Գլխավոր տեղեկություն
Տիպ
Վճիռ
Тип
Ինկորպորացիա (24.01.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.02.15/4(448) Հատուկ բաժին
Принят
Վարչական դատարան
Дата принятия
24.12.2012
Подписан
Դատավոր
Дата подписания
24.12.2012
Дата вступления в силу
24.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«ՀԱՂԱՐԾՆԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001666

ԼԻՑԵՆԶԻԱՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Վարչական գործ թիվ ՎԴ/5316/05/12

 

Վ Ճ Ի Ռ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 
 24.12.2012 թ  ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը

 

նախագահությամբ`

քարտուղարությամբ`

մասնակցությամբ`

հայցվորի ներկայացուցիչ`

պատասխանողի ներկայացուցիչ՝

դատավոր `

 

Արման Թովմասյանի

Ռիմա Պետրոսյան

 

Իրինա Շահումյանի

Գրետա Ժամհարյանի

 

Դռնբաց դատական նիստում քննության առնելով վարչական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընդդեմ «Հաղարծնի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի՝ «Հաղարծնի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, ռենտգենաբանական արտահիվանդանոցային գործունեության 19.03.2012 թվականի թիվ Կ-ԲՕ-001666 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջի մասին.

 

ՊԱՐԶԵՑ

 

I

 

Նկարագրական մաս.

15.07.2011 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ՝ Հայցվոր) հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (այսուհետ՝ Դատարան), որով խնդրել է դադարեցնել «Հաղարծնի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, ռենտգենաբանական արտահիվանդանոցային գործունեության 19.03.2012 թվականի թիվ Կ-ԲՕ-001666 լիցենզիայի գործողությունը։

Դիմելով Դատարան Հայցվորը հայտնել է, որ «Հաղարծնի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ն բժշկական օգնության և սպասարկման տեսակի` թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական (խառն ընդհանուր ստոմատոլոգիական կաբինետ), ռենտգենաբանական արտահիվանդանոցային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար 2012 թվականի փետրվարի 23-ին ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացրել համապատասխան հայտ (մուտք՝ 23.02.2012թ. N 4042) և 2012 թվականի մարտի 19-ին ստացել է թերապևտիկ ստոմատոլոգիակւսն, վիրաբուժական ստոմատոլոգիական, ռենտգենաբանական արտահիվանդանոցային գործունեության թիվ Կ-ԲՕ-001666 լիցենզիան։

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկի 3-րդ բաժնի 3-րդ կետի համաձայն՝ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացումը լիցենզավորվում է բարդ ընթացակարգով։

Բարդ լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում նշված օրենքի 28-րդ հոդվածով պահանջվող փաստաթղթեր։

ՀՀ առողջապահության նախարարությունը նկատի ունենալով, որ Ընկերության կողմից հայտին կից ներկայացվող տեղեկանքներում պարունակվող տեղեկությունները հայտ ներկայացնելու ժամանակ համապատասխանել են ՀՀ օրենսդրության պահանջներին և նույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով բացակայել են լիցենզիայի հայտի մերժման հիմքերը, բավարարվել է Ընկերության հայտը և վեջինիս 2012 թվականի մարտի 19-ին տրվել է վերը նշված լիցենզիան։

Հայցվորը, վկայակոչելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 7-ի թիվ 1811-Ա հրամանով հարուցվել է վարչական վարույթ՝ Ընկերությանը պատկանող ստոմատոլոգիական կաբինետում զննում իրականացնելու նպատակով։ Զննման արդյունքում կազմվել է զննման արձանագրություն։

Զննման արդյունքում պարզվել է, որ Ընկերությանը պատկանող ստոմատոլոգիական կաբինետում չեն պահպանվել ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կենտրոնների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1275-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված պայմանները և պահանջները, այն է՝ ստոմատոլոգիական կաբինետում բացակայել են ունիվերսալ բոռմեքենան, ստոմատոլոգիական բազկաթոռը (էլեկտրամեխանիկական), ծայրակալները (բոռմեքենայի համար (ուղիղ և անկյունային), ախտահանման սարքը (գլասսպերլենային), ատամների աքցանների հավաքածուն (վերին և ստորին ծնոտների համար, էլևատորներ), բակտերիոցիդ լամպը, նեգատոսկոպը (ստոմատոլոգիական), ապակե տարան (վիրակապական նյութերի համար), ստոմատոլոգիական գործիքների հավաքածուն, վիրաբուժական ստոմատոլոգիւսկան գործիքների հավաքածուն, լուսապոլիմերիզացնող լամպը, էնդոդոնթիայի գործիքների հավաքածուն, բոռերի հավաքածուն, ատամնանստվածքների հեռացման համար (հավաքածու) գործիքները, պարոդոնտոլոգիական գործիքների հավաքածուն, ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատորը, էլեկտրադոնտոմետրը, ապեքս-լոկատորը, ատամնաքարերի հեռացման սարքը, ստերիլ սեղանը (ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ բաժին), իսկ ռենտգեն կաբինետում բացակայում է օդափոխման համակարգը (ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ բաժնի 6-րդ կետ)։

Մինչդեռ, վերը նշված որոշման հավելվածի 3-րդ բաժնի համաձայն խառն ընդհանուր ստոմատոլոգիական կաբինետին որպես սարքավորումներ և բժշկական գործիքներ անհրաժեշտ են՝ ունիվերսալ բոռմեքենա, ստոմատոլոգիական բազկաթոռ՝ էլեկտրամեխանիկական, ծայրակալներ՝ բոռմեքենայի համար (ուղիղ և անկյունային), ախտահանման սարք՝ գլասսպերլենային, ատամների աքցանների հավաքածու (վերին և ստորին ծնոտների համար, էլևատորներ), բակտերիոցիդ լամպ, նեգատոսկոպ՝ ստոմատոլոգիական, ապակե տարա՝ վիրակապական նյութերի համար, ստոմատոլոգիական գործիքների հավաքածու, վիրաբուժական ստոմատոլոգիական գործիքների հավաքածու, լուսապոլիմերիզացնող լամպ, էնդոդոնթիայի գործիքների հավաքածու, բոռերի հավաքածու, գործիքներ՝ ատամնանստվածքների հեռացման համար (հավաքածու), պարոդոնտոլոգիական գործիքների հավաքածու, ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր, էլեկտրադոնտոմետր, ապեքս-լոկատոր, ատամնաքարերի հեռացման սարք, ստերիլ սեղան։

Նույն հավելվածի 6-րդ բաժնի 6-րդ կետով ռենտգեն կաբինետի համար պահանջվում է նաև օդափոխման համակարգի առկայություն։

Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ Ընկերությունը չի ապահովել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները և պայմանները, մասնավորապես՝ խախտելով ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 1275-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ բաժնի և 6-րդ բաժնի 6-րդ կետի պահանջները լիցենզիա ստանալու համար 2012 թվականի փետրվարի 23-ին ներկայացրել է լիցենզիա ստանալու մասին հայտ, որում (կից տեղեկանքներում) ներկայացրել է ակնհայտ կեղծ և խեղաթյուրված տեղեկություններ և արդյունքում 2012 թվականի մարտի 19-ին ստացել լիցենզիա։

Հայցվորը, վկայակոչելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 5-րդ մասը, խնդրել է դադարեցնել «Հաղարծնի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2012 թվականի մարտի 19-ին տրված թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, ռենտգենաբանական արտահիվանդանոցային գործունեության թիվ 19.03.2012թ. Կ-ԲՕ-001666 լիցենզիայի գործողությունը՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելով։

24.08.2012 թվականին Դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին։

Հայցադիմումում թույլ տված խախտումները վերացնելուց հետո հայցվորը այն կրկին ներկայացրել է Դատարան։

05.09.2012 թվականին Դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։

29.10.2012 թվականի նախնական դատական նիստի ժամանակ Դատարանը, սույն վարչական գործը համարելով դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացրել դատաքննություն նշանակելու մասին։

10.12.2012 թվականի դատաքննության ժամանակ հայցվորը պնդեց ներկայացված հայցը և խնդրեց այն բավարարել։

10.12.2012 թվականի դատաքննության ժամանակ պատասխանողի ներկայացուցիչը հայտնեց, որ ընդունում է այն փաստը, որ զննման ժամանակ ստոմատոլոգիական կաբինետում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված գույքը տեղադրված չէր։ Նշել է նաև, որ գույքը վերանորոգման կապակցությամբ գտնվում էր մեկ այլ կաբինետում։

10.12.2012 թվականի դատաքննության ժամանակ Դատարանը, դատաքննությունը համարելով ավարտված, դատական նիստը հետաձգեց մինչև 24.12.2012 թվականը վճռի հրապարակման համար։

 

II

 

Պատճառաբանական մաս.

Գնահատելով սույն գործով Դատարանին ներկայացված վերաբերելի և թույլատրելի ապացույցները` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունների վրա հիմնված ներքին համոզմամբ, Դատարանը հանգեց հետևության, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն վարչական գործի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ առողջապահության նախարարի կողմից 19.03.2012 թվականին «Հաղարծնի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ին տրվել է թիվ Կ-ԲՕ-001666 լիցենզիան՝ թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, ռենտգենաբանական գործունեություն իրականացնելու համար, անժամկետ։

2. ՀՀ առողջապահության նախարարի կողմից 07.08.2012 թվականին տրվել է «Վարչական վարույթ հարուցելու և «Հաղարծնի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող ստոմատոլոգիական կաբինետում զննում իրականացնելու մասին» թիվ 1811-Ա հրամանը, որի համաձայն՝ «Հաղարծնի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող ստոմատոլոգիական կաբինետում իրականացվել է զննում։

3. Համաձայն 07.08.2012 թվականի ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի օգնականի կողմից կազմված զննման արձանագրության՝ «Զննման արդյունքներն են. 1. Խառն ընդհանուր ստոմատոլոգիական կաբինետում բացակայում են ունիվերսալ բոռմեքենան, ստոմատոլոգիական բազկաթոռը (էլեկտրամեխանիկական), ծայրակալները (բոռմեքենայի համար (ուղիղ և անկյունային), ախտահանման սարքը (գլասսպերլենային), ատամների աքցանների հավաքածուն (վերին և ստորին ծնոտների համար, էլևատորներ), բակտերիոցիդ լամպը, նեգատոսկոպը (ստոմատոլոգիական), ապակե տարան (վիրակապական նյութերի համար), ստոմատոլոգիական գործիքների հավաքածուն, վիրաբուժական ստոմատոլոգիական գործիքների հավաքածուն, լուսապոլիմերիզացնող լամպը, էնդոդոնթիայի գործիքների հավաքածուն, բոռերի հավաքածուն, ատամնանստվածքների հեռացման համար (հավաքածու) գործիքները, պարոդոնտոլոգիական գործիքների հավաքածուն, ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատորը, էլեկտրադոնտոմետրը, ապեքս-լոկատորը, ատամնաքարերի հեռացման սարքը, ստերիլ սեղանը, ինչը չի համապատասխանում ՀՀ կառավարության 29 հոկտեմբերի 2009թ. N 1275-Ն որոշման հավելվածի III բաժնով սահմանված պայմաններին և պահանջներին։

4. Բացակայում է ռենտգենաբանական ծառայությունը իրականացնելու համար օդափոխման համակարգը, ինչը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշմամբ հաստատված հավելվածի VI բաժնի 6-րդ կետով սահմանված պայմաններին և պահանջներին։»։

Դատարանի իրավական վերլուծությունները.

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին։

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը։ Մասնավորապես հոդվածի 1-ին մասով սահմանվում է՝ «Գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա, եթե այն ընդգրկված է սույն հոդվածի աղյուսակում։»։ Իսկ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակ, որի 3-րդ բաժնի 3-րդ կետը սահմանում է՝ «Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացում։»։

Տվյալ դեպքում ՀՀ առողջապահության նախարարի կողմից «Հաղարծնի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ին տրվել է թիվ Կ-ԲՕ-001666 լիցենզիան՝ թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, ռենտգենաբանական գործունեություն իրականացնելու համար։

Սույն գործով, համաձայն 07.08.2012 թվականի ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի օգնականի կողմից կազմված զննման արձանագրության՝ պատասխանողի կողմից խախտվել են ՀՀ կառավարության 29 հոկտեմբերի 2009թ. N 1275-Ն որոշման հավելվածի III բաժնով սահմանված և VI բաժնի 6-րդ կետով սահմանված պայմանները և պահանջները։

Համաձայն ՀՀ կառավարության 29.10.2009 թվականի «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կենտրոնների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1275-Ն որոշման 1-ին կետի՝ հաստատվել են ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների և կենտրոնների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները` համաձայն հավելվածի։

Նշված հավելվածի 3-րդ բաժնով սահմանված է.

«1. Ունիվերսալ բոռմեքենա

2. Ստոմատոլոգիական բազկաթոռ՝ էլեկտրամեխանիկական

3. Ծայրակալներ` բոռմեքենայի համար (ուղիղ և անկյունային)

4. Ախտահանման սարք` գլասսպերլենային

5. Ատամների աքցանների հավաքածու (վերին և ստորին ծնոտների համար, էլևատորներ)

6. Բակտերիոցիդ լամպ

7. Նեգատոսկոպ` ստոմատոլոգիական

8. Ապակե տարա` վիրակապական նյութերի համար

9. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

10. Վիրաբուժական ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

11. Լուսապոլիմերիզացնող լամպ

12. Էնդոդոնթիայի գործիքների հավաքածու

13. Բոռերի հավաքածու

14. Գործիքներ` ատամնանստվածքների հեռացման համար (հավաքածու)

15. Պարոդոնտոլոգիական գործիքների հավաքածու

16. Ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր

17. Էլեկտրադոնտոմետր

18. Ապեքս-լոկատոր

19. Ատամնաքարերի հեռացման սարք

20. Ստերիլ սեղան»։

Նույն հավելվածի 6-րդ բաժնի 6-րդ կետով սահմանված է՝ «Օդափոխման համակարգի առկայություն։»։

Այն հանգամանքը, որ վերը նշված կառավարության որոշմամբ հաստատված գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները չեն պահպանվել, հաստատվում է ինչպես վերը նշված զննության արձանագրությամբ, այնպես էլ դատաքննության ընթացքում կողմերի տված բացատրություններով։ Մասնավորապես, պատասխանող կողմը դատաքննության ընթացքում ընդունեց այն փաստը, որ զննման ժամանակ ստոմատոլոգիական կաբինետում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված գույքը տեղադրված չէր։

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է լիցենզիայի գործողության դադարեցումը, որ, ի թիվ այլոց, սահմանում է, որ լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել` լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում. /հոդված 37, մաս 1, կետ 1/։

Նույն օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով՝ լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն։»։

Այսպիսով, վերը նշված իրավական նորմերը համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Դատարանը գտնում է, որ Պատասխանողի կողմից խախտվել է ՀՀ կառավարության 29.10.2009 թվականի «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կենտրոնների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1275-Ն որոշմամբ հաստատված հավելվածի III բաժինը և VI բաժնի 6-րդ կետը, որպիսի պայմաններում դատարանը գտնում է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով այն ենթակա է դադարեցման՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի կարգով լուծելով դատական ծախսերի բաշխման հարցը՝ Դատարանը գտնում է, որ «Հաղարծնի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 4.000 ՀՀ դրամի չափով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 112-115-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով՝ դատարանը

 

ՎՃՌԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հայցն ընդդեմ «Հաղարծնի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի՝ թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, ռենտգենաբանական արտահիվանդանոցային գործունեության 19.03.2012 թվականի թիվ Կ-ԲՕ-001666 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջի մասին, բավարարել։

Դադարեցնել «Հաղարծնի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 19.03.2012 թվականին տրված թիվ Կ-ԲՕ-001666 լիցենզիան։

2. «Հաղարծնի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել որպես նախապես վճարված պետական տուրքի գումար՝ 4.000 (չորս հազար) ՀՀ դրամ։

3. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։

 

Դատավոր

 Ա. Թովմասյան