Գլխավոր տեղեկություն
Номер
N 84-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.09.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.09.17/24(264) Հոդ.319
Принят
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
23.04.2007
Подписан
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
23.04.2007
Дата вступления в силу
27.09.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 սեպտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 32207316

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

23 ապրիլի 2007 թ.
ք. Երևան

N 84-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

1:10 000, 1:25 000, 1:50 000, 1:100 000 ՄԱՍՇՏԱԲԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետով, 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» ենթակետերով, 8-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքը սահմանելու մասին» N 222 որոշման 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի «Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին վերապահելու մասին» N 1028 որոշման պահանջներով՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել 1:10 000, 1:25 000, 1:50 000, 1:100 000 մասշտաբի տեղագրական քարտեզների կազմման, հրատարակման նախապատրաստման և թվայնացման հրահանգը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնի պետ Ա. Հարությունյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան


 

Հավելված

 


Հաստատված է՝
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ
գույքի կադաստրի պետական
կոմիտեի նախագահի
2007 թ. ապրիլի 23-ի
N 84-Ն հրամանով

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

1:10 000, 1:25 000, 1:50 000, 1:100 000 ՄԱՍՇՏԱԲԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ

ՄԱՍ I
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. 1:10 000, 1:25 000, 1:50 000 և 1:100 000 մասշտաբի տեղագրական քարտեզները համապետական են և ծառայում են տեղանքի մանրամասն ուսումնասիրմանն ու գնահատմանը, տեղանքում կողմնորոշվելուն և նպատակակետի ցուցմանը, տնտեսության տարբեր ոլորտներին և երկրի պաշտպանության ապահովմանը, կառույցների հատակագծմանն ու նախագծմանը:

Նշված քարտեզները հիմք են հանդիսանում փոքրամասշտաբ ու թեմատիկ քարտեզների և այլ քարտեզագրական փաստաթղթերի կազմման համար:

Մասշտաբային շարքի հիմք են հանդիսանում բազային 1:10 000 մասշտաբի տեղագրական քարտեզները:

1:10 000 մասշտաբի տեղագրական քարտեզները կիրառվում են`

ա) գյուղատնտեսության մեջ - ինտենսիվ հողագործության շրջաններում հիմք են հանդիսանում հողերի մանրամասն հանույթի և հակաէռոզիոն միջոցառումների համար,

բ) մելիորացիայի համար - մելիորատիվ շինարարության նախագծեր կազմելիս,

գ) երկրաբանական հետախուզումների մեջ - մանրամասն հետախուզական աշխատանքների ժամանակ,

դ) հիդրոտեխնիկական շինարարության մեջ - հիդրոհանգույցի տեղի ընտրության և հարթավայրային տարածաշրջանների ջրամբարների նախագծերի մշակման համար,

ե) գծային շինարարական կառույցներում - բարդ տեղանքում երկաթգծերի և ավտոճանապարհների նախագծերը կազմելիս, մայրուղային խողովակաշարերի, (Էլեկտրահաղորդակցման) ԷՀ և կապի գծերի ուղեգծերը ընտրելիս,

զ) անտառտնտեսության մեջ - անտառտնտեսվարության, անտառային մելիորացիայի և այլ միջոցառումների համար,

է) արդյունաբերական, քաղաքային և գյուղական շինարարության մեջ - քաղաքների գլխավոր հատակագծերը, բնակելի զանգվածների, արդյունաբերական կազմակերպությունների շինարարության տեղաբաշխման նախագծերը և կառուցապատվող տեղամասերի քարտեզները կազմելիս:

1:25 000, 1:50 000 և 1:100 000 մասշտաբների տեղագրական քարտեզները ստեղծվում են 1:10 000 մասշտաբի տեղագրական քարտեզներից` քարտեզակազմողական եղանակով:

2. 1:10 000, 1:25 000, 1:50 000 և 1:100 000 մասշտաբի տեղագրական քարտեզները  պետք է բավարարեն հետևյալ հիմնական պահանջներին`

ա) լինեն հաստատված միասնական կոորդինատային, բարձունքային և պայմանական նշանների  համակարգերում,

բ) համապատասխան մասշտաբում ճշգրիտ և լիարժեք պատկերեն տեղանքի ներկա վիճակը, նրա բնորոշ գծերն ու հատկությունները,

գ) լինեն տեսանելի և դյուրընթեռնելի, հնարավոր լինի արագ կողմնորոշվելու տեղանքում,

դ) հնարավորություն տան համապատասխան մասշտաբով ճշգրիտ որոշելու ուղղանկյուն և աշխարհագրական կոորդինատները, տեղանքի կետերի բացարձակ բարձրությունները և բարձունքային կետերի միմյանց նկատմամբ եղած վերազանցումները, օբյեկտների քանակական և որակական բնութագրերը, հնարավորություն ընձեռեն այլ քարտեզագրական աշխատանքներ կատարելու,

ե) բովանդակությամբ համաձայնեցված լինեն միմյանց հետ, յուրաքանչյուր մասշտաբի քարտեզների հարակից թերթերը պետք է միակցված լինեն բոլոր տարրերով,

զ) ունենան այնպիսի ծանրաբեռնվածություն, գրաֆիկական և գունային ձևավորում, որոնք հնարավոր լինի քարտեզների վրա լրացուցիչ տեղեկատվություն անցկացնել:

 

2. ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՊՐՈՅԵԿՑԻԱՆ, ՍՅՈՒՆԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԸ

 

3. Տեղագրական քարտեզները ստեղծվում են Գաուս-Կրյուգերի գլանային հավասարանկյուն լայնական պրոյեկցիայով` հաշվարկված վեցաստիճանային զոնայի համար ըստ Կրասովսկու էլիպսոիդի չափերի: Բարձրությունները հաշվվում են Բալթյան 1977 թվականի բարձունքային համակարգում:

4. Քարտեզների թերթերն ունեն սեղանի տեսք, որոնց կողմերը միջօրեականների և զուգահեռականների գծերն են: Սեղանի կողմերի չափերը` արտահայտված աստիճաններով, բերված են 1 աղյուսակում:

 

Տեղագրական քարտեզների սեղանի կողմերի չափերը ըստ մասշտաբների

 

Աղյուսակ 1

Քարտեզի մասշտաբը

Սեղանի կողմերի չափերը

լայնությամբ

երկայնությամբ

1:10 000

2,5 '

3,75 '

1:25 000

5 '

7,5 '

1:50 000

10 '

15 '

1:100 000

20 '

30 '

 

60' զուգահեռականից հյուսիս (մինչև 76' լայնությունը) ընկած շրջաններում քարտեզները հրատարակվում են երկայնությամբ կրկնակի թերթերով, իսկ 76'-ից հյուսիս` քառակի թերթերով:

Քարտեզների հրատարակում ոչ ստանդարտ չափերով (նշված չափերից մեծ կամ փոքր) չի թույլատրվում:

Բոլոր չորս մասշտաբների քարտեզների թերթերի շրջանակների արևմտյան և արևելյան կողմերը, ինչպես նաև 1:25 000 և 1:50 000 մասշտաբի մեկթերթանի և 1:25 000 մասշտաբի երկթերթանի քարտեզների հարավային և հյուսիսային կողմերը պատկերվում են ուղիղ գծերով:

1:25 000 մասշտաբի քառաթերթ, 1:50 000 մասշտաբի երկթերթ և քառաթերթ քարտեզների, ինչպես նաև 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա շրջանակի հարավային և հյուսիսային կողմերը պատկերվում են կտրտված` կտրվածքում 15' միջակայքով կետեր ունեցող գծերով:

Քարտեզների թերթերի վրա անվանակարգին կից տրվում են ծածկագրող թվային համարժեքներ (ծածկագրեր)` քարտեզները ավտոմատ համակարգում հաշվառելու համար:

 

3. ՔԱՐՏԵԶԻ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՀԻՄՔԸ, ՔԱՐՏԵԶԻ ՃՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Որպես քարտեզի գեոդեզիական հիմք են հանդիսանում.

ա) պլանային տեսակետից` պետական գեոդեզիական ցանցի և հանութային ցանցի կետերը, որոնց ուղղանկյուն կոորդինատները հաշվարկած են ըստ Գաուս-Կրյուգերի հավասարանկյուն լայնական-գլանային պրոյեկցիայի` հաստատված կոորդինատային համակարգում,

բ) բարձունքային տեսակետից` նիվելիրային հենանիշները և դրոշմանիշները, պետական գեոդեզիական ցանցի կետերը, որոնց բարձրությունները որոշված են երկրաչափական կամ գեոդեզիական նիվելիրացմամբ, ինչպես նաև հանութային բարձունքային ցանցի և տեղական ցանցի կետեր, որոնց բարձրությունները բերված են ընդունված սկզբնական մակարդակի:

6. Գեոդեզիական կետերի նշանների դիրքի ճշտությունը տեղագրական քարտեզների վրա պետք է լինի ±0.2մմ: Թերթերի կողմերի երկարությունների տարբերությունները տեսականից ±0.2մմ-ից ավելի չպետք է լինի, իսկ անկյունագծերինը` ±0.3մմ-ից:

7. Քարտեզի վրա պատկերված առարկաների և ուրվագծված տարածքների միջին սխալները մոտակա հիմքի կետերի պատկերների նշանների և ուղղանկյուն կոորդինատային ցանցի գծերի նկատմամբ չպետք է գերազանցեն 0.5մմ-ը, իսկ լեռնային, բարձրլեռնային և անապատային տարածքներում` 0.75մմ-ը:

8. Քարտեզի վրա տրված բարձունքային նիշերի միջին սխալները մոտակա հանութային կետերի նիշերի արժեքների նկատմամբ չպետք է գերազանցեն 2 աղյուսակի մեծությունները (մետրերով):
                                                                                                                       

Քարտեզի վրա տրված բարձունքային նիշերի միջին սխալների սահմանային չափը մոտակա հանութային կետերի նիշերի արժեքների նկատմամբ


Աղյուսակ 2

Քարտեզագրվող տարածաշրջանները

Քարտեզների մասշտաբները

1:10  000

1:25  000

1:50  000

1:100  000

Հարթավայրային

0.5

0.8

2.5

5.0

Հարթավայրային անտառապատ` 56
զուգահեռականից հյուսիս

0.7

1.6

3.0

7.0

Հարթավայրային` կտրատված և բլրաշատ
6' թեքության անկյան գերակշռությամբ

0.7

1.6

3.0

7.0

Լեռնային և նախալեռնային, ինչպես նաև
ավազոտ անապատային

1.0

2.5

5.0

10.0

Բարձրլեռնային

2.0

5.0

10.0

20.0

 

9. Բարձունքային նիշերը քարտեզների վրա տրվում են 0.1մ ճշտությամբ, բացառիկ դեպքերում մինչև 1մ ճշտությամբ, եթե քարտեզագրական սկզբնական նյութերում ավելի ճշգրիտ տվյալներ տրված չեն լինում:

10. 1:10 000, 1:25 000, 1:50 000 և 1:100 000 մասշտաբների հարթավայրային տարածքների տեղագրական քարտեզների վրա ըստ հորիզոնականների դիրքերի համեմատաբար մոտ հանութային հիմքի կետերի բարձրությունների միջին սխալները չպետք է գերազանցեն համապատասխանաբար 1, 3 և 6 մետրը, իսկ հարթավայրային, կտրատված և բլրաշատ մինչև 6' թեքությամբ տարածքների համար` 2, 4 և 9 մետրը:

Քարտեզների վրա միջին սխալների արժեքների կրկնապատիկ չափը գերազանցող սխալները, որոնք նշված են 7, 8, 10 կետերում, չեն թույլատրվում:

Անտառապատ տարածքների քարտեզների վրա սխալները չպետք է գերազանցեն սահմանված սխալի կրկնապատիկ չափը:

Լեռնային և բարձր լեռնային տարածքների քարտեզների վրա հորիզոնականները ճիշտ պետք է արտահայտեն ռելիեֆի ձևերը և համապատասխանեն քարտեզի վրա նշված բարձունքային նիշերին:

 

4. ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

11. Տեղագրական քարտեզների վրա պատկերվում են.

ա) հիմքի կետերը (պետական գեոդեզիական ցանցի, հանութային ցանցի, աստղագիտական և արբանյակային դիրքորոշման կետեր, նիվելիրային հենանիշներ ու դրոշմանիշներ),

բ) ջրագրությունը (ծովերի, լճերի, ջրամբարների ափամերձ շերտեր, գետեր ու գետակներ, ջրանցքներ, առվակներ, ջրհորներ, աղբյուրներ) և հիդրոտեխնիկական կառույցները,

գ) բնակավայրերը և առանձին շենքերն ու շինությունները,

դ) արդյունաբերական, գյուղատնտեսական և կենցաղ-մշակութային օբյեկտները,

ե) ճանապարհային ցանցը (երկաթուղային, խճուղային և գրունտային ճանապարհներ, արահետներ) և ճանապարհային կառույցները,

զ) ռելիեֆը,

է) բուսական ծածկը և գրունտները,

ը) սահմաններն ու ցանկապատումները:

Տեղանքի նշված օբյեկտները քարտեզների վրա տրվում են ամբողջ ծավալով:

Անհրաժեշտության դեպքում օբյեկտների պատկերներին կից տրվում են անվանումներ, պարզաբանող մակագրություններ և որակական ու քանակական բնութագրիչներ:

12. Քարտեզների ձևավորումը կատարվում է համապատասխան 1:10 000, 1:25 000, 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների գործող պայմանական նշանների, տառատեսակների օրինակների, օբյեկտների անվանումների պայմանական կրճատումների և տպագրվում են սահմանված գույներով:

13. Քարտեզի յուրաքանչյուր թերթի համար բացվում է տեղեկամատյան (ֆորմուլյար), որում նշվում է թերթի ստեղծման համար կատարվող աշխատանքի ողջ ընթացքը:

Տեղեկամատյանում զետեղվում են.

ա) քաղվածք խմբագրատեխնիկական ցուցումներից տվյալ թերթի կազմման և հրատարակման նախապատրաստման վերաբերյալ,

բ) տեղեկություններ մաթեմատիկական և գեոդեզիական հիմքի ու քարտեզագրական նյութերի վերաբերյալ,

գ) նշումներ հիմնական քարտեզագրական նյութերի նախապատրաստման վերաբերյալ,

դ) նշումներ քարտեզի ստեղծման ժամանակ ներդրված փոփոխությունների և ավելացումների վերաբերյալ,

ե) նշումներ քարտեզի հրատարակման եղանակների և առանձնահատկությունների վերաբերյալ,

զ) խմբագրի և ղեկավար անձանց կողմից արվող դիտողությունները որակի վերաբերյալ, ինչպես նաև քարտեզի տվյալ թերթի կազմման և հրատարակման որակի գնահատականը,

է) նշումներ քարտեզի ստեղծման ընթացքում կատարված փոփոխությունների մասին:

Համապատասխան նշումները տեղեկամատյանում կատարվում են անմիջապես կատարված աշխատանքից հետո և հաստատվում կատարողի և ստուգող անձանց ստորագրություններով:

Տեղեկամատյանը պահվում է հրատարակչական բնօրինակի հետ:

 

Գ Լ ՈՒ Խ  I

ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԽՄԲԱԳՐՈՒՄ

5. ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Ստեղծվող քարտեզների խմբագրական աշխատանքների նպատակը բարձր որակի ապահովումն է, որպեսզի այդ քարտեզները լիարժեք համապատասխանեն իրենց նշանակությանը, մասշտաբին և իրենց առջև դրված խնդիրներին:

Քարտեզի խմբագրումը իրականացվում է քարտեզի ստեղծման բոլոր փուլերում, որն իր մեջ ընդգրկում է.

ա) խմբագրական նախապատրաստական աշխատանքներ,

բ) խմբագրում` քարտեզի կազմման, հրատարակման նախապատրաստման, թվայնացման և հրատարակման ընթացքում,

գ) վերջնական նյութի ստուգում և ընդունում:

Խմբագրումը պետք է ապահովի բոլոր կատարողների և քարտեզի ստեղծման բոլոր մասնակիցների կողմից ճիշտ ըմբռնումը, սույն հրահանգի և խմբագրական այլ փաստաթղթերի պահանջների կատարումը, գործող պայմանական նշանների և տառատեսակների հմուտ կիրառումը:

15. Քարտեզների խմբագրումը իրականացվում է տվյալ քարտեզագրական կազմակերպության խմբագիրների կողմից: Նրանք կատարում են քարտեզագրական նյութերի ուսումնասիրություն և ընտրություն, մշակում են խմբագրական ուղեցույցներ, իրականացնում են քարտեզների պատրաստման հսկողություն սույն հրահանգի պահանջներին համապատասխան:

Քարտեզագրական կազմակերպության խմբագիրները ստացված առաջադրանքների, խմբագրական ցուցումների, սկզբնական քարտեզագրական նյութերի և քարտեզագրվող տարածքի աշխարհագրական առանձնահատկությունների ուսումնասիրման հիման վրա մշակում են քարտեզների կազմման և հրատարակման խմբագրատեխնիկական ուղեցույցներ, կատարողներին նախապատրաստում են առաջադրանքի կատարմանը և ղեկավարում նրանց աշխատանքները քարտեզների ստեղծման ողջ ընթացքում:

 

6. ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ


Խմբագրական նախապատրաստական աշխատանքների բովանդակությունը

 

16. Խմբագրական նախապատրաստական աշխատանքներն են.

ա) քարտեզի կազմման համար անհրաժեշտ քարտեզագրական և այլ նյութերի հավաքումը,

բ) քարտեզագրվող տարածքի և քարտեզագրական նյութերի ուսումնասիրումը,

գ) խմբագրական և խմբագրատեխնիկական ցուցումների մշակումը,

դ) քարտեզի թվայնացման համար ծրագրային փաթեթի ընտրություն` համաձայն պատվիրատուի պահանջարկի,

ե) կատարողների նախապատրաստումը կատարվելիք աշխատանքին:

Քարտեզագրական կազմակերպություններում խմբագրատեխնիկական աշխատանքները կատարվում են որակյալ մասնագետների և քարտեզագիրների ղեկավարությամբ` խմբագրական հատուկ բաժնում:

 

Քարտեզագրական նյութերի հավաքում

 

17. Քարտեզագրական նյութերը հավաքվում են նախքան խմբագրատեխնիկական ցուցումների մշակումը:

Քարտեզագրական կազմակերպությունների ապահովումը  քարտեզագրական նյութերով կատարվում է կենտրոնացված ձևով: Նյութերը հավաքվում են տեղերում: Դրանք են` տեղագրական հանույթի նյութերը, մասնագիտացված քարտեզներն ու հատակագծերը, տեղեկությունները ճանապարհների և ջրային տնտեսության վիճակի, բնակավայրերում բնակչության քանակի վերաբերյալ:

Գեոդեզիական, տեղագրական և ֆոտոգրամետրիական աշխատանքների վերաբերյալ տեղեկությունները ստացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համապատասխան կազմակերպություններից և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնից:

Քարտեզագրվող տարածքի եվ քարտեզագրական նյութերի ուսումնասիրում

18. Քարտեզագրվող տարածքը և քարտեզագրական նյութերը ուսումնասիրվում են տեղանքի մասին տեղեկություններ ստանալու նպատակով, որոնք անհրաժեշտ են քարտեզի վրա տեղանքի պատկերման վերաբերյալ ցուցումներ մշակելու, քարտեզագրական նյութերի ընտրության և բարձր որակի քարտեզներ ստանալու համար` ժամանակի, աշխատուժի և միջոցների նվազագույն օգտագործմամբ: Քարտեզագրվող տարածքը ուսումնասիրվում է տեղագրական քարտեզներով, աշխարհագրական նկարագրությամբ և գրական-տեղեկատվական նյութերով:

Ուսումնասիրման արդյունքում ի հայտ են գալիս քարտեզագրվող տարածքի տիպիկ գծերն ու բնորոշ հատկանիշները, և ըստ տեղանքի բնույթի կատարվում է խմբավորում:

19. Հիմնական քարտեզագրական նյութերն ընտրելիս առաջնությունը տրվում է նորագույն խոշորամասշտաբ տեղագրական քարտեզներին:

Քարտեզագրական նյութերի ուսումնասիրման արդյունքում հաստատվում է.

ա) տարածքի ապահովվածությունը նյութով և դրա որակը,

բ) մաթեմատիկական և գեոդեզիական հիմքը, նյութի ճշտությունը և հավաստիությունը,

գ) նյութի բովանդակության արդիականությունը, մանրամասնությունը ու լիակատարությունը, տեղանքի տարրերի դասակարգումը, պայմանական նշանների համակարգը, անհրաժեշտ որակական և քանակական բնութագրիչների առկայությունը,

դ)տեղանքի օբյեկտների անվանումների ճիշտ վերարտադրությունը քարտեզների վրա:

20. Որպես հիմնական քարտեզագրական նյութ համարվող նոր խոշորամասշտաբ քարտեզը, որը հրատարակված է կոորդինատային և բարձունքային ընդունված համակարգերում և դրա մաթեմատիկական ու գեոդեզիական հիմքի ուսումնասիրությունը հնարավորություն են տալիս քարտեզագրվող տարածքը ապահովելու գեոդեզիական կետերով: Եթե քարտեզի կազմումը կատարվում է այնպիսի քարտեզագրական նյութի հիման վրա, որի մաթեմատիկական ու գեոդեզիական հիմքը տարբերվում է ստեղծվող քարտեզի համար նախատեսված հիմքից, կատարվում է մանրամասն ուսումնասիրություն: Այդ դեպքում որոշվում է.

ա) քարտեզագրական պրոյեկցիան, քարտեզագրական ցանցի տեսքը, քարտեզագրական նյութի վրա երկայնությունների սկիզբը,

բ) կոորդինատային համակարգը, որում հաշվարկված են գեոդեզիական կետերի կոորդինատները,

գ) քարտեզագրական նյութի վրա այն կետերը, որոնց կոորդինատները գտնվում են կատալոգներում,

դ) քարտեզագրական նյութի պլանային հիմքի անցումը ընդունված կոորդինատային համակարգի և անցումային տարրերի ուղղումների մեծությունները,

ե) բարձրությունների սկզբնական մակարդակը, քարտեզագրական նյութի գեոդեզիական կետերի արժեքների համապատասխանությունը կատալոգներում տրված արժեքների հետ, ընդունված բարձունքային համակարգին անցնելու կարգը:

Ընդունված կոորդինատային համակարգին անցնելիս ուղղումները հաշվի են առնվում, եթե կազմվող քարտեզի մասշտաբի գծային մեծությունները գերազանցում են 0.1մմ-ը:

21. Քարտեզագրական նյութը, որը նախատեսված է հիմք դարձնել կազմվող քարտեզի համար ըստ ճշտության, արդիականության, մանրամասնության և լիակատարության, գնահատվում է առանձին տարրերով: Եթե հետազոտվող նյութի վրա մի շարք տարրերի պատկերները հնացած են կամ լրացումներ և մանրամասնություններ են պահանջում, ընտրվում են լրացուցիչ նյութեր, որոնցով անհրաժեշտ է ուղղել կամ լրացնել քարտեզը:

Առանձին հարցերի ճշգրտման, օբյեկտների բնութագրիչների և տվյալների ավելացման համար ընտրվում են անհրաժեշտ տեղեկատվական նյութեր:

22. Քարտեզագրվող տարածքի և քարտեզագրական նյութերի ուսումնասիրության արդյունքում նախապատրաստվում է տվյալ տարածքի հակիրճ բնութագիրը և քարտեզագրական նյութերի բնութագիրը, քարտեզագրվող տարածքի և այլ սխեմաներ, որոնք անհրաժեշտ են խմբագրական ցուցումների համար: Եթե օգտագործվում են նյութեր, որոնց վրա պատկերները տրված են ընդունված պայմանական նշաններից տարբերվող պայմանական նշաններով` կազմվում է պայմանական նշանների համեմատության աղյուսակ:

 

Խմբագրատեխնիկական ցուցումների եվ հրատարակչական ու կազմողական նմուշների մշակումը

 

23. Կազմողական և հրատարակչական քարտեզներին վերաբերող խմբագրական ցուցումները մշակվում են խմբագրի կողմից: Դրանցում լուսաբանվում են հետևյալ հիմնական հարցերը.

ա) ներկայացված աշխատանքի հակիրճ բնութագիրը,

բ) տվյալները գեոդեզիական հիմքի վերաբերյալ և քարտեզագրական նյութի պլանային հիմքը ընդունված կոորդինատային համակարգի բերելը,

գ) քարտեզագրական նյութերը և դրանց կիրառման վերաբերյալ առաջարկությունները,

դ) տեղանքի առանձին տարրերի պատկերման առանձնահատկությունները,

ե) քարտեզի կազմման, թվայնացման և հրատարակման նախապատրաստման տեխնոլոգիան,

զ) կազմվող քարտեզը հարակից մասշտաբի քարտեզների հետ համաձայնեցման կարգը:

Խմբագրական ցուցումներին կից տրվում է քարտեզագրվող տարածքի սխեման, որի վրա արտահայտված են հիմնական, լրացուցիչ և տեղեկատվական նյութերը: Պարզ նյութերի հիման վրա քարտեզներ կազմելիս խմբագրական ցուցումներ չեն մշակվում, անհրաժեշտ առաջարկներն ու ցուցումները նշվում են քարտեզի պատրաստման առաջադրանքում կամ քարտեզագրական նյութերի սխեմայում:

24. Քարտեզի կազմման, թվայնացման և հրատարակման խմբագրական ցուցումները մշակվում են խմբագրի կողմից` առաջադրված խնդրի ուսումնասիրման հիման վրա, և քարտեզը ստեղծող կատարողների համար հանդիսանում են աշխատանքների իրականացման ուղեցույց:

Խմբագրատեխնիկական ցուցումները պատրաստվում է նախօրոք` մինչև կազմողական աշխատանքներն սկսելը:

25. Խմբագրատեխնիկական ցուցումների հիմքում դրվում են.

ա) քարտեզագրվող տարածքի հակիրճ բնութագիրը` տեղանքի հիմնական գծերն ու բնորոշ առանձնահատկությունները,

բ) քարտեզի կազմման ժամանակ կիրառվող քարտեզագրական նյութերի բնութագիրը,

գ) քարտեզի կազմման տեխնոլոգիան,

դ) թվայնացման համար ծրագրային փաթեթը,

ե) գեոդեզիական կետերի կոորդինատների կատալոգների կիրառման կարգը,

զ) քարտեզի վրա առանձին տարրերի և տեղանքի օբյեկտների պատկերման առանձնահատկությունները,

է) կազմվող քարտեզին անհրաժեշտ պայմանական նշանների և մակագրությունների տառատեսակների կիրառման առանձնահատկությունները,

ը) աշխարհագրական օբյեկտների անվանումների հաստատման և քարտեզի վրա գլխավոր օբյեկտների մակագրությունների զետեղման վերաբերյալ ցուցումները,

թ) կազմվող քարտեզը այլ մասշտաբների տեղագրական քարտեզների հետ համաձայնեցման կարգը,

ժ) քարտեզագրվող տարածքների սահմաններով հարակից թերթերի միակցումների կարգը,

ի) քարտեզը հրատարակման նախապատրաստելու տեխնոլոգիան:

26. Խմբագրատեխնիկական ցուցումների տեքստի լրացուցիչ մասում ընդգրկվում են.

ա) քարտեզագրվող տարածքի սխեման և տվյալ տարածքին սահմանակից տարածքների թերթերի անվանահամարները, որոնց հետ անհրաժեշտ է միակցումներ կատարել,

բ) սխեմաներ, որոնք տվյալներ են ներառում քարտեզի վրա եղած առանձին տարրերի դասակարգման համար,

գ) քարտեզի նմուշ թերթը և տեղանքի առանձին, պատկերման համար բարդ տեղամասերի կազմողական նմուշները:

27. Նմուշ թերթը պատրաստվում է քարտեզագրվող բոլոր խոշոր տարածքների համար, եթե տեղանքը շատ բարդ է և քարտեզակազմական աշխատանքների ժամանակ օգտագործվում են տարբեր տեսակի քարտեզագրական նյութեր: Որպես նմուշ վերցվում է այն թերթը, որը պատկերում է տվյալ տարածքին տիպիկ տեղամասը:

Նմուշ թերթի կազմումը, նախապատրաստումը հրատարակման, հրատարակումը և գունավոր արտատիպի ստացումը պետք է ավարտված լինի մինչև աշխատանքների սկսելը:

Նմուշ թերթը կարելի է չպատրաստել, եթե քարտեզագրվող տարածքին հարող տարածքն ունի ժամանակակից պահանջները բավարարող հրատարակված քարտեզ:

 

Աշխատողների նախապատրաստումը աշխատանքի կատարմանը

 

28. Աշխատողների նախապատրաստումը աշխատանքի կատարմանը հանդիսանում է բարձր որակի քարտեզների ստեղծման կարևոր պայմաններից մեկը:

Քարտեզի թերթերը կազմելուց առաջ խմբագիրը պարտավոր է քարտեզագիրներին ծանոթացնելու քարտեզագրվող տեղանքի առանձնահատկություններին և քարտեզագրական նյութերին, պարզաբանելու քարտեզի կազմման տեխնոլոգիայի առանձնահատկություններն ու տեղանքի առանձին տարրերի պատկերման վերաբերյալ խմբագրատեխնիկական հիմնական ցուցումները:

Հետագայում քարտեզագիրները ինքնուրույն են ուսումնասիրում խմբագրատեխնիկական ցուցումները, քարտեզագրվող տեղանքը և քարտեզագրական նյութերը:

Թվային (էլեկտրոնային) քարտեզների կազմման, հրատարակման նախապատրաստման եվ հրատարակման աշխատանքների խմբագրումը

29. Թվային քարտեզների կազմման, հրատարակման նախապատրաստման և հրատարակման ընթացքում խմբագրումը իրականացվում է աշխատողների աշխատանքի մշտական ղեկավարման, աշխատանքի ընթացքում քարտեզների ստուգման, ինչպես նաև ավարտված աշխատանքի որակի ստուգման և քարտեզի ստեղծման բոլոր փուլերում պատրաստի արտադրանքի ընդունման ճանապարհով:

30. Խմբագրումը թվային (էլեկտրոնային) քարտեզների կազմման ընթացքում պետք է ապահովի.

ա) քարտեզագրական նյութերի լիարժեք և ճիշտ օգտագործումը,

բ) քարտեզի վրա տեղանքի օբյեկտները և տարրերը պատկերելիս պահանջվող ճշտության ապահովումը,

գ) քարտեզագրական նյութի վրա եղած օբյեկտների ճիշտ ընտրությունը և պատկերների ընդհանրացումը, տեղանքի հիմնական գծերի և բնորոշ առանձնահատկությունների ակնառու արտապատկերումը, գլխավոր օբյեկտների և կողմնորոշիչների պատկերների հստակ առանձնացումը,

դ) պայմանական նշանների և տառատեսակների ճիշտ կիրառումը,

ե) տեղանունների, ինչպես նաև օբյեկտների քանակական և որակական բնութագրիչների հավաստի և ճիշտ անցկացումը քարտեզի վրա,

զ) ստեղծվող քարտեզի բովանդակության համաձայնեցումը հարակից մասշտաբների հրատարակված տեղագրական քարտեզների բովանդակության հետ:

31. Խմբագրումը թվային (էլեկտրոնային) քարտեզների հրատարակման նախապատրաստման ընթացքում պետք է ապահովի.

ա) քարտեզագրվող տարածքի բոլոր քարտեզների գծագրական միօրինակությունը,

բ) հրատարակչական բնօրինակի համապատասխանությունը կազմողական բնօրինակի հետ,

գ) տեղանքի օբյեկտների և տարրերի պատկերների ու մակագրությունների ընթեռնելիությունը, գլխավոր օբյեկտների և կողմնորոշիչների պատկերների հստակ առանձնացումը,

դ) բնօրինակների գծագրական ձևավորման բարձր որակը:

32. Քարտեզի կազմման և հրատարակման նախապատրաստման ընթացքում խմբագիրը կանոնավոր կերպով ստուգում է աշխատանքի կատարման ճշտությունն ու որակը:

33. Քարտեզի կազմման և հրատարակման նախապատրաստման ընթացքում խմբագիրը պարբերաբար ստուգում է քարտեզը և իր դիտողությունների մասին տեղեկացնում է բաժնի պետին:

 

Պատրաստի արտադրանքի ստուգումն ու ընդունումը

 

34. Բաժնի ղեկավար կազմի և տեխնիկական բաժնի (ՏԲ) կողմից պատրաստի արտադրանքի ստուգումն ու ընդունումը իրականացվում է գործող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներով:

35. Տեղագրական քարտեզի բնօրինակի ստեղծման ժամանակ աշխատանքի յուրաքանչյուր ավարտված տեսակ պետք է ստուգված լինի, իսկ պատրաստի արտադրանքը` ընդունված և գնահատված:

Պարտադիր ստուգման ենթակա են.

ա) հիմնական քարտեզագրական նյութերի մոնտաժումը,

բ) կազմողական և հրատարակչական բնօրինակների շրջանակների փաստացի չափերը,

գ) կազմողական և հրատարակչական բնօրինակների միակցումները հարակից թերթերի հետ,

դ) ՀՀ պետական սահմանի պատկերման ճշտությունը,

ե) տվյալ թերթի տեղեկամատյանի գրառումները:

Պարտադիր ընդունման և գնահատման ենթակա են ավարտված կազմողական,  հրատարակչական և թվայնացված բնօրինակները:

Պարտադիր հաստատման ենթակա են.

ա) տվյալ տարածքի աշխատանքի վերաբերյալ խմբագրատեխնիկական ցուցումները,

բ) տվյալ տարածքի քարտեզների նմուշ թերթերը,

գ) աշխատանքի որակի գնահատման համար չափանմուշ հանդիսացող կազմողական, հրատարակչական և թվային բնօրինակները:

36. Կատարողը քարտեզի կազմման աշխատանքի ընթացքում և ավարտելուց հետո ճշտում է կատարված աշխատանքի ավարտվածությունն ու որակը:

Բոլոր բացահայտված թերություններն ու սխալները ուղղելուց հետո կատարողը ավարտված և իր կողմից ստորագրված կազմողական, հրատարակչական կամ թվային բնօրինակը այլ քարտեզագրական նյութերի հետ հանձնում է քարտեզագրման բաժնի պետին:

37. Տեղագրական քարտեզների բնօրինակները կարող են ներկայացվել ՏԲ ընդունման.

ա) սրբագրված,

բ) առանց սրբագրելու,

գ) առաջին ներկայացմամբ:

Սրբագրումը հանդիսանում է տեխնոլոգիական ընթացքի ավարտման փուլում քարտեզի բնօրինակի բովանդակության և ձևավորման ստուգման բազմակողմանի ձև և նախատեսվում է բարդ քարտեզագրական նյութեր օգտագործած բնօրինակների և սակավափորձ կատարողների կողմից ստեղծվող քարտեզների ստուգման համար:

Սրբագրումը իրականացվում է բաժնի որակյալ մասնագետ-քարտեզագրի կողմից:

Փորձառու կատարողները քարտեզների բնօրինակները կարող են հանձնել առանց սրբագրելու` առաջին ներկայացմամբ:

38. Կազմողական բնօրինակի սրբագրումը կայանում է դրա մանրակրկիտ ստուգման մեջ և նպատակ է հետապնդում հաստատել.

ա) բնօրինակի բովանդակության համապատասխանությունը ուղեցույց փաստաթղթերի պահանջներին, իսկ դրա ձևավորումը` հաստատված նմուշին,

բ) մաթեմատիկական և գեոդեզիական հիմքի ճիշտ կառուցումը,

գ) առաջադրված բոլոր գեոդեզիական, քարտեզագրական, տեքստային տեղեկատվական և առկա նյութերի լիարժեք օգտագործումը,

դ) բնօրինակի բովանդակության բոլոր տարրերի ընտրության, ընդհանրացման, դասակարգման և պատկերման ճշտությունը,

ե) բոլոր տարրերի ճիշտ անցկացումը բնօրինակի վրա,

զ) բնօրինակի միակցումը հարակից թերթերի հետ և համաձայնեցումը այլ մասշտաբների քարտեզների հետ,

է) բոլոր անունների, պարզաբանող մակագրությունների և քանակական բնութագրիչների ճշտությունը,

ը) տեղեկամատյանում արված գրառումների ճշտությունը:

39. Հրատարակչական բնօրինակների սրբագրման նպատակն է ստուգել դրանց համապատասխանությունը կազմողական բնօրինակների հետ, իսկ գծագրական ձևավորման տեսակետից` ուղեցույց փաստաթղթերի, պայմանական նշանների ու նմուշների հետ և նպատակ է հետապնդում հաստատել.

ա) հրատարակմանն անհրաժեշտ նյութերի լրակազմությունը,

բ) բոլոր տարրերի գծագրական պատկերման որակը,

գ) մաթեմատիկական և գեոդեզիական հիմքի ճշտությունը և թերթի շրջանակի փաստացի չափերի համապատասխանությունը տեսականի հետ,

դ) պատկերների որակի համապատասխանությունը հրատարակման պահանջներին,

ե) ՀՀ պետական սահմանի պատկերման ճշտությունը,

զ) բոլոր անունների, պարզաբանող մակագրությունների, քանակական բնութագրիչների, բարձունքային կետերի և արտաշրջանակային ձևավորման ճշտությունը,

է) բնօրինակների միակցումները շրջանակի բոլոր կողմերից,

ը) քարտեզի տվյալ թերթի տեղեկամատյանի լրիվ և ճիշտ լրացումը,

թ) վարչական սահմանների պատկերման համապատասխանությունը և բնակավայրի անվան փոխված տարբերակը, որն ստացվել է բնօրինակի ստեղծման ընթացքում:

Սրբագրիչը այս ստուգումների մասին նշումներ է կատարում տեղեկամատյանում:

40. Թվայնացված բնօրինակների սրբագրման նպատակն է ստուգել դրանց համապատասխանությունը կազմողական կամ հրատարակչական բնօրինակների հետ, իսկ գծագրական ձևավորման տեսակետից` ուղեցույց փաստաթղթերի, պայմանական նշանների և նմուշների հետ և նպատակ է հետապնդում հաստատել.

ա) թվայնացմանն անհրաժեշտ նյութերի լրակազմությունը,

բ) քարտեզի բոլոր տարրերի ըստ շերտերի ճիշտ դասավորվածությունը,

գ) պատկերների և պայմանական նշանների գույների համապատասխանությունը սահմանված գույներին,

դ) մաթեմատիկական և գեոդեզիական հիմքի ճշտությունը և թերթի շրջանակի փաստացի չափերի համապատասխանությունը տեսականի հետ,

ե) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պատկերման ճշտությունը,

զ) բոլոր անունների, պարզաբանող մակագրությունների, քանակական բնութագրիչների, բարձունքային կետերի և արտաշրջանակային ձևավորման ճշտությունը,

է) բնօրինակների միակցումները շրջանակի բոլոր կողմերից,

ը) քարտեզի տվյալ թերթի տեղեկամատյանի լրիվ և ճիշտ լրացումը,

թ) վարչական սահմանների պատկերման համապատասխանությունը և բնակավայրի անվան փոխված տարբերակը, որն ստացվել է բնօրինակի ստեղծման ընթացքում:

Սրբագրված բնօրինակները ներկայացվում են բաժնի պետին կամ խմբագրին ընդունման:

Ավարտված կազմողական բնօրինակը ընդունելիս պարտադիր կերպով ստուգվում են.

ա) նյութերի լրակազմությունը,

բ) քարտեզագրական նյութերի լրիվ և ճիշտ օգտագործումը,

գ) մաթեմատիկական և գեոդեզիական հիմքի ճշտությունը,

դ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պատկերման ճշտությունը,

ե) միակցումները հարակից թերթերի հետ:

Ավարտված հրատարակչական բնօրինակը ընդունելիս պարտադիր կերպով ստուգվում են.

ա) հրատարակչական նյութերի լրակազմությունը,

բ) դրանցից որակյալ տպաձև ստանալու հնարավորությունը,

գ) բոլոր տարրերի պատկերման հստակությունը, դրանց համապատասխանությունը կազմողական բնօրինակի տարրերի հետ,

դ) ՀՀ պետական սահմանի պատկերման ճշտությունը,

ե) քարտեզի տվյալ թերթի տեղեկամատյանի լրիվ և ճիշտ լրացումը:

Ավարտված թվայնացված բնօրինակը ընդունելիս պարտադիր կերպով ստուգվում են.

ա) թվայնացված նյութերի լրակազմությունը,

բ) դրանցից որակյալ տպաձև ստանալու հնարավորությունը,

գ) բոլոր տարրերի պատկերման հստակությունը, դրանց համապատասխանությունը կազմողական կամ հրատարակչական բնօրինակի տարրերի հետ,

դ) ՀՀ պետական սահմանի պատկերման ճշտությունը,

ե) քարտեզի տվյալ թերթի տեղեկամատյանի լրիվ և ճիշտ լրացումը:

41. ՏԲ առաջին ներկայացմամբ ներկայացվող բնօրինակների վրա վերահսկող անձանց կողմից ստորագրությամբ պարտադիր կերպով ստուգվում են.

ա) մաթեմատիկական և գեոդեզիական հիմքի կառուցումը,

բ) հիմնական քարտեզագրական նյութերի հավաքումը,

գ) կազմողական, հրատարակչական կամ թվայնացված բնօրինակների շրջանակների փաստացի չափերի համապատասխանությունը տեսականի հետ,

դ) միակցումները հարակից թերթերի հետ,

ե) ՀՀ պետական սահմանի պատկերման ճշտությունը,

զ) տվյալ թերթի տեղեկամատյանի լրացված լինելը:

Կատարողի կողմից ՏԲ պատրաստի արտադրանքի առաջին ներկայացմամբ հանձնումը  քարտեզագրության բաժնի համապատասխան անձանց վրայից չի հանում քարտեզի որակի համար պատասխանատվությունը:

42. Խմբագիրը ստուգում է ուղղումներն ըստ դիտողությունների, գնահատում է բնօրինակի որակը և այդ գնահատականն անցկացնում է տեղեկամատյանի մեջ:

Առաջին ներկայացմամբ հանձնվող թերթի տեղեկամատյանում գնահատականին կից մակագրվում է. Բնօրինակը հանձնվում է առաջին ներկայացմամբ:

Բոլոր վերահսկող անձանց կողմից ստորագրված բնօրինակները ներկայացվում են ՏԲ ընդունման:

 

7. ՔԱՐՏԵԶԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

43. Քարտեզի ստեղծման ընթացքում ստացված բոլոր նյութերը, անկախ աշխատանքի վիճակից, պետք է ուսումնասիրված լինեն: Նոր ստացվող նյութերն ուսումնասիրելիս խմբագիրը բացահայտում է փոփոխությունների բնույթը և սահմանում է դրանց օգտագործման ավելի նպատակահարմար եղանակներ: Կախված աշխատանքի վիճակից և փոփոխությունների չափից, ըստ նոր քարտեզագրական նյութերի կարելի է կազմողական կամ հրատարակչական բնօրինակների վրա ուղղումներ կատարել կամ նորից ստանալ կազմողական և հրատարակչական բնօրինակներ:

Եթե նոր քարտեզագրական նյութերի օգտագործումը մեծ ծավալի աշխատանքների և կազմակերպության պլանների փոփոխությունների է բերում, ապա նյութերի և դրանց կիրառման վերաբերյալ եզրակացությունն ուղարկվում է տվյալ ոլորտի լիազոր մարմին որոշում կայացնելու համար: Ոչ մեծ փոփոխությունների դեպքում որոշումը կայացնում է կազմակերպության տնօրենը, և այդ որոշման հիման վրա քարտեզի խմբագիրը խմբագրատեխնիկական ցուցումներում անհրաժեշտ փոփոխություններ է մտցնում:

44. Անկախ այն հանգամանքից, թե որ փուլում են կազմողական, հրատարակչական կամ թվայնացման աշխատանքները, ուղղումները բնօրինակների վրա կատարվում են նոր քարտեզագրական նյութերի հիման վրա հետևյալ փոփոխությունների դեպքում.

ա) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի գծերի դիրքի,

բ) գեոդեզիական հիմքի տվյալների,

գ) մեծ քանակությամբ բնակավայրերի անվանումների, դրանց վարչական նշանակության և տիպերի,

դ) երկաթուղային և խճուղային ճանապարհների վիճակի և դասակարգման,

ե) խոշոր չափի կառույցի շինարարության հետ կապված` տեղանքի լանդշաֆտի:

Ուղղումների համար հիմք են ծառայում հավաստի քարտեզագրական նյութերն ու պաշտոնական փաստաթղթերը:

Կազմվող քարտեզների համաձայնեցումը տեղագրական քարտեզների հետ

45. Կազմվող քարտեզները բովանդակությամբ համաձայնեցվում են հարակից մասշտաբների տեղագրական քարտեզների հետ:

Եթե հարակից մասշտաբի տեղագրական քարտեզը գոյություն չունի, ապա համաձայնեցումը կատարվում է հաջորդ մասշտաբի քարտեզի հետ:

46. Կազմվող քարտեզի համաձայնեցումը հարակից մասշտաբների տեղագրական քարտեզների հետ կայանում է.

ա) կազմվող քարտեզի վրա այն օբյեկտների և մակագրությունների պատկերման մեջ, որոնք տրված են ավելի խոշորամասշտաբ քարտեզի վրա,

բ) կազմվող քարտեզի վրա այն օբյեկտների և մակագրությունների պատկերման մեջ, որոնք տրված են նոր նյութերով կազմված ավելի փոքրամասշտաբ քարտեզի վրա,

գ) օբյեկտների անվանումների, բարձունքային նիշերի, բնութագրիչների և պարզաբանող մակագրությունների նույնականության պահպանման մեջ,

դ) օբյեկտների դասակարգման նույնականության պահպանման մեջ:

47. Կազմվող քարտեզը հրատարակված քարտեզի հետ համաձայնեցնելիս առաջացած փոփոխությունների դեպքում թույլատրվում են առանձին անհամապատասխանություններ.

ա) վարչատարածքային բաժանման սահմանների դիրքի,

բ) բնակավայրերի տիպերի, վարչական նշանակության և մեծության,

գ) առանձին օբյեկտների ձևերի ու վիճակների:

48. Կազմվող քարտեզի համաձայնեցումը հարակից մասշտաբների հրատարակված քարտեզների հետ չպետք է բերի դրա որակի վատացման:

Եթե հրատարակված քարտեզների հետ համաձայնեցվող հարակից մասշտաբների կազմողական քարտեզների ծավալները մեծ են, ապա համաձայնեցում չի կատարվում, այլ հնացած քարտեզի վերահրատարակման հարց է դրվում: Սա տեղի է ունենում հետևյալ դեպքերում.

ա) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի գծերի դիրքի փոփոխությունների,

բ) տեղանքի լանդշաֆտում կարևոր փոփոխությունների,

գ) աշխարհագրական օբյեկտների զանգվածային վերանվանումների:

49. Խոշորամասշտաբ տեղագրական քարտեզների վրա օբյեկտների չտրված անվանումները, բնութագրիչները և բարձունքային նիշերը կազմվող քարտեզի վրա չեն տրվում: Բացառության կարգով կարող են տրվել միայն առանձին խոշոր օբյեկտների անվանումները (լեռնաշղթա, հարթավայր), որոնք խոշորամասշտաբ քարտեզի վրա չեն մակագրված, քանի որ այդ անվանումների մակագրությունները կարող են մի շարք թերթեր զբաղեցնել:

Փոքրամասշտաբ տեղագրական քարտեզների վրա տրված օբյեկտների անվանումները, բնութագրիչները և բարձունքային նիշերը կազմվող քարտեզի վրա պետք է տրված լինեն, եթե դրանց ճշտությունը հաստատված է նոր քարտեզագրական նյութերով` բացառությամբ որոշ խոշոր օբյեկտների անվանումների (լեռնաշղթա, հարթավայր), որոնց մակագրությունները զբաղեցնում են մի շարք թերթեր և կազմվող քարտեզի վրա հստակ չեն առանձնացվում:

50. Օբյեկտների անվանումները տրվում են ճիշտ գրությամբ՝ ըստ սույն Հրահանգի 75-79 կետերի:

51. Քարտեզները, որոնց վրա պատկերված են ծովեր, խոշոր լճեր և մեծ գետերի գետաբերաններ, բացի տեղագրական քարտեզների հետ համաձայնեցնելուց, համաձայնեցնում են նաև ծովային նավագնացական քարտեզների հետ:

52. Կազմվող քարտեզի համաձայնեցումը ծովային քարտեզների հետ չպետք է խախտի  տեղագրական քարտեզների հետ դրանց համապատասխանությունը:

 

8. ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԿԱԶՄՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Քարտեզների կազմման եղանակները

 

53. Քարտեզների կազմման եղանակներն ու տեխնոլոգիական ձևերն ընտրվում են քարտեզագրական նյութերի բնույթի և քարտեզագրվող տարածքի բարդությանը համապատասխան: Ընտրվող տեխնոլոգիան պետք է ապահովի քարտեզի ստեղծումը և համապատասխանի սույն հրահանգի պահանջներին` ժամանակի, աշխատուժի և միջոցների նվազագույն ծախսմամբ:

Քարտեզի կազմման ընդունված տեխնոլոգիան անպայման երևում է խմբագրատեխնիկական ցուցումներում և տեղեկամատյանում:

54. Տեղագրական քարտեզների կազմման հիմնական եղանակները մինչև համակարգչային տեխնիկայի կիրառումը եղել են.

1) թափանցիկ հիմքի վրա ըստ երկնագույն պատճենների քարտեզի առանձին տարրերի կազմումը,

2) թափանցիկ հիմքի վրա ըստ երկնագույն պատճենների քարտեզի բոլոր տարրերի կազմումը,

3) փորագրմամբ քարտեզի հրատարակչական բնօրինակների կազմումը:

Բացի դրանից, կախված քարտեզագրական նյութի որակից և քարտեզագրվող տարածքի բարդությունից, կիրառվում են և այլ եղանակներ` օրինակ.

4) մասնակի կազմումը թափանցիկ հիմքի վրա երկգույն երկկողմ պատճեններով,

5) կազմումը միջանկյալ մասշտաբում կամ հիմնական քարտեզագրական նյութի մասշտաբում:

55. Թափանցիկ հիմքի վրա ըստ երկնագույն պատճենների քարտեզի առանձին տարրերի կազմումը կիրառվում է բոլոր դեպքերում, որպես կազմման առաջադեմ և խնայողական եղանակ:

Այս ձևը կիրառելիս քարտեզի առանձին տարրերի կազմումը իրականացվում է փայլատած պլաստիկից պատրաստված երեք պատճենների վրա: Առաջին պատճենի վրա տրվում են հրատարակման ժամանակ սև գույնով տրվող տարրերը, երկրորդի վրա` կապույտ գույնով տրվողները, երրորդի վրա` դարչնագույն գույնով տրվողները:

56. Եթե քարտեզը տարբեր հիմքերի վրա է կազմված, նպատակահարմար է այդ հիմքերը կազմման ընթացքում ամրացնել հատուկ բույթերով:

57. Տարբեր թափանցիկ հիմքերի վրա կազմվող քարտեզի ավարտված թերթը տրվում է փորագրման հետևյալ լրակազմությամբ.

ա) մասնատված կազմողական բնօրինակները (օր.` ուրվագծերի, ջրագրության, ռելիեֆի),

բ) համատեղված գունավոր թափանցապատկերը,

գ) լցված տարրերի նախանմուշը (մակետ),

դ) թերթի տեղեկամատյանը,

ե) մակագրվող անունների ցանկը` հավաքման համար:

58. Մեկական թափանցիկ հիմքով երկնագույն պատճենների կազմումը կիրառվում է  տեղանքի բարդ բնույթով տարածքների քարտեզագրման համար:

Քարտեզի հրատարակման նախապատրաստման համար անհրաժեշտ են.

ա) թափանցիկ հիմքով կազմողական բնօրինակը,

բ) տվյալ թերթի տեղեկամատյանը,

գ) մակագրվող անունների ցանկը` հավաքման համար:

59. Հրատարակչական քարտեզների կազմումը միաժամանակ փորագրությամբ հանդիսանում է քարտեզների կազմման խնայողական եղանակ: Կազմման այս ձևի ժամանակ հիմնական քարտեզագրական նյութ հանդիսացող բնօրինակից ստանում են փորագրման հիմքի  պատճենը, որի վրա փորագրում են ուրվագծի, ջրագրության և ռելիեֆի տարրերը` միաժամանակ ընդհանրացնելով:

Այն դեպքերում, երբ առանձին տարրեր բարդ են մշակման համար, թույլատրվում է դրանց մասնակի կազմումը քարտեզագրական նյութի բնօրինակի վրա կամ փորագրման հիմքի վրա:

60. Քարտեզի բնօրինակի միաժամանակյա կազմման և փորագրման ժամանակ աշխատանքը իրականացվում է կազմումը և փորագրումը բարձր որակով իրականացնող մեկ կատարողի կողմից, կամ էլ քարտեզագիր կազմողի և մի քանի քարտեզագիր-ձևավորողների կողմից:

61. Մասնակի կազմումը երկգույն երկկողմ պատճեններով կատարվում է այն դեպքում, երբ հիմնական քարտեզագրական նյութի մասշտաբը հավասար կամ մոտ է ստեղծվող քարտեզի մասշտաբին և լրացուցիչ պահանջով անհրաժեշտ է այդ նյութերում էական փոփոխություններ մտցնել:

62. Բարդ քարտեզագրական նյութերը կիրառելիս, որոնց կազմվող քարտեզի մասշտաբի բերելը պահանջում է փոքրացում մի քանի անգամ (չորս և ավելի), կարելի է կազմումը կատարել միջանկյալ մասշտաբով կամ հիմնական քարտեզագրական նյութի մասշտաբով: Կազմումը միջանկյալ մասշտաբով կատարվում է հիմնական նյութից կամ նախագծող սարքերի միջոցով ստացված կապույտ թղթե պատճենների վրա:

Հիմնական քարտեզագրական նյութի մասշտաբով կազմումը իրականացվում է տվյալ քարտեզագրական նյութի թերթերի վերադրած թափանցիկ հիմքի վրա:

Միջանկյալ մասշտաբով կամ քարտեզագրական նյութի մասշտաբով քարտեզ կազմելիս օբյեկտների ընտրությունը և պատկերների ընդհանրացումը կատարվում է ըստ կազմվող քարտեզի մասշտաբի: Այդ ժամանակ քարտեզի տարրերը գծվում են մեծացված պայմանական նշաններին համապատասխան, այն հաշվով, որ հետագայում փոքրացվեն:

Սովորաբար բուսական ծածկույթի և գրունտների զբաղեցրած տարածքները պայմանական նշաններով չեն լրացվում, մակագրություններն էլ չեն տրվում:

Միջանկյալ մասշտաբով կամ հիմնական քարտեզագրական նյութի մասշտաբով կազմված բնօրինակներից կազմվող քարտեզի մասշտաբով ստանում են սև պատճեններ, որոնք հետ մոնտաժվում են կազմվող քարտեզի թերթի շրջանակներում: Թերթի վրա ճշգրտվում են տարրերի ընտրությունն ու ընդհանրացումը, տրվում են անվանումների մակագրությունները, կատարվում է ֆոնային ներկում և լրացում պայմանական նշաններով: Արդյունքում ստացվում է կազմողական բնօրինակը վերջնական տեսքով, որից հետագայում ստանում են պատճեններ հրատարակչական բնօրինակի փորագրման համար:

63. Տեղագրական քարտեզների կազմման տեխնոլոգիան ընդգրկում է աշխատանքի հետևյալ ձևերը.

ա) քարտեզագրական նյութերի նախապատրաստում օգտագործման,

բ) քարտեզագրական հիմքի նախապատրաստում,

գ) քարտեզի թերթի կազմում,

դ) կազմման ստուգում (սրբագրում):

 

Քարտեզագրական նյութերի նախապատրաստումը օգտագործման

 

64. Քարտեզագրական նյութերի նախապատրաստումը օգտագործման սկսվում է գեոդեզիական հիմքի կետերի ընտրությունից, որոնք անհրաժեշտ են պատճենների մոնտաժման և քարտեզի թերթի վրա անցկացման համար:

Հիմնական քարտեզագրական նյութի վրա ստուգվում են գեոդեզիական հիմքի կետերի կոորդինատներն ըստ կատալոգների: Եթե ստուգման ընթացքում ելնելով կազմվող քարտեզի մասշտաբից հայտնաբերվում են առանձին կետերի նիշերի վերջավորություններում ±0.3մմ-ից ավելի շեղումներ, բացահայտվում են դրանց պատճառները: Այն կետերը, որոնց շեղման պատճառները չի հաջողվում ի հայտ բերել, քարտեզի վրա չեն տրվում: Քարտեզի վրա տրվող հիմքի կետերի անունները, կոորդինատները և բարձունքային նիշերը  գրվում են թերթի տեղեկամատյանում:

65. Եթե քարտեզը կազմվում է այնպիսի նյութերից, որոնց կոորդինատային համակարգը տարբերվում է ընդունված կոորդինատային համակարգից, ապա եղած նյութի վրա այս համակարգում կառուցվում է ուղղանկյուն կոորդինատային ցանց և ըստ այդ ցանցի ստուգվում են հիմքի կետերի դիրքերը:

Եթե կետերի կոորդինատները ստուգելիս կառուցված ցանցի համեմատությամբ շեղումները մեկ ուղղությամբ են, ապա տվյալ թերթի ուղղումները պետք է ճշտվեն և անպայման համաձայնեցվեն հարակից թերթերի ուղղումների հետ: Կազմվող քարտեզի և հարակից թերթերի ուղղումների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 0.3մմ-ը:

66. Հիմնական քարտեզագրական նյութերը (կազմվող քարտեզից խոշորամասշտաբ հրատարակչական բնօրինակներ, սև տպվածքներ, գունավոր տպվածքներ), որոնցից պատրաստում են մոնտաժի համար նախատեսված պատճեններ, պետք է նախապատրաստված լինեն լուսանկարման: Նախապատրաստումը կայանում է հետևյալում.

ա) նյութի վրա տուշով կամ ներկով լրացվում են բոլոր ոչ հստակ տեղերը, իսկ գունավոր տպվածքների վրա բարձրացվում են թույլ տպված տարրերը,

բ) տուշով գծվում է ուղղանկյուն կամ քարտեզագրական ցանցը,

գ) հիմքի կետի պատկերի կենտրոնով ուղղանկյուն ցանցին զուգահեռ անցկացվում են 1.5-2սմ երկարությամբ երկու փոխուղղահայաց գծեր,

դ) լուսանկարահանման համար 0.1 մմ ճշտությամբ տրվում են պատճենի շրջանակի չափերը:

 

Քարտեզագրական հիմքի նախապատրաստում

 

67. Կազմողական բնօրինակի համար որպես քարտեզագրական հիմք ծառայում են հիմնական քարտեզագրական նյութի պատճենները, որոնք մոնտաժված են քիչ ձևափոխվող թիթեղի վրա:

Քարտեզագրական հիմքի նախապատրաստումը թափանցիկ պլաստիկի վրա ընդգրկում է.

ա) Կազմվող քարտեզի մասշտաբով հիմնական քարտեզագրական նյութից պլաստիկի վրա նեգատիվի ստացում,

բ) հիմնական քարտեզագրական նյութերից կարկինի և մասշտաբային քանոնի օգնությամբ ընտրված հիմքի կետերի, շրջանակի անկյունների գագաթների անցկացում թափանցիկ հիմքի վրա:

Կազմվող քարտեզի շրջանակի անկյունների գագաթների ուղղանկյուն կոորդինատները վերցվում են ուղղանկյուն կոորդինատների հատուկ աղյուսակների աշխարհագրական կոորդինատներից` հաշվարկված Կրասովսկու էլիպսոիդի պարամետրերով:

Հիմքի կետերի և ուղղանկյուն ցանցի գծերի համատեղման ճշտությունը մոնտաժման ժամանակ պետք է լինի 0.2մմ-ի սահմաններում: Նեգատիվների չեն կտրում 0.2մմ-ից ավելի և վրածածկում:

68. Մոնտաժման աշխատանքները ընդունվում են խմբագրի կողմից, որի ընթացքում ստուգվում են.

ա) օգտագործվող գեոդեզիական և քարտեզագրական նյութերի լիարժեքությունն ու ճշտությունը,

բ) քարտեզագրական հիմքի վրա հիմքի կետերի և շրջանակի անկյունների գագաթների ճիշտ անցկացումը,

գ) նեգատիվների մոնտաժման ճշտությունը:

Ստուգման արդյունքների մասին նշվում է տեղեկամատյանում:

Մոնտաժման աշխատանքի ընդունումից հետո պատրաստվում են պատճեններ քարտեզի կազմման կամ միաժամանակ կազմման և փորագրման համար:

69. Քարտեզի կազմման ժամանակ տարասեռ քարտեզագրական նյութեր օգտագործելիս մոնտաժի բնօրինակը կարող է պատրաստվել ոչ թափանցիկ (ալյումինե թիթեղ)` սոսնձած գծագրական թղթով հիմքի վրա: Այդ դեպքում մոնտաժման համար պատճենները պատրաստում են լուսանկարչական թղթի վրա: Հետագայում քարտեզի կազմման համար մոնտաժման բնօրինակից ստանում են անհրաժեշտ քանակությամբ կապույտ պատճեններ:

 

Ընդհանուր ցուցումներ քարտեզների կազմման վերաբերյալ

 

70. Քարտեզների կազմումը իրականացվում է առանձին տարրերով հետևյալ կարգով.

ա) մաթեմատիկական տարրեր,

բ) հիմքի կետեր,

գ) ջրագրություն և հիդրոտեխնիկական կառույցներ,

դ) բնակավայրեր, արդյունաբերական, գյուղատնտեսական և կենցաղ-մշակութային օբյեկտներ,

ե) ճանապարհային ցանց և ճանապարհային կառույցներ,

զ) ռելիեֆ,

է) բուսական ծածկ և գրունտներ,

ը) սահմաններ և ցանկապատումներ,

թ) հարակից թերթերի միակցումներ,

ժ) արտաշրջանակային ձևավորում,

ի) պարզաբանող մակագրությունների զետեղում:

Թվային քարտեզները ստեղծելիս նշված յուրաքանչյուր կետը հանդես է գալիս որպես առանձին շերտ:

Պարզաբանող մակագրությունները տրվում են վերջում` այն տարրերի պատկերումից հետո, որոնց վերաբերում են:

Քարտեզը կազմելիս սկզբում տրվում են գլխավոր օբյեկտները, իսկ հետո, ըստ նշանակության, մնացած օբյեկտներն ու տարրերը:

Առանձին հիմքերի վրա կազմողական աշխատանքները նպատակահարմար է կատարել հետևյալ կարգով` ջրագրություն, ուրվագիծ, ռելիեֆ, արտաշրջանակային ձևավորում:

71. Կազմողական բնօրինակի վրա բոլոր տարրերի պատկերները և պարզաբանող մակագրությունները տրվում են ամբողջովին, որպեսզի հրատարակման նախապատրաստման ժամանակ սկզբնական քարտեզագրական նյութերի անհրաժեշտություն չառաջանա:

Կազմողական բնօրինակը ձևավորվում է՝ ելնելով հետևյալ պահանջներից.

ա) պայմանական նշանները և անվանումների մակագրությունները ըստ գծագրման բնույթի և չափերի պետք է համապատասխանեն տվյալ մասշտաբի հաստատված համապատասխան պարամետրերին,

բ) բնօրինակի վրա բոլոր տարրերը առավելագույն չափի հստակություն պետք է ունենան, պայմանական նշանների ծածկում չի կատարվում, պայմանական նշանների միջև միջակայքերը 0.2մմ-ից պակաս չպետք է լինեն,

գ) կազմողական բնօրինակի ձևավորման որակը պետք է ապահովի հրատարակչական բնօրինակի համար պատճենների ստացումը:

72. Կազմողական բնօրինակի վրա ջրագրական օբյեկտները, ֆիռնային դաշտերը և սառցադաշտերը տրվում են կանաչ գույնով, ռելիեֆի տարրերը` դարչնագույնով, մնացած տարրերը` սև գույնով: Երկգույն երկկողմ պատճեններով քարտեզներ կազմելիս ստվերագծած տարրերի գծագրումը, նորերի անցկացումը և ֆոնային գունավորումը կատարվում են այնպես, ինչպես կապույտ պատճենների վրա կազմողական գծագրության ժամանակ:

Առանձին թափանցիկ հիմքերի վրա կազմողական գծագրության ժամանակ բոլոր տարրերը տրվում են մեկ գույնով` սևով:

73. Պայմանական նշանները, գրագրությունները, ինչպես նաև արտաշրջանակային ձևավորման տարրերը գծվում են ձեռքով կամ փակցվում են լուսատպվածքի ձևով:

Մեծ տարածք զբաղեցնող բուսական ծածկը և գրունտները ստվերագծելու փոխարեն կարելի է տալ համապատասխան գունային երանգով:

 

Մակագրություններին ներկայացվող ընդհանուր պահանջները

 

74. Քարտեզների վրա զետեղվում են հետևյալ մակագրությունները.

ա) բնակավայրերի, երկաթուղային կայարանների, նավահանգիստների, ջրագրական օբյեկտների, ռելիեֆի, բուսական ծածկույթների և գրունտների անվանումները,

բ) պարզաբանող մակագրություններ (ծառերի տեսակները, ճանապարհների ծածկանյութի որակը),

գ) քանակական բնութագրիչներ (բարձունքային նիշեր, հորիզոնականների մակագրություններ, գետերի լայնությունն ու խորությունը, ծառերի բարձրությունն ու բնի հաստությունը, ծառերի միջև հեռավորությունը, կամուրջների բեռնունակությունը և այլն):

 

Անվանումների գրության կարգը

 

75. Տեղագրական քարտեզների վրա աշխարհագրական օբյեկտների անվանումների մակագրությունները տրվում են հայերենով: Աշխարհագրական օբյեկտների անվանումների գրությունները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության իրավական ակտերին:

76. Այն դեպքերում, երբ որպես քարտեզագրական նյութ են հանդիսանում նոր տեղագրական քարտեզները, որոնց վրա տրված աշխարհագրական օբյեկտների անվանումները հաստատված են եղել հանույթի կամ թարմացման ժամանակ, կազմվող քարտեզի վրա այդ անունները չեն փոխվում, բացառությամբ տվյալ քարտեզների հրատարակումից հետո պաշտոնապես վերանվանված օբյեկտների անունների: Նոր անվանումները տրվում են պաշտոնական փաստաթղթերում տրված գրության համապատասխան:

77. Աշխարհագրական օբյեկտների անվանումների ճշտությունը ստուգվում է ըստ վարչատարածքային բաժանման և այլ տեղեկագրքերի:

78. Ոչ հայերենով հրատարակված քարտեզագրական նյութերով քարտեզներ կազմելիս անվանումների գրության ձևը տրվում է անվանումների տառադարձման ճանապարհով՝ ըստ սահմանված կարգի:

Տառադարձված անունները պետք է ստուգված լինեն խմբագրի կողմից:

79. Աշխարհագրական բոլոր օբյեկտների անվանումները քարտեզների վրա տրվում են լրիվ: Պարզաբանող մակագրությունները տրվում են ինչպես լրիվ, այնպես էլ կրճատ գրությամբ:

 

Քարտեզների վրա մակագրությունների զետեղումը

 

80. Խոշոր աշխարհագրական օբյեկտների` լեռնաշղթաների, բարձրավանդակների, գոգավորությունների և այլ անունների մակագրությունների տառատեսակների չափերը  սահմանվում են խմբագրի կողմից ողջ քարտեզագրվող տարածաշրջանի համար:

81. Քարտեզի վրա մակագրությունները զետեղվում են համեմատաբար ազատ տեղերում այնպես, որ չծածկեն կարևոր օբյեկտների պատկերները, չհատվեն պետական սահմանի, երկու գծով պատկերվող գետերի, երկաթգծերի, խճուղային և բարեկարգված գրունտային ճանապարհների պայմանական նշանների հետ և չընկնեն ուղղանկյուն կոորդինատային ցանցի հորիզոնական գծերի վրա:

Ոչ մեծ մակերես զբաղեցնող օբյեկտների` փոքր լճերի, կղզիների, թերակղզիների, հրվանդանների, բնակավայրերի, լեռնագագաթների և լեռնանցքների անունների մակագրությունները զետեղվում են թերթի շրջանակի հյուսիսային և հարավային կողմերին զուգահեռ` պատկերի աջ կողմում: Առանձին դեպքերում, որպեսզի չծածկվեն այլ օբյեկտների պատկերները, թույլատրվում է մակագրությունները զետեղել օբյեկտի պայմանական նշանի ձախ, վերին կամ ստորին մասում:

Մեծ մակերես զբաղեցնող օբյեկտների` խոշոր լճերի, լեռնաշղթաների, անտառների անունների մակագրությունները զետեղվում են այդ օբյեկտների պատկերների վրա ուղիղ կամ սահուն թեք գծով իրենց տարածման ուղղությամբ:

Ձգված օբյեկտների անունների մակագրությունները զետեղվում են ցրիվ շարվածքով, հարևան տառերի միջև հեռավորությունը տրվում է այնպես, որ մակագրությունը լավ կարդացվի:

Մեծ մակերես զբաղեցնող օբյեկտների` առանձին լեռնազանգվածների, բարձրավանդակների, ճահիճների անունների մակագրությունները նույնպես զետեղվում են ցրիվ շարվածքով, անհրաժեշտության դեպքում երկու և ավելի տողերի վրա:

82. Երկու և ավելի թերթերի վրա պատկերվող օբյեկտների անվանումները տրվում են մեկ ընդհանուր մակագրությամբ կամ էլ մակագրությունը կրկնվում է յուրաքանչյուր թերթի վրա: Եթե անվանումը տրվում է մեկ բառով, ապա յուրաքանչյուր թերթի վրա տրվում է անվան համապատասխան մասը, իսկ հաջորդ մասը տրվում է թերթի ներքին շրջանակից դուրս:

Անվան մակագրությունը կրկնելիս բոլոր թերթերի վրա պետք է պահպանվեն տառատեսակի չափն ու տառերի միջև հեռավորությունը և յուրաքանչյուր հաջորդ մակագրություն ըստ ուղղության պետք է լինի նախորդի շարունակությունը:

 

9. ՔԱՐՏԵԶԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ


Քարտեզի մաթեմատիկական տարրերը

 

83. Քարտեզների թերթերի վրա անցկացվում է ուղղանկյուն (կիլոմետրային) կոորդինատային ցանցը, որի քառակուսու կողմերը համապատասխան մասշտաբների դեպքում ունենում են հետևյալ չափերը.

1:10 000 մասշտաբի քարտեզի դեպքում` 10սմ (տեղանքում 1կմ),

1:25 000 մասշտաբի քարտեզի դեպքում` 4սմ (տեղանքում 1կմ),

1:50 000 մասշտաբի քարտեզի դեպքում` 2սմ (տեղանքում 1կմ),

1:100 000 մասշտաբի քարտեզի դեպքում` 2սմ (տեղանքում 2կմ):

1:25 000, 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների թերթերի վրա ուղղանկյուն կոորդինատային ցանցի թվային արժեքները տրվում են ներքին շրջանակից դուրս ցանցի գծերի ծայրերին և թերթի վրա հավասարաչափ բաշխված 9 համեմատաբար ազատ տեղերում:

84. Քարտեզի վրա քարտեզագրական ցանցը ցույց է տրվում թերթի շրջանակից դուրս եկող մեկական րոպեների բաժանված միջօրեականների և զուգահեռականների տեսքով: Րոպեանոց հատվածներն էլ իրենց հերթին բաժանվում են 10 վայրկյանանոց մասերի:

Քարտեզների թերթերի ներքին շրջանակից դուրս տրվում են շրջանակի անկյունների գագաթների աշխարհագրական կոորդինատները:

1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների թերթերի վրա տրվում են միջօրեականի և զուգահեռականի միջին հատումները և դրանց թվային արժեքները աստիճաններով և րոպեներով:

Գեոդեզիական կետեր

85. Տեղագրական քարտեզների վրա տրվում են ազգային գեոդեզիական ցանցի 0, 1, 2 և պետական գեոդեզիական ցանցի 1, 2, 3, 4 դասերի կետերը` 1դմ2 վրա 10 կետից ոչ ավելի պայմանով: Եթե նշված դասերի կետերը 1դմ2 վրա 10-ից պակաս են, ապա ավելացվում են հանութային ցանցի` կենտրոնով տեղանքում ամրացված կետերը, իսկ կետերի մեծ քանակի դեպքում 4-րդ դասի կետերը պակասեցվում են:

Գեոդեզիական ցանցի տեղական նշանակության կետերից տրվում են միայն այն կետերը, որոնց կոորդինատները զետեղված են կատալոգներում, այդ կետերը պատկերվում են կենտրոնով տեղանքում ամրացված հանութային ցանցի կետերի պայմանական նշաններով:

Քարտեզի վրա ցույց չեն տրվում այն գեոդեզիական կետերը, որոնց նշանների տեղերը քարտեզագրական նյութի վրա չեն համապատասխանում ±0.3մմ-ը գերազանցող կոորդինատային մեծություններին և կատալոգներում կոորդինատներ ունեցող, բայց քարտեզի վրա չպատկերված կետերը: Այդպիսի կետերը անհրաժեշտության դեպքում քարտեզի վրա տրվում են որպես բարձունքային նիշեր:

Նախքան գեոդեզիական կետի պատկերելը կազմողական բնօրինակի վրա պատկերի դիրքը ստուգվում է կոորդինատներով:

86. Աստղագիտական կետերը ցույց են տրվում ոչ խիտ բնակեցված տարածաշրջանների քարտեզների վրա, եթե դրանք տեղական կոորդինատային համակարգում որպես գեոդեզիական ցանցի սկզբնական կետեր են ծառայում կամ կողմնորոշիչներ են հանդիսանում:

87. Տեղագրական քարտեզների վրա որպես կանոն տրվում են հիմնական քարտեզագրական նյութի վրա եղած պետական նիվելիրային ցանցի բոլոր (բացառությամբ պատայինների և ժամանակավորների) դրոշմանիշներն ու հենանիշները, ընտրություն է կատարվում միայն նիվելիրային ընթացքների վրա տեղադրված նշանների դեպքում, որոնց միջև հեռավորությունը քարտեզի մասշտաբով 3-4 սմ-ից պակաս է:

88. Գեոդեզիական կետերի պայմանական նշաններին կից քարտեզի վրա տրվում են բարձունքային նիշեր` մինչև 0.1մ ճշտությամբ:

Կետերի նիշերի արժեքները վերցվում են գեոդեզիական կետերի կոորդինատների կատալոգներից կամ կազմման համար հիմք հանդիսացող քարտեզից, նայած թե այդ աղբյուրներից որն է ավելի ժամանակակից:

Եթե կազմվող քարտեզը ենթակա է համապատասխանեցման թարմացված և հրատարակված փոքրամասշտաբ քարտեզի հետ, ապա կետերի նիշերը տրվում են այդ քարտեզին համապատասխան:

Գեոդեզիական ցանցի և կենտրոնով տեղանքում ամրացված հանութային ցանցի կետերի նշաններին կից տրվում են կենտրոնի նիշերը, իսկ դրանց բացակայության դեպքում` հողի մակերևույթի նիշերը: Եթե հողի մակերևույթի և կենտրոնի մակերևույթի նիշերի տարբերությունը 0.2մ-ից ավելի է, ապա 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա 2.5մ անկման դեպքում գեոդեզիական կետերի բարձունքային նիշերը տրվում է կոտորակի տեսքով, որի համարիչում կենտրոնի նիշն է, հայտարարում` հողի մակերևույթի նիշը:

89. Կողմնորոշիչներով աղքատ տարածաշրջանների քարտեզները կազմելիս որոշ գեոդեզիական կետերի հստակ առանձնացման համար բացի բարձունքային նիշերից տրվում են նաև դրանց անունները կամ համարները: Եթե կետերը տեղադրված են լեռան, բլրի կամ թմբի վրա, որոնք ունեն հատուկ անուններ, ապա այդ անունները տրվում են կետերի նշաններին կից:

Կողմնորոշիչների պատկերումը

90. Կողմնորոշիչներ` տեղանքում հեշտ ճանաչվող համեմատաբար մշտական օբյեկտներ, որոնց օգնությամբ կարելի է արագ և ճիշտ կողմնորոշվել տեղանքում, համարվում են.

ա) ռելիեֆի բնորոշ ձևերը (առանձին գագաթներ, թամբարդներ, մնացորդ ժայռեր, բլուրներ, փոսեր, ձորակներ և այլն),

բ) բարձր արգելքները (հեռուստակայմեր, գործարանային խողովակներ և այլն),

գ) լավ տեսանելի շենքեր և շինություններ (բարձրահարկ շենքեր, եկեղեցիներ, աշտարակակերպ կառույցներ, արձաններ, առանձին ծառեր և այլն),

դ) ուրվագծային կետեր և օբյեկտներ, որոնք լավ ճանաչվում են տեղանքում (ճանապարհային խաչմերուկներ, գետերի բնորոշ կորություններ, բուսական ծածկի ուրվագծերի կտրուկ գծած անկյուններ և այլն):

91. Կողմնորոշիչները քարտեզների վրա տրվում են հատուկ ցուցադրականությամբ և  մանրամասնությամբ և դրանց պատկերման ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.

1) կազմվող քարտեզի վրա առաջին հերթին անցկացվում են կողմնորոշիչ նշանակության օբյեկտները,

2) կողմնորոշիչ նշանակության օբյեկտները, որոնք սահմանված են որպես գեոդեզիական կետեր, քարտեզի վրա անցկացվում են նշանների տեղադիրքի կոորդինատները ստուգելուց հետո,

3) բարձր արգելքները քարտեզի վրա անցկացնելիս պատկերին կից տրվում է դրանց բարձրությունը,

4) կողմնորոշիչների պատկերները լավ առանձնացնելու նպատակով քարտեզի վրա անցկացնելիս թույլատրվում է կտրել ուրվագծերը կամ վերացնել շատ մոտ գտնվող ոչ կարևոր օբյեկտները,

5) եթե պայմանական նշանների աղյուսակներում օբյեկտների նշանները տրված են մի քանի չափի պայմանական նշաններով, ապա կողմնորոշիչ հանդիսացող օբյեկտի նշանը տրվում է ամենամեծ չափով,

6) օբյեկտները պատկերելիս, որոնք անպայման առանձնացվում են որպես կողմնորոշիչներ, տրվում են դրանց տեսակի մասին մակագրություններ:

 

Ջրագրություն եվ հիդրոտեխնիկական կառույցներ

 

92. Տեղագրական քարտեզների վրա տրվում են.

ա) ծովերի, լճերի և ջրամբարների ափագծերը, կղզիները, ծանծաղուտները, մակընթացություն- տեղատվության շերտերը,

բ) գետերը, դրանց վտակները, ջրանցքները և առուները,

գ) բնական և արհեստական աղբյուրները (աղբյուրներ, հանքային և տաք աղբյուրներ, բոլոր տեսակի ջրհորներ),

դ) ջրարգելակները, ամբարտակները, պատվարները, արգելաթմբերը, ջրագծերը, քանքանները և այլն,

ե) նավահանգիստները, խարսխային կայանները, ծովային ժայռերը, քարերը, փարոսները, ծովային և գետային ազդանշանները,

զ) ծովերի և խոշոր ջրավազանների հատակի ռելիեֆը:

93. Տեղագրական քարտեզների վրա ջրագրությունը և հիդրոտեխնիկական կառույցները պատկերելիս հիմնական պահանջներ են հանդիսանում.

ա) ափագծերի ուրվագծերի, ծովափերի առանձնահատկությունների ու տիպերի, լճերի և կղզիների ձևերի ճիշտ և մանրամասն պատկերումը,

բ) ափերի բնույթի` մատչելիության, հետիոտների և մեքենաների կողմից առափնյա մասի անցանելիության ճիշտ արտապատկերումը,

գ) գետային ցանցի, ոռոգիչ և չորացուցիչ համակարգերի հստակ և ակներև պատկերումը, գետերի, ջրանցքների և առուների նշանակալիության ճիշտ արտապատկերումը,

դ) գետերի ողողատների և դրանց անցանելիության ճիշտ պատկերումը,

ե) աղբյուրների և ջրհորների տեղաբաշխման հստակ ցուցադրումը,

զ) գետերի և ջրանցքների նավարկելիության ճիշտ արտապատկերումը,

է) ջրագրական օբյեկտների հետ կապված կառույցների (գետանցներ, ջրարգելակներ, ամբարտակներ և այլն) հստակ նշումն ու բնութագրումը:

94. Ջրագրության պատկերումը սկսվում է ջրային տարածքների պատկերների գունավորմամբ, այնուհետև տրվում են զանազան կառույցները, որոնց պայմանական նշանները ծածկում են ջրագրական օբյեկտների պատկերները, գծվում են ծովերի, խոշոր լճերի և գետերի ափագծերը: Վերջում մշակվում են ջրագրական օբյեկտների մակագրությունները:

95. Ծովերի, խոշոր լճերի, ջրամբարների ափամերձ շերտերը քարտեզների վրա պատկերելիս աշխատանքի մեջ ներգրավվում են ծովային նավագնացական և գետային քարտեզները:

Ծովերի ափամերձ շերտեր, լճեր, ջրամբարներ, կղզիներ

96. Ծովերի, լճերի, ջրամբարների ափագծերը պատկերվում են ստորաբաժանելով.

ա) հաստատուն,

բ) փոփոխական (ծովային  ցածրադիր ողողվող ափեր, չորացող լճերի և ջրամբարների ափեր):

Լճերի և լճակների ափագծերը պետք է համապատասխանեն միջին նվազագույն մակարդակի բերված գծերին (ջրի համեմատաբար ցածր մակարդակի ժամանակ): Խոշոր ջրամբարների ափագծերը պետք է համապատասխանեն նորմալ բարձրացման հորիզոնի գծին: Եթե ջրամբարը մինչև նորմալ բարձրացման հորիզոնը լցված չէ, ապա ափագիծը տրվում է հանույթի ժամանակ եղած ջրի մակարդակով` փոփոխական ափագծի պայմանական նշանով:

97. Ծովերի, լճերի և ջրամբարների ափագծերը պատկերվում են առավելագույն մանրամասնությամբ: 1:100 000 մասշտաբի քարտեզի վրա ափագիծը կարող է պատկերվել առանձին ոլորանների կամ ելունների լայնացումով և երկարացումով: Այդ դեպքում շեղումը  չպետք է գերազանցի 0.2-0.3մմ-ը:

98. Ափերը պատկերելիս առանձնացվում են դարափուլավոր ափերը` 1:10 000, 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզի վրա դրանց 1մ-ից և 1:100 000 մասշտաբի քարտեզի վրա 2մ-ից ոչ պակաս բարձրությամբ: Այդպիսի հատվածների երկարությունը քարտեզի մասշտաբով չպետք է լինի 3մմ-ից պակաս:

Համապատասխան պայմանական նշաններով առանձնացվում են լողափով և առանց լողափի դարափուլավոր և ժայռոտ ափերը: Առանց լողափի ժայռոտ ափերը պատկերվում են առանց լողափի դարափուլավոր ափի և ժայռոտ դարափուլերի պայմանական նշանների համակցությամբ:

Քարտեզների վրա պատկերվում է ափամերձ մասի գրունտը (քարային, ճալաքարային, ավազային, ճահճուտային), 1:10 000, 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզի վրա 1մ և ավելի, 1:100 000 մասշտաբի քարտեզի վրա 2մ և ավելի բարձրությամբ արգելաթմբերը, բլրաշարերը և այլն:

99. Քարտեզների վրա առանձնացվում են քարտեզի մասշտաբով 1,5-2 մմ և ավելի լայնությամբ չորացող ափերը (մակընթացություն- տեղատվության շերտեր):

100. Քարտեզների վրա ցույց են տրվում ափերի վտանգավոր տեղամասերը, քարտեզի մասշտաբով 2 մմ և ավելի լայնությամբ ծանծաղուտային շերտերը, ինչպես նաև ափին հարող 4-5մմ2 և ավելի մակերես ունեցող ծանծաղուտները:

Քարտեզների վրա տրվում են քարերը (ստորջրյա, վերջրյա, չորացող), վերջրյա ժայռերը, խութերը (ստորջրյա և չորացող): Անհրաժեշտության դեպքում այդ օբյեկտները տրվում են ընտրությամբ:

101. Քարտեզների վրա ցույց են տրվում այն լճերն ու ջրամբարները, որոնց մակերեսները քարտեզի մասշտաբով 1մմ2 և ավելի են: Փոքր չափերի լճերը տրվում են այն դեպքում, երբ դրանք տվյալ աշխարհագրական տարածքին հատուկ են կամ կողմնորոշիչներ են հանդիսանում, տվյալ դեպքում լճի չափերը կարելի է մի քանի անգամ մեծացրած տալ: Անկախ չափերից պարտադիր տրվում են չոր և սակավաջուր տարածաշրջաններում քաղցրահամ լճերը, բուժական կամ արդյունաբերական նշանակության լճերը և այն լճերը, որոնցից գետեր են սկիզբ առնում:

102. Քարտեզների վրա նշվում են խոշոր գետերի և լճերի վարարման սահմաններն ու մակերեսները, եթե ողողվող շերտի լայնությունը 1կմ-ից պակաս չէ և ողողումը տևում է 2 ամսից ոչ պակաս: Նշվում է վարարման ժամանակահատվածը` վարարում մայիսի սկզբից մինչև հունիսի վերջը:

Նույն կերպ նշվում են կառուցվող ջրամբարների վարարումների գոտիները:

Եթե հիմնական քարտեզագրական նյութի վրա պատկերված է կառուցվող ջրամբար, բայց տեղեկություններ կան շինարարության ավարտման և ջրամբարը լցնելու մասին, ապա կազմվող քարտեզի վրա ջրամբարը տրվում է իրական ափագծով և մակերևույթի գունավորմամբ:

103. Ծովերի, լճերի, ջրամբարների և գետերի բոլոր կղզիները պատկերվում են: Փոքր կղզիների կուտակումների դեպքում 1:100 000 մասշտաբի քարտեզի վրա շատ փոքրերը ցույց չեն տրվում: Անկախ չափերից բոլոր միայնակ կղզիները ցույց են տրվում, իսկ մասշտաբով չարտահայտվող կղզիները մի քանի անգամ մեծացված են ցույց տրվում:

Գետեր եվ ջրանցքներ

104. Գետերն ու գետակները քարտեզների վրա ցույց են տրվում բաժանելով հաստատուն հոսք ունեցողների և չորացողների, բացի դրանից հատուկ պայմանական նշանով առանձնացվում են գետերի ստորգետնյա և անհետացող հատվածները:

Քարտեզների վրա ցույց են տրվում բոլոր գետերն ու գետակները, անկախ դրանց ձգվածությունից և տեղանքից:

Բոլոր գետերը, կախված լայնությունից, պատկերվում են մեկ կամ երկու գծով՝ համաձայն 3-րդ աղյուսակի տվյալների:

Եթե հիմնական քարտեզագրական նյութի վրա գետերի լայնության վերաբերյալ տվյալներ չկան, ապա գետերի մեկ և երկու գծով պատկերման մասին տեղեկությունները տրվում են քարտեզագրվող տարածքի խմբագրատեխնիկական ցուցումներում:

Քարտեզի մասշտաբով իրական լայնությամբ պատկերվող գետերի ափագծերը պետք է համապատասխանեն ջրի միջին նվազագույն մակարդակի գծին:

Մեկ գծով պատկերվող գետերը գծվում են ակունքից գետաբերան աստիճանաբար հաստացնելով:

Գետերը պատկերելիս պետք է գետի ոլորունությունը պահպանվի այնպես, ինչպես որ կա քարտեզագրական նյութի վրա:

 

Քարտեզների վրա ըստ լայնության գետերի պատկերման ձեվերն ու չափերը

 

Աղյուսակ 3

Գետի պատկերումը քարտեզի վրա

Գետի լայնության (մետրերով) պատկերումը ըստ մասշտաբի

1:10 000

1:25 000

1:50 000

1:100 000

Մեկ գծով

մինչև 3մ

մինչև 5մ

մինչև 5մ

մինչև 10մ

Երկու գծով 0.3մմ արանքով

3-5

5-15

5-30

10-60

Երկու գծով` պահպանելով գետի
իրական լայնությունն ըստ մասշտաբի

5-ից ավելի

15-ից ավելի

30-ից ավելի

60-ից ավելի

 

Գետի ողողահունը պատկերելիս անցկացվում են քարտեզի մասշտաբով 3մմ-ից ավելի երկարությամբ բոլոր վտակներն ու հնահունները:

105. Քարտեզների վրա պատկերվում են ջրանցքները (գործող, կառուցվող և ստորգետնյա) և առուները` ներառյալ չորերը: Կախված լայնությունից դրանք տրվում են մեկ կամ երկու գծով` համաձայն 4-րդ աղյուսակի տվյալների:

 

Քարտեզների վրա ըստ լայնության ջրանցքների պատկերման ձեվերն ու չափերը

Աղյուսակ 4

Ջրանցքի պատկերումը քարտեզի վրա

Ջրանցքի լայնության (մետրերով) պատկերումը ըստ մասշտաբի

1:10 000

1:25 000

1:50 000

1:100 000

Մեկ գծով 0.1-0.2 մմ հաստությամբ

մինչև 3մ

մինչև 3մ

մինչև 3մ

մինչև 3մ

Մեկ գծով 0.4 մմ հաստությամբ

մինչև 3մ

3-5

3-5

3-10

Երկու գծով 0.3մմ արանքով

3-5

5-15

5-30

10-60

Երկու գծով` պահպանելով ջրանցքի
իրական լայնությունն ըստ մասշտաբի

5-ից ավելի

15-ից ավելի

30-ից ավելի

60-ից ավելի

106. 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզի վրա բոլոր ջրանցքները, ինչպես նաև ոռոգիչ և չորացուցիչ համակարգերի բոլոր առվակները պատկերվում են:

1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում բոլոր ջրանցքներն ու գլխավոր առուները, իսկ մնացած առուները` ընտրությամբ: 3մ-ից պակաս լայնությամբ գլխավոր ջրանցքներն ու առուները առանձնացվում են գծերի մինչև 0.2մմ հաստացմամբ: Ջրանցքները, գետերի ջրանցքի վերածած տեղամասերը և առուները պատկերելիս գծերը պետք է լինեն ուղիղ և թեքման անկյունները հստակ:

Չոր առուները պատկերվում են քարտեզի մասշտաբով 1սմ-ից ավելի երկարության դեպքում, իսկ եթե կողմնորոշիչ նշանակություն ունեն, ապա ավելի փոքր չափերի դեպքում ևս:

Ոռոգիչ ջրանցքներն ու հենասյուներով երկաթբետոնե վաքերը ցույց են տրվում քարտեզի մասշտաբով 10մմ և ավելի երկարության դեպքում:

107. Նավարկելի գետերն ու ջրանցքները քարտեզների վրա առանձնացվում են իրենց անվանումների մակագրությունների տառատեսակով:

108. Քարտեզների վրա պատկերվում են գետերի բոլոր ջրվեժներն ու սահանքները՝ ջրի անկման բարձրությունը ցույց տվող մակագրությամբ:

109. 5մ-ից ավելի լայնությամբ գետերն ու ջրանցքները պատկերելիս նշվում է դրանց լայնությունը (ամբողջական մետրերով), խորությունը (մինչև 0.1մ) և կրճատ մակագրությամբ հատակի գրունտի տեսակը: Մակագրությունները զետեղվում են յուրաքանչյուր 10 սմ-ի վրա գետի տվյալ տեղամասին բնորոշ վայրում, բնակավայրերի կամուրջների մոտ: 3 մ-ից ավելի լայնությամբ  ոռոգիչ և չորացուցիչ ջրանցքների մոտ գրվում են միայն լայնությունն ու խորությունը:

110. Հաստատուն հոսք ունեցող գետերն ու ջրանցքները պատկերելիս սլաքով նշվում է հոսանքի ուղղությունը: Սլաքները դրվում են անվան մակագրությանը մոտ և այլ տեղամասերում, որպեսզի քարտեզը կարդալիս հոսանքի ուղղությունը հեշտ որոշվի: Գետի մասշտաբով 2 մմ և ավելի լայնության դեպքում սլաքը դրվում է գծերի մեջտեղում, իսկ փոքր լայնության դեպքում կողքին` ափագծին զուգահեռ:

Ծովերի, խոշոր լճերի, ջրամբարների եվ գետերի հատակի ռելիեֆը: Ջրանիշեր

111. Ծովերի, խոշոր լճերի, ջրամբարների և գետերի հատակի ռելիեֆը քարտեզների վրա պատկերվում են խորությունների նիշերով և իզոբաթներով:

Մինչև 5մ խորության դեպքում նիշերը գրվում են իրական ճշտությամբ, մեծ խորությունների դեպքում` ամբողջական մետրերի ճշտությամբ: Քարտեզի 1դմ2 վրա տրվում են 5-15 խորությունների նիշեր: Իզոբաթներին համարժեք նիշերը չեն տրվում:

112. Իզոբաթներն անցկացվում են ըստ սանդղակի` 2, 5, 10, 20, 50 և 100 մ-ից:

Նոր կառուցված ջրամբարների հատակի ռելիեֆի պատկերման համար օգտագործվում են բարձունքային նիշեր և հորիզոնականներ, որոնք եղել են մինչև ջրամբարի կառուցումը ստեղծված քարտեզների վրա:

113. Բոլոր իզոբաթները պարտադիր համապատասխանեցվում են խորությունների նիշերի հետ: Ստորջրյա թեք լանջերը պատկերելիս երկու հարևան իզոբաթների միջև արանքը 0.2մմ-ից պակաս չպետք է լինի: Քարտեզի ցանկացած մասի վրա իզոբաթներն արագ հաշվելու համար տրվում են անհրաժեշտ քանակությամբ մակագրություններ, որոնք դասավորվում են սյունակով` մեկը մյուսի հետևից:

114. Քարտեզի վրա գետերի, լճերի, ջրամբարների, լճակների և մասշտաբով 1սմ2 և ավելի տարածք զբաղեցնող ջրավազանների ջրանիշերը գրվում են 0,1մ ճշտությամբ:

Գետերի, լճերի և լճակների ջրանիշերը պետք է համապատասխանեն միջին նվազագույն մակարդակին, իսկ ջրամբարների ջրանիշերը` նորմալ բարձրացման հորիզոնի մակարդակին:

Չորացող գետերը պատկերելիս գրվում են հատակի բարձունքային նիշերը:

Գետերի ջրանիշերը տրվում են 10-15 սմ հեռավորությամբ: Ջրանիշերը ընտրելիս հիմնականում վերցվում են հոսքի կտրուկ փոփոխման վայրերի (սահանքների, ջրվեժների, ամբարտակների մոտ), գետերի միախառնման, գետաբերանի, խոշոր բնակավայրերի մոտի և այլ բնորոշ վայրերի ջրանիշերը:

Քարտեզի մասշտաբով 1սմ2-ից պակաս տարածք զբաղեցնող լճերի և լճակների ջրանիշերը տրվում են այն դեպքում, եթե դրանք հազվագյուտ են: Միևնույն հարթության վրա տեղաբաշխված լճերի մեծ քանակի դեպքում գրվում են համեմատաբար խոշոր լճերի ջրանիշերը:

Ջրագծեր, ջրհորներ, աղբյուրներ

115. Քարտեզների վրա անցկացվում են քարտեզագրական նյութի վրա պատկերված բնակավայրերից դուրս գտնվող բոլոր վերգետնյա և ստորգետնյա ջրագծերը: Կառուցվող ջրագծերը առանձնացվում են կառ. մակագրությամբ:

Քանքանները պատկերվում են ստորաբաժանելով գործողների և չգործողների, եթե դրանց ցանցը խիտ է` 1:50 000 և1:100 000 մասշտաբի քարտեզների վրա տրվում են ընտրությամբ:

Չիգիրները (ջրաբարձակներ) պատկերվում են այն դեպքերում, երբ դրանք ունեն կողմնորոշիչ նշանակություն:

116. Սակավաջուր տարածքների քարտեզների վրա ցույց են տրվում բոլոր ջրհորներն ու աղբյուրները, ընտրություն կատարվում է միայն այն տեղամասերում, որտեղ ջրհորների ու աղբյուրների կուտակումներ են:

Պատկերվող ջրհորների մեջ հատուկ պայմանական նշանով տրվում են գլխավորները (ունեն մեծ լցողունակություն, որակյալ ջուր, գտնվում են ճանապարհային հանգույցներում և այլն):

Ջրով ապահովված տեղամասերի 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում միայն բնակավայրերից դուրս գտնվող ջրհորներն ու աղբյուրները, մեծ քանակի դեպքում կատարվում է ընտրություն: Նման տեղամասերի 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում միայն կողմնորոշիչներ հանդիսացող ջրհորներն ու աղբյուրները, իսկ բնակավայրերից դուրս գտնվող բոլոր հանքային աղբյուրները, հողմաշարժիչով և արտեզյան ջրհորները տրվում են առանց բացառության:

117. Սակավաջուր տարածքների քարտեզների վրա բոլոր գլխավոր ջրհորների, արտեզյան ջրհորների և գլխավոր աղբյուրների մոտ գրվում են բնութագրիչներ` հողի մակերևույթի նիշը, ջրհորի խորությունը մետրերով, ջրի որակական հատկանիշները (աղի կամ դառնաղի, քաղցրահամը չի նշվում), աղբյուրի, ջրհորի լցողունակությունը կամ արտեզյան ջրհորի դեբիտը (քանակը միավոր ժամանակում): Բնութագրիչներ տրվում են նաև չոր և լցված ջրհորների պայմանական նշաններին կից:

Ջրով ապահովված տեղամասերի 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա ջրհորների պայմանական նշաններին կից գրվում են հողի նիշը, խորությունը և ջրի որակական հատկանիշները:

118. Սակավաջուր տարածաշրջանների 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա պատկերվում են անձրևաջրերի և գրունտային ջրերի հավաքման բոլոր կառույցները` անձրևափոսեր, ցիստեռններ, ջրավազաններ և ջրամբարներ: 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա այդ օբյեկտների կուտակումների դեպքում կատարվում է ընտրություն:

Քարտեզի մասշտաբով արտահայտվող կառույցները տրվում են իրենց իրական ուրվագծով:

Այդ կառույցների պայմանական նշաններին կից փակագծերում հռոմեական թվերով տրվում են այն ամիսները, որոնց ընթացքում ջրամբարը ջուր ունի` օրինակ (III-X) - ջրամբարը ջուր ունի մարտից մինչև հոկտեմբեր:

Ջրով ապահովված տեղամասերի քարտեզների վրա ցույց են տրվում մասշտաբով արտահայտվող, ինչպես նաև բնակավայրերից դուրս գտնվող փոքր չափերի կողմնորոշիչներ հանդիսացող ջրավազաններն ու ջրամբարները:


Հիդրոտեխնիկական կառույցներ

 

119. Քարտեզների վրա մանրամասնորեն պատկերվում են գետերի և ջրանցքների գետանցները` անցահուները, անցարանները, լաստանավերը:

5մ և ավելի լայնությամբ գետերի բոլոր անցահուները ցույց են տրվում, իսկ նշաններն ուղեկցվում են անց. մակագրությամբ և գետի խորությունը գետանցի (մինչև 0.1մ) երկայնքով, անցահունի երկարությունը (ամբողջական մետրերով), հատակի գրունտի տեսակը և հոսքի արագությունը (մինչև 0.1մ/վրկ) ցույց տվող բնութագրիչով:

5մ-ից պակաս լայնությամբ անցահուները ցույց են տրվում միայն անց. մակագրությամբ:

Անցարաններից միայն մշտականներն են ցույց տրվում: Բոլոր լաստանավերը տրվում են:

120. Ամբարտակները պատկերվում են բաժանելով վերջրյա և ստորջրյա ամբարտակների:

Խոշոր վերջրյա ամբարտակների պատկերները ուղեկցվում են բնութագրիչով, որում նշվում են կառույցի նյութը, ամբարտակի երկարությունն ու լայնությունը, ջրի վերին և ստորին մակարդակների նիշերը: Մնացած ամբարտակների նշաններին կից գրվում են միայն ջրի վերին և ստորին մակարդակների նիշերը:

121. Գետերի և ջրանցքների բոլոր ջրարգելակները քարտեզի վրա ցույց են տրվում: Ջրարգելակների եզրային դարպասները պատկերվում են, եթե դրանց միջև հեռավորությունը քարտեզի մասշտաբով 2մմ և ավելի է: Բազմախցիկ ջրարգելակների ներքին դարպասները պատկերվում են, եթե դրանց միջև հեռավորությունը 1մմ և ավելի է:

Ջրարգելակների պատկերները ուղեկցվում են բնութագրիչով, որում նշվում են խցիկների քանակը, ամենափոքր խցիկի երկարությունը, դարպասի լայնությունը և խորությունը ջրարգելակի դարպասի շեմին:

Ոռոգիչ ջրանցքները պատկերելիս ցույց են տրվում ջրաբաշխիչ սարքավորումները:

122. 1:10 000, 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա պատնեշները պատկերվում են 1մ և ավելի բարձրության դեպքում, իսկ 1:100 000 մասշտաբի քարտեզի վրա` 2մ և ավելի բարձրության դեպքում: Դրանց երկարությունները քարտեզի մասշտաբով պետք է լինեն 3մմ-ից ոչ պակաս: Փոքր ձգվածությամբ պատնեշները պատկերվում են այն դեպքում, երբ դրանք պատկերվող հիդրոտեխնիկական կառույցի մաս են կազմում կամ հանդիսանում են կողմնորոշիչ:

123. Քարե, փայտե առափնյակները և ափամերձ ամրացված դարալանջերը ցույց են տրվում քարտեզի մասշտաբով 3մմ և ավելի երկարության դեպքում:

Քարտեզների վրա ցույց են տրվում քարտեզագրական նյութի վրա եղած բոլոր մշտական ջրաչափական կետերն ու խորաչափերը:

124. Բոլոր նավահանգիստները և նավամատույցները ցույց են տրվում:

125. Նավարկելի լճերի և ջրամբարների ափամերձ շերտը պատկերող քարտեզների վրա տրվում են առափնյա և լողուն փարոսներն ու լուսատու կրակները:

Ջրագրական օբյեկտների անունների մակագրությունները

126. 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում քարտեզագրական նյութի վրա եղած բոլոր ջրագրական օբյեկտների անունները: 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա առանձին ոչ շատ կարևոր օբյեկտների (կղզյակների, լճակների, ոչ մեծ հրվանդանների, ջրհորների, աղբյուրների և այլն) անունները կարելի է չտալ, եթե դրանք խանգարում են այլ կարևոր օբյեկտների պատկերմանը:

127. Ջրագրական օբյեկտների անունները, բացի գետերից ու գետակներից, տրվում են տեսակը ցույց տվող տերմինների հետ, գետերի ու գետակների անունները տրվում են առանց տեսակը նշելու: Օբյեկտի տեսակը ցույց տվող մակագրությունների մի մասը տրվում է կրճատ ձևով (Շամբի ջրմբ., Կեչուտի ջրմբ., Թալինի ջր.), ամբողջական ձևով տրվում են մեծ մակերես կամ ձգվածություն ունեցող օբյեկտները և այն օբյեկտները, որոնց համար կրճատ ձևեր չկան` ծով, ծոց, լիճ և այլն:

128. Եթե փոքր լճերը, լճակները, ջրհորները, աղբյուրները և այլ ջրագրական օբյեկտներ անուններ չունեն և անհրաժեշտ են որպես կողմնորոշիչներ, ապա դրանց պատկերներին կից տրվում է միայն տեսակը նշող մակագրություն` լիճ, լճակ, Ջ և այլն: Այդպիսի օբյեկտների առանձին խմբերին կից տրվում է ընդհանուր մակագրություն` լճեր, լճակներ և այլն:

129. Գետերի և ջրանցքների մակագրությունները տրվում են պատկերին զուգահեռ` գետի լայնության հետ կապված ափագծերի միջև կամ պատկերի կողքին:

Մեծ ձգվածությամբ գետերի մակագրությունները կրկնվում են յուրաքանչյուր 10-15 սմ-ի վրա, իսկ եթե մակագրության համար խոշոր տառատեսակ է օգտագործված, տրվում է երկու մակագրությունից ոչ ավելի: Գետի ակունքի մոտ մակագրությունը պարտադիր կերպով տրվում է: Միախառնվող գետերի մակագրությունները տրվում են այնպես, որ գլխավոր գետը լավ առանձնացվի վտակներից: Եթե գետը իր հոսքի տարբեր տեղամասերում տարբեր անուններ է կրում, ապա մակագրությունները տրվում են այնպես, որ տեսանելի լինի, թե որ մասերում է անունը փոխվում:

 

9. ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ

 

Բնակավայրերի դասակարգումը

 

130. Բնակավայրերը քարտեզների վրա ցույց են տրվում՝ բաժանելով դրանք ըստ բնակեցման տիպի, բնակչության քանակի և վարչաքաղաքական նշանակության:

131. Քարտեզների վրա ցույց են տրվում բնակավայրերի հետևյալ տիպերը.

1) քաղաքներ,

2) գյուղեր:

132. Ըստ բնակչության քանակի բնակավայրերը քարտեզների վրա պատկերվում են հետևյալ աստիճանավորմամբ.

քաղաքներ բնակչության թվով`

1) 1 000 000 և ավելի,

2) 500 000-ից մինչև 1 000 000,

3) 100 000-ից մինչև 500 000,

4) 50 000-ից մինչև 100 000,

5) 10 000-ից մինչև 50 000,

6) 2 000-ից մինչև 10 000,

7) 2000-ից պակաս.

գյուղեր բնակչության թվով`

1) 2000 և ավելի,

2) 1000-ից մինչև 2000,

3) 500-ից մինչև 1000,

4) 100-ից մինչև 500,

5) 100-ից պակաս:

Բնակավայրերի աստիճանավորումը սահմանվում է հիմնական քարտեզագրական նյութերի հիման վրա` օգտագործելով Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման Հայաստանի Հանրապետության օրենքը:

Բնակավայրերի տիպերը և դրանցում բնակչության քանակը քարտեզի վրա արտացոլվում են անունների մակագրությունների տառատեսակի գրությամբ: Բացի դրանից բնակավայրի անվան ստորին մասում տրվում է բնակչության թիվը` կլորացնելով մինչև հազար.

ա) 1000-ից պակաս բնակչության դեպքում` մինչև 0.01 հազ.,

բ) 1 000-ից մինչև 100 000 բնակչի դեպքում` մինչև 0.1 հազ.,

գ) 1 000 000-ից ավելի բնակչության դեպքում կլորացվում է ամբողջ հազարներով:

Օրինակ` 1 325 260, 15 254, 46 բնակչության թվերի դեպքում մակագրությունները համապատասխանաբար տրվում են` 1 325, 15.3, 0.05:

Քարտեզի շրջանակի ստորին աջ մասում  տրվում է բացատրություն` Բնակչության թիվը բնակավայրերում տրված է հազարներով:

133. Բնակավայրերի վարչաքաղաքական նշանակությունը քարտեզների վրա արտահայտվում է բաժանելով` պետության մայրաքաղաքի և վարչական կենտրոնների` մարզկենտրոնների, որոնք առանձնացվում են մակագրության տառատեսակի չափով և գրության ձևով:

Բնակավայրերի պատկերումը

134. Բնակավայրերը պատկերելիս հիմնական պահանջներ են հանդիսանում.

1) տեղանքում բնակավայրերի ճիշտ տեղաբաշխումը ըստ տիպերի, բնակչության քանակի և վարչաքաղաքական նշանակության,

2) բնակավայրերի ներքին կառուցվածքի ակնառու արտապատկերումը, գլխավոր փողոցների և կողմնորոշիչ հանդիսացող շենքերի ու կառույցների հստակ առանձնացումը,

3) բնակավայրերի մատույցների, ներքին և արտաքին իրական սահմանների մանրամասն արտապատկերումը, կանաչ տարածքների ցուցադրումը:

135. Բնակավայրերի կառուցվածքից ելնելով քարտեզի վրա առանձնացվում են.

ա) քաղաքներ,

բ) գյուղեր:

Եթե այս կամ այն տիպի բնակավայրի առանձին մասեր ունեն այլ տիպի բնակավայրին բնորոշ կառուցվածք, ապա այդ մասերը պետք է պատկերվեն իրենց կառուցվածքին համապատասխան:

Օրինակ, եթե քաղաքի առանձին մասեր ունեն անհամաչափ կառուցապատում, որը բնորոշ է գյուղական բնակավայրերին, ապա դրանք պետք է պատկերվեն անհամաչափ կառուցապատում ունեցող գյուղերի նման:

136. Տեղագրական քարտեզների վրա պետք է պատկերված լինեն քարտեզագրական նյութի վրա եղած բոլոր բնակավայրերը: 1:50 000 և 1:100 000 մասշտաբի խիտ բնակեցված տարածաշրջանների քարտեզները կազմելիս շատ խիտ տեղաբաշխված թաղամասերի որոշ մասը ցույց չի տրվում:

Սակավաբնակ տարածաշրջանների քարտեզները կազմելիս ցույց են տրվում բոլոր բնակելի և ոչ բնակելի կառույցները, ավերված և կիսավեր բնակավայրերը և կողմնորոշիչ նշանակություն ունեցող առանձին կառույցները:

137. Կանոնավոր կառուցապատմամբ բնակավայրի պատկերումը քարտեզի վրա կատարվում է հետևյալ կարգով.

1) անցկացվում են տնտեսապես կարևոր կամ կողմնորոշիչ նշանակության (արդյունաբերական կազմակերպություններ, աշտարակակերպ կառույցներ, եկեղեցիներ, հուշարձաններ, բնակավայրով անցնող երկաթուղային տեղամասեր) օբյեկտներ,

2) ցույց են տրվում գլխավոր փողոցները, այնուհետև կառուցապատման և հատակագծման բնույթն արտացոլող մնացած փողոցներն ու անցումները,

3) մշակվում է թաղամասերի ներքին կառուցվածքը, տրվում են դրանցում եղած բոլոր շինություններն ու կառույցները,

4) մշակվում է բնակավայրի արտաքին ուրվագիծը,

5) պայմանական նշաններով լրացվում են բնակավայրերի ներսում և սահմաններից դուրս եղած բուսածածկ տարածքները:

138. Քաղաքները և թաղամասային կառուցապատմամբ գյուղերը քարտեզների վրա պատկերվում են առանձնացնելով խիտ բնակեցված թաղամասերը և թաղամասերի առանձին մասերը: Դրանց են վերաբերում այն թաղամասերը, որոնցում կառույցների միջև հեռավորությունը մինչև 50մ է:

1:10 000, 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա խիտ բնակեցված թաղամասերը պատկերվում են տարբեր գույներով, կախված հրակայուն և ոչ հրակայուն շինությունների գերակշռությունից (50%-ից ավելի):

1:100 000 մասշտաբի քարտեզների վրա 50 000 և ավելի բնակչություն ունեցող քաղաքները պատկերելիս  խիտ բնակեցված թաղամասերը պատկերվում են գունավորմամբ, ուրվագծելով դրանք սև բարակ գծերով, իսկ այլ բնակավայրերը պատկերելիս թաղամասերը ցույց են տրվում սև գույնով լցված, չառանձնացնելով հրակայուն և ոչ հրակայուն շինությունները:

139. 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում բնակավայրերում եղած բոլոր արդյունաբերական կազմակերպությունները, առանձնահատուկ շենքերը, աշտարակակերպ կառույցները, եկեղեցիները, հուշարձանները և կողմնորոշիչ նշանակություն ունեցող օբյեկտները:

1: 50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա բնակավայրերում նման օբյեկտների մեծ քանակության դեպքում տրվում են համեմատաբար կարևորները, իսկ մնացածները տրվում են որպես սովորական կառույցներ:

140. 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում բոլոր փողոցները, նրբանցքները և փակուղիները, համապատասխան տվյալներ ունենալու դեպքում առանձնացվում են փողոցների այն հատվածները, որոնցով տրանսպորտային երթևեկությունը հնարավոր չէ:

1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա թույլատրվում է անտեսել որոշ փողոցներ, նրբանցքներ և փակուղիներ, եթե դրանց ցուցադրումը խանգարում է կառուցապատման ճիշտ արտապատկերմանը:

1:100 000 մասշտաբի քարտեզների վրա փողոցների, նրբանցքների և փակուղիների ընտրությունը կատարվում է կախված բնակավայրերի թաղամասերի մեծությունից: Թաղամասերը գունավորմամբ պատկերելիս ուրվագծված պատկերի չափերը տրվում են 1.0 ճ1.0 մմ-ից ոչ ավելի: Սև գույնով լցված թաղամասերը պատկերելիս լցված պատկերի չափերը պետք է լինեն 0.5ճ0.5 մմ-ից ոչ պակաս, կառուցապատ շարքի լայնությունը պետք է լինի 0.5մմ: Որոշ դեպքերում հատակագծի ճիշտ արտապատկերման համար կառուցապատ շարքի լայնությունը կարելի է փոքրացնել մինչև 0.4մմ: Փոքր թաղամասերը ավելի մեծերի մեջ միավորելիս երկրորդական փողոցներն ու նրբանցքները հանվում են:

Բնակավայրերը պատկերելիս գլխավոր փողոցները առանձնացվում են համեմատաբար լայն պայմանական նշաններով: Եթե այդ փողոցները քարտեզագրական նյութի վրա առանձնացված չեն, ապա համեմատաբար լայն պայմանական նշաններով ցույց են տրվում այն փողոցները, որոնք կարճ հատվածով միացնում են բնակավայրին մոտեցող բարձրակարգ ճանապարհները:

Փոքր գյուղերը պատկերելիս, որոնցով գրունտային ճանապարհներ են անցնում, գլխավոր փողոցները չեն առանձնացվում:

Կառուցապատման համար նախատեսված տեղամասերի անցումները պատկերվում են որպես փողոցներ: Փողոցներն ու նրբանցքները տրվում են երկու գծով, որոնց միջև հեռավորությունը 1:10 000, 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա գլխավոր փողոցների համար 0.8մմ է, 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա` 0.6մմ, մնացած փողոցների համար համապատասխանաբար` 0.5մմ և 0.3մմ: Եթե փողոցների լայնությունները քարտեզի մասշտաբով գերազանցում են նշված մեծությունները, ապա փողոցները տրվում են ըստ մասշտաբի:

141. Անկանոն կառուցապատմամբ բնակավայրերում թաղամասերի բնակելի և ոչ բնակելի շինությունները, ինչպես նաև առանձին կառույցները քարտեզների վրա ցույց են տրվում իրենց չափի, ձևի և կողմնորոշվածությանն համապատասխան: Այն կառույցները, որոնց չափերը կազմվող քարտեզի մասշտաբում արտամասշտաբային պայմանական նշաններից մեծ են, ցույց են տրվում մասշտաբով: Մասշտաբով չարտահայտվող կառույցները ցույց են տրվում արտամասշտաբային պայմանական նշաններով: Բնակավայրերում իրենց մեծությամբ և դիրքով առանձնացվող և բնակավայրերից դուրս գտնվող կառույցները պատկերվում են միջին չափի նշաններով: Բնակավայրերից հեռու գտնվող կառույցները պատկերվում են համեմատաբար մեծ չափի նշաններով և եթե շինությունը բնակելի է, նրան կից տրվում է տուն մակագրությունը:

142. 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա հատուկ պայմանական նշանով ցույց են տրվում բնակավայրերում գտնվող, ինչպես նաև բնակավայրերից դուրս գտնվող կողմնորոշիչ նշանակություն ունեցող նշանավոր հրակայուն շենքերը: 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա այդ նշանով ցույց են տրվում բնակավայրերից դուրս գտնվող նշանավոր հրակայուն շենքերը:

143. Առանձին բակերը բնակելի տնով և ոչ բնակելի շինություններով ցույց են տրվում հատուկ պայմանական նշանով, որում քարտեզագրական նյութերին համապատասխան լցված ուղղանկյունով նշվում է բնակելի տան տեղը: Այն բակերը, որոնց մակերեսները գերազանցում են հաստատված պայմանական նշանի չափերը, տրվում են մասշտաբով:

144. 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա քաղաքների թաղամասերը պատկերելիս բոլոր շինությունները ցույց են տրվում, եթե պայմանական նշանների միջև հեռավորությունը 0.3մմ-ից պակաս չէ: Փոքր հեռավորությունների դեպքում շինությունները ցույց են տրվում ընտրությամբ` առաջին հերթին ցույց են տրվում այն կառույցները, որոնք քարտեզագրական նյութի վրա առանձնացված են որպես նշանավոր շենքեր, հետո այն կառույցները, որոնք առանձնանում են մեծությամբ և տեղաբաշխված են փողոցների խաչմերուկներում ու բնակավայրերի ծայրամասերում: Իրար շատ մոտ գտնվող կառույցները ցույց են տրվում միաձուլված, եթե դրանցից մեկի անտեսումը նպատակահարմար չէ, իսկ անջրպետները ցուցադրել հնարավոր չէ: Փողոցների երկայնքով խիտ բնակեցված թաղամասերը պատկերելիս փողոցներին չհարող փոքր կառույցները չեն տրվում:

Այն դեպքերում, երբ հիմնական քարտեզագրական նյութի վրա խիտ բնակեցված թաղամասերը առանձնացված չեն, դրանք առանձնացվում են ելնելով կառույցների և շինությունների պայմանական նշանների տեղաբաշխման խտությունից: Թաղամասերը համարվում են խիտ բնակեցված, եթե կազմվող քարտեզի վրա շինությունների պայմանական նշանների միջև հեռավորությունը փոքր է 2մմ-ից:

145. 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա 50 000 և ավելի բնակչություն ունեցող քաղաքները պատկերելիս խիտ բնակեցված թաղամասերը ցույց են տրվում առանց կառուցապատման մանրամասների: Հրակայունության բնույթն արտահայտող գունավոր ֆոնի վրա պատկերվում են միայն արդյունաբերական կազմակերպությունների շենքերը, նշանավոր շենքերը և կողմնորոշիչ հանդիսացող օբյեկտները: Նոսր շինություններով թաղամասերի կառուցապատումը պատկերվում է կառույցների պայմանական նշաններով` անհրաժեշտության դեպքում ընտրությամբ:

146. 1:10 000, 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա թաղամասային և շարային կառուցապատմամբ գյուղերը պատկերելիս խիտ բնակեցված թաղամասերը 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա պատկերվում են 1.4-1.5մմ լայնությամբ շերտերով, իսկ 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա` 1.1-1.2մմ լայնությամբ շերտերով: Եթե կառուցապատ շարքերը քարտեզի մասշտաբով ավելի լայն են, քան վերը նշված չափերը, ապա դրանք պատկերվում են պահպանելով իրական լայնությունը և շերտի թիկունքային մասի եզրաձևը:

Կառուցապատման շերտում ընդգրկվում են բնակելի տներով և բակային շինություններով զբաղեցրած բակերով ու առանձին բնակելի և ոչ բնակելի շինություններով տարածքներ: Կառուցապատման շերտի թիկունքային սահմանը անցկացվում է այնպես, որ պարփակվեն բոլոր բակային շինությունները:

Եթե բնակավայրերում բնակելի տները տեղաբաշխված են փողոցի մի կողմում, իսկ ոչ բնակելիները մյուս կողմում, ապա քարտեզի վրա կառուցապատման շերտը պատկերվում է մի կողմից, իսկ մյուս կողմից` առանձին կառույցներ:

Կառուցապատման շերտը պատկերելիս ցույց են տրվում փողոցներին հարող բոլոր նշանավոր հրակայուն շինությունները, հասարակական շենքերը, բնակելի տներն ու խոշոր ոչ բնակելի կառույցները և այլ կառույցներ, որոնց պայմանական նշանների միջև հեռավորությունը քարտեզի վրա 0.3 մմ-ից պակաս չէ: Փոքր հեռավորությունների դեպքում կառույցները ցույց են տրվում ընտրությամբ այնպես, որ պայմանական նշանների միջև հեռավորությունը քարտեզի վրա լինի մոտավորապես 0.3 մմ: Այդ դեպքում չպետք է հանվեն առանձնահատուկ հրակայուն շինությունները, հասարակական շենքերը, կառույցները, որոնք տեղաբաշխված են փողոցների խաչմերուկներում, բնակավայրի ծայրամասում և այլ կառույցներ, որոնք կարևոր են որպես կողմնորոշիչներ:

147. 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա 50 000 և ավելի բնակչություն ունեցող քաղաքները պատկերելիս խիտ բնակեցված թաղամասերի կառույցներից ցույց են տրվում միայն առանձին արդյունաբերական կազմակերպությունները և այնպիսի շենքերն ու շինությունները, որոնք լավ կողմնորոշիչներ են հանդիսանում: Նոսր բնակեցված թաղամասերում և դրանցից դուրս առանձին շենքերն ու շինությունները տրվում են ընտրությամբ:

Թաղամասային և շարային կառուցապատմամբ քաղաքները պատկերելիս սև գույնով լցված տրվում են այն թաղամասերը, որոնք քարտեզագրական նյութի վրա տրված են որպես խիտ կառուցապատված: Այն դեպքերում, երբ քարտեզագրական նյութի վրա խիտ կառուցապատված թաղամասերը և թաղամասերի առանձին հատվածները առանձնացված չեն, դրանք առանձնանում են առանձին կառույցների պատկերների միավորման ճանապարհով, եթե դրանց միջև հեռավորությունը քարտեզի մասշտաբով 0.5 մմ-ից պակաս է: Կառույցների ավելի նոսր տեղաբաշխման դեպքում պատկերները չեն միավորվում:

148. Քարտեզների վրա թաղամասային նախագծմամբ ծառային և թփային բուսականությամբ շրջապատված կառույցներով ամառանոցատիպ գյուղերը պատկերելիս կառուցապատումը տրվում է կառույցների պայմանական նշաններով:

149. Անհամաչափ կառուցապատմամբ գյուղերը պատկերվում են առանձին կառույցների  պայմանական նշաններով: Կառույցների խիտ տեղաբաշխման դեպքում կատարվում է ընտրություն, որի ժամանակ առաջին հերթին ցույց են տրվում արդյունաբերական կազմակերպությունները, հասարակական շենքերը և իրենց մեծությամբ ու դիրքով առանձնացվող շինությունները, պահպանվում են բնակավայրի արտաքին եզրագիծը ստեղծող ծայրամասային կառույցները:

150. Տարակենտրոն կառուցապատմամբ գյուղերը պատկերելիս համապատասխան պայմանական նշաններով ցույց են տրվում առանձին բակերը, կառույցներն ու շինությունները:

1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա տրվում են քարտեզագրական նյութի վրա պատկերված բոլոր առանձին բակերը: 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա առանձին բակերի մեծ քանակության դեպքում տրվում են ընտրությամբ:

151. 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա տրվում են բնակավայրի արտաքին եզրագծից և բնակավայրից դուրս եղած բոլոր ոչ բնակելի շինությունները: 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա ոչ բնակելի շինությունների մեծ քանակության դեպքում տրվում են ընտրությամբ, ընդ որում, տրվում են ծայրամասային խմբավորված կառույցները:

Բնակավայրից դուրս գտնվող կողմնորոշիչներ հանդիսացող մարագների նշաններին կից տրվում է մարագ պարզաբանող մակագրությունը:

Մարագների նման պատկերվում են սեզոնային բնակատեղի համարվող կառույցները` ամառանոցներն ու ձմեռանոցները, հյուղակները, բանջարապահեստները և այլ նմանատիպ կառույցներ:

152. Բնակավայրի հստակ պատկերը ստանալու նպատակով քարտեզի վրա համապատասխան պայմանական նշաններով ցույց են տրվում այնպիսի օբյեկտները, որոնք լրացնում են բնակավայրի արտաքին ուրվագիծը` քարե պատեր, առուներ, տնկարաններ և առանձին ծառեր, որոնք կողմնորոշիչ նշանակություն չունեն: Արդյունաբերական կազմակերպությունների, գիտահետազոտական ինստիտուտների և այլ նմանատիպ օբյեկտների տարածքները ուրվագծող, ինչպես նաև բնակավայրի ներսի կողմից տնամերձ հողերը եզրավորող ցանկապատներն ու փոքր առուները տրվում են բարակ գծերով: Տնամերձ հողերը միմյանցից բաժանող ցանկապատներն ու փոքր առուները ցույց չեն տրվում:

153. 1:10 000, 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա բնակավայրերի թաղամասերում պուրակներն ու զբոսայգիները, մրգատու, հատապտղատու և խաղողի այգիները, մարզահրապարակներն ու ամայի տարածքները առանձնացվում են, եթե ունեն քարտեզի մասշտաբով 1.5 ճ2.0մմ-ից ոչ պակաս մակերես: Թաղամասերում ծառապատ ավելի փոքր տեղամասերը պատկերվում են ծառերի նշաններով` օղակներով:

1:100 000 մասշտաբի քարտեզների վրա բնակավայրերի թաղամասերում պուրակներն ու զբոսայգիները, մրգատու, հատապտղատու և խաղողի այգիները, մարզահրապարակներն ու ամայի տարածքները առանձնացվում են, եթե ունեն քարտեզի մասշտաբով 1.0 ճ1.0մմ-ից ոչ պակաս մակերես:

154. Անբնակ բնակավայրերը ցույց են տրվում սովորական բնակավայրերի նման, բայց անվան տակ փակագծերում տրվում է անբնակ  մակագրությունը:

155. Բնակավայրերում ավերված և կիսավեր թաղամասերը ցույց են տրվում այն դեպքերում, երբ դրանք հստակ արտահայտված են և պատկերումը անհրաժեշտ է բնակավայրը բնութագրելու համար:

Ավերված և կիսավեր բնակավայրերը և առանձին կառույցները պատկերվում են, եթե դրանք ունեն կողմնորոշիչ նշանակություն և պատմական հուշարձաններ են հանդիսանում: Այդպիսի օբյեկտների նշաններին կից տրվում է ավերակ կամ ավեր. մակագրությունը, իսկ եթե հայտնի է դրանց անունները, ապա տրվում է նաև ավերակ բնակավայրի անունը` օրինակ` Շենիկի ավերակներ:

156. Եթե բնակավայրերը քարտեզագրական նյութի վրա պատկերված են փակ ուրվագծի տեսքով առանց ներքին հատակագծման և կառուցապատման, ապա այդպիսի սխեմատիկ պատկերումը պահպանվում է նաև կազմվող քարտեզի վրա:


Բնակավայրերի անվանումների մակագրությունները

 

157. Բնակավայրերի պատկերները քարտեզների վրա ուղեկցվում են իրենց պաշտոնական անվանումների մակագրություններով: 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա առանձին փոքր բնակավայրեր (50 բնակչից պակաս) կարելի է պատկերել առանց անվանումների, եթե քարտեզի տվյալ տեղամասը ծանրաբեռնված է:

158. Այն դեպքերում, երբ քաղաքը բնակչությամբ մի աստիճանավորման է պատկանում, իսկ վարչական նշանակությամբ մեկ այլ, ապա անվանման մակագրությունը տրվում է ավելի բարձր աստիճանավորման համար ընդունված տառատեսակներով:

Քիչ թվով քաղաքներ ունեցող սակավաբնակ շրջանները քարտեզագրելիս այդ քաղաքների անվանումների մակագրությունները կարելի է 0.2-0.3մմ-ով մեծացնել:

159. Պայմանական նշանների աղյուսակներում գյուղական բնակավայրերի անվանումների տառատեսակների սանդղակը նախատեսված է միջին խտությամբ բնակչություն ունեցող շրջանների համար: Խիտ բնակեցված շրջանների համար այդ տառատեսակների չափերը կարելի է փոքրացնել, իսկ սակավաբնակ տարածաշրջանների համար` 0.2-0.3մմ-ով մեծացնել:

Առանձին բնակավայրերի անունները մակագրելիս կարելի է տառատեսակի չափերը փոքրացնել, եթե սահմանված չափի տառատեսակով մակագրությունը հնարավոր չէ տեղավորել:

Բնակչության թվի վերաբերյալ տեղեկության բացակայության դեպքում մակագրության տառատեսակի չափը ընտրվում է ըստ քարտեզագրական նյութի վրա տրված չափերի, ինչպես նաև պատկերի դիրքի, մեծության ու ձևի:

160. Բնակավայրերի անվանումներին կից չեն տրվում բնակավայրի տիպը բնորոշող անվանակարգային տերմիններ բացառությամբ հետևյալ դեպքերի.

ա) երբ անվանակարգային տերմինը կորցնելով իմաստը դարձել է հատուկ անուն, օրինակ` Մեծ Մանթաշ, Նոր Կեսարիա, Ներքին Բազմաբերդ,

բ) երբ բնակավայրին մոտ գտնվում է այլ կարգի նույնանուն բնակավայր, օրինակ` Աղին և Աղին կայ. կից, Վեդի և Վեդու գ/գ կից և այլն:

161. Եթե բնակավայրը կազմված է մի քանի հատվածներից, ապա անվանումը տրվում է համեմատաբար մեծ հատվածի վրա: Տառատեսակի չափը պետք է համապատասխանի բնակավայրի ընդհանուր բնակչության թվին: Բնակավայրի մնացած յուրաքանչյուր հատվածի վրա անվանումը մակագրվում է երկրորդական անվան տառատեսակով:

162. Եթե երկու և ավելի իրար մոտ գտնվող բնակավայրեր ունեն ընդհանուր անվանում մասնակի անվան հետ կապակցված (Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ), ապա այդ բնակավայրերի պատկերների մեջտեղում կարելի է տալ անվանման ընդհանուր մասը (Գետաշեն, Մասրիկ) բնակչության ընդհանուր քանակին համապատասխան տառատեսակով, իսկ առանձին բնակավայրերի պատկերների մոտ` մասնակի անվանումը (Վերին, Ներքին, Մեծ, Փոքր)` յուրաքանչյուր մակագրության տառատեսակը ըստ համապատասխան բնակավայրի բնակչության քանակի:

163. Երկու հարակից թերթերի վրա ընկնող բնակավայրի անունը մակագրվում է հաստատված տառատեսակով այն թերթի վրա, որի վրա բնակավայրի մեծ մասն է պատկերված: Հարակից թերթի վրա տրվում է անվան երկրորդական մակագրությունը շրջանակից դուրս:

164. Եթե փորձնական և օժանդակ տնտեսություններին և այլ նմանատիպ օբյեկտներին կից կան այդ օբյեկտների անվանումներով բնակավայրեր, ապա դրանց անվանումները տրվում են գյուղական բնակավայրերի մակագրությունների տառատեսակով` նշելով բնակչության թիվը:

165. Անբնակ բնակավայրերի անվանումները տրվում են գյուղական բնակավայրերի մակագրությունների տառատեսակով, չնշելով բնակչության թիվը, իսկ անվանման ստորին մասում փակագծերում տրվում է անբնակ մակագրությունը:

 

Արդյունաբերական, գյուղատնտեսական եվ կենցաղ-մշակութային օբյեկտներ

 

166. Տեղագրական քարտեզների վրա ցույց են տրվում արդյունաբերական, գյուղատնտեսական և կենցաղ-մշակութային հետևյալ օբյեկտները.

1) գործարաններ, ֆաբրիկաներ, էլեկտրակայաններ,

2) օդանավակայաններ, վայրէջքային հրապարակներ,

3) հանքահորեր, հանքուղիներ, հանքեր, օգտակար հանածոների բաց հանքեր, տորֆահանքեր, աղի հանքեր, թափոնակույտեր,

4) վերգետնյա և ստորգետնյա գազամուղներ և այլ խողովակաշարեր,

5) վառելիքի պահեստներ, գազամբարներ, լցակայաններ,

6) օդային էլեկտրահաղորդման գծեր, տրանսֆորմատորային խցիկներ, կապի գծեր,

7) էլևատորներ, սղոցարաններ, ջրաղացներ, մեղվանոցներ, աշտարակներ,

8) ռադիոկայաններ, հեռախոսակայաններ, ռադիո- և հեռուստակայմեր, հեռագրային և ռադիոհեռագրային գրասենյակներ և բաժանմունքներ,

9) օդերևութաբանական կայաններ,

10) դպրոցներ, հիվանդանոցներ, հանգստյան տներ, մարզադաշտեր, դահուկային ցատկահարթակներ, հուշարձաններ, գերեզմանատներ, անասնագերեզմաններ և այլն:

167. Արդյունաբերական, գյուղատնտեսական և կենցաղ-մշակութային օբյեկտների պատկերումը կատարվում է միաժամանակ բնակավայրի պատկերման հետ: Կապի և էլեկտրահաղորդման գծերն ու գազամուղները տրվում են ճանապարհային ցանցի պատկերումից հետո:

168. Քարտեզների վրա պատկերվում են բոլոր արդյունաբերական, գյուղատնտեսական և կենցաղ-մշակութային օբյեկտները, բացառությամբ բնակավայրի ներսում գտնվող մի քանի օբյեկտների, որոնք 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա տրվում են ընտրությամբ:

Զանազան օբյեկտներ և կառույցներ, որոնց ուրվագծերը կազմվող քարտեզի մասշտաբով չեն գերազանցում համապատասխան արտամասշտաբային պայմանական նշանների չափերը, տրվում են այդ նշաններով, իսկ մեծ չափերի դեպքում պատկերվում են քարտեզի մասշտաբով կառույցների և շինությունների պայմանական նշաններով:

Խողովակներով և առանց դրանց գործարանների արտամասշտաբային պայմանական նշանները համապատասխանաբար դրվում են խողովակի կամ համեմատաբար խոշոր շենքի տեղում:

Գործարանների և ֆաբրիկաների խողովակների, ռադիո- և հեռուստակայմերի, 50մ և ավելի բարձրությամբ աշտարակակերպ կառույցների, բնակավայրերում եղած կոնաձև թափոնակույտերի նշաններին կից տրվում են դրանց բարձրությունները, իսկ եթե նշված օբյեկտները գտնվում են բնակավայրերից դուրս, ապա դրանից բացի տրվում է նաև բարձրությունը ծովի մակարդակից:

169. Օդանավակայաններն ու վայրէջքային հրապարակները քարտեզների վրա պատկերվում են քարտեզի մասշտաբով իրենց իրական չափերով: Դրանց սահմանները տրվում են ցանկապատերի պայմանական նշաններով կամ կետագծերով, իսկ ուրվագծված մակերևույթների վրա տրվում է օդանավակայանի պայմանական նշանը:

Օդանավակայանին պատկանող անգարները, արհեստանոցներն ու այլ շենքերը ցույց են տրվում կառույցների պայմանական նշաններով:

Թռիչք-վայրէջքային շերտերը և հատուկ ուղիները տրվում են միայն հատուկ ցուցումների դեպքում, որի ժամանակ թռիչք-վայրէջքային շերտերի սահմանները տրվում են բարակ գծերով, իսկ հատուկ ուղիները` ինչպես որ բարեկարգված գրունտային ճանապարհները` երկու բարակ գծով:

170. Հանքահորերը, հանքուղիները և հանքերը քարտեզների վրա ցույց են տրվում բաժանելով գործողների և չգործողների, իսկ դրանց պայմանական նշաններն անպայման ուղեկցվում են մակագրություններով` հանքահ. հանքուղ. կամ հանք:

Օգտակար հանածոների բաց հանքերը ցույց են տրվում յուրացված մակերեսների ուրվագծերով:

1:10 000, 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա 1 մ և ավելի խորությամբ, իսկ 1:100000 մասշտաբի քարտեզների վրա 2 մ և ավելի խորությամբ հանքերի նշաններին կից տրվում են դրանց խորությունները (մետրերով):

Քարտեզի մասշտաբով արտահայտվող տորֆի և աղի արդյունահանման տեղամասերը ցույց են տրվում ուրվագծելով յուրացված մակերեսը և լրացնելով համապատասխան պայմանական նշաններով: Եթե աղի հանքի տարածքը քարտեզի մասշտաբով 4 սմ2 և ավելի է, ապա համապատասխան պայմանական նշաններով տրվում են պատվարները, առվակները, անցուղիները և այլ զանազան կառույցներ և պատկերի վրա զետեղվում է աղի հանք պարզաբանող մակագրությունը:

171. Վերգետնյա և ստորգետնյա գազամուղները և այլ խողովակաշարերը, որոնք տրված են քարտեզագրական նյութի վրա, բոլորը ցույց են տրվում, բացառությամբ բնակավայրերի միջով անցնողների:

172. Վառելիքի պահեստները պատկերելիս նշվում են դրանց ուրվագծերը և պատկերվում են բաքերը, ցիստեռնները և գազամբարները: Քարտեզի մասշտաբով չարտահայտվող վառելիքի պահեստներն ու գազամբարները ցույց են տրվում միևնույն նշանով:

173. Սակավաբնակ տարածաշրջանների քարտեզների վրա կապի և էլեկտրահաղորդման բոլոր գծերը տրվում են, իսկ բնակեցված տարածաշրջանների քարտեզների վրա` միայն մետաղե կամ երկաթբետոնե սյուներով գլխավոր էլեկտրահաղորդման գծերը և մեծ ձգվածությամբ կապի գծերը: Կապի և էլեկտրահաղորդման գծերի պայմանական նշանները չեն անցկացվում բնակավայրերի վրայով և երկաթուղիների, ավտոմայրուղիների ու խճուղիների երկայնքով: Այն դեպքերում, երբ կապի կամ էլեկտրահաղորդման գիծը մոտենում է ճանապարհին, որից հետո ձգվում դրա երկայնքով, ճանապարհի նշանին զուգահեռ տրվում է այդպիսի գծի մի փոքր մասը (1-2սմ)` ուղղությունը ցույց տալու նպատակով:

Իրար զուգահեռ և մոտ հեռավորությամբ (քարտեզի մասշտաբով 2մմ-ից պակաս) ձգվող կապի և էլեկտրահաղորդման գծերը տրվում են ընտրությամբ, երկու գծի փոխարեն տրվում է մեկը:

Ելնելով սյուների ձևից, էլեկտրահաղորդման գծերը բաժանվում են փայտե սյուներով էլեկտրահաղորդման գծերի և մետաղե կամ երկաթբետոնե սյուներով էլեկտրահաղորդման գծերի: 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա վերջինների պայմանական նշանների լայնակի գծիկները ցույց են տրվում քարտեզագրական նյութի վրա իրենց տեղին համապատասխան (սյուների իրական դիրքով), եթե դրանց միջև հեռավորությունը քարտեզի մասշտաբով համապատասխանաբար 15մմ-ից և 8 մմ-ից ավելի է (տեղանքում 200 մ), փոքր հեռավորությունների դեպքում, ինչպես նաև 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա, ըստ պայմանական նշանների աղյուսակների տրվում է յուրաքանչյուր երկրորդ լայնակի գծիկը:

Շրջադարձերում կապի և էլեկտրահաղորդման գծերի սյուների պայմանական նշանները պարտադիր կերպով ցույց են տրվում: Տվյալների առկայության դեպքում քարտեզների վրա յուրաքանչյուր 6-8 սմ-ի վրա մակագրվում են սյուների բարձրությունները մետրերով:

174. Բոլոր ռադիոկայանները, հեռուստակենտրոնները և օդերևութաբանական կայանները ցույց են տրվում:

Հեռագրային և ռադիոհեռագրային գրասենյակները, կապի բաժանմունքները և հեռախոսակայանները տրվում են ոչ իրենց ճշգրիտ տեղերում, եթե դրանք գտնվում են սակավաբնակ գյուղական բնակավայրերում:

175. Գյուղական բնակավայրերում գտնվող բոլոր էլևատորները, դպրոցները, հիվանդանոցները, անասնաբուժական կետերը, հանգստյան տները և նմանատիպ այլ օբյեկտները 1:10 000, 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում առանց բացառության` կառույցի նշանին կից համապատասխան պարզաբանող մակագրությամբ (էլև., դպր., հիվնդ., անաս. բուժ., ՀՏ),

1:100 000 մասշտաբի քարտեզների վրա հիշյալ օբյեկտները ցույց են տրվում այն դեպքում, երբ դրանք բնակավայրի ներսում այլ շինություններից մեկուսացված են կամ գտնվում են բնակավայրի ծայրամասում:

Քարտեզների վրա ցույց են տրվում առանձին տեղակայված բոլոր էլևատորները, դպրոցները, հիվանդանոցները, անասնաբուժական կետերը, հանգստյան տները, գիտահետազոտական ինստիտուտները, փորձնական տնտեսությունները, օժանդակ տնտեսություններն ու արհեստանոցները և դրանց պատկերներին կից տրվում են համապատասխան պարզաբանող մակագրություններ:

Բենզալցակայանները, տրանսֆորմատորային խցիկները, ջրաղացները և այլն ցույց են տրվում հատուկ պայմանական նշաններով, իսկ եթե անհրաժեշտ է դրանք առանձնացնել որպես կողմնորոշիչներ, ապա նշաններին կից տրվում են պարզաբանող մակագրություններ:

176. Առանց շինության մշտական մեղվանոցները ցույց են տրվում հատուկ պայմանական նշաններով: Եթե մեղվանոցներն ունեն առանձին կառույցներ, ապա քարտեզի վրա ցույց են տրվում այդ կառույցները և դրանց կից տրվում է մեղվ. պարզաբանող մակագրությունը:

177. Քարտեզի մասշտաբով չարտահայտվող կրոնական շենքերն ու շինությունները, հուշարձանները, խաչքարերը, 1մ և ավելի բարձրությամբ քարե սյուները, տուրերը, եղբայրական գերեզմանները, գերեզմանատները պատկերվում են այն դեպքում, երբ դրանք կողմնորոշիչներ են հանդիսանում: Քարտեզի մասշտաբով արտահայտվող գերեզմանատները պատկերելիս ցույց են տրվում ցանկապատերը, իսկ եթե հատուկ ցանկապատում չկա, ապա գերեզմանատները ուրվագծվում են բարակ սև գծերով:

Քարտեզի մասշտաբով արտահայտվող անասնագերեզմանները պատկերելիս ուրվագիծը ցույց է տրվում բարակ սև գծերով:

178. Գյուղատնտեսական և կենցաղ-մշակութային օբյեկտների, ածխի, երկաթի, գազի հանքավայրերի, շինարարական նյութերի բաց հանքերի նշաններին կից տրվում են մակագրություններ, որոնք նշում են օբյեկտի կամ արդյունահանվող հանքանյութի տեսակը:

Բնակավայրերի ներսում գտնվող օբյեկտների տեսակը նշող մակագրությունները տրվում են միայն կարևոր օբյեկտներին կից, իսկ մնացածների համար տրվում են, եթե չեն խանգարում կառուցապատման արտապատկերմանը:

Բնակավայրերի ներսում գտնվող օդանավակայանների, վայրէջքային հրապարակների, հուշահամալիրների և եղբայրական գերեզմանների անունները տրվում են, եթե դրանց անունները տարբերվում են բնակավայրերի անուններից, օրինակ` Զվարթնոց օդանավակայան, Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, Եռաբլուր պանթեոն:

Ճանապարհային ցանց եվ ճանապարհային կառույցներ

179. Տեղագրական քարտեզների վրա ցույց են տրվում.

1) երկաթուղիները,

2) միառելս և կախովի ճանապարհները, ֆունիկուլյորներն ու բրեմսբերգները, տրամվայի գծերն ու մետրոյի գծերի վերգետնյա տեղամասերը,

3) ավտոմայրուղիները, բարեկարգված խճուղիներն ու խճուղիները,

4) բարեկարգված գրունտային ճանապարհները, գրունտային, դաշտային և անտառային ճանապարհները,

5) գրաստային և հետիոտնային արահետները, ձմեռնուղիները,

6) երկաթուղային ու մետրոյի կայարանները, կիսակայարանները, հարթակները, կանգառի կետերը, բեռնաբարձման-բեռնաթափման հրապարակները,

7) երկաթուղային կայարանաշենքերը, դեպոները, բլոկպոստերը, շրջադարձային շրջագծերը, կայարանային ուղիները, ռելսային ուղիների վերջամասերը` փակուղիները, ջրաճնշիչ աշտարակները, լուսացույցներն ու լուսազդանշանները,

8) կամուրջները, թունելները, էստակադները, վիադուկները, լիրաթմբերն ու փորվածքները,

9) խողովակները, հետիոտնային կամուրջները, ծածկույթով ճանապարհների իջատեղերը, ճեղանուղիները,

10) լեռնանցքները, ցանկապատներն ու ճանապարհների երկայնքով եզերատնկումները:

180. Քարտեզների վրա ճանապարհները պատկերելիս պետք է հաշվի առնել հետևյալ հիմնական պահանջները.

ա) ճանապարհային ցանցի խտության ճիշտ փոխանցումը,

բ) ճանապարհների տեղադիրքի ճշգրիտ փոխանցումը,

գ) յուրաքանչյուր ճանապարհի և դրա վիճակի հստակ ցուցադրումը,

դ) ճանապարհների փոխհատումների, կամուրջների, անցումների և դժվարանցանելի շրջուղիների մոտ ճանապարհների հատվածների հստակ պատկերումը,

ե) ճանապարհների հանդերձանքը բնութագրող, տրանսպորտի կողմից դրանց անցանելիության վրա ազդող, կողմնորոշիչներ հանդիսացող ճանապարհային շինությունների մանրամասն պատկերումը:

181. Կազմվող քարտեզի վրա ճանապարհները պատկերվում են հաջորդաբար բարձրակարգերից մինչև ստորակարգերը: Երկաթուղային և խճուղային ճանապարհների, իսկ նոսր խճուղային ճանապարհներով շրջանների քարտեզների վրա նաև գրունտային ճանապարհների պատկերումը կատարվում է միանգամից ամբողջ թերթի վրա, իսկ մնացած ճանապարհները պատկերվում են առանձին հատվածներով` բարձրակարգ ճանապարհների պայմանական նշաններով:

Ճանապարհային կառույցները, որոնց պայմանական նշանները կտրում են ճանապարհի պատկերը` երկաթուղային կայարաններ, թունելներ, կամուրջներ, տրվում են ճանապարհի պայմանական նշանը գծելուց առաջ, իսկ մնացած ճանապարհային կառույցները գծվում են ճանապարհը գծելուց հետո:

182. Կազմվող քարտեզի վրա ճանապարհները պատկերելիս անհրաժեշտ է ճանապարհի պայմանական նշանի առանցքը ճշգրտորեն համապատասխանեցնել քարտեզագրական նյութի վրա եղած պատկերի առանցքի հետ:

Նշված պայմանը կարելի է խախտել միայն այն դեպքում, երբ ճանապարհը անցնում է այլ օբյեկտի կողքով, որի պատկերը տրված է խիստ իր տեղադիրքով, օրինակ` գետի ափ, լճափ և այլն: Այդ ժամանակ ճանապարհի պայմանական նշանը այնքան է շեղվում, որ օբյեկտների պատկերները չխառնվեն: Եթե իրար զուգահեռ երկու ճանապարհների պայմանական նշանները քարտեզի վրա տեղավորել հնարավոր չէ, ապա տեղաշարժվում է ցածրակարգ ճանապարհի պայմանական նշանը կամ կիրառվում է պայմանական նշանների զուգակցում:

Քարտեզների վրա հատուկ ուշադրությամբ նշվում են ճանապարհային շրջադարձերն ու փոխհատումները:

183. Եթե կազմվող քարտեզի վրա երկաթուղային կամ խճուղային ճանապարհը անհրաժեշտ է պատկերել ըստ փոքրամասշտաբ քարտեզի կամ նախագծային նյութերի, ապա ճանապարհը տրվում է համապատասխան պայմանական նշանով, իսկ թերթի շրջանակից դուրս զետեղվում է ծանոթություն, օրինակ` Երկաթուղու Արտենի կայարանից մինչև Անի կայարան հատվածը տրված է ըստ 1976 թ. հրատարակված 1: 200 000 մասշտաբի քարտեզի կամ … տրված է ըստ նախագծի նյութերի:

Երկաթուղիներ

184. Երկաթուղիները քարտեզների վրա պատկերվում են ըստ հետևյալ հատկանիշների.

1) ըստ ծիրերի լայնության` լայնածիր (ծիրի 1435մմ և ավելի լայնությամբ, ԱՊՀ երկրներում` 1524մմ) և նեղածիր (ծիրի 1435մմ-ից պակաս լայնությամբ),

2) ըստ ուղիների քանակի` միուղի, երկուղի, եռուղի և այլն,

3) ըստ քարշուժի ձևի` էլեկտրիֆիկացված և այլ ձևեր (դիզելային կամ շոգու քարշուժով),

4) ըստ վիճակի` գործող, կառուցվող, չգործող:

Պատկերվում են նաև միառելս երկաթուղիները, տրամվայի գծերը, կախովի ճանապարհները, ֆունիկուլյորները, բրեմսբերգները, մետրոյի գծերի վերգետնյա հատվածները:

185. Բոլոր լայնածիր երկաթգծերը անկախ ճանապարհային ցանցի խտությունից քարտեզների վրա ցույց են տրվում:

1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա բոլոր նեղածիր երկաթուղիները, տրամվայի գծերը, կախովի ճանապարհները, ֆունիկուլյորները և բրեմսբերգները ցոււյց են տրվում: 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում բոլոր երկար նեղածիր երկաթուղիները:

1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում 1սմ ավելի երկարությամբ կախովի ճանապարհները, ֆունիկուլյորները և բրեմսբերգները և 2սմ և ավելի երկարությամբ տրամվայի գծերը, եթե դրանք բնակավայրից դուրս են գտնվում:

186. Կառուցվող և նեղածիր երկաթուղիները պատկերվում են առանց տարանջատման` ըստ ուղիների քանակի և երկարության:

Երկաթգծի քանդած շերտը 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա բոլոր դեպքերում ցույց է տրվում, իսկ 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց է տրվում կողմնորոշիչներ չունեցող տեղանքը պատկերելիս կամ էլ, եթե երկաթգծի քանդած շերտի երկայնքով կան շատ լիցքեր և փորվածքներ:

Չգործող երկաթուղիները պատկերվում են գործող երկաթուղիների պայմանական նշանով չգործող պարզաբանող մակագրությամբ:

187. Լեռնային տարածաշրջաններով անցնող երկաթուղիների  պայմանական նշանների գծերի վրա 0.020 և ավելի թեքությամբ տեղամասերը նշվում են:

188. Խոշոր երկաթուղային կայարանների կայարանային ուղիներն ու գործարանների տարածքներում մուտքի ուղիները պատկերելիս գլխավոր ուղին ցույց է տրվում միուղի երկաթուղու պայմանական նշանով, իսկ մնացած ուղիները ցույց են տրվում բարակ գծերով:

Բնակավայրերով անցնող երկաթուղիները ցույց են տրվում առանց կտրելու:

189. Քարտեզների վրա ցույց են տրվում բոլոր երկաթուղային կայարանները, կիսակայարանները, հարթակները, կանգառի կետերը: Քարտեզի մասշտաբով չարտահայտվող կայարանները, անկախ իրենց կարգից, ցույց են տրվում մեկ պայմանական նշանով: Կիսակայարանները, հարթակները և կանգառի կետերը նույնպես տրվում են իրենց համար հատուկ մեկ ընդհանուր պայմանական նշանով:

1:10 000, 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա նշվում են մետրոյի բոլոր կայարանները, իսկ 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում մետրոյի վերգետնյա գծերը:

190. Քարտեզի մասշտաբով արտահայտվող կայարանները պատկերելիս ցույց են տրվում դեպոները, շրջադարձային շրջագծերը, ջրաճնշիչ աշտարակները, լուսացույցներն ու լուսազդանշանները, բեռնաբարձման-բեռնաթափման հրապարակները, կայարանային ուղիներով անցնող կամրջակները և այլ օբյեկտներ:

Քարտեզի մասշտաբով արտահայտվող դեպոները ցույց են տրվում իրենց իրական տեսքին համապատասխան, իսկ մասշտաբով չարտահայտվողները` կառույցների արտամասշտաբային պայմանական նշանով:

Ջրաճնշիչ աշտարակները որպես կարևոր օբյեկտներ և հեռվից լավ տեսանելի կողմնորոշիչներ բոլորն էլ որպես կանոն տրվում են:

1:10 000, 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա տրվում են բեռնաբարձման-բեռնաթափման հրապարակները, բլոկպոստերը և ուղեկետերը, իսկ 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում այն դեպքերում, երբ այն չի դժվարացնում քարտեզի ընթեռնելիությունը:

Լուսացույցներն ու լուսազդանշանները 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում:

Դեպոների, ջրաճնշիչ աշտարակների, բեռնաբարձման-բեռնաթափման հրապարակների, բլոկպոստերի և ուղեկետերի նշաններին կից հնարավորության դեպքում տրվում են օբյեկտի տեսակին համապատասխան մակագրություններ:

191. Քարտեզների վրա տրվում են բնակավայրերից մեկուսացված բոլոր կայարանների, կիսակայարանների, հարթակների և կանգառման կետերի անունները:

Կայարանների, կիսակայարանների, հարթակների և կանգառման կետերի անունները, որոնք գտնվում են իրենց համանուն բնակավայրերում կամ նրանց շատ մոտ, չեն մակագրվում, դրա փոխարեն բնակավայրերի անունները ընդգծվում են բարակ գծերով:

Ոչ նույնանուն բնակավայրում գտնվող կայարանների անվանումները պետք է մակագրվեն:

Կիսակայարանների, հարթակների և կանգառի կետերի պայմանական նշաններին կից տրվում են օբյեկտի տեսակի մակագրությունները (կիսակայ., հարթակ, կանգ.) այն դեպքերում, երբ այդ օբյեկտներն ունեն համարներ (օր.` հարթակ թիվ 3, կիսակայ. 14կմ):

Խճուղային ու գրունտային ճանապարհներ, արահետներ

192. Քարտեզների վրա խճուղային ճանապարհները պատկերելիս տեխնիկական բարեկարգման հետ կապված բաժանվում են ավտոմայրուղիների, բարեկարգված խճուղիների և խճուղիների, իսկ գրունտային ճանապարհներն ու արահետները իրենց անցանելիության հետ կապված բաժանվում են բարեկարգված գրունտային, միջգյուղային, դաշտային և անտառային ճանապարհների, գրաստային և հետիոտնային արահետների:

193. Բոլոր ավտոմայրուղիները, բարեկարգված խճուղիները և խճուղիները անկախ ճանապարհային ցանցի խտությունից ցույց են տրվում, բարեկարգված բոլոր գրունտային ճանապարհները նույնպես ցույց են տրվում բացառությամբ կարճ ճանապարհների, որոնք 1:100000 մասշտաբի քարտեզների վրա չեն տրվում: Հատուկ պայմանական նշաններով ցույց են տրվում կառուցվող ճանապարհները:

194. Բոլոր գրունտային (միջգյուղային) ճանապարհները 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում, իսկ 1:50 000 և 1:100 000 մասշտաբի խիտ ճանապարհային ցանցով քարտեզների վրա տրվում են ընտրությամբ: Նախապատվությունը տրվում է այն ճանապարհներին, որոնք բնակավայրերը միացնում են ամենակարճ ճանապարհով և այն ճանապարհներին, որոնց երկայնքով եզերատնկումներ կան: Ընտրության ժամանակ հանվում են բարձրակարգ ճանապարհների կողքով անցնող գրունտային ճանապարհները: Անտառային տեղամասերի բոլոր գրունտային ճանապարհները տրվում են: Պարտադիր կերպով տրվում են թույլ զարգացած ճանապարհային ցանց ունեցող շրջանների բոլոր գրունտային ճանապարհները, ինչպես նաև այն գրունտային ճանապարհները, որոնք տվյալ շրջանի համար հանդիսանում են դեպի բնակավայրերը, երկաթուղային կայարանները, լեռնանցքները և գետանցները տանող միակ ուղին:

195. Թույլ զարգացած ճանապարհային ցանց ունեցող տարածքների բոլոր դաշտային և անտառային ճանապարհները քարտեզների վրա ցույց են տրվում, իսկ լավ զարգացած ցանց ունեցող տարածքների նույն ճանապարհները ցույց են տրվում ընտրությամբ: Նախապատվությունը տրվում է բնակավայրերից և բարձրակարգ ճանապարհներից դեպի անտառները, լեռնանցքները, գետերը, լճակները, ջրհորները, ճահիճները և ձորակները տանող ճանապարհներին: Չեն տրվում այն դաշտային ճանապարհները, որոնք անցնում են բարձրակարգ ճանապարհների կողքով: Անտառային ճանապարհներն ավելի մանրամասն են պատկերվում, քան դաշտային ճանապարհները, քանի որ դրանք բնութագրում են անտառի անցանելիությունը և հանդիսանում են կողմնորոշիչներ: 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա բոլորը տրվում են:

196. Ձմեռնուղիները ցույց են տրվում միայն այն սակավաբնակ և դժվարահաս տարածքների քարտեզների վրա, որտեղ բացակայում են բարձրակարգ ճանապարհները և երթևեկությունը հնարավոր է միայն ձմռանը:

197. Նոսր ճանապարհային ցանցով սակավաբնակ և լեռնային տեղամասերի քարտեզների վրա ցույց են տրվում բոլոր գրաստային արահետները: Եթե գրաստային արահետների ցանցը խիտ է, ապա 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա դրանք ցույց են տրվում ընտրությամբ:

Հետիոտնային արահետները ցույց են տրվում դժվարահաս շրջանների այն տեղամասերի վրա, որտեղ չկան հաղորդակցման այլ ուղիներ:

198. Խճուղային և բարեկարգված գրունտային ճանապարհների եզրագծերը քարտեզների վրա տրվում են հնարավորության դեպքում առանց ընդհանրացման: Ընդհանրացումը տրվում է միայն ոլորուն տեղամասերը պատկերելիս, երբ բոլոր ոլորանները պատկերել հնարավոր չէ:

Գրունտային, դաշտային և անտառային ճանապարհների և արահետների ոլորուն տեղամասերի պատկերները ընդհանրացնելիս պետք է պահպանվեն քարտեզի մասշտաբով պարզ արտահայտվող բոլոր շրջադարձերն ու կորությունները:

199. Խճուղային և գրունտային ճանապարհները թաղամասային հատակագծմամբ բնակավայրերում ցույց են տրվում որպես փողոցներ, բացառությամբ գյուղերի խճուղային ճանապարհների, որոնք ցույց են տրվում խճուղային ճանապարհների պայմանական նշաններով, երբ փողոցի պատկերի լայնությունը 2-3 անգամ մեծ է ճանապարհի պայմանական նշանից կամ էլ, երբ թաղամասերը տեղաբաշխված են ճանապարհի մեկ կողմում: Անկանոն կառուցապատմամբ գյուղերում խճուղային և գրունտային ճանապարհները ցույց են տրվում ճանապարհների պայմանական նշաններով, բացի առանձին հստակ արտահայտված անցատեղերից:

200. Խճուղային և գրունտային ճանապարհների պայմանական նշանների գծերի վրա հատուկ պայմանական նշաններով ցույց են տրվում փոքր շառավղով ոլորանային տեղամասերը (25մ-ից պակաս) և մեծ թեքությամբ տեղամասերը (8% և ավելի):

Լեռնային տարածաշրջանները պատկերելիս, որտեղ ճանապարհի ոչ մեծ տեղամասի վրա կարող են լինել կորացման 25մ- ից պակաս շառավղով մի քանի ոլորաններ, պայմանական նշանով տրվում է ոչ թե յուրաքանչյուր ոլորանը, այլ ճանապարհի կտրուկ շրջադարձերով ողջ տեղամասը:

Եթե մեծ թեքություն ունեցող ճանապարհի հատվածներն ունեն քարտեզի մասշտաբով 1 սմ և ավելի երկարություն, ապա պայմանական նշանների անջատքները տրվում են ողջ տեղամասի պատկերի վրա միմյանցից 0.5 սմ հեռավորությամբ:

Քարտեզների վրա առանձնացվում են քարտեզի մասշտաբով 4 մմ և ավելի երկարությամբ բարեկարգված գրունտային և գրունտային ճանապարհների դժվարանցանելի տեղամասերը, ինչպես նաև ճանապարհի 2 մմ-ից ոչ պակաս երկարությամբ ճեղանային հատվածները:

201. Լեռնաշղթաներն հատող ճանապարհներն ու արահետները պատկերելիս նշվում են լեռնանցքները, որոնց պայմանական նշաններին կից տրվում են բարձունքային նիշերի և անցանելիության ժամանակաշրջանի մակագրություններ, օրինակ` (IV- XI), այսինքն լեռնանցքն անցանելի է ապրիլից մինչև նոյեմբեր: Գլխավոր լեռնանցքները (խոշոր լեռնաշղթաներով անցնող կարևոր ճանապարհների վրա) առանձնացվում են մեծ նշանով և անունների և բարձունքային նիշերի մակագրությունների տառատեսակի մեծ չափերով (լեռնանցքների անունների մակագրությունների վերաբերյալ մանրամասնությունները տրված են 252 կետում):

Մեղմաթեք, դյուրանցանելի լեռնաշղթաները հատող լեռնանցքները չեն նշվում:

202. Մայրուղիներն ու խճուղային ճանապարհները պատկերելիս տրվում է դրանց տեխնիկական բնութագիրը` լայնությունը (մետրերով), ծածկույթը (մայրուղիների համար մեկ շերտի լայնությունը և շերտերի քանակը) լայնությունը ճամփեզրերով (խճուղային ճանապարհների համար) և ծածկանյութը: Նշվում է նաև ծածկանյութի փոփոխման սահմանը:

Բարեկարգված գրունտային ճանապարհները պատկերելիս տրվում է միայն երթևեկելի մասի լայնությունը (մետրերով):

Գրունտային (միջգյուղային) ճանապարհների լայնությունը տրվում է միայն այն տեղերում, որտեղ հնարավոր է երթևեկել միայն ճանապարհով` անտառում, ճահճի վրա:

Մայրուղիների ու խճուղային ճանապարհների պատկերներին կից տրվում են ճանապարհների համարները:

Ճանապարհների համարներն ու բնութագրիչները զետեղվում են հնարավորին չափ ազատ տեղերում յուրաքանչյուր 10-15սմ-ի վրա: Եթե ճանապարհը անցնում է բնակավայրերի միջով, ապա բնութագրիչը զետեղվում է բնակավայրերով սահմանափակված յուրաքանչյուր տեղամասի պատկերի վրա:

Քարտեզի մասշտաբով 3սմ-ից պակաս երկարությամբ ճանապարհներին բնութագիր կարելի է չտալ:

203. Քարտեզների վրա բնակելի և ոչ բնակելի կառույցների պայմանական նշաններով ցույց են տրվում ճանապարհամերձ ավտոկայանները, մոթելները, հյուրանոցները և այլ նմանատիպ օբյեկտները: Դրանց պատկերներին կից տրվում են օբյեկտի տեսակը նշող մակագրություններ` (ավտոկայ., մոթել, հյուր.): Բնակավայրերից դուրս գտնվող նմանատիպ օբյեկտներին տրվում է նաև անվան մակագրությունը (Դրախտ մոթել):

Ճանապարհամերձ թեթև շինությունները (տաղավարներ, ծածկարաններ) 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում, եթե բնակավայրերից դուրս են գտնվում, իսկ 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում, եթե անհրաժեշտ են որպես կողմնորոշիչներ:

Քարտեզների վրա բոլոր տիպի լցակայանները ցույց են տրվում, եթե գտնվում են բնակավայրերից դուրս կամ դրանց ծայրամասերում:

 

Ճանապարհային կառույցներ

 

204. Բոլոր երկաթուղիների և խճուղային ճանապարհների վրա կառուցված կամուրջներն ու ճանապարհների տակով անցնող խողովակները որպես կանոն ցույց են տրվում, իսկ 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա իրար շատ մոտ կամուրջների որոշ մասը և աննշան  արգելքներով անցկացված խողովակները կարելի է չպատկերել: Գրունտային ճանապարհների վրայի բոլոր կամուրջները ցույց են տրվում միայն 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա: 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա կամուրջներն ու աննշան արգելքներով անցկացված խողովակները տրվում են ընտրությամբ:

Երկաթուղիների, խճուղային և գրունտային ճանապարհների վրա կառուցված 15մ, 40մ, 80մ և 120մ և ավելի երկարությամբ կամուրջները համապատասխանաբար 1:10 000, 1:25 000, 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում իրենց իրական չափերով, բաժանելով ըստ կառույցի նյութի (փայտե, մետաղե, քարե և երկաթբետոնե) միայն 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա, ըստ կառուցվածքի (սովորական և երկհարկանի կամուրջներ), հատուկ պայմանական նշաններով քարտեզների վրա ցույց են տրվում լողուն, շղթաներով և ճոպաններով կամուրջները:

Մնացած բոլոր կամուրջներն անկախ իրենց կառույցի նյութից և կառուցվածքի առանձնահատկություններից ցույց են տրվում արտամասշտաբային պայմանական նշաններով, բաժանելով 3մ և ավելի երկարությամբ կամուրջների և մինչև 3մ երկարությամբ կամուրջների (աննշան արգելքների վրա կառուցված կամուրջներն ու ջրի հոսքի համար անցկացված խողովակները):

205. Խոշոր երկաթուղային կամուրջների (100մ և ավելի երկարությամբ) նշաններին կից տրվում են բնութագրիչներ, որոնցում նշվում են կառույցի նյութը, հենամեջի ստորին մասի բարձրությունը ջրի կամ հողի մակերևույթից և երկարությունը (մետրերով), մինչև 100մ երկարությամբ կարևոր կամուրջների նշաններին կից տրվում է միայն կառույցի նյութի վերաբերյալ մակագրություն:

Խճուղային և գրունտային ճանապարհների վրա կառուցված կամուրջների բնութագրերը տրվում են, եթե կամրջի երկարությունը 3մ և ավելի է: Նրանում նշվում է կառույցի նյութը, կամրջի երկարությունն ու լայնությունը մետրերով և բեռնատարողունակությունը տոննաներով, եթե վերջինս 100 տ-ից ավելի է, գրվում է՝ 100-ից ավելի:

Տարբեր հարթություններով ճանապարհները հատվելիս այն դեպքում, երբ ստորին մասով անցնում է խճուղին, կամրջի նշանի մոտ լրացուցիչ մակագրվում է նրա տակի անցատեղի բարձրությունն ու լայնությունը:

Բնակավայրերում գտնվող կամուրջների բնութագրերը կարելի է չտալ, եթե դրանք խանգարում են հատակագծման ու կառուցապատման պատկերմանը:

206. Հետիոտնային կամուրջները ցույց են տրվում, եթե հանդիսանում են միակ կողմնորոշիչները:

Լեռնային արահետները պատկերելիս տրվում են արահետների արհեստական քիվերով տեղամասերը, նշելով դրանց ամենափոքր լայնությունն ու երկարությունը (մետրերով):

207. Քարտեզների վրա բոլոր թունելները ցույց են տրվում: Դրանց նշաններին կից տրվում է թուն. մակագրությունը և բնութագրիչ, որում նշվում է թունելի բարձրությունը, լայնությունը և երկարությունը (մետրերով):

208. Երկաթուղային և խճուղային ճանապարհները պատկերելիս առանձնացվում են էստակադներով անցնող ճանապարհների հատվածները: Մեծ ձգվածությամբ էստակադների նշանների երկայնքով տրվում է էստակադ մակագրությունը:

209. Լիցքերն ու փորվածքները 1:10 000, 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում 1մ և ավելի բարձրության (խորության) դեպքում և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա` 2մ և ավելի բարձրության (խորության) դեպքում, իսկ լիրաթմբի կամ փորվածքի երկարությունը պետք է լինի քարտեզի մասշտաբով 3մմ-ից ոչ պակաս: Լիրաթմբերն ու փորվածքները պատկերելիս տրվում են դրանց հարաբերական բարձրությունները (խորությունները):

210. Ճանապարհների երկայնքով ցանկապատերը` քարե պատերը և մետաղե ցանկապատերը ցույց են տրվում քարտեզի մասշտաբով 5մմ-ից ոչ պակաս երկարության դեպքում, իսկ եթե դրանք կողմնորոշիչ նշանակություն ունեն փոքր երկարությունների դեպքում նույնպես ցույց են տրվում:

211. Խճուղային և գրունտային ճանապարհների կիլոմետրային նշանները (սյուներ, քարեր) ցույց են տրվում յուրաքանչյուր 4սմ-ի վրա կողմնորոշիչներով աղքատ տեղանքը պատկերելիս:

Տեղանքի անցանելիության եվ ճանապարհային ուղղությունների բնութագրերի մակագրությունները

212. Թույլ զարգացած ճանապարհային ցանցով սակավաբնակ և դժվարահաս շրջանների քարտեզների վրա տվյալների առկայության դեպքում ճանապարհի նշանի երկայնքով կամ քարտեզի համապատասխան մասում տրվում են մակագրություններ, որոնք բնորոշում են ճանապարհների կամ դրանցից դուրս տեղանքի անցանելիությունը զանազան տիպի տրանսպորտի համար, օրինակ` ավտոտրանսպորտի երթևեկությունը հնարավոր է մարտից մինչև նոյեմբեր` 40կմ/ժ արագությամբ:

213. Քարտեզի թերթի շրջանակից դուրս տվյալ տարածքի հիմնական ճանապարհների պայմանական նշանների ելքերի մոտ մակագրվում են դրանց ուղղությունները: Քարտեզների վրա մակագրվում են բոլոր լայնածիր և երկար նեղածիր երկաթուղիների ուղղությունները: Խիտ խճուղային ցանց ունեցող տարածքների քարտեզների վրա մակագրվում են միայն երկաթուղային և խճուղային ճանապարհների ուղղությունները, քիչ քանակությամբ խճուղային ճանապարհներ ունեցող տարածքների քարտեզների վրա մակագրվում են նաև բարեկարգված գրունտային ճանապարհների ուղղությունները, իսկ սակավաբնակ շրջանների քարտեզների վրա` գրունտային ճանապարհների և արահետների  ուղղությունները նույնպես:

Երկաթուղիների ուղղությունները նշվում են մոտակա երկաթուղային հանգույցի, խոշոր քաղաքի կամ ծայրային կայարանի անունների մակագրությամբ, խճուղային և բարեկարգված գրունտային ճանապարհների ուղղությունները` մոտակա համապատասխան կարգի ճանապարհային հանգույցի, քաղաքի, վարչական կենտրոնի կամ ճանապարհի ծայրային կետի մակագրությամբ, գրունտային ճանապարհների և արահետների ուղղությունները` մոտակա բնակավայրի, իսկ եթե ճանապարհի ուղեգծի վրա բնակավայր չկա, ապա մոտակա օբյեկտի անվան մակագրությամբ:

Ռելիեֆ

214. Ռելիեֆը քարտեզների վրա պատկերվում է հորիզոնականներով զուգակցելով դարափուլերի, ժայռերի, ձորակների, ողողատների, քարաթափվածքների, սողանքների, չորացած հուների, կարստային ձագարների, քարագետերի, լավային հոսքերի և ֆիռնային դաշտերի պայմանական նշանների հետ: Ռելիեֆի պատկերումը լրացվում է տեղանքի բնորոշ կետերի բացարձակ և հարաբերական բարձրությունների մակագրություններով, հորիզոնականների մակագրություններով, ռելիեֆի առանձին ձևերի չափերով և լանջերի ուղղությունների ցուցիչներով` բերգշտրիխներով:

215. Ռելիեֆը քարտեզների վրա պատկերելիս հիմնական պահանջներն են հանդիսանում.

1) ռելիեֆի բնույթի, մասնատվածության աստիճանի ակներև փոխանցումը,

2) անցանելիությունը բնորոշող դիրքերի, տեղանքի անհարթությունների ձևերի և չափերի ճշգրիտ արտապատկերումը, քողարկիչ և պաշտպանիչ հատկությունները, ինչպես նաև տեղանքում կողմնորոշվելու հնարավորությունը,

3) ռելիեֆի զանազան տիպերի (հարթավայրաէռոզիոն, մորենային, լեռնային, կարստային, հրաբխային և այլն) ձևաբանական առանձնահատկությունների ակներև փոխանցումը,

4) հիմնական լեռնագրական գծերի և կետերի (ջրբաժանների, հեղեղատահուների, սանդղավանդների, գագաթների, թամբարդների և այլն) ճշգրիտ և հստակ փոխանցումը,

5) լանջերի ուղղությունների, դրանց զառիթափության, ինչպես նաև մակերևույթի կտրուկ խախտումների (դարափուլերի, քարաթափվածքների, ձորակների, արմատական ապարների ելքերի և այլն) հստակ արտապատկերումը,

6) քարտեզի մասշտաբով թույլատրվող տեղանքի բացարձակ բարձրություններ ունեցող կետերի միջև բարձրությունների տարբերությունների արագ և ճշգրիտ որոշման հնարավորության ընձեռում:

Ռելիեֆի անկման բարձրությունները, ռելիեֆի հորիզոնականներով պատկերմանը ներկայացվող պահանջները

216. Տեղագրական քարտեզների վրա ռելիեֆը հորիզոնականներով պատկերելու համար կիրառվում են 5-րդ աղյուսակում նշված հիմնական անկման բարձրությունները:

Անկման հիմնական բարձրությունը սահմանվում է քարտեզագրվող տարածքի ռելիեֆի բնույթից կախված:

Անհրաժեշտության դեպքում 1:10 000 և 1:25 000 մասշտաբի հարթավայրային տարածքների (Արարատյան դաշտ) քարտեզների վրա ռելիեֆի անկումը տրվում է 2.5 մետրից: Հարթավայրային տարածքների 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա հիմնական անկման բարձրությունները սահմանվում են համապատասխանաբար 5 մ և 10 մ:

Ռելիեֆի անկման մեկ բարձրությունից մյուսին անցումը տեղի է ունենում քարտեզի մեկ թերթից մյուսին անցնելիս, այսինքն մեկ թերթի սահմաններում անկման հիմնական բարձրությունը չի փոխվում:

217. Զրոյական և յուրաքանչյուր հինգերորդ հիմնական հորիզոնականը քարտեզի վրա հաստացվում է, բացառությամբ ռելիեֆի 2.5 մ անկմամբ 1:25 000 մասշտաբի քարտեզի, որի վրա հաստացվում է յուրաքանչյուր 10-րդ հիմնական հորիզոնականը:
 

Ռելիեֆի անկման բարձրության ընտրությունը ըստ քարտեզագրվող տարածքի ռելիեֆի բնույթի

 

Աղյուսակ 5

Տարածքի ռելիեֆի բնույթը

Հորիզոնականների անկումը ըստ մասշտաբի (մետրերով)

1:10 000

1:25 000

1:50 000

1:100 000

Բաց հարթավայրային

2

2.5

10

20

Կտրատված հարթավայրային և բլրակավոր

5

5

10

20

Լեռնային և նախալեռնային

5

5

10

20

Բարձրլեռնային

5

10

20

40

 

218. Լրացուցիչ հորիզոնականները (կիսահորիզոնականները) անցկացվում են հիմնական հորիզոնականականների կեսին հավասար անկմամբ: Դրանք կիրառվում են.

ա) հիմնական հորիզոնականականներով չարտահայտվող ռելիեֆի բնորոշ ձևերի (լանջերի ծալքերի, գագաթների, թամբարդների) և մանրամասների պատկերման համար,

բ) հարթավայրային տեղամասերի պատկերման համար, երբ հիմնական հորիզոնականների միջև հեռավորությունը շատ մեծ է (քարտեզի վրա 3-4սմ),

գ) շրջանների սահմաններով ռելիեֆի տարբեր անկումներով թերթերին ապահովելու համար:

Լրացուցիչ հորիզոնականներով գագաթներն ու թամբարդները պատկերելիս ցույց են տրվում նույնանուն պատասխան հորիզոնականները հակառակ լանջերին:

219. Ռելիեֆի առանձին տարրերի համար, որոնք չեն պատկերվում հիմնական և լրացուցիչ հորիզոնականներով, կիրառվում են օժանդակ հորիզոնականներ: Դրանք անցկացվում են կամայական բարձրության վրա, որի ժամանակ ռելիեֆի տվյալ ձևը բոլորից լավ է արտահայտվում: Նույնանուն պատասխան օժանդակ հորիզոնականների անցկացում հակառակ լանջերին չի պահանջվում:

220. Քարտեզագրական նյութերն օգտագործելիս, որոնց վրա անցկացված հորիզոնականների անկումը գերազանցում է կազմվող քարտեզի համար ընդունվածին, թույլատրվում է հորիզոնականների հավասարեցում, եթե դրանց արժեքներում տարամիտումը չի գերազանցում հիմնական անկման քառորդ մասին: Մեծ բաժանումների դեպքում կազմվող քարտեզի վրա հորիզոնականների դիրքը որոշվում է միջարկմամբ:

Եթե քարտեզագրական նյութի և կազմվող քարտեզի վրա հորիզոնականների արժեքների հավասարեցումը կարող է բերել լանջերի բնույթի աղավաղման, ապա այդպիսի տարածքներում հորիզոնականների տեղադրությունը նույնպես իրականացվում է միջարկմամբ:

221. Ռելիեֆի ընդհանուր տեսքը ստեղծվում է իր առանձին ձևերի պատկերմամբ: Յուրաքանչյուր ձևը պատկերելուց առաջ նշվում են հիմնական գծերը` ջրբաժաններ, թալվեգներ, թմբեզրեր, ստորոտներ:

Կազմվող քարտեզի վրա ռելիեֆը հորիզոնականներով պատկերվում է ըստ նախնական քարտեզագրական նյութերի` անհրաժեշտ ընդհանրացմամբ: Այդ դեպքում անտեսվում են ռելիեֆի երկրորդական` ոչ մեծ չափերի ձևերը և տրվում են տեղանքի բնորոշ առանձնահատկությունները ակնառու պատկերող անհրաժեշտ մանրամասնությունները:

222. Ռելիեֆի ձևերը պատկերելիս պետք է պահպանվի քարտեզագրական նյութի վրա տրված հորիզոնականների համաձայնությունը, այսինքն յուրաքանչյուր հորիզոնականի կորությունը պետք է համապատասխանի հարևան հորիզոնականի կորությանը: Բացառություն են կազմում արմատական ապարների ելքերի տեղամասերը, կարստերի, սողանքների տարածման վայրերը, որոնք հաճախ պատկերվում են միմյանց հետ քիչ չափով համաձայնեցվող հորիզոնականներով:

223. Գագաթները և փոսորակները պատկերող փակ հորիզոնականների վրա, ինչպես նաև այն վայրերում, որտեղ լանջերի ուղղությունները դժվար է որոշել, դրվում են լանջերի ուղղությունների ցուցիչներ` բերգշտրիխներ:

 

Ռելիեֆի հիմնական տիպերի պատկերումը

 

224. Ռելիեֆի զանազան ձևերը պատկերելիս հատուկ ուշադրություն պետք է դարձնել լանջերի բնույթի, դրանց զառիթափության և պրոֆիլի ձևերի ճիշտ անցկացմանը: Զառիթափությունն ու պրոֆիլի ձևը քարտեզի վրա անցկացվում են հորիզոնականների միջև հեռավորությունների փոփոխմամբ: Հարթավայրային տեղանքում մակերևութային ողողումների ազդեցության տակ բարձունքների լանջերը գոգավոր տեսք են ստանում, որի դեպքում գծվող հորիզոնականները պետք է ունենան դեպի ջրբաժանը ոչ մեծ կորություններ:

Կտրուկ զառիթափ լանջերը, անկախ զառիթափության աստիճանից, արտահայտվում են հորիզոնականներով: Նման լանջերը պատկերելիս, եթե քարտեզի վրա հորիզոնականների միջև հեռավորությունները 0.1 մմ-ից փոքր են, թույլատրվում է հորիզոնականները միաձուլել կամ հաստացված հորիզոնականների միջև ոչ բոլոր հորիզոնականները անցկացնել:

225. Գոգավորությունները պատկերելիս լայնակի և երկայնակի պրոֆիլների կառուցվածքային առանձնահատկությունները պետք է ճիշտ արտահայտվեն:

Նեղ գոգավորությունները քարտեզների վրա անցկացվում են թալվեգով սուր պարփակված հորիզոնականներով, իսկ դրանց հստակ արտահայտված թմբեզրերը` հորիզոնականների կտրուկ շրջադարձերով:

Լայն գոգավորությունները քարտեզների վրա արտացոլվում են լանջերի թմբեզրերին և ստորոտներին հորիզոնականների կտրուկ շրջակորացմամբ և թալվեգով հորիզոնականների ուղղագիծ պարփակմամբ:

Քարտեզների վրա հորիզոնականներով հստակ պետք է արտահայտվի գոգավորությունների երբեմն հանդիպող անհամաչափությունը, ինչպես նաև դրանց լանջերին սանդղավանդների և դարավանդների առկայությունը:

226. Լեռնային ռելիեֆը պատկերելիս պետք է ճիշտ տրվեն լեռնաշղթաների կատարների ուղղությունն ու բնույթը, կտրտվածության աստիճանն ու լանջերի պրոֆիլը, գագաթների ձևը, լանջերի, սանդղավանդների անհամաչափության առկայությունը, լայնակի և երկայնակի գոգավորությունների ձևն ու կառուցվածքը, ժայռերի և ֆիռնային դաշտերի տարածվածությունը:

Լեռնաշղթաների գագաթները պատկերող հորիզոնականները պետք է անցկացվեն նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք ձևավորում են ռելիեֆի աննշան չափերի (1-2 մմ2) ձևեր:

Բարձրլեռնային ռելիեֆը պատկերելիս քարտեզի վրա պետք է տրվեն լեռնային ռելիեֆին բնորոշ սուր ժայռոտ կատարները` պիկաձև գագաթներով, կրկեսներով և կառերով, նեղ գոգավորություններն ու լանջերի կտրուկ շրջակորացումները, ինչպես նաև տաշտահովտային գոգավորություններն ու ֆիռնային դաշտերը:

227. Լեռնաշղթաների ժայռոտ կատարներն ու լանջերը, ինչպես նաև ժայռոտ դարափուլերը պատկերվում են ժայռերի ստվերագծած նկարով, որը պետք է արտահայտի կատարների և լանջերի ձևը: Եթե հիմնական քարտեզագրական նյութի վրա ժայռերի ձևերը արտահայտված չեն, ապա պետք է օգտագործվեն լուսանկարային հանույթի նյութերը: Այն տեղերում որտեղ թեքությունը թույլ է տալիս ժայռերի ստվերագծած նկարով անցկացվում են հաստացված հորիզոնականները: Ժայռոտ տեղամասի պատկերի 2 մմ-ից պակաս լայնության դեպքում հորիզոնականները չեն անցկացվում: Ժայռի ստորոտի մեղմաթեք տեղամասերով, որտեղ կուտակվում են քայքայված լեռնային ապարները, բոլոր հորիզոնականներն անցկացվում են:

228. Կլորավուն գագաթներով միջին բարձրությամբ լեռների ռելիեֆը տրվում է սահուն, կլորավուն գծած հորիզոնականներով և բնորոշ գագաթների և հորիզոնականներով նկարի ընդհանրացման ճանապարհով լեռնաշղթաների ու գոգավորությունների ուղղվածության ընդգծմամբ:

229. Մանրաբլուրները պատկերելիս ընդգծվում է դրանց մասնատման ինտենսիվությունը, հարաբերական խտությունը և առանձին բլուրների ու դրանց խմբերի, բլրաշարերի և դրանց միջև իջեցումների, բազմաթիվ առանձին իջվածքների տեղաբաշխման բնույթը:

Առանձին բլուրների և իջվածքների պատկերման համար կիրառվում են լրացուցիչ հորիզոնականներ:

230. Հրաբխային ծագման ռելիեֆը պատկերելիս անհրաժեշտ է ճիշտ փոխանցել դրա առանձնահատկությունները` հրաբխային կոների ձևերը, հրաբուխների լանջերին բարանքոսների ցանցի առկայությունը, որոնց վերին մասերը տրվում են ողողատների պայմանական նշաններով, իսկ ստորին մասերը` հորիզոնականներով:

Կազմվող քարտեզի վրա պետք է ցույց տրվեն քարտեզագրական նյութի վրա եղած բոլոր հրաբուխների և ցեխային հրաբուխների խառնարանները: Քարտեզի մասշտաբով արտահայտվող հրաբխային խառնարանները ցույց են տրվում դարափուլերի, ժայռերի պայմանական նշաններով  կամ հորիզոնականներով, եթե խառնարանի ներքին լանջերը մեղմաթեք են:

231. Տեկտոնական ռելիեֆը պատկերելիս պետք է տրվեն բնորոշ մակերևութային կտրուկ փոփոխություններն ու կախվող գոգավորությունները և տեկտոնական խզվածքներն ու գոգահովիտները: Հորիզոնականներով չարտահայտվող խզվածքները ցույց են տրվում որպես հեղեղատներ և ողողատներ դարչնագույն գծերով:

232. Հարթավայրաէռոզիոն ռելիեֆը պատկերելիս, որոնց համար բնորոշ են գետահովիտների, բալկաների և ձորակների տարածումը, պետք է հորիզոնականներով ճիշտ պատկերվեն դրանց թմբեզրերի դիրքերը:

Հորիզոնականների և թմբեզրերի հատման և լանջերի շրջակորացման տեղերը պետք է արտահայտվեն յուրաքանչյուր հորիզոնականի հստակ անկյունային շրջադարձով: Եթե թմբեզրերը չեն արտահայտվում հիմնական հորիզոնականներով, ապա կիրառվում են կիսահորիզոնականներ:

Հովիտներն ու բալկաները պատկերելիս պետք է ճիշտ արտահայտվեն դրանց երկայնակի և լայնակի պրոֆիլները: Հովտի հատակը պատկերող հորիզոնականների միջև թեքությունները գետի վերին հոսանքից մինչև գետաբերան պետք է աստիճանաբար մեծացվեն:

Քարտեզների վրա էռոզիոն մասնատվածությամբ տեղանքը պատկերելու ժամանակ մանր ձորակներն ու ողողատները տրվում են ընտրությամբ այնպես, որ ապահովվի ամբողջ պատկերի լավ ընթեռնելիությունը և միաժամանակ արտահայտվի լանջերի մասնատվածության աստիճանը:

233. Ձորակներն ու ողողատները 1:10 000 մասշտաբի քարտեզների վրա մինչև 3մ, 1:25 000, 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա մինչև 5 մ և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա մինչև 10 մ լայնության դեպքում տրվում են մեկ գծով, երկու գծով տրվում են դրանց ավելի մեծ լայնությունների դեպքում:

Քարտեզի մասշտաբով 1 մմ և ավելի լայնության դեպքում ձորակները պատկերվում են երկու ատամիկավոր գծերով, իսկ դրանց հատակները 3 մմ և ավելի լայնության դեպքում պատկերվում են հորիզոնականներով: Մինչև 1մմ լայնությամբ ձորակների ու ողողատների պատկերներին կից տրվում են մակագրություններ դրանց լայնությունների ու խորությունների վերաբերյալ: 1 մմ և ավելի լայնությամբ ձորակների պատկերներին կից մակագրվում է միայն խորությունը: Ձորակների ու ողողատների բնութագիրը մակագրվում է պատկերի մեջտեղի մասում, իսկ եթե դրանք ունեն զգալի ձգվածություն` յուրաքանչյուր 5-8 սմ-ի վրա մի քանի տեղերում: Մանր ձորակների ու ողողատների մեծ քանակության դեպքում դրանց մի մասը թույլատրվում է պատկերել առանց բնութագրերի:

234. Հորիզոնականներով չարտահայտվող զառիթափ սանդղավանդները (թմբեզրերը) քարտեզի մասշտաբով 0.5 սմ-ից ոչ պակաս երկարության դեպքում տրվում են հատուկ պայմանական նշանով: Թմբեզրերի պատկերների վրայով հորիզոնականները անցկացվում են առանց կտրելու:

235. Դարափուլերը 1:10 000, 1:25 000, 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում 1 մ և ավելի բարձրության դեպքում, իսկ 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա` 2 մ և ավելի բարձրության դեպքում: Դարափուլերի ձգվածությունը մասշտաբով պետք է լինի 3 մմ-ից ոչ պակաս:

Փոքր բարձրության դարափուլերը քարտեզների վրա ցույց են տրվում միայն մեծ ձգվածության դեպքում կամ էլ եթե միակ կողմնորոշիչներ են հանդիսանում:

Դարափուլերի նշաններին կից տրվում է դրանց հարաբերական բարձրությունների մակագրությունները:

236. Թափվածքները լինում են ավազային և կավային, խճաքարային և ճալաքարային: Թափվածքների ստվերագծած նկարի վրայով բարակ գծերով անցկացվում են հաստացված հորիզոնականները, իսկ հարթ թափվածքներով անցկացվում են բոլոր հորիզոնականները:

237. Առանձին մնացորդ ժայռերը, դայկաները, բլուրներն ու թմբերը, արգելաթմբերն ու փոսերը 1:10 000, 1:25 000, 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում 1 մ և ավելի բարձրության (խորության) դեպքում և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա` 2 մ և ավելի բարձրության (խորության) դեպքում: Կողմնորոշիչ հանդիսանալու դեպքում այդ օբյեկտները ցույց են տրվում նաև փոքր բարձրությունների (խորությունների) դեպքում: Նշված օբյեկտների նշաններին կից տրվում են հարաբերական բարձրությունների կամ խորությունների վերաբերյալ մակագրություններ:

Խմբերով տեղաբաշխված մեծ քանակությամբ մնացորդ ժայռերի, բլուրների, թմբերի ու փոսերի դեպքում ընտրություն է կատարվում, հարաբերական բարձրությունները կամ խորությունները մակագրվում են միայն կողմնորոշման համար կարևոր օբյեկտների մոտ:

238. Գետերի չորացող հուները կախված լայնությունից ցույց են տրվում ընդհատվող մեկ կամ երկու գծով, ինչպես ընդունված է գետերի համար: Քարտեզի մասշտաբով չորացող հուների 3 մմ և ավելի լայնության դեպքում ընդհատվող դարչնագույն գծերի միջով անցկացվում են հունի հատակը պատկերող հորիզոնականներ: Հատակի և լանջերի մակերևույթի բնույթն արտահայտվում է ավազի, ճալաքարերի և քարաթափվածքների պայմանական նշաններով: Նման ձևով արտահայտվում են նաև չորացող լճերը:

1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա չորացող հուների պայմանական նշաններով ցույց են տրվում լեռնագոգերի և ձորակների հատակով անցնող մանր ողողատները:

239. Ալյուվիալ և ծովային, ինչպես նաև սառցադաշտային հարթավայրերի մորենաթմբային ռելիեֆի պատկերը պետք է տարբերվի հորիզոնականների յուրատեսակ սահուն և կլորավուն պատկերով: Մորենաթմբային ռելիեֆը պատկերելիս հորիզոնականներով պետք է տրվեն առանձին թմբերի զատումը, դրանց կողմնորոշվածությունը և լանջերի անհամաչափությունը: Ոչ մեծ հարաբերական բարձրությամբ առանձին թմբերը և դրանց միջև գոգավորությունները  պատկերելիս կիրառվում են լրացուցիչ հորիզոնականներ: Մորենաթմբային ռելիեֆը պատկերելիս հորիզոնականները չպետք է արհեստականորեն համապատասխանեցվեն:

Սարավանդները պատկերելիս պետք է արտահայտիչ լինեն լանջերի զառիթափությունն ու բնույթը: Զառիթափ լանջերը պատկերող հորիզոնականները այս դեպքում խտացվում են: Լանջերի աստիճանականությունն ու զառիթափությունը տրվում են ժայռերի և դարափուլերի պայմանական նշաններով: Գագաթներն ու նշանավոր բարձունքները առանձնացվում են կիսահորիզոնականների օգնությամբ:

240. Ժամանակակից սառցապատումների և ֆիռնային դաշտերի ռելիեֆը տրվում է կապույտ գույնի հորիզոնականներով: Սառցադաշտային ռելիեֆը պատկերող  հորիզոնականները կապակցվում են սառցադաշտային ճեղքերի և մորենների պայմանական նշանների հետ, իսկ ֆիռնային դաշտերը` կետերի հետ:

241. Հավերժական սառույցի տարածքները պատկերելիս տրվում են սառցե դարափուլերն ու սառցե թմբերը: Տրվում են նաև քարտեզի մասշտաբով 10 մմ2 ոչ պակաս մակերևույթ ունեցող մակասառցաշերտերը:

242. Քարագետերը ցույց են տրվում քարտեզի մասշտաբով 0.5 սմ և ավելի երկարության դեպքում:

Առանձին քարերը և քարերի կուտակումները տրվում են այն դեպքերում, երբ կողմնորոշիչներ են հանդիսանում:

243. Քարտեզների վրա կարստային գոյացությունների խոշոր ձևերը պատկերվում են հորիզոնականներով և քարտեզի մասշտաբով արտահայտվող դարափուլերի և փոսերի պայմանական նշաններով: Կարստային մանր ձևերը պատկերվում են քարտեզի մասշտաբով չարտահայտվող կարստային ձագարների պայմանական նշաններով:

Քարտեզների վրա, որտեղ նշված են կարստային գոյացությունների տարածման վայրերը, տրվում է կարստ կամ ջերմակարստ մակագրությունը:

Քարտեզների վրա ցույց են տրվում բոլոր քարայրներն ու անձավները և դրանց պատկերներին կից տրվում են քարայր կամ անձավ մակագրությունները:

244. Սողանքների բոլոր տեղամասերը քարտեզների վրա ցույց են տրվում: Սողանքների իրար շատ մոտ գտնվող տեղամասերը կարող են ընդհանրացվել մեկ ընդհանուր ուրվագծում:

245. Ավազուտների ռելիեֆը պատկերվում է.

ա) 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա հորիզոնականներով հարթ ավազուտների պայմանական նշանների հետ կապակցված,

բ) 1: 50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա հորիզոնականներով զանազան տիպի ավազուտների (հարթ, բլրակավոր, թմբաշարային ու դյունային, փոսիկավոր ու խորսխավոր և բարխանային) պայմանական նշանների հետ կապակցված:

Ավազուտների ռելիեֆի պատկերը կարող է լրացվել բնութագրերի մակագրություններով, օրինակ` Թմբաշարային ամրապնդված ավազուտներ` թմբաշարի բարձրությունը 15-20 մ:

246. Բնույթով միասեռ ավազուտների մեծ տարածքները կարող են ցույց տրվել ոչ թե պայմանական նշաններով, այլ ֆոնային գունավորմամբ:

 

Բարձունքային նիշեր

 

247. Ռելիեֆի լիարժեք պատկերը ստանալու համար քարտեզների վրա 0.1 մ ճշտությամբ տրվում են տեղանքի բնորոշ կետերի` լեռների և բլուրների, ջրբաժանների, լեռնանցքների, թամբարդների բարձր կետերի, գոգավորության և ձորակների համեմատաբար ցածր կետերի, ինչպես նաև կողմնորոշիչ հանդիսացող կետերի բարձունքային նիշերը:

Քարտեզների վրա կախված տեղանքի բնույթից բարձունքային նիշերի քանակը 1 դմ2 վրա պետք է լինի 8-15 նիշ` գեոդեզիական կետերն ու ջրանիշերը ներառյալ: Խիստ կտրատված, բլրապատ, լեռնային և բարձրլեռնային տեղանքը պատկերելիս մակագրվում են 10-15 նիշ 1 դմ2 վրա, իսկ հարթավայրային տեղանքը պատկերելիս` 8-10 նիշ:

248. Տեղանքի ավելի նշանավոր կետերի (հրահանգչական` մեծ բարձրություն և լավ տեսադաշտ ունեցող) բարձունքային նիշերը առանձնացվում են խոշոր տառատեսակով: Այդպիսի նիշերը յուրաքանչյուր թերթի համար 3-4 հատ ընտրվում են խոշորամասշտաբ քարտեզների նյութերից:

249. Քարտեզների վրա բարձունքային նիշերին մոտ տրվում են հորիզոնականների նիշերը: Դրանք տրվում են այնպիսի քանակությամբ և տեղաբաշխվում են բարձունքային նիշերի հետ այնպես, որ արագ և հեշտ լինի թերթի վրա որոշել այս կամ այն կետի բարձրությունը:

Քարտեզի 1 դմ2 վրա տրվում է 2-5 հորիզոնականի նիշ: Հորիզոնականների նիշերը տեղաբաշխելիս  թվանշանի վերին մասը պետք է ուղղված լինի դեպի լանջի բարձրության ավելացման կողմը:

Ռելիեֆի օբյեկտների անվանումների մակագրությունները

250. Քարտեզների վրա տրվում են լեռնաշղթաների, դաշտավայրերի, սարահարթների, լեռնագագաթների, հովիտների, ժայռերի, հրաբուխների, սառցադաշտերի և ռելիեֆի այլ օբյեկտների անունները օբյեկտի տեսակը ցույց տվող անվանակարգային տերմինների հետ միասին: Անվանակարգային տերմինների մակագրությունները տրվում են.

ա) ամբողջական կամ կրճատ ձևով լեռնաշղթաների անուններից հետո, կախված լեռնաշղթայի ձգվածությունից և քարտեզի վրա ամբողջ մակագրության տեղաբաշխման հարմարավետությունից,

բ) ամբողջական ձևով ռելիեֆի օբյեկտների խմբին դասվող անուններից հետո,

գ) կրճատ ձևով մնացած բոլոր օբյեկտներից հետո:

251. 1:10 000, 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա տրվում են քարտեզագրական նյութի վրա տրված ռելիեֆի բոլոր օբյեկտների անունները, բացառությամբ մանր օբյեկտների, որոնց մակագրությունները ավելորդ ծանրաբեռնվածություն են ստեղծում: 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա ռելիեֆի օբյեկտների անունները տեղաբաշխվում են ընտրությամբ, ապահովելով քարտեզի լավ ընթեռնելիություն:

Քարտեզների վրա չեն տրվում մեծ ձգվածություն ունեցող կամ մեծ տարածք ընդգրկող լեռնաշղթաների, դաշտավայրերի, սարահարթների և այլ օբյեկտների անունները, երբ դրանց պատկերները առանձին թերթերի վրա հստակ չեն արտահայտվում:

252. Լեռնագագաթների, հրաբուխների, բլուրների, լեռնանցքների անունները տրվում են իրենց բարձունքային նիշերին կամ համապատասխան օբյեկտների պայմանական նշաններին կից` նշանի աջ կողմում: Այդ դեպքում բարձունքային նիշերը տեղադրվում են նշանի ձախ կողմում:

Լեռնագրական օբյեկտների անունների մակագրությունների տառատեսակները հաստատվում են ըստ Պայմանական նշանների աղյուսակների, տառատեսակների չափերը ընտրվում են այդ օբյեկտների մեծությանն ու նշանակությանը համապատասխան:

Բուսականություն եվ գրունտներ

253. Քարտեզների վրա ցույց են տրվում բուսականության և գրունտների հետևյալ տիպերը.

ա) բնափայտային (անտառներ, առանձին պուրակներ և առանձին ծառեր),

բ) թփային,

գ) խոտային, կիսաթփային, մամռային և քարաքոսային,

դ) եղեգնային մացառուտներ,

ե) բնափայտային, թփային և խոտային բուսատեսակների արհեստական տնկարքներ,

զ) ճահիճներ և աղուտներ,

է) ոչ կարծր գրունտներ (ավազ, քարաթափվածք, ճալաքար, թակիր),

ը) միկրոռելիեֆային մակերևույթներ (բազմանկյունակերպավոր, բլրակավոր, հողակույտավոր):

254. Բուսականության և գրունտների պատկերման հիմնական պահանջներն են.

ա) բնական պայմանների բնութագրման, անցանելիության, տեղանքի պաշտպանական և քողարկիչ հատկությունների համար կարևոր բուսականության և գրունտների զանազան տիպերի ճիշտ և ակնառու պատկերումը,

բ) բուսականության և գրունտների զանազան տիպերի տարածման սահմանների ճշգրիտ փոխանցումը, կողմնորոշիչ նշանակություն ունեցող ուրվագծերի կտրուկ շրջադարձերի անկյունների հստակ առանձնացումը,

գ) բուսականության և գրունտների զանազան տիպերի որակական և քանակական բնութագրերը, որոնք հնարավորություն են տալիս իմանալ ծառերի տեսակների, բների բարձրությունների, հաստությունների, ծառերի խտության և գրունտի մեխանիկական հատկությունների մասին:

255. Բուսականության կամ գրունտների տեղամասերը պարփակող ուրվագծերը քարտեզների վրա տրվում են կետագծերով, բացառությամբ հետևյալ դեպքերի.

ա) երբ տեղամասերի սահմաններ են հանդիսանում գծային պայմանական նշաններով պատկերվող զանազան բնական օբյեկտներ (արգելաթմբեր, առուներ, լճափեր և գետափեր, ձորերի եզրաթմբեր, ճանապարհներ և այլն),

բ) երբ տեղամասերի սահմանները համընկնում են վարչական սահմանների հետ,

գ) երբ տեղամասերի սահմանները հստակ չեն արտահայտված (բուսականության մի ձևից մեկ այլ ձևին աստիճանաբար անցնելիս) կամ անցկացված են ավելի փոքր մասշտաբի քարտեզագրական նյութերից:

Ավազուտների և քարային մակերևույթների տարածման սահմանները քարտեզների վրա ուրվագծերով չեն տրվում, բայց ավազուտների հետ սահմանակից անտառի և թփուտների տեղամասերի պատկերները ուրվագծվում են կետագծերով:

256. Բուսականության և գրունտների տեղամասերը պարփակող ուրվագծերը ընդհանրացվում են՝ պահպանելով ուրվապատկերների առանձնահատկությունները:

Մեծ քանակությամբ մանր տեղամասերի դեպքում թույլատրվում է դրանց որոշ մասը հանել, իսկ իրար մոտ գտնվող տեղամասերը ընդհանրացնել մեկ ընդհանուր ուրվագծում և փոքր տեղամասերը միացնել խոշորներին, եթե դրանց միջև հեռավորությունները քարտեզի մասշտաբով 0.5 մմ-ից պակաս են: Չի կարելի բաժանել թեկուզ նեղ կապով միմյանց հետ կապված տեղամասերը: Անտառների կամ թփուտների նեղ շերտերը հետևում է հնարավորության սահմաններում պատկերել ուրվագծված, անհրաժեշտության դեպքում շերտի լայնությունը փոքր-ինչ մեծացնելով:

257. Բուսականության և գրունտների զանազան տիպերի քարտեզների վրա պատկերվում են համապատասխան ստվերագծային պայմանական նշաններով, ֆոնային գունավորմամբ կամ այդ երկուսի զուգակցմամբ: Բուսականության և գրունտների տեղամասերը, որոնց մակերեսները քարտեզի մասշտաբով չեն արտահայտվում, պատկերվում են արտամասշտաբային պայմանական նշաններով առանց ֆոնային գունավորման և ուրվագծման:

Բուսականության և գրունտների բնույթի լիարժեք արտացոլման համար կիրառվում են զանազան ստվերագծային պայմանական նշանների զուգակցումներ, բայց մեկ ուրվագծված տարածքում երեքից ոչ ավելի:

258. Որոշակի ուրվագիծ չունեցող բուսականության և գրունտների ֆոնային գունավորման սահմանները կազմողական բնօրինակի վրա տրվում են կարմիր կետագծերով:

259. Քարտեզների վրա տրվում են անտառների, տափաստանների, ավազուտների, ճահիճների, աղուտների, զանազան բնավայրերի անունները, բացառությամբ խոշոր օբյեկտների (անապատներ, տափաստաններ), որոնք պատկերվում են մի խումբ թերթերի վրա և առանձին թերթերի վրա հստակ չեն արտահայտվում:

Ծառային բուսականություն

260. Քարտեզների վրա ցույց են տրվում բարձրաբուն (ծառերի բարձրությունը 4 մ և ավելի), մատղաշ, նորատունկ, ցածրաբուն և նոսր, այրված և չորացած անտառները, հողմաջարդոնները, անտառահատումները, նեղ և պաշտպանիչ անտառաշերտերը, առանձին պուրակները, եզերատնկումները, առանձին ծառերը և եղեգնի մացառուտները:

261. Քարտեզի մասշտաբով 10 մմ2 և ավելի մակերեսով անտառապատ տարածքների անտառները և 4 մմ2 և ավելի մակերեսով անտառային սակավ ծածկույթով տարածքների անտառները ցույց են տրվում ուրվագծված ֆոնային գունավորմամբ: Նշված չափերից փոքր անտառի առանձին տեղամասերը, որոնք ունեն կողմնորոշիչ նշանակություն, տրվում են առանձին պուրակների պայմանական նշաններով, իսկ մնացածները քարտեզի մասշտաբով չարտահայտվող անտառի ոչ մեծ տարածքի նշանով:

Բացատները ցույց են տրվում, եթե դրանց մակերեսները քարտեզի մասշտաբով 10 մմ2 և ավելի են, իսկ կողմնորոշիչ նշանակություն ունեցող բացատները ցույց են տրվում նաև փոքր չափերի դեպքում:

Անտառային զանգվածներում ճահճացած տեղամասերը քարտեզի վրա ուրվագծով չեն առանձնացվում, միայն ճահճացած տեղամասերի սահմանները նշվում են ճահճի պայմանական նշանի գծիկներով:

262. Անտառային զանգվածներում տեղաբաշխված ցածրաբուն, մատղաշ և նորատունկ անտառամասերը առանձնացվում են քարտեզի մասշտաբով 50 մմ2 և ավելի մակերես ունենալու դեպքում, ավելի փոքր տարածքներն ընդգրկվում են անտառի ընդհանուր զանգվածի մեջ: Նմանատիպ բուսականությամբ բաց տեղանքը պատկերելիս 10 մմ2 և ավելի մակերեսով բոլոր տարածքները ցույց են տրվում, իսկ կողմնորոշիչ նշանակություն ունեցող տեղամասերը` նաև փոքր չափերի դեպքում:

263. Անտառային զանգվածներում տեղաբաշխված նոսր անտառների, այրված և չորացած անտառների, հողմաջարդոնների, անտառահատումների տեղամասերը առանձնացվում են քարտեզի մասշտաբով 25 մմ2 և ավելի մակերես ունենալու դեպքում, իսկ բաց տեղանքում տեղաբաշխված և կողմնորոշիչ նշանակություն ունեցող տեղամասերը` նաև փոքր մակերեսների դեպքում:

Նոսր անտառների, այրված և չորացած անտառների, հողմաջարդոնների, անտառահատումների մակերևույթների վրա պատկերվում են նաև առկա մատղաշ անտառները, թփուտները, խոտային կամ մամռային ու քարաքոսային բուսականությունը:

264. Նեղ անտառաշերտերը և պաշտպանիչ անտառատնկումները, ճանապարհների, գետերի ջրանցքների և առուների երկայնքով եզերատնկումները 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա բոլորը ցույց են տրվում, իսկ 1: 50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա տրվում են ընտրությամբ:

Նեղ անտառաշերտերը և պաշտպանիչ անտառատնկումները պատկերելիս թվերով տրվում են ծառերի միջին բարձրությունները, 1մետրից պակաս բարձրությամբ ծառատնկումների բարձրությունները տրվում են 0.1մ ճշտությամբ:

Կողմնորոշիչ նշանակություն ունեցող առանձին ծառերը ցույց են տրվում համապատասխան պայմանական նշաններով, բաժանելով սաղարթավորների և փշատերևների, մնացած բոլոր կողմնորոշիչ նշանակություն չունեցող առանձին ծառերը բանջարանոցներում, վարելահողերում, մարգագետիններում, բնակավայրերի թաղամասերում ցույց են տրվում ծառերի պայմանական նշաններով ընտրությամբ և այնպիսի հաշվարկով, որ քարտեզի վրա նշանների միջև հեռավորությունը 5-6 մմ-ից պակաս չլինի:

265. Բարձրաբուն, ցածրաբուն, մատղաշ և նորատունկ անտառները քարտեզների վրա պատկերվում են ըստ տեսակների` սաղարթավոր, փշատերև և խառը: Այդպիսի բաժանումը արտահայտվում է պայմանական նշաններով և գերակշռող տեսակը ցույց տվող մակագրություններով (կեչի, հաճարենի, սոճի, մայրի և այլն): Խառը անտառները պատկերելիս նշվում են երկու հիմնական տեսակները, ընդ որում, գերակշռող տեսակի նշանն ու մակագրությունը տրվում են առաջին տեղում: Անտառի տեսակի նշանին կից տրվում է ծառույթի բնութագիրը, որում նշվում են ծառերի միջին բարձրությունները (մետրերով), ծառաբների միջին հաստությունները (մետրի հարյուրերորդական մասերով) և ծառերի միջև միջին հեռավորությունները (մետրերով), մատղաշ ծառերի նշաններին կից տրվում են միայն ծառերի միջին բարձրությունները (մետրերով):

Քիչ անտառոտ տեղանքի քարտեզների վրա ծառույթի տեսակի նշանն ու բնութագիրը տրվում են քարտեզի մասշտաբով 2սմ2 և ավելի մակերես զբաղեցնող տարածքները պատկերելիս: Անտառոտ տեղանքի քարտեզների վրա ծառույթի տեսակի նշանն ու բնութագիրը տրվում են քարտեզի մասշտաբով 10 սմ2-ից ոչ պակաս մակերես զբաղեցնող տարածքները պատկերելիս:

Մեծ անտառազանգվածները պատկերելիս այդ տվյալները տեղաբաշխվում են այն հաշվով, որ ճիշտ արտահայտվեն տարբերությունները ծառույթների բնութագրերում, որի դեպքում քարտեզի 1դմ2 վրա դրվում է մեկ բնութագրչից ոչ պակաս:

Նոսր անտառների ծառույթի տեսակի նշանն ու բնութագիրը տրվում են 25 սմ2-ից ոչ պակաս մակերեսով տարածքների պատկերների վրա:

266. 1:10 000, 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա բոլոր անտառուղիները և 1.5 մ լայնությամբ մատղաշ անտառաշերտերը ցույց են տրվում, իսկ 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա դրանք տրվում են ընտրությամբ: 1.5 մ-ից պակաս լայնությամբ անտառուղիները ցույց են տրվում, եթե դրանք հանդիսանում են միակ կողմնորոշիչներ կամ անհրաժեշտ են անտառամասերը միմյանցից բաժանելու համար:

10, 20, 40 և 60 մ և ավելի լայնությամբ անտառուղիները համապատասխանաբար 1:10 000, 1:25 000, 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում քարտեզի մասշտաբով, պահպանելով իրական լայնությունները:

Անտառուղիներով անցնող և քարտեզի մասշտաբով արտահայտվող գծային օբյեկտներից ցույց են տրվում.

ա) առուները, փայտե սյուներով կապի և էլեկտրահաղորդակցման գծերը և անտառուղու նշանի գծերի միջև համապատասխան պայմանական նշաններով գրունտային և անտառային ճանապարհներն ու արահետները,

բ) եթե անտառուղու նշանի գծերի միջև հեռավորությունները 0.2 մմ և ավելի են համապատասխան պայմանական նշաններով մետաղե կամ երկաթբետոնե հենասյուներով էլեկտրահաղորդակցման գծերը, վերգետնյա գազամուղները:

Եթե անտառուղով երկաթուղի, խճուղային կամ գրունտային ճանապարհ է անցնում, անտառուղու նշանը չի տրվում:

267. Անտառում հեշտ կողմնորոշվելու համար քարտեզների վրա տրվում են խոշոր անտառազանգվածների անտառամասերի համարները, 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա անտառամասերի որոշ համարները կարելի է չտալ, եթե դրանք կարելի է քարտեզի վրա հաշվել: Անտառամասերի համարները չեն տրվում, եթե քարտեզի վրա անտառուղիները տրված են ընտրությամբ:

Թփային բուսականություն

268. Թփային բուսականությունը տրվում է բաժանելով համատարած թփուտների և առանձին թփերի կամ թփերի խմբերի: Համապատասխան պայմանական նշաններով առանձնացվում են փշոտ թփուտները:

Անտառային զանգվածներում եղած համատարած թփուտները առանձնացվում են, եթե դրանք քարտեզի վրա ընդգրկում են  25 մմ2 և ավելի մակերես, ավելի փոքր տարածքները վերցվում են ընդհանուր անտառազանգվածի մեջ: Բաց տեղանքը պատկերելիս պատկերվում են 10 մմ2 և ավելի մակերես զբաղեցնող համատարած թփուտները:

269. Քարտեզի մասշտաբով 2 սմ2 ոչ պակաս մակերես զբաղեցնող համատարած թփուտները պատկերելիս նշվում է դրանց տեսակը և մինչև 0.1 մ ճշտությամբ տրվում են 1 մ-ից ցածր թփերի միջին բարձրությունները և 1 մ ճշտությամբ` բարձր թփերի:

270. Թփերի առանձին խմբերը քարտեզների վրա ցույց են տրվում զուգակցելով բուսականության այլ ձևերի կամ մակերևույթի գրունտի պայմանական նշանների հետ:

Կողմնորոշիչ նշանակություն ունեցող առանձին թփերը տրվում են այնպես, որ պայմանական նշանի օղակի դիրքը համապատասխանի քարտեզագրական նյութի իր դիրքին:

Թփերի նեղ շերտերը և բուսացանկապատները քարտեզների վրա ցույց են տրվում, եթե դրանք ձգվում են ճանապարհների, գետերի, ջրանցքների և առուների երկայնքով, պատկերված հողատեսքերի սահմաններով, կողմնորոշիչներ են հանդիսանում կամ բնորոշ են տվյալ տեղանքին:

Խոտային, կիսաթփային, մամռային եվ քարաքոսային բուսականություն

271. Խոտային բուսականությունը քարտեզների վրա տրվում է բաժանելով մարգագետնայինի և տափաստանայինի, առանձնացվում են նաև բարձրախոտ բուսականությունը, կիսաթփային բուսականությունը և եղեգնային մացառուտները: Մամռային և քարաքոսային բուսականությունները 1:10 000, 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա տրվում են տարբեր պայմանական նշաններով, իսկ 1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա` մեկ ընդհանուր նշանով:

272. 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա ուրվագծմամբ ցույց են տրվում քարտեզագրական նյութի վրա հստակ արտահայտված քարտեզի մասշտաբով 25 մմ2 և ավելի մակերես ունեցող խոտային, կիսաթփային, մամռային և քարաքոսային բուսականությունը: Նման բուսականության առանձին տեղամասերը, որոնք ունեն կողմնորոշիչ նշանակություն, տրվում են 10 մմ2 և ավելի մակերեսի դեպքում:

1:50 000 և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա մարգագետնային և տափաստանային խոտային բուսականության փոքր քանակությամբ ուրվագծված տարածքները առանձնացվում են քարտեզի մասշտաբով 1սմ2 և ավելի մակերեսի դեպքում:

Մարգագետինների կամ եղեգնային մացառուտների ճահճացած տեղամասերը և կողմնորոշիչ նշանակությամբ բուսականությունից զերծ ճահճացած տեղամասերը քարտեզների վրա պատկերվում են ուրվագծմամբ, եթե քարտեզի մասշտաբով 10 մմ2 և ավելի մակերես ունեն, իսկ փոքր մակերեսով տեղամասերը ցույց են տրվում միայն 1:10 000, 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա, այն էլ արտամասշտաբային պայմանական նշաններով:

Առվակների երկայնքով և ձորակներով ձգվող մարգագետնային բուսականության, եղեգնային մացառուտների նեղ շերտերը քարտեզների վրա պատկերվում են առանց ուրվագծման` միայն պայմանական նշաններով:

Տափաստանային և կիսաթփային բուսականությունը լեռնային և բարձրլեռնային տեղանքում առանձնացվում է միայն 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա:

Արհեստական ծառատնկումներ

273. Բնակավայրերից դուրս գտնվող պտղատու այգիները պատկերվում են ուրվագծմամբ, եթե քարտեզի մասշտաբով 10 մմ2 և ավելի մակերես ունեն, իսկ եթե դրանք ունեն կողմնորոշիչ նշանակություն՝ ցույց են տրվում 3-4 մմ2 և ավելի մակերեսի դեպքում: Փոքր մակերեսով այգիները և այլ ծառույթները տրվում են առանձին ծառերի պայմանական նշաններով, եթե անհրաժեշտ է նշել դրանց առկայությունը:

274. Խաղողի, պտղատու այգիները և թփային տեխնիկական մշակաբույսերը ցույց են տրվում ուրվագծմամբ, եթե քարտեզի մասշտաբով 25 մմ2 և ավելի մակերես ունեն: Որոշ տարածքների համար բնորոշ փոքր մակերես ունեցող խաղողի այգիները ցույց են տրվում առանձին նշաններով առանց ուրվագծի և գունավորման:

275. Խոտային տեխնիկական մշակաբույսերի ցանքատարածությունները ցույց են տրվում ուրվագծմամբ, եթե քարտեզի մասշտաբով 25 մմ2 և ավելի մակերես ունեն: Մեծ քանակությամբ մանր պլանտացիաների դեպքում ընտրություն է կատարվում:

276. Նշանակալի մակերես ունեցող տեխնիկական մշակաբույսերի պլանտացիաները պատկերելիս (քարտեզի մասշտաբով 1 սմ2 ոչ պակաս) մակագրվում է մշակաբույսի անունը, օր.` վարդ, ծխախոտ:

277. Վարելահողերն ու բանջարանոցները հատուկ պայմանական նշանով չեն տրվում: 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա տրվում են քարտեզի մասշտաբով արտահայտվող ջերմոցների տարածքները:

278. Զբոսայգիների բուսական ծածկույթը տրվում է անտառի, թփուտի, մարգագետնի պայմանական նշանով` ըստ քարտեզագրական նյութի: Սիզամարգերը պատկերվում են մարգագետնի նշանով:

Ճահիճներ, աղուտներ, գրունտներ

279. Ճահիճները քարտեզների վրա պատկերվում են հետիոտների համար, ըստ  անցանելիության աստիճանի բաժանելով` անցանելի, ոչ անցանելի և դժվարանցանելի ճահիճների: Բուսականությունը ճահիճներում տրվում է: Ըստ անցանելիության և բուսական ծածկույթի միմյանցից տարբեր ճահիճները ուրվագծով չեն առանձնացվում:

Ճահիճները ցույց են տրվում քարտեզի մասշտաբով 25 մմ2-ից ոչ պակաս մակերեսի դեպքում, իսկ կողմնորոշիչ նշանակություն ունեցող ճահիճները ցույց են տրվում նաև ավելի փոքր մակերեսների դեպքում: Մանրամասնությամբ պատկերվում են այն ճահիճները, որոնք գտնվում են ճանապարհների երկու կողմերում կամ գետերի ափերին:

Քարտեզների վրա տրվում են 0.5-2 մ խորությամբ ճահիճների խորությունների բնութագրերը: Եթե ճահիճը 2 մետրից խորն է, ապա բնութագիրը տրվում է` 2 մետրից խորը: Խորության չափման վայրը նշվում է սլաքով:

280. Աղուտները քարտեզների վրա ցույց են տրվում բաժանելով անցանելի և ոչ անցանելի աղուտների: Աղուտների մեծ քանակությամբ մանր տեղամասերի դեպքում առաջին հերթին ցույց են տրվում գոգավորություններում գտնվողները:

281. Ոչ ժայռային գրունտները (ավազներ, քարաթափվածքներ, ճալաքարեր, թակիրներ), ժայռային գրունտները կամ քարային մակերևույթներն (արմատական ապարների ելքեր) ու ռելիեֆի միկրոձևերով մակերևույթները (բազմանկյունակերպերով, բլրապատ, գուղձավոր) քարտեզների վրա տրվում են այնպես, ինչպես որ պատկերված են քարտեզագրական նյութի վրա: 1:10 000 և 1:25 000 մասշտաբի քարտեզների վրա առանձնացվում են նաև կավային և խճաքարային մակերևույթները:

Ամրապնդված և կիսաամրապնդված ավազուտները քարտեզների վրա ցույց են տրվում իրենց վրա եղած բուսականության պայմանական նշանների հետ զուգակցելով:

Թակիրները քարտեզների վրա ցույց են տրվում ուրվագծմամբ, եթե քարտեզի մասշտաբով 25 մմ2 և ավելի մակերես ունեն:

 

Սահմաններ եվ ցանկապատումներ

 

282. Ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի քարտեզների վրա ցույց են տրվում Հայաստանի Հանրապետության հետևյալ վարչատարածքային միավորների սահմանները` պետական, մարզային և համայնքային, որոնք պատկերվում են նորագույն, ճշգրիտ և հավաստի տվյալների հիման վրա: Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր: Մարզի տարածքը կազմված է նրա մեջ ընդգրկված համայնքների տարածքներից և պետական սեփականություն հանդիսացող հողային և ջրային այլ տարածքներից:

Ըստ 20 նոյեմբերի 2001 թվականին ընդունված պետական սահմանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի գծով և այդ գծով անցնող ուղղահայաց մակերևույթով որոշվում են Հայաստանի Հանրապետության տարածքի ցամաքային, ջրային, ընդերքի և օդային տարածության շրջանակները:

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ պետական սահմանը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, տեղորոշվում է`

ա) ցամաքում` ըստ ռելիեֆի բնորոշ կետերի ու գծերի կամ պարզ տեսանելի կողմնորոշիչների,

բ) գետերում` դրանց կենտրոնով կամ գետի գլխավոր գետաբազկի կենտրոնով,

գ) ջրավազաններում` այն ուղիղ գծով, որը պետական սահմանի ելքերը միացնում է ջրավազանի ափերին,

դ) հիդրոհանգույցների ջրավազաններում` պետական սահմանի այն գծին համապատասխան, որն անցնում էր այդ տեղանքով մինչև դրանք լցնելը,

ե) երկաթուղային և ավտոճանապարհային կամուրջների, ամբարտակների վրա ու այլ կառույցներում` այդ կառույցների կենտրոնով կամ դրանց տեխնոլոգիական առանցքով` անկախ պետական սահմանի անցումից:

Գետով, ջրավազանով անցնող պետական սահմանը չի տեղաշարժվում ինչպես դրանց ափերի գծագրության կամ ջրի մակարդակի փոփոխման, այնպես էլ գետի հունն այս կամ այն կողմ խոտորվելու դեպքում:

283. ՀՀ պետական սահմանը ցույց է տրվում սահմանազատման (դեմարկացիա) կամ պայմանագրային քարտեզների ճշգրիտ համապատասխանությամբ:

ՀՀ պետական սահմանը տեղանքում գծանշվում է պարզ տեսանելի սահմանանշաններով, որոնց ձևերը, տեղադրման կարգն ու նկարագիրը սահմանում է ՀՀ կառավարությունը ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան:

Բոլոր սահմանասյուների նշանները պետք է տրվեն կոորդինատներով: Տեղանքը, որով անցնում է պետական սահմանը պատկերվում է հնարավորության սահմաններում մանրամասնորեն, պահպանելով բնորոշ բոլոր առանձնահատկությունները: ՀՀ պետական սահմանի պայմանական նշանի հատվածները պետք է տրվեն այնպես, որ տարածքի պետական պատկանելությունը կասկած չհարուցի:

284. ՀՀ պետական սահման ունեցող տեղագրական քարտեզների թերթերի շրջանակներից դուրս գրվում են համապատասխան երկրների անունները` օր. Հայաստանի Հանրապետության տարածքը պատկերող մասի վրա` Հայաստանի Հանրապետություն, իսկ հարևան երկրի տարածքը պատկերող մասի վրա` տվյալ երկրի անունը (Ադրբեջանի Հանրապետություն, Թուրքիա, Իրան, Վրաստան):

285. Օտարերկրյա պետությունների պետական սահմանների գծերը անցկացվում են ըստ համապատասխան երկրների տեղագրական քարտեզների, պարտադիր ստուգելով պետական սահմանների պատկերները սահմանակից երկրների նմանօրինակ քարտեզներով:

286. Վարչական բաժանման սահմանները ցույց են տրվում ըստ տեղագրական քարտեզների, որոնք օգտագործվում են որպես հիմնական նյութ:

287. Սահմանները պատկերելիս պահպանվում են հետևյալ կանոնները.

ա) քարտեզի գծագրական ճշտության սահմաններում սահմանները ցույց են տրվում նվազագույն ընդհանրացմամբ, հատուկ մանրամասնությամբ մշակվում են պետական սահմանի շրջադարձերն ու ուղղագիծ տեղամասերը, որի ժամանակ բոլոր կտրուկ շրջադարձերը նշվում են պայմանական նշանի կետերով,

բ) տեղանքի գծային օբյեկտների հետ չհամընկնող սահմանները ցույց են տրվում չընդհատվող պայմանական նշաններով, ընդ որում, պայմանական նշանի առանցքը պետք է համընկնի սահմանի իրական դիրքին,

գ) գծային օբյեկտների (ճանապարհի, ջրանցքի, գետի) հետ համընկնող սահմանները ցույց են տրվում պայմանական նշանի հատվածներով` յուրաքանչյուր հատվածում 3-4 օղակ պատկերված փոփոխաբար օբյեկտի երկու կողմում` հատվածների միջև հեռավորությունները 4-6 սմ-ից ոչ ավելի պետք է լինեն, եթե սահմանը համընկնում է ուրվագծի հետ, ապա ուրվագծի նշանը չի տրվում, տրվում է սահմանի պայմանական նշանը,

դ) գծային օբյեկտների երկայնքով անցնող սահմանների նշանները անցկացվում են պատկերի այն կողմով, որով դրանք անցնում են տեղանքում,

ե) երկու գծով պատկերված գետերով, որոնց գծերի միջև լայնությունն ավելի մեծ է, քան սահմանի պայմանական նշանի հաստությունը, անցնող սահմանները ցույց են տրվում ափագծերի մեջտեղում, պահպանելով քարտեզագրական նյութի վրա եղած կորություններն ու շրջադարձերը,

զ) լեռնաշղթաներով անցնող սահմանների պատկերները պետք է խստորեն համաձայնեցված լինեն ռելիեֆի պատկերի հետ, հատկապես քարտեզի վրա եղած լեռնագագաթների, լեռնանցքների և այլ օբյեկտների դիրքի հետ կապված,

է) սահմանների պայմանական նշանները չպետք է հատվեն անունների մակագրությունների հետ, օբյեկտների անունները մակագրվում են սահմանի նշանի այն կողմում, որ կողմում որ օբյեկտները տեղաբաշխված են,

ը) եթե պետական սահմանի գիծը համընկնում է քարտեզի թերթի ներքին շրջանակի գծի հետ, ապա այն երկու հարևան թերթերի վրա էլ առանց ընդհատելու տրվում է, իսկ թերթի ներքին շրջանակը այս դեպքում չի տրվում: Ներքին շրջանակի գծի հետ համընկնող վարչական սահմանը ցույց է տրվում պայմանական նշանի հատվածներով շրջանակի գծի երկու կողմերում:

288. ՀՀ պետական սահմանը պատկերելիս 287 կետի դրույթներին լրացվում է հետևյալը.

1) 1:10 000, 1:25 000 և 1:50 000 մասշտաբի քարտեզների վրա ցույց են տրվում բոլոր սահմանային նշանները և 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա նույնպես ցույց են տրվում, եթե միմյանց միջև հեռավորությունները քարտեզի մասշտաբով 3 մմ-ից պակաս չեն,

2) սահմանասյուների նշաններին կից պետք է տրվեն դրանց համարները կամ անունները, 1:100 000 մասշտաբի քարտեզների վրա առանձին նշաններ թույլատրվում է չհամարակալել այն պայմանով, որ մոտակա մակագրված նշանով կարելի է դրանք հեշտությամբ որոշել,

3) գետերի վրա եղած բոլոր կղզիները, որոնցով անցնում է սահմանը, ցույց են տրվում անկախ չափերից, ճիշտ արտահայտելով պետական պատկանելությունը:

289. Պետական սահմաններն առանձնացվում են գունավորմամբ: Հրատարակչական բնօրինակների վրա դրանք տրվում են խճուղային ճանապարհների նշանի գույնով:

290. Քարտեզի վրա պատկերված տարածքների վարչատարածքային պատկանելությունը նշվում է  վարչատարածքային միավորների անունների մակագրություններով թերթի վերնագրի մասում և ներքին շրջանակից դուրս սահմանների գծերի ելքերի մոտ:

Քարտեզի թերթի ներքին շրջանակից դուրս սահմանի գծի ելքի երկու կողմերում մակագրվում են պետությունների կամ համապատասխան վարչական միավորների անունները:

291. Վարչատարածքային բաժանման միավորների անունները, որոնք զետեղված են թերթի վերնագրի մասում և ներքին շրջանակից դուրս սահմանի գծի ելքի մոտ, տրվում են առանց կրճատելու: Վարչատարածքային բաժանման միավորների անունների կրճատում թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ մակագրությունը շատ երկար է ստացվում և լրիվ անունը տեղավորել հնարավոր չէ: Կրճատումը կատարվում է պայմանական նշանների աղյուսակներում զետեղված պայմանական կրճատումների ցանկին համապատասխան:

292. Քարտեզների վրա ցույց են տրվում բոլոր պետական արգելանոցների սահմանները: Արգելանոցի սահմանի պայմանական նշանը կարելի է կտրել միայն այն տեղերում, որտեղ սահմանն անցնում է քարտեզի վրա հստակ պատկերված իրական սահմանով` լճափով, գետի ափով և այլն:

Արգելանոցների անունները տրվում են իրենց տարածքների պատկերների վրա:

293. Կապիտալ ցանկապատերը` քարե, բետոնե պատերը և մետաղե ցանկապատերը ցույց են տրվում քարտեզի մասշտաբով 5 մմ-ից ոչ պակաս երկարության դեպքում:

Պատմական պատերը քարտեզների վրա ցույց են տրվում հատուկ պայմանական նշանով, եթե բնակավայրերից դուրս են, իսկ բնակավայրերի ներսում գտնվողները ցույց են տրվում որպես սովորական պատեր: Պատմական պատերի պատկերների մոտ տրվում են բարձրությունները` մետրերով:

Մեծ քանակությամբ ուրվագծեր ունեցող տեղանքի քարտեզները կազմելիս ցանկապատերը տրվում են ընտրությամբ: Առաջին հերթին տրվում են մեծ ձգվածությամբ, լավ կողմնորոշիչներ հանդիսացող ցանկապատերը:

Կազմողական բնօրինակների միակցում

294. Քարտեզների կազմողական բնօրինակները հարակից թերթերի հետ պետք է միակցվեն շրջանակի բոլոր կողմերով: Եթե հարակից թերթերը դեռ կազմված չեն և չեն կազմվելու, ապա միակցումը իրականացվում է խոշորամասշտաբ քարտեզների թերթերի հետ: Միակցման համար որպես նյութ հանդիսանում են արտատիպերը, տեղագրական հանույթի բնօրինակները, հարակից թերթերի կազմողական կամ հրատարակչական բնօրինակները, իսկ եթե բնօրինակները հնարավոր չէ ստանալ` լուսապատճենները կամ շրջանակի կողմերի երկայնքով պատճենաքաղվածքները:

Լուսապատճենները միակցման համար պատրաստվում են ամբողջական թերթի տեսքով կամ 5-6 սմ լայնությամբ շերտով, պատճենաքաղվածքի շերտի լայնությունը պետք է լինի 2 սմ-ից ոչ պակաս:

295. Միակցման համար պատճենաքաղումը կատարվում է կազմողական բնօրինակի համար ընդունված գույներով: Ճանապարհների, փողոցների, սահմանների, անտառուղիների, կապի և այլ գծային օբյեկտների ուղիղ տեղամասերը, որոնք հատվում են շրջանակի գծով և դուրս են գալիս պատճենաքաղվածքի շերտի սահմաններից, գծվում են մինչև մոտակա շրջադարձը:

Պատճենաքաղվածքի վրա ցույց են տրվում ուղղանկյուն ցանցի գծերի ելքերը և թվային արժեքները, տրվում են թերթի անվանահամարը և շրջանակի անկյունների գագաթների աշխարհագրական կոորդինատները:

296. Քարտեզի թերթի կազմողը պատասխանատու է շրջանակի բոլոր կողմերի միակցումների համար, ինքն անձամբ կատարում է շրջանակի հարավային և արևելյան կողմերի միակցումները, իսկ հյուսիսային և արևմտյան կողմերի միակցումների համար բնօրինակը փոխանցում է հարակից թերթերը կազմողներին:

297. Քարտեզի թերթերը միմյանց հետ պետք է միակցված լինեն ինչպես քարտեզի բովանդակության բոլոր տարրերի տեղադրություններից ելնելով, այնպես էլ միօրինակ ընդհանրացումից:

298. Միակցման ժամանակ պատկերի ուղղում կատարվում է այն դեպքում, երբ հարակից թերթերի վրա տարրերի անհամապատասխանությունները չեն գերազանցում.

ա) 1 մմ-ը` տեղանքում հստակ արտահայտված ուրվագծերի (ճանապարհների, փողոցների, լճերի և գետերի ափագծերի և այլն) դիրքերի և 2 մմ-ը` այլ ուրվագծերի դիրքերի, ինչպես նաև լեռնային ռելիեֆի` թալվեգների և ջրբաժանների կառուցվածքային գծերի,

բ) մեկ երրորդը` ռելիեֆի հիմնական հորիզոնականների միջև, այս դեպքում չպետք է խախտվի ռելիեֆի ձևը:

299. Բնօրինակների շրջանակի համապատասխան կողմերի լուսանցքներում և թերթերի տեղեկամատյաններում նշվում է, թե ինչ նյութերի հիման վրա է կատարվել միակցումը (արտատիպ, կազմողական բնօրինակ, պատճենաքաղվածք և այլն), նշվում է անվանահամարը, մասշտաբը, կազմման կամ հրատարակման թիվը, միակցման ամսաթիվը և միակցումը կատարողի ու ստուգողի ստորագրությունները:

Եթե տվյալ քարտեզի հարակից թերթերը դեռևս հրատարակված չեն և դրանց կազմումը (հանութագրումը) արված չէ, ապա թերթի համապատասխան կողմերը համարվում են միակցումից ազատ:

Ազատ միակցումների մասին նշվում է քարտեզի թերթի տեղեկամատյանում ու բնօրինակի լուսանցքներում և հաստատվում է բաժնի պետի կողմից:

Քարտեզների թերթերի շրջանակների ձեվավորում

300. Կազմողական բնօրինակների վրա քարտեզների թերթերի շրջանակների ձևավորումը իրականացվում է ըստ պայմանական նշանների աղյուսակներին կից նմուշների, որի ժամանակ թույլատրվում են հետևյալ շեղումները.

ա) չեն գծվում արտաքին շրջանակները, գծային մասշտաբը, մագնիսական սլաքի խոտորման և միջօրեականների մերձեցման սխեման,

բ) լուսանցքներում չեն տրվում քարտեզի բոլոր թերթերի համար միևնույն մակագրությունները` օրինակ թերթի վերնագրի մասում կազմակերպության անվանումը, մագնիսական սլաքի խոտորման և միջօրեականների մերձեցման վերաբերյալ տեքստը և այլն:

Կազմողական բնօրինակի լուսանցքներում տեղադրվում են.

գ) սխեման, որի  վրա նշվում է թերթի շրջանակի կողմերի և անկյունագծի տեսական չափերը,

դ) ֆոնային գունավորման պայմանական նշանները,

ե) քարտեզագրողի և ղեկավար անձանց ստորագրությունները:

301. Պատկերի տարրերը և մակագրությունները չպետք է հատեն թերթի ներքին շրջանակը: Բացառության կարգով շրջանակից դուրս տրվում են ոչ մեծ գետագալարները, հիմնական ճանապարհների, պետական և վարչական սահմանների կորությունները, եթե դրանք անհրաժեշտ են լավ ընթեռնելիության համար:

302. Քարտեզի թերթի վերնագրի մասում անվանահամարին կից տրվում է թերթի վրա եղած բնակավայրերից համեմատաբար նշանավոր բնակավայրի անունը, իսկ եթե տվյալ թերթը ծածկող տարածքի վրա բնակավայր չկա, ապա տրվում է մեկ այլ խոշոր կամ կարևոր օբյեկտի անունը (լեռնագագաթներ, լեռնանցքներ, լճեր և այլն), որը տրվում է օբյեկտի տեսակը  ցույց տվող անվանահամարային տերմինի հետ, օրինակ` Աժդահակ լեռ, Սելիմի լ-անցք և այլն:

303. Կոորդինատային համակարգի (որի գեոդեզիական պլանային հիմքը բերված է հաստատված համակարգի) վերաբերյալ մակագրությունները տրվում են քարտեզի թերթերի վրա: Եթե պլանային հիմքը այդ համակարգի բերված չէ, ապա թերթի շրջանակից դուրս տրվում է ծանոթություն քարտեզի պլանային հիմքի վերաբերյալ, օրինակ` Քարտեզի պլանային հիմք են հանդիսանում աստղագիտական կետերը կամ տեղական կոորդինատային համակարգը, Կրասովսկու էլիպսոիդը  և այլն:

304. Բարձունքային համակարգի վերաբերյալ մակագրությունները տրվում են քարտեզի թերթերի վրա: Եթե քարտեզի բարձունքային հիմքի կետեր են ծառայել այս համակարգի հետ կապ չունեցող կետեր, ապա տրվում է մակագրություն, որում նշվում է, թե որ մակարդակից են հաշվված բարձրությունները, օր.` Բարձրությունները տրված են 1977 թ. Բալթյան համակարգով:

305. Մագնիսական սլաքի խոտորման մեծությունը, որը տրվում է թերթերի վրա, որոշվում է որպես հիմնական քարտեզագրական նյութի թերթերի վրա տրված խոտորման մեծությունների միջին թվաբանական, եթե դրանց միջև տարբերությունները 1.5' չեն գերազանցում: Որոշված արժեքը ուղղման ճանապարհով բերվում է քարտեզի հրատարակման տարեթվի: Ուղղումը որոշվում է խոտորման տարեկան փոփոխությունների տվյալներով:

Բացատրական տեքստում մագնիսական սլաքի խոտորման և միջօրեականների մերձեցման վերաբերյալ նշվում է, թե որ տարվա համար է տրված խոտորումը և տրվում է տարեկան փոփոխության արժեքը:

Միջօրեականների մերձեցման արժեքը ընտրվում է միջօրեականների մերձեցման գաուսային հատուկ աղյուսակներից:

306. Մագնիսական սլաքի խոտորման, տարեկան փոփոխությունների և միջօրեականների մերձեցման արժեքները նշվում են աստիճանային չափերով և անկյունաչափի բաժանումներով:

Բացատրական տեքստում և գծագրի վրա, որը տեղադրվում է տեքստի աջ մասում տրվում է նաև դիրեկցիոն անկյան ուղղումը դրանից մագնիսական ազիմուտին անցնելու համար, որը անկյունային մեծությամբ հավասար է ուղղանկյուն ցանցի ուղղահայաց գծերին բուսոլի տեղադրման ժամանակ մագնիսական սլաքի միջին շեղման արժեքին: Եթե շեղումը արևելյան է, ուղղումը բացասական է, եթե արևմտյան է` դրական է:

 

10. ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ


Քարտեզների հրատարակման նախապատրաստման եղանակները

 

307. Քարտեզների հրատարակման նախապատրաստման ընթացքում պատրաստվում են քարտեզների ստվերագծային տարրերի հրատարակչական և գունային բնօրինակներն ու բնակավայրերի թաղամասերի և ճանապարհների լցման մակետները:

308. Տեղագրական հանույթի նյութերով քարտեզները հրատարակման նախապատրաստելիս խմբագիրը նախապես պետք է ուսումնասիրի այդ նյութերը և դրանց հիման վրա կազմի քարտեզների հրատարակման նախապատրաստման հակիրճ խմբագրատեխնիկական ցուցումներ:

309. Քարտեզների բնօրինակները նախապատրաստվում են հրատարակման պլաստիկի վրա փորագրման միջոցով: Փորագրումը կարող է իրականացվել ինչպես առանձին փորագրական հիմքերի, այնպես էլ մեկ հիմքի վրա:

310. Փորագրման ժամանակ տարբեր պայմանական նշանների միջև հեռավորությունները 0.2մմ-ից պակաս չպետք է լինեն:

Մի շարք օբյեկտների պայմանական նշաններ, բացի հիմքի կետերից և սահմանային նշաններից թույլատրվում է չփորագրել, այլ միջանկյալ թափանցապատկերների (դիապոզիտիվ) վրա սոսնձել թափանցիկ հիմքով լուսատպվածքներ:

Աշխատանքների կատարման հաջորդականությունը

311. Քարտեզների նախապատրաստումը հրատարակման ընդգրկում է հետևյալ տեխնոլոգիական պրոցեսները.

ա) կազմողական բնօրինակից փորագրական հիմքերի վրա ուրվապատկերների ստացում,

բ) գունաբաժանված բնօրինակների վրա ստվերագծային տարրերի փորագրում և դրանց համար լրացվող պայմանական նշանների քողարկների պատրաստում,

գ) փորագրված տարրերի, քողարկների ստուգում և դրանց ուղղում,

դ) փորագրանկարներից միջանկյալ թափանցապատկերների և մակետի համար թղթի վրա կապույտ պատճենների պատրաստում,

ե) մակագրությունների և պայմանական նշանների սոսնձում միջանկյալ թափանցապատկերների վրա,

զ) ստվերագծային տարրերը գունավոր թափանցապատկերի հետ համատեղման պատրաստում,

է) ջրային տարածքների ցանցի, անտառի գունավորման և ցանցի բնօրինակների (քողարկ), ինչպես նաև բնակավայրերի թաղամասերի և ճանապարհների լցման մակետների պատրաստում,

ը) միջանկյալ թափանցապատկերների, բնօրինակների և մակետների ստուգում և ուղղում,

թ) քարտեզի թերթի բնօրինակային թափանցապատկերների լրակազմի պատրաստում,

ժ) բնօրինակային թափանցապատկերների ստուգում և ընդունում:

Քարտեզի ստվերագծային տարրերի փորագրման կարգը

312. Ջրագրության բնօրինակի փորագրումը կատարվում է հետևյալ կարգով.

ա) քարտեզի թերթի ներքին շրջանակի անկյունները,

բ) ափագծերը հատող պայմանական նշանները (ջրանիշերը, նավամատույցներ և այլն),

գ) լճերի և ջրամբարների, ինչպես նաև երկու գծով պատկերվող գետերի և ջրանցքների ափագծերը,

դ) աղբյուրները,

ե) մեկ գծով պատկերվող գետերը,

զ) մեկ գծով պատկերվող ջրանցքները, առուները, ջրագծերը, քանքանները, ճահիճների և աղուտների ոչ մեծ տարածքները,

է) իզոբաթները, ֆիռնային դաշտերը,

ը) այլ օբյեկտներ, որոնք քարտեզի հրատարակման ժամանակ տպվում են կապույտ գույնով (ջրհորներ, գեյզերներ և այլն):

313. Ուրվագծի բնօրինակի փորագրումը կատարվում է հետևյալ կարգով.

ա) թերթի շրջանակը և ուղղանկյուն ցանցը,

բ) հիմքի և բարձունքային կետեր,

գ) երկաթուղիներ,

դ) բնակավայրեր, արդյունաբերական, գյուղատնտեսական և կենցաղ-մշակութային օբյեկտներ,

ե) խճուղային և գրունտային ճանապարհներ, արահետներ, կածաններ անտառներում և գծային պայմանական նշաններով պատկերվող այլ օբյեկտներ,

զ) սահմաններ և ցանկապատումներ,

է) բուսականություն և գրունտներ,

ը) արտաշրջանակային ձևավորում:

Երկաթուղիները, խճուղային և բարեկարգված գրունտային ճանապարհները, կապի և էլեկտրահաղորդման գծերը, գազամուղները և սահմանները ողջ թերթի վրա փորագրվում են միանվագ շրջանով, իսկ մնացած տարրերը` տեղամասերով:

Բնակավայրերը նպատակահարմար է փորագրել տեղամասերով հետևյալ հաջորդականությամբ.

ա) կողմնորոշիչ նշանակության օբյեկտներ,

բ) կենտրոնական և գլխավոր փողոցներ,

գ) այլ փողոցներ և անցումներ, թաղամասերի ուրվագծեր, բնակավայրը ուրվագծող ցանկապատեր,

դ) թաղամասերում կառույցներ և շինություններ,

ե) բնակավայրերի թաղամասերում և դրանց սահմաններից դուրս բուսական ծածկը:

314. Ռելիեֆի բնօրինակի փորագրումը կատարվում է հետևյալ կարգով.

ա) քարտեզի թերթի ներքին շրջանակի անկյունները,

բ) գետերի չոր հուներ, ժայռեր, թափվածքներ, ձորեր, փոսեր, բլուրներ և հորիզոնականներով չարտահայտվող ռելիեֆի այլ տարրեր,

գ) հորիզոնականներ:

Հաստացված հորիզոնականները, սովորաբար, փորագրվում են միանվագ շրջանով, իսկ մնացածները` տեղամասերով:

Գունավոր բնօրինակների եվ բնակավայրերի թաղամասերի ու ճանապարհների լցման մակետների պատրաստում

315. Ջրային տարածությունների բնօրինակները, անտառի լցվածքներն ու ցանցերը պատրաստվում են ձեռքով` փայլատած պլաստիկի վրա համապատասխան ջրային տարածությունները և անտառները ռետուշող գույնով գունավորելով:

316. Բնակավայրերի թաղամասերի ու ճանապարհների լցման մակետները պատրաստվում են կապույտ լուսապատճենների վրա ուրվագծի փորագրանկարից: Մակետի վրա կարմիր գույնով ներկվում են ավտոմայրուղիների, խճուղային ճանապարհների, բնակավայրերի հրակայուն կառույցների գերակշռությամբ կամ խոշոր քաղաքների թաղամասերի պայմանական նշանները, դեղին գույնով` բարեկարգված գրունտային ճանապարհների, բնակավայրերի ոչ հրակայուն կառույցների գերակշռությամբ թաղամասերի պայմանական նշանները:

Բնագրային թափանցապատկերներին ներկայացվող պահանջները

317. Բոլոր բնագրային թափանցապատկերները, անկախ ստացման եղանակից, պետք է բավարարեն հետևյալ պահանջները.

ա) ունենան հայելային պատկերում,

բ) լրիվ և ճշգրիտ վերարտադրեն կազմողական բնօրինակի և միջանկյալ թափանցապատկերների բովանդակությունը, պահպանելով պայմանական նշանների ու տառատեսակների չափերը,

գ) տարբեր հիմքերի վրա փորագրված քարտեզի բովանդակության տարրերը պետք է փոխադարձաբար համաձայնեցված լինեն,

դ) ունենան շրջանակի կողմերի և անկյունագծերի չափերը, որոնց տեսական չափերը չգերազանցեն ± 0.2մմ-ը, իսկ միմյանց միջև` ± 0.1մմ-ը,

ե) կիրառված ցանցը պետք է համապատասխանի գծաքանակով և սահմանված ստանդարտի տոկոսային հարաբերակցությամբ,

զ) չունենան ջրով հեռացվող տուշով գծած կամ սոսնձված ավելացումներ և փոփոխություններ,

է) չունենան կեղտոտվածություն, տառաթափվածք և այլ թերություններ, որոնք կարող են ազդել հրատարակվող քարտեզի որակի վրա,

ը) բոլոր թափանցապատկերների համար պլաստիկ հիմքը պետք է նույն տեսակի լինի, մեխանիկական վնասվածքներ չունենա, մակերևույթն էլ հարթ լինի:

318. Հրատարակչական բնօրինակների համար հիմքերի չափերը ընտրվում են պայմանով, որ դրանց վրա տեղավորվեն քարտեզի թերթերի պատկերները արտաշրջանակային ձևավորման տարրերի հետ միասին:

Հրատարակչական բնօրինակների միակցում

319. Քարտեզի յուրաքանչյուր թերթի հրատարակչական բնօրինակները պետք է միակցված լինեն հարակից թերթերի հետ բոլոր կողմերից: Միակցումը իրականացվում է հրատարակչական բնօրինակներով լուսապատճենների և հրատարակչական բնօրինակների պատճենաքաղվածքների հետ համատեղ: Եթե հարակից թերթերի հրատարակչական բնօրինակները դեռ պատրաստ չեն, ապա միակցումը կատարվում է կազմողական բնօրինակների հետ:

320. Միակցման ժամանակ պետք է ղեկավարվել կազմողական բնօրինակների միակցման մասին եղած ցուցումներով (294-299 կետեր): Այդ դեպքում պետք է հասնել.

ա) շրջանակի գծերով պատկերների լրիվ համընկեցմանը,

բ) բոլոր փորագրված տարրերի գծագրման և պայմանական նշանների չափերի միօրինակությանը,

գ) մակագրությունների տառատեսակների գծագրմամբ ու չափերի և դրանք քարտեզի վրա տեղադրման համաձայնեցմանը:

321. Գունավոր բնօրինակների և բնակավայրերի թաղամասերի ու ճանապարհների լցման մակետները պետք է համաձայնեցված լինեն հարակից թերթերի համանման գունավոր բնօրինակների և մակետների հետ:

Պատրաստի գունավոր բնօրինակները և մակետները պետք է մանրամասնորեն ստուգված և ստորագրված լինեն կատարողի և բաժնի պետի կողմից:

Քարտեզների հրատարակման համար նյութերի լրակազմությունը

322. Փորագրման կամ միաժամանակ կազմման և փորագրման եղանակով պատրաստված և հանձնման ենթակա հրատարակչական բնօրինակների նյութերի լրակազմի մեջ մտնում են.

ա) ստվերագծային տարրերի գունաբաժանված հակառակ բնագրային թափանցապատկերները (ուրվագծեր, ջրագրություն և ռելիեֆ),

բ) անտառի և ջրային մակերևույթների տարրերի գունային հակառակ բնագրային թափանցապատկերները,

գ) բովանդակության ստվերագծային տարրերի ուղիղ համատեղված միագույն բնագրային թափանցապատկերները,

դ) բնակավայրերի թաղամասերի ու ճանապարհների լցման մակետները,

ե) քարտեզի թերթի տեղեկամատյանը:

323. Բնակավայրերի թաղամասերի ու ճանապարհների լցման մակետները կարող են չպատրաստվել, եթե դրանց փոխարեն օգտագործվում են կազմողական բնօրինակները:

324. Բնագրային թափանցապատկերները և մակետները պատրաստվում են միևնույն չափերով:

 

ՄԱՍ II

 

11. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընդհանուր դրույթներ

325. Տեղագրական քարտեզների թարմացումը կատարվում է դրանց բովանդակությունը տեղանքի ժամանակակից վիճակի բերելու և կոորդինատային ընդունված համակարգով և գործող պայմանական նշաններով ձևավորելու նպատակով:

326. Քարտեզները թարմացվում են պարբերաբար ժամանակի որոշակի ընդմիջումներով` տարածքների շրջանացման սխեմային համապատասխան տեղագրական քարտեզների բոլոր մասշտաբներով:

Կախված քարտեզի ստեղծման պահից տեղանքում կատարված փոփոխությունների քանակից և բնույթից 1:10 000, 1:25 000, 1:50 000, 1:100 000 մասշտաբի քարտեզները պետք է թարմացվեն հետևյալ պարբերականությամբ.

ա) ավելի կարևոր տարածքներ (արդյունաբերական կենտրոններ, քաղաքներ, խոշոր բնակավայրեր)` 5-7 տարին մեկ,

բ) այլ տարածքներ` 10-15 տարին մեկ:

327. Սկզբնական մասշտաբի քարտեզների թարմացումը կատարվում է 1:200 000 մասշտաբի քարտեզի թերթերի շրջանակներում, կարճ ժամանակահատվածում ողջ մասշտաբային շարքը թվայնացնելու նպատակով:

328. Թարմացվող քարտեզների բովանդակության և ձևավորման ճշտությունը պետք է բավարարեն Տեղագրական քարտեզների բովանդակության հիմնական դրույթների պահանջներին: Քարտեզների թարմացվելիք տարածքների սահմանները պետք է ընտրվեն այնպես, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր լինի թարմացնել ողջ մասշտաբային շարքի քարտեզները` 1:200 000 մասշտաբը ներառյալ:

329. Քարտեզների թարմացման աշխատանքների տեխնոլոգիան և կազմակերպումը յուրաքանչյուր կոնկրետ տարածքի համար հաստատվում է քարտեզի պլանաբարձունքային հիմքի մանրամասն վերլուծության, քարտեզի ստեղծումից հետո տեղանքի փոփոխությունների, թարմացվող քարտեզի սկզբնական նյութերի հիման վրա:

330. Տեղագրական քարտեզները քարտեզագրական նյութերով թարմացնելու տեխնոլոգիան իր մեջ ընդգրկում է աշխատանքի հետևյալ հիմնական ձևերը.

ա) թարմացման համար անհրաժեշտ նյութերի հավաքում, վերլուծում և որակի գնահատում,

բ) թարմացվող քարտեզի ճշտության ստուգում,

գ) տեղանքի փոփոխությունների վերլուծության ճանապարհով քարտեզի վաղեմության աստիճանի որոշում և խմբագրատեխնիկական ցուցումների մշակում,

դ) քարտեզների բնօրինակների ուղղում և նախապատրաստում հրատարակման:

Թարմացվող քարտեզի ճշտության ստուգումը

331. Քարտեզի ճշտության ստուգումը կատարվում է թարմացման համար դրա պիտանելիությունը հաստատելու նպատակով: Քարտեզի ճշտությունը որոշվում է նախօրոք ստեղծված կամ թարմացված աշխատանքների նյութերի վերլուծության և անհրաժեշտության դեպքում, նաև նոր խոշորամասշտաբ քարտեզագրական, օդալուսանկարային կամ տիեզերալուսանկարային նյութերով ստուգելու ճանապարհով:

Թարմացվող քարտեզի ճշտությունը ստուգելիս վերլուծության են ենթարկվում տեղեկամատյաններում և խմբագրատեխնիկական ցուցումներում եղած տվյալները:

Վերլուծության արդյունքում հաստատվում են.

ա) թարմացվող քարտեզի ստեղծման մեթոդը (ինչ հրահանգով և պայմանական նշաններով է ստեղծվել քարտեզը) կամ թարմացման տեխնոլոգիան (քարտեզի կրկնակի թարմացման ժամանակ),

բ) պրոյեկցիան, էլիպսոիդը, կոորդինատային և բարձունքային համակարգերը, ռելիեֆի անկման բարձրությունը,

գ) պլանաբարձունքային հիմքի կետերի խտությունը և նշանների դիրքի ճշտությունը,

դ) ուրվագծերի և ռելիեֆի հանութագրման ճշտությունը, քարտեզի կազմման ճշտությունը:

332. Եթե ըստ վաղօրոք կատարված աշխատանքների նյութերի վերլուծության արդյունքների բավարար վստահությամբ չի կարելի հաստատել, որ քարտեզի ճշտությունը բավարարում է Հիմնական դրույթների պահանջներին, ապա ճշտությունը ստուգվում է խոշորամասշտաբ նոր քարտեզներով կամ լուսանկարներով:

Քարտեզը համարվում է թարմացման համար պիտանի, եթե պլանային դիրքով թարմացվող քարտեզի և նոր քարտեզագրական նյութի նույնական ուրվագծերի միջին անհամապատասխանությունները չեն գերազանցում 0.7 մմ-ը, իսկ բարձրությամբ` բաց տարածությունների կետերի համար, որոնց բարձրությունները տրված են քարտեզների վրա, 6-րդ աղյուսակում բերված մեծությունները (մետրերով):

Թարմացվող քարտեզի եվ նոր քարտեզագրական նյութի նույնական ուրվագծերի միջին անհամապատասխանությունները


Աղյուսակ 6

Քարտեզների թարմացման տարածքները

Քարտեզների մասշտաբները

1:10 000

1:25 000

1:50 000

1:100 000

1

2

3

4

5

Հարթավայրային

1.2

1.2

3.2

6.5

1

2

3

4

5

Հարթավայրային` կտրատված և բլրաշատ
6' անկյան թեքության գերակշռությամբ

1.2

2.4

4.5

9.0

Լեռնային և նախալեռնային, ինչպես նաև
ավազոտ անապատային

3.8

3.8

6.5

13.0

Բարձրլեռնային

3.8

7.5

13.0

25.0

 

Ռելիեֆի բնորոշ կետերի բարձրությունների միջին անհամապատասխանությունները չպետք է գերազանցեն 7-րդ աղյուսակում բերված մեծությունները (մետրերով):

 

Ռելիեֆի բնորոշ կետերի բարձրությունների միջին անհամապատասխանությունները


Աղյուսակ 7

Քարտեզների թարմացման տարածքները

Քարտեզների մասշտաբները

1:10 000

1:25 000

1:50 000

1:100 000

Հարթավայրային

1.3

1.3

3.5

7.5

Հարթավայրային` կտրատված և բլրաշատ 6'
անկյան թեքության գերակշռությամբ

1.3

2.5

5.0

10.0

 

Քարտեզի վրա փակ (անտառոտ) տարածքներում հորիզոնականների դիրքերի անհամապատասխանությունները չպետք է գերազանցեն համապատասխան բաց տարածքի համար հաստատված կրկնապատիկ սխալը:

333. 332 կետում նշված սխալները, որոնք հավասար են մեծությունների կրկնապատիկ  արժեքներին, պետք է դիտարկել որպես սահմանային: Քարտեզի վրա առարկաների, ուրվագծերի և հորիզոնականների պատկերների դիրքի սահմանային սխալի գերազանցում չի թույլատրվում:

334. Քարտեզների ճշտությունը, որոնք ստեղծվել են համակցված կամ օդալուսանկարային հանույթի ստերեոտեղագրական մեթոդով, ինչպես նաև խոշորամասշտաբ հանույթի նյութերով, ստուգվում է ընտրությամբ` առանձին տիպիկ թերթերի վրա: Եթե ընտրանքային ստուգման ժամանակ հայտնաբերվում են ոչ թույլատրելի սխալներ (կետ 332), ապա ստուգվում են տվյալ տարածքի քարտեզների բոլոր թերթերը:

Քարտեզի վաղեմության աստիճանի որոշումը եվ խմբագրական ցուցումների մշակումը

335. Քարտեզի թարմացման տեխնոլոգիան որոշելու նպատակով որոշվում է դրա վաղեմության աստիճանը` տեղանքի բնույթի ու ծավալի փոփոխության վերլուծության ճանապարհով: Տեղանքի փոփոխության վերլուծությունը կատարվում է խոշորամասշտաբ տեղագրական հանույթի նյութերի կամ օդալուսանկարների հիման վրա:

Տեղանքի փոփոխությունները սխեմաներով նշվում են թարմացվող քարտեզի արտատիպերի վրա: Եթե քարտեզի առանձին թերթերի թարմացման անհրաժեշտությունը կասկած չի հարուցում, ապա այդ դեպքում տեղանքի փոփոխությունը արտատիպի վրա չի անցկացվում:

Բոլոր ստուգված թերթերի արտատիպերի շրջանակների ստորին մասում զետեղվում է ճշտման քարտեզագրական նյութերի տարեթիվը, փոփոխության տոկոսը, կատարողի և բաժնի պետի ստորագրությունները:

Հետագայում այդ արտատիպերը օգտագործվում են.

ա) թարմացում չպահանջող քարտեզի թերթերի բացահայտման համար,

բ) աշխատանքների ծավալները որոշելիս և տվյալ տարածքի թարմացվելիք քարտեզի պլանը ճշգրտելիս,

գ) քարտեզի յուրաքանչյուր թերթի թարմացման տեխնոլոգիայի որոշման և տվյալ տարածքի վերաբերյալ խմբագրական ցուցումների մշակման համար:

336. Քարտեզի այն թերթերը, որոնց պլանաբարձունքային հիմքի ճշտությունը համապատասխանում է հիմնական դրույթների պահանջներին, թարմացման ենթակա չեն, եթե վերլուծության արդյունքում բացահայտվել են տեղանքի աննշան (15%-ից ոչ ավելի), ոչ մեծ փոփոխություններ` օրինակ միջին ուրվագծային ծանրաբեռնվածությամբ թերթերի համար հետևյալ տարրերում.

ա) վարելահողերի, անտառների, համատարած թփուտների և բուսականության ու գրունտների այլ տարրերի ուրվագծերում,

բ) գրունտային և դաշտային ճանապարհների ու արահետների առկայության դեպքում,

գ) գետերի հուների և ջրավազանների ափագծերի ուրվագծերում,

դ) բնակավայրերում (կառուցվել են նոր տներ, բայց թաղամասերի ընդհանուր տեսքը չի փոխվել, բնակավայրերից դուրս հայտնվել կամ ոչնչացվել են կողմնորոշիչներ չհանդիսացող առանձին կառույցներ),

ե) այլ տարրերում (աննշան փոփոխություններ, որոնք չեն դժվարացնում տեղանքում կողմնորոշվելուն և քարտեզից օգտվելուն):

337. Քարտեզի թարմացում չպահանջող թերթերի տեղեկամատյանների կազմի և անվանաթերթի վրա մակագրվում է քարտեզի բովանդակության տեղանքի վիճակին համապատասխանության տարեթիվը:

Տեղեկամատյանում նշումներն այն մասին, որ թերթը թարմացման ենթակա չէ, հաստատվում է կատարողի և բաժնի պետի կողմից:

338. Բնագրային թափանցապատկերների և դրանց կրկնօրինակների վրա սոսնձվում է հրատարակված քարտեզի տեղանքի համապատասխանության և նախկին հրատարակման տարեթիվը:

339. Քարտեզների թարմացման խմբագրական ցուցումները մշակվում են սույն հրահանգի 23-27 կետերի պահանջներին համապատասխան, դրանցում պետք է լրիվ արտացոլված լինեն հետևյալ հարցերը.

ա) գեոդեզիական, քարտեզագրական, տեղեկատվական և այլ նյութերի բնութագիրը և դրանց օգտագործման կարգը,

բ) թարմացվող քարտեզի թերթերի ստուգման վերաբերյալ տվյալները և տեղանքի փոփոխությունների վերլուծության արդյունքները` ներմուծված նոր քարտեզագրական նյութերից,

գ) թարմացված բնօրինակների ստեղծման տեխնոլոգիան, դրանց վրա տեղանքի փոփոխությունների անցկացման կարգը,

դ) քարտեզի վրա տեղանքի առանձին օբյեկտների և տարրերի պատկերման առանձնահատկությունները,

ե) թարմացվող քարտեզը հրատարակման նախապատրաստելու տեխնոլոգիան, եղած հրատարակչական բնօրինակների օգտագործման կարգը,

զ) ցուցումներ թերթերի միակցման կատարման վերաբերյալ:

Խմբագրատեխնիկական ցուցումներին կցվում են սխեմաներ.

ա) թարմացման համար հիմնական նյութերի,

բ) նախորդ հրատարակման հրատարակչական բնօրինակների,

գ) առանձին թերթերի թարմացման եղանակների և դրանք հրատարակման նախապատրաստման մեթոդների:

Քարտեզների թարմացման տեխնոլոգիան եվ դրանց նախապատրաստումը հրատարակման

340. Քարտեզի թարմացման աշխատանքները կատարելիս կիրառվում են այն նույն նյութերը, գործիքներն ու տեխնոլոգիական պրոցեսները, ինչը որ կազմման և հրատարակման նախապատրաստման ժամանակ:

Քարտեզի բնօրինակների թարմացման տեխնոլոգիան ընդգրկում է աշխատանքի հետևյալ ձևերը.

ա) թարմացվող քարտեզի համար օգտագործվելիք հրատարակչական նյութերի նախապատրաստում,

բ) քարտեզագրական նյութերի նախապատրաստում օգտագործման, որոնցով կատարվում է թարմացումը,

գ) քարտեզագրական նյութից տեղանքի փոփոխությունների անցկացում հրատարակչական բնօրինակի ուրվանկարային պատճենի վրա,

դ) թարմացված քարտեզի նախապատրաստում հրատարակման:

341. Թարմացման համար որպես հիմք օգտագործվում են.

ա) հրատարակչական բնօրինակների երկգույն երկկողմ գծագրական պլաստիկի վրա ուրվանկարային պատճենները` թարմացման բնօրինակների պատրաստման համար,

բ) հրատարակչական բնօրինակների միագույն գծագրական պլաստիկի վրա ուրվանկարային պատճենները` թարմացվող քարտեզի ուղղման համար:

342. Քարտեզագրական նյութերով տեղագրական քարտեզների թարմացման հիմնական եղանակները հանդիսանում են.

ա) պատրաստի թարմացված բնօրինակներով նախորդ հրատարակման բնագրային թափանցապատկերների ուղղում, պահպանված տարրերը չվերափորագրելով,

բ) նախորդ հրատարակման հրատարակչական բնօրինակների ուրվանկարային պատճենների ուղղում քարտեզի բովանդակության բոլոր կամ առանձին տարրերի հետագա փորագրմամբ,

գ) առանձին տարրերի կամ թերթի առանձին տեղամասերի կազմում քարտեզի բովանդակության բոլոր կամ առանձին տարրերի հետագա փորագրմամբ:

343. Նախորդ հրատարակման հրատարակչական բնօրինակների ուղղման ճանապարհով քարտեզների թարմացում կատարվում է, եթե փոփոխությունները 20-25 %-ից ոչ ավելի ծավալ են կազմում:

344. Հրատարակչական բնօրինակների ուրվանկարային պատճենների ուղղման ճանապարհով քարտեզների թարմացում կատարվում է, եթե փոփոխությունները 25-40 % ծավալ են կազմում:

345. Առանձին տարրերի կամ թերթի առանձին տեղամասերի կազմում քարտեզի բովանդակության բոլոր կամ առանձին տարրերի հետագա փորագրմամբ կատարվում է, եթե փոփոխությունները 40 % -ից ավելի ծավալ են կազմում:

346. Թարմացման բնօրինակների` ուղղման համար նախատեսված նախորդ հրատարակման մասնատված թափանցապատկերների վրա պետք է հստակ առանձնացվեն տարրերի երեք խումբ` ոչնչացված, պահպանված և նոր առաջացած ու փոփոխված:

Թարմացման բնօրինակների ձևավորումը կատարվում է հետևյալ կերպ.

ա) նոր առաջացած ու փոփոխված տարրերը գունավոր են գծվում` ինչպես կազմողական բնօրինակները, իսկ ոչնչացված տարրերը հեռացվում են հիմքի երեսի կողմից,

բ) բուսական ծածկի և գրունտների ուրվագծերում փոփոխությունների առկայության դեպքում ողջ ուրվագիծը գծվում է նորից,

գ) բնակավայրերի և այլ օբյեկտների անունների մեծ քանակությամբ փոփոխությունների դեպքում պլաստիկից պատրաստվում է մակագրությունների առանձին բնօրինակ, որի վրա տրվում են նոր  մակագրությունները, մակագրությունների տառատեսակների փոփոխման դեպքում մակագրության ստորին մասում կապույտ գույնով տրվում է տառատեսակի կրճատ անունը և նշվում է չափը,

դ) բուսական ծածկի և գրունտների, ջրային տարածքների, բնակավայրերի թաղամասերի և խճուղային ու բարեկարգված գրունտային ճանապարհների պայմանական նշանները ներկվում են միայն փոփոխված տեղերում` կազմողական բնօրինակների համար ընդունված գույներով,

ե) ներքին շրջանակի անկյունները գծվում են 1 սմ երկարությամբ սև գծերով:

347. Քարտեզները հրատարակման նախապատրաստելու համար ներկայացվում են հետևյալ նյութերը.

ա) թարմացման բնօրինակը պլաստիկի վրա,

բ) թերթի տեղեկամատյանը,

գ) թերթի թարմացման ժամանակ օգտագործված քարտեզագրական նյութերը,

դ) նախորդ հրատարակման քարտեզի թերթի արտատիպը, որը հանդիսանում է որպես նմուշ:

348. Թարմացված քարտեզների հրատարակման նախապատրաստումը կատարվում է ըստ երկգույն պատճենների տեսքով թարմացման բնօրինակների, որոնցից հեռացվել են բոլոր անհետացած և փոփոխված տարրերը և մնացել են միայն պահպանվածները:

349. Թարմացված քարտեզների նախապատրաստումը հրատարակման՝ իրականացվում է սույն հրահանգի Քարտեզների նախապատրաստում հրատարակման գլխի պահանջներին համապատասխան:

 

ԹՎԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1:10 000, 1:25 000, 1:50 000, 1:100 000 ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻ ԹՎԱՅԻՆ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

 

350. Տեղագրական հանույթի նյութերով քարտեզները թվայնացնելիս խմբագիրը նախապես պետք է ուսումնասիրի այդ նյութերը և դրանց հիման վրա կազմի քարտեզների թվայնացման հակիրճ խմբագրատեխնիկական ցուցումներ:

351. Քարտեզների թվայնացումը ընդգրկում է հետևյալ տեխնոլոգիական պրոցեսները.

ա) նյութերի նախապատրաստում,

բ) տեսածրում (սկանավորում),

գ) թվայնացում ավտոմատ ռեժիմում,

դ) թվայնացում ինտերակտիվ ռեժիմում,

ե) միակցում,

զ) ստուգում,

է) նյութերի հանձնում արխիվ:

352. Թվային տեղագրական քարտեզի անվանաթերթի (ԹՏՔ ԱԹ) ստեղծման համար նյութերի նախապատրաստումը իրականացվում է հետևյալ կարգով.

ա) սկզբնական քարտեզագրական նյութերի ստուգում,

բ) պահպանման հանձնված թափանցապատկերների ընտրություն,

գ) արտատիպի հարակից անվանաթերթերի և հարակից մասշտաբների տեղագրական քարտեզների հետ,

դ) օբյեկտների դիրքերի նույնականության հաստատում իմաստաբանական և այլ բնութագրերով,

ե) ԹՏՔ ԱԹ ստեղծման համար խմբագրատեխնիկական ցուցումների կազմում,

զ) սկզբնական քարտեզագրական նյութերի և խմբագրատեխնիկական ցուցումների փոխանցում հետագա աշխատանքների իրականացման համար,

է) ձեռքի աշխատանքը նվազեցնող մեթոդների ներմուծում,

ը) գրադարանի ստեղծում (պայմանական նշաններ և պարզաբանող մակագրություններ),

թ) շերտերի ստեղծում (բարձունքային նիշեր և ջրանիշեր, կառուցապատում, երկաթուղիներ, ճանապարհներ, ջրագրություն, բուսական ծածկ, խողովակաշարեր, հորիզոնականներով արտահայտված ռելիեֆ, ռելիեֆի այլ ձևեր, պարզաբանող մակագրություններ),

ժ) գծաուրվագծային կամ ուրվագծային մոդելի ավտոմատ կառուցման պարամետրերի ընտրություն,

ի) «Ճանաչման երթուղիների կատարման առաջադրանքին» ներկայացվող պարամետրերի գրանցում:

353. Տեսածրումը կամ գծիկների զանգվածի ստացումը իրականացվում է հետևյալ կարգով.

ա) հիմքի կետերի ընտրություն կոորդինատների վերափոխելու համար,

բ) պլաստիկի ամրացում գծագրական տեղեկատվությունը ներանցող հարմարանքի վրա,

գ) ներանցման շեմի ընտրություն,

դ) տեսածրվող պլաստիկի չափերի որոշում կոորդինատային X և Y առանցքներով,

ե) գծիկների զանգվածի ստացում մուտքի չափերի ներանցման համար,

զ) տեսածրում,

է) ստեղծված գծիկների ֆայլի դիտողությունների ուղղում,

ը) ներանցման շեմը ընտրելիս ստացված ֆայլի մանրամասն  ստուգում,

թ) գծիկների երկարությունների ստուգում,

ժ) ստեղծված գծիկների ֆայլի ստուգում,

ի) կրկնակի տեսածրման համար պարամետրերի որոշում,

լ) գծիկների ֆայլի անցկացում համակարգչի կրիչի վրա:

354. Տեղագրական քարտեզների նյութերի ավտոմատ թվայնացումը և սրբագրումը կատարվում է հետևյալ ձևով.

ա) խմբագրատեխնիկական ցուցումների և «Ճանաչման երթուղիների կատարման առաջադրանքի»  ուսումնասիրում,

բ) գծաուրվագծային կամ ուրվագծային մոդելի կառուցում,

գ) «Ճանաչման երթուղիների կատարման առաջադրանքի» համաձայն օբյեկտների ճանաչում,

դ) երթուղու ընտրություն,

ե) երթուղիներին վերաբերող օբյեկտների ավտոմատ թվայնացում` դարչնագույն պլաստիկի (ռելիեֆի) մշակում, կապույտ պլաստիկի (ջրագրության ուրվագիծ) և այլ պլաստիկներին վերաբերող օբյեկտների մշակում,

զ) չափագրումով, բնութագրերով և օբյեկտների ընդհատմամբ առանձին պլաստիկներով ֆայլերի ավտոմատ ձևավորում,

է) գծաուրվագծային կամ ուրվագծային մոդելի կառուցման արդյունքների վերլուծություն,

ը) «Ճանաչման երթուղիների կատարման առաջադրանքում» սկզբում առաջադրված ընթացակարգի պարամետրերի փոփոխություն,

թ) գծաուրվագծային կամ ուրվագծային մոդելի կրկնակի կառուցման կամ օբյեկտների ավտոմատ ճանաչման փուլի վերաբերյալ ցուցումների մշակում,

ժ) օբյեկտների ճանաչման սրբագրում,

ի) առանձին պլաստիկների տվյալների բազայի ստացման ինքնաստուգում և սխալների ուղղում:

355. Ինտերակտիվ ռեժիմում թվայնացումը կատարվում է հետևյալ ձևով.

ա) առանձին տվյալների բազայի թվայնացում ինտերակտիվ ռեժիմում,

բ) ինտերակտիվ թվայնացման սրբագրում,

գ) դարչնագույն պլաստիկին (ռելիեֆի) և կապույտ պլաստիկին (ջրագրության ուրվագիծ) վերաբերող օբյեկտների ճանաչում,

դ) պլաստիկների օբյեկտների կապակցման և դրանց տեղագրական քարտեզների նյութերի համակարգում վերահաշվման ինտերակտիվ գործողությունների իրականացում,

ե) պլաստիկի օբյեկտների ինտերակտիվ թվայնացում համապատասխան ընթացակարգերի (inter, red, intok) կիրառմամբ` գծային օբյեկտների ինտերակտիվ խմբագրում (զտում, ավտոմատ թվայնացումից հետո չափագրի հարթում), իմաստի լրացում, վեկտորների հավաքում և հորիզոնականների բարձրությունների գրանցում, պլաստիկի դիսկրետ օբյեկտների ճանաչում, ավտոմատ ռեժիմում թվայնացնելիս պլաստիկի չճանաչված օբյեկտների վերջնամշակում,

զ) յուրաքանչյուր երթուղու ինտեգրալ ֆայլի ավտոմատ ձևավորում,

է) թվային տեղագրական քարտեզի անվանաթերթի միավորված տվյալների բազայի ստացում,

ը) օբյեկտների ճանաչման ճշտության ինտերակտիվ ստուգում, ինքնասրբագրում,

թ) միավորված տվյալների բազայի թվայնացում ինտերակտիվ ռեժիմում,

ժ) թվայնացման սրբագրում,

ի) միավորված տվյալների բազայի խմբագրում,

լ) աշխատանք թվային տեղագրական քարտեզի միավորված տվյալների բազայի հետ,

խ) սև պլաստիկին (ուրվագիծ), կանաչ պլաստիկին (բուսական ծածկի ներկում) և այլ պլաստիկներին վերաբերող օբյեկտների ճանաչում,

ծ) ԹՏՔ միավորված տվյալների բազայի թվային քարտեզագրական տեղեկատվության որակի ստուգում,

կ) միավորված տվյալների բազայի ստուգում ավտոմատ ընթացակարգերի կատարման ճանապարհով և օբյեկտների ճանաչման ճշտության ինքնաստուգում ինտերակտիվ ստուգման ճանապարհով,

հ) ԹՏՔ միավորված տվյալների բազայի թվային քարտեզագրական տեղեկատվության սխալների ուղղում,

ձ) օբյեկտների տեղագրական քարտեզների նյութերին վերաբերող տեղագրաչափական կապերի հաստատում (խմբագրում):

356. Թվային տեղագրական քարտեզների միակցումը հարակից թերթերի հետ և տվյալների բազայի միակցումների ստուգումը կատարվում է հետևյալ կարգով.

ա) ԹՏՔ տվյալների բազայի միակցում,

բ) թվային քարտեզագրական տեղեկատվական զանգվածների համաձայնեցում հարակից անվանաթերթերի կցորդման սահմաններով,

գ) ավտոմատ միակցում և ուղղում,

դ) ԹՏՔ տվյալների բազայի միակցման ստուգում,

ե) թվային քարտեզագրական տեղեկատվական զանգվածների հարակից անվանաթերթերի կցորդման սահմաններով համաձայնեցման արդյունքների ստուգում,

զ) քարտեզի հարակից անվանաթերթերի տեղեկամատյաններում միակցման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության անցկացում,

է) վերահսկիչ մարմիններին ԹՏՔ նյութերի հանձնման մասին որոշման ընդունում:

357. Թվային տեղագրական քարտեզների վերջնական ստուգումը իրականացվում է Տեխնիկական բաժնի կողմից: Բաժնի մասնագետների կողմից ստուգվում են քարտեզների նյութերն իրենց ողջ լրակազմությամբ, ապա կատարողի կողմից դիտողություններն ուղղելուց հետո ընդունվում են:

358. Թվային տեղագրական քարտեզների նյութերի նախապատրաստումը արխիվ հանձնելու համար կատարվում է հետևյալ կարգով.

ա) Թվային տեղագրական քարտեզների նյութերի ձևավորում ըստ համապատասխան նորմատիվային փաստաթղթերի պահանջների,

բ) թվային քարտեզագրական տեղեկատվության կրողների ստուգում,

գ) արխիվացվող նյութերի լրակազմության ստուգում,

դ) ռաստրային և գծիկային ֆայլերի նախապատրաստում,

ե) Թվային տեղագրական քարտեզների անվանաթերթերի տվյալների բազայի պատճենում լազերային սկավառակի վրա,

զ) Թվային տեղագրական քարտեզների անվանաթերթերի նյութերի հանձնում արխիվ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան