Գլխավոր տեղեկություն
Տիպ
Վճիռ
Тип
Исходный акт (19.06.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Дата принятия
19.06.2001
Подписан
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Дата подписания
19.06.2001

Ներմուծեք նկարագրությունը_15382

ԿՐԵՈՒԶՆ ԸՆԴԴԵՄ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸ

   

CASE OF KREUZ v. POLAND

 

Դատարանի 2001թ. հունիսի 19-ի

վճիռը

 

Ստրասբուրգ

 

ՓԱՍՏԵՐ

 

I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

A. Վեճի առարկան

8. 1991թ. հուլիսի 10-ին Պլոկի քաղաքապետարանը դիմողին տվել էր ավտոլվացման կետ կառուցելու համար հողհատկացման նախնական թույլտվություն: Այնուհետև դիմողը դիմել է Պլոկի քաղաքապետին (Urząd Miejski)` հողհատկացման վերջնական թույլտվություն ստանալու համար: Մասնավորապես, նա խնդրել է հաստատել, որ նախատեսվող շինարարությունն իրականացվելու է հատուկ հատկացված տարածքում: 1992թ. նոյեմբերի 23-ին քաղաքապետը դիմումը մերժել է: Պլոկի տեղական ինքնակառավարման գանգատարկման խորհուրդը 1993թ. հունվարի 27-ին այդ որոշումը թողել է անփոփոխ (Kolegium Odwoławcze przy Sejmiku Samorządowym): Իշխանությունները պնդել են, որ խնդրո առարկա շինարարությունը չի համապատասխանում գլխավոր հատակագծով սահմանված հողերի դասակարգմանը:

9. Դիմողը երկու որոշումներն էլ բողոքարկել է Գերագույն վարչական դատարան (Naczelny Sąd Administracyjny): Նա, մասնավորապես, պնդել էր, որ գլխավոր հատակագծի պահանջներին իր նախատեսած շինարարության անհամապատասխանության մասին վիճահարույց որոշումներում իշխանությունները թույլ են տվել իրավունքի և փաստի էական խախտումներ:

10. 1994թ. հունվարի 27-ին Գերագույն վարչական դատարանը չեղյալ է հայտարարել բողոքարկված երկու որոշումները և գործը հանձնել առաջին ատյանի դատարան: Նկատի ունենալով համապատասխան իշխանությունների գործողությունները` դատարանը նշել է, որ «Վարչական դատավարության օրենսգրքի [Kodeks Postępowania Administracyjnego] համապատասխան դրույթների համաձայն հանրային իշխանությունները պարտավոր էին գործել օրենքին համապատասխան և առաջնորդվել իշխանությունների հանդեպ քաղաքացիների վստահությունն ամրապնդելու նկատառումներով, մինչդեռ դիմողի գործի պարագայում տեղի էր ունեցել հակառակը»: Այնուհետև դատարանը եզրակացրել է, որ իշխանությունների գործողությունները հանդիսացել են իրավունքի գերակայության լուրջ խախտումներ: Այնուհետև դատարանն ընդգծել է, որ իշխանությունները կամայականորեն մերժել են հողհատկացման վերաբերյալ դիմողի դիմումը, և որ այդ մերժման արդյունքում թույլ են տրվել գլխավոր հատակագծի պահանջների աղաղակող խախտումներ: Դատարանը հավելել է, որ նրանք ճիշտ չեն մեկնաբանել գլխավոր հատակագիծը` կատարելով սխալ եզրահանգումներ, մասնավորապես, առանց որևէ հիմքի որոշելով, որ դիմողի նախատեսած շինարարությունը չի համապատասխանի հողերի դասակարգմանը: Եվ, վերջապես, դատարանը գտել է, որ իշխանությունները չեն պահպանել գործում առկա հանգամանքների «բազմակողմանի քննության» սկզբունքը, ինչպես պահանջում է Վարչական դատավարության օրենսգիրքը:

 

B. Վնասների փոխհատուցման պահանջը

 

11. 1994թ. մայիսի 9-ին դիմողը Պլոկի քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացրել Պլոկի մարզային դատարան (Sąd Wojewցdzki): Նա պահանջել էր 5.850.000.000 հին զլոտիի (PLZ) չափով փոխհատուցում` այն հիմնավորելով նրանով, որ տեղական իշխանությունները ժամանակին և պատշաճ ձևով ընթացք չեն տվել հողհատկացման վերաբերյալ իր դիմումին: Նա նշել էր, որ նրանց անգործության և հողհատկացումը հաստատելու գործընթացի անտեղի ձգձգումների արդյունքում ինքը կորցրել է թե՜ այդ նախաձեռնության համար նախատեսված գումարը, թե՜ իր հավանական գործընկերներին, ովքեր արդեն պատրաստ էին մասնակցելու իր ձեռնարկին: Այնուհետև նա նշել է, որ զրկվել է հետագա շահույթից: Հիմնվելով դելիկտային իրավունքի համապատասխան կանոնների վրա` դիմողն անօրինական է համարել պատասխանողի գործողությունները և վկայակոչել Գերագույն վարչական դատարանի 1994թ. հունվարի 27-ի վճիռը, որում նշված էր, որ իշխանությունները խախտել են իրավունքի գերակայության սկզբունքը:

12. Նույն օրը դիմողը Պլոկի մարզային դատարանին խնդրել է իրեն ազատել գործի քննության հետ կապված դատական ծախսերից: Նրա դիմումի համապատասխան մասի բովանդակությունը հետևյալն է.

«... Դիմողը հայտարարում է, որ ներկայումս գործազուրկ է (և) որ եկամտաբեր որևէ գործունեություն չի իրականացնում: Պատասխանողի կողմից օրենքի խախտումն իրեն թույլ չի տվել սկսել իր ձեռնարկատիրական գործունեությունը: Դիմողը եկամուտ ապահովող միջոցներից զուրկ է:

Դիմողը Լեհաստան է եկել երեք տարի առաջ` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար. պատասխանողը հավանություն էր տվել (նախնական) նրա մտադրություններին: (Որոշ ժամանակ անց) անհայտ պատճառներով պատասխանողը փոխել էր իր դիրքորոշումը և միջոցներ ձեռնարկել, որպեսզի դիմողի ներդրումները չիրականացվեն: Դա հանդիսացել է օրենքի խախտում:

Դիմողի ջանքերը` ուղղված իր ծրագրերը նախապատրաստելուն և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելուն, իրականում վերածվել են օրենքը խախտող քաղաքացիական ծառայողների դեմ պայքարի: Ի վերջո, դիմողի փաստարկներն ամբողջությամբ քննության են առնվել Գերագույն վարչական դատարանի կողմից, որը 1994թ. հունվարի 27-ին կայացրած իր վճռով հաստատել է, որ (իշխանությունները) խախտել են իրավունքի գերակայության սկզբունքը: Արդյունքում, այդ ամենը չափազանց նվազեցրել է դիմողի ֆինանսական միջոցները:

Դիմողը դատական տուրքերի համար գումար չէր պահել, որովհետև լիովին վստահել էր պատասխանողին: Նա չէր ենթադրել, որ հանրային մարմինն օրենքին համապատասխան գործելու փոխարեն կհակառակվի դրան, և արդյունքում ինքը վնասներ կկրի: Նա պատրաստ չէր այդ հավանականությանը...

Դիմողի կրած վնասը, որը դիմողը սույն գործով պահանջել է փոխհատուցել, շատ զգալի է: Նման հանգամանքներում դիմողն ի վիճակի չէ վճարել դատական տուրքերը: Այս հայցի բավարարումը մերժելու դեպքում դիմողը հնարավորություն չի ունենա փոխհատուցում ստանալ, չնայած այն հանգամանքին, որ օրենքի խախտման արդյունքում պատճառված վնասը հատուցելու (պարտականությունը) հիմնարար իրավական սկզբունք է»:

13. 1994թ. հուլիսի 4-ին դատարանը մերժել է դիմողի հայցը` ձևական հիմքերով, նշելով, որ վերջինիս գործողությունները վաղաժամ են, քանզի հողհատկացման գործընթացը դեռ ավարտված չէ: Դատարանը գտել էր, որ այդ գործընթացում վերջնական որոշումը նախապայման sine qua non կհանդիսանա դիմողի գործը քաղաքացիական գործերով դատարան ներկայացնելու համար:

Ինչ վերաբերում է դատական տուրքերից ազատելու վերաբերյալ նրա դիմումին, դատարանը որոշել է, որ այդպիսի տուրքեր գանձելն անհրաժեշտ չէ, քանի որ նրա հայցը մերժվել է ab initio, և, հետևաբար, գործն ըստ էության քննության ենթակա չէ:

14. 1994թ. հուլիսի 27-ին դիմողը գանգատ (zażalenie) է ներկայացրել այդ որոշման դեմ: Նա պնդել էր, որ քաղաքացիական գործերով դատարան դիմելու նախապայմանի անհրաժեշտության խնդիր չկա, քանի որ ինքն իր հայցը հիմնել է դելիկտային իրավունքի ընդհանուր սկզբունքների, այլ ոչ թե վարչական իրավունքի որոշակի դրույթների վրա, որոնք վերաբերում են օրենքին հակառակ որոշում կայացնելու դեպքում Պետության պատասխանատվությանը:

15. 1994թ. օգոստոսի 1-ին Պլոկի մարզային դատարանը որոշել է, որ գանգատ ներկայացնելու համար դիմողը պետք է վճարի 200.000.000 PLZ դատական տուրք:

16. 1994թ. օգոստոսի 9-ին դիմողը մեկ այլ դիմում է ներկայացրել դատական տուրքերից ազատելու մասին: Նա ներկայացրել է միջոցների հայտարարագիր` Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան: Այդ հայտարարագրի համապատասխան մասի բովանդակությունը հետևյալն է.

 

«Դիմողը դատական տուրքերից ազատելու մասին դիմում ներկայացրել է այն հիմքով, որ ի վիճակի չէ տուրք վճարել (քանի որ դրանք) կհանգեցնեն իր կենսամակարդակի կտրուկ անկման:

 

Դիմողը վնասներ էր կրել իր նկատմամբ Պլոկի քաղաքապետարանի քաղաքացիական ծառայողների կողմից թույլ տրված սխալների արդյունքում:

 

Նա ունի հետևյալ սեփականությունը.

(1) բնակարան Վիեննայում,

(2) Peugeot 405D ավտոմեքենա,

(3) մասնաբաժին Clean Cars JV ընկերությունում` 300 000 000 PLZ արժեքով:

 

Այդ ամենը նրան որևէ եկամտով չեն ապահովում: Դիմողը փորձել է (անօգուտ) վաճառել Clean Cars JV ընկերությունում ունեցած բաժնեմասը` դատական տուրքերը վճարելու համար:

 

(Ի հավաստումն այդ փաստարկի` դիմողը ներկայացրել է հատվածներ մամուլում զետեղված հայտարարություններից, որոնք նա պատվիրել էր Gazeta Wyborcza թերթում:):

 

Դիմողը հայտարարել է, որ ունի երկքաղաքացիություն` լեհական և ավստրիական: Ավտոլվացման կետերի ցանց կառուցելու համար հողհատկացման նախնական թույլտվություն ստանալուց հետո նա 1991 թվականին եկել է Լեհաստան` ծրագիրը նախապատրաստելու համար: Նա բավականին ջանք է գործադրել առանց եկամուտ ստանալու, իր խնայողություններն է ներդրել իր ընկերության գործունեությունը ֆրանչայզինգի պայմանագրի հիման վրա գործարկելու համար: Պայմանագրի այդ տեսակն այդ ժամանակ Լեհաստանում ընդունված չէր: (Նրա ներդրումները հետևյալն են).

(1) ընկերության վարչակազմի հիմնում, ընկերության տարածքների բարեկարգում, ընկերության խորհրդանիշի պատրաստում,

(2) անձնակազմի հավաքագրում, հայտարարություններ և հրապարակումներ,

(3) զարգացման համար հարմար տարածքների որոնում, բանակցությունների վարում, պայմանագրերի կնքում,

(4) պահանջարկի հետազոտություններ, դրանց հիման վրա տնտեսական և մարքեթինգային վերլուծություններ հետևյալ տարածքներում. Płock (1), Chojnice (2), Włocławek (1), Toruń (3), Bydgoszcz (1), Grudziądz (1), Świecie (1),

(5) (4)-ի հիման վրա` ներդրումների պլանավորում և ծրագրերի կազմում Պլոկում և Chojnice-ում,

(6) հողհատկացման որոշումներում նշված միջոցառումների իրականացում:

 

Դիմողի բոլոր խնայողություններն ու նրա մի քանի տարվա աշխատանքն ուղղվել էին ներդրումները նախապատրաստելուն: Պատասխանողի վնասակար գործողությունների արդյունքում այդ ներդրումը տեղի չէր ունեցել և դիմողի գործընկերը հրաժարվել էր նախատեսվող շինարարությունից և Լեհաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելուց: ...

 

Ակնհայտ է, որ դիմողը նախքան Լեհաստանում աշխատելը և իր խնայողությունները ներդնելն ի վիճակի չի եղել աշխատել (Ավստրիայում), և որ իր մեղքով չէ, որ ներկա պահին նա ի վիճակի չէ վճարել դատական տուրքերը: Միակ պատճառը, որ նա դեռևս Լեհաստանում է, այն է, որ դեռ պետք է ավարտի իր գործունեությունը և շարունակի դատական գործընթացները, որոնք ինչ-որ առումով «աշխատանք են», թեկուզ` ոչ շահավետ:

 

(Ընդգծված) Դիմողը պատասխանողի հետ դատական վեճի քննության համար գումար չէր առանձնացրել, որովհետև պատասխանողին վերաբերվել էր այնպես, ինչպես վայել է Լեհաստանի քաղաքացուն` լիարժեք վստահությամբ: Նա չէր նախատեսել կամ հաշվի չէր առել, որ հանրային իշխանությունը կխախտի օրենքը` այն պահպանելու փոխարեն, և որ ինքը վնաս կկրի:

 

Դիմողը հետագայում ևս վնասներ էր կրել Լեհաստանում: Դրանք տեղի էին ունեցել ոչ իր մեղքով, բայց ազդեցություն էին ունեցել նրա ներկայիս ֆինանսական վիճակի վրա.

 

(1) դիմողը փոխհատուցում չէր ստացել իր մեքենային պատճառված վնասի համար` 180.000.000 PLZ -ի չափով. Westa ապահովագրական ընկերության դեմ դատական գործընթացները սկսվել էին դեռևս 1991 թվականից, սակայն կասեցվել էին, և սնանկության գործերով դատավորը քննության չէր առել նրա բողոքը.

 

(2) 1990 թվականին նրա արբանյակային ալեհավաքի ափսեները յուրացվել էին Պլոկում (վերջնական վճիռներ չէին կայացվել դատավարության ձգձգումների պատճառով, փոխհատուցում ստանալու անհնարինություն). վնասը (ներառյալ տոկոսները) կազմել էր 700.000.000 PLZ: Ներկա պահին (այդ կապակցությամբ) մեկ այլ հայց էր ներկայացվել դատարան:

 

... Այս հանգամանքներում դիմողը ի վիճակի չէր վճարելու դատական տուրքերը: ... (Նրա) սույն դիմումը մերժելու դեպքում նա հնարավորություն չի ունենա պաշտպանելու իր իրավունքները և ստանալու փոխհատուցումը: Նրա կարծիքով, իր գործը դատարանում քննելն անհնարին դարձնելու դեպքում կխախտվեն Սահմանադրությամբ և մարդու իրավունքների բնագավառում առկա միջազգային պայմանագրերով սահմանված իր հիմնարար իրավունքները»:

 

17. 1994թ. օգոստոսի 12-ին Պլոկի մարզային դատարանը դիմողին ազատել է 200.000.000 PLZ-ի չափով տուրքի վճարումից: Վճարումից ազատումը վերաբերում էր միայն միջանկյալ բողոքարկման գործընթացներին: Այդ որոշումը զուրկ էր որևէ հիմքից:

 

18. 1994թ. սեպտեմբերի 27-ին Վարշավայի վերաքննիչ դատարանը (Sąd Apelacyjny) փոփոխել է այդ որոշումը` ձևական հիմքերով մերժելով հայցը: Դատարանը եզրակացրել է` քանի որ դիմողի հայցապահանջը հիմնված է քաղաքացիական, այլ ոչ թե վարչական իրավունքի վրա, նրա գործով քաղաքացիական գործերով դատարան դիմելու համար նախապայմաններ չկային, հետևաբար, չկային խոչընդոտներ նրա հայցապահանջն ըստ էության քննության առնելու համար:

19. 1994թ. նոյեմբերի 17-ին Պլոկի մարզային դատարանը քննության է առել սահմանված դատական տուրքերից ազատելու մասին պրն Կրեուզի դիմումը: Դատարանը համաձայնել է, որ 308.500.000 PLZ-ի չափով տուրքը, որը սովորաբար պետք է սահմանվի 5.850.000.000 PLZ-ի չափով հայցապահանջի համար, իրոք խիստ բարձր է: Նշվածը հաշվի առնելով` դատարանը դիմողին կարգադրել է վճարել 100.000.000 PLZ-ի չափով տուրք: Այդ որոշման պատճառաբանական մասի բովանդակությունը հետևյալն է.

 

«... Դատական տուրքերն ամբողջովին վճարելը, անկասկած զգալիորեն կանդրադառնա դիմողի կենսամակարդակի վրա, եթե նույնիսկ հաշվի առնվի, որ նա իր ծախսերը հոգում է իր խնայողությունների հաշվին, որոնց չափը չի նշել:

 

Յուրաքանչյուր անձ, ով ապրում է իր խնայողությունների հաշվին, բայց իրականացնում է նշանակալի չափերի հասնող ձեռնարկատիրական գործունեություն և էական կապիտալ է ներդրել իր ձեռնարկումներում, պետք է որ ի վիճակի լինի վճարել 100.000.000 PLZ-ի չափով տուրքը: Հայցվորը պետք է հաշվի առնի այն փաստը, որ նման (ձեռնարկատիրական) գործունեության իրականացումը կարող է հանգեցնել դատական կարգով քննարկվող վեճերի: Ուստի նա պետք է այդ նպատակի համար ֆինանսական միջոցներ ունենար (իր տրամադրության տակ)»:

 

20. 1994թ. նոյեմբերի 30-ին դիմողն այդ կարգադրությունը բողոքարկել է Վարշավայի վերաքննիչ դատարան: Նա, մասնավորապես, վիճարկել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից անհիմն էր եզրակացնելը, որ ձեռնարկատիրական գործունեությունը պետք է ենթադրի վեճերի դատական քննության անհրաժեշտություն, մասնավորապես` հանրային իշխանությունների դեմ: Ակնկալվում է, որ այդ իշխանությունները, որպես կանոն, պետք է գործեն իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան: Այդ առնչությամբ դիմողը խստորեն քննադատել է Մարզային դատարանի եզրակացությունն առ այն, որ ինքը պետք է կանխատեսեր դատական վեճի հնարավորությունը և գումար հատկացներ դրա համար, նույնիսկ այն դեպքում, երբ գործ ուներ քաղաքապետարանի հետ: Դա, ըստ նրա, ենթադրում է, որ քաղաքացիական ծառայողների կողմից օրենքի խախտումը պետք է դիտվի որպես նրանց բնականոն վարքագիծ:

Դիմողը նաև պնդել է, որ իր միջոցների հայտարարագրից հստակ երևում էր, որ ինքն ի վիճակի չէ վճարել նշանակված դատական տուրքերը: Նա հիշատակել է իր հայտարարագրում նշված փաստերը, որոնք, նրա կարծիքով, անտեսվել էին դատարանի կողմից, մասնավորապես այն, որ ինքը նշանակալի չափով գումարներ է կորցրել այն պատճառով, որ ապահովագրական ընկերությունը չի վճարել իր մեքենային հասցված վնասի դիմաց (ինչի արդյունքում ինքը դարձել է անվճարունակ), ինչպես նաև այն, որ ինքը 700.000.000 PLZ-ի չափով ծանր ֆինանսական կորուստներ է կրել, որովհետև իր խարդախ գործընկերը յուրացրել էր իր գույքը: Ինչ վերաբերում է վերջին հանգամանքին, դիմողը նշել է, որ համապատասխան քաղաքացիական դատավարությունը (որը հարուցվել էր իր գործընկերոջ դեմ) դեռևս ընթանում էր Պլոկի մարզային դատարանում և իր գործը դատարանի կողմից քննության առնելու համար ինքն արդեն վճարել է զգալի չափերի դատական տուրքեր:

Դիմողն այդուհետ վիճարկել է այն, որ եթե առաջին ատյանի դատարանը կասկածներ ուներ իր իրական ֆինանսական վիճակի առնչությամբ, ապա Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետք է ստուգեր իր հայտարարագրի իսկությունը: Եվ, վերջապես, նա նշել է, որ իր ֆինանսական դրությունն ընդհանրապես չի փոխվել 1994թ. օգոստոսի 12-ի համեմատությամբ, երբ նույն դատարանն իրեն ազատել էր միջանկյալ գանգատ ներկայացնելու համար սահմանված 200.000.000 PLZ-ի չափով տուրքի վճարումից:

21. 1994թ. դեկտեմբերի 29-ին Վարշավայի վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը: Այդ որոշման համապատասխան մասի բովանդակությունը հետևյալն է.

«Փաստորեն, դիմողը չի ներկայացրել իր եկամտի ներկա աղբյուրները: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նա նախապատրաստվում էր Լեհաստանում լայնածավալ գործունեություն իրականացնել, (մենք) ենթադրում ենք, որ նա բավարար միջոցներ ունի դրա համար: Դիմողը, իր համոզմամբ, կրել է մոտ 500.000.000.000 PLZ-ի չափով վնաս (նա հստակ չի նշել, թե որտեղից է այդ գումարը գոյացել), նշելով, որ պատասխանողի (քաղաքապետարանի) մեղքով ինքն ի վիճակի չի եղել սկսել իր ձեռնարկատիրական գործունեությունը (չնայած նա չապացուցեց, որ իրոք ինչ-որ ներդրումներ կատարել է): (Քանի որ) ըստ դիմողի` ինքը 700.000.000 PLZ-ի չափով վնաս է կրել իր արբանյակային ալեհավաքի ափսեների յուրացման արդյունքում..., դա (այդ փաստը), անկախ նրան պատճառված վնասի չափից, խոսում է այն գործառնությունների չափերի մասին, որոնցում նա ներգրավված է եղել:

 

Սույն գործով նշանակված տուրքերի չափը զգալի է: Դիմողն ազատվել է դրանց մեծ մասի վճարումից: Ուստի դիմողին դատական տուրքերից ամբողջովին ազատելը զուրկ կլինի որևէ հիմքից: (Դա հաշվի առնելով` մենք կարծում ենք, որ) Մարզային դատարանի եզրակացությունն առ այն, որ (դիմողը) ի վիճակի է վճարել 100.000.000 PLZ չափով տուրքը, իրավացի էր:»:

 

22. Դիմողը դատարանին չի վճարել 100.000.000 PLZ-ի չափով տուրքը: Դրանից հետո Պլոկի մարզային դատարանը (ամսաթիվը հայտնի չէ) որոշում է կայացրել դիմողի հայցադիմումը վերադարձնելու մասին (zarządził zwrot pozwu), ինչը նշանակում էր, որ նրա պահանջն իրավական ուժ չունի, իսկ համապատասխան վարույթը` թե՜ իրավական, թե՜ գործնական նպատակներով համարվել է դատարանում չհարուցված:

 

II. ԳՈՐԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ

 

23. Լեհական օրենսդրությամբ սահմանված է, որ յուրաքանչյուր հայցվոր պարտավոր է վճարել դատական տուրք` դատարան հայցադիմում ներկայացնելու հետ միաժամանակ: Գործի հարուցումից հետո յուրաքանչյուր կողմ պարտավոր է ցանկացած բողոք կամ սահմանադրական գանգատ ներկայացնելու պահին վճարել հետագա դատական տուրքերը, եթե այդ տուրքերից ազատվելու թույլտվություն չի ստացել:

Դատական տուրքերը սահմանվում են հայցապահանջի առարկայի արժեքի որոշակի տոկոսի չափով (եթե տուրքը վճարվում է հայցապահանջ կամ բողոք ներկայացնելու համար) կամ մասնաբաժնի չափով (եթե տուրքը վճարվում է միջանկյալ գանգատ ներկայացնելու համար):

Յուրաքանչյուր կողմի վճարած տուրքը, կախված դատաքննության արդյունքից, փոխհատուցվում է պարտվող կողմի հաշվին (ում, վերջին հաշվով, պարտավորեցվում է վճարել վերջնական վճռով սահմանված բոլոր ծախսերը):

24. Այդուհանդերձ, գոյություն ունի կողմերի որոշակի կատեգորիա, որն օրենքով նախատեսված դեպքերում ազատվում է դատական տուրքերի վճարումից: Այդ կատեգորիաների մի մասը թվարկված է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասում: Այդ դրույթը, որը կիրառելի էր սույն գործի քննության ժամանակ, դատական տուրքերից ազատում էր հայրությունը ճանաչելու կամ ալիմենտի վճարում պահանջելու վերաբերյալ հայց ներկայացնող կողմերին, դատախազին, դատարանի կողմից նշանակված խնամակալին և «իրավասու դատարանի կողմից դատական տուրքերի վճարումից ազատվող ցանկացած կողմի» (այսինքն` կողմ, որը օրենսգրքի ստորև մեջբերված 113-րդ հոդվածի համաձայն ստացել է տուրքի վճարումից ազատվելու թույլտվություն):

25. Տուրքի վճարումից ազատված այլ անձինք, inter alia, թվարկված են նաև «Քաղաքացիական գործերով դատական տուրքերի մասին» 1967թ. հունիսի 13-ի օրենքի (Ustawa o kosztach sądowych w sprawach cywilnych) 8-րդ և 9-րդ բաժիններում:

Օրենքի 8-րդ բաժնի համաձայն` Պետական գանձապետարանը, տեղական ինքնակառավարման մարմինները և հանրային այլ մարմիններ կամ հաստատություններ պարտավոր չեն դատական տուրքեր վճարել, եթե հայցի առարկան չի վերաբերում վերջիններիս ձեռնարկատիրական գործունեությանը: 9-րդ բաժինն Արդարադատության նախարարին իրավունք է վերապահում ոչ կառավարական կազմակերպություններին ազատել դատական տուրքերի վճարումից:

26. Դատական տուրքերից ազատված անձի ներկայացրած հայցի բավարարման դեպքում գանձման ենթակա տուրքը գանձվում է պատասխանողից` հօգուտ պետական գանձապետարանի:

27. «Քաղաքացիական գործերով դատական տուրքերի մասին» 1967թ. հունիսի 13-ի օրենքը (փոփոխված տարբերակը) սահմանում է դատարանների կողմից տուրքերի գանձման ընդհանուր սկզբունքները:

Օրենքի` սույն գործի քննության ժամանակ գործող տարբերակի 5 (1) բաժինը սահմանում է.

«Դատարանին տուրքի գանձում ենթադրող հայց ներկայացնող ցանկացած կողմ պարտավոր է վճարել այդ տուրքը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով»:

 

28. Օրենքի` սույն գործի քննության ժամանակ գործող տարբերակի 16-րդ բաժնի համապատասխան մասի բովանդակությունը հետևյալն է.

 

«Դատարանը որևէ գործողություն չի կատարում, եթե տվյալ հայց ներկայացնելու համար սահմանված դատական տուրքը վճարված չէ: Նման դեպքում դատարանի նախագահը շահագրգիռ կողմից պահանջում է առավելագույնը յոթ օրվա ընթացքում վճարել տուրքը, այլապես հայցը վերադարձվում է: Եթե կողմը չի պահպանում այդ ժամկետը, հայցը պետք է վերադարձվի այն ներկայացնողին:

...

3. Դատական որոշման դեմ ցանկացած բողոք, վճռաբեկ բողոք, միջանկյալ գանգատ կամ առարկություն ենթակա է մերժման, եթե (վերը նշված) ժամկետում համապատասխան տուրքը չի վճարվել:»:

 

29. 18-րդ բաժինը սահմանում է.

«Դատական տուրքը չվճարելու հիմքով վերադարձված հայցը համարվում է իրավական ուժ չունեցող:»:

 

30. Արդարադատության նախարարի 1993թ. մայիսի 17-ի` «Քաղաքացիական գործերով դատական տուրքեր սահմանելու մասին» (Rozporządzenie Ministra Sprawiedliwości w sprawie określania wysokości wpisցw w sprawach cywilnych) հրամանի (փոփոխված տարբերակի)` սույն գործի քննության ժամանակ գործող 1-ին պարբերության համապատասխան մասը սահմանում է հետևյալը.

«(4) Այն դեպքերում, երբ հայցապահանջը գերազանցում է 1.000.000.000 PLZ-ն, դատական տուրքի գումարը պետք է կազմի 66.000.000 PLZ առաջին 1.000.000.000 PLZ-ի համար և հայցապահանջի մնացած մասի 5%-ը: Ամեն դեպքում դատական տուրքը չի կարող գերազանցել 1.000.000.000 PLZ-ն:»:

 

31. Դատական տուրքից ազատելը եղել է (և շարունակում է մնալ) գործի քննությունը վարող դատարանի հայեցողության խնդիր:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի` գործի քննության ժամանակ գործող տարբերակի 113-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է.

«Յուրաքանչյուր անձ կարող է իրավասու դատարանին խնդրել իրեն ազատել դատական տուրքի վճարումից` հայտարարագիր ներկայացնելու պայմանով` ապացուցելու համար, որ սահմանված տուրքի չափն էականորեն կնվազեցնի իր ընտանիքի կենսամակարդակը: Այդ հայտարարագիրը պետք է մանրամասն տեղեկություններ պարունակի նրա ընտանիքի, ունեցվածքի և եկամտի մասին: Դատարանի հայեցողությանն է թողնված որոշելը` այդ հայտարարագիրը համապատասխանո՞ւմ է, արդյոք, դատական տուրքերից ազատելուն ներկայացվող պահանջներին, թե` ոչ»:

 

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է.

 

«Դատական տուրքից ազատելու մասին դիմած կողմի իրական ֆինանսական դրության վերաբերյալ ... կասկածներ ունենալու դեպքում` դատարանը կարող է նշանակել հայտարարագրի իսկության ստուգում:»:

 

Օրենսգրքի` գործի քննության ժամանակ գործող տարբերակի 120-րդ հոդվածի 1-ին կետի համապատասխան մասը սահմանում է հետևյալը.

 

«Դատարանը չեղյալ է համարում դատական տուրքից ազատելու թույլտվությունը կամ տրամադրված իրավական օգնությունը, եթե դրանց հիմքերը բացակայում են կամ դադարել են գոյություն ունենալուց: Երկու դեպքում էլ համապատասխան կողմը պետք է վճարի իր գործով սահմանվելիք դատական և/կամ իրավական տուրքերը»:

 

32. Դատարանների կողմից գանձված տուրքերը չեն կարող օգտագործվել որպես ծախսերի ապահովման միջոց և համարժեք չեն դրան: Դատական տուրքերը դատարանների ֆինանսական բաժանմունքների կողմից փոխանցվում են պետական գանձապետարան և համարվում են վերջինիս եկամուտը:

33. 1995թ. հունվարի 11-ին Գերագույն դատարանը (Sąd Najwyższy) կայացրել էր որոշում, որում առաջին անգամ անդրադարձ է կատարվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված «դատարան դիմելու իրավունքին»` բողոք կամ գանգատ ներկայացնելու համար դատական տուրք վճարելու պահանջի համատեքստում (որոշում թիվ III ARN 75/95, հրապարակված` OSN Zb. U. 1995թ. թիվ 9-ում):

Խոսքը վերաբերում է Գերագույն դատարանի առաջին նախագահի կողմից Գերագույն դատարան ներկայացված արտակարգ բողոքին: Բողոքն ուղղված էր Գերագույն վարչական դատարանի որոշման դեմ, որը մերժել էր վարչական դատավարության ընթացքում հայցվորին դատական տուրքերից ազատելու դիմումը: Գերագույն դատարանը որոշել է.

1. Եվրոպայի խորհրդին Լեհաստանի անդամակցելու պահից սկսած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը պետք է հաշվի առնվի Լեհաստանի օրենսդրությունը մեկնաբանելիս:

2. Եթե գործի առարկան հանրային իշխանությունների կողմից նշանակալի ֆինանսական օժանդակության վերաբերյալ կողմերից մեկի հայցն է, առանձնակի ուշադրություն պետք է դարձնել դատական տուրքերից ազատելու մասին (տվյալ կողմի) զուգահեռ դիմումը քննելուն: Նման դիմումը մերժելու մասին (ցանկացած որոշում) պետք է հիմնավորված լինի պատշաճ և անվիճելի փաստարկներով` այն հաշվով, որպեսզի դրա արդյունքում դատարան դիմելու իրավունքի իրականացումը չձգձգվի (ինչպես սահմանված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով)...»:

 

Չնայած որ տվյալ որոշումը վերաբերում էր Գերագույն վարչական դատարան բողոք ներկայացնելու համար հանրային իշխանություններից ֆինանսական օժանդակություն խնդրող անձին դատական տուրքերից ազատելուն, այն mutatis mutandis կիրառվել է քաղաքացիական գործերի նկատմամբ:

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՎԻՃԱՐԿՎՈՂ ԽԱԽՏՈՒՄ

 

34. Դիմողը բողոքել է, որ ինքը չի օգտվել դատարան դիմելու իրավունքից, որովհետև ստիպված է եղել դադարեցնել քաղաքացիական գործերով դատարան բողոքելը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի վիճակի չի եղել վճարել Լեհաստանի օրենսդրությամբ բողոք ներկայացնելու համար սահմանված խիստ բարձր դատական տուրքերը:

 

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները... ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից... արդարացի... քննության իրավունք:»:

 

A. Առնչությունը 6-րդ հոդվածի 1-ին կետին

 

35. Կողմերը համաձայնել են, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառվում է խնդրո առարկա վարույթի առնչությամբ: Դատարանը, գտնելով, որ այդ վարույթն առնչվում է վնասները հատուցելու մասին դիմողի պահանջին և, այդպիսով, Կոնվենցիայի հոդվածի դրույթներին համապատասխան «որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները», այլ դիրքորոշում արտահայտելն անհիմն է համարել:

 

B. Համապատասխանությունը 6-րդ հոդվածի 1-ին կետին

 

1. Դիմողը

36. Դիմողն սկսեց Դատարանի կողմից հաստատված նախադեպը հիշատակելով` շեշտելով, որ դատարան դիմելու իրավունքը, եթե նույնիսկ այն բացարձակ իրավունք չէ, պետք է լինի արդյունավետ, և որ իշխանությունները չեն կարող սահմանափակել այդ իրավունքը` դրա բուն էությունը խաթարող ձևով:

Մասնավորապես, ըստ դիմողի` Պետությունը չպետք է ֆինանսական արգելքների միջոցով սահմանափակի մարդու հիմնարար իրավունքը: Ըստ նրա, եթե դատական տուրքերը հանդիսանում են պետական բյուջեի նշանակալի աղբյուր, ինչպես Լեհաստանում է, դատական համակարգի հիմնական գործառույթն աստիճանաբար վերածվում է ֆինանսական գանձումների համակարգի, և արդարադատությունն անխուսափելիորեն դառնում է մի մեխանիզմ, որը մատչելի է միայն նրանց, ովքեր կարող են վճարել դրա համար: Դրանով նաև կարող է թուլանալ այն դերը, որ ժողովրդավարական հասարակությունում վերագրվում է «արդար դատաքննության իրավունքին»:

37. Դիմողն ընդունել է, որ կարող են լինել բացառիկ դեպքեր, երբ անհրաժեշտ է առանձնակի միջոցներ ձեռնարկել, կամ երբ «cautio judicatem solvo» պահանջի կիրառումը չի խոչընդոտի անհատի` դատական քննության իրավունքն իրականացնելուն` ի հակասություն 6-րդ հոդվածի:

Ինչևէ, նրա տեսանկյունից, տեղի է ունենում հակառակը, երբ դատարան դիմելու` անհատի իրավունքի սահմանափակումներն իր պարագայում իսկական ֆինանսական արգելք էին ստեղծել` իրեն զրկելով առաջին ատյանի դատարան գործ ներկայացնելու հնարավորությունից:

38. Ինչ վերաբերում է տվյալ գործի առանձին հանգամանքներին, դիմողը պնդել է նաև, որ համապատասխան դատարաններն իրեն դատական տուրքից ազատելու դիմումը մերժելիս` չէին կարող անտեղյակ լինել իրենց որոշումների հետևանքներին, մասնավորապես` նրան, որ 100.000.000 PLZ-ի չափով դատական տուրք սահմանելը (որը այդ ժամանակ համարժեք էր Լեհաստանի քաղաքացիների միջին տարեկան վաստակին) իրեն կզրկի դատարան քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունքից:

39. Դիմողի կարծիքով, Լեհաստանի դատարանները գործել են կամայականորեն, և իրենց որոշումները կայացնելիս հիմնվել են իր ֆինանսական վիճակի մտացածին գնահատման վրա: Ըստ նրա` այդ դատարանները հիմք չեն ունեցել չհավատալու իր հայտարարագրում զետեղված հավաստի փաստերին: Նրա փաստարկներն այդպես էլ մնացել էին անտեսված` առանց հակառակն ապացուցելուն ուղղված որևէ քայլի, մինչդեռ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իր հայտարարագրի վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում նրանք պարտավոր էին ստուգել համապատասխան փաստերի հավաստիությունը:

40. Դատարանները, հավելել է դիմողը, ճիշտ չեն ընկալել իր փաստարկները և արդյունքում սխալ եզրակացություն կատարել դրանց վերաբերյալ: Օրինակ, ինքը երբեք չի պնդել, որ գոյատևում է իր խնայողությունների հաշվին, այլ ընդամենն ասել է, որ իր բոլոր խնայողությունները ներդրել է իր նախատեսած ծրագիրը պատրաստելու գործում: Չնայած դրան, Պլոկի մարզային դատարանը 1994թ. նոյեմբերի 17-ի իր որոշման մեջ նշել է, որ ինքն, իբր, չի ներկայացրել իր գոյության միջոց հանդիսացող խնայողությունների չափը, քանի որ կարող էր ներկայացնել գումարներ, որոնք չուներ:

41. Ավելին, դիմողը վիճարկել է, որ մարզային դատարանը, ուսումնասիրելով միևնույն հայտարարագիրը, կայացրել է հակասական որոշումներ: 1994թ. օգոստոսի 12-ին այդ դատարանը, միջանկյալ դատավարության ընթացքում առանց որևէ վերապահման իրեն ազատել է 200.000.000 PLZ-ի չափով տուրքի վճարումից: 1994թ. նոյեմբերի 17-ին դատարանն իր նկատմամբ նշանակել է 100.000.000 PLZ-ի չափով տուրք` վնասի փոխհատուցման վերաբերյալ իր հայցն ընդունելու համար: Դատարանի տրամադրության տակ եղած նյութերը վերջինիս հիմք չեն տալիս եզրակացնելու, որ իր ֆինանսական վիճակն ինչ-որ կերպ բարելավվել է այդ երկու ամսաթվերի միջև ընկած ժամանակահատվածում: Ոչ էլ դատական տուրքերի առումով էական տարբերություն կար միջանկյալ և վնասի փոխհատուցման պահանջի գործով դատավարությունների միջև:

42. Եվ, վերջապես, դիմողը նկատել է, որ ապագա պատասխանողը` տեղական ինքնակառավարման մարմինը, չէր պարտավորեցվել որևէ դատական տուրք վճարելու դատավարության ընթացքում: Ուստի ինքն անկարող է հասկանալու, թե իրեն տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ դիմումի մերժումն ինչ կերպ է ծառայում պատշաճ արդարադատություն իրականացնելու նպատակներին: Ոչ էլ հասկանում է, թե ինչով է այդ մերժումը բացատրվում այնպիսի հանգամանքներում, երբ ինքը, վերջին հաշվով, զրկվել է «դատական» քննության իրավունքից:

43. Ի վերջո, դիմողը Դատարանին խնդրել է ընդունել, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` այն հիմքով, որ իր նկատմամբ առավելաչափ դատական տուրք սահմանելով` ոտնահարվել է այդ հոդվածով երաշխավորված իր «դատարան դիմելու իրավունքի էությունը»:

 

2. Կառավարությունը

44. Կառավարությունն առարկել է` գտնելով, որ քաղաքացիական հայցերն ընդունելու համար Լեհաստանի դատարանների կողմից գանձվող դատական տուրքերն իրենցից ներկայացնում են անհատների` դատարան դիմելու իրավունքի օրինաչափ սահմանափակման միջոց, որը չի կարող ինքնին համարվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին հակասող:

45. Հղում կատարելով գործում առկա առանձին հանգամանքների, Կառավարությունը նախևառաջ ընդգծել է, որ ազգային դատարանները դիմողին ազատել են դատական տուրքի մեծ մասի վճարումից, սակայն մերժել են տուրքից կրկին ազատելու մասին նրա մյուս դիմումը, քանի որ նա չէր բավարարում դրա համար Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետով ներկայացվող պահանջները: Հետևաբար, դիմողը չի կատարել հայցվորից քաղաքացիական գործերի քննության ընթացքում սովորաբար պահանջվող գործողությունները:

46. Կառավարությունն այնուհետև պնդել է, որ հակառակ դիմողի պնդումների, դատարանները պարտավոր չեն կասկածներ ունենալու դեպքում ստուգել ներկայացված հայտարարագրի իսկությունը: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ դատարանի հայեցողությանն է թողնված սահմանված դատական տուրքերից ազատելու կամ չազատելու որոշում կայացնելը: Ավելին, օրենսգրքի 116 հոդվածը դատարաններին չի պարտավորեցնում ստուգել նրա հայտարարագրի իսկությունը: Այդ դրույթն ընդամենը սահմանում է, որ դատարանները կարող են որոշել այդ անել, այլ ոչ թե պարտավոր են: Հետևաբար, դիմողի ունեցվածքի հայտարարագիրը ճշտելու կամ ստուգելու համար ապացույցներ հավաքելը կամ հարցումներ անելը համապատասխան դատարանների խնդիրը չէր: Ընդհակառակը, հայտարարագրում առկա փաստերի ապացուցման պարտականության կրողը դիմողն է:

47. Դրանից հետո Կառավարությունը նշել է, որ թե՜ Մարզային և թե՜ Վերաքննիչ դատարանները մանրամասն և պատշաճ ձևով հիմնավորել են իրենց որոշումները: Այդ որոշումներում դատարանները ներկայացրել են իրենց տեսակետները` հիմնված Գերագույն դատարանի հստակ ձևավորված նախադեպի վրա, որում սահմանված է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելն ինքնին պետք է ենթադրի դատական գործընթացների հավանականություն և, հետևաբար, պետք էր համապատասխան միջոցներ առանձնացնել դատական տուրքերը վճարելու համար:

48. Կառավարությունը գտել է, որ համապատասխան դատարանները, գործի համապատասխան փաստերը գնահատելիս, պատշաճ կերպով իրականացրել են փաստերը գնահատելու իրենց իրավասությունը: Նրանք իրենց հետևությունները բխեցրել են այնպիսի գործոններից, ինչպես, ասենք, այն, որ տվյալ գործի քննության ընթացքում դիմողը ներգրավված է եղել այլ գործերով քաղաքացիական դատավարություններում, և որ նոր մեծածավալ ծրագրի նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել: Այդ հանգամանքներն ի ցույց են դնում դիմողի ֆինանսական գործարքների նշանակալի չափերը և, հետևաբար, այն, որ նա ի վիճակի էր վճարել նշանակված դատական տուրքերը:

Դատարանները, Կառավարության կարծիքով, հաշվի են առել նաև այն հանգամանքը, որ դիմողը բավականին զգալի չափերի վնասներ է կրել, ինչպես նաև այն, որ նա ազատվել է հայց ներկայացնելու համար սահմանված դատական տուրքերի մեծ մասի վճարումից:

49. Կառավարության կարծիքով, արդարադատության շահերը պահանջում են, որ քաղաքացիական դատավարության յուրաքանչյուր կողմ պարտավոր է վճարել դատական տուրքեր, եթե չի համապատասխանում այդ տուրքերից ազատելու համար սահմանված պահանջներին: Դիմողի գործի պարագայում դա որոշակիորեն այդպես էր. չնայած որ խնդրո առարկա գումարը, որն այդ ժամանակ համարժեք էր Լեհաստանի քաղաքացիների միջին տարեկան վաստակին, պարզապես համընկել էր դիմողի կրած էական վնասի չափին:

50. Դրանից հետո Կառավարությունն անդրադարձել է դիմողի այն փաստարկին, որ իր ֆինանսական դրությունն անփոփոխ է մնացել, սակայն դատարանները, ուսումնասիրելով միևնույն հայտարարագիրը, կայացրել են հակասական որոշումներ այն մասին` ազատե՞լ տուրքերի վճարումից, թե` ոչ: Այդ կապակցությամբ Կառավարությունը նկատել է, որ միջանկյալ և վնասի փոխհատուցման պահանջի գործով վարույթների միջև առկա էր սկզբունքային տարբերություն: Նրա կարծիքով, դատարանների կողմից հակասական որոշումների կայացումը բացատրվում է դրանով:

51. Ամփոփելով, Կառավարությունը պնդել է, որ տուրքերը դիմողի նկատմամբ նշանակվել են օրենքի շրջանակներում և հետապնդել են իրավաչափ նպատակ: Դրանք չեն եղել ոչ համարժեք կամ կամայականորեն նշանակված: Կառավարությունն իր հերթին Դատարանին խնդրել է ընդունել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում տեղի չի ունեցել:

 

3. Դատարանի եզրակացությունը

 

(a) Դատարանի նախադեպային իրավունքից բխող սկզբունքներ

 

52. Դատարանը կրկնել է, որ ինչպես բազմիցս նշվել է` 6-րդ հոդվածի 1-ին կետը յուրաքանչյուրի համար երաշխավորում է իր քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որում դատարան դիմելու իրավունքը, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը, հանդիսանում է այդ իրավունքի մի մասը միայն: Այդուհանդերձ, այդ մասն է, որ հնարավորություն է տալիս օգտվել 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (ի թիվս այլ գործերի` Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1975թ. հունվարի 21-ի վճիռ, շարքեր A թիվ 18, 16-18 էջեր, կետ 34 in fine, ինչպես նաև Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (GC), թիվ 29392/95, 91-93-րդ կետեր, ՄԻԵԿ 2001-V):

53. Դատարանի իրավունքը բացարձակ չէ: Այն կարող է անուղղակիորեն ենթարկվել սահմանափակումների, քանզի դատարանի իրավունքն ինքնին պետության կողմից կարգավորում պահանջող երևույթ է: Կողմերի համար երաշխավորելով իրենց «քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները» որոշելու համար դատարան դիմելու արդյունավետ իրավունք, 6-րդ հոդվածի 1-ին կետը Պետությանն ազատ է թողնում այդ իրավունքն իրականացնելուն ուղղված միջոցներն ընտրելիս, սակայն, չնայած նրան, որ Պայմանավորվող պետություններն այս կապակցությամբ օժտված են գնահատման որոշակի ազատությամբ, այնուամենայնիվ, Կոնվենցիայի պահանջների պահպանման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավասությունը մնում է Դատարանինը (տես Գոլդերը, Զ-ն և վերը նշված այլոք, նույն տեղում, և, mutatis mutandis, Էյրին ընդդեմ Իռլանդիայի, 1979թ. հոկտեմբերի 9-ի վճիռ, շարքեր A, թիվ 32, 14-16 էջեր, կետ 26):

54. Դատարանը սահմանել է, որ որոշ դեպքերում, մասնավորապես, երբ խնդրո առարկա սահմանափակումները վերաբերում են բողոքի ընդունելիության պայմաններին, կամ երբ արդարադատության շահերը պահանջում են, որ դիմողն իր բողոքի կապակցությամբ երաշխիքներ տրամադրի մյուս կողմից պահանջվող գումարների համար, տարբեր, ներառյալ` ֆինանսական սահմանափակումները, կարող են անդրադառնալ անհատի` «դատարան դիմելու» իրավունքի վրա (տես, օրինակ, Բրուալա Գոմես դե լա Տորեն ընդդեմ Իսպանիայի, 1997թ. դեկտեմբերի 19-ի վճիռ, Վճիռների և որոշումների ժողովածու 1997-VIII, էջ 2955, կետ 33, և Տոլստոյ-Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության, 1995թ. հուլիսի 13-ի վճիռ, շարքեր A, թիվ 316-B,80-81 էջեր, 61 et seq. կետեր):

Դատարանը նաև ընդունել է, որ կարող են լինել դեպքեր, երբ ապագա կողմից պահանջվի նախնական թույլտվություն ստանալ հայց ներկայացնելուց առաջ (տես Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1985թ. մայիսի 28-ի վճիռ, շարքեր A թիվ 93, 25-26 էջեր, կետ 59):

Այդուհանդերձ, բոլոր այդ դեպքերում Դատարանն առաջնորդվել է այն համոզմամբ, որ նշված սահմանափակումները չեն սահմանափակում դիմողին տրամադրված դատարան դիմելու իրավունքն այն ձևով կամ այն աստիճան, որ խաթարվի այդ իրավունքի բուն էությունը:

55. Այդ համատեքստում Դատարանն ընդգծել է, որ դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները չեն կարող համարվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխանող, եթե դրանք չեն հետապնդում իրավաչափ նպատակ և առկա չէ ողջամիտ հարաբերակցություն օգտագործված միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև (տես, օրինակ, Թինելի և որդիներ ՍՊԸ-ն և այլոք և ՄքԷլդաֆն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, 1998թ. հուլիսի 10-ի վճիռ, Հաշվետվություններ 1998-IV, էջ 1660, կետ 72):

56. Այդուհետ Դատարանը կրկնել է, որ վերոհիշյալ չափանիշներին համապատասխանությունը գնահատելիս` իր խնդիրը չէ ստանձնել իրավասու ներպետական իշխանությունների լիազորությունները` արդարադատության մատչելիությունն ապահովող առավել պատշաճ միջոցներ սահմանելու գործում, և ոչ էլ այն փաստերը գնահատելը, որոնք այս կամ այն դատարանը հիմք է ընդունել այս կամ այն որոշումը կայացնելիս: Դատարանի խնդիրը Կոնվենցիայի հիման վրա` ի կատարումն իր լիազորությունների, այդ իշխանությունների կայացրած որոշումների վերանայումն է, Կոնվենցիայի դրույթներին այդ որոշումների հետևանքների համապատասխանությունը գնահատելը (տես, mutatis mutandis, վերոհիշյալ Տոլստոյ-Միլոսլավսկու, նույն տեղում, և վերոհիշյալ Բրուալա Գոմես դե լա Տորեի գործերը, էջ 2955, կետեր 32 in fine):

57. Այդ առնչությամբ Դատարանը ևս մեկ անգամ հարկ է համարել կրկնել, որ իր ուսումնասիրությունները բխում են այն սկզբունքից, որ Կոնվենցիայի նպատակը ոչ թե տեսական կամ երևակայական, այլ գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին` նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքը կատարում է ժողովրդավարական հասարակությունում (տես վերոհիշյալ Էյրիի, 12-14 էջեր, և Այթ-Մուհուբն ընդդեմ Ֆրանսիայի գործերը, 1998թ. հոկտեմբերի 28-ի վճիռ, Հաշվետվություններ 1998-VIII, էջ 3227, կետ 52):

 

(b) Վերոհիշյալ սկզբունքների կիրառումը սույն գործով

 

(i)  Արդյո՞ք Լեհաստանի օրենսդրությամբ սահմանված` քաղաքացիական գործերով դատական տուրքեր վճարելու պարտականությունն ինքնին հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին հոդվածի խախտում:

58. Տվյալ գործով դիմողն ի սկզբանե առարկել է այն ընդհանուր դրույթի դեմ, որի համաձայն Լեհաստանի դատարաններ դիմելու իրավունքը կախված է ներկայացվող հայցապահանջի որոշակի տոկոսից ձևավորվող դատական տուրքի վճարումից (տես վերը` կետեր 23 և 36-37):

Կառավարությունը պնդել է, որ քաղաքացիական գործերը վարույթ ընդունելու համար դատական տուրքեր գանձելը չի կարելի ինքնին Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին հակասող համարել (տես վերը` կետ 44):

59. Իր նախադեպային իրավունքով սահմանված վերոհիշյալ սկզբունքները հաշվի առնելով` Դատարանը մեկ անգամ ևս կրկնել է, որ երբեք չի բացառել, որ կարող են լինել դեպքեր, երբ արդարադատության շահերից ելնելով անհրաժեշտ լինի ֆինանսական սահմանափակումներ կիրառել դատարան դիմելու` անհատների իրավունքի նկատմամբ (տես վերը` կետ 54, մասնավորապես, Տոլստոյ-Միլոսլավսկու վերոհիշյալ գործը, էջեր 80-81, կետ 61 et seq.):

Այնուհետև Դատարանը նշել է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն դատարան դիմելու արդյունավետ իրավունքի երաշխավորումը չի նշանակում ընդամենը միջամտության բացակայություն, այլ կարող է պահանջել, որ Պետությունը ձեռնարկի որոշակի դրական քայլեր այդ ուղղությամբ. այդ դրույթը չի վերաբերում ոչ քաղաքացիական գործով Պետությունից անվճար իրավաբանական օգնություն ստանալու և ո՜չ էլ քաղաքացիական գործով անվճար դատավարության իրավունքներին (տես, mutatis mutandis, վերոհիշյալ Էյրիի գործը, 14-րդ էջ, 25-26 կետեր):

60. Այդպիսով, Դատարանը գտել է, որ քաղաքացիական գործերով դատարաններին հայցեր ներկայացնելու համար տուրքեր վճարելու պահանջը չի կարող դիտվել որպես դատարան դիմելու իրավունքի սահմանափակում, ինչը per se անհամատեղելի է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ:

Այդուամենայնիվ, Դատարանը կրկնել է, որ տուրքերի չափը որոշվում է տվյալ գործի որոշակի հանգամանքներից ելնելով, ներառյալ դիմողի վճարունակությունը, և այն, թե դատավարության որ փուլում է կիրառվել այդ սահմանափակումը. սրանք գործոններ են, որոնք հաշվի են առնվում անձի` «դատարան դիմելու» իր իրավունքի իրականացման կամ այդ իրավունքից զրկված լինելու հարցը որոշելիս (տես վերը նշված Տոլստոյ-Միլոսլավսկու և Այթ-Մուհուբի գործերը, 80-81 էջեր, կետ 63 et seq. և, համապատասխանաբար, էջ 3228, կետ 57):

(ii)  Դիմողից հայցը վարույթ ընդունելու համար պահանջվող տուրքն արդյո՞ք համարվում է 6-րդ հոդվածի 1-ին կետին հակասող սահմանափակում:

61. Այդ գործոնները նկատի ունենալով` Դատարանը պետք է որոշի, թե սույն գործի որոշակի հանգամանքները հաշվի առնելով` արդյո՞ք սահմանված տուրքն իրենից ներկայացնում է դիմողի` դատարան դիմելու իրավունքի էությանը հակասող սահմանափակում:

Դիմողը բողոքել է, որ իր հայցը վարույթ ընդունելու համար 100.000.000 PLZ-ի չափով տուրք վճարելու պահանջը լիակատար արգելք է դատարան դիմելու իրավունքի համար (տես վերը` կետեր 45-51):

Կառավարությունը պնդել է, որ այդ գումարն ամբողջովին արդարացված է արդարադատության շահերի տեսանկյունից և հիմնված է նրա ֆինանսական դրության օբյեկտիվ գնահատման վրա (տես կետեր 45-51):

62. Այդ կապակցությամբ Դատարանն ի սկզբանե նշել է, որ չնայած վերջին հաշվով դիմողից պահանջված տուրքի գումարն էապես նվազեցվել էր, այն, այդուհանդերձ, այդ ժամանակ համարժեք էր Լեհաստանի քաղաքացիների միջին տարեկան վաստակին (տես վերը` կետեր 38 և 49): Այդ գումարը, եթե դիտվի շարքային հայցվորի տեսանկյունից, անկասկած, զգալի է:

Հայցվորը ձեռնարկատեր էր, և համապատասխան դատարանները, դատական տուրքը սահմանելիս` հիմնականում առաջնորդվել են այն մտայնությամբ, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելն ինքնին ենթադրում է դատական վարույթների հավանականություն: Դրա հիման վրա նրանք եզրակացրել են, որ հայցվորը պետք է հաշվի առներ դատական տուրքերի համար բավարար գումար նախատեսելու անհրաժեշտությունը:

Այդ ենթադրություններին դատարաններն ավելացրել էին այն վարկածը, որ հայցվորը (որն իր հայտարարագրում փաստորեն ներկայացրել է, որ եկամտի աղբյուր չունի, և որ իր բոլոր խնայողությունները ներդրել է իր ապագա ձեռնարկը նախապատրաստելու գործում և հիշատակել է իր ձեռնարկատիրական գործունեությունների ընթացքում կրած վնասների մասին) ապրում է իր խնայողությունների հաշվին և նրա ներդրումների ծավալը (կրած վնասները չհաշված) խոսում են այն մասին, որ նա ի վիճակի է վճարել դատական տուրքը (տես վերը` կետեր 19-21):

63. Դատարանն այդ հիմնավորումը համոզիչ չի համարել` այն համեմատելով անձին դատարան դիմելու «արդյունավետ» իրավունք երաշխավորելու կարևորության հետ:

Նախևառաջ Դատարանը նշել է, որ հայցապահանջը, որը դիմողը պատրաստվում էր ներկայացնել, ձեռնարկատիրական գործունեությանն առնչվում է շատ աղոտ կերպով, եթե չասենք` չի առնչվում: Հայցապահանջի ըստ էության գնահատումը Դատարանի խնդիրը չէ, չնայած որ չէր կարող չնկատել, որ դիմողի հայցը հիմնված էր պատասխանողի` հանրային իշխանությունների կողմից իրավունքի գերակայության խախտման վրա (խախտում, որն արդեն իսկ հաստատվել էր Գերագույն վարչական դատարանի կողմից) և վերաբերում էր այդ խախտման արդյունքում պատճառված վնասները փոխհատուցելուն (տես վերը` կետեր 10-11):

Այնուհետև Դատարանը նկատել է, որ դիմողի ֆինանսական դրության վերաբերյալ համապատասխան դատարանների եզրակացություններն ավելի շուտ հիմնված են եղել դիմողի` վաստակելու ենթադրյալ ունակությունների, քան նրա ներկայացրած փաստերի վրա:

64. Ճշմարիտ է, որ ապացույցների հավաքումը և գնահատումը ներպետական դատարանների առաջնային խնդիրներից է, և Դատարանի խնդիրն է պարզել` արդյո՞ք այդ դատարանները գնահատման իրենց լիազորություններն իրականացնելիս պահպանել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները (տես վերը` կետ 56):

Սույն գործի առնչությամբ Դատարանը նկատել է, որ դատական իշխանությունները հրաժարվել են ընդունել հայցվորի փաստարկներն առ այն, որ ինքն ի վիճակի չէ վճարել դատական տուրքերը` առանց նրա հայտարարագրում ներկայացված փաստերին հակասող որևէ ապացույց ձեռք բերելու կամ ուսումնասիրելու:

Ավելին, հայցվորի ֆինանսական դրության վերաբերյալ դատարաններն արել էին որոշակի ենթադրություններ, որոնք չէին բխում իրենց տնօրինած նյութերից (տես վերը` կետեր 19-21 և 40):

65. Դատարանը նաև նկատել է, որ Լեհաստանի օրենսդրությամբ դատական տուրքերից ազատելու որոշումը ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարվել դատարանների կողմից, եթե ազատելու համար հիմք հանդիսացած հանգամանքները դադարում են գոյություն ունենալուց: Դիմողին դատավարության սկզբնական փուլում հայց ներկայացնելու թույլտվությունը Լեհաստանի դատարաններին չի զրկում հետագա ցանկացած փուլում` դիմողի ֆինանսական դրությունը բարելավվելու դեպքում, վերջինից դատական տուրք գանձելու հնարավորությունից (տես կետեր 31 in fine):

66. Ընդհանուր առմամբ գնահատելով գործի փաստերը և նկատի ունենալով ժողովրդավարական հասարակությունում դատարան դիմելու իրավունքի լուրջ դերակատարությունը, Դատարանը եզրակացրել է, որ դատական իշխանությունները չեն երաշխավորել պատշաճ հավասարակշռություն, մի կողմից, դատական տուրքերը գանձելու` Պետության շահի և, մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի շահի միջև:

Գործը վարույթ ընդունելու համար հայցվորից պահանջվող տուրքի չափը չափազանց մեծ էր: Այդ պատճառով դիմողը հրաժարվել էր իր հայցը ներկայացնել, և նրա գործը երբևէ չէր լսվել դատարաններում: Դա, Դատարանի կարծիքով, խաթարել է դիմողի` դատարան դիմելու իրավունքի բուն էությունը:

67. Վերոգրյալը հաշվի առնելով` Դատարանը եզրակացրել է, որ դիմողի նկատմամբ դատական տուրքերի նշանակումը հանգեցրել է դատարան դիմելու իրավունքի անհամաչափ սահմանափակման: Դատարանը եզրակացրել է նաև, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41 ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

68. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին տրամադրել արդարացի փոխհատուցում:»:

 

A. Վնասը

 

69. Վնասների փոխհատուցման մասով` որպես նյութական վնասի փոխհատուցում դիմողը պահանջել է 50.000 զլոտի (PLN), որը մասամբ ներառում էր Լեհաստանում ընկերություն հիմնելու պատճառով կորսված գումարները և, մասամբ` բաց թողնված այն օգուտը, որը նա աշխատավարձի ձևով կարող էր վաստակել Ավստրիայում, եթե չնախաձեռներ Լեհաստանում իրականացվելիք ծրագիրը:

Այդուհետ նա Դատարանին խնդրել է իր օգտին գանձել 100.000 PLN` որպես Կոնվենցիայի խախտման արդյունքում իրեն պատճառված բարոյական վնասի և անհանգստության փոխհատուցում:

70. Կառավարությունը նշել է, որ խնդրո առարկա գումարները խիստ մեծ են: Այնուհետև ավելացնել է, որ դիմողը չի ապացուցել, որ ստիպված է այդքան ժամանակը Լեհաստանում անցկացրել, և նշել է, որ Լեհաստանում ընկերություն հիմնելու նպատակով կատարված ներդրումները պետք է որ ավելի շուտ օգուտ բերեին, քան պատճառեին ենթադրյալ վնասը: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասին, Կառավարությունը մնացել է այն կարծիքին, որ դիմողը չի մատնանշել պատճառական կապը ներկայացված հայցապահանջի և 6-րդ հոդվածի 1-ին կետի վիճարկվող խախտման միջև:

Եվ, վերջապես, Կառավարությունը Դատարանին խնդրել է ընդունել, որ Դատարանի կողմից խախտման փաստն արձանագրելն ինքնին արդարացի փոխհատուցում է: Հակառակ դեպքում Կառավարությունը Դատարանին կխնդրի իր տրամադրության տակ առկա նման գործերով նախադեպերի հիման վրա և երկրի տնտեսական վիճակը հաշվի առնելով կայացնել արդարացի փոխհատուցման որոշում:

71. Իր տրամադրության տակ եղած նյութերի հիման վրա Դատարանը եզրակացրել է, որ դիմողը չի ապացուցել, որ նյութական վնասի պահանջվող չափի փոխհատուցումն իրականում պայմանավորված է դատարան դիմելու իրավունքի խախտմամբ: Հետևաբար, այդ մասով նրա օգտին որևէ փոխհատուցման որոշում կայացնելը հիմնավոր չի լինի:

72. Մյուս կողմից, Դատարանն ընդունել է, որ դիմողը կրել է ոչ նյութական վնաս, որը բավարար չափով չի փոխհատուցվում Կոնվենցիայի խախտման փաստն արձանագրելով: Անկողմնակալ գնահատման արդյունքում Դատարանը դիմողի օգտին այդ մասով 30.000 PLN գանձելու որոշում է կայացրել:

 

B. Ծախքեր և ծախսեր

 

73. Դիմողը, որն իր գործը ներկայացնելու համար Եվրոպայի խորհրդից իրավաբանական օգնություն էր ստացել, պահանջել էր 9000 PLN-ի չափով փոխհատուցում` Դատարանում իր գործը ներկայացնելու կապակցությամբ կատարված ծախքերի և ծախսերի դիմաց, չհաշված այն 976.55 եվրոն, որն արդեն վճարվել էր Դատարանի իրավաբանական օգնության շրջանակներում:

74. Կառավարությունը Դատարանին խնդրել է փոխհատուցում տրամադրելու դեպքում հաշվի առնել միայն այն ծախքերն ու ծախսերը, որոնք փաստացի և անհրաժեշտաբար կատարվել են ողջամտության սահմաններում:

75. Դատարանն այս պահանջը գնահատել է նախադեպային իրավունքից բխող սկզբունքների լույսի ներքո (տես Նիկոլվան ընդդեմ Բուլղարիայի (GC), թիվ 31195/96, կետ 85, ՄԻԵԿ 2000-III, և Կուդլան ընդդեմ Լեհաստանի (GC), թիվ 30210/96, կետ 168, ՄԻԵԿ 2000-XI):

Սույն գործով այդ չափանիշները կիրառելով` Դատարանը ողջամիտ է համարել դիմողին 12.442 PLN փոխհատուցում վճարելը, ներառյալ ավելացված արժեքի հարկը, չհաշված Եվրոպայի խորհրդից իրավաբանական օգնության կարգով ստացած 976.55 եվրոն:

 

C. Տոկոսներ չվճարելու դեպքում

 

76. Դատարանի ունեցած տեղեկություններով` սույն վճիռը կայացնելու պահին Լեհաստանում կիրառելի` օրենքով սահմանված տոկոսադրույքը կազմում էր տարեկան 30 տոկոս:

 

ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`

 

1. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.

 

2. Վճռում է`

(a) որ պատասխանող Պետությունը դիմողին եռամսյա ժամկետում պետք է վճարի հետևյալ գումարները.

(i)  30.000 PLN (երեսուն հազար զլոտի)` ոչ նյութական վնասի դիմաց,

(II)  12.442 PLN (տասներկու հազար չորս հարյուր քառասուներկու զլոտի), ներառյալ ավելացված արժեքի հարկը, չհաշված Եվրոպայի խորհրդից իրավաբանական օգնության կարգով ստացած 976.55 (ինը հարյուր յոթանասունվեց ամբողջ հիսունհինգ տասնորդական) եվրոյին սույն վճիռը կայացնելու պահին համարժեք զլոտին.

(b) որ տարեկան 30 տոկոսի չափով սովորական տոկոս պետք է վճարվի վերը նշված եռամսյա ժամկետի ավարտվելուց հետո` մինչև ամբողջ գումարի վճարումը:

 

3. Մնացած մասով մերժում է արդարացի փոխհատուցման պահանջները:

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցված է 2001թ. հունիսի 19-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:

        

Լորեն ԸՐԼԻ 

Փոխքարտուղար 

Վիլհելմինա ԹՈՄԱՍԵՆ

Նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան