Գլխավոր տեղեկություն
Номер
N 331-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.01.2012-10.07.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.12.26/29(412).1 Հոդ.416.26
Принят
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
28.11.2011
Подписан
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
28.11.2011
Дата вступления в силу
01.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 32211530


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

28 նոյեմբերի 2011 թ.
ք. Երևան

N 331-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության տրամադրման ընթացակարգերի առանձնահատկությունները» համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Կոմիտեի նախագահ՝

Ե. Զախարյան

 

  

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի պետական

կոմիտեի նախագահի

2011 թվականի նոյեմբերի 28-ի

N 331-Ն հրամանի

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույնով սահմանվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված կարգով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն ստանալու դիմումների ներկայացման և տեղեկատվության տրամադրման ընթացակարգերի առանձնահատկությունները:

2. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն ստանալու դիմումներն ու դրանց կից փաստաթղթերը առցանց ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Անշարժ գույքի պետական ռեգիստր) պաշտոնական կայքէջում` www.cadastre.am հասցեով:

3. Անշարժ գույքի գրանցման մատյանից և կադաստրային գործից անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների միասնական քաղվածքի, գույքի նկատմամբ գրանցված առանձին իրավունքների, սահմանափակումների կամ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում առկա գույքի վերաբերյալ այլ տեղեկությունների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն, բացառությամբ պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների և Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկությունների, ստանալու նպատակով լրացվում է կայքէջում տեղադրված համապատասխան դիմումի էլեկտրոնային ձևաթուղթը, որը պետք է բովանդակի Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 2-6-րդ կետերով սահմանված տվյալները, ինչպես նաև հայցվող տեղեկատվության էությունը և անշարժ գույքի միավորը որոշելու համար անհրաժեշտ տվյալները:

4. Անշարժ գույքի գրանցման մատյանից և կադաստրային գործից անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների միասնական քաղվածք ստանալու դիմումի էլեկտրոնային ձևաթղթում պետք է լրացվի նաև տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը:

5. Դիմումը Կայքէջի դիմումների ներկայացման էլեկտրոնային համակարգում մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային ժամվա ընթացքում դիմումը մուտքագրվում է անշարժ գույքի գրանցման ավտոմատացված էլեկտրոնային համակարգ և դիմումի ընդունման ստացականի էլեկտրոնային տարբերակը ուղարկվում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով:

6. Կադաստրային գործի առանձին փաստաթղթերի քաղվածքների կամ պատճենների ձևով տեղեկատվություն ստանալու համար առցանց դիմումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված «Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների և փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգ»-ին համապատասխան:

7. Սույն կարգով սահմանված էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներով տեղեկատվության տրամադրման վճարը վճարվում է Կայքէջում հասանելի վճարահաշվարկային համակարգի միջոցով:

8. Հայցվող տեղեկատվությունը տրամադրվում է տեղեկատվության տրամադրման համար Օրենքով սահմանված ժամկետներում, ընդ որում, դիմումի ներկայացման պահ է համարվում դիմումն անշարժ գույքի գրանցման ավտոմատացված էլեկտրոնային համակարգ մուտքագրվելու պահը:

9. Սույն կարգով հայցվող անշարժ գույքի գրանցման մատյանից և կադաստրային գործից անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների միասնական քաղվածքի, գույքի նկատմամբ գրանցված առանձին իրավունքների, սահմանափակումների կամ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում առկա գույքի վերաբերյալ այլ տեղեկանքների էլեկտրոնային տարբերակները ուղարկվում են դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ կադաստրային գործի առանձին փաստաթղթերի քաղվածքները կամ պատճենները` դիմողի էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրում նշված էլեկտրոնային փոստի հասցեով:

Սույն կետով սահմանված կարգով դիմողի էլեկտրոնային փոստի հասցեով առաքված անշարժ գույքի գրանցման մատյանից և կադաստրային գործից անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների միասնական քաղվածքի, գույքի նկատմամբ գրանցված առանձին իրավունքների, սահմանափակումների կամ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում առկա գույքի վերաբերյալ այլ տեղեկանքների բնօրինակները դիմողին տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներից: