«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 32611054
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
16 դեկտեմբերի 2010 թ. |
N 131-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 153-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 13-րդ կետի պահանջներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 153-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը և քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին»:
2) Հրամանի 1-ին կետից և առաջին հավելվածի 1-ին կետից հանել «և կրտսեր թափուր» բառերը, իսկ «պաշտոններ» բառերը փոխարինել «պաշտոն» բառով:
3) Հրամանի 1-ին կետով հաստատված հավելված 1-ի
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգ».
բ. 9-րդ կետի 3-րդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով.
գ. 12-րդ կետի «գ» ենթակետից հանել «ու քվեարկության» բառերը.
դ. 12-րդ կետի «ժբ», «ժգ» և 19-րդ կետի «դ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել».
ե. 12-րդ կետի «ժդ» ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով.
զ. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով.
է. 19-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրութամբ.
«ե) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.»:
4) Հրամանի 2-րդ կետով հաստատված հավելված 2-ի`
ա. 9-րդ կետի 3-րդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով.
բ. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Երիցյան |
Հավելված 1 2010 թվականի դեկտեմբերի 16-ի |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ` Մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) աշխատակարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Համակարգչում զետեղելու համար Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները առաջադրվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից (այսուհետ` Նախարարություն), Խորհրդից, գիտական և ուսումնական հաստատություններից:
4. Սույն կետով նախատեսված Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.
2) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:
5. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձինք գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
6. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի (այսուհետ` Նախարար) կողմից հաստատվում են, որից հետո Աշխատակազմի կողմից կոդավորվում են և զետեղվում համակարգչում:
7. Նախարարության աշխատակազմը մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է Խորհրդին և գիտական ու ուսումնական հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ, դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև, ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու, անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:
8. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.
1) երկու թեկնածու` Նախարարության ներկայացուցիչներ.
2) երկու թեկնածու` Խորհրդի ներկայացուցիչներ.
3) երկու թեկնածու` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:
9. Աշխատակազմը, մրցույթն սկսելուց առնվազն 6 ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:
10. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:
11. Հանձնաժողովի կազմը հաստատվում է նախարարի հրամանով: Նույն հրամանով նախարարը Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար.
1) Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
2) Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի և (կամ) քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և (կամ) քարտուղար:
12. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Նախարարի հրամանով` Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
13. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից,
2) համաձայն քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի, ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
14. Հանձնաժողովը`
1) Նախարարության աշխատակազմից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը, Հանձնաժողովի կնիքը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը.
2) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.
3) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի համար նախատեսված արկղը.
4) խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.
5) անցկացնում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) թեստավորում.
6) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.
7) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
8) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները.
9) հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.
10) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.
11) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.
12) ուժը կորցրած է ճանաչվել.
13) ուժը կորցրած է ճանաչվել.
14) գնահատման արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.
15) ամփոփում է մրցույթի արդյունքները.
16) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.
17) պաշտոնապես հրապարակում է մրցույթի արդյունքները.
18) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին.
19) նախարարության աշխատակազմին հանձնում է կնիքը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մրցութային փաթեթը.
20) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
16. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
17. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
18. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ կազմում է արձանագրություն, որի պատճենն անմիջապես ներկայացնում է Նախարարին: Նախարարը հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
19. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է Հանձնաժողովի նիստերը.
3) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.
4) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.
5) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
6) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.
7) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
20. Հանձնաժողովի քարտուղարը`
1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.
2) բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
3) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
21. Հանձնաժողովի անդամը`
1) վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.
2) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.
3) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին.
4) ուժը կորցրած է ճանաչվել.
5) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.
6) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
7) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
8) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
22. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:
23. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված 2 2010 թվականի դեկտեմբերի 16-ի
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարի
N 131-Ն հրամանի
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայողներ) ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) աշխատակարգը:
2. Հանձնաժողովը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Համակարգչում զետեղելու համար Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներն առաջադրվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից (այսուհետ` Նախարարություն), Խորհրդից, գիտական և ուսումնական հաստատություններից:
4. Սույն կետով նախատեսված Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.
2) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:
5. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձինք Աշխատակազմի կողմից գրավոր տեղեկացվում են հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
6. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի (այսուհետ` Նախարար) կողմից հաստատվում են, որից հետո Աշխատակազմի կողմից կոդավորվում են և զետեղվում համակարգչում:
7. Նախարարության աշխատակազմը ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է Խորհրդին և սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ, դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև, ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու, անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:
8. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից` ատեստավորումն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.
1) երկու թեկնածու` Խորհրդի ներկայացուցիչներ,
2) երկու թեկնածու` Նախարարության ներկայացուցիչներ,
3) երկու թեկնածու` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:
9. Աշխատակազմը, ատեստավորումը սկսելուց առնվազն 6 ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորում անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:
10. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:
11. Հանձնաժողովի կազմը հաստատվում է նախարարի հրամանով: Նույն հրամանով նախարարը Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար.
1) Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
2) Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի «և (կամ)» քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ «և (կամ)» քարտուղար:
12. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Նախարարի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
13. Հանձնաժողովի խնդիրներն են.
Ատեստավորման միջոցով որոշել Նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին, ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը:
14. Հանձնաժողովը`
1) Նախարարության աշխատակազմից ստանում է ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկը և այդ քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները, ծառայողական բնութագրերը և առարկությունները վերջիններիս վերաբերյալ (այդպիսիք լինելու դեպքում), քաղաքացիական ծառայողների կողմից կատարած աշխատանքների մասին վերջին երկու հաշվետվությունների և դրանց վերաբերյալ նրանց անմիջական ղեկավարների եզրակացությունների պատճենները, ինչպես նաև հանձնաժողովի կնիքը.
2) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.
3) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը.
4) անցկացնում է փաստաթղթային ատեստավորում.
5) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում.
6) Խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.
7) անցկացնում է քաղաքացիական ծառայողների թեստավորում.
8) ստուգում և գնահատում է քաղաքացիական ծառայողների թեստավորման առաջադրանքները.
9) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
10) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված քաղաքացիական ծառայողների բողոքները.
11) հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած քաղաքացիական ծառայողների ցուցակը.
12) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.
13) քաղաքացիական ծառայողների հետ անցկացնում է հարցազրույց.
14) կազմում է քվեաթերթեր.
15) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.
16) քվեարկության արդյունքում կայացնում է որոշում յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի վերաբերյալ.
17) ամփոփում է ատեստավորման արդյունքները.
18) յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար կազմում է ատեստավորման թերթ.
19) Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին հանձնում է կնիքը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և ատեստավորման փաթեթը.
20) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
16. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
17. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
18. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ կազմում է արձանագրություն, որի պատճենը անմիջապես ներկայացնում է Նախարարին: Նախարարն իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
19. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է Հանձնաժողովի նիստերը.
3) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.
4) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.
5) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
6) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.
7) իրականացնում է սույն աշխատակարգով, քաղաքացիական ծառայողի անցկացնելու կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
20. Հանձնաժողովի քարտուղարը`
1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.
2) բացատրում է քաղաքացիական ծառայողներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
3) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
21. Հանձնաժողովի անդամը`
1) վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.
2) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.
3) մասնակցում է քաղաքացիական ծառայողների հետ հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր քաղաքացիական ծառայողներին.
4) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.
5) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար անցկացվող քվեարկություններին.
6) ստորագրում է ատեստավորման թերթը: Հատուկ կարծիք ունեցող անդամը ստորագրելիս նշում է այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
7) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
8) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
22. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:
23. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|