Գլխավոր տեղեկություն
Номер
N 40-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.04.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.04.02/10(250) Հոդ.166
Принят
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата принятия
22.02.2007
Подписан
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата подписания
22.02.2007
Дата вступления в силу
12.04.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11507129

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

22 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 40-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Ստեղծել սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզավորման հանձնաժողով, հետևյալ կազմով`

 

Ֆ. Բերիկյան Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Վ. Բաղդասարյան նախարարության աշխատակազմի վերահսկողության և սոցիալական մոնիտորինգի վարչության պետ
Է. Գևորգյան նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ
Հ. Գորոյան նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Լ. Ղազարյան նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ
Ջ. Բաղդասարյան նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ
Է. Իսրայելյան նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար` մանկատների կազմակերպման, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպման լիցենզավորման հարցերով)
Ա. Հակոբյան նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության տարեցների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար` ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման լիցենզավորման հարցերով):

 

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Վարդանյան

Հավելված
 ՀՀ աշխատանքի և սոցիալական
 հարցերի նախարարի
 2007 թ. փետրվարի 22-ի
 N 40-Ն հրամանի

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում և հանձնաժողովի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի խնդիրն է ապահովել Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզավորման գործընթացը:

4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդրին համապատասխան` իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) տալիս է եզրակացություն սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզիա տրամադրելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին,

բ) քննարկում է սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզավորման հայտերը, ուսումնասիրում է լիցենզիա ստանալու համար հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը,

գ) սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզիայի տրամադրումը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ կայացնում է համապատասխան որոշում, որը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին,

դ) ներկայացնում է առաջարկություններ սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզավորման օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովը կազմված է 7 անդամից:

6. Հանձնաժողովի իրավասության հարցերը քննարկվում են նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի:

9. Հայտատուն քննարկման վայրի, ամսաթվի ու ժամի մասին պատշաճ ձևով տեղեկացվում է քննարկման օրվանից առնվազն յոթ օր առաջ: Հանձնաժողովն իր հերթական նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հայտի մասին տեղեկատվությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միջոցով նիստի օրվանից առնվազն յոթ օր առաջ:

10. Հանձնաժողովի նիստը նախագահողը նիստի ժամանակ հայտարարում է, թե ինչ հարց է քննարկվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը: Հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:

11. Հարցի քննարկմանը հայտատուի չմասնակցելը հիմք չէ հայտը չքննարկելու կամ հայտը մերժելու համար, եթե հայտատուն չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հայտատուի սույն կետով նախատեսված խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով կամ քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:

12. Հայտատուն կարող է քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հայտատուն կամ նրա շահերի պաշտպանները կարող են ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:

13. Հանձնաժողովի նիստերում հարցերը քննարկվում են դռնբաց:

Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնց քննարկման ժամանակ բացահայտվելու են պետական, ծառայողական, բանկային կամ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ և պաշտոնատար այլ անձինք:

14. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո, առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում գտնվում են հանձնաժողովի անդամները:

15. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որում նշվում է`

ա) հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և տեղը,

բ) հանձնաժողովի կազմը,

գ) քննարկվող հարցի բովանդակությունը,

դ) քննարկմանը մասնակցող անձանց մասին տեղեկությունները,

ե) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները,

զ) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները,

է) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը,

ը) ընդունված որոշման կամ եզրակացության հրապարակման մասին տեղեկությունները:

Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:

16. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հայտատուին:

17. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք,

բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները,

գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերը,

դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

18. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը,

բ) տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի հերթական նիստի անցկացման վայրի, ժամանակի և քննարկվող հարցի մասին` նիստի օրվանից առնվազն յոթ օր առաջ,

գ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,

դ) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի կազմման և կատարման վերաբերյալ,

ե) հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ,

զ) կազմում է հանձնաժողովի որոշումների նախագծերը, եզրակացությունները և կազմակերպում հանձնաժողովի որոշումների սահմանված ձևով հանձնումը կամ ուղարկումը հայտատուին:

19. Հանձնաժողովի անդամները`

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին,

բ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

20. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան