«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 12407293
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
23 հուլիսի 2007 թ. |
N 8-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ հարկային մարմիններին ներկայացնելու մասին» հրահանգչական նամակը` համաձայն հավելվածի:
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ` |
Վ. Բարսեղյան |
Համաձայնեցված է |
Հավելված |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն հրահանգչական նամակը հրապարակվում է ի կատարումն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 39-րդ հոդվածի և պարզաբանում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելու դեպքում հարկային մարմիններ տեղեկությունների տրամադրման հետ կապված հարցերը:
1. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, իրենց գտնվելու (հաշվառման) վայրի հարկային մարմիններին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի ապրիլի 16-ի N 02/456 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի հավելված 2-ով սահմանված ձևով գրավոր տեղեկություններ (այսուհետ` տեղեկություններ) ներկայացնել անցած եռամսյակում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարված եկամտի գումարների, նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների և այդ եկամուտներից պահված և բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին, որոնք վերահասցեագրվում են եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմիններին: Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի գործունեության դադարեցման) դեպքում տեղեկությունները հարկային մարմիններին ներկայացվում են կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից լուծարման (գործունեության դադարեցման) մասին պետական գրանցում իրականացնող մարմնին դիմում տալու օրվանից 5-օրյա ժամկետում:
Նկատի ունենալով, որ Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկի որոշման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկ վճարողների շրջանակը, եկամտահարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը, ապա` տեղեկությունները հարկային մարմիններին չեն ներկայացվում կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մինչև 2007 թվականի հունվարի 1-ը վճարված` եկամտի վճարման աղբյուրի մոտ Օրենքով սահմանված կարգով հարկվող եկամուտների կամ համախառն եկամտից նվազեցվող եկամուտների վերաբերյալ (առաջին դեպքում հարկային գործակալի միջոցով պահվող եկամտահարկի գումարը հանդիսանում է վերջնական հարկային պարտավորություն, իսկ երկրորդ դեպքում նշված եկամուտների մասով եկամտահարկի հարկային պարտավորություն չի առաջանում):
Ընդ որում` կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց մինչև 2007 թվականի հունվարի 1-ը վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր ֆիզիկական անձի վերաբերյալ չներկայացրած տեղեկության համար 25000 դրամի չափով (բացառությամբ` սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի):
2. «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (7 հուլիսի 2006 թվականի, ՀՕ-164-Ն) կարգավորում է ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է հայտարարագրի ներկայացման, հայտարարատուների գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկությունների ստացման կարգերը, ժամկետները, ինչպես նաև պատասխանատվությունն օրենքի խախտումների համար, սակայն դրան համապատասխանող «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (7 հուլիսի 2006 թվականի, ՀՕ-165-Ն) ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից հետո, հետևաբար` տեղեկությունները հարկային մարմիններին չեն ներկայացվում կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 2007 թվականի ընթացքում վճարված` եկամտի վճարման աղբյուրի մոտ Օրենքով սահմանված կարգով հարկվող եկամուտների կամ համախառն եկամտից նվազեցվող եկամուտների վերաբերյալ:
Ընդ որում` կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց 2007 թվականի ընթացքում վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր ֆիզիկական անձի վերաբերյալ չներկայացրած տեղեկության համար 5000 դրամի չափով (բացառությամբ սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի):
(2-րդ կետը փոփ. 07.02.08 N 01-Ն)
3. Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները ֆիզիկական անձանց վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմնին ներկայացնում են Օրենքով սահմանված կարգով, իսկ «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 դեկտեմբերի 2007 թվականի, ՀՕ-300-Ն) 7-րդ հոդվածի համաձայն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված եկամուտների վերաբերյալ առաջին տարեկան տեղեկությունները ներկայացնում են 2008 թվականի համար, հետևաբար` 2008 թվականին անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ) վճարված եկամուտների (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ Օրենքով սահմանված կարգով հարկվող եկամուտների և նվազեցվող եկամուտների) վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացվում են միայն տարեկան տեղեկություններ (մինչև 2009 թվականի փետրվարի 1-ը):
Ընդ որում` կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձանց 2008 թվականի հունվարի 1-ից հետո վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր ֆիզիկական անձի վերաբերյալ չներկայացրած տեղեկության համար 5000 դրամի չափով:
(3-րդ կետը լրաց. 07.02.08 N 01-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 07.02.08 N 01-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.02.2008, N 01-Ն | 27.03.2008, N 8-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|