Գլխավոր տեղեկություն
Номер
N 1281-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.09.2010-25.09.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2010.09.15/21(373) Հոդ.270
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
06.08.2010
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
06.08.2010
Дата вступления в силу
25.09.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.09.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 սեպտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11010339

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 օգոստոսի 2010 թ.

 N 1281-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 18-ի զ) կետը.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Ներառական կրթություն իրականացնելու կարգը»` համաձայն հավելվածի:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչությանը (պետ՝ Ն. Հովհաննիսյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ՝ Մ. Գրիգորյան)՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

 

Ա. Աշոտյան
 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության
նախարարի 06.08.2010 թ.

N 1281-Ն հրամանի

 

 Կ Ա Ր Գ

 

Ներառական կրթություն իրականացնելու

 

1. Սույն կարգը սահմանվում է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 18-ի զ) ենթակետին համապատասխան, և կարգավորում է ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների և մանկավարժական գործընթացի մասնակիցների իրավահարաբերությունները:

2. Հանրակրթական ուսումնական հաստատությունում (այսուհետ` հաստատություն) ներառական կրթությունն իրականացվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար` նրանց զարգացման սոցիալական հարմարվածությունը և հասարակության մեջ լիարժեք ներառումն ապահովելու, մյուս սովորողների հետ կրթության իրավունքի իրացման հավասար հնարավորություն ընձեռելու նպատակով:

3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ընդունելությունը ներառական կրթություն իրականացնող հաստատություն կատարվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003թ. օգոստոսի 25-ի թիվ 619-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:

4. Ներառական կրթություն իրականացնող հաստատությունում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթությունը իրականացվում է հանրակրթական չափորոշիչներով և ծրագրերով, իսկ դրանց յուրացման անհնարինության դեպքում` նաև հատուկ կրթության չափորոշիչներով և ծրագրերով:

5. Ներառական կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության միևնույն դասարանի համակազմում միաժամանակ կարող են ընդգրկվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 2-3 երեխա` ըստ կրթական կարիքների բարդության, ընդ որում՝ դրանք կարող են լինել թե´ միևնույն, թե´ տարբեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ:

6. Ներառական կրթություն իրականացնող հաստատությունում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսուցումն իրականացվում է յուրաքանչյուր սովորողի համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կազմված Անհատական ուսուցման պլանի (այսուհետ` ԱՈՒՊ) հիման վրա:

7. ԱՈՒՊ-ը կազմվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի հաստատություն ընդունվելուց մեկ ամիս անց մեկ ամսվա ընթացքում: Հաստատությունից հաստատություն տեղափոխվելիս ԱՈՒՊ-ը սովորողի անձնական գործերի հետ միասին ներկայացվում է ընդունվող հաստատություն:

8. Ներառական կրթություն իրականացնող հաստատությունում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների գնահատման ժամանակ կարող է կիրառվել առաջադիմության գնահատման այլընտրանքային համակարգ, ըստ որի բացահայտվում և ԱՈՒՊ-ում գրանցվում է սովորողի զարգացման առաջադիմությունը, ճշտվում է նրա հետ տարվող անհատական աշխատանքների բովանդակությունը և ծավալը:

9. ԱՈՒՊ-ը կազմվում է ներառական կրթությանն աջակցող մասնագետների՝ սովորողի հետ աշխատող ուսուցիչների, հատուկ և սոցիալական մանկավարժների, հոգեբանի կողմից;

10. Ուսուցիչները, հատուկ և սոցիալական մանկավարժները, հոգեբանը հաստատությունում իրենց աշխատանքային պարտականությունները կատարում են իրենցից յուրաքանչյուրի համար սահմանված աշխատանքային պարտականությունների շրջանակներում:

11. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթական կարիքը բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից ենթակա է գնահատման յուրաքանչյուր 2 տարին մեկ, երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հաստատման նպատակով: Ծնողի և ուսումնական հաստատության դիմումի համաձայն՝ սովորողի կրթական կարիքը կարող է վերագնահատվել ավելի վաղ ժամկետներում:

12. ԱՈՒՊ-ը հիմք է հանդիսանում տվյալ հաստատությունում կիրառվող գիտելիքների հաշվառման և գրանցման, ինչպես նաև գնահատման փաստաթղթերը վարելու և սովորողին դասարանից-դասարան փոխադրելու համար:

13. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ուսուցման գործընթացը պարտադիր ներառում է երեխայի կողմից նրա դասարանի դասացուցակով նախատեսված ուսումնական պարապմունքների ոչ պակաս, քան 80%-ի մասնակցությունը:

14. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ԱՈՒՊ-ով նախատեսված լրացուցիչ պարապմունքները կազմակերպվում են տվյալ օրվա դասերի ավարտից հետո, սակայն ոչ պակաս, քան 30 րոպե անց: 30 րոպե տևողությամբ ընդմիջումը օգտագործվում է երեխայի սնունդը կազմակերպելու համար:

15. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի հատուկ մանկավարժական լրացուցիչ պարապմունքների գրաֆիկը ամրագրվում է սովորողի ԱՈՒՊ-ում:

16. Ներառական կրթություն իրականացնող հաստատությունում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներից բաղկացած առանձին դասարանների ձևավորումը արգելվում է:

17. Ներառական կրթություն իրականացնող հաստատությունում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ընդգրկվածության վերաբերյալ տվյալները արտացոլվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված ձևի տարեկան հաշվետվության մեջ:

 

 

Ա. Աշոտյան