Գլխավոր տեղեկություն
Номер
N 46
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.07.1999-04.06.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1998.09.01/11(17)
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Дата принятия
24.02.1998
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
24.02.1998
Дата вступления в силу
06.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.06.2000

118.0046.24.02.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

24 փետրվարի 1998 թ.
քաղ. Երևան

N 46

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի թիվ 3 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 13-րդ կետի պահանջներից և առաջնորդվելով արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնող անձանց որակավորման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությունից.

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման կարգը» (կցվում է):

2. Հաստատել արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման հանձնաժողովի կազմը (կցվում է):

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարության 1995 թվականի մայիսի 12-ի թիվ 148 հրամանով հաստատված «Արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնող անձանց և ինվեստիցիոն հիմնադրամների կառավարիչների տնօրենների որակավորման կարգը»:

 

Նախարար

Ա. Դարբինյան

 

 

«Հաստատված է»
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության
24.02.1998 թ. թիվ 46 հրամանով

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

1. Է. Մուրադյան - նախագահ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար
2. Ա. Սալնազարյան - տեղակալ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Արժեթղթերի և բորսաների գործակալության պետ


Ա Ն Դ Ա Մ Ն Ե Ր
 

3. Ց. Կարապետյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արժեթղթերի շուկայի կարգավորման քաղաքականության վարչության պետ
4. Ռ. Բարսեղյան - նախարարության արժեթղթերի շուկայի վերահսկման վարչության պետ
5. Ա. Մինասյան - արժեթղթերի շուկայի լիցենզավորման, արժեթղթերի և թողարկման ազդագրերի գրանցման վարչության պետ
6. Խ. Խաչատրյան - նախարարության արժեթղթերի շուկայի մասնակիցների լիցենզավորման բաժնի պետ
7. Տ. Դավթյան - ՀՀ կենտրոնական բանկ, բաժնի պետ
8. Ս. Սեդրակյան - Երևանի ֆոնդային բորսայի տնօրեն
9. Գ. Վարդիկյան - Երևանի «Ադամանդ» ապրանքաֆոնդային բորսայի տնօրեն
10. Ս. Մխիթարյան - Գյումրիի ֆոնդային բորսայի տնօրեն
11. Ա. Ազիզյան - քարտուղար, նախարարության արժեթղթերի շուկայի մասնակիցների լիցենզավորման բաժնի երկրորդ կարգի տնտեսագետ

 

 

«Հաստատված է»
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության
24.02.1998 թ. թիվ 46 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

Սույն կարգը մշակված է ՀՀ կառավարության 07.01.98 թ. թիվ 3 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» համաձայն և կանոնակարգում է արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման գործընթացը:

ՀՀ օրենսդրության համաձայն արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնելու համար ձեռնարկության (այդ թվում բաժնետիրական ընկերության) գործադիր տնօրենը, նրա տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները (բացառությամբ տեխնիկական սպասարկմամբ զբաղված կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ու գլխավոր հաշվապահի) և այն աշխատակիցները, որոնք իրականացնելու են գործառնություններ արժեթղթերի հետ ու մատուցելու են խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև անկախ ինվեստիցիոն բրոքերներն ու դիլերները պետք է լիազորված մարմնի կողմից որակավորված լինեն որպես արժեթղթերի շուկայի մասնագետ:

Սույն կետի պահանջները տարածվում են նաև լիազորված բանկերի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և այն աշխատողների վրա, որոնք իրականացնում են գործառնություններ արժեթղթերի հետ:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.

1. Լիազորված պետական կառավարման մարմին` ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչություն:

(1-ին կետը փոփ. 09.02.99 N 58)

2. Լիազորված ստորաբաժանում` ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության կարգավորման վարչություն:

(2-րդ կետը փոփ. 09.02.99 N 58)

3. Որակավորման հավաստագիր` արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնող մասնագետին, սույն կարգի համաձայն, տրված որակավորման վկայական:

4. Հանձնաժողով` սույն կարգի համաձայն ստեղծված արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման քննություն անցկացնող հանձնաժողով:

 

II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Արժեթղթերի շուկայում գործառնություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար դիմորդը լիազորված մամին է ներկայացնում հայտ` հավելված 1-ում բերված ձևի համաձայն, ինչպես նաև օրենքով նախատեսված կարգով պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը:

(5-րդ կետը փոփ. 09.02.99 N 58)

6. Լիազորված ստորաբաժանումն իրավունք ունի հարցման միջոցով ստուգել դիմորդի ներկայարած փաստաթղթերում բերված տեղեկությունների արժանահավատությունը:

7. Դիմորդի հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ դրանց մեջ տեղ է գտել ակնհայտ ապատեղեկատվություն:

8. Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ առարկություններ չլինելու դեպքում դիմորդին թույլատրվում է մասնակցել որակավորման առաջիկա քննությանը:

9. Լիազորված ստորաբաժանումը կազմում է հայտեր ներկայացրած անձանց ցուցակը և որակավորման քննության օրը` քննությունից առաջ ներկայացնում հանձնաժողովին:

Հայտ ներկայացրած անձանց ցուցակում ընդգրկվում են քննության անցկացման օրից առնվազն 3 օր առաջ հայտ ներկայացրած դիմորդները:

10. Քննություններն անց են կացվում յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա չորեքշաբթի օրը:

11. Քննություններն անց են կացվում համակարգչի միջոցով:

12. Քննական տեստերի (այսուհետև` տեստ) տարբերակները նախապես կազմվում են լիազորված ստորաբաժանման կողմից և հաստատվում լիազորված մարմնի ղեկավարի կողմից:

(12-րդ կետը փոփ. 09.02.99 N 58)

13. Տեստերում ընդգրկված հարցերը կազմվում են ելնելով.

ա) արժեթղթերի շուկայի վերաբերյալ ՀՀ օրենսդրական և ենթաօրենսդրական փաստաթղթերի պահանջներից`

- արժեթղթերի պետական գրանցման,

- արժեթղթերի թողարկման ազդագրի, նրա հիմնական բովանդակության և կազմման ու գրանցման կարգի,

- արժեթղթերի հետ կապված գործառնություններից գանձվող հարկի որոշման և վճարման կարգի,

- արժեթղթերի հետ կատարվող գործառնությունների հաշվապահական հաշվառման հիմունքների,

- արժեթղթերի շուկայի մասնակիցների և նրանց կազմում աշխատող մասնագետների հաճախորդի առջև պատասխանատվության,

- մասնագիտական էթիկայի և գաղտնի տեղեկատվության պահպանման,

- արժեթղթերի շուկայի մասնակիցների կողմից չարաշահումներ և սխալներ թույլ տալու դեպքում սահմանված և կիրառվող պատասխանատվության,

բ) արժեթղթերի շուկայի, նրա բովանդակության, ֆունկցիաների, շրջանառող արժեթղթերի տեսակների, նրանց շրջանառության առանձնահատկությունների, ֆոնդային բորսայի, նրա գործելու մեխանիզմի, արժեթղթերի հետ կապված գործարքների տեսակների վերաբերյալ տեսությունից:

14. Մինչև քննության սկիզբը դիմորդը ծանոթացվում է համակարգչի միջոցով որակավորման քննության անցկացման կանոններին:

15. Տեստը բաղկացած է 16 հարցերից, որոնց պատասխանելու համար դիմորդին տրվում է 30 րոպե ժամանակ:

16. Դիմորդը քննության է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով:

17. Քննության ավարտից հետո օպերատորը դիմորդի ներկայությամբ տպող սարքի միջոցով տպում է քննության արդյունքները երկու օրինակից, որոնց հիման վրա կազմվում է հանձնաժողովի նիստի արձանագրությունը: Արդյունքների մեկ օրինակը դիմորդի ստորագրությամբ հանձնվում է հանձնաժողովին, իսկ մյուսը տրվում է դիմորդին:

18. Քննության արդյունքները հաստատվում են և հայտարարվում հանձնաժողովի կողմից:

19. Դիմորդն իրավունք ունի քննության արդյունքը հայտարարելուց անմիջապես հետո բողոքարկել հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց հետո կրկնակի բողոքարկումները չեն քննարկվում:

20. Տվյալ քննությանը չներկայացած դիմորդն ընդգրկվում է հաջորդ քննության ցուցակում:

21. Քննության արդյունքներով անբավարար գնահատված դիմորդը կարող է մասնակցել հաջորդ քննությանը նոր հայտ ներկայացնելու միջոցով` մուծելով պետական տուրքը:

(21-րդ կետը խմբ. 16.07.99 N 261)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

 

22. Հանձնաժողովի կազմը հաստատվում է լիազորված մարմնի կողմից:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և լիազորված մարմնի առնվազն 5 աշխատակիցներ: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև ՀՀ Կենտրոնական բանկից, Բանկերի ասոցիացիայից, ֆոնդային բորսաներից և ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսաներից:

(22-րդ կետը փոփ. 09.02.99 N 58)

23. Հանձնաժողովի նիստերը գումարվում են յուրաքանչյուր քննության օրը` առավոտյան ժամը 10.00-ին: Հանձնաժողովը հետևում է որակավորման քննության ընթացքին և հաստատում քննության արդյունքները` համապատասխան որոշմամբ:

24. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են որակավորման քննության օրերին հրավիրված նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստը համարվում է կայացած, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

25. Հանձնաժողովի նիստերին ավելի քան երեք անգամ անընդմեջ չներկայացող անդամները հանձնաժողովի նախագահի գրավոր ներկայացմամբ կարող են հեռացվել հանձնաժողովի կազմից:

26. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները պարտադիր ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:

 

IV. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

27. Քննության արդյունքներով բավարար գնահատված դիմորդների համար սահմանվում են` մասնագետների որակավորման հետևյալ կարգերը.

ա) 1-ին կարգի մասնագետ, երբ դիմորդը ճիշտ է պատասխանել հարցերի ընդհանուր քանակի 90%-ից ավելին (15, 16 հարց),

բ) 2-րդ կարգի մասնագետ, երբ դիմորդը ճիշտ է պատասխանել ընդհանուր հարցերի առնվազն 75% -ին (12-15 հարց):

28. Դիմորդը քննության արդյունքներով համարվում է անբավարար գնահատված, եթե ճիշտ չի պատասխանել ընդհանուր հարցերի ավելի քան 25%-ին:

(28-րդ կետը փոփ. 16.07.99 N 261)

29. Առաջին կարգի մասնագետի որակավորում է շնորհվում նաև հանձնաժողովի անդամներին և լիազորված մարմնի այն աշխատակիցներին, որոնք ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ մասնագիտական աշխատանքային ստաժ:

(29-րդ կետը փոփ. 09.02.99 N 58)

30. Արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնելու համար ձեռնարկության (այդ թվում բաժնետիրական ընկերության) գործադիր տնօրենը (ղեկավարը) և նրա տեղակալները պարտադիր պետք է որակավորված լինեն որպես առաջին կարգի մասնագետ:

31. Սույն կարգի 27-րդ կետում նշված անձանց տրվում են որակավորման հավաստագրեր երեք տարի ժամկետով, բացառությամբ 29-րդ կետում նշված անձանց:

32. Որակավորման հավաստագիրը պետք է ներառի. մասնագետի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, որակավորման կարգը, հավաստագրի հերթական համարը, տրման ամսաթիվը և այլ անհրաժեշտ տվյալներ: Ինչպես նաև հատուկ նշում այն մասին, որ հավաստագիրը ենթակա չէ փոխանցման կամ այլ ձևով այլ անձանց օտարման:

33. Որակավորման հավաստագիրը հաստատվում է հանձնաժողովի նախագահի և լիազորված մարմնի ղեկավարի կողմից և կնքվում լիազորված մարմնի կնիքով:

(33-րդ կետը փոփ. 09.02.99 N 58)

34. Որակավորման հավաստագրի ձևակերպումը և դրա հանձնումը մասնագետին իրականացվում է սույն կարգի 27-րդ կետում նշված քննությունից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

35. Լիազորված ստորաբաժանումը, հավաստագրերի համար վարում է գրանցամատյան, որի մեջ գրի են առնվում մասնագետի անունը, ազգանունը, որակավորման կարգը, տրման ամսաթիվը և հերթական համարը:

36. Արգելվում է որակավորման հավաստագրի փոխանցումը կամ օտարումը:

37. Հանձնաժողովը, իսկ սույն կետի գ) ենթակետում նշված դեպքում լիազորված մարմինը, մասնագետին տրված որակավորման հավաստագիրը ուժը կորցրած է ճանաչում եթե.

ա) մասնագետը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել հաճախորդների գաղտնիք հանդիսացող տեղեկությունների անօրինական օգտագործման կամ փաստաթղթերի, փողի և արժեթղթերի կեղծման համար,

բ) ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ,

գ) լրացել է տվյալ որակավորման հավաստագրի ժամկետը:

(37-րդ կետը փոփ. 09.02.99 N 58)

 

Հավելված 1

 

Հ Ա Յ Տ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

 

I. Ընդհանուր տեղեկություններ.

 

Անուն, ազգանուն

Հասցե, հեռախոսահամարներ

Ծննդյան թիվը (ամիս, ամսաթիվ)

Քաղաքացիությունը

Անձնագրի սերիան և համարը

 

II. Կրթությունը (ուսումնական հաստատության անվանումը, մասնագիտությունը և ավարտելու տարին)

 

III. Վերջին հինգ տարիներին աշխատանքային փորձը (կազմակերպության անվանումը, պաշտոնը)

 

IV. Դատարանի կողմից ճանաչվե՞լ եք մեղավոր հաճախորդների գաղտնիք հանդիսացող տեղեկությունների անօրինական օգտագործման կամ փաստաթղթերի, փողի և արժեթղթերի կեղծման համար

 

V. Նշեք առնվազն երեք անձանց անունը, ազգանունը, հասցեն և հեռախոսահամարները, որոնք անձամբ ճանաչում են Ձեզ և որևէ ձևով կապված չեն այս առաջարկի հետ.
1.
2.
3.

 

VI. Ես հավաստիացնում եմ, որ սույն հայտում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի սխալ ներկայացում կամ բացթողում կարող է հանգեցնել հայտի մերժմանը կամ որակավորման հավաստագրի ուժը կորցրած ճանաչելուն:

 

Դիմորդի ստորագրությունը

____ _________ 199 թ.

 

Գրանցված է
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 ապրիլի 1998 թ.
Պետական գրանցման թիվ 209800119

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.04.2000, N 53 04.06.2000, N 46
16.07.1999, N 261 16.07.1999, N 46
09.02.1999, N 58 25.03.1999, N 46
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան