Գլխավոր տեղեկություն
Номер
N 42
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (08.02.2001-20.10.2001)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2001.01.29/2(65)
Принят
Արտոնագրային վարչության պետ
Дата принятия
31.07.2000
Подписан
Արտոնագրային վարչության պետ
Дата подписания
31.07.2000
Дата вступления в силу
08.02.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

31 հուլիսի 2000 թ.

N 42

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ԵՎ «ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ նոր օրենքը ուժի մեջ մտնելու կապակցությամբ հրամայում եմ` հաստատել

1. «Ապրանքային և սպասարկման նշանների հայտերի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնները» (կցվում է):

2. «Ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնները» (կցվում է):

3. Ուժը կորցրած ճանաչել 1998 թ. դեկտեմբերի 10-ի N 70 հրամանով հաստատված «Ապրանքային և սպասարկման նշանների հայտերի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնները» (գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 29.12.1998 թ. N 36980227) և «Ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնները» (գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 29.12.1998 թ. N 36980228):

 

Վարչության պետ

Ս. Ղանթարջյան

 

Հաստատված է
Հայարտոնագրի պետի 2000 թ.
հուլիսի 31-ի N 42 հրամանով

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Համառոտագրություններ

Օրենք` Հայաստանի Հանրապետության օրենքը «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին»:

Հայարտոնագիր` Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչություն:

Ապրանքային նշան` ապրանքային և/կամ սպասարկման նշան:

Հայտ` ապրանքային և (կամ) սպասարկման նշանի գրանցման հայտ:

Փարիզյան Կոնվենցիա` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիա:

Համաձայնագիր` Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագիր:

Արձանագրություն` Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի Արձանագրություն:

ԱԾՄԴ` Նշանների գրանցման համար ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգում (ըստ Նիցայի համաձայնագրի):

Ապրանքներ` Ապրանքներ և ծառայություններ:

Հայտատու` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ում անունով խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցումը:

Բաժին` Հայարտոնագրի ապրանքային նշանների, ապրանքների ծագման տեղանունների և արդյունաբերական նմուշների բաժին:

Սույն կանոնները սահմանված են ՀՀ վարչապետի 1998թ մարտի 12-ի N 148 որոշմամբ հաստատված Հայարտոնագրի կանոնադրության 3-րդ կետի և «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 6, 8, 9 և 10 հոդվածների համաձայն ապրանքային նշանների հայտերի ձևակերպման և ներկայացման, ինչպես նաև դրանց քննարկման և գրանցման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:

 

Մ Ա Ս  I

 

Ապրանքային եվ սպասարկման նշանների գրանցման հայտերի ձեվակերպումը եվ ներկայացումը

 

I. Հայտի ներկայացումը Հայտի

 

ներկայացման իրավունք ունեցող անձինք

 

1. Օրենքի 6 հոդվածի առաջին և երկրորդ կետերի համաձայն հայտի ներկայացման իրավունք ունեն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այսինքն` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտները:

 

Հայտի ներկայացման ընթացակարգը

 

2. Հայտատուն կարող է հայտը ներկայացնել ինքը կամ Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:

Օտարերկրյա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն ապրանքային նշանի գրանցման հետ կապված գործերը վարում են արտոնագրային հավատարմատարի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ կարգ սահմանված չէ:

Հայտը Հայարտոնագիր ներկայացվում է անմիջականորեն կամ փոստով:

 

II. Ապրանքային նշանի գրանցման հայտ

 

Ապրանքային նշան

 

3. Օրենքի 1 հոդվածի համաձայն ապրանքային նշանն այն նշանն է, որը հնարավորություն է տալիս որևէ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ապրանքները տարբերել այլ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի նույնատիպ ապրանքներից:

 

Ապրանքային նշանի տեսակները

 

4. Օրենքի 5 հոդվածի առաջին կետի համաձայն որպես ապրանքային նշան կարող են գրանցվել բառային (ներառյալ` բառեր, թվեր, տառեր, անուններ), պատկերային, ծավալային և այլ գրառմամբ ներկայացվող նշանները կամ դրանց համակցությունը:

5. Բառային ապրանքային նշանների թվին են պատկանում` բառերը, բառային բնույթ ունեցող տառակապակցությունները, բառակապակցությունները, նախադասությունները, այլ լեզվական միավորները և դրանց համակցությունները:

6. Պատկերային ապրանքային նշանների թվին են պատկանում` կենդանի էակների, առարկաների, բնության և այլ օբյեկտների պատկերները, ինչպես նաև ցանկացած ձևի այլ պատկերները, հարթության վրա գծերի, բծերի, պատկերների համակցությունը:

7. Ծավալային ապրանքային նշանների թվին են պատկանում` եռաչափ օբյեկտները, պատկերները, պատկերների և գծերի համակցությունները:

8. Համակցված ապրանքային նշանների թվին են պատկանում տարբեր բնույթի բառային, պատկերային, ծավալային և այլ տարրերի համակցությունները:

9. Այլ ապրանքային նշանների թվին են պատկանում, օրինակ` լուսային, ձայնային և այլ նշանները:

10. Ապրանքային նշանը կարող է գրանցվել ցանկացած գույնով կամ գունային համակցությամբ:

 

Ապրանքային նշաններ, որոնք օրենքի 11 հոդվածի համաձայն ենթակա չեն գրանցման

 

11. Օրենքի 11 հոդվածի համաձայն գրանցման ենթակա չեն այն ապրանքային նշանները, որոնք`

1. չունեն տարբերակիչ հատկանիշներ, մասնավորապես իրենցից ներկայացնում են պատկերներ, որոնք կազմված են` գրաֆիկական յուրահատուկ ոճ չունեցող առանձին տառերից և թվերից, որպես բառ չընկալվող տառերի զուգակցումից, գծերից, պարզ երկրաչափական պատկերներից, ինչպես նաև դրանց զուգակցումից, որոնց համակցությունը չի տալիս դրա մեջ մտնող տարրերի ընկալումից տարբերվող ընկալման այլ որակական մակարդակ.

2. պետական զինանշաններ, դրոշներ և խորհրդանիշներ, պետությունների պաշտոնական անվանումներ, միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշներ, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգևներ և այլ տարբերանշաններ կամ թվարկվածներին շփոթելու աստիճան նման նշաններ են: Այդպիսի նշանները, որպես չպահպանվող տարրեր, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ դրանց սեփականատիրոջ կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությամբ.

3. համընդհանուր օգտագործման մեջ են մտել որպես որոշակի տեսակի ապրանքներ բնորոշող նշաններ.

4. համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշներ և տերմիններ են.

5. նշում են ապրանքի տեսակը, որակը, քանակը, հատկությունները, արժեքը, ստեղծման նպատակը, ինչպես նաև ապրանքի արտադրության և իրացման տեղն ու ժամանակը:

6. բացառապես ներկայացնում են ապրանքի արտաքին ձևը, որը`

- բխում է զուտ ապրանքի բնույթից,

- անհրաժեշտ է որևէ տեխնիկական արդյունքի հասնելու համար,

- ապրանքին տալիս է էական արժեք:

Սույն կետի 1-6-րդ ենթակետերում նշված նշանները որպես չպահպանվող տարրեր կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ, եթե չեն կազմում դրա գերիշխող մասը:

12. Օրենքի 11 հոդվածի 3-րդ կետի համաձայն որպես ապրանքային նշան կամ նրա տարր չեն կարող գրանցվել նաև այն նշանները, որոնք հանդիսանում կամ պարունակում են`

1. կեղծ կամ սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություններ ապրանքի կամ արտադրողի մասին.

2. աշխարհագրական նշում և գրանցման են ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից, եթե այդ աշխարհագրական նշման օգտագործումը մոլորության մեջ է գցում սպառողին ապրանքների իրական ծագման վայրի հարցում.

3. գինիներ անհատականացնող աշխարհագրական նշում այն գինիների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից կամ սպիրտային խմիչքներ անհատականացնող աշխարհագրական նշում այն սպիրտային խմիչքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից, նույնիսկ եթե նշվում է ապրանքների իրական ծագումը, կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ:

Որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել նաև այն նշանները, որոնք հակասում են հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին, կամ անբարեխիղճ մրցակցության կանխման կանոններին (գործարար շրջանառության սովորություններին):

 

Ապրանքային նշաններ, որոնք Օրենքի 12 հոդվածի 1-ին մասի համաձայն չեն կարող գրանցվել

 

13. Որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են`

1. նույն կամ նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում այլ անձի անունով արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված ավելի վաղ առաջնությամբ ապրանքային նշանին.

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող` այլ անձանց ապրանքային նշաններին, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշաններին, որոնք պահպանվում են Փարիզյան Կոնվենցիայի 6bis հոդվածին համապատասխան, ինչպես նաև Համաձայնագրին և Արձանագրությանը համապատասխան պահպանվող նշաններին.

3. Հայաստանի Հանրապետությունում օրենքով պահպանվող ապրանքի ծագման տեղանվանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա որպես չպահպանվող տարր ներառված է տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձանց անունով գրանցված ապրանքային նշանի մեջ.

4. սահմանված կարգով գրանցված հավաստագրային նշաններին:

 

Ապրանքային նշաններ, որոնք Օրենքի 12 հոդվածի 2-րդ մասի համաձայն չեն կարող գրանցվել

 

14. Որպես ապրանքային նշան չեն գրանցվում այն նշանները, որոնք վերարտադրում են`

1. Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնի և այլ անձանց պատկանող ֆիրմային անվանումները (կամ դրանց տարբերակող մասը), եթե այդ անվանումների նկատմամբ իրավունքը նրանք ստացել են մինչև նույնատիպ ապրանքների համար ապրանքային նշանի հայտի ներկայացման թվականը.

2. ավելի վաղ առաջնությամբ արդյունաբերական նմուշները, որոնց տնօրինման իրավունքը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է այլ անձանց.

3. Հայաստանի Հանրապետությունում գիտության, գրականության, արվեստի հանրահայտ ստեղծագործությունների անվանումները կամ դրանցից մեջբերումները` առանց դրանց հեղինակների կամ նրանց ժառանգների համաձայնության.

4. հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանցից ածանցյալները, դիմանկարները և ֆաքսիմիլեները` առանց այդ անձանց, նրանց ժառանգների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. հունիսի 7-ի N 289 որոշմամբ հաստատված կարգով տրված թույլտվության:

 

Հայտին ներկայացվող պահանջները

 

15. Օրենքի 6 հոդվածի 6-րդ կետի համաձայն հայտը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի: Հայտարկված նշանները, որոնք իրարից տարբերվում են որևէ տարրով, համարվում են տարբեր ապրանքային նշաններ:

 

Հայտի կազմը

 

16. Հայտը պետք է պարունակի`

1. դիմում ապրանքային նշանի գրանցման մասին (այսուհետ` դիմում), որում նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը (հասցեն).

2. հայտարկվող ապրանքային նշանի պատկերը և դրա նկարագրությունը.

3. ԱԾՄԴ դասերին համապատասխան խմբավորված այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը:

 

Հայտին կցվող փաստաթղթերը

17. Հայտին պետք է կցվեն`

1. սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը (բնօրինակը): Եթե պետական տուրքը վճարված է զեղչով, ապա կցվում է նաև տեղեկանք` տուրքի վճարման օրվա դրությամբ իրավաբանական անձի աշխատողների թվաքանակի մասին:

2. անհատ ձեռնարկատիրոջ պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը, եթե հայտատուն ֆիզիկական անձ է.

3. կոլեկտիվ նշանի կանոնադրությունը, եթե ներկայացվում է կոլեկտիվ նշանի հայտ:

Օրենքի 21 հոդվածի 1-ին կետի համաձայն կոլեկտիվ նշանի կանոնադրությունը պետք է պարունակի տնտեսական ընկերակցության անվանումը, կոլեկտիվ նշանն իր անունով գրանցելու լիազորված իրավաբանական անձի անվանումը, տվյալ նշանի օգտագործման իրավունքն ունեցող իրավաբանական անձանց ցուցակը, գրանցման նպատակը, կոլեկտիվ նշանով նշվող ապրանքների անվանացանկը և դրանց միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրերը, կոլեկտիվ նշանի օգտագործման պայմանները, օգտագործման վերահսկողության կարգը, պատասխանատվությունը կոլեկտիվ նշանի կանոնադրության խախտման համար:

4. Արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացվող հայտին կցվում է հայտատուի կողմից տրված արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող լիազորագիր:

Լիազորագրի օրինակելի ձևը կցվում է:

Հայարտոնագիր ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում ձևակերպվող լիազորագիրը կարող է տրվել հասարակ գրավոր ձևով, առանց նոտարական վավերացման:

Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի լիազորագիրը, որը ներկայացնում է մշտապես ՀՀ սահմաններից դուրս բնակվող անհատ ձեռնարկատերերի կամ օտարերկրյա իրավաբանական անձանց շահերը, կարող է տրվել ինչպես այդ անձանց կողմից, այնպես էլ նրանց կողմից լիազորված արտոնագրային հավատարմատարի կողմից, եթե վերջիններս ունեն վերալիազորման իրավունք:

Լիազորագիրը պետք է բավարարի հետևյալ պայմաններին`

4.1. լիազորագիրը ստորագրվում է լիազորող անձի կողմից.

4.2. լիազորագիրը տրվում է Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարին.

4.3. լիազորագրում պետք է նշվեն արտոնագրային հավատարմատարի իրավասությունների շրջանակները.

4.4. լիազորագրում պետք է նշվի դրա կատարման թվականը, առանց որի այն առոչինչ է:

Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող 3 տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է կատարման թվականից մեկ տարվա ընթացքում:

Արտասահմանում կատարված և գործողության ժամկետի մասին նշում չպարունակող` նոտարի վավերացրած լիազորագիրը պահպանում է ուժը մինչև լիազորագիր տված անձի կողմից այն վերացնելը:

Եթե լիազորագիրը տրվում է հայտատուի կողմից լիազորված հավատարմատարի կողմից (վերալիազորում), ապա այն պետք է վավերացվի նոտարական կարգով: Այս դեպքում վերալիազորման կարգով տրված լիազորագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել այն լիազորագրի գործողության ժամկետը, որի հիման վրա դա տրված է:

Եթե լիազորագիրը տրված է մի քանի արտոնագրային հավատարմատարի անունով, ապա ապրանքային նշանի գրանցման հետ կապված գործերը կարող է վարել նրանցից յուրաքանչյուրը:

Արտոնագրային հավատարմատարի կողմից լիազորագրում նշված իրավասությունների շրջանակներում կատարված ցանկացած գործողություն գնահատվում է որպես հայտատուի կողմից կատարված գործողություն:

5. Օրենքի 7 հոդվածի 2-րդ կետի համաձայն կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում, հայտին կցվում է նաև Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետություն ներկայացված առաջնային հայտի (այսուհետ` առաջին հայտ) պատշաճ ձևով վավերացված պատճենը: Օրենքի 7 հոդվածի 4-րդ կետի համաձայն առաջին հայտի պատճենը պետք է Հայարտոնագիր ներկայացվի կոնվենցիայով հայտը Հայարտոնագիր ներկայացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

Կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու մասին հայտատուն կարող է նշել հայտը ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից երկու ամսվա ընթացքում:

6. Ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու դեպքում, հայտին կցվում է այդ պահանջի իսկությունը հաստատող փաստաթուղթը: Նշված փաստաթուղթը կարող է ներկայացվել հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականից երեք ամսվա ընթացքում:

Ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու մասին հայտատուն կարող է նշել հայտը ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից երկու ամսվա ընթացքում:

Հայտատուի կողմից ներկայացված փաստաթուղթը պետք է հաստատի ցուցահանդեսի կարգավիճակը որպես Փարիզյան Կոնվենցիայի մասնակից որևէ պետության տարածքում կազմակերպված պաշտոնական կամ պաշտոնապես միջազգային ճանաչված լինելը և պարունակի ապրանքը ցուցադրող անձի անվանումը, նշանը, դրանով նշված ապրանքների ցանկը, ինչպես նաև ցուցահանդեսում ցուցանմուշների բաց ցուցադրման թվականը:

Հայտատուի կողմից ներկայացված փաստաթուղթը պետք է վավերացվի տվյալ ցուցահանդեսի վարչական մարմնի կամ կազմկոմիտեի կողմից:

7. Եթե ապրանքային նշանում օգտագործված է որևէ հռչակավոր անձի անուն, ազգանուն, կեղծանուն և դրա ածանցյալ, դիմանկար կամ ֆաքսիմիլե, ապա հայտին կցվում է դրանց օգտագործման համար տվյալ անձի կողմից տրված թույլտվությունը, իսկ նրա մահվան դեպքում` տվյալ անձի ժառանգների թույլտվությունը: Վերջիններիս մահվան և ժառանգներ չունենալու դեպքում թույլտվություն տալու հարցը Հայարտոնագրի կողմից քննարկվում է հայտի քննարկման ընթացքում, և այդպիսի թույլտվություն տրվում է, եթե այդ ապրանքային նշանի օգտագործումը հարիր է տվյալ անձի հռչակին և չի կարող ստվեր գցել տվյալ անձի հեղինակության վրա:

 

Հայտ ներկայացնելը

 

18. Դիմումը, նշանի նկարագրությունը և ապրանքների ցանկը ներկայացվում են հայերեն: Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այս դեպքում Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատուները` հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում: Հակառակ դեպքում հայտը կհամարվի ներկայացված նշված փաստաթղթերի թարգմանությունների ներկայացման թվականին:

19. Հայտը (բացառությամբ գրանցման ներկայացված հայտարկվող նշանի պատկերի) և դրան կից փաստաթղթերը ներկայացվում են մեկ օրինակից:

Հայտարկվող նշանի պատկերը ներկայացվում է 5 օրինակից:

 

III. Հայտի բովանդակությունը

 

20. Հայտը ներկայացվում է սույն կանոնների հավելվածում տրված ձևաթղթի տեսքով:

Եթե որևէ տեղեկություն հնարավոր չէ տեղավորել համապատասխան սյունակում, ապա այն տրվում է լրացուցիչ թերթի վրա, հայտի համապատասխան սյունակում նշելով` «տես լրացուցիչ թերթի վրա»:

 

Հայտի դիմումը

 

21. 730 ծածկագրի տակ տրվում են տեղեկություններ հայտատուի մասին`

իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և հայտատուի երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST 3 ստանդարտի:

22. Կոնվենցիայով առաջնություն կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու դեպքում համապատասխան շրջանակում կատարվում է նշում` «X» նշանով: Կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում լրացվում են 310, 320 և 330 ծածկագրերի սյունակները, իսկ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու դեպքում` 230 ծածկագրի սյունակը:

Հաջորդ սյունակում նշվում են հայտատուի (ների) փոստային հասցեն, նամակագրության հասցեն, ինչպես նաև հեռախոսի և ֆաքսի համարները:

23. Որպես նամակագրության հասցե կարող է նշվել հայտատու` իրավաբանական անձի գտնվելու վայրը, հայտատու` ֆիզիկական անձի բնակության վայրը, կամ Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի հասցեն, կամ որևէ հասցե ՀՀ տարածքում:

24. 740 ծածկագրի տակ, որը լրացվում է, եթե հայտը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով, տրվում են տեղեկություններ նրա մասին` անունը, ազգանունը և Հայարտոնագրում նրա գրանցման համարը:

 

Նշանի պատկերը եվ նկարագրությունը

 

25. 540 ծածկագրի տակ զետեղվում է հայտարկվող նշանի պատկերը (լուսանկար, տպագրական դրոշմվածք և այլն):

Նշանի պատկերը պետք է ունենա անսահմանափակ վերարտադրման (բազմացման) հնարավորություն, որակյալ գրաֆիկական կատարում և ներկայացվի որակյալ սպիտակ թղթի վրա (առնվազն 80 գ/քառ.մ տեսակարար կշռով), 5x5 չափսի (կախված նշանի չափսերից. լուսանկարը կամ դրոշմվածքը կարող է լինել մինչև 8x10սմ):

Եթե որպես նշան գրանցման է ներկայացված պիտակը, ապա որպես հայտարկվող նշանի պատկեր իր բնական մեծությամբ կարող է ներկայացվել պիտակը:

Եթե պիտակի չափսը գերազանցում է 21x29.7սմ, ապա հայտարկվող նշանը ներկայացվում է փոքրացված չափսերով:

Եթե գրանցման է ներկայացվում ծավալային (եռաչափ) նշան, ապա 540 կոդի տակ զետեղվում է այդ նշանի ընդհանուր տեսքը: Լրացուցիչ ներկայացվում են նաև հայտարկվող ծավալային նշանի մասին սպառիչ պատկերացում տվող բոլոր անհրաժեշտ պրոյեկցիաները:

Հայտարկվող նշանի լուսանկարները կամ տպագրական դրոշմվածքները ներկայացվում են այն գույնով կամ գունային համակցությամբ, որով խնդրարկվում է նշանի գրանցումը:

Եթե որպես ապրանքային նշան գրանցման է ներկայացվում ձայնային (լուսային) նշան, ապա այն պետք է ներկայացվի ձայնագրված (տեսագրված) լսա (տեսա) կասետների վրա:

26. Նկարագրությունը ծառայում է հայտարկվող նշանի էությունը հասկանալու, ինչպես նաև այն նույնականացնելու համար:

Նկարագրության մեջ տրվում է հայտարկվող նշանի բնութագիրը. դրա տեսակը (բառային, պատկերային և այլն), բաղկացուցիչ տարրերի նկարագրությունը, նշանի և/կամ դրա մասերի իմաստային նշանակությունը: Եթե բառային նշանը կամ դրա մի մասը չունի իմաստային նշանակություն, ապա տրվում է դրա կազմման եղանակը. օրինակ` մի քանի բառերի առաջին վանկերը, հապավումները, մտացածին բառ և այլն:

Եթե բառային նշանը հայերենում հազվադեպ է գործածվում (օրինակ` հատուկ տերմին, պատմական անուն, հնացած խոսք), ապա տրվում է դրա իմաստը:

Եթե բառային նշանը ներկայացվում է ոչ հայերենով, ապա տրվում է դրա գրադարձությունը` հայոց լեզվի այբուբենի տառերով, և թարգմանությունը` եթե նշանն ունի բառային իմաստ:

Եթե նշանը կամ դրա մի մասը պատկերային է, ապա տրվում է դրա մեջ մտնող բոլոր տարրերի նկարագրությունը և նշվում է դրա իմաստային նշանակությունը, եթե այդպիսին կա:

Եթե պատկերային նշանը վերացական բնույթի է, ապա նշվում է, թե ինչ է այն խորհրդանշում:

Եթե որպես ապրանքային նշան ներկայացվում է ձայնային նշան, ապա տրվում է ձայնի տեսակը (երաժշտական ստեղծագործություն կամ դրա մի մաս, որևէ ծագում ունեցող աղմուկ և այլն): Եթե նշանի մեջ օգտագործված է երաժշտական ստեղծագործություն, ապա նկարագրության մեջ տրվում է դրա նոտագրությունը:

Եթե որպես ապրանքային նշան ներկայացվում է լուսային նշան, ապա բերվում են լուսային ազդանշանների, դրանց հաջորդականության, լուսարձակման երկարության, տևողության և այլ առանձնահատկությունների բնութագրերը:

27. Եթե խնդրարկվում է գունավոր նշանի գրանցում, ապա նշվում է դրա գույնը կամ գունաշարը: Գույների նկարագրությունը պետք է համապատասխանի նշանի մեջ օգտագործված գույներին:

Եթե նշանի գրանցումը խնդրարկվում է սև-սպիտակ, ապա նշված սյունակը չի լրացվում:

Գունավոր նշանների համար 591 ծածկագրի տակ պետք է տրվի նշանի գույնը կամ գունային համակցությունը:

591 ծածկագրից ներքև գտնվող սյունակները հայտատուի կողմից չեն լրացվում:

 

Ապրանքների եվ ծառայությունների ցանկը

 

28. Ապրանքների և ծառայությունների ցանկը նախատեսված է որոշելու այն ապրանքները, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը:

29. 510 ծածկագրի տակ տրվում է ԱԾՄԴ դասը, դիմացը նշելով այն ապրանքների անվանումները, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը: Ըստ ԱԾՄԴ դասերի խմբավորված ապրանքները պետք է նշվեն ճշգրիտ տերմիններով` հնարավորություն տալով նույնականացնել ապրանքը:

 

Կցվող փաստաթղթերի ցանկը

 

30. Նշված սյունակը լրացվում է համապատասխան վանդակում «X» նշան դնելով, նշելով կցվող փաստաթղթերից յուրաքանչյուրի օրինակների և թերթերի քանակը: Հայտի ձևաթղթում չնախատեսված այլ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում նշվում է դրանց ճշգրիտ նշանակությունը:

31. Այն դեպքում, երբ հայտարկվող նշանը պարունակում է օրենքի 11 հոդվածի 1-ին կետում նշված նշաններ կամ դրանց շփոթելու աստիճան նման տարրեր, ապա հայտին կցվում է դրանց օգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ`

1. համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը պետական զինանշանների, դրոշների և խորհրդանիշների պատկերները, պետությունների պաշտոնական անվանումները, պաշտոնական խորհրդանիշները, միջազգային միջպետական կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումները ապրանքային նշանում օգտագործելու համար.

2. համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը պետական պարգևների և այլ տարբերանշանների պատկերներն ապրանքային նշանում օգտագործելու համար.

3. համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը` պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմների, կնիքների պատկերներն ապրանքային նշանում օգտագործելու համար:

32. Այն դեպքում, երբ հայտարկվող նշանի մեջ տրվում է ձեռնարկության հիմնադրման թվականը, կամ հայտատուի կողմից թողարկվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների համար տրված պարգևների պատկերները, ապա հայտին կցվում են ձեռնարկության հիմնադրման թվականը հաստատող փաստաթղթերը, երկրորդ դեպքում` հայտատուի իրավունքը պարգևի նկատմամբ:

 

Լրացուցիչ տեղեկություններ

 

33. Նշված սյունակը լրացվում է հայտարկվող առանձնահատուկ նշանի դեպքում (ծավալային, ձայնային, լուսային, կոլեկտիվ և այլ նշան):

Եթե գրանցման ներկայացված նշանը նույնական կամ շփոթելու աստիճան նման է նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում տվյալ հայտատուի անունով արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված նշանին, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող տվյալ հայտատուի նշանին, կամ նշանում որպես տարր օգտագործված է ապրանքի ծագման տեղանուն, որի օգտագործման իրավունքը հայտատուն ունի, ապա հայտում վկայակոչվում է հայտատուի այդ իրավունքները հաստատող փաստաթուղթը:

Եթե ներկայացվում է ծավալային կամ կոլեկտիվ նշան, ապա «լրացուցիչ տվյալներ» սյունակում լրացվում է համապատասխան վանդակը` «X» նշան դնելով:

 

Ստորագրություն

 

34. Հայտի «ստորագրություն» սյունակը լրացվում է` պարտադիր նշելով ստորագրության թվականը:

Հայտը ստորագրում է հայտատուն: Եթե հայտատուն իրավաբանական անձ է, ապա հայտը ստորագրում է դրա ղեկավարը` նշելով պաշտոնը: Ստորագրությունը վավերացվում է ձեռնարկության կնիքով:

Արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացվող հայտը ստորագրվում է նրա կողմից: Բոլոր ստորագրությունների կողքին նշվում է ստորագրող անձի անունը (առաջին տառը) և ազգանունը: Հայտին կցվող լրացուցիչ թերթերը ևս ստորագրվում են նույն կարգով:

 

Մ Ա Ս  II

 

Ապրանքային նշանի հայտով գործավարությունը

 

IV. Ներկայացուցչի նշանակումը

 

35. Նշանի գրանցման հայտով գործերը վարելու և հայտի քննարկման ընթացքում իր շահերը ներկայացնելու համար, հայտատուն կարող է նշանակել ներկայացուցիչ` նրան տալով սույն կանոնների 17-րդ կետի 3. ենթակետով նախատեսված պահանջներին համապատասխան ձևակերպված լիազորագիր:

Օտարերկրյա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն ապրանքային նշանների գրանցման հետ կապված գործերը վարում են միայն Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: Այլ հայտատուների համար որպես ներկայացուցիչ կարող է նշվել ինչպես արտոնագրային հավատարմատար, այնպես էլ այլ անձ:

Լիազորագիրը կարող է ներկայացվել հայտի հետ կամ գործավարության ընթացքում, որը կցվում է հայտին:

Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կողմից կատարվող գործողությունները համարվում են անվավեր և փորձաքննության ընթացքում հաշվի չեն առնվում:

Ներկայացուցչի ցանկացած գործողություն` նրան տրված լիազորությունների շրջանակներում կամ նրա նկատմամբ Հայարտոնագրի ցանկացած գործողություն ունի նույն հետևանքները, ինչ հայտատուի գործողությունը կամ հայտատուի նկատմամբ կատարված գործողությունը:

Ներկայացուցչությունը վավերական է մինչև լիազորագրում նշված լիազորությունների սպառումը կամ դրա գործողության ժամկետի ավարտը:

Լիազորագրով տրված լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կարող է կատարվել հայտատուի կամ նրա իրավահաջորդի կողմից Հայարտոնագիր ներկայացված դիմումի համաձայն (լիազորագրի վերացում):

 

V. Հայարտոնագրի հետ գրագրությունը

 

36. Գրագրությունը կատարվում է հայտատուի կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչի միջոցով, յուրաքանչյուր հայտով առանձին:

Հայտ ներկայացնելուց հետո Հայարտոնագիր ուղարկվող նյութերում, որոնք ստորագրում է հայտատուն կամ նրա ներկայացուցիչը, պետք է նշվի հայտի համարը:

Եթե ներկայացված նյութերում նշված չէ հայտի համարը և այլ կերպ հնարավոր չէ այն պարզել, ապա դրանք հետ են վերադարձվում առանց քննարկման:

37. Հայտի քննարկման ընթացքում ուղարկվող նյութերը ներկայացվում են օրենքով նախատեսված ժամկետներում: Եթե ժամկետն արտահայտված է «ընթացքում ...» բառով, իսկ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային է, ապա դրա ավարտը համարվում է հանգստյան օրվանը հաջորդող աշխատանքային օրը: Եթե ժամկետի ավարտը վերջանում է այնպիսի ամսում, որում չկա համապատասխան ամսաթիվը, ապա ժամկետը վերջանում է այդ ամսվա վերջին օրը:

38. Եթե գրագրությունն իրականացնում է հայտատուի ներկայացուցիչը, ապա Հայարտոնագրի գրության (հարցման, որոշման և այլն) հետ կապված նյութերի ներկայացման ժամկետը հաշվարկվում է ներկայացուցչի կողմից նյութերի ստացման օրվանից:

Եթե Հայարտոնագրի կողմից փոստային համակարգով պատվերով առաքված նյութերը հայտատուին չեն հասնում նրա հասցեի փոփոխության պատճառով, ինչի մասին հայտատուն ժամանակին տեղյակ չի պահել Հայարտոնագրին, ապա գործավարությունը դադարեցվում է և հայտը համարվում է հետ կանչված:

39. Հայարտոնագրում գործավարությունն իրականացվում է հայերեն: Հայտատուի կողմից այլ լեզվով ներկայացված նյութին պետք է կցվի դրա հայերեն թարգմանությունը:

 

VI. Հայտի մեջ լրացումներ, ճշգրտումներ, ուղղումներ եվ փոփոխություններ կատարելը

 

40. Հայտատուն իրավունք ունի փորձաքննության ընթացքում, մինչև նշանի գրանցման մասին որոշման ընդունումը, լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարել հայտի նյութերում:

Հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարվում են հայտատուի գրավոր դիմումի համաձայն, որին պետք է կցվի հայտի նյութերում փոփոխություններ կատարելու համար տուրքի վճարման անդորրագիրը: Եթե դիմումը ներկայացվել է առանց տուրքի վճարման անդորրագրի, այն քննարկման չի ընդունվում, ինչի մասին Հայարտոնագիրը ծանուցում է հայտատուին:

Եթե վճարված գումարը չի համապատասխանում սահմանված տուրքի չափին, ապա հայտատուին ուղարկվում է հարցում` պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու առաջարկությամբ: Նշված ժամկետում այդ գումարը չվճարելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:

Դիմումը քննարկման ընդունելու դեպքում առաջարկվող փոփոխությունները հաշվի են առնվում Հայարտոնագրի կողմից և տեղ գտնում նրա հետագա որոշումներում, եթե այդ փոփոխությունները համապատասխանում են օրենքի 8 հոդվածի 4-րդ կետի պահանջներին: Հակառակ դեպքում այդ փոփոխությունները չեն ընդունվում, ինչի մասին, համապատասխան հիմնավորմամբ, ծանուցվում է հայտատուն:

41. Հայտարկվող նշանի մեջ փոփոխություններ կատարելիս ներկայացվում է նշանի փոփոխված պատկերը` սույն կանոնների 19-րդ կետում նշված օրինակների քանակով:

42. Հայտատուի անվանման փոփոխության դեպքում ներկայացվում է այդ փոփոխությունը հաստատող փաստաթուղթ:

43. Ապրանքային նշանի գրանցման հայտով վկայական ստանալու իրավունքի զիջումը, այն է` հայտի քննարկման ցանկացած փուլում հայտատուի փոփոխությունը կատարվում է Հայարտոնագիր ներկայացված դիմումի համաձայն, որին կցվում է սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը:

Դիմումը պետք է նշում պարունակի նշանի վկայական ստանալու իրավունքն այլ անձի` իրավահաջորդի զիջելու մասին, ինչպես նաև այդ անձի մասին սույն կանոնների 21 և 24-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, անհրաժեշտության դեպքում ` նաև 24-րդ կետով նախատեսված տեղեկությունները և լիազորագիրը:

Դիմումը ստորագրում է հայտատուն և նրա իրավահաջորդը սույն կանոնների 34-րդ կետով նախատեսված կարգով:

Այն դեպքում, երբ դիմումն ստորագրում է միայն հայտատուն, դիմումին կցվում է հայտատուի և նրա իրավահաջորդի կողմից ստորագրված իրավունքի զիջումը հաստատող փաստաթուղթը:

Սահմանված պահանջների կատարման դեպքում հայտատուն և նրա իրավահաջորդը ծանուցվում են հայտի նյութերում հայտատուի փոփոխության վերաբերյալ գրառում կատարելու մասին: Հետագա գրագրությունը կատարվում է նոր հայտատուի հետ:

Հայտատուի փոփոխության թվականը համարվում է հայտի նյութերում հայտատուի փոփոխման վերաբերյալ գրառում կատարելու մասին հայտատուին և նրա իրավահաջորդին ուղղված ծանուցագրի ուղարկման թվականը:

Սահմանված պահանջները խախտելու դեպքում հայտատուն և նրա իրավահաջորդը ծանուցվում են ներկայացված փաստաթղթերը ճշգրտելու և (կամ) ուղղելու անհրաժեշտության կամ հայտի նյութերում հայտատուի փոփոխության մասին գրառում կատարելու անհնարինության մասին` բերելով համապատասխան հիմնավորումներ:

44. Հայտատուի ներկայացրած լրացուցիչ փաստաթղթերը ստուգվում են սույն կանոնների 115-117-րդ կետերին համապատասխան:

 

VII. Հայտի փաստաթղթերին ծանոթանալը

 

45. Հայտատուն (նրա ներկայացուցիչը) իրավունք ունի ծանոթանալ իր կողմից ներկայացված հայտին և դրան վերաբերող փաստաթղթերին ինչպես Հայարտոնագրում` նախօրոք համաձայնեցնելով օրը և ժամը, այնպես էլ դրանց պատճենները պահանջելու միջոցով: Պատճեններն ուղարկվում են հայտատուին` օրենքով սահմանված համապատասխան տուրքի վճարման դեպքում:

 

VIII. Փորձաքննության որոշման մեջ նշված նյութերին ծանոթանալը

 

46. Հայտատուն իրավունք ունի ծանոթանալ փորձաքննության որոշման մեջ նշված նյութերին:

Որոշման ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում հայտատուն կարող է պահանջել այդ նյութերի պատճենները, որոնք տրվում են հայտատուին` օրենքով սահմանված համապատասխան տուրքի վճարման դեպքում:

 

IX. Հայտի քննարկումը հայտատուի մասնակցությամբ

 

47. Սովորաբար հայտի հետ կապված հարցերի քննարկումն անցկացվում է հայտատուի (նրա ներկայացուցչի) մասնակցությամբ, եթե փորձաքննության համար անհրաժեշտ է ստանալ հայտարկվող նշանի, ապրանքների և ծառայությունների ցանկի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ, ինչպես նաև գրանցման պայմաններին հայտարկվող նշանի համապատասխանության հարցում հայտատուի և փորձաքննության դիրքորոշումների հստակեցման նպատակով:

Այդպիսի քննարկում անցկացվում է Հայարտոնագրի առաջարկությամբ կամ հայտատուի խնդրանքով, երբ երկու կողմերն էլ ծանոթացել են այդ հարցերին: Փորձաքննության հարցերը կարող են շարադրվել հարցման մեջ, որտեղ լրացուցիչ նշվում է համատեղ քննարկման անհրաժեշտությունը, իսկ հայտատուի հարցերը` համատեղ քննարկում անցկացնելու մասին դիմումի մեջ:

Հարցմանը հայտատուն պատասխանում է Օրենքով նախատեսված ժամկետում, անկախ նրանից, մտադիր է մասնակցել հայտի քննարկմանը, թե` ոչ:

Հայտի քննարկման օրն ու ժամը նախօրոք համաձայնեցվում է: Հանգամանքների փոփոխության դեպքում այն կողմը, որը հնարավորություն չունի նշանակված ժամին մասնակցել հայտի քննարկմանը, անհապաղ այդ մասին տեղեկացնում է մյուս կողմին:

Եթե Հայարտոնագիրը կամ հայտատուն հայտի համատեղ քննարկումը համարում են վաղաժամ կամ ոչ նպատակահարմար, Հայարտոնագրի առաջարկությունը կամ հայտատուի խնդրանքը կարող է մերժվել:

Հայտատուի ներկայացուցիչը կարող է մասնակցել հայտի քննարկմանը սույն կանոնների 17-րդ կետի 3. ենթակետի և 35-րդ կետի պայմանները պահպանելու դեպքում:

 

X. Պահանջված նյութերի ներկայացման ժամկետի երկարաձգումը

 

48. Օրենքի 8 հոդվածի 6-րդ կետին համապատասխան, հայտատուի գրավոր դիմումի համաձայն, Հայարտոնագրի հարցմամբ պահանջված նյութերի ներկայացման ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի քան 6 ամսով:

Դիմումին կցվում է այն ներկայացնելու համար սահմանված տուրքի վճարման անդորրագիրը:

49. Լրացուցիչ նյութերի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին դիմումը ներկայացվում է հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

50. Պահանջվող նյութերի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուն ծանուցվում է:

51. Պահանջվող նյութերի ներկայացման ժամկետը չի երկարաձգվում, եթե դիմումը ստացվել է սահմանված ժամկետի խախտմամբ, կամ չի ներկայացվել սահմանված տուրքի վճարման անդորրագիրը: Եթե վճարված տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափին, հայտատուին ուղարկվում է ծանուցագիր` պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու առաջարկությամբ: Այդ ժամկետում նշված գումարը չվճարելու դեպքում պահանջված նյութերի ներկայացման ժամկետը չի երկարաձգվում:

Այս դեպքերում հայտատուն ծանուցվում է իր խնդրանքը մերժելու մասին:

 

XI. Բաց թողնված ժամկետների վերականգնումը

 

52. Օրենքի 10 և13 հոդվածներին համապատասխան կարող են վերականգնվել հայտատուի կողմից բաց թողնված հետևյալ ժամկետները`

1. հայտատուի փոփոխության մասին դիմում ներկայացնելու ժամկետը.

2. փորձաքննության հարցումով լրացուցիչ նյութերի ներկայացման ժամկետը.

3. մերժման մասին որոշման դեմ առարկություն ներկայացնելու ժամկետը.

4. նախնական կամ նշանի կրկնական փորձաքննության որոշման դեմ առարկություն ներկայացնելու ժամկետը.

5. փորձաքննության որոշման մեջ նշված փաստաթղթերի պատճենները պահանջելու ժամկետը:

53. Հայարտոնագիրը հայտատուի կողմից բաց թողնված ժամկետը կարող է վերականգնել դրա լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում, հայտատուի ներկայացրած դիմումի համաձայն, որին պետք է կցվի սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը:

54. Առանց տուրքի վճարման անդորրագրի ներկայացված դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

55. Բաց թողնված ժամկետի վերականգնման մասին հայտատուն ծանուցվում է:

 

XII. Հայտի հետ կանչումը

 

56. Օրենքի 8 հոդվածի 7-րդ կետի համաձայն հայտատուի դիմումի հիման վրա հայտը կարող է հետ կանչվել փորձաքննության ցանկացած փուլում: Դիմումը կարող է ներկայացվել մինչև նշանի գրանցումը: Հայտը համարվում է հետկանչված` այդ մասին ծանուցագիրը հայտատուին ուղարկելու թվականից:

57. Հետկանչված հայտով իրավաբանական նշանակություն ունեցող որևէ գործողություն չի կատարվում (այդպիսի հայտով փորձաքննություն չի կատարվում, ապրանքային նշանը չի գրանցվում): Այլ հայտերի փորձաքննության ընթացքում հետկանչված հայտը հաշվի չի առնվում:

58. Սույն կետի 2-րդ ենթակետի դրույթները գործում են նաև այն հայտերի նկատմամբ, որոնք օրենքով սահմանված կարգով համարվել են հետկանչված: Ընդ որում այդպիսի հայտի հետկանչման թվականը որոշվում է այդ մասին ծանուցագիրը հայտատուին ուղարկելու թվականով: Ծանուցագրի մեջ նշվում են համապատասխան հիմքերը:

 

Մ Ա Ս  III

 

Հայտի քննարկումն արտոնագրային վարչությունում

 

XIII. Նախնական փորձաքննություն

 

Ներկայացված հայտի գրանցումը

 

59. Հայարտոնագիր ներկայացված հայտին, որին կցված է համապատասխան տուրքի վճարման անդորրագիրը, տրվում է գրանցման համար, եթե հայտում նշված են առնվազն հայտատուն և նրա հասցեն, ապրանքային նշանը և այն ապրանքներն ու ծառայությունները, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը: Եթե հայտում բացակայում է նշված տվյալներից որևէ մեկը, կամ հայտին կից չի ներկայացվել տուրքի վճարման անդորրագիրը, կամ եթե հայտը ներկայացված է այլ լեզվով, ինչը նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրով, ապա ներկայացված հայտը չի գրանցվում և վերադարձվում է հայտատուին:

Գրանցված հայտը վերադարձման ենթակա չէ:

 

Նախնական փորձաքննության ժամկետները

 

60. Հայտի նախնական փորձաքննությունն անցկացվում է այն ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում:

Հայտատուին հարցում ուղարկելու դեպքում նշված ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև պատասխանի ստացումը:

 

Նախնական փորձաքննության խնդիրները

 

61. Նախնական փորձաքննության խնդիրն է` ստուգել հայտի կազմը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին: Դրա արդյունքների հիման վրա որոշում է կայացվում հայտը քննարկման ընդունվելու կամ չընդունվելու մասին: Հայտը քննարկման ընդունելու դեպքում, հայտատուն ծանուցվում է ապրանքային նշանի հայտի ներկայացման թվականի մասին:

 

Նախնական փորձաքննության բովանդակությունը

 

62. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում է հետևյալ նյութերի և տվյալների առկայությունն ու սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը`

1. դիմում ներկայացված պատկերը որպես ապրանքային նշան գրանցելու մասին.

2. հայտատուի անվան (անվանման) ու հասցեի նշումը.

3. արտոնագրային հավատարմատարի կամ հայտատուի այլ ներկայացուցչի (եթե այդպիսիք կան) անունը և հասցեն.

4. հայտարկվող նշանի պատկերը.

5. ապրանքների ցանկը.

6. հայտարկվող նշանի նկարագրությունը.

7. առաջին հայտի պատճենը կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում.

8. ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու իրավասությունը հաստատող փաստաթուղթը.

9. հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար տուրքի վճարման անդորրագիրը.

10. կոլեկտիվ նշանի կանոնադրությունը` կոլեկտիվ նշանի հայտ ներկայացնելու դեպքում.

11. արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը.

12. հայտին կից այլ լեզվով ներկայացված փաստաթղթերի հայերեն թարգմանությունը:

63. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում է սույն կանոնների 62-րդ կետում նշված տեղեկությունների և փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև նույն կետի 1., 2., 4., 5. ենթակետերում նշված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կանոններով սահմանված պահանջներին:

64. Հայտի ներկայացման թվականը սահմանվում է սույն կանոնների 62-րդ կետի 1., 2., 4., 5., 9. ենթակետերում թվարկված տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման թվականով:

65. Նշանի առաջնության թվականը սահմանվում է սույն կանոնների 62-րդ կետի 1., 2., 4., 5., 9. ենթակետերում թվարկված տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման թվականով, բացառությամբ այն դեպքերի, երբ խնդրարկվում է կոնվենցիայով կամ ցուցահանդեսային առաջնություն:

66. Հայտին կցված այլ լեզվով փաստաթղթերը, մինչև դրանց հայերեն թարգմանություն ներկայացնելը, համարվում են չներկայացված:

67. Սույն կանոնների 62-րդ կետի 3., 7., 8., 10. ենթակետերում թվարկված տեղեկությունների և (կամ) փաստաթղթերի բացակայությունը կամ սույն կանոններին դրանց անհամապատասխանությունը չի կարող արգելք հանդիսանալ հայտը քննարկման ընդունելու և հայտի ներկայացման թվականը սահմանելու համար:

Նախնական փորձաքննության փուլում հայտում ոչ ճիշտ ձևակերպված նյութեր և (կամ) տեղեկություններ հայտնաբերելու և (կամ) փաստաթղթերի բացակայության դեպքում, հայտը քննարկման ընդունելու մասին որոշմամբ հայտատուն կարող է ծանուցվել նաև դրանց ներկայացման և (կամ) ճշգրտման անհրաժեշտության մասին:

 

Տուրքի վճարման ստուգումը

 

68. Ներկայացված փաստաթղթերում ստուգվում է հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար տուրքի վճարման անդորրագիրը:

Անդորրագրի բացակայության դեպքում հայտը քննարկման չի ընդունվում:

Եթե ներկայացվել է տուրքի վճարման անդորրագրի պատճենը, ապա հայտատուին ուղարկվում է հարցում անդորրագրի բնօրինակը երկամսյա ժամկետում ներկայացնելու մասին:

Երկու ամսվա ընթացքում տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

Եթե անդորրագիրը ներկայացվել է, սակայն վճարված գումարը չի համապատասխանում սահմանված տուրքի չափին, ապա հայտատուին ուղարկվում է հարցում` պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու առաջարկությամբ:

Երկու ամսվա ընթացքում նշված գումարի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

Եթե ներկայացված անդորրագրով հաստատվում է հայտ ներկայացնելու և ԱԾՄԴ-ի մեկ կամ մի քանի դասով փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով տուրքի վճարումը, սակայն դա չի համապատասխանում ԱԾՄԴ-ի դասերի քանակին, որոնցով խնդրարկվում է նշանի գրանցումը, ապա հայտատուին առաջարկվում է համապատասխան հարցումն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում ներկայացնել դասերի քանակին համապատասխան լրացուցիչ վճարված տուրքի անդորրագիրը կամ ճշգրտել ԱԾՄԴ-ի դասերի քանակը, որոնցով պետք է կատարվի նշանի գրանցումը:

Երկու ամսվա ընթացքում նշված տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում հայտատուն ծանուցվում է այն մասին, որ հայտի հետագա քննարկումը կիրականացվի նրա կողմից ճշգրտված դասերին համապատասխան, իսկ այդպիսի ճշգրտման բացակայության դեպքում` հայտի սկզբնական նյութերում առաջինը նշված դասերին համապատասխան:

Եթե տուրքը վճարվել է զեղչով, ապա ստուգվում է նաև աշխատողների թվաքանակի մասին սույն կանոնների 17-րդ կետի 1. ենթակետով նախատեսված տեղեկանքի առկայությունը:

Նշված տեղեկանքի բացակայության դեպքում հայտատուին ուղարկվում է հարցում` երկամսյա ժամկետում այն ներկայացնելու կամ վճարված գումարին համապատասխան իր հավակնությունների ծավալի սահմանափակման առաջարկությամբ, եթե դա հնարավոր է:

Երկու ամսվա ընթացքում նշված տեղեկանքը չներկայացնելու դեպքում հայտատուն ծանուցվում է այն մասին, որ հայտի հետագա քննարկումը կիրականացվի նրա կողմից ճշգրտված դասերին (ծավալին) համապատասխան, իսկ այդպիսի ճշգրտման բացակայության դեպքում` հայտի սկզբնական նյութերում առաջինը նշված դասերին համապատասխան, իսկ դրա անհնարինության դեպքում` հայտը կհամարվի հետկանչված:

 

Հարցում հայտում բացակայող կամ ուղղված նյութեր ներկայացնելու մասին

 

69. Եթե նախնական փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտը ձևակերպված է սույն կանոններով նախատեսված պահանջների խախտմամբ, հայտատուին ուղարկվում է հարցում` այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ի հայտ բերված խախտումներն ուղղելու կամ բացակայող տեղեկությունները ներկայացնելու առաջարկությամբ:

70. Հարցման հիմք կարող է հանդիսանալ`

1. հայտի նյութերում սույն կանոնների 62-րդ կետի 1., 2., 4., 5., 6., 7., 11 ենթակետերում նշված փաստաթղթերում բացակայող տեղեկությունները.

2. տուրքի վճարման անդորրագրի մեջ այն տեղեկության բացակայությունը, որ տուրքը վճարված է համապատասխան հաշվի համարին.

3. տուրքի վճարման գումարի անհամապատասխանությունը սահմանված չափերին, իսկ զեղչով տուրք վճարելու դեպքում` աշխատողների թվաքանակի մասին տեղեկանքի բացակայությունը:

71. Սույն կանոնների 62-րդ կետի 3., 7., 8., 10. ենթակետերում նշված տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը պահանջելու համար նախնական փորձաքննության փուլում հայտատուին հարցում չի ուղարկվում, եթե դա միակ հիմքն է հարցման համար:

72. Սահմանված ժամկետում փորձաքննության հարցումն անպատասխան թողնելու և այդ ընթացքում նշված ժամկետը երկարաձգելու մասին դիմում չներկայացնելու դեպքում, հայտը համարվում է հետկանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

 

Հայտը քննարկման ընդունելու մասին որոշումը

 

73. Սահմանված պահանջներին հայտի համապատասխանության, ինչպես նաև հարցմանը համապատասխան պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը ժամանակին ներկայացնելու դեպքում, հայտատուին ուղարկվում է տեղեկանք հայտը քննարկման ընդունելու և նշանի առաջնությունը սահմանելու մասին (բացառությամբ այն դեպքերի, երբ առաջնությունը պետք է սահմանվի հայտարկվող նշանի փորձաքննության ընթացքում):

74. Հայտը քննարկման ընդունելու մասին տեղեկանքով հայտատուն կարող է ծանուցվել`

1. հայտարկվող նշանի փորձաքննության ընթացքում կոնվենցիայով կամ ցուցահանդեսային առաջնություն սահմանելու հնարավորության մասին, եթե այդ պահանջի իրավասությունը հաստատող փաստաթղթերը Հայարտոնագիր ներկայացվեն հայտի ներկայացման օրվանից 3 ամսվա ընթացքում.

2. փորձաքննության ընթացքում ապրանքների և ծառայությունների ցանկի վերլուծության արդյունքում վճարման ենթակա տուրքի չափի հնարավոր ճշտման մասին.

3. Օրենքով և սույն կանոններով նախատեսված այլ տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության մասին:

 

Հայտը քննարկման չընդունելու մասին որոշումը

 

75. Եթե փորձաքննության հարցման համաձայն հայտատուի ներկայացրած նյութերը չեն պարունակում պահանջված տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը, ապա որոշում է կայացվում հայտը քննարկման չընդունելու մասին, բերելով անհրաժեշտ հիմնավորումներ: Սույն կանոնների 59-րդ կետի համաձայն, համապատասխան որոշմամբ հայտը քննարկման չի ընդունվում նաև այն դեպքերում, երբ`

1. բացակայում է նշանը որպես ապրանքային նշան գրանցելու մասին դիմումը.

2. բացակայում է հայտատուի լրիվ անվանումը.

3. բացակայում է այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը.

4. բացակայում է նշանի պատկերը.

5. բացակայում է տուրքի վճարման անդորրագիրը:

 

XIV. Հայտարկվող նշանի փորձաքննությունը

 

Հայտարկվող նշանի փորձաքննության խնդիրները

 

76. Փորձաքննության խնդիրն է ստուգել հայտարկվող նշանի համապատասխանությունը օրենքի 11 և 12 հոդվածների պահանջներին և սահմանել ապրանքային նշանի առաջնությունը, եթե այն չի սահմանվել նախնական փորձաքննության ընթացքում:

77. Հայտարկվող նշանի փորձաքննության արդյունքներով որոշում է կայացվում ապրանքային նշանը գրանցելու կամ նրա գրանցումը մերժելու մասին:

78. Ապրանքային նշանը գրանցելու մասին որոշման մեջ հիմնականում նշվում են հետևյալ տեղեկությունները`

1. հայտի համարը.

2. հայտի ներկայացման թվականը.

3. կոնվենցիայով կամ ցուցահանդեսային առաջնությանը վերաբերող տվյալները (եթե դրանք կան).

4. հայտատուն.

5. ապրանքային նշանի պատկերը.

6. ԱԾՄԴ դասերին համապատասխան խմբավորված ապրանքների ցանկը:

79. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշման մեջ բերվում են օրենքին և սույն կանոններին համապատասխան ապրանքային նշանի գրանցումը մերժելու հիմքերը:

 

Հայտարկվող նշանի փորձաքննության բովանդակությունը

 

80. Քննարկման ընդունված հայտերով նախնական փորձաքննության ավարտից հետո 6-ամսյա ժամկետում անցկացվում է հայտարկվող նշանի փորձաքննություն:

Հայտարկվող նշանի փորձաքննության ընթացքում`

1. ստուգվում է հայտի նյութերի համապատասխանությունը սույն կանոնների 15-34-րդ կետերով սահմանված պահանջներին, բացառությամբ այն նյութերի, որոնք ստուգվում են նախնական փորձաքննության ընթացքում (կանոնների 62-67-րդ կետերի).

2. ստուգվում է ԱԾՄԴ դասերին համապատասխան խմբավորված ապրանքների ցանկը. 3. սահմանվում է ապրանքային նշանի առաջնությունը օրենքի 7 հոդվածի 2-րդ կետին համապատասխան, եթե այն չի սահմանվել նախնական փորձաքննության ընթացքում.

4. ստուգվում է հայտարկվող նշանի համապատասխանությունը սույն կանոնների 11-13-րդ կետերով նախատեսված գրանցման պայմաններին:

 

Ապրանքների եվ ծառայությունների ցանկի ստուգումը

 

81. Ստուգման ընթացքում պարզվում է`

1. հայտատուի կողմից ապրանքի կամ ծառայության նշման համար օգտագործված տերմինը ԱԾՄԴ այս կամ այն դասի որոշակի ապրանքի կամ ծառայության հետ միանշանակ նույնականացնելու հնարավորությունը.

2. հայտատուի կողմից ապրանքների և ծառայությունների խմբավորման ճշտությունը:

82. Հայտատուի կողմից ներկայացված ապրանքների և ծառայությունների ցանկի ճշգրտման անհրաժեշտության դեպքում փորձագետն իրավունք ունի հայտատուից պահանջել համապատասխան ճշգրտումներ:

Եթե պարզվում է, որ հայտատուի կողմից նշված ԱԾՄԴ դասերի իրական քանակը ավելին է ԱԾՄԴ դասերի այն քանակից, որոնց համար վճարված է հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու տուրքը, ապա հայտատուին ուղարկվում է ծանուցագիր` լրացուցիչ գումար վճարելու կամ իր հավակնությունների սահմանափակման (ԱԾՄԴ այն դասերի քանակի կրճատման, որոնցով խնդրարկվում է նշանի գրանցումը) անհրաժեշտության մասին:

Լրացուցիչ գումարը վճարելուց կամ իր հավակնությունների սահմանափակումից հայտատուի հրաժարվելու դեպքում, փորձաքննությունն անցկացվում է հայտում առաջինը նշված ԱԾՄԴ այն քանակի դասերի նկատմամբ, որոնց համար վճարված է տուրք:

 

Հայտարկվող նշանի պահպանունակության ստուգումը

 

83. Հայտարկված նշանը ստուգվում է նշանի գրանցումը մերժելու բացարձակ հիմքերով` օրենքի 11 հոդվածին և սույն կանոնների 11-12-րդ կետերին համապատասխան, ինչպես նաև գրանցման մերժման այլ հիմքերով` օրենքի 12 հոդվածին և սույն կանոնների 13-րդ կետին և 14-րդ կետի 1. ենթակետին համապատասխան: 

 

Նշանի ստուգումը գրանցումը մերժելու բացարձակ հիմքերով

 

84. Նշանի գրանցման մերժումը բացարձակ հիմքերով պայմանավորված է նշանի առանձնահատկություններով:

Հայտարկվող նշանի ստուգմամբ առաջին հերթին պարզվում է` արդյոք նշանը սույն կանոնների 11-12-րդ կետերում նշված նշաններից է, թե ներառում է այդպիսի տարր: Դրա համար անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը`

1. որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնք չունեն տարբերակիչ հատկանիշ կամ միայն նկարագրական բնույթի են: Օրինակ` կազմված են սոսկ պարզ երկրաչափական պատկերներից, գծերից, թվերից, առանձին տառերից և տառերի զուգակցումից, համընդհանուր ճանաչում ստացած անվանումներից, ապրանքի պարզ պատկերումից, ապրանք արտադրողին վերաբերող տեղեկություններից, ինչպես նաև ապրանքների արտադրման ժամանակը, եղանակը, արտադրման կամ իրացման վայրը, ապրանքների տեսակը, որակը, հատկանիշները (այդ թվում և գովաբանական բնույթի), քանակը, բաղադրությունը, կշռային հարաբերակցությունը, նյութը, հումքը, կիրառությունը և արժեքը մատնանշող տվյալներից.

2. բացառապես պարզ երկրաչափական պատկերներից կազմված նշանների թվին են պատկանում այն նշանները, որոնք որպես միակ տարր ներառում են եռանկյունու, շրջանի, քառակուսու, գծի կամ այդ տարրերի պարզ համակցության պատկերներ.

3. թվերից, առանձին տառերից կամ տառերի զուգակցումից կազմված, բայց բառային բնույթ չունեցող նշանների թվին են պատկանում տառերը, թվերը և դրանց զուգակցումը, որոնք չեն ընկալվում որպես բառ և հայերենով դժվար արտասանելի են: Այդպիսի նշաններից են` СКД   (ՀԿՓ), Հայջրփրկ, ԵրՄՄԳՀ ը-12: Բացառություն են կազմում այն նշանները, որոնք կազմված են գրաֆիկական յուրահատուկ ոճով և դրա շնորհիվ կարող են դիտվել որպես պատկերային նշան և այն տառերի զուգակցումը, որոնք ունեն բառային բնույթ, օրինակ` ԵրԱԶ, ԻՄԱԿ, (ЛОМО, ВСАРМ, ВИЛАР, ԳԻՆԱՐ և այլն).

4. որպես կանոն, համընդհանուր ճանաչում ստացած անվանումների թվին են պատկանում ապրանքների և ծառայությունների սեռային և տեսակային անվանումները, որոնք ներկայացվում են գրանցման որպես ապրանքային նշաններ այդ նույն ապրանքների և ծառայությունների նշումով, օրինակ` մեղվի մեղր, օշարակ, խնձորի հյութ և այլն.

5. ապրանքների պարզ պատկեր ներկայացնող նշանների թվին են պատկանում այն նշանները, որոնք ապրանքների պարզ վերարտադրումն են և ներկայացվում են գրանցման այդ նույն ապրանքների և ծառայությունների նշումով.

6. ապրանք արտադրողի վերաբերյալ տեղեկություններից բաղկացած նշանների թվին են դասվում հայտարկվող նշանի մեջ պարունակվող արտադրության ստեղծման պատմությանը, հասցեին և այլնին վերաբերող տվյալները, որոնք չունեն տարբերակիչ հատկանիշներ.

7. ապրանքի արտադրման ժամանակը, եղանակը, արտադրման կամ իրացման վայրը, ապրանքի տեսակը, որակը, հատկանիշները (այդ թվում և գովաբանական բնույթի), քանակը, բաղադրությունը, կշռային հարաբերակցությունը, նյութը, հումքը, կիրառությունը և արժեքը մատնանշող նշանների թվին են դասվում այնպիսի նշանները, ինչպիսիք են` «LIGEROS» (թեթև) սիգարետների համար` որակը, հատկանիշը, «ЭКСТРА», «ЛЮКС» համընդհանուր օգտագործվող գովաբանական բնույթի հատկանիշները, «SUGAR WIN» (շաքարի երկվորյակը) արհեստականորեն քաղցրացնող նյութի համար` կիրառությունը, «GALVANAL» գալվանապատման եղանակով ստացվող մետաղաթերթերի համար` արտադրման եղանակը, «METALL» ձևավոր ձուլվածքի համար` նյութը.

8. նկարագրական բնույթի նշանների թվին են դասվում նաև այն բառերը, որոնք չունենալով երևակայական բնույթ, կազմված են որևէ բնագավառի հանրահայտ կրճատ անվանումից, որպես օրենք, աշխարհագրական բնույթի անվանումների կրճատումների զուգակցմամբ, օրինակ` Հայէներգո, Հայարդշին, Երքիմշին և այլն.

9. տարբերակիչ հատկանիշներ չունեն նաև այն անվանումները, որոնք կազմված են բացառապես իրավաբանական անձի տեսակի նշումից (գործարան, ընկերություն, միություն), ինչպես նաև ընդհանուր լեզվական ֆոնդի բառային նշանները, օրինակ` «international», «general» «միավորում» և այլն.

10. որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնք համընդհանուր օգտագործման մեջ են մտել որպես որոշակի տեսակի ապրանքներ բնորոշող նշաններ, ինչպես նաև որոշակի գործունեության հետ կապված և համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշները և տերմինները.

11. համընդհանուր գործածում գտած որոշակի տեսակի ապրանքներ բնորոշող նշանների թվին են պատկանում այն նշանները, որոնք նախկինում գրանցված են եղել որպես ապրանքային նշան, բայց սպառողի կողմից ընկալվում են որպես ապրանքի սեռային կամ տեսակային անվանում տարբեր արտադրողների կողմից նույն կամ նույնատիպ ապրանքների համար իրարից անկախ բազմիցս օգտագործելու պատճառով, օրինակ` թերմոս, վազելին, ցելոֆան, նովոկաին, լինոլեում և այլն.

12. որոշակի գործունեության հետ կապված համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշների թվին են պատկանում այն նշանները, որոնք մատնանշում են ապրանքների և ծառայությունների ցանկի մեջ ընդգրկված տնտեսության կամ գործունեության այն ճյուղը, բնագավառը, որին վերաբերում է հայտարկվող նշանը, օրինակ` թել ու ասեղի կամ մկրատի պատկերները` կարի արդյունաբերության համար, ատամնանիվը` մեքենաշինության համար, կարկինը` նախագծային կազմակերպության համար և այլն, որոնք չեն կարող ծառայել որպես անհատականացման (նույնականացման) միջոց.

13. համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշների թվին են պատկանում գիտության և տեխնիկայի մեջ օգտագործվող պայմանական նշանները, օրինակ` քիմիական տարրերի պատկերները, կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի (ԿՓՄՀ, ЕКСД) սկզբունքային սխեմաների գրաֆիկական նշանները: Համընդհանուր ճանաչում ստացած տերմինների թվին են պատկանում գիտության և տեխնիկայի մասնագիտացված ճյուղերին վերաբերող բառապաշարային միավորները: Այդպիսի տերմինների օրինակներ են` կոբալտ, հիդրոդինամիկա, քրոմ, ստատիկա և այլն: Համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշների թվին են պատկանում նաև այնպիսի նշանները, ինչպիսիք են օրինակ` կենտրոնախույս աղեղներից բաղկացած շրջանաձև պատկերը, որը խորհրդանշում է հավերժությունը, գլոբուսի պատկերը մայր ցամաքների ուրվագծերով` որպես Երկիր մոլորակի խորհրդանիշ, գավաթին փաթաթված օձի պատկերը, որը խորհրդանշում է բժշկությունը և այլն.

14. որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնց իրենց առանձնահատկության պատճառով օգտագործման իրավունք ընձեռել չի կարելի: Օրինակ` մասնակիորեն կամ ամբողջապես կազմված են աշխարհագրական այնպիսի անվանումից, որը կարող է ընկալվել որպես տվյալ ապրանքն արտադրողի գտնվելու վայր.

15. պետական զինանշանները, դրոշները և խորհրդանիշները, պետությունների պաշտոնական անվանումները, միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումները, պաշտոնական խորհրդանիշները, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմները, կնիքները, պարգևները և այլ տարբերանշանները կամ թվարկածներին շփոթելու աստիճան նման նշանները չեն կարող գրանցվել որևէ սեփականատիրոջ անունով, քանի որ դրանցով կարող են նշվել տարբեր հայտատուների ապրանքները, իսկ վերջիններս հավասար իրավունքներ ունեն օգտագործելու դրանք իրենց նշանի մեջ` ընդգծելու համար իրենց ապրանքների բարձր որակը: Դրանք որպես չպահպանվող տարրեր կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ, եթե հայտատուն ներկայացրել է դրանց սեփականատիրոջ կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը հաստատող փաստաթուղթ.

16. աշխարհագրական անվանումները, որոնք կարող են ընկալվել որպես ապրանքն արտադրողի գտնվելու վայր, չեն կարող գրանցվել որպես ապրանքային նշան, քանի որ դրանց գրանցումը որևէ իրավաբանական անձի անունով սահմանափակում է նույն տեղանքում գտնվող մյուս բոլոր իրավաբանական անձանց իրավունքները և հնարավորություն չի տալիս օգտագործել այդ անվանումներում իրենց ապրանքների նշման կամ գովազդի համար: Այդպիսի անվանումների օրինակներ են` Երևան, Հայաստան և այլն: Աշխարհագրական անվանումները կարելի է գրանցել որպես ապրանքային նշան, եթե դրանք չեն ընկալվում որպես ապրանքն արտադրողի վայրի ուղղակի մատնանշում: Օրինակ` գետերի, սարերի, լճերի, քաղաքների հինավուրց անվանումները, ասենք` Նեմրութ, Արփա, Որոտան, Տիգրանակերտ, Քասախ և այլն: Անհրաժեշտ է տվյալ ապրանքային նշանի աշխարհագրական անվանումը հիմնավորել (այսինքն` ապրանքային նշանի սեփականատերը պետք է գտնվի տվյալ բնակավայրում, գետի ափին, պետությունում, որտեղ գտնվում է գետը, սարը և այլն), հակառակ դեպքում նշանը չպետք է գրանցվի` որպես ապրանք արտադրողի մասին կեղծ կամ սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություն.

17. միջազգային և ազգային տոնակատարությունների անվանումները` դրանց տարեթվի նշումով, համարվում են համընդհանուր օգտագործման անվանումներ և որևէ սեփականատիրոջ անունով չեն կարող գրանցվել.

18. որպես ապրանքային նշաններ չեն գրանցվում այն նշանները, որոնք բացառապես ներկայացնում են ապրանքի արտաքին ձևը, որը`

- բխում է զուտ ապրանքի բնույթից,

- անհրաժեշտ որևէ տեխնիկական արդյունքի հասնելու համար,

- ապրանքին տալիս է էական արժեք.

19. որպես ապրանքային նշաններ չեն գրանցվում այն նշանները, որոնք ապրանքի կամ արտադրողի մասին պարունակում են կեղծ կամ սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություններ, օրինակ` «BOSTON» (ԱՄՆ-ի քաղաքի անվանում)` ներկայացված իտալական ֆիրմայի կողմից, սրվակի պատկեր «օծանելիք» անվանումով` ներկայացված որպես ապրանքային նշան ատամի մածուկի համար, ընդ որում նշանի գրանցումը մերժելու համար բավական է, որ հայտարկվող նշանի մի տարրը լինի կեղծ կամ սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություն.

20. չեն կարող գրանցվել նաև այն նշանները, որոնք հանդիսանում կամ պարունակում են աշխարհագրական նշում և գրանցման են ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից, եթե այդ աշխարհագրական նշման օգտագործումը մոլորության մեջ է գցում սպառողին ապրանքների իրական ծագման վայրի հարցում, օրինակ` գրանցման ենթակա չէ այն ապրանքային նշանը, որի վրա զետեղված է Էյֆելյան աշտարակի պատկերը, սակայն գրանցման է ներկայացվել Ֆրանսիայում չգտնվող որևէ ընկերության կողմից.

21. գինիների անհատականացնող աշխարհագրական նշում այն գինիների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից կամ սպիրտային խմիչքներ անհատականացնող աշխարհագրական նշում այն սպիրտային խմիչքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից, նույնիսկ եթե նշվում է ապրանքների իրական ծագումը, կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ: Օրինակ` գրանցման ենթակա չէ ոչ ռուսական որևէ ընկերության այն ապրանքային նշանը, որի վրա պատկերված է Մոսկվայի կրեմլի աշտարակների պատկերը, եթե նույնիսկ նշված է, որ այն արտադրված է, օրինակ` Թբիլիսիում.

Եթե գինու համար ներկայացված ապրանքային նշանի (պիտակի) վրա զետեղված է նաև խաղողի որևէ տեսակի անուն, ապա այն կարող է գրանցվել միայն այն գինու համար, որը պատրաստված է տվյալ տեսակի խաղողից, այսինքն` ապրանքների ցանկը պետք է սահմանափակվի միայն տվյալ տեսակի խաղողից պատրաստված գինով:

22. չեն կարող գրանցվել նաև հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին հակասող նշանները.

23. Օրենքի 11 հոդվածի առաջին կետի «ա», «բ», «գ», «դ», «ե» ենթակետերում նշված նշանները, որպես չպահպանվող տարրեր, կարող են ներառվել նշանի մեջ, եթե դրանք չեն կազմում նշանի գերիշխող մասը: Սակայն ապրանքային նշանը գրանցելիս նշվում է, որ այդպիսի տարրերը հանվում են պահպանությունից, եթե դրանք նշանի մյուս տարրերի հետ հորինվածքային կապ չունեն, կամ ապրանքային նշանը պահպանվում է իր ամբողջության մեջ, առանց պահպանություն ընձեռելու նրա հորինվածքի մեջ ներառված վերը նշված տարրերին.

24. այդպիսի նշանների հիմնական տեսակներն են`

ա) ապրանքների և ծառայությունների անվանումներ, որոնց համար գրանցվում է ապրանքային նշանը, օրինակ` «սիգարետներ», «brandy», «օծանելիք».

բ) ապրանքներ և ծառայություններ բնորոշող պատկերներ, որոնց համար գրանցվում է ապրանքային նշանը.

գ) տարբերակիչ հատկանիշներ չունեցող ֆիրմային անվանումներ կամ ֆիրմային անվանումների մի մասը, օրինակ` «Երևան» ՍՊԸ, Ltd, SA, GmbH, ՓԲԸ և այլն.

դ) նկարագրական նշաններ, որոնք նշում են ապրանքի արտադրման ժամանակը, տեղը, եղանակը, տեսքը, որակը, հատկությունները, բաղադրությունը, ստեղծման նպատակը, արժեքը, օրինակ` «with the micronite filter», «formate ovale», «made in USA», «distilled», «профилактическая зубная паста», «սեղանի սպիտակ» և այլն.

ե) որևէ իրավաբանական անձի մասին տեղեկություն տվող նշաններ. օրինակ` ապրանքի կամ իրավաբանական անձի ստեղծման պատմությունը, թվականը, իրավաբանական անձի հիմնադրումը և այլն.

զ) տարբերակիչ բնույթ չունեցող ընդհանուր նշանակության բառեր, օրինակ` «ֆորմուլա 70».

է) գովաբանական բնույթի ապրանքի որակի նշում, օրինակ` «luxus klass«, «finest quality beer».

ը) նշում այն մասին, որ նշանները ապրանքային նշաններ կամ գրանցված ապրանքային նշաններ են, օրինակ` «R», «tm», «trade mark», «registered trade mark» և այլն.

թ) աշխարհագրական անվանումներ այն դեպքում, երբ դրանք ապրանքի ծագման տեղանուն են, օրինակ` «Canadien», «Santiago de Cuba».

ժ) երկրի պատկերը աշխարհագրական քարտեզի վրա.

ի) առանձին տառեր և թվեր, առանձնահատուկ նշանակություն չունեցող դժվար արտասանելի տառերի զուգակցում.

լ) պարզ երկրաչափական պատկերներ, օրինակ` եռանկյուն, շրջանագիծ, քառակուսի և այլն.

25. այն դեպքում, երբ ոչ պահպանունակ տարրը հորինվածքային կապ չունի նշանի պահպանվող մյուս տարրերի հետ, այն հանվում է պահպանությունից. օրինակ` ՀՀ-ում N 5126 գրանցված ապրանքային նշանի բառային «Ice Cream» արտահայտությունը հանված է պահպանությունից.

26. այն դեպքում, երբ ոչ պահպանունակ տարրը հորինվածքային կապ ունի մյուս պահպանվող տարրերի հետ, կամ մտնում է բառային անվանման մեջ որպես դրա մի մաս, ապրանքային նշանը պահպանվում է իր ամբողջության մեջ` առանց առանձին պահպանություն ընձեռելու ոչ պահպանունակ տարրին: Օրինակ` ՄՍՀԿ-ի ծանուցումը N 443828 ապրանքային նշանի միջազգային գրանցման մասին «ապրանքային նշան «PRES-DU-SPORT» պահպանվում է իր ամբողջության մեջ` առանց առանձին պահպանություն ընձեռելու «SPORT» անվանմանը.

27. ապրանքային նշանի կազմի մեջ մտնող ոչ պահպանունակ տարրի բացառումը պահպանությունից ձևակերպվում է այդ մասին հատուկ գրանցման տեսքով ապրանքային նշանների պետական գրանցամատյանում, ապրանքային նշանի վկայականում և «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում:

Եթե հայտարկվող նշանը որպես տարրեր ներառում է սույն կանոնների 12-րդ կետի 1. և 2. ենթակետերում նշված տարրերից գոնե մեկը, կամ կազմված է միայն 11-րդ կետում նշված տարրերից, ապա նշանի գրանցումը մերժվում է:

85. Եթե հայտարկվող նշանը կազմված է ոչ միայն սույն կանոնների 11-րդ կետում նշված ոչ պահպանունակ տարրերից, այլև ներառում է դրանցից գոնե մեկը, ապա`

1. նշանի մեջ սույն կանոնների 11-րդ կետի 2 ենթակետում նշված տարրերի ներառման դեպքում ստուգվում է դրա սեփականատիրոջ կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը հաստատող փաստաթղթի առկայությունը.

2. սույն կանոնների 11-րդ կետի 1., 3., 4., 5. ենթակետերում նշված տարրերի ներառման դեպքում ստուգվում է, արդյոք դրանք կազմում են նշանի գերիշխող մասը:

Որպեսզի որոշվի, հանդիսանում է արդյոք տվյալ տարրը նշանի գերիշխող մաս, թե` ոչ, հաշվի է առնվում դրա իմաստային և (կամ) տարածական նշանակությունը:

Եթե այդպիսի տարրը կազմում է նշանի գերիշխող մասը, ապա եզրակացություն է արվում նշանը որպես ապրանքային նշան գրանցելու անհնարինության մասին:

 

Այլ հիմքերով ստուգում

 

86. Նշանը համարվում է այլ նշանին նույնական, եթե այն համընկնում է նրա հետ բոլոր տարրերով:

Նշանը համարվում է այլ նշանին շփոթելու աստիճան նման, եթե այն ընդհանուր առմամբ զուգորդվում է նրա հետ (այսինքն մարդու մոտ առաջացնում է նույն պատկերի ընկալման զգացողություն), չնայած առանձին տարբերությունների:

Նշանի` այլ նշաններին նույնական կամ նման լինելն ստուգելու համար կատարվում են հետևյալ գործողությունները`

1. անցկացվում է նշանին նույնական կամ նման նշանների որոնում.

2. որոշվում է հայտարկված և որոնման ընթացքում ի հայտ բերված նշանների նմանության աստիճանը.

3. որոշվում է ի հայտ բերված գրանցված կամ գրանցման ներկայացված նշաններով ապրանքների նկատմամբ հայտարկված նշանով ապրանքների նույնատիպ լինելը:

 

Նույնական եվ նման նշանների որոնումը

 

87. Օրենքի 12 հոդվածի առաջին կետին համապատասխան նույնական կամ շփոթելու աստիճան նման նշանների որոնումը կատարվում է այն նշանների մեջ, որոնք`

1. նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում այլ անձի անունով արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված ավելի վաղ առաջնությամբ ապրանքային նշաններ են.

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, նույնատիպ ապրանքների համար առանց գրանցման պահպանվող` այլ անձանց ապրանքային նշաններ են.

3. Հայարտոնագրի կողմից որոշված հանրահայտ ապրանքային նշաններ են, ընդ որում հանրահայտ ապրանքային նշանի դեպքում հարկավոր է հաշվի առնել, թե որ իրավաբանական անձին է այն պատկանում` գովազդից կամ սպառումից ելնելով: Նշանի հանրահայտությունը կարող է հաշվի առնվել այն դեպքում, երբ կոնկրետ ապրանքն իր նշանով և սեփականատիրոջ ֆիրմային անվանումով սպառողին դառնում է հասանելի (հանրահայտ): Հանրահայտությունը կարելի է որոշել նաև հասարակության որոշակի շրջանում տվյալ ապրանքային նշանի հետևողական օգտագործմամբ:

4. սահմանված կարգով գրանցված հավաստագրային նշաններ են.

5. Հայաստանի Հանրապետության օրենքով պահպանվող ապրանքի ծագման տեղանուններ են, հաշվի առնելով սույն կանոնների 13-րդ կետի 3. ենթակետի պայմանները: Այս դեպքում պետք է հաշվի առնել նաև, որ բնական պաշարների համար գրանցված ապրանքի ծագման տեղանվամբ նշված ապրանքը նոր փաթեթավորմամբ կամ տեսքով նորից տնտեսական շրջանառության մեջ մտցնելու նպատակով նշանի (պիտակի) գրանցման դեպքում, տեղանվան հետ պարտադիր պետք է նշվի տվյալ ապրանքի հետագա փաթեթավորման կամ ձևավորման վայրի անվանումը, օրինակ` «շշալցված է Չարենցավանում», «հղկամշակված է Սպիտակում» և այլն: Հայտատուի ցանկությամբ նման գրառումների հետ կարող է օգտագործվել նաև որևէ այլ առևտրային անվանում:

Նման ապրանքների համար պիտակի տեսքով ապրանքային նշանների գրանցման դեպքում պետք է պահպանվեն ՀՀ ստանդարտներով և այլ նորմատիվային ակտերով սահմանված պահանջները:

Սույն կետի 1. և 2. ենթակետերի համաձայն, եթե հայտնաբերվել է նույն կամ նույնատիպ ապրանքների համար գրանցված նույնական ապրանքային նշան, անկախ դրա սեփականատիրոջ և հայտատուի (քննարկվող հայտով) իրավական կազմակերպական ձևից և կարգավիճակից, կամ դրանց միջև նշանի օգտագործման մասին համաձայնության առկայությունից, ստուգվող նշանի գրանցումը ենթակա է մերժման:

Սույն կետի 1. և 2. ենթակետերի համաձայն, եթե հայտնաբերվել է նույնական կամ նույնատիպ ապրանքների համար գրանցված ստուգվող նշանին շփոթելու աստիճան նման նշան, որի սեփականատերը հայտատուի (քննարկվող հայտով) մասնաճյուղն է կամ հակառակը, ստուգվող նշանը ենթակա է գրանցման, եթե նշանի գրանցումը մերժելու այլ հիմքեր չկան:

88. Օրենքի 12 հոդվածի երկրորդ կետին համապատասխան նույնական կամ շփոթելու աստիճան նման նշանների որոնումը կատարվում է նաև այն նշանների (անվանումների) մեջ, որոնք վերարտադրում են Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնի և այլ անձանց պատկանող ֆիրմային անվանումները (կամ դրանց մի մասը), մասնավորապես` ֆիրմային անվանման տարբերակող անունը, եթե այդ անվանումների նկատմամբ իրավունքը նրանք ստացել են մինչև նույնատիպ ապրանքների համար ապրանքային նշանի հայտի ներկայացման թվականը:

Այս դեպքում, եթե պարզվում է, որ ստուգվող ապրանքային նշանը համընկնում է որևէ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը կամ դրա տարբերակող մասին կամ ներառում է այն, և գրանցումը խնդրարկվում է այն ապրանքների (ծառայությունների) համար, որոնց արտադրությամբ (մատուցմամբ) զբաղվում է տվյալ իրավաբանական անձը, ապա եզրակացություն է արվում նշանի գրանցման անհնարինության մասին:

89. Օրենքի 12 հոդվածի երկրորդ կետին համապատասխան նույնական կամ շփոթելու աստիճան նման նշանների որոնումը կարող է կատարվել նաև այն նշանների (անվանումների) մեջ, որոնք վերարտադրում են`

1. ավելի վաղ առաջնությամբ արդյունաբերական նմուշներ, որոնց տնօրինման իրավունքը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է այլ անձանց.

2. Հայաստանի Հանրապետությունում գիտության, գրականության, արվեստի հայտնի ստեղծագործությունների անվանումներ կամ դրանցից մեջբերումներ և գործող անձանց, արվեստի և մշակույթի ստեղծագործություններ կամ դրանցից հատվածներ.

3. հռչակավոր անձանց անուններ, ազգանուններ, կեղծանուններ և դրանցից ածանցյալներ, դիմանկարներ և ֆաքսիմիլեներ:

 

Բառային նշանների նմանության որոշումը

 

90. Բառային նշանները համեմատվում են`

1. բառային նշանների հետ.

2. համակցված նշանների հետ, որոնց մեջ ընդգրկված են բառային տարրեր.

3. ֆիրմային անվանումների հետ:

91. Բառային նշանների նմանությունը կարող է լինել ձայնային (հնչյունային), գրաֆիկական (տեսողական) և իմաստային (միտք արտահայտող):

92. Ձայնային նմանությունը հիմնականում որոշվում է հետևյալ հատկանիշներով`

1. համեմատվող նշաններում մոտ և համընկնող հնչյունների առկայությամբ.

2. նշանը կազմող հնչյունների մոտիկությամբ.

3. մոտ հնչյունների և հնչյունային կապակցությունների միմյանց նկատմամբ դասավորվածությամբ.

4. համընկնող վանկերի առկայությամբ և նրանց դասավորվածությամբ.

5. նշանի մեջ վանկերի քանակով.

6. նշաններում համընկնող հնչյունային կապակցությունների տեղով.

7. ձայնավորների կազմի մոտիկությամբ.

8. բաղաձայնների կազմի մոտիկությամբ.

9. նշանների համընկնող մասերի բնույթով.

10. նշաններից մեկը մյուսի մեջ մտնելով, այդ թվում` ֆիրմային անվանումների.

11. շեշտադրությամբ:

93. Գրաֆիկական նմանությունը որոշվում է հետևյալ չափանիշներով`

1. ընդհանուր տեսողական տպավորությամբ.

2. տառանմուշների (շրիֆտի) տեսակով.

3. տառերի բնույթով պայմանավորված գրաֆիկական գրելաձևով (օրինակ` տպագիր կամ ձեռագիր, մեծատառ կամ փոքրատառ և այլն).

4. միմյանց նկատմամբ տառերի դասավորվածությամբ.

5. այբուբենով, որի տառերով գրված է բառը.

6. գույնով կամ գունային համակցությամբ:

94. Իմաստային նմանությունը որոշվում է հետևյալ հատկանիշների հիման վրա`

1. նշանների մեջ դրված նման հասկացության, գաղափարի, մասնավորապես տարբեր լեզուներով նշանների համընկնող իմաստի.

2. նշանների տարրերից որևէ համընկնող տարրի, որն առանձին իմաստ ունի և որի վրա ընկնում է տրամաբանական շեշտադրումը.

3. նշանների մեջ դրված հասկացությունների, գաղափարների հակադրության:

95. Սույն կանոնների 92-94-րդ կետերում թվարկված հատկանիշները կարող են հաշվի առնվել ինչպես առանձին, այնպես էլ տարբեր համակցություններում:

 

Պատկերային եվ ծավալային նշանների նմանության որոշումը

 

96. Պատկերային և ծավալային նշանները համեմատվում են`

1. պատկերայինների հետ.

2. ծավալայինների հետ.

3. համակցված նշանների հետ, որոնց կազմության մեջ մտնում են պատկերային կամ ծավալային տարրեր:

97. Պատկերային և ծավալային նշանների նմանությունը որոշվում է հետևյալ հատկանիշներով`

1. արտաքին տեսքով.

2. սիմետրիայի առկայությամբ կամ բացակայությամբ.

3. իմաստային նշանակությամբ.

4. պատկերի տեսքով և բնույթով (նատուրալիստական, ոճավորված, ծաղրանկարային և այլն).

5. գույների և երանգների զուգադրմամբ:

Թվարկված հատկանիշները կարող են հաշվի առնվել ինչպես առանձին, այնպես էլ տարբեր զուգակցություններով:

 

Համակցված նշանների նմանության որոշումը

 

98. Համակցված նշանները համեմատվում են`

1. համակցված նշանների հետ.

2. նշանների այն տեսակների հետ, որոնք որպես տարրեր ներառված են ստուգվող համակցված նշանի մեջ:

Համակցված նշանների նմանությունը որոշելիս օգտագործվում են սույն կանոնների 90-97-րդ կետերում թվարկված հատկանիշները, ինչպես նաև ուսումնասիրվում է հայտարկվող նշանի մեջ նույնական կամ նման տարրի զբաղեցրած տեղի (դիրքի) նշանակությունը:

 

Ապրանքների նույնատիպության պարզումը

 

99. Ապրանքների նույնատիպությունը պարզելիս որոշվում է սպառողի մոտ դրանք նույն իրավաբանական անձին (արտադրողին) պատկանելու մասին պատկերացում առաջանալու սկզբունքային հնարավորությունը:

Ապրանքների նույնատիպ լինելը որոշելիս հաշվի է առնվում ապրանքի տեսակը, ապրանքի օգտագործման բնագավառը, նյութի տեսակը, որից դրանք պատրաստված են, ապրանքի իրացման պայմանները, սպառողների շրջանակը և այլ հատկանիշներ: Հարցում լրացուցիչ նյութեր ներկայացնելու մասին

100. Օրենքի 8 հոդվածի 5-րդ կետին համապատասխան փորձաքննության ընթացքում Հայարտոնագիրը կարող է հայտատուից պահանջել լրացուցիչ նյութեր, եթե առանց այդ նյութերի փորձաքննության անցկացումն անհնար է:

Մասնավորապես, հարցման հիմք կարող են ծառայել հետևյալ հանգամանքները`

1. հայտարկվող նշանի նկարագրության ճշգրտման անհրաժեշտությունը.

2. սույն կանոնների 17-րդ և 31-րդ կետերում նշված փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը.

3. դասակարգման կամ ապրանքների և ծառայությունների ցանկի ճշգրտման անհրաժեշտությունը.

4. լրացուցիչ գումարի վճարման անհրաժեշտությունը, եթե փորձաքննության արդյունքում պարզվել է, որ վճարված գումարը չի համապատասխանում սահմանված տուրքի չափին, կամ եթե այն չի համապատասխանում հայտում նշված ապրանքների ու ծառայությունների դասերի քանակին: Այս դեպքում հայտատուն ծանուցվում է այն մասին, որ սահմանված ժամկետում լրացուցիչ գումարը չվճարելու կամ իր հավակնությունները չսահմանափակելու դեպքում փորձաքննությունն անցկացվելու է սույն կանոնների 81-րդ կետի 2. ենթակետի համաձայն ընտրված ապրանքների և ծառայությունների նկատմամբ, որոնց համար վճարված է տուրքը.

5. այն հարցերի լուծման անհրաժեշտությունը, որոնք պայմանավորված են ապրանքների և ծառայությունների կամ դրանց մի մասի համար ավելի վաղ գրանցման ներկայացված նման ապրանքային նշանի ի հայտ բերմամբ:

Վերոհիշյալ հիմքերով ուղարկվող հարցման մեջ կարող են տեղ գտնել նաև այլ բնույթի հարցեր, դիտողություններ և առաջարկություններ, որոնք կարող են առաջանալ հայտի քննարկման ընթացքում, օրինակ` առաջնության սահմանման հետ կապված և այլն:

Այն դեպքերում, երբ նշված պատճառներով հարցման հիմքեր չկան, ապա առաջացած դիտողությունների և առաջարկությունների մասին հայտատուն ծանուցվում է գրությամբ:

101. Եթե փորձաքննության ընթացքում հայտատուի ներկայացրած ցանկացած փաստաթղթի կամ տեղեկության հավաստիության նկատմամբ ծագում են հիմնավոր կասկածներ, փորձագետը իրավունք ունի հայտատուից պահանջել անհրաժեշտ հիմնավորումներ:

102. Հարցման կամ նամակի մեջ բերված փորձաքննության կարծիքը որևէ հարցի շուրջ պետք է հիմնավորված լինի, մասնավորապես, օրենքից, սույն կանոններից կամ այլ նորմատիվ փաստաթղթերից վկայակոչումներով:

103. Փորձաքննության հարցման համաձայն հայտատուի ներկայացրած լրացուցիչ նյութերը քննարկվում են սույն կանոնների 115-117-րդ կետերին համապատասխան:

104 Սահմանված ժամկետում փորձաքննության հարցումն անպատասխան թողնելու և այդ ընթացքում նշված ժամկետը երկարաձգելու մասին դիմում չներկայացնելու դեպքում, հայտը համարվում է հետկանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

 

Ապրանքային նշանի գրանցման մասին որոշում

 

105. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտարկված նշանը հայտում նշված բոլոր ապրանքների և ծառայությունների համար համապատասխանում է օրենքի 3, 11 և 12 հոդվածներով (հաշվի առնելով սույն կանոնների 87-89-րդ կետերը) սահմանված պահանջներին, ապա որոշում է կայացվում հայտում նշված բոլոր ապրանքների և ծառայությունների համար նշանը գրանցելու մասին: Ընդ որում, եթե որևէ դասին վերաբերող ապրանքների և ծառայությունների ցանկը որոշման մեջ սահմանափակված է ԱԾՄԴ դասերի ցանկում տվյալ դասի համար նշված բոլոր ապրանքների կամ ծառայությունների անվանումներով, ապա համարվում է, որ նշանը գրանցվում է տվյալ պահին գործող ԱԾՄԴ խմբագրության տվյալ դասին վերաբերող բոլոր ապրանքների կամ ծառայությունների համար:

106. Եթե հայտարկվող նշանը համապատասխանում է սույն կանոնների 105-րդ կետի պահանջներին միայն ապրանքների և ծառայությունների մի մասի համար, ապա որոշում է կայացվում նշանը ապրանքների և ծառայությունների այդ մասի համար գրանցելու մասին:

107. Ապրանքային նշանի գրանցման մասին որոշման մեջ թվարկվում են դրա մեջ ներառված չպահպանվող տարրերը, բացառությամբ օրենքի 24 հոդվածով նախատեսված նախազգուշական գրառումների, որոնք չնայած ըստ էության չպահպանվող տարրեր են, սակայն կարող են չնշվել որպես այդպիսիք:

Եթե գրանցվող նշանը բառային արտահայտություն է, որն ունի որևէ իմաստ, ապա նշանը պահպանվում է իր ամբողջությամբ, առանց դրա մեջ ներառված առանձին բառերին կամ բառակապակցություններին ինքնուրույն պահպանություն ընձեռելու, անկախ որոշման մեջ այդ մասին գրառման առկայությունից: Այսինքն, բառային արտահայտության գրանցման դեպքում նշանի նկատմամբ դրա սեփականատիրոջ բացառիկ իրավունքը տարածվում է միայն տվյալ բառային արտահայտության վրա, այլ ոչ թե նաև դրա մեջ ներառված առանձին բառերի կամ բառակապակցությունների վրա: Եթե գրանցվող նշանը իմաստ չունեցող բառային արտահայտություն է (բառերի խումբ), ապա նշանը պահպանվում է իր ամբողջության մեջ, իսկ որոշման մեջ պարտադիր նշվում են այն բառերը, որոնք առանձին պահպանության ենթակա չեն:

Այս դեպքում արտահայտության մեջ մտնող առանձին բառերից կազմված հնարավոր կապակցությունները (խմբերը) ևս ինքնուրույն պահպանության ենթակա չեն` անկախ որոշման մեջ այդ մասին գրառման առկայությունից:

Սույն կետի 2-4-րդ պարբերություններում նշված մոտեցումները կիրառվում են նաև ապրանքային նշանի մեջ ներառված թվային արտահայտությունների և տառակապակցությունների նկատմամբ: Եթե գրանցման ներկայացված բառային (իմաստ ունեցող արտահայտության տեսքով) ապրանքային նշանի մեջ մտնող բառերից մեկը արդեն գրանցված է, ապա տվյալ բառային արտահայտությունը կարող է գրանցվել, եթե արդեն գրանցված բառային նշանի սեփականատերը չի առարկում դրա դեմ:

108. Ապրանքային նշանի գրանցման մասին որոշումը կարող է վերանայվել մինչև դրա պետական գրանցման թվականը` ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ավելի վաղ առաջնությամբ հայտի ստացման կապակցությամբ, մասնավորապես, արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիային, նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրին կամ դրա Արձանագրությանը համապատասխան:

Նշանի գրանցումը մերժելու մասին որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է դիմում ներկայացնել կրկնական փորձաքննություն անցկացնելու խնդրանքով` բերելով հիմնավոր փաստարկներ:

Նշված ժամկետը հայտատուի խնդրանքով կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 6 ամսով, եթե այդ մասին դիմումն ստացվել է մինչև այդ ժամկետի ավարտը:

 

Ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշում

 

109. Եթե օրենքի 10 հոդվածի առաջին մասին համապատասխան անցկացված փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտարկվող նշանը չի համապատասխանում սույն կանոնների 11-14-րդ կետերով նախատեսված պահանջներից թեկուզ մեկին, հայտում նշված բոլոր ապրանքների և ծառայությունների համար, ապա որոշում է կայացվում ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին:

Մինչև որոշման կայացումը, հայտատուին կարող է ուղարկվել հարցում` նշելով այն փաստարկները, որոնք կարող են ապրանքային նշանի գրանցումը մերժելու հիմք հանդիսանալ և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան տեղեկատվության աղբյուրների վկայակոչումներ, առաջարկելով հերքել բերված փաստարկները, ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր կամ հայտի մեջ մտցնել անհրաժեշտ ճշգրտումներ:

 

XV. Ապրանքային նշանի առաջնության սահմանումը

 

110. Ապրանքային նշանի առաջնությունը սահմանվում է հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականով, եթե հայտը պարունակում է առնվազն դիմում` ապրանքային նշանը գրանցելու մասին, հայտատուի անվանումը և նրա հասցեն, հայտարկվող նշանի պատկերը, ապրանքների և ծառայությունների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը, ինչպես նաև համապատասխան տուրքի վճարման անդորրագիրը:

111. Ապրանքային նշանի առաջնությունը կարող է սահմանվել նաև հայտը արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան Կոնվենցիայի մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականով (կոնվենցիայով առաջնություն) կամ նշված կոնվենցիայի մասնակից պետություններից մեկի տարածքում պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում դրանով նշված ցուցանմուշի բաց ցուցադրումն սկսելու թվականով (ցուցահանդեսային առաջնություն), եթե պահպանված են օրենքի 7 հոդվածի չորրորդ մասով սահմանված պահանջները, ներկայացված են առաջնության պահանջը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը և ներկայացված է կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը յուրաքանչյուր առաջնային հայտի համար:

 

Կոնվենցիայով առաջնության սահմանման պայմանները

 

112. Օրենքի 7 հոդվածի երկրորդ և չորրորդ կետերին համապատասխան կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում ստուգվում են`

1. Փարիզյան Կոնվենցիայի մասնակից պետություն ներկայացված առաջին հայտի պատճենի առկայությունը: Եթե պատճենը Հայարտոնագիր է ներկայացված հայտի ներկայացման թվականից հետո, ապա ստուգվում է հայտատուի կողմից առաջին հայտի պատճենը հայտի ներկայացման թվականից 3-ամսյա ժամկետում ներկայացնելու պայմանի պահպանումը.

2. հայտատուի կողմից կոնվենցիայով առաջնության խնդրարկմամբ հայտը առաջին հայտի ներկայացման թվականից 6-ամսյա ժամկետում Հայարտոնագիր ներկայացնելու պայմանի պահպանումը.

3. առաջնային հայտում ընդգրկված նշանի ու ապրանքների և ծառայությունների ցանկի համապատասխանությունը հայտարկված նշանին ու ապրանքների և ծառայությունների ցանկին: Այս դեպքում ապրանքների և ծառայությունների ցանկում, որի համար ներկայացված է նշանը, կարող են բացակայել առաջին հայտի մեջ նշված որոշ ապրանքներ և ծառայություններ.

 

Ցուցահանդեսային առաջնության սահմանման պայմանները

 

113. Օրենքի 7 հոդվածի երրորդ և չորրորդ կետերին համապատասխան ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու դեպքում ստուգվում են`

1. ցուցահանդեսային առաջնության իրավունքը հաստատող` սույն կանոնների 17-րդ կետի 5. ենթակետով նախատեսված պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթի առկայությունը,

2. հայտատուի կողմից ցուցահանդեսային առաջնության խնդրարկմամբ հայտը ցուցահանդեսում ցուցանմուշի բաց ցուցադրումն սկսելու թվականից 6-ամսյա ժամկետում Հայարտոնագիր ներկայացնելու պայմանի պահպանումը,

3. հայտարկվող նշանի համապատասխանությունը ցուցանմուշի վրայի նշանին, պայմանով, որ ապրանքները, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը, ցուցադրվել են ցուցահանդեսում.

4. սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջների պահպանումը ԱԾՄԴ յուրաքանչյուր դասի ապրանքների համար, այսինքն առաջնությունը կարող է սահմանվել ներկայացված հայտում նշված յուրաքանչյուր դասի ապրանքների համար առանձին. պահպանելով սույն կետի 3-րդ ենթակետի պահանջները:

 

Ապրանքային նշանի առաջնության սահմանման պայմանների պահպանման ստուգումը

 

114. Սույն կանոնների 112-113-րդ կետերում նշված պայմաններից որևէ մեկը հայտատուի կողմից չկատարելու դեպքում, ապրանքային նշանի առաջնությունը սահմանվում է սույն կանոնների 110-րդ կետին համապատասխան` նախապես այդ մասին ծանուցելով հայտատուին:

 

XVI. Լրացուցիչ նյութերի ստուգումը

 

115. Հայարտոնագրի հարցման հիման վրա հայտատուի կողմից լրացուցիչ նյութեր ներկայացնելու դեպքում, ստուգվում է նշված նյութերի ներկայացման համար սահմանված ժամկետների պահպանումը:

Նշված նյութերը պետք է ներկայացվեն այդ մասին հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

Հայտատուի կողմից սահմանված ժամկետների պահպանումը ստուգելիս պետք է առաջնորդվել սույն կանոնների 37-րդ կետով:

Եթե հայտատուն խախտել է սահմանված ժամկետը և սույն կանոնների 48-51-րդ կետերին համապատասխան չի ներկայացրել դրա երկարաձգման խնդրագիր, կամ փորձաքննության հարցումը թողել է անպատասխան, ապա հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

116. Փորձաքննության հարցմանը համապատասխան կամ հայտատուի նախաձեռնությամբ ներկայացված լրացուցիչ նյութերը քննարկման ընդունելու դեպքում ստուգվում է` արդյոք այդ նյութերը էապես չեն փոխում ներկայացված հայտը:

Լրացուցիչ նյութերը ճանաչվում են հայտն ըստ էության փոփոխող, եթե փոփոխությունը վերաբերում է հայտարկվող նշանի ամբողջական կամ նրա հիմնական (այսինքն` կենտրոնական դիրք զբաղեցնող) տարրերի ընկալմանը: Այդպիսի փոփոխությունների թվին են պատկանում, մասնավորապես` բառային կամ հիմնական պատկերային տարրը նշանի մեջ ընդգրկելը կամ նշանից հանելը, բառի տարրի հնչյունաբանական կամ իմաստային փոփոխությունը, հիմնական պատկերային տարրի գրաֆիկական կամ իմաստային փոփոխությունը:

Լրացուցիչ նյութերը ճանաչվում են հայտն ըստ էության փոփոխող նաև այն դեպքում, եթե դրանք ապրանքների ցանկը լրացնում են հայտում չնշված ապրանքներով:

117. Եթե լրացուցիչ նյութերը ճանաչվել են որպես հայտն ըստ էության փոփոխող, ապա մինչև գրանցման մասին կամ գրանցման մերժման մասին որոշում ընդունելը հայտատուն ծանուցվում է այն մասին, թե լրացուցիչ նյութերի որ տվյալներն են հիմք ծառայել փորձաքննության այդպիսի եզրակացության համար:

Մնացած տեղեկությունները փորձաքննության ընթացքում հաշվի են առնվում:

 

XVII. Փորձաքննության որոշման բողոքարկումը

 

118. Օրենքի 13 հոդվածի առաջին մասին համապատասխան նախնական կամ կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն կարող է դրա ստացման օրվանից երեք ամսվա ընթացքում բողոք ներկայացնել Հայարտոնագրի բողոքարկման խորհուրդ: Բողոքը քննարկվում է Հայարտոնագրի կողմից սահմանված կարգով:

 

XVIII. Ապրանքային նշանի գրանցումը

 

119. Օրենքի 14 հոդվածին համապատասխան ապրանքային նշանը գրանցելու մասին որոշման հիման վրա, սահմանված տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո բաժինը 10-օրյա ժամկետում ապրանքային նշանի հայտը փոխանցում է Հայարտոնագրի պետական գրանցամատյանների բաժին` ապրանքային նշանը պետական գրանցամատյանում գրանցելու համար:

Ապրանքային նշանի գրանցման մասին որոշումը հայտատուին ուղարկելուց հետո վերջինիս կողմից առաջարկվող ցանկացած փոփոխություն (եթե դա հայարտոնագրի կողմից թույլ տրված վրիպակ չէ) դիտվում է որպես գրանցամատյանում կատարվող փոփոխություն, եթե վճարված է սահմանված տուրքը:

Եթե առաջարկվող փոփոխությունը ներկայացվել է ապրանքային նշանի գրանցման և վկայական տալու համար տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելուց ոչ ուշ, ապա այն քննարկվում է բաժնի կողմից և, անհրաժեշտության դեպքում, ճշգրտում է կատարվում նշանի գրանցման մասին որոշման մեջ, ինչի մասին ծանուցվում է հայտատուն: Հայտատուն ծանուցվում է նաև առաջարկված փոփոխությունները հաշվի չառնելու մասին:

Հայարտոնագրի պետական գրանցամատյանների բաժինը փոխանցված հայտով, այն ստանալու օրվանից 20-օրյա ժամկետում, ապրանքային նշանի գրանցման մասին որոշման հիման վրա ապրանքային նշանը գրանցում է պետական գրանցամատյանում:

Գրանցամատյանում գրանցվում են ապրանքային նշանը, ապրանքային նշանի սեփականատիրոջը, ինչպես նաև ապրանքային նշանի հայտին և գրանցմանը վերաբերող տեղեկությունները:

Օրենքի 15 հոդվածի համաձայն, ապրանքային նշանը պետական գրանցամատյանում գրանցելու օրվանից մեկ ամսվա ընթացքում Հայարտոնագրի պետական գրանցամատյանների բաժինը ապրանքային նշանի վկայականը պատրաստում և հանձնում է նշանի սեփականատիրոջը:

Վկայականում նշվում են` պետական գրանցման համարը և թվականը, նշանի սեփականատիրոջ անունը (անվանումը) և երկրի կոդը, հայտի համարը և ներկայացման թվականը, նշանի առաջնության թվականը, գրանցման գործողության ժամկետը, նշանի պատկերը, ապրանքային նշանի գույնը ու գունային համակցությունը, չպահպանվող տարրերը, ինչպես նաև ԱԾՄԴ դասերին համապատասխան խմբավորված այն ապրանքների ցանկը, որոնց համար գրանցված է նշանը:

 

XIX. Ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունների հրապարակումը

 

120. Օրենքի 18 հոդվածին համապատասխան ապրանքային նշանի գրանցման օրվանից 6-ամսյա ժամկետում Հայարտոնագիրն իր «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակում է գրանցամատյանում գրանցված տեղեկությունները, որոնք են`

1. պետական գրանցման համարը.

2. գրանցման թվականը.

3. հայտի համարը.

4. հայտի ներկայացման թվականը.

5. կոնվենցիայով առաջնության թվականը.

6. առաջին հայտի համարը.

7. երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջին հայտը.

8. ցուցահանդեսային առաջնության թվականը.

9. ապրանքների և ծառայությունների ցանկը.

10. ԱԾՄԴ դասերը.

11. ապրանքային նշանի պատկերը.

12. ապրանքային նշանի գույնը ու գունային համակցությունը.

13. չպահպանվող տարրերը.

14. ապրանքային նշանի տեսակը (կոլեկտիվ նշան, ձայնային, լուսային, ծավալային և այլն).

15. նշանի սեփականատերը, հասցեն, երկրի կոդը.

16. ապրանքային նշանի գրանցման գործողության ենթադրյալ ավարտը.

17. արտոնագրային հավատարմատարը:

 

 

Մ Ա Ս  IV

 

Եզրափակիչ դրույթներ

 

XX. Նախորդ կանոնները

 

121. Սույն կանոններն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած են ճանաչվում «Ապրանքային և սպասարկման նշանների հայտերի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնները», որոնք հաստատվել են 1998 թ. դեկտեմբերի 10-ին, Հայարտոնագրի N 70 հրամանով (գրանցված են ՀՀ արդարադատության նախարարության կողմից 29.12.1998 թ., N 36980227):

 

Հավելված

 

ԼԻԱԶՈՐԱԳԻՐ

Սույն լիազորագիրը տրված է ___________
______________________________
______________________________
______________________________
______________________________
______________________________
(հասցեն ________________________
______________________________
______________________________
______________________________)

ի դեմս գրանցված արտոնագրային
հավատարմատար(ներ)________________
______________________________
______________________________
______________________________
______________________________
______________________________

առ այն, որ նա(նրանք) լիազորված է(են) ներկայացնել
______________________________
______________________________
______________________________
______________________________
______________________________
______________________________

շահերը` Հայաստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների ձեռքբերման, պահպանության, գործողության մեջ պահելու հետ կապված բոլոր հարցերով:

Լիազորագիրը տրված է 3 տարի ժամկետով:

POWER OF ATTORNEY

The present Power is granted to _________
______________________________
______________________________
______________________________
______________________________
(address_________________________
______________________________
______________________________
______________________________
______________________________)

in the name of the registered patent
attorney________________________
______________________________
______________________________
______________________________
______________________________
______________________________

that is hereby empowered to represent the interests of
______________________________
______________________________
______________________________
______________________________
______________________________
______________________________

in all matters related to application for acquisition and protection of industrial property rights in respect of rights of objects within the territory of the Republic of Armenia.

Effect of this Power is 3 years.

 


 

Կատարված է________________________________________________
Done in
(տեղը)
(place)
Թվականը___________________________________________________
Date
Լիազորող
Issuer
Անուն, հայրանուն, ազգանուն ______________________________________
Name

Պաշտոնը____________________________________________________
Position

Ստորագրությունը
Signature

 

Հաստատված է
Հայարտոնագրի պետի 2000 թ.
հուլիսի 31-ի N 42 հրամանով

 

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Համառոտագրություններ

Օրենք` Հայաստանի Հանրապետության օրենքը «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին»:

Հայարտոնագիր` Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչություն:

Հայտ` ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտ:

Տեղանուն` ապրանքի ծագման տեղանուն:

Փարիզյան Կոնվենցիա` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիա:

Հայտատու` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ում անունով խնդրարկվում է տեղանվան գրանցումը, կամ դրա օգտագործման իրավունքը:

Բաժին` Հայարտոնագրի ապրանքային նշանների, ապրանքների ծագման տեղանունների և արդյունաբերական նմուշների բաժին:

Սույն կանոնները սահմանված են ՀՀ վարչապետի 1998թ մարտի 12-ի N 148 որոշմամբ հաստատված Հայարտոնագրի կանոնադրության 3-րդ կետի և «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 32 և 33 հոդվածների համաձայն տեղանվան հայտի ձևակերպման և ներկայացման, ինչպես նաև դրա քննարկման և գրանցման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:

 

Մ ա ս  I

 

Հայտի ձեվակերպումը եվ ներկայացումը

 

I. Հայտի ներկայացումը

 

Հայտի ներկայացման իրավունք ունեցող անձինք

 

1. Օրենքի 31 հոդվածի 3-րդ և 5-րդ կետերի համաձայն հայտի ներկայացման իրավունք ունեն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք գտնվում են նույն աշխարհագրական տեղանքում և արտադրում են ապրանք, որի առանձնահատկությունները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական տեղանքին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով, ինչպես նաև սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները, տվյալ ապրանքի արտադրությանն առնչություն ունեցող այլ իրավասու մարմիններ:

 

ՆԵրկայացման ընթացակարգը

 

2. Հայտատուն կարող է հայտը ներկայացնել ինքը, կամ Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:

Օտարերկրյա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունք ստանալու հետ կապված գործերը վարում են արտոնագրային հավատարմատարի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ կարգ սահմանված չէ:

Հայտը Հայարտոնագիր ներկայացվում է անմիջականորեն կամ փոստով:

 

II. Տեղանվան հայտ

 

Տեղանուն

 

3. Օրենքի 30 հոդվածի համաձայն ապրանքի ծագման տեղանունը երկրի, բնակավայրի, տեղանքի կամ աշխարհագրական այլ օբյեկտի (այսուհետ` աշխարհագրական օբյեկտ) անվանումն է, որն օգտագործվում է այն ապրանքի նշման համար, որի առանձնահատկությունները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական տեղանքին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով:

Որպես ապրանքի ծագման տեղանուն կարող է գրանցվել աշխարհագրական օբյեկտի պաշտոնական անվանումը, աշխարհագրական օբյեկտի պատմական անվանումը կամ դրանցով կազմված այլ անվանում:

Որպես ապրանքի ծագման տեղանուն գրանցվող անվանումը լրացուցիչ կարող է ներառել ապրանքի տեսակային նշումը, օրինակ` Արթիկի տուֆ (Արթիկտուֆ) կամ` Իջևանյան գորգ, ինչպես նաև երևակայական բառ, որոնք առանձին իրավական պահպանության ենթակա չեն:

Տեղանուն չի համարվում այն անվանումը, որը, լինելով կամ իր մեջ բովանդակելով աշխարհագրական օբյեկտի անվանում, Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր գործածության մեջ է մտել որպես արտադրության տեղի հետ չկապված որոշակի տեսակի ապրանքի արտահայտչամիջոց:

 

Հայտի տեսակները, դրան ներկայացվող պահանջները եվ կազմը

 

4. Օրենքի 32 հոդվածի 1-ին կետին համապատասխան կարող են լինել երկու տեսակի հայտեր` ապրանքի ծագման տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի հայտ:

5. Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն հայտը պետք է վերաբերի մեկ տեղանվան և պարունակի`

1. դիմում տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի ընձեռման մասին (այսուհետ` դիմում), որում նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը (հասցեն).

2. հայտարկվող տեղանունը.

3. այն ապրանքի նշումը, որի համար խնդրարկվում է տեղանվան գրանցումը և (կամ) օգտագործման իրավունքի ընձեռումը` նշելով ապրանքի արտադրման վայրի (աշխարհագրական օբյեկտի) անվանումը.

4. փաստաթղթեր, որոնք հստակ նույնականացնում են աշխարհագրական օբյեկտի սահմանները, որի նկատմամբ կիրառվում է տեղանունը.

5. ապրանքի առանձնահատկությունների նկարագրությունը.

6. անհրաժեշտության դեպքում` ապրանքի արտադրության տեղական յուրահատուկ եղանակի նկարագրությունը.

7. տեղանվան հետ կապված յուրահատուկ մակնշման մանրամասները:

 

Հայտին կցվող փաստաթղթերը

 

6. Հայտին պետք է կցվեն.

1. ազգային հայտատուների համար` տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնից այն մասին, որ հայտատուն գտնվում է նշված աշխարհագրական օբյեկտում և արտադրում է ապրանք, որի առանձնահատկությունները որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով.

2. օտարերկրյա հայտատուների համար` ապրանքի ծագման երկրում տեղանվան օգտագործման իր իրավունքը հաստատող փաստաթուղթը.

3. հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար սահմանված տուրքի վճարման անդորրագիրը (բնօրինակը).

4. արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը), եթե հայտը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով (լիազորագրի օրինակելի ձևը կցվում է):

Հայարտոնագիր ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում ձևակերպվող լիազորագիրը կարող է տրվել հասարակ գրավոր ձևով, առանց նոտարական վավերացման:

Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի լիազորագիրը, որը ներկայացնում է մշտապես ՀՀ սահմաններից դուրս բնակվող անհատ ձեռնարկատերերի կամ օտարերկրյա իրավաբանական անձանց շահերը, կարող է տրվել ինչպես այդ անձանց կողմից, այնպես էլ նրանց կողմից լիազորված արտոնագրային հավատարմատարի կողմից, եթե վերջիններս ունեն վերալիազորման իրավունք:

Լիազորագիրը պետք է բավարարի հետևյալ պայմաններին`

4.1. լիազորագիրը ստորագրվում է այն տվող անձի կողմից.

4.2. լիազորագիրը տրվում է Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի անունով.

4.3. լիազորագրում պետք է նշվեն արտոնագրային հավատարմատարի իրավասությունների շրջանակները.

4.4. լիազորագրում պետք է նշվի դրա կատարման թվականը, առանց որի այն առոչինչ է:

Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող 3 տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է կատարման թվականից մեկ տարվա ընթացքում:

Արտասահմանում կատարված և գործողության ժամկետի մասին նշում չպարունակող` նոտարի վավերացրած լիազորագիրը պահպանում է ուժը մինչև լիազորագիր տված անձի կողմից այն վերացնելը:

Եթե լիազորագիրը տրվում է հայտատուի կողմից լիազորված հավատարմատարի կողմից (վերալիազորում), ապա այն պետք է վավերացվի նոտարական կարգով: Այս դեպքում վերալիազորման կարգով տրված լիազորագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել այն լիազորագրի գործողության ժամկետը, որի հիման վրա դա տրված է:

Եթե լիազորագիրը տրված է մի քանի արտոնագրային հավատարմատարի անունով, ապա տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունք ստանալու հետ կապված գործերը կարող է վարել նրանցից յուրաքանչյուրը:

Արտոնագրային հավատարմատարի կողմից լիազորագրում նշված իրավասությունների շրջանակներում կատարված ցանկացած գործողություն գնահատվում է որպես հայտատուի կողմից կատարված գործողություն:

 

Հայտի ներկայացումը

 

7. Հայտը ներկայացվում է հայերեն: Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այս դեպքում ՀՀ հայտատուները պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատուները` երկու ամսվա ընթացքում: Հակառակ դեպքում հայտը կհամարվի ներկայացված նշված փաստաթղթերի թարգմանությունների ներկայացման թվականին:

8. Հայտը և դրան կից փաստաթղթերը ներկայացվում են մեկ օրինակից:

 

III. Հայտի բովանդակությունը

 

9. Հայտը ներկայացվում է սույն կանոնների հավելվածում տրված ձևաթղթի տեսքով:

Եթե որևէ տեղեկություն հնարավոր չէ տեղավորել համապատասխան սյունակում, ապա այն տրվում է լրացուցիչ թերթի վրա, հայտի համապատասխան սյունակում նշելով` «տես լրացուցիչ թերթի վրա»:

Տեղանվան օգտագործման իրավունքի հայտ ներկայացնելու դեպքում հայտի անվանման մեջ «կամ» բառը պետք է ընդգծել:

 

Հայտի դիմումը

 

10. 730 ծածկագրի տակ տրվում են տեղեկություններ հայտատուի մասին`

իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և հայտատուի երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST 3 ստանդարտի:

Հաջորդ սյունակում նշվում են հայտատուի (ների) փոստային հասցեն, նամակագրության հասցեն; ինչպես նաև հեռախոսի և ֆաքսի համարները:

11. Որպես նամակագրության հասցե կարող է նշվել` ՀՀ հայտատու` իրավաբանական անձի գտնվելու վայրը, հայտատու` ֆիզիկական անձի բնակության վայրը, կամ Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի հասցեն, կամ որևէ հասցե ՀՀ տարածքում:

12. 740 ծածկագրի տակ, որը լրացվում է, եթե հայտը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով, տրվում են տեղեկություններ նրա մասին` անունը, ազգանունը և Հայարտոնագրում նրա գրանցման համարը:

 

13. 540 կոդի տակ հայերեն մեծատառերով նշվում է հայտարկվող տեղանունը:

14. 510 կոդի տակ նշվում է այն ապրանքի տեսակը կամ կոնկրետ ապրանքը, որի համար խնդրարկվում է տեղանվան գրանցումը:

15. 841 կոդի տակ նշվում է տվյալ ապրանքի ծագման երկիրը:

«Արտադրման վայրը» սյունակում նշվում են աշխարհագրական օբյեկտի սահմանները, որի համար բնորոշ են տվյալ ապրանքի առանձնահատկությունները:

Այս սյունակին հաջորդող երեք սյունակները հայտատուն չի լրացնում:

16. «Ապրանքի առանձնահատկությունների նկարագրությունը» սյունակում նշվում են տվյալ ապրանքին բնորոշ հատկությունները, հատկապես այն առանձնահատկությունները, որոնցով տվյալ ապրանքը հիմնականում տարբերվում է մնացած նույնատիպ ապրանքներից:

 

Կցվող փաստաթղթերի ցանկը

 

17. Նշված սյունակը լրացվում է համապատասխան վանդակում «X» նշան դնելով, նշելով կցվող փաստաթղթերից յուրաքանչյուրի օրինակների և թերթերի քանակը: Հայտի ձևաթղթում չնախատեսված այլ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում նշվում է դրանց ճշգրիտ նշանակությունը:

Օրենքի 32 հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետի համաձայն տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքը պետք է հիմնավորի, որ հայտատուն գտնվում է նշված աշխարհագրական օբյեկտում և արտադրում է ապրանք, որի առանձնահատկությունները որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով:

Անհրաժեշտության դեպքում, երբ ապրանքի առանձնահատկությունները որոշվում են նրա քիմիական բաղադրությամբ և (կամ) ֆիզիկական հատկություններով (կարող են ներկայացնել օրինակ` հանքային ջրերի, քարերի և այլ բնական պաշարների), տեղեկանքին պետք է կցվի ապրանքի նկատմամբ համապատասխան իրավասու մարմնի մասնագիտական եզրակացությունը (օրինակ` Հայպետստանդարտի տարածքային մարմինները, ՀՀ ԳԱԱ ԳՀԻ -ները, նախարարությունները և այլն), որը կհավաստի ապրանքի առանձնահատկությունները:

Օրենքի 32 հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի համաձայն որպես ապրանքի ծագման երկրում տեղանվան օգտագործման օտարերկրյա հայտատուի իրավունքը հաստատող փաստաթուղթ կարող է ներկայացվել տվյալ երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված վկայագիրը, հավաստագիրը կամ այլ համարժեք փաստաթուղթը (վավերացված պատճենը):

 

Ստորագրություն

 

18. Հայտի «ստորագրություն» սյունակը լրացվում է` պարտադիր նշելով ստորագրության թվականը:

Հայտը ստորագրում է հայտատուն: Եթե հայտատուն իրավաբանական անձ է, ապա հայտը ստորագրում է դրա ղեկավարը` նշելով պաշտոնը: Ստորագրությունը վավերացվում է ձեռնարկության կնիքով:

Արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացվող հայտը ստորագրվում է նրա կողմից: Բոլոր ստորագրությունների կողքին նշվում է ստորագրող անձի անունը (առաջին տառը) և ազգանունը: Հայտին կցվող լրացուցիչ թերթերը ևս ստորագրվում են նույն կարգով:

 

Մ Ա Ս  II

 

Հայտով գործավարությունը

 

IV. Ներկայացուցչի նշանակումը

 

19. Տեղանվան հայտով գործերը վարելու և հայտի քննարկման ընթացքում իր շահերը ներկայացնելու համար հայտատուն կարող է նշանակել ներկայացուցիչ` նրան տալով սույն կանոնների 6-րդ կետի 4. ենթակետով նախատեսված պահանջներին համապատասխան ձևակերպված լիազորագիր:

Օտարերկրյա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը տեղանվան գրանցման հետ կապված գործերը վարում են միայն Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: Այլ հայտատուների համար որպես ներկայացուցիչ կարող է նշվել ինչպես արտոնագրային հավատարմատար, այնպես էլ այլ անձ:

Լիազորագիրը կարող է ներկայացվել հայտի հետ կամ գործավարության ընթացքում, որը կցվում է հայտին:

Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կողմից կատարվող գործողությունները համարվում են անվավեր և փորձաքննության ընթացքում հաշվի չեն առնվում:

Ներկայացուցչի ցանկացած գործողություն` նրան տրված լիազորությունների շրջանակներում, կամ նրա նկատմամբ Հայարտոնագրի ցանկացած գործողություն ունի նույն հետևանքները, ինչ հայտատուի գործողությունը կամ հայտատուի նկատմամբ կատարված գործողությունը:

Ներկայացուցչությունը վավերական է մինչև լիազորագրում նշված լիազորությունների սպառումը կամ դրա գործողության ժամկետի ավարտը:

Լիազորագրով տրված լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կարող է կատարվել հայտատուի կամ նրա իրավահաջորդի կողմից Հայարտոնագիր ներկայացված դիմումի համաձայն (լիազորագրի վերացում):

 

V. Հայարտոնագրի հետ գրագրությունը

 

20. Գրագրությունը կատարվում է հայտատուի կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչի միջոցով, յուրաքանչյուր հայտով առանձին:

Հայտ ներկայացնելուց հետո Հայարտոնագիր ուղարկվող նյութերում, որոնք ստորագրում է հայտատուն կամ նրա ներկայացուցիչը, պետք է նշվի հայտի համարը:

Եթե ներկայացված նյութերում նշված չէ հայտի համարը և այլ կերպ հնարավոր չէ այն պարզել, ապա դրանք հետ են վերադարձվում առանց քննարկման:

21. Հայտի քննարկման ընթացքում ուղարկվող նյութերը ներկայացվում են օրենքով նախատեսված ժամկետներում: Եթե ժամկետը արտահայտված է «ընթացքում ...» բառով, իսկ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային է, ապա դրա ավարտը համարվում է հանգստյան օրվան հաջորդող աշխատանքային օրը: Եթե ժամկետի ավարտը վերջանում է այնպիսի ամսում, որում չկա համապատասխան ամսաթիվը, ապա ժամկետը վերջանում է այդ ամսվա վերջին օրը:

22. Եթե գրագրությունն իրականացնում է հայտատուի ներկայացուցիչը, ապա Հայարտոնագրի գրության (հարցման, որոշման և այլն) հետ կապված նյութերի ներկայացման ժամկետը հաշվարկվում է ներկայացուցչի կողմից նյութերի ստացման օրվանից:

23. Հայարտոնագրում գործավարությունն իրականացվում է հայերեն: Հայտատուի կողմից այլ լեզվով ներկայացված նյութին պետք է կցվի դրա հայերեն թարգմանությունը:

 

VI. Հայտի մեջ լրացումներ, ճշգրտումներ, ուղղումներ ԵՎ փոփոխություններ կատարելը

 

24. Օրենքի 33 հոդվածի 2-րդ կետի համաձայն հայտատուն իրավունք ունի փորձաքննության ընթացքում, մինչև հայտի վերաբերյալ որոշման ընդունումը, լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարել հայտի նյութերում:

Հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարվում են հայտատուի գրավոր դիմումի համաձայն: Դիմումը քննարկման չընդունելու դեպքում համապատասխան հիմնավորմամբ Հայարտոնագիրն այդ մասին ծանուցում է հայտատուին: Դիմումը քննարկման ընդունելու դեպքում ներկայացված նյութերը հաշվի են առնվում Հայարտոնագրի կողմից և տեղ են գտնում նրա հետագա որոշումներում:

Դիմումին կցվում է հայտի նյութերում փոփոխություններ կատարելու համար տուրքի վճարման անդորրագիրը:

Տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում, դիմումը քննարկման չի ընդունվում և վերադարձվում է հայտատուին: Եթե վճարված գումարը չի համապատասխանում սահմանված տուրքի չափին, ապա հայտատուին ուղարկվում է ծանուցագիր` պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու առաջարկությամբ: Նշված ժամկետում այդ գումարը չվճարելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:

Եթե լրացուցիչ նյութերը փոփոխում են գրանցման ներկայացված տեղանունն ըստ էության, ապա այդ նյութերը քննարկման չեն ընդունվում և կարող են հայտատուի կողմից ձևակերպվել որպես ինքնուրույն հայտ:

25. Հայտատուի անվանման փոփոխության դեպքում ներկայացվում է այդ փոփոխությունը հաստատող փաստաթուղթ:

26. Հայտատուի ներկայացրած լրացուցիչ փաստաթղթերը ստուգվում են սույն կանոնների 72-73-րդ կետերին համապատասխան:

 

VII. Հայտի փաստաթղթերին ծանոթանալը

 

 27. Հայտատուն (նրա ներկայացուցիչը) իրավունք ունի ծանոթանալ իր կողմից ներկայացված հայտին և դրան վերաբերող փաստաթղթերին ինչպես Հայարտոնագրում` նախօրոք համաձայնեցնելով օրը և ժամը, այնպես էլ դրանց պատճենները պահանջելու միջոցով: Պատճենները տրվում են հայտատուին` օրենքով սահմանված համապատասխան տուրքի վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում:

 

IX. Հայտի քննարկումը հայտատուի մասնակցությամբ

 

28. Սովորաբար հայտի հետ կապված հարցերի քննարկումն անցկացվում է հայտատուի (նրա ներկայացուցչի) մասնակցությամբ, եթե փորձաքննության համար տեղանվան, ապրանքի` աշխարհագրական օբյեկտից և (կամ) մարդկային գործոններից կախված առանձնահատկությունների ճշգրտման հարցերում անհրաժեշտ է հստակեցնել հայտատուի և փորձաքննության դիրքորոշումները:

Այդպիսի քննարկում անցկացվում է Հայարտոնագրի առաջարկությամբ կամ հայտատուի խնդրանքով, երբ երկու կողմերն էլ ծանոթացել են այդ հարցերին: Փորձաքննության հարցերը կարող են շարադրվել հարցման մեջ, որտեղ լրացուցիչ նշվում է համատեղ քննարկման անհրաժեշտությունը, իսկ հայտատուի հարցերը` համատեղ քննարկում անցկացնելու մասին դիմումի մեջ:

Հարցմանը հայտատուն պատասխանում է Օրենքով նախատեսված ժամկետում, անկախ նրանից, մտադիր է մասնակցել հայտի քննարկմանը թե` ոչ:

Հայտի քննարկման օրն ու ժամը նախօրոք համաձայնեցվում է: Հանգամանքների փոփոխության դեպքում այն կողմը, որը հնարավորություն չունի նշանակված ժամին մասնակցել հայտի քննարկմանը, անհապաղ այդ մասին տեղեկացնում է մյուս կողմին:

Եթե Հայարտոնագիրը կամ հայտատուն հայտի համատեղ քննարկումը համարում են վաղաժամ կամ ոչ նպատակահարմար, Հայարտոնագրի առաջարկությունը կամ հայտատուի խնդրանքը կարող է մերժվել:

Հայտատուի ներկայացուցիչը կարող է մասնակցել հայտի քննարկմանը սույն կանոնների 6-րդ կետի 4. ենթակետի և 19-րդ կետի պայմանները պահպանելու դեպքում:

 

X. Պահանջված նյութերի ներկայացման ժամկետի երկարաձգումը

 

29. Օրենքի 33 հոդվածի 5-րդ կետին համապատասխան, հայտատուի գրավոր դիմումի համաձայն, Հայարտոնագրի հարցմամբ պահանջված նյութերի ներկայացման ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի քան 6 ամսով:

Դիմումին կցվում է այն ներկայացնելու համար սահմանված տուրքի վճարման անդորրագիրը:

30. Լրացուցիչ նյութերի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին դիմումը ներկայացվում է հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

31. Պահանջվող նյութերի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուն ծանուցվում է:

32. Պահանջվող նյութերի ներկայացման ժամկետը չի երկարաձգվում, եթե դիմումը ստացվել է սահմանված ժամկետի խախտմամբ, կամ չի ներկայացվել սահմանված տուրքի վճարման անդորրագիրը: Եթե վճարված տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափին, հայտատուին ուղարկվում է ծանուցագիր` պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու առաջարկությամբ: Այդ ժամկետում նշված գումարը չվճարելու դեպքում պահանջված նյութերի ներկայացման ժամկետը չի երկարաձգվում:

Այս դեպքերում հայտատուն ծանուցվում է իր խնդրանքը մերժելու մասին:

 

XI. Բաց թողնված ժամկետների վերականգնումը

 

33. Օրենքի 34 հոդվածի 2-րդ մասին համապատասխան կարող են վերականգնվել հայտատուի կողմից բաց թողնված հետևյալ ժամկետները`

1. փորձաքննության հարցումով լրացուցիչ նյութերի ներկայացման ժամկետը.

2. մերժման մասին որոշման դեմ առարկություն ներկայացնելու ժամկետը.

3. նախնական կամ տեղանվան կրկնական փորձաքննության որոշման դեմ գանգատ ներկայացնելու ժամկետը:

34. Հայարտոնագիրը հայտատուի կողմից բաց թողնված ժամկետը կարող է վերականգնել դրա լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում, հայտատուի ներկայացրած դիմումի համաձայն, որին պետք է կցվի սահմանված տուրքի վճարման անդորրագիրը:

35. Առանց տուրքի վճարման անդորրագրի ներկայացված դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

36. Բաց թողնված ժամկետի վերականգնման մասին հայտատուն ծանուցվում է:

 

XII. Հայտի հետկանչումը

 

37. Օրենքի 33 հոդվածի 12-րդ կետի համաձայն հայտատուի դիմումի հիման վրա հայտը կարող է հետ կանչվել փորձաքննության ցանկացած փուլում: Դիմումը կարող է ներկայացվել մինչև տեղանվան գրանցումը: Հայտը համարվում է հետկանչված` այդ մասին ծանուցագիրը հայտատուին ուղարկելու օրվանից:

38. Հետկանչված հայտով իրավաբանական նշանակություն ունեցող որևէ գործողություն չի կատարվում (փորձաքննություն չի կատարվում, տեղանունը չի գրանցվում, տեղանվան օգտագործման իրավունք չի տրվում): Այլ հայտերի փորձաքննության ընթացքում հետկանչված հայտը հաշվի չի առնվում:

39. Սույն կանոնների 38-րդ կետի դրույթները գործում են նաև այն հայտերի նկատմամբ, որոնք օրենքով սահմանված կարգով համարվել են հետկանչված: Ընդ որում այդպիսի հայտի հետկանչման թվականը որոշվում է այդ մասին ծանուցագիրը հայտատուին ուղարկելու թվականով: Ծանուցագրի մեջ նշվում են համապատասխան հիմքերը:

 

 

Մ Ա Ս  III

 

Հայտի քննարկումն արտոնագրային վարչությունում

 

XIII. Նախնական փորձաքննություն

 

Ներկայացված հայտի գրանցումը

 

40. Հայարտոնագիր ներկայացված հայտին, որին կցված է համապատասխան տուրքի վճարման անդորրագիրը, տրվում է գրանցման համար, եթե հայտում նշված են առնվազն հայտատուն և նրա հասցեն, ապրանքի ծագման տեղանունը, որի գրանցումը և (կամ) օգտագործման իրավունքը խնդրարկվում է, այն ապրանքը, որի առանձնահատկությունները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով, ինչպես նաև ապրանքի առանձնահատկությունները: Եթե հայտում բացակայում է նշված տվյալներից որևէ մեկը, կամ հայտին կից չի ներկայացվել տուրքի վճարման անդորրագիրը, կամ եթե հայտը ներկայացված է այլ լեզվով, ինչը նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրով, ապա ներկայացված հայտը չի գրանցվում և վերադարձվում է հայտատուին:

Գրանցված հայտը վերադարձման ենթակա չէ:

 

Նախնական փորձաքննության ժամկետները

 

41. Օրենքի 33 հոդվածի 6-րդ կետի համաձայն հայտի նախնական փորձաքննությունն անցկացվում է այն ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում:

Հայտատուին հարցում ուղարկելու դեպքում նշված ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև պատասխանի ստացումը:

 

Նախնական փորձաքննության խնդիրները

 

42. Նախնական փորձաքննության խնդիրն է ստուգել հայտի կազմը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին: Դրա արդյունքների հիման վրա որոշում է կայացվում հայտը քննարկման ընդունելու կամ չընդունելու մասին:

 

Նախնական փորձաքննության բովանդակությունը

 

43. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում է հետևյալ նյութերի և տվյալների առկայությունն ու սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը`

1. դիմումը տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի ընձեռման մասին, որում նշվում են հայտատուն (հայտատուները) և նրա (նրանց) գտնվելու կամ բնակության վայրը.

2. հայտատուի (ների) անվան (անվանման) ու հասցեի (ների) նշումը.

3. հայտարկվող տեղանունը.

4. այն ապրանքի նշումը, որի նշման համար խնդրարկվում է տեղանվան գրանցումը և օգտագործման իրավունքի ընձեռումը.

5. ապրանքի առանձնահատկությունները.

6. արտոնագրային հավատարմատարի կամ հայտատուի այլ ներկայացուցչի (եթե այդպիսիք կան) անունը և հասցեն.

7. հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար տուրքի վճարման անդորրագիրը.

8. արտոնագրային հավատարմատարին տված լիազորագիրը.

9. ազգային հայտատուի համար` տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնից այն մասին, որ հայտատուն գտնվում է նշված աշխարհագրական օբյեկտում և արտադրում է ապրանք, որի առանձնահատկությունները որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով.

10. օտարերկրյա հայտատուի համար` ապրանքի ծագման երկրում տեղանվան օգտագործման իր իրավունքը հաստատող փաստաթուղթը.

11. հայտին կից այլ լեզվով ներկայացված փաստաթղթերի հայերեն թարգմանությունը:

44. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում է սույն կանոնների 43-րդ կետում նշված տեղեկությունների և փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև նույն կետի 1., 2., 3., 4., 5. ենթակետերում նշված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կանոններով սահմանված պահանջներին:

45. Հայտի ներկայացման թվականը սահմանվում է սույն կանոնների 43-րդ կետի 1., 2., 3., 4., 5., 7. ենթակետերում թվարկված տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման թվականով:

46. Հայտին կցված այլ լեզվով փաստաթղթերը` մինչև դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնելը, համարվում են չներկայացված:

47. Սույն կանոնների 43-րդ կետի 6., 9., 10. ենթակետերում թվարկված տեղեկությունների և (կամ) փաստաթղթերի բացակայությունը կամ սույն կանոններին դրանց անհամապատասխանությունը չի կարող արգելք հանդիսանալ հայտը քննարկման ընդունելու և հայտի ներկայացման թվականը սահմանելու համար:

Նախնական փորձաքննության փուլում հայտում ոչ ճիշտ ձևակերպված նյութեր և (կամ) տեղեկություններ հայտնաբերելու և (կամ) փաստաթղթերի բացակայության դեպքում, հայտը քննարկման ընդունելու մասին որոշմամբ հայտատուն կարող է ծանուցվել նաև դրանց ներկայացման և (կամ) ճշգրտման անհրաժեշտության մասին:

 

Տուրքի վճարման ստուգումը

 

48. Ներկայացված փաստաթղթերում ստուգվում է հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար տուրքի վճարման անդորրագիրը:

Անդորրագրի բացակայության դեպքում հայտը քննարկման չի ընդունվում:

Եթե ներկայացվել է տուրքի վճարման անդորրագրի պատճենը, ապա հայտատուին ուղարկվում է հարցում անդորրագրի բնօրինակը երկամսյա ժամկետում ներկայացնելու մասին:

Երկու ամսվա ընթացքում տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

Եթե անդորրագիրը ներկայացվել է, սակայն վճարված գումարը չի համապատասխանում սահմանված տուրքի չափին, ապա հայտատուին ուղարկվում է հարցում` պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու առաջարկությամբ:

Երկու ամսվա ընթացքում նշված գումարի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

 

Հարցում` հայտում բացակայող կամ ուղղված նյութերը ներկայացնելու մասին

 

49. Եթե նախնական փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտը ձևակերպված է սույն կանոններով նախատեսված պահանջների խախտմամբ, հայտատուին ուղարկվում է հարցում` այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ի հայտ բերված խախտումներն ուղղելու կամ բացակայող տեղեկությունները ներկայացնելու առաջարկությամբ:

50. Հարցման հիմք կարող է հանդիսանալ`

1. հայտի նյութերում սույն կանոնների 43-րդ կետի 1., 2., 3., 4., 5., 7., 8. ենթակետերում նշված փաստաթղթերում բացակայող տեղեկությունները.

2. տուրքի վճարման անդորրագրի մեջ այն տեղեկության բացակայությունը, որ տուրքը վճարված է համապատասխան հաշվի համարին.

3. տուրքի վճարման գումարի անհամապատասխանությունը սահմանված չափերին:

51. Սույն կանոնների 43-րդ կետի 6., 9., 10. ենթակետերում նշված տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը պահանջելու համար նախնական փորձաքննության փուլում հայտատուին հարցում չի ուղարկվում, եթե դա միակ հիմքն է հարցման համար:

52. Սահմանված ժամկետում փորձաքննության հարցումն անպատասխան թողնելու և այդ ընթացքում նշված ժամկետը երկարաձգելու մասին դիմում չներկայացնելու դեպքում, հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

 

Հայտը քննարկման ընդունելու մասին որոշումը

 

53. Սահմանված պահանջներին հայտի համապատասխանության, ինչպես նաև հարցմանը համապատասխան պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը ժամանակին ներկայացնելու դեպքում, հայտատուին ուղարկվում է տեղեկանք հայտը քննարկման ընդունելու մասին` նշելով հայտի ստացման թվականը:

54. Հայտը քննարկման ընդունելու մասին տեղեկանքով հայտատուն կարող է ծանուցվել օրենքով և սույն կանոններով նախատեսված այլ տեղեկությունների և (կամ) փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության մասին: 

 

Հայտը քննարկման չընդունելու մասին որոշումը

 

55. Եթե փորձաքննության հարցման համաձայն հայտատուի ներկայացրած նյութերը չեն պարունակում պահանջված տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը, ապա որոշում է կայացվում հայտը քննարկման չընդունելու մասին, բերելով անհրաժեշտ հիմնավորումներ:

Այդպիսի հիմք կարող է հանդիսանալ`

1. անվանումը որպես ապրանքի ծագման տեղանուն գրանցելու և (կամ) տեղանվան օգտագործման իրավունք տալու մասին դիմումի բացակայությունը.

2. հայտում հայտատուի անվան (լրիվ անվանման) բացակայությունը և (կամ) դրա անհամապատասխանությունը սույն կանոններով սահմանված պահանջներին.

3. հայտում այն ապրանքի նշման բացակայությունը, որի համար խնդրարկվում է տեղանվան գրանցումը և (կամ) օգտագործման իրավունքը.

4. ապրանքի արտադրության վայրի (աշխարհագրական օբյեկտի սահմանների) նշման բացակայությունը.

5. հայտում ապրանքի առանձնահատկությունների նկարագրության բացակայությունը.

6. սահմանված տուրքի վճարման անդորրագրի բացակայությունը:

 

XIV. Հայտարկված տեղանվան փորձաքննությունը

 

Հայտարկված տեղանվան փորձաքննության խնդիրները

 

56. Օրենքի 33 հոդվածի 8-րդ կետի համաձայն հայտարկված տեղանվան փորձաքննության ընթացքում ստուգվում է դրա համապատասխանությունը օրենքի 30 հոդվածով սահմանված պահանջներին:

57. Փորձաքննության արդյունքներով որոշում է կայացվում տեղանվան գրանցման և դրա օգտագործման իրավունք տալու, կամ տեղանվան գրանցումը և դրա օգտագործման իրավունք չտալու, կամ արդեն գրանցված տեղանվան օգտագործման իրավունք տալու կամ չտալու մասին:

 

Հայտարկված տեղանվան փորձաքննության բովանդակությունը

 

58. Քննարկման ընդունված հայտերով նախնական փորձաքննության ավարտից հետո անցկացվում է հայտարկվող տեղանվան փորձաքննություն:

Հայտարկված տեղանվան փորձաքննության ընթացքում ստուգվում է`

1. հայտի նյութերի համապատասխանությունը սույն կանոնների 4-18-րդ կետերով սահմանված պահանջներին, բացառությամբ այն նյութերի, որոնք ստուգվում են նախնական փորձաքննության ընթացքում (կանոնների 43-47-րդ կետեր).

2. հայտարկված տեղանվան համապատասխանությունը օրենքի 30 հոդվածով սահմանված պահանջներին.

3. տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված այն տեղեկանքի առկայությունը, որ հայտատուն գտնվում է նշված աշխարհագրական օբյեկտում և արտադրում է ապրանք, որի առանձնահատկությունները որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով.

4. ապրանքի առանձնահատկությունների նկարագրության համապատասխանությունը պետական գրանցամատյանում նշված տվյալներին, եթե խնդրարկվում է տեղանվան օգտագործման իրավունք:

Սույն կետի 2-րդ պարբերության 2-րդ և 3-րդ ենթակետերի համաձայն ստուգման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ կարևոր հանգամանքները`

1. Օրենքի 30 հոդվածի համաձայն տեղանունը երկրի, բնակավայրի կամ աշխարհագրական օբյեկտի անվանումն է, որն օգտագործվում է այն ապրանքի նշման համար, որի առանձնահատկությունները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով: Այստեղ պետք է հատուկ ուշադրություն դարձնել «ապրանք» հասկացության վրա, նկատի ունենալով, որ այն որոշակի սպառողական հատկություններով օժտված իր կամ առարկա է, որը որոշակի արժեքով մտցված է տնտեսական շրջանառության մեջ:

Վերոհիշյալի կապակցությամբ օրենքի 30 հոդվածը պետք է տարածվի առաջին անգամ տնտեսական շրջանառության մեջ մտցվող ապրանքի վրա, այսինքն այն ապրանքի, որի առանձնահատկությունները իսկապես, բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով, այլ ոչ թե որևէ այլ ապրանքի վրա, որը տնտեսական շրջանառության մեջ է մտել որպես արդեն տնտեսական շրջանառության մեջ մտած որևէ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով պայմանավորված հատկություններ ունեցող նոր (այլ) փաթեթավորում կամ տեսք ունեցող ապրանք: Մասնավորապես այդպիսի ապրանքների թվին են պատկանում հատկապես բնական պաշարների տեսքով ապրանքները, օրինակ` բնական քարերը (Արթիկի տուֆ, Լալվարիտ), հանքային ջրերը (Ջերմուկ, Արզնի, Դիլիջան) և այլն: Այսինքն ապրանքի ծագման տեղանունը կարող է գրանցվել տվյալ արդյունահանվող ապրանքի նշման համար, իսկ դրա օգտագործման իրավունքը կարող է տրվել նույն աշխարհագրական օբյեկտում գտնվող նույն հատկություններով ապրանք արդյունահանող սուբյեկտներին:

2. Ապրանքը նոր փաթեթավորմամբ կամ տեսքով տնտեսական շրջանառության մեջ մտցնող սուբյեկտների կողմից գրանցված տեղանունը կարող է օգտագործվել այնքանով, որքանով դա իրականում համապատասխանում է գրանցված տեղանվամբ նշված ապրանքը օրինական ճանապարհով նորից տնտեսական շրջանառության մեջ մտցնելու պայմաններին:

3. Սույն կետի 3-րդ պարբերության 2-րդ ենթակետի համաձայն տեղանունը կարող է օգտագործվել այնքանով, որքանով այն չի հակասում Փարիզյան կոնվենցիայի 10 bis հոդվածի 3-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերի պահանջներին: Այս կապակցությամբ անհրաժեշտ է, որ տեղանվան հետ պարտադիր ձևով նշվի տվյալ ապրանքի հետագա փաթեթավորման կամ ձևավորման վայրի անվանումը, օրինակ` «շշալցված է Չարենցավանում», «հղկամշակված է Սպիտակում», կամ այլ առևտրային անվանում:

 

Ապրանքի ծագման տեղանվանը հայտարկված անվանման համապատասխանության ստուգումը

 

59. Օրենքի 30 հոդվածով ապրանքի ծագման տեղանվան նկատմամբ սահմանված պահանջներին հայտարկված անվանման համապատասխանությունը որոշելու համար ստուգվում է`

1. հայտարկված անվանման համապատասխանությունը օբյեկտի ժամանակակից պաշտոնական կամ պատմական անվանմանը, հաշվի առնելով սույն կանոնների 3-րդ կետի պահանջները.

2. աշխարհագրական օբյեկտի գտնվելու մասին տեղեկությունները, որի սահմանները նշված են հայտում.

3. հայտի ներկայացման թվականի դրությամբ աշխարհագրական օբյեկտի անվանման գոյությունը, որը իրոք օգտագործվում է ապրանքի անհատականացման համար, որի առանձնահատկությունները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով այն դեպքում, երբ տեղանունը նախկինում կիրառվել է ապրանքի անհատականացման համար, բայց ժամանակի ընթացքում կորցրել է ապրանքի իսկական ծագման վայրը և առանձնահատկությունները նշելու կարողությունը, այն համարվում է Հայաստանի Հանրապետությունում որոշակի տեսակի ապրանք բնորոշող, համընդհանուր գործածության մեջ մտած բառ, որը կապ չունի ապրանքի արտադրման տեղի հետ.

4. այն ապրանքի նշումը, որի համար խնդրարկվում է տեղանվան գրանցումը և օգտագործման իրավունքի ընձեռումը կամ գրանցված տեղանվան օգտագործման իրավունքի ընձեռումը` նշելով ապրանքի արտադրման վայրի (աշխարհագրական օբյեկտի սահմանների) անվանումը.

5. ապրանքի առանձնահատկությունների նկարագրության առկայությունը և դրա համապատասխանությունը տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքին:

 

Տեղական ինքնակառավարման մարմնի (իրավասու մարմնի) տեղեկանքի ստուգումը

 

60. Իրավասու մարմնի տեղեկանքի բովանդակության ստուգմամբ պարզվում է այն տեղեկությունների առկայությունը, որոնք հաստատում են`

1. այն օբյեկտում հայտատուի գտնվելը, որի անվանումը հայտարկվել է որպես ապրանքի ծագման տեղանուն.

2. հայտատուի կողմից հայտում նշված ապրանքի արտադրությունը այն օբյեկտում, որի անվանումը հայտարկվել է որպես ապրանքի ծագման տեղանուն.

3. հայտատուի կողմից արտադրվող ապրանքի այն առանձնահատկությունները, որոնք բացառապես կամ հիմնականում պայմանավորված են հայտում նշված օբյեկտին բնորոշ բնական պայմաններով և (կամ) մարդկային գործոններով:

 

Հարցում լրացուցիչ նյութեր ներկայացնելու մասին

 

61. Օրենքի 33 հոդվածի 4-րդ կետին համապատասխան փորձաքննության ընթացքում Հայարտոնագիրը կարող է հայտատուից պահանջել լրացուցիչ նյութեր, եթե առանց այդ նյութերի փորձաքննության անցկացումն անհնար է:

Մասնավորապես, հարցման հիմք կարող են ծառայել հետևյալ հանգամանքները`

1. հայտարկված անվանման ճշգրտման անհրաժեշտությունը.

2. սույն կանոնների 5-րդ կետում և 17-րդ կետի 2-4-րդ պարբերություններում նշված փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը.

3. այն ապրանքի տեսակի ճշտման անհրաժեշտությունը, որի համար խնդրարկվում է տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքը.

4. ապրանքի արտադրման վայրի ճշգրտման անհրաժեշտությունը.

5. ապրանքի առանձնահատկությունների նկարագրության ճշգրտման անհրաժեշտությունը.

6. իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքում բերված տեղեկությունների ճշգրտման անհրաժեշտությունը:

Հայտի քննարկման ընթացքում առաջացած այլ բնույթի հարցերը, առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներառվել վերոհիշյալ հարցումների մեջ, իսկ դրանց բացակայության դեպքում` ձևակերպվել առանձին գրության տեսքով:

62. Հարցման կամ գրության մեջ բերված փորձաքննության կարծիքը պետք է լինի հիմնավորված, մասնավորապես` օրենքից, սույն կանոններից կամ այլ նորմատիվ փաստաթղթերից վկայակոչումներով:

63. Եթե փորձաքննության ընթացքում հայտատուի ներկայացրած ցանկացած փաստաթղթի կամ տեղեկության հավաստիության նկատմամբ ծագում են հիմնավոր կասկածներ, փորձագետը իրավունք ունի հայտատուից պահանջել անհրաժեշտ հիմնավորումներ:

64. Փորձաքննության հարցման համաձայն հայտատուի ներկայացրած լրացուցիչ նյութերը քննարկվում են սույն կանոնների 72 և 73-րդ կետերին համապատասխան:

65. Սահմանված ժամկետում փորձաքննության հարցումն անպատասխան թողնելու և այդ ընթացքում նշված ժամկետը երկարաձգելու մասին դիմում չներկայացնելու դեպքում, հայտը համարվում է հետկանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

 

Տեղանվան գրանցման եվ օգտագործման իրավունք տալու մասին որոշումը

 

66. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտարկված տեղանունը համապատասխանում է օրենքի 30 հոդվածի պահանջներին և այն դեռևս գրանցված չէ պետական գրանցամատյանում, ապա որոշում է կայացվում տեղանունը գրանցելու և հայտատուին դրա օգտագործման իրավունք տալու մասին:

67. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտարկված տեղանունը համապատասխանում է օրենքի 30 հոդվածի պահանջներին և այն գրանցված է պետական գրանցամատյանում, ապա որոշում է կայացվում հայտատուին դրա օգտագործման իրավունք տալու մասին:

68. Սույն կանոնների 66-67-րդ կետերի համաձայն կայացված որոշումներում նշվում են հետևյալ տեղեկությունները`

1. ապրանքի ծագման գրանցվող տեղանունը, կամ արդեն գրանցված տեղանունը, որի օգտագործման իրավունքը ընձեռվում է հայտատուին.

2. տեղանվան օգտագործման իրավունք ստացող անձի (անց) մասին տեղեկություններ.

3. հայտի ստացման թվականը, որը համարվում է վկայականի գործողության ժամկետի սկիզբը.

4. ապրանքի տեսակը և առանձնահատկությունների նկարագրությունը, որի նշման համար գրանցված է տեղանունը:

 

Տեղանվան գրանցումը եվ օգտագործման իրավունք տալը մերժելու մասին որոշումը

 

69. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտարկված տեղանունը չի համապատասխանում օրենքի 30 հոդվածի առնվազն մեկ պահանջին և դեռևս գրանցված չէ պետական գրանցամատյանում, ապա որոշում է կայացվում տեղանվան գրանցումը և հայտատուին դրա օգտագործման իրավունք տալը մերժելու մասին:

70. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտարկված տեղանունը չի համապատասխանում օրենքի 30 հոդվածի և 31 հոդվածի 3-4-րդ կետերի առնվազն մեկ պահանջի և գրանցված է պետական գրանցամատյանում, ապա որոշում է կայացվում հայտատուին տեղանվան օգտագործման իրավունք չտալու մասին:

71. Սույն կանոնների 69-70-րդ կետերի համաձայն կայացված որոշումներում բերվում են համապատասխան հիմքեր, մասնավորապես` օրենքից, սույն կանոններից կամ այլ նորմատիվ փաստաթղթերից վկայակոչումներով:

Տեղանվան գրանցումը մերժելու մասին որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է դիմում ներկայացնել կրկնական փորձաքննություն անցկացնելու խնդրանքով` բերելով հիմնավոր փաստարկներ:

Նշված ժամկետը հայտատուի խնդրանքով կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 6 ամսով, եթե այդ մասին դիմումն ստացվել է մինչև նշված ժամկետի ավարտը:

 

XV. Լրացուցիչ նյութերի ստուգումը

 

72. Հայարտոնագրի հարցման հիման վրա հայտատուի կողմից լրացուցիչ նյութեր ներկայացնելու դեպքում ստուգվում է նշված նյութերի ներկայացման համար սահմանված ժամկետների պահպանումը:

Նշված նյութերը պետք է ներկայացվեն այդ մասին հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

Հայտատուի կողմից սահմանված ժամկետների պահպանումը ստուգելիս պետք է առաջնորդվել սույն կանոնների 21-րդ կետով:

Եթե հայտատուն խախտել է սահմանված ժամկետը և սույն կանոնների 29-32-րդ կետերին համապատասխան չի ներկայացրել դրա երկարաձգման խնդրագիր, կամ փորձաքննության հարցումը թողել է անպատասխան, ապա հայտը համարվում է հետկանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

73. Փորձաքննության հարցմանը համապատասխան կամ հայտատուի նախաձեռնությամբ ներկայացված լրացուցիչ նյութերը քննարկման ընդունելու դեպքում ստուգվում է` արդյոք այդ նյութերը էապես չեն փոխում ներկայացված հայտը:

Լրացուցիչ նյութերը ճանաչվում են հայտն ըստ էության փոփոխող, եթե փոփոխությունը վերաբերում է ապրանքի այն առանձնահատկության նշմանը, որը ըստ իրավասու մարմնի տված եզրակացության հատուկ չէ տվյալ ապրանքին կամ վերաբերում է այլ ապրանքի:

74. Եթե լրացուցիչ նյութերը ճանաչվել են հայտն ըստ էության փոփոխող, ապա մինչև գրանցման մասին կամ գրանցման մերժման մասին որոշում ընդունելը հայտատուն ծանուցվում է այն մասին, թե լրացուցիչ նյութերի որ տվյալներն են հիմք ծառայել փորձաքննության այդպիսի եզրակացության համար:

Մնացած տեղեկությունները փորձաքննության ընթացքում հաշվի են առնվում:

 

XVI. Տեղանվան ստուգումը գրանցումը մերժելու հիմքերով

 

75. Օրենքի 35 հոդվածի համաձայն որպես ապրանքի ծագման տեղանուն չի կարող գրանցվել այն անվանումը, որը`

1. գրանցման է ներկայացվել ոչ իրավասու անձանց կողմից.

2. չի համապատասխանում օրենքի 30 հոդվածի պահանջներին.

3. նույնական կամ շփոթելու աստիճան նման է նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված տեղանվանը. 

4. հակասում է հասարակական շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին կամ բարեխիղճ մրցակցության (գործարար շրջանառության) սովորություններին.

5. կարող է խախտել այլ երրորդ անձանց իրավունքները (հեղինակային իրավունք, արդյունաբերական սեփականության իրավունք և այլն).

6. չի պահպանվում, պահպանությունը դադարեցվել է կամ գործածությունը չի թույլատրվում ծագման երկրում.

7. մոլորության մեջ է գցում, մասնավորապես ապրանքի բնույթի, որակի կամ աշխարհագրական ծագման վերաբերյալ, նույնիսկ երբ տեղանունը բառացիորեն հավաստի է ապրանքի ծագման աշխարհագրական օբյեկտի իմաստով (նույնանուն տեղանունների դեպքում), բայց սպառողին տալիս է կեղծ պատկերացում, իբրև ապրանքը ծագում է այլ աշխարհագրական օբյեկտից: Նույնանուն անվանումների դեպքում տեղանունը կարող է գրանցվել, եթե ապրանքի մակնիշի վրա պարզ և տեսանելի արտահայտված է սպառողին մոլորեցնելը բացառող որևէ տարբերակիչ տարր, օրինակ` ծագման երկրի կամ շրջանի անունը:

 

XVI. Փորձաքննության որոշման բողոքարկումը

 

75. Օրենքի 34 հոդվածին համապատասխան փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն կարող է դրա ստացման օրվանից երեք ամսվա ընթացքում գանգատ ներկայացնել Հայարտոնագրի բողոքարկման խորհուրդ: Բողոքը քննարկվում է Հայարտոնագրի կողմից սահմանված կարգով:

Բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում այն ստանալու օրվանից 6-ամսյա ժամկետում հայտատուն իրավունք ունի դիմել դատարան:

Հայարտոնագիրը օրենքի 33 հոդվածի չորրորդ և հինգերորդ կետերով և 34 հոդվածի առաջին կետով նախատեսված և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետը կարող է վերականգնել դրա լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, հայտատուի տված դիմումի համաձայն, սահմանված տուրքի վճարման դեպքում:

 

XVII. Տեղանվան գրանցումը

 

76. Օրենքի 36 հոդվածին համապատասխան սույն կանոնների 66-68-րդ կետերի համաձայն կայացված որոշումների հիման վրա, սահմանված տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո բաժինը 10-օրյա ժամկետում տեղանվան հայտը փոխանցում է Հայարտոնագրի պետական գրանցամատյանների բաժին` տեղանունը և (կամ) տված օգտագործման իրավունքի մասին տեղեկությունները պետական գրանցամատյանում գրանցելու համար:

Հայարտոնագրի պետական գրանցամատյանների բաժինը փոխանցված հայտով, այն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում, տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունք տալու մասին որոշման հիման վրա տեղանունը և (կամ) գրանցված տեղանվան օգտագործման իրավունք տալու մասին տեղեկությունները գրանցում է պետական գրանցամատյանում:

Օրենքի 36 հոդվածի համաձայն, տեղանունը և (կամ) տեղանվան օգտագործման իրավունք տալու մասին տեղեկությունները պետական գրանցամատյանում գրանցելու օրվանից մեկ ամսվա ընթացքում Հայարտոնագրի պետական գրանցամատյանների բաժինը տեղանվան օգտագործման վկայականը պատրաստում և հանձնում է հայտատուին:

Վկայականում նշվում է պետական գրանցման համարը (վկայականի) և թվականը, հայտատուի անունը (անվանումը) և երկրի կոդը, հայտի համարը և ներկայացման թվականը, տեղանունը, վկայականի գործողության ժամկետը, ապրանքի տեսակը և դրա առանձնահատկությունները:

 

Եզրափակիչ դրույթներ

 

XVIII. Նախորդ կանոնները

 

121. Սույն կանոններն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած են ճանաչվում «Ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնները», որոնք հաստատվել են 1998 թ. դեկտեմբերի 10-ին, Հայարտոնագրի N 70 հրամանով (գրանցված են ՀՀ արդարադատության նախարարության կողմից 29.12.1998 թ., N 36980228):

 

Հավելված

 

 ՀԱՅՏ

ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման

Հայաստանի Հանրապետության
արտոնագրային վարչություն

Երևան 10, Գլխավոր պող.
Կառավարական տուն, 3

ԴԻՄՈՒՄ 

Ներկայացնելով հայտը և ստորև նշված փաստաթղթերը, խնդրում եմ (ենք) հայտի մեջ նշված պատկերը որպես ապրանքային (սպասարկման) նշան գրանցել հայտատուի անունով:

730   Հայտատու(ներ)

(նշվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

Երկրի ծածկագիրն ըստ
ՄՍՀԿ ՍՏ 3 ստանդարտի


AM

Խնդրում եմ (ենք) նշանի առաջնությունը սահմանել` 
առաջին հայտի (հայտերի) ներկայացման թվականով` օրենքի 7 հոդվածի երկրորդ մասին համապատասխան.
ցուցահանդեսում ցուցանմուշի բաց ցուցադրումն սկսելու թվականով` օրենքի 7 հոդվածի երրորդ մասին համապատասխան:
310 Առաջին հայտի N: 320 (230) Խնդրարկվող 
առաջնության թվականը

330 Առաջին հայտի ստացման երկրի ծածկագիրն
ըստ ՄՍՀԿ ST 3 ստանդարտի (կոնվենցիայով
առաջնություն խնդրարկելու դեպքում)

     

Հայտատուի(ների) փոստային հասցեն(ները)

ՀեռախոսՖաքս

 Նամակագրության հասցեն (փոստային հասցեն, հասցեատիրոջ անունը կամ անվանումը)

ՀեռախոսՖաքս

740 Արտոնագրային հավատարմատար (անունը, հայրանունը, ազգանունը, գրանցման համարը)

540 Հայտարկվող նշանի պատկերը

Հայտարկվող նշանի նկարագրությունը

 

 

591 Գույնը կամ գունային համակցությունը (եթե խնդրարկվում է գրանցել նշանի գունավոր տարբերակը)

 220 Հայտի ներկայացման
թվականը

Մտից N: 210 Հայտի գրանցման N:
Առաջնություն 511 ԱԾՄԴ

 

510 ԱԾՄԴ-ի դասերին համապատասխան խմբավորված (գերադասելի է այդ դասակարգման տերմիններով) ապրանքների և ծառայությունների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը*)

Դասը

Ապրանքների և (կամ) ծառայությունների անվանումը

 

 

 

*) Եթե ցանկը չի տեղավորվում հատկացված սյունակում, ապա այն որպես հայտի հավելված ամբողջապես ներկայացվում է առանձին թերթի վրա

Կցվող փաստաթղթերի ցանկ

սահմանված տուրքի վճարման անդորրագիրը
հայտարկվող նշանի լուսանկարները (տպագրական դրոշմվածքները)
կոլեկտիվ նշանի կանոնադրությունը
հայտին կցված փաստաթղթերի հայերեն թարգմանությունը
արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիր)
ապրանքների և ծառայությունների ցանկը, եթե այն ներկայացվում է հավելվածի ձևով
այլ փաստաթղթեր (նշել)

Թերթերի
թիվը

Օրինակների
թիվը

   
   
   
   
   
   
 

Լրացուցիչ տվյալներ`
ավելի վաղ գրանցված նշանի վկայականի N:
ծավալային նշան կոլեկտիվ նշան

Ստորագրություն

Հայտատուի կամ արտոնագրային հավատարմատարի ստորագրությունը, թվականը (ձեռնարկության ղեկավարի ստորագրությունը վավերացվում է կնիքով)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.04.2005, N 85-Ն 13.08.2005, N 42
12.04.2005, N 84-Ն 13.08.2005, N 42
12.02.2001, N 7 20.10.2001, N 42
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան