Գլխավոր տեղեկություն
Номер
N 157-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.03.2007-12.05.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2004.10.15/23(171) Հոդ.314
Принят
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Дата принятия
22.09.2004
Подписан
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Дата подписания
22.09.2004
Дата вступления в силу
25.10.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.05.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 հոկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 32004258

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

22 սեպտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 157-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N890-Ն որոշման 2-րդ կետով

 

Հրամայում եմ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության գործավարության կարգը` համաձայն հավելվածի (կցվում է):

 

Գլխավոր վարչության պետ`

Ա. Մովսեսյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2004 թվականի սեպտեմբերի 22-ի
N 157-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (Գլխավոր վարչություն) գործավարության կարգը:

2. Գլխավոր վարչության գործավարության կազմակերպումն իրականացնում է Գլխավոր վարչության աշխատակազմը: Գլխավոր վարչության գործավարությունն իրականացվում է Գլխավոր վարչության աշխատակազմի Ընդհանուր բաժնի (այսուհետ` Ընդհանուր բաժին) միջոցով:

(2-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

3. Գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումներում (այսուհետ` Կառուցվածքային ստորաբաժանում) գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:

4. Գաղտնի գործավարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

 

II. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ

 

5. Գլխավոր վարչությունում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է Ընդհանուր բաժնում` գրանցամատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են փաստաթղթի ստացման օրը, ամիսը, տարեթիվը, փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:

Գրանցված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը, տարեթիվն ու ամսաթիվը:

Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է Ընդհանուր բաժնի դասակարգիչներով թղթակցությանը շնորհված պայմանանիշից և նրա հերթական համարից:

(5-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

6. Ընդհանուր բաժնում բացվում են բոլոր ստացված ծրարները (նաև` էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից):

«Անձամբ» մակագրությամբ ծրարները (կամ ֆայլերը) չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:

(6-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

7. Ընդհանուր բաժնի աշխատողները ծրարը բացելիս պարտավոր են ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, համեմատել փաստաթղթերի համարները ծրարի վրա նշվածների հետ:

Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` երեք օրինակից, որոնցից մեկը մնում է Ընդհանուր բաժնում, երկրորդը` կցվում է փաստաթղթերին, իսկ երրորդն` ուղարկվում է ծրարն ուղարկողին:

Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև` էլեկտրոնային), որոնցով դրանք ստացվել են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:

(7-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

8. Ծրարները (նաև` էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:

9. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համակարգչային ցանցով (այսուհետ` համակարգչային ցանց), պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակն, անհրաժեշտության դեպքում, վերծանվում է և տեղական լոկալ համակարգչային ցանցով ուղարկվում հասցեատիրոջը:

10. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը: Բայց այդ դեպքում փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:

11. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում, պետք է վերծանվի հրահանգի համաձայն և հետո հանձնվի հասցեատիրոջը:

12. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են թղթի կրիչի վրա, էլեկտրոնային ձևի ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման` հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:

13. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից ստացված նյութերը և «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու հանձնվում են զեկուցման:

Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում կամ հաղորդվում լոկալ ցանցով աշխատանքային մեկ օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան:

14. Գլխավոր վարչության պետին (նրա տեղակալներին) ուղղված փաստաթղթերը գրանցումից հետո ուղարկվում են Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարին: Վերջինս Գլխավոր վարչության պետի (նրա տեղակալների) նշագրումից հետո փաստաթղթերը ուղարկում է Ընդհանուր բաժին` համապատասխան Կառուցվածքային ստորաբաժանումներին կամ կազմակերպություններին առաքելու համար: Փաստաթղթերը համապատասխան Կառուցվածքային ստորաբաժանումներին կամ ընկերություններին է տրամադրվում Ընդհանուր բաժնի մտից մատյանում (կամ դրա համար առանձնացված մատյանում) Կառուցվածքային ստորաբաժանման կամ ընկերության գործավարության համար պատասխանատու անձի ստորագրելուց հետո:

(14-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

15. Այն աշխատողները, ովքեր Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից առանձնացվում են ստորաբաժանումներում գործավարության վարման համար պարտավոր են.

ա) յուրաքանչյուր օր, սահմանված ժամին, Ընդհանուր բաժնից ստանալ համապատասխան թղթակցությունը,

բ) ստուգել նշված փաստաթղթերի ճիշտ հասցեագրումը,

գ) ստորաբաժանման մուտքի մատյանում գրանցել փաստաթղթերը,

դ) ժամանակին ստորաբաժանման ղեկավարին փոխանցել թղթակցությունը և նրա մակագրությունից հետո այն հանձնել անմիջական կատարողին,

ե) հետևել, որպեսզի աշխատակիցները ժամանակին վերադարձնեն կատարված փաստաթղթերը` դրանք ընթացիկ գործերում պահելու համար,

զ) հետևել, որպեսզի Ընդհանուր բաժնում արվի համապատասխան նշում փաստաթղթի կատարման մասին:

(15-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

16. Ընդհանուր բաժինը գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից` Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է Գլխավոր վարչության պետի (նրա տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի) «Գործին» մակագրությունը:

(16-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

17. Գլխավոր վարչության (Գլխավոր վարչության աշխատակազմի) աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանման համար և պարտավոր են խնամքով վերաբերվել դրանց: Չի թույլատրվում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում կատարել: Աշխատողներին արգելվում է փաստաթղթերը տուն տանել:

18. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով աշխատանքից բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:

19. Գլխավոր վարչությունում փաստաթղթերի քննարկման (ընթացք տալու) համար սահմանվում են հետևյալ ժամկետները.

ա) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների կողմից ներկայացված.

 լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր` մինչև 5 օր (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն),

 լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր` մինչև 10 օր (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն),

բ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների կողմից ներկայացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի համար` մինչև 5 օր (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն),

գ) Քաղաքացիներից ստացված նամակների (առաջարկություններ, դիմումներ և բողոքներ) համար.

 լրացուցիչ ուսումնասիրություններ և ստուգումներ չպահանջող հարցեր` մինչև 15 օր,

 լրացուցիչ ուսումնասիրություններ և ստուգումներ պահանջող հարցեր` մինչև 30 օր:

Քաղաքացին նախօրոք` նամակը Ընդհանուր բաժնում մուտքագրվելուց ոչ ուշ, քան 15 օր հետո, տեղեկացվում է նամակով բարձրացված հարցերի կապակցությամբ լրացուցիչ ուսումնասիրություններ և ստուգումներ անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

(19-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

20. Սույն կարգի 19-րդ կետում նշված գրությունների (նամակների) պատասխանը տրվում է գրավոր: Այդ նպատակով պատասխանը նախապատրաստվում է 2 օրինակից: Առաջին օրինակը` ձևաթղթի վրա տպագրված, Գլխավոր վարչության պետի (կամ վարչության պետի տեղակալի) ստորագրությամբ ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը` գրությունը պատրաստող Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի և մակագրությունում նշված բոլոր կատարողների նշագրումով, կցվում է գործին:

 

III. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

21. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն ուսումնասիրում է փաստաթղթերը, դրանց ստացման օրը և պատասխանատու է հանձնարարականների ժամանակին և որակով կատարման համար:

Փաստաթղթի ուսումնասիրման ընթացքը երևում է մակագրություններից: Մակագրությունները սահմանում են հանձնարարության բնույթը, կատարողի ազգանունը (կատարողների ազգանունները) և կատարման ժամկետը:

22. Առաջադրանքի ժամանակին և ճիշտ կատարման համար պատասխանատու է մակագրությունում առաջին նշված կատարողը, եթե պատասխանատու կատարողի համար հատուկ նշում չկա: Գլխավոր վարչության պետի (կամ վարչության պետի տեղակալի) ստորագրմանը ներկայացվող փաստաթղթի երկրորդ օրինակը (պատճենը) պարտադիր պետք է պարունակի մակագրությունում նշված բոլոր կատարողների նշագրումը:

23. Ծառայողական փաստաթղթերի բովանդակությունը ենթակա չէ հրապարակման` բացառությամբ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերի:

 

IV. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ

 

24. Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները ստացման օրը գրանցվում են Ընդհանուր բաժնում:

(24-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

25. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում առաջին ազգանունը:

26. Անանուն գրությունները (նամակները) գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով: Առաջարկությունը, դիմումը և բողոքը չի քննարկվում այն դեպքում, երբ պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են:

27. Բողոքների, առաջարկությունների, դիմումների ու գանգատների ստացման կրկնակիությունը ստուգվում է ըստ դիմողների ազգանունների և դրանց տրվում է հերթական գրանցման պայմանանիշեր: Կրկնակի առաջարկությունների, դիմումների, գանգատների առաջին էջի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնակի» նշում և հավաքվում է նախորդ ամբողջ գրագրությունը:

Կրկնակի են համարվում միևնույն անձից միևնույն հարցով ստացված առաջարկությունները, դիմումները և գանգատները, եթե առաջին առաջարկության, դիմումի կամ գանգատի ստացման օրվանից անցել է դրանց քննարկման օրենսդրությամբ կամ սույն կարգով սահմանված ժամկետը կամ դիմողը բավարարված չէ իրեն տրված պատասխանով:

28. Արգելվում է քաղաքացիների բողոքները լուծման ուղարկել այն պաշտոնատար անձանց, որոնց գործողությունները բողոքարկվում են:

29. Քաղաքացիների նամակները (առաջարկություններ, դիմումներ և բողոքներ) քննարկվում և պատասխանվում են սույն կարգի 19-րդ կետի «գ» ենթակետում սահմանված ժամկետներում:

30. Պատասխանված նամակների փաթեթները կարվում են դիմումների և բողոքների համար առանձնացված թղթապանակում:

 

V. ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

31. Գլխավոր վարչությունում շրջանառվող փաստաթղթերից ենթակա են վերահսկման.

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները,

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքներն ու որոշումները,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները և հանձնարարականները,

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները և հանձնարարականները,

ե) Գլխավոր վարչության պետի հրամանները,

զ) Գլխավոր վարչության պետի և նրա տեղակալների հանձնարարությունները և առաջադրանքները,

է) Ելից և մտից թղթակցությունը:

32. Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարը պարբերաբար իրականացնում է քննարկման ընթացքում գտնվող փաստաթղթերի ժամկետների կատարման ստուգում և ամփոփելով դրանց կատարման ընթացքի արդյունքները` զեկուցում Գլխավոր վարչության պետին:

33. Կատարման ժամկետները կարող են երկարաձգվել Գլխավոր վարչության պետի կողմից, գրավոր և/կամ բանավոր թույլտվությամբ:

34. Փաստաթուղթը համարվում է կատարված այն դեպքում, երբ դրա վերաբերյալ պատասխանի (կամ տեղեկանքի) պատճենը նշագրվում է փաստաթուղթը պատրաստող Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի և մակագրությունում նշված բոլոր կատարողների կողմից, և ներկայացվում է Ընդհանուր բաժին` հսկողությունից հանելու համար:

(34-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

35. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին ու Երևանի քաղաքապետին առաքվող փաստաթղթերն ուղարկվում են Գլխավոր վարչության պետի (կամ վերջինիս փոխարինող տեղակալի) ստորագրությամբ: Մնացած փաստաթղթերը կարող են առաքվել Գլխավոր վարչության պետի տեղակալների կամ Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ:

 

VI. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՔՈՒՄԸ

 

36. Գլխավոր վարչության ելից թղթակցության ձևակերպումն ու առաքումը կատարում է Ընդհանուր բաժինը:

(36-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

37. Կատարողները, ինչպես նաև փաստաթղթերը նշագրող պաշտոնատար անձիք պատասխանատու են այդ փաստաթղթերի բովանդակության, որակի, դրանց ճիշտ ձևակերպման համար:

38. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Վարչապետի որոշումների նախագծերը (այսուհետ` Նախագիծ) մշակվում են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի N ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգով:

Սույն կետում նշված Նախագծերի մշակման ընթացքում, դրանք պարտադիր համաձայնեցման են ներկայացվում Գլխավոր վարչության պետի տեղակալներին և Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին (այդ թվում նաև բաժինների պետերին)` շրջաբերականով:

Գլխավոր վարչության պետի տեղակալներին և Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին (այդ թվում նաև բաժինների պետերին) շրջաբերականով համաձայնեցման են ներկայացվում նաև Գլխավոր վարչության պետի հրամաններով հաստատվող գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը փորձաքննության և պետական գրանցման են ներկայացվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով:

39. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող Նախագծերի փաթեթը ներառում է.

ա) առաջարկվող Նախագիծը (մշակված` համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը (կազմված` առաջարկվող Նախագիծը մշակած համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից),

գ) ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտության, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը (կազմված` ֆինանսիստի կողմից),

դ) տվյալ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք (կազմված` առաջարկվող Նախագիծը մշակած համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի և իրավաբանի կողմից),

ե) այն իրավական ակտերի ցանկը, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով` մշակվել է Նախագիծը (կազմված` առաջարկվող Նախագիծը մշակած համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից),

զ) օրենքի նախագծի ներկայացման դեպքում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի այն որոշումների ցանկը, որոնցով ընդունվելիք օրենքի կարգավորման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրվել է օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու լիազորություն կամ տեղեկանք դրանց բացակայության մասին (կազմված` իրավաբանի կողմից),

է) Նախագծի հեղինակների (մշակողների) անունները կամ դրա նախապատրաստման աշխատանքներին մասնակցած մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ցանկը, ում հետ նախագիծը համաձայնեցված է (կազմված` առաջարկվող Նախագիծը մշակած համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից),

ը) իրավաբանական ստորաբաժանման (իրավաբանի) իրավական-փորձագիտական եզրակացությունը,

թ) Նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և շահագրգիռ նախարարների առարկությունները և առաջարկությունները: Եթե Նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը և շահագրգիռ նախարարները առարկություններ և առաջարկություններ ունեն, ապա ներկայացվող Նախագծին կցվում է նաև ընդունված առարկությունների և առաջարկությունների, ինչպես նաև առկա տարաձայնությունների վերաբերյալ (չընդունման պատճառների հիմնավորմամբ) տեղեկանք (կազմված` առաջարկվող Նախագիծը մշակած համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից),

Սույն կետում նշված Նախագծի փաթեթը գրությամբ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն: Այդ նպատակով գրությունը նախապատրաստվում է 2 օրինակից: Առաջին օրինակը Գլխավոր վարչության պետի (կամ վերջինիս փոխարինող տեղակալի) ստորագրությամբ ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, երկրորդ օրինակը` գրությունը պատրաստող և Նախագիծը մշակող Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի նշագրումով, կցվում է գործին:

40. Այն դեպքում, երբ գրությունը ուղարկվում է որպես Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի կամ այլ կազմակերպության գրության պատասխան, գրությունում պարտադիր նշվում է սկզբնական գրության ամսաթիվը և համարը:

41. Հեռագրային, հեռախոսագրային գրագրությունը արվում է միայն բնույթով շտապ հարցերի վերաբերյալ: Ընդհանուր բաժնի աշխատողը հեռագիրը մինչև ղեկավարության ստորագրության տալը, երեսի կողմից ձախից ներքևի անկյունում դնում է իր նշագիրը:

(41-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

42. Փաստաթղթի (այդ թվում նաև հեռագրի) ելից համարը կազմվում է Ընդհանուր բաժնի պայմանանշանից և համարից:

(42-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

43. Ելից թղթակցությունը բաց վիճակում հանձնվում է Ընդհանուր բաժին` առաքման, նշելով հասցեները:

Ծրարված թղթակցությունը գրանցվում է ցուցակում և առաքվում հասցեատերերին: Առաքվող թղթակցության ցանկերը սահմանված կարգով պահվում են Ընդհանուր բաժնում:

(43-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

44. Առաքվող թղթակցության ցուցակները պահվում են Ընդհանուր բաժնում` սահմանված կարգով:

(44-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

45. Կառուցվածքային ստորաբաժանումների այն աշխատակիցները, որոնք զբաղվում են գործավարությամբ, փոստի առաքման ժամանակ պարտավոր են ղեկավարվել հետևյալ սկզբունքով`

ա) առաքվող փաստաթղթերը պետք է ունենան պատճեններ, այդ թվում նաև ուղեկցող գրության պատճեն` համապատասխան Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի և մակագրությունում նշված բոլոր կատարողների նշագրմամբ,

բ) ուղարկվող փաստաթղթերի պատճեններում թույլ չի տրվում շտկումներ կամ ուղղումներ կատարել: Ուղղումներ կատարվում են միայն ուղարկվող փաստաթուղթը ստորագրող պաշտոնատար անձի թույլտվությամբ,

գ) առաքման համար նախատեսվող թղթակցությունը Ընդհանուր բաժին հանձնել ժամը 16-ից ոչ ուշ (բացառությամբ շտապ թղթակցության):

(45-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

 

VII. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

46. Գլխավոր վարչության պետի (կամ վերջինիս փոխարինող տեղակալի) ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերի պատճենները (ուղեկցող գրությունների պատճենները) փաստաթուղթը պատրաստող Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի և մակագրությունում նշված բոլոր կատարողների նշագրումից բացի ենթակա են պարտադիր նշագրման.

ա) Փաստաթղթում նշված հարցի ոլորտը համակարգող տեղակալի կողմից.

բ) Գլխավոր վարչության ֆինանսական հարցերով զբաղվող աշխատակցի կողմից` եթե փաստաթղթերում առկա են ֆինանսական հարցեր:

47. Գլխավոր վարչության պետի (կամ վերջինիս փոխարինող տեղակալի) ստորագրմանը ներկայացվող հրամանները պարտադիր նշագրվում են.

ա) Գլխավոր վարչության պետի տեղակալների կողմից,

բ) Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարի կողմից,

գ) Գլխավոր վարչության իրավաբանական հարցերով զբաղվող աշխատակցի կողմից,

դ) հրամանը պատրաստող Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից,

ե) Գլխավոր վարչության ֆինանսական հարցերով զբաղվող աշխատակցի կողմից` եթե փաստաթղթերում առկա են ֆինանսական հարցեր,

զ) Գլխավոր վարչության այլ Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից` եթե հրամանով կանոնակարգվող հարցերն ուղղակի առնչվում են վերջիններիս ստորաբաժանումների գործառույթներին:

48. Գլխավոր վարչության պետի (կամ վերջինիս փոխարինող տեղակալի) ստորագրմանը ներկայացվող հրամանների նախագծերի դարձերեսին նաև նշվում են հրամանի առաքման հասցեատերերը:

49. Փաստաթուղթը պատրաստած Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է ապահովել սույն կարգով նախատեսված անձանց կողմից փաստաթղթի նշագրումը, որից հետո այն վերջնական տեսքով` ձևաթղթի վրա տպագրված, ներկայացնել Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարին` Գլխավոր վարչության պետի (կամ վերջինիս փոխարինող տեղակալի) ստորագրմանը ներկայացնելու համար:

50. Գլխավոր վարչության պետի (կամ վերջինիս փոխարինող տեղակալի) ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերը պետք է նախօրոք խմբագրվեն և վերջնական տեսքով ներկայացվեն Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարին:

Ստորագրման ներկայացվող փաստաթղթերը տպագրվում են Times Armenian համակարգչային տառատեսակով` 12 տառաչափով:

Փաստաթուղթը կատարողի անունը և ազգանունը, ինչպես նաև վերջինիս հեռախոսահամարը, դրվում է տպագրված նյութի վերջին էջի ձախից ներքևի անկյունում:

51. Գլխավոր վարչության պետի և աշխատակազմի ղեկավարի ընդունած իրավական ակտերը գրանցվում են անձնակազմի կառավարման բաժնում՝ Գլխավոր վարչության պետի և աշխատակազմի ղեկավարի իրավական ակտերի համար առանձնացված գրանցամատյաններում, դրանց տալով հերթական համարներ, նշելով ընդունման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը: Յուրաքանչյուր տարվա համար իրավական ակտերի համարակալումներն սկսվում են հունվար ամսին տրված առաջին իրավական ակտից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբեր ամսվա վերջին իրավական ակտով: Նշված իրավական ակտերի առաջին օրինակները պահվում են դրանց համար առանձնացված թղթապանակներում՝ անձնակազմի կառավարման բաժնում, որոնց համար պատասխանատու է անձնակազմի կառավարման բաժնի պետը:

Ընդհանուր բաժնում պահվում են այն իրավական ակտերի պատճենները, որոնցում կատարման հսկողությունը վերապահված է Գլխավոր վարչության պետին: Ընդհանուր բաժնի պետն, ըստ իրավական ակտում սահմանված ժամանակացույցի, կատարման ընթացքի վերաբերյալ զեկուցում է Գլխավոր վարչության պետին:

Իրավական ակտերում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում՝ Գլխավոր վարչության պետի կամ աշխատակազմի ղեկավարի գրավոր ցուցումով, և առաքվում՝ ըստ սկզբնական հասցեատերերի:

(51-րդ կետը փոփ., խմբ.  01.02.07 N 15-Ն)

52. Ընդհանուր բաժնում Գլխավոր վարչության պետի մոտ անցկացված խորհրդակցությունների արձանագրություններին տրվում են հերթական համարներ, նշելով խորհրդակցության անցկացման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը: Արձանագրությունների առաքումն իրականացվում է համաձայն դրանցով տրված հանձնարարականների: Արձանագրությունների բնօրինակները պահվում են Ընդհանուր բաժնում և հաջորդ տարվա սկզբին հանձնվում Գլխավոր վարչության աշխատակազմի արխիվ:

(52-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

 

VIII. ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

53. Գլխավոր վարչությունում ստացված Հայաստանի Հանրապետության օրենքները և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և համաձայնագրերը, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության և Վարչապետի որոշումները, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը (այսուհետ` Նորմատիվ իրավական ակտ) գրանցվում են Ընդհանուր բաժնում` դրանց համար առանձնացված գրանցամատյանում, որտեղ արտացոլվում են Նորմատիվ իրավական ակտի անվանումը, առաքման հասցեատերերը` հաշվի առնելով սույն կարգի համաձայն Գլխավոր վարչության պետի կողմից կատարված մակագրությունը և հասցեատիրոջ գործառույթների առնչությունն ստացված Նորմատիվ իրավական ակտի կարգավորման առարկային և նպատակներին:

Սույն կետը չի վերաբերում «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունից ստացված տեղեկագրերին:

(53-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

54. Ընդհանուր բաժնում, Նորմատիվ իրավական ակտերի համար առանձնացվում է թղթապանակ, որտեղ պահվում են ստացված Նորմատիվ իրավական ակտի (ակտերի) առաջին օրինակը (օրինակները): Ստացված Նորմատիվ իրավական ակտի առաջին օրինակի պահպանման համար պատասխանատու է Քարտուղարության պետը:

(54-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

55. Ստացված Նորմատիվ իրավական ակտերի մեկական օրինակ պարտադիր տրվում են իրավաբանական ստորաբաժանմանը (իրավաբանին) և գրադարանին:

56. «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունից ստացված տեղեկագրերը գրանցվում են Ընդհանուր բաժնում` դրանց համար առանձնացված գրանցամատյանում, որտեղ արտացոլվում են տեղեկագրի համարը, հրապարակման օրը, ամիսը և տարեթիվը:

(56-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

57. Ստացված տեղեկագրի 1-ին օրինակը տրվում է իրավաբանական ստորաբաժանմանը (իրավաբանին): Տեղեկագրի 2-րդ և 3-րդ օրինակները համապատասխանաբար պահպանվում են Գլխավոր վարչության գրադարանում և Գլխավոր վարչության հաշվապահական հաշվառման ստորաբաժանումում:

58. Գլխավոր վարչությունում ստացված Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի Կազմակերպության (ICAO), Քաղաքացիական ավիացիայի Եվրոպական կոնֆերանսի (ECAC) և Միջպետական Ավիացիոն Կոմիտեի փաստաթղթերը (շրջաբերականները, ուղեցույցները, հայտարարությունները, արձանագրությունները, խորհրդակցությունների նյութերը և այլն), Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի հավելվածները, դրանց փոփոխությունները, լրացումները, միջազգային այլ ավիացիոն կազմակերպությունների փաստաթղթերը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառին վերաբերող միջազգային կոնվենցիաների և կոնֆերանսների նյութերը և այլ փաստաթղթերը (այսուհետ` Գրականություն) գրանցվում են Ընդհանուր բաժնում` դրանց համար առանձնացված գրանցամատյանում, որտեղ արտացոլվում են Գրականության քանակը, համարը, հրապարակման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը:

(58-րդ կետը փոփ. 01.02.07 N 15-Ն)

59. Ստացված Գրականության ցանկը` շրջաբերականով, պարտադիր ներկայացվում է Կառուցվածքային ստորաբաժանումներին` ծանոթացման:

60. Ստացված Գրականության մեկ օրինակը (առաջին օրինակը) պարտադիր հանձնվում է համապատասխան Կառուցվածքային ստորաբաժանմանը (կամ միջազգային կապերով զբաղվող համապատասխան աշխատողին)` հաշվի առնելով Կառուցվածքային ստորաբաժանման (ինչպես նաև միջազգային կապերով զբաղվող համապատասխան աշխատողի) գործառույթների առնչությունն ստացված Գրականության կարգավորման առարկային և նպատակներին, իսկ մյուս օրինակը (օրինակները) հանձնվում է (են) գրադարան: Եթե ստացվել է Գրականության մեկ օրինակ, ապա այդ օրինակը պարտադիր պատճենահանվում և պատճենը հանձնվում է գրադարան:

61. Ստացված Գրականության պահպանման համար պատասխանատու է.

ա) համապատասխան Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը` վերջինիս Կառուցվածքային ստորաբաժանմանը հանձնված Գրականության մեկ օրինակի (առաջին օրինակի) համար,

բ) միջազգային կապերով զբաղվող աշխատակիցը` վերջինիս հանձնված Գրականության մեկ օրինակի (առաջին օրինակի) համար,

գ) գրադարանավարը` գրադարան հանձնված Գրականության մյուս օրինակի (օրինակների, ինչպես նաև պատճենի (պատճենների)) համար:

62. Սույն բաժնի համաձայն պահպանության հանձնված նյութերից կարող են օգտվել Քաղաքացիական ավիացիայի համակարգի բոլոր աշխատակիցները:

Պահպանության հանձնված նյութերը գրադարանից (կամ Կառուցվածքային ստորաբաժանումից, կամ միջազգային կապերով զբաղվող աշխատակցի աշխատասենյակից) դուրս չեն տրվում:

Պահպանության հանձնված նյութերից օգտվում են տեղում` գրադարանում (կամ Կառուցվածքային ստորաբաժանումում, կամ միջազգային կապերով զբաղվող աշխատակցի աշխատասենյակում):

 

IX. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

63. Փաստաթղթերը Գլխավոր վարչության աշխատակազմի արխիվ են հանձնվում դրանց` գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում, բացառությամբ հինգ տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի, որոնք, պահպանության ժամկետը լրանալուց հետո, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փաստաթղթերի մշակումից հետո «Արխիվ» շտեմարանում ցանցային կենտրոնական համակարգում գրանցվում են նաև ֆայլերը:

(63-րդ կետը խմբ. 01.02.07 N 15-Ն)

64. Գլխավոր վարչության աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

(64-րդ կետը խմբ. 01.02.07 N 15-Ն)

65. Գլխավոր վարչության աշխատակազմի արխիվի կամ «Արխիվ» շտեմարանի փաստաթղթերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականությունը համարվող փաստաթղթերի օգտագործման կարգի պահանջներին համապատասխան:

(65-րդ կետը խմբ. 01.02.07 N 15-Ն)

66. Գլխավոր վարչության աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում` ըստ ցուցակների (հինգ օրինակ) և գործերի նիշերի:

(66-րդ կետը խմբ. 01.02.07 N 15-Ն)

67. Գլխավոր վարչության աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվագետը) Գլխավոր վարչության աշխատակազմի Կառուցվածքային ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:

Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են Գլխավոր վարչության աշխատակազմի արխիվում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերն Գլխավոր վարչության աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ:

(67-րդ կետը խմբ. 01.02.07 N 15-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 01.02.07 N 15-Ն)