Գլխավոր տեղեկություն
Номер
N 12-Ն
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (12.10.2006-05.01.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.10.02/24(233) Հոդ.334
Принят
Տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարար
Дата принятия
29.08.2006
Подписан
Տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարար
Дата подписания
29.08.2006
Дата вступления в силу
12.10.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12106296

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ

29 օգոստոսի 2006 թ.
ք. Երևան

N 12-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով՝


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝

ա) համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) համայնքային ծառայության ատեստավորման հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում  համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկելու նպատակով համապատասխան համայնքների ղեկավարներին ներկայացնել մարզպետարանի (թաղային համայնքներում՝ Երևանի քաղաքապետարանի) 3 ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, դասային աստիճանը, մասնագիտությունը:
 
Հ. Աբրահամյան
     

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման
նախարարի
2006 թ. օգոստոսի 29-ի
N 12-Ն հրամանի

      

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի   Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրինակելի աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ` մրցույթ) անցկացնող  հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատակարգը:

2. Հանձնաժողովը ղեկավարվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք), սույն օրինակելի աշխատակարգով և դրա հիման վրա` համապատասխան  համայնքի ղեկավարի կողմից հաստատված հանձնաժողովի աշխատակարգով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

 3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան համայնքի ղեկավարը, ավագանու անդամները, ինչպես նաև մարզպետարանի (թաղային համայնքներում՝ Երևանի քաղաքապետարանի) 3 ներկայացուցիչ:

4. Մարզպետարանի (թաղային համայնքներում՝ Երևանի քաղաքապետարանի) ներկայացուցիչների մասին տվյալներն  ստանալուց հետո 20-օրյա ժամկետում համայնքի ղեկավարն իր որոշմամբ ստեղծում է հանձնաժողով և հաստատում դրա անհատական կազմը:

Հանձնաժողովի անհատական կազմում համայնքի ղեկավարը փոփոխություններ է կատարում, եթե՝

ա) փոխվել է համայնքի ղեկավարը,

բ) փոփոխություններ են կատարվել ավագանու կազմում,

գ) ներկայացվել է մարզպետարանի (թաղային համայնքներում՝ Երևանի քաղաքապետարանի) այլ ներկայացուցիչ (ներկայացուցիչներ):

5. Հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարն է:

Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անհատական կազմի հաստատումից հետո 20-օրյա  ժամկետում հրավիրում է հանձնաժողովի աշխատակարգային նիստ, որի ընթացքում ընտրվում է հանձնաժողովի նախագահի տեղակալ, որը հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում իրականացնում է նրա լիազորությունները:

6. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկել համապատասխան մասնագետի։ Հանձնաժողովի կազմում մասնագետի ընդգրկման հարցը բարձրացվում է հանձնաժողովի նախագահի և (կամ) հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ: Այդպիսի նախաձեռնության դեպքում հանձնաժողովի նախագահը մրցույթի անցկացման օրվան  նախորդող 7-10 օրվա ընթացքում հրավիրում է հանձնաժողովի աշխատակարգային նիստ, որում քննարկվում և սույն աշխատակարգի 13-րդ կետին համապատասխան ընդունվում է որոշում` տվյալ մրցույթի (մրցույթների) անցկացման ժամանակ հանձնաժողովի կազմում համապատասխան մասնագետի ընդգրկման մասին: Նշված որոշումն ընդունվելու դեպքում հանձնաժողովը հաստատում է նաև մասնագետի թեկնածությունը:

7. Հանձնաժողովի նախագահը մրցույթի անցկացումից ոչ ուշ, քան 7 օր առաջ հանձնաժողովի անդամներին ծանուցում է մրցույթի անցկացման մասին:

Ծանուցման մեջ պետք է նշվեն՝

ա) մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը,

բ) այն պաշտոնը (պաշտոնները), որի (որոնց) զբաղեցման համար անցկացվում է մրցույթը,

գ) մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը:

Սույն աշխատակարգի 5-րդ և 6-րդ կետերով  նախատեսված դեպքերում հանձնաժողովի անդամներին ծանուցվում է աշխատակարգային նիստի անցկացման օրվա, ժամի, վայրի և քննարկվող հարցի (հարցերի) մասին։

8. Հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնում է համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձը, որը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, արձանագրում և հանձնաժողովի անդամների հետ միասին ստորագրում է նիստերի արձանագրությունները:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) համար համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիության ապահովումը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

բ) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թափանցիկության ու հրապարակայնության ապահովումը:

10. Հանձնաժողովը`

ա) աշխատակազմից ստանում է հանձնաժողովի անդամների ներկայության թերթը, մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը.

բ) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և ընդունում որոշում դիմած անձանց մրցույթին մասնակցելու թույլտվության մասին.

գ) մինչև թեստավորումն սկսելն ստուգում է ամփոփաթերթերը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատած կարգով կազմում է թեստեր՝ թեստավորման փուլն անցկացնելու համար.

ե) անցկացնում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) թեստավորում.

զ) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.

է) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

ը) քննարկում է մասնակիցների բողոքները՝ կապված թեստավորման արդյունքների հետ.

թ) հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

ժ) ընդունում է որոշում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.

ժա) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

ժբ) կազմում է մասնակիցների գործնական կարողությունների գնահատման թերթեր.

ժգ) հարցազրույցից ամիջապես հետո գնահատում է յուրաքանչյուր մասնակցի գործնական կարողությունները և հաշվարկում յուրաքանչյուր մասնակցի ստացած դրական բալերի ընդհանուր թիվը.

ժդ) ամփոփում է մրցույթի արդյունքները.

ժե) քննարկում է առաջացած հարցերը.

ժզ) հրապարակում է մրցույթի արդյունքները.

ժէ) մրցույթի արդյունքների հրապարակումից հետո նույն օրը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմին է ներկայացնում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) մասին եզրակացություն.

ժը) աշխատակազմին է հանձնում թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մրցութային փաթեթը.

ի) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից հաստատված իր աշխատակարգով և թեստավորման արդյունքների հետ կապված իրավական այլ ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

12. Նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

13. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է, եթե դրա ընդունման օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

14. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

բ) վարում է հանձնաժողովի նիստերը.

գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` սահմանված կարգի համաձայն.

դ) մինչև թեստավորումն սկսելը` հանձնաժողովի անդամների ներկայությամբ ստուգում և ստորագրում է ամփոփաթերթերը, ինչպես նաև ստուգում և իր ստորագրությամբ վավերացրած թերթը փակցնում է քվեարկության համար նախատեսված արկղի վրա.

ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

զ) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.

է) իրականացնում է հանձնաժողովի աշխատակարգով և մյուս իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

15. Հանձնաժողովի անդամը`

ա) ստորագրում է հանձնաժողովի անդամների ներկայության թերթը.

բ) թեստավորման աշխատանքների նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.

գ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և կարող է հարցեր տալ մասնակիցներին` բարձրաձայն հայտարարելով պատասխանի ճիշտ կամ սխալ լինելը, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ տալով ճիշտ պատասխանը.

դ) հարցազրույցի արդյունքում գնահատում է յուրաքանչյուր մասնակցի գործնական կարողությունները` մասնակիցների գործնական կարողությունների գնահատման թերթերում՝ գաղտնիության պայմաններում.

ե) մասնակցում է յուրաքանչյուր մասնակցի ստացած դրական բալերի ընդհանուր թվի հաշվարկմանը.

զ) ստորագրում է մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) մասին եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում` ստորագրության կողքին գրառում է՝ «հատուկ կարծիքը կցվում է», և հանձնաժողովի նախագահին է հանձնում իր կողմից ստորագրված հատուկ կարծիքը.

է) ծանոթանում է նիստերի արձանագրություններին և ստորագրում դրանք.

ը) իրականացնում է հանձնաժողովի աշխատակարգով և մյուս իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՎԱՐՏԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

16. Մրցույթը համարվում է ավարտված՝ հանձնաժողովի կողմից աշխատակազմին մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) մասին եզրակացություն տալու պահից:

17. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել հանձնաժողովին և դատական կարգով:
                 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման
նախարարի
2006 թ. օգոստոսի 29-ի
N 12-Ն հրամանի


Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի   Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրինակելի աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց (այսուհետ` համայնքային ծառայողներ) ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատակարգը:

2. Հանձնաժողովը ղեկավարվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք), սույն օրինակելի աշխատակարգով և դրա հիման վրա` համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հանձնաժողովի աշխատակարգով, ինչպես նաև իրավական այլ ակտերով:

3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան համայնքի ղեկավարը, ավագանու անդամները, ինչպես նաև մարզպետարանի (թաղային համայնքներում՝ Երևանի քաղաքապետարանի) 3 ներկայացուցիչ:

4. Համայնքի ղեկավարը մարզպետարանի (թաղային համայնքներում՝ Երևանի քաղաքապետարանի) ներկայացուցիչների մասին տվյալներն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում իր որոշմամբ ստեղծում է հանձնաժողով և հաստատում դրա անհատական կազմը:

Համայնքի ղեկավարը հանձնաժողովի անհատական կազմում կատարում է փոփոխություններ, եթե՝

ա) փոխվել է համայնքի ղեկավարը,

բ) փոփոխություններ են կատարվել ավագանու կազմում,

գ) ներկայացվել է մարզպետարանի (թաղային համայնքներում՝ Երևանի քաղաքապետարանի) այլ ներկայացուցիչ (ներկայացուցիչներ):

5. Հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարն է:

Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անհատական կազմը հաստատելուց հետո 20-օրյա ժամկետում հրավիրում է հանձնաժողովի աշխատակարգային նիստ, որի ընթացքում ընտրվում է հանձնաժողովի նախագահի տեղակալ, որը հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում իրականացնում է նրա լիազորությունները:

6. Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կարող է իր որոշմամբ հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկել համապատասխան մասնագետի: Հանձնաժողովի կազմում մասնագետի ընդգրկման հարցը բարձրացվում է հանձնաժողովի նախագահի և (կամ) հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ: Այդպիսի նախաձեռնության դեպքում հանձնաժողովի նախագահը` մրցույթի անցկացման օրվան նախորդող 7-10 օրվա ընթացքում հրավիրում է հանձնաժողովի աշխատակարգային նիստ, որում քննարկվում և սույն օրինակելի աշխատակարգի 13-րդ կետին համապատասխան ընդունվում է որոշում` տվյալ ատեստավորման անցկացման ժամանակ հանձնաժողովի կազմում համապատասխան մասնագետի ընդգրկման մասին: Նշված որոշումն ընդունվելու դեպքում հանձնաժողովը հաստատում է նաև մասնագետի թեկնածությունը:

7. Հանձնաժողովի նախագահն ատեստավորման անցկացումից ոչ ուշ, քան 7 օր առաջ հանձնաժողովի անդամներին ծանուցում է ատեստավորման անցկացման մասին:

Ծանուցման մեջ պետք է նշվեն՝

ա) ատեստավորման անցկացման օրը, ժամը և վայրը,

բ) այն պաշտոնները (պաշտոնը), որոնք զբաղեցնող համայնքային ծառայողներն ատեստավորվում են,

գ) ատեստավորվող համայնքային ծառայողների թիվը:

Սույն օրինակելի աշխատակարգի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում հանձնաժողովի անդամներին ծանուցվում է աշխատակարգային նիստի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

8. Հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնում է համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձը, որը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, արձանագրում է և հանձնաժողովի անդամների հետ միասին ստորագրում նիստերի արձանագրությունները:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Հանձնաժողովի խնդիրը ատեստավորման միջոցով՝ որոշումն է իր զբաղեցրած պաշտոնին համայնքային ծառայողի համապատասխանության, ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարության:

10. Հանձնաժողովը`

ա) աշխատակազմից ստանում է հանձնաժողովի անդամների ներկայության թերթը, ատեստավորման ենթակա համայնքային ծառայողների ցանկը և այդ համայնքային ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները, ծառայողական բնութագրերը և դրանց վերաբերյալ առկա  առարկությունները.

բ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

գ) մինչև թեստավորումն սկսելն ստուգում է ամփոփաթերթերը.

դ) անցկացնում է փաստաթղթային ատեստավորում.

ե) համայնքային ծառայողի փաստաթղթային ատեստավորման արդյունքում` թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում անցկացնելու մասին որոշում ընդունելու դեպքում, ընդունում է որոշում թեստավորումը նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու
մասին.

զ) սահմանված կարգով կազմում է թեստերը` թեստավորման փուլն անցկացնելու համար.

է) անցկացնում է համայնքային ծառայողների թեստավորում.

ը) ստուգում և գնահատում է համայնքային ծառայողների թեստավորման առաջադրանքները.

թ) հաստատում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

ժ) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված համայնքային ծառայողների բողոքները.

ժա) հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած հանայնքային ծառայողների ցուցակը.

ժբ) ընդունում է որոշում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.

ժգ) համայնքային ծառայողի հետ անցկացնում է հարցազրույց.

ժդ) կազմում է ատեստավորվողների գործնական կարողությունների գնահատման թերթեր.

ժե) կազմում է քվեաթերթեր.

ժզ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է գաղտնի քվեարկություն.

ժէ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր համայնքային ծառայողի վերաբերյալ ընդունում է որոշում.

ժը) ամփոփում է ատեստավորման արդյունքները.

ժթ) յուրաքանչյուր համայնքային ծառայողի վերաբերյալ կազմում է ատեստավորման թերթ.

ի) ատեստավորման արդյունքները ներկայացնում է համայնքի ղեկավարին.

իա) աշխատակազմին է հանձնում թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և ատեստավորման փաստաթղթերի փաթեթը.

իբ) իրականացնում է օրենքով, սույն օրինակելի աշխատակարգի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից հաստատված` իր աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

12. Նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

14. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

բ) վարում է հանձնաժողովի նիստերը.

գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` սահմանված կարգի համաձայն.

դ) մինչև թեստավորումն սկսելը հանձնաժողովի անդամների ներկայությամբ ստուգում և ստորագրում է ամփոփաթերթերը, ինչպես նաև ստուգում և իր ստորագրությամբ վավերացրած թերթը փակցնում է քվեարկության համար նախատեսված արկղի վրա.

ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

զ) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.

է) իրականացնում է հանձնաժողովի աշխատակարգով և մյուս իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:


V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

15. Հանձնաժողովի անդամը`

ա) ստորագրում է հանձնաժողովի անդամների ներկայության թերթը.

բ) թեստավորման աշխատանքների նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.

գ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և կարող է հարցեր տալ մասնակիցներին.

դ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

ե) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր համայնքային ծառայողի համար անցկացվող գաղտնի քվեարկությանը.

զ) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է՝ «հատուկ կարծիքը կցվում է», հանձնաժողովի նախագահին է հանձնում իր կողմից ստորագրված հատուկ կարծիքը.

է) ծանոթանում է նիստերի արձանագրություններին և ստորագրում դրանք.

ը) իրականացնում է հանձնաժողովի աշխատակարգով և մյուս իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՎԱՐՏԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

16. Ատեստավորումը համարվում է ավարտված՝ հանձնաժողովի կողմից համայնքի ղեկավարին եզրակացություն տալու պահից:

17. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել հանձնաժողովին և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին և (կամ) դատական կարգով:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան