«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մայիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11202079
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
9 ապրիլի 2002 թ. |
N 02/495 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-ի N 01/24 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածը`
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի ապրիլի 2-ի «Փոխադրամիջոցներից գույքահարկը հաշվարկելու և վճարելու մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/24 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները (կցվում է):
ՀՀ պետական եկամուտների |
Ե. Զախարյան |
Հաստատված Է |
Համաձայնեցված Է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 01/24 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հրահանգչական նամակի 1-ին կետում.
ա) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցները, որոնց վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»:
բ) կետից հանել «բ» ենթակետը:
2. Հրահանգչական նամակի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի հարկման բազան փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունն է: Հարկման բազան որոշելիս շարժիչի հզորության չափման միավորը ձիաուժն է կամ կիլովատը: Փոխադրամիջոցի վրա մեկից ավելի քաշող շարժիչների առկայության դեպքում հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը:
Ջրային փոխադրամիջոցների համար գույքահարկը հաշվարկվում է ջրային փոխադրամիջոցների համար սույն հրահանգչական նամակի 3-րդ կետով սահմանված կարգով` հետևյալ տարեկան դրույքաչափերով.
- հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 150 դրամ, կամ
- հարկման բազայի յուրաքանչյուր կիլովատի դիմաց` 204 դրամ:
Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար սույն հրահանգչական նամակի 3-րդ կետով սահմանված կարգով` հետևյալ տարեկան դրույքաչափերով.
ա) մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
- մինչև 120 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ.
- 120-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ.
- 250 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 500 դրամ.
բ) 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
- մինչև 200 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 100 դրամ,
- 200 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ:
Մինչև երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկի գումարը հաշվարկվում է 100 տոկոսով:
Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:
Օրինակ 1. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը թողարկվել է 1996 թվականի դեկտեմբեր ամսին: Ըստ վաղեմության ժամկետի` տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի հաշվարկը կունենա հետևյալ տեսքը.
ա) 1996-1998 թթ. ներառյալ (անկախ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման ամսաթվից) յուրաքանչյուր տարվա համար գույքահարկի գումարը կհաշվարկվի 100 տոկոսով,
բ) 1999-2003 թթ. ներառյալ յուրաքանչյուր տարվա համար հարկի գումարը կպակասեցվի ամբողջական հարկի գումարի 10 տոկոսի չափով, այսպես.
- 1999 թվականի համար հարկի գումարը կկազմի ամբողջական հարկի գումարի 90 տոկոսը,
- 2000 թվականի համար` ամբողջական հարկի գումարի 80 տոկոսը,
- 2001 թվականի համար` ամբողջական հարկի գումարի 70 տոկոսը,
- 2002 թվականի համար` ամբողջական հարկի գումարի 60 տոկոսը,
- 2003 թվականի համար` ամբողջական հարկի գումարի 50 տոկոսը,
գ) 2004 թվականից սկսած մինչև տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվելու ավարտը ներառող ամբողջ ժամանակաշրջանի յուրաքանչյուր հաշվետու տարվա համար գույքահարկի տարեկան գումարը կհաշվարկվի ամբողջական հարկի գումարի 50 տոկոսի չափով:»:
3. Հրահանգչական նամակի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկվում է հետևյալ կարգով.
Ջրային փոխադրամիջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Գգ=(Շհ xՏդ)/12 xԱթ
որտեղ`
Գգ - գույքահարկի գումարը,
Շհ - ջրային փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ),
Տդ - ջրային փոխադրամիջոցի գույքահարկի տարեկան դրույքաչափը,
Աթ - գույքահարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թիվը:
Օրինակ 2. Ֆիզիկական անձը 2000 թվականի հուլիսին սեփականության իրավունքով ձեռք է բերել ջրային փոխադրամիջոց, որի քաշող շարժիչի հզորությունը 120 ձիաուժ է, գույքահարկի հաշվարկման համար տարեկան դրույքաչափը յուրաքանչյուր ձիաուժի համար սահմանված է 150 դրամ: 2000 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար տվյալ ջրային փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կկազմի` Գգ=(120x150)/12 x5 =7500 դրամ:
Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Գգ=(Շհ xՏդxՎգ)/12xԱթ
որտեղ`
Գգ - գույքահարկի տարեկան գումարը,
Շհ - ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ),
Տդ - ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի տարեկան դրույքաչափը,
Վգ - ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի վաղեմության ժամկետի գործակիցը, որը հավասար է.
1-3-րդ տարիների համար` 1
4-րդ տարվա համար` 0,9
5-րդ տարվա համար` 0,8
6-րդ տարվա համար` 0,7
7-րդ տարվա համար` 0,6
8-րդ տարվանից սկսած մինչև տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվելու ավարտը ներառող ժամանակաշրջանի յուրաքանչյուր հաշվետու տարվա համար - 0,5,
Աթ - գույքահարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թիվը:
Օրինակ 3. Ֆիզիկական անձին 1997 թվականի դեկտեմբեր ամսվանից սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը (ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան) թողարկվել է 1997 թվականի դեկտեմբերին, որն ունի 5 նստատեղ, իսկ քաշող շարժիչի հզորությունը 80 ձիաուժ է: Գույքահարկի հաշվարկման համար տարեկան դրույքաչափը յուրաքանչյուր ձիաուժի համար սահմանված է 200 դրամ:
- 1998 թվականի համար տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի տարեկան գումարը կհաշվարկվի հետևյալ կերպ.
ա) 1998 թվականի հունվար ամսվա գույքահարկի գումարը «Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգով (հաստատված ՀՀ հարկային պետական տեսչության 10.07.1995 թ. թիվ 02.015/3-1 հրամանով, համաձայնեցված ՀՀ ֆինանսների նախարարության հետ, պետական գրանցման թիվ 43960013 04.04.1996 թ.) սահմանված կարգի համաձայն` կազմում է 67 դրամ (80x(1000x1%)/12):
բ) 1998 թվականի փետրվար-դեկտեմբեր ամիսների համար գույքահարկի գումարը կկազմի` Գգ=(80x200x1)/12x11 =14667 դրամ:
Ընդհանուր առմամբ, 1998 թվականի գույքահարկի տարեկան գումարը կկազմի 14734 դրամ (14667+67):
- 1999 թվականի համար տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի տարեկան գումարը կկազմի` Գգ=(80x200x1)/12x12=16000 դրամ:
- 2000 թվականի համար տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի տարեկան գույքահարկը կկազմի 14400 դրամ (Վգ=0.9), 2001 թվականի համար` 12800 դրամ (Վգ=0,8), 2002 թվականի համար` 11200 դրամ (Վգ=0,7), 2003 թվականի համար` 9600 դրամ (Վգ=0,6), իսկ 2004 թվականի համար` 8000 դրամ (Վգ=0,5): 2004 թվականից սկսած մինչև տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվելու ավարտը ներառող ժամանակաշրջանի համար գույքահարկի տարեկան գումարը կհաշվարկվի տրանսպորտային միջոցի վաղեմության ժամկետի 0,5 գործակցով (Վգ=0,5):
Օրինակ 4. Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը (BMW-525 մակնիշի ավտոմեքենան) թողարկվել է 1992 թվականին, ունի 5 նստատեղ, իսկ քաշող շարժիչի հզորությունը 180 ձիաուժ է:
- 1998 թվականի համար տվյալ տրանսպորտային միջոցի գույքահարկի տարեկան գումարը կհաշվարկվի հետևյալ կերպ.
ա) 1998 թվականի հունվար ամսվա գույքահարկը «Ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգով (հաստատված ՀՀ հարկային պետական տեսչության 10.07.1995 թ. թիվ 02.014/3-1 հրամանով, համաձայնեցված ՀՀ ֆինանսների նախարարության հետ, պետական գրանցման թիվ 43960013 04.04.1996 թ.) սահմանված կարգի համաձայն` հաշվարկվում է կազմակերպության հաշվեկշռում արժեքային արտահայտությամբ հաշվառված փոխադրամիջոցի մնացորդային արժեքից: Ենթադրենք, տվյալ ամսվա գույքահարկի գումարը կազմել է 2000 դրամ:
բ) 1998 թվականի փետրվար-դեկտեմբեր ամիսների համար գույքահարկի գումարը կկազմի` Գգ=(180x300x0,6)/12x11 =29700 դրամ:
Ընդհանուր առմամբ, 1998 թվականի գույքահարկի տարեկան գումարը կկազմի 31700 դրամ (29700+2000):
- 1999 թվականից սկսած մինչև տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվելու ավարտը ներառող ժամանակաշրջանի յուրաքանչյուր հաշվետու տարվա համար գույքահարկի տարեկան գումարը կհաշվարկվի ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի վաղեմության ժամկետի 0,5 գործակցով (Վգ=0,5):
Փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը հարկատուների համար առաջանում է փոխադրամիջոցի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսից: Հարկատուի կողմից փոխադրամիջոցի օտարման դեպքում գույքահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը նրա համար դադարում է փոխադրամիջոցի օտարման ամսվան հաջորդող ամսից:
Ֆիզիկական անձին պատկանող փոխադրամիջոցի օտարման դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օտարման պահի դրությամբ տվյալ փոխադրամիջոցի համար չմարված հարկային պարտավորությունները:
Եթե փոխադրամիջոցի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքը ծագում է սույն հրահանգչական նամակի 5-րդ կետով սահմանված գույքահարկի վճարման ժամկետին անմիջապես նախորդող ամսվա ընթացքում, ապա գույքահարկի գծով տվյալ տարվա հարկային պարտավորությունը ավելանում է ֆիզիկական անձի հաջորդ տարվա հարկային պարտավորությանը, որի վճարման ժամկետ է հանդիսանում հաջորդ տարվա գույքահարկի վճարման ժամկետը, բացառությամբ այն դեպքի, երբ նոր սեփականատեր համարվող ֆիզիկական անձին են անցնում տվյալ փոխադրամիջոցի համար գույքահարկի գծով չմարված հարկային պարտավորությունները: Այս դեպքում նոր սեփականատեր համարվող ֆիզիկական անձը օտարման պահի դրությամբ տվյալ փոխադրամիջոցի գույքահարկի գծով իրեն անցած հարկային պարտավորությունները կատարում է մինչև տվյալ տարվա գույքահարկի վճարման ժամկետը:
Օրինակ 6. Քաղաքացի Պողոսյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը 2001 թվականի մարտի 24-ին օտարում է քաղաքացի Վարդանյանին: Պողոսյանի համար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գծով 2001 թվականի գույքահարկը պետք է հաշվարկվի մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը, որը, ենթադրենք, կազմում է 2500 դրամ և վճարված չէ: Իսկ Վարդանյանի համար տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գծով գույքահարկը ապրիլի 1-ից մինչև տարեվերջ ենթադրենք, կազմում է 5500 դրամ: Քանի որ Պողոսյանը տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի մասով ունի չմարված հարկային պարտավորություն, ապա քաղաքացի Վարդանյանի 2001 թվականի գույքահարկի գծով պարտավորությունը կկազմի 8000 դրամ (2500+5500=8000):
Օրինակ 7. Քաղաքացի Գրիգորյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը 2001 թվականի նոյեմբերի 20-ին օտարում է քաղաքացի Վարդանյանին: Գրիգորյանի համար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գծով 2001 թվականի գույքահարկը մինչև 2001 թվականի դեկտեմբերի 1-ը, ենթադրենք, կազմում է 5500 դրամ և վճարված չէ: Իսկ Վարդանյանի համար տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գծով գույքահարկը դեկտեմբեր ամսվա համար, ենթադրենք, կազմում է 500 դրամ: Քանի, որ Գրիգորյանը տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի մասով ունի չմարված հարկային պարտավորություն, ապա քաղաքացի Վարդանյանի համար 2001 թվականի գույքահարկի գծով պարտավորությունը կկազմի 5500 դրամ, իսկ դեկտեմբեր ամսվա գույքահարկի գումարը ավելանում է 2002 թվականի գույքահարկի գծով պարտավորությանը, որի վճարման ժամկետ է հանդիսանում 2002 թվականի դեկտեմբերի 1-ը:
Եթե փոխադրամիջոցի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է դատավճռի, վճռի կամ իրավական ակտի հիման վրա, ապա հարկատուն, սույն հրահանգչական նամակով սահմանված կարգով գույքահարկը հաշվարկում և վճարում է այն ժամանակահատվածի համար, երբ գույքը հանձնվել է նրա տիրապետմանը:»:
4. Հրահանգչական նամակի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հարկատուները, բացառությամբ սույն հրահանգչական նամակի 5-րդ կետում նշվածների, հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների գծով գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն, սույն հրահանգչական նամակով սահմանված կարգով և սույն հրահանգչական նամակի հավելվածում բերված ձևով հաշվարկները ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին հետևյալ ժամկետներում.
ա) եռամսյակային հաշվարկները` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ,
բ) տարեկան (հաշվետու տարվա IV եռամսյակի) հաշվարկները` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը ներառյալ:
Հարկատուները, բացառությամբ սույն հրահանգչական նամակի 5-րդ կետում նշվածների, փոխադրամիջոցների գույքահարկի գումարը վճարում են իրենց հաշվառման վայրի համայնքի բյուջե եռամսյակը մեկ` եռամսյակային հաշվարկները ներկայացնելու համար սույն կետով սահմանված ժամկետին հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ տարեկան հարկի գումարը` տարեկան (հաշվետու տարվա IV եռամսյակի) հաշվարկները ներկայացնելու համար սույն կետով սահմանված ժամկետին հաջորդող հինգ օրվա ընթացքում:»:
5. Հրահանգչական նամակի 5-րդ կետում «սույն կետով սահմանված» բառերը փոխարինել «սույն հրահանգչական նամակին կից հավելվածում բերված ձևով» բառերով:
6. N 1 և N 2 հավելվածները փոխարինել հետևյալ բովանդակությամբ հավելվածով.
ՀԱՎԵԼՎԱԾ |
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ
|
|
Հ/Հ | Մակնիշը և պետական համարանիշը |
Շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ ԿՎտ) |
Թողարկման տարեթիվը |
Գույքահարկի տարեկան դրույքաչափը |
Վաղեմության ժամկետի գործակիցը |
Գույքահարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թիվը |
Հաշվետու ժամանակաշրջանի գույքահարկի հաշվարկված գումարը (ավտոմաբիլային տրանսպորտի միջոցի համար` սյուն 3x սյուն 5x սյուն 6/12x սյուն 7, իսկ ջրային փոխադրամիջոցի համար` սյուն 3x սյուն 5 /12xսյուն 7) |
Ընդամենը տարվա սկզբից | |
հաշվարկված |
վճարված | ||||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
Ընդամենը |
___ ________ 200_ թ. Տնօրեն _________________ (ստորագրություն) |
Համասեփականատերերի վերաբերյալ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|