Գլխավոր տեղեկություն
Номер
N 81-Պ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.07.2001-11.11.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2001.07.02/13(76) Հոդ.86
Принят
Սոցիալական ապահովության նախարար
Дата принятия
23.10.2000
Подписан
Սոցիալական ապահովության նախարար
Дата подписания
23.10.2000
Дата вступления в силу
12.07.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.11.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

23 հոկտեմբերի 2000 թ.

ք. Երևան 

N 81-Պ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության գործավարության հրահանգը» (կցվում է):

2. Հանձնարարել նախարարության աշխատակազմին`

աշխատանքային գործունեությունը ծավալել` ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության գործավարության հրահանգ»-ով:

3. Ընդհանուր բաժնի պետ տիկին Ե. Սարգսյանին`

ապահովել «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության գործավարության հրահանգ»-ի կատարումը:

4. «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության գործավարության հրահանգ»-ի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի աշխատակազմի ղեկավար պարոն Ձ. Մարգարյանին:

 

Նախարար

Ռ. Մարտիրոսյան

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
ՀՀ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
_______________ Ռ. Մ
ԱՐՏԻՐՈՍՅԱՆ
2000 թ. հոկտեմբերի 23-ի թիվ 81-Պ հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը մշակված է ՀՀ վարչապետի 2000 թ. հուլիսի 3-ի թիվ 413 որոշմամբ հաստատված ՀՀ սոցիալական ապահովության նախարարության (այսուհետև` նախարարություն) Կանոնադրության պահանջներին համապատասխան և սահմանում է նախարարության կոլեգիայի նիստերում հարցերի քննարկման ժամանակ, ինչպես նաև նախարարության կենտրոնական աշխատակազմում գործավարության իրականացման միասնական կարգը:

Նախարարությունում գործավարությունը կազմակերպվում է սույն հրահանգին համապատասխան:

2. Սույն հրահանգով սահմանված գործավարության կանոնները պարտադիր են նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների (այսուհետև` աշխատողների) համար:

3. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման պատասխանատվությունը դրվում է ստորաբաժանման ղեկավարի վրա:

4. Կենտրոնական աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներում սույն հրահանգով սահմանված գործավարության միասնական կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունը դրվում է ընդհանուր բաժնի վրա:

5. Գաղտնի գործավարությունը իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՇԱՐԺԸ

 

6. Նախարարությունում ստացված պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է ընդհանուր բաժնում: Արգելվում է նախարարությունում առանց գրանցման թղթակցության ընդունումը:

7. Ընդհանուր բաժնում բացվում են ստացված բոլոր ծրարները, բացի «Անձնական», «Գաղտնի» մակագրով ծրարներից: «Անձնական», «Գաղտնի» մակագրով ծրարները չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատերերին:

8. Ընդհանուր բաժնի աշխատողները ծրարը բացելիս պարտավոր են ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), համեմատել փաստաթղթերի համարները ծրարի վրա նշվածի հետ: Փաստաթղթերի պակասի կամ վնասման դեպքում կազմվում է ակտ երկու օրինակից, որոնցից մեկը մնում է ընդհանուր բաժնում, երկրորդը կցվում է փաստաթղթին և ուղարկվում այն հասցեով, որտեղից ստացվել է ծրարը: Ծրարում սխալմամբ դրված փաստաթղթերը նոր ծրարներով ուղարկվում են ըստ պատկանելության` կցելով այն ծրարները, որոնցով ստացվել էին:

9. Ծրարները, որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում են և փաստաթղթերին կցվում այն դեպքերում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:

10. Ընդհանուր բաժնում ստացված թղթակցությունը գրանցվում է համակարգչի միջոցով, ուր արտացոլվում է փաստաթղթի ամբողջ շարժը և կատարման ընթացքը: Գրանցված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը: Ստացված փաստաթուղթը համարակալվում է հերթական մտից համարով (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը):

11. Ընդհանուր բաժնում գրանցման ենթակա չեն տեղեկատվական բնույթի փաստաթղթերը: Այդպիսի փաստաթղթերի վրա դրվում է դրոշմակնիք, նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք անմիջականորեն հանձնվում են նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին:

12. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից ստացված շտապ թղթակցությունները գրանցվում և արտահերթ ներկայացվում են նախարարին: Մնացած թղթակցությունները գրանցվում են օրվա ընթացքում և ներկայացվում են ըստ պատկանելության օրվա վերջում նախարարին և նախարարի տեղակալներին:

Հանգստյան օրերին ստացված հեռագրերն ընդունվում են նախարարի ընդունարանում` հերթապահ աշխատողի կողմից: Շտապ և բովանդակությամբ կարևոր հեռագրերն անհապաղ զեկուցվում են նախարարին կամ նրա տեղակալներին:

13. ՀՀ նախագահի աշխատակազմից, Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից, ՀՀ նախարարություններից, գերատեսչություններից, մարզպետարաններից ստացված գրություններն, աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, օգնականի միջոցով զեկուցվում են նախարարին, մնացած թղթակցություններն ըստ պատկանելության հանձնվում են փոխնախարարներին` յուրաքանչյուր օրվա վերջին:

14. ՀՀ օրենքները, ՀՀ նախագահի հրամանները, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումները ընդհանուր բաժնի միջոցով, ընդհանուր կարգով, զեկուցվում են նախարարին: Նախարարի մակագրությամբ ընդհանուր բաժինը վերոհիշյալ փաստաթղթերի պատճենները հանձնում է համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, իսկ փաստաթղթի բնօրինակը` իրավաբանական բաժին, մշտական պահպանման համար:

15. Նախարարին և փոխնախարարներին հանձնված թղթակցությունը հաջորդ օրը մինչև ժամը 10.00 վերադարձվում է ընդհանուր բաժին և նույն օրն ըստ մակագրությունների բաժանվում կատարողներին:

16. Նախարարությունում կենտրոնական աշխատակազմի մի կառուցվածքային ստորաբաժանումից մյուսին թղթակցության հանձնումը կատարվում է ընդհանուր բաժնի միջոցով:

17. Յուրաքանչյուր ստորաբաժանում, ստացված փաստաթղթում բարձրացված հարցերին ընթացք տալուց հետո, սույն հրահանգով սահմանված ժամկետներում, այն վերադարձնում է ընդհանուր բաժին, կցելով կատարման մասին ինֆորմացիան կամ համապատասխան նշումը:

18. Նախարարության աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանման համար և պարտավոր են խնամքով վերաբերվել դրանց: Արգելվում է նախարարությունում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում որևէ ուղղում կատարելը: Նախարարության աշխատողներին արգելվում է փաստաթղթերը նախարարությունից դուրս բերել:

19. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս` աշխատողը պարտավոր է իր մոտ եղած փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին, կամ գրավոր գրությամբ կից ընդհանուր բաժին: Աշխատանքից ազատվելիս, աշխատողը պարտավոր է իր մոտ գտնվող փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ ընդհանուր բաժին, լրացնել շրջանցիկ թերթիկ և այն հանձնել հաշվապահություն:

20. Նախարարության ձևաթղթերը, կնիքները, դրոշմակնիքները պատրաստվում են և գործողության մեջ են դրվում նախարարի թույլտվությամբ:

 

3. ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՔՈՒՄԸ

 

21. Նախարարության աշխատողը նախարարի համար փաստաթուղթ նախապատրաստելիս պարտավոր է ուսումնասիրել և անհրաժեշտության դեպքում հավաքել տեղեկատվական նյութեր, կազմել տեղեկանքներ:

22. Նախարարի ստորագրմանը ներկայացվող ՀՀ օրենքների, ՀՀ նախագահի հրամանագրերի, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների, նախարարի հրամանների նախագծերը և մյուս փաստաթղթերը պետք է նշագրվեն համապատասխան ստորաբաժանման ղեկավարի, իրավաբանական բաժնի պետի, նախարարի համապատասխան տեղակալի (աշխատակազմի ղեկավարի), իսկ ֆինանսական նյութեր պարունակող փաստաթղթերը` ֆինանսատնտեսագիտական վարչության կողմից: Փաստաթղթի ներքևի ձախ անկյունում գրվում է կատարող` անուն, ազգանուն և հեռախոսի համար:

23. Նախարարության աշխատողների կողմից պատրաստված զեկուցագրերը, տեղեկանքները, պաշտոնական նամակներն և այլ գրություններ, նախարարին են ներկայացվում աշխատակազմի ղեկավարի միջոցով:

24. Նախարարության աշխատողների կողմից պատրաստված զեկուցագրերը, տեղեկանքները, պաշտոնական նամակներն և այլ գրություններ նախարարի հանձնարարականներով ու ցուցումներով, ընդհանուր բաժնի միջոցով, ուղարկվում են նախարարության ստորաբաժանումներ:

 

4. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ԵՎ ՆԻՍՏԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

25. Կոլեգիայի նիստերը հրավիրվում են ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կանոնադրության 3-րդ կետի «15« ենթակետի պահանջներին համաձայն:

26. Նախարարի որոշմամբ, անհետաձգելի հարցերի քննարկման համար, կարող են հրավիրվել արտահերթ նիստեր: Առանձին դեպքերում կարող են հրավիրվել արտագնա նիստեր` սոցիալական ոլորտների գործունեության ուսումնասիրման արդյունքները քննարկելու համար: Կարող են նաև անցկացվել շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ նիստեր:

27. Նիստի օրակարգը կազմվում է ընդհանուր բաժնում` աշխատանքային ծրագրին համապատասխան: Կոլեգիայի քննարկմանը, նախարարի թույլտվությամբ, կարող են ներկայացվել նաև ծրագրով չնախատեսված հարցեր:

28. Որոշման նախագծերը նախապատրաստողն ուսումնասիրում է տվյալ հարցին վերաբերող նյութերը, գործող օրենսդրությունը, ինչպես նաև կոլեգիայի որոշումներն և նախարարի հրամանները:

29. Քննարկվելիք յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կազմվում է.

- տեղեկանք (զեկուցագիր), որը պարունակում է հարցի համառոտ, լիակատար և օբյեկտիվ շարադրանքը,

- ոչ ավելի, քան 3 էջ որոշման նախագիծ, որի առաջաբանում համառոտակի շարադրվում է քննարկվելիք հարցի էությունը, որոշման նախագծի մեջ տրվում է ընդհանուր գնահատական, առաջարկություններ տվյալ հարցի կատարման համար, ժամկետը և նշվում կոնկրետ պատասխանատուները:

30. Ելնելով հարցի բովանդակությունից և եզրակացություններից, կարող են նախապատրաստվել նորմատիվ իրավական ակտերի և միջոցառման պլանների նախագծեր:

31. Կոլեգիայի քննարկվելիք նյութերը (տեղեկանքները, զեկուցագրերը, որոշման նախագծերը) ստորագրվում են տվյալ հարցը նախապատրաստող պատասխանատու անձի և նախարարի համապատասխան տեղակալի կողմից և համաձայնեցվում նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ, նշագրվում են իրավաբանական, իսկ ֆինանսական հարցեր պարունակող փաստաթղթերը բաժնի պետի, նաև ֆինանսատնտեսագիտական վարչության պետի կողմից:

32. Հարցը մինչև կոլեգիայի քննարկմանը ներկայացնելը, փոխնախարարի կամ վարչության պետի մոտ անցկացվում է կազմխորհրդակցություն, որի քննարկման արդյունքներով նախագիծը լրամշակվում է հարցը ներկայացնող վարչության (բաժնի) պետի կողմից:

33. Նախապատրաստված նյութերը (տեղեկանքը, զեկուցագիրը, որոշման նախագիծը) 10 օրինակից հուշաթերթիկի (հավելված 1) հետ ներկայացվում է ընդհանուր բաժին` նիստից մեկ շաբաթ առաջ: Վերջինս ծանոթանալով նյութերին, այն ներկայացնում է նախարարին, որից հետո կազմում է նիստի օրակարգը:

34. Կոլեգիայի նիստի նյութերն ընդհանուր բաժնի կողմից առաքվում են կոլեգիայի անդամներին ոչ ուշ, քան նիստից 2 օր առաջ:

35. Աշխատանքային ծրագրով նախատեսված հարցը կարող է հանվել կոլեգիայի քննարկումից նախապատրաստող պատասխանատու անձի զեկուցագրի հիման վրա կամ նիստում քննարկման արդյունքներից ելնելով` կոլեգիայի համապատասխան որոշում կայացվելու դեպքում:

36. Կոլեգիայի նիստի հրավիրվածներին քննարկվելիք նյութերին ծանոթացնելն իրականացնում է հարցը նախապատրաստող ստորաբաժանումը ոչ ուշ, քան նիստից 2 օր առաջ, ինչպես նաև ապահովում նրանց մասնակցությունը:

37. Նիստի անցկացման ընթացքում սահմանվում է հերթապահություն:

38. Նիստում հարցի քննարկման ժամանակ զեկուցողին տրվում է մինչև 15 րոպե, մյուս ելույթ ունեցողներին` մինչև 5-ական րոպե:

39. Զեկուցումն իր ծավալով պետք է ավելի փոքր լինի, քան տեղեկանքն ու զեկուցագիրը:

40. Նիստի արձանագրումը կազմակերպում է ընդհանուր բաժինը:

41. Նիստում հարցի քննարկման ընթացքում դիտողություններ և լրացումներ լինելու դեպքում նախագիծը վերադարձվում է համապատասխան ստորաբաժանման պետին` դիտողություններով և առաջարկություններով: Վերջինս պարտավոր է եռօրյա ժամկետում (եթե նշված չէ ժամկետը) լրամշակել այն, համաձայնեցնելով շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հետ և նախարարի համապատասխան տեղակալի և իրավաբանական բաժնի պետի նշագրումով նախագիծը վերջնական տեսքով ներկայացվում է ընդհանուր բաժին:

42. Որոշման առաջին օրինակը ստորագրվում է նախարարի կողմից, տրվում է համապատասխան համար, որը բաղկացած է կոլեգիայի նիստի համարից և օրակարգի հերթական համարից (օրինակ` Ա1/3):

43. Կոլեգիայի որոշման քաղվածքները ստորագրվում է ընդհանուր բաժնի պետի կողմից («Իսկականի հետ ճիշտ է») և հաստատվում կնիքով:

44. Յուրաքանչյուր կոլեգիայի որոշման համար հարց նախապատրաստողը կազմում է գործ, որն ընդգրկում է հարցի նախապատրաստմանը վերաբերող բոլոր նյութերը և փաստաթղթեր որոշման կատարման վերաբերյալ:

45. Կոլեգիայի որոշման հիման վրա ընդհանուր բաժինը պատրաստում է հրաման, որը ստորագրվում է նախարարի կողմից:

46. Կոլեգիայի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացվում է ընդհանուր բաժնի և գործերի կառավարչության կողմից:

47. Նիստի արձանագրությունը կազմվում է 1 օրինակից, ստորագրվում է նախարարի կողմից, հաստատվում նախարարության կնիքով, տրվում հերթական համար:

48. Կոլեգիայի արձանագրությունը ընդհանուր բաժնում պահպանվում է 1 տարի, որից հետո հանձնվում է արխիվ:

 

5. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ

 

49. Որոշումներն ու հրամանները մեքենագրվում են սահմանված ձևաթղթի վրա, առանց ուղղումների և ջնջումների, ընդհանուր բաժնի միջոցով` նախարարին ստորագրության ներկայացնելու համար:

50. Հրամանները, որոնք ունեն աշխատանքային բնույթ, ձևակերպվում են ընդհանուր բաժնում, համարակալվում են հերթական համարով, տարվա սկզբից մինչև տարեվերջ և ինդեքսավորվում են «Պ» նիշով (օր. 63Պ): Կադրային հրամանները ձևակերպվում են կադրերի բաժնում, համարակալվում են հերթական համարով և ինդեքսավորվում են «Կ» նիշով:

51. Հրաման պատրաստողը պարտավոր է էջի ետևի մասում դնել իր ստորագրությունը և նշել այն հասցեատերերի ցանկը, որոնց պետք է առաքվի հրամանը:

52. Կոլեգիայի որոշումների հիման վրա ընդունված հրամանները ձևակերպվում են սույն հրահանգի 5-րդ բաժնում նախատեսվող կարգով:

53. Ընդհանուր բաժինն ըստ առաքվող կազմակերպությունների թվի, բազմացնում և իր կնիքով կնքում է նախարարի կողմից ստորագրված որոշումներն ու հրամանները, կազմակերպում դրանց ժամանակին առաքումը:

54. Հրամանների առաջին օրինակները պահպանվում են ընդհանուր բաժնում:

55. Գործակարգավարական խորհրդակցության արձանագրումը կազմակերպում է ընդհանուր բաժինը:

56. Նախարարի, նրա տեղակալների մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրությունները կազմվում են, համարակալվում, ստորագրվում նախագահողի կողմից և պահվում համապատասխան ստորաբաժանումում: Խորհրդակցություններում տրված հանձնարարականները նախարարի կողմից ստորագրվելուց հետո առաքվում են ըստ պատկանելության:

 

6. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

57. Ստորագրության ներկայացվող նամակին կցվում է նամակի երկրորդ օրինակը` տվյալ հարցը նախապատրաստող պատասխանատու անձի և նախարարի համապատասխան տեղակալի նշագրումով:

58. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում է կցվող նյութի թերթերի քանակը: Օրինակ` 38 թերթից: Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են նախարարություններից և այլ գերատեսչություններից ստացված փաստաթղթերի պատասխաններ, ապա հասցեատիրոջ անվան տակ վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրությունների ամսաթիվը և համարը: Օրինակ` «Ձեր 2000 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ Դ-1/120 գրության»:

59. Նամակի ելից համարը կազմված է պայմանանիշից և համարից:

60. Ելից թղթակցությունը 2 օրինակից, բաց վիճակում հիմքերի հետ միասին հանձնվում է ընդհանուր բաժին առաքելու համար` նշելով հասցեատերերի հասցեները:

61. Առաքվող թղթակցության ցուցակները, հասցեատերերի ստորագրությունները պահվում են ընդհանուր բաժնում:

62. Հեռագրերը հանձնվում են ընդհանուր բաժին` անհրաժեշտ քանակի պատճեններով (հասցեատերերի թվին գումարած մեկ օրինակ` գործի համար): Ընդհանուր բաժինը հեռագրատանն է հանձնում հեռագրերի պատճենները: Հեռագրերի բնագրերը (ստորագրված օրինակը` նշագրումով) հեռագրատան դրոշմակնիքով պահվում են հեռագրերի գործում:

63. Ինչպես շտապ, այնպես էլ սովորական թղթակցությունը ընդհանուր բաժնի կողմից հասցեատերերին է առաքվում սուրհանդակի միջոցով:

 

7. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ, ԲՈՂՈՔՆԵՐԻՆ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

64. Նախարարությունում ստացված քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները նույն օրը համակարգչի միջոցով գրանցվում են ընդհանուր բաժնում: «Անձամբ» մակագրությամբ ծրարները չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատերերին:

65. Քաղաքացիների անհատական ընդունելությունը կատարվում է հատուկ կանոնակարգով (կանոնակարգը կցվում է): Ընդունելության ժամանակ գրավոր առաջարկությունները, դիմումները և բողոքները գրանցվում են ընդհանուր կարգով:

66. Գրանցման համարանիշը (կոդը) բաղկացած է դիմողի ազգանվան առաջին տառից և հերթական համարից:

67. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն, ընթացք չեն ստանում և ոչնչացվում են սահմանված կարգով:

68. Կոլեկտիվ առաջարկություն, դիմում և բողոք ստանալու դեպքում դրանք կոդավորվում են «կոլ» պայմանանիշով:

69. Միևնույն անձից միևնույն հարցով ստացված դիմումները գրանցվում են նույն համարի տակ, ավելացնելով հերթական համարը կոտորակի միջոցով (Ա-401/1. Ա-401/2):

70. Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը պարտավոր է ապահովել առաջարկություններում, դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի բազմակողմանի ու խոր ուսումնասիրությունը և մակագրության համաձայն ու սահմանված ժամկետներում տալ դրանց լուծումը:

71. Առաջարկությունների, դիմումների, բողոքների վերաբերյալ տրված հանձնարարությունների (մակագրությունների) նկատմամբ վերահսկողությունը կատարում է ընդհանուր բաժինը:

72. Առաջարկություններում, դիմումներում և բողոքներում ներկայացված հարցերը համարվում են լուծված, եթե քննության են առնվում նրանցում բարձրացված խնդիրները, նրանց վերաբերյալ ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ, գործող օրենսդրությանը համապատասխան, տրվում սպառիչ պատասխաններ:

73. Վերջնական լուծումից հետո առաջարկությունները, դիմումները և բողոքները, կից պատասխան նամակի 2 օրինակով և բոլոր նյութերով, վերադարձվում են ընդհանուր բաժին: Պատասխանն ընդհանուր կարգով առաքվում է դիմողին:

 

8. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

74. Նախարարությունում ստացված փաստաթղթերի կատարման համար սահմանվում են հետևյալ ժամկետները (եթե փաստաթղթում ժամկետներ չեն նախատեսված)`

- լրացուցիչ ուսումնասիրություն չպահանջող հարցերի համար` մինչև 5 աշխատանքային օր,

- լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցերի համար` մինչև 15 աշխատանքային օր:

75. Նախարարությունում ստացված դիմում-բողոքների համար (եթե այլ ժամկետներ չեն նախատեսված) սահմանվում են հետևյալ ժամկետները`

- լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ չպահանջող փաստաթղթերի, դիմում-բողոքների համար` մինչև 5 աշխատանքային օր,

- լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջվող փաստաթղթերի համար` մինչև 30 օր:

76. Նախարարության կոլեգիայի նիստում քննարկված որոշման նախագծերի լրամշակման (եթե այլ ժամկետներ չեն նախատեսված), հրամանների կազմման համար`

- լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող փաստաթղթերի համար 1 աշխատանքային օր,

- լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցերի համար մինչև 3 աշխատանքային օր:

77. Առանձին դեպքերում կատարման ժամկետը կարող է երկարացվել միայն հանձնարարությունը տվող ղեկավարի կողմից` մինչև 1 ամիս ժամկետով:

 

9. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

78. Կենտրոնական աշխատակազմի կատարողական կարգապահության վերահսկումը կազմակերպվում է ընդհանուր բաժնում համակարգչի միջոցով` համապատասխան ծրագրով:

79. Ստացված բոլոր փաստաթղթերի, նախարարի հրամանների, հանձնարարականների, մակագրությունների, քաղաքացիների դիմումների նկատմամբ սահմանվում է վերահսկողություն:

80. Ընդհանուր բաժնում պատրաստվում են տեղեկանքներ օրվա անելիքների վերաբերյալ և առավոտյան բաժանվում ըստ ստորաբաժանումների: Օրվա վերջում կատարվածի մասին տեղեկանքը ներկայացվում է նախարարին:

81. Յուրաքանչյուր երկուշաբթի պատրաստվում է ամփոփ տեղեկանք` կատարողական կարգապահության վերաբերյալ:

82. Հանձնարարությունները հսկողությունից հանվում են նախարարի կողմից: Հսկողության տակ գտնվող մյուս փաստաթղթերը հանվում են հսկողությունից սույն հրահանգի սահմանած կարգով:

 

10. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՀԵՏԱԳԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

 

83. Նախարարության ընթացիկ արխիվ են հանձնվում նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը, նախարարության կոլեգիայի նիստերի որոշումները, արձանագրությունները:

84. Չի թույլատրվում գործերից փաստաթղթեր հանելը և դուրս տանելը: Խստիվ արգելվում է արխիվից բնօրինակ փաստաթղթերով գործերի դուրս բերումը: Անհրաժեշտության դեպքում արխիվից գործերի կրկնօրինակները կարելի է դուրս բերել միայն ընդհանուր բաժնի պետի թույլտվությամբ:

85. Արխիվում պահպանվող գործերին կարելի է ծանոթանալ ընդհանուր բաժնի պետի բանավոր թույլտվությամբ, արխիվի աշխատակցի ներկայությամբ:

86. Արգելվում է արխիվ պահպանման հանձնված վերադաս մարմիններից ստացված փաստաթղթերի, նախարարության կոլեգիայի նիստերի և նախարարի հրամանների բնօրինակներում ջնջումներ և ուղղումներ կատարելը:

87. Արխիվի մասնագետը գործավարության փաստաթղթերն ընդունում է ըստ ցուցակների, ստորագրում է այդ ցուցակների բոլոր օրինակները, նշում է դրանց ընդունման ամսաթիվը և քանակը: Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են արխիվում:

88. Արխիվի մասնագետը նախարարության գործավարության փաստաթղթերն ընդունելուց հետո նախապատրաստում է դրանք` հետագայում սահմանված կարգով պետական արխիվ հանձնելու համար:

 

ԳՐԱՆՑՎԱԾ է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
7 հունիսի 2001 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 11501102