Գլխավոր տեղեկություն
Номер
N 02/76-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.12.2002-14.01.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.12.02/30(116) Հոդ.250
Принят
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
Дата принятия
28.10.2002
Подписан
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
28.10.2002
Дата вступления в силу
12.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.01.2014

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 նոյեմբերի 2002 թ. 
Պետական գրանցման թիվ 32902299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

28 հոկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 02/76-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասի համապատասխան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Սահմանել մաքսային ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը համաձայն հավելվածի:

 

Նախագահ՝

Ա. Ավետիսյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
մաքսային պետական կոմիտեի
նախագահի ——----————
N ——————— հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է մաքսային ծառայողի (այսուհետ՝ ծառայող) ատեստավորման հետ կապված հարաբերությունները:

2. Ատեստավորումը՝ զբաղեցրած պաշտոնին մաքսային ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է:

3. Մաքսային ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

4. Մաքսային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

5. Մաքսային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է մաքսային ծառայողի ցանկությամբ, կամ նրա անմիջական ղեկավարի պատճառաբանված միջնորդության հիման վրա՝ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ, երկամսյա ժամկետում:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

ա) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող մաքսային ծառայողները, եթե նման ցանկություն չեն հայտնել.

բ) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող մաքսային ծառայողները, եթե նման ցանկություն չեն հայտնել:

7. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ մաքսային ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո մեկամսյա ժամկետում, բացառությամբ հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող մաքսային ծառայողների:

8. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող մաքսային ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո 2 ամիս անց, սակայն ոչ ուշ, քան արձակուրդից վերադառնալուց հետո մեկ տարվա ընթացքում, եթե վերջիններս ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:

9. Ատեստավորումն անցկացվում է մաքսային ծառայողի անմիջական մասնակցությամբ թեստավորման և հարցազրույցի միջոցով, իսկ օպերատիվ ստորաբաժանումներում ծառայություն անցնող մաքսային ծառայողների համար ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման գծով հատուկ պատրաստվածության և պիտանիության ստուգումների միջոցով:

10. Ատեստավորում անցկացվում է հետևյալ փուլերով՝ ա) թեստավորում, բ) պիտանիության ստուգում, գ) հարցազրույց:

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

11. Կադրերի բաժինը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը ատեստավորման հանձնաժողովին է ներկայացնում հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա մաքսային ծառայողների ցանկը:

12. Ատեստավորման ենթակա մաքսային ծառայողները, ոչ ուշ, քան ատեստավորումից մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին և նրանց տրվում է ատեստավորման հարցաշարը:

13. Ատեստավորումից երկու շաբաթ առաջ մաքսային ծառայողի անմիջական ղեկավարը կադրերի բաժին է ներկայացնում մաքսային ծառայողի ծառայողական բնութագիրը:

14. Մաքսային ծառայողը ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն 7 օր առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին: Բնութագրի հետ համաձայն չլինելու դեպքում մաքսային ծառայողը կարող է ներկայացնել գրավոր առարկություններ, որոնք կցվում են ծառայողական բնութագրին և ներկայացվում են մրցութային և ատեստավորման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով):

15. Հանձնաժողովի նախագահը աշխատակազմի ղեկավարից ստանում է ատեստավորման ենթակա մաքսային ծառայողների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթեր (երկու օրինակից): Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը կոդավորված չէ: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը՝ ներքևի ձախ մասում:

16. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարած նիստում ծանոթանում է ատեստավորման ենթակա մաքսային ծառայողների ծառայողական բնութագրերի հետ, ինչպես նաև քննության առնում մաքսային ծառայողների գրավոր առարկությունները (այդպիսիք լինելու դեպքում): Հանձնաժողովի պահանջով մաքսային ծառայողի անմիջական ղեկավարը մասնակցում է բնութագրի քննարկմանը:

17. Հանձնաժողովը մինչև թեստավորման անցկացումը, իր աշխատակարգով սահմանված կարգով կազմում է թեստեր հետևյալ չափաբաժիններով.

ա) մաքսային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի ատեստավորում անցկացնելու դեպքում՝ 40 թեստ.

բ) մաքսային ծառայության առաջատար պաշտոնների խմբի ատեստավորում անցկացնելու դեպքում՝ 30 թեստ.

գ) մաքսային ծառայության կրտսեր պաշտոնի խմբի ատեստավորում անցկացնելու դեպքում՝ 20 թեստ:

18. Թեստային առաջադրանքների հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները.

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ 10 տոկոս.

բ) մաքսային մարմնի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն՝ 40 տոկոս.

գ) Մաքսային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն՝ 30 տոկոս.

դ) տվյալ պաշտոնի նկարագրով նախատեսված պահանջներ, ինչպես նաև տրամաբանություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն՝ 20 տոկոս:

19. Թեստերը կազմվում են համակարգչային ծրագրի միջոցով համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերի կոդավորված հարցերից (խնդիրներից) պատահական ընտրությամբ:

 

III. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

20. Թեստավորումն անցկացվում է համակարգչի միջոցով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում՝ գրավոր:

21. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով:

22. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ, որտեղ մասնակիցը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

23. Թեստավորման մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

24. Հանձնաժողովի նախագահը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը: Նա պատասխանում է մասնակիցների բոլոր հարցերին, որպեսզի հավաստիանա, որ բոլոր մասնակիցները հասկացել են առաջադրանքի էությունը:

25. Հանձնաժողովի նախագահը մասնակիցներին տալիս է սույն կարգի 15-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ՝ երկու օրինակից: Մասնակիցը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը և անջատելով այն հիմնական մասից գցում է ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ:

26. Մասնակցի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելն արգելվում է: Այդ դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:

27. Գրավոր թեստավորման ժամանակ մասնակիցները կտրոնները հանձնելուց հետո, ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր կամ թերթիկներ:

Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ մասնակիցները կտրոնները ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ գցելուց հետո, թեստավորման առաջադրանքներն ստանում են համակարգչի միջոցով մոնիտորի վրա: Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից (խնդիրներից) և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

28. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով ճիշտ) պատասխանը:

29. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե մասնակիցը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

30. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների տետրում (թերթիկներում) կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման ժամանակ հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

31. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելն անթույլատրելի է: Այդ դեպքում տվյալ հարցի (թեստի) պատասխանը համարվում է սխալ պատասխան:

32. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո, մասնակիցն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեսՏավորման առաջադրանքների տետրը հանձնում է Հանձնաժողովի անդամին: Մասնակիցը աշխատանքը հանձնելիս ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր անուն, ազգանուն, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

33. Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ, մասնակիցն աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակն սպառվելուց հետո, համակարգչով աշխատող օպերատորի օգնությամբ, Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից մեկի ներկայությամբ, իր ամփոփաթերթի երկու օրինակների հիմնական մասերի վրա տպում է առաջադրանքի կատարման արդյունքները: Մասնակիցը ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր անուն, ազգանուն, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

34. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է՝

ա) մաքսային ծառայության գլխավոր պաշտոնների ատեստավորում անցկացնելու համար 80 րոպե.

բ) մաքսային ծառայության առաջատար պաշտոնների ատեստավորում անցկացնելու համար 60 րոպե.

գ) մաքսային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ատեստավորում անցկացնելու համար 40 րոպե:

35. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է մասնակիցներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:

36. Թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտը հայտարարվելուց հետո մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո:

37. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթի պահպանման համար նախատեսված կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների ու հիմնական մասերի քանակը՝ կազմելով համապատասխան արձանագրություն:

Համակարգչով գրավոր աշխատանքներն ստուգելու համար ամփոփաթերթերի հիմնական մասերը հանձնվում են համակարգչով աշխատող օպերատորին, որը մուտքագրում է յուրաքանչյուր մասնակցի պատասխանների ամփոփաթերթի տվյալները: Համակարգչային ծրագիրը կատարում է տվյալ ամփոփաթերթի պատասխանների վերլուծությունը և մոնիտորի վրա դուրս է բերում արդյունքը արտահայտված տոկոսով: Արդյունքը տպվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա և հաստատվում Հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:

38. Սույն կարգի 20-րդ կետում նախատեսված տեխնիկական պայմանների բացակայության դեպքում, գրավոր աշխատանքների ստուգման համար, Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, օպերատորը համակարգչի միջոցով դուրս է բերում թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանները, որոնց հիման վրա տեղում պատրաստվում է ձևանմուշ:

39. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են մասնակիցների կողմից ամփոփաթերթում նշված պատասխանները:

Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է հավաքված միավորների քանակը և տոկոսը:

40. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալը՝ զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն կարգի 31-րդ կետով նախատեսված դեպքը:

41. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ, որոնց ներկայությամբ Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթի հիմնական մասի ծածկաշերտերը և յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, ինչն անմիջապես արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:

42. Բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ սույն կարգի 41-րդ կետով նախատեսված գործողությունը կատարելուց հետո, Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանուն, անուն, հայրանունները: Յուրաքանչյուր մասնակից ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ստանում է իր կտրոնը, Հանձնաժողովի ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում կտրոնի համարը, ինչն արձանագրվում է քարտուղարի կողմից: Չներկայացած մասնակիցների կտրոնների ծածկաշերտերը բացվում են Հանձնաժողովի նախագահի կողմից, բարձրաձայն հայտարարվում և արձանագրվում են: Որից հետո Հանձնաժողովի նախագահը հրապարակում է յուրաքանչյուր մասնակցի հավաքած միավորները (տոկոսը):

43. Մասնակիցների հավաքած միավորները հայտարարելուց անմիջապես հետո Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքները և ճիշտ պատասխանների նշումով ամփոփաթերթի օրինակելի ձևը:

44. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին՝ սույն կարգի 43-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

45. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

46. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի (թեստի) համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

Եթե պարզվում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ սխալ է թույլ տրվել, ապա Հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը՝ կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

47. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում բողոքարկման համար սույն կարգի 44-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը կայացնում է որոշում և համապատասխան ցուցանակի վրա հրապարակում ատեստավորման հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:

Մասնակիցը հաջորդ՝ հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Եթե մասնակիցը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում մաքսային ծառայողի զբաղեցրած պաշտոնի չհամապատասխանելու մասին՝ համապատասխան գրառում կատարելով մաքսային ծառայողի ատեստավորման թերթում:

Սույն կետի առաջին և երրորդ պարբերություններում նշված որոշումները մասնակիցների կողմից կարող են բողոքարկվել դատական կարգով:

48. Թեստավորման առաջադրանքները, բողոքարկման արդյունքներն ամփոփելուց հետո, փաթեթավորվում են և կնքվում՝ արխիվացման հանձնելու համար:

 

IV. ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

49. Վերադաս մաքսային մարմնի օպերատիվ ստորաբաժանումների և զենք կրելու իրավունք ունեցող մաքսային ծառայողները, մինչև հարցազրույցի անցկացումը, հանձնում են ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման գծով հատուկ պատրաստվածության և պիտանիության ստուգումներ:

50. Սույն կարգի 49-րդ կետում նշված մասնակիցը հաջորդ՝ հարցազրույցի փուլ է անցնում պիտանիության ստուգումներն անցնելուց հետո:

Եթե մասնակիցը պիտանիության ստուգումներ չի հանձնել, ապա Հանձնաժողովն ընդունում է մաքսային ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում, համապատասխան գրառում կատարելով մաքսային ծառայողի ատեստավորման թերթում:

51. Հարցազրույցն անցկացվում է մաքսային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ մաքսային ծառայողի գործնական կարողություններն ստուգելու նպատակով, որն արձանագրվում է:

52. Հանձնաժողովը յուրաքանչյուր մաքսային ծառայողի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցի ընթացքում հարց տվող յուրաքանչյուր Հանձնաժողովի անդամը, լսելով մաքսային ծառայողի հարցի պատասխանը, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը: Անհարկի բանավեճ ծավալվելու դեպքում Հանձնաժողովի նախագահը կարող է ընդհատել այն:

53. Հարցազրույցի արդյունքների ամփոփման համար անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն: Յուրաքանչյուր մաքսային ծառայողի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցազրույցն ավարտելուց անմիջապես հետո:

54. Հանձնաժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) շնորհել ավելի բարձր հատուկ կոչում (այս որոշումը չի կարող ընդունվել, երբ ատեստավորվող մաքսային ծառայողը ունի իր զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն հատուկ կոչումից բարձր կոչում).

բ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

գ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով.

դ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

55. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթերը և բարձրաձայն հայտարարում մաքսային ծառայողի ազգանունը, անունը և հայրանունը ու տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարությունները արձանագրվում են:

56. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Եթե որոշումներից ոչ մեկի վերաբերյալ չի հավաքվել քվարկությանը մասնակցած Հանձնաժողովի անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա քվեարկության են դրվում երկու առավել կողմ ձայներ հավաքած որոշումները: Այդ որոշումներից ընդունված է համարվում առավել կողմ ձայներ հավաքած որոշումը, իսկ հավասար ձայների դեպքում՝ մաքսային ծառայողի համար առավել նպաստավորը:

57. Ատեստավորման ավարտից հետո Հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր մաքսային ծառայողի համար կազմում է ատեստավորման թերթ (Ձևը կցվում է):

58. Ատեստավորման թերթը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

59. Մաքսային ծառայողն, ատեստավորման ավարտից հետո, ծանոթանում է ատեստավորման թերթի հետ և ստորագրում: Ցանկության դեպքում մաքսային ծառայողը կարող է գրավոր դիմել Հանձաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:

60. Ատեստավորման արդյունքներին համաձայն չլինելու դեպքում մաքսային ծառայողը դրանք կարող է բողոքարկել Հանձաժողովին մինչև այդ արդյունքները վերադաս մաքսային մարմնի ղեկավարին ներկայացնելը: Հանձաժողովը երկօրյա ժամկետում քննարկում է բողոքը և կայացնում որոշում: Բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մաքսային ծառայողը դրանք կարող է բողոքարկել դատական կարգով:

61. Հանձաժողովը ատեստավորման ավարտից հետո եռօրյա ժամկետում մաքսային ծառայողի ատեստավորման թերթը ներկայացնում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարին, որից հետո ատեստավորման հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված:

62. Հանձնաժողովի աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո Հանձնաժողովի նախագահը աշխատակազմի ղեկավարին է հանձնում մաքսային ծառայողների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը: Հանձնաժողովի նախագահը աշխատակազմի ղեկավարին է հանձնում նաև Հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և ատեստավորմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան պահպանելու և արխիվացնելու համար:

 

V. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

63. Հանձնաժողովի որոշումները պարտադիր են վերադաս մաքսային մարմնի ղեկավարի համար:

64. Վերադաս մաքսային մարմնի ղեկավարը ատեստավորման թերթն ստանալուց հետո, դրան համապատասխան, եռօրյա ժամկետում ընդունում է որոշում:

65. Վերադաս մաքսային մարմնի ղեկավարը մաքսային ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրանց աշխատանքի ներկայանալու օրվանից՝ եռօրյա ժամկետում:

66. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի սահմանված դրույթների խախտման դեպքում տվյալ մաքսային ծառայողի ատեստավորումը կարող է անվավեր ճանաչվել դատական կարգով:

 

Ձև

Մաքսային ծառայողի

ատեստավորում անցկացնելու կարգի

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ

 (ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ)

 

1. Ազգանուն, անուն, հայրանուն_______________________________

____________________________________________________

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը ___________________________

3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնին նշանակվելու

տարին, ամիսը, ամսաթիվը

______________________________________________________

______________________________________________________ 

4. Մաքսային ծառայողին հարցազրույցի ընթացքում տրված հարցերը և դրանց պատասխանները

(համառոտ)________________________________________________

_______________________________________________________

_______________________________________________________

_____________________________________________________

_____________________________________________________

_____________________________________________________

_____________________________________________________

_____________________________________________________

_____________________________________________________

_____________________________________________________

_____________________________________________________

5. Ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման գծով հատուկ պատրաստվածության և պիտանիության ստուգման արդյունքը __________

6. Թեստավորման արդյունքը (տոկոսով)______________________________

7. Քվեարկությանը մասնակցել են Հանձնաժողովի _____ անդամներ, որից կողմ են քվեարկել _____ անդամ

8. Թեստավորման, պիտանիության ստուգման և հարցազրույցի արդյունքում ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը______________________

________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ՝

____________________

(_____________)

անուն, ազգանուն

ստորագրություն

Հանձնաժողովի անդամներ՝

____________________

(_____________)

անուն, ազգանուն

ստորագրություն

 

 

____________________

(_____________)

 

____________________

(_____________)

 

____________________

(_____________)

 

____________________

(_____________)

 

____________________

(_____________)

 

Ատեստավորման անցկացման ամսաթիվը՝ ____ _____________200  թ.

 

Ատեստավորման թերթի հետ ծանոթացա՝

_______________

(_____________)

մաքսային ծառայողի ստորագրություն

 անուն, ազգանուն

 

___  _________200  թ.

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.11.2013, N 506-Ն 18.01.2014, N 02/76-Ն
21.12.2004, N 04/119-Ն 14.01.2005, N 02/76-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան