«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 մարտի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10010140
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 մարտի 2010 թ. |
N 04-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 995-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ) ենթակետը և հաշվի առնելով N 852/2004, N 853/2004, N 854/2004 Եվրոպական հանձնաժողովի ուղեցույցների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 9-ի N 995-Ն հրամանով հաստատված «Ձկնամթերքի արտադրությանը և իրացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները» N 2-III-4.1-06-2003 սանիտարական կանոններում և հիգիենիկ նորմերում լրացում և փոփոխություններ կատարելու նպատակով,
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 9-ի ««Ձկնամթերքի արտադրությանը և իրացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները» N 2-III-4.1-06-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» N 995-Ն հրամանով հաստատված հավելվածի՝
1) 2.1 գլխում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ՝ «Եվրամիության անդամ երկրներ ձկնամթերք, այդ թվում վայրի կենդանի խեցգետին արտահանող կազմակերպությունները ունենում են գործնականում ներդրված վտանգների վերլուծման և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ) համակարգ»։
2) 2.9 «Ձկնորսարան» գլուխը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«2.9. Ձկնորսական նավակներին և ձկնորսարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
2.9.1. Ձկնորսական նավակները ձկնամթերքի պահման համար ունենում են առանձնացված փակ տարողություններ՝ աղտոտումը բացառելու նպատակով։
2.9.2. Ձկնորսական նավակների ներքին մակերեսը ունենում է հարթ, հեշտ մաքրվող և ախտահանվող մակերես, լինում է ամուր, չքայքայվող, անջրաթափանց և ոչ թունավոր։
2.9.3. Ձկնամթերքի պահման տարողությունները, սարքավորումները, գործիքները պատրաստվում են սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից, լինում են ամուր, չքայքայվող, անջրաթափանց, ոչ թունավոր և ունենում են հարթ, հեշտ մաքրվող և ախտահանվող մակերես։
2.9.4. Ձկնամթերքի պահման տարողությունները ապահովում են սույն սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով սահմանված ձկնամթերքի պահպանման պայմանները։
2.9.4.1. Որսված ձկնամթերքը նավակ բեռնելուց սկսած մինչև ափ իջեցնելը պաշտպանվում է արևի ճառագայթների ազդեցությունից և բոլոր տեսակի աղտոտումից:
2.9.4.2. Ձկնամթերքը նավակի վրա լվանալու դեպքում օգտագործվում է խմելու կամ այլ մաքուր ջուր։
2.9.4.3. Ձկնամթերքը պահվում և պահեստավորվում է այնպես, որպեսզի չվնասվի։
2.9.4.4. Կենդանի ձկնամթերքը պահվում է սառը վիճակում, որի անհնարինության դեպքում այն հնարավորինս շուտ իջեցվում է ափ։ Ձկնամթերքի պաղեցնելու համար օգտագործվող սառույցը պատրաստվում է խմելու ջրից։
2.9.5. Սարքավորումները, տարաները լվացվում են ամեն հերթափոխից հետո և ախտահանվում են շաբաթը մեկ անգամ։
2.9.6. Լվացող, ախտահանող և այլ թունավոր նյութերը պահվում են փակ սենքերում կամ պահարաններում։
2.9.7. Ձկնորսության համար նախատեսված հատվածի ողջ մերձափնյա տարածքը լինում է ցանկապատված և հարթեցված։
2.9.8. Ուռկանների չորացման համար նախատեսված հրապարակներում տեղադրվում են կախիչներ։
2.9.9. Ձկնորսարաններում պահեստները, ծածկերը և այլ արտադրական ու կենցաղային կառույցները տեղակայվում են ափի կարծր հատակ ունեցող, բարձրադիր, ջրով չծածկվող տարածքում»։
3) 10.2 կետում «79/112, 91/492, 91/493, 93/140, 94/356, 95/149» թվերը փոխարինել «N 852/2004,
N 853/2004, N 854/2004, 98/83» թվերով։
Նախարար՝ |
Հ. Քուշկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|