Գլխավոր տեղեկություն
Номер
N 117-Ն/1
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.11.2004-02.03.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2004.11.01/24(172) Հոդ.329
Принят
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата принятия
30.09.2004
Подписан
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата подписания
30.09.2004
Дата вступления в силу
11.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.10.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության
նախարարության կողմից

11 հոկտեմբերի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 11504266


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

30 սեպտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 117-Ն/1

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 890-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործավարության կարգը» (կցվում է):

2. Քարտուղարության պետ տիկին Ե. Սարգսյանին`

- ապահովել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործավարության կարգ»-ի կատարումը.

- սույն կարգը ծանոթացնել նախարարության աշխատակազմի աշխատակիցներին:

3. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործավարության կարգ»-ի կատարման հսկողությունը դնել նախարարության աշխատակազմի ղեկավար պարոն Ձ. Մարգարյանի վրա:

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի 2000 թ. հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության գործավարության հրահանգ»-ը հաստատելու մասին թիվ 81-Պ հրամանը:

Ա. Վարդանյան


Հավելված
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2004 թվականի սեպտեմբերի 30-ի
թիվ 117-Ն/1 հրամանի


Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) գործավարության իրականացման միասնական կարգը:

2. Սույն կարգով սահմանված գործավարության կանոնները պարտադիր են նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների (այսուհետ` աշխատողներ) համար:

3. Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում սույն կարգով սահմանված գործավարության միասնական կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է նախարարության աշխատակազմի քարտուղարությունը (այսուհետ` քարտուղարություն):

4. Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը:

5. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. դեկտեմբերի 30-ի թիվ 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՇԱՐԺԸ

 

6. Նախարարությունում ստացված պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունը, բացի «գաղտնի» մակագրով ծրարներից, ընդունվում և գրանցվում է քարտուղարությունում:

7. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրով ծրարներից: «Անձամբ» մակագրով ծրարները չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատերերին:

8. Քարտուղարության աշխատողները ծրարը բացելիս պարտավոր են ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, համեմատել փաստաթղթերի ելից համարները ծրարի վրա նշված համարների հետ:

Փաստաթղթի կամ փաստաթղթի էլեկտրոնային օրինակի (ֆայլի) բացակայության կամ վնասման դեպքում կազմվում է ակտ 3 օրինակից, որից մեկը մնում է քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը: Ծրարում (ֆայլում) սխալմամբ դրված փաստաթղթերը նոր ծրարներով ուղարկվում են ըստ պատկանելության` կցելով նաև այն ծրարները, որոնցով ստացվել էին: Նշվածի մասին անհրաժեշտության դեպքում տեղյակ է պահվում այն կազմակերպությանը, որտեղից ստացվել էր ծրարը:

9. Ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին կցվում են այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն, կամ եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:

10. Քարտուղարությունում ստացված թղթակցությունը, ինչպես նաև ֆաքսի և էլեկտրոնային կապի միջոցով ստացված փաստաթղթերը գրանցվում են համակարգչային ծրագրի միջոցով, որտեղ արտացոլվում է փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը: Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են համակարգչային ցանցով, պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Գրանցված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը: Ստացված փաստաթուղթը համարակալվում է հերթական մտից համարով (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը):

11. Գրանցման ենթակա չեն տեղեկատվական բնույթի փաստաթղթերը: Այդպիսի փաստաթղթերի վրա դրվում է դրոշմակնիք, նշվում միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք հանձնվում են նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին:

12. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերից ստացված շտապ թղթակցությունները գրանցվում և արտահերթ ներկայացվում են նախարարին` աշխատակազմի ղեկավարի միջոցով:

13. Նախարարին հասցեագրված թղթակցությունը, սահմանված կարգով գրանցելուց հետո հանձնվում է աշխատակազմի ղեկավարին` նախարարին զեկուցելու համար, իսկ նախարարի տեղակալներին հասցեագրված թղթակցությունը նրանց է հանձնվում քարտուղարության աշխատողների կողմից:

14. Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին հասցեագրված գրությունները, նամակները գրանցվում են քարտուղարությունում և օրվա ընթացքում հանձնվում են հասցեատերերին` ըստ պատկանելության: Օտար լեզուներով ստացված թղթակցությունը հանձնվում է աշխատակազմի միջազգային կապերի բաժին` թարգմանության, որից հետո հետ է վերադարձվում քարտուղարություն` սահմանված կարգով գրանցման:

15. Ոչ աշխատանքային օրերին ստացված հեռագրերն ընդունվում են նախարարի ընդունարանում` հերթապահ աշխատողի կողմից: Շտապ և բովանդակությամբ կարևոր հեռագրերն անհապաղ զեկուցվում են նախարարին կամ նրա տեղակալներին:

16. Նախարարին և նախարարի տեղակալներին հանձնված թղթակցությունը հաջորդ օրը վերադարձվում է քարտուղարություն և նույն օրը համակարգչում ու մատյանում համապատասխան գրանցում կատարելուց հետո ըստ մակագրությունների փոխանցվում կատարողներին:

17. Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին տրված փաստաթղթերը գրանցվում են համապատասխան ստորաբաժանման մատյաններում:

18. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների բնօրինակները հանձնվում են աշխատակազմի իրավաբանական բաժին` ի պահ: Իրավաբանական բաժինը վերոհիշյալ փաստաթղթերը տրամադրում է աշխատակազմի աշխատակիցներին` հետ վերադարձնելու պայմանով: Իրավաբանական բաժնից վերցված իրավական ակտերը ենթակա են վերադարձման` 5-օրյա ժամկետում:

19. Նախարարության մի կառուցվածքային ստորաբաժանումից մյուսին թղթակցության հանձնումը կատարվում է քարտուղարության միջոցով:

20. Յուրաքանչյուր ստորաբաժանում ստացված փաստաթղթում բարձրացված հարցերին ընթացք տալուց հետո, սույն կարգով սահմանված ժամկետներում այն վերադարձնում է քարտուղարություն` կցելով կատարման մասին տեղեկանքը: Քարտուղարությունը գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ համապատասխան հիմնավորման վրա առկա է նախարարի համապատասխան տեղակալի` «գործին» մակագրությունը:

21. Նախարարության աշխատակազմի աշխատակիցները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանման համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց: Արգելվում է նախարարությունում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում որևէ ուղղում կատարել: Նախարարության աշխատակազմի աշխատողներին արգելվում է փաստաթղթերը նախարարությունից դուրս բերել:

22. Արձակուրդ գնալու, կամ 5 աշխատանքային օրից ավել բացակայելու, կամ աշխատանքից ազատվելու դեպքում աշխատողը պարտավոր է իր մոտ եղած փաստաթղթերը (այդ թվում անավարտ) հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:

 

III. ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

23. Նախարարի, նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանների և հանձնարարականների (այսուհետև` հրամաններ և հանձնարարականներ) նախագծերը նախապատրաստվում են նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից:

24. Հրամանները և հանձնարարականները տպագրվում են ներքոհիշյալ սահմանված ձևաթղթերի վրա`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրաման

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հանձնարարական

գ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի հրաման

դ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարական:

Արգելվում է հրամաններում և հանձնարարականներում ուղղումներ և ջնջումներ կատարել:

25. Նորմատիվ բնույթի հրամանների նախագծերը որակի գնահատման նպատակով պարտադիր իրավական փորձաքննության են ենթարկվում աշխատակազմի իրավաբանական բաժնում:

26. Հրամանների և հանձնարարականների նախագծերը նշագրվում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարի, նախարարի տեղակալի, իսկ անհրաժեշտության դեպքում ֆինանսատնտեսագիտական վարչության, իրավաբանական բաժնի պետերի կողմից: Հրամաններին և հանձնարարականներին կից հավելվածների յուրաքանչյուր էջը նշագրվում է պատասխանատու կատարողի կողմից:

27. Հրամանների, հանձնարարականների նախագծերի վերջին էջի հակառակ երեսին համապատասխան ստորաբաժանման կողմից նշվում է այն հասցեատերերի ցանկը, որոնց պետք է առաքվի փաստաթուղթը և ըստ հասցեատերերի քանակի, համապատասխան հիմքերով ու փաստաթղթերով ներկայացվում է քարտուղարություն:

28. Հրամանի կամ հանձնարարականի նախագիծը նախարարին կամ նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է ստորագրության` քարտուղարության միջոցով:

29. Հրամանները և հանձնարարականները ձևակերպվում են քարտուղարությունում, բացառությամբ կադրային հրամանների, որոնք ձևակերպվում են նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում:

Հրամանները և հանձնարարականները գրանցվում են համապատասխան մատյաններում, բնօրինակները կարվում են առանձին գործերում:

30. Հրամանները ձևակերպվում են առանձին հաշվառման մատյաններում (այսուհետ` հաշվառման մատյաններ), որտեղ ըստ հերթականության նշվում են.

ա) հրամանի հաշվառման հերթական համարը

բ) հրամանի տեսակը

գ) հրամանի վերնագիրը

դ) հրամանի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը

ե) հրամանի ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը

զ) հրամանի գործողության դադարեցման տարին, ամիսը, ամսաթիվը

է) նորմատիվ բնույթի հրամանների հաշվառման դեպքում նշվում են նաև հրամանը պետական գրանցման ուղարկելու տարին, ամիսը, ամսաթիվը

ը) պետական գրանցումը մերժված հրամանը` փոփոխություններով, նորից պետական գրանցման ուղարկելու տարին, ամիսը, ամսաթիվը

թ) պետական գրանցում ստացած հրամանի հրապարակման տարին, ամիսը, ամսաթիվը:

31. Հաշվառման մատյանները խիստ հաշվառման փաստաթղթեր են: Դրանք պետք է լինեն կարված (ժապավենած), իսկ թերթերը համարակալված: Թերթերի թիվը պետք է հաստատվի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի կնիքով: Չի թույլատրվում հաշվառման մատյաններում մատիտով գրանցումներ կատարել:

32. Հաշվառման մատյաններում նշումները պետք է կատարվեն առանց կրճատումների, ջնջումների, պարզ ու ընթեռնելի ձեռագրով:

33. Հաշվառման մատյանի հաշվառման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և շարունակվում մինչև տարեվերջ:

34. Հրամանի համարը ձևավորվում է հերթական հաշվառման համարից, հրամանի բնույթից և ստորագրողի պայմանանշից (օրինակ` 25-Ն/1, 30-Ա/2): Հանձնարարականի համարը ձևավորվում է հաշվառման հերթական համարից և ստորագրողի պայմանանշից (օրինակ` 15-1):

35. Նորմատիվ բնույթի հրամանը ընդունվելու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման: Հրամանը երեք բնօրինակից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ուղարկվում կից նամակով: Հրամանի յուրաքանչյուր օրինակը պետք է թելակարվի և կնքվի նախարարության կնիքով:

36. Հրամանների և հանձնարարականների պատճենները ստորագրվում են քարտուղարության պետի կողմից (իսկականի հետ ճիշտ է) և հաստատվում քարտուղարության կնիքով:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

37. Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում քննարկման համար Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների (այսուհետ` իրավական ակտեր) նախագծերը մշակվում են աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում:

38. Այդ իրավական ակտերի նախագծերը նախապատրաստելիս աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը ապահովում է.

ա) իրավական ակտերի նախագծերի համաձայնեցումը աշխատակազմի շահագրգիռ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների հետ

բ) սահմանված ժամկետներում իրավական ակտերի նախապատրաստումը` դրանք Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարների համաձայնեցման համար

գ) իրավական ակտերի նախագծերի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և շահագրգիռ նախարարների հետ համաձայնեցման գործընթացը:

39. Նախքան իրավական ակտերի նախագծերը Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների քննարկմանը ներկայացնելը, այն համաձայնեցվում է աշխատակազմի շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հետ և անցնում իրավական փորձաքննություն աշխատակազմի իրավաբանական բաժնում:

40. Իրավական ակտերի նախագիծը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների նախարարի, կամ նախարարի բացակայության դեպքում նախարարի տեղակալի ուղեկցական գրությամբ` սույն կարգի պահանջներին համապատասխան:

41. Իրավական ակտերի նախագծերը պետք է համաձայնեցվեն Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ 5-օրյա ժամկետում:

42. Իրավական ակտերի նախագիծը, որին կցվում են Հայաստանի Հանրապետության նախարարներից ստացված կարծիքները, ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության:

43. Աշխատակազմի իրավաբանական բաժինը նախագիծը մշակող ստորաբաժանման հետ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի եզրակացությունը ստանալու օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում քննարկում է դիտողություններն ու առաջարկությունները` անհրաժեշտության դեպքում կատարում համապատասխան փոփոխություններ:

Եթե 15-օրյա ժամկետում նախագծի վերաբերյալ վերոհիշյալ նախարարությունից առարկություններ և առաջարկություններ չեն ստացվում` նախագիծը առանց դրանց կարող է ներկայացվել կառավարության աշխատակազմ:

44. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող իրավական ակտերի նախագծերի փաթեթը ներառում է.

ա) առաջադրվող նախագիծը,

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև պետական բյուջեի եկամտում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը,

դ) տվյալ նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը,

ե) օրենքի նախագծի ներկայացման դեպքում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի այն որոշումների ցանկը, որոնցով ընդունվելիք օրենքի կարգավորման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրվել է օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու լիազորություն կամ տեղեկանք դրանց բացակայության մասին,

զ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող օրենքների նախագծերից բխող և Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի և լիազոր մարմնի ընդունմանը (հաստատմանը) վերապահված իրավական ակտերի ընդունման վերաբերյալ ժամանակացույց,

է) առաջարկվող նախագծի մագնիսական կրիչը:

45. Իրավական ակտերի նախագծերը, անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով և նյութերով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն են ներկայացվում մեկ օրինակից, նախարարի ուղեկցական գրությամբ:

 

V. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

46. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերին, գործադիր մարմինների ղեկավարներին հասցեագրված գրությունները ստորագրվում են նախարարի, իսկ նրա բացակայության դեպքում` նախարարի համապատասխան տեղակալների, աշխատակազմի ղեկավարի կողմից: Արգելվում է ստորաբաժանումներում ելից թղթակցության ձևակերպումը:

47. Ելից փաստաթղթերը քարտուղարություն են հանձնվում յուրաքանչյուր ստորաբաժանման ներսում առկա ելից գրանցամատյաններով` բաց վիճակում, 3 օրինակից, հիմքերի հետ միասին` ներառելով հասցեատերերի հասցեները: Առաջին օրինակը ուղարկվում է հասցեատիրոջը, երկրորդ օրինակը համապատասխան նամակի և կից նյութերի հետ կարվում է քարտուղարությունում պահպանվող համապատասխան գործերում, երրորդ օրինակը հետ է վերադարձվում համապատասխան ստորաբաժանմանը: Միջազգային կազմակերպություններ ուղարկվող գրությունները քարտուղարություն են հանձնվում 4 օրինակից (4-րդ օրինակը հանձնվում է միջազգային կապերի բաժին): Ելնելով անհրաժեշտությունից` փաստաթղթի բնօրինակը կարող է տրվել նախարարության աշխատողներին` նրանց պատասխանատվությամբ հասցեատիրոջն առձեռն կամ հեռապատճենային կապով ուղարկելու համար:

48. Ստորագրության ներկայացվող գրությանը կցվում է նամակի երկրորդ օրինակը` տվյալ հարցը նախապատրաստող պատասխանատու անձի և նախարարի համապատասխան տեղակալի նշագրով: Իրավական ակտերի նախագծերը և իրավական պարզաբանումների երկրորդ օրինակները նշագրվում են նաև իրավաբանական բաժնի պետի կողմից:

49. Գրություններին լրացուցիչ նյութեր կցված լինելու դեպքում, տեքստի տակ նշվում են կցված նյութերի անվանումները և թերթերի քանակը: Կցված թերթերի երկրորդ օրինակի բոլոր էջերը նշագրվում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից:

50. Նախարարությունում ստացված փաստաթղթերին պատասխանելիս պատասխանի վրա, վերևի ձախ անկյունում նշվում է ստացված գրության համարը և ամսաթիվը (օրինակ` Ձեր 2002 թ. հոկտեմբերի 20-ի թիվ 2-15/451): Նույն տվյալները պետք է ունենա նաև էլեկտրոնային օրինակը:

51. Ելից փաստաթղթերը ստորագրության են ներկայացվում նախարարին ընդհանուր փոստի հետ` աշխատակազմի ղեկավարի միջոցով:

52. Ելից փաստաթղթերի համար նախարարությունում օգտագործվում են հետևյալ պաշտոնական ձևաթղթերը (բլանկները).

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,

գ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ,

դ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ,

ե) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար,

զ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ:

Նախարարության պաշտոնական ձևաթղթերի նմուշները հաստատում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:

53. Փաստաթղթի ելից համարը կազմված է պայմանանշից և հերթական համարից, օրինակ` 1/12-450:

54. Ինչպես շտապ, այնպես էլ սովորական թղթակցությունը քարտուղարությունում ռեեստրերի վրա գրանցելուց հետո սուրհանդակի միջոցով առաքվում է հասցեատերերին: Ռեեստրերի երկրորդ օրինակները պահպանվում են քարտուղարությունում:

Այն դեպքում, երբ ուղարկվող փաստաթղթերը իրավական ակտերի նախագծեր են և ուղարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ, փաթեթին կցվում է նաև էլեկտրոնային տարբերակը:

 

VI. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ, ԲՈՂՈՔՆԵՐԻՆ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

55. Նախարարությունում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

56. Նախարարությունում քաղաքացիներից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները (այսուհետ` դիմումներ), նույն օրը համակարգչային ծրագրի և մատյանների միջոցով գրանցվում են քարտուղարությունում: «Անձամբ» մակագրությամբ ծրարները չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատերերին:

57. Դիմումի գրանցման համարանիշը (կոդը) բաղկացած է դիմողի ազգանվան առաջին տառից և հերթական համարից:

58. Միևնույն անձից միևնույն հարցով ստացված դիմումները գրանցվում են առաջին դիմումի գրանցման պայմանանիշով` ավելացնելով հերթական համար` կոտորակի ձևով (Ա-250/2, Ա-250/3):

59. Անանուն դիմումները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:

60. Կոլեկտիվ դիմումների ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը, անունը:

61. Քաղաքացիների ընդունելության ժամանակ գրավոր դիմումները գրանցվում են օրենքով սահմանված կարգով:

62. Քաղաքացիների այն նամակները, որոնք նախարարությունում ստացվել են վերադաս մարմիններից` դրանցում նշված փաստերը ուսումնասիրելու և արդյունքների մասին տեղեկացնելու խնդրանքով, վերցվում են հատուկ հսկողության: Հատուկ հսկողության վերցված նամակների առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է «Հատուկ հսկողության տակ» դրոշմակնիքը:

63. Հատուկ հսկողության վերցված դիմումները նախարարին է ներկայացնում աշխատակազմի ղեկավարը, իսկ մնացած դիմումները աշխատակազմի ղեկավարին կամ նախարարի տեղակալներին ներկայացնում է քարտուղարության պետը:

64. Որոշ դիմումներ, աշխատակազմի ղեկավարի իմացությամբ, քարտուղարության կողմից կարող են ուղարկվել այն պետական մարմիններ, հիմնարկներ ու կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը, կամ որոնց անմիջական ենթակայությամբ է գործում այն կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը, որի գործունեությունը բողոքարկվում է` դիմողին ուղարկելով դրա մասին ծանուցում:

65. Նախարարի, նախարարի տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի կողմից դիմումները մակագրելուց հետո դիմումները վերադարձվում են քարտուղարություն` հասցեատերերին ուղարկելու համար:

66. Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը պարտավոր է ապահովել դիմումներում բարձրացված հարցերի բազմակողմանի ուսումնասիրությունը և մակագրության համաձայն, սահմանված ժամկետներում տալ դրանց պատասխանը:

67. Քաղաքացիների դիմումների պատասխանները ստորագրվում են նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից:

68. Ուսումնասիրությունից և վերջնական քննարկումից հետո դիմումների պատասխանները` դիմումներով և կից նյութերով 3 օրինակից վերադարձվում են քարտուղարություն: Առաջին օրինակը ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը դիմումի և կից նյութերի հետ կարվում է քարտուղարությունում պահվող համապատասխան գործում, երրորդ օրինակը վերադարձվում է համապատասխան ստորաբաժանում:

69. Քաղաքացուն կարող է տրվել գրավոր կամ բանավոր պատասխան: Բանավոր պատասխանի դեպքում այդ մասին գրառումը կատարվում է դիմումի վրա:

70. Քարտուղարությունը դիմումը կցում է գործին այն դեպքում, երբ ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված հիմնավորման վրա առկա է նախարարի համապատասխան տեղակալի «Գործին» մակագրությունը: Դիմումը վերջնական կցվում է գործին քարտուղարության պետի ստորագրությամբ:

71. Դիմումի պատասխանի համարը կազմված է գրանցման պայմանանշից և այն գործի համարից, որի մեջ կարվում է տվյալ հարցին վերաբերող գրագրությունը (օրինակ Ա-2157/7-75):

72. Քաղաքացիների դիմումների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է քարտուղարությունը:

73. Եռամսյակը մեկ անգամ քարտուղարության կողմից քաղաքացիների դիմումների քննարկման արդյունքների մասին տեղեկատվություն է տրամադրվում աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնին` մամուլում հրապարակելու նպատակով:

 

VII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

74. Նախարարության աշխատակազմում ստացված փաստաթղթերի քննարկման համար սահմանվում են հետևյալ ժամկետները (եթե փաստաթղթում ժամկետներ չեն նախատեսված).

լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ չպահանջող հարցերի համար մինչև 5 աշխատանքային օր

լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցերի համար մինչև 15 աշխատանքային օր

իրավական ակտերի նախագծերի համաձայնեցման համար մինչև 5 աշխատանքային օր:

75. Նախարարության աշխատակազմում ստացված դիմումների, բողոքների համար սահմանվում են հետևյալ ժամկետները (եթե այլ ժամկետներ չեն նախատեսված).

լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ չպահանջող դիմումների, բողոքների համար մինչև 5 աշխատանքային օր

լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջող դիմումների, բողոքների համար մինչև 30 աշխատանքային օր:

76. «Ի գիտություն» մակագրությամբ փաստաթղթերի համար պատասխան չի ակնկալվում: Այդ փաստաթղթերը պահպանվում են նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում:

77. Առանձին դեպքերում կատարման ժամկետները կարող են երկարացվել մինչև 1 ամիս ժամկետով: Կատարման ժամկետը երկարացվում է միայն հանձնարարությունը տվող մարմնի (անձի) կողմից:

 

VIII. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

78. Նախարարության աշխատակազմի կատարողական կարգապահության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է քարտուղարությունը:

79. Ստացված բոլոր փաստաթղթերի, նախարարի հրամանների, հանձնարարականների, քաղաքացիների դիմումների նկատմամբ սահմանվում է վերահսկողություն:

80. Քարտուղարությունում պատրաստվում են տեղեկանքներ օրվա կատարվելիք հանձնարարականների վերաբերյալ և բաժանվում կառուցվածքային ստորաբաժանումներին:

81. Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջին քարտուղարության պետը աշխատակազմի ղեկավարին զեկուցում է տվյալ օրվա ընթացքում չկատարված հանձնարարականների մասին:

82. Յուրաքանչյուր ուրբաթ պատրաստվում է ամփոփ տեղեկանք` կատարողական կարգապահության վերաբերյալ:

83. Հանձնարարականները հանվում են հսկողությունից, երբ նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը քարտուղարություն է ներկայացնում հանձնարարականի վերաբերյալ սպառիչ պատասխան` համապատասխան անձանց նշագրումներով:

 

IX. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՀԵՏԱԳԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

 

84. Նախարարության ընթացիկ արխիվ են հանձնվում նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը:

85. Չի թույլատրվում արխիվից բնօրինակ փաստաթղթերով գործերի դուրս բերումը: Անհրաժեշտության դեպքում արխիվից գործերի կրկնօրինակները կարելի է դուրս բերել միայն քարտուղարության պետի թույլտվությամբ:

86. Արխիվում պահպանվող ընթացիկ գործերին կարելի է ծանոթանալ քարտուղարության պետի բանավոր թույլտվությամբ, արխիվի աշխատակցի ներկայությամբ:

87. Արգելվում է արխիվ հանձնված փաստաթղթերում ջնջումներ և ուղղումներ կատարելը:

88. Արխիվի մասնագետը գործավարության փաստաթղթերն ընդունում է ըստ ցուցակների, ստորագրում այդ ցուցակների բոլոր օրինակները, նշում դրանց ընդունման ամսաթիվը և քանակը: Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են արխիվում:

89. Արխիվի մասնագետը նախարարության գործավարության փաստաթղթերն ընդունելուց հետո նախապատրաստում է դրանք` հետագայում սահմանված կարգով պետական արխիվ հանձնելու համար: