ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
20 օգոստոսի 1998 թ. |
N 289 |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ (ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով ՀՀ կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի թիվ 3 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետի պահանջներից
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության հիմնավորվածության ծրագրի (բիզնես պլան) կառուցվածքը (կցվում է):
Նախարար` |
Է. Սանդոյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ (ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Տնտեսական գործունեության հիմնավորվածության ծրագիրը նախատեսվող գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու, նախանշված նպատակների և դրանց հասնելու մեթոդների, ձևերի ու միջոցների բնութագիրն է (բացահայտումը), պլանավորված գործողությունների ծրագիրը` առաջիկա 2 տարիների կտրվածքով: Այդ առումով ծրագրի մեջ օգտագործված բոլոր կանխատեսումներն ու ենթադրությունները պետք է հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով (սեփական կապիտալի ավելացման, գործունեության ընդլայնման, եկամտաբերության ավելացման և այլնի վերաբերյալ), վերլուծություններով և ելակետային (բազային) տվյալներով:
Տնտեսական գործունեության հիմնավորվածության ծրագիրը բաղկացած է հետևյալ բաժիններից`
● Անվանաթերթ,
● Շուկայի ուսումնասիրություն, վերլուծություն և գնահատում,
● Ներքին կազմակերպական կառուցվածք,
● Գործունեության բնութագիր,
● Ֆինանսական ծրագիր և ֆինանսական ռազմավարություն,
● Ռիսկի կանխատեսում և կառավարում:
1. Անվանաթերթ
Այս բաժնում տրվում են`
1.1. Ձեռնարկության (այդ թվում` բաժնետիրական ընկերության) անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, հասցեն:
1.2. Ծրագրի հակիրճ բնութագիրը և նպատակը:
2. Շուկայի ուսումնասիրություն, վերլուծություն և գնահատում
Այս բաժինն ընդգրկում է`
2.1. Շուկայի հիմնական առանձնահատկությունների բնութագիրը (ներառյալ շուկայի ինստիտուցիոնալ համակարգը, շուկայում շրջանառող օբյեկտները, գործող տոկոսադրույքները, ակնկալվող եկամուտը, աճը, հնարավոր փոփոխությունները` կապված այս կամ այն գործոնի հետ):
2.2. Շուկայի սեգմենտավորումը (ներառյալ շուկայի այն սեգմենտը (սեգմենտները), որտեղ ծավալելու է գործունեությունը) և ներթափանցման մասշտաբների վերաբերյալ կանխատեսումները (ներառյալ այն դիրքը, որը նախատեսվում է գրավել շուկայի տվյալ սեգմենտում (սեգմենտներում):
2.3. Հիմնական մրցակիցների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ և վերջիններիս նկատմամբ ունեցած մրցունակ առավելությունները (ներառյալ հավանական հաճախորդների կազմն ըստ խմբերի և այն հանգամանքներն ու դրդապատճառները, որոնք տվյալ ձեռնարկությունը (այդ թվում բաժնետիրական ընկերությունը) վերոհիշյալ հաճախորդների կողմից ավելի նախընտրելի են դարձնում):
3. Ներքին կազմակերպական կառուցվածք
Այս բաժնում տրվում է`
Ձեռնարկության (այդ թվում բաժնետիրական ընկերության) կազմակերպական կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների թվարկումը և դրանց միջև փոխհարաբերությունները` ելնելով իրականացվող հիմնական գործառնություններից:
4. Գործունեության բնութագիր
Այս բաժնում արտացոլվում են`
4.1. Մատուցվելիք ծառայությունների և պլանավորված աշխատանքների (փուլերով) նկարագիրը,
4.2. Ծառայությունների մատուցման մեխանիզմը (ներառյալ սեփական հնարավորությունները և արտաքին հնարավորությունների օգտագործման շրջանակները):
5. Ֆինանսական ծրագիր և ֆինանսական ռազմավարություն
Այս բաժինը ներառում է`
5.1. Ակտիվների և պասիվների կազմը և կառուցվածքն առաջիկա 2 տարիների կտրվածքով:
5.2. Կանոնադրական հիմնադրամի մեծությունը, ձևավորման աղբյուրները, սեփական կապիտալի նախատեսվող մեծությունը և կառուցվածքը առաջիկա 2 տարիների կտրվածքով` հաշվի առնելով տվյալ գործունեության համար սահմանված տնտեսական նորմատիվները,
5.3. Եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջիկա 2 տարիների համար` (ներառյալ եկամուտների և ծախսերի կազմն ու կառուցվածքը) հիմնված շուկայի վերլուծության արդյունքների վրա:
6. Ռիսկի կանխատեսում և կառավարում
Այս բաժնում տրվում է`
Տվյալ գործունեության տեսակի (տեսակների) հետ կապված ֆինանսական շուկայում առկա ռիսկերի դասակարգումը, դրանց գնահատման մեխանիզմը, ռիսկայնության միջին մակարդակի հաշվարկը և նախատեսվող միջոցառումները վերջինիս փոփոխության դեպքում:
Հայտատուի հայեցողությամբ ծրագիրը կարող է բովանդակել նաև այլ տեղեկություններ, որոնց առկայությունը տնտեսական գործունեության ծրագրի հիմնավորման առումով հայտատուն նպատակահարմար է գտնում:
Շուկայի նկարագիրը և պահանջվող այլ տեղեկությունները ներկայացվում են կամայական (միասնական ձևեր (ստանդարտներ) սահմանված չեն), սակայն վերլուծության և գնահատման համար ընկալելի ձևով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
18 սեպտեմբերի 1998 Թ.
պԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20980187