Գլխավոր տեղեկություն
Номер
N 2-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.11.2010-27.02.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2010.11.01/25(377) Հոդ.324
Принят
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Дата принятия
04.10.2010
Подписан
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Дата подписания
04.10.2010
Дата вступления в силу
11.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հոկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 33010375

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

4 հոկտեմբերի 2010 թ. 
ք. Երևան

 N 2-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործավարության կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 2-Ն հրամանը:

 

 Ա. Պետրոսյան

 

 

Հավելված

ՀՀ սպորտի և երիտասարդության
հարցերի նախարարի

2010 թ. հոկտեմբերի 4-ի

N 2-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) գործավարության կազմակերպման և իրականացման ընթացակարգը:

2. Նախարարության գործավարությունը կազմակերպում է նախարարության աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) ղեկավարը` քարտուղարության միջոցով: Աշխատակազմում փաստաթղթաշրջանառությունը իրականացնում է աշխատակազմի քարտուղարությունը` էլեկտրոնային համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով:

3. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է տվյալ ստորաբաժանման ղեկավարը` սույն կարգին համապատասխան:

4. Փաստաթղթաշրջանառությունը պետական մարմինների միջև իրականացվում է էլեկտրոնային տարբերակով` «Յունիկոդ» կոդավորման համակարգի տառատեսակներով, էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման միջոցով, բացառությամբ այն պետական մարմինների, որտեղ ներդրված չէ համակարգը, կամ ժամանակավորապես այն չի գործում, ինչպես նաև քաղաքացիներից ստացված դիմումների դեպքում:

5. Աշխատակազմի յուրաքանչյուր աշխատողի տրվում է համակարգից օգտվողի անուն աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի կողմից:

6. Համակարգից օգտվելու համար յուրաքանչյուր աշխատողի վերապահվում է գաղտնաբառ ունենալու իրավունք, որն աշխատողը իրավասու չէ փոխանցելու որևէ այլ անձի: Անհրաժեշտության դեպքում աշխատողը կարող է փոխել համակարգից օգտվելու իր գաղտնաբառը:

7. Էլեկտրոնային ստորագրության վավերության դեպքում փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը համարժեք է թղթային տարբերակին: Oգտվողի անունով համակարգում կատարված ցանկացած մակագրություն (նշագրում, գրառում) համարժեք է փաստաթղթի վրա կատարված մակագրությանը (նշագրմանը, գրառմանը։

8. Արձակուրդ գնալու, գործուղման մեկնելու կամ այլ պատճառներով բացակայելու դեպքում համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու համար աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը աշխատողին փոխարինող անձի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացնում աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին` նշելով փոխարինողի անունը, ազգանունը և պաշտոնը):

9. Աշխատողի բացակայության ժամանակահատվածում ոչ ոք իրավունք չունի օգտվելու տվյալ աշխատողին համակարգից օգտվելու համար տրված օգտվողի անունից:

10. Էլեկտրոնային թվային ստորագրության վավերականության հետ կապված անճշտությունների դեպքում քարտուղարության պետը չեղարկում է փաստաթուղթը և ուղարկող մարմնին տեղյակ պահում տվյալ փաստաթղթի չեղարկման պատճառի մասին:

11. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

 

II. ՄՏԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Մտից փաստաթղթերը տարանջատվում են հետևյալ տեսակների`

1) գրություններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի, կարգադրության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծեր,

2) արձանագրային որոշում, խորհրդակցության արձանագրություն, քաղվածք արձանագրությունից,

3) դիմումներ, այդ թվում՝ առաջարկություններ, բողոքներ քաղաքացիներից, ոչ պետական կազմակերպություններից,

4) զեկուցագրեր, տեղեկանքներ:

13. Գրանցման ներկայացվող գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի մուտքը (ելքը) իրականացվում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

14. Յուրաքանչյուր նոր մտից փաստաթուղթ քարտուղարության աշխատողը կից նյութերով ընդունում և գրանցում է համակարգում՝ նշելով համակարգի կողմից պահանջվող անհրաժեշտ տեղեկությունը` բացառությամբ աշխատակազմի ղեկավարի կողմից սահմանված բնույթի փաստաթղթերի: Աշխատակազմի մտից փաստաթղթի համարը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները` փաստաթղթի հերթական համարը, տարեթիվը, ամսաթիվը, ուղարկող մարմնի պայմանանիշը: Կից նյութերի համակարգով գրանցման անհնարինության դեպքում աշխատողը հաղորդագրության մեջ նշում է կատարում` դրանք կատարող ստորաբաժանմանը առձեռն տրամադրելու մասին:

15. Աշխատակազմում ստացված փաստաթղթի թղթային տարբերակի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են փաստաթղթի գրանցման մտից համարը և ամսաթիվը, որը պետք է համապատասխանի համակարգի համապատասխան մտից համարին:

16. Յուրաքանչյուր փաստաթղթի գրանցվելուց, թղթային տարբերակի դեպքում` դրոշմակնիքը դրվելուց և պատկերամուտով (սկաներով) մուտքագրվելուց հետո միայն փաստաթղթի էլեկտրոնային տարբերակն ուղարկվում է քարտուղարության պետին:

17. Դիմումները, առաջարկությունները, բողոքները քարտուղարության աշխատողը կից նյութերով գրանցում է համակարգում՝ նշելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և համակարգի կողմից պահանջվող անհրաժեշտ տեղեկությունը:

18. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացված նյութերն ու «Շտապ» նշումն ունեցող թղթակցությունը անհապաղ գրանցվում և ներկայացվում են աշխատակազմի ղեկավարին:

19. Փաստաթղթերը կառուցվածքային ստորաբաժանումներին տրամադրվում են միայն էլեկտրոնային տարբերակով, իսկ թղթային տարբերակի առկայության դեպքում դրանք պահպանվում են քարտուղարությունում: Աշխատակազմում մուտքագրված փաստաթղթերը հասցեատիրոջը և (կամ) աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին թղթային տարբերակով ստացողի ստորագրությամբ տրամադրվում են միայն աշխատակազմի ղեկավարի կողմից սահմանված դեպքերում:

20. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին (այսուհետ` նախարար) և աշխատակազմի ղեկավարին հասցեագրված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը քարտուղարությունն ուղարկում է աշխատակազմի ղեկավարին, իսկ նախարարի տեղակալներինը` հասցեատիրոջը` այդ մասին համակարգով տեղեկացնելով աշխատակազմի ղեկավարին:

21. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից հարցման միջոցով ստացված դատվածության բացակայության մասին տեղեկանքը, հրավիրատոմսերը, շնորհավորական բացիկները, պարբերական հանդեսների, թերթերի ուղեկցական գրությունները, վիճակագրական ժողովածուները, տեղեկագրերը, հաշվետվությունները, աղյուսակները, նախարարության ստորաբաժանումների կողմից տեխնիկական սարքավորումների և գրենական պիտույքների ձեռքբերման պահանջագրերը և այլն նախարարությունում ենթակա չեն մուտքագրման պատկերամուտով, քանի որ դրանք համապատասխան պաշտոնատար անձանց տրամադրվում են թղթային տարբերակով` քարտուղարության համապատասխան աշխատակցի միջոցով:

Սույն կարգով նախատեսված պատկերամուտով չմուտքագրվող փաստաթղթերն ուղեկցող գրությունները մուտքագրվում են համակարգում սույն կարգով նախատեսված ընթացակարգով:

22. «Անձամբ» մակագրությամբ ծրարների դեպքում նշվում են միայն դրանց ստացման ամսաթիվը, ժամը և ուղարկողը: Այդ ծրարները չեն բացվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը։

23. Եթե մտից փաստաթուղթն ուղարկվել է ի պատասխան նախարարության որևէ ելից փաստաթղթի, ապա համակարգի «Ի պատասխան» (առնչվող) դաշտում այն կցվում է համապատասխան ելից փաստաթղթին:

24. Հասցեատերը փաստաթուղթը համապատասխան մակագրությամբ ուղարկում է կատարող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին կամ համապատասխան պաշտոնատար անձին (այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար)` սահմանելով կատարման ժամկետ:

25. Համակարգի միջոցով փաստաթղթի հիմնական վերջնաժամկետը նշանակվում է տվյալ աշխատանքի կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներին համապատասխան։ Անհրաժեշտության դեպքում կարող է սահմանվել կատարման առավել սեղմ վերջնաժամկետ:

26. Դիմումներն ուսումնասիրվում և դրանց ընթացք է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

27. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները, գերատեսչական իրավական ակտերը իրավաբանին են տրամադրվում էլեկտրոնային և թղթային տարբերակներով:

28. Ներքին փաստաթղթաշրջանառության (զեկուցագիր, տեղեկանք, դիմում և այլն) փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացվում են քարտուղարություն` փաստաթուղթը սույն կարգով նախատեսված ընթացակարգով գրանցելու, ըստ անհրաժեշտության` պատկերամուտով մուտքագրելու և այդ փաստաթղթի կատարումն ապահովելու նպատակով տվյալ մարմնում համապատասխան հանձնարարական տալու (ստորագրելու) իրավասություն ունեցող պաշտոնատար անձին` նախարարին, նախարարի տեղակալին (այսուհետ` համակարգող), աշխատակազմի ղեկավարին (այսուհետ` հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձ կամ ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձ) ներկայացնելու համար:

29. Հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը հանձնարարականը համակարգով ուղարկում է քարտուղարության պետին` հանձնարարականը անհրաժեշտ քանակով տպելու, բազմացնելու, ինչպես նաև հանձնարարականում նշված հասցեատերերին առաքումն ապահովելու համար:

30. Ներքին փաստաթղթաշրջանառության փաստաթղթերը հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից մերժվելու դեպքում վերջինս համապատասխան մակագրությամբ հանձնարարում է քարտուղարության պետին ավարտել տվյալ փաստաթղթի ընթացքը:

31. Աշխատակազմի մտից գրությունների, նամակների, հանձնարարականների և մյուս փաստաթղթերի կապակցությամբ անհրաժեշտության դեպքում նախարարը համակարգով աշխատակազմի ղեկավարին է փոխանցում հանձնարարական` նշված փաստաթղթերի առնչությամբ նախարարի, համակարգողի կամ աշխատակազմի ղեկավարի մոտ խորհրդակցություն հրավիրելու մասին:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ

 

32. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից բխող կամ նախարարության նախաձեռնությամբ մշակվող Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի կամ կարգադրության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերը (այսուհետ` նախագիծ) նախապատրաստած աշխատողը ներկայացնում է կատարող ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը:

33. Կատարող ստորաբաժանման ղեկավարը նախագիծը և կից փաստաթղթերը կարող է վերադարձնել աշխատողին` վերախմբագրելու կամ լրամշակելու հանձնարարականով:

34. Աշխատողը լրամշակված նախագիծը և կից փաստաթղթերը ներկայացնում է կատարող ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը:

35. Կատարող ստորաբաժանման ղեկավարը նախագիծը և կից փաստաթղթերը ներկայացնում է շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների, որից հետո իրավաբանի, ինչպես նաև տվյալ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության ոլորտի համակարգման պատասխանատու համարվող պաշտոնատար անձի` համակարգողի համաձայնեցմանը:

36. Համակարգողը, շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումները և իրավաբանը նախագիծն ու նախապատրաստված փաստաթուղթը կից եզրակացություններով և (կամ) կարծիքներով վերադարձնում են կատարող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին:

37. Նախագծի վերաբերյալ սկզբունքային տարաձայնությունների առկայության դեպքում կատարող կառուցվածքային ստորաբաժանումում կամ համակարգողի կամ նախարարի մոտ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հրավիրվում է խորհրդակցություն:

38. Խորհրդակցության արդյունքում նախագիծը կարող է ենթարկվել լրամշակման:

39. Խորհրդակցության արդյունքում լրամշակված նախագիծը կատարող կառուցվածքային ստորաբաժանումը ներկայացնում է շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների, որից հետո իրավաբանի, ինչպես նաև համակարգողի համաձայնեցմանը:

40. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու համար համաձայնեցված նախագիծը կատարող կառուցվածքային ստորաբաժանումը ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին` նախարարի հաստատմանը ներկայացնելու համար:

41. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող նախագիծը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

42. Քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունից ստացված նիստերի oրակարգերի` նախարարությանն առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկացնում է նախարարին:

 

IV. ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

43. Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներում առկա հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության նախարարական կոմիտեի նիստի և (կամ) Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ հրավիրվող խորհրդակցությունների, Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ միջազգային կազմակերպությունների ղեկավարների և (կամ) ներկայացուցիչների, օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում տրված հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի փոխանցած հանձնարարականների (այսուհետ` հանձնարարական) կատարման համար պատասխանատվություն կրում է պաշտոնատար այն անձը, ում հասցեագրված է հանձնարարականը:

44. Հանձնարարականի կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը ստացված հանձնարարականը կարող է համակարգով «1-ին, 2-րդ, … -րդ կատարող(ներ)» մակագրությամբ համապատասխան հանձնարարականներով փոխանցել աշխատակազմի մեկից ավելի կառուցվածքային ստորաբաժանումների կամ պաշտոնատար անձանց: Հանձնարարականների հավաքն իրականացնում է 1-ին կատարող նշանակված կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:

45. Հավաքն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների կատարած աշխատանքի արդյունքում ձևավորված փաստաթուղթը ներկայացնում է համակարգողի համաձայնեցմանը` այդ մասին համակարգով տեղյակ պահելով աշխատակազմի ղեկավարին:

46. Հանձնարարականի կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը ստացված հանձնարարականը կարող է համակարգով «Հավասարազոր» մակագրությամբ փոխանցել աշխատակազմի մեկից ավելի կառուցվածքային ստորաբաժանումների կամ «Ի գիտություն», «Ի տնօրինություն», «Ի ղեկավարումն», «Ի կատարումն» մակագրություններով ուղարկել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար(ներ)ին:

47. Հանձնարարականում կատարման ժամկետի բացակայության դեպքում որպես հանձնարարականի կատարման ժամկետ է սահմանվում 15 աշխատանքային օրը:

48. Հանձնարարականների կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը պետք է սահմանի կատարման վերջնաժամկետ, որը չի կարող գերազանցել հանձնարարականում նշված կամ սույն կարգով նախատեսված վերջնաժամկետը կամ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված ժամկետները:

49. Հանձնարարական ստացած կատարող կառուցվածքային ստորաբաժանումներից յուրաքանչյուրը իր նախապատրաստած փաստաթուղթը հանձնում է համակարգողի համաձայնեցմանը:

50. Կատարող կառուցվածքային ստորաբաժանումը համակարգողի հետ համաձայնեցված փաստաթուղթը ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին` նախարարի հաստատմանը ներկայացնելու համար:

51. Նախարարը հաստատված հանձնարարականը ուղարկում է քարտուղարության պետին` հանձնարարականում նշված հասցեատիրոջը (տերերին) առաքումն ապահովելու համար:

52. Հանձնարարականը սահմանված ժամկետներում հիմնավոր պատճառներով չկատարվելու դեպքում նախարարը նախքան հանձնարարականի կատարման սկզբնական վերջնաժամկետը լրանալը կարող է միջնորդել հանձնարարականը տված պաշտոնատար անձին` հանձնարարականում նախատեսված ժամկետը երկարաձգելու համար` նշելով իր կողմից առաջարկվող վերջնաժամկետը:

53. Հանձնարարականի կատարման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հանձնարարականը տված պաշտոնատար անձի համաձայնության դեպքում հանձնարարականի կատարման ժամկետը երկարաձգվում է:

54. Հանձնարարականը համարվում է կատարված, եթե լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը, կամ հանձնարարականի վերաբերյալ տրվել է ըստ էության պատասխան:

 

V. ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՇԱՐԺԸ

 

55. Կատարող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կազմակերպում է նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից ընդունվող հրամանի (այսուհետ` հրաման) նախագծի նախապատրաստումը` անհրաժեշտության դեպքում ստանալով նաև այդ հրամանի համար հիմք հանդիսացող փաստաթուղթը (օրինակ` դիմում, զեկուցագիր, տեղեկանք և այլ նյութեր):

56. Կատարող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը վերջնաժամկետի նշմամբ, որը չի կարող գերազանցել նախարարի, համակարգողի կամ աշխատակազմի ղեկավարի սահմանած վերջնաժամկետը կամ տվյալ հրամանի նախապատրաստման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ժամկետները, հանձնարարում է աշխատողին նախապատրաստել հրամանի նախագիծը` փոխանցելով նաև հիմք հանդիսացող փաստաթուղթը:

57. Հրամանի նախագիծը նախապատրաստած աշխատողն այն ուղարկում է իր անմիջական ղեկավարի հաստատմանը: Վերջինս կարող է այն վերադարձնել աշխատողին` վերախմբագրելու կամ լրամշակելու հանձնարարականով:

58. Կատարող ստորաբաժանման ղեկավարը լրամշակված հրամանի նախագիծը համակարգով ուղարկում է շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների համաձայնեցմանը, որից հետո քարտուղարություն սրբագրման, այնուհետև` իրավաբանի, ինչպես նաև համակարգողի համաձայնեցմանը:

59. Կատարող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը ձևաթղթի վրա տպված հրամանը համաձայնեցումից հետո համապատասխանաբար ներկայացնում է աշխատակազմի ղեկավարի ստորագրմանը կամ աշխատակազմի ղեկավարի միջոցով` նախարարի ստորագրմանը:

60. Նախարարի հրամանների հավելվածները ստորագրում է աշխատակազմի ղեկավարը:

61. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանները համարակալվում են առանձին: Նախարարի նորմատիվ բնույթի հրամանները համարակալվում և հաշվառվում են առանձին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցվելուց հետո արխիվացվում են քարտուղարությունում։

62. Յուրաքանչյուր տարվա համար հրամանների համարակալումները սկսվում են հունվար ամսվա առաջին հրամանից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին հրամանով:

63. Չխախտելով հերթական համարակալումը՝ անձնակազմի կառավարման բաժնի նախապատրաստած հրամանները համարակալվում, թղթային տարբերակով պահպանվում` արխիվացվում են անձնակազմի կառավարման բաժնում, իսկ մյուս կառուցվածքային ստորաբաժանումների նախապատրաստած հրամանները համարակալվում, թղթային տարբերակով պահպանվում` արխիվացվում են քարտուղարությունում:

64. Հրամաններում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում` աշխատակազմի ղեկավարի գրավոր ցուցումով և առաքվում սկզբնական հասցեատերերին:

65. Հրամանն էլեկտրոնային տարբերակով` համապատասխանաբար աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը և քարտուղարությունը համակարգով ուղարկում են հասցեատիրոջը (հասցեատերերին):

66. Անհրաժեշտության դեպքում համապատասխան հրամանի պատճենը կարող է աշխատողին տրամադրվել նաև թղթային տարբերակով:

67. Նախարարության ներքին իրավական ակտերը համարակալվում են առանձին, հաշվառվում և թղթային տարբերակով պահպանվում` արխիվացվում են քարտուղարությունում: Նախարարության ներքին իրավական ակտերն ու փաստաթղթերը տեղադրվում են համակարգում` կատարող ստորաբաժանման կողմից` նշելով համապատասխան ստորաբաժանումների և աշխատողների հասանելիությունը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐԻ, ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ

 

68. Նախարարի, համակարգողների կամ աշխատակազմի ղեկավարի մոտ կայացած խորհրդակցությունների սպասարկման աշխատանքը, հրավիրվող անձանց ծանուցումը իրականացվում են նրանց oգնականների կամ քարտուղարության կողմից: Խորհրդակցությունների արձանագրումը, ինչպես նաև արձանագրությունների ձևակերպումն ու oրինակների հանձնումը հասցեատերերին իրականացնում է քարտուղարությունը:

69. Նախարարի մոտ կայացվող թռուցկաժողովների արձանագրումը, արձանագրությունների ձևակերպումը և քարտուղարության կնիքով oրինակների հանձնումը հասցեատերերին իրականացնում է քարտուղարությունը: Թռուցկաժողովների արձանագրությունները ստորագրում է աշխատակազմի ղեկավարը:

70. Թռուցկաժողովների արձանագրությունների հանձնարարականների կատարման հսկողությունը իրականացնում է քարտուղարությունը:

71. Արձանագրությունների բնագրերը պահվում են պատասխանատու ստորաբաժանումում, յուրաքանչյուր նիստի արձանագրությանը տրվում է հերթական համար` միասնական համարակալման համաձայն, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ: Հաջորդ տարվա սկզբին դրանք արխիվացվում են:

 

VII. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇԱՐԺՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ

 

72. Աշխատակազմի կատարող կառուցվածքային ստորաբաժանման կողմից ի պատասխան որևէ մտից փաստաթղթի ելից կամ նոր ելից փաստաթղթի նախապատրաստման դեպքում համակարգում աշխատողը լրացնում է համակարգով պահանջվող անհրաժեշտ տեղեկությունը:

73. Նախարարի, համակարգողի, աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ ելից գրությունները կատարող կառուցվածքային ստորաբաժանումը համակարգով ուղարկում է շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումներ՝ համաձայնեցման, քարտուղարություն՝ սրբագրման, անհրաժեշտության դեպքում նաև իրավաբանին, վերջում` նաև համակարգողի համաձայնեցմանը:

74. Կատարող կառուցվածքային ստորաբաժանումը համաձայնեցված փաստաթուղթը ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին` նախարարի ստորագրմանը ներկայացնելու համար:

75. Անհրաժեշտության դեպքում ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը ստորագրում է ելից գրությունը ձևաթղթի վրա թղթային տարբերակով:

76. Եթե էլեկտրոնային ստորագրությամբ ելից փաստաթուղթն առաքվում է թղթային տարբերակով, ապա վավեր էլեկտրոնային ստորագրություն ունեցող ելից փաստաթղթի թղթային տարբերակը պետք է վավերացվի քարտուղարության կնիքով:

77. Ձևաթղթերը համարակալված պահպանվում են քարտուղարությունում:

78. Անհրաժեշտության դեպքում աշխատողը ստորագրությամբ կարող է ստանալ համապատասխան ձևաթուղթը:

79. Ձևաթղթերն օգտագործման համար պիտանի չլինելու, ինչպես նաև ձևաթղթերի վրա զետեղված տեքստում վրիպակներ, բացթողումներ հայտնաբերվելու դեպքերում տվյալ ձևաթուղթը տրամադրելու իրավասություն ունեցող աշխատողը այդ մասին կազմում է ակտ` նշելով ձևաթղթի տեսակը, համարը, տվյալ աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը և ոչնչացնում է խոտանված ձևաթղթերը:

80. Գրությունը ստորագրած պաշտոնատար անձը գրության էլեկտրոնային տարբերակն ուղարկում է քարտուղարության պետին` փաստաթղթի առաքումն ապահովելու համար: Քարտուղարության պետը փաստաթղթի առաքման մասին համակարգով տեղյակ է պահում կատարողին:

81. Գրության թղթային տարբերակը հանձնվում է քարտուղարություն` հասցեատիրոջը (հասցեատերերին) առաքումն ապահովելու համար:

82. Եթե ելից փաստաթուղթն ուղարկվում է ի պատասխան աշխատակազմում ստացված որևէ մտից փաստաթղթի, ապա համակարգի «Ի պատասխան» դաշտում այն կցվում է համապատասխան մտից գրությանը:

83. Ելից փաստաթղթի հերթական համարը դրվում է ստորագրության իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ստորագրելուց հետո` քարտուղարության կողմից: Աշխատակազմի ելից փաստաթղթի համարը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները` ստորագրողի և կատարող կառուցվածքային ստորաբաժանման պայմանանիշը, փաստաթղթի հերթական համարը, ամսաթիվը, տարեթիվը:

84. Աշխատակազմում համակարգով մտից և ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների նկատմամբ հսկողություն է իրականացնում աշխատակազմի ղեկավարը` աշխատակազմի քարտուղարության միջոցով:

85. Աշխատակազմի կատարող կառուցվածքային ստորաբաժանումում համակարգով մտից և ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների համար պատասխանատվություն է կրում տվյալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:

 

VIII. ԱՌՑԱՆՑ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎԵԼԸ

 

86. Քաղաքացիների կողմից ստացված դիմումները, առաջարկությունները և բողոքները (այսուհետ` դիմում) ստացման oրը գրանցվում են աշխատակազմում:

87. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը:

88. Անստորագիր դիմումները (որոնք չեն համապատասխանում oրենքով ներկայացվող ընդհանուր պահանջներին) գրանցման ենթակա չեն:

89. Դիմումատուները դիմումներին տրված ընթացքին կարող են հետևել առցանց նամակագրության համակարգով (այսուհետ` առցանց համակարգ):

90. Առցանց համակարգում դիմումատուի անձնական տվյալները (անունը, ազգանունը) մուտքագրվելուց հետո համակարգը ձևավորում է 12-նիշանոց ծածկագիր-համարը, որը կա´մ անձամբ տրվում է դիմումատուին, կա´մ դիմումատուի նշած փոստային հասցեով ծանուցվում է նրան:

91. Նշված համարը մուտքագրելով` դիմումատուն առցանց համակարգով կարող է տեսնել իր դիմումի կարգավիճակը` տվյալ մարմնում դիմումի ստացման ամսաթիվը, դիմումին պատասխանելու համար նախատեսված ժամկետը, ինչպես նաև այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է դիմել հարցերի դեպքում:

92. Եթե դիմումատուին պատասխանվել է, ապա առցանց համակարգով դիմումատուն կարող է տեսնել տրված պատասխանի ամսաթիվը, պատասխանի համարը, պատասխանը և այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է դիմել հարցերի դեպքում:

 

IX. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԱՐԽԻՎԱՑՈՒՄԸ

 

93. Համակարգում ներառված ցանկացած փաստաթղթի գործողության ընթացքն ավարտվելուց հետո տվյալ փաստաթուղթը պահպանվում` արխիվացվում է համակարգում 3 տարի ժամկետով:

94. Ցանկացած ժամանակ ըստ համակարգից օգտվելու հասանելիության` համակարգից օգտվողը կարող է մտից կամ ելից համարներով գտնել տվյալ փաստաթուղթը:

95. 3 տարին լրանալուց հետո նախարարությունն իր համակարգում պահպանված` արխիվացված բոլոր փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում ստեղծված և վերջինիս կողմից վարվող կենտրոնական արխիվ:

96. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կենտրոնական արխիվում փաստաթղթերը պահպանվում են 10 տարի ժամկետով:

 

Աշխատակազմի ղեկավարի

ժամանակավոր պաշտոնակատար`

Լ. Խալիկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.01.2014, N 1-Ն 27.02.2014, N 2-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան