«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 32603425
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
31 հոկտեմբերի 2003 թ. |
N 978-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի կատարումն ապահովելու նպատակով`
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հրդեհների և դրանց հետևանքների պետական հաշվառման կանոնները՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի աշխատակազմի պետ, գնդապետ Գալուստ Գալստյանին`
- սույն կանոնները ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Գեներալ-մայոր |
Հ. Հարոյան |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված հրդեհների, դրանց պատճառած նյութական վնասի, հրդեհների ժամանակ տուժած քաղաքացիների հաշվառման միասնական համակարգը: Սույն կանոններում ամրագրված դրույթները կիրառվում են միայն հրդեհների և դրանց հետևանքների հաշվառման նպատակով:
2. Հրդեհներ չեն համարվում`
ա) փորձերի ժամանակ փորձագիտական սարքերում կատարվող այրումը, եթե դա նախատեսված է հատուկ գիտահետազոտական փորձարարական աշխատանքների անցկացման պայմաններով.
բ) ծխեցման վաննաներում, ձյութաեռ կաթսաներում, էլեկտրաշարժիչներում և էլեկտրաբաշխիչ վահանակներում կատարվող այրումը, եթե այրումը նշված սարքավորումներից դուրս տարածում չի գտել.
գ) աղբաոչնչացման համար նախատեսված հատուկ վայրերում կատարվող այրումը.
դ) պայթյունները, որոնց չի ուղեկցել և չի հաջորդել այրումը.
ե) վերահսկվող այլ այրումները:
3. Նյութական վնասի չափից կախված, հրդեհները բաժանվում են երեք խմբի`
ա) հրդեհներ՝ եթե պատճառված նյութական վնասը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկը.
բ) խոշոր հրդեհներ՝ եթե պատճառված նյութական վնասը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 6000-ապատիկը.
գ) առավել խոշոր հրդեհներ՝ եթե պատճառված նյութական վնասը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 6000-ապատիկը:
4. Հրդեհների հետևանքներ են` առաջացած մարդկային զոհերը, մարդկանց պատճառված առողջական և մարմնական վնասվածքները, թունավորումները, շրջակա միջավայրին հասցված վնասները, շենքերի, շինությունների, հիմնական միջոցների, փոքրարժեք արագամաշ առարկաների, պատմական և մշակութային արժեք ներկայացնող առարկաների, փաստաթղթերի և այլ գործերի ոչնչացումն ու փչացումը:
5. Հրդեհի զոհեր համարվում են այն անձինք, ովքեր զոհվել են հրդեհից այրվածքներ, թունավորումներ, վնասվածքներ ստանալուց, որը հաստատվում է իրավասու առողջապահական կազմակերպությունների կողմից:
Հրդեհից վնասվածքներ ստացած են համարվում այն անձինք, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ և թունավորումներ, ինչը առաջ է բերել աշխատունակության կորուստ, մեկ օրից ոչ պակաս հոսպիտալացում կամ առաջին բուժօգնությունից հետո ամբուլատոր բուժման անհրաժեշտություն:
6. Հրդեհից փրկված (բացառությամբ հրդեհի վայրից ինքնուրույն դուրս եկածներից) համարվում են անձինք, որոնք հրդեհի վայրից տեղափոխվել են անվտանգ վայր` համապատասխան ծառայությունների կամ քաղաքացիների օգնությամբ:
7. Շենքերը, շինությունները, հիմնական միջոցները, փոքրարժեք արագամաշ ապրանքները և այլ նյութական արժեքները համարվում են փրկված, եթե դրանք գտնվելով հրդեհի տարածման գոտում, հրդեհից չեն վնասվել և կարող են օգտագործվել իրենց սկզբնական նշանակությամբ:
II. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնակավայրերում և օբյեկտներում տեղի ունեցած հրդեհների վերաբերյալ հաշվառումն իրականացնում են՝
ա) պետական հրդեհային հսկողության մարմինները,
բ) պետական կառավարման մարմինները‚
գ) կազմակերպությունները:
9. Հաշվառվում են բոլոր հրդեհները՝ անկախ դրանց առաջացման վայրից և հետևանքից:
Տրանսպորտային միջոցներում տեղի ունեցած հրդեհները հաշվառվում են այն քաղաքի (տարածաշրջանի) պետական հրդեհային հսկողության մարմնի կողմից, որտեղ տեղի է ունեցել դեպքը: Պաշտպանության և ազգային անվտանգության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների օբյեկտներում, մետրոպոլիտենի, երկաթգծի շարժակազմերում և օդային տրանսպորտում, անտառներում, ստորգետնյա հանքերում տեղի ունեցած հրդեհները հաշվառվում են տվյալ բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի, կազմակերպության կողմից:
10. Յուրաքանչյուր հրդեհի վերաբերյալ պետական հրդեհային հսկողության մարմնի պաշտոնատար անձի կողմից ղեկավարվող և ոչ պակաս, քան 3 անձից բաղկացած հանձնաժողովը 10 օրվա ընթացքում կազմում է ակտ հրդեհի մասին:
Հրդեհի մասին ակտը կազմվում է 3 օրինակից ոչ պակաս:
Այն հրդեհի դեպքում, երբ մարմանը հրշեջ ստորաբաժանումները չեն մասնակցել, և որի մասին (բանավոր կամ գրավոր) հայտարարությունը քաղաքացիներից, իրավապահ և ապահովագրական մարմիններից կամ այլ աղբյուրներից ստացվել է ուշացումով, ակտը կազմվում է տեղեկություն ստանալուց՝ 10 օրվա ընթացքում:
11. Պետական հրդեհային հսկողության մարմինը յուրաքանչյուր հրդեհի առաջացման պայմանների և պատճառների ուսումնասիրության հիման վրա 10 օրվա ընթացքում կազմում է հրդեհի հաշվառման քարտ:
12. Պաշտպանության և ազգային անվտանգության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների օբյեկտներում, մետրոպոլիտենի, երկաթգծի շարժակազմերում և օդային տրանսպորտում, անտառներում, ստորգետնյա հանքերում տեղի ունեցած հրդեհների մասին ակտերը կազմվում են համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից:
13. Շենքերը, շինությունները, հիմնական միջոցները, փոքրարժեք արագամաշ ապրանքները և այլ արժեքները համարվում են վնասված, եթե դրանք վերանորոգման միջոցով կարող են բերվել իրենց սկզբնական նշանակության համար պիտանի վիճակի: Հակառակ դեպքում դրանք համարվում են ոչնչացված:
14. Պետական հրդեհային հսկողության մարմինները հրդեհից պատճառված նյութական վնասը հաշվառում են կազմակերպության, հիմնարկի ղեկավարության, ապահովագրական կազմակերպության, քաղաքացու կողմից տրված տեղեկանքի (ակտի) հիման վրա:
Տեղեկանքում (ակտում) պարտադիր նշվում է ընդհանուր վնասի գումարը, ինչպես նաև առանձին շինությունների, սարքավորումների և այլ գույքի վնասի գումարի չափը: Նշված տեղեկությունների հավաստիության համար պատասխանատու են փաստաթղթերը ստորագրող անձինք:
15. Հրդեհների, դրանց պատճառած նյութական վնասների և տուժած անձանց հաշվառման ամբողջականության, ինչպես նաև հաշվետվային ամփոփ տվյալների հավաստիության և ժամանակին ներկայացնելու համար պատասխանատվություն է կրում պետական հրդեհային հսկողության մարմնի ղեկավարը:
16. Պետական հրդեհային հսկողության մարմինների ղեկավարները պարտավոր են յուրաքանչյուր ամիս կատարել հրդեհների մասին տեղեկությունների համեմատում` առողջապահական (մարդկանց զոհվելու կամ վնասվելու վերաբերյալ) և ապահովագրական (հրդեհների վնասների չափի վերաբերյալ) կազմակերպությունների տվյալների հետ:
17. Պետական հրդեհային հսկողության մարմինը հսկում է հրդեհների և դրանց հետևանքների ճիշտ հաշվառումը` իր տարածքային ստորաբաժանումների գործունեության ստուգման միջոցով:
Ստուգումների ժամանակ հայտնաբերված չհաշվառված հրդեհների դեպքերը և դրանց հետևանքները հաշվառվում են սույն կանոնների համաձայն:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|