Գլխավոր տեղեկություն
Номер
N 1050-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.12.2011-11.11.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.10.15/28(346) Հոդ.326
Принят
Պաշտպանության նախարար
Дата принятия
25.09.2009
Подписан
Պաշտպանության նախարար
Дата подписания
25.09.2009
Дата вступления в силу
25.10.2009

 «Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11309331

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 սեպտեմբերի 2009 թ.

ք. Երևան

N 1050-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔՆՆԻՉԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53.1. հոդվածի 2-րդ մասով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննություններ անցկացնելու կարգը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետին` ստանձնել հրամանի կատարման հսկողությունը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1412 հրամանը:

 

ՀՀ պաշտպանության նախարար

Ս. Օհանյան

 

 

Հավելված
ՀՀ պաշտպանության նախարարի
2009 թվականի սեպտեմբեր 25-ի
N 1050-Ն հրամանի

 

 Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔՆՆԻՉԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննություններ անցկացնելու ընթացակարգը, ինչպես նաև երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ` Նախարարություն) համակարգում քննիչի պաշտոն զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան:

2. Քննությանը մասնակցելու իրավունք չունի Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի տվյալները չեն բավարարում «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) պահանջներին:

3. Քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննությանը կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով բավարարում է Օրենքով քննիչի պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող պահանջները, ինչպես նաև «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն տիրապետում է հայերենին:

4. Քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի (այսուհետ` Նախարար) կողմից սույն կարգով ստեղծված քննական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` կազմը համաձայն հավելվածի (կցվում է):

5. Քննություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, բացառությամբ սույն կարգի 73-րդ կետով նախատեսված դեպքի:

(5-րդ կետը փոփ. 06.07.11 N 780-Ն, խմբ. 24.10.11 N 1250-Ն)

 

II. ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննության անցկացման մասին հայտարարությունը (այսուհետ` Հայտարարություն) և ծրագիր-հարցաշարը հրապարակվում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև ինտերնետում՝ Նախարարության պաշտոնական կայքում:

7. Հայտարարությունը հրապարակվում է քննությունն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս, իսկ ծրագիր-հարցաշարը` ոչ ուշ, քան 15 օր առաջ: Հայտարարությունը կարող է պարբերաբար հրապարակվել մինչև սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետը:

8. Հայտարարությունը պետք է ընդգրկի առնվազն հետևյալ տվյալները.

1) քննությունն անցկացնող մարմնի անվանումը,

2) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի քննության անցկացման մասին Հայտարարության առաջին հրապարակման 15-րդ օրը,

3) քննության անցկացման օրը, ժամը և վայրը,

4) Օրենքի 53.1. հոդվածի 2-րդ մասի պահանջները:

 

III. ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

9. Քննությանը մասնակցելու համար թեկնածուն (այսուհետ` Քննիչի թեկնածու) քննչական ծառայության (այսուհետ` Ծառայություն) կադրերի բաժանմունք է ներկայացնում.

1) գրավոր դիմում (տրվում է Հանձնաժողովի նախագահի անունով),

2) քննիչի պաշտոնը զբաղեցնելու համար համապատասխան մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի բնօրինակները և պատճենները (բարձրագույն մասնագիտական կրթությունը հաստատող պետական նմուշի դիպլոմի և (կամ) օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունից ստացված` Հայաստանի Հանրապետությունում վավերական ճանաչված ավարտական փաստաթուղթ, աշխատանքային գրքույկ կամ քաղվածք-տեղեկանք աշխատանքային գործունեության վերաբերյալ),

3) անձնագրի բնօրինակը և պատճենը,

4) ինքնակենսագրություն (ձեռագիր),

5) տեղեկանք բնակության վայրից,

6) արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի բնօրինակը և պատճենը,

7) 1 լուսանկար` 3x4 սմ չափի:

Քննիչի թեկնածուն փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:

Քննիչի թեկնածուն իր հայեցողությամբ կարող է ներկայացնել նաև մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:

10. Ծառայության կադրերի բաժանմունքը`

1) սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ, վերջիններս վերադարձնում է Քննիչի թեկնածուին, իսկ պատճեններն ընդունում,

2) մինչև քննության օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից հարցման միջոցով ստանում է Քննիչի թեկնածուի դատվածության վերաբերյալ տեղեկանք,

3) յուրաքանչյուր Քննիչի թեկնածուի վերաբերյալ կազմում է փաթեթ` բաղկացած 9-րդ կետում նշված փաստաթղթերից և ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տեղեկանքից:

11. Փաստաթղթերի ստուգման ընթացքում ուսումնասիրվում է Քննիչի թեկնածուի մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների, ինչպես նաև Օրենքով սահմանված պահանջներին նրա վերաբերյալ տվյալների համապատասխանությունը:

12. Փաստաթղթերի ստուգումն ավարտվում է Քննիչի թեկնածուի` քննությանը մասնակցելու թույլտվություն տալու կամ չտալու վերաբերյալ Հանձնաժողովի պատճառաբանված գրավոր որոշմամբ:

13. Քննության վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների կազմման, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով Ծառայության կադրերի բաժանմունքում վարվում է քննությանը մասնակցելու համար դիմած Քննիչի թեկնածուների տվյալների գրառման և հաշվառման համարակալված մատյան:

14. Մատյանում նշվում են քննությանը մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր Քննիչի թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձնագրի համարը և սերիան, ինչպես նաև սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված փաթեթի համարը և էջերի քանակը:

15. Քննությանը մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր Քննիչի թեկնածուի տվյալները գրառվում են մատյանում, իսկ համակարգչում մուտքագրվում են նրա կողմից ներկայացված փաստաթղթերը Ծառայության կադրերի բաժանմունք ընդունելու օրը:

16. Քննությանը մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր Քննիչի թեկնածու կարող է քննությունից առնվազն մեկ օր առաջ հրաժարվել քննությանը մասնակցելուց կամ կարող է ընդհանրապես չներկայանալ:

17. Ծառայության կադրերի բաժանմունքը քննությանը մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր Քննիչի թեկնածուի (բացառությամբ սույն կարգի 16-րդ կետում նշվածները) վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) և այդ փաստաթղթերի համապատասխանության և ամբողջականության մասին տեղեկանքը ներկայացնում է Հանձնաժողովին:

18. Եթե Հանձնաժողովը քննությանը մասնակցելու համար դիմած Քննիչի թեկնածուներից ոչ մեկին, սույն կարգի 2-րդ կետում նշված պատճառով, չի թույլատրում մասնակցել քննությանը, ինչպես նաև` եթե քննությանը մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա Հանձնաժողովը քննությունը չկայացած համարելու մասին ընդունում է որոշում:

19. Ծրագիր-հարցաշարը կազմում է Ծառայությունը, որը հաստատվում է պետի կողմից: Այն բովանդակում է իրավագիտության համապատասխան ոլորտի առանձին ինստիտուտների և իրավական ակտերի վերաբերյալ հարցեր: Ծրագիր-հարցաշարի կազմմանը կարող են մասնակցել Հանձնաժողովի անդամները, ինչպես նաև գիտական կամ ուսումնական հաստատություններից հրավիրված մասնագետներ:

20. Մինչև քննության սկիզբը Հանձնաժողովը, իր աշխատակարգին համապատասխան, ծրագիր-հարցաշարում զետեղված հարցաշարից ընտրում է քննության թեստավորումն անցկացնելու հարցեր և յուրաքանչյուր քննական տոմսի համար կազմում է թեստեր հետևյալ հարաբերակցությամբ.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից` 6 թեստ,

2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության իրավունքից` 15 թեստ,

3) Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքից` 15 թեստ,

5) «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից` 4 թեստ,

6) «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից` 5 թեստ,

7) Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայից` 3 թեստ:

21. Քննական տոմսում Հանձնաժողովի անդամների ընտրությամբ ծրագիր-հարցաշարում զետեղված հարցաշարից ընդգրկվում է նաև տեսական 5 հարց` առանց ենթադրյալ պատասխանների, ինչպես նաև 1 խնդիր, որում նկարագրված դեպքին Քննիչի թեկնածուի կողմից պետք է գրավոր կերպով տրվի քրեաիրավական որակում և Հանձնաժողովի հանձնարարությամբ կազմվի դատավարական որևէ փաստաթղթի նմուշ:

22. Հարցատոմսերում ներառված հարցերը պետք է լինեն հստակ և բովանդակային առումով նպատակաուղղված Քննիչի թեկնածուին տրված հարցերի և թեստերի պարզաբանմանը, ինչպես նաև խնդիրների առավել լիարժեք լուծմանը:

 

IV. ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

23. Քննությունն անցկացվում է երկու փուլով.

1) գրավոր` թեստավորման, տեսական հարցերի և խնդրի լուծման միջոցով,

2) բանավոր` հարցազրույցի միջոցով, որը Քննիչի թեկնածուի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների ստուգում է:

24. Քննությունն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (լսարանում, դահլիճում), որն ապահովված է համապատասխան պայմաններով:

25. Քննիչի թեկնածուն քննությանը մասնակցելու համար ներկայանում է սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի բնօրինակներով: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է Քննիչի թեկնածուի ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել քննության անցկացման սենյակ:

26. Քննություն հանձնելիս քննիչի բոլոր թեկնածուները միաժամանակ գտնվում են քննական սենյակում:

27. Քննիչի թեկնածուին արգելվում է իր հետ քննական սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

28. Հանձնաժողովի քարտուղարը Քննիչի թեկնածուներին բացատրում է քննության անցկացման տեխնիկական հարցերը:

29. Հանձնաժողովի քարտուղարը քննությունն սկսվելուց առաջ մասնակիցներին տալիս է սևագրության և մաքրագրության համար Ծառայության կլոր կնիքով կնքված ձևաթղթեր, որից հետո յուրաքանչյուր Քննիչի թեկնածու առանձին մոտենում է Հանձնաժողովի անդամների սեղանին, իր ընտրությամբ վերցնում Հանձնաժողովի նախագահի կողմից նախապես հաստատված և համարակալված տոմսերից և տիտղոսաթերթերից որևէ մեկը:

Հանձնաժողովի քարտուղարը տիտղոսաթերթի 1-ին և 2-րդ մասերում նշում է տոմսի համարը, իսկ 1-ին մասում լրացնում Քննիչի թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը, որից հետո Քննիչի թեկնածուն և Հանձնաժողովի քարտուղարը ստորագրում են տիտղոսաթերթի երկու մասերում:

30. Քննիչի թեկնածուն քննական տոմսը և տիտղոսաթերթի 2-րդ մասը ստանալուց հետո զբաղեցնում է ցանկացած ազատ նստատեղ: Քննիչի բոլոր թեկնածուների կողմից նստատեղերը զբաղեցնելուց հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է քննության սկիզբը, որից հետո արգելվում է Քննիչի թեկնածուի մուտքը քննական սենյակ:

31. Քննության սկիզբը հայտարարելուց հետո Քննիչի թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխան, իսկ տեսական հարցերի և խնդրի գրավոր պատասխանները գրում ձևաթղթերի վրա:

32. Քննության ընթացքում Քննիչի թեկնածուին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև քննական առաջադրանքների լուծման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից:

Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում Հանձնաժողովը կազմում է արձանագրություն և խախտում կատարած Քննիչի թեկնածուի մասնակցությունը քննությանը դադարեցվում է, աշխատանքը ճանաչվում անվավեր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:

33. Չի թույլատրվում ամփոփաթերթի, ինչպես նաև մաքրագիր ձևաթղթի վրա ջնջումներ և ուղղումներ կատարել: Այդ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:

34. Թեստավորման, տեսական հարցերի և խնդրի առաջադրանքները կատարելու համար Քննիչի թեկնածուներին տրվում է 120 րոպե:

35. Հանձնաժողովի քարտուղարը քննության ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է Քննիչի թեկնածուներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:

36. Հանձնաժողովի քարտուղարի կողմից քննության համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարվելուց հետո, Քննիչի թեկնածուներն անմիջապես դադարեցնում են աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած Քննիչի թեկնածուի աշխատանքը ճանաչվում է անվավեր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում քննական տոմսի վրա և կազմում արձանագրություն, որը ներկայացնում է Հանձնաժողովին:

37. Քննության ժամկետը լրանալուց կամ աշխատանքը ավարտելուց հետո Քննիչի թեկնածուները Հանձնաժողովին են հանձնում պատասխանների ամփոփաթերթերը, գրավոր աշխատանքները և դուրս գալիս սենյակից (լսարանից, դահլիճից)` մինչև Հանձնաժողովի կողմից աշխատանքների ստուգումը և արդյունքների հրապարակումը:

37.1. Քննիչի այն թեկնածուն, ով ունի դատախազի, քննիչի պաշտոնում 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ և, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 3 տարի, ազատվում է քննության գրավոր փուլից և մասնակցում է միայն բանավոր փուլին՝ հարցազրույցին:

(37.1 կետը լրաց. 06.07.11 N 780-Ն)

 

V. ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

38. Հանձնաժողովի անդամներն ստուգում են Քննիչների թեկնածուների ամփոփաթերթերն ու գրավոր աշխատանքները և ընդունում նշված որոշումներից որևէ մեկը`

1) առաջադրանքների ընդհանուր քանակից 70 տոկոս և ավելի ճիշտ պատասխանելու դեպքում` մասնակցում է հարցազրույցին,

2) առաջադրանքների ընդհանուր քանակի 70 տոկոսից պակաս ճիշտ պատասխանելու դեպքում` չի մասնակցում հարցազրույցին:

39. Հանձնաժողովի անդամները համատեղ մեկ առ մեկ ստուգում են Քննիչի թեկնածուների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները, ինչպես նաև մաքրագիր ձևաթղթի վրա կատարված գրավոր աշխատանքները:

40. Յուրաքանչյուր Քննիչի թեկնածուի վերաբերյալ Հանձնաժողովը կայացնում է սույն կարգի 38-րդ կետում նշված որոշումներից որևէ մեկը:

41. Աշխատանքներն ստուգելուց և որոշումները կայացնելուց հետո Հանձնաժողովի նախագահը ներս է հրավիրում Հանձնաժողովի քարտուղարին և Քննիչի թեկնածուներին:

42. Հանձնաժողովի նախագահի որոշմամբ Հանձնաժողովի անդամներից մեկն ընթերցում է տոմսի համարը: Քննիչի թեկնածուն Հանձնաժողովին է ներկայացնում տվյալ տոմսի համարով իր մոտ գտնվող տիտղոսաթերթի 2-րդ մասը: Հանձնաժողովի քարտուղարը` ստուգելով տիտղոսաթերթի 1-ին և 2-րդ մասերի համապատասխանությունը, հայտարարում է տվյալ Քննիչի թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը, որից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է Քննիչի թեկնածուի քննության արդյունքները և Հանձնաժողովի կայացրած որոշումը:

Քննության արդյունքներն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

43. Քննության արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո Հանձնաժողովը համապատասխան ցուցավահանակի վրա հրապարակում է քննության առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

44. Քննության արդյունքները Քննիչի թեկնածուի կողմից (միայն իրեն վերաբերող մասով) կարող են գրավոր բողոքարկվել Հանձնաժողովին` սույն կարգի 42-րդ կետում նշված հրապարակումից հետո` մեկ ժամվա ընթացքում:

45. Բողոքարկումը քննության առաջադրանքների որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում Քննիչի թեկնածուի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

46. Եթե Հանձնաժողովը պարզում է, որ քննության արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը` կատարելով քննության արդյունքների վերահաշվարկ, իսկ հակառակ դեպքում` գրավոր մերժում այն:

47. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար սույն կարգի 44-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը հայտարարում է քննության հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների անունները, ազգանունները և հարցազրույցի անցկացման օրը, ժամը ու վայրը:

48. Քննիչի թեկնածուն հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում քննության առաջադրանքների առնվազն 70 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

49. Այն Քննիչի թեկնածուն, որը չի բավարարում սույն կարգի 48-րդ կետով նախատեսված պահանջները, զրկվում է հաջորդ փուլի` հարցազրույցին մասնակցելու իրավունքից:

 

VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

50. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած Քննիչի թեկնածուների հետ անցկացվում է հարցազրույց:

51. Հանձնաժողովը յուրաքանչյուր Քննիչի թեկնածուի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

52. Հարցազրույցի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ Քննիչի թեկնածուին ծրագիր-հարցաշարում ընդգրկված հարցերից կարող է տալ առավելագույնը երեք հարց, բայց դրանք ընդհանուր հաշվարկով չպետք է գերազանցեն տասներկուսը:

53. Հարցազրույցի ընթացքում Հանձնաժողովի կողմից Քննիչի թեկնածուին հարցերը տրվում են ծրագիր-հարցաշարում ներառված, ստորև թվարկված իրավական ակտերից.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,

2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք,

3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք,

4) «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

5) «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:

54. Յուրաքանչյուր հարցին տրված պատասխանից հետո Հանձնաժողովի հարց տվող անդամը հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելը, իսկ սխալ պատասխանի դեպքում` հայտնում ճիշտ պատասխանը:

55. Յուրաքանչյուր Քննիչի թեկնածուի հետ հարցազրույցը ձայնագրվում և գրավոր արձանագրվում է:

56. Արձանագրության մեջ նշվում է Քննիչի թեկնածուին տրված հարցերի և դրանց պատասխանների համառոտ բովանդակությունը և պատասխանների ճիշտ կամ սխալ լինելը:

57. Արձանագրությունը ստորագրվում է Հանձնաժողովի քարտուղարի, Քննիչի թեկնածուի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

58. Հարցազրույցի ընթացքում Քննիչի թեկնածուներին չի թույլատրվում օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից:

59. Սույն կարգի 58-րդ կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ Քննիչի թեկնածուի մասնակցությունը հարցազրույցին դադարեցվում է, որի մասին Հանձնաժողովը կազմում է արձանագրություն:

60. Հարցազրույցն ավարտվելուց հետո Հանձնաժողովի անդամները քվեարկության միջոցով` ձայների պարզ մեծամասնությամբ, ընդունում են հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) հարցազրույցի արդյունքները դրական են,

2) հարցազրույցի արդյունքները բացասական են:

 

VII. ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

61. Հանձնաժողովը քննության ավարտից հետո յուրաքանչյուր Քննիչի թեկնածուի վերաբերյալ երկու փուլերի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) համապատասխանում է քննիչի պաշտոնին,

2) չի համապատասխանում քննիչի պաշտոնին:

62. Քննության արդյունքներն ամփոփելուց հետո Քննիչի թեկնածուները հրավիրվում են քննական սենյակ, որից հետո Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն հայտարարում է յուրաքանչյուր Քննիչի թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը և սույն կարգի 61-րդ կետում նշված որոշումներից որևէ մեկը:

63. Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

64. Հանձնաժողովը քննության ամփոփված արդյունքների հիման վրա յուրաքանչյուր Քննիչի թեկնածուի համար կազմում է քննական թերթ, որտեղ նշվում են Քննիչի թեկնածուի անձնական տվյալները և Հանձնաժողովի որոշումը:

65. Քննական թերթը ստորագրում է Հանձնաժողովի նախագահը:

66. Հանձնաժողովի կայացրած որոշումները քննության արդյունքների հրապարակման պահից մեկ ժամվա ընթացքում, Հանձնաժողովի անդամների, ինչպես նաև Քննիչի թեկնածուի կողմից (միայն իրեն վերաբերող որոշումը) կարող են բողոքարկվել Նախարարին, որը հինգ աշխատանքային օրվա ընթացքում իր պատճառաբանված որոշմամբ փոխում կամ անփոփոխ է թողնում բողոքարկված որոշումը:

67. Ծառայության կադրերի բաժանմունքի պետը քննության ավարտից հետո պետական լիազոր մարմնի կադրերի գործի վարման համապատասխան ստորաբաժանում է ներկայացնում քննիչի պաշտոնին նշանակվող Քննիչի թեկնածուի վերաբերյալ քննության արդյունքում կայացված որոշումների, կազմված արձանագրությունների և մյուս փաստաթղթերի պատճենները` համապատասխան նշանակման միջնորդագրի հետ միասին, անձնական գործին կցելու համար:

68. Սույն կարգի 61-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշման և Քննիչի թեկնածուի` քննիչի պաշտոնին նշանակելու վերաբերյալ Ծառայության պետի կողմից ներկայացված համապատասխան միջնորդագրի հիման վրա Նախարարը քննությանը հաղթող ճանաչված Քննիչի թեկնածուներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնի:

69. Այն Քննիչի թեկնածուն, որի վերաբերյալ Հանձնաժողովը քննության արդյունքում կայացրել է սույն կարգի 61-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշումը, սակայն այդ ժամանակահատվածում համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով հնարավոր չէ նշանակել քննիչի պաշտոնին, ընդգրկվում է Քննիչի թեկնածուների կադրային ռեզերվում` երկու տարի ժամկետով:

(69-րդ կետը փոփ. 24.10.11 N 1250-Ն)

70. Քննիչի թեկնածուների կադրային ռեզերվում ընդգրկված անձանց վերաբերյալ փաթեթները պահվում են Ծառայության կադրերի բաժանմունքում:

Կադրային ռեզերվում ընդգրկված Քննիչի թեկնածուի պահանջով մինչև երկու տարին լրանալը վերադարձվում են իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերը, իսկ չպահանջելու դեպքում երկու տարին լրանալուց հետո ոչնչացվում` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 1999 թվականի օգոստոսի 14-ի թիվ 449 հրամանով հաստատված «ՀՀ զինված ուժերում ծառայողական գրագրության և գործավարության մասին» հրահանգի:

(70-րդ կետը փոփ. 24.10.11 N 1250-Ն)

71. Ծառայությունում քննիչի պաշտոնին նշանակվելու համար թափուր հաստիք առաջանալու դեպքում առաջնահերթությունը տրվում է սույն կարգի 69-րդ կետում նշված այն Քննիչի թեկնածուին, ով քննության արդյունքում ստացել է ավելի բարձր միավորներ:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

72. Եթե Հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա քննությունը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի քննություն: Հանձնաժողովի ներկա անդամներն այդ մասին կազմում են արձանագրություն:

Կրկնակի քննության ժամանակ քննությանը մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում և այն անցկացվում է 10-օրյա ժամկետում` ընդհանուր հիմունքներով:

73. Նախարարի հրամանով կարող է անցկացվել ընդհանուր հիմունքներով արտահերթ քննություն:

74. Սույն կարգով սահմանված դրույթների խախտման դեպքում տվյալ Քննիչի թեկնածուի քննության արդյունքները Նախարարի կողմից կամ դատական կարգով կարող են ճանաչվել անվավեր:

 

Հավելված

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔՆՆԻՉԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄ

 

1. Հանձնաժողովի նախագահ` ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ,

2. Հանձնաժողովի անդամներ`

1) ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ,

2) ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալներ,

3) ՀՀ ՊՆ քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնի պետ,

4) ՀՀ ՊՆ քննչական ծառայության իրավական բարեփոխումների և միջազգային կապերի բաժանմունքի պետ:

3. Հանձնաժողովի քարտուղար` ՀՀ ՊՆ քննչական ծառայության կադրերի բաժանմունքի պետ (Հանձնաժողովի անդամ չի հանդիսանում):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.10.2013, N 1116-Ն 11.11.2013, N 1050-Ն
24.10.2011, N 1250-Ն 11.12.2011, N 1050-Ն
06.07.2011, N 780-Ն 12.08.2011, N 1050-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան