Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պայմանագիր
Тип
Исходный акт (02.01.2015-16.11.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.02.02/4(516) Հոդ.51
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
19.12.2011
Дата подписания
19.12.2011
Дата вступления в силу
02.01.2015

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ (ԼՎԱՑՄԱՆԸ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական համայնքի (ԵվրԱզԷՍ) շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունները, այսուհետ՝ Կողմեր,

հիմք ընդունելով «Միասնական մաքսային տարածք ստեղծելու և մաքսային միություն ձևավորելու մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագիրը և «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիրը,

հաշվի առնելով «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների 2007 թվականի հոկտեմբերի 5-ի պայմանագիրը,

հաշվի առնելով, որ կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, ահաբեկչության, այլ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեմ պայքարի հարցում անհրաժեշտ է կիրառել ժամանակակից ու արդյունավետ ձևեր, մեթոդներ ու միջոցներ,

ճանաչելով Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների հանձնախմբի (ՖԱԹՖ) միջազգային ստանդարտները,

հիմնվելով միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների ու նորմերի վրա,

հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման նպատակով Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքներն օգտագործելու հնարավորությունը խոչընդոտելու նպատակով,

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Պայմանագրի նպատակներով օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) դրամական գործիքներ՝ ճանապարհային չեկեր, մուրհակներ, չեկեր (բանկային չեկեր), ինչպես նաև փաստաթղթային արժեթղթեր, որոնցով հաստատվում է թողարկողի (պարտապանի)՝ այն դրամական միջոցները վճարելու պարտավորությունը, որոնց դեպքում չի նշվում այն անձը, որին կատարվում է այդ վճարումը,

2) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման դեմ՝ սույն Պայմանագրով նախատեսված հակազդման միջոցներ ընդունող Կողմի օրենսդրության համաձայն որպես հանցագործություն ճանաչված արարքների կատարման արդյունքում ստացված դրամական միջոցներ կամ այլ գույք,

3) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում (լվացում)՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների տիրապետումը, օգտագործումը կամ տնօրինումն իրավաչափ դարձնելուն ուղղված գործողություններ,

4) կանխիկ դրամական միջոցներ՝ թղթադրամների ու գանձապետական տոմսերի, մետաղադրամների տեսքով դրամանիշեր՝ բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների, որոնք շրջանառության մեջ են գտնվում և օրինական վճարամիջոց են հանդիսանում Մաքսային միության անդամ պետություններում կամ օտարերկրյա պետություններում (օտարերկրյա պետությունների խմբում), այդ թվում՝ շրջանառությունից հանված կամ հանվող, սակայն շրջանառության մեջ գտնվող դրամանիշերի հետ փոխանակման ենթակա դրամանիշերը,

5) կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կասեցում՝ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տիրապետման, օգտագործման ու տնօրինման իրավունքի ժամանակավոր սահմանափակման ուղղությամբ իրավապահ մարմինների և (կամ) լիազոր մարմինների կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա մաքսային մարմինների կողմից իրականացվող գործողություններ, որոնք նախորդում են այդ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների՝ բացթողման կամ առգրավման (դրանց վրա արգելանք դնելու) մասին որոշման ընդունմանը,

6) լիազոր մարմին՝ Կողմի մարմին, որը, այդ Կողմի օրենսդրության համաձայն, լիազորված է հավաքել, վերլուծել ու իրավապահ և (կամ) մաքսային մարմիններին փոխանցել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր դեպքերին առնչվող տեղեկությունները,

7) ահաբեկչության ֆինանսավորում՝ միջոցների տրամադրում կամ հավաքում կամ ֆինանսական ծառայությունների մատուցում՝ այն գիտակցմամբ, որ դրանք նախատեսված են ահաբեկչական բնույթի առնվազն մեկ հանցագործության կազմակերպման, նախապատրաստման կամ իրականացման ֆինանսավորման համար կամ առնվազն մեկ այդպիսի հանցագործության կատարման նպատակով ստեղծված կամ ստեղծվող կազմակերպված խմբի, ապօրինի զինված միավորման, հանցավոր համագործակցության (հանցավոր կազմակերպության) ապահովման համար:

 

Հոդված 2

 

Կողմերի մաքսային մարմինները, համագործակցելով Կողմերի իրավապահ ու լիազոր մարմինների հետ, միջոցներ են ձեռնարկում Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ուղղությամբ՝ սույն Պայմանագրի, «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի, «Ֆիզիկական անձանց կողմից Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կարգի մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրի համաձայն:

Կողմերի մաքսային մարմինները հսկողություն են իրականացնում կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման նկատմամբ՝ օգտագործելով մաքսային հայտարարագրում նշված տեղեկությունները՝ համաձայն Մաքսային միության մաքսային օրենսդրության և այն Կողմի օրենսդրության, որի մաքսային մարմիններն իրականացնում են այդ հսկողությունը:

Կողմերի մաքսային մարմինները մերժում են մաքսային հայտարարագրի ընդունումը (գրանցումը) այն դեպքում, երբ Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցներ և (կամ) դրամական գործիքներ տեղափոխող անձի կողմից «Կանխիկ գումարների և (կամ) դրամական գործիքների հայտարարագիր» ուղևորային մաքսային հայտարարագրի կամ ապրանքների մասին հայտարարագրի լրացուցիչ ձևում չեն նշվում այնպիսի տվյալներ, որոնք պարտադիր պետք է նշվեն Մաքսային միության մաքսային օրենսդրության համաձայն:

Եթե տվյալ անձը հրաժարվում է նշել թերի տվյալները, ապա դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը չի թույլատրվում:

 

Հոդված 3

 

Կողմի մաքսային մարմինը սույն Պայմանագրի 2-րդ հոդվածում նշված նպատակներով կասեցնում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը իրավապահ մարմինների և (կամ) այդ Կողմի լիազոր մարմնի կողմից իրեն տրամադրված տեղեկությունների հիման վրա և դրա մասին անհապաղ տեղեկացնում է համապատասխան տեղեկությունները տրամադրած մարմնին:

Տեղեկությունները, որոնց հիման վրա Կողմի մաքսային մարմինը կասեցնում է դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը, պետք է պարունակեն կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները տեղափոխող անձի նույնականացման համար անհրաժեշտ հետևյալ տվյալները՝

ֆիզիկական անձանց դեպքում՝ ազգանունը, անունը և (եթե այլ բան չի բխում օրենքից կամ ազգային սովորույթից) հայրանունը, ծննդյան ամսաթիվն ու վայրը, քաղաքացիությունը,

իրավաբանական անձանց դեպքում՝ կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրի հասցեն:

Առկայության դեպքում լրացուցիչ նշվում են հետևյալ տվյալները՝

անձը հաստատող փաստաթղթի տեսակն ու վավերապայմանները, փաստաթղթի սերիան ու համարը, փաստաթղթի տրման ամսաթիվը (ֆիզիկական անձանց դեպքում),

հարկեր, հավաքագրումներ (տուրքեր) վճարողի նույնականացման (հաշվառման) համարը կամ գրանցված երկրում տրամադրված համանման համարը (իրավաբանական անձանց դեպքում),

երթուղու վերաբերյալ տվյալներ՝ ներառյալ մեկնման (ժամանման) երկիրը, ամսաթիվը, տրանսպորտային միջոցի կամ չվերթի տեսակն ու համարը,

լիազոր մարմնի և (կամ) իրավապահ մարմինների մոտ եղած այլ տվյալներ, որոնք նրանց կարծիքով կարող են դյուրացնել կանխիկ դրամական միջոցներ և (կամ) դրամական գործիքներ տեղափոխող անձի նույնականացումը:

Մաքսային մարմին ներկայացված այն տեղեկությունների հավաստիության ու հիմնավորվածության համար պատասխանատվությունը, որոնց հիման վրա կասեցվում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը, կրում է այդ տեղեկությունները ներկայացրած մարմինը:

Անհրաժեշտության դեպքում Կողմի մաքսային մարմինները, տվյալ Կողմի օրենսդրության համաձայն, համագործակցում են այդ Կողմի այլ պետական մարմինների հետ այն անձի նույնականացման նպատակով, որի կողմից կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումն անհրաժեշտ է կասեցնել:

 

Հոդված 4

 

Կողմի լիազոր մարմինը կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կասեցման վերաբերյալ այդ Կողմի մաքսային մարմնից տեղեկություններ ստանալու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝

վերադարձնել այն կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները, որոնց տեղափոխումը կասեցվել է,

այդ Կողմի իրավապահ մարմիններին ուղարկել տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման հետ հնարավոր կապի վերաբերյալ նյութեր ու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն Պայմանագրի ու այդ Կողմի օրենսդրության համաձայն որոշում ընդունելու համար:

Լիազոր մարմինն ընդունված որոշման մասին անհապաղ տեղեկացնում է համապատասխան մաքսային մարմնին:

Կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը կասեցնելու վերաբերյալ մաքսային մարմնից կամ լիազոր մարմնից տեղեկություններ ստացած իրավապահ մարմինը կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը կասեցնելու օրվանից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝

որոշում այն կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների վերադարձման մասին, որոնց տեղափոխումը կասեցվել է,

ընթացակարգային որոշում այն կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների առգրավման (դրանց վրա արգելանք դնելու) մասին, որոնց տեղափոխումը կասեցվել է:

Իրավապահ մարմինն ընդունված որոշման մասին անհապաղ տեղեկացնում է համապատասխան մաքսային մարմնին:

Տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների առգրավման (դրանց վրա արգելանք դնելու) մասին ընթացակարգային որոշում ընդունելու դեպքում իրավապահ մարմինն այդ որոշումն ընդունելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները տեղափոխած անձին:

Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կասեցման ժամկետը չի կարող գերազանցել 30 օրացուցային օրը՝ հաշվարկված կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը կասեցնելու օրվանից:

Մաքսային մարմինների, իրավապահ մարմինների, լիազոր մարմնի և Կողմի այլ պետական մարմինների փոխգործակցության կարգը սահմանվում է այդ Կողմի օրենսդրությամբ:

 

Հոդված 5

 

Կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը Կողմի մաքսային մարմնի կողմից կասեցվելու դեպքում Մաքսային միության հանձնաժողովի կողմից հաստատված ձևով կազմվում է ակտ երկու օրինակից, որոնցից մեկը փոխանցվում է կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները տեղափոխող անձին, իսկ մյուսը պահվում է մաքսային մարմնի մոտ:

Տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների պահպանումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է այն Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով, որի մաքսային մարմնի կողմից կասեցվել է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը:

Տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների վերադարձման մասին լիազոր մարմնի կամ իրավապահ մարմնի որոշումն ստանալու դեպքում մաքսային մարմինը մեկ օրվա ընթացքում պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ գրավոր տեղեկացնում է տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները տեղափոխած անձին այդ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների վերադարձման մասին:

Սույն Պայմանագրի 4-րդ հոդվածով սահմանված առավելագույն ժամկետի ընթացքում լիազոր մարմնի կամ իրավապահ մարմնի՝ սույն Պայմանագրի 4-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը մաքսային մարմին չներկայացվելու դեպքում մաքսային մարմինը մեկ օրվա ընթացքում որոշում է ընդունում տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների վերադարձման մասին և պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ գրավոր տեղեկացնում է տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները տեղափոխած անձին այդ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների վերադարձման մասին:

Փոստային առաքանու վրա նշվում է այն վայրը, որտեղ կարելի է ստանալ տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները, դրանց պահպանման ժամկետները և դրանք չստանալու հետևանքները:

Տեղափոխումը կասեցված՝ վերադարձման ենթակա կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների պահպանման առավելագույն ժամկետը կազմում է չորս ամիս, ընդ որում այդ ժամկետը հաշվարկվում է հանձնման մասին ծանուցման մեջ նշված՝ փոստային առաքանու հանձնման օրվանից կամ մաքսային մարմնի կողմից փոստային առաքանու հանձնման անհնարինության մասին ծանուցումն ստանալու օրվանից:

Կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների պահպանման ու վերադարձման հետ կապված ծախսերը կրում է այն Կողմը, որի մաքսային մարմնի կողմից կասեցվել է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը:

Այն դեպքում, երբ անձը կամ նրա լիազոր ներկայացուցիչը սույն հոդվածով սահմանված ժամկետներում չի պահանջում տեղափոխումը կասեցված կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները, դրանք ենթակա են պետության սեփականությունը դառնալու՝ այն Կողմի օրենսդրության համաձայն, որի մաքսային մարմինը կասեցրել է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը:

Պետության սեփականությունը դարձած կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները կարող են դատական կարգով վերադարձվել շահագրգիռ անձին՝ այն Կողմի օրենսդրության համաձայն, որի մաքսային մարմինը կասեցրել է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը:

Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը կասեցնելուն ուղղված օրինական գործողությունները հիմք չեն հանդիսանում այդ կասեցման հետևանքով առաջացած վնասի, այդ թվում՝ բաց թողնված օգուտի համար Կողմերի մաքսային մարմինների, իրավապահ մարմինների և (կամ) լիազոր մարմինների քաղաքացիաիրավական կամ այլ պատասխանատվության համար:

 

Հոդված 6

 

Կողմերն ապահովում են «Կանխիկ գումարների և (կամ) դրամական գործիքների հայտարարագիր» ուղևորային մաքսային հայտարարագրի լրացուցիչ ձևում ներառված տվյալների, ինչպես նաև Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված կանխիկ դրամական միջոցներին և (կամ) դրամական գործիքներին առնչվող քրեական գործերով տվյալների հավաքումը և դրանց հիման վրա տվյալների բազաների ստեղծումը:

Կողմերն իրականացնում են սույն հոդվածում նշված տվյալների բազաներում ներառված տեղեկությունների փոխանակումը Կողմերի լիազոր մարմինների, իրավապահ մարմինների ու մաքսային մարմինների միջև՝ առանձին միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Հոդված 7

 

Կողմերը համագործակցում են սույն Պայմանագրի կատարման հարցերի շուրջ:

Կողմերի իրավապահ մարմինների, լիազոր մարմինների և (կամ) մաքսային մարմինների միջև փոխգործակցությունը և տեղեկությունների փոխանակումը սույն Պայմանագրի շրջանակներում իրականացվում է առանձին միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Հոդված 8

 

Կողմերի միջև ծագող՝ սույն Պայմանագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են խորհրդակցություններ ու բանակցություններ անցկացնելու միջոցով:

Եթե վեճի կողմերը վեճը չեն կարգավորում խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով դրանց անցկացման վերաբերյալ՝ վեճի մի կողմից վեճի մյուս կողմին հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա վեճի կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ վեճը հանձնել Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը:

Մաքսային միության հանձնաժողովը Կողմերին աջակցություն է ցուցաբերում վեճի կարգավորման հարցում՝ նախքան այդ վեճը Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը հանձնելը:

 

Հոդված 9

 

Սույն Պայմանագրի մասով վերապահումներ չեն թույլատրվում:

 

Հոդված 10

 

Կողմերի համաձայնությամբ սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը:

 

Հոդված 11

 

Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2011 թվականի դեկտեմբերի 19-ին, մեկ օրինակից՝ ռուսերենով:

Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը սույն Պայմանագրի ավանդապահն է և որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:

 

Բելառուսի
Հանրապետության կողմից

 

(ստորագրություն)

Ղազախստանի
Հանրապետության կողմից

 

(ստորագրություն)

Ռուսաստանի
Դաշնության կողմից

 

(ստորագրություն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.07.2021, 16.11.2022,
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան