ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
20.01.98 թ. |
N 16 (116-0012) |
ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ԵՎ ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մետրոպոլիտենի աշխատանքը կազմակերպելու ընթացքում կարգապահությունը բարձրացնելու, պարտականությունները հստակեցնելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Մետրոպոլիտենի էլեկտրագնացքների մեքենավարի և մեքենավարի օգնականի պաշտոնեական հրահանգը»:
|
Հ. Քոչինյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ
ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ԵՎ ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳ
Երևան-1998
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը բխում է ՀՀ տրանսպորտի նախարարության և Երևանի մետրոպոլիտենի կանոնադրական խնդիրներից:
1.2. Մետրոպոլիտենի հստակ աշխատանքը մեծ մասամբ կախված է մեքենավարի և մեքենավարի օգնականի աշխատանքի որակից, նրանց արտադրական և աշխատանքային կարգապահությունից, մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոնների, մետրոպոլիտենում ազդանշանման հրահանգի, սույն պաշտոնեական հրահանգի և այլ հրահանգների, կանոնների, դրույթների, հրամանների ճիշտ կատարումից:
1.3. Մետրոպոլիտենի էլ. գնացքների մեքենավարները և մեքենավարների օգնականները պետք է ունենան.
1.3.1. Շարժակազմը նորոգող փականագործի որակավորում. մեքենավարի օգնականը` երկրորդ կարգից, իսկ մեքենավարը` երրորդ կարգից ոչ ցածր:
1.3.2. Տեսական լավ պատրաստականություն և գործնական հմտություններ` մեքենավարների և մեքենավարների օգնականների պատրաստման համար հաստատված ծրագրերի ծավալի սահմաններում:
1.4. Մեքենավարը և մեքենավարի օգնականը, մինչև այդ պաշտոնին նշանակվելը, պետք է էլեկտրադեպոյին կամ տեխնիկական դպրոցին կից ստեղծված հանձնաժողովին տեսական քննություն հանձնեն մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոններից, մետրոպոլիտենում ազդանշանման, գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգներից, սույն պաշտոնեական հրահանգից և գնացքների երթևեկության հետ կապված այլ հրահանգներից, ինչպես նաև էլեկտրագնացքների շահագործման, տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոններից: Նրանք պետք է քննություն բռնեն նաև գծում փորձնական երթևեկությունից և շարժակազմի սարքավորումներում առաջացած անսարքությունները վերացնելու գործնական ստուգումից:
1.5. Մեքենավարին և մեքենավարի օգնականին պետք է տրվեն մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոնները, ազդանշանման հրահանգը, գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգը և սույն պաշտոնեական հրահանգը:
Այդ փաստաթղթերի առանձին կետերի կամ պարագրաֆների մեջ փոփոխություններ տեղի ունենալու դեպքում, մեքենավարը և մեքենավարի օգնականը իրենց փաստաթղթերի մեջ պետք է կատարեն համապատասխան փոփոխություններ, նշելով այն փաստաթղթը, որի հիման վրա կատարվել են փոփոխությունները:
1.6. Մեքենավարը և մեքենավարի օգնականը պարտավոր են ժամանակին ծանոթանալ հրահանգներին և օպերատիվ հրահանգչական ցուցումներին:
1.7. Մեքենավարին կամ մեքենավարի օգնականին մի էլեկտրադեպոյից մյուսը տեղափոխելիս պետք է համապատասխան հրահանգավորում տրվի և միաժամանակ ստուգվի շարժակազմի սարքավորումների, գծի պլանի և պրոֆիլի, կայարանների տեխնիկա-կարգադրական ակտերի առանձնահատկությունների և գծում աշխատանքների մասին նրանց գիտելիքները:
1.8. Մեքենավարը և մեքենավարի օգնականը վարչական առումով անմիջապես ենթարկվում են էլեկտրադեպոյի պետին, իսկ օպերատիվ առումով` էլեկտրադեպոյի շահագործման գծով պետի տեղակալին, մեքենավար-հրահանգչին, էլեկտրադեպոյի հերթապահին, օպերատորին, գնացքի հերթապահ կարգավարին, կայարանի հերթապահին և պարտավոր են կատարել նրանց կարգադրությունները:
1.9. Աշխատանքային օրվա տևողությունը որոշվում է աշխատանքային գրաֆիկով կամ կարգագրով:
Մեքենավարները կամ մեքենավարների օգնականները, որոնց չեն փոխարինել կարգագրով սահմանված ժամին, պետք է տեղեկացնեն այդ մասին գնացքի կարգավարին, սակայն իրավունք չունեն ինքնակամ թողնել աշխատանքը:
1.10. Մեքենավարները և մեքենավարների օգնականները պետք է ժամանակին ծանոթանան աշխատանքի գրաֆիկին, կարգագրերին, հերթափոխների վերծանմանը և իրենց պաշտոնեական պարտականությունների կատարմանը ներկայանան համաձայն գրաֆիկի կամ կարգագրի, սահմանված համազգեստով, հանգստացած և լավ նախապատրաստված:
1.11. Եթե մեքենավարը կամ մեքենավարի օգնականը չի կարող ներկայանալ աշխատանքի, նա պարտավոր է այդ մասին հայտնել կարգավորողին կամ էլեկտրադեպոյի հերթապահին, կամ գծային կետի օպերատորին` աշխատանքը սկսվելուց 3 ժամ առաջ:
1.12. Հիվանդությունից, արձակուրդից, գործուղումից և այլն, վերադառնալուց հետո մեքենավարը, մեքենավարի օգնականը պետք է ներկայանան կարգագրողին և նրան հանձնեն այն փաստաթղթերը, որոնց հիման վրա բացակայել են աշխատանքից և դրանից հետո միայն նշանակվեն հերթափոխի` կարգագրողի, իսկ վերջինիս բացակայության դեպքում (հանգստի օր), հերթապահ մեքենավար-հրահանգչի կողմից:
Հերթափոխի անցնելուց առաջ մեքենավարը և մեքենավարի օգնականը պետք է ծանոթանան իրենց բացակայության ընթացքում հրատարակված փաստաթղթերին և հրահանգավորվեն հերթապահ մեքենավար-հրահանգչի մոտ, որի մասին գրանցվում է տեղեկաքարտում:
1.13. Մեքենավարները և մեքենավարների օգնականները պետք է կարգագրողին հայտնեն իրենց տան հասցեն, հեռախոսի համարը, իսկ փոփոխությունների դեպքում անմիջապես տեղեկացնեն նրան:
1.14. Մեքենավարը և մեքենավարի օգնականը, շարժակազմի գծում աշխատանքի, մանևրային աշխատանքների կատարման, ընդունման և հանձնման ժամանակ, պետք է պահպանեն բարձր զգոնություն, ցուցաբերեն անձնական բարձր պատասխանատվություն իրենց կողմից կառավարվող գնացքի երթևեկության և նրա մեջ գտնվող ուղևորների անվտանգության նկատմամբ:
1.15. Մեքենավարը և մեքենավարի օգնականը գնացքի վարմանը պետք է վերաբերվեն ինչպես պատասխանատու արտադրական պրոցեսի, միշտ պատրաստ լինեն ամեն տեսակի անակնկալ պատահարներին և անվտանգ երթևեկությունն ապահովող անհետաձգելի միջոցների ձեռնարկմանը:
1.16. Մեքենավարը և մեքենավարի օգնականը ուղևորների և մետրոպոլիտենի աշխատողների հետ առնչվելիս, պետք է լինեն քաղաքավարի, ուշադիր, զգոն և պահանջեն նրանցից պահպանելու մետրոպոլիտենից օգտվելու կանոնները:
1.17. Էլ. գնացքի կամ խոչընդոտի վրաերթի սպառնալիքի դեպքում, մեքենավարը և մեքենավարի օգնականը իրավունք չունեն լքել աշխատատեղը, մինչև չձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ դրա կանխման համար:
Հանդիպական էլ. գնացքների (շարժակազմերի) ընդհարման, բախման վտանգի դեպքում, մեքենավարը և մեքենավարի օգնականը պարտավոր են միջոցներ ձեռնարկել դրանք անհապաղ կանգնեցնելու համար:
Առաջինը կանգնեցված գնացքի մեքենավարին, որպես բացառություն, թույլատրվում է հարվածը մեղմացնելու համար ազատ արձակել արգելակները և կարճատև հետին ընթացք տալ:
1.18. Այն դեպքում, երբ մեքենավարը ի վիճակի չէ կառավարելու գնացքը, մեքենավարի օգնականը, որն ունի մետրոպոլիտենի էլ. գնացքներ վարելու իրավունք, պարտավոր է գնացքը հասցնել մոտակա կայարան, զեկուցել պատահարի մասին գնացքի հերթապահ կարգավարին, նրա միջոցով կանչել մեքենավար կամ մեքենավար-հրահանգիչ և հիվանդ մեքենավարին հանձնել կայարանի հերթապահին:
Գնացք վարելու իրավունք չունեցող մեքենավարի օգնականը պարտավոր է կանգնեցնել գնացքը, հայտնել պատահարի մասին գնացքի կարգավարին և պահանջել օժանդակ գնացք:
1.19. Մեքենավարը իրավունք չունի էլեկտրադեպոյից կամ տեխնիկական զննման կետից գիծ դուրս գալ տեխնիկական շահագործման կանոնների պահանջներին չբավարարող գնացքով (շարժակազմով):
1.20. Մեքենավարը իրավունք չունի հեռանալ կառավարման խցիկից գնացքի երթևեկության ժամանակ:
1.21. Էլեկտրադեպոյում կամ տեխնիկական զննման կետում կանգառման մեջ գտնվող գնացքից (շարժակազմից) լոկոմոտիվային բրիգադի (մեքենավարի) կարճատև հեռանալը թույլատրվում է միայն շարժակազմից (գնացքից) բարձր լարումը հանելուց և էլեկտրադեպոյի հերթապահի կամ տեխնիկական զննման կետի բրիգադիրի թույլտվությունն ստանալուց հետո:
Ընդ որում, մեքենավարը պետք է միջոցներ ձեռնարկի շարժակազմի ինքնակամ շարժվելը կանխելու համար:
1.22. Մեքենավարին արգելվում է գնացքի կառավարումը հանձնել մեկ ուրիշին, բացի` իրեն փոխարինող մեքենավարից, էլեկտրադեպոյի (ուր նա աշխատում է) կամ շարժակազմի ծառայության ղեկավարներից, որոնք ունեն մետրոպոլիտենի գնացքները կառավարելու իրավունք (ընդ որում գնացքների անվտանգ երթևեկության պատասխանատվությունը դրվում է կառավարումն իր վրա վերցնող ղեկավարի վրա), մեքենավար-հրահանգչից, կառավարելու իրավունք ունեցող մեքենավարի օգնականից` մեքենավար-հրահանգչի թույլտվությամբ (գնացքի կառավարումը մեքենավարի օգնականին հանձնելիս նրա պարտականությունները կատարում է մեքենավարը), կցված պրակտիկանտից:
1.23. Մեքենավարին կամ մեքենավարի օգնականին արգելվում է գնացքի կառավարումը հանձնել այն անձին, որը գտնվում է հարբած վիճակում, նախապատրաստված չէ աշխատանքի անցնելուն և համապատասխանորեն հագնված չէ:
1.24. Պահեստային մեքենավարները կամ մեքենավարների օգնականները գտնվում են գծային կետի օպերատորի, էլ. հավաքակայանի հերթապահի կամ մեքենավար-հրահանգչի ենթակայության տակ և առանց նրանց թույլտվության իրավունք չունեն բացակայելու աշխատանքից:
Պահեստային մեքենավարները կամ մեքենավարների օգնականները կարող են ուղարկվել գծում, էլ. հավաքակայանի տարածքում աշխատելու կամ շարժակազմերի շրջադարձի մանևրներ կատարելու, ինչպես նաև լոկոմոտիվային բրիգադներին փոխարինելու համար:
II. ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ԿԱՄ ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Մեքենավարը և մեքենավարի օգնականը պարտավոր են.
2.1.1. Ճշտորեն և անառարկելիորեն կատարել մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոնները, մետրոպոլիտենում ազդանշանման հրահանգի, մետրոպոլիտենում երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգի, էլ. գնացքների շահագործման և նորոգման ժամանակ անվտանգության կանոնների, էլ. գնացքների շահագործման և նորոգման ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոնների, ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, սույն պաշտոնեական հրահանգի, երկաթուղային տրանսպորտի աշխատողների կարգապահության կանոնադրության, ինչպես նաև լոկոմոտիվային բրիգադների աշխատանքին վերաբերվող հրահանգների, դրույթների, հրամանների, օպերատիվ հրահանգչական ցուցումների պահանջները:
2.1.2. Էլ. շարժակազմի հանձնումն ու ընդունումը, պնևմատիկ արգելակների ստուգումն ու փորձարկումը կատարել սահմանված կարգով` ճշտությամբ պահպանելով էլ. գնացքների շահագործման և նորոգման ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոնները:
2.1.3. Պարբերաբար ներկայանալ էլ. հավաքակայանի պետի կամ շահագործման գծով նրա տեղակալի մոտ` մեքենավարի տեղեկաքարտը ստուգելու համար: Մեքենավարը, տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ, պարտավոր է ներկայանալ էլ. հավաքակայանի պետի մոտ հարցազրույցի, իսկ մեքենավարի օգնականը` էլ. հավաքակայանի շահագործման գծով պետի տեղակալի մոտ:
2.1.4. Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, մեքենավարը պետք է իր մոտ ունենա մետրոպոլիտենի էլ. գնացքների կառավարման իրավունքի վկայական, անցաթուղթ, նախազգուշացման կտրոններ և տեղեկաքարտ, իսկ մեքենավարի օգնականը` նախազգուշացման կտրոններ և անցաթուղթ, էլ. գնացքի կառավարման իրավունք ունեցող մեքենավարի օգնականը, բացի դրանից, պետք է ունենա մետրոպոլիտենի էլ. գնացքների կառավարման իրավունքի վկայական:
2.1.5. Թույլ չտալ կառավարման խցիկում երթևեկելու դրա իրավունքը չունեցող անձանց:
2.1.6. Հպակային ռելսին անհապաղ բարձր լարում տալու կամ նրանից լարումը հանելու անհրաժեշտության դեպքում, ղեկավարվել հպակային ռելսին լարում տալու և նրանից լարումը հանելու կարգի մասին հրահանգով:
2.1.7. Հերթափոխը ստանձնելուց առաջ անցնել նախաերթային բժշկական ստուգում:
III. ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ԵՎ ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
3.1. Մեքենավարը և մեքենավարի օգնականը կրում են անձնական պատասխանատվություն:
3.1.1. Իրենց հանձնված էլ. գնացքի, գույքի և գործիքների ճիշտ պահպանումն ու խնամքը չապահովելու համար` դրանց ընդունման պահից մինչև հանձնումը:
3.1.2. Երթևեկության և փոխադրվող ուղևորների անվտանգությունը չապահովելու համար:
3.1.3. Մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոնների, մետրոպոլիտենում ազդանշանման հրահանգի, մետրոպոլիտենում երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգի, սույն պաշտոնեական հրահանգի, երկաթուղային տրանսպորտի աշխատողների կարգապահության կանոնադրության, ինչպես նաև լոկոմոտիվային բրիգադների աշխատանքը սահմանող այլ հրահանգների, կանոնների, դրույթների, հրամանների, հրահանգչական ցուցումների պահանջները խախտելու համար:
3.1.4. Մեքենավարը պատասխանատվություն է կրում նաև իր ենթակայության տակ գտնվող մեքենավարի օգնականի սխալ գործողությունների համար:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
11 փետրվարի 1998 թ.
պԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 18980078