«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006398
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 նոյեմբերի 2006 թ. ք. Երևան |
N 1278-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՏՆԱՅԻՆ ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 56 ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի N 715 որոշման երկրորդ կետը, 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1209-Ն որոշումը, 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ/ ենթակետը.
Հրամայում եմ՝
1. Հաստատել «Տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող բժշկական վկայական տալու կարգը»` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2001 թվականի փետրվարի 6-ի «Տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող բժշկական վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 56 հրամանը:
3. ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին՝ սույն կարգը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՏՆԱՅԻՆ ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող բժշկական վկայական (այսուհետ` բժշկական վկայական) տալու կարգը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 715 որոշման 2-րդ կետի:
2. Տանը մահացած անձանց բժշկական վկայականները տրվում են մահացածի բնակության վայրի ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ արգելվում է հրաժարվել դիահերձումից:
Տանը մահացած անձանց ախտաբանաանատոմիական հերձման դեպքում բժշկական վկայականը տրվում է բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող ախտաբանաանատոմիական հերձում իրականացրած բուժհաստատության կողմից:
Դիահերձումից հրաժարվելն արգելվում է`
ա) հանկարծամահության դեպքում (անկախ տարիքից և մահը վրա հասնելու պայմաններից), եթե առկա է մահացածի ազգականների կամ մահացածի մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարի բողոքը.
բ) երբ անհրաժեշտ է դատաբժշկական փորձաքննությունը կատարել հերձման միջոցով`
երբ մահացածի անձը ճանաչված չէ,
երբ ախտորոշումը հայտնի չէ,
երբ բողոք է ներկայացված իրավապահ մարմիններ,
բռնի մահվան դեպքում` սպանություն, ինքնասպանություն, դժբախտ պատահար (մեխանիկական վնասվածքներ, մեխանիկական շնչահեղձություն, թունավորումներ, էլեկտրահարություն, ծայրահեղ բարձր ջերմաստիճանի, ճառագայթային էներգիայի ազդեցություն),
բռնի մահվան կասկածի դեպքում (անկախ պայմաններից և մահը վրա հասնելու պահից),
մանկասպանության կասկածի դեպքում:
3. Եթե ախտաբանաանատոմիական հերձում չի կատարվում և բժշկական վկայականը տրվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության կողմից, բուժհաստատության բուժող բժիշկը կամ տեղամասային բժիշկը զննում է մահացածի դիակը, հավաստիանալով, որ չկան դատաբժշկական փորձաքննություն կատարելու հիմքեր, մահացածի հարազատներից վերցնում է ախտաբանաանատոմիական հերձումից հրաժարվելու վերաբերյալ գրավոր փաստաթուղթ, հաստատում է այն իր ստորագրությամբ և կցում հիվանդության պատմությանը կամ ամբուլատոր քարտին` համապատասխան գրառում կատարելով սույն կարգի 3-րդ կետում ամրագրված հիմքի առկայության վերաբերյալ:
4. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության կողմից տնային մահերի դեպքում բժշկական վկայականը տրվում է մահացածի հարազատներին կամ օրինական ներկայացուցչին` մահվան պահից ոչ ուշ, քան 36 ժամ անց, նրանց դիմելու և մահացողի անձնագիրը ներկայացնելու դեպքում:
5. Բժշկական վկայական կարող է տալ մահացածի տարածքային պոլիկլինիկայի ղեկավարը` տեղամասային թերապևտի, մանկաբույժի, ընտանեկան բժշկի կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության այն մասնագետի ներկայացմամբ, ում մոտ հաշվառման է եղել և բուժվել է մահացողը:
6. Միջին բուժանձնակազմին (այդ թվում՝ բուժակ-մանկաբարձական կետերում աշխատող բուժակներին) արգելվում է բժշկական վկայական տալը:
7. Արգելվում է բժշկական վկայական տալ հեռակա կարգով, առանց բժշկի կողմից մահվան փաստը հավաստելու:
8. Բուժհաստատության տնօրենը պատասխանատվություն է կրում բժշկական վկայականը լրացնելու հարցում:
9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևի մահվան վկայականների ձևաթերթիկները համարակալվում են, կարվում, կնքվում և պահվում բուժհաստատության համապատասխան ստորաբաժանումում։ Բժշկական վկայականի ձևաթերթիկների կտրոնները պահպանվում են բուժհաստատությունում երեք օրացուցային տարի և հիմք են հանդիսանում բուժհաստատության կողմից ներկայացվող համապատասխան հաշվետվությունների համար:
(9-րդ կետը խմբ. 26.06.09 N 15-Ն)
10. Ոչ ճիշտ լրացված բժշկական վկայականների օրինակները և դրանց համապատասխանող կտրոնները գրանցվում են որպես «անվավեր» և մնում են ձևաթերթիկների թղթապանակում:
11. (կետն ուժը կորցրել է 26.06.09 N 15-Ն)
Ձև
ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՏՐՈՆ N
(ձևն ուժը կորցրել է 26.06.09 N 15-Ն)
(հավելվածը խմբ., փոփ. 26.06.09 N 15-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.06.2017, N 29-Ն | 01.07.2017, N 1278-Ն | |
26.06.2009, N 15-Ն | 01.01.2010, N 1278-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|