Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պայմանագիր
Тип
Ինկորպորացիա (17.03.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
24.06.2012
Дата подписания
24.06.2012
Дата вступления в силу
17.03.2021

ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԵԿԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Ներածություն

Հոդված 1. Առնչությունն այլ կոնվենցիաների և պայմանագրերի հետ

Հոդված 2. Սահմանումներ

Հոդված 3. Պահպանության տրամադրումը շահառուներին

Հոդված 4. Ազգային ռեժիմ

Հոդված 5. Անձնական ոչ գույքային իրավունքներ

Հոդված 6. Կատարողների գույքային իրավունքներն իրենց չամրագրված կատարումների նկատմամբ

Հոդված 7. Վերարտադրության իրավունք

Հոդված 8. Տարածման իրավունք

Հոդված 9. Վարձույթով տալու իրավունք

Հոդված 10. Ամրագրված կատարումները մատչելի դարձնելու իրավունք

Հոդված 11. Հեռարձակելու և հանրությանը հաղորդելու իրավունք

Հոդված 12. Իրավունքների փոխանցում

Հոդված 13. Սահմանափակումներ և բացառություններ

Հոդված 14. Պահպանության ժամկետ

Հոդված 15. Տեխնիկական միջոցների վերաբերյալ պարտավորություններ

Հոդված 16. Իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվությանը վերաբերող պարտավորություններ

Հոդված 17. Ընթացակարգեր

Հոդված 18. Վերապահումներ և ծանուցումներ

Հոդված 19. Կիրառումը ժամանակի առումով

Հոդված 20. Դրույթներ իրավունքների կիրարկման վերաբերյալ

Հոդված 21. Ասամբլեա

Հոդված 22. Միջազգային բյուրո

Հոդված 23. Պայմանագրի Կողմ դառնալու իրավունքը

Հոդված 24. Պայմանագրով տրամադրվող իրավունքներն ու պարտավորությունները

Հոդված 25. Պայմանագրի ստորագրումը

Հոդված 26. Պայմանագրի ուժի մեջ մտնելը

Հոդված 27. Պայմանագրի Կողմ դառնալու օրը

Հոդված 28. Պայմանագիրը չեղյալ հայտարարելը

Հոդված 29. Պայմանագրի լեզուները

Հոդված 30. Ավանդապահը

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Պայմանավորվող կողմերը,

ցանկանալով հնարավորին չափ արդյունավետ և միասնականորեն զարգացնել և պահպանել կատարողների իրավունքները իրենց տեսալսողական կատարումների նկատմամբ,

վերհիշելով 2007 թվականին Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) հիմնադրման Կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի ընդունած Զարգացման օրակարգի առաջարկությունների կարևորությունը, որի նպատակն է ապահովել, որ զարգացման նկատառումները կազմեն կազմակերպության աշխատանքի անբաժանելի մասը,

ընդունելով նոր միջազգային կանոնների ներդրման անհրաժեշտությունը` տնտեսական, սոցիալական, մշակութային և տեխնոլոգիական զարգացումներից բխող հարցերին համարժեք լուծումներ տալու համար,

ընդունելով տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման և համապատասխանեցման մեծ ազդեցությունը տեսալսողական կատարումների արտադրության և օգտագործման վրա,

ընդունելով կատարողների՝ իրենց տեսալսողական կատարումների նկատմամբ իրավունքների և հանրային շահերի միջև հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը մասնավորապես կրթության, հետազոտությունների և տեղեկատվության հասանելիության բնագավառներում,

ընդունելով, որ 1996 թվականի դեկտեմբերի 20-ին Ժնևում կնքված՝ ՄՍՀԿ Կատարումների և հնչյունագրերի մասին պայմանագրով (WPPT) տրամադրված պահպանությունը չի տարածվում տեսալսողական ամրագրումներում ամրագրված կատարումների կատարողների նկատմամբ,

վկայակոչելով Որոշ հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների հարցերի վերաբերյալ դիվանագիտական կոնֆերանսի կողմից 1996 թվականի դեկտեմբերի 20-ին ընդունված տեսալսողական կատարումների մասին բանաձևը,

 

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

Հոդված 1

Առնչությունն այլ կոնվենցիաների և պայմանագրերի հետ

 

1) Սույն Պայմանագիրը որևէ կերպով չի ազդում գոյություն ունեցող այն պարտավորությունների վրա, որոնք Պայմանավորվող կողմերը միմյանց նկատմամբ ունեն WPPT պայմանագրով կամ 1961թ. հոկտեմբերի 26-ին Հռոմում կնքված՝ Կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների պահպանության մասին միջազգային կոնվենցիայով։

2) Սույն Պայմանագրով տրամադրված պահպանությունը չի վնասում գրական և գեղարվեստական ստեղծագործությունների նկատմամբ հեղինակային իրավունքի պահպանությունը և որևէ կերպով չի ազդում վերջինիս վրա։ Հետևաբար սույն Պայմանագրի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել որպես նման պահպանությանը վնաս հասցնող։

3) Սույն Պայմանագիրը որևէ առնչություն չունի այլ պայմանագրերի հետ՝ բացառությամբ WPPT պայմանագրի, ինչպես նաև չի սահմանափակում այլ պայմանագրերով նախատեսված այլ իրավունքները և պարտավորությունները:

 

Հոդված 2

Սահմանումներ

 

Սույն Պայմանագրի նպատակների համար՝

ա) «Կատարողներ» նշանակում է՝ դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, պարողներ և այլ անձինք են, ովքեր կատարում, երգում, արտասանում, կարդում, նվագում, մեկնաբանում կամ այլ կերպ կատարում են գրական կամ գեղարվեստական ստեղծագործություններ կամ ժողովրդական բանահյուսության արտահայտություններ։

 բ) «Տեսալսողական ամրագրում» նշանակում է՝ շարժվող պատկերների մարմնավորում ձայնի ուղեկցությամբ կամ առանց դրա կամ դրանց ներկայացում, որը թույլ է տալիս դրանց ընկալումը, վերարտադրումը կամ հաղորդումը սարքի միջոցով։

գ) «Հեռարձակում» նշանակում է՝ հնչյունների կամ պատկերների կամ պատկերների և հնչյունների կամ դրանց ներկայացման տարածում հանրության համար՝ առանց հաղորդալարի. արբանյակային կապով այսպիսի տարածումը նույնպես «հեռարձակում» է. «հեռարձակում» է համարվում նաև կոդավորված ազդանշանների տարածումը, եթե դրանց ապակոդավորման միջոցները հանրությանը տրամադրվել են հեռարձակող կազմակերպության կողմից կամ նրա համաձայնությամբ։

դ) Կատարման «հաղորդումը հանրությանը» նշանակում է՝ չամրագրված կատարման կամ տեսալսողական ամրագրման մեջ ամրագրված կատարման հաղորդումը հանրությանը ցանկացած եղանակով՝ բացի հեռարձակումից։ 11-րդ հոդվածի իմաստով «հաղորդումը հանրության»-ը ընդգրկում է տեսալսողական ամրագրման մեջ ամրագրված կատարումը հանրության համար ունկնդրելի կամ տեսանելի կամ ունկնդրելի և տեսանելի դարձնելը:

 

Հոդված 3

Պահպանության տրամադրումը շահառուներին

 

1) Պայմանավորվող կողմերը սույն Պայմանագրով նախատեսված պահպանություն են տրամադրում այն կատարողներին, ովքեր հանդիսանում են այլ Պայմանավորվող կողմերի քաղաքացիներ։

2) Սույն Պայմանագրի նպատակներով այն կատարողները, ովքեր որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացիներ չեն, բայց մշտապես բնակվում են դրանցից որևէ մեկում, հավասարեցվում են այդ Պայմանավորվող կողմի քաղաքացիներին:

 

Հոդված 4.

Ազգային ռեժիմ

 

1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմերի քաղաքացիներին տրամադրում է այնպիսի ռեժիմ, որը տրամադրում է իր քաղաքացիներին սույն Պայմանագրով հատուկ տրամադրված բացառիկ իրավունքների և սույն Պայմանագրի 11-րդ հոդվածով նախատեսված արդարացի վարձատրության իրավունքի նկատմամբ:

2) Պայմանավորվող կողմն իրավասու է սահմանափակելու մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներին 1-ին կետի համաձայն տրամադրված պահպանության ծավալն ու ժամկետը սույն Պայմանագրի 11(1) և 11(2) հոդվածներով տրամադրված իրավունքների նկատմամբ, այն իրավունքներով, որոնցից օգտվում են իր քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմում:

3) 1-ին կետով նախատեսված պարտավորությունը չի կիրառվում Պայմանավորվող կողմի նկատմամբ այն ծավալով, ինչ ծավալով մյուս Պայմանավորվող կողմն օգտագործում է սույն Պայմանագրի 11(3) հոդվածով թույլատրված վերապահումները, ինչպես նաև չի կիրառվում Պայմանավորվող կողմի վրա այն ծավալով, ինչ ծավալով վերջինս արել է նման վերապահում:

 

Հոդված 5

Անձնական ոչ գույքային իրավունքներ

 

1) Անկախ կատարողի գույքային իրավունքներից և նույնիսկ այդ իրավունքները փոխանցելուց հետո կատարողն իր կենդանի կատարումների կամ տեսալսողական ամրագրումներում ամրագրված կատարումների նկատմամբ իրավունք ունի.

i) իր կատարման նկատմամբ ճանաչվելու որպես կատարող՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի ճանաչման բացակայությունը պայմանավորված է կատարման օգտագործման ձևով, և

ii) առարկելու իր կատարման ցանկացած խեղաթյուրման, աղճատման կամ այլ ձևափոխման դեմ, որը վնաս կհասցնի իր համբավին՝ հաշվի առնելով տեսալսողական ամրագրումների բնույթը։

2) Իրավունքները, որոնք կատարողին տրամադրված են 1-ին կետի համաձայն, պահպանվում են նրա մահից հետո՝ առնվազն մինչև գույքային իրավունքների գործողության ժամկետի ավարտը, և իրականացվում են այն անձանց կամ հաստատությունների կողմից, որոնք լիազորված են պաhպանություն պահանջող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ։ Այնուամենայնիվ, այն Պայմանավորվող կողմերը, որոնց օրենսդրությունը սույն Պայմանագրի վավերացման կամ դրան միանալու պահին չի նախատեսում կատարողի մահից հետո նախորդ կետում թվարկված նրա բոլոր իրավունքների պաhպանություն, կարող են սահմանել, որ այդ իրավունքների մի մասը դադարում է գործել նրա մահից հետո։

3) Սույն հոդվածով տրամադրված իրավունքների պաhպանության ապահովման միջոցները կարգավորվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որտեղ պահանջվում է պաhպանությունը:

 

Հոդված 6

Կատարողների գույքային իրավունքները իրենց չամրագրված կատարումների նկատմամբ

 

Կատարողներն օգտվում են բացառիկ իրավունքից իրենց կատարումների նկատմամբ թույլատրելու ՝

i) իրենց չամրագրված կատարումների հեռարձակումն ու հաղորդումը հանրությանը` բացառությամբ այն դեպքերի, երբ կատարումն արդեն հեռարձակված է, և

ii) իրենց չամրագրված կատարումների ամրագրումը։

 

Հոդված 7

Վերարտադրության իրավունք

 

Կատարողներն օգտվում են բացառիկ իրավունքից՝ թույլատրելու տեսալսողական ամրագրումներում ամրագրված իրենց կատարումների ուղղակի կամ անուղղակի՝ ցանկացած եղանակով ու ձևով վերարտադրությունը:

 

Հոդված 8

Տարածման իրավունք

 

1) Կատարողներն օգտվում են բացառիկ իրավունքից՝ թույլատրել տեսալսողական ամրագրումներում ամրագրված իրենց կատարումների բնօրինակը կամ կրկնօրինակները հանրության համար մատչելի դարձնելու՝ վաճառքի կամ սեփականության իրավունքի այլ ձևով փոխանցման միջոցով։

2) Սույն Պայմանագրում ոչինչ չի սահմանափակում Պայմանավորվող կողմերի ազատությունը՝ սահմանելու այնպիսի պայմաններ, որոնց համաձայն՝ 1-ին կետով նախատեսված իրավունքի դադարումը կիրառվում է կատարողի թույլտվությամբ ամրագրված կատարման բնօրինակի կամ կրկնօրինակի առաջին վաճառքից կամ սեփականության իրավունքի այլ ձևով փոխանցումից հետո։

 

Հոդված 9

Վարձույթով տալու իրավունք

 

1) Կատարողներն օգտվում են բացառիկ իրավունքից՝ թույլատրել տեսալսողական ամրագրումներում ամրագրված իրենց կատարումների բնօրինակն ու կրկնօրինակները Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով հանրությանը առևտրային նպատակով վարձույթով տալը կատարողի կողմից կամ նրա թույլտվությամբ, նույնիսկ դրանց տարածումից հետո։

2) Պայմանավորվող կողմերն ազատվում են 1-ին կետով սահմանված պարտավորությունից, եթե առևտրային նպատակով վարձույթով տալը չի հանգեցնում այդպիսի ամրագրումների լայնածավալ կրկնօրինակման, որը էական վնաս է հասցնում կատարողների վերարտադրության բացառիկ իրավունքին։

 

Հոդված 10

Ամրագրված կատարումները մատչելի դարձնելու իրավունք

 

Կատարողներն օգտվում են բացառիկ իրավունքից՝ թույլատրել տեսալսողական ամրագրումներում ամրագրված իրենց կատարումները հանրության համար մատչելի դարձնել հաղորդալարով կամ առանց հաղորդալարի միջոցներով, այնպիսի եղանակով, որ հասարակության անդամներին դրանք հասանելի լինեն նրանց կողմից անհատապես ընտրված վայրում և պահին։

 

Հոդված 11

Հեռարձակելու և հանրությանը հաղորդելու իրավունք

 

1) Կատարողներն օգտվում են տեսալսողական ամրագրումներում ամրագրված իրենց կատարումների հեռարձակումը կամ հանրությանը հաղորդումը թույլատրելու բացառիկ իրավունքից:

2) Պայմանավորվող կողմերը կարող են ՄՍՀԿ գլխավոր տնօրենին ի պահ հանձնած ծանուցմամբ հայտարարել, որ 1-ին կետով նախատեսված թույլտվության իրավունքի փոխարեն կսահմանեն արդարացի վարձատրություն ստանալու իրավունք տեսալսողական ամրագրումներում ամրագրված կատարումները ուղղակի կամ անուղղակի օգտագործելու՝ հեռարձակման կամ հանրությանը հաղորդելու համար: Պայմանավորվող կողմերը կարող են նաև հայտարարել, որ իրենց օրենսդրությամբ պայմաններ կնախատեսեն արդարացի վարձատրության իրավունքի իրականացման համար:

3) Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է հայտարարել, որ կկիրառի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դրույթները միայն որոշակի օգտագործման համար, կամ կսահմանափակի դրանց կիրառումը մեկ այլ ձևով, կամ ընդհանրապես չի կիրառի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դրույթները:

 

Հոդված 12

Իրավունքների փոխանցում

 

1) Պայմանավորվող կողմը կարող է իր ազգային օրենսդրության մեջ նախատեսել, որ եթե կատարողը համաձայնություն է տվել ամրագրելու իր կատարումը տեսալսողական ամրագրման եղանակով, ապա սույն Պայմանագրի 7-11-րդ հոդվածներով նախատեսված թույլտվություն տալու բացառիկ իրավունքը պատկանում է այդպիսի տեսալսողական ամրագրման արտադրողին կամ իրականացվում է նրա կողմից կամ փոխանցվում է նրան, եթե կատարողի և տեսալսողական ամրագրման արտադրողի միջև հակառակի վերաբերյալ պայմանագիր չի կնքվել, ինչպես սահմանված է ազգային օրենսդրությամբ:

2) Պայմանավորվող կողմը, իր ազգային օրենսդրության համաձայն, արտադրված տեսալսողական ամրագրումների վերաբերյալ կարող է պահանջել, որ այդպիսի համաձայնությունը կամ պայմանագիրը լինի գրավոր և ստորագրվի պայմանագրի երկու կողմերի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների կողմից:

3) Անկախ վերը նշված բացառիկ իրավունքների փոխանցումից՝ ազգային օրենսդրությունները կամ անհատական, կոլեկտիվ կամ այլ համաձայնագրերը կարող են կատարողին տրամադրել ռոյալթի կամ արդարացի վարձատրություն ստանալու իրավունք կատարման ցանկացած օգտագործման համար, ինչպես նախատեսված է սույն Պայմանագրով, այդ թվում՝ կիրառելի է 10-րդ և 11-րդ հոդվածների նկատմամբ:

 

Հոդված 13

Սահմանափակումներ և բացառություններ

 

1) Պայմանավորվող կողմերը կարող են իրենց ազգային օրենսդրությամբ կատարողների իրավունքների պահպանության վերաբերյալ նախատեսել նույն սահմանափակումները և բացառությունները, ինչպիսիք իրենց ազգային օրենսդրությամբ նախատեսում են գրական և գեղարվեստական ստեղծագործությունների նկատմամբ հեղինակային իրավունքի պահպանության համար։

2) Պայմանավորվող կողմերը սահմանում են սույն Պայմանագրով նախատեսված իրավունքների սահմանափակումներ և բացառություններ որոշ հատուկ դեպքերի համար, որոնք չեն հակասում կատարման բնականոն օգտագործմանը և անհիմն կերպով չեն վնասում կատարողի օրինական շահերը։

 

Հոդված 14

Պահպանության ժամկետը

 

Սույն Պայմանագրով կատարողներին տրամադրվող պահպանության ժամկետը գործում է առնվազն մինչև 50 տարին լրանալը, որը հաշվարկվում է այն տարվա վերջից, երբ կատարումն ամրագրվել է:

 

Հոդված 15

Տեխնոլոգիական միջոցների վերաբերյալ պարտավորություններ

 

Պայմանավորվող կողմերը տրամադրում են համարժեք իրավական պահպանություն և արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ այն արդյունավետ տեխնոլոգիական միջոցները շրջանցելու դեմ, որոնք օգտագործվում են կատարողների կողմից՝ սույն Պայմանագրով իրենց իրավունքներն իրականացնելու համար, և որոնք սահմանափակում են իրենց կատարումների նկատմամբ կատարողների կողմից չթույլատրված կամ օրենքով արգելված գործողությունները:

 

Հոդված 16

Իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվությանը վերաբերող պարտավորություններ

 

1) Պայմանավորվող կողմերն ապահովում են համարժեք և արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ ցանկացած անձի դեմ, ով գիտակցաբար կատարում է հետևյալ գործողություններից որևէ մեկը՝ իմանալով կամ, քաղաքացիաիրավական պաշտպանության միջոցների առումով, բավարար հիմքեր ունենալով իմանալու, որ այդպիսի գործողությունը կառաջացնի, կնպաստի, կօգնի կամ կթաքցնի սույն Պայմանագրով սահմանված որևէ իրավունքի խախտում.

i) առանց թույլտվության հեռացնել կամ փոփոխել իրավունքների կառավարման վերաբերյալ որևէ էլեկտրոնային տեղեկատվություն,

ii) առանց թույլտվության տարածել, տարածման նպատակով ներմուծել, հեռարձակել, հաղորդել կամ մատչելի դարձնել հանրությանը տեսալսողական ամրագրումներում ամրագրված կատարումները կամ դրանց կրկնօրինակները՝ իմանալով, որ իրավունքների կառավարման վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվությունը հեռացվել կամ փոփոխվել է առանց թույլտվության։

2) Սույն հոդվածի իմաստով «իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվություն» նշանակում է տեղեկատվություն, որը նույնականացնում է կատարողին, կատարողի կատարումը կամ կատարման նկատմամբ որևէ իրավունքի իրավատիրոջը, կամ կատարման օգտագործման ժամկետների և պայմանների վերաբերյալ տեղեկատվություն և ցանկացած թիվ կամ կոդ, որը ներկայացնում է այդպիսի տեղեկատվություն, երբ այդ տեղեկատվության տարրերից ցանկացածը կցված է տեսալսողական ամրագրումներում ամրագրված կատարմանը:

 

Հոդված 17

Ընթացակարգեր

 

Սույն Պայմանագրով նախատեսված իրավունքների ձեռքբերումն ու դրանց իրականացումը որևէ ընթացակարգի հետ չի առնչվում:

 

Հոդված 18

Վերապահումներ և ծանուցումներ

 

1) Հաշվի առնելով 11(3) հոդվածի դրույթները՝ սույն Պայմանագրով որևէ վերապահում չի թույլատրվում։

2) Համաձայն 11(2) կամ 19(2) հոդվածների ցանկացած ծանուցում կարող է կատարվել վավերացման կամ միանալու մասին փաստաթղթերում, և այդպիսի ծանուցման ուժի մեջ մտնելու օր է համարվում սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու օր այն Պայմանավորվող կողմի համար, որն արել է այդ ծանուցումը: Ցանկացած այդպիսի ծանուցում կարող է նաև կատարվել ավելի ուշ, և այդ դեպքում այն ուժի մեջ է մտնում ՄՍՀԿ գլխավոր տնօրենի ստանալուց 3 ամիս հետո կամ ծանուցման մեջ նշված ցանկացած ավելի ուշ օրվանից:

 

Հոդված 19

Կիրառումը ժամանակի առումով

 

1) Պայմանավորվող կողմերը սույն Պայմանագրով պահպանություն են տրամադրում այն ամրագրված կատարումներին, որոնք գոյություն ունեն սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին, և բոլոր այն կատարումներին, որոնք տեղի են ունենում սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար:

2) Անկախ 1-ին կետով նախատեսված դրույթներից՝ Պայմանավորվող կողմը կարող է ՄՍՀԿ գլխավոր տնօրենին ի պահ հանձնած ծանուցման մեջ հայտարարել, որ ինքը չի կիրառելու սույն Պայմանագրի 7-11-րդ հոդվածների դրույթները կամ դրանցից մեկը կամ մի քանիսը այն ամրագրված կատարումների նկատմամբ, որոնք գոյություն ունեն սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահին յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար: Այդպիսի Պայմանավորվող կողմի նկատմամբ մյուս Պայմանավորվող կողմերը կարող են սահմանափակել վերը նշված հոդվածների կիրառումն այն կատարումների նկատմամբ, որոնք տեղի են ունեցել սույն Պայմանագրի՝ տվյալ Պայմանավորվող կողմի համար ուժի մեջ մտնելուց հետո:

3) Սույն Պայմանագրով նախատեսված պահպանությունը չի վնասում որևէ Պայմանավորվող կողմի համար սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ որևէ արդեն կատարված գործողության, կնքված համաձայնագրի կամ ձեռք բերված իրավունքի վրա:

4) Պայմանավորվող կողմերը կարող են իրենց ազգային օրենսդրությամբ սահմանել անցումային դրույթներ, որոնց համաձայն՝ ցանկացած անձ, ով մինչև սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելը կատարման նկատմամբ իրականացրել է օրինական գործողություններ, կարող է այդ իսկ կատարման նկատմամբ կատարել գործողություններ 5-րդ և 7-11-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների շրջանակներում՝ համապատասխան Պայմանավորվող կողմերի համար սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո:

 

Հոդված 20

Դրույթներ իրավունքների կիրարկման վերաբերյալ

 

1) Պայմանավորվող կողմերը պարտավորվում են, համաձայն իրենց իրավական համակարգի, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու համար սույն Պայմանագրի կիրարկումը։

2) Պայմանավորվող կողմերն ապահովում են, որ իրենց օրենսդրությամբ նախատեսվեն կիրարկման այնպիսի ընթացակարգեր, որոնք թույլ կտան կատարել արդյունավետ գործողություններ սույն Պայմանագրով տրամադրվող իրավունքների ցանկացած խախտման դեմ, ներառյալ խախտումները կանխելուն ուղղված անհապաղ միջոցները և հետագա խախտումները բացառելուն ուղղված միջոցները։

 

Հոդված 21

Ասամբլեա

 

1) ա) Պայմանավորվող կողմերն ունեն Ասամբլեա:

բ) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ներկայացված է Ասամբլեայում մեկ պատվիրակով, ում կարող են օգնել փոխարինող պատվիրակները, խորհրդատուները և փորձագետները:

գ) Յուրաքանչյուր պատվիրակության ծախս հոգում է պատվիրակությանը նշանակող Պայմանավորվող կողմը: Ասամբլեան կարող է դիմել ՄՍՀԿ-ին ֆինանսական օժանդակության խնդրանքով՝ դյուրացնելու համար այն Պայմանավորվող կողմերի պատվիրակությունների մասնակցությունը, որոնք Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի սահմանած գործելակերպի համաձայն համարվում են զարգացող երկրներ, կամ որոնք գտնվում են շուկայական տնտեսության անցումային փուլում:

2) ա) Ասամբլեան դիտարկում է սույն Պայմանագրի պահպանմանը և զարգացմանը, ինչպես նաև դրա կիրառմանն ու գործելուն վերաբերող հարցերը:

բ) Ասամբլեան կատարում է 23(2) հոդվածով իր վրա դրված գործառույթը որոշ միջկառավարական կազմակերպությունների՝ սույն Պայմանագրի կողմ դառնալու թույլտվություն տալու մասով:

գ) Ասամբլեան որոշում է սույն Պայմանագիրը վերանայելու համար հրավիրել դիվանագիտական համաժողով և տալիս է անհրաժեշտ ցուցումներ ՄՍՀԿ գլխավոր տնօրենին` նման դիվանագիտական համաժողով նախապատրաստելու համար:

3) ա) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը Պետություն է, ունի մեկ քվե և քվեարկում է միայն իր անունից:

բ) Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը միջկառավարական կազմակերպություն է, կարող է մասնակցել քվեարկությանը իր անդամ պետությունների փոխարեն, ձայների այն քանակությամբ, որը հավասար է իր անդամ պետությունների քանակին, որոնք սույն Պայմանագրի կողմ են: Նման միջկառավարական կազմակերպությունը չի մասնակցում քվեարկությանը, եթե նրա անդամ պետություններից որևէ մեկն օգտագործում է քվեարկելու իր իրավունքը և հակառակը:

4) Ասամբլեան գումարվում է գլխավոր տնօրենի հրավերով, բացառիկ հանգամանքների բացակայության դեպքում՝ նույն ժամանակահատվածում և նույն վայրում, ինչ ՄՍՀԿ գլխավոր ասամբլեան:

5) Ասամբլեան ձգտում է իր որոշումներն ընդունել կոնսենսուսով և սահմանում է իր ընթացակարգի կանոնները, ներառյալ արտահերթ նիստերի գումարումը, քվորումի պահանջները, և, հաշվի առնելով սույն Պայմանագրի դրույթներից, տարբեր տեսակի որոշումների ընդունման համար պահանջվող ձայների մեծամասնությունը:

 

Հոդված 22

Միջազգային բյուրո

 

ՄՍՀԿ Միջազգային բյուրոն իրականացնում է Պայմանագրին առնչվող վարչական գործառույթները:

 

Հոդված 23

Պայմանագրին Կողմ դառնալու իրավունքը

 

1) ՄՍՀԿ ցանկացած անդամ պետություն կարող է դառնալ սույն Պայմանագրի կողմ:

2) Ասամբլեան կարող է որոշում ընդունել և թույլատրել ցանկացած այնպիսի միջկառավարական կազմակերպության դառնալ սույն Պայմանագրի կողմ, որը հայտարարում է, որ իրավասու է սույն Պայմանագրով կարգավորվող հարցերի կապակցությամբ և ունի սույն Պայմանագրով կարգավորվող հարցերով իր բոլոր անդամ պետությունների համար պարտադիր օրենսդրություն, և որը իր, ներքին ընթացակարգերին համապատասխան, պատշաճ կերպով լիազորված է դառնալու սույն Պայմանագրի կողմ:

3) Եվրոպական միությունը, սույն Պայմանագիրն ընդունող դիվանագիտական համաժողովում կատարելով նախորդ կետում նշված հայտարարությունը, կարող է դառնալ սույն Պայմանագրի կողմ:

 

Հոդված 24

Պայմանագրով սահմանված իրավունքներն ու պարտավորությունները

 

Եթե սույն Պայմանագրի որևէ հատուկ դրույթով այլ բան նախատեսված չէ, ապա յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ օգտվում է սույն Պայմանագրով նախատեսված բոլոր իրավունքներից և ստանձնում բոլոր նախատեսված պարտավորությունները:

 

Հոդված 25

Պայմանագրի ստորագրումը

 

Սույն Պայմանագիրն ստորագրման համար բաց է ՄՍՀԿ կենտրոնակայանում՝ կողմ դառնալու պայմանները բավարարող ցանկացած կողմի համար՝ ընդունման պահից մեկ տարվա ընթացքում:

 

Հոդված 26

Պայմանագրի ուժի մեջ մտնելը

 

Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում 23-րդ հոդվածում նշված՝ կողմ դառնալու պայմանները բավարարող 30 կողմի կողմից վավերացման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելուց երեք ամիս հետո:

 

Հոդված 27

Պայմանագրի Կողմ դառնալու օրը

 

Սույն Պայմանագիրը պարտադիր է.

i) 26-րդ հոդվածում նշված՝ կողմ դառնալու պայմանները բավարարող 30 կողմի համար՝ սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած,

ii) 23-րդ հոդվածում նշված Պայմանագրին կողմ դառնալու պայմաններին բավարարող ցանկացած այլ կողմի համար՝ ՄՍՀԿ Գլխավոր տնօրենին վավերացման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո:

 

Հոդված 28

Պայմանագիրը չեղյալ հայտարարելը

 

Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Պայմանագիրը ՄՍՀԿ գլխավոր տնօրենին ուղղված ծանուցմամբ։ Ցանկացած չեղյալ հայտարարում ուժի մեջ է մտնում ծանուցումը ՄՍՀԿ գլխավոր տնօրենի ստանալու օրվանից մեկ տարի հետո։

 

Հոդված 29

Պայմանագրի լեզուները

 

1) Սույն Պայմանագիրը ստորագրվում է մեկ բնօրինակով՝ անգլերեն, արաբերեն, չինարեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն, ընդ որում՝ բոլոր լեզուներով տեքստերը հավասարազոր են։

2) Պաշտոնական տեքստն այլ լեզուներով, բացի 1-ին կետում նշված լեզուներից, հաստատում է ՄՍՀԿ գլխավոր տնօրենը, շահագրգիռ կողմի դիմումով՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցելուց հետո։ Սույն կետի նպատակներով «շահագրգիռ կողմ» նշանակում է՝ ՄՍՀԿ ցանկացած անդամ պետություն, որի պաշտոնական լեզուն կամ պաշտոնական լեզուներից մեկը դիմումի առարկան է, ինչպես նաև՝ Եվրոպական միություն և ցանկացած այլ միջկառավարական կազմակերպություն, որը կարող է դառնալ սույն Պայմանագրի կողմ, եթե նրա պաշտոնական լեզուներից մեկը դիմումի առարկան է:

 

Հոդված 30

Ավանդապահը

 

ՄՍՀԿ գլխավոր տնօրենը սույն Պայմանագրի ավանդապահն է։