Գլխավոր տեղեկություն
Номер
N 110
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.06.2001-11.04.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2000.07.27/11(53)
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Дата принятия
12.06.2000
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
12.06.2000
Дата вступления в силу
06.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

12 հունիսի 2000 թ.

ք. Երևան

N 110

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 5-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հուլիսի 24-ի «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի մասին» թիվ 457 որոշման պահանջներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական միավորման առաջարկությունները, Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման հետ կապված հարցերի օրենսդրական կարգավորումն ապահովելու և այդ բնագավառի աշխատանքները բարելավելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

ա) «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը»` համաձայն հավելված 1-ի,

բ) «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման հանձնաժողովի կանոնակարգը»` համաձայն հավելված 2-ի:

2. Ընդունել, որ`

ա) սույն հրամանով սահմանված կարգով որակավորված հաշվապահները, ինչպես նաև ընդհանուր աուդիտի գծով աուդիտորի որակավորում ունեցող աուդիտորներն իրավունք ունեն ստորագրելու հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները` որպես գլխավոր հաշվապահ,

բ) հաշվապահների որակավորման հանձնաժողովը իր կատարած աշխատանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տարեկան հաշվետվություն` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 15-ը:

 

Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարար

Լ. Բարխուդարյան

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2000 թ. հունիսի 12-ի
N 110 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման հետ կապված հարցերը:

2. Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով, որը հաշվապահի որակավորում ստանալու համար դիմում ներկայացրած անձանց (այսուհետև` դիմորդ) գիտելիքների ստուգման ընթացակարգ է:

3. Դիմորդների որակավորման քննությունների (այսուհետև` քննություն) անցկացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) կողմից:

4. Քննության ծրագիրը մշակվում և հաստատվում է Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

5. Քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնք ունեն.

ա) հաշվապահի կամ աուդիտորի մասնագիտացմամբ բարձրագույն կրթություն (ներառյալ լիցենզավորված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած կրթությունը) և որակավորման վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքի փորձ,

բ) հաշվապահի կամ աուդիտորի մասնագիտացմամբ միջնակարգ մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և որակավորման վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ,

գ) բարձրագույն կրթություն (ներառյալ լիցենզավորված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած կրթությունը) և որակավորման վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձ,

դ) միջնակարգ կրթություն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և որակավորման վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին տասը տարվա ընթացքում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձ.

ե) բարձրագույն տնտեսագիտական կրթություն (ներառյալ լիցենզավորված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած տնտեսագիտական կրթությունը) և որակավորման վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:

Սույն կարգի կիրառման նպատակով մասնագիտական աշխատանք է համարվում` հաշվապահի, ֆինանսական տնօրենի, վերստուգիչի, հարկային տեսուչի, ներքին աուդիտորի, աուդիտորական կամ հաշվապահական խորհրդատվական կազմակերպությունում` որպես մասնագետի, նշված մասնագիտությունների գծով մեթոդաբանի, գիտական աշխատողի կամ դասախոսի աշխատանքը:

Սույն կետով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում դիմում ներկայացնելու օրվա դրությամբ բաց բաժնետիրական ընկերությունում որպես գլխավոր հաշվապահ աշխատող դիմորդների նկատմամբ, և նրանք կարող են մասնակցել քննությանը` անկախ կրթությունից և աշխատանքային փորձից:

(5-րդ կետը լրաց. 10.01.01 N 6)

6. Քննությանը մասնակցել չի թույլատրվում ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից դատավճռով զրկված անձանց:

7. Քննությանը մասնակցելու համար դիմորդի կողմից ներկայացվում է դիմում, որին կցվում են`

ա) կրթության մասին դիպլոմի պատճենը.

բ) աշխատանքային գրքույկից կատարված քաղվածքը կամ դրա պատճենը և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենը և պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը.

գ) երկու լուսանկար` 3x4 չափսի:

8. Դիմումները ուսումնասիրվում են Հանձնաժողովի կողմից` անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու դեպքում, փաստաթղթերը վերադարձվում են դիմորդին` համապատասխան հիմնավորումներով:

9. Քննություններն անցկացվում են պարբերաբար` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան ամսական մեկ անգամ` եթե ստացվել է առնվազն 10 դիմում: Քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմորդին տեղեկացվում է ոչ ուշ, քան քննությունից 7 օր առաջ:

10. Դիմորդին թույլատրվում է մասնակցել քննությանը` միայն անձնագրի կամ նրա անձը հաստատող այլ փաստաթղթի առկայության դեպքում: Իր անձը հաստատող որևէ փաստաթուղթ չունեցող, ինչպես նաև քննությանն ուշացումով ներկայացած դիմորդը համարվում է չներկայացած և նրան արգելվում է մասնակցել տվյալ օրվա քննությանը:

11. Քննությունն անց է կացվում մեկ փուլով` հայերեն լեզվով, գրավոր:

Քննության հարցաթերթիկները կազմվում են հետևյալ 3 բաժիններից`

I բաժին - տեսական հարցեր,

II բաժին - տեստեր,

III բաժին - խնդիրներ:

Հարցաթերթիկի I բաժնում ներառվում են համապատասխանաբար` հաշվապահական հաշվառմանը և հարկային օրենսդրությանը վերաբերող 1-ական հարցեր (ընդամենը 2 հարց), II բաժնում` հաշվապահական հաշվառմանը, հարկային օրենսդրությանը, աուդիտորական գործունեությանը և տնտեսական իրավունքին վերաբերող 23 հարցեր (տեստեր), իսկ III բաժնում` հարկային օրենսդրության, ֆինանսական վերլուծության և (կամ) հաշվապահական հաշվառման վերաբերյալ ընդհանուր թվով 3 խնդիրներ` հանձնաժողովի սահմանած համամասնությամբ:

12. Հարցաթերթիկում ներառված հարցերի (այդ թվում` խնդիրների) ցանկը կազմվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով հաստատված ծրագրի հիման վրա և հաստատվում հանձնաժողովի որոշմամբ:

13. Հարցաթերթիկները կազմվում են յուրաքանչյուր քննությունից մեկ օր առաջ և պահվում Հանձնաժողովի քարտուղարի մոտ` փակ, Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով վավերացված ծրարում: Վերջինս բացվում է քննության ժամանակ` Հանձնաժողովի անդամների և դիմորդների ներկայությամբ: Յուրաքանչյուր քննության համար կազմվում են առանձին հարցաթերթիկներ:

Հարցաթերթիկները կազմվում են դրանցում ներառվող հարցերը չկրկնվելու սկզբունքով:

14. Հարցաթերթիկի հարցերին պատասխանելու համար դիմորդին տրվում է երեք ժամ: Նշված ժամանակը լրանալուն պես, դիմորդը պարտավոր է հարցաթերթիկը և իր գրած պատասխանները հանձնել Հանձնաժողովին:

Քննության ընթացքում դիմորդին չի թույլատրվում` օգտվել օրենքներից, այլ նորմատիվ իրավական ակտերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, ծածկաթերթիկներից, երկխոսության մեջ մտնել մյուս դիմորդների հետ: Նշված պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում դիմորդը հեռացվում է քննությունից: Հաջորդ անգամ քննությանը նա կարող է մասնակցել ընդհանուր հիմունքներով` քննությունից հեռացվելու օրվանից ոչ շուտ, քան վեց ամիս հետո:

Կողմնակի անձանց արգելվում է ներկա գտնվել քննությանը:

Որակավորման քննություններն անց են կացվում մեկ փուլով` գրավոր, որի ընդհանուր արդյունքները գնահատվում են 42 միավորի սահմաններում: Ընդ որում, տեսական հարցերի բաժնում ներառված 2 հարցերի պատասխանները գնահատվում են առավելագույնը` 10 միավոր (յուրաքանչյուրը` 0-5 միավորի սահմաններում), 23 տեստերինը` 23 միավոր (յուրաքանչյուրը` 0 կամ 1 միավոր), իսկ 3 խնդիրներինը` 9 միավոր (յուրաքանչյուրը` 0-3 միավոր):

(14-րդ կետը խմբ. 13.04.01 N 120)

15. Քննության պատասխաններն ամփոփվում են Հանձնաժողովի որոշմամբ հաստատված ձևով, որը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և բոլոր անդամները (ներկա գտնվող):

Քննության արդյունքում որակավորված են համարվում 21 միավոր (անցողիկ միավոր) հավաքած այն դիմորդները, որոնք ապահովում են նաև հարցաթերթիկի առանձին երեք բաժինների գծով սույն կարգի 14-րդ կետին համապատասխան սահմանված առավելագույն միավորների առնվազն 30 տոկոսը:

Հանձնաժողովը պարտավոր է վերանայել քննության արդյունքում անցողիկ միավորը մինչև 2 միավորով (ներառյալ) չբավարարող, ինչպես նաև անցողիկ միավորը բավարարող, սակայն հարցաթերթիկի առանձին երեք բաժիններից որևէ մեկի գծով սույն կետով սահմանված չափանիշը (30 տոկոսը) մինչև 2 միավորով (ներառյալ) չբավարարող աշխատանքները:

16. Հանձնաժողովը, դիմորդի հավաքած միավորների հանրագումարի հիման վրա, քննության օրը կամ առնվազն այդ օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում նրան հաշվապահի որակավորում շնորհելու վերաբերյալ, հաշվի առնելով սույն կարգի 15-րդ կետի պահանջները:

17. Հանձնաժողովի որոշման հիման վրա որակավորված դիմորդին տրվում է հաշվապահի որակավորման վկայական, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

Հաշվապահի որակավորման վկայականը լրացվում և տրվում է Հանձնաժողովի կողմից` քննությունը հանձնելու օրվանից 10-օրյա ժամկետում: Հաշվապահի կողմից չստացված որակավորման վկայականը Հանձնաժողովի կողմից պահպանվում է վեց ամիս ժամկետով, որից հետո այն ճանաչվում է անվավեր:

18. Հաշվապահի որակավորման վկայականը տրվում է հետևյալ ժամկետներով`

- մինչև 2001 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ քննություն հանձնելու դեպքում` մինչև 2004 թ. հունիսի 30-ը ներառյալ ժամկետով,

- 2001 թ. դեկտեմբերի 31-ից հետո քննություն հանձնելու դեպքում` երկու տարի վեց ամիս:

(18-րդ կետը խմբ. 14.02.01 N 47)

19. Դիմորդի կողմից Հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում, դիմորդին չի թույլատրվում մասնակցել քննությանը, իսկ եթե այդպիսի փաստերը հայտնաբերվում են որակավորման վկայականը տալուց հետո, ապա այն ուժը կորցրած է ճանաչվում:

20. Քննության արդյունքներով որակավորում չստացած, ինչպես նաև քննության հրավիրված, սակայն չներկայացած դիմորդը քննությանը կրկին կարող է մասնակցել ընդհանուր հիմունքներով` այն տարբերությամբ, որ նա կարող է դիմումին կից չներկայացնել սույն կարգի 7-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերը, եթե դրանց ներկայացման օրվանից չի անցել մեկ տարի:

21. Դիմորդի կողմից քննության արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին` քննության արդյունքները հայտնելու (հրապարակելու) օրվանից 15 օրվա ընթացքում, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը կամ` դատական կարգով:

22. Որակավորման վկայականը կորցնելու դեպքում, հաշվապահը պարտավոր է 10-օրյա ժամկետում այդ մասին գրավոր հայտնել Հանձնաժողովին: Կորցրած վկայականը Հանձնաժողովի որոշմամբ համարվում է անվավեր, իսկ դրա փոխարեն սահմանված կարգով տրվում է նոր վկայական` «Կրկնօրինակ» նշագրումով:

23. Հանձնաժողովը վարում է դիմումների և տրված որակավորման վկայականների գրանցամատյաններ: Դիմումների գրանցամատյանում լրացվում են դիմորդի անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները և նշում է կատարվում որակավորվելու կամ չորակավորվելու մասին: Տրված որակավորման վկայականների գրանցամատյանում լրացվում են հաշվապահի անունը, ազգանունը, դիմումի գրանցման համարը, Հանձնաժողովի համապատասխան որոշման ամսաթիվը և համարը, որակավորման վկայականի տրման ամսաթիվը և համարը:

24. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: Հանձնաժողովի տնտեսական ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերի հաշվին:

25. Հանձնաժողովը, իր նիստերի նախապատրաստումը և որոշումների կատարումը, դիմորդի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ:

26. Հանձնաժողովի որոշումները պահպանվում են երեք տարի:

(կարգը լրաց. 10.01.01 N 6,  խմբ. 14.02.01 N 47,  13.04.01 N 120)

 

Հավելված 2

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2000 թ. հունիսի 12-ի
N 110 հրամանով

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Սույն կանոնակարգը համակարգում է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) հիմնական խնդիրները, պարտականությունները, իրավունքները, անհատական կազմի ձևավորման հիմնադրույթները և աշխատակարգը:

 

I. Հանձնաժողովի հիմնական խնդիրները

 

1. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի (այսուհետև` որակավորման կարգ) պահանջներին համապատասխան դիմորդների որակավորման քննությունների (այսուհետև` քննություն) կազմակերպումը և անցկացումը,

բ) Հանձնաժողովի գործունեության և քննության կազմակերպման, միջազգային փորձի հիման վրա որակավորման կարգի և սույն կանոնակարգի կատարելագործման և հստակեցման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը:

 

II. Հանձնաժողովի պարտականությունները ԵՎ իրավունքները

 

2. Հանձնաժողովի պարտականությունները և իրավունքներն են`

ա) ղեկավարվել Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կանոնակարգով,

բ) քննարկել Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին դիմորդի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանության հարցը և ընդունել որոշում` նրան քննության հրավիրելու, նրա դիմումը մերժելու կամ լրացուցիչ տեղեկություններ պահանջելու անհրաժեշտության վերաբերյալ,

գ) սահմանված ձևի որակավորման վկայականի լրացնելը և քննությունը հանձնելու օրվանից 10-օրյա ժամկետում հաշվապահին հանձնելը,

դ) քննարկել նիստերին երեք անգամ անընդմեջ չմասնակցած Հանձնաժողովի անդամին Հանձնաժողովի կազմում թողնելու հարցը և համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին,

ե) վարել դիմումների և տրված որակավորման վկայականների գրանցամատյաններ,

զ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել տարեկան հաշվետվություն` Հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին,

է) ձեռնարկել միջոցներ որակավորման կարգի 12-րդ կետի համաձայն քննությունից մեկ օր առաջ կազմված հարցաթերթիկների գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ,

ը) մերժել դիմումը, եթե դիմորդի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության որևէ օրենքի, այլ նորմատիվ իրավական ակտի, նույն թվում` որակավորման կարգի պահանջներին,

թ) դիմորդին համարել չորակավորված, եթե նա քննության արդյունքում չի հավաքել որակավորման կարգով սահմանված համապատասխան միավորը,

ժ) որակավորման կարգով սահմանված դեպքերում ընդունել համապատասխան որոշում` դիմորդին չներկայացած համարելու կամ քննությունից հեռացնելու, ինչպես նաև` որակավորման վկայականը ուժը կորցրած ճանաչելու մասին,

ի) հաշվապահի կողմից չստացված որակավորման վկայականի պահպանման վեցամսյա ժամկետը լրանալուց հետո այն ճանաչել անվավեր,

լ) քննարկել և ներկայացնել առաջարկություններ` Հանձնաժողովի անհատական կազմում փոփոխություններ կատարելու մասին,

խ) իրականացնել որակավորման կարգով նախատեսված այլ պարտականություններ և իրավունքներ:

3. Հանձնաժողովի պարտականությունների բաշխումը անդամների միջև կատարվում է Հանձնաժողովի որոշմամբ:

 

III. Հանձնաժողովի կազմը ԵՎ աշխատակարգը

 

4. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հրամանով:

5. Հանձնաժողովը կազմվում է 13 անդամից, որից 6-ը` ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, 6-ը` «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և 1-ը` Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը` վերջիններիս ներկայացմամբ:

6. Ի պաշտոնե հանձնաժողովի նախագահ է նշանակվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համապատասխան տեղակալը:

7. Հանձնաժողովի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երկրորդը: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա կողմից լիազորված Հանձնաժողովի անդամը:

8. Հանձնաժողովում որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում, վճռորոշ է հանդիսանում նախագահի ձայնը:

9. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներն արձանագրվում են սահմանված ընդհանուր կարգով:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
27 հուլիսի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 11800067

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.02.2008, N 146-Ն 11.04.2008, N 110
13.04.2001, N 120 24.06.2001, N 110
10.01.2001, N 6 12.04.2001, N 110
14.02.2001, N 47 12.04.2001, N 110
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան