«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32206025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
17 նոյեմբերի 2005 թ. |
N 391-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 13-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի «Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին վերապահելու մասին» N 1028 որոշման պահանջներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Թեմատիկ քարտեզագրական աշխատանքների իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնի պետ Ա. Հարությունյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության թեմատիկ քարտեզագրական աշխատանքների իրականացման կարգը, որն իրենից ներկայացնում է տեխնիկական կանոնակարգ: Սույն կարգով սահմանված Հայաստանի Հանրապետության թեմատիկ քարտեզագրական աշխատանքների իրականացման թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) աշխատակազմի Գեոդեզիայի և գեոդեզիական պետական տեսչության վարչության կողմից։
2. Աշխատանքների նպատակն է՝
ա/ քարտեզագրական նյութերի համապատասխանեցումը քարտեզագրական ոլորտում գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, նորմատիվ-իրավական ակտերի պահանջներին,
բ/ հեղինակային իրավունքի պաշտպանումը,
գ/ անորակ և անճշտություններ պարունակող քարտեզագրական արտադրանքի բացառում:
3. Թեմատիկ են համարվում՝
ա/ Հայաստանի Հանրապետության տարածքում հրատարակվող բոլոր տեսակի թեմատիկ քարտեզներն ու ատլասները,
բ/ այլ երկրներում հայերեն լեզվով հրատարակված և Հայաստանի Հանրապետությունում իրացվող Հայաստանի Հանրապետության կամ պատմական Հայաստանի վերաբերյալ բոլոր տեսակի թեմատիկ քարտեզներն ու ատլասները:
4. Հետազոտվում է աշխարհագրական հիմքը (Հայաստանի Հանրապետության պետական սահմանագծի և վարչատարածքային միավորների սահմանները, բնակավայրերը, լեռնագրությունը, ջրագրական ցանցը), ավտոճանապարհները, երկաթգծերը աշխարհագրական անվանումները, աշխարհագրական հիմքի տարրերին վերաբերող տեղեկատվության ճշգրտությունը և քարտեզագրական այլ տվյալներ:
II. ԹԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ԱՏԼԱՍՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
5. Թեմատիկ քարտեզների և ատլասների կազմման նպատակով անհրաժեշտ քարտեզագրական նյութերը (հիմնականում աշխարհագրական հիմքեր) սահմանված կարգով տրամադրվում է աշխատանքների իրականացման համապատասխան թույլտվության առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2004թ. մայիսի 3-ի «Տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, տիեզերաաերոֆոտոհանութագրական, ճարտարագիտահետախուզական աշխատանքների իրականացման վերաբերյալ թույլտվության ձևը հաստատելու մասին» N 87-Ն հրամանի պահանջի համաձայն։
6. «Գաղտնի» դրոշմագրով բոլոր տեսակի թեմատիկ քարտեզների և ատլասների կազմման ու նախապատրաստման նպատակով ելակետային նյութերի տրամադրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. սեպտեմբերի 19-ի «Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշման պահանջների համաձայն։
7. Բաց հրատարակման համար նախատեսված քարտեզների ու ատլասների թեմատիկ բովանդակությամբ (սոցիալ-տնտեսական, պատմական, երկրաբանական, բնական պայմանների ու ռեսուրսների) բնօրինակները ստեղծվում են հեղինակ-մասնագետների կողմից մշակված նյութերի և տեղագրական քարտեզների, օդալուսանկարների ու տիեզերալուսանկարների բաց օգտագործման նյութերի հիման վրա։ Դրանց բացակայության դեպքում օգտագործվում են նախկինում ստեղծված կամ տարբեր պետությունների կողմից ազատ վաճառքի համար հրատարակված քարտեզները և ատլասները, հղում կատարելով սկզբնաղբյուրի վրա:
8. Թեմատիկ քարտեզների բնօրինակների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում կոմիտե ներկայացվում է բովանդակությանը և նպատակային ուղղվածությանը համապատասխան մասնագիտական գրախոսական:
9. Աշխատանքների ղեկավարի, սրբագրիչի, խմբագրի, ինչպես նաև պատվիրատուի ներկայացուցչի կողմից ստորագրված բնօրինակները, քարտեզների (ատլասների) տեքստերը և այլ նյութեր փոխանցվում է հրատարակման, հրատարակչական օրինակներ (դիապոզիտիվներ) և գունավոր փորձանմուշ պատրաստելու համար։
III. ԹԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ԱՏԼԱՍՆԵՐԻ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
11. Թեմատիկ քարտեզագրական տարրերի և տեղեկատու տվյալների ճշգրտությունը ստուգելու և գաղտնի տեղեկատվության հրապարակումը կանխելու նպատակով, քարտեզների /այդ թվում նաև ատլասների մեջ ընդգրկված քարտեզների/ գունավոր փորձանմուշները՝ 2 օրինակից, հեղինակային բնօրինակների /եթե այդպիսին առկա է/ և այլ անհրաժեշտ նյութերի հետ միասին, քարտեզագիր-խմբագրի և տվյալ կազմակերպության ղեկավարի կողմից համաձայնեցված, ներկայացվում է Կոմիտեի աշխատակազմի Գեոդեզիայի և գեոդեզիական պետական տեսչության վարչություն՝ համաձայնեցման, առանց որի նյութը հրատարակման ենթակա չէ:
12. Բազմաթիվ (փոքրածավալ քարտեզների համար` 3, մեծածավալ քարտեզների համար` 7-ից ավելի) թերությունների, անճշտությունների և կոպիտ սխալների առկայության դեպքում քարտեզի փորձանմուշը վերադարձվում է լրամշակման, որից հետո նորից ներկայացվում է հաստատման:
13. Կոմիտեի կողմից հաստատված փորձանմուշի մեկ օրինակը վերադարձվում է ներկայացնող կազմակերպությանը հրատարակման ներկայացնելու համար: Փորձանմուշի երկրորդ օրինակը մնում է Կոմիտեում, արված առարկությունների և առաջարկությունների հետագա վերահսկման համար։
IV. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ
14. Թեմատիկ քարտեզների և ատլասների ստեղծման աշխատանքներն իրականացնող նախարարությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք՝ սույն կարգով և «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
15. Թեմատիկ քարտեզների և ատլասների ստեղծման աշխատանքները իրականացնող նախարարությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից գաղտնիության ռեժիմի խախտողները պատասխանատվություն են կրում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն: