Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պայմանագիր
Тип
Ինկորպորացիա (16.11.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.01.21/3(1092) Հոդ.51
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
19.12.2011
Дата подписания
19.12.2011
Дата вступления в силу
02.01.2015

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ (ԼՎԱՑՄԱՆԸ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական համայնքի (ԵվրԱզԷՍ) շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունները, այսուհետ՝ Կողմեր,

հիմք ընդունելով «Միասնական մաքսային տարածք ստեղծելու և մաքսային միություն ձևավորելու մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագիրը և «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիրը,

հաշվի առնելով «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների 2007 թվականի հոկտեմբերի 5-ի պայմանագիրը,

հաշվի առնելով, որ կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, ահաբեկչության, այլ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեմ պայքարի հարցում անհրաժեշտ է կիրառել ժամանակակից ու արդյունավետ ձևեր, մեթոդներ ու միջոցներ,

ճանաչելով Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների հանձնախմբի (ՖԱԹՖ) միջազգային ստանդարտները,

հիմնվելով միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների ու նորմերի վրա,

հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման նպատակով Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքներն օգտագործելու հնարավորությունը խոչընդոտելու նպատակով,

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Պայմանագրի նպատակներով օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) դրամական գործիքներ՝ ճանապարհային չեկեր, մուրհակներ, չեկեր (բանկային չեկեր), ինչպես նաև փաստաթղթային արժեթղթեր, որոնցով հաստատվում է թողարկողի (պարտապանի)՝ այն դրամական միջոցները վճարելու պարտավորությունը, որոնց դեպքում չի նշվում այն անձը, որին կատարվում է այդ վճարումը,

2) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման դեմ՝ սույն Պայմանագրով նախատեսված հակազդման միջոցներ ընդունող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ, համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) օրենսդրության համաձայն որպես հանցագործություն ճանաչված արարքների կատարման արդյունքում ստացված դրամական միջոցներ կամ այլ գույք,

3) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում (լվացում)՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների տիրապետումը, օգտագործումը կամ տնօրինումն իրավաչափ դարձնելուն ուղղված գործողություններ,

4) կանխիկ դրամական միջոցներ՝ թղթադրամների ու գանձապետական տոմսերի, մետաղադրամների տեսքով դրամանիշեր՝ բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների, որոնք շրջանառության մեջ են գտնվում և օրինական վճարամիջոց են հանդիսանում կամ Միության անդամներ չհանդիսացող պետություններում (պետությունների խմբում), այդ թվում՝ շրջանառությունից հանված կամ հանվող, սակայն շրջանառության մեջ գտնվող դրամանիշերի հետ փոխանակման ենթակա դրամանիշերը,

5) կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կասեցում՝ Միության մաքսային սահմանով տեղափոխվող դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տիրապետման, օգտագործման ու տնօրինման իրավունքի ժամանակավոր սահմանափակման ուղղությամբ իրավապահ մարմինների և (կամ) լիազոր մարմինների կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա մաքսային մարմինների կողմից իրականացվող գործողություններ, որոնք նախորդում են այդ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների՝ բացթողման կամ առգրավման (դրանց վրա արգելանք դնելու) մասին որոշման ընդունմանը,

6) լիազոր մարմին՝ անդամ պետության մարմին, որը, այդ անդամ պետության օրենսդրության համաձայն, լիազորված է հավաքել, վերլուծել ու իրավապահ և (կամ) մաքսային մարմիններին փոխանցել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր դեպքերին առնչվող տեղեկությունները,

7) ահաբեկչության ֆինանսավորում՝ միջոցների տրամադրում կամ հավաքում կամ ֆինանսական ծառայությունների մատուցում՝ այն գիտակցմամբ, որ դրանք նախատեսված են ահաբեկչական բնույթի առնվազն մեկ հանցագործության կազմակերպման, նախապատրաստման կամ իրականացման ֆինանսավորման համար կամ առնվազն մեկ այդպիսի հանցագործության կատարման նպատակով ստեղծված կամ ստեղծվող կազմակերպված խմբի, ապօրինի զինված միավորման, հանցավոր համագործակցության (հանցավոր կազմակերպության) ապահովման համար:

(1-ն հոդվածը փոփ. լրաց. ԵՎՏՄԱՊ 20.07.21)

 

Հոդված 2

 

Անդամ պետությունների մաքսային մարմինները, փոխգործակցելով անդամ պետությունների իրավապահ և լիազորված մարմինների հետ, միջոցներ են ձեռնարկում Միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ (այսուհետ՝ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխում) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ուղղությամբ՝ սույն պայմանագրին և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան։

Անդամ պետությունների մաքսային մարմինները կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման հսկողություն են իրականացնում՝ օգտագործելով ուղևորային մաքսային հայտարարագրում կամ ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկությունները՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմիններն իրականացնում են այդ հսկողությունը։

Եթե կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխում իրականացնող անձը (այսուհետ՝ կանխիկ դրամական միջոցներ և (կամ) դրամական գործիքներ տեղափոխող անձ) ուղևորային մաքսային հայտարարագրում կամ ապրանքների հայտարարագրում չի նշում տեղեկություններ, որոնք նշելը պարտադիր է մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան, ապա անդամ պետությունների մաքսային մարմինները, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան, մերժում են ուղևորային մաքսային հայտարարագրի կամ ապրանքների հայտարարագրի գրանցումը:

Եթե տվյալ անձը հրաժարվում է նշել թերի տվյալները, ապա դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը չի թույլատրվում:

(2-րդ հոդվածը խմբ. ԵՎՏՄԱՊ 20.07.21)

 

Հոդված 3

 

Անդամ պետության մաքսային մարմինը սույն Պայմանագրի 2-րդ հոդվածում նշված նպատակներով կասեցնում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը իրավապահ մարմինների և (կամ) այդ անդամ պետության  լիազոր մարմնի կողմից իրեն տրամադրված տեղեկությունների հիման վրա և դրա մասին անհապաղ տեղեկացնում է համապատասխան տեղեկությունները տրամադրած մարմնին:

Տեղեկությունները, որոնց հիման վրա անդամ պետության մաքսային մարմինը կասեցնում է դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը, պետք է պարունակեն կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները տեղափոխող անձի նույնականացման համար անհրաժեշտ հետևյալ տվյալները՝

ֆիզիկական անձանց դեպքում՝ ազգանունը, անունը և (եթե այլ բան չի բխում օրենքից կամ ազգային սովորույթից) հայրանունը, ծննդյան ամսաթիվն ու վայրը, քաղաքացիությունը,

իրավաբանական անձանց դեպքում՝ կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրի հասցեն:

Առկայության դեպքում լրացուցիչ նշվում են հետևյալ տվյալները՝

անձը հաստատող փաստաթղթի տեսակն ու վավերապայմանները, փաստաթղթի սերիան ու համարը, փաստաթղթի տրման ամսաթիվը (ֆիզիկական անձանց դեպքում),

հարկեր, հավաքագրումներ (տուրքեր) վճարողի նույնականացման (հաշվառման) համարը կամ գրանցված երկրում տրամադրված համանման համարը (իրավաբանական անձանց դեպքում),

երթուղու վերաբերյալ տվյալներ՝ ներառյալ մեկնման (ժամանման) երկիրը, ամսաթիվը, տրանսպորտային միջոցի կամ չվերթի տեսակն ու համարը,

լիազոր մարմնի և (կամ) իրավապահ մարմինների մոտ եղած այլ տվյալներ, որոնք նրանց կարծիքով կարող են դյուրացնել կանխիկ դրամական միջոցներ և (կամ) դրամական գործիքներ տեղափոխող անձի նույնականացումը:

Մաքսային մարմին ներկայացված այն տեղեկությունների հավաստիության ու հիմնավորվածության համար պատասխանատվությունը, որոնց հիման վրա կասեցվում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը, կրում է այդ տեղեկությունները ներկայացրած մարմինը:

Անհրաժեշտության դեպքում անդամ պետության մաքսային մարմինները, տվյալ անդամ պետության օրենսդրության համաձայն, համագործակցում են այդ անդամ պետության այլ պետական մարմինների հետ այն անձի նույնականացման նպատակով, որի կողմից կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումն անհրաժեշտ է կասեցնել:

(3-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 20.07.21)

 

Հոդված 4

 

Անդամ պետության լիազոր մարմինը կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կասեցման վերաբերյալ այդ անդամ պետության մաքսային մարմնից տեղեկություններ ստանալու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝

վերադարձնել այն կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները, որոնց տեղափոխումը կասեցվել է,

այդ անդամ պետության  իրավապահ մարմիններին ուղարկել տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման հետ հնարավոր կապի վերաբերյալ նյութեր ու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն Պայմանագրի ու այդ անդամ պետության օրենսդրության համաձայն որոշում ընդունելու համար:

Լիազոր մարմինն ընդունված որոշման մասին անհապաղ տեղեկացնում է համապատասխան մաքսային մարմնին:

Կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը կասեցնելու վերաբերյալ մաքսային մարմնից կամ լիազոր մարմնից տեղեկություններ ստացած իրավապահ մարմինը կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը կասեցնելու օրվանից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝

որոշում այն կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների վերադարձման մասին, որոնց տեղափոխումը կասեցվել է,

ընթացակարգային որոշում այն կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների առգրավման (դրանց վրա արգելանք դնելու) մասին, որոնց տեղափոխումը կասեցվել է:

Իրավապահ մարմինն ընդունված որոշման մասին անհապաղ տեղեկացնում է համապատասխան մաքսային մարմնին:

Տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների առգրավման (դրանց վրա արգելանք դնելու) մասին ընթացակարգային որոշում ընդունելու դեպքում իրավապահ մարմինն այդ որոշումն ընդունելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները տեղափոխած անձին:

Կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կասեցման ժամկետը չի կարող գերազանցել 30 օրացուցային օրը՝ հաշվարկված կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը կասեցնելու օրվանից:

Մաքսային մարմինների, իրավապահ մարմինների, լիազոր մարմնի և անդամ պետության այլ պետական մարմինների փոխգործակցության կարգը սահմանվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ:

(4-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 20.07.21)

 

Հոդված 5

 

Կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը անդամ պետության մաքսային մարմնի կողմից կասեցվելու դեպքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող ձևով կազմվում է ակտ երկու օրինակից, որոնցից մեկը փոխանցվում է կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները տեղափոխող անձին, իսկ մյուսը պահվում է մաքսային մարմնի մոտ:

Տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների պահպանումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է այն անդամ պետության  օրենսդրությամբ սահմանված կարգով, որի մաքսային մարմնի կողմից կասեցվել է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը:

Տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների վերադարձման մասին լիազոր մարմնի կամ իրավապահ մարմնի որոշումն ստանալու դեպքում մաքսային մարմինը մեկ օրվա ընթացքում պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ գրավոր տեղեկացնում է տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները տեղափոխած անձին այդ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների վերադարձման մասին:

Սույն Պայմանագրի 4-րդ հոդվածով սահմանված առավելագույն ժամկետի ընթացքում լիազոր մարմնի կամ իրավապահ մարմնի՝ սույն Պայմանագրի 4-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը մաքսային մարմին չներկայացվելու դեպքում մաքսային մարմինը մեկ օրվա ընթացքում որոշում է ընդունում տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների վերադարձման մասին և պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ գրավոր տեղեկացնում է տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները տեղափոխած անձին այդ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների վերադարձման մասին:

Փոստային առաքանու վրա նշվում է այն վայրը, որտեղ կարելի է ստանալ տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները, դրանց պահպանման ժամկետները և դրանք չստանալու հետևանքները:

Տեղափոխումը կասեցված՝ վերադարձման ենթակա կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների պահպանման առավելագույն ժամկետը կազմում է չորս ամիս, ընդ որում այդ ժամկետը հաշվարկվում է հանձնման մասին ծանուցման մեջ նշված՝ փոստային առաքանու հանձնման օրվանից կամ մաքսային մարմնի կողմից փոստային առաքանու հանձնման անհնարինության մասին ծանուցումն ստանալու օրվանից:

Կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների պահպանման ու վերադարձման հետ կապված ծախսերը կրում է այն անդամ պետությունը, որի մաքսային մարմնի կողմից կասեցվել է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը:

Այն դեպքում, երբ անձը կամ նրա ներկայացուցիչը, որի լիազորությունները հաստատվել են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինը կասեցրել է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը, սույն հոդվածով սահմանված ժամկետներում չի պահանջում տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները, դրանք ենթակա են պետության սեփականությունը (եկամուտը) դառնալու՝ այն անդամ պետության օրենսդրության համաձայն, որի մաքսային մարմինը կասեցրել է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը:

Պետության սեփականությունը (եկամուտը) դարձած կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները կարող են դատական կարգով վերադարձվել շահագրգիռ անձին՝ այն անդամ պետության օրենսդրության համաձայն, որի մաքսային մարմինը կասեցրել է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը:

Կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը կասեցնելուն ուղղված օրինական գործողությունները հիմք չեն հանդիսանում այդ կասեցման հետևանքով առաջացած վնասի, այդ թվում՝ բաց թողնված օգուտի համար անդամ պետությունների մաքսային մարմինների, իրավապահ մարմինների և (կամ) լիազոր մարմինների քաղաքացիաիրավական կամ այլ պատասխանատվության համար:

(5-րդ հոդվածը փոփ. լրաց. ԵՎՏՄԱՊ 20.07.21)

 

Հոդված 6

 

Անդամ պետություններն ապահովում են ուղևորային մաքսային հայտարարագրում նշված՝ մաքսային հայտարարագրման ենթակա կանխիկ դրամական միջոցներին և (կամ) դրամական գործիքներին առնչվող տվյալների, ինչպես նաև Միության մաքսային սահմանով տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված կանխիկ դրամական միջոցներին և (կամ) դրամական գործիքներին առնչվող քրեական գործերով տվյալների հավաքումը և դրանց հիման վրա տվյալների բազաների ստեղծումը:

Անդամ պետություններն իրականացնում են սույն հոդվածում նշված տվյալների բազաներում ներառված տեղեկությունների փոխանակումը անդամ պետությունների լիազոր մարմինների, իրավապահ մարմինների ու մաքսային մարմինների միջև՝ առանձին միջազգային պայմանագրերին համապատասխան:

(6-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 20.07.21)

 

Հոդված 7

 

Անդամ պետությունները համագործակցում են սույն Պայմանագրի կատարման հարցերի շուրջ:

Անդամ պետությունների իրավապահ մարմինների, լիազոր մարմինների և (կամ) մաքսային մարմինների միջև փոխգործակցությունը և տեղեկությունների փոխանակումը սույն Պայմանագրի շրջանակներում իրականացվում է առանձին միջազգային պայմանագրերին համապատասխան:

(7-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 20.07.21)

 

Հոդված 8

 

Սույն պայմանագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով։

(8-րդ հոդվածը խմբ. ԵՎՏՄԱՊ 20.07.21)

 

Հոդված 9

 

Սույն Պայմանագրի մասով վերապահումներ չեն թույլատրվում:

 

Հոդված 10

 

Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը:

(10-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 20.07.21)

 

Հոդված 11

 

Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2011 թվականի դեկտեմբերի 19-ին, մեկ օրինակից՝ ռուսերենով:

Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը սույն Պայմանագրի ավանդապահն է և որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:

 

Բելառուսի
Հանրապետության կողմից

 

(ստորագրություն)

Ղազախստանի
Հանրապետության կողմից

 

(ստորագրություն)

Ռուսաստանի
Դաշնության կողմից

 

(ստորագրություն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.07.2021, 16.11.2022,
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան