Գլխավոր տեղեկություն
Номер
N 108-Կ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.10.1998-26.05.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1998.10.06/13(19)
Принят
Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետ
Дата принятия
26.05.1998
Подписан
Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետ
Дата подписания
26.05.1998
Дата вступления в силу
11.10.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.10.2017

117.0108.26.05.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

26 մայիսի 1998 թ.

 

Հ Ր Ա Մ Ա Ն  N 108-Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Հրամայում ենք`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում ըստ նպատակային նշանակության շենքերի և շինությունների դասակարգման կարգը:

 

Ֆ. Փիրումյան

Մ. Վարդանյան

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ`
____________
Ֆ. Փ
ԻՐՈՒՄՅԱՆ
26.05.1998 Թ.

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ
ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ
ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`
___________Մ. Վ
ԱՐԴԱՆՅԱՆ
26.05.1998 թ.

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շենքերի և շինությունների դասակարգումը ըստ նպատակային նշանակության:

Սույն դասակարգումը մշակված է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 25 հոդ. համաձայն:

 

1. Շենք

 

Կրող, պարփակող կամ համակցված (կրող և պարփակող) կոնստրուկցիաներից կազմված վերգետնյա փակ ծավալ կազմող շինարարական համակարգ, նախատեսված մարդկանց բնակվելու կամ ժամանակավոր գտնվելու և տարբեր աշխատանքային ու արտադրական պրոցեսներ կատարելու համար (կախված ֆունկցիոնալ նշանակությունից):

 

2. Շինություն

 

Բնական կամ արհեստական նյութերից, երկրի վրա, ստորերկրյա կամ վերերկրյա կառուցված ծավալային, հարթային կամ գծային շինարարական համակարգ, կազմված կրող, որոշ դեպքերում նաև պարփակող կոնստրուկցիաներից և նախատեսված բնակվելու, տարբեր տեսակի արտադրական ու այլ աշխատանքային պրոցեսների կատարման, նյութերի, շինվածքների ու սարքավորումների տեղադրման կամ պահեստավորման, մարդկանց ու բեռների տեղափոխման, պաշտպանական և այլ նպատակների համար:

 

I. Բնակելի

II. Հասարակական

III. Արտադրական

 

I. Բնակելի` մարդկանց բնակության համար նախատեսված շինությունները, բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, օժտված կոմունալ հարմարություններով.

ա) բնակարան` շենքում գտնվող առանձին տարածք` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, օժտված կոմունալ հարմարություններով,

բ) բազմաբնակարան բնակելի շենք` մեկից ավելի առանձին բնակարաններ ունեցող կառույց,

գ) բնակելի տուն` բնակավայրի տարածքում առանձին հողամասի վրա կառուցված, առանձին փոստային համար ունեցող, բնակելի, օժանդակ և կոմունալ հարմարություններով, իր տնտեսական շինություններով կառույց,

դ) այգետնակ` այգեգործական զանգվածում առանձին հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույց:

 Հիմնական է կոչվում այն շինությունը, որը հողատարածքի վրա գտնվող այլ շինությունների շարքում հանդիսանում է իշխողը (գլխավորը) շինվածքի հիմնականության, ճարտարապետական հորինվածքի և նպատակային նշանակության հատկանիշներից ելնելով: Նույն հողատարածքի վրա կարող են տեղադրված լինել մեկից ավելի հիմնական շինություններ:

 Օժանդակ է կոչվում այն շինությունը, որը նույն հողատարածքի վրա գտնվող հիմնական շինության նկատմամբ ունի երկրորդական նշանակություն: Օժանդակ շինությունների թվին են պատկանում անասնաշենքերը, հացատները, խորդանոցները, մարագները, ցախատները, անհատական օգտագործման ավտոտնակները, շվաքարանները, մառանները և այլն, բակային կառույցները:

 Բակային կառույց են համարվում տնտեսական օգտագործման շինությունները: Դրանք են` պարիսպները, դարպասները, աղբահորերը, ջրհորները, բակային ծածկույթները և այլն:

Կցակառույց է համարվում շինության արտաքին հիմնապատերի ուրվագծից դուրս գտնվող այն մասը, որը շինության նկատմամբ օժանդակ է և ունի վերջինիս հետ թվով մեկ կամ մեկից ավելի ընդհանուր հիմնապատեր: Կցակառույցները հիմնականում հաղորդակցվում են հիմնական շենքի հետ: Կցակառույց կարող են լինել խոհանոցները, բնակելի սենյակները, նախասենյակները, ծածկապաշտգամբները և այլն: Կցակառույցները բաժանվում են 2 խմբի` ջեռուցվող և սառը: Ջեռուցվող կցակառույցների ընդհանուր մակերեսը հաշվառվում է բնակֆոնդի կազմում:

ավտոտնակ` ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված շինություն:

Նկուղ` հարկի հատակի նիշը ցածր է հողի հատակագծային նիշից հարկի բարձրության կեսից ավելիի չափով:

Կիսանկուղ` հարկի հատակի նիշը ցածր է հողի հատակագծային նիշից հարկի բարձրության կեսից ոչ ավելի:

Վերգետնյա, հարկի հատակի նիշը բարձր է կամ հավասար հողի հատակագծային նիշին:

Տեխնիկական հարկը նախատեսվում է ինժեներական սարքավորումների և հաղորդակցման ուղիների անցկացման համար: Կարող է գտնվել շենքի ստորին մասում (տեխնիկական նկուղ), վերին մասում (տեխնիկական ձեղնահարկ) կամ շենքի միջնամասում: Ձեղնահարկ է կոչվում տանիքի ծածկույթի, արտաքին պատերի և վերջին հարկի ծածկի միջև պարփակված տարածությունը:

Կիսավերնահարկ` վերնակառույց է, բարձրացրած բնակելի տան ընդհանուր տարածքից, որի մակերեսը պարտադիր փոքր է ստորին հարկի մակերեսից:

Մանսարդ` ձեղնահարկի տարածության մեջ տեղադրվող օգտագործելի հարկ է: Բնակելի տների մանսարդային հարկում թույլատրվում է տեղադրել բնակելի, ծառայողական տարածքներ, ստեղծագործական արվեստանոցներ և այլն: Մանսարդային հարկում տեղադրված բնակելի տարածքների բարձրությունը նորմատիվ մակերեսների հատվածում պետք է լինի ոչ պակաս 2,70 մ:

Լուսասենյակ` ձեղնահարկի ուրվագծային չափերի մեջ ներկառուցված տարածություն է, որը անփոփոխ է թողնում տանիքի շրջագիծը:

Վերնասրահ` բնակելի տան վերնամասը գրավոր մի հարթակ է, որը կոչված է նրա մակերեսի մեծացմանը և բնակելի, օժանդակ, պահեստային և այլ տարածությունների տեղադրմանը:

Պատշգամբ` բնակելի տանը կցակառուցված կամ ներկառուցված բաց կամ ապակեպատ չջեռուցվող տարածություն:

Տերասա` բաց, հանգստի համար նախատեսված հարթակի տեսքով մի կցակառույց, որը կարող է ծածկված լինել: Տեղադրվում է գետնին կամ ստորին հարկի վրա: Հաղորդակցվում է տան հետ դռան միջոցով:

Սյունասրահ` կառույցի ծավալի մեջ մեկ կողմից բաց (արտաքին պատի փոխարեն սյունաշար, կամարաշար) պատշգամբ կամ նախամուտք:

Էրկեր` շենքի ճակատի հարթությունից դուրս եկած, մասամբ կամ ամբողջությամբ ապակեպատ կիսաբոլոր, եռանկյունի կամ բազմանիստ ելուստ, նախատեսված տարածության լուսավորվածությունը և ինսոլյացիան լավացնելու համար:

Նախասրահ` շինության մուտքին հարող տարածք, նախատեսված մարդկային հոսքի ընդունման և բաշխման համար:

Նախամուտք` դռների միջև ընկած միջանցիկ տարածք, որը պաշտպանում է շինության մուտքը, աստիճանավանդակը և ներքին տարածությունները արտաքինից ներխուժող սառը օդից, ծխից և կողմնակի հոտերից:

Նախասենյակ` շինության այն մասը, որն ունի անմիջական ելք դեպի աստիճանավանդակ, ընդհանուր օգտագործման միջանցք և այլն:

Բնակելի սենյակ` բնակելի տան, բնակարանի, հանրակացարանի մի մաս, որը մյուս մասերից անջատված է խուլ պատերով կամ միջնորմներով և նախատեսված է բնակվելու, հանգստի, արտադասարանային պարապմունքների համար, (հանրակացարաններում, մանկատներում և այլն): Բնակելի տների մեջ բացի բնակելի սենյակներից մտնում են նաև միջանցքները, սրահները, խոհանոցները, զուգարանները, լողարանները, մառանները, նախասենյակները, ներքին նախամուտքերը:

Միջանցք` հանդիսանում է սենյակների միջև հաղորդակցության միջոց, և անկախ լայնությունից և լուսավորվածությունից հաշվառվում է որպես ոչ բնակելի տարածք:

Լոջիա` կառույցի ծավալի մեջ գտնվող, արտաքին տարածության մեջ բացվող պատշգամբ, որը ծառայում է ամառային հանգստի և արևից պատսպարվելու համար:

Բնակելի մակերես` բնակելի սենյակների մակերեսների գումար:

Օժանդակ մակերես` օժանդակ տարածքների (միջանցք, խոհանոց, լողարան, նախասենյակ և այլն) մակերեսների գումար:

Ընդհանուր մակերես` բնակելի և օժանդակ մակերեսների գումար:

Բնակելի ֆոնդում ներառվում են բարաքները:

Բարաք` բնակության համար նախատեսված մեկ կամ երկհարկանի ընդհանուր խոհանոցով և սանհանգույցով շինություն որպես կանոն փայտաշեն, հաշվառված կարճատև` 10-20 տարի, ծառայության համար:

 

II. Հասարակական նշանակության` բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շենքերը և շինությունները:

 

Կրթության, դաստիարակության և կադրերի պատրաստման համար նախատեսված շենքեր և շինություններ,

մանկական, նախադպրոցական, մասնագիտացված առողջարարական, հանրակրթական և մասնագիտական դպրոցներ, գիշերօթիկ դպրոցներ, միջդպրոցական ուսումնաարտադրական կոմբինատներ, պրոֆ. տեխ. ուսումնարաններ, բանվորական կադրերի պատրաստման և վերապատրաստման ուսումնական հաստատություններ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, մասնագետների պատրաստման և որակավորման բարձրացման ուսումնական հաստատություններ և այլն:

 

Գիտահետազոտական, նախագծային և հասարակական կազմակերպությունների, վարչական շենքեր և շինություններ,

գիտահետազոտական ինստիտուտների, նախագծային և կոնստրուկտորական ձեռնարկությունների, լրատվական կենտրոնների, կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, արխիվների, վարկավորման, ապահովագրության, կոմերցիոն գործունեության, դեսպանատների, միջազգային կազմակերպությունների և այլն:

 

Առողջապահության և հանգստի համար նախատեսված շենքեր և շինություններ,

հիվանդանոցներ, ծննդատներ, պոլիկլինիկաներ, դեղատներ, պանսիոնատներ, հանգստյան տներ, պրոֆիլակտորիաներ, հոսպիտալներ, առողջարաններ, տուրիստական բազաներ և այլն:

 

Մարզական և մարմնակրթական առողջարարական շենքեր և շինություններ.

Մարզական բաց շինություններ (ստադիոններ, թենիսի կորտեր, բաց լողավազաններ, ավտոդրոմներ, հրաձգարաններ և այլն), փակ շինություններ և շենքեր, ֆիզկուլտ-մարզական և առողջարարական համալիրներ:

 

Դիտահանդեսային և կուլտուր-լուսավորչական շենքեր և շինություններ.

գրադարաններ, թանգարաններ, ցուցասրահներ, ակումբներ, կուլտուրայի տներ, հանգստի կենտրոններ, թատրոններ, կինոթատրոններ, համերգային համալիրներ, կրկեսներ և այլն:

 

Առևտրի, հասարակական սննդի և կենցաղ սպասարկման համար նախատեսված շենքեր և շինություններ.

խանութներ, կրպակներ, շուկաներ, ռեստորաններ, բարեր, ճաշարաններ, սրճարաններ, խաղատներ, բենզալցման կայաններ, գազի լցման կայաններ, ավտո-տեխ. սպասարկման կայաններ, ավտոկայանատեղեր, վերանորոգման կետեր, լուսանկարչատներ, քիմ. մաքրման կետեր, կոշիկի և կարի անհատական պատվերների սրահներ, վարսավիրանոցներ, լվացքատներ և այլն:

 

Բնակչության անմիջական սպասարկման համար նախատեսված տրանսպորտի շենքեր և շինություններ.

տրանսպորտի բոլոր տիպի կայարաններ (ավտոկայաններ, օդանավակայաններ, երկաթուղային կայարաններ և այլն), ուղևորների սպասարկման գրասենյակներ, տրանսպորտային գործակալություններ, տոմսերի իրացման կետեր և այլն:

 

Կոմունալ տնտեսության շենքեր և շինություններ.

քաղաքացիական ծիսակատարությունների համար նախատեսված շենքեր և շինություններ (հարսանյաց տներ, թաղման բյուրոներ և այլն). հյուրանոցներ, ավտոհանգրվաններ, հանրակացարաններ, բաղնիքներ, սաունաներ, հասարակական տուալետներ և այլն:

 

Բազմաֆունկցիոնալ շենքեր և շինություններ:

 

Կրոնական կազմակերպությունների շենքեր և շինություններ:

 

III. Արտադրական նշանակության` արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շենքերը և շինությունները:

 

Արդյունաբերական

 

գործարաններ, ֆաբրիկաներ, էլեկտրակայաններ, ձկնաբուծական լճեր, արհեստանոցներ (տարբեր տիպի արտադրամասեր), լեռնամետալուրգիական կոմբինատներ, սառնարաններ, հրատարակչություններ և այլն:

 

Գյուղատնտեսական

 

անասնաշենքեր, ջերմոցներ, սիլոսի հորեր, պահեստներ, մթերման վերամշակման և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար նախատեսված այլ շինություններ: