«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հոկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11408318
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
8 հոկտեմբերի 2008 թ. |
N 97-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ՏԱՐԱԾՔԻ) ՄԵԿ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին (բացառությամբ հանրակրթական և հատուկ դպրոցներ պետական ոչ առևտրային կազմակերպությունների) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի (տարածքի) մեկ տարուց ավելի ժամկետով վարձակալության կարգը հաստատելու մասին» թիվ 125 որոշմամբ սահմանված դրույթները`
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի (տարածքի) մեկ տարուց ավելի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի կանոնակարգը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել գույքի (տարածքի) վարձակալության տրամադրման աճուրդի մասնակցության հայտի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի քարտուղարության պետին.
սույն հրամանը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներին համապատասխան եռօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության, պետական գրանցման և պաշտոնական հրապարակման:
4. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարին:
Վարչության պետ` |
Կ. Կիրակոսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008 թ. հոկտեմբերի 8-ի N 97-Ն հրամանի |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ՏԱՐԱԾՔԻ) ՄԵԿ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ
1. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի (տարածքի) մեկ տարուց ավելի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի կանոնակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի (տարածքի) մեկ տարուց ավելի ժամկետում վարձակալության տրամադրման (այսուհետև` գույքի վարձակալության) աճուրդի կանոնակարգը:
2. Գույքի վարձակալության աճուրդի դեպքում բացի գույքի վարձավճարի չափից այլ չափանիշներ ենթակա չեն սակարկման:
3. Գույքի վարձակալության աճուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգին համապատասխան կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` վարչություն) պետի հրամանով ստեղծված աճուրդային հանձնաժողովը (այսուհետ` աճուրդային հանձնաժողով):
II. Աճուրդային հանձնաժողովը
4. Աճուրդային հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անձից:
5. Գույքի վարձակալության աճուրդ կազմակերպելու և աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին վարչության պետի հրամանի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը և համապատասխան զեկուցագրով ներկայացնում է վարչության պետին:
6. Սույն կանոնակարգի 5-րդ կետում նշված աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում աճուրդային հանձնաժողովն ընդունում է աճուրդի մասնակցության հայտերը, կազմում և անցկացնում է գույքի վարձակալության աճուրդը, ինչպես նաև որոշում գույքի վարձակալության աճուրդի հաղթողին:
7. Աճուրդային հանձնաժողովի նիստն իրավազոր է աճուրդային հանձնաժողովի անդամների 2/3-ի մասնակցության դեպքում: Աճուրդային հանձնաժողովի նիստում մասնակցող անդամները 2/3-ից պակաս լինելու դեպքում նշանակվում է նոր նիստ` ընդ որում, նոր նիստի օրվա և ժամի մասին աճուրդային հանձնաժողովը պատշաճ տեղեկացնում է աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետներում աճուրդի մասնակցության հայտ ներկայացրած բոլոր անձանց:
8. Աճուրդային հանձնաժողովն իրավասու է գույքի վարձակալության աճուրդի արդյունավետ իրականացման նպատակով գույքի վարձակալության աճուրդը նախապատրաստելու և կազմակերպելու համար ընդգրկել մասնագիտացված կազմակերպություն(ներ):
9. Աճուրդային հանձնաժողովի գործունեությունը համարվում է դադարած աճուրդի վերջնական արդյունքներն ամփոփելուց և այդ մասին արձանագրություն կազմելուց հետո:
III. Գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը
10. Գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ:
11. Գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
1) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը),
2) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն),
3) աճուրդի մասնակցության հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի,
4) աճուրդի հաղթողին որոշելու կարգը,
5) աճուրդով վարձակալության տրվող գույքի անվանումը, աճուրդի պայմանները,
6) աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես.
ա. նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
բ. գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ իրավաբանական անձանց համար, քաղաքացիների համար՝ անձնագրի պատճենը, սոցիալական քարտի պատճենը,
գ. հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը):
Աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են սահմանել լրացուցիչ փաստաթղթեր,
7) աճուրդի մասնակցության նախավճարների չափը (մասնակցության նախավճարի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետի համաձայն հաշվարկված` գույքի (տարածքի) առնվազն մեկ ամսվա վարձավճարի նվազագույն չափով), ինչպես նաև նախավճարի վճարման կարգը և ժամկետները, աճուրդում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի հետ վերադարձման կարգը,
8) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և պատճենը տրամադրելու կարգը,
9) այլ տեղեկություններ:
12. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերի ընդունումը դադարում է գույքի վարձակալության աճուրդը սկսելուց 2 (երկու) ժամ առաջ:
13. Գույքի վարձակալության աճուրդի պայմանների փոփոխման դեպքում աճուրդային հանձնաժողովը պարտավոր է անհապաղ կատարել աճուրդի մասին հրապարակային ծանուցման համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն ձևով, ինչպես կատարվել էր գույքի վարձակալության աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Հրապարակային ծանուցման փոփոխությամբ թույլատրվում է կատարել լրացում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:
Գույքի վարձակալության աճուրդի էական պայմանների փոփոխման դեպքում անհրաժեշտ է կատարել նոր հրապարակային ծանուցում` նախկին ծանուցումը հայտարարելով չեղյալ:
IV. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերի ներկայացումը
14. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերը ներկայացվում են գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:
15. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերը` աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով, ներկայացվում են անձամբ կամ փոստով:
16. Գույքի վարձակալության աճուրդի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում մուծում են գույքի վարձակալության աճուրդի մասնակցության նախավճար՝ այդ նպատակով բացված աճուրդի մասնակցության նախավճարի դրամային հաշվին:
17. Գույքի վարձակալության աճուրդում հաղթող ճանաչված հայտատուի նախավճարն ընդգրկվում է մասնակցի կողմից առաջարկված վարձավճարի մեջ:
18. Գույքի վարձակալության աճուրդում հաղթող ճանաչված անձի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից գույքի վարձակալության աճուրդի արդյունքների արձանագրությունը չստորագրելու, արձանագրությունը ստորագրելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում հետագա վճարումները չկատարելու և (կամ) հաղթող ճանաչվելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագիր չկնքելու դեպքերում նախավճարը չի վերադարձվում:
19. Գույքի վարձակալության աճուրդում հաղթող չճանաչված մասնակիցները աճուրդի մասնակցության նախավճարի վերադարձման նպատակով պետք է դիմեն վարչությանը, որն այդ դիմումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում դիմումատուին տալիս է աճուրդի մասնակցության նախավճարի հետ վերադարձման հայտ:
20. Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետում աճուրդի հաղթող չճանաչված հայտատուի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից համապատասխան դիմում չներկայացնելու դեպքում գույքի վարձակալության աճուրդի մասնակցության նախավճարը հաշվանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին:
21. Գույքի վարձակալության աճուրդին մասնակցության իրավունք ձեռք բերած մասնավորեցման սուբյեկտները գնում են մասնակցի տոմս, որում նշված համարով հանդես են գալիս աճուրդում:
22. Գույքի վարձակալության աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար կարող են վաճառվել դիտորդի տոմսեր:
23. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերի, մասնակցի տոմսերի և պահանջվող փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է գույքի վաձակալության աճուրդի սկզբից երկու ժամ առաջ, իսկ դիտորդի տոմսերի վաճառքը շարունակվում է ընդհուպ մինչև գույքի վարձակալության աճուրդի սկսվելը:
24. Գույքի վարձակալության աճուրդին կարող են մասնակցել հայտ ներկայացնողները կամ նրանց կողմից լիազորված անձինք:
V. Գույքի վարձակալության աճուրդի անցկացումը
25. Գույքի վարձակալության աճուրդն անց է կացնում աճուրդավարը, որը հրապարակում է վաճառվող գույքը բնութագրող ցուցանիշները, գույքի մեկնարկային վարձավճարի չափը (որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետի համաձայն հաշվարկված` գույքի (տարածքի) մեկ ամսվա վարձավճարի նվազագույն չափով), աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային վարձավճարի չափի 5 տոկոսից ոչ պակաս չափով:
26. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իրեն տոմսին համապատասխանող համարը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված արժեքով գույքը վարձակալելու մասին:
27. Յուրաքանչյուր մասնակից կարող է գույքի իր կողմից առաջարկվող վարձավճարի չափը ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով, կամ քայլի չափից ոչ պակաս գումարով:
28. Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն վարձավճարի չափը առաջարկված մեկ թեկնածու, որից հետո աճուրդը դադարեցվում է:
29. Այն դեպքում, երբ հայտարարված վարձավճարի չափով գույքը վարձակալելու համաձայնությունը չի լինում, աճուրդավարը կրկնում է մեկնարկային վարձավճարի չափը: Գույքը մեկնարկային վարձավճարի չափով 3 անգամ առաջարկելիս վարձակալելու համաձայնության բացակայության դեպքում աճուրդը համարվում է չկայացած և դադարեցվում է:
30. Գույքի առավելագույն վարձավճարի չափը առաջարկած թեկնածուն աճուրդավարի կողմից 3-րդ անգամ առաջարկված վարձավճարի չափը հայտարարելուց հետո ճանաչվում է աճուրդի հաղթող:
31. Աճուրդային հանձնաժողովը աճուրդի արդյունքների ամփոփման մասին կազմում է արձանագրություն:
Աճուրդային հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:
32. Աճուրդային հանձնաժողովին աճուրդի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց աճուրդի մասնակիցների համաձայնության:
VI. Գույքի վարձակալության չկայացած կամ անվավեր ճանաչելը
33. Գույքի վարձակալության աճուրդը համարվում է չկայացած, եթե`
1) աճուրդի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել,
2) բացակայում է գույքը մեկնարկային վարձավճարի չափով վարձակալելու համաձայնությունը,
3) գույքի վարձակալության աճուրդում հաղթող ճանաչված անձը (կամ նրա լիազորված ներկայացուցիչը) սահմանված ժամկետներում գույքի վարձակալության աճուրդի արդյունքների արձանագրությունը չի ստորագրել, հետագա վճարումները չի կատարել,
4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
34. Աճուրդն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով: Դատական կարգով աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է աճուրդի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:
|
Հավելված N 2 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008 թ. հոկտեմբերի 8-ի N 97-Ն հրամանի |
Հ Ա Յ Տ գույքի վարձակալության տրամադրման աճուրդի մասնակցության _____________________________________________________ (հայտը ներկայացնող անձի անվանումը, անունը, ազգանունը, հասցեն)
1. Ծանոթանալով «__» _____ 20__թ. կայանալիք աճուրդում վարձակալության տրվող գույքի (տարածքի) մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում ենք (եմ) մասնակցել _____________________________________________աճուրդին: (գույքի (տարածքի) անվանումը, հասցեն)
2. Աճուրդում հաղթելու դեպքում պարտավորվում ենք (եմ)`
1) աճուրդի մասին արձանագրությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարել վարձակալվող գույքի (տարածքի) համար մեր (իմ) կողմից առաջարկված մեկ ամսվա վարձավճարը,
2) հաղթող ճանաչվելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալ աճուրդային հանձնաժողով, գույքն ընդունելու և վարձակալության պայմանագիր կնքելու համար:
3. Համաձայն ենք (եմ), որ սույն հայտի 2-րդ կետում նշված պայմանների չկատարման դեպքում մեր (իմ) մուծած նախավճարը չվերադարձվի:
4. Մեր (իմ) ռեկվիզիտներն են` _________________________________ ___________________________________________________ (իրավաբանական անձի հաշվի համարը, բանկը կամ ֆիզիկական անձի հասցեն, հեռախոսահամարը)
5. Կից ներկայացվում են. 1) հիմնադրի փաստաթղթի և պետական գրանցման վկայականի պատճենները (իրավաբանական անձանց համար), իսկ քաղաքացիների համար՝ անձնագրի պատճենը, սոցիալական քարտի պատճենը, 2) մուծված նախավճարի անդորրագրի պատճենը (առաջարկված տարածքի մեկ ամսվա նվազագույն վարձավճարի չափով, Հայխնայբանկի գործառնական վարչության __________ հաշվի համարով), 3) հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը):
«___» _______________ 20___թ.
Կ. Տ. |