«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հունիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10207242
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 հունիսի 2007 թ. ք. Երևան |
N 131-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱԿՏԻ ԿԱՄ ԲԱԺԱՆԻՉ (ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ) ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎՐԱ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով և 13-րդ հոդվածի 7-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել, որ իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) պայմանավորված պետական գրանցումներ կատարելուց հետո ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ղեկավարը ներկայացված փոխանցման ակտի կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռի վրա կատարում է «Սույն փաստաթղթի համաձայն պետական գրանցումը կատարված է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից ____ ___________200 թ.» բովանդակությամբ նշում:
2. Սահմանել, որ իրավաբանական անձանց վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումներ կատարելուց հետո ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը ներկայացված փոխանցման ակտի վրա կատարում է «Սույն փաստաթղթի համաձայն պետական գրանցումը կատարված է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համապատասխան տարածքային բաժնի կողմից ____ ___________200 թ.» բովանդակությամբ նշում:
3. Սահմանել, որ նշում կատարելուց հետո պետական ռեգիստրի ղեկավարը (վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում՝ տարածքային ստորաբաժանման ղեկավարը) ստորագրում և կնքում է փաստաթղթի (որը պետք է պարունակի տեղեկություններ կազմված օրինակների քանակի, օրինակի հերթական համարի մասին) ներկայացված բոլոր օրինակները:
Գ. Դանիելյան