«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11009040
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 հունվարի 2009 թ. |
N 03-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2009 թվականի միասնական քննությունները կազմակերպված անցկացնելու նպատակով
Հրամայում եմ՝
1. Հաստատել «2009 թ. միասնական քննությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը»՝ համաձայն հավելվածի։
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ին (տնօրեն՝ Մ. Մկրտչյան), ՀՀ կրթության և գիտության նախարարության օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ՝ Մ. Գրիգորյան), սահմանված կարգով «2009 թ. միասնական քննությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը» ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
Ս. Սեյրանյան |
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թ. հունվարի 12-ի թիվ 03-Ն հրամանի |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 586-Ն որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի N 14 արձանագրային որոշման 10-րդ կետով հաստատված «Սովորողների գնահատման հայեցակարգի» 5-րդ գլխին համապատասխան և սահմանում է միասնական քննությունների (այսուհետև` քննություն) նախապատրաստման, անցկացման, ստուգման, արդյունքների հրապարակման և բողոքարկման գործընթացը:
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ, ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄԸ
2. Գնահատման և թեստավորման կենտրոնը (այսուհետև` ԳԹԿ) քննության դիմում-հայտերի ընդունումից 15 օր առաջ առնվազն հինգ անգամ զանգվածային լրատվական միջոցներով (որից երկու անգամը հանրապետական թերթերում) հրապարակում է հայտարարություն, որում պարտադիր նշվում են դիմում-հայտերի ընդունման և ավարտման ժամկետները, ընդունող կազմակերպությունների անվանումները:
3. Քննությանն առնչվող հարցերի վերաբերյալ տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները (այսուհետև` շրջանավարտ) տեղեկատվություն կարող են ստանալ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունից (այսուհետև` դպրոց), ՀՀ մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի կրթության վարչությունից (այսուհետև` կրթության վարչություն), ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից (այսուհետև` նախարարություն), ԳԹԿ-ից` անմիջականորեն կամ համացանցային կայքի միջոցով:
4. Դպրոցը կրթության վարչության միջոցով ԳԹԿ-ից ստանում և շրջանավարտներին է տրամադրում դիմում-հայտի լրացման ձևի, քննությունների անցկացման ընթացակարգի, քննության ընթացքում շրջանավարտի իրավունքների և պարտականությունների մասին փաստաթղթերի փաթեթը:
5. Շրջանավարտը քննությանը մասնակցելու համար դպրոցում լրացնում է դիմում-հայտ` կցելով անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, քննության մասնակցության վճարի անդորրագիրը և ներկայացնում դպրոցի տնօրենին:
6. Դպրոցի տնօրենը ստուգում է շրջանավարտի դիմում-հայտի լրացման ճշտությունը, պահանջվող փաստաթղթերի առկայությունը և տալիս է ստացական:
7. Նախորդ տարիների շրջանավարտների դիմում-հայտերի ընդունումը կազմակերպում է շրջանավարտի բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցը: Նախորդ տարիների շրջանավարտը քննություն է հանձնում իր բնակության վայրը (համայնք, մարզ) ընդգրկող քննական կենտրոնում:
8. Հայտագրումը կատարվում է հետևյալ եղանակով`
1) էլեկտրոնային փոստ ունեցող դպրոցը շրջանավարտների տվյալները ԳԹԿ է ուղարկում անմիջականորեն` էլեկտրոնային կապով,
2) էլեկտրոնային փոստ չունեցող դպրոցի տնօրենը շրջանավարտների տվյալները ԳԹԿ է ուղարկում տարածաշրջանի այդ նպատակի համար առանձնացված դպրոցի էլեկտրոնային կապի միջոցով:
9. Դիմում-հայտերը, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, քննության մասնակցության վճարի անդորրագիրը, անհրաժեշտության դեպքում նաև շրջանավարտների տվյալներով մագնիսական կրիչները դպրոցը ԳԹԿ է ուղարկում կրթության վարչության միջոցով:
10. Դիմում-հայտերի ընդունումը ԳԹԿ-ում ավարտվում է մարտի 15-ին:
11. Շրջանավարտի վերաբերյալ մուտքագրված տվյալների համապատասխանությունը հաստատելու, ճշգրտում, փոփոխություն կատարելու և քննության մասնակիցների ցուցակը վերահաստատելու նպատակով ԳԹԿ-ն տվյալները դպրոց է ուղարկում կրթության վարչության միջոցով:
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՃՇԳՐՏՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ ԿԱՄ ՆՈՐ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
12. Շրջանավարտը իր դիմում-հայտում կարող է փոփոխություն, ճշգրտում կատարել դիմում-հայտի ընդունման ժամկետի ավարտից հետո 25 օրվա ընթացքում:
13. Դիմում-հայտում փոփոխություն, ճշգրտում կատարելու, այն հաստատելու կամ նոր դիմում-հայտ ներկայացնելու համար շրջանավարտը դիմում է դպրոցի տնօրենին և համապատասխան ցուցակում կատարում փոփոխություն, ճշգրտում: Դպրոցի տնօրենը ճշգրտված, փոփոխված ցուցակները կամ նոր դիմում-հայտերը կնքում և մինչև ապրիլի 15-ը կրթության վարչության միջոցով ուղարկում է ԳԹԿ:
14. ԳԹԿ-ն շրջանավարտների փոփոխված և նոր դիմում-հայտերի հիման վրա տվյալների բազայում կատարում է համապատասխան փոփոխությունները:
15. Դիմում-հայտերի տվյալների վերջնական մուտքագրումից հետո ԳԹԿ-ն պատրաստում է շրջանավարտների ցուցակներն ըստ քննական առարկաների և կենտրոնների:
16. Հաստատված ցուցակների հիման վրա մինչև մայիսի 20-ը շրջանավարտների անցաթղթերը ԳԹԿ-ն ուղարկում է կրթության վարչություն կամ դպրոցներ:
17. Անցաթուղթը պարունակում է շրջանավարտի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան, համարը, մարզը, դպրոցը), լուսանկարը, քննական կենտրոնի գտնվելու վայրը, առարկան, քննության օրը և ժամը:
18. Շրջանավարտը անցաթուղթը ստանում է այն դպրոցից, որտեղ լրացրել է դիմում-հայտ: Անցաթուղթը շրջանավարտին տրվում է ստորագրությամբ:
19. Շրջանավարտների վերջնական տվյալների բազայի կրկնօրինակը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին (այսուհետև` նախարար):
ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
20. Քննությունները կազմակերպվում և անցկացվում են քննական կենտրոններում, որոնց ցանկը ԳԹԿ տնօրենի ներկայացմամբ մինչև մայիսի 1-ը հաստատում է նախարարը:
21. Քննական կենտրոնների ղեկավարների կազմը մինչև մայիսի 20-ը ԳԹԿ տնօրենի ներկայացմամբ հաստատում է նախարարը:
22. Քննական կենտրոնի ղեկավարը կազմակերպում է քննական գործընթացը տվյալ քննական կենտրոնում` սույն ընթացակարգի պահանջների համաձայն:
23. Քննական կենտրոնի ղեկավարը քննությունը սկսվելուց առնվազն 10 օր առաջ անցնում է իր պարտականությունների կատարմանը:
24. Քննական կենտրոնի տեղակայման ուսումնական հաստատության ղեկավարը ապահովում է քննական կենտրոնի պատրաստ լինելը քննությանը, իսկ ոչ ուսումնական հաստատությունում տեղակայված քննական կենտրոնի պատրաստ լինելը ապահովում է տվյալ քննական կենտրոնի ղեկավարը:
25. Քննական կենտրոններում քննությունների գործընթացը վերահսկում են նախարարի լիազոր ներկայացուցիչները (այսուհետև` լիազոր):
26. Քննական կենտրոններում քննությունների կազմակերպական աշխատանքները վերահսկում, քննության կազմակերպման ժամանակ ընթացակարգի շեղման դեպքում անմիջապես կանխում և ուղղորդում են ԳԹԿ-ի ներկայացուցիչները:
27. ԳԹԿ ներկայացուցիչներին ըստ քննական կենտրոնների նշանակում է ԳԹԿ տնօրենը:
28. Քննությունը սկսվելուց 3 օր առաջ քննական կենտրոնի ղեկավարը ԳԹԿ-ի ներկայացուցչին է ներկայացնում արձանագրություն քննական կենտրոնի պատրաստ լինելու մասին:
29. Քննական կենտրոնում քննության ընթացքը կազմակերպում են քննության ընթացքի կազմակերպիչները: Համակարգչային աշխատանքներն իրականացնում են ուսուցում անցած համակարգչային և պատճենահանման օպերատորները, որոնց կազմը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Հերթապահների կազմը հաստատում է քննական կենտրոնի ղեկավարը:
30. Կազմակերպիչները ըստ քննական կենտրոնների բաշխվում են քննության նախորդ օրը ԳԹԿ ներկայացուցչի կազմակերպած վիճակահանության միջոցով: Նույն օրը ԳԹԿ ներկայացուցիչը տվյալ քննական կենտրոնի ղեկավարին է հանձնում քննական կենտրոնի կազմակերպիչների ցուցակը:
31. Մինչև 30 շրջանավարտ ունեցող քննասենյակում աշխատանքները համակարգում են 2 կազմակերպիչներ: 30-ից ավելի շրջանավարտներ ունեցող քննասենյակում առաջին 30 շրջանավարտների համար` 2 կազմակերպիչ, մեկական կազմակերպիչ` յուրաքանչյուր հաջորդ 30-ի համար, ևս մեկ կազմակերպիչ` վերջին 20 և ավելի շրջանավարտների համար:
32. Քննությունը սկսվելուց 1,5 ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը գրանցում է կազմակերպիչներին, համակարգչային օպերատորներին և հերթապահներին:
33. Քննությունը սկսվելուց առնվազն 1 ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը լիազորի կամ ԳԹԿ ներկայացուցչի ներկայությամբ`
1) ստանում է քննական թեստերի փաթեթները,
2) վիճակահանությամբ կատարում է կազմակերպիչների բաշխում, նշանակում քննասենյակի պատասխանատու` նրան տալով յուրաքանչյուր խմբի համար նախատեսված պատասխանների ձևաթղթերի ծրարը, խմբի շրջանավարտների ցուցակը, ինչպես նաև անհրաժեշտ այլ նյութեր: Պատասխանների ձևաթղթերի ծրարը պարունակում է`
ա. պատասխանների 30 ձևաթղթեր, որոնք տրվում են շրջանավարտներին,
բ. պատասխանների լրացուցիչ ձևաթղթեր, որոնք օգտագործվում են պատասխանների ձևաթղթերի խոտանման դեպքերում,
գ. պատասխանների լրացուցիչ ձևաթղթերը մնում են քննական կենտրոնի ղեկավարի մոտ,
3) հերթապահներին տեղաբաշխում է կենտրոնի ղեկավարը` կազմելով համապատասխան արձանագրություն:
34. Քննության օրը շրջանավարտը քննությունը սկսվելուց առնվազն 1 ժամ առաջ ներկայանում է քննական կենտրոն` իր հետ ունենալով անցաթուղթ, անձը հաստատող փաստաթուղթ և երկու սև գելային գրիչ:
35. Շրջանավարտների մուտքը կենտրոն սկսվում է քննական կենտրոնի ղեկավարի հրահանգով:
36. Շրջանավարտը անձը հաստատող փաստաթուղթը և անցաթուղթը ներկայացնում է մուտքի հերթապահին և նրա հրահանգով մոտենում նախասրահի օպերատորին: Նախասրահի օպերատորը համադրում է անցաթղթի և շրջանավարտի վերաբերյալ բազայի տվյալները, նշում կատարում շրջանավարտի` քննությանը ներկայանալու մասին, իսկ անցաթղթի վրա գրում խմբի համարը: Միջանցքների հերթապահները, պատերին փակցված լրացուցիչ ուղեսլաքները շրջանավարտներին օգնում են գտնել քննասենյակը և խումբը:
ՔՆՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
37. Շրջանավարտի մուտքը քննասենյակ կազմակերպվում է ոչ պակաս, քան երկու կազմակերպիչների կողմից: Նրանցից մեկը ներս է թողնում շրջանավարտին և հետևում, որ կողմնակի առարկաները (գրքեր, պայուսակներ, բջջային հեռախոսներ, կապի այլ միջոցներ և այլն) թողնվեն մուտքի մոտ: Մյուս կազմակերպիչ(ներ)ը գտնվում է(են) քննասենյակում:
Շրջանավարտը մոտենում է իր խմբի կազմակերպչին և ստանում պատասխանների ձևաթուղթը, ստորագրում իր անվան դիմաց և նստում ըստ վիճակահանության արդյունքի` համապատասխան նստարանին: Կազմակերպիչները հետևում և արգելում են շրջանավարտների տեղափոխությունը:
38. Շրջանավարտներին քննասենյակում տեղավորելուց հետո քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը քննական կենտրոնի ղեկավարից ԳԹԿ-ի ներկայացուցչի կամ լիազորի ներկայությամբ ստանալով խմբերի թվին համապատասխան թեստերի ծրարները, բերում է քննասենյակ: Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը ծրարները ցուցադրում է շրջանավարտներին և ներկա այլ անձանց (ծնողներ, հավատարմագրված դիտորդներ)` նրանց ուշադրությունը հրավիրելով ծրարների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա:
39. Քննությունը սկսվելուց 20 րոպե առաջ քննասենյակի պատասխանատուն (կամ կազմակերպիչը) շրջանավարտների համար ընթերցում է քննասենյակում քննության անցկացման կարգը, տեղեկացնում բողոքարկման տեսակների մասին: Այնուհետև կազմակերպիչները մոտենում են շրջանավարտներին, կտրում նրանց` պատասխանների ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող մասերը, հաշվում և հանձնում են քննասենյակի պատասխանատու կազմակերպչին:
40. Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող մասերը առնվազն 2 կազմակերպիչների և լիազորի մասնակցությամբ հաշվում, ստուգում, այնուհետև տեղավորում է այդ նպատակով ստացված ծրարում` ծրարի վրա գրելով քննասենյակի, խմբերի համարները և կտրված մասերի թիվը:
ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ
41. Թեստերի ծրարները բացելու համար պատասխանատու կազմակերպիչը հրավիրում է առաջին նստարաններին նստած շրջանավարտներին (նրանցից որևէ մեկի բացակայության դեպքում` հաջորդ շրջանավարտին): Ծրարների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում խմբերի կազմակերպիչները կատարում են նշում` ստորագրել տալով ծրարը բացած շրջանավարտին:
42. Այնուհետև խմբերի կազմակերպիչները բաժանում են թեստերը: Պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակին նշում կատարում քննության սկզբի և ավարտի վերաբերյալ:
43. Քննությունը հանրապետության բոլոր քննական կենտրոններում սկսվում է նույն ժամին:
44. Ավելորդ (չօգտագործված, խոտանված) քննական թեստերի առկայությունը քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը արձանագրում է, հաշվարկում և պահում իր մոտ:
45. Քննության ընթացքում արգելվում է խոսելը, տեղը փոխելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, արտագրելը, բջջային հեռախոսներից կամ կապի այլ միջոցներից օգտվելը:
46. Քննության ընթացքում քննասենյակից շրջանավարտը կարող է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, քննասենյակի պատասխանատուի թույլտվությամբ և միջանցքի հերթապահի ուղեկցությամբ:
47. Քննասենյակում թեստի բովանդակության վերաբերյալ շրջանավարտի հարցերը չեն քննարկվում:
48. Քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը նորով փոխարինում է քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը քննական կենտրոնի ղեկավարի, լիազորի կամ ԳԹԿ ներկայացուցչի ներկայությամբ` արձանագրելով այդ փաստը:
49. Շրջանավարտների կողմից քննական առաջադրանքների կատարման ժամանակ քննասենյակներում, բացի կենտրոնի ղեկավարից և կազմակերպիչներից, կարող են ներկա գտնվել լիազորը, ԳԹԿ ներկայացուցիչը:
50. Քննության ավարտից 30 րոպե առաջ քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը շրջանավարտների ուշադրությունն է հրավիրում ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները համապատասխան ձևաթղթերի վրա անցկացնելու մասին:
51. Կազմակերպիչները քննության ողջ ընթացքում պետք է մնան իրենց հատկացված քննասենյակներում և ապահովեն շրջանավարտների ինքնուրույն աշխատանքը: Նրանց արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից և կապի այլ միջոցներից:
52. Շրջանավարտի կողմից սույն ընթացակարգի 46-րդ կետի պահանջները խախտելու կամ դրանց չենթարկվելու դեպքում պատասխանատուին իրավունք է վերապահվում մեկ անգամ նախազգուշացնել շրջանավարտին, արձանագրել նախազգուշացումը, կրկնվելու դեպքում քննական կենտրոնի ղեկավարի հետ համաձայնեցնելով, հեռացնել քննասենյակից: Հեռացվող շրջանավարտից վերցվում են քննական նյութերը, պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Հեռացված է քննությունից», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրությունների մեջ գրանցվում է այդ փաստը, հեռացվողի անունը, ազգանունը, հեռացման պատճառը:
53. Շրջանավարտի` քննությունից հեռացվելու փաստը քննարկվում է նախարարի հրամանով ստեղծված բողոքարկման հանձնաժողովում (այսուհետև` հանձնաժողով) և ընդունվում է որոշում` շրջանավարտին լրացուցիչ քննությանը թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ:
54. Քննության ընթացքում հիվանդության պատճառով (բժշկի թույլտվությամբ) քննությունն ընդհատած շրջանավարտից վերցվում են քննական նյութերը, պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Քննությունն ընդհատել է հիվանդության պատճառով», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրություններում գրանցվում է այդ փաստը` նշելով քննությունն ընդհատած շրջանավարտի անունը, ազգանունը:
55. Քննության օրը հարգելի պատճառով քննությանը չներկայացած (փաստաթղթով հիմնավորված), հիվանդության պատճառով քննությունն ընդհատած, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ քննությանը թույլատրված շրջանավարտը քննություն է հանձնում լրացուցիչ օրը:
ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ ԵՎ ՔՆՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
56. Քննության համար հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները թեստերը և պատասխանների ձևաթղթերը հավաքում են սեղաններից: Այդ ընթացքում շրջանավարտը մնում է իր տեղում:
57. Քննության համար նախատեսված ժամանակից շուտ ավարտած (ընդհատած) շրջանավարտը քննասենյակի պատասխանատու կազմակերպչի թույլտվությամբ մոտենում է համակարգչային օպերատորին, պատճենահանում պատասխանների ձևաթուղթը, այնուհետև մոտենում է իր խմբի կազմակերպչին: Թեստը և պատասխանների ձևաթուղթը շրջանավարտը կազմակերպչին է հանձնում` ստորագրելով իր խմբի շրջանավարտների ցուցակի համապատասխան տեղում: Կազմակերպիչը համեմատում է թեստի և պատասխանների ձևաթղթում նշված թեստի համարները: Պատասխանների ձևաթղթի պատճենահանված օրինակը շրջանավարտը պահում է իր մոտ:
58. Պատճենահանման ընթացքում կուտակումներից խուսափելու նպատակով քննությունն ավարտած շրջանավարտը նստում է իր տեղում մինչև պատճենահանման իր հերթը հասնելը:
59. Քննության ավարտից հետո խմբի վերջին շրջանավարտը ստորագրում է խմբի արձանագրության համապատասխան տեղում, այնուհետև խմբի կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված), քննության ընթացքում հիվանդացած շրջանավարտին տրված բժշկի տեղեկանքը, շրջանավարտին քննությունից հեռացնելու, ինչպես նաև խոտանված ձևաթղթի մասին արձանագրությունները, խմբի շրջանավարտների ցուցակ-արձանագրությունը հրապարակայնորեն ծրարում է վերջին շրջանավարտի ներկայությամբ:
60. Խստորեն արգելվում է ծրարների, ցուցակների փոխանակումը, նախատեսված ծրարների փոխարեն այլ ծրարների օգտագործումը, ծրարներում պատասխանների ձևաթղթերի հետ այլ թղթեր դնելը, ձևաթղթերը կպցնելը (ամրակներով, դակիչներով և այլն), ձևաթղթերի վրա նշումներ անելը:
61. Քննասենյակի քննական նյութերի հաշվումը պետք է կատարվի առնվազն 2 կազմակերպիչների ներկայությամբ:
62. Քննության ժամանակի ավարտից հետո ոչ ուշ, քան 30 րոպեի ընթացքում քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը լրացնում է տվյալ քննասենյակում անցկացված քննության արձանագրությունը:
63. Պատասխանատու կազմակերպիչը խմբերի պատասխանների ձևաթղթերի (օգտագործված, չօգտագործված, խոտանված), խմբերի շրջանավարտների ցուցակ-արձանագրությունների ծրարները քննասենյակի արձանագրության, պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի ծրարների և թեստերի (օգտագործված, չօգտագործված) հետ հանձնում է քննական կենտրոնի ղեկավարին:
64. Քննական կենտրոնի ղեկավարը, լիազորի հետ համատեղ ներկայացված պատասխանների ձևաթղթերը, խմբի ցուցակ-արձանագրությունները պարունակող և քննասենյակներից ստացված կտրված մասերով ծրարները վերահաշվելով, ձևակերպում է քննական կենտրոնում անցկացված քննության արձանագրությունը:
ՔՆՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
65. Քննական կենտրոնի ղեկավարը լիազորի և յուրաքանչյուր քննասենյակի պատասխանատու կազմակերպչի ներկայությամբ ծրարները տեղավորում է համապատասխան արկղում` ԳԹԿ տեղափոխելու համար:
66. Քննական կենտրոնի ղեկավարը լիազորի հետ միասին քննական նյութերը ԳԹԿ է տեղափոխում քննության ավարտից հետո նույն օրվա ընթացքում:
67. ԳԹԿ-ում ԳԹԿ-ի աշխատակիցը քննական կենտրոնի ղեկավարի և նախարարի լիազորի մասնակցությամբ ընդունում է քննական նյութերը: Պատասխանների ձևաթղթերը հաշվվում են, սկանավորվում: Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի հաշվումից հետո կազմվում է բոլոր նյութերի հանձնման և ընդունման արձանագրություն:
68. Սկանավորումից հետո տվյալների բազայի պատճենը տրվում է նախարարին: Խմբերի ցուցակները նախարարին տրվում են առանց սկանավորման:
ՔՆՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ
69. Քննական աշխատանքները ստուգվում են ԳԹԿ-ում` տեխնոլոգիական սարքավորումների ու համակարգչային ծրագրերի կիրառմամբ:
70. Սկանավորվում, ճանաչվում և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը:
71. Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես շրջանավարտի քննական արդյունք:
72. Քննական աշխատանքների արդյունքները հրապարակվում են քննության հաջորդ օրից սկսած 5 օրվա ընթացքում:
Առանձնահատուկ դեպքերում, նախարարի հատուկ որոշմամբ ժամկետը կարող է երկարաձգվել մեկ օրով:
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
73. ԳԹԿ-ում քննությունների արդյունքների ցուցակներն առանձնացվում են ըստ քննական կենտրոնների, առարկաների և քննություններին մասնակցած դպրոցների:
74. Ցուցակները վավերացվում են ԳԹԿ տնօրենի կողմից:
75. Քննական կենտրոնի ղեկավարը աշխատանքների ստուգման ավարտից հետո ներկայանում և ԳԹԿ-ից ստանում է քննություն հանձնած շրջանավարտների քննական արդյունքների ցուցակը:
76. Քննական կենտրոնի ղեկավարը ցուցակը փակցնում է քննական կենտրոնի տեղակայման հաստատության մուտքի մոտ: Միասնական քննությանը մասնակցած շրջանավարտների քննության ավարտական մասի քննական արդյունքների ցուցակը ԳԹԿ-ն կրթության վարչության միջոցով ուղարկում է դպրոցներ:
77. Միասնական քննության ավարտական մասի արդյունքը դպրոցը գրանցում է շրջանավարտի` միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատում:
78. Շրջանավարտը քննության արդյունքի մասին տեղեկություն կարող է ստանալ իր դպրոցից, քննական կենտրոնից:
79. Քննություն հանձնած շրջանավարտները մինչև հունիսի 30-ը վկայագրերը ստանում են դպրոցներից` ներկայացնելով դիմում-հայտերի լրացման համար հիմք ընդունված անձնագիրը կամ ծննդյան վկայականի պատճենը:
ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
80. Բողոքը կարող է լինել`
1) քննության անցկացման կարգի խախտման մասին,
2) քննության արդյունքի հետ անհամաձայնության մասին:
81. Բողոք-դիմումը շարադրվում է դրա համար նախատեսված ձևաթղթի վրա:
82. Քննության անցկացման կարգի խախտման վերաբերյալ շրջանավարտը կարող է բողոքել քննության օրը (քննության պահին կամ ավարտից հետո` մինչև քննասենյակից դուրս գալը)` բողոքը ներկայացնելով քննասենյակի պատասխանատու կազմակերպչին:
83. Բողոք-դիմումի պատճենի կամ երկրորդ օրինակի վրա քննասենյակի պատասխանատուն կատարում է «Ընդունված է` հանձնաժողով ներկայացնելու համար» նշումը և վերադարձնում շրջանավարտին:
84. Քննասենյակի պատասխանատուն գրում է բացատրություն` կցելով բողոք-դիմումին և հանձնում է քննական կենտրոնի ղեկավարին:
85. Քննական կենտրոնի ղեկավարը քննասենյակի պատասխանատու կազմակերպիչներից ստանալով բողոքարկման նյութերը` առանձին ծրարով, համապատասխան արձանագրության հետ միասին, ներկայացնում է ԳԹԿ:
86. Բողոքարկման հանձնաժողովը, քննարկելով բողոք-դիմումը, այն կարող է համարել հիմնավոր, եթե բողոք-դիմումում շարադրված հանգամանքները շրջանավարտի կողմից առաջադրանքների ոչ լիարժեք կատարման պատճառ են դարձել:
87. Հանձնաժողովը բողոք-դիմումի վերաբերյալ որոշում է ընդունում բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայն:
88. Բողոքը հիմնավոր համարելու դեպքում հանձնաժողովը որոշում է ընդունում շրջանավարտին թույլատրել մասնակցելու լրացուցիչ քննությանը:
89. Բողոքարկման հանձնաժողովը չի քննարկում բողոք-դիմում`
1) շրջանավարտի կողմից իր մեղքով քննական հրահանգների չկատարման հետևանքով առաջացած թերությունների վերաբերյալ,
2) շրջանավարտի կողմից պատասխանների ձևաթղթի լրացման ընթացքում թույլ տրված վրիպումների կամ սխալների վերաբերյալ:
90. Քննության արդյունքի հետ անհամաձայնության դեպքում շրջանավարտը արդյունքների հրապարակումից հետո 24 ժամվա ընթացքում կարող է բողոքարկել այն:
91. Արդյունքի հետ անհամաձայնության բողոք-դիմումը շրջանավարտը անձամբ հանձնում է այն քննական կենտրոնի ղեկավարին (նրա ներկայացուցչին), որտեղ հանձնել է քննությունը: Քննական կենտրոնի ղեկավարը ստացված բողոք-դիմումները ԳԹԿ է տեղափոխում բողոքարկման ժամկետի ավարտից հետո 24 ժամվա ընթացքում:
92. Թեստի կառուցվածքի վերաբերյալ բողոքներ չեն ընդունվում: Բողոքարկման ընթացքում հիմք է ընդունվում միայն շրջանավարտի պատասխանների ձևաթղթի բնօրինակը:
93. Բողոք-դիմումի քննարկման արդյունքում կարող է որոշում ընդունվել քննության արդյունքի պահպանման, բարձրացման, ինչպես նաև իջեցման մասին: Հանձնաժողովի կայացրած որոշման հիման վրա բողոքարկման արդյունքները կհրապարակվեն վերջին քննության ավարտից հետո եռօրյա ժամկետում:
94. Բողոք-դիմումների քննարկման ավարտից հետո հանձնաժողովի նախագահը ԳԹԿ է ներկայացնում հաշվետվություն` յուրաքանչյուր բողոք-դիմումի վերաբերյալ ընդունված որոշման հիմնավորումով: