադրության մյուս վարպետներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի XI բաժնի 2-րդ ենթաբաժնով:
319. Գրտնակողի աշխատանքի բնույթը նույնն է, ինչ զսպանակ պատրաստողինը, ուստի գրտնակողին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով: Գործիքաշինական գործարաններում տաք մետաղ գրտնակողներին նույնպես արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի XI բաժնով: Աշխատանքների և մասնագիտությունների ցանկում նշված է «դարբնոցամամլման սարքավորում կարգավորող» մասնագիտությունը: Այս մասնագիտությունով աշխատողների պարտականությունների մեջ մտնում են դարբնոցային մուրճեր և մամլիչներ տեղադրելն ու կարգավորելը և դարբնոցամամլման այլ սարքավորումներ կարգավորելը: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն դարբնոցամամլման արտադրության այն կարգավորողները, որոնք կատարում են գործիքները և դրոշմները մամլիչների վրա տեղադրելու աշխատանքներ: Նշված աշխատողներին թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք աշխատում են տաք աշխատատեղերում: Այս դեպքում փաստաթղթերով պետք է հիմնավորվի, որ նրանք մշտապես կատարում են դարբնոցամամլման սարքավորումները կարգավորելու աշխատանքներ:
320. Մետաղամշակման արտադրության գործընթացում տաք դրոշմներ մամլողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով` անկախ նրանից, թե ինչպիսի մամլիչով են աշխատում` ջրաբաշխակա՞ն (հիդրավլիկ), թե՞ մեխանիկական:
321. Դարբնոցամամլման արտադրության վարպետները, որտեղ կա նախապատրաստման տեղամաս, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակով:
322. Ջերմային մշակում (3-րդ ենթաբաժին): Մետաղի կառուցվածքը, ինչպես նաև հատկությունները փոխելու նպատակով այն ջերմամշակում են, որը կատարվում է այսպես` մետաղը տաքացվում է մինչև որոշակի աստիճան, որոշ ժամանակ պահվում այդ ջերմության մեջ և տեխնոլոգիայով նախատեսված արագությամբ սառեցվում: Մետաղի ջերմամշակումը կարող է լինել միջանկյալ` նրա տեխնիկական տվյալները բարելավելու համար (օրինակ` դարբնոցամամլային մշակում), և վերջնական: Գոյություն ունի մետաղի ջերմամշակման մի քանի տեսակ` թրծում, կոփում, ցեմենտացում, ծերացում, քիմիաջերմային մշակում և այլն: Մետաղը ջերմամշակում են տարբեր ձևերով` տաքացման վառարաններում, բարձր հաճախականության հոսանքի սարքերով և զանազան գուռերում:
323. Մետաղը ջերմամշակում են շիկացնողները և ջերմամշակողները, ովքեր, ելնելով մշակելու ձևից և աշխատանքի պայմաններից, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից կարող են օգտվել ինչպես թիվ 1, այնպես էլ թիվ 2 ցուցակով: Թիվ 1 ցուցակով այդ իրավունքը տրվում է վառարանների մոտ մշտապես տաք աշխատանքներ կատարող ջերմամշակողներին (այս դեպքում նշանակություն չունի վառարանի տեսակը), ինչպես նաև ցիանական, կապարային գուռերի և հալված աղերով գուռերի ջերմամշակողներին: Այլ տեսակի գուռերի ջերմամշակողները թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: «Ջերմամշակող» մասնագիտության մյուս բոլոր բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի XI բաժնի 3-րդ ենթաբաժնով:
324. Ջերմամշակողներն աշխատում են գազային բարձր աղտոտվածության և ուժգին ջերմային ճառագայթման միջավայրում: Վակուումային սարքերով աշխատելու դեպքում տեխնոլոգիական գործընթացը բացառում է նշված վտանգավոր երևույթները: Վակուումային սարքերը (վառարանները) ունեն ջրասառեցման իրան: Այդ սարքերի արտաքին ջերմաստիճանը չի գերազանցում սենյակային ջերմաստիճանը: Դրանք բեռնավորվում և բեռնաթափվում են սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Վակուումային սարքերի ջերմամշակողների պարտականությունն այն է, որ նրանք հետևում են սարքերի (վակուումաչափիչի, մոնոմետրի և այլն) ցուցմունքներին, ջրի սնուցման, ինչպես նաև տաքացուցիչների հոսանքի լարվածության կարգավորմանը: Այդ ջերմամշակողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է վերապահված թիվ 2 ցուցակով` որպես բարձր հաճախականության հոսանքի սարքերի ջերմամշակողների:
325. Շիկացնողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում ինչպես թիվ 1, այնպես էլ թիվ 2 ցուցակով` նայած թե ինչպիսի սարքավորումներով են նրանք աշխատում: Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն շիկացնողները, որոնք վառարանների մոտ վարում են մետաղի ջերմային մշակման տեխնոլոգիական գործընթացը և տաք մետաղը բեռնում և բեռնաթափում են ձեռքով: Գուռերի կամ այլ սարքավորումների շիկացնողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում թիվ 2 ցուցակով:
326. Կտրող գործիք պատրաստելու ժամանակ գործիքի աշխատող մակերեսի վրա ձուլակցվում է կարծր ձուլվածք: Այս գործընթացը կատարվում է տաքացման վառարաններում և բարձր հաճախականության հոսանքի սարքերով: Այդ աշխատանքները կատարում են «ձուլակցող» մասնագիտության բանվորները, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով, եթե նրանք մետաղը տաքացնում են քուրաներում և գազային վառարաններում:
327. Շիկացման գուռերը և վառարանները պարբերաբար մաքրվում են: Այդ աշխատանքները կատարող մաքրողները նշված են թիվ 2 ցուցակի XI բաժնի 4-րդ ենթաբաժնում, բայց նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ կարող է նշանակվել թիվ 1 ցուցակով, եթե նրանք կատարում են գուռերը ցիանից և կապարից մաքրելու աշխատանքներ, ինչը պետք է հիմնավորվի փաստաթղթերով:
328. Ջերմամշակման արտադրության տեղամասերի վարպետներին, ավագ վարպետներին, ովքեր աշխատում են ջեռուցիչ վառարանների, շիկացնելու, թրծելու, ցեմենտացնելու, խածատելու տեղամասերում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակով: Բոլոր մյուս արտադրական վարպետները, ովքեր աշխատում են մետաղի ջերմային մշակման արտադրությունում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:
329. Մանրամասերը կոփելու համար որոշ դեպքերում օգտագործվում է բարձր հաճախականության հոսանք: Այդ հոսանքի միջոցով մետաղ ջերմամշակող բանվորներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով: Այդ աշխատողներից են հերթապահ էլեկտրամոնտյորները և նորոգման աշխատանքներ կատարող էլեկտրամոնտյորները, որոնց պարտականությունների մեջ մտնում են բարձր լարման հոսանքի սարքեր սպասարկելը և նորոգելը:
330. Գալվանական եղանակով մետաղապատման արտադրություն (թիվ 2 ցուցակ, XI բաժին, 4-րդ ենթաբաժին): Քայքայումից (կոռոզիայից), մեխանիկական մաշվածությունից պաշտպանելու նպատակով, ինչպես նաև զարդարական (դեկորատիվ) հարդարման համար, մետաղյա իրերի մակերեսը պատում են մետաղական թաղանթով, որը կատարվում է գալվանական եղանակով, մետաղական աղերի ջրային լուծույթների միջոցով: Այդ գործընթացը կատարվում է գալվանական գուռերում, ուր լցվում է էլեկտրալուծույթ և բաց է թողնվում էլեկտրական հոսանք: Որպես էլեկտրալուծույթ է ծառայում աղաթթուների ջրային լուծույթը կամ համալիր աղերի լուծույթը: Գալվանական եղանակով մետաղապատման տեխնոլոգիական գործընթացը վարում են գալվանագործները: Նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում սույն ենթաբաժնով:
331. Գալվանական եղանակով մետաղապատման արտադրությունում հսկողական գործառույթներ կատարող ոչ բոլոր աշխատողներն են օգտվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից: Թիվ 2 ցուցակով այդ իրավունքից օգտվում են մետաղապատման աշխատանքների այն հսկիչները, որոնք հսկողական աշխատանքներ են կատարում անմիջականորեն գալվանական գուռերի մոտ, այն է` հսկում են գալվանագործների կատարած մետաղապատման (ալյումինապատում, քրոմապատում, նիկելապատում և այլն) տեխնոլոգիական գործառնությունները: Գուռ ճշգրտողներին թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում` անկախ նրանից, թե ինչպիսի լուծույթներ, էլեկտրալուծույթներ և բաղադրություններ են նրանք ճշգրտում:
332. Թիվ 2 ցուցակի XI բաժնի 4-րդ ենթաբաժնում նշված են մետաղապատող և ներկող սարքավորումներ կարգաբերողները, ովքեր կարգաբերում են մետաղապատելու (ֆոսֆատապատել, պղնձապատել, ալյումինապատել, նիկելապատել և այլն) ինքնաշխատ և կիսաինքնաշխատ սարքեր, գուռեր և առանձին սարքավորումներ: Սակայն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են միայն նրանք, ովքեր կարգաբերում են ավտոմատացված գալվանական գուռերը:
333. Թիվ 2 ցուցակի XI բաժնի 4-րդ ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն կապարապատողները, որոնք մետաղապատման արտադրությունում մանրամաս և իր են կապարապատում գալվանական եղանակով:
334. Այն բանվորները, որոնք կատարում են մետաղյա մանրամասեր մետաղապատելու աշխատանքներ` դրանց մակերեսը նախապես մաքրելով (մետաղե ավազով), համարվում են մետաղապատողներ և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակի XI բաժնի 11-րդ ենթաբաժնով: Եթե բանվորները, ըստ աշխատանքային գրքույկի գրառումների, համարվում են հակակոռոզիագործներ, բայց փաստացի կատարում են մետաղապատման աշխատանքներ, ապա նրանց ևս արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով: Այս դեպքում մետաղապատող աշխատելու հանգամանքը պետք է հիմնավորվի համապատասխան փաստաթղթերով: Մետաղապատողների` թիվ 2 ցուցակի XI բաժնի 11-րդ ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը քննարկելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նշանակություն չունի, թե նրանք մետաղամշակման արտադրությունում ինչ են մետաղապատում (չուգուն, պողպատ, պլաստիկ զանգված և այլն):
335. Թիվ 2 ցուցակի XI բաժնի 11-րդ ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է սահմանված բոլոր անվանումների փայլեցնողների համար, ովքեր աշխատանքների ընթացքում օգտագործում են վտանգավորության 3-րդ դասից ոչ ցածր վնասակար նյութեր: Այդ իրավունքից օգտվում են նաև էլեկտրափայլեցնողները, ովքեր տարբեր մետաղներից պատրաստված մանրամասերը և գործիքները փայլեցնում են էլեկտրալուծական եղանակով:
336. Ներկապատման աշխատանքներ (թիվ 2 ցուցակ, XI բաժին, 5-րդ ենթաբաժին): Շատ կազմակերպություններում կատարվում են մանրամասերը և իրերը լաքաներկման նյութերով պատելու աշխատանքներ: Ներկելու (ներկապատելու) աշխատանքներ կարող են կատարվել ինչպես մետաղամշակման, այնպես էլ փայտամշակման արտադրությունում, ուստի ներկման արտադրության աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը քննության առնելիս առաջին հերթին անհրաժեշտ է որոշել` նրանց կատարած աշխատանքները մտնու՞մ են մետաղամշակման աշխատանքների մեջ, թե՞ ոչ: Մետաղական արտադրանք թողարկող որոշ կազմակերպություններում գոյություն ունեն տարբեր ստորաբաժանումներ (արտադրամասեր, տեղամասեր և բաժանմունքներ), որոնք մետաղյա իրերի համար արտադրում են փայտե կամ այլ մանրամասեր (ձուլման արտադրության համար` մոդելներ և այլն): Այդ ստորաբաժանումներն ապահովում են մետաղամշակման արտադրության տեխնոլոգիական գործընթացի իրագործումը, ուստի այդօրինակ ստորաբաժանումների այն աշխատողները, որոնց մասնագիտությունները և պաշտոնները նշված են սույն ենթաբաժնում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակով: Ներկարարները և լաքապատողները սույն ենթաբաժնում նշված չեն: Նրանք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակի XXX բաժնով («Ընդհանուր մասնագիտություններ») և XI բաժնի 11-րդ ենթաբաժնով:
337. Խոշոր չափերի արտադրանքը կարող է ներկվել ներկման-չորացման խցիկներում: Այդ խցիկներն սպասարկելու պարտականությունը կատարում են ներկող‑չորացնող ագրեգատների օպերատորները, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
338. Մետաղամշակման կազմակերպությունների ներկման արտադրության հղկողները և փայլեցնողները թիվ 2 ցուցակի այս ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն, եթե հղկում և փայլեցնում են վտանգավորության 3-րդ դասից ոչ ցածր վնասակար նյութեր պարունակող ներկերով պատված մետաղյա իր և մանրամաս: Եթե տվյալ արտադրությունում մետաղյա իրը և մանրամասը հղկվում են մինչև դրանք ներկելը, ապա այդ աշխատանքները կատարող բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի XI բաժնի 11-րդ ենթաբաժնով: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այս արտադրության տեղամասերի այն վարպետները և ավագ վարպետները, որոնք աշխատանքի ընթացքում օգտագործում են վտանգավորության 3-րդ դասից ոչ ցածր վնասակար նյութեր:
339. Տաք եղանակով մետաղապատում (թիվ 2 ցուցակ, XI բաժին, 6-րդ ենթաբաժին): Քայքայվելուց, ծերանալուց, բարձր ջերմությունների ազդեցությունից պաշտպանելու նպատակով մետաղյա իրը արծնապատվում է: Դա կատարվում է երկու եղանակով` տաք և սառը, որոնց ժամանակ կիրառվում են արծնապատելու տարբեր տեխնոլոգիաներ, և մետաղը հարթեցնելու համար (մինչև արծնապատելը) օգտագործվում են տարբեր նյութեր: Տաք եղանակով արծնապատելու ժամանակ արծնը քսվում է նախապես շիկացրած իրին: Այս եղանակն օգտագործվում է չուգունե և այլ հաստապատ իրեր արծնապատելու ժամանակ: Այն աշխատողները, որոնք տաք իրը արծնապատում են հեղուկացիրով (պուլվերիզատորով), արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով: Այդ իրավունքից օգտվում են նաև երկաթյա տաք լար արծնապատողները:
340. Սառը եղանակով արծնապատելու ժամանակ արծնը քսվում է սառը իրին, որից հետո այն թրծվում է փոխակրիչային (կոնվեյերային), գազային, խցիկային և այլ վառարաններում: Սառը իր արծնապատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Արծն թրծողներն այդ իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով: Այդ իրավունքից օգտվում են նաև արծնանյութ աղացողները և արծնաիրեր մշակողները, ովքեր իրը փայլեցնում և հղկում են չոր եղանակով:
341. Ծածկապատումից առաջ մետաղյա իրը ենթարկվում է քիմիական մշակման, որը կոչվում է ֆոսֆատապատում: Ֆոսֆատապատելու ժամանակ պողպատե, ալյումինե, ցինկե ձուլվածքների կամ դրանցից պատրաստված իրերի վրա առաջանում է ֆոսֆատի բարակ շերտ, որը (հետագայում արծնապատելու պարագայում) քայքայումից պաշտպանելու լավ միջոց է:
342. Տաք եղանակով մետաղապատման արտադրությունում աշխատող ֆոսֆատապատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:
343. Արծնապատելու աշխատանքների հսկիչները, ովքեր աշխատում են տաք տեղամասերում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով` անկախ արծնապատելու եղանակից:
344. Լաքահարթեցնողները (լաքաբացողները), արծնանյութ աղացողները, արծն հալողները և մյուս աշխատողները, ովքեր նշված են թիվ 2 ցուցակի XI բաժնի 6-րդ ենթաբաժնում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են անկախ այն բանից, թե որ արտադրամասում, տեղամասում և բաժանմունքում են աշխատում, և մետաղյա իրն ինչ եղանակով է արծնապատվում:
345. Տեղամասերի վարպետները և ավագ վարպետներն օգտվում են թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից` անկախ արծնապատելու եղանակից և անկախ նրանից, թե որ տեղամասում են նրանք աշխատում:
346. Հղկանյութային և գրաֆիտային-հալքանոթային արտադրություն (թիվ 1 ցուցակ, VIII բաժին, 4-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, XI բաժին, 7-րդ ենթաբաժին): Հղկանյութերը կարծր հանքաքարեր են, որոնք օգտագործվում են մետաղի մեխանիկական մշակման համար: Դրանցից պատրաստում են կտրող գործիքներ, արտադրվում են մեծ դիմացկունություն ունեցող իրեր:
347. Հղկանյութից գործիք պատրաստելու ժամանակ մանրացված հղկանյութերը միացվում են կապող նյութերով: Հղկանյութային գործիքներ են համարվում հղկող շրջանակը, հղկաքարի ժապավենը, սկավառակը, ինչպես նաև հղկման փոշին ու մածուկը: Հղկանյութից գործիք պատրաստելու արտադրությունում օգտագործվում են ինչպես բնական (ալմաստ, կորունդ, գրանիտ, քվարց և այլն), այնպես էլ արհեստական հղկանյութեր (էլեկտրակորունդ, կարբորունդ, սինթետիկ ալմաստ և այլն): Հղկանյութից գործիք պատրաստելու ժամանակ որպես կապող նյութեր են օգտագործվում բակելիտային և հրաբխային զանգվածները և զանազան այլ նյութեր: Բակելիտային կապող նյութը պատրաստում են ֆենոլֆորմալդեգիդային ձյութերի հիման վրա, իսկ հրաբխային կապող նյութը` կաուչուկի և այլ քիմիական նյութերի հիման վրա:
348. Հղկանյութային արտադրությունը ներառում է տեխնոլոգիական երկու գործընթաց` հղկման նյութերի (հղկման փոշիների) արտադրություն և այդ նյութերից գործիքներ պատրաստելու արտադրություն: Այս առումով լինում են հղկանյութային արտադրության լրիվ պարբերաշրջանով աշխատող կազմակերպություններ (հղկանյութի փոշու և դրանից ստացվող իրերի պատրաստում), ինչպես նաև այնպիսի կազմակերպություններ, որոնցից մեկն արտադրում է հղկանյութի փոշի, իսկ մյուսն այդ փոշուց արտադրում է հղկանյութե գործիքներ: Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում այդ արտադրությունների աշխատողների աշխատանքի բնույթը և պայմանները նույն են, հետևաբար այլ կազմակերպությունից ստացված հղկանյութային փոշուց հղկանյութե գործիքներ պատրաստող կազմակերպության բանվորները նույնպես արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:
349. Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն աշխատողները, որոնք կատարում կամ ապահովում են հղկանյութ հալելու աշխատանքները: Նրանց շարքն են դասվում հղկանյութ հալելու տեղամասերում հղկանյութ հալողները, վառարանի էլեկտրոդագործները, ամբարձիչի մեքենավարները (ամբարձիչավարները): Այն հսկիչները, որոնք աշխատում են հղկանյութ հալելու տեղամասերում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:
350. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են հղկման ժապավենի արտադրության բոլոր բանվորները` անկախ մասնագիտության անվանումից, եթե ժապավենը պատրաստվում է սինթետիկ ձյութի հիման վրա: Հղկանյութե իր (նյութ) չորացնողների պարագայում (ովքեր հղկման ժապավենի արտադրամասերում սպասարկում են չորացման խցիկները) նշանակություն չունի, թե ինչպիսի նյութերի հիման վրա է պատրաստվում հղկման ժապավենը:
351. Թիվ 2 ցուցակի XI բաժնի 7-րդ ենթաբաժնում նշված են հղկանյութե իր մշակող խառատները: Եթե հղկանյութե իրերը բերվում են այլ կազմակերպություններից, և խառատներն այդ իրերը լրացուցիչ մշակման են ենթարկում, ապա այդ հանգամանքը նրանց չի զրկում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:
352. Գնդիկների, հոլովակների և մեխերի արտադրություն (թիվ 2 ցուցակ, XI բաժին, 9 րդ ենթաբաժին): Այս արտադրության հղկողները թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են, եթե հղկում են գնդիկներ: Այս դեպքում նշանակություն չունեն հղկելու եղանակը և այն սարքավորման տեսակը, որով կատարվում է հղկելու գործառնությունը: Մյուս հղկողները, ովքեր հղկանյութե շրջանակներով հղկելու աշխատանքներ են կատարում չոր եղանակով, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XI բաժնի 11-րդ ենթաբաժնով: Այս արտադրությունում փայլեցնողներ նախատեսված չեն, բայց դա չի նշանակում, որ նրանք արտոնյալ պայմաններով կենսաթոշակայի իրավունքից չեն օգտվում: Ըստ տեխնոլոգիական գործընթացի` փայլեցնելու գործառնություն նախատեսված է գնդիկների, հոլովակների և մեխերի արտադրությունում: Այս մասնագիտության բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի XI բաժնի 11-րդ ենթաբաժնով, եթե օգտագործվում են վտանգավորության 3-րդ դասից ոչ ցածր վնասակար նյութեր:
353. Հղկող և փայլեցնող հաստոցներ կարգաբերողները, ովքեր աշխատում են գնդիկների, հոլովակների և մեխերի արտադրությունում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են անկախ այն բանից, թե ինչ եղանակով և ինչպիսի իրեր են արտադրվում այդ հաստոցներով:
354. Մետաղամշակման այլ մասնագիտություններ (թիվ 1 ցուցակ, VIII բաժին, 5-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, XI բաժին, 11-րդ ենթաբաժին): Թիվ 1 և թիվ 2 ցուցակների սույն ենթաբաժինները տարածվում են այն աշխատողների վրա, ովքեր մետաղ մշակելու աշխատանքներ են կատարում ցանկացած կազմակերպությունում: Թիվ 1 և թիվ 2 ցուցակների համապատասխան բաժիններով որոշ աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք աշխատում են որոշակի արտադրություններում (կատարում են որոշակի աշխատանքներ): Օրինակ` թիվ 2 ցուցակի XI բաժնի 11-րդ ենթաբաժնում նշված են վերականգնման վառարանների ապարատավարները, ում արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե աշխատում են մետաղափոշիների արտադրությունում:
355. Թիվ 1 ցուցակի VIII բաժնի 5-րդ ենթաբաժնում նշված են տաք եղանակով ցինկապատողները: Նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու ժամանակ ոչ մի լրացուցիչ փաստաթուղթ չի պահանջվում: Օրինակ` «տաք եղանակով 1-ին կարգի ցինկապատող» մասնագիտության աշխատանքների մեջ նախատեսված են օժանդակ աշխատանքներ` լվանալ, մաքրել, չորացնել և այլն: Թեև այդ մասնագիտությամբ աշխատողներն անմիջականորեն ցինկապատելու տեխնոլոգիական գործընթաց չեն վարում, նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի VIII բաժնի 5-րդ ենթաբաժնով:
356. Թիվ 1 ցուցակի VIII բաժնի 5-րդ ենթաբաժնում նշված են պղնձագործները, ովքեր մշտապես կատարում են կապար պարունակող զոդանյութերով անագապատելու և զոդելու աշխատանքներ: Մյուս բոլոր պղնձագործներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:
357. Թիվ 1 ցուցակի VIII բաժնի 5-րդ ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են կապարաանագային համահալվածքներ լցնողները, ովքեր կատարում են ոչ միայն կապարաանագային համահալվածքներ լցնելու, այլև պողպատյա ժապավենները կապարային բաբիտով լցնելու աշխատանքներ, քանի որ այս աշխատանքները մտնում են այդ մասնագիտության աշխատանքների մեջ: Այլ կարգով է լուծվում բրոնզ լցնողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը: Բրոնզը պղնձի հիման վրա ստացված համահալվածք է, որին ավելացված են անագ, ալյումին, բերիլիում և այլ տարրեր: Քանի որ բրոնզը կապարաանագային համահալվածք չէ, ապա բրոնզ լցնողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից այս ենթաբաժնով չեն օգտվում: Մետաղ և համահալվածքներ ձուլողները, ովքեր ձուլման արտադրությունում ձուլում են գունավոր մետաղներ և դրանց համահալվածքները (այդ թվում` բրոնզի), արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակի VIII բաժնի 1-ին ենթաբաժնով («Ձուլման արտադրություն»):
358. «Էլեկտրագազաեռակցող» մասնագիտության աշխատանքների մեջ նախատեսված են տարբեր պողպատներից, չուգունից, գունավոր մետաղներից պատրաստված իրերը օդային էլեկտրաաղեղային եղանակով ձեռքով կտրելու աշխատանքներ: Որոշ դեպքերում այդ աշխատանքները կատարում են «հատող» մասնագիտության բանվորները, և նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակով, եթե նրանք այդ աշխատանքները կատարում են ապարատների ներսում և դրսում` մետաղը տաքացնելով: Ձեռքով եռակցող էլեկտրաեռակցողներին և էլեկտրագազաեռակցողներին, ովքեր աշխատանքները կատարում են մետաղը տաքացնելով (ջերմային եղանակով), արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի VIII բաժնի 5-րդ ենթաբաժնով:
359. Թիվ 2 ցուցակի XI բաժնի 11-րդ ենթաբաժնում նշված են բոլոր անվանումների լաքապատողները, ում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում, եթե աշխատում են վտանգավորության 3-րդ դասից ոչ ցածր վնասակար նյութերով: Այդ բանվորներից են ժամացույցի մանրամաս, մետաղյա թիթեղ և խողովակ լաքապատողները: Նույն կերպ է քննության առնվում փայլեցնողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը, ովքեր մետաղյա իրերը փայլեցնում են վտանգավորության 3-րդ դասից ոչ ցածր վնասակար նյութերով:
360. Թիվ 2 ցուցակի XI բաժնի 11-րդ ենթաբաժնում նշված են խարտոց, խոշորախարտ խարտոց և սղոց սրողները, ովքեր աշխատում են խարտոցի արտադրությունում: Անհրաժեշտ է հիշել, որ դա տվյալ մասնագիտության լրիվ անվանումն է: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են ոչ բոլոր սրողները, այլ միայն նրանք, ովքեր աշխատում են խարտոցի արտադրությունում:
361. Հաստոցաշինական և մեքենաշինական կազմակերպություններում ձուլման գործարանից (արտադրամասից) ստացված ձուլվածքը մշակվում է: Մի դեպքում այդ ձուլվածքը բերելուց առաջ նախապես մշակվում է այն կազմակերպությունում, որտեղ արտադրվում է, մյուս դեպքում այն բերվում է առանց նախապես մշակելու (այսինքն` առանց հատելու կամ մաքրելու): Այս հանգամանքը էական նշանակություն ունի հատողների` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը քննության առնելիս: Եթե մեքենաշինական կազմակերպությունների մեխանիկական և մեխանիկական-հավաքման արտադրամասերում հետագա մշակումից (ներկելուց և հավաքելուց) առաջ ձուլվածքը մշակվում է, որը ձուլման արտադրությունում նախապես մշակվել է` սկսած կաղապարային հողից, ապա կտրող (հատող) բանվորները, ովքեր այդ աշխատանքները կատարում են հղկանյութե շրջանակներով և օդամղիչ գործիքներով, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XI բաժնի 11-րդ ենթաբաժնով: Եթե կազմակերպությունում մշակվում է այնպիսի ձուլվածք, որը ձուլման արտադրությունում նախապես չի մշակվել, ապա այդ աշխատանքները պետք է դիտել որպես ձուլման արտադրության գործընթացի շարունակություն, և այն բանվորները (հատողները), որոնք ձուլվածքը մշակում են զմռնիտով և ձեռքով (մուրճերով, հատիչներով, օդամղիչ գործիքներով), արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի VIII բաժնի 1-ին ենթաբաժնով:
362. Եթե մետաղ, ձուլվածք, մետաղյա իր և մանրամաս մաքրող բանվորը մետաղը կամ մետաղյա իրը և մանրամասը մաքրում է մետաղյա կոտորուքով (մետաղական ավազով), ապա նա արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում է թիվ 2 ցուցակի XI բաժնի 11-րդ ենթաբաժնով: Իսկ եթե նա մետաղը մաքրում է չոր քվարցային ավազով, ապա այդ իրավունքից օգտվում է թիվ 1 ցուցակի XX բաժնով («Ընդհանուր մասնագիտություններ»):
363. Թիվ 2 ցուցակի XI բաժնի 11-րդ ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունի այն բանվորը, որը կատարում է մետաղյա իրը և գործիքը հղկաշրջանակի միջոցով չոր եղանակով կոպտատաշելու, տաշելու, հղկելու և կտրելու աշխատանքներ:
364. Կարծր համահալվածքներից պատրաստված իրը և մանրամասը մետաղամշակման արդյունաբերությունում մշակելու ժամանակ օգտագործվում են ալմաստե շրջանակներ: Իրենց ամրության և կարծրության շնորհիվ դրանք օգտագործվում են իրը և մանրամասը վերջնամշակելու համար (հարդարման աշխատանքներ): Գործիքն ալմաստե շրջանակներով հարդարելը մշակման աշխատանքների շատ փոքր մասն է, և ալմաստե շրջանակով կատարվող աշխատանքի պայմանները նույն են, ինչ կորունդից, քվարցից, էլեկտրակորունդից պատրաստված հղկանյութե շրջանակներով չոր եղանակով կատարվող աշխատանքի պայմանները: Ուստի այն բանվորը, ով կատարում է գործիքը հղկանյութե շրջանակով (հղկաշրջանակով) չոր եղանակով սրելու և հետագայում դրանք ալմաստե շրջանակով հարդարելու աշխատանքներ, օգտվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից (թիվ 2 ցուցակ, XI բաժին, 11-րդ ենթաբաժին):
365. Տաք եղանակով կլայեկողներ կան արդյունաբերական տարբեր ճյուղերի զանազան կազմակերպություններում: Ելնելով աշխատանքի բնույթից` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներում ընդգրկված են միայն մետաղամշակման արտադրությունում աշխատող կլայեկողները, որոնք տաք գուռերում կլայեկում են մետաղյա թիթեղ, խողովակ, կեռ, հեղույս և այլ մանրամասեր: Մետաղամշակման արտադրությունում տաք եղանակով կլայեկողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով: Կաթի գործարաններում կաթի սպասքը կլայեկվում է միայն ձեռքով, տաք եղանակով, ուստի այդ կլայեկողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս հարկ չկա լրացուցիչ տեղեկանք պահանջել այն մասին, որ նրանք աշխատանքները կատարում են տաք եղանակով:
366. Այն զոդողը, որը մետաղամշակման արտադրամասում կատարում է մանրամասի և զանազան միացումների կցակարերը կապար պարունակող հալանյութով զոդելու աշխատանք, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունի թիվ 1 ցուցակի VIII բաժնի 4-րդ ենթաբաժնով` որպես կլայեկող և զոդող պղնձագործ:
13. ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄ
(ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ IX ԵՎ ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XII)
367. Էլեկտրատեխնիկական արդյունաբերության կազմակերպություններում թողարկվում են իրեր, որոնք օգտագործվում են էլեկտրական էներգիա արտադրելու, հաղորդելու, վերափոխելու և սպառելու համար: Այս ճյուղի հիմնական արտադրությունները հոսանքի քիմիական և ֆիզիկական աղբյուրների, մալուխե իրերի, էլեկտրամեկուսիչ նյութերի, էլեկտրաածխային և էլեկտրախոզանակային իրերի արտադրություններն են, ինչպես նաև էլեկտրամեքենաշինությունը և էլեկտրասարքավորումների նորոգումը:
368. Հոսանքի քիմիական աղբյուրները քիմիական էներգիան թթվեցնելու (օքսիդացնելու)-վերականգնելու գործընթացի միջոցով անմիջականորեն էլեկտրական մշտական հոսանքի վերածող սարքավորումներ են:
369. Հոսանքի ֆիզիկական աղբյուրները մեխանիկական, ջերմային, էլեկտրամագնիսական և ճառագայթային էներգիան էլեկտրական էներգիայի վերածող սարքավորումներ են: Այդ աղբյուրներից են տուրբոգեներատորը, ջրագեներատորը և այլ գեներատորներ, ֆոտոմարտկոցը, ատոմային և իզոտոպային մարտկոցները:
370. Էլեկտրատեխնիկական արդյունաբերության աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը քննության առնելիս անհրաժեշտ է ճշտել, թե որ արտադրությունում են նրանք աշխատում: Դա կարելի է անել տեխնոլոգիական հրահանգների, պլանային հանձնարարականների և այլ փաստաթղթերի միջոցով:
371. Առավել տարածված են տուրբոգեներատորները, ջրագեներատորները և ջերմագեներատորները: Դրանք մեծ ծավալով պատրաստելու ժամանակ կատարվում են մանրամասերը և հանգույցները տարբեր լաքերով, կոմպաունդով և արծնով տոգորելու աշխատանքներ: Էլեկտրատեխնիկական իր տոգորողները, ովքեր տոգորելու ժամանակ օգտագործում են վտանգավորության 1-2-րդ դասերի վնասակար նյութեր կամ քաղցկեղածին նյութեր, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի IX բաժնով, իսկ նրանք, ովքեր օգտագործում են վտանգավորության 3-րդ դասից ոչ ցածր վնասակար նյութեր, այդ իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XII բաժնով: Էլեկտրամեքենաների մանրամասերը մեկուսացնելու համար օգտագործում են միկաֆոլ, ասբեստ, ապակե թել և այլ մեկուսիչ նյութեր: Թիվ 2 ցուցակի XII բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն մեկուսացնողները, որոնք մեկուսացնելու աշխատանքներ են կատարում թաց միկաժապավենով, ապակեմիկաժապավենով, ապակեթելով, սինթետիկ ժապավենով և էպօքսիդային խեժով: Մալուխի ջիլ և հաղորդալար մեկուսացնողին թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նա իր աշխատանքի ընթացքում օգտագործում է ապակե թել և լաք:
372. Էլեկտրատեխնիկական արտադրության փականագործական-հավաքման աշխատանքների մեջ մտնում են այնպիսի աշխատանքներ, որոնց ընթացքում զոդվում են մանրամասերի շփման եզրերը, էլեկտրական մեքենաների սխեմաները, ինչպես նաև կոնդենսատորները և մի շարք այլ մանրամասեր: Այս աշխատանքները կատարում են «զոդող» և «տաք եղանակով կլայեկող» մասնագիտության բանվորները, որոնց (այդ թվում` էլեկտրատեխնիկական արտադրության աշխատողներին), արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի XX բաժնով («Ընդհանուր մասնագիտություններ»):
373. Հոսանքի քիմիական աղբյուրները լինում են միանգամյա օգտագործման (գալվանական էլեմենտներ և դրանցից պատրաստված մարտկոցներ), որոնք օգտագործվում են մեկ անգամ, և բազմակի օգտագործման (կուտակիչներ (ակումուլյատորներ), և կուտակչային (ակումուլյատորային) մարտկոցներ), որոնք լիցքավորման միջոցով օգտագործվում են մի քանի անգամ:
374. Կուտակիչները լինում են թթվային (կապարային) և ալկալիական: Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն կապարային կուտակիչի արտադրության այն բանվորները, որոնք աշխատում են այդ կուտակիչը կաղապարելու և հավաքելու գործընթացում, ինչպես նաև կուտակչային թիթեղ չորացնողները, աղացի մեքենավարները, չոր զանգված խառնողները, կապարային կուտակիչի թիթեղ պատողները: Կապարային կուտակիչի արտադրության այն բանվորներին, որոնք կատարում են տեղափոխելու և հավաքելու աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով: Այդ իրավունքն ունեն նաև այն բանվորները, որոնք կատարում են տեղափոխելու, հավաքելու և այն աշխատատեղերը մաքրելու աշխատանքներ, որտեղ կան մանգան և կադմիում:
375. Թիվ 1 ցուցակում նշված են նաև այն բանվորները, որոնք կաղապարում և հավաքում են կապարային կուտակիչներ և հոսանքի այլ քիմիական աղբյուրներ` օգտագործելով վտանգավորության 1-2-րդ դասերի վնասակար նյութեր կամ քաղցկեղածին նյութեր: Քանի որ ալկալիական կուտակիչը դասվում է հոսանքի քիմիական աղբյուրների շարքը, ապա այն բանվորները, որոնք նշված աշխատանքները կատարում են ալկալիական կուտակիչի արտադրությունում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի IX բաժնով: Ալկալիական կուտակիչի արտադրության մյուս բանվորներն այդ իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XII բաժնով:
376. Կապարային կուտակիչի տեխնոլոգիական գործընթացին համապատասխան` ձևավորված թիթեղը տեղափոխվում է կիսաինքնաշխատի կամ հատուկ մամլիչի վրա, որտեղ հատվում է (մասերի է բաժանվում): Կուտակիչի կապարե թերթերը հատելը (մասերի բաժանելը) կապարե թերթերի ձևավորման տեխնոլոգիական պարբերաշրջանի վերջին տեխնոլոգիական գործառնությունն է, և այդ գործառնությունը կատարող բանվորներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով` որպես կապարե կուտակիչներ կաղապարող և հավաքող բանվորներ:
377. Տարածության վրա էլեկտրական էներգիա կամ ազդանշան հաղորդելու համար օգտագործվում են էլեկտրական մալուխներ: Դրանք իրենցից ներկայացնում են մեկ կամ մի քանի հաղորդիչներ (ջիլեր), որ պարփակված են հերմետիկ պատյաններում (թաղանթներում), որոնց վրա կա պաշտպանիչ շերտ: Էլեկտրական հոսանքի հաղորդման ջիլերը պատրաստվում են ալյումինից և պղնձից:
378. Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն մալուխ կապարապատելու արտադրությունում «մալուխը կապարով կամ ալյումինով կաղապարող» (սա մասնագիտության լրիվ անվանումն է) մասնագիտությամբ աշխատողները, ովքեր աշխատանքները կատարում են կապարով, ինչը պետք է հիմնավորվի փաստաթղթերով: Այդ իրավունքից օգտվում են մալուխը և էլեկտրական լարը ռետինով և պլաստիկատով կաղապարողները, եթե աշխատում են տաք ֆթորապլաստով: Իսկ եթե նրանք կատարում են այնպիսի աշխատանքներ, որոնց ընթացքում ֆթորապլաստ չի օգտագործվում, ապա արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:
379. Կաղապարողներից պետք է տարբերել մեկուսիչ նյութ մամլողներին, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակով: Դրանք տարբեր մասնագիտություններ են: Մամլողը կատարում են դրոշմման եղանակով մամլիչով իր պատրաստելու, իսկ կաղապարողը` անընդհատ ռետինապատման ագրեգատով մալուխ կաղապարելու աշխատանք:
380. Մալուխը և էլեկտրալարը կապարապատելուց հետո վերափաթեթավորվում են ապրանքամանի (տարայի) վրա, որի ընթացքում մաքրվում և վերացվում են հայտնաբերված թերությունները: Մալուխ և էլեկտրական լար վերափաթեթավորող բանվորներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Մալուխի գործարաններում զանազան ոլորող մեքենաներով պատրաստվում են ապակե մեկուսիչներ: Այդ աշխատանքները կատարող բանվորները թիվ 1 և թիվ 2 ցուցակների «Էլեկտրատեխնիկական արտադրություն» բաժիններում նշված չեն: Նրանք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակի XII բաժնի 2-րդ ենթաբաժնով` որպես ապակե թելից իրեր պատրաստող բանվորներ: Մալուխի արտադրության մյուս բանվորներից թիվ 2 ցուցակի XII բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն մեկուսացնողները, ովքեր մալուխի ջիլերը և էլեկտրական լարը մեկուսացնում են ապակե թելով և լաքով:
381. Մալուխի արտադրությունում էլեկտրական լարը մեկուսացնելու համար լայնորեն օգտագործվում է ռետինը: Այն բանվորները, որոնք էլեկտրատեխնիկական արդյունաբերության կազմակերպություններում (այդ թվում` մալուխի արտադրությունում) արտադրում են ռետին, ռետինե դմանրամաս, մեկուսիչ և դրանք ռետինապատում են, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XII բաժնով, օրինակ` ռետինե խառնուրդ գրտնակողները, ռետին խառնող սարքի մեքենավարները, ովքեր պատրաստում են ռետինե խառնուրդ, և այլն: Ընդ որում` այդ կազմակերպությունների այն աշխատողները, որոնք ներգրավված են ռետինի և ռետինատեխնիկական իրի արտադրության տեխնոլոգիական գործընթացին, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 և թիվ 2 ցուցակների «Բ» ենթաբաժիններով («Քիմիական արտադրություն»), եթե աշխատում են այնպիսի արտադրամասում, տեղամասում, բաժանմունքում, ուր աշխատանքի գոտու օդում առկա են վտանգավորության 1-3-րդ դասերի վնասակար նյութեր:
382. Էլեկտրատեխնիկական արտադրությունում էլեկտրական լարն արծնապատվում է դա մեկուսացնելու նպատակով: Էլեկտրական լարը տաք եղանակով արծնապատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XII բաժնով:
383. Էլեկտրական լար և մալուխ արտադրելու համար օգտագործվում են մետաղալարեր, որոնք պատրաստվում են գլոցելու և կորզելու եղանակներով: Գունավոր մետաղը (մետաղալարը) գլոցվում է գլոցման կամ գլոցման-կորզման արտադրամասում և տեղամասում` տաք գլոցման հաստոններով: Այդ արտադրությունների աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի V բաժնի 18-րդ ենթաբաժնով և թիվ 2 ցուցակի VI բաժնի 19-րդ ենթաբաժնով:
384. Այն աշխատողները, որոնք էլեկտրական լարի արտադրությունում կատարում են էլեկտրական լար կորզելու, թրծելու և այլ աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակի IV բաժնի 1-ին ենթաբաժնով («Մետաղաիրերի արտադրություն»):
385. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում էլեկտրաածխային և էլեկտրաալկալիական արտադրությունների բոլոր բանվորներին` անկախ մասնագիտության անվանումից, ովքեր պատրաստում են էլեկտրաածխային և էլեկտրաալկալիական իրեր: Այդ իրավունքից օգտվում են նաև սորուն նյութեր մաղողները:
386. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն նաև այն բանվորները, որոնք սպասարկում և նորոգում են սարքավորումները, ինչպես նաև էլեկտրաածխային և էլեկտրաալկալիական արտադրությունում կատարում են ընդունելու, վերահսկելու, խոտանելու և կարգավորելու աշխատանքներ: Այս արտադրությունների աշխատողներից թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն աղացի մեքենավարները:
387. Էլեկտրատեխնիկական արտադրության ղեկավարներից և մասնագետներից թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են վարպետները և ավագ վարպետները, ովքեր աշխատում են մալուխ կաղապարելու և կապարե կուտակիչի արտադրություններում: Այդ արտադրությունների բաժանմունքի, հերթափոխի և տեղամասի պետերը, տեխնոլոգները, ավագ տեխնոլոգներն այդ իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:
14. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԻՐԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈՍԱՐՔԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ X ԵՎ ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XIII)
388. Էլեկտրոնային տեխնիկայի իրերի և ռադիոսարքերի արտադրությունը ներառում է այնպիսի գործընթացներ, որոնց ժամանակ արտադրվում և օգտագործվում են տրանզիստոր, էլեկտրոնային լամպ, կիսահաղորդիչ, էլեկտրատեխնիկական բաղադրամաս ու սարք և այլն: Էլեկտրոնային տեխնիկայի և ռադիոսարքերի արտադրության մասնագիտություններին նման շատ մասնագիտություններ կան նաև այլ արտադրություններում (մետաղամշակման, մետաղագործական, էլեկտրատեխնիկական), որոնց աշխատողներին կարող են տրվել կենսաթոշակային տարբեր արտոնություններ: Օրինակ` մանրամասը և սարքը տաք եղանակով կլայեկող բանվորների մասնագիտությունն անվանվում է «տաք եղանակով կլայեկողե, ճշգրիտ խածատման խածատողի մասնագիտությունը` «խածատողե, ռադիոմանրամաս զոդողինը` «զոդող» և այլն:
389. Կիսահաղորդիչի արտադրությունում կան բանվորներ, ովքեր կատարում են պլատինե մանրամաս, գերմանիումի կամ սիլիցիումի թիթեղ սպիտակեցնելու և խածատելու աշխատանքներ: Այդ բանվորների մասնագիտությունը պետք է կոչվի «ճշգրիտ խածատման խածատողե, որը նշված է թիվ 2 ցուցակի XIII բաժնի «ա» ենթաբաժնում: Այդ ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են պիեզաքվարց և բյուրեղ խածատողները:
390. Ռադիոսարքերի և էլեկտրոնային տեխնիկայի իրերի արտադրությունում կա «սարք և մանրամաս ներկող» մասնագիտություն: Այս մասնագիտության բանվորները ներկում և լաքապատում են կիսահաղորդիչ, մետաղյա մանրամաս, սրվակ և լամպ: Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն ներկողները, որոնք աշխատանքի ընթացքում օգտագործում են վտանգավորության 3-րդ դասից ոչ ցածր վնասակար նյութեր պարունակող ներկեր, լաքեր և այլ ներկանյութեր: Այդ իրավունքից օգտվում են նաև այն լաքապատողները, որոնք աշխատանքի ընթացքում օգտագործում են վտանգավորության 3-րդ դասից ոչ ցածր վնասակար նյութեր պարունակող լաքեր: Այս դեպքում նշանակություն չունի, թե նշված բանվորներն ինչ մանրամաս են ներկում և լաքապատում:
391. Ռադիոտեխնիկական արտադրությունում «պիեզաքվարցի ավազաշիթագործ» մասնագիտությամբ և «ավազաշիթային մաքրման կայանքների օպերատոր» մասնագիտությամբ աշխատողները կատարում են նույն աշխատանքը` մաքրում են մանրամասի մակերեսը, ինչը կատարվում է ավազաշիթային և միկրոավազաշիթային սարքերում: Նշված մասնագիտությունների բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի XXX բաժնով («Ընդհանուր մասնագիտություններե):
392. Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են էլեկտրոնային տեխնիկայի և սարքերի արտադրության այն աշխատողները, որոնք աշխատանքի ընթացքում օգտագործում են սնդիկ և կապարի թթուներ:
393. Ռադիոէլեկտրոնային տեխնիկա արտադրող շատ կազմակերպություններում կատարվում են անհաղորդիչ (դիէլեկտրիկ), կիսահաղորդիչ, թիթեղ և այլ մանրամասեր խածատելու, քիմիական մաքրման ենթարկելու աշխատանքներ: Այդ աշխատանքները կատարում են ճշգրիտ խածատման խածատողները, ովքեր նշված են թիվ 2 ցուցակի XIII բաժնում: Թիվ 2 ցուցակի այս բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են նաև բյուրեղ և պիեզաքվարց խածատողները:
394. Այն բանվորները, որոնք պատրաստում են ցիրկոնային, օքսիդային և ալունդային ծածկույթ, մածուկ և շաղախ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն ըստ թիվ 2 ցուցակի XIII բաժնում թվարկված մասնագիտությունների: Այս դեպքում նշանակություն չունի, թե կազմակերպության որ ստորաբաժանումում (տեխնոլոգիական արտադրամասում, տեղամասում կամ բաժանմունքում) են կատարվում այդ աշխատանքները:
395. Էլեկտրոնային տեխնիկայի և ռադիոսարքերի արտադրությունում օգտագործվում են դժվարահալ մետաղներ, որոնք կարող են արտադրվել այդ ճյուղի կազմակերպություններում: Դժվարահալ մետաղների արտադրությունը թիվ 1 ցուցակի X և թիվ 2 ցուցակի XIII բաժիններում նշված չէ: Այդ արտադրության աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում ըստ մասնագիտությունների և պաշտոնների այն ցանկերի, որոնք նշված են թիվ 1 և թիվ 2 ցուցակների V և VI բաժիններում («Մետաղագործական արտադրություն (գունավոր մետաղներ)»):
396. Ապակուց, հախճապակուց և ճենապակուց ռադիոէլեկտրոնային իրեր պատրաստող բանվորներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XV բաժնով («Ապակու արտադրություն, կերամիկական, ճենապակե, հախճապակե իրերի արտադրություն»): Այդ բաժնում նշված են ռադիոկերամիկա, պիեզոկերամիկա և ֆերիտ թրծողները, ռադիոէլեկտրոնային տեխնիկայի իր հղկողները, ովքեր կատարում են չոր եղանակով հղկելու աշխատանքներ:
397. Ապակի փչողներին, քվարց փչողներին, ապակի եփողներին, բովախառնուրդ կազմողներին և ապակուց իր պատրաստող այլ աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում ըստ մասնագիտությունների և պաշտոնների այն ցանկերի, որոնք նշված են թիվ 1 ցուցակում (բաժին XII) և թիվ 2 ցուցակում (բաժին XV)` որպես ապակու արտադրության աշխատողների:
398. Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի որոշ կազմակերպություններում ապակի եփելու վառարաններում պատրաստվում են ապակե իրեր (օրինակ` էլեկտրավակուումային սարքերի արտադրությունում): Այդ կազմակերպություններում, վառարանները նորոգելու համար, կարող է կազմակերպվել հրակավի (շամոտի) և հրակավե իրերի արտադրություն: Այդ արտադրության աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի III բաժնով («Հրակայուն նյութերի արտադրություն»): Բացի հրակավե նյութերից, օգտագործվում են հրակայուն այլ նյութեր` մուլիտային, մուլիտակորունդային և այլն: Այդպիսի նյութեր արտադրող աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են մասնագիտությունների և պաշտոնների այն ցանկին համապատասխան, որը նշված է թիվ 2 ցուցակի III բաժնում:
399. Սարք և մանրամաս փորձարկողներին թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք մեքենա փորձարկելու վահանակով (ստենդով) փորձարկման աշխատանքներ են կատարում 25 կիլովատ և ավելի բարձր լարման հոսանքով: Ընդ որում, նշանակություն չունի, թե նրանք ինչ են փորձարկում (էլեկտրոնաճառագայթային խողովակ, էլեկտրոնաօպտիկական վերափոխիչներ): Վարպետներին, ավագ վարպետներին թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք աշխատում են նշված վահանակով:
400. Այն բանվորներին (ակվադիրագործներին, էլեկտրակորունդագործներին, քիմիական կիսահումք նախապատրաստողներին, լուսակրող-էկրանավորողներին և այլն), որոնք պատրաստում են ցիրկոնային, օքսիդային և ալունդային ծածկեր, մածուկներ և լուծույթներ, կենսաթոշակային արտոնություններ են տրվում` անկախ այն բանից, թե որ արտադրամասում, տեղամասում կամ բաժանմունքում են կատարվում այդ աշխատանքները:
401. Ռադիոմանրամաս զոդողներին, ովքեր սելենային և արջասպե ուղղիչի արտադրությունում կապերը զոդում են սելենային ուղղիչների արտանցքերին, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով: Հարկ է նկատի ունենալ, որ այդ աշխատողներին (այդ թվում` կապար կամ վտանգավորության 1-2-րդ դասերի վնասակար նյութեր պարունակող զոդանյութերով աշխատողներին) թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ չի նշանակվում:
402. Նորոգող բանվորներից թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են միայն այն փականագործ-նորոգողները, որոնք նորոգում են էպիտաքսիլային շերտապատման կայանքները:
403. Թիվ 1 ցուցակի IX բաժնին համապատասխան` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն մալուխը կապարով մամլողները: Տաք ռետինե խառնուրդ մամլողներն այդ իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XIII բաժնով: Մալուխի գործարաններում կան մալուխը և էլեկտրական լարը տաք մամլիչով մամլողներ, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
404. Այն բանվորները, անկախ նրանց մասնագիտությունների անվանումներից («կլայեկող», «զոդող» և այլն), որոնք կլայեկում են էլեկտրական սխեմա, էլեկտրական լարի ծայրակալ, ռեզիստոր, ռադիոմանրամաս, էլեկտրամանրամաս, սարք և ավտոմատիկա, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
405. Էլեկտրատեխնիկական արտադրության տոգորողները կատարում են մալուխը և էլեկտրական լարը ձյութով, կոմպաուդային զանգվածով և ասֆալտե լաքով տոգորելու, թուղթը և գործվածքը բակելիտային լաքով տոգորելու, ինչպես նաև էլեկտրական մեքենաների բարձր լարման հոսանքափոխարկիչի (տրանսֆորմատորի) և այլ էլեկտրական հանգույցների կոճը, ամրամասը (ստատորը) և բաժանմունքը (սեկցիան) տոգորելու աշխատանքներ:
406. Ռադիոմանրամաս տոգորելու աշխատանքների մեջ մտնում են տարբեր կոճերով դրոսել տոգորելը և բաքալիցքավորելը, կուտակիչի և մագնիսական լարի սրտիկներ փաթաթելը, էպոքսիդային կոմպաուդ պատրաստելը և նրանով իր լաքապատելը: Կոճ, կուտակիչ և փաթաթան, մագնիսական լարի սրտիկ, դրոսել և ռադիոտեխնիկական արտադրության այլ մանրամասեր տոգորողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
407. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են էլեկտրատեխնիկական արտադրության բանվորները, ովքեր կատարում են պլաստիկ զանգվածների (պլասմասսաների) մեխանիկական մշակման աշխատանքներ: Էլեկտրատեխնիկական արտադրությունում արտադրվում են սարքեր, որոնք օգտագործվում են էլեկտրական էներգիա արտադրելու, հաղորդելու, վերափոխելու և օգտագործելու համար:
408. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը չի տարածվում այն բանվորների վրա, որոնք էլեկտրաչափիչ սարքերի և ավտոմատացման միջոցների արտադրությունում կատարում են պլաստիկ զանգվածից արտադրված մանրամասի մեխանիկական մշակման աշխատանքներ:
15. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XI ԵՎ ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XIV)
409. Շինարարական նյութերի արտադրությունը ներառում է ցեմենտի, փայլարի, ասբեստի, ասբեստացեմենտային, ասբեստասիլիտային իրերի և ասբեստաստվարաթղթի, բազալտե թելի և հանքային բամբակի, կավե աղյուսի, կղմինդրի և կերամիկական բլոկի, կրի (դոլոմիտի) և սիլիկատային աղյուսի, երկաթբետոնե և բետոնե իրերի, կուպրից, բիտումից և խեժից իրեր պատրաստելու, քարաձուլման արտադրությունները:
410. Ցեմենտի արտադրություն (թիվ 1 ցուցակ, XI բաժին, 1-ին ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, XIV բաժին, 1-ին ենթաբաժին): Ցեմենտն ամենից շատ օգտագործվող շինարարական նյութն է, որը շինարարական լուծույթ և բետոն պատրաստելու արժեքավոր հումք է, քանի որ ջրի հետ խառնվելով` ձևավորում է քարի տեսք ունեցող ամուր զանգված: Ցեմենտը պատրաստվում է հանքային հումքից` հումքային խառնուրդ պատրաստելու, թրծելու և թրծված արտադրանքը փոշու վերածելու գործառնությունների միջոցով:
411. Պայմանավորված հումքի զանգված պատրաստելու եղանակով` գոյություն ունի ցեմենտ ստանալու երկու եղանակ` թաց և չոր: Թաց եղանակի դեպքում հումքային նյութը մանրացվում է և խառնվում ջրին: Ստացված խառնուրդը կոչվում է ապարախյուս (շլամ): Այդ գործառնությունները կատարող բանվորները նշված են թիվ 2 ցուցակում` պտուտակրիչների բաժնաչափող խառնիչագործներ, ապարախյուսային ավազան և հարիչ մաքրողներ, հումքի աղացի մեքենավարի օգնականներ: Չոր եղանակի դեպքում հումքային նյութը նախ չորացվում է թմբուկի մեջ, այնուհետև մանրացվում չոր հումքի աղացում և խառնվում: Այդ աշխատանքները կատարում են հորանային վառարան բեռնավորող-բեռնաթափողները և հումքի աղացի մեքենավարները: Հումքի խառնուրդը թրծելու համար կիրառվում է պտտվող հորանային վառարան, որը ներսից պատված է հրակայուն աղյուսով: Թրծված նյութը (կլինկերը) վառարանից անցնում է սառնարանային թմբուկ, իսկ այնուհետև` կլինկերային պահեստ: Թրծելը տաք գործընթաց է, այդ պատճառով այն բանվորները, որոնք աշխատում են այդպիսի վառարանով, նշված են թիվ 1 ցուցակում: Այդ իրավունքից օգտվում են նաև թրծված նյութ տեղափոխողները: Թրծված նյութը ցեմենտի աղացներում մանրացվում է զանազան հավելումների հետ, ստացված խառնուրդն ուղարկվում է ցեմենտի աշտարակ, որտեղ այն կշռաբաշխվում-փաթեթավորվում է պարկերի մեջ կամ կուտակներով ուղարկվում սպառողներին:
412. «Ցեմենտ լցնող» և «բեռնակիր» մասնագիտությունները տարբեր մասնագիտություններ են` աշխատանքի տարբեր բնույթներով և տարբեր պայմաններով: Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն ցեմենտ լցնողները, որոնք սեղմված օդի օդամղիչ ուղեկցման օգնությամբ ցեմենտը աշտարակից մղում են տրանսպորտային միջոցի մեջ, ինչպես նաև ցեմենտը մեքենայի օգնությամբ և ձեռքով լցնում են պարկերը: Այդ իրավունքից օգտվում են նաև ցեմենտ փաթեթավորողները: Պարկերի կամ այլ ապրանքամանների մեջ փաթեթավորված ցեմենտը բեռնում են «բեռնակիր» մասնագիտության բանվորները, որոնց համար արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է սահմանված թիվ 2 ցուցակով: Ցեմենտ սպառող կազմակերպություններում ցեմենտ բեռնող-բեռնաթափողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
413. Թիվ 1 ցուցակի XI բաժնի 1-ին ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են ցեմենտի գործարանի ծծիչավարները (ասպիրատավարները)` անկախ այն հանգամանքից, թե որ կառուցվածքային ստորաբաժանման աշխատողներ են, եթե մշտապես աշխատում են ցեմենտի արտադրության ծծիչ սարքով, ինչը պետք է հիմնավորվի համապատասխան փաստաթղթով:
414. Փայլարի արտադրություն և մշակում (թիվ 2 ցուցակ, XIV բաժին, 2-րդ ենթաբաժին): Փայլարը տեսակաստեղծ հանքանյութ է, որը դասվում է թերթային ալյումասիլիկատների շարքը: Այն հեշտությամբ մասնատվում է մանր և բարակ թերթիկների և թեփիկների: Փայլարը, որպես էլեկտրամեկուսիչ և ջերմամեկուսիչ նյութ, օգտագործվում է ինչպես ռադիոէլեկտրոնային տեխնիկայի, այնպես էլ էլեկտրատեխնիկական իրերի արտադրությունում:
415. Փայլարն արդյունահանվում է ինչպես հանքերում կամ բովանցքերում` ստորգետնյա եղանակով, այնպես էլ բաց հանքերում` վերգետնյա եղանակով, որտեղ այն մաքրվում է քարերից և զանազան խառնուրդներից: Փայլարի արդյունահանման աշխատանքներ կատարողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 և թիվ 2 ցուցակների «Լեռնային աշխատանքներ» բաժիններով:
416. Փայլարն արդյունահանելուց հետո սկսվում է այն մշակելու և դրանից իրեր պատրաստելու գործընթացը: Լեռնարդյունահանման կազմակերպություններից ստացված փայլարը (արդյունաբերական հում նյութը) դանակով տափակ շերտերով կտրտվում է, հետո տրամաչափվում ըստ չափերի և որակի, հաստության խմբերի, տեսակների և նշանակության: Այդ գործառնությունները կատարում են «կտրող» և «չափաբերող» մասնագիտությունների բանվորները, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:
417. Փայլար մշակելու գործընթացում գոյանում են թափոններ, որոնցից, ջարդելու և մանրացնելու միջոցով, գոյանում է աղացած փայլար: Այդ փայլարը սիլիցիումաօրգանական և այլ լաքերի հետ տոգորելու միջոցով սոսնձելու դեպքում ստանում են շերտավոր փայլարանյութ (միկանիտ, միկալեքս), որն օգտագործվում է ջեռուցիչ սարքի մեջ: Այդ գործառնությունները կատարում են ջարդող-աղացողները, փայլար ջարդողները, լաքեր եփողները, շերտավոր փայլարանյութ (փայլարաշերտային նյութ) տոգորողները և մամլողները, որոնց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով:
418. Փականագործ-նորոգողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են, եթե նորոգում և սպասարկում են փայլար, քվարց, պեգմատիտ ջարդելու-աղալու տեղամասերի սարքավորումները:
419. Լեռնային կազմակերպություններում կարող են կատարվել փայլարի արդյունաբերական հումքը կոտրատելու աշխատանքներ, ինչը համապատասխանում է «կոտրող» մասնագիտությանը: Սակայն այդ աշխատանքները թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չեն տալիս:
420. Փայլար վերամշակող կազմակերպություններում կա «փայլար» իր դրոշմող» մասնագիտությունը: Այդ մասնագիտությամբ աշխատողների, ինչպես նաև փայլարի արտադրության ղեկավարների և մասնագետների համար արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք սահմանված չէ:
421. Ասբեստի արտադրություն (թիվ 1 ցուցակ, XI բաժին, 2-րդ ենթաբաժին, թիվ 2 ցուցակ, XIV բաժին, 3-րդ ենթաբաժին): Թիվ 1 ցուցակի XI բաժնի 2-րդ ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են հսկիչ ապարատով աշխատող այն բանվորները, անկախ նրանց մասնագիտությունից, որոնք աշխատում են ասբեստի արտադրությունում: Նմուշը հսկիչ ապարատով մշակում են լաբորանտները և նմուշ վերցնողները: Եթե փաստաթղթերով հիմնավորվում է, որ լաբորանտները և նմուշ վերցնողները կատարել են հսկիչ ապարատով նմուշ վերամշակելու աշխատանքներ, ապա նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի XI բաժնի 2-րդ ենթաբաժնով:
422. Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են ասբեստը ձեռքով բեռնողները, հարստացուցիչ ֆաբրիկայի ուղեկից արտադրանք և թափոն բեռնողները: Մշտապես բաց հանքերում աշխատող բեռնիչի վարորդներին, ինչպես նաև բեռ և ուղեբեռ ընդունող-հանձնողներին, ովքեր բեռնառաքում են ասբեստ, ասբեստի հանքաքար հարստացնելու ուղեկից նյութ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում թիվ 2 ցուցակով:
423. Թիվ 1 և թիվ 2 ցուցակներում նշված են օդափոխիչ և օդածծիչ (արտածծող) կայանքների մեքենավարները, բայց թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում միայն նրանց, ովքեր սպասարկում են արտածծող (օդածծիչ) կայանքները, ընդ որում` նշանակություն չունի, թե ասբեստի արտադրության որ կառուցվածքային ստորաբաժանումում են նրանք աշխատում: Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում այն մեքենավարներին, որոնք սպասարկում են կիսաարդյունաբերական օդափոխիչ, օդածծիչ և այլ կայանքներ:
424. Քարշիչ ագրեգատի մեքենավարները և նրանց օգնականները, ովքեր բեռնաթափում, փոխադրում և պահեստավորում են հանքաքար հարստացնելու ուղեկից արտադրանք և հարստացուցիչ ֆաբրիկայի թափոն, նշված են թիվ 1 ցուցակում: Քարշիչ ագրեգատի մյուս մեքենավարներին և նրանց օգնականներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով:
425. Հարստացուցիչ ֆաբրիկայում կա չոր հանքաքարի պահեստ, որտեղ աշխատում են մղանի մեքենավարներ, որոնք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով: Ասբեստի արտադրությունում աշխատող մյուս մղանավարներն այդ իրավունքից չեն օգտվում:
426. Ձեռքով էլեկտրաեռակցողներին, բոլոր անվանումների էլեկտրամոնտյորներին, ինչպես նաև հերթապահ էլեկտրագետներին թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք աշխատում են հարստացուցիչ ֆաբրիկայի հիմնական տեխնոլոգիական արտադրամասում: Փականագործ-նորոգողները թիվ 1 ցուցակով այդպիսի կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում, եթե նորոգում են ասբեստահարստացուցիչ սարքավորումը:
427. Հերթապահ և սարքավորում նորոգող էլեկտրափականագործներին (փականագործներին) թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում` անկախ նրանից, թե որ հիմնական տեխնոլոգիական արտադրամասում են նրանք նորոգում սարքավորումը (բացի թիվ 2 ցուցակում թվարկված արտադրամասերից):
428. Ասբեստի արտադրության ղեկավարներին և մասնագետներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում ինչպես թիվ 1, այնպես էլ թիվ 2 ցուցակով` պայմանավորված այն բանով, թե կառուցվածքային որ ստորաբաժանումում են նրանք աշխատում: Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն վարպետները, ավագ վարպետները, մեքենագետները, էներգագետները, ինչպես նաև հերթափոխի վարպետները և ավագ վարպետները, եթե աշխատում են հիմնական տեխնոլոգիական արտադրամասում:
429. Հորատման և լեռնային աշխատանքների վարպետները, ավագ վարպետները, ովքեր աշխատում են ասբեստ պարունակող հանքաքարի արդյունահանման բաց հանքում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով: Այդ իրավունքից օգտվում են նաև սարքավորում նորոգող վարպետները, ովքեր աշխատում են բաց հանքում և հանքային թափոնակույտում, ինչպես նաև բաց հանքի, հանքային թափոնակույտի և հարստացուցիչ ֆաբրիկայի տեղամասերի պետերը:
430. Թիվ 2 ցուցակում նշված են արտադրամասերի պետերը: Խոսքը հիմնական տեխնոլոգիական արտադրամասերի պետերի մասին է, որտեղ կատարվում են ասբեստ ստանալու տեխնոլոգիական գործընթացի գուրծառնությունները (պայթեցնելու, հորատելու, չորացնելու արտադրամասեր և այլն): Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում օժանդակ արտադրամասերի պետերը (նորոգման, մեխանիկական, հսկիչ-չափիչ սարքերի և ավտոմատիկայի արտադրամասեր և այլն):
431. Ասբեստացեմենտային, ասբեստասիլիտային արտադրություն և ասբեստաստվարաթղթի արտադրություն (թիվ 2 ցուցակ, XIV բաժին, 4-րդ ենթաբաժին): Այս ենթաբաժնում նշված են այն բանվորների մասնագիտությունները, որոնք պատրաստում են ասբեստացեմենտային թիթեղ: Վազկանորդները և հոլենդորավորողները ասբեստը վազկանով սեղմելու միջոցով խավունացնում են և մշակում հոլենդորի մեջ:
432. Ասբեստե իրը պատրաստվում է նյութի բարակ շերտից թիթեղ կաղապարելու եղանակով: Այդ գործառնությունը կատարում են թիթեղակաղապարող և խողովակային մեքենայի մեքենավարները, ովքեր նշված են թիվ 2 ցուցակում: Այստեղ նշված են նաև ասբեստացեմենտի թիթեղ ալիքավորողները, ովքեր սպասարկում են հատուկ սարքեր, որոնց օգնությամբ ասբեստացեմենտի թիթեղն ալիքավորվում է տրամատված (պրոֆիլավորված) արտադրության դեպքում:
433. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են ասբեստացեմենտային արտադրությունում ասբեստացեմենտե իր մամլողները, ովքեր ջրաբաշխական (հիդրավլիկ) մամլիչով իր են պատրաստում մամլելու եղանակով: Միևնույն ժամանակ, այն բանվորները, ովքեր ասբեստացեմենտե իր են կաղապարում էքստրուզիոն մամլիչով, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
434. Դրոշմողներին թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք աշխատում են ասբեստե ստվարաթղթի արտադրությունում: Հղկողներն այդ իրավունքը ձեռք են բերում, եթե աշխատանքները կատարում են ասբեստացեմենտային և ասբեստասիլիտային արտադրություններում:
435. Նորոգման ծառայության բանվորները (փականագործ-նորոգողները, էլեկտրամոնտյորները, էլեկտրափականագործները, փականագործները) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են, եթե աշխատում են բոլոր երեք արտադրությունների հիմնական արտադրամասերում (տեղամասերում): Նշված արտադրություններում աշխատող ղեկավարներից և մասնագետներից այդ իրավունքն ունեն միայն այն արտադրական տեղամասերի վարպետները, ավագ վարպետները, որոնց աշխատողների 50%-ը և ավելին օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից: Սարքավորում նորոգող վարպետներն այս ենթաբաժնում նշված չեն:
436. Բազալտե թելի, հանքային բամբակի և դրանցից ստացվող իրերի արտադրություն (թիվ 2 ցուցակ, XIV բաժին, 5-րդ ենթաբաժին): Բազալտը լեռնային հանքատեսակ է, որը բաղկացած է մուգ գույնի հանքանյութից և հրաբխային ապակուց: Բազալտն օգտագործվում է խիճ, քարաձուլվածք և թել արտադրելու համար: Բազալտե թելը պատրաստվում է բազալտ քարից և օգտագործվում է որպես ջերմամեկուսիչ նյութ:
437. Հանքային բամբակը թելանման նյութ է, որն ստացվում է խարամի և լեռնային ապարի խառնուրդը հալելով: Այն օգտագործվում է շինարարական կառուցվածքները ջերմամեկուսացնելու համար և արդյունաբերության մեջ: Դրանցից պատրաստում են թաղիք, խսիր, սալիկ և այլն:
438. Հալոցապանները և բովախառնողները, ովքեր աշխատում են հանքային բամբակի արտադրությունում և կատարում են հալոցի ու գուռային վառարանի համար բովախառնուրդ (հանքաբաժին) կազմելու և բաժնաչափելու, ինչպես նաև հալոցի մեջ հումք հալելու աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով (բաժին XI, 3-րդ ենթաբաժին):
439. Թիվ 2 ցուցակում նշված են թելաստեղծման կայանքի օպերատորները: Նրանց հավասարեցված են գուռային վառարանի փքվածքի հանգույցի օպերատորները և կաղապարապատման-չորացման փոխակրիչի (կոնվեյերի) օպերատորները:
440. Փականագործները և էլեկտրամոնտյորներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակով` անկախ այն բանից, թե որ արտադրամասում են աշխատում և ինչ սարքավորում են սպասարկում:
441. Կավե աղյուսի, կղմինդրի և կերամիկական բլոկի արտադրություն (թիվ 2 ցուցակ, XIV բաժին, 6-րդ ենթաբաժին): Այս արտադրությունում աշխատում են տարբեր մասնագիտության բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ` բեռնող-բեռնաթափողներ, հսկիչներ, կառավարման կետի (պուլտի) օպերատորներ, պատաշարի իր մամլողներ, վարպետներ և այլն: Սակայն թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են միայն աղյուս կաղապարահանողները, դարսողները և թրծողները:
442. Երեսպատման կերամիկական աղյուսը կավե աղյուսի տեսակներից է, ուստի կերամիկական աղյուս կաղապարահանողները, դարսողները և թրծողներն օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից: Ընդ որում` թրծողներն այդ իրավունքը ձեռք են բերում, եթե աղյուսը թրծում են կոշտ վառելիքով աշխատող թունելային վառարանում կամ օղակային վառարանում: Կաղապարահանողների և դարսողների պարագայում նշանակություն չունի, թե նրանք թրծված աղյուսը, կղմինդրը և կերամիկական բլոկը որ վառարանի վրա են դարսում և կաղապարում:
443. Կրի (դոլոմիտի) և սիլիկատային աղյուսի արտադրություն (թիվ 2 ցուցակ, XIV բաժին, 7-րդ ենթաբաժին): Սիլիկատային աղյուսը պատաշարի նյութ է, որն ստանում են կրի և քվարցային ավազի խառնուրդից: Այս արտադրությունում կիր ստանալու գործընթացը աշխատանքների մեծ ծավալ է կազմում: Կիր արտադրելու տեխնոլոգիական գործընթացի մեջ մտնում են բաց հանքում կրաքար արդյունահանելու, ջարդելու և տեսակավորելու, հանքային պտտվող և այլ վառարաններում թրծելու, կիր ջարդելու և մանրացնելու (չհանգած կիր ստանալու) գործառնությունները:
444. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից հիմնականում օգտվում են կիր ստանալու գործառնություններ կատարող բանվորները` կիր ջարդողները, աղացողները, թրծողները, տեսակավորողները և այլն:
445. Հումք, վառելիք և պատաշարի իր բեռնող-բեռնաթափողները կատարում են զանազան աշխատանքներ` բեռնում և բեռնաթափում են վառարանը, կավը բեռնաթափում են փափկացման հորից, կավիճը, ավազը, քարը, կիրը և մյուս սորուն նյութերը` վագոնիկից և ինքնաթափից, կավ և ավազ են բեռնում բաց հանքից, կավի պահեստարանից, լայնակույտից և այլն: Սակայն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն բեռնող-բեռնաթափողները, որոնք կատարում են վառարան բեռնավորելու և բեռնաթափելու աշխատանքներ: Այս փաստը պետք է հաստատվի փաստաթղթով:
446. Տեղափոխողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում, եթե նրանք մշտապես կատարում են կիր տեղափոխելու աշխատանքներ:
447. Սույն ենթաբաժնում նշված չեն կիր մարելու գործառնություններ կատարող բանվորները (կիր մարողներ, կիր մարող ապարատների ապարատավարներ): Բայց դա չի նշանակում, որ այդ մասնագիտությունների բանվորները, ովքեր աշխատում են շինարարական նյութերի կազմակերպությունում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Կիր մարող ապարատների ապարատավարներին և կիր մարողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի XXX բաժնով («Ընդհանուր մասնագիտություններ»): Այս արտադրությունում աշխատող ղեկավարները և մասնագետները արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
448. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում կրի արտադրության յուրաքանչյուր փուլում աշխատող այն մասնագիտությունների բանվորներին, ովքեր նշված են թիվ 1 և թիվ 2 ցուցակների համապատասխան բաժիններում (մասնավորապես` թրծելու փուլին չեն մասնակցում մարողները, իսկ մարելու փուլին` թրծողները):
449. Արդյունաբերության այլ ճյուղերի կազմակերպություններում կիր մարողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք աշխատում են կրի արտադրության տեխնոլոգիական գործընթացում` սկսած կրաքար ջարդելուց, թրծելուց մինչև հետագայում վերամշակելը:
450. Կրաղաց մեքենայի մեքենավարների աշխատանքի բնույթը և պայմանները նույն են, ինչ կիր աղացողներինը, որոնք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XIV բաժնի 7-րդ ենթաբաժնով, ուստի կրաղաց մեքենայի մեքենավարները նույնպես արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այդ ենթաբաժնով:
451. Շինարարական նյութերի արտադրությունում թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են վառարանում կիր թրծողները:
452. Երկաթբետոնե և բետոնե իրերի արտադրություն (թիվ 2 ցուցակ, XIV բաժին, 8-րդ ենթաբաժին): Երկաթբետոնե և բետոնե իրերի արտադրության մեջ օգտագործվող հիմնական արտադրանքը ցեմենտն է, որն արտադրվում է ցեմենտի կազմակերպություններում: Այդ կազմակերպությունների աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի XI բաժնի 1-ին ենթաբաժնով և թիվ 2 ցուցակի XIV բաժնի 1-ին ենթաբաժնով:
453. Երկաթբետոնե և բետոնե իրեր արտադրող կազմակերպություններում օգտագործվում է արդեն պատրաստի ցեմենտը: Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են փոխաբեռնիչի (այդ թվում` օդամղիչ (պնևմատիկ) և ջրաբաշխական (հիդրավլիկ) մեքենաների) մեքենավարները, ովքեր կատարում են ցեմենտ փոխաբեռնելու աշխատանքներ:
454. Ստորգետնյա սրահի բանվորներին թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում` անկախ մասնագիտության անվանումից և աշխատանքի տեսակից, օրինակ` ցեմենտային մայրուղիների մեխանիզմների սպասարկում, իներտ գազերի մատակարարում և այլն:
455. Կուպրից, բիտումից և խեժերից ստացվող իրերի արտադրություն (թիվ 2 ցուցակ, XIV բաժին, 9-րդ ենթաբաժին): Բիտումը լեռնային խեժ է: Բնական բիտումը մտնում է նավթի, ինչպես նաև քարածխի, գորշածխի և տորֆի բաղադրության մեջ: Արհեստական բիտում ստանում են բնական բիտումը թորելով, օրինակ` նավթի մնացորդներից կամ քսուքային յուղերի թափոններից (վերականգնված ձյութ): Բիտումն օգտագործվում է ճանապարհաշինարարությունում, ինչպես նաև ռուբերոիդի (ծածկի հրակայուն նյութ), պերգամինի (պատճենահանման բարակ և դիմացկուն թուղթ) արտադրությունում, կոմպաուդներ պատրաստելու համար և այլն: Կուպրը սև գույնի կոշտ կամ կպչուն անձև (ամորֆ) նյութ է: Այն օգտագործվում է որպես կպցնող կամ մեկուսիչ նյութ: Կուպրը լինում է քարածխային, տորֆային, փայտային, գորշածխային: Այս ենթահատվածում նախատեսված են բիտումի ջրազրկման ապարատի ապարատավարները: Նրանց հավասարեցված են բիտումի ջրազրկման աշխատանքներով զբաղված կոնվերտերավարները:
456. Ռուբերոիդի, տոլի արտադրության մեջ կան նյութ շաղ տալու գործառնություններ, որոնք կարող են կատարվել ինչպես չոր, այնպես էլ թաց եղանակով: Հարկ է նկատի ունենալ, որ այդ գործառնություններով զբաղված բանվորները, անկախ մասնագիտության անվանումից, օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից, եթե սպասարկել են շաղ տալու բունկերը և զբաղված են եղել շաղ տալով պնդացնելու աշխատանքներով:
457. Նորոգման ծառայության բանվորների, հսկիչների, ինչպես նաև այդ արտադրության ղեկավարների և մասնագետների համար արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք սահմանված չէ:
458. Քարաձուլման արտադրություն (թիվ 1 ցուցակ, XI բաժին, 4-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, XIV բաժին, 10-րդ ենթաբաժին): Քարաձուլման արտադրությունը լեռնային հանքատեսակները ձուլելու միջոցով բնական քարի հատկություններ ունեցող իր ստանալու արտադրություն է: Քարաձուլման արտադրության հիմնական հումքը բազալտն է, ինչպես նաև դիաբազը և լեռնային այլ հանքատեսակներ: Քարաձուլման արտադրության գործընթացն սկսվում է քարը ջարդելուց, կաղապարման հողը և քարից ստացվող իր ձուլելու կաղապարը պատրաստելուց, բովախառնուրդ պատրաստելուց և դա ջարդված քարերի հետ ձուլման վառարանը բեռնելուց: Այնուհետև կատարվում են քարը ձուլելու, ձուլվածքը կաղապարի մեջ լցնելու և կաղապարից հանելու գործընթացները: Այս արտադրությունն ավարտվում է քարի ձուլվածքից ստացված իրը հղկելու և փայլեցնելու աշխատանքներով:
459. Թիվ 2 ցուցակով կենսաթոշակի իրավունքից օգտվում են ձուլվածք տեղահանողները, ջարդողները, հողագործները, բովախառնող-բաժնաչափողները և այլոք, ում մասնագիտությունները նշված են թիվ 2 ցուցակի XIV բաժնի 10-րդ ենթաբաժնում:
460. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում այս արտադրության արտադրամասերի այն պետերին և նրանց տեղակալներին, մեքենագետներին, ավագ մեքենագետներին, ինչպես նաև արտադրական վարպետներին և ավագ վարպետներին, ովքեր աշխատում են տաք տեղամասերում:
16. ԱՊԱԿՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ, ՃԵՆԱՊԱԿՅԱ ԵՎ ՀԱԽՃԱՊԱԿՅԱ ԻՐԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XII ԵՎ ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XV)
461. Ապակուց ստացվող իրերը տարբեր են բաղադրություններով, ձևով և չափերով: Օրինակ` արդյունաբերական ապակին, ըստ իր նշանակության, լինում է շինարարական, փայլեցված, տեխնիկական, օպտիկական և այլն: Ապակուց պատրաստում են ամանեղեն, հայելի, տնտեսական, բժշկական, ռադիոէլեկտրատեխնիկական իրեր և այլն:
462. Ապակու բոլոր տեսակներն ստանալու և դրանցից իրեր պատրաստելու տեխնոլոգիական գործընթացն ընդհանուր առմամբ նույնական է, այդ պատճառով այդ արտադրությունների աշխատողները նշված են թիվ 1 ցուցակի XII և թիվ 2 ցուցակի XV բաժինների 1-ին ենթաբաժիններում:
463. Ապակու արտադրատեսակներից մեկը խարամասիտալն է: Բովախառնուրդ պատրաստելը, գուռային վառարանների մեջ այն մղելու եղանակները, ապակե զանգված եփելու և խարամասիտալի ժապավեն շիկամշակելու գործընթացները նման են գլանածո և լուսամուտի ապակու արտադրություններին: Այդ պատճառով այն աշխատողները (ըստ մասնագիտությունների և պաշտոնների ցանկի), ովքեր կատարում են խարամասիտալից իրեր պատրաստելու աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի XII բաժնով և թիվ 2 ցուցակի XV բաժնով:
464. Փականագործ-նորոգողները և էլեկտրասարքավորում նորոգող և սպասարկող էլեկտրամոնտյորները թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են, եթե մշտապես աշխատում են բովախառնուրդ պատրաստելու տեղամասերում և տաք տեղամասերում:
465. Ապակու արտադրության հիմնական գործառնություններից մեկն ապակե զանգված պատրաստելն է, որը կատարվում է բովախառնուրդը զանազան կառուցվածքների վառարանները լցնելով: Այդ գործառնությունները կատարոողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով: Դրանք են բովախառնուրդը լցնողները, ապակու զանգված հավաքակազմողները, հատիկավորողները, խալմագործները, ապակու զանգված դատարկողները, ինչպես նաև ապակի հալողները:
466. Հալված ապակե զանգվածից սկսվում է ապակի և ապակյա իրեր ստանալու անմիջական գործընթացը: Այս գործընթացը կարող է կատարվել տարբեր սարքերով և տարբեր եղանակներով: Այսպես, ապակուց ժապավեն արտաձգելու եղանակով ստացվում է ձգված թերթային ապակի, որի տարատեսակներից մեկը լուսամուտի ապակին է: Այդ գործառնությունը կատարում են ապակու արտաձգման մեքենայի մեքենավարները, որոնց համար արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է սահմանվել թիվ 1 ցուցակի XII բաժնի 1-ին ենթաբաժնով:
467. Գլանածո թերթային ապակին ստացվում է գլոցման եղանակով` հետագա թրծմամբ: Գլոցման մեքենայի մեքենավարների համար (այդ թվում` ջերմակայուն ապակու պրոֆիլատի գլոցման մեքենայի մեքենավարների) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է սահմանված թիվ 2 ցուցակով: Այդ իրավունքից օգտվում են նաև ապակու արտադրության թրծողները: Ապակե փոքրիկ խողովակները պատրաստվում են մեքենայով, հորիզոնական կամ ուղղահայաց արտաձգման եղանակով: Արտաձգման գործընթացում փոքրիկ խողովակը սեղմվում է, իսկ հետո բաժանվում որոշակի երկարության կտորների: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է սահմանված այդ արտադրությունում ապակե խողովակ և տեգ ձգող‑պատրաստողների համար:
468. Խլացված ապակուց անթափանցիկ գունավոր ապակու (ապակեսմալտի) արտադրության աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում այնպես, ինչպես ապակու արտադրության աշխատողներին:
469. Որպես ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ շինարարական նյութ է օգտագործվում ծակոտկեն փրփրապակին, որը պատրաստվում է բլոկների և սալիկների տեսքով: Փրփրապակու արտադրության հիմնական հումքը ապակու փոշին է (էրկլեզ), որն ստացվում է գնդավոր և թրթռացող աղացներով ապակին մանրացնելու միջոցով: Փրփրապակու արտադրության աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:
470. Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն ապակի փչողները, որոնք ապակե իր պատրաստելու գործընթացում կատարում են այն մշտապես փչելու և արտափչելու աշխատանքներ: Ապակու արտադրությունում աշխատող մյուս բոլոր ապակի փչողների համար արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է սահմանված թիվ 2 ցուցակով:
471. Ապակեփչման աշխատանքները կարող են կատարվել գիտահետազոտական ինստիտուտում, մասնագիտացված նախագծային բյուրոյում: Այդ հիմնարկների ապակի փչողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում, եթե աշխատում են ապակու փորձարարական արտադրությունում: Եթե գիտահետազոտական ինստիտուտը, մասնագիտացված նախագծային բյուրոն իրենց կազմում չունեն ապակու փորձարարական արտադրություն, ապա ապակի փչողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են, եթե մշտապես աշխատում են ապակեփչման արհեստանոցում (արտադրամասում): Ապակեփչման արհեստանոց անվան տակ հասկացվում է ոչ թե հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումը, այլ ապակեփչման աշխատանքներ կատարելու համար հատուկ սարքավորված շինությունը: Ապակեփչման արհեստանոցի առկայության ապացույց է ցանկացած փաստաթուղթ, որը կպարունակի արհեստանոցին վերաբերող տվյալներ: Ապակեփչման արհեստանոցի վարիչների համար արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք սահմանված չէ:
472. Բացի ապակե իր պատրաստելու աշխատանքներից, կազմակերպություններում կատարվում են նաև ապակե իր նորոգելու աշխատանքներ (օրինակ` ապակե սարք, ամանեղենի և այլն): Եթե իր նորոգելը ներառում է միայն այն գործառնությունները, որոնք նախատեսված են «ապակի փչող» մասնագիտության համար, ապա դրանք աշխատողին չեն զրկում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:
473. Էլեկտրոնային տեխնիկա և ապարատ պատրաստող կազմակերպությունում ապակե իր արտադրելու ժամանակ կատարվում է երկու տեսակի գործառնություն` իրը մշտապես փչելով ու արտափչելով պայմանավորված ապակեփչման աշխատանքներ և մեքենայով ու վառարանով գազայրոցի միջոցով իրը կաղապարելու, եփելու, հալելով զտելու և մշակելու այլ աշխատանքներ: Այդ կազմակերպության այն բանվորներին (ապակի փչողներին), որոնք կատարում են ապակեփչման աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակով, իսկ նրանց, ովքեր կատարում են մեքենայով և վառարանով գազայրոցի միջոցով ապակե իր պատրաստելու և մշակելու աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի XIII բաժնով:
474. Թիվ 1 ցուցակում նշված են ապակե իրը թթվով ողորկողները (փայլեցնողներ, հղկողներ): Ապակու արտադրությունում կա ապակի ողորկող աշխատողների մեկ այլ խումբ` «ապակի և ապակե իր ողորկող» մասնագիտությամբ: Այդ աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում, եթե նրանք ապակին ողորկում են ձեռքով: Այդ պայմանի առկայության դեպքում թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում նաև ապակե իրի եզրեր և ակնոցի տեսապակի հղկողներին (ողորկողներին):
475. Թիվ 1 ցուցակի XII բաժնի 2-րդ ենթաբաժնում նշված է գերնուրբ բազալտե թելի, ապակեթելի, ապակեբամբակի և դրանցից պատրաստվող իրերի արտադրությունը: Այդ ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն բանվորները, անկախ մասնագիտության անվանումից, որոնք մշտապես աշխատում են ցուցակում նշված արտադրությունների տեխնոլոգիական գործընթացներում: Ընդ որում, բազալտե թելից, ապակե թելից, ապակե բամբակից իրեր պատրաստող բանվորների պարագայում պարտադիր չէ, որ կազմակերպություններում առկա լինի այդ նյութերի արտադրությունը: Այս արտադրությունում աշխատում են փորձարկողներ և հսկիչներ: Հարկ է նկատի ունենալ, որ, ըստ տեխնոլոգիական փաստաթղթերի, նրանց կատարած աշխատանքները կարող են լինել այն արտադրությունների տեխնոլոգիական գործընթացի բաղկացուցիչ մասը, որոնք նշված են թիվ 1 ցուցակի XII բաժնի 2-րդ ենթաբաժնում:
476. Տեխնոլոգիական սարք կարգավորողները, փականագործ-նորոգողները, էլեկտրասարքավորում նորոգող և սպասարկող էլեկտրամոնտյորները և մի շարք այլ աշխատողներ (այդ թվում` արտադրական վարպետները), ովքեր աշխատում են բազալտե թելի արտադրությունում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XIV բաժնի 5-րդ ենթաբաժնով («Շինարարական նյութերի արտադրություն»): Ընդ որում, թելի տեսակը (բարակ, նուրբ, գերնուրբ և այլն) նշանակություն չունի:
477. Էլեկտրասարքավորում նորոգող և սպասարկող փականագործ-նորոգողներին, ապակու բոլոր տեսակների, ապակե իրի ու խարամասիտալի արտադրության էլեկտրամոնտյորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում թիվ 2 ցուցակի XV բաժնի 1-ին ենթաբաժնով, եթե նրանք աշխատում են տաք տեղամասերում:
478. Թիվ 2 ցուցակով (բաժին XV, 2-րդ ենթաբաժին) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն բանվորները, որոնք աշխատում են կերամիկական, ճենապակե, հախճապակե իրերի և ֆերիտների արտադրությունում: Թիվ 1 ցուցակում նշված է աշխատողների երկու խումբ: Առաջին խումբը ներառում է այն աշխատողներին, ովքեր վարում են եփման վառարանում բովախառնուրդ եփելու գործընթացը: Այդ աշխատանքները կատարում են բովախառնողները, որոնց արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում, եթե նրանք կատարում են այնպիսի աշխատանքներ, որոնք նախատեսված են այդ մասնագիտության համար: Երկրորդ խումբը ներառում է խածատողներին, ովքեր խածատում են միայն քլորաթթվով:
479. Կերամիկական, ճենապակե, հախճապակե իրերի արտադրության մյուս աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում ըստ թիվ 2 ցուցակի XV բաժնի 2-րդ ենթաբաժնում նշված մասնագիտությունների ցանկի:
480. Շինարարական կերամիկական իրերի արտադրությունում կան ձուլողներ, երեսպատողներ, սանիտարաշինարարական իրը փոխակրիչով և վահանակով ձուլողներ: Սակայն նրանցից արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն սանիտարաշինարարական իրը վահանակով ձուլողները միայն: Դա պայմանավորված է նրանով, որ այդ աշխատողները, ի տարբերություն այլ ձուլողների, իրենց աշխատանքի նշանակալի մասը կատարում են ձեռքով կամ թելֆերի օգնությամբ:
481. Շինարարական կերամիկական իր և էլեկտրակերամիկական իր հղկելու աշխատանքներ կատարող բոլոր անվանումների հղկողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են անկախ մշակման եղանակից: Մինչդեռ էլեկտրոնային տեխնիկայի իր հղկելու աշխատանքներ կատարող բոլոր անվանումների հղկողներին թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք իրը հղկում են չոր եղանակով:
482. Անգոբ և ջնարակ պատրաստողները թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում, եթե պատրաստում են միայն կապարային ջնարակ:
483. Ոսկերչական արդյունաբերությունում տաք ապակի մամլողները արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից կարող են օգտվել թիվ 1 ցուցակի XII բաժնով, եթե կազմակերպությունում կա ապակու արտադրություն:
484. Թիվ 2 ցուցակի XV բաժնի 1-ին ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են ավտոմատ և կիսաավտոմատ կարգաբերողները` որպես ապակի ձևավորող մեքենա և սարք կարգաբերողներ:
485. Թիվ 1 ցուցակի XII բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն աշխատողները, անկախ մասնագիտության անվանումից, ովքեր արտադրում են ապակե բամբակ և ապակե թել, պատրաստում են ապակե զատիչ և այլ իրեր: Արտադրամասի լաբորատորիայի` ապակե թելից պատրաստված իր փորձարկողները հսկում են ապակե թելի և ապակե գործվածքի որակը: Նրանց կատարած աշխատանքը ապակե թելի և ապակե գործվածքի արտադրության տեխնոլոգիական գործընթացի գործառնություններից է: Այդ աշխատողներն օգտվում են թիվ 1 ցուցակի XII բաժնի 2-րդ ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից, եթե լրիվ աշխատանքային օրվա ընթացքում կատարում են արտադրությունում նախատեսված աշխատանքներ:
486. Ապակե իր փորձարկողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի XII բաժնի 2-րդ ենթաբաժնով` անկախ նրանից, թե կառուցվածքային որ ստորաբաժանման աշխատողներ են, եթե լրիվ աշխատանքային օրվա ընթացքում աշխատում են այդ արտադրությունում:
487. Քիմիական արդյունաբերության` ապակե թել արտադրող կազմակերպության աշխատողները, ովքեր արտադրում են ապակե թել, որը, իր հերթին, օգտագործվում է ապակե այլ արտադրանք ստանալու համար, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի XII բաժնի 2-րդ ենթաբաժնով: Ապակե պլաստիկատների արտադրության աշխատողները նույնպես արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի XII բաժնի 2-րդ ենթաբաժնով: Այդ բանվորներից են կաղապարողները, պոլիմերացման ապարատավարները, մամլող նյութ պատրաստողները, ապակե գործվածք կտրողները և այլն:
488. Թիվ 1 ցուցակի XII բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրված այն աշխատողներին, ովքեր կատարում են ապակե թելից իր պատրաստելու աշխատանքներ, այդ թվում` ապակե պլաստիկատ են պատրաստում տարբեր սինթետիկ խեժերի հիման վրա, բայց միայն այն կազմակերպությունում, որտեղ կա ապակե թելի արտադրություն:
489. Սանիտարաշինարարական հախճապակե, կիսաճենապակե և ճենապակե իրերը պատրաստվում են միևնույն տեսակի հումքից, իսկ կիսաճենապակե իրն արտադրվում է նույն տեխնոլոգիական գործընթացով և նույն տեխնոլոգիական սարքավորումներով, որոնք նախատեսված են ճենապակե և հախճապակե իրեր արտադրելու համար, ուստի կիսաճենապակու արտադրության աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են ըստ թիվ 1 ցուցակի XII և թիվ 2 ցուցակի XV բաժիններում թվարկված մասնագիտությունների:
490. Ապակու գործարանի թերմոսային փորձանոթների արտադրությունում աշխատող վակուումագործների աշխատանքի բնույթը և պայմանները նույն են, ինչ էլեկտրատեխնիկական արտադրության մեքենաների և գազային այրիչով վառարանների բանվորներինը, որոնք նշված են թիվ 2 ցուցակի XV բաժնի 1-ին ենթաբաժնում, ուստի նրանք ևս կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակով:
491. Թիվ 2 ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն մեքենայից տաք իր հանողները: Ապակե խողովակ ջոկելու, տեսակավորելու և ապատրամաչափելու գործառնությունները կատարվում են իրը մեքենայից տաք վիճակում հանելու ժամանակ, ուստի այդօրինակ գործառնություններ կատարողները ևս օգտվում են այդ իրավունքից:
492. Թիվ 2 ցուցակի XV բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն վարպետները և ավագ վարպետները, մեքենագետները և ավագ մեքենագետները, ովքեր ապակու, ճենապակու և հախճապակու արտադրությունում կատարում են բովախառնուրդ պատրաստելու և ապակու զանգված եփելու աշխատանքներ:
17. ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԵՎ ՍԻՆԹԵՏԻԿ ԹԵԼԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XIII ԵՎ ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XVIII)
493. Թիվ 1 և թիվ 2 ցուցակների սույն բաժիններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են քիմիական թելի արտադրության աշխատողները: Այդ թելը լինում է արհեստական և սինթետիկ:
494. Արհեստական թելն ստանում են բնական օրգանական բարձր մոլեկուլային միացություններից` բնափայտից կամ բամբակի արտադրության թափոններից ստացվող ցելյուլոզից և կենդանական ծագման սպիտակուցից: Այդ թելերից են ացետատային, վիսկոզային թելերը և այլն: Սինթետիկ թելը պատրաստվում է սինթետիկ պոլիմերներից` պոլիամիդներից, պոլիվինիլսպիրտից, պոլիուրեթաններից, պոլիօլեֆիններից և այլն:
495. Այն բանվորները, ղեկավարները և մասնագետները, որոնք աշխատում են տեխնոլոգիական գործընթացում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն միայն թիվ 1 ցուցակով` անկախ մասնագիտության և պաշտոնի անվանումից: Այդ աշխատողներին կենսաթոշակ նշանակելու հիմնական պայմանն այն է, որ նրանք լրիվ աշխատանքային օրվա ընթացքում մշտապես աշխատեն ոչ միայն շտապելային, վիսկոզային, քիմիական, մանվածքի, հարդարելու-սպիտակեցնելու, սպիտակեցնելու, փաթաթելու, թթու թել կծկելու և ներկելու արտադրություններում, տեղամասերում և բաժանմունքներում, այլ նաև թիվ 1 ցուցակում նշված այլ ստորաբաժանումներում (այդ թվում` ագրեգատով, կայանքով կամ մեքենայով), որտեղ արտադրվում են ծծմբածխածին, վիսկոզային, պղնձաամիակային, ացետատային, եռացետատային, սինթետիկ թելեր, ստև, կարթաթել, ցելոֆան, թաղանթ, սպունգ:
496. Ռոնգալիտի և սուլֆացված ճարպային մթերքների արտադրությունների աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակով` անկախ այն բանից, թե կառուցվածքային որ ստորաբաժանումում, որ սարքով, ագրեգատով և մեքենայով են նրանք աշխատում:
497. Արտադրամասի լաբորատորիայի աշխատողներից թիվ 1 ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն միայն այն բանվորներն և մասնագետները, որոնք աշխատում են արտադրամասի քիմիական լաբորատորիայում, այսինքն` այն հիմնական տեխնոլոգիական արտադրամասում, որը նշված է թիվ 1 ցուցակի XIII բաժնում: Այդ լաբորատորիաների ղեկավարները, ինչպես նաև այլ արտադրամասերի (օրինակ` ջրամաքրման) լաբորատորիաների աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
498. Թիվ 1 ցուցակով կենսաթոշակի իրավունքից օգտվում են տեխնիկական հսկողության բաժնի այն աշխատողները միայն, որոնք լրիվ աշխատանքային օրվա ընթացքում աշխատում են քիմիական, մանվածքի և հարդարման արտադրամասում, տեղամասում և բաժանմունքում:
499. Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում արտադրամասի այն բանվորներին, վարպետներին և ավագ վարպետներին, մեքենագետներին և էներգագետներին, որոնք նորոգում, նախապահպանում և սպասարկում են տեխնոլոգիական սարքավորումը (բացի հսկիչ-չափիչ սարքերից և օդափոխիչներից):
500. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում արտադրամասի այն բանվորներին, վարպետներին, ավագ վարպետներին և մեքենագետներին (բացի էներգագետներից), որոնք նորոգում, նախապահպանում և սպասարկում են օդափոխիչ, հսկիչ չափիչ սարք, արտադրական կոյուղի, թունելներ և հաղորդակցման ուղիներ:
501. Սինթետիկ և արհեստական թելի արտադրության կազմակերպությունների այն բանվորներին, որոնք տեխնոլոգիական սարքավորումը (այդ թվում` դրա ներսը) մաքրում են խարամից և նստվածքից, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում` որպես արդյունաբերական արտահոսող ջրեր մաքրող և չեզոքացնող բանվորների (թիվ 2 ցուցակ, XXVIII բաժին):
502. Թիվ 2 ցուցակում նշված են այն աշխատողները, որոնք, ի շարս այլ սարքավորումների, նորոգում, նախապահպանում և սպասարկում են օդափոխիչներ: Չի կարելի օդակարգավորիչ համակարգը դասել օդափոխիչ համակարգի շարքը: Օդափոխումը և օդակարգավորումը շինությունների մեջ օդը մշակելու ինքնուրույն համակարգեր են: Օդափոխությունը որպես համակարգ օգտագործվում է փոշենստվածքային խցի, արտածծող պահարանի և այլ սարքավորումների օգնությամբ օդը արդյունաբերական աղտոտումից (փոշի, գազ, գոլորշի) մաքրելու համար: Օդակարգավորումը համակարգ է շինությունների մեջ օդի որոշակի պարամետրեր (ջերմություն, խոնավություն, մաքրություն և այլն) ստեղծելու և պահպանելու համար, որոնք բարենպաստ են մարդու ինքնազգացողության համար:
18. ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
(ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XVII)
503. Թեթև արդյունաբերությունը ներառում է մանածագործական (տեքստիլ) արդյունաբերությունը, կարի արդյունաբերությունը, կաշվի, մորթու և կոշկեղենի արդյունաբերությունը, դաբաղման-լուծամզվածքային արդյունաբերությունը: Թիվ 2 ցուցակի XVII բաժնում նշված են թեթև արդյունաբերության գրեթե բոլոր տեսակները, բացի կարի և կոշկեղենի արդյունաբերությունից:
504. Մանածագործական արդյունաբերության ընդհանուր մասնագիտություններ (1-ին ենթաբաժին): XVII բաժնի 1-ին ենթաբաժնի «ա» կետում նշված են այն մասնագիտությունները, որոնք ընդհանուր են մանածագործական արդյունաբերության բոլոր արտադրությունների աշխատողների համար, այդ թվում` նրանց, ում մասնագիտություններն ուղղակիորեն նշված չեն թիվ 2 ցուցակի XVII բաժնում: Հետևաբար, այն աշխատողները, որոնց մասնագիտությունները նշված են այդ ենթաբաժնում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում` անկախ նրանից, թե մանածագործական արդյունաբերության որ արտադրությունում են աշխատում: Այդ աշխատողներից են ներկողները: Մանածագործական արտադրությունում նյութեր և արտադրանք ներկելու գործընթացը կատարվում է ներկող մեքենայով և զանազան ապարատներով: Սա չի նշանակում, որ ձեռքով ներկողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Տվյալ դեպքում այդ իրավունքը սահմանելիս նշանակություն չունի ներկելու եղանակը, ինչպես նաև այն, թե ինչ նյութեր և արտադրանքներ են ներկվում:
505. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն մանածագործական արդյունաբերության արտադրություններում օգտագործվող քիմիական նյութ նախապատրաստողները, այդ թվում` տոգորման ժամանակ: Սակայն թիվ 2 ցուցակով այդ իրավունքը տրվում են միայն տոգորման այն ապարատավարներին, ովքեր աշխատում են սև անիլինային ներկանյութերով:
506. Լվացող մեքենայի մեքենավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն, եթե լվանում են ներկանյութ պատրաստելու ժամանակ օգտագործված տաշտակը, խոզանակը, արկղը և անոթը:
507. Վարպետների օգնականներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն, եթե դասվում են բանվորների շարքը և կատարում են թիվ 2 ցուցակում նշված աշխատանքները, իմա` սպասարկում և կարգավորում են որոշակի սարքավորումներ (սպիտակեցնող, հասունացնող-շոգեմշակող, ներկող, ներկապատրաստող, կարբոնացնող): Տեխնիկական գործվածք հարդարելու արտադրության վարպետների օգնականներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում` անկախ նրանից, թե նրանք այդ արտադրությունում ինչ սարքավորում են կարգավորում և սպասարկում: Տվյալ դեպքում բավարար է հարդարման արտադրություններում վարպետների օգնականների աշխատելու փաստը:
508. Ենթաբաժնում նշված են որոշակի աշխատանքներ կատարող բանվորներ` առանց մասնագիտությունները նշելու: Այս դեպքում անհրաժեշտ են կատարվող աշխատանքի բնույթը հաստատող փաստաթուղթ: Օրինակ` լիսեռ քրոմապատողների և պղնձապատողների համար որպես այդպիսիք կարող են լինել պաշտոնեական հրահանգը, աշխատանքի ընդունելու, որոշակի տեղամասերին ամրագրելու մասին հրամանները և այլն: Ընդ որում` լիսեռ քրոմապատողները և պղնձապատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով, եթե աշխատում են ոչ միայն գալվանական արտադրամասում, այլև տեղամասում:
509. Մանածագործական արտադրանքը ներկվում է նաև քիմիական մաքրման և հագուստի ներկման ֆաբրիկաներում: Այդ ֆաբրիկաների աշխատողները կենսաթոշակային արտոնությունների իրավունք չունեն, քանի որ դրանք մանածագործական արտադրանք չեն թողարկում: Սույն ենթաբաժնում նշված են բոլոր անվանումների գզող մեքենաների մեքենավարները, ովքեր անմիջականորեն արտադրում են արհեստական կաշի: Նկատի են առնվում այն աշխատողները, ովքեր արհեստական կաշվի մազաթել և կտավ գզելու կամ սանրելու գործընթացը վարում են մեքենայով, ապարատով և գզող այլ հաստոցներով: Այդ աշխատողներից են գզող մեքենայի, գզող ագրեգատի, գզող սարքավորման, շրջաձև գզման մեքենայի և գզող‑հյուսող (գզող-գործող) սարքավորման օպերատորները: Գզող ապարատ մաքրող‑սրողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում` անկախ նրանից, թե նրանք մանածագործական արդյունաբերության որ արտադրությունում են աշխատում:
510. Բամբակեղենի արտադրություն (2-րդ ենթաբաժին): Այս ենթաբաժնում նշված են թմբուկը (թմբկագլանը) ձեռքով գզողները: Այս մասնագիտությունն ընդհանուր է մանածագործական արդյունաբերության բոլոր արտադրությունների համար: Սակայն այս մասնագիտության բանվորները թիվ 2 ցուցակով կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում, եթե աշխատում են բամբակեղենի արտադրությունում: Ընդ որում` այն բանվորները, որոնք գզող մեքենայի թմբուկը (թմբկագլանը) գզում են օդամղիչ սարք օգտագործելով, այդ իրավունքից չեն օգտվում:
511. Բրդի արտադրություն (3-րդ ենթաբաժին): Այս ենթաբաժնում նշված է բրդի արտադրության աշխատողների 2 խումբ` կարբոնացնողներ և փխրեցնող-քրքրող մեքենայի օպերատորներ: Օպերատորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք քրքրում են մնացուկները և անլվա բուրդը:
512. Մետաքսի և մետաքսակծկման արտադրություն (4-րդ ենթաբաժին): Այս ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից հիմնականում օգտվում են այն բանվորները, որոնք կատարում են բոժոժ մշակելու և կծկելու աշխատանքներ (չընդհատվող մետաքսաթել ձևավորելու գործընթաց)` բոժոժ կծկողները, բոժոժ շոգեհարողները, բոժոժաթափոն մշակողները և այլ աշխատողներ, ովքեր կատարում են նախապատրաստական գործառնություններ:
513. Անլվա և գործարանային բրդի, ստևի և մազի սկզբնական մշակում (5-րդ ենթաբաժին): Բուրդ, ստև, մորթի և կաշվի-մորթու այլ հումք մշակելու աշխատանքներ կարող են կատարվել ոչ միայն մասնագիտացված կազմակերպություններում (արտադրամասերում), այլև կաշվի և մորթու արտադրության հիմնական արտադրամասերում: Այդ պատճառով` միևնույն մասնագիտությամբ աշխատողներ են նշված ինչպես թիվ 2 ցուցակի XVII բաժնի 5-րդ, այնպես էլ 6-րդ ենթաբաժնում, օրինակ` ջրաքիմիական մշակման ապարատավարներ, կաշվի-մորթու հումք պահպանողներ (կոնսերվացնողներ), մորթազերծողներ, մազ լվացողներ, մազազերծող խառնուրդով մորթի մշակողներ: Այս աշխատողների պարագայում նշանակություն չունի, թե կաշվի և մորթու արտադրության որ կառուցվածքային ստորաբաժանումում են նրանք աշխատում:
514. Տեսակավորողներին թիվ 2 ցուցակով կենսաթոշակի իրավունք է տրվում, եթե նրանք տեսակավորում են անլվա բուրդ, ստև և մազ (բաժին XVII, 5-րդ ենթաբաժին): Այդ իրավունքից օգտվում են նաև պատրաստի արտադրանք (այն է` լվացած բուրդ, ստև և մազ) և թափոն մամլողները:
515. Կաշվի և մորթու արտադրություն, կաշվի-մորթու հումքի սկզբնական մշակում (6-րդ ենթաբաժին): Կաշվի արտադրությունում զանազանվում է երեք գործառնություն` նախապատրաստում (նախադաբաղում), դաբաղում և կաշվի մշակում: Այս գործառնությունները կատարող աշխատողներին թիվ 2 ցուցակով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք կատարում են կաշվի-մորթու հումքը նախապես մշակելու աշխատանքներ (կաշվի-հումքի արտադրություն): Այն բանվորները, որոնք աշխատում են նշված հումքի արդյունաբերական սկզբնական մշակում չկատարող մթերող կազմակերպությունում, այդպիսի կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
516. Որոշակի խմբի աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում, եթե նրանք աշխատում են թիվ 2 ցուցակի XVII բաժնի 6-րդ ենթաբաժնում նշված արտադրամասերում: Դրանք են` հումքի և կիսաֆաբրիկատների հսկիչներ, կռունկի մեքենավարներ (կռունկավարներ), նյութ եզրահատողներ, հումք, կիսաֆաբրիկատ, քիմիական նյութ և արտադրության թափոն մատուցողներ, փականագործ-նորոգողներ և այլն: Այս ենթաբաժնում նշված են այն աշխատողները, որոնք նախապատրաստման և մշակման արտադրամասերում կատարում են նախապատրաստելու և մշակելու գործառնություններ: Նրանք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են անկախ այն բանից, թե որ արտադրամասում են կատարվում այդ աշխատանքները: Որպես կանոն, այդ աշխատանքները կաշվի, մորթու, ոչխարի մորթու և մուշտակի արտադրության շարունակությունն են: Բայց նախապատրաստելու և մշակելու ոչ բոլոր գործառնություններն են տալիս այդ իրավունքը: Մշակելու գործառնություններից են չեզոքացնելը (կաշվի միջից ավելորդ թթուներ հեռացնելը), ճարպազրկելը, սպիտակեցնելը (կաշվին փափկություն տալու համար դրա մեջ ճարպանյութեր ներածելը), ներկելը, չորացնելը, խոնավացնելը և ապրետավորելը (առաձգական ժապավեն ստեղծելը, որը կաշվի մակերեսին անհրաժեշտ փայլ է տալիս): Այդ գործառնությունները կատարողներին կենսաթոշակ է նշանակվում ըստ թիվ 2 ցուցակի XVII բաժնի 6-րդ ենթաբաժնում նշված մասնագիտությունների:
517. Որոշ մասնագիտությունների աշխատողներ թիվ 2 ցուցակի XVII բաժնի 6-րդ ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են ելնելով աշխատանքի հատուկ պայմաններից կամ բնույթից: Օրինակ` հումք, կիսաֆաբրիկատ և իր չորացնողներն այդ իրավունքը ձեռք են բերում, եթե կաշին, մորթին, բուրդը և մազը ձեռքով չորացնում են խցիկային չորանոցում: Մորթու կտոր ջերմամշակողներին թիվ 2 ցուցակով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք մորթու կտորը ֆորմալինով և ուտոտրոպինով փափկամշակելուց և մշակելուց հետո այն հարդարում են: Ընդ որում` անհրաժեշտ է այդպիսի աշխատանք կատարելու փաստը հաստատել փաստաթղթով, որպիսիք կարող են լինել աշխատանքի ընդունելու կամ տեղափոխելու մասին հրամանը (կարգադրությունը), աշխատողներին առանձին տեղամասերի կամ սարքավորումների ամրագրելու մասին հրամանը, արտադրության տեխնոլոգիան, կարգագիրը, հրահանգը և այլն:
518. Սինթետիկ դաբաղիչների արտադրություն (7-րդ ենթաբաժին): Դաբաղիչները նյութեր են, որոնք կաշվի արտադրությունում օգտագործվում են կենդանու կաշին հատուկ մշակումից հետո պատրաստի կաշվի կամ մորթու վերածելու համար: Մեծ տարածում ունեն ինչպես բուսական, այնպես էլ սինթետիկ դաբաղիչները:
519. Բուսական դաբաղիչներով կատարվող աշխատանքն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չի տալիս: Այդ իրավունքից օգտվում են այն բանվորները, որոնք աշխատում են հոտավետ ածխաջրածինների (բյուրեղային ածխաջրածին (անտրացեն), նավթալին) և ֆենոլների (ֆենոլ, ռեզորցին և այլն) հիման վրա սինթետիկ դաբաղիչների արտադրությունում:
520. Սինթետիկ դաբաղիչներ ստանալը ապարատային գործընթաց է, այն վարում են ապարատավարները, որոնց արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում (բացի հեղուկ արտադրանք ստանալու գոլորշիացնող սարքի, տաննիդի լուծազատման սարքի, չորացնող սարքի ապարատավարներից):
521. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն կաշվից, մորթուց և ոչխարի մորթուց մուշտակի արտադրությունների այն վարպետները միայն, որոնք աշխատում են թիվ 2 ցուցակի XVII բաժնի 7-րդ ենթաբաժնում նշված արտադրամասերում: Այդ իրավունքից օգտվւոմ են նաև բոլոր արտադրական վարպետները, անկախ նրանից, թե որ արտադրամասում են նրանք աշխատում (թացացման-մոխրային, հումքային, դաբաղման, ներկման, ճարպահալման):
522. Սինթետիկ դաբաղիչների արտադրության նորոգող անձնակազմը, ինչպես նաև ղեկավարները և մասնագետները (բացի արտադրական տեղամասի վարպետներից) թիվ 2 ցուցակի սույն ենթաբաժնով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
523. Քիմիական արտադրանքի և դրանցից ստացվող իրերի արտադրություն` թեթև և մանածագործական արդյունաբերության ճյուղերի համար (8-րդ ենթաբաժին): Սույն ենթաբաժնում նշված են միայն այն աշխատողները (ըստ մասնագիտությունների ցանկի), որոնք պատրաստում են քիմիական արտադրանք և դրանից ստացվող իր` անկախ քիմիական արտադրանքի տեսակից: Այս ենթաբաժնում չկա քիմիական արտադրությունների ցանկ, ուստի նշված անձանց թիվ 2 ցուցակով կենսաթոշակ է նշանակվում կազմակերպության` արտադրական, պլանային կամ տեխնիկական բաժինների փաստաթղթերի հիման վրա տված տեղեկանքի առկայության դեպքում, որի մեջ պետք է նշում լինի այն մասին, որ տվյալ քիմիական արտադրանքը թողարկվում է թեթև կամ մանածագործական արդյունաբերության կազմակերպության համար: Ընդ որում` նշանակություն չունի, թե աշխատողները վտանգավորության որ դասի վնասակար նյութերով են աշխատում: Այս ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են հիմնական տեխնոլոգիական աշխատողները, օրինակ` կոշիկ հավաքողները, ովքեր կոշիկ են հավաքում և տաք ռետինապատման ու պլաստիկ զանգվածի ձուլման եղանակով դրա համար համալրող մանրամասեր են պատրաստում: Նրանց հավասարեցված են կոշիկ ձուլողները և մամլող‑ռետինապատողները, ովքեր կատարում են այդօրինակ աշխատանքներ:
524. Թեթև և մանածագործական արդյունաբերության կազմակերպությունների այն աշխատողները, որոնք պատրաստում են պլաստիկ կաշի, թելի հիման վրա արհեստական կաշի, կոշիկի ռետինե մանրամաս և ռետինատեխնիկական իր, տոգորում և մշակում են գործվածք, պոլիքլորվինիլային կաուչուկով, յուղաներկով և նիտրոներկով պատրաստում են տեխնիկական և թիկնոցային գործվածքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի VIII բաժնի «Ա» ենթաբաժնով: Ընդ որում` նրանց կենսաթոշակ է նշանակվում` անկախ մասնագիտության կամ պաշտոնի անվանումից:
525. Թաղեգործական արտադրություն (9-րդ ենթաբաժին): Բրդի թափոնները թաղեգործական արտադրության հիմնական հումքն են: Լմումը բրդե իր (թաղիք, թաղիքե կոշիկ, նրբաթաղիք) պատրաստելու եղանակ է, որը կատարվում է բրդի թելերը զուգակցելով և միահյուսելով: Բուրդը քրքրում են, յուղով տոգորում և խառնում: Պատրաստված հումքը խտացնում-պնդացնում են, տոգորում և լմում, ապա հարդարում:
526. Թաղեգործական իրի հիմք պատրաստողները, ովքեր աշխատում են տաք փաթաթման մեքենայով, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում, եթե կատարում են նախնական խտացում:
527. Թիվ 2 ցուցակի XVII բաժնի 9-րդ ենթաբաժնում նշված են ռետինե խառնուրդ գրտնակողները, պոլիմերային ռետինե մանրամաս և իր սոսնձողները, մամլող‑ռետինապատողները: Այդ աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են, եթե իրենց աշխատանքային գործառույթները կատարում են թաղիքե կոշիկի տեղամասի ռետինապատման գործընթացում, ինչը պետք է հաստատվի փաստաթղթերով:
528. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է սահմանված թաղեգործական արտադրության փականագործ-նորոգողների համար, ովքեր նորոգում և սպասարկում են մրճահար մեքենաները (մրճամեքենաները): Այդ արտադրության ղեկավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
19. ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹԻ-ԹՂԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XIV),
ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹԻ - ԹՂԹԻ ԵՎ ՓԱՅՏԱՄՇԱԿՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XVIII)
529. Թիվ 1 ցուցակում կա երկու ենթաբաժին` «Թաղանթանյութի արտադրություն և ծծմբային թթվի ու մոխրաջրի վերականգնում» և «Թաղանթանյութի և լաթերի սպիտակեցում»:
530. Թաղանթանյութի-թղթի կազմակերպությունում կա ծծմբական թթվի արտադրություն, որը նշված չէ թիվ 1 և թիվ 2 ցուցակների սույն բաժիններում: Ծծմբական թթուն քիմիական արտադրանք է, այդ պատճառով դրա արտադրությունը նշված է թիվ 1 ցուցակի VI բաժնում («Քիմիական արտադրություն»):
531. Թաղանթանյութի-թղթի կազմակերպության աշխատողները, ովքեր կատարում են ծծմբական (ծծմբային) թթվի, ինչպես նաև փոշու և այլ քիմիական արտադրանքի թողարկման աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի VI բաժնի «Բ» ենթաբաժնով: Ընդ որում` արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում այն բանվորներին և վարպետներին, որոնք ներգրավված են այդ արտադրության տեխնոլոգիական գործընթացին, ինչպես նաև նորոգում են տեխնիկական սարքավորումը: Ինչ վերաբերում է մյուս մասնագետներին և ղեկավարներին, ապա նրանք թիվ 1 ցուցակի VI և թիվ 2 ցուցակի VIII բաժինների «Բ» ենթաբաժիններում նշված չեն:
532. Ծծմբական թթվի վերականգնման (ռեգեներացիայի) արտադրությունում մոխրաջուր թրծելու գործառնությունը կատարվում է սոդավերականգնման ագրեգատում, որը կարող են գտնվել ջերմաէլեկտրակենտրոնի վարչական ենթակայության տակ, քանի որ, բացի սուլֆիտային և չեզոք-սուլֆիտային արտադրության մոխրաջուր այրելուց և քիմիկատ վերականգնելուց, սոդավերականգնման ագրեգատում ստացվում է գոլորշի: Այս հանգամանքը աշխատողներին (սուլֆիտ բեռնողներին, սոդայագործներին և այլն) չի զրկում թիվ 1 ցուցակի XIV բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:
533. Թաղանթանյութ պատրաստելու տեխնոլոգիական գործընթացը ներառում է ծծմբական թթու արտադրելը և վերականգնելը, թաղանթանյութ եփելը, քամիչից հանելը և մաքրելը: Այս գործընթացի տեխնոլոգիական հատկություններից ելնելով` վարպետները և ավագ վարպետները, թաղանթանյութի հիմնական արտադրությունների (եփելու և սպիտակեցնելու) տեղամասերի սպասարկմանը զուգահեռ, սպասարկում են նաև քամելու և մաքրելու տեղամասերը, քանի որ թաղանթանյութ արտադրելու ամբողջ պարբերաշրջանը միասնական է և անքակտելի: Այդ պատճառով` վարպետները և ավագ վարպետները, ովքեր կատարում են թաղանթանյութը քամիչից հանելու և մաքրելու աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XVIII բաժնով:
534. Թուղթը հատուկ մեքենայի միջոցով արտադրվում է թղթե զանգվածից: Այդ մեքենան անընդմեջ և հերթով կատարում է թուղթը ձուլելու, ձևավորելու, ջրազրկելու, մամլելու, չորացնելու, սառեցնելու և գլանափաթաթելու բոլոր տեխնոլոգիական գործառնությունները:
535. Թաղանթանյութի-թղթի արտադրության հիմնական գործընթացացներից մեկը թաղանթանյութ, ինչպես նաև բամբակե նյութ և փայտե զանգված եփելն է: Այդ գործառնությունը կատարում են տարբեր մասնագիտությունների բանվորներ` «թաղանթանյութ եփողներե, «քիմիական փայտազանգված եփողներ», «թելի հումք եփողներ» և այլն: Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է սահմանված թաղանթանյութ և քիմիական փայտազանգված եփողների համար: Դա պայմանավորված է նրանով, որ այդ աշխատողներն իրենց աշխատանքի ընթացքում օգտագործում են զանազան թթուներ և մոխրաջրեր: Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում բամբակ և լաթ եփողներին:
536. Թաղանթանյութի-թղթի արտադրությունում թելանյութ, մոմե, սոսնձե զանգվածներ և տոգորման խառնուրդ եփողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
537. Նորոգման ծառայության աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են, եթե սարքավորումը նորոգում և սպասարկում են թաղանթանյութի-թղթի արտադրությունում (որտեղ ընթանում են թաղանթանյութ եփելու, լվանալու և սպիտակեցնելու գործառնություններ), ինչպես նաև ջրատարրալուծման (հիդրոլիզի), սուլֆիտասպիրտային, սինթետիկ սոսինձների, ձյութերի և ներկերի արտադրություններում:
538. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում միայն բանվորներին (էլեկտրասարքավորում նորոգող և սպասարկող փականագործ‑նորոգողներին): Սարքավորում նորոգող ղեկավարների և մասնագետների համար արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք սահմանված չէ:
539. Թաղանթանյութի-թղթի և փայտամշակման արտադրությունների մյուս ղեկավարներից և մասնագետներց թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն միայն այն արտադրական վարպետները, ովքեր աշխատում են թաղանթանյութ, քաֆուր, ֆորմալին, մեթանոլ եփելու և սպիտակեցնելու, քացախի, ացետատի և ծծմբական թթվի վերականգնման արտադրություններում, չնայած նրանք նշված են թիվ 2 ցուցակի XVIII բաժնի 5-րդ ենթաբաժնում:
540. Մագաղաթը ծծմբական թթվով մշակված թուղթ է: Ստվարաթուղթը բիտումով տոգորելու միջոցով ստանում են մագաղաթ` տանիքի ծածկի և ջերմամեկուսիչ նյութ: Ֆիբրը նյութ է, որը պատրաստելու ընթացքում հնաշորի (քրջե) թուղթը տոգորվում է ցինկի քլորիդի խտացված լուծույթով, իսկ հետո մամլվում: Ֆիբրը (մամլած թղթեզանգված) հիմնականում արտադրվում է խողովակի և թղթի տեսքով: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են միայն մագաղաթի, ֆիբրի և թղթե պարկերի արտադրությունների բանվորները: Ղեկավարները և մասնագետներն այդ իրավունքից չեն օգտվում:
541. Փայտաքիմիական արդյունաբերության կազմակերպությունում մրջնաթթուն ստացվում է քաֆուրի (կամֆորայի) արտադրության արտադրական թափոններից և մրջնաթթվի արտադրամասերում համապատասխան մշակման ենթարկվելուց հետո վերադարձվում քաֆուրի արտադրամաս` քաֆուր ստանալու ժամանակ որպես կատալիզատոր օգտագործելու համար: Քանի որ մրջնաթթու ստանալու տեխնոլոգիական գործընթացը քաֆուրի արտադրության վերաբաժանումներից մեկն է, իսկ մրջնաթթվի արտադրության ապարատավարների աշխատանքի պայմանները և բնույթը չեն տարբերվում քաֆուրի արտադրության ապարատավարների աշխատանքի բնույթից և պայմաններից, որոնք նշված են թիվ 2 ցուցակում, ապա մրջնաթթվի ստացման ապարատավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XVIII բաժնի 5-րդ ենթաբաժնի 3-րդ կետով:
542. Թիվ 2 ցուցակով կենսաթոշակային արտոնություններ են տրվում նրբատախտակի արտադրության այն աշխատողներին, ովքեր աշխատում են ջրաբաշխական (հիդրավլիկ) մամլիչներով` կիրառելով ֆենոլ, ֆորմալին, միզանյութ և դրա բաղադրիչները, ինչպես նաև սինթետիկ սոսինձ: Այդ աշխատողների և նրանց մասնագիտությունների ցանկը բերված է XVIII բաժնի 6-րդ ենթաբաժնի 1-ին կետի «ա» ենթակետում:
543. Փայտե և կեղևաքոլքային սալիկներ մամլողների աշխատանքների մեջ մտնում են տարբեր տեսակի մամլիչներով ցեմենտատաշեղային և կեղևաքոլքային սալիկներ մամլելու աշխատանքները: Սակայն այդ մասնագիտության բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տալիս միայն փայտատաշեղային սալիկներ մամլելը:
544. Թաղանթանյութի և ծծմբական թթվի ու ալկալիի վերականգնման արտադրության «լվացող» մասնագիտությունը նույնն է, ինչ «դիֆուզորավար» մասնագիտությունը: Դիֆուզորավարի աշխատանքային պարտականությունների մեջ մտնում են բեռնման աշխատանքներին հետևելը և վերահսկելը, քամիչը և դիֆուզորը լվանալը և հանելը, ալկալիի ամրության աստիճանին և դիֆուզորի ցանցի մաքրությանը հետևելը: Լվացողների աշխատանքի բնույթը և պայմանները համապատասխանում են դիֆուզորավարների աշխատանքի բնույթին և պայմաններին, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով:
545. Թաղանթանյութի և ծծմբական թթվի ու ալկալիների վերականգնման արտադրության լվացողները, ովքեր լվանում, հանում և մաքրում են քամիչը, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով:
546. Թաղանթանյութի և թղթի արդյունաբերական կազմակերպությունների ծծմբական թթվի և ալկալիի վերականգնման արտադրությունում ալկալին թրծվում է սոդավերականգնման սարքում (կաթսայում): Բացի սուլֆատային և չեզոք սուլֆատային թաղանթանյութի արտադրությունում ալկալի այրելուց և քիմիկատ վերականգնելուց, սոդավերականգնման սարքը (կաթսան) նախատեսված է նաև գոլորշի ստանալու համար և գտնվում է ջերմաէլեկտրակենտրոնի ենթակայության տակ: Սակայն ջէկի ենթակայությանն անցնելուց հետո սոդայագործ բանվորների աշխատանքի բնույթը և պայմանները չեն փոխվում և համապատասխանում են ծծմբական թթու և ալկալի վերականգնելու արտադրության սոդայագործների աշխատանքի բնույթին և պայմաններին, որոնք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի XIV բաժնով: Հետևաբար, թաղանթանյութի և թղթի արդյունաբերության կազմակերպությունների սոդավերականգնման կաթսայատան սոդավերականգնման սարքով (կաթսայով) աշխատող սոդայագործներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի XIV բաժնով:
20. ՊՈԼԻԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XVII), ՊՈԼԻԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԵՎ
ԿԻՆՈՊԱՏՃԵՆԱՀԱՆՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XXII)
547. Պոլիգրաֆիկական արդյունաբերության հիմնական արտադրական գործընթացներն են տպագրական արտադրանքը պատրաստելը, տպագրական մեքենայով տպագրելը և տպագրված արտադրանքը վերջնամշակելը:
548. Տպագրական կաղապարը լրակազմված (կոմպլեկտավորված) տպագրական հավաքածու է` թիթեղ, ստերեոտիպ (տպագրական շարվածքի մետաղե կամ ռետինե պատճեն), գլան և այլն, որի մակերևույթը պարունակում է տպող (թղթի վրա ներկի դրոշմահետք թողնող) և չտպող (զատման) տարրեր: Գոյություն ունեն տպագրության բազմազան տեսակներ` բարձր, հարթ (օֆսեթ), խորը, մետաղաբանական, օրլովյան, զարդակաղապարային (տրաֆարետային), ըստ թիթեղի և այլն:
549. Տպագրության յուրաքանչյուր եղանակի համար կիրառվում են տպագրական զանազան կաղապարներ. բարձր տպագրության դեպքում` հավաքածու, կլիշե, ստերեոտիպ, հարթ տպագրության դեպքում` մետաղի վրայի կաղապար, խորը տպագրության դեպքում` պղնձե կամ քրոմացված գլան:
550. Պոլիգրաֆիական արտադրությունը կարող է կազմակերպվել ինքնուրույն տպարանի տեսքով, տարբեր կազմակերպությունների տպարաններում, ինչպես նաև կազմակերպության կառուցվածքայնորեն առանձնացված ստորաբաժանումում (տեղամասում, արտադրամասում և բաժնում): Այդ ստորաբաժանումներում ընթանում է պոլիգրաֆիական արտադրության տեխնոլոգիական գործընթաց, այն է` թողարկվում է տպագրական արտադրանք: Այդ պատճառով` կառուցվածքայնորեն առանձնացված պոլիգրաֆիական արտադրության աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են անկախ այն բանից, թե որտեղ է այն կազմակերպված` ինքնուրույն տպարաններու՞մ, թե՞ կազմակերպության առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումում: Ընդ որում, պարտադիր չէ, որ պոլիգրաֆիական արտադրությունում առկա լինի կառուցվածքային ստորաբաժանում (արտադրամաս, տեղամաս, բաժանմունք):
551. Կինոպատճենահանման արտադրությունը կինոպատճենահանման սարքերում կինոժապավենի վրա պատկերի և ձայնագրվածքի (ֆոնոգրամայի) տպագրության գործընթաց է: Այդ սարքերը տարբերվում են ըստ տպագրության եղանակի` շփման (կինոժապավեններն իրար ամուր սեղմելով) և օպտիկական (պատկերը պատկերընկալով (օբյեկտիվով) մեկ ժապավենի վրայից մյուսի վրա պրոյեկցելով, որը տեղադրված է որոշակի հեռավորության վրա):
552. Թիվ 1 ցուցակում հիմնականում նշված են այն աշխատողների մասնագիտությունները, որոնք ներգրավված են խորը տպագրության եղանակով պոլիգրաֆիական արտադրանք ստանալու գործընթացին կամ ապահովում են այդ գործընթացի կատարումը, օրինակ` գունաճշտողները, ովքեր խորը տպագրության համար ներկեր են նախապատրաստում: Խորը տպագրությունը տպագրության այնպիսի տեսակ է, երբ շրջանակի տպող տարրերը խորացված են, և դրոշմվածք ստանալու ժամանակ ներկը դրանցից ընկնում է թղթի վրա: Խորը տպագրության եղանակով տպագրական արտադրանք է թողարկվում մեծ ծավալի տպագրական արտադրանքի տպարաններում, որտեղ առկա են մեծ քանակությամբ տպագրական մեքենաներ և մեծ քանակությամբ ներկեր են ծախսվում:
553. Գունաճշտողի աշխատանքների մեջ մտնում են ամբողջ տպաքանակի, այլ ոչ թե միայն խորը տպագրության համար ներկեր նախապատրաստելու աշխատանքները, սակայն նրանց թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե փաստաթղթերով հաստատվում է, որ նրանք մշտապես կատարում են խորը տպագրության համար ներկ պատրաստելու աշխատանքներ:
554. Թիվ 1 ցուցակում նշված են այն ստերեոտիպագործները (ստերեոտիպողները), որոնք կատարում են տպագրական համահալվածքից ստերեոտիպ լցակաղապարելու աշխատանքներ, թիվ 2 ցուցակում` նրանք, ովքեր կատարում են տպագրական համահալվածքից ստերեոտիպ ու կլիշե դրվագելու և մշակելու աշխատանքներ: Ստերեոտիպը կարող է ունենալ թիթեղի կամ գլանի մասի ձև և պատրաստվել տպագրական համահալվածքից, պղնձից, ինչպես նաև պլաստիկ զանգվածից (պլաստմասսայից) և ռետինից: Եթե ստերեոտիպագործը ստերեոտիպը պատրաստում է ոչ թե տպագրական համահալվածքից, այլ պլաստիկ զանգվածից, ինչպես նաև տառամայրերը (մատրիցաները) պատրաստում է ստվարաթղթից, պլաստիկ զանգվածից, մոմից և այլն, ապա այդ գործառնությունները արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չեն տալիս: Այդ իրավունքը չունեն նաև այն ստերեոտիպագործները, որոնք պատրաստում և վերջնամշակում են պատրաստի ստերեոտիպի տպատառերը (շրիֆտները) և հավաքածու նյութերը:
555. Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է սահմանված խորը տպագրության կլիշե և կաղապար խածատողների համար: Այդ աշխատողները մեքենայով և ձեռքով կլիշե ու կաղապար են խածատում ինչպես միամամլիչային, այնպես էլ բազմամամլիչային տպագրության համար:
556. Խածատելուց առաջ խածատման համար լուծույթներ են պատրաստվում: Այդ աշխատանքները կատարում են «պատրաստուկագործ» մասնագիտության բանվորները: Նրանք լուծույթներ են պատրաստում ֆոտոնյութը մշակելու, գլանը արծաթազօծելու, գունանյութի (պինգմենտային) թուղթը զգայականացնելու, խոր տպագրության կլիշեն և կաղապարը խածատելու համար: Պատրաստուկագործներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակով, եթե նրանք մշտապես կատարում են միայն խոր տպագրության կլիշե և կաղապար խածատելու համար լուծույթ պատրաստելու աշխատանքներ:
557. Ղեկավարներից և մասնագետներից թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են ստերեոտիպի (ստերեոտիպային), ցինկագրության (ցինկագրաֆիայի) և խոր տպագրության արտադրական տեղամասերի վարպետները, ավագ վարպետները, եթե այդ տեղամասերի աշխատողների 50%-ը և ավելին օգտվում են թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:
558. Պոլիգրաֆիական կազմակերպություններում կան «նոտա փորագրող» մասնագիտության աշխատողներ, ովքեր կատարում են նոտայական տեքստը արճճե տախտակի վրա փորագրելու և շիկացնելու աշխատանքներ, ինչպես նաև «նոտագրաֆիկ» մասնագիտության աշխատողներ, ովքեր հավաքում և պատրաստում են զանազան երաժշտական ստեղծագործությունների նոտայական բնօրինակները: Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են նոտա փորագրողները, ովքեր աշխատանքներ են կատարում արճճե տախտակի վրա:
559. Ոչ մեծ տպարաններում լայնորեն կիրառվում է ձեռքով շարելը (հավաքելը): Ձեռքով շարողները (հավաքողները), ովքեր կատարում են հավաքելու, քանդելու, էջատելու, տեքստը շտկելու և այլ աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակով: Այդ իրավունքից օգտվում են շարատողաձուլական մեքենաներով շարողները (հավաքողները):
560. Մինչև 1993թ. գործող` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող թիվ 2 ցուցակում նշված էր «լինոտիպիստ» մասնագիտությունը: Այն այսօր գործող թիվ 2 ցուցակում նշված չէ, բայց սույն բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս մինչև 1993թ. հունվարի 1-ը «լինոտիպիստ» մասնագիտությամբ աշխատած ժամանակահատվածը պետք է համարել այդպիսի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժ: Լինոտիպիստներն սպասարկել են «լինոտիպ» շարատողաձուլական մեքենան, որը նախատեսված է գրքերի և ամսագրերի տեքստերը շարելու համար:
561. Երբեմն հարց է առաջ քաշվում կարի ֆաբրիկաների` կախովի առևտրական պիտակ և հսկիչ ժապավեն պատրաստողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի մասին` որպես պոլիգրաֆիական արտադրության աշխատողների (խոր տպագրության տպողներ, ձեռքով հավաքողներ): Այդ ֆաբրիկաներում առևտրական պիտակը և հսկիչ ժապավենը պատրաստվում են բարձր տպագրության եղանակով` տեքստը (շրիֆտը) հավաքելով, ինչը արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չի տալիս:
562. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում պոլիգրաֆիական արտադրության սարքեր նորոգողները, ինչպես նաև պոլիգրաֆիական արտադրանք ընդունող և վերահսկող (այդ թվում` ըստ գործառնությունների) բանվորները:
21. ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
(ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XIX)
563. Սննդի արդյունաբերությունը սննդամթերք, ծխախոտե իր, օճառ, օծանելիքագեղարարային արտադրանք թողարկող ենթաճյուղերի ամբողջություն է:
564. Թիվ 2 ցուցակի XIX բաժինը ներառում է ջրածնի, ձեթալուծահանման, պղնձանիկելային կատալիզատորի, ծխախոտի և վերականգնված ծխախոտի, խմորման (ֆերմենտացիոն), մախորկայի և նիկոտինի, կիտրոնային և գինեքարային թթուների, սինթետիկ հոտավետ նյութերի, օծանելիքային-գեղարարական, սովելիտային, ացետոնաբուտիլային, աղիքի, մսի կոմբինատներում և գյուղատնտեսական կազմակերպություններում մորթու սկզբնական մշակման, ոսկրամշակման սոսնձի արտադրությունները, աղի վերամշակումը, մսի արդյունաբերությունը:
565. Սննդի արդյունաբերության կազմակերպությունների բանվորները և վարպետները, ովքեր կատարում են սույն բաժնոմ չնշված քիմիական արտադրանք թողարկելու աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 և թիվ 2 ցուցակների «Քիմիական արտադրություն» բաժիններով, օրինակ` գլիֆտալի և գլիֆտալային օլիֆի արտադրության բանվորները:
566. Ճնշակային (կոմպրեսորային) կայանքների (գազային) մեքենավարներն ուղղակիորեն նշված են թիվ 2 ցուցակի XIX բաժնի 1-ին ենթաբաժնում («Ջրածնի արտադրություն»): Բայց սա չի նշանակում, որ նրանք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում, եթե աշխատում են սննդի արդյունաբերության այլ արտադրություններում: Ճնշակային կայանքի մեքենավարներին, ովքեր աշխատում են սննդի արդյունաբերության կազմակերպություններում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի XXX բաժնով («Ընդհանուր մասնագիտություններ»), եթե նրանք իրենց աշխատանքի ընթացքում օգտագործում են վտանգավորության 3-րդ դասից ոչ ցածր վնասակար նյութեր:
567. Ջրածնի արտադրություն (1-ին ենթաբաժին): Ջրածին ստանում են երկու եղանակով` ջրից (էլեկտրատարրալուծման (էլեկտրալիզի) ճանապարհով) և գազից:
568. Սննդի արդյունաբերության կազմակերպությունների ջրածնի արտադրության բանվորներին, ղեկավարներին և մասնագետներին թիվ 2 ցուցակի XIX բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում` ըստ տվյալ բաժնի 1-ին ենթաբաժնում նշված մասնագիտությունների և պաշտոնների ցանկի: Դրանք են` գազ մաքրող ապարատավարներ, էթանոլամինային կայանքների ապարատավարներ, ջրածնագործներ, գեներատորագործներ, ճնշակային (կոմպրեսորային) կայանքների (գազային) մեքենավարներ:
569. Ջրածնի արտադրության ղեկավարներից այդ իրավունքն ունեն միայն վարպետները և ավագ վարպետները:
570. Ջրածնի արտադրություն կա նաև քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության ճյուղի կազմակերպություններում, որոնց աշխատողները նույնպես արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:
571. Ծխախոտի արտադրություն և վերականգնված ծխախոտի արտադրություն (5-րդ ենթաբաժին): Ծխախոտի արտադրությունը ներառում է արտադրության մի քանի տեսակ` սիգարի, պապիրոսի, սիգարեթի, ծխելու և հոտառնական մախորկայի արտադրությունները:
572. Պապիրոս և սիգարեթ պատրաստելու տեխնոլոգիական գործընթացը վարում են հոսքամեքենայացված ծխախոտասիգարեթային գծի և մեքենայի մեքենավարները, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:
573. Սիգարները պատրաստում են «սիգարներ պատրաստող» մասնագիտության բանվորները: Նրանք այդ աշխատանքը կատարում են ինչպես ձեռքով, այնպես էլ փաթաթող մեքենաներով: Թեև սիգարի, պապիրոսի, սիգարեթի արտադրության աշխատանքները կարող են կատարվել մեկ արտադրամասում, այնուամենայնիվ սիգար պատրաստողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
574. Ծխախոտի արտադրություն և վերականգնված ծխախոտի արտադրությունում (5-րդ ենթաբաժին) նշված են ծխախոտ կշռաբաշխողները, ովքեր տուփերի մեջ ծխախոտ կշռաբաշխելու աշխատանքները կատարում են ձեռքով: Ծխախոտե իրերի արտադրությունում կան նաև «հոտառնական մախորկա և ծխախոտ կշռաբաշխող» մասնագիտությամբ աշխատողներ, ովքեր կշռաբաշխում են հոտառնական մախորկա և հոտառնական ծխախոտ: Այդ աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XIX բաժնի 7-րդ ենթաբաժնով («Նիկոտինի արտադրություն»):
575. Ծխախոտի արտադրության ոչ բոլոր տեսակավորողներն ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք: Եթե ծխախոտ և մախորկա տեսակավորողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով, ապա սիգարի համար ծխախոտի տերև տեսակավորողներին և խմորման (ֆերմենտացիոն) արտադրությունում ծխախոտ տեսակավորողներին այդպիսի կենսաթոշակ չի նշանակվում:
576. Աղիքի արտադրություն (13-րդ ենթաբաժին): Սույն ենթաբաժնում նշված է մեկ մասնագիտություն` «երշիկի բնական թաղանթ պատրաստողներ», բայց թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում ոչ միայն մսի կոմբինատում այդ մասնագիտությամբ աշխատող բանվորներին, այլև նրանց, ովքեր աշխատում են երշիկ արտադրող կազմակերպությունում, որտեղ աղիք է մշակվում:
577. Աղիքի արտադրության ղեկավարներից և մասնագետներից թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն մսի կոմբինատի, սննդի կոմբինատի, երշիկի գործարանի և այլ կազմակերպությունների արտադրական տեղամասերի (արտադրամասերի) վարպետները, որտեղ աղիք է մշակվում:
578. Փոքր եղջերավոր անասունների` մսի կոմբինատում մշակված աղիքներից այլ կազմակերպություններում պատրաստվում է աղելար: Այդ արտադրության աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
579. Մորթու սկզբնական մշակում մսի կոմբինատում և գյուղատնտեսական ձեռնարկությունում (14-րդ ենթաբաժին): Մորթու սկզբնական մշակման աշխատանքներ կատարող բանվորների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը քննարկելիս (սույն ենթաբաժնում մասնագետներ և ղեկավարներ նշված չեն) հարկ է ուշադրություն դարձնել այն բանին, որ մորթի աղակալողներին, մորթի մշակողներին և մորթի տեսակավորողներին թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում` անկախ այն բանից, թե որ կազմակերպությունում և որ կառուցվածքային ստորաբաժանումում է կատարվում մորթու սկզբնական մշակումը:
580. Կաշին մսեղիքից (լեշից) անջատելուց հետո մորթու մորթեփառային կողմին մնացած մկանային և ճարպային հյուսվածքները (մնացորդները) կտրող և հեռացնող մորթազերծող բանվորներ (մորթազերծողներ) կան ոչ միայն մսի կոմբինատում և գյուղատնտեսական կազմակերպությունում, այլ նաև թեթև արդյունաբերության կաշվի կազմակերպությունում: Նրանց նույնպես արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով, բայց XIX բաժնի 14-րդ ենթաբաժնով:
581. Մորթի աղաջրողներին թիվ 2 ցուցակի XIX բաժնի 14-րդ ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք աշխատում են մսի կոմբինատում և գյուղատնտեսական կազմակերպությունում:
582. Օծանելիքային-գեղարարական արտադրություն: Բաղադրանյութերի (կոմպոզիցիաների), հոտավորիչների և բաղադրանյութ-հիմքերի արտադրություն, որոնք պարունակում են վտանգավորության 1-3-րդ դասերի վնասակար նյութեր: Սույն ենթաբաժնում նշված է սինթետիկ հոտավետ նյութերի արտադրությունը: Հոտավետ նյութերն օգտագործվում են օծանելիք, օդեկոլոն, օճառ, լվացող սինթետիկ նյութ արտադրելու համար և այլն: Դրանք կարող են լինել երկու տեսակի` բնական հոտավետ նյութեր, որոնք ստանում են եթերային յուղերից (օրինակ` գինձի, անիսոնի, խորդենու և այլն) և սինթետիկ հոտավետ նյութեր, որոնք ստանում են քիմիական նյութերից:
583. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն բոլոր անվանումների ապարատավարները, լվացող մեքենայի մեքենավարները, փականագործ-նորոգողները, լցնողներն ու դատարկողները և տեղամասերի վարպետներն ու ավագ վարպետները, ովքեր աշխատում են սինթետիկ անուշահոտ նյութերի հետևյալ արտադրությունում` քլորացված օրգանական միացությունների, անուշահոտ, ալիֆատիկ պարզ ու բարդ եթերների, ճարպային, հոտավետ, հետերացիկլային օրգանական հումքի, ալդեհիդի, կետոնի, սպիրտի, դրանց ածանցյալների, ճարպային սինթետիկ թթվի հիման վրա ստացվող արտադրանքների: Այլ անուշահոտ սինթետիկ նյութերի արտադրության աշխատողները սույն բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
22. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XVI ԵՎ ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XXI)
584. Թիվ 1 ցուցակի XVI բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են առողջապահական հիմնարկների այն աշխատողները, որոնք մշտապես և անմիջականորեն աշխատում են աշխատավայրում ռադիում 226-ի ավելի քան 10 միլիկյուրի ակտիվության կամ ճառագայթաակտիվ նյութերի ճառագայթաթունավորությամբ համարժեք քանակության ճառագայթաակտիվ նյութերով, ինչպես նաև գամմա-թերապևտիկ սարքերով: Առողջապահական հիմնարկների այն աշխատողները, ովքեր մշտապես և անմիջականորեն աշխատում են աշխատատեղում ռադիում 226-ի առնվազն 0,1 միլիկյուրի ակտիվության կամ ճառագայթաակտիվ նյութերի ճառագայթաթունավորությամբ համարժեք քանակության ճառագայթաակտիվ նյութերով, նշված են թիվ 2 ցուցակի XXI բաժնում: Ճառագայթաակտիվ նյութերով աշխատողներից են այն բուժաշխատողները, ովքեր պատրաստում և բաց են թողնում ռադոն, սպասարկում են ճառագայթաակտիվ նյութերով վարակված հիվանդներին, աշխատում են հիվանդանոցների ճառագայթագիտական (ռադիոլոգիական) բաժանմունքներում և այլն:
585. Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում այն բժիշկներին և միջին բժշկական անձնակազմի անդամներին, ովքեր մշտապես աշխատում են ռենտգենավիրահատական և անոթագրության (անգիոգրաֆիական) առանձնասենյակներում, ինչպես նաև ռենտգենային բաժանմունքների (առանձնասենյակների) միջին բժշկական անձնակազմի անդամներին: Բժիշկ‑ռենտգենաբանի պարագայում նշանակություն չունի, թե առողջապահական հիմնարկի որ առանձնասենյակում և բաժանմունքում է նա աշխատում: Հարկ է նկատի ունենալ, որ ռենտգեն առանձնասենյակները (բաժանմունքները) դրանցում կատարվող աշխատանքների բնույթով ռենտգենային են:
586. Թիվ 1 ցուցակում նշված են առողջապահական հիմնարկների այն աշխատողները, ովքեր մշտապես և անմիջականորեն աշխատում են գամմա‑թերապևտիկ սարքերով: Այդ աշխատողները հիվանդներին բուժում են անմիջականորեն ճառագայթային բուժման եղանակով` կիրառելով ճառագայթաակտիվ նյութեր: Ընդ որում, նրանք ռենտգեն սարքը նախապատրաստում են աշխատանքի, կատարում են այլ աշխատանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են գամմա‑թերապևտիկ սարքերի սպասարկմանը: Այդ աշխատողներից են բժիշկ‑ճառագայթաբանը (բժիշկ-ռադիոլոգը), բուժագործության (պրոցեդուրային) քույրը և ուրիշներ:
587. Գամմա-թերապևտիկ առանձնասենյակների սանիտարուհիներն անմիջականորեն չեն աշխատում գամմա-թերապևտիկ սարքերով: Նրանց պարտականությունների մեջ մտնում են առանձնասենյակներն աշխատանքի նախապատրաստելը, բուժական սեանսից հետո հիվանդներին ուղեկցելը, սպիտակեղենը մաքրելու տալը և օժանդակ այլ աշխատանքներ, որոնք անմիջականորեն չեն առնչվում գամմա-թերապևտիկ սարքերով կատարվող աշխատանքներին, ուստի գամմա-թերապևտիկ առանձնասենյակների սանիտարուհիներին թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ չի նշանակվում:
588. Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են նաև ռենտգենալաբորանտները, ովքեր աշխատում են ռենտգենային լաբորատորիաներում, բաժանմունքներում, առանձնասենյակներում, ինչպես նաև ռենտգենավիրահատական, անոթագրության (անգիոգրաֆիական), ֆլյուորոգրաֆիական և այլ առանձնասենյակներում և բաժանմունքներում: Ռենտգենային լաբորատորիաների ավագ լաբորանտներն այդ իրավունքից օգտվում են, եթե մշտապես աշխատում են ռենտգենային առանձնասենյակներում (բաժանմունքներում, ռենտգենավիրահատական, անոթագրության առանձնասենյակներում):
589. Ռենտգենային բաժանմունքներում կան ռենտգենաանոթաբանության (ռենտգենաանգիոլոգիական) առանձնասենյակներ, որոնք կարող են նաև ինքնուրույն լինել: Դրանք հագեցված են ռենտգեն սարքով, որով կատարվում են ռենտգենահակադրական միջոցների ներանոթային ներարկմանն առնչվող բարդագույն հետազոտություններ: Այդ առանձնասենյակների աշխատողները մշտապես գտնվում են ռենտգենային ճառագայթման միջավայրում, այդ պատճառով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով:
590. Թիվ 2 ցուցակի XXI բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն աշխատողները, որոնք հիվանդներին անմիջականորեն սպասարկում են առողջապահական և սոցիալական ապահովության (բնակչության սոցիալական պաշտպանության) հիմնարկներում: Այդ իրավունքից օգտվում են ոչ միայն հակաժանտախտային հիմնարկների այն աշխատողները, որոնք անմիջականորեն սպասարկում են հիվանդներին, այլև նրանք, ովքեր այդ հիմնարկների հաստիքային աշխատողներ են, օրինակ` տնտեսական բաժնի աշխատողները, վարչատնտեսական աշխատողները և այլն:
591. Հիվանդներին անմիջականորեն խնամելն այնպիսի աշխատանք է, երբ բուժաշխատողը և բուժվող հիվանդն անմիջականորեն շփվում են: Մի շարք ախտորոշիչ (դիագնոստիկ) և բուժական ընթացակարգեր (պրոցեդուրաներ) կատարելը, հիվանդների խնամքի միջոցառումները, համապատասխան բուժավարչական ապրելակարգ (ռեժիմ) ստեղծելը պահանջում են անձնակազմի և բուժվող հիվանդի անմիջական շփում:
592. Թիվ 2 ցուցակի XXI բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն բժիշկները, կրտսեր և միջին բժշկական անձնակազմի անդամները, ովքեր աշխատում են ուռուցքաբանական հիմնարկների (ստորաբաժանումների) քիմիաբուժության (քիմիաթերապիայի) բաժանմունքներում և առանձնասենյակներում:
593. Արյան ուռուցքաբանական հիվանդությունները քիմիական բուժամիջոցներով նույն եղանակով բուժող քիմիաբուժական ստորաբաժանումներ կան ոչ միայն ուռուցքաբանական, այլ նաև արյունաբանական (հեմատոլոգիական) հիմնարկներում (բաժանմունքներում):
594. Արյունաբանական հիմնարկների (ստորաբաժանումների) այն բժիշկներին, կրտսեր և միջին բուժանձնակազմի անդամներին, որոնք մշտապես կատարում են արյան համակարգի ուռուցքները քիմիական պատրաստուկներով բուժելու աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի XXI բաժնով:
595. Թիվ 2 ցուցակում նշված են հիվանդապահ կրտսեր բուժքույրերը, ովքեր աշխատում են ռենտգեն բաժանմունքներում (առանձնասենյակներում):
596. Արյան շրջանառության խախտմամբ պայմանավորված սրտային, թոքային և այլ հիվանդություններով տառապող հիվանդների մասնագիտական բժշկական օգնությունը բարելավելու նպատակով ժամանակակից մակարդակով համալիր ռենտգենագործառնական (ռենտգենաֆունկցիոնալ) հետազոտություններ անցկացնելու համար բուժկանխարգելակիչ հիմնարկների ռենտգենային բաժանմունքներում ստեղծված են հակադրական (կոնտրաստային) և ներսրտային եղանակներով ռենտգենաբանական հետազոտության (անոթագրության) կենտրոններ:
597. Հակադրական և ներսրտային եղանակներով հետազոտման անձնակազմի անդամները (անոթագրության առանձնասենյակի աշխատողները) ռենտգենային բաժանմունքի աշխատողներ են և իրենց աշխատանքները կատարելիս ղեկավարվում են ռենտգենային բաժանմունքի հրահանգներով, կանոնադրություններով և պաշտոնեական փաստաթղթերով:
598. Անոթագրության առանձնասենյակի անձնակազմի ճառագայթային ծանրաբեռնվածությունն աշխատանքային օրվա ընթացքում փոքր չէ ռենտգենային բաժանմունքի անձնակազմի ճառագայթային ծանրաբեռնվածությունից, ուստի այդ առանձնասենյակի կրտսեր բուժանձնակազմի ամդամներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակի XXI բաժնով:
599. Բնակչությունը հոգեբուժական օգնություն է ստանում ինչպես ինքնուրույն մասնագիտացված հոգեբուժական հիվանդանոցներում և դիսպանսերներում, այնպես էլ հոգեբուժական և հոգենյարդաբանական բաժանմունքներում, որոնք մտնում են բազմամասնագիտական (բազմապրոֆիլ) հիվանդանոցների կազմի մեջ:
600. Հոգեբուժական, մարմնահոգեբուժական բաժանմունքների և առանձնասենյակների կրտսեր և միջին բուժանձնակազմերը, աշխատանքի բերումով, մշտապես սպասարկում են հիվանդներին, այդ պատճառով այդ բուժանձնակազմերի անդամներին նույնպես արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի XXI բաժնով` որպես հոգեբուժական և հոգենյարդաբանական հիմնարկների կրտսեր և միջին բուժանձնակազմերի անդամների, որոնք անմիջականորեն սպասարկում են հոգեկան հիվանդներին:
601. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են երեխայի տների և հոգենյարդաբանական ու հոգեբուժական բուժկանխարգելիչ հիմնարկների կրտսեր և միջին բուժանձնակազմերի անդամները: Ընդ որում, նշանակություն չունի, թե այդ հիմնարկների որ կառուցվածքային ստորաբաժանումում են աշխատում նրանք: Օրինակ` հոգեբուժական հիվանդանոցների դատահոգեբուժական (փորձագիտական) և ընդունման բաժանմունքների կրտսեր և միջին բուժանձնակազմերի անդամները նույնպես, ովքեր սպասարկում են հոգեկան հիվանդներին, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում թիվ 2 ցուցակի XXI բաժնով:
602. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են կրտսեր և միջին բժշկական անձնակազմերի այն անդամները, ովքեր հիվանդներին անմիջականորեն սպասարկում են վարակիչ հիմնարկներում, բաժանմունքներում և առանձնասենյակներում: Այդ հիմնարկներում, բաժանմունքներում և առանձնասենյակներում խնամվում են այն վարակիչ հիվանդները, որոնց բուժումը պահանջում է նրանց մեկուսացնել հիվանդության (օրինակ` ժանտախտի, խոլերայի, որովայնային տիֆի և այլնի) տարածումը կանխելու նպատակով:
603. Այն վարակիչ հիվանդները, որոնց խնամքը նրանց մեկուսացնել չի պահանջում, խնամվում են ընդհանուր տեսակի բուժկանխարգելիչ հիմնարկների կամ դիսպանսերների մասնագիտացված բաժանմունքներում (մաշկային, մաշկաբանական և այլն): Այդ բաժանմունքների բժշկական անձնակազմերի անդամները թիվ 2 ցուցակի XXI բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
604. Հոգենյարդաբանական դիսպանսերներին և բժշկական այլ հիմնարկներին կից կան բուժաշխատանքային արհեստանոցներ, որտեղ հիվանդը բուժվում է աշխատանքով: Աշխատանքով բուժելու (թերապիայի) հրահանգիչները հիվանդներին աշխատանքով բուժում են բժշկի նշանակումով, հիվանդների համար աշխատատեղ են պատրաստում, ապահովում են այն հումքով, նյութերով, գործիքներով, վերահսկում են, որ հիվանդների համար ապահովվեն աշխատանքի անվտանգ պայմաններ և այլն:
605. «Աշխատանքային թերապիայի հրահանգիչ» պաշտոնը միջին բժշկական անձնակազմի պաշտոն է, ուստի եթե աշխատանքային թերապիայի հրահանգիչը թիվ 2 ցուցակում նշված առողջապահական հիմնարկներում աշխատաժամանակի առնվազն 80%-ի ընթացքում սպասարկում է հիվանդներին, ապա նրան տրվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք: Բուժական ֆիզկուլտուրայի հրահանգիչները նույնպես միջին բժշկական անձնակազմի անդամներ են, այդ պատճառով, վերը նշված պայմանի առկայության դեպքում, նրանք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XXI բաժնով:
606. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է սահմանված այն բժիշկների համար, ովքեր մշտապես և անմիջականորեն կատարում են թիվ 1 ցուցակի XVI և թիվ 2 ցուցակի XXI բաժիններում նշված աշխատանքները:
607. Ինտերնատուրան սկզբնական տարեկան ետբուհական մասնագիտացում է: Գործնական հմտություններ ձեռք բերելու նպատակով ինտերնատուրայում ուսումն անց է կացվում բժշկական ինստիտուտի դասախոսների հսկողությամբ, անմիջականորեն աշխատատեղում (հիվանդանոցում, համաբուժարանում (պոլիկլինիկայում) և առողջապահական այլ հիմնարկում): Սովորողը միաժամանակ նշանակվում է բժիշկ‑ինտերնի պաշտոնի, ինչն արտացոլվում է աշխատանքային գրքույկում: Բժիշկ‑ինտերնը բժիշկի գործառույթներ է կատարում բժիշկ-մասնագետի ղեկավարությամբ, ունի իրավունքներ և իր գործողությունների համար պատասխանատվություն է կրում ինքնուրույնաբար աշխատող բժիշկներին հավասար, կատարում է սահմանված ծավալի մասնագիտական աշխատանք, իսկ ուսումն ավարտելուց հետո հանձնում է ավարտական քննություն` ստանալով բժշկի որակավորում: Ինտերնատուրայում ուսանելու ժամանակահատվածը հաշվառվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժում, եթե փաստաթղթերով հաստատվում է, որ այդ ընթացքում մշտապես և անմիջականորեն կատարվել են այն աշխատանքները, որոնք նշված են թիվ 1 ցուցակի XVI և թիվ 2 ցուցակի XXI բաժիններում:
23. ՇԵՆՔԵՐԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ`
(ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XXIV)
608. Այս բաժինը տարածվում է ոչ միայն այն աշխատողների վրա, ովքեր կատարում են շենքեր, կառույցներ և այլ օբյեկտներ կառուցելու, վերակառուցելու, տեխնիկապես վերազինելու, վերանորոգելու և նորոգելու, այլ նաև սարքավորուները տեխնիկապես վերազինելու և նորոգելու աշխատանքներ:
609. Մետրոպոլիտենի, ստորգետնյա կառույցների շինարարության ստորգետնյա աշխատանքներ կատարող բանվորների մասնագիտությունները (բացի այն մասնագիտություններից, որոնք նշված են թիվ 1 ցուցակում) թվարկված են թիվ 2 ցուցակի XXIV բաժնի 1-ին ենթաբաժնում:
610. Ստորգետնյա կառույցների շինարարության, վերակառուցման, տեխնիկական վերազինման և կապիտալ նորոգման աշխատանքներ նշված են նաև թիվ 1 ցուցակում: Այսպես, այն աշխատողներին, ովքեր կատարում են հանքերի, հանքարանների, հանքավայրերի շինարարության և նորոգման աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի I բաժնով («Լեռնային աշխատանքներ»): Ընդ որում, ստորգետնյա տեղամասերի այն աշխատողներին, ղեկավարներին և մասնագետներին, ովքեր ստորգետնյա շինարարությունում աշխատում են ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում` անկախ մասնագիտության և պաշտոնի անվանումից: Այստեղ խոսքը միայն հանքերի, հանքարանների, հանքավայրերի, այն է` օգտակար հանածոներ արդյունահանող օբյեկտների շինարարության մասին է:
611. Այն բանվորներին, ղեկավարներին և մասնագետներին, ովքեր կատարում են լեռնային շինությունների` մետրոպոլիտենների, ստորգետնյա ջրանցքների, թունելների և ստորգետնյա այլ կառույցների շինարարության, վերակառուցման, տեխնիկական վերազինման և կապիտալ նորոգման ստորգետնյա աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնի «ա» և «բ» ենթակետերով:
612. Այն բանվորները, ովքեր ստորգետնյա աշխատանքներ են կատարում լրիվ աշխատանքային օրվա ընթացքում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով` ըստ տվյալ բաժնում նշված մասնագիտությունների ցանկի, օրինակ` ամրանագործներ, բետոնագործներ, պայթանցքեր հորատողներ և այլն:
613. Թիվ 2 ցուցակի XXIV բաժնում թվարկված են աշխատանքների տեսակները, բայց նշված չէ, թե այդ աշխատանքները որ կազմակերպությունում են կատարվում: Կազմակերպություն անվան տակ պետք է հասկանալ այն ամենը, ինչը որևէ գործունեության վայր է, այդ պատճառով` աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը որոշելիս նշանակություն չունի, թե նրանք ինչ են կառուցում, վերականգնում, վերակառուցում, վերազինում կամ նորոգում (արդյունաբերական, էներգետիկ, ջրատեխնիկական, ճանապարհակամրջային, գյուղատնտեսական, բնակարանային, մշակութակենցաղային, տրանսպորտի և կապի օբյեկտներ, հանքի, հանքարանի, հանքավայրի վերգետնյա շենքեր ու շինություններ և այլն): Նշանակություն չունի նաև, թե որ կազմակերպություններն են կատարում նշված աշխատանքները: Դրանք կարող են լինել ինչպես ընդհանուր շինարարական կազմակերպություններ (շինարարական, նորոգման, մոնտաժային վարչություններ, վերականգնող արհեստանոցներ), որոնք իրագործում են շինմոնտաժային և այլ աշխատանքների ողջ պարբերաշրջանը, այնպես էլ կազմակերպության շինարարական և նորոգման արտադրամաս, տեղամաս, բաժին, բրիգադ և այլն:
614. Այն կազմակերպությունները, որոնք կատարում են որոշակի տեսակի աշխատանքներ (օրինակ` միայն հողային աշխատանքներ, միայն սանիտարատեխնիկական աշխատանքներ, միայն հորատման և պայթեցման աշխատանքներ, միայն գծային շինարարության աշխատանքներ և այլն), կոչվում են մասնագիտացված կազմակերպություններ: Այդ կազմակերպությունների աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են ըստ մասնագիտությունների և պաշտոնների այն ցանկի, որը նշված է թիվ 2 ցուցակի XXIV բաժնում:
615. Գործարկող և կարգավորող կազմակերպությունները, որոնք գործարկում և կարգավորում են մոնտաժված սարքավորումը, կոչվում են մասնագիտացված շինարարական կազմակերպություններ, և դրանց աշխատողներին նույնպես արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում ըստ մասնագիտությունների և պաշտոնների այն ցանկի, որը նշված է սույն բաժնում:
616. Շինարարական կազմակերպությունների` մայրուղային գազամուղի և նավթամուղի շինարարության աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը քննարկելիս պետք է նկատի ունենալ, որ նշված մայրուղային խողովակաշարերը խողովակաշարային տրանսպորտի կառույցներ են, և այդպիսի օբյեկտների շինարարության աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են, եթե նրանց մասնագիտությունները և պաշտոնները նշված են թիվ 2 ցուցակի XXIV բաժնում:
617. Շատ կազմակերպություններում կան շինարարական կամ շինվերանորոգման ինչպես ինքնուրույն, այնպես էլ հիմնական շինարարության բաժինների և վարչությունների կազմում գտնվող արտադրամասեր և տեղամասեր, որոնք կատարում են նոր շինարարական աշխատանքներ, ինչպես նաև շենքերի և սարքավորումների նորոգման աշխատանքներ: Այդ ստորաբաժանումների աշխատողներին թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում` անկախ այն բանից, թե նրանք ինչ աշխատանքներ են կատարում (նո՞ր շինարարության, թե՞ նորոգման աշխատանքներ):
618. Սարքավորում նորոգելու աշխատանքներ են կատարվում տնտեսության տարբեր ճյուղերի կազմակերպություններում (մեքենաշինության և մետաղամշակման, մետաղագործության, քիմիական արդյունաբերության և այլն): Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում այդ կազմակերպությունների այն աշխատողներին, որոնց մասնագիտությունները և պաշտոնները նշված են թիվ 2 ցուցակի XXIV բաժնում: Օրինակ` ջերմամեկուսացնողները, ջրամեկուսացնողները, մեկուսացնող-ժապավենագործներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում ոչ միայն անմիջականորեն օբյեկտի շինարարությունում կառուցվածքներ (կոնստրուկցիաներ) կամ սարքավորումներ մեկուսացնելու աշխատանքներ կատարելու, այլև մեքենաշինական և մետաղամշակման կազմակերպություններում դրանք պատրաստելու և նորոգելու դեպքում:
619. Եթե շինարարական կամ շինվերանորոգման կազմակերպություններում կան ասֆալտի և ասֆալտբետոնի գործարաններ, ապա այդ կազմակերպությունների ասֆալտբետոնագործները, ասֆալտբետոն եփողները, ավտոձյութապատիչի մեքենավարները, բոցամուղավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XXIV բաժնով` անկախ այն բանից, թե կազմակերպության որ կառուցվածքային ստորաբաժանումում են աշխատում:
620. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է սահմանված քարտաշների համար: Այդ աշխատողները կատարում են կառուցվող, վերականգնվող կամ վերանորոգվող օբյեկտները բնական քարերով երեսպատելու աշխատանքներ: Այդ աշխատանքների մեջ մտնում են նաև քարի մակերեսը և եզրերը ձեռքով ու մեքենայացված գործիքով մշակելու (տաշելու) գործառնություններ: Եթե քարտաշն աշխատում է այնպիսի օբյեկտում, որտեղ կառուցվում, վերականգնվում կամ վերանորոգվում է շենք (շինություն), ապա արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը որոշելու համար նշանակություն չունի, թե ինչպիսի օբյեկտում է նա աշխատում:
621. Զանազան օբյեկտների շինարարության, վերանորոգման, վերականգնման, վերակառուցման և տեխնիկական վերազինման ժամանակ կատարվում են մոնտաժման մի շարք աշխատանքներ: Այդ աշխատանքներից է երկաթբետոնե և մետաղական կառուցվածքներ, ուժային շինություններ, տեխնոլոգիական, էներգետիկական, մեխանիկական, պոմպաճնշակային և այլ սարքավորումներ, ազդանշանային համակարգեր, հսկիչ-չափիչ սարքեր, ավտոմատիկայի միջոցներ մոնտաժելը:
622. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է սահմանված պողպատե և երկաթբետոնե կառուցվածքներ մոնտաժողների համար: Որոշ դեպքերում նրանք, բացի իրենց հիմնական գործառույթներից, մոնտաժում են նաև շինարարական զանազան մեքենաներ և մեխանիզմներ (աշտարակային կռունկ, ամբարձիչ, բետոն խառնող մեքենա, քար ջարդող կայանք և այլն): Այդ աշխատանքները, որպես կանոն, կրում են դրվագային բնույթ և մոնտաժման աշխատանքների ընդհանուր ծավալի մեջ աննշան մաս են կազմում, ուստի այդ հանգամանքը պողպատե և երկաթբետոնե կառուցվածքներ մոնտաժողներին չի զրկում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից: Եթե աշխատողները մոնտաժում են միայն շինարարական մեքենաներ և սարքավորումներ, ապա նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չի տրվում:
623. Արդյունաբերական կազմակերպությունների շենքերը կառուցելուց, վերակառուցելուց և վերանորոգելուց հետո այդ շենքերում մոնտաժվում են տեխնոլոգիական սարքավորումներ: Այդ աշխատանքները կատարում են այն բանվորները, ովքեր, պայմանավորված կառուցվող օբյեկտով, ունեն հետևյալ մասնագիտությունները` «սննդի արդյունաբերական կազմակերպությունների սարքավորում մոնտաժող», «մանածագործական արդյունաբերական կազմակերպությունների սարքավորում մոնտաժող», «կապի սարքավորում մոնտաժող»: Այդ մասնագիտությունները թիվ 2 ցուցակի XXIV բաժնում նշված չեն:
624. Վթարային-վերականգնողական աշխատանքներ կատարող փականագործները թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում, եթե այդ աշխատանքները մշտապես կատարում են ստորգետնյա կոյուղային ցանցում: Տվյալ դեպքում նկատի են առնվում այն բանվորները, ովքեր աշխատանքներ են կատարում մայրուղային ստորգետնյա ցանցի ներսում: Այդ աշխատողներին ղեկավարող վարպետները նույնպես արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XXX բաժնով («Ընդհանուր մասնագիտություններ»):
625. Թիվ 2 ցուցակում նշված է ղեկավարների պաշտոնի անվանումը` «շինարարական և մոնտաժային աշխատանքների վարպետե, որը պաշտոնի լրիվ անվանումն է: Եթե անձն աշխատել է այդ պաշտոնում, ապա արտոնյալ պայմաններով կենսաթոշակի նրա իրավունքը որոշելու ժամանակ անհրաժեշտ չէ հաստատել արդյունաբերական և այլ շենքերի և շինությունների շինարարությունում նրա աշխատելու հանգամանքը: Նրան արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով: Բացի նշված վարպետներից, շինարարական և շինվերանորոգման կազմակերպություններում կարող են աշխատել այլ վարպետներ (սարքավորում նորոգող վարպետ, հիդրոկառույց նորոգող վարպետ, հարդարման աշխատանքներ ղեկավարող վարպետ և այլն), որոնք սույն բաժնում նշված չեն:
626. Բիտում եփողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում` անկախ նրանից, թե շինարարական որ կարիքների համար է օգտագործվում բիտումը: Այդ իրավունքից օգտվում են նաև թիվ 2 ցուցակի XXIV բաժնում նշված` շինարարական օբյեկտների կտուրները մեկուսացնելու նպատակով բիտում եփողները:
627. Թիվ 2 ցուցակի XXIV բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրված շենքերի և կառույցների շինարարությունում աշխատող մեկուսացնողներին: Արդյունաբերության տարբեր ճյուղերի կազմակերպություններում նորոգման աշխատանքներ կատարող մեկուսացնողներն այդ բաժնում նշված չեն և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
628. Թիվ 2 ցուցակի XXIV բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են ավտոձյութապատիչի մեքենավարները, ովքեր լրիվ աշխատանքային օրվա ընթացքում մշտապես կատարում են այդ խմբի աշխատողների համար նախատեսված աշխատանքներ:
629. Քանի որ ճանապարհների շինարարության աշխատանքները կրում են գործաշրջանային (սեզոնային) բնույթ, ապա ասֆալտագործները, ասֆալտաբետոնագործները, ավտոձյութապատիչի մեքենավարները ձմռան ամիսներին փոխադրվում են տարբեր աշխատանքների, որոնք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չեն տալիս: Այս դեպքում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը քննության առնելիս արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժը պետք է հաշվարկել փաստաթղթերով, այսինքն` միայն ասֆալտագործ, ասֆալտաբետոնագործ, ավտոձյութապատիչի մեքենավար աշխատելու ժամանակաշրջանները` փաստացի տևողությամբ: Ճանապարհների շինարարության աշխատանքներով բանվորների տարեկան զբաղվածությունը պետք է հիմնավորվի աշխատանքների ծավալների կատարման մասին հաշվապահական հաշվետվությունների հիման վրա:
630. Մասնագիտացված քարամշակման կազմակերպություններում քարը ձեռքով մշակող հղկողներին և փայլեցնողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի XXIV բաժնով:
631. Շարժական մասնագիտացված վարչությունը համարվում է ենթակապալային շինարարական կազմակերպություն, որը մասնագիտացված է հարդարման աշխատանքների կատարմամբ: Այդ կազմակերպությունում քար հղկելու և փայլեցնելու աշխատանքներ կատարողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XXIV բաժնով:
632. Խողովակներ, շինարարական իրեր և կառուցվածքներ մեկուսացնելու աշխատանքներն անմիջականորեն կատարվում են շինարարական հրապարակներում: Այդ աշխատանքները կատարողներից արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են մեկուսացնողները, բիտում եփողները և օպերատորները:
633. Կազմակերպությունների կապիտալ շինարարության առանձին վարչություններ և բաժիններ կառուցում են շենքեր և շինություններ: Աշխատողների` մշտապես շինարարական աշխատանքներ կատարելը հիմնավորվում է համապատասխան փաստաթղթերով` պլանների կատարման մասին հաշվետվություններ, կառուցված օբյեկտներն ընդունելու և հանձնելու մասին ակտեր և այլն: Այս վարչությունների և բաժինների բանվորների, ղեկավարների և մասնագետների աշխատանքի բնույթը և պայմանները նույն են, ինչ շինարարական կազմակերպությունների բանվորներինը, ղեկավարներինը և մասնագետներինը, ովքեր օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից: Ոստի կազմակերպությունների կապիտալ շինարարության բաժինների և կապիտալ շինարարության վարչությունների աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակի XXIV բաժնով:
634. Շինարարական կազմակերպությունների վարպետները և աշխղեկները (այդ թվում` կապիտալ շինարարության բաժինների և կապիտալ շինարարության վարչությունների ենթակայության տակ գտնվող) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են` անկախ նրանից, թե ինչ մասնագիտության բանվորների են ղեկավարում: Այդ իրավունքից օգտվում են նաև մոնտաժային և շինմոնտաժային կազմակերպությունների սարքավորումներ մոնտաժող վարպետները և աշխղեկները:
24. Կ Ա Պ
(ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XXVI)
635. Թիվ 2 ցուցակի XXVI բաժնում նշված է աշխատանքների երկու տեսակ` կապարապատված մալուխների և պոլիէթիլենային ու պոլիքլորվինիլային թաղանթներով պատված մալուխների զոդում, ինչպես նաև միջքաղաքային և քաղաքային հեռախոսակապի սպասարկում:
636. Մալուխները զոդում են «մալուխագործ-զոդող», «կապի մոնտաժող-զոդող», «հեռախոսակապի ռադիոֆիկացման գծային կառույցի էլեկտրամոնտյոր» մասնագիտության բանվորները: Նրանց թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք մշտապես կատարում են կապարապատված մալուխներ և պոլիէթիլենային ու պոլիքլորվինիլային թաղանթներով պատված մալուխներ զոդելու աշխատանքներ:
637. Թիվ 2 ցուցակի XXVI բաժնում նշված են միայն մալուխներ զոդելու աշխատանքները, բայց դա չի նշանակում, որ մալուխագործ-զոդողներին, կապի մոնտաժող-զոդողներին և հեռախոսային կապի ռադիոֆիկացման գծային կառույցների էլեկտրամոնտյորներին կենսաթոշակային արտոնություններ են տրվում, եթե նրանք կատարում են միայն սույն բաժնում նշված` մալուխներ զոդելու աշխատանքներ:
638. Մալուխային կցորդիչները կապարով լցնելու և կապարը մալուխից անջատելու աշխատանքները սերտորեն առնչվում են այդ մալուխները զոդելու գործառնություններին, ուստի այդպիսի աշխատանքներ կատարելը նշված մասնագիտություններով աշխատող բանվորներին չի զրկում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:
639. Թիվ 2 ցուցակով այդ իրավունքից օգտվում են ոչ միայն կապի կազմակերպությունների մալուխագործ-զոդողները, կապի մոնտաժող-զոդողները և հեռախոսային կապի ռադիոֆիկացման գծային կառույցների էլեկտրամոնտյորները, այլև արդյունաբերական և այլ կազմակերպությունների կապի ստորաբաժանումների մալուխագործ-զոդողները, կապի մոնտաժող-զոդողները և հեռախոսային կապի ռադիոֆիկացման գծային կառույցների էլեկտրամոնտյորները, ովքեր կապ են ապահովում այդ կազմակերպությունների ներսում:
640. Մալուխներ զոդելու աշխատանքներ են կատարում ոչ միայն կապի կազմակերպությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատողները, այլև շինարարական և շինմոնտաժային կազմակերպությունների` կապի նոր մալուխային գծեր անցկացնողները:
641. Մալուխագործ-զոդողները և կապի էլեկտրամոնտյորները, բացի իրենց հիմնական աշխատանքից (կապարապատված մալուխների զոդում), նույն շինություններում և նույն աշխատատեղերում կատարում են նաև պոլիէթիլենային և պոլիքլորվինիլային թաղանթներում մալուխ զոդելու աշխատանքներ:
642. Քանի որ կապի կազմակերպություններում նախատեսված չեն այնպիսի աշխատողներ, որոնք պետք է կատարեն պոլիէթիլենային և պոլիքլորվինիլային թաղանթներում մալուխ զոդելու աշխատանքներ, և հաշվի առնելով այդ աշխատանքների փոքր ծավալը` այն ժամանակաշրջանը, որի ընթացքում էլեկտրամոնտյորները և մալուխագործ-զոդողները, բացի կապարապատված մալուխներ զոդելու, մալուխների միացնող կցորդիչները կապարով լցնելու և մալուխի վրայից կապար հեռացնելու աշխատանքներից, միաժամանակ կատարում են պոլիէթիլենային և պոլիքլորվինիլային թաղանթներում մալուխ զոդելու աշխատանքներ, ապա այդ աշխատանքները կատարելու ժամանակահատվածը կարող է հաշվարկվել թիվ 2 ցուցակ XXVI բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժում:
643. Թիվ 2 ցուցակի XXVI բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են երեք խմբի հեռախոսավարներ.
1) միջքաղաքային հեռախոսային կապի հեռախոսավարները,
2) շուրջօրյա գործողությամբ խոսակցության կետերի հեռախոսավարները,
3) 300 հեռախոսահամար և ավելի ծավալով քաղաքային հեռախոսային կայանների հեռախոսավարները:
644. Փոխարկչային դահլիճների հեռախոսավարները, իմա` ապարատուրային ծառայության հեռախոսավարները, աշխատում են հեռախոսային լրակազմով (գարնիտուրով): Նրանք կատարում են փոխարկչային դահլիճի միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների պատվերները մշակելու աշխատանքներ (միջքաղաքային, պատվիրված, տեղեկատվական, տարանցիկ և հանգուցային փոխարկիչների, վաղօրոք գնած կտրոնների հիման վրա պատվերներ մշակելը, պատվերների հսկողությունը, պատվերների ուշացման մասին բաժանորդներին զգուշացնելը և այլն):
645. Միջքաղաքային հեռախոսային կայանների ապարատային ծառայության հեռախոսավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XXVI բաժնով:
646. Միջքաղաքային հեռախոսային կայանների հեռախոսավարները, ովքեր գանձում են բաժանորդների հեռախոսավարձը, դասակարգում են պատվերները, հաշվարկում են հեռախոսավարների աշխատանքային ժամերը, պատվերները բաշխում են ըստ աշխատատեղերի, հեռախոսային լրակազմով չեն աշխատում և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
647. Միջքաղաքային հեռախոսային կայանների հեռախոսավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են անկախ նրանից, թե որտեղ և որ կազմակերպությունում է գործում այդ կայանը: Ընդ որում` միջքաղաքային կայանը պետք է լինի կառուցվածքայնորեն մեկուսացված կամ առանձնացված:
648. Միջքաղաքային հեռախոսային կապի հեռախոսավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում նույնիսկ այն դեպքում, երբ սպասարկում են 300 և ավելի հեռախոսահամարներ, եթե չկա կառուցվածքայնորեն առանձնացված միջքաղաքային հեռախոսային կայան կամ շուրջօրյա հեռախոսակցության կետ:
649. Միջքաղաքային հեռախոսային կայանների բրիգադավարների (ավագ հեռախոսավարների) համար, ովքեր աշխատում են հեռախոսավարների բրիգադում և անմիջականորեն կատարում են միջքաղաքային հեռախոսային կապ միացնելու աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք սահմանված չէ:
650. Քաղաքային հեռախոսային կայանների (անկախ նրանց ձևից) տեղեկատվական ծառայության հեռախոսավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XXVI բաժնով: Նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում` ինչպես քաղաքային հեռախոսային կայաններում 300 և ավելի հեռախոսահամար սպասարկող հեռախոսավարներին:
651. Շուրջօրյա խոսակցության հեռախոսային կետերի հեռախոսավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են անկախ նրանից` այդ կետերը կառուցվածքայնորեն առանձնացված են, թե ոչ:
25. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XX, ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XXX)
652. Հաշվի առնելով ամբարների (ռեզերվուարների), անոթների (բաքերի), գլանատակառների (ցիստեռնների) ներսում կատարվող աշխատանքների հատուկ պայմանները` որոշակի խմբի աշխատողների համար արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է սահմանված թիվ 1 ցուցակով: Այդ աշխատողներից են գազահատողները, գազաեռակցողները, ձեռքով էլեկտրաեռակցողները և նշված տարողությունների ներսը մաքրող բանվորները: Այդ աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում նշված աշխատանքներով նրանց մշտական զբաղվածությունը փաստաթղթերով (օրինակ` տարողությունների ներսի աշխատանքներին ամրագրելու մասին հրամանով) հաստատելու դեպքում:
653. Ամբարներ, անոթներ, գլանատակառներ պատրաստելու ժամանակ էլեկտրաեռակցման աշխատանքները կատարվում են դրանց ներսում, աննշան ժամանակ է ծախսվում դրսի կարերը այն տեղերում ձուլակցելու համար, որտեղ տեխնոլոգիապես չի կարելի կիրառել ինքնաշխատ (ավտոմատ) էլեկտրաեռակցում: Դա այդ աշխատանքները կատարողներին չի զրկում թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից, եթե այդ աշխատանքները կատարելու ժամանակահատվածը կազմում է նրանց աշխատաժամանակի 20 տոկոսից ոչ ավելին:
654. Գոյություն ունի ամբարների, անոթների, գլանատակառների ներսը մաքրելու երկու եղանակ: Առաջին եղանակը ամբարները, անոթները, գլանատակառները նավթամթերքներից և քիմիական նյութերից հատուկ քիմիական բաղադրություններով մաքրելն է: Այդ աշխատանքները կատարողների պարագայում պետք է ղեկավարվել այնպիսի փաստաթղթերով, որոնք հաստատում են, որ վերը նշված տարողությունների մեջ եղել են քիմիական նյութեր և նավթամթերքներ: Երկրորդ եղանակի ժամանակ օգտագործվում է կամ մետաղական ավազ (կոտորակ), կամ քվարցային ավազ, որի դեպքում բանվորները պարտադիր կարգով օգտագործում են սկաֆանդրեր կամ հակագազեր: Այդ աշխատողների շարքն են դասվում նաև նրանք, ովքեր կատարում են ոչ թե տարողությունների ներսը մաքրելու աշխատանքներ, այլ կոտորակաշիթային խցերի (կամերաների) ներսի մանրամասերը և իրերը մաքրելու աշխատանքներ` դարձյալ սկաֆանդրերով և հակագազերով: Ընդ որում, սկաֆանդրերը և հակագազերն օգտագործվում են բանվորների անվտանգության նպատակով, և դրանց բացակայությունը աշխատողներին չի զրկում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:
655. Թիվ 1 ցուցակի XX բաժնում նշված են նաև մետաղներ, ձուլվածքներ, իրեր և մանրամասեր մաքրողները, ովքեր մետաղները և մետաղյա իրերը մաքրում են չոր քվարցային ավազով: Դա պայմանավորված է նրանով, որ չոր քվարցային ավազով աշխատելու ժամանակ գոյանում է առողջության համար վնասակար սիլիկոզավտանգ փոշի: Ձուլվածքի մեխանիկական արտադրամասերում մաքրելու աշխատանքներ կատարող բանվորները (եթե այդ ձուլվածքը ձուլման արտադրությունում անցել է սկզբնական մշակման փուլ) թիվ 1 ցուցակի այդ բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են, եթե աշխատում են չոր քվարցային ավազով:
656. Մետաղը կոտորակով կամ մետաղական ավազով մաքրող բանվորների համար (բացի այն աշխատողներից, որոնք այդ աշխատանքները կատարում են կոտորակաշիթային խցերում և տարողությունների ներսում) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք սահմանված չէ:
657. Թիվ 1 ցուցակի XX բաժնում նշված են տաք եղանակով զոդողները և անագապատողները: Զոդողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում, եթե մշտապես զոդում են կապար, ինչպես նաև վտանգավորության 1-2-րդ դասերի վնասակար նյութեր կամ քաղցկեղածին նյութեր պարունակող զոդանյութերով: Տաք եղանակով անագապատողների համար այդ իրավունքը սահմանելիս ոչ մի այլ լրացուցիչ պայման չի պահանջվում, քանի որ նրանք զոդանյութերով չեն աշխատում: Տաք եղանակով անագապատողներին և զոդողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում` անկախ նրանից, թե որ կազմակերպությունում են նրանք աշխատում:
658. Ռադիոսարքերի և էլեկտրոնային տեխնիկայի արտադրության կազմակերպություններում անագապատելու (այդ թվում` տաք եղանակով) և զոդելու աշխատանքներ կատարող բանվորները սույն բաժնում նշված չեն և թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
659. Թիվ 1 ցուցակով այդ իրավունքն ունեն կապարապատողները: Նրանց հավասարեցված են կաշեփողեր մամլող-կապարապատողները, ովքեր կաշեփողերը մամլում են ռետինատեխնիկական իրերի գործարաններում: Նրանք կապարը հալում են կապարահալման գուռերում, իսկ հետո կապարե թաղանթը տեղադրում են կաշեփողերի վրա:
660. Սնդիկով աշխատանքներ կատարող բանվորներին և վարպետներին թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք սնդիկ պարունակող սարքերի և իրերի արտադրություններում անմիջականորեն կատարում են այնպիսի աշխատանքներ, որոնց ժամանակ օգտագործվում է մետաղական սնդիկ, կամ էլ նորոգում և սպասարկում են սարքեր և սարքավորումներ` աշխատելով բաց մետաղական սնդիկով: Այդպիսի սարքեր և սարքավորումներ պատրաստելիս աշխատողներն անմիջականորեն շփվում են մետաղական սնդիկի հետ, քանի որ նրանք կատարում են փորձանոթները փոխելու, սնդիկը մաքրելու և դրանով սարքերի փորձանոթները լցնելու աշխատանքներ: Մետաղական սնդիկ պարունակող սարքերով և սարքավորումներով աշխատողները, ինչպես նաև նրանք, ովքեր աշխատում են այնպիսի արտադրամասերում (տեղամասերում), որտեղ անմիջականորեն սնդիկով կատարվող աշխատանքներով զբաղված են այլ աշխատողներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
661. Սնդիկով աշխատանքներ կատարող վարպետներին թիվ 1 ցուցակի XX բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանց ղեկավարած բոլոր բանվորները լրիվ աշխատանքային օրվա ընթացքում կատարում են սարքերը, սարքավորումները և ագրեգատները սնդիկով լցնելու, դրանցից սնդիկը հեռացնելու և մետաղական սնդիկով կատարվող այլ աշխատանքներ:
662. Սնդիկային ուղղիչների վերամշակման աշխատանքներ կատարող բանվորներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի XX բաժնով:
663. Թիվ 1 ցուցակի XX բաժնով այդ իրավունքից օգտվում են ջրասուզակները, ավագ ջրասուզակները, ջրասուզակային ավագները, հրահանգիչ ջրասուզակները, ջրասուզակային կայանների ավագները (բրիգադավարները), եթե նրանք կատարել են օրացուցային տարում ջրի տակ գտնվելու սահմանված նորման` առնվազն 275 ժամ (ամսական` 25 ժամ), որը պետք է հիմնավորվի ջրասուզակի անձնական գրքույկի գրառումներով: 275 ժամվա մեջ հաշվառվում են նաև ջրասուզակային որակավորման պահպանման համար ուսուցողական, մարզումային ջրասուզումները և խեղդվողներին փրկելու նպատակով ջրասուզումները:
664. Օրացուցային տարում ջրի տակ 275 ժամից պակաս գտնվելու դեպքում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժում հաշվառվում են այն ամիսները, որոնց ընթացքում ջրի տակ կատարվող աշխատանքը մեկ ամսում կազմել է առնվազն 25 ժամ: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը տրվում է անկախ գերատեսչական պատկանելությունից, ջրասուզակային աշխատանքների մասնագիտացման խմբից, դրանց կատարման ժամանակահատվածներից:
665. Թիվ 1 ցուցակի XX բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են մետաղը, մետաղյա իրերը և մանրամասերը չոր եղանակով մաքրող ավազաշիթագործները: Նրանց հավասարեցված են ավազաշիթային սարքերի ապարատավարները և ավազաշիթագործների ենթակայությամբ աշխատող այն բանվորները, որոնք կատարում են մետաղը, մետաղյա իրերը և մանրամասերը չոր եղանակով մաքրելու աշխատանքներ:
666. Ավազաշիթագործների, ձուլվածքներ և կիսաֆաբրիկատներ մաքրողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը քննության առնելիս պետք է նկատի ունենալ, որ թիվ 1 ցուցակի XX բաժնով այդ իրավունքն ունեն այն ավազաշիթագործները, որոնք կատարում են մետաղը, մետաղյա իրերը և մանրամասերը չոր եղանակով մաքրելու աշխատանքներ, ենթադրվում է` ավազով (այն է` լեռնային հանքաքարի բեկորներով, որոնք կազմված են քվարցային ավազից, դաշտային շպատից, փայլարից, հրաբխային ապակուց և այլ հանքանյութերից):
667.Մետաղյա իրերը և մանրամասերը մաքրվում են կոտորակաշիթային խցիկներում և կոտորականետման ապարատներում` օգտագործելով մետաղյա կոտորակներ կամ մետաղաթեփ: Այս եղանակով մաքրելու աշխատանքներ կատարող բանվորները կոչվում են «ձուլվածք և կիսաֆաբրիկատ մաքրողներ», ում արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի XX բաժնով («Ընդհանուր մասնագիտություններ») և թիվ 2 ցուցակի XI բաժնով («Մետաղամշակում»):
668. Ռետինատեխնիկական իրերի գործարաններում կատարվում են նաև կաշեփողերի վրայից կապարե թաղանթ հանելու աշխատանքներ: Այդ աշխատանքները կատարում են կապարե թաղանթ հանողները:
669. Կապարե թաղանթ հանողների աշխատանքի բնույթը և պայմանները համապատասխանում են այն կապարապատողների աշխատանքի բնույթին և պայմաններին, որոնք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի XX բաժնով, ուստի ռետինատեխնիկական իրերի գործարաններում կաշեփողերի վրայից կապարե թաղանթ հանողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում թիվ 1 ցուցակի XX բաժնով:
670. Թիվ 1 ցուցակի XX բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն խածատողները, որոնք կատարում են պողպատե և պղնձե թիթեղներ, սև մետաղի կիսահումք, գործիքներ և այլ իրեր խածատելու աշխատանքներ: Նրանցից պետք է տարբերել այն խածատողներին, ովքեր կատարում են ճշգրիտ խածատման աշխատանքներ, ինչպես նաև ռադիոտեխնիկական արտադրությունում կիսահաղորդիչներ խածատողներին, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Բացի դրանից, կարող են լինել այլ խածատողներ (օրինակ` ժամացույցների արտադրությունում քարեր, կերամիկական և ապակե իրեր խածատողները և այլն), ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
671. Խածատողների ենթակայությամբ աշխատող բանվորները` մետաղը և մետաղյա իրերը թթուներում թթվեցնողները, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի XX բաժնով:
672. Ռետինե խառնուրդ գրտնակողներին թիվ 2 ցուցակով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք մշտապես կատարում են փափուկ անոթներ (բաքեր) պատրաստելու և նորոգելու աշխատանքներ կամ աշխատում են ավտոդողերի նորոգման կազմակերպություններում (այս դեպքում նշանակություն չունի, թե նրանք ինչ գործառնություններ են կատարում): Այդ իրավունքից օգտվում են նաև ռետինապատողները, ինչպես նաև ռետինե իրեր նորոգողները, ովքեր կատարում են ռետինապատման աշխատանքներ: Մանրամասեր պատողներին թիվ 2 ցուցակով կենսաթոշակի իրավունք է տրվում, եթե նրանք պատրաստում են փափուկ անոթներ (բաքեր) և աշխատում են ավտոդողերի նորոգման կազմակերպություններում: Մանրամասեր պատողները, ովքեր նորոգում են փափուկ անոթներ (բաքեր), արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:
673. Ավտոդողերի նորոգման կազմակերպություններում, ինչպես նաև ավտոտնտեսություններում և այլ կազմակերպություններում վերացվում են ռետինե իրերի (այդ թվում` ավտոդողերի) թերությունները: Այդ աշխատանքները կատարում են «ռետին» իր նորոգողե մասնագիտության բանվորները: Ավտոդողերը նորոգելու և դրանց թերությունները վերացնելու տեխնոլոգիական գործընթացի մեջ մտնում են մի շարք գործառնություններ` վնասված մասերը զննելը և կտրել-հեռացնելը, վնասված մասերը ռետինե խառնուրդով կցելը, շտկված մասերը համապատասխան սարքերով ռետինապատելը և այլն:
674. Ռետինե իր նորոգողները թիվ 2 ցուցակի XXX բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են, եթե կատարում են միայն ռետինե իր (ավտոդող) ռետինապատելու աշխատանքներ:
675. Թիվ 2 ցուցակի XXX բաժնում նշված են ացետիլենային կայանքների գեներատորագործները, ովքեր սպասարկում են ացետիլենային գազագեներատորները, ացետիլենի` տարբեր արտադրողականություն ունեցող կայանքները կամ կայանները: Ացետիլենային կայանքների գեներատորագործներն աշխատում են ոչ միայն արդյունաբերությունում և տրանսպորտում, այլ նաև առևտրում (բաշխիչ սառնարանների և սառցակոմբինատների ճնշակային (կոմպրեսորային) արտադրամասեր) և տնտեսության այլ ճյուղերում: Բոլոր դեպքերում նրանք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում թիվ 2 ցուցակով:
676. Թիվ 2 ցուցակի XXX բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն ակումուլյատորագործները (ուժակուտակչագործները), ովքեր կատարում են ակումուլյատորները (ուժակուտակիչները) լիցքավորելու աշխատանքներ:
677. Ուժակուտակչագործների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը պայմանավորված չէ նրանց սպասարկած ուժակուտակիչների տեսակից, քանի որ ցուցակով այդպիսի պայման նախատեսված չէ: Նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքն անհրաժեշտ է քննության առնել` ելնելով ուժակուտակիչների լիցքավորման աշխատանքներով նրանց մշտական զբաղվածությունից:
678. Թիվ 2 ցուցակի XXX բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն բակելիտագործները (տոգորողները), ովքեր կատարում են բակելիտով մանրամասեր տոգորելու աշխատանքներ:
679. Բակելիտագործների աշխատանքների մեջ մտնում են մանրամասեր տոգորելը և դրանք բակելիտային և գլիֆտալիտային լաքով շերտապատելը, տոգորելուց և շերտապատելուց առաջ մանրամասերը յուղազրկելը և չորացնելը: Սակայն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են միայն այն բակելիտագործները (բակելիզագործները), ովքեր վարում են մանրամասերը բակելիտային լաքով տոգորելու գործառնություններ, ինչը պետք է հիմնավորվի փաստաթղթերով: Բակելիտացված ձուլվածքներ և իրեր չորացնելը բակելիտագործներին չի զրկում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:
680. Առանցքակալները, սռնակալները և մետաղյա այլ իրեր գազայրիչներով բաբիտով գազաեռակցողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի XXX բաժնով:
681. Թիվ 2 ցուցակի XXX բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն արդյունաբերության և տրանսպորտի կազմակերպությունների ամիակասառնարանային սարքեր սպասարկող մեքենավարները (շարժիչագործները և ճնշակագործները):
682. Թիվ 2 ցուցակի XXX բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն աշխատողները, ովքեր զբաղված են ՈՒԿՎ (գերկարճ ալիքների), ՈՒՎՉ (ուլտրաբարձր հաճախականության), ՍՎՉ (գերբարձր հաճախականության) ճառագայթման աղբյուրներով կատարվող աշխատանքներով, որոնք պահանջում են այդ ճառագայթումից անհատական պաշտպանության միջոցների պարտադիր օգտագործում: Գերկարճ ալիքների, ուլտրաբարձր հաճախականության ճառագայթման աղբյուրների շարքն են դասվում բարձր հաճախականության սարքերը, որոնց հաճախականությունը 30 մեգահերց ու բարձր է, իսկ գերբարձր հաճախականության աղբյուրների շարքը` այն սարքերը, որոնց հաճախականությունը 300 մեգահերց ու բարձր է: Ընդ որում` աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն նաև այն դեպքում, երբ աշխատանքներ են կատարում ՈՒԿՎ, ՈՒՎՉ, ՍՎՉ ճառագայթման ոչ բոլոր աղբյուրներով: Ճառագայթումից անհատական պաշտպանության միջոցների պարտադիր օգտագործում չպահանջող աշխատանքներն այդպիսի իրավունք չեն տալիս: Նշված աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս հաճախ հաշվի չի առնվում շատ կարևոր մի հանգամանք, այն է` ՈՒԿՎ, ՈՒՎՉ, ՍՎՉ ճառագայթման աղբյուրներով աշխատող ղեկավարներն այդպիսի կենսաթոշակի իրավունք չունեն, օրինակ` գլխավոր ճարտարագետները (ինժեներները), վարպետները, տեղամասերի պետերը և այլն: Այդ իրավունքից օգտվում են բանվորները և մասնագետները: Մասնագետների շարքն են դասվում ճարտարագետները (ինժեներները) և ավագ ճարտարագետները (ինժեներները), տեխնիկները և ավագ տեխնիկները, ռադիոտեխնիկները և ավագ ռադիոտեխնիկները և այլն:
683. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակային ապահովության համար նշանակություն չունի ՈՒԿՎ, ՈՒՎՉ, ՍՎՉ ճառագայթման աղբյուրներ ունեցող սարքերով կատարվող աշխատանքի բնույթը: Այսպես, այդ իրավունքից օգտվում են այդ սարքերով եռակցման աշխատանքներ կատարողները` անկախ նրանից, թե ինչ նյութերից պատրաստված իրեր են եռակցում, այդ թվում` պոլիվինիլքլորիդային պլաստիկատից:
684. Թիվ 2 ցուցակի XXX բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում գազաեռակցողներին և ձեռքով եռակցող էլեկտրաեռակցողներին: Եթե անձի աշխատանքային գրքույկում գրառված է, որ նա աշխատել է որպես եռակցող և այդ աշխատանքները կատարել է շինարարական կազմակերպությունում, ապա նրան արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում թիվ 2 ցուցակի XXX բաժնով:
685. Թիվ 1 ցուցակի XX բաժնում և թիվ 2 ցուցակի XXX բաժնում նշված աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում` անկախ նրանից, թե տնտեսության որ ճյուղերում են նրանք աշխատում: Օրինակ` թիվ 1 ցուցակի XX բաժնում նշված խածատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն անկախ նրանից` աշխատում են մետաղագործական, թե մեքենաշինական արտադրությունում, կենցաղային տնտեսությունում, երկաթուղային տրանսպորտում, թե կապի կազմակերպություններում և այլն:
26. ՏՐԱՆՍՊՈՐՏ
(ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XVIII ԵՎ ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XXV)
686. Թիվ 1 ցուցակի XVIII բաժնի և թիվ 2 ցուցակի XXV բաժնի 1-ին ենթաբաժիններով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են երկաթուղային տրանսպորտի համակարգի այն աշխատողները, որոնք աշխատում են դեպոյում, նորոգման գործարանում և այլ կազմակերպություններում, որոնք անմիջականորեն չեն մասնակցում բեռներ տեղափոխելու և երկաթուղային տրանսպորտում երթևեկության անվտանգությունը կազմակերպելու աշխատանքներին:
687. Թիվ 1 ցուցակի XVIII բաժնի 1-ին ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են կալանդագործները, կապարաանագային համաձուլվածք լցնողները, խողովակ ծակոտող-ներփչողները, շարժակազմ նորոգող փականագործները, ովքեր գլանատակառներից (ցիստեռններից) էթիլային հեղուկը բեռնաթափելուց հետո դրանք նորոգում են, ինչպես նաև լցնում, նորոգում և փոխում են դրանց կափույրները:
688. Այն աշխատողները, անկախ մասնագիտության անվանումից, որոնք կատարում են գլանատակառների ներսը նավթամթերքներից և քիմիական նյութերից մաքրելու աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի XX բաժնով («Ընդհանուր մասնագիտություններ»):
689. Շարժակազմ նորոգող փականագործները թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն, եթե նորոգում են էթիլային հեղուկի գլանատակառները կամ կատարում են դրանք լցնելու և դրանց կափույրները փոխելու աշխատանքներ, որոնք կատարվում են լվացման-շոգեհարման կայաններում և տեխնիկական սպասարկման կետերում: Գլանատակառները նորոգելուն, լցնելուն և դրանց կափույրները փոխելուն նախորդող մաքրելու և շոգեհարելու աշխատանքներ կատարելը շարժակազմ նորոգող փականագործներին չի զրկում թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:
27. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԴԻԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄ, ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՕԳՏԱՀԱՆՈՒՄ (ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XXVII)
690. Սույն բաժնում նշված են այն բանվորները, ղեկավարները և մասնագետները, որոնք կենդանիների դիակները հավաքում, վերամշակում և օգտահանում են մասնագիտացված գործարաններում (արտադրամասերում):
691. Թիվ 2 ցուցակի XXVII բաժնի 1-ին ենթաբաժնում նշված են տեխնիկական արտադրանքի արտադրության ապարատավարները: Նրանց հավասարեցված են մի շարք մասնագիտությունների բանվորներ, օրինակ` տեխնիկական հումք մշակող ապարատավարները, ոսկրային ալյուրի արտադրության ապարատավարները:
692. Ղեկավարներից և մասնագետներից թիվ 2 ցուցակի XXVII բաժնի 1-ին ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն միայն վարպետները (արտադրական), եթե աշխատում են այնպիսի տեղամասերում, որտեղ նրանց ղեկավարած բանվորների 50%-ից ավելին օգտվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:
693. Թիվ 2 ցուցակի XXVII բաժնի 2-րդ ենթաբաժնում նշված են միայն թունաքիմիկատների մատակարարման պահեստային բազաների բանվորները:
694. Այն բանվորները, որոնց մասնագիտությունները նշված են թիվ 2 ցուցակի XXVII բաժնի 2-րդ ենթաբաժնում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են, եթե անմիջականորեն կատարում են թունաքիմիկատ բեռնելու, բեռնաթափելու և պահեստավորելու գործառնություններ: Դա վերաբերում է նաև պահեստապետներին: Բացի պահեստապետներից, այդ ենթաբաժնում նշված են նաև բեռնակիրները, ամբարձիչի վարորդները, ինքնագնաց ամբարձիչի մեքենավարները և բեռնիչ մեքենայի մեքենավարները:
28. ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՀԻՄՆԱՎՈՐԵԼԸ
695. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը կարելի է հիմնավորել միայն փաստաթղթերով: Աշխատողների մասնագիտությունների և պաշտոնների մասին տեղեկություններն արտացոլվում են աշխատանքային գրքույկում: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժի հիմնավորման խնդիրներ են առաջանում միայն այն դեպքում, երբ մասնագիտության կամ պաշտոնի անվանումը ճիշտ չի նշվել:
696. Բավականին բարդ է լրացուցիչ գործոնները (ցուցանիշերը) փաստաթղթերով հիմնավորելը, (ստորգետնյա կամ տաք պայմաններում աշխատելը, աշխատանքի ընթացքում վնասակար նյութեր օգտագործելը և այլն):
697. Լրացուցիչ գործոնների բովանդակությունը բավականին բազմազան է, այդ պատճառով` կենսաթոշակային արտոնություն տվող աշխատատանքներ կատարելու մասին տեղեկություններ կան տարբեր փաստաթղթերում: Այդ փաստաթղթերը կազմակերպությունում միշտ էլ կան, բայց պետք է իմանալ (թեկուզ մոտավորոպես), թե որ փաստաթղթերի մեջ դրանք պետք է որոնել: Ստորգետնյա պայմաններում աշխատելու մասին տեղեկությունները կարող են գտնվել մի խումբ փաստաթղթերում, իսկ վնասակար նյութերով աշխատելու մասին տեղեկությունները` մի այլ խումբ փաստաթղթերում: Այդ փաստաթղթերը կարելի է խմբավորվել 7 գործոններով (ցուցանիշներով), որոնք ներառում են հատուկ աշխատանքային պայմաններում աշխատելուն վերաբերող հիմնական դեպքերը.
1) աշխատանք ստորգետնյա պայմաններում.
2) աշխատանք վնասակար և ծանր պայմաններում.
3) որոշակի տեսակի աշխատանքներ.
4) աշխատանք որոշակի աշխատատեղում և որոշակի կառուցվածքային ստորաբաժանումում.
5) որոշակի աշխատանքի անմիջական կատարում.
6) աշխատանք որոշակի սարքավորումով.
7) այլ գործոններ (ցուցանիշներ):
ՑՈՒՑԱՆԻՇ (ԳՈՐԾՈՆ) 1. Աշխատանք ստորգետնյա պայմաններում
Անհրաժեշտ տվյալներ պարունակող փաստաթղթերի մոտավոր ցանկը | |
Փաստաթղթի անվանումը |
Տվյալներ, որոնք կարող են օգտագործվել ցուցանիշը (գործոնը) հաստատելու համար |
Հրաման (կարգադրություն) աշխատանքի ընդունելու (տեղափոխելու) կամ աշխատանքից ազատելու մասին Մատյան (հաշվետախտակ) հանքահոր իջնելու և բարձրանալու մասին Հաստիքային ցուցակները (հաստիքային տեղաբաշխում) Աշխատողներին կցված ուժակուտակիչների (ակումուլյատորների) համարի մատյանը Մարկշեյդերական փաստաթղթեր Ստորգետնյա պայմաններում աշխատած ժամանակաշրջանի մասին մատյան (քարտեր, գրքեր) |
Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, պաշտոնը, կառուցվածքային ստորաբաժանումը (հանքահոր, ստորգետնյա հանքարան և այլն) Աշխատողի ազգանունը կամ նրա հաշվետախտակային համարը, հանքահոր իջնելու և բարձրանալու ամիս- ամսաթիվը Բաժնի, տեղամասի, արտադրամասի աշխատողների մասնագիտությունները և պաշտոնները Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը և պաշտոնը, ուժակուտակչին (ակումուլյատորին) կցելու ամիս ամսաթիվը Հանքային աշխատանքների կատարման ձևը (ստորգետնյա, բաց հանքային, խառը ) Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը և պաշտոնը, աշխատանքի վայրը, աշխատանքի տևողությունը |
ՑՈՒՑԱՆԻՇ (ԳՈՐԾՈՆ) 2. Աշխատանք վնասակար և ծանր պայմաններում
ՑՈՒՑԱՆԻՇ Անհրաժեշտ տվյալներ պարունակող փաստաթղթերի մոտավոր ցանկը | |
Փաստաթղթի անվանումը |
Տվյալներ, որոնք կարող են օգտագործվել ցուցանիշը (գործոնը) հաստատելու համար |
Արտադրության տեխնոլոգիական աշխատակարգ (ռեգլամենտ), քարտեր, ժամակարգ (ռեժիմ) և այլն
Արտադրամասի տեխնոլոգիական պլանավորումը
Հիմնական միջոցների (սարքավորումների) գույքացուցակ
Պլանային նախազգուշական վերանորոգում անցկացնելու ժամանակացույց
Արտադրամասի, բաժնի լաբորատորիայի անձնակազմի հաշվառման մատյան
Աշխատանքների որոշակի տեղամասերին և սարքավորումներին կցելու մասին հրաման (կարգադրություն)
Աշխատաժամանակի հաշվառման հաշվետախտակ (տաբել)
Աշխատանքների կատարման կարգագրեր (նարյադներ), նորմավորված հանձնարարականներ
Աշխատանքի պաշտպանության հրահանգի գրանցման մատյան (հրահանգի անձնական քարտ)
Պաշտոնային (աշխատանքային) հրահանգ |
Բոլոր տեխնոլոգիական գործընթացների և գործառնությունների ջերմային ռեժիմները, օգտագործվող սարքավորումների տեսակը, նյութերի, լուծիչների անվանումը և այլն
Աշխատանքների տաք տեղամասերում սարքավորումների տեղաբաշխումը
Տաք եղանակով արտադրություն ունեցող արտադրամասերի (բաժինների) սարքավորումների տեսակը և անվանումը
Վերանորոգման տեսակներն ըստ սարքավորումների և աշխատանքների պայմանների (տաք, սառը)
Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը կամ պաշտոնը, աշխատանքի տեղամասը կամ սարքավորումը, որով նա աշխատում է
Աշխատողների ազգանուններն ըստ կառուցվածքային ստորաբաժանման, մասնագիտությունները, կատարվող աշխատանքների բնույթը
Վերանորոգող բանվորներին որոշակի սարքավորման կցելը` ըստ արտադրամասի յուրաքանչյուր ստորաբաժանման
Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը կամ պաշտոնը, կատարվող աշխատանքի տեղը կամ բնույթը
Տվյալ մասնագիտության, պաշտոնի աշխատանքների բնույթը
Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, պաշտոնի անվանումը, օգտագործվող նյութերը և հումքը, աշխատանքի պայմանները |
Օրինակներ` 1. աշխատանք տաք աշխատատեղերում, տաք նյութերով, վնասակար պայմաններ ունեցող տեղամասերում և այլն. 2. ձուլման արտադրամասի կռունկավարի` տաք տեղամասերում աշխատելը կարող է հիմնավորվել հետևյալ փաստաթղթերով` 1) որոշակի տեղամասում բանվորներին կռունկին կցելու մասին պետի հրամանը (ձուլելու, լցնելու տեղամասեր), 2) արտադրամասի տեխնոլոգիական պլանավորումն ըստ սարքավորումների տեղաբաշխման, 3) լաբորատոր տարրալուծումների (անալիզների) մատյան, որում արտացոլված են աշխատատեղի ջերմության չափումների արդյունքները: |
ՑՈՒՑԱՆԻՇ (ԳՈՐԾՈՆ) 3. Որոշակի տեսակի աշխատանքներ
Անհրաժեշտ տվյալներ պարունակող փաստաթղթերի մոտավոր ցանկը | |
Փաստաթղթի անվանումը |
Տվյալներ, որոնք կարող են օգտագործվել ցուցանիշը (գործոնը) հաստատելու համար |
Հրաման (կարգադրություն) աշխատանքի ընդունելու, տեղափոխելու կամ ազատելու մասին
Հրաման որոշակի աշխատանքային տեղամասի և սարքավորման կցելու մասին
Հրաման (կարգադրություն) բրիգադ ստեղծելու մասին
Պաշտոնային (աշխատանքային) հրահանգ
Աշխատանքի կատարման կարգագրեր (նարյադներ), նորմավորման հանձնարարականներ
Հիմնական միջոցների (սարքավորումների) գույքագրման ցուցակ
Հանձնարարականների մատյան, բրիգադավարի աշխատանքային գիրք |
Աշխատողի ազգանունը, աշխատանքի բնույթը, մասնագիտությունը
Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, աշխատանքի տեղամասը կամ սարքավորումը, որով նա աշխատում է, աշխատանքի տեսակը
Բրիգադի բանվորների ազգանունները, մասնագիտությունները
Տվյալ մասնագիտության կամ պաշտոնի աշխատանքի բնույթը
Աշխատողի կամ բրիգադիրի ազգանունը, աշխատանքների ցանկը, դրանց կատարման ամիս-ամսաթիվը
Սարքավորման անվանումը և տեսակն ըստ կառուցվածքային ստորաբաժանումների
Բանվորի ազգանունը, աշխատանքի տեսակը և կատարման վայրը |
Օրինակ` կենսաթոշակի համար դիմողի աշխատանքային գրքույկում նշված է, որ նա աշխատել է 5-րդ արտադրամասում` որպես հղկող բանվոր: Այդ արտադրամասի տեխնոլոգիական քարտով հիմնավորվել է, որ մետաղյա իրերը հղկվում են ինչպես չոր եղանակով, այնպես էլ էմուլսիայով: Աշխատողներին սարքավորումներին կցելու մասին հրամանով կարելի է պարզել, թե ինչ հաստոցով է աշխատել բանվորը, իսկ հաստոցի անձնագրի հիման վրա` սառեցնող սարքի առկայությունը կամ բացակայությունը: |
ՑՈՒՑԱՆԻՇ (ԳՈՐԾՈՆ) 4. Աշխատանք որոշակի աշխատատեղերում և որոշակի կառուցվածքային ստորաբաժանումներում
Անհրաժեշտ տվյալներ պարունակող փաստաթղթերի մոտավոր ցանկը | |
Փաստաթղթի անվանումը |
Տվյալներ, որոնք կարող են օգտագործվել ցուցանիշը (գործոնը) հաստատելու համար |
Հրաման (կարգադրություն) որոշակի աշխատատեղերի և սարքավորումների կցելու մասին
Հրաման (կարգադրություն) բրիգադ ստեղծելու մասին
Աշխատանքի կատարման կարգագրեր (նարյադներ), նորմավորման հանձնարարականներ
Սարքավորման տեխնիկական անձնագիր
Արտադրամասի, տեղամասի և կառուցվածքային այլ ստորաբաժանումների պլանավորում
Հանքային աշխատանքների պլան
Աշխատաժամանակի հաշվառման հաշվետախտակ (տաբել) |
Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, արտադրամասը, մեքենան, որը նա սպասարկում է
Բրիգադի բանվորների ազգանունները, մասնագիտությունները
Բանվորի կամ բրիգադավարի ազգանունը, արտադրամասը, կատարվող աշխատանքի տեսակը
Սարքավորման տեխնիկական տվյալները, շահագործման հանձնելու ամիս-ամսաթիվը և տեղը
Տեղեկություններ որոշակի տարածքներում սարքավորումներ տեղադրելու մասին
Հանքային որոշակի աշխատանքների կատարման տեղը
Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը կամ պաշտոնը և աշխատատեղը կամ սարքավորումը, որով նա աշխատում է |
Օրինակ. 1. աշխատանք թունելներում, ձուլող վառարաններով, գալվանական գուռերով, ձուլող տեղամասերում, պոչային տնտեսությունում, արտադրամասերում, տեղամասերում, քիմիական ստորաբաժանումներում և այլն, 2. որոշակի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատելու հանգամանքը հաստատելու համար բավական է երկու փաստաթուղթ` աշխատանքային գրքույկը և հաստիքային ցուցակը: Այսպես, եթե աշխատանքային գրքույկում կա գրառում մանվածքային արտադրամասում լաբորանտ աշխատելու մասին, իսկ հաստիքային ցուցակով այդ արտադրությունում նախատեսված է մեկ քիմիական լաբորատորիա, ապա տվյալ աշխատողին պետք է կենսաթոշակ նշանակվի թիվ 1 ցուցակի XVI բաժնով` որպես արտադրամասի քիմիական լաբորատորիայի լաբորանտի: |
ՑՈՒՑԱՆԻՇ (ԳՈՐԾՈՆ) 5. Որոշակի աշխատանքների անմիջական կատարում
Անհրաժեշտ տվյալներ պարունակող փաստաթղթերի մոտավոր ցանկը | |
Փաստաթղթի անվանումը |
Տվյալներ, որոնք կարող են օգտագործվել ցուցանիշը (գործոնը) հաստատելու համար |
Հրաման (կարգադրություն) աշխատանքի ընդունելու, փոխադրելու, աշխատանքից ազատելու մասին
Աշխատավարձի հաշվարկման մատյան (քարտ)
Հաստիքային ցուցակ (հաստիքային տեղաբաշխում)
Աշխատանքի (հերթապահության) ժամանակացույց
Անհատական բաժնաչափական հսկողության մատյան (ճառագայթային ծանրաբեռնվածության հաշվառման մատյան)
Ճառագայթաակտիվ աղբյուրների հանձնում
Աշխատավարձի վճարման հաշվեցուցակներ
Պաշտոնային (աշխատանքային) հրահանգ |
Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, պաշտոնը, կառուցվածքային ստորաբաժանման անվանումը
Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, աշխատանքի վայրը և տեսակը
Կառուցվածքային ստորաբաժանումների, մասնագիտությունների և պաշտոնների անվանումներն ըստ յուրաքանչյուր ստորաբաժանման
Աշխատողի ազգանունը, աշխատանքի տեղը և հերթապահության ամիս ամսաթիվը
Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը կամ պաշտոնը, աշխատանքի տեղը, ճառագայթման բաժնաչափը
Աշխատողի ազգանունը, ճառագայթաակտիվ աղբյուրներով աշխատելու ժամանակաշրջանը
Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, պաշտոնը, կառուցվածքային ստորաբաժանման անվանումը
Տվյալ մասնագիտությունով, պաշտոնում կատարվող աշխատանքի բնույթը |
Օրինակ` առողջապահության հիմնարկների աշխատողներ, ովքեր անմիջականորեն աշխատում են ճառագայթաակտիվ նյութերով. աշխատողներ, ովքեր անմիջականորեն սպասարկում են հիվանդներին: |
ՑՈՒՑԱՆԻՇ (ԳՈՐԾՈՆ) 6. Աշխատանք որոշակի սարքավորումներով
Անհրաժեշտ տվյալներ պարունակող փաստաթղթերի մոտավոր ցանկը | |
Փաստաթղթի անվանումը |
Տվյալներ, որոնք կարող են օգտագործվել ցուցանիշը (գործոնը) հաստատելու համար |
Հրաման (կարգադրություն) աշխատանքի ընդունելու, փոխադրելու, աշխատանքից ազատելու մասին
Հիմնական միջոցների (սարքավորումների) գույքագրման ցուցակներ
Հրաման (կարգադրություն) որոշակի աշխատատեղի կամ սարքավորման կցելու մասին
Հրաման (կարգադրություն) բրիգադ ստեղծելու մասին
Աշխատանքներ կատարելուն վերաբերող կարգադրություններ
Աշխատաժամանակի հաշվառման մատյան
Սարքավորումների տեխնիկական անձնագիր
Պաշտոնային (աշխատանքային) հրահանգ |
Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, պաշտոնը, արտադրամասը (բաժինը), սպասարկվող սարքավորման տեսակը
Սարքավորման անվանումը և տեսակն ըստ կազմակերպության ստորաբաժանումների
Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, արտադրամասը, սպասարկվող սարքը կամ մեքենան
Բրիգադի անդամների ազգանունները և մասնագիտությունները
Բանվորի կամ բրիգադիրի ազգանունը, արտադրամասի անվանումը, կատարվող աշխատանքի տեսակը
Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, կատարվող աշխատանքի տեսակը
Սարքավորման տեխնիկական տվյալները, շահագործման հանձնելու տեղը և ամիս ամսաթիվը
Աշխատանքների բնույթը և սպասարկվող սարքավորման տեսակն ըստ տվյալ մասնագիտության կամ պաշտոնի |
Օրինակ` աշխատանք ձուլման մեքենաներով, փորձարարական սարքերով, ավտոմատ և կիսաավտոմատ մեքենաներով, ռենտգեն սարքերով և այլն: |
ՑՈՒՑԱՆԻՇ (ԳՈՐԾՈՆ) 7. Այլ գործոններ
Անհրաժեշտ տվյալներ պարունակող փաստաթղթերի մոտավոր ցանկը | |
Փաստաթղթի անվանումը |
Տվյալներ, որոնք կարող են օգտագործվել ցուցանիշը (գործոնը) հաստատելու համար |
Հրաման (կարգադրություն) աշխատանքի ընդունելու, փոխադրելու, աշխատանքից ազատելու մասին
Հաստիքային ցուցակ (հաստիքային տեղաբաշխում)
Հիմնական միջոցների (սարքավորումների) գույքագրման ցուցակ
Ըստ աշխատանքի պայմանների աշխատատեղերի ատեստացիայի քարտ
Պաշտոնային հրահանգ |
Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, պաշտոնը, ստորաբաժանումը, սպասարկվող սարքավորման տեսակը
Մասնագիտությունների և պաշտոնների տեղաբաշխումն ըստ կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների
Սարքավորումների անվանումը և տեսակն ըստ ստորաբաժանումների
Մասնագիտությունները, պաշտոնները, կատարվող աշխատանքների բնույթը, հատուկ պայմաններում աշխատելու համար տրվող արտոնությունները
Կատարվող աշխատանքի բնույթը |
Հավելված N 2 |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող
աշխատանքային ստաժի մասին
Տրվում է ______________________________________________________________________-ին,
(անուն, հայրանուն, ազգանուն)
որ նա_______________ ________________-ից մինչև ________________ __________________-ն
(օրը, ամիսը, տարեթիվը) |
(օրը, ամիսը, տարեթիվը) |
աշխատել է ______________________________________________________________________ -ի
(կազմակերպության անվանումը)
__________________ ____________________________________________________-ում
(արտադրամասը, արտադրությունը)
որպես ______________________________________________________________________,
(մասնագիտությունը կամ պաշտոնը)
որը նախատեսված է ՀՀ կառավարության 12.01.2012թ. թիվ 12- Ն որոշմամբ հաստատված` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող թիվ ________
ցուցակի_______________բաժնի_______________ենթաբաժնի ____կետի_______________ծածկագրով:
Տրվում է ներակայացնելու կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:
Կազմակերպության ղեկավար_______________ _______________
(ստորագրություն) |
( անուն, ազգանուն) |
Կադրերի բաժնի պետ _______________ _______________
(ստորագրություն) |
( անուն, ազգանուն) |
Կ.Տ. ____ ___________20__թ.
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|