«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12106432
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ
7 դեկտեմբերի 2006 թ. |
N 23-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման 2-րդ կետով` հրամայում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության գործավարության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Գ. Մկրտչյանին` 5-օրյա ժամկետում նախարարության գործավարության կարգը՝ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական գրանցմանը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալությանը՝ գործակալություններում գործավարությունն իրականացնել սույն հրամանով հաստատված գործավարության կարգի դրույթներին համապատասխան:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Իսախանյանին:
Հ. Աբրահամյան |
|
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության գործավարության կարգը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության գործավարության կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմը (այսուհետ՝ Աշխատակազմ):
3. ՀՀ տարածքային կառավարման նախարարության գործավարությունն իրականացնում է Աշխատակազմի քարտուղարության (այսուհետ՝ Քարտուղարություն) ընդհանուր բաժինը (այսուհետ՝ Բաժին):
4. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:
5. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 626 որոշմամբ հաստատված հրահանգի (այսուհետ՝ Հրահանգ) պահանջներին համապատասխան:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
6. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է Աշխատակազմի Քարտուղարության Բաժնում մատյանների օգնությամբ կամ ապարատածրագրային միջոցներով, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:
Գրանցված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:
Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է Բաժնի դասակարգիչներով (հաստատում է Քարտուղարության պետը) թղթակցին տրված պայմանանիշից և նրա հերթական համարից:
7. Ստացված բոլոր ծրարները Բաժնում բացվում են (նաև էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից):
«Անձամբ» մակագրությամբ ծրարները (կամ ֆայլերը) չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում կամ Աշխատակազմի համակարգչային ցանցով (այսուհետ՝ Համակարգչային ցանց) հաղորդվում են հասցեատիրոջը:
8. Բաժնի աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ:
Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ՝ երեք օրինակից, որոնցից մեկը մնում է Բաժնում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը:
Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ Համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության՝ փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև էլեկտրոնային հասցեները), որոնցով դրանք ստացվել են՝ անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:
9. Ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:
10. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են Համակարգչային ցանցով, պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում և Համակարգչային ցանցով ուղարկվում է հասցեատիրոջը:
11. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը: Բայց այդ դեպքում փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:
12. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի Հրահանգի համաձայն և հետո հանձնվի հասցեատիրոջը:
13. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են թղթի կրիչի վրա, ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման էլեկտրոնային ձևի՝ հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:
14. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բնույթի փաստաթղթերի կամ դրանց ֆայլերի վրա, եթե դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը չի բխում որևէ հանձնարարականի կատարման պահանջներից, դրվում է դրոշմակնիք՝ նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք Աշխատակազմի ղեկավարի ցուցումով ստորագրությամբ հանձնվում կամ Համակարգչային ցանցի միջոցով հաղորդվում են Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին:
15. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացված նյութերն ու «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու հանձնվում են զեկուցման:
Մյուս թղթակցությունը հասցեատերերին տրվում կամ ուղարկվում է Համակարգչային ցանցով աշխատանքային մեկ օրվա ընթացքում՝ սույն կարգին համապատասխան:
16. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը, նախարարին, Աշխատակազմի ղեկավարին, նախարարի տեղակալներին հասցեագրված ու մուտքագրված գրությունները, նամակները և մյուս փաստաթղթերը գրանցումից հետո ուղարկվում են Աշխատակազմի ղեկավարին:
17. Փաստաթղթերը Աշխատակազմի ղեկավարի մակագրությունից հետո Բաժնի կողմից ստորագրությամբ հանձնվում կամ Համակարգչային ցանցով ուղարկվում են Աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին:
18. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում ստորաբաժանման ղեկավարի մակագրությունից հետո փաստաթղթերի հետագա շարժը (կատարողական հսկումը, կատարման ժամկետի հսկողությունը, բազմացումը) կազմակերպվում է ստորաբաժանման պատասխանատու աշխատակցի միջոցով:
19. Ստորաբաժանումից ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում Բաժնի միջոցով՝ Աշխատակազմի ղեկավարի համապատասխան մակագրությամբ:
20. Փաստաթղթերի պատասխանատու կատարող համարվում է առաջին հասցեատերը, կամ, որի անվան դիմաց գրառվում է «հավաք» նշումը: Մյուս հասցեատերերը պարտավոր են նշված ժամկետից 2-3 օր առաջ պատասխանատու կատարողին ներկայացնել անհրաժեշտ նյութեր և նշագրել պատասխան նամակի կրկնօրինակի վրա:
Եթե հանձնարարականում բացակայում է «հավաք» նշումը, ապա դրանում նշված կատարողները հանձնարարականի կատարման վերաբերյալ կարծիքներն ուղղակի ներկայացնում են հանձնարարությունը տվող ղեկավարին:
21. Հսկողության վերցված հանձնարարականների անմիջական ժամկետներում կատարման համար Բաժնի աշխատակիցը կամ ստորաբաժանման պատասխանատու աշխատակիցը մինչև հանձնարարականի կատարման ժամկետի լրանալը ծանուցում է համապատասխան կատարողներին և տեղեկացնում է իր կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին:
22. Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող որոշումների, նամակների, հանձնարարականների դեպքում պատասխանատու կատարողը ժամկետի երկարացման թույլտվություն ստանալու նպատակով գրավոր դիմում է հանձնարարություն տվող անմիջական ղեկավարին:
23. Բաժինը գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է տարածքային կառավարման նախարարի, նախարարի տեղակալների կամ Աշխատակազմի ղեկավարի «Գործին» մակագրություն:
24. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերվել դրանց:
Չի թույլատրվում Աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում կատարել:
25. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:
III. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
26. ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից, ՀՀ վարչապետից, ՀՀ նախարարություններից, Երևանի քաղաքապետարանից, մարզպետարաններից, այլ պետական մարմիններից ստացված, տարածքային կառավարման նախարարության լուծումը պահանջող գրությունների (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն) համար կատարման ժամկետ է սահմանվում՝
լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր | - մինչև 5 օր |
լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջող հարցեր |
- մինչև 15 օր |
Կազմակերպություններից ստացված գրությունների, քաղաքացիների նամակների, դիմումների համար կատարման ժամկետ է սահմանվում՝
լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր | - մինչև 10 օր |
լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր |
- մինչև 25 օր |
27. ՀՀ օրենքները, ՀՀ ԱԺ նորմատիվ բնույթի որոշումները, ՀՀ Նախագահի հրամանագրերը, կարգադրությունները, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի որոշումները, ինչպես նաև դրանց տեղեկագրերը Աշխատակազմի Քարտուղարության Բաժնից կամ արխիվից դուրս են տրվում միայն վերադարձնելու պայմանով, որի համար նշված ստորաբաժանումներում տարվում է հաշվառում: Վերցված փաստաթղթերը ենթակա են վերադարձման 5-օրյա ժամկետում:
IV. ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
28. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները Նախարարի հրամանների նախագծեր նախապատրաստելիս՝
- պահպանում են գործող օրենսդրության պահանջները, կատարողների առջև դնելով հստակ ձևակերպված խնդիրներ, նշելով հանձնարարականի կատարման ժամկետները և կատարող անձանց,
- հետևում են, որ Նախարարին ներկայացվեն շահագրգիռ ստորաբաժանումների հետ համաձայնեցված նախագծեր,
- ապահովում են Նախարարի հրամանների ժամանակին նախապատրաստումը,
- հետևում են, որ նշագրերի, ինչպես նաև հրամանին կից փաստաթղթերի տակ դրվեն ամսաթվեր, նշագրողի պաշտոնը, անվանատառը և ազգանունը:
29. Աշխատակազմի իրավաբանական բաժինը 5-օրյա ժամկետում ուսումնասիրում և քննարկում է հրամանի նախագիծը, անհրաժեշտության դեպքում՝ ներկայացնում եզրակացություններ:
30. Նախարարի հրամանների այն նախագծերը և նրանց կից փաստաթղթերը, որոնց վերաբերյալ առկա են տարաձայնություններ, կարող են նախապես քննության առնվել Նախարարի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի մոտ հրավիրվող խորհրդակցությունում:
Հրամանի նախագծի համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը կազմում է խորհրդակցության մասնակիցների ցուցակը և ապահովում է նրանց մասնակցությունը:
31. Հրամանի նախագծի համար պատասխանատու ստորաբաժանումը ստացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա լրամշակում է հրամանի նախագիծը, նրան կից փաստաթղթերը և այն ներկայացնում է Աշխատակազմի Քարտուղարության Բաժին՝ Նախարարի ստորագրմանը ներկայացնելու համար:
32. Նախարարի կողմից ստորագրված հրամանի բնօրինակը կնքվում է Աշխատակազմի կնիքով:
33. Բաժինը ապահովում է Նախարարի հրամանների առաքումը հասցեատերերին, պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված առաքման թերթին համապատասխան:
Առաքվող հրամանների օրինակները հաստատվում են Բաժնի կլոր կնիքով:
34. Նախարարի յուրաքանչյուր հրաման Բաժնում գրանցվում է հրամանների գրանցամատյանում, դրվում է հերթական համարը՝ նշելով ամսաթիվը, ամիսը և տարեթիվը, միասնական համարակալման համաձայն, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ:
35. Բաժնի կողմից հրամանների լրացուցիչ օրինակներ տրվում են միայն Քարտուղարության պետի ցուցումով:
Հրամանների լրացուցիչ օրինակները հաստատվում են Քարտուղարության կլոր կնիքով:
36. Նախարարի հրամանների բնօրինակները կից նյութերով պահպանվում են Բաժնում, իսկ դրանց էլեկտրոնային պատճենները տեղավորվում են տվյալների շտեմարանում, մշակվում են և հանձնվում արխիվ՝ պահպանության:
V. ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
37. ՀՀ տարածքային կառավարման նախարարի հրամանների և հանձնարարականների կատարման հսկողության կազմակերպումը իրականացվում է Աշխատակազմի Քարտուղարության Բաժնի կողմից:
38. Նախարարի հրամանների և հանձնարարականների կատարումը ուսումնասիրելու հանձնարարությունները տրվում են Նախարարի, Նախարարի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի կողմից:
39. Նախարարի հրամանների, հանձնարարականների կատարման հսկողությունն իրականացվում է Աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներում:
40. Ուսումնասիրություններին կարող են ներգրավվել Աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները:
41. Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվում և ներկայացվում են զեկուցագրի կամ տեղեկանքի ձևով:
42. Հանձնարարությունը հսկողությունից հանվում է ներկայացված տեղեկանքի (զեկուցագրի) հիման վրա՝ Նախարարի, Նախարարի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ:
VI. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
43. Աշխատակազմում ելից փաստաթղթերը ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի, նախարարի տեղակալի, Աշխատակազմի ղեկավարի կողմից:
44. Ստորագրության ներկայացվող նամակին կցվում է երկրորդ օրինակը՝ նամակը պատրաստող աշխատակցի և տվյալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի նշագրերով:
45. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութի անվանումը, ամսաթիվը, համարն ու թերթերի քանակը:
46. Նամակների տեքստի տակ, էջի ներքևի ձախ անկյունում նշվում է կատարողի անվան առաջին տառը, ազգանունը և հեռախոսահամարը:
47. Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են որպես ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի որոշումների, հանձնարարականների, նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների և այլ պետական մարմինների նամակների պատասխաններ, հասցեատիրոջ անվան տակ վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրությունների ամսաթիվը և համարը:
48. Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են որպես ստացված գրությունների պատասխաններ, նամակի տեքստում հղում է կատարվում տվյալ գրության վրա, նշելով դրա ամսաթիվը և համարը:
49. Եթե հանձնարարականում նշվում է, որ պետք է տեղեկացնել արդյունքների մասին, ապա տեքստի տակ դրվում է «Վերցված է հսկողության» դրոշմ, որի վրա նշվում է կատարման ժամկետը:
50. Նախարարի տեղակալները, Աշխատակազմի ղեկավարը իրավասու են ստորարագրելու առաքվող այն փաստաթղթերը, որոնք անմիջականորեն զեկուցվել են իրենց, ինչպես նաև իրենց հասցեագրված ընթացիկ փաստաթղթերը, որոնք մինչև հասցեատերերին առաքելը զեկուցվում են Նախարարին և նոր առաքվում հասցեատերերին:
51. Նախարարի, Նախարարի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի ստորագրություններով առաքվող փաստաթղթերը տպագրվում են համապատասխանաբար Նախարարի, Նախարարի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի ձևաթղթերի վրա:
52. Շտապ բնույթի նամակները մինչև Բաժին հանձնելը պատասխանատու ստորաբաժանման կողմից հաղորդվում են ֆաքսիմիլային կապի միջոցով, որի մասին ստորաբաժանումը կատարում է համապատասխան գրանցում:
53. Նամակի ելից համարը կազմված է պայմանանիշից և համարից: Ելից համարը դրվում է տեքստի վերջում:
54. Ելից թղթակցությունը (2 օրինակից, հիմքերի հետ միասին) բաց վիճակում գրանցման և առաքման համար հանձնվում է Բաժին: Առաջին օրինակը ուղարկվում է համապատասխան հասցեատերերին, իսկ երկրորդ օրինակը՝ կից նյութերով, պահվում է Բաժնում:
Ծրարված թղթակցությունը գրանցվում է ցուցակում և առաքվում հասցեատերերին:
55. Առաքվող թղթակցության համար կազմվում է ցուցակ, որտեղ նշվում է փաստաթղթի համարը, առաքման հասցեն, առաքող պատասխանատու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը:
56. ՀՀ կառավարություն, ՀՀ նախարարություններ, այլ պետական մարմիններ և կազմակերպություններ առաքված փաստաթղթերի կատարման հսկողությունը իրականացվում է Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից:
VII. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ
57. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստացման օրը գրանցվում են Բաժնում:
58. Գրանցման պայմանանիշը բաղկացած է հեղինակի ազգանվան առաջին տառից և ստացված առաջարկությունների, դիմումների և բողոքների հերթական համարից:
59. Աշխատակազմի իրավասու անձի կողմից քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:
60. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում՝ առաջին ազգանունը:
61. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
62. Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և նույն պետական մարմնում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հաշվի են առնվում առաջին առաջարկության, դիմումի ու բողոքի գրանցման համարով՝ ավելացնելով հերթական համարը՝ կոտորակի ձևով:
63. Ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները Քարտուղարության պետի կողմից նախնական քննարկումից հետո ներկայացվում են Աշխատակազմի ղեկավարին:
64. Աշխատակազմի ղեկավարի կողմից տրվում են հանձնարարականներ Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկելու և դրանց պատասխանելու վերաբերյալ:
65. Որոշ առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Բաժնի կողմից կարող են ուղարկվել այն պետական մարմիններ, հիմնարկներ ու կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը, կամ որոնց անմիջական ենթակայությամբ է գործում այն կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը, որի գործողությունը բողոքարկվում է՝ դիմողին ուղարկելով դրա մասին ծանուցում:
66. Աշխատակազմի ստորաբաժանումներում քննարկված առաջարկությունների, դիմումների ու բողոքների պատասխանները՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի, նախարարի տեղակալների կամ Աշխատակազմի ղեկավարի ստորագրություններով, վերադարձվում են Բաժին՝ հասցեատերերին ուղարկելու համար:
67. Նամակների քննարկման արդյունքների մասին, դիմողի պահանջի դեպքում, գրավոր կամ, դիմողի համաձայնությամբ, բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին:
68. Քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները վերջնական պատասխաններ ստանալուց հետո՝ իրենց բոլոր նյութերի հետ միասին, վերադարձվում են Բաժին՝ Աշխատակազմի ղեկավարի «Գործին» մակագրությամբ, ստորագրությամբ, ամսաթվի նշումով:
69. Յուրաքանչյուր նամակի համար կազմվում է գործ՝ բաղկացած առաջարկության, դիմումի ու բողոքի պատճեններից և այլ փաստաթղթերից:
70. Վերահսկողության վերցված նամակների վերջին էջի աջ անկյունում դրվում է «Վերցված է հսկողության» դրոշմակնիքը:
71. Վերահսկողության վերցված նամակների պատասխանները Բաժնում գրանցվում և ուղարկվում են Աշխատակազմի այն ստորաբաժանմանը, որի վրա դրված է տվյալ նամակի նկատմամբ հսկողությունը:
72. Պատասխանի համարը կազմված է այն գործի համարից, որի մեջ կարվում է տվյալ հարցին վերաբերող գրագրությունը, և գրանցման համարից:
73. Ստորաբաժանման ղեկավարը հսկողության վերցված նամակի կատարման մասին զեկուցում է Աշխատակազմի ղեկավարին, որից հետո փաստաթուղթը հանվում է հսկողությունից և դրա վրա կատարվում է համապատասխան նշում:
74. Նամակների ամբողջ շարժը Բաժնում գրանցվում է մատյաններում կամ ապարատածրագրային միջոցներով (նաև քարտերի միջոցով) և պահպանվում տվյալների շտեմարանում:
VIII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
75. Փաստաթղթերն Աշխատակազմի արխիվ են հանձնվում դրանց՝ գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում, բացառությամբ հինգ տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի, որոնք, պահպանության ժամկետը լրանալուց հետո, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Փաստաթղթերի մշակումից հետո համակարգչային ցանցի «Արխիվ» շտեմարանում գրանցվում են նաև ֆայլերը։
(75-րդ կետը խմբ. 06.02.07 N 6-Ն)
76. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան։
(76-րդ կետը խմբ. 06.02.07 N 6-Ն)
77. Աշխատակազմի արխիվի կամ «Արխիվ» շտեմարանի փաստաթղթերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի՝ պետության սեփականությունը համարվող փաստաթղթերի օգտագործման կարգի պահանջներին համապատասխան։
(77-րդ կետը խմբ. 06.02.07 N 6-Ն)
78. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում՝ ըստ ցուցակների (հինգ օրինակ) և գործերի նիշերի։
(78-րդ կետը խմբ. 06.02.07 N 6-Ն)
79. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվագետը) Աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը։
Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են Աշխատակազմի արխիվում։
(79-րդ կետը խմբ. 06.02.07 N 6-Ն)
80. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերն Աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ:
(80-րդ կետը խմբ. 06.02.07 N 6-Ն)
(VIII-րդ բաժինը խմբ. 06.02.07 N 6-Ն)