Գլխավոր տեղեկություն
Номер
N 517
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.02.2003-25.04.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2002.02.11/3(89) Հոդ.9
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Дата принятия
26.12.2001
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
26.12.2001
Дата вступления в силу
16.02.2002

118.0517.26.12.01

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հունվարի 2002թ.

Պետական գրանցման թիվ 11802004

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

26 դեկտեմբերի 2001 թ.
ք. Երևան

N 517

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը և ՀՀ կառավարության 24.09.2001 թ. N 895 որոշումը

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման» հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարի 13.12.1999 թ. N 426 հրամանով հաստատված «Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը» և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 29.11.2001 թ. «ՀՀ ֆինանսների նախարարի 13.12.1999 թ. N 426 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 423 հրամանը:

 

Նախարար՝ Վ.Խաչատրյան

 

 

Հաստատված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2001 թ. դեկտեմբերի 26 -ի N 517 հրամանով

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Վիճակախաղերի, շահումով խաղերի ԵՎՎ խաղատների լիցենզավորող հանձնաժողովի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 26-ի N 516 հրամանով:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Հանձնաժողովը ձևավորվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներից:

4. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալներից մեկը ի պաշտոնե այդ հանձնաժողովի նախագահն է:

5. Հանձնաժողովի քարտուղարը ի պաշտոնե վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների գործունեությունը կարգավորող ստորաբաժանման ղեկավարն է:

(5-րդ կետը խմբ. 23.12.02 N 885-Ն)

 

II. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթները

 

6. Հանձնաժողովի հիմնական խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների բնագավառներում լիցենզավորման գործընթացի իրականացմանը նպաստելն է:

7. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) քննարկում է լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպության կողմից ներկայացրած փաստաթղթերը և վիճակախաղերի, խաղային գործի կարգավորման ստորաբաժանման և իրավաբանական ստորաբաժանման կողմից տրված դիտողությունները: Քննարկելով նշված փաստաթղթերը և դիտողությունները հանձնաժողովը կայացնում է լիցենզիա տալու կամ լիցենզիա տալը մերժելու վերաբերյալ եզրակացություններ, որոնք ներկայացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին;

բ) քննության է առնում լիցենզավորված կազմակերպությունների կողմից լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի ուժը կորցրած ճանաչման համար հիմք հանդիսացող խախտում կատարելու դեպքում նրանց հանդեպ պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ հարցերը, վիճակախաղերի, խաղային գործի կարգավորման ստորաբաժանման առաջարկությունները և կայացնում համապատասխան պատասխանատվության միջոցի կիրառման վերաբերյալ եզրակացություններ, որոնք ներկայացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին;

գ) առաջարկություններ է ներկայացնում լիցենզավորող մարմնին լիցենզավորման բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:

(7-րդ կետը փոփ. 23.12.02 N 885-Ն)

 

III. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը

 

8. Հանձնաժողովը հարցերը քննարկում է իր նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

9. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված ի օգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետև հրավիրված անձ):

11. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ՝ տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին:

Հանձնաժողովն իր հերթական նիստի, տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում մամուլում՝ նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:

12. Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթի բովանդակությունը:

13. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:

14. Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:

15. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:

Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար և այլ անձինք:

16. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում՝ դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:

17. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:

18. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:

19. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է՝

ա) հանձնաժողովի նիստի ամսաթիվը և տեղը.

բ) հանձնաժողովի տեսակը և կազմը.

գ) քննարկվող հարցի բովանդակությունը.

դ) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.

ե) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.

զ) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները.

է) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.

ը) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:

Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:

20. Հանձնաժողովի նախագահը՝

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.

բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման համար.

գ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

դ) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

21. Հանձնաժողովի քարտուղարը ՝

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

բ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

գ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններից քաղվածքները և կազմակերպում դրանց տարածումը.

դ) կազմում է միջոցառումների ծրագիր, նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.

ե) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս բնագավառին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.

զ) կազմում է հանձնաժողովի նիստի արձանագրությունները և կազմակերպում դրանց տարածումը.

է) վերլուծում է հանձնաժողովի գործունեության բնագավառին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:

22. Հանձնաժողովի անդամները՝

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.

բ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

 

IV. Հանձնաժողովի գործունեության դադարումը

 

23. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

24. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(կանոնադրությունը խմբ., փոփ. 23.12.02 N 885-Ն)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.03.2009, N 265-Ն 25.04.2009, N 517
23.12.2002, N 885-Ն 13.02.2003, N 517
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան