Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պայմանագիր
Тип
Исходный акт (08.09.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններ
Дата принятия
08.09.2015
Дата подписания
08.09.2015

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունների համակարգման մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, ի դեմս իրենց կառավարությունների, այսուհետ՝ անդամ պետություններ,

նպատակ ունենալով իրականացնել «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրությունը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 26-րդ հավելված), մտադրություն հայտնելով զարգացնել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների միջև համագործակցությունը,

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Պայմանագրի նպատակներով օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները, որոնք ունեն հետևյալ իմաստը.

գործողությունների համակարգում՝ անդամ պետությունների լիազոր մարմինների՝ միմյանց միջև և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցություն՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների փոխադարձ շահերն ապահովելու նպատակով,

մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտում՝ մտավոր սեփականության օբյեկտների, այդ թվում՝ «Ինտերնետ» տեղեկատվական–հեռահաղորդակցային ցանցում օգտագործում, պատրաստում, տարածում կամ այլ կերպ օգտագործում, ինչպես նաև այդ նպատակներով ապրանքների ներմուծում, տեղափոխում կամ պահպանում, եթե այդպիսի գործողությունները հանգեցնում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պահպանվող մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտմանը,

համատեղ միջոցառումներ՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների կանխարգելմանը, բացահայտմանը, կանխմանը և հետաքննմանն ուղղված համաձայնեցված միջոցառումներ, որոնք անցկացվում են երկու կամ ավելի անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից,

լիազորված մարմին՝ գործադիր իշխանության մարմին, ինչպես նաև այլ մարմին, որին, անդամ պետության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, վերապահված են լիազորություններ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում։

 

Հոդված 2

 

1. Անդամ պետություններն իրականացնում են համագործակցություն և ապահովում լիազորված մարմինների արդյունավետ փոխգործակցությունը՝ ելնելով մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության միասնական համակարգ ձևավորելու անհրաժեշտությունից։

2. Միության մաքսային տարածքում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները պաշտպանելու, այդ թվում՝ տվյալ իրավունքների խախտումների արդյունավետ կանխումն ապահովելու նպատակներով իրականացվում են՝

մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների կանխարգելմանը, բացահայտմանը, կանխմանը և հետաքննմանը, ինչպես նաև տվյալ ոլորտում լիազորված մարմինների գործունեության կատարելագործմանն ուղղված գործողությունների համակարգում,

Միության մաքսային տարածքում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում և կատարելագործում,

այլ գործողություններ (անհրաժեշտության դեպքում)։

 

Հոդված 3

 

Գործողությունների համակարգման նպատակներով լիազորված մարմինների ներկայացուցիչները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր համապատասխան խորհրդակցական մարմնի նիստում քննարկում են սույն Պայմանագրի կատարման շրջանակներում ծագող հարցերը՝ ելնելով հետևյալ սկզբունքներից.

գործողությունների համակարգման շրջանակներում առաջադրանքները սահմանելիս և միջոցառումներն իրականացնելիս լիազորված մարմինների հավասարություն,

յուրաքանչյուր լիազորված մարմնի՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան նրան վերապահված լիազորությունների շրջանակներում ինքնուրույնություն,

հրապարակայնություն՝ այնքանով, որքանով այն չի հակասում անդամ պետությունների՝ մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին, պետական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքի մասին օրենսդրության պահանջներին։

 

Հոդված 4

 

Սույն Պայմանագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը լիազորված մարմինների հետ համատեղ՝

իրականացնում է անդամ պետությունների տարածքում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների կանխմանն ուղղված գործունեության փորձի վերլուծություն և ամփոփում, ինչպես նաև տվյալ բնագավառում իրավախախտումների կանխարգելման, բացահայտման, կանխման և հետաքննման ոլորտում միտումների կանխատեսում,

իրականացնում է մտավոր սեփականության օբյեկտների ոլորտում անդամ պետությունների իրավակիրառ պրակտիկայի, այդ թվում՝ տվյալ ոլորտում միջազգային պայմանագրերի կատարման վերլուծություն,

մշակում է Միության մաքսային տարածքում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև տվյալ իրավունքների խախտումների կանխարգելման առաջարկություններ,

մասնակցում է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցների որակավորման բարձրացմանն ուղղված համատեղ սեմինարների, համաժողովների, այլ միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը։

 

Հոդված 5

 

Գործողությունների համակարգումն ապահովելու նպատակով լիազորված մարմիններն իրականացնում են համագործակցություն հետևյալ ձևերով.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր խորհրդատվական մարմնի գործունեության շրջանակներում փոխգործակցություն,

Միության մաքսային տարածքում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերի, այդ թվում՝ տվյալ իրավունքների խախտումների կանխարգելման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,

լիազորված մարմինների ներկայացուցիչների խորհրդակցությունների անցկացում, գործողությունների համակարգման ուղղությամբ համաձայնեցված ծրագրերի մշակում և իրականացում,

համատեղ միջոցառումների անցկացում, այդ թվում՝ սույն հոդվածի հինգերորդ պարբերությամբ նախատեսված համաձայնեցված ծրագրերի իրականացման շրջանակներում,

փորձի փոխանակման նպատակներով ստաժավորումների, սեմինարների, համաժողովների, ինչպես նաև այլ միջոցառումների անցկացում,

տեղեկագրերի (ժողովածուների) և այլ տեղեկատվական հրատարակությունների հրատարակում,

այլ ձևեր՝ անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ։

 

Հոդված 6

 

1. Լիազորված մարմիններն իրենց սեփական նախաձեռնությամբ կամ այլ լիազորված մարմինների հարցումներով փոխանակվում են տեղեկատվությամբ՝

մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների հետ կապված որոշակի փաստերի և իրադարձությունների վերաբերյալ,

մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումներին մասնակից անձանց վերաբերյալ,

մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքների տեղափոխման վերաբերյալ, ինչի հետևանքով խախտվում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները, ինչպես նաև այդ ապրանքների տեղափոխման ժամանակ օգտագործվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ,

երրորդ երկրների տարածքից Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների մասին, եթե այդպիսի ապրանքների ներմուծումը հանգեցնում է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտման, ինչպես նաև այլ տեղեկատվությամբ (անհրաժեշտության դեպքում)։

2. Երրորդ անձանց լիազորված մարմնի կողմից սույն հոդվածի 1–ին կետում նշված տեղեկատվության փոխանցումը կարող է իրականացվել միայն այդպիսի տեղեկատվություն տրամադրած լիազորված մարմնի գրավոր համաձայնությամբ։

Այդպիսի տեղեկատվությունը ստացող լիազորված մարմինն ապահովում է դրա պաշտպանության այն մակարդակը, որը համարժեք է այդ տեղեկատվությունը տրամադրած լիազորված մարմնի կողմից նման տեղեկատվության նկատմամբ կիրառվող պաշտպանության մակարդակին։

3. Սույն հոդվածի 2–րդ կետով նախատեսված պայմանները խախտելու համար սույն հոդվածի 1–ի կետում նշված տեղեկատվությունը ստացած լիազորված մարմինը և նրա աշխատակիցները կրում են այդ լիազորված մարմնի պետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։

 

Հոդված 7

 

1. Համատեղ միջոցառումներն իրականացնելու կամ դրանք անցկացնելու գործում օժանդակություն ցուցաբերելու համար լիազորված մարմիններն իրավունք ունեն համապատասխան հարցմամբ դիմելու միմյանց։

2. Մտավոր սեփականության ոլորտում հանցագործությունները և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումները կանխելու գործում օժանդակություն ցուցաբերելու մասին հարցումների կատարման, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրելու ու դրա հետ վարվելու մասով լիազորված մարմինների փոխգործակցությունն իրականացվում է այն միջազգային պայմանագրերի հիման վրա, որոնց մասնակիցներն են անդամ պետությունները, և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

 

Հոդված 8

 

Անդամ պետություններն ինքնուրույն կրում են սույն Պայմանագրի կատարման հետ կապված ծախսերը։ Ընդ որում, սույն Պայմանագրի 5–րդ հոդվածով նախատեսված միջոցառումների անցկացման ժամանակ տրանսպորտային ծախսերը, կեցության ծախսերը կրում է ուղարկող անդամ պետությունը։

 

Հոդված 9

 

1. Սույն Պայմանագրի կատարումն իրականացվում է այն լիազորված մարմինների կողմից, որոնք փոխգործակցում են իրենց իրավասությունների սահմաններում՝ պահպանելով համապատասխան անդամ պետության օրենսդրությունը, Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերը և ակտերը։

2. Սույն Պայմանագիրը կատարելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովն օժանդակություն է ցուցաբերում լիազորված մարմիններին՝ Միության շրջանակներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց փոխգործակցության հարցում։

3. Անդամ պետությունները որոշում են լիազորված մարմիններին և սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 3 ամիսների ընթացքում, դրանց մասին տեղեկացնում ավանդապահին, որն էլ այլ անդամ պետություններին տեղեկացնում է այդ լիազորված մարմինների մասին։

Անդամ պետությունները մեկամսյա ժամկետում տեղեկացնում են ավանդապահին լիազորված մարմինների փոփոխության մասին։

 

Հոդված 10

 

1. Սույն Պայմանագրի շրջանակներում լիազորված մարմինների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ տեղեկատվական փոխգործակցությունը, ինչպես նաև հարցումների կատարումն իրականացվում են լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կանոնակարգով նախատեսված կարգով։

2. Սույն հոդվածի 1–ին կետում նշված կանոնակարգը հաստատվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 3 ամսվա ընթացքում։

 

Հոդված 11

 

1. Սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

2. Անդամ պետությունների միջև սույն Պայմանագրի մեկնաբանման և(կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

 

Հոդված 12

 

1. Սույն Պայմանագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մասն է կազմում։

2. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված է  2015 թվականի սեպտեմբերի 8–ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն Պայմանագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա վավերացված պատճենը։

 

Հայաստանի
Հանրապետության
կառավարության կողմից

 

 Բելառուսի
Հանրապետության
կառավարության կողմից

Ղազախստանի
Հանրապետության
կառավարության կողմից

     

Ղրղզստանի
Հանրապետության
կառավարության կողմից

 

Ռուսաստանի
Դաշնության
կառավարության կողմից

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան