Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 2/763-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (25.02.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.02.15/4(387) Հոդ.57
Принят
Արտաքին գործերի նախարար
Дата принятия
30.12.2010
Подписан
Արտաքին գործերի նախարար
Дата подписания
30.12.2010
Дата вступления в силу
25.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հունվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10411037

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

30 դեկտեմբերի 2010 թ.

թիվ 2/763-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 13-ի «Ապոստիլ դնելու իրավունք ունեցող պետական լիազորված մարմիններ նշանակելու մասին» թիվ 15 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու գործընթացը կանոնակարգելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության միգրացիայի բաժնի վարիչի վրա:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավունքը վերապահել հյուպատոսական ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

 

Նախարար՝

Է. Նալբանդյան

 

 

Հավելված

ՀՀ արտաքին գործերի

նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 30-ի

թիվ 2/763-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի (այսուհետ` Հաագայի կոնվենցիա) համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը Հաագայի կոնվենցիայի մասնակից պետություն ներկայացնելու համար դիվանագիտական կամ հյուպատոսական վավերացման փոխարեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի հյուպատոսական վարչության (այսուհետ` հյուպատոսական վարչություն) կողմից վավերացվում են հատուկ դրոշմակնիքով` «Ապոստիլով» (այսուհետ` ապոստիլ), որով հաստատվում է փաստաթուղթը ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:

2. Հյուպատոսական վարչության կողմից ապոստիլով վավերացվում են.

1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերի բնօրինակները, դրանցից քաղվածքները և դրանց հիման վրա կազմված տեղեկանքները։

2) Նախարարության կողմից տրված դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքները։

3) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից տրված այլ պաշտոնական փաստաթղթերը և ակտերը, որոնք ենթակա չեն ապոստիլով վավերացման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

3. Ապոստիլով չեն վավերացվում`

1) օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրված փաստաթղթերը,

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող փաստաթղթերը:

4. Փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումն ընդունվում է նախարարության քաղաքացիների ընդունելության սրահում (այսուհետ` ընդունելության սրահ)` երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին (բացառությամբ տոնական կամ այլ պատճառով ոչ աշխատանքային հայտարարված օրերը) հյուպատոսական վարչության կողմից` ժամը 10:00-ից 12:00-ն:

5. Ապոստիլով վավերացված փաստաթուղթը դիվանագիտական կամ հյուպատոսական հետագա վավերացման ենթակա չէ:

6. Հաագայի կոնվենցիայի մասնակից պետությունների ցանկը փակցվում է ընդունելության սրահի տեսանելի մասում, ինչպես նաև նախարարության պաշտոնական կայքի «Հյուպատոսական ծառայություն» բաժնում և թարմացվում է, ըստ Հաագայի կոնվենցիայի ավանդապահից ստացված ծանուցումների, մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

 

II. ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

7. Փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար կարող է դիմել յուրաքանչյուր ոք (այսուհետ` դիմող):

8. Ապոստիլով վավերացման համար դիմողը նախարարություն է ներկայացնում`

1) դիմում (որը դիմողին է տրամադրվում տեղում), որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), անձնագրի սերիան և համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթ(եր)ի ցանկը և այն պետության անվանումը, ուր ներկայացվելու է փաստաթուղթը (Ձև N 1),

2) ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի բնօրինակը,

3) ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի լուսապատճենը,

4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը` ապոստիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաստաթղթի համար առանձին-առանձին կամ բոլորի համար մեկ միասնական փաստաթղթով:

Սույն կետի դրույթները չեն տարածվում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման գործընթացի վրա:

9. Եթե ապոստիլով վավերացման ենթակա փաստաթուղթը կազմված է մեկից ավելի էջերից, ապա տվյալ փաստաթուղթն այն տրամադրած մարմնի կողմից պետք է կարվի, իսկ էջերը համարակալվեն այնպես, որ վավերացնելուց հետո հնարավոր չլինի փոփոխել փաստաթղթի ամբողջականությունը` առանց կարված մասը և դրված կնիքը խախտելու:

Եթե փաստաթուղթը չի բավարարում սույն կետում նշված պահանջներին, ապա այն տեղում վերադարձվում է դիմողին` փաստաթուղթը տրամադրած մարմնին կամ դրա իրավահաջորդին ներկայացնելու և փաստաթուղթը նշված պահանջներին համապատասխան ձևով պատրաստելու նպատակով, որից հետո փաստաթուղթը ներկայացվում է նախարարություն:

10. Վավերացման համար պետական տուրքը վճարվում է պետական բյուջե` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափով:

1) Պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը և ապոստիլով վավերացված փաստաթղթի լուսապատճենը կցվում են դիմումին:

11. Փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար ստացված դիմումն ուսումնասիրվում է հյուպատոսական վարչության կողմից:

Դիմումի ուսումնասիրման ժամանակ պարզվում են`

1) ներկայացված փաստաթղթի` ապոստիլով վավերացման ենթակա լինելը,

2) ներկայացված փաստաթղթի համապատասխանությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին,

3) ներկայացված փաստաթուղթը ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:

Դիմումների նախնական ուսումնասիրությունը կատարվում է դիմումը ներկայացնելու պահին, դիմողի ներկայությամբ, դրանց համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին ստուգելու նպատակով:

12. Ներկայացված փաստաթղթում առկա ստորագրությունների, կնիքների կամ դրոշմակնիքների իսկությունը պարզելու համար դրանք համեմատվում են հյուպատոսական վարչության տրամադրության տակ եղած (պաշտոնապես ստացված) ստորագրությունների, կնիքների ու դրոշմակնիքների համապատասխան նմուշների հետ` դիմումն ընդունելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ներկայացված փաստաթղթում առկա ստորագրությունների, կնիքների կամ դրոշմակնիքների նմուշների բացակայության դեպքում իրականացվում են լրացուցիչ ստուգումներ: Նախարարությունը դիմում է համապատասխան մարմին դրանց նմուշները ստանալու նպատակով: Նմուշները պաշտոնապես ստանալուց հետո դիմողի կողմից ներկայացված փաստաթղթում առկա ստորագրությունների, կնիքների կամ դրոշմակնիքների իսկությունը պարզելու համար համեմատությունը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

13. Փաստաթղթի վաղեմության կամ այլ պատճառներով փաստաթղթում առկա ստորագրության, կնիքի կամ դրոշմակնիքի իսկության ստուգման անհնարինության դեպքում փաստաթղթի ապոստիլով վավերացումը կատարվում է տվյալ փաստաթուղթը տրամադրած մարմնի պաշտոնավարող ղեկավարի կամ վերադաս մարմնի, կամ, եթե փաստաթուղթը տրամադրած մարմինը լուծարվել է և իրավահաջորդ չկա` դրա փաստաթղթերը պահպանող արխիվի ղեկավարի հաստատումից հետո: Այս դեպքում ներկայացված փաստաթուղթը տեղում վերադարձվում է դիմողին` անհրաժեշտ գործողությունները կատարելու նպատակով համապատասխան մարմին ներկայացնելու համար:

14. Ապոստիլով վավերացնելու համար ներկայացված փաստաթղթում կնիք և դրոշմակնիք դնելու համար բավարար տեղ չլինելու դեպքում դիմումը և կից փաստաթուղթը տեղում վերադարձվում է դիմողին: Դիմողը փաստաթուղթը ներկայացնում է այն տրամադրած մարմին` լրացուցիչ ազատ էջ ավելացնելու նպատակով: Նոր էջը կարվում է փաստաթղթին այնպես, որ հնարավոր լինի այդտեղ սոսնձել սպիտակ ամուր թուղթ: Սոսնձվող թղթի վրա նշվում են հետևյալ բառերը. «Փաստաթուղթը բաղկացած է ___էջից»: Կարն ամրագրվում է պաշտոնատար անձի ստորագրությամբ և կնիքով: Եթե փաստաթուղթը տրամադրած մարմինը լուծարվել է և իրավահաջորդ չկա, նշված գործողություններն իրականացնում է դրա փաստաթղթերը պահպանող արխիվը:

15. Փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումը մերժվում է, եթե`

1) ներկայացված փաստաթղթի ապոստիլով վավերացումը չի բխում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, գործող օրենսդրության և սույն կարգի պահանջներից,

2) դիմումի մեջ նշված պետությունը, ուր պետք է ներկայացվի տվյալ փաստաթուղթը, չի հանդիսանում Հաագայի կոնվենցիայի մասնակից,

3) փաստաթղթում առկա են չհաստատված ջնջումներ, փոփոխություններ, սխալ տվյալներ և (կամ) այլ անհամապատասխանություններ,

4) տվյալ տեսակի փաստաթղթի ապոստիլով վավերացնելու լիազորությունը նախարարությանը վերապահված չէ:

Սույն կետում նշված հիմքերի առկայության դեպքում փաստաթղթի վավերացման դիմումը համապատասխան պաշտոնատար անձի կողմից կարող է մերժվել տեղում` դիմումը ներկայացնելու պահին՝ բանավոր հայտնելով պատճառը:

Փաստաթղթի մերժման հիմքը դիմումն ընդունելուց հետո հայտնի դառնալու դեպքում մերժման մասին գրավոր ծանուցումը (ձև N 2) դիմողին է ուղարկվում դիմումն ընդունելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում` հյուպատոսական վարչության պետի անունից:

Դիմողի նախնական համաձայնության հիման վրա մերժման մասին ծանուցումը իրականացվում է էլեկտրոնային փոստի միջոցով:

16. Մերժման մասին ծանուցման մեջ հստակ նշվում են մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

Ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի բնօրինակը և պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթն առձեռն դիմողին են վերադարձվում ընդունելության սրահում` ընդունելության համար նախատեսված օրերին և ժամերին: Դիմողի պահանջով տրվում է նաև տեղեկանք` վճարված պետական տուրքի դիմաց ծառայություն չմատուցելու մասին` վճարված գումարը համապատասխան ֆինանսական մարմնից հետ ստանալու համար:

Դիմումի մերժումն օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

III. ՓԱՍՏԱԹՂԹԻ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

17. Փաստաթուղթը ապոստիլով վավերացվում է դիմումն ընդունելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կարգով սահմանված լրացուցիչ ստուգումներ կատարելու դեպքերի:

18. Լրացուցիչ ստուգումներ կատարելու դեպքում` հյուպատոսական վարչության պետը երկարաձգում է ներկայացված փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու ժամկետը` առավելագույնը տասը աշխատանքային օրով: Այս դեպքում հյուպատոսական վարչության պետը դիմումի վրա կատարում է համապատասխան մակագրություն:

19. Փաստաթղթի ապոստիլով վավերացման ժամկետի երկարաձգման մասին գրավոր ծանուցումը (Ձև N 3) դիմողին է ուղարկվում դիմումն ընդունելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ծանուցման մեջ նշվում է ապոստիլով վավերացման ժամկետի երկարաձգման պատճառը:

1) Դիմողի նախնական համաձայնության դեպքում ապոստիլով վավերացման ժամկետի երկարաձգման վերաբերյալ ծանուցումը իրականացվում է էլեկտրոնային փոստի միջոցով:

 

IV. ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

20. Նախարարության կողմից դրվող ապոստիլը 9x9 սմ չափերի դրոշմակնիք է (Ձև N 4):

Ապոստիլը դրվում է ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի ազատ էջի վրա:

Ապոստիլը պետք է դրվի այնպես, որ այն չծածկի փաստաթղթի տեքստը և չխախտի տեքստի ընթեռնելիությունը:

21. Ապոստիլի բոլոր տողերը լրացվում են անգլերեն:

22. Եթե ապոստիլով վավերացման ներկայացված փաստաթուղթը ստորագրված է այնպիսի պաշտոնատար անձի կողմից, որի ազգանունն անընթեռնելի է և վաղեմության պատճառով հնարավոր չէ պարզել (օրինակ` դիպլոմ կամ միջնակարգ կրթության ատեստատ), ապա ապոստիլի 2-րդ տողում նշվում է «պաշտոնատար անձի կողմից (an official)» բառերը, իսկ ապոստիլի 3-րդ տողում նշվում է այդ անձի պաշտոնը (օրինակ` «դպրոցի տնօրեն (Principal of tհe School)», այնուհետև` 4-րդ տողում` «Երևանի թիվ 3 միջնակարգ դպրոց (3rd Secondary School of Yerevan)»):

23. Ապոստիլը ստորագրվում է հյուպատոսական վարչության պետի, իսկ նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից:

24. Փաստաթուղթը ապոստիլով վավերացնելիս որևէ սխալ նշում կատարելու կամ որևէ պատճառով վավերացումն անվավեր ճանաչելու դեպքում ապոստիլի դրոշմակնիքի վրա դրվում է 1,7x4,3 սմ չափսերի «Անվավեր է / Cancelled» դրոշմակնիք (Ձև N 5):

25. Ապոստիլի 9-րդ տողում դրվում է հյուպատոսական վարչության անվանումը և Հայաստանի Հանրապետության զինանշանը պարունակող կլոր կնիք այնպես, որ կնիքի մի մասը դրոշմվի ապոստիլի, իսկ մյուս մասը դրանից դուրս` փաստաթղթի էջի վրա:

26. Ապոստիլով վավերացման գործընթացը հաշվառվում է էլեկտրոնային գրանցամատյանում (Ձև N 6), որտեղ նշվում է`

1) դիմումն ընդունելու օրը, ամիսը և տարեթիվը,

2) դիմումն ընդունող պաշտոնատար անձի անունը և ազգանունը,

3) դիմողի անունը, ազգանունը (հայրանունը),

4) ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի անվանումը,

5) ապոստիլ դնելու ժամանակը և ապոստիլը հաստատող անձի ազգանունն ու անունը, որը պետք է համապատասխանի ապոստիլի 6-րդ և 7-րդ տողերին,

6) ապոստիլի հերթական համարը, որը համապատասխանում է ապոստիլի 8-րդ տողին,

7) ապոստիլով վավերացման դիմումը մերժելու պատճառը, օրը, ամիսը, տարեթիվը (եթե դիմումը մերժվում է):

27. Ընդունված դիմումներն Էլեկտրոնային գրանցամատյանում գրանցվում են դիմումն ընդունելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

28. Ապոստիլով վավերացնելու համար ներկայացված փաստաթղթի լուսապատճենի վերևի աջ անկյունում նշվում է այդ փաստաթղթի բնօրինակի կամ կրկնօրինակի վրա դրված ապոստիլի համարը, տարին, ամիսը և ամսաթիվը:

29. Փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար ներկայացված դիմումը, փաստաթղթի լուսապատճենը և պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը պահպանվում են առանձին թղթապանակներում` դասակարգված ըստ տարիների և ամիսների: Պահպանման ժամկետն է երեք տարի, որից հետո դրանք արխիվացման նպատակով փոխանցվում են նախարարության աշխատակազմի քարտուղարության պատմադիվանագիտական բաժին:

30. Էլեկտրոնային գրանցամատյանը յուրաքանչյուր ամսվա առաջին երկու աշխատանքային օրվա ընթացքում տպվում է հաշվետու ամսվա կտրվածքով` հաշվետվության տեսքով, ստորագրվում է գրանցամատյանը վարող պաշտոնատար անձի և հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից, որից հետո պահպանվում է առանձին թղթապանակներում` դասակարգված ըստ տարիների և ամիսների: Պահպանման ժամկետն է երեք տարի, որից հետո դրանք արխիվացման նպատակով փոխանցվում են նախարարության աշխատակազմի քարտուղարության պատմադիվանագիտական բաժին:

31. Ապոստիլով վավերացված փաստաթուղթը հյուպատոսական վարչության համապատասխան աշխատակիցներն ընդունելության ժամերին, ընդունելության սրահում հանձնում են դիմողին:


Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 Քաղ. ___________________________________________

   (անուն, հայրանուն, ազգանուն)

Անձնագրի սերիա և համար _________________________

Հասցե __________________________________________

Հեռախոս ________________________________________

Էլ. փոստ ________________________________________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ կից ներկայացվող փաստաթուղթը (փաստաթղթերը) վավերացնել ապոստիլով` «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի դրույթների համապատասխան:

 

Փաստաթղթերը ներկայացվելու են __________________________________:

 (պետության անվանումը)

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը.

1. __________________________________________________________________

2.__________________________________________________________________

3. __________________________________________________________________

4. __________________________________________________________________

 

Պետական տուրքը ______________ ՀՀ դրամի չափով վճարված է:

 

Համաձայն եմ ______, որ հնարավոր մերժման կամ ժամկետի երկարաձգման մասին ծանուցումը ստանամ էլ. փոստով:

Դիմող`______________________ ( _____________________________________ )

 (ստորագրություն)

 (անուն, ազգանուն)

 
«_____»__________________________ 20___ թ.

 

*********************************************************************************************************************

 

Ծառայողական նշումներ

Ընդունելու օրը «____» __________________ 201__ թ.

Գրանցման համար _________________________

Հանձնելու օրը «____» __________________ 201__ թ.

______________________________

 (աշխատակցի ստորագրություն)

 

Ձև N 2

 

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1961 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱԱԳԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ) ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ N_____/Մ

 

Քաղ. _____________________________________________

   (անուն, հայրանուն, ազգանուն)

 

Հասցե____________________________________________

____________________________________________

Հարգելի __________________________________ ,

 

«Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան հետևյալ փաստաթուղթը (փաստաթղթերը)

1. __________________________________________________________________

2. __________________________________________________________________

3. __________________________________________________________________

4. __________________________________________________________________

ապոստիլով վավերացնելու նպատակով «____»___________________201___թ. Ձեր կողմից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն ներկայացված դիմումը մերժվում է:

 

Հիմք` _____________________________________________________________

 

Դուք կարող եք վերը նշված փաստաթղթերը և պետական տուրքի վճարման անդորրագիրը հետ ստանալ ընդունելության ժամերին (___________________)_______________ հասցեից:

    օրերը և ժամերը

 

Տեղեկացնում ենք, որ Ձեր դիմումի մերժումը կարող եք բողոքարկել դատական կարգով:

 

ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ (անուն, ազգանուն, ստորագրություն)

 

«____»___________________201___թ.

 

Ձև N 3

 

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1961 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱԱԳԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ) ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ N_____/Ե

 

Քաղ. _____________________________________________ 
   (անուն, հայրանուն, ազգանուն)

 

Հասցե____________________________________________

____________________________________________

 

Հարգելի __________________________________ ,

 

«Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան ապոստիլով վավերացնելու նպատակով Ձեր կողմից «____»___________________201___թ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն ներկայացված հետևյալ փաստաթղթի (փաստաթղթերի)

 

1. __________________________________________________________________

2. __________________________________________________________________

3. __________________________________________________________________

4. __________________________________________________________________

 

վավերացման ժամկետը երկարաձգվում է մինչև «___»__________________201__թ. _______________ __________________________________________ պատճառով:

 

ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ (անուն, ազգանուն, ստորագրություն)

 

«____»___________________201__թ.

 

Ձև N 4

 

Նմուշ

 

Ապոստիլի դրոշմակնիքի

 

A P O S T I L L E

 

(Convention de La Haye du 5 octobre 1961)

 

 1. Country: Republic of Armenia

 

  This public document

 

 2. has been signed by _________________________

 

 3. acting in the capacity of _____________________

 

 4. bears the seal of ___________________________

 

 __________________________________________

 

C E R T I F I E D

 

5. at Yerevan

 6. on _______________ 20___
 

7. by _______________________ , Head of the

 Consular Department of the Ministry of

 Foreign Affairs of the Republic of Armenia

 

 8. No ______________

 

 9. Seal

 10. Signature ______________

 

Ձև N 5

 

Նմուշ անվավերության

 


 ԱՆՎԱՎԵՐ Է

CANCELLED

 

 

Ձև N 6

 

«Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու

Գրանցամատյան

 

Դիմումն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը

Դիմումն ընդունող

 պաշտոնատար անձի անունը

և ազգանունը

Դիմողի անունը,

ազգանունը

(հայրանունը)

Ապոստիլով վավերացման

ենթակա փաստաթղթի

անվանումը

Ապոստիլ դնելու օրը, ամիսը, տարեթիվը

Ապոստիլը հաստատող պաշտոնատար անձի անունը և ազգանունը

Ապոստիլի հերթական համարը

Ապոստիլով վավերացման

դիմումը մերժելու պատճառը,

օրը, ամիսը, տարեթիվը (եթե դիմումը մերժվում է)

1

2

3

4

5

6

7

8