Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պայմանագիր
Тип
Исходный акт (18.01.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2011.12.26/13(21) Հոդ.5
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
09.06.2009
Дата подписания
09.06.2009
Дата вступления в силу
18.01.2010

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ` հիմնադիր պետություններ),

առաջնորդվելով Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի` 2009թ. փետրվարի 4-ի թիվ 415 որոշմամբ (պետությունների ղեկավարների մակարդակով),

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Հիմնադիր պետություններն ստեղծում են Եվրասիական տնտեսական համագործակցության հակաճգնաժամային հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ)` ազգային տնտեսությունների կողմից համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները հաղթահարելու, դրանց տնտեսական և ֆինանսական կայունությունն ապահովելու, ինչպես նաև Հիմնադրամի մասնակից պետությունների տնտեսությունների ինտեգրման հետագա խորացմանն աջակցելու նպատակով:

Հիմնադրամի միջոցների ձևավորման, տեղաբաշխման և տրամադրման, Հիմնադրամի միջոցների կառավարման, Հիմնադրամի կազմից դրա մասնակիցների դուրս գալու և Հիմնադրամի գործառնությունների դադարեցման կարգը, ինչպես նաև Հիմնադրամի կարգավիճակը սահմանվում են Հիմնադրամի կանոնադրությամբ, որը սույն Պայմանագրի հավելվածն է:

 

Հոդված 2

 

Հիմնադրամի միջոցներն օգտագործվում են.

- համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարման նպատակով Հիմնադրամի մասնակից պետություններին անկախ փոխառություններ տրամադրելու համար,

- Հիմնադրամի մասնակից պետություններին եկամտային ցածր մակարդակով կայունացման վարկեր տրամադրելու համար,

- միջազգային ներդրումային նախագծերի ֆինանսավորման համար:

Հիմնադրամի միջոցները տրամադրվում են վճարման, ժամկետային սահմանափակման և վերադարձման պայմաններով:

Հիմնադրամի միջոցներն ազատ են ցանկացած սահմանափակումից, կարգադրագրից և մորատորիումից այնքանով, որքանով դա անհրաժեշտ է Հիմնադրամի ստեղծման նպատակներին հասնելու համար` նաև հաշվի առնելով սույն Պայմանագրի և Հիմնադրամի մասին կանոնադրության դրույթները:

 

Հոդված 3

 

Հիմնադիր պետությունների նախնական վճարումները Հիմնադրամին կազմում են.

Բելառուսի Հանրապետություն - 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար,

Ղազախստանի Հանրապետություն - 1 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար,

Ղրղզստանի Հանրապետություն - 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար,

Ռուսաստանի Դաշնություն - 7,5 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար,

Տաջիկստանի Հանրապետություն - 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար,

Հայաստանի Հանրապետություն - 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Հիմնադիր պետությունների կողմից նախնական վճարումները Հիմնադրամին կատարվում են սույն Պայմանագրի և դրա 4-րդ հոդվածում նշված` Հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 6 (վեց) ամսվա ընթացքում` հետևյալ կարգով.

 

- վերոնշյալ գումարի 10%-ը (տասը տոկոսը) հիմնադիր պետություններից յուրաքանչյուրը վճարում է 
  ԱՄՆ դոլարով և/կամ եվրոյով` Հիմնադրամի մասին կանոնադրությամբ սահմանված կարգի 
  համապատասխան,

- մնացած 90%-ը (իննսուն տոկոսը) հիմնադիր պետություններից յուրաքանչյուրը վճարում է պարզ, 
  չշրջանառվող և անտոկոս պարտամուրհակի թողարկման միջոցով, որի մարումն իրականացվում է
  Հիմնադրամի մասին կանոնադրությամբ սահմանված կարգին համապատասխան:

 

Հոդված 4

 

Հիմնադրամի միջոցների կառավարումն իրականացնում է Հիմնադրամի խորհուրդը, որի անդամներն են Հիմնադրամի մասնակից պետությունների ֆինանսների նախարարները և Հիմնադրամի մասնակից միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, Հիմնադրամի միջոցների կառավարչի հետ համատեղ` Հիմնադրամի մասին կանոնադրությամբ նախատեսված կարգով:

Հիմնադրամի միջոցների կառավարչի գործառույթների կատարումը վերապահվում է Եվրասիական զարգացման բանկին (այսուհետ` Բանկ) Հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագրի հիման վրա, որը կնքվում է հիմնադիր պետությունների և Բանկի միջև:

Հիմնադրամի միջոցների կառավարչի փոխարինումը կարող է կատարվել Հիմնադրամի մասնակիցների կողմից` Հիմնադրամի խորհրդի առաջարկության հիման վրա:

 

Հոդված 5

 

Ուժի մեջ մտնելուց հետո սույն Պայմանագիրը բաց է այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների միանալու համար:

Միացող պետությունների և միջազգային կազմակերպությունների համար սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրան միանալու մասին փաստաթուղթն Ավանդապահի, որը ԵվրԱսՏՀ-ի ինտեգրման կոմիտեն է, ստանալու օրվանից:

 

Հոդված 6

 

Սույն Պայմանագրում փոփոխությունները կատարվում են հիմնադիր պետությունների և Հիմնադրամի մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ և ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին Հիմնադրամի մասնակիցների վերջին գրավոր ծանուցումն Ավանդապահի ստանալու օրվանից:

 

Հոդված 7

 

Սույն Պայմանագրի վերաբերյալ վերապահումներ չեն թույլատրվում:

Սույն Պայմանագրի կիրառմանը և մեկնաբանմանն առնչվող վեճերը, որոնք ծագում են հիմնադիր պետությունների և/կամ Հիմնադրամի մասնակիցների և/կամ Հիմնադրամի նախկին մասնակիցների միջև, կարգավորվում են Հիմնադրամի մասին կանոնադրությամբ նախատեսված կարգին համապատասխան:

 

Հոդված 8

 

Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին հիմնադիր պետությունների վերջին գրավոր ծանուցումն Ավանդապահի ստանալու օրվանից և գործում է մինչև Հիմնադրամի գործառույթների դադարեցման ընթացակարգի լիակատար ավարտը` ըստ Հիմնադրամի մասին կանոնադրությամբ նախատեսված կարգի:

Հիմնադրամի յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի դուրս գալու սույն Պայմանագրից Հիմնադրամի մասնակիցների կազմից դուրս գալու պայմանով` Հիմնադրամի մասին կանոնադրությամբ նախատեսված կարգին համապատասխան: Հիմնադրամի մասնակիցների կազմից դուրս գալու ընթացակարգը Հիմնադրամի այդ մասնակցի առնչությամբ ավարտվելուն պես նրա մասնակցությունը սույն Պայմանագրին ինքնաբերաբար դադարեցվում է:

 

Կատարվել է 2009 թ. հունիսի 9-ին Մոսկվա քաղաքում, մեկ բնօրինակով, ռուսերեն: Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է Ավանդապահի մոտ, որը հիմնադիր պետություններին կուղարկի դրա վավերացված պատճենները:

 

 Սույն Պայմանագիրն ստորագրվել է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից:

 

 

 Հավելված

 

 

 Եվրասիական տնտեսական
ընկերակցության հակաճգնաժամային
հիմնադրամի հիմնադրման մասին
2009 թ. հունիսի 9-ի
պայմանագրին կից

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի մասին

 

Սույն Կանոնադրությունը 2009 թ. հունիսի 9-ին ստորագրված` Եվրասիական տնտեսական համագործակցության հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրի (այսուհետ` Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագիր) անբաժանելի մասն է:

 

Բաժին 1

 

Հիմնադրամ

 

Հոդված 1

Հիմնադրամի կարգավիճակը

 

1. Հիմնադրամը ֆինանսական ռեսուրսների ներգրավման, կուտակման և օգտագործման միջոց է Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրով սահմանված նպատակների համար:

Հիմնադրամն իրավաբանական անձ կամ կազմակերպություն չէ: Հիմնադրամի մասնակից պետությունների ազգային օրենսդրությունների դրույթները, որոնք սահմանում են կազմակերպությունների ստեղծման, լիցենզավորման, դրանց գործունեության կարգավորման և դադարեցման կարգը, չեն տարածվում Հիմնադրամի շրջանակներում իրականացվող գործունեության վրա:

2. Հիմնադրամի միջոցները պատկանում են Հիմնադրամի մասնակիցներին: Հիմնադրամի մասնակիցները Հիմնադրամի միջոցների հաշվին իրականացվող գործունեության հետ կապված կորուստների հնարավոր վտանգին ենթակա են Հիմնադրամի միջոցներում իրենց մասնաբաժնի չափով:

3. Հիմնադրամի միջոցներում Հիմնադրամի մասնակցի մասնաբաժինը ենթակա է վճարման այդ մասնակցին միայն Հիմնադրամի մասնակիցների կազմից նրա դուրս գալու կամ Հիմնադրամի գործառնությունների դադարեցման դեպքերում` սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով:

Հիմնադրամի միջոցներում Հիմնադրամի մասնակցի մասնաբաժինը որոշվում է Հիմնադրամի խորհրդի կողմից սահմանվող կարգով` սույն Կանոնադրության 20-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան:

4. Հիմնադրամի միջոցների հաշվին չի թուլատրվում կատարել Հիմնադրամի մասնակիցների` Հիմնադրամի գործառնություններին չառնչվող պարտավորությունները:

Հիմնադրամի միջոցները չեն կարող երրորդ անձանց պահանջներով պարտադրաբար առգրավվել Հիմնադրամի մասնակիցների` Հիմնադրամի գործառնություններին չառնչվող պարտավորությունների կատարման փոխարեն:

5. Հիմնադրամի մասնակիցները պատասխանատվություն են կրում Հիմնադրամի գործառնությունների շրջանակներում իրենց ստանձնած պարտականությունների համար Հիմնադրամի միջոցներում իրենց ունեցած մասնաբաժնի սահմաններում:

 

Հոդված 2

Հիմնադրամի փաստաթղթերը

 

Հիմնադրամի շրջանակներում իրականացվող գործունեությունը կանոնակարգվում է հետևյալ փաստաթղթերով (այսուհետ` Հիմնադրամի փաստաթղթեր).

- կիրառվող միջազգային պայմանագրերով,

- Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրով և սույն Կանոնադրությամբ,

- Հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագրով, որը կնքվում է հիմնադիր պետությունների և Հիմնադրամի միջոցների կառավարչի միջև,

- Հիմնադրամի խորհրդի որոշումներով,

- Հիմնադրամի միջոցների կառավարչի ներքին փաստաթղթերով և որոշումներով, որոնց կիրառումը նախատեսված է սույն Կանոնադրությամբ, Հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագրով կամ Հիմնադրամի խորհրդի որոշմամբ:

 

Հոդված 3

Հիմնադրամի հիմնադիր պետությունները և մասնակիցները

 

1. Համապատասխան Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրին` Հիմնադրամի հիմնադիր պետություններն են Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրզղստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը:

2. Հիմնադրամի հիմնադիր պետությունները դառնում են դրա մասնակիցներ նախնական վճարման պարտավորությունները կատարելուց հետո, ներառյալ դրամական միջոցների վճարումը և պարտամուրհակների հանձնումը:

3. Հիմնադրամի մասնակից կարող է դառնալ նաև ցանկացած շահագրգիռ պետություն կամ միջազգային կազմակերպություն, որն ընդունում է Հիմնադրամի նպատակները:

Այդ պետությունը կամ միջազգային կազմակերպությունը Հիմնադրամի խորհրդի որոշման հիման վրա դառնում է Հիմնադրամի մասնակից Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրին և սույն Կանոնադրության 2-րդ և 18-րդ հոդվածներում հիշատակված` Հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագրին միանալուց, ինչպես նաև Հիմնադրամին կատարվելիք վճարման պարտավորությունները կատարելուց հետո, ներառյալ դրամական վճարման փոխանցումը և, եթե նախատեսված է, պարտամուրհակների հանձնումը` սույն Կանոնադրության 7-րդ հոդվածին համապատասխան:

Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրին և Հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագրին միանալը նշանակում է` Հիմնադրամի նոր մասնակիցը համաձայն է, որ Հիմնադրամի բոլոր գործող Փաստաթղթերը կիրառվեն իր կողմից Հիմնադրամին հատկացվող ցանկացած ռեսուրսի նկատմամբ:

 

Հոդված 4

Հիմնադրամի գործառնությունների սկիզբը

 

1. Հիմնադրամի խորհրդի առաջին նիստի օրը համարվում է Հիմնադրամի գործառնությունների սկսման օր:

Հիմնադրամի միջոցների օգտագործումը կարող է իրականացվել միայն հետևյալ երեք պայմանների կատարումից հետո.

ա) Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագիրը և Հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագիրը մտել են ուժի մեջ,

բ) Հիմնադրամի առնվազն 3 (երեք) հիմնադիր պետություններ դարձել են Հիմնադրամի մասնակիցներ, ինչպես դա նախատեսված է սույն Կանոնադրության 3-րդ հոդվածի 2-րդ կետով,

գ) Հիմնադրամին հատկացված դրամական միջոցների ընդհանուր գումարը կազմել է Հիմնադրամի հիմնադիր պետությունների կողմից, Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրին համապատասխան, նախնական վճարումների ձևով Հիմնադրամին վճարման ենթակա դրամական միջոցների ընդհանուր գումարի առնվազն կեսը:

 

Հոդված 5

Հիմնադրամի լեզուն

 

Հիմնադրամի աշխատանքային և պաշտոնական լեզուն ռուսերենն է:

 

Բաժին 2

 

Հիմնադրամի միջոցների ձևավորումն ու օգտագործումը

 

Հոդված 6

Հիմնադրամի միջոցները

 

Հիմնադրամի միջոցներ են.

ա) Հիմնադրամին կատարվող վճարումները,

բ) Հիմնադրամի ժամանակավորապես ազատ միջոցների տեղաբաշխումից (ներդրումից) ստացված մուտքերը,

գ) վերադարձման հիմքով Հիմնադրամի միջոցների տրամադրումից ստացված մուտքերը,

դ) Հիմնադրամին կատարվող նվիրաբերությունները,

ե) Հիմնադրամին ուղղված այլ մուտքերը:

 

Հոդված 7

Հիմնադրամին կատարվող վճարումները

 

1. Հիմնադրամի հիմնադիր պետությունների նախնական վճարումները կատարվում են Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրով նախատեսված կարգին համապատասխան` հաշվի առնելով Կանոնադրության սույն հոդվածի 4-6-րդ կետերը:

2. Հիմնադրամի նոր մասնակիցների վճարումները կատարվում են Հիմնադրամի խորհրդի կողմից սահմանված չափով և կարգով` հետևելով սույն Կանոնադրության 3-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ընթացակարգերին:

Հիմնադրամի խորհրդի որոշման մեջ նշվում են վճարման գումարը` համարժեք ԱՄՆ դոլարով, վճարումը կատարելու կարգը, վճարումը կատարելու ժամկետացանկը, այն արժույթը, որով կատարվելու է վճարումը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, վճարումը կատարելու համար այլ պայմաններ:

Հիմնադրամին կատարվելիք վճարման նախնական նվազագույն գումարը, եթե այն չփոխվի Հիմնադրամի խորհրդի կողմից, կազմում է 1.000.000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար, որից առնվազն 100.000 (հարյուր հազար) ԱՄՆ դոլար Հիմնադրամին է հատկացվում դրամական միջոցների ձևով:

3. Հիմնադրամի ամեն մասնակից իրավունք ունի ցանկացած պահի Հիմնադրամի խորհրդին առաջարկություն ներկայացնելու Հիմնադրամին իր վճարման գումարի ավելացման վերաբերյալ: Հիմնադրամի խորհրդի հավանությանն արժանանալուց հետո այդ ավելացումը կատարվում է Հիմնադրամին դրամական միջոցների փոխանցմամբ այն չափով և կարգով, որոնք հավանության են արժանացել Հիմնադրամի խորհրդի կողմից:

Այդ լրացուցիչ վճարումների նկատմամբ կիրառվում են Հիմնադրամի բոլոր գործող Փաստաթղթերը:

4. Հիմնադրամին վճարումները կատարվում են դրամական ձևով և պարզ, չշրջանառվող և անտոկոս պարտամուրհակներով, որոնք, ըստ պահանջի, ենթակա են մարման անվանական արժեքով: Ըստ անհրաժեշտության` այդ պահանջները ներկայացվում են Հիմնադրամի միջոցների կառավարչի կողմից` Հիմնադրամի խորհրդի որոշմամբ:

5. Հիմնադրամ կատարվող յուրաքանչյուր վճարում սահմանվում է ԱՄՆ դոլարով և վճարվում է ԱՄՆ դոլարով և/կամ եվրոյով, Հիմնադրամի միջոցների կառավարման մասին պայմանագրին համապատասխան կերպով սահմանվող արժութային գնով:

6. Սույն Կանոնադրության 3-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված` Հիմնադրամի հիմնադիր պետությունների նախնական վճարումները կատարվում են Հիմնադրամի հիմնադիր պետությունների կողմից իրենց կենտրոնական (ազգային) բանկերում բացված հաշիվների վրա դրանք հաշվեգրելու միջոցով:

7. Հիմնադրամին կատարվող վճարումները չեն կարող կապվել դրանց օգտագործման որևէ ուղղության հետ, Հիմնադրամի միջոցներն ստացողի կամ Հիմնադրամի նախագծի հետ, եթե Հիմնադրամի խորհուրդն այլ որոշում չընդունի:

 

Հոդված 8

Հիմնադրամի միջոցների օգտագործումից ստացվող մուտքերը

 

Հիմնադրամի միջոցների օգտագործումից ստացվող մուտքերը, այդ թվում` Հիմնադրամի միջոցների տեղաբաշխումից (ներդրումից) և տրամադրումից ստացվող մուտքերը, գումարվում են Հիմնադրամի միջոցներին և չեն վճարվում Հիմնադրամի մասնակիցներին` բացառությամբ սույն Կանոնադրության 1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի:

 

Հոդված 9

Հիմնադրամին կատարվող նվիրաբերությունները

 

1. Հիմնադրամի խորհրդի որոշմամբ ցանկացած շահագրգիռ պետությունից, միջազգային կամ այլ կազմակերպությունից անհատույց և անվերադարձ հիմունքով, ազատ փոխարկելի արժույթով Հիմնադրամ են ընդունվում դրամական միջոցներ (նվիրաբերություններ)` դրանք Հիմնադրամի շրջանակներում իրականացվող գործունեության նպատակների համար օգտագործելու համար:

2. Նվիրաբերությունների ձևով դրամական միջոցների հատկացումը Հիմնադրամին նշանակում է` նվիրատուն համաձայն է, որ նշված միջոցներն օգտագործվեն Հիմնադրամի փաստաթղթերին համապատասխան:

3. Նվիրատուն չի դառնում Հիմնադրամի մասնակից և չի մասնակցում Հիմնադրամի միջոցների կառավարմանը: Նվիրատուի խնդրանքով վերջինիս ուղարկվում են Հիմնադրամի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների պատճենները:

4. Մինչև Հիմնադրամի գործառնությունների դադարեցումը Հիմնադրամի մասնակիցների կազմից դուրս գալու մասին հայտարարած Հիմնադրամի մասնակցի մասնաբաժինը որոշելիս հաշվի չեն առնվում որպես նվիրաբերություններ Հիմնադրամին հատկացված միջոցները և նշված միջոցների տեղաբաշխումից (ներդրումից) և տրամադրումից ստացված եկամուտները:

 

Հոդված 10

Հիմնադրամի միջոցների տրամադրումը

 

1. Հիմնադրամի միջոցներից ֆինանսավորումը տրամադրվում է այն ուղղություններով, որոնք սահմանվել են Հիմնադրամի միջոցների կառավարման մասին պայմանագրի 2-րդ հոդվածով:

2. Հիմնադրամի միջոցներից ֆինանսավորումն իրականացվում է հիմնադիր պետությունների տարածքներում` Հիմնադրամի միջոցների կառավարման մասին պայմանագրի 1-ին հոդվածով սահմանված նպատակներին համապատասխան:

3. Հիմնադրամի միջոցներից ֆինանսավորման տրամադրումն իրականացվում է Հիմնադրամի խորհրդի որոշմամբ: Հիմնադրամի խորհրդի որոշման մեջ նշվում են միջոցներն ստացողը, տրամադրվող գումարը, տրամադրման նպատակները, միջոցների տրամադրման և ստացողի կողմից դրանց վերադարձման կարգն ու պայմանները, այն արժույթը, որով դրանք տրամադրվելու և վերադարձվելու են, միջոցների տրամադրման այլ պայմաններ, որոնք Հիմնադրամի խորհուրդը էական կհամարի:

4. Հիմնադրամի միջոցները տրամադրվում են ԱՄՆ դոլարով և/կամ եվրոյով:

5. Հիմնադրամի միջոցները տրամադրվում են այն համաձայնագրերի հիման վրա, որոնք, Հիմնադրամի խորհրդի որոշման համապատասխան, կնքվում են Հիմնադրամի միջոցների կառավարչի և Հիմնադրամի միջոցներն ստացողի միջև (այսուհետ` Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրեր):

Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերը, այլ դրույթներից բացի, նախատեսում են նաև.

ա) Ստացողի այն պարտավորությունը, որ նա ձեռնարկի Հիմնադրամի միջոցների օգտագործման հետ կապված հակաիրավական գործողությունների մասին նախազգուշացմանը և դրանց կանխմանն ուղղված միջոցառումներ` միջազգային իրավունքին և ստացողի ազգային օրենսդրությանը համապատասխան: Նշված պահանջի խախտումը կամ նման հակաիրավական գործողությունների իրականացման դեպքերի հայտնաբերումը կարող է հիմք հանդիսանալ այն բանի համար, որ Հիմնադրամի խորհուրդը որոշում ընդունի ֆինանսավորման դադարեցման, Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրի լուծարման, նշված դեպքերի հետ առնչություն ունեցող միջոցների վաղաժամկետ վերադարձման պահանջի ներկայացման մասին:

բ) Դրույթներ, որոնք վերաբերում են ազգային օրենսդրությամբ Հիմնադրամի միջոցներն ստացողների պաշտպանությանն այն առումով, որ խոչընդոտներ չստեղծվեն Հիմնադրամի գործառնությունների իրականացման, Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերի համաձայն վճարումների կատարման և Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերից բխող այլ օրինական պահանջների բավարարման համար:

գ) Միջպետական ներդրումային նախագծերի ֆինանսավորման ժամանակ ստացողի այն պարտավորությունը, որ նա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումն իրականացնի Հիմնադրամի միջոցների հաշվին` այն ընթացակարգերին համապատասխան, որոնց կիրառումը նախատեսված է Հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագրով:

6. Հիմնադրամի միջոցների տրամադրման վերաբերյալ Հիմնադրամի խորհրդի որոշումը համաձայնեցվում է երկկողմանի ֆինանսական օգնության այն ծրագրերին, որոնք Հիմնադրամի մասնակիցները Հիմնադրամի շրջանակներից դուրս իրականացնում են միմյանց միջև և միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասնակցությամբ:

7. Հիմնադրամի միջոցների հաշվին ֆինանսավորվող նախագծերն իրականացվում են Հիմնադրամի այն մասնակից պետության համաձայնությամբ, որի տարածքում ենթադրվում է, որ իրականացվելու է Հիմնադրամի միջոցների հաշվին ֆինանսավորվող նախագիծը:

Այդ համաձայնությունը համարվում է ստացված այն դեպքում, երբ համապատասխան գործառնությանը հավանություն տալու հարցի վերաբերյալ Հիմնադրամի խորհրդում այդ պետության ներկայացուցիչը դրական է քվեարկում:

8. Հիմնադրամի միջոցները կարող են տրամադրվել պետությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների կողմից տրամադրվող միջոցների հետ համատեղ:

9. Հիմնադրամի միջոցները չեն կարող ծառայել Հիմնադրամի մասնակիցների պարտավորությունների, Հիմնադրամի միջոցների կառավարչի պարտավորությունների և ցանկացած այլ պարտավորության կատարման ապահովմանը:

 

Հոդված 11

Հիմնադրամի ժամանակավորապես չօգտագործվող միջոցների տեղաբաշխումը (ներդրումը)

 

1. Հիմնադրամի այն միջոցները, որոնք մոտակա ժամանակում անհրաժեշտ չեն 10-րդ հոդվածին համապատասխան ֆինանսավորում տրամադրելու նպատակով օգտագործելու համար, կարող են ներդրվել և/կամ տեղաբաշխվել ավանդներում:

2. Այդպիսի ներդրումը և/կամ ավանդներում տեղաբաշխումն իրականացվում է սույն Կանոնադրության 13-րդ հոդվածի 2-րդ կետի «ժբ» ենթակետում հիշատակված` Հիմնադրամի խորհրդի որոշումներին համապատասխան:

 

Բաժին 3

 

Հիմնադրամի միջոցների կառավարումը

 

Հոդված 12

Հիմնադրամի միջոցների կառավարման ընդհանուր սկզբունքները

 

1. Հիմնադրամի մասնակիցները Հիմնադրամի միջոցների կառավարումն իրականացնում են Հիմնադրամի խորհրդի միջոցով:

Հիմնադրամի միջոցների կառավարումն իրականացվում է Հիմնադրամի խորհրդի կողմից` Հիմնադրամի միջոցների կառավարչի հետ համատեղ:

2. Հիմնադրամի խորհուրդը հավանություն չի տալիս Հիմնադրամին կատարվող այնպիսի հատկացումների ներգրավմանը, նաև որևէ այլ օգնության կամ աջակցության ընդունմանը, որոնք կարող են ինչ-որ կերպ վնաս հասցնել իր նպատակներին ու խնդիրներին, սահմանափակել դրանք, հանգեցնել դրանցից շեղման կամ այլ կերպ փոփոխել դրանք:

3. Որոշում կայացնելիս Հիմնադրամի խորհուրդը առաջնորդվում է բացառապես այն գործունեության նպատակներով, որն իրականացվում է Հիմնադրամի շրջանակներում:

 

Հոդված 13

Հիմնադրամի խորհուրդը

 

1. Հիմնադրամի խորհուրդը ներկայացնում է Հիմնադրամի մասնակիցների շահերը Հիմնադրամի միջոցների ներգրավման, տեղաբաշխման (ներդրման) և օգտագործման հետ կապված բոլոր հարցերում, ինչպես նաև Հիմնադրամին վերաբերող ցանկացած այլ հարցում:

2. Հիմնադրամի խորհուրդը`

ա) հաստատում է Հիմնադրամում նոր մասնակիցների ընդունումը,

բ) հավանություն է տալիս Հիմնադրամին լրացուցիչ հատկացումներ և նվիրաբերություններ կատարելուն,

գ) հավանություն է տալիս նոր մասնակիցների կողմից վճարումների, լրացուցիչ հատկացումների և նվիրաբերությունների կատարման կարգին ու պայմաններին,

դ) հսկողություն է իրականացնում Հիմնադրամին ուղղված վճարումների կատարման, պարտամուրհակների մարման պահանջների առաջադրման և դրանց վճարումն իրականացնելու նկատմամբ,

ե) Հիմնադրամի հաշիվները բացելու համար հաստատում է բանկերի ցուցակը,

զ) հաստատում է Հիմնադրամի միջոցների հաշվին ֆինանսավորվող գործունեության ծրագրերը և դրանց կատարման վերաբերյալ ամենամյա հաշվետվությունները,

է) Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին որոշումներ է ընդունում` հաստատելով ֆինանսավորման տրամադրման հիմնական պայմանները,

ը) յուրաքանչյուր տարի հաստատում է Հիմնադրամի միջոցների կառավարչի` Հիմնադրամի միջոցների կառավարմանը վերաբերող վարչական ծախսերի նախահաշիվը և դրանց կատարման մասին հաշվետվությունները,

թ) հսկողություն է իրականացնում Հիմնադրամի միջոցների կառավարչի գործունեության նկատմամբ` կապված Հիմնադրամի միջոցների վարչական կառավարման և տնօրինման հետ,

ժ) հսկողություն է իրականացնում Հիմնադրամի միջոցների կառավարչի գործունեության նկատմամբ` կապված Հիմնադրամի միջոցների տրամադրման և Հիմնադրամի ժամանակավորապես չօգտագործվող միջոցների տեղաբաշխման (ներդրման) հետ,

ժա) քննարկում է Հիմնադրամի միջոցների կառավարչի այն հաշվետվությունները, որոնք վերաբերում են Հիմնադրամի միջոցների հաշվին ֆինանսավորվող գործառնությունների արդյունավետությանը,

ժբ) քննարկում և ընդունում է`

- Հիմնադրամի միջոցներից կայունացման վարկերի և անկախ փոխառությունների տրամադրման կարգը,

- միջպետական ներդրումային նախագծերի ֆինանսավորման համար Հիմնադրամի միջոցների տրամադրման կարգը,

- Հիմնադրամի ժամանակավորապես չօգտագործվող միջոցների տեղաբաշխման (ներդրման) կարգը (Ներդրումային հռչակագիր),

ժգ) որոշումներ է ընդունում Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերի հիման վրա իրականացվող ֆինանսավորման կասեցման և դադարեցման վերաբերյալ` այդ համաձայնագրերի պայմաններին համապատասխան,

ժդ) քննարկում և հաստատում է Հիմնադրամի միջոցների կառավարչի գործունեության մասին տարեկան հաշվետվությունները, որոնք վերաբերում են Հիմնադրամի միջոցների վարչական կառավարմանը և տնօրինմանը, աուդիտորական եզրակացությունները և Հիմնադրամի

շրջանակներում իրականացվող գործունեության վերաբերյալ այլ հաշվետվությունները,

ժե) որոշում է Հիմնադրամի միջոցներում Հիմնադրամի մասնակցի մասնաբաժինը` Հիմնադրամից մասնակցի դուրս գալու դեպքում այն վերադարձնելու նպատակով,

ժզ) Հիմնադրամի գործառնությունները կասեցնելու և դրանց դադարեցումը նախաձեռնելու վերաբերյալ որոշումներ է ընդունում, ներառյալ Հիմնադրամի մասնակիցների միջև Հիմնադրամի միջոցների վերաբաշխման ժամկետների և պայմանների սահմանումը` Հիմնադրամի գործունեության դադարեցումից հետո դրանք վերադարձնելու նպատակով,

ժէ) սահմանում է Հիմնադրամի գործառնությունների դադարեցման ընթացակարգերը,

ժը) լուծում է սույն Կանոնադրության 23-րդ հոդվածի 1-ին կետում նշված վեճերը,

ժթ) Հիմնադրամի հիմնադիր պետություններին և մասնակիցներին ներկայացնում է առաջարկություններ Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրում, սույն Կանոնադրության մեջ և Հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ,

ի) Հիմնադրամի մասնակիցներին ներկայացնում է առաջարկություններ Հիմնադրամի միջոցների կառավարչի փոխարինման վերաբերյալ,

իա) լուծում է Հիմնադրամի միջոցների կառավարման հետ կապված ցանկացած այլ հարց:

 

Հոդված 14

Հիմնադրամի խորհրդի աշխատանքի վարելակարգը

 

1. Հիմնադրամի յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացված լինելու Հիմնադրամի խորհրդում և մասնակցելու դրա նիստերին: Հիմնադրամի խորհրդի կազմում կա մեկական լիազոր ներկայացուցիչ Հիմնադրամի յուրաքանչյուր մասնակցի կողմից:

2. Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակից պետության լիազոր ներկայացուցիչը տվյալ մասնակից պետության ֆինանսների նախարարն է: Հիմնադրամի մասնակից միջազգային կազմակերպությունները Հիմնադրամի նիստերին մասնակցելու համար ուղարկում են իրենց լիազոր ներկայացուցիչներին:

3. Մեկ անձն իրավունք ունի Հիմնադրամի խորհրդում միաժամանակ Հիմնադրամի մի քանի մասնակցի ներկայացնելու, եթե այդ մասնակիցներն այդ մասին տվել են իրենց համաձայնությունը և նախօրոք այդ մասին տեղեկացրել են Հիմնադրամի խորհրդին և Հիմնադրամի միջոցների կառավարչին:

4. Հիմնադրամի յուրաքանչյուր մասնակցի ներկայացուցիչ Հիմնադրամի խորհրդում քվեարկության ժամանակ ունի այն քանակությամբ ձայներ, որը համեմատական է Հիմնադրամին կատարած նրա դրամական վճարմանը: Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակցի ձայների քանակը հաշվելու համար վճարման չափը որոշելիս հաշվի չեն առնվում չվճարված մուրհակները: Հիմնադրամի խորհրդում քվեարկության նպատակների համար յուրաքանչուր ձայնը համարժեք է յուրաքանչյուր 100.000 (հարյուր հազար) ԱՄՆ դոլարին, որը փոխանցվել է Հիմնադրամին դրամական վճարման ձևով: Հիմնադրամի խորհրդի բոլոր որոշումներն ընդունվում են տրված ձայների պարզ մեծամասնությամբ:

5. Հիմնադրամի խորհրդի նիստերին կարող են ներկա լինել Հիմնադրամի միջոցների կառավարչի ներկայացուցիչները, ինչպես նաև Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչներին ուղեկցող փորձագետներ:

6. Հիմնադրամի խորհրդի նիստերին` օրակարգի կոնկրետ կետերի քննարկման ժամանակ, Հիմնադրամի խորհրդի նախագահի հրավերով որպես դիտորդներ ներկա են գտնվում պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` այնպիսի կազմակերպությունների, որոնք Հիմնադրամի մասնակից չեն:

7. Հիմնադրամի խորհրդում իրենց պարտականությունները կատարելու համար Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչները և նրանց փորձագետները Հիմնադրամի միջոցներից որևէ վարձատրություն չեն ստանում: Հիմնադրամի մասնակիցներն իրենք են կատարում Հիմնադրամի խորհրդի նիստերին իրենց ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը:

8. Հիմնադրամի խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն տարին երկու անգամ հաճախականությամբ:

9. Հիմնադրամի խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են Հիմնադրամի խորհրդի նախագահի կողմից` Հիմնադրամի խորհրդի որոշմամբ, Հիմնադրամի խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, ինչպես նաև Հիմնադրամի միջոցների կառավարչի կամ Հիմնադրամի այն մասնակցի(ների) խնդրանքով, որի(որոնց) մասնաբաժինն այդ խնդրանքը ներկայացնելու օրվա դրությամբ կազմում է Հիմնադրամին կատարված բոլոր վճարումների` Կանոնադրության սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան կերպով սահմանվող ամբողջ գումարի առնվազն մեկ երրորդը:

10. Հիմնադրամի խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են գտնվում Հիմնադրամի այն մասնակիցների ներկայացուցիչները, որոնց բաժին է ընկնում Հիմնադրամին կատարված բոլոր վճարումների` Կանոնադրության սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան կերպով սահմանվող ամբողջ գումարի առնվազն 90%-ը (իննսուն տոկոսը):

Հիմնադրամի խորհրդի ցանկացած նիստ, որտեղ քվորում չկա, կարող է հետաձգվել առավելագույնը 2 (երկու) օր ժամկետով` Հիմնադրամի մասնակիցների` նիստին ներկա գտնվող ներկայացուցիչների մեծամասնության որոշմամբ: Այդ հետաձգված նիստի վերաբերյալ ծանուցում չի ուղարկվում:

11. Հիմնադրամի խորհուրդը կարող է նիստի ժամանակավոր ընդմիջում հայտարարել և վերսկսել դրա աշխատանքներն ընդմիջումից հետո:

12. Հիմնադրամի խորհրդի նիստերի անցկացման տեղն ու ժամկետները որոշվում են Հիմնադրամի խորհրդի կողմից կամ, արտահերթ նիստի անցկացման կամ Հիմնադրամի խորհրդի համապատասխան որոշման բացակայության դեպքում, Հիմնադրամի խորհրդի նախագահի կողմից:

13. Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի խորհրդի մասնակիցների ներկայացուցիչները պետք է տեղեկացվեն Հիմնադրամի խորհրդի յուրաքանչյուր նիստի անցկացման օրվա, ժամի, վայրի և օրակարգի մասին:

Այդ ծանուցումներն ուղարկվում են Հիմնադրամի խորհրդի նախագահի կամ, վերջինիս հանձնարարությամբ, Հիմնադրամի խորհրդի քարտուղարության կողմից ցանկացած հերթական նիստի սկսման օրվանից առնվազն 45 (քառասունհինգ) օր առաջ և արտահերթ նիստի սկսման օրվանից առնվազն 30 (երեսուն) օր առաջ, եթե Հիմնադրամի խորհուրդն այլ որոշում չի ընդունում: Արտակարգ հանգամանքների դեպքում այդ ծանուցումները կարող են ուղարկվել նիստը սկսելու օրվանից 10 (տասը) օր առաջ:

14. Հիմնադրամի խորհրդի ցանկացած նիստի օրակարգի մասին ծանուցումներն ուղարկվելուց հետո, Հիմնադրամի ցանկացած մասնակցի կամ Հիմնադրամի միջոցների կառավարչի խնդրանքով, դրանում կարող են ներառվել լրացուցիչ հարցեր:

Օրակարգում լրացուցիչ հարցեր ներառելու վերաբերյալ այդ խնդրանքները պետք է ուղարկվեն Հիմնադրամի խորհրդի նախագահին` այդ մասին տեղեկացնելով Հիմնադրամի խորհրդի քարտուղարությանը համապատասխան նիստը սկսելու օրվանից առնվազն 15 (տասնհինգ) օր առաջ, եթե Հիմնադրամի խորհրդի նախագահի հետ ավելի ուշ ժամկետ չի համաձայնեցվել:

15. Իր նիստի ընթացքում Հիմնադրամի խորհուրդը կարող է օրակարգում կետեր փոփոխել, ավելացնել կամ կրճատել:

16. Հիմնադրամի խորհուրդն իր նախագահի որոշմամբ, որը հիմնված է Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի ցանկացած մասնակցի ներկայացուցչի կամ Հիմնադրամի միջոցների կառավարչի խնդրանքի վրա, իրավունք ունի քվեարկություն անցկացնելու Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչների գրավոր հեռակա հարցման միջոցով (հեռակա քվեարկություն): Այդ որոշումները ձևակերպվում են Հիմնադրամի խորհրդի հեռակա քվեարկության արձանագրությամբ, որն ուղարկվում է Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչներին:

Հեռակա քվեարկությունն անցկացվում է բացառիկ դեպքերում, երբ կոնկրետ հարցի վերաբերյալ որոշումը չի կարող հետաձգվել մինչև Հիմնադրամի խորհրդի հաջորդ հերթական նիստը և չի կարող հիմք հանդիսանալ Հիմնադրամի խորհրդի արտահերթ նիստի գումարման համար:

Այս դեպքում Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի յուրաքանչյուր մասնակցի ներկայացուցչին ուղարկվում է տվյալ հարցին վերաբերող առաջարկություն` այդ առաջարկության շուրջ քվեարկելու խնդրանքով: Քվեարկության մասին այդ խնդրանքի պատասխանները պետք է ուղարկվեն հարցման մեջ սահմանված ժամկետներում: Պատասխանի ժամկետը չի կարող սահմանվել քվեարկության առաջարկությունը ստանալուց հետո 30 (երեսուն) օրվանից շուտ:

Պատասխանների ստացման ժամկետը լրանալուց հետո Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչները տեղեկացվում են հեռակա քվեարկության արդյունքների մասին, և այդ արդյունքները գրանցվում են արձանագրությունում:

Հեռակա քվեարկության արդյունքների մասին Հիմնադրամի խորհրդի որոշումը համարվում է ընդունված` հաշվի առնելով տրված ձայների քանակի և քվորումի վերաբերյալ պահանջները, որոնք սահմանված են Կանոնադրության սույն հոդվածի 4-րդ և 10-րդ կետերով:

17. Հիմնադրամի խորհրդի նիստերի և հեռակա քվեարկությունների արձանագրությունները ստորագրվում են Հիմնադրամի խորհրդի նախագահի կողմից: Ստորագրված արձանագրությունների պատճեններն ուղարկվում են Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի յուրաքանչյուր մասնակցի ներկայացուցչին և Հիմնադրամի միջոցների կառավարչին:

18. Հիմնադրամի խորհրդի որոշումներն ընդունվում են` հաշվի առնելով և հիմք ընդունելով Հիմնադրամի փորձագիտական խորհրդի եզրակացությունները: Հիմնադրամի խորհրդի հերթական նիստի օրակարգի և հեռակա քվեարկության հարցերի վերաբերյալ Հիմնադրամի փորձագիտական խորհրդի կողմից պատրաստված եզրակացություններն ուղարկվում են Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի բոլոր մասնակիցների ներկայացուցիչներին Կանոնադրության սույն հոդվածի 13-րդ կետին համապատասխան կերպով որոշվող ժամկետներում:

19. Հիմնադրամի խորհուրդը կարող է իր գործունեության ապահովման համար ստեղծել օժանդակ մարմիններ, որոնք Հիմնադրամի միջոցների կառավարման մարմիններ չեն:

 

Հոդված 15

Հիմնադրամի խորհրդի նախագահը

 

1. Հիմնադրամի խորհրդի նախագահն է Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի այն մասնակցի ներկայացուցիչը, որին բաժին է ընկնում Հիմնադրամի խորհրդում ձայների ամենամեծ քանակությունը, որը որոշվում է սույն Կանոնադրության 14-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան կերպով:

Հիմնադրամի խորհրդի առաջին նախագահը Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի այն հիմնադիր պետության ներկայացուցիչն է, որին բաժին է հասնում Հիմնադրամին կատարված ամենամեծ գումարի վճարումը` Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրին համապատասխան:

2. Հիմնադրամի խորհրդի նախագահը.

ա) համաձայնեցնում է Հիմնադրամի խորհրդի նիստերի օրակարգը,

բ) սույն Կանոնադրության 14-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան` սահմանում է Հիմնադրամի խորհրդի նիստերի անցկացման վայրը և ժամկետները,

գ) սույն Կանոնադրության 14-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան` որոշումներ է ընդունում Հիմնադրամի խորհրդի հեռակա քվեարկության անցկացման վերաբերյալ,

դ) Հիմնադրամի խորհրդի նիստերի կամ հեռակա քվեարկությունների անցկացման վերաբերյալ ծանուցումներ է ուղարկում կամ համապատասխան հանձնարարություն է տալիս Հիմնադրամի խորհրդի քարտուղարությանը,

ե) հաստատում է Հիմնադրամի փորձագիտական խորհրդի կազմը` սույն Կանոնադրության 16-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգին համապատասխան,

զ) Հիմնադրամի խորհրդի քննարկմանը ներկայացված նյութերն ու փաստաթղթերն ուղարկում է Հիմնադրամի փորձագիտական խորհրդին` սույն Կանոնադրության 16-րդ հոդվածին համապատասխան նախնական փորձաքննություն անցկացնելու համար, իրականացնում է փոխգործակցություն Հիմնադրամի փորձագիտական խորհրդի հետ և նշված հարցերի վերաբերյալ նրան տալիս է կատարման համար պարտադիր հանձնարարություններ,

է ) վարում է Հիմնադրամի խորհրդի նիստերը,

ը) ստորագրում է Հիմնադրամի խորհրդի նիստերի և հեռակա քվեարկությունների արձանագրությունները,

թ) Հիմնադրամի խորհրդի նիստերի անցկացման ապահովման հարցերով փոխգործակցում է Հիմնադրամի խորհրդի քարտուղարության հետ, այդ թվում` կատարման համար պարտադիր հանձնարարություններ է տալիս Հիմնադրամի խորհրդի քարտուղարությանը,

ժ) ըստ անհրաժեշտության` պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին Հիմնադրամի խորհրդի նիստերին որպես դիտորդ ներկա գտնվելու հրավերներ է ուղարկում,

ժա) Հիմնադրամի խորհրդի նախագահի գործառույթների կատարման շրջանակներում լուծում է այլ հարցեր:

 

Հոդված 16

Հիմնադրամի փորձագիտական խորհուրդը

 

1. Հիմնադրամի փորձագիտական խորհուրդն իրականացնում է Հիմնադրամի խորհրդի քննարկմանը ներկայացվող բոլոր հարցերի, փաստաթղթերի և նյութերի նախնական փորձաքննությունը և Հիմնադրամի խորհրդի համար պատրաստում է փորձագիտական եզրակացություններ հանձնարարականների և նշված հարցերի, փաստաթղթերի ու նյութերի վերաբերյալ որոշումների նախագծերի հետ:

2. Հիմնադրամի փորձագիտական խորհրդի կազմը ձևավորվում է Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչների կողմից, որոնցից յուրաքանչյուրը Հիմնադրամի փորձագիտական խորհրդում նշանակում է մեկական փորձագետի, և հաստատվում է Հիմնադրամի խորհրդի նախագահի կողմից:

3. Հիմնադրամի փորձագիտական խորհրդի որոշումներն ընդունվում են քվեարկության միջոցով` Հիմնադրամի խորհրդում ընդունված պայմաններին համանման պայմաններով:

4. Հիմնադրամի փորձագիտական խորհրդի եզրակացություններն ուղարկվում են Հիմնադրամի խորհրդի նախագահին` հաջորդիվ Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչներին ուղարկելու համար:

Եթե փորձաքննության անցկացման արդյունքում Հիմնադրամի փորձագիտական խորհուրդը եզրակացրել է, որ համապատասխան հարցը, փաստաթուղթը կամ նյութը պատրաստ չեն Հիմնադրամի խորհրդի քննարկելու և դրանց վերաբերյալ որոշում ընդունելու համար, ապա այդ հարցը, փաստաթուղթը կամ նյութը կարող են Հիմնադրամի խորհրդի քննարկմանը ներկայացվել միայն Հիմնադրամի խորհրդի նախագահի առանձին որոշման հիման վրա:

5. Հիմնադրամի փորձագիտական խորհուրդը գործում է Հիմնադրամի խորհրդի կողմից հաստատվող կանոնակարգի հիման վրա:

 

Հոդված 17

Հիմնադրամի քարտուղարությունը

 

1. Հիմնադրամի քարտուղարությունն ապահովում է Հիմնադրամի խորհրդի աշխատանքը և պատասխանատու է դրա նիստերի նախապատրաստման և անցկացման համար, այդ թվում`

ա) Հիմնադրամի խորհրդի նախագահի հետ համաձայնեցնելով` նախապատրաստում է օրակարգի նախագիծ Հիմնադրամի խորհրդի յուրաքանչյուր նիստի համար,

 բ) Հիմնադրամի մասին կանոնադրությամբ նախատեսված կարգով և ժամկետներում կազմում և ուղարկում է ծանուցագրեր Հիմնադրամի խորհրդի նիստերի անցկացման վերաբերյալ,

գ) սույն Կանոնադրությամբ նախատեսված կարգով և ժամկետներում կազմում և ուղարկում է ծանուցագրեր Հիմնադրամի խորհրդի հեռակա քվեարկության անցկացման վերաբերյալ,

դ) սույն Կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցներին անհապաղ տեղեկացնում է Հիմնադրամի խորհրդի նիստերի օրակարգերի լրացուցիչ հարցերի մասին,

ե) նշանակում է պաշտոնատար անձ, ով իրականացնում է Հիմնադրամի խորհրդի նիստի քարտուղարի գործառույթները,

զ) հաշվառման տվյալների հիման վրա Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչներին տեղեկացնում է, թե նրանք որքան ձայն ունեն հերթական նիստի ժամանակ քվեարկելու համար,

է) հետևում է Հիմնադրամի խորհուրդների նիստերի և հեռակա քվեարկության արձանագրությունների կազմմանը, ուղարկում է Հիմնադրամի խորհրդի նախագահի կողմից ստորագրված արձանագրությունները Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչներին,

ը) Հիմնադրամի խորհրդում Հիմնադրամի մասնակիցների ներկայացուցիչներին տեղեկացնում է Հիմնադրամի կազմից մասնակիցների դուրս գալու վերաբերյալ ծանուցումների ստացման մասին` Հիմնադրամի մասին կանոնադրությանը համապատասխան,

թ) իրականացնում է Հիմնադրամի խորհրդի նիստերի անցկացման ապահովման համար անհրաժեշտ այլ գործառույթներ:

2. Հիմնադրամի խորհրդի քարտուղարության գործառույթները կատարում է ԵվրԱսՏՀ-ի ինտեգրացիոն կոմիտեի քարտուղարությունը:

 

Հոդված 18

Հիմնադրամի միջոցների կառավարիչը

 

1. Հիմնադրամի միջոցների վարչական կառավարումը և տնօրինումն իրականացվում է Հիմնադրամի միջոցների կառավարչի կողմից` Հիմնադրամի մասնակիցների հանձնարարությամբ և նրանց անունից` Հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագրի հիման վրա:

2. Հիմնադրամի միջոցների կառավարչի փոխարինումը կարող է կատարվել Հիմնադրամի մասնակիցների կողմից` Հիմնադրամի խորհրդի առաջարկության հիման վրա:

 

Հոդված 19

Հիմնադրամի միջոցների հաշվառումը և աուդիտը

 

1. Հիմնադրամի միջոցների նկատմամբ կատարվում է առանձին հաշվառում և հաշվետվություն:

Այդ նպատակների համար կիրառվում է Հիմնադրամի միջոցների ֆինանսական կառավարման համակարգը, որը ներառում է հաշվառման փաստաթղթային հիմնավորումն ու հաշվապահական հաշիվների վարումը և ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին համապատասխան կերպով ֆինանսական հաշվետվության կազմումը. դրանք հետևողականորեն կիրառվում են և պատշաճ կերպով արտացոլում Հիմնադրամի միջոցների հաշվին ֆինանսավորվող գործունեությանն առնչվող ռեսուրսները, գործունեությունն ու ծախսերը:

2. Հաշվառման վարումը ստուգելու և Հիմնադրամի միջոցներով իրականացվող գործառնությունների ֆինանսական հաշվետվության հավաստիությունը հաստատելու համար ապահովվում է անկախ արտաքին աուդիտի ամենամյա անցկացումը: Արտաքին աուդիտն անցկացվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա առաջին եռամսյակի ավարտը:

Տարեկան հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունները քննարկվում են Հիմնադրամի խորհրդի կողմից: Տարեկան հաշվետվությունը հրապարակվում է` ելնելով թափանցիկության սկզբունքներից:

3. Հիմնադրամի միջոցներով գործառնություններն իրականացվում են Հիմնադրամի` բանկերում բացված հաշիվների միջոցով, որոնք հաստատվել են Հիմնադրամի խորհրդի կողմից (այսուհետ` Հիմնադրամի հաշիվներ):

4. Հիմնադրամի հաշիվները ԱՄՆ դոլարով են կամ եվրոյով:

5. Հիմնադրամի ֆինանսական տարին օրացուցային տարին է:

 

Բաժին 4

 

Հիմնադրամի կազմից մասնակիցների դուրս գալը, Հիմնադրամի գործառնությունների ընդհատումն ու դադարեցումը, վեճերի լուծումը

 

Հոդված 20

Հիմնադրամի կազմից մասնակիցների դուրս գալը

 

1. Հիմնադրամի ցանկացած մասնակից իրավունք ունի դուրս գալու Հիմնադրամի մասնակիցների կազմից` իր մտադրության մասին գրավոր ծանուցելով Հիմնադրամի խորհրդին: Այդ գրավոր ծանուցումն ուղարկվում է Հիմնադրամի խորհրդի նախագահի անունով, պատճենը` Հիմնադրամի խորհրդի քարտուղարություն, և այդ մասին Հիմնադրամի խորհրդի քարտուղարի միջոցով անմիջապես տեղեկացվում են Հիմնադրամի խորհրդի բոլոր անդամներն ու Հիմնադրամի միջոցների կառավարիչը:

2. Հիմնադրամի մասնակիցների կազմից դուրս գալու վերաբերյալ նշված ծանուցումը ստանալու օրվանից.

ա) Հիմնադրամի փաստաթղթերին համապատասխան Հիմնադրամի տվյալ մասնակցին տրված բոլոր իրավունքները կասեցվում են` բացառությամբ Հիմնադրամի մասնակիցների կազմից դուրս գալու իրավունքի,

բ) Հիմնադրամի տվյալ մասնակիցն իրավունք չունի քվեարկելու Հիմնադրամի խորհրդի կողմից որևէ որոշման ընդունման ժամանակ` բացառությամբ Հիմնադրամում իր մասնաբաժնի չափը որոշելու հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումների: Դրանով հանդերձ` պահպանվում են նրա բոլոր պարտավորությունները, որոնք առնչվում են այդ մասնակցի կողմից կնքված` Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերին, այնքան ժամանակ, քանի դեռ վերադարձման հիմունքով նրան տրամադրված միջոցների որևէ մաս մնում է չվճարված,

գ) այդ մասնակիցը չի կրում այնպիսի պարտավորություններ, որոնք կապված են Հիմնադրամի միջոցներով այն գործարքների հետ, որոնք կատարվել են Հիմնադրամի գործառնություններին նրա մասնակցությունը դադարեցնելու մտադրության մասին ծանուցումը ստանալուց հետո:

3. Հիմնադրամի մասնակիցների կազմից Հիմնադրամի մասնակցի դուրս գալու մասին ծանուցումն ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, Հիմնադրամի խորհրդի որոշմամբ Հիմնադրամի միջոցների կառավարչի կողմից տվյալ մասնակցի հետ կնքվում է համաձայնագիր` Հիմնադրամի միջոցներում այդ մասնակցի մասնաբաժինը վճարելու կարգի և ժամկետի վերաբերյալ:

 Հիմնադրամի միջոցներում այդ մասնակցի մասնաբաժինը որոշվում է Հիմնադրամի խորհրդի կողմից ընդունված կարգին համապատասխան` հաշվի առնելով այդ մասնակցի փաստացի կատարած վճարման չափը և դրա մուծման ժամկետը, նաև հաշվի առնելով Կանոնադրության 9-րդ հոդվածի 4-րդ կետը:

4. Մինչև Հիմնադրամի մասնակիցների կազմից դուրս գալու վերաբերյալ Հիմնադրամի մասնակցի ծանուցագիրն ստանալու օրվանից հետո մեկ տարին լրանալը կամ մինչև մասնաբաժնի վճարման ժամկետի և կարգի մասին համաձայնագրի կնքումը (կախված նրանից, թե նշված գործընթացներից որն ավելի շուտ տեղի կունենա) Հիմնադրամի տվյալ մասնակիցը կարող է Հիմնադրամի խորհրդին գրավոր հաղորդել վերոնշյալ ծանուցումը չեղյալ հայտարարելու մասին Կանոնադրության սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:

5. Հիմնադրամի խորհրդին Հիմնադրամի մասնակիցների կազմից դուրս գալու մասին ծանուցում ուղարկած մասնակիցը համարվում է Հիմնադրամի մասնակիցների կազմից դուրս եկած մասնաբաժնի վճարման ժամկետի և կարգի մասին համաձայնագրի կնքման օրվանից, բայց Հիմնադրամի մասնակիցների կազմից դուրս գալու մասին նրա գրավոր ծանուցումն ստանալու օրվանից մեկ տարուց ոչ ուշ:

 

Հոդված 21

Հիմնադրամի գործառնությունների ժամանակավոր կասեցումը

 

Արտակարգ իրավիճակում Հիմնադրամի խորհուրդը կարող է ընդունել որոշում կասեցնել Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին նոր համաձայնագրերի կնքումը և Հիմնադրամի միջոցներով այլ գործարքների կատարումը մինչև Հիմնադրամի խորհրդի կողմից ստեղծված իրավիճակի քննարկումը և նրա կողմից անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը:

 

Հոդված 22

Հիմնադրամի գործառնությունների դադարեցումը

 

1. Հիմնադրամի գործառնությունների դադարեցումը նախաձեռնելու մասին որոշումն ընդունում է Հիմնադրամի խորհուրդը: Հիմնադրամի գործառնությունները դադարեցնելու մասին որոշումն ընդունում են Հիմնադրամի մասնակիցները` Հիմնադրամի խորհրդի ներկայացմամբ:

2. Հիմնադրամի խորհրդի կողմից Հիմնադրամի գործառնությունների դադարեցումը նախաձեռնելու մասին որոշում ընդունվելու դեպքում Հիմնադրամի միջոցներով կատարվող բոլոր գործառնություններն անմիջապես դադարեցվում են` բացառությամբ այն գործունեության, որը կապված է Հիմնադրամի միջոցների պահպանության և պաշտպանության, Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերով վճարումների հավաքման և այն պարտավորությունների կարգավորման հետ, որոնք ենթակա են կատարման Հիմնադրամի միջոցների հաշվին և ծագել են մինչև Հիմնադրամի խորհրդի կողմից համապատասխան որոշումն ընդունելու օրը:

3. Մինչև պարտավորությունների վերջնական կարգավորումը և Հիմնադրամի միջոցների բաշխումը Հիմնադրամի մասնակիցների` Հիմնադրամի գործառնությունների հետ կապված բոլոր իրավունքներն ու պարտավորություններն ամբողջ ծավալով մնում են ուժի մեջ:

4. Հիմնադրամի մասնակիցների միջև Հիմնադրամի միջոցների բաշխումն իրականացվում է Հիմնադրամի խորհրդի կողմից ընդունված կարգին համապատասխան: Մասնաբաժինների բաշխումը կատարվում է այն ժամկետներում, արժույթներով և գումարներով, որոնք Հիմնադրամի խորհուրդը կհամարի հիմնավորված և արդարացի, հնարավորության դեպքում` այն նույն արժույթով, որով կատարվել են համապատասխան վճարումները:

5. Հիմնադրամի միջոցների բաշխումն իրականացվում է միայն այն բանից հետո, երբ Հիմնադրամի բոլոր պարտավորությունները (ներառյալ Հիմնադրամի միջոցների կառավարչին վճարման ենթակա գումարները) կատարված են կամ հաշվի են առնված: Հիմնադրամի մասնակցին Հիմնադրամի միջոցների բաշխման կարգով այդ միջոցների ցանկացած փոխանցման վերաբերյալ կատարվում է Հիմնադրամի այդ մասնակցին ուղղված, նրա վճարման հետ կապված բոլոր չկարգավորված պահանջների նախնական կարգավորմամբ վերապահում:

 

Հոդված 23

Վեճերի լուծման կարգը

 

1. Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրի 7-րդ հոդվածում նշված կամ Հիմնադրամի գործառնությունների ընթացքում ծագող վեճերը Հիմնադրամի հիմնադիր պետությունների և/կամ Հիմնադրամի մասնակիցների և/կամ Հիմնադրամի նախկին մասնակիցների միջև հնարավորության սահմաններում կողմերը լուծում են բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

2. Այն դեպքում, երբ այդ վեճերը չեն լուծվել բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով դրանց ծագման պահից առավելագույնը 6 (վեց) ամսվա ընթացքում, դրանք վեճի կողմերից ցանկացածի կողմից փոխանցվում են Հիմնադրամի խորհրդի լուծմանը:

3. Վեճի կողմերից ցանկացածը կարող է վիճարկել Հիմնադրամի խորհրդի որոշումը` վեճը փոխանցելով միջնորդական դատարանի քննարկմանը, որը կազմված է երեք միջնորդ դատավորներից, որոնցից մեկը նշանակվում է Հիմնադրամի խորհրդի կողմից, մյուսը` Հիմնադրամի խորհրդի որոշումը վիճարկող` Հիմնադրամի համապատասխան մասնակցի կողմից, իսկ երրորդը` նշանակված միջնորդ դատավորների համաձայնությամբ կամ, եթե իրենց նշանակումից հետո 6 (վեց) ամսվա ընթացքում միջնորդ դատավորները ընդհանուր համաձայնության չգան, Միավորված ազգերի կազմակերպության միջազգային դատարանի նախագահի կողմից: Երրորդ միջնորդ դատավորի ընտրության ժամանակ ընտրված միջնորդ դատավորներն առաջնորդվում են այն կանոնով, որ վերջինս չպետք է լինի վեճի կողմ հանդիսացող պետության քաղաքացի կամ վեճի կողմ հանդիսացող միջազգային կազմակերպության ներկայացուցիչ:

Վեճի լուծման ընթացքում միջնորդ դատավորներն առաջնորդվում են ՅՈՒՆԻՍՏՐԱԼ-ի իրավարարական կանոնակարգով` հաշվի առնելով վեճի հանրային-իրավական բնույթը: Իրավարարական դատաքննության լեզուն ռուսերենն է:

Միջնորդ դատավորները որոշումներն ընդունում են ձայների մեծամասնությամբ, և նրանց կողմից ընդունված որոշումը վեճի կողմերի համար վերջնական է և պարտադիր:

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2010թ. հունվարի 18-ին